ԿԸՀ տեղեկատվության կետրոնում Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանը քիչ առաջ ներկայացրեց Երևանի ավագանու ընտրությունների ընտրողների ցուցակները կազմելու առանձնահատկությունները:
«Քվեարկության իրավունք ունեն ոչ միայն քաղաքացիություն ունեցող անձինք, այլև նրանք, ովքեր չունեն քաղաքացիություն, բայց ունեն առնվազն 6 ամսվա հաշվառում: Նրանց ընդհանուր թիվը 3000 է: Ընդհանուր առմամբ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցողների ցուցակում ներառվել են 816 475 անձինք, որոնք բոլորը օրենքով սահմանված կարգով ստացել են ծանուցագրեր», -ասաց Հովհաննես Քոչարյանը և հավելեց, որ ընտրացուցակներում գրանցված խախտումների հետ կապված իրենք գրանցել են 5 դեպք, 5-ն էլ վերացվել է:
11/05-ում ընտրողը քվեթերթիկը քվեախցիկում էր պահել և ցանկանում էր աննկատ հեռանալ
Ընտրությունների մեկնարկից մեկ ու կես ժամ անց 11/o5 ընտրատեղամասում 1880 ընտրողներից քվեարկել է հարյուրը:
Ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահ Տաթևիկ Սարգսյանի խոսքով ընտրություններն ընթանում են հարթ ու դեռևս որևէ միջադեպ չի գրանցվել:
Ընտրատեղամասում ներկա են ՀԱԿ-ի, ՕԵԿ-ի մեկական և ՀՀԿ և ԲՀԿ-ի երկուական վստահված անձինք( ընտրական օրենսգրքով միաժամանակ միայն մեկ վստահված անձ կարող է ունենալ) :
ՀԱԿ-ի վստահված անձ Սուսաննա Բաբինյանը ևս ասում է, որ արտառոց ոչինչ չի նկատել· չկան կուտակումներ, խախտումներ:

կապույտ հագուստով կանգնած անձը որևէ փաստաթուղթ չունի, բայց հետևում է ընտրությունների ընթացքին, և փաստացի գտնվում է ընտրատեղամասում
Անձնագրերում կնիք դնող հանձնաժողովի անդամը ներկայացնում է ԱԺ ՀԱԿ խմբակցությունը: Վերջինս ուշադիր կարդում է բոլոր ընտրողների հասցեները և բարձրաձայնում կասկածելի հասցեների մասինՙ խնդրելով, որ հանձնաժողովի նախագահն ստուգի դրանց իսկությունը: Իհարկե, հանձնաժողովի անդամները և ընտրություններին ընտրատեղամասից դուրս համարվող աստիճանների մոտ հետևող անձը բարկությամբ ու մունաթով են ընդունում անդամիՙ հասցեն ճշտելու փորձերը ( ընտրատեղամասը գտնվում է դպրոցի երկրորդ հարկի միջանցքում, առանց փաստաթղթերի տղամարդը կանգնած է դեպի երրորդ հարկ տանող աստիճանների մոտ):
Ընտրատեղամասում գտնվելու ընթացքում միջադեպ գրանցվեց· մի կին քվեախցիկ մտավ, ապա դուրս եկավ առանց ծրարի ու քվեաթերթիկի և հեռացավ: Երբ հանձնաժողովի ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամը բարձրաձայնեց, որ ընտրողն հեռացավ առանց անձնագիրը կնիքելու և քվեաթերթիկը տուփը գցելու, ընտրատեղամասից «դուրս»ՙ աստիճանների մոտ կանգնած անձը, որը ուշադիր հետևում է ընթացքին, սակայն չունի որևէ փաստաթուղթ, վազեց կնոջ հետևից ու նրան ներս բերեց:
Վերջինս գոռգոռալով հայտարարեց, թե ուշանում է և քվեաթերթիկը թողել է քվեախցումՙ դարակի ներքևում:
Կինը նաև չէր ուզում, որ իր անձնագիրը կնիքեն ու մունաթով տրորում էր կնիքը, թե ինչու նշում կատարեցին իր անձնագրում:
Քվեաթերթիկը տուփը գցելուց հետո նա արագ հեռացավՙ պատճառաբանելով, որ ուշանում է աշխատանքից:
Օդը մի տեսակ ճնշված է. թիվ 4/29 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ
Անահիտ Համբարձումյանը թիվ 4/29 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ է: Նա, երկար տարիների ավանդույթները չխախտելով, այս անգամ էլ այս ընտրատեղամասում ինքն առաջինը քվեարկեց: «Ասում են` ոնց սկսես օրդ, այնպես էլ կավարտվի, ինձ համար ուրախալի էր օրն այսպես սկսելը»,-ասաց նա:
Հարցին, թե նախորդ ընտրությունների հետ համեմատ, այս անգամ ինչ տարբերություն է զգում, պատասխանեց. «Այս անգամ ինչ որ լարվածություն կա, օդը մի տեսակ ճնշված է, զգում ես, որ բոլորը լարված
Անահիտ Համբարձումյանն ասաց, որ ընտրել է ՀԱԿ կուսակցությանը:
Կնիքի հետ կապված խնդիր որևէ խնդիր հանձնաժողովում չկա. Տիգրան Մուկուչյան
ԿԸՀ-ն այսօր աշխատելու է արտակարգ ռեժիմով: Այս մասին քիչ առաջ հայտարարեց ՀՀ կենտրոնականընտրական հանձնաժողովի անդամ Տաթև Օհանյանը: Այնուհետև Տաթև Օհանյանը խոսքը փոխանցեց ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանին, որը ներկայացրեց տեղեկություններ ընտրությունների ընթացքի մասին: ԿԸՀ նախագահը մասնավորապես նշեց, որ առավոտյան ժամը 8-ից մեկնարկել է Երևանի ավագանու ընտրությունը: Նորմալ կատարվել են բոլոր նախապատրաստական աշխատանքները: Հանձնաժողովների 3712 անդամներից 12-ը չեն ներկայացել ընտրության: Քվեարկությունը նորմալ է սկսվել: Ընտրատեղամասեր են այցելել դիտորդներ, վստահված անձինք:
Տիգրան Մուկուչյանը անդրադարձավ նաև դրոշմակնիքների խնդրահարույց թեմային. «Դրոշմակնիքների թանաքանյութն անցել է հատուկ փորձարկում, հանձնաժողովի անդամների 80 տոկոսը անցել է պատրաստման կուրս: Եթե արհեստական միջամտությամբ որևէ մեկը փորձի մաքրել կնիքը անձնագրից, կփչանա անձնագիրը, ուստի հայտնում եմ, որ կնիքների հետ կապված որևէ խնդիր որևէ հանձնաժողովում չկա», – ասաց Տիգրան Մուկուչյանը:

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը «Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում Հահաստանի նախագահությունը» թեմայով ՀՀ ԱԺ լսումներին
Հարգելի Ազգային ժողովի նախագահ,
Հարգելի Սահմանադրական դատարանի նախագահ,
Հարգելի պատգամավորներ,
Տիկնայք և պարոնայք,
Ողջունելի է Եվրոպայի Խորհրդում Հայաստանի նախագահության վերաբերյալ խորհրդարանական լսումներ անցկացնելու նախաձեռնությունը:
Եվրոպայի Խորհուրդը համաեվրոպական ճարտարապետության մեջ կարևոր դերակատարություն ունի: Այն առաջին հերթին քաղաքական երկխոսության հարթակ է: Եվրոպայի Խորհուրդն այն ատյանն է, որտեղ քննարկվում են համաեվրոպական արդիական հարցեր, սա կարևոր առանձնահատկություն է, քանի որ Եվրոպայի Խորհրդի աշխարհագրական տարածքում տեղի ունեցող իրադարձությունները դիտվում և համապատասխան արձագանք են ստանում հենց համաեվրոպական չափանիշների տեսանկյունից:
Իր փորձագիտական կարողություններով, չափորոշիչների և նորմերի տարածման և անդամ երկրներում դրանց ներդրմանը հետևող մոնիտորինգային մարմինների գործունեության միջոցով, Եվրոպայի Խորհուրդը նպաստում է կայուն և ժողովրդավար հասարակությունների զարգացման գործընթացներին: Եվրոպայի Խորհրդի այս առաքելությունը ճանաչված է տարբեր միջազգային կազմակերպությունների կողմից:
Հայաստանը Եվրոպայի Խորհրդի կազմում բավական երկար ճանապարհ է անցել: Ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում առնվազն վերջին 10-15 տարիներին Հայաստանում տեղի ունեցած գործընթացներում Եվրոպայի Խորհուրդն իր կարևոր ներդրումն է ունեցել:
Եվրոպայի Խորհրդի աջակցությամբ մենք լուրջ առաջընթաց ենք ունեցել Հայաստանի անդամակցությամբ ստանձնած պարտավորությունների կատարման գործընթացում՝ իրականացնելով խորքային բարեփոխումներ: Արդյունքները տեսանելի են և անշրջելի: Գործընթացը շարունակվում է և այս առումով կցանկանայի հատուկ կարևորել Հայաստան/Եվրոպայի Խորհուրդ 2012-2014թթ. Գործողությունների ծրագիրը, որը մեր երկրի տարբեր գերատեսչությունների և Եվրոպայի Խորհրդի քարտուղարության համատեղ աշխատանքի արդյունք է և արտացոլում է բարեփոխումների մեր գերակայությունները:
Հայաստանը Եվրոպայի Խորհրդի ակտիվ անդամներից է և իր ներդրումն է բերում կազմակերպությունում բոլոր ուղղություններով օրակարգային հարցերին և գործընթացներին:
Հակիրճ անդրադառնամ Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահությանը, բայց նախ՝ մի քանի խոսքով Նախարարների կոմիտեի մասին:
Եվրոպայի Խորհուրդն ունի երկու կանոնադրային մարմին: Դրանցից Նախարարների կոմիտեն Եվրոպայի Խորհրդի ղեկավար և որոշումներ կայացնող մարմինն է, կազմված է անդամ պետությունների արտաքին գործերի նախարարներից:
Նախարարների կոմիտեի նախագահությունը փոխվում է տարեկան երկու անգամ: Անդամ երկրները Նախարարների կոմիտեի նախագահությունը ստանձնում են վեց ամիս ժամկետով:
Եվրոպայի Խորհրդի մյուս կանոնադրային մարմինը՝ Խորհրդարանական վեհաժողովը, խորհրդատվական մարմին է: Վեհաժողովում առաջ են քաշվում և քննարկվում են եվրոպական հասարակությունների համար մարտահրավեր հանդիսացող կարևորագույն հարցեր:
Եվրոպայի Խորհրդին Հայաստանի անդամակցությունից անցել է 12 տարի և, առաջին անգամ, մայիսի 16-ին Հայաստանը ստանձնելու է Նախարարների կոմիտեի նախագահությունը: Սա շատ կարևոր և պատվավոր առաքելություն է Հայաստանի համար, բայց նաև մեծ պատասխանատվություն է:
Ընդունված կարգի համաձայն, մայիսի 16-ին Ստրասբուրգում նախագահությունը ստանձնելիս, մենք պետք է հրապարակենք մեր նախագահության գերակայությունները, այսինքն այն ոլորտները, որոնք մենք կարևորում ենք կազմակերպության առաջիկա 6 ամսվա աշխատանքների տեսանկյունից:
Հայաստանի գերակայությունները ձևավորելիս մենք փորձել ենք համատեղել Եվրոպայի Խորհրդի կարևոր օրակարգային և Հայաստանի համար առաջնային հանդիսացող հարցերը: Դրանք քննարկվեցին Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղարի հետ՝ ապրիլի 16-17-ին Հայաստան կատարած այցի ընթացքում:
Հայաստանի նախագահության գերակայություններով մենք շեշտել և կարևորել ենք Եվրոպայի Խորհրդի բոլոր երեք հենասյուները` մարդու իրավունքներ, օրենքի գերակայություն և ժողովրդավարություն, յուրաքանչյուրից ընտրելով այն ուղղությունները, որոնք Հայաստանի կարծիքով արդի ժամանակահատվածում կարևոր են:
Մարդու իրավունքների ոլորտում կարևորագույն հարցերից է անհանդուրժողականության, խտրականության և ատելություն սերմանող հրապարակային ելույթների դեմ պայքարը: Սա համաեվրոպական, խիստ արդիական խնդիր է, որը նոր սրությամբ է արտահայտվում ինֆորմացիոն տեխնոլոգիաների հասանելիության պայմաններում:
Դրա մասին են վկայում Ռասիզմի և անհանդուրժողականության եվրոպական հանձնաժողովի (ECRI), Ազգային փոքրամասնությունների շրջանակային կոնվենցիայի խորհրդատվական կոմիտեի, Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարի զեկույցները, ինչպես նաև այս տարվա մարտին պաշտոնապես մեկնարկած «Ո՛չ համացանցում ատելություն սերմանող հրապարակային ելույթներին» համաեվրոպական երիտասարդական արշավը:
Այս ուղղությամբ մեր ներդրումը բերելու համար Հայաստանում կկազմակերպվի անհանդուրժողականության և խտրականության դեմ պայքարին նվիրված միջազգային կոնֆերանս, Հայաստանը կհյուրընկալի Եվրոպայի Խորհրդի Միջմշակութային երկխոսության կրոնական հարթության 2013թ.-ի հանդիպումը, որը վերջին տարիներին հատուկ կարևորություն և մեծ հնչեղություն է ձեռք բերել, ինչպես նաև կմիանա և կսատարի ատելություն սերմանող հրապարակային ելույթների դեմ երիտասարդական արշավին:
Եվրոպայի Խորհրդի մյուս հենասյունը օրենքի գերակայության ոլորտն է: Այս ուղղությամբ մեր ներդրումը կլինի «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում» թեմայով խորհրդաժողովը, որը նախաձեռնել է Հայաստանի Սահմանադրական դատարանը՝ Վենետիկի հանձնաժողովի և Եվրոպական դատարանի հետ համագործակցաբար: Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահ պարոն Գագիկ Հարությունյանը սիրով համաձայնել է ավելի մանրամասն ներկայացնել նախագահության այս առանցքային միջոցառումը:
Այս ոլորտի հետ կապված է նաև Եվրոպայի Խորհրդի օրակարգում ընդգրկված կարևոր մեկ այլ հարց՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ազգային մակարդակով արդյունավետ կիրառման հարցը: Այս ուղղությամբ Ստրասբուրգում նախատեսված են մի շարք միջոցառումներ, որոնցում Հայաստանն իր ներդրումն է բերելու:
Եվրոպայի Խորհրդի երրորդ հենասյունը՝ ժողովրդավարությունը, լայն ընդգրկում ունի: Հայաստանի Տարածքային կառավարման նախարարության հետ համատեղ նախատեսված են համապատասխան միջոցառումներ, որոնք կկարևորեն տեղական մակարդակով մասնակցային ժողովրդավարության խնդիրները:
Տեղական ժողովրդավարության առումով բոլոր երկրների կյանքում կենտրոնական դեր ունեն մայրաքաղաքները: Այս կոնտեքստում Հայաստանն իր նախագահության ընթացքում մտադիր է կազմակերպել Եվրոպայի Խորհրդի մայրաքաղաքների քաղաքապետերի համաժողով, որի կապակցությամբ Հայաստան կհրավիրվեն 46 երկրների մայրաքաղաքների քաղաքապետեր:
Հայաստանը պատշաճ ուշադրություն կհատկացնի մշակութային ժառանգության, բարձրագույն կրթության և երիտասարդության քաղաքականության ոլորտներին: Համապատասխան գերատեսչությունների հետ համագործակցաբար Երևանում կկազմակերպվեն Եվրոպական ժառանգության օրերի պաշտոնական մեկնարկի արարողությունը, Բարձրագույն կրթության նախարարների տարածաշրջանային հանդիպումը և Երիտասարդական քաղաքականության եվրոպական սիմպոզիումը:
Նախատեսված են բարձրաստիճան այցելություններ Ստրասբուրգ, մասնավորապես Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի աշնանային նստաշրջանի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության Նախագահի այցը և ամառային նստաշրջանի կապակցությամբ՝ Ազգային ժողովի նախագահի այցը:
Մշակութային միջոցառումներից առանցքայինը Ստրասբուրգում Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետի ներկայացումն է լինելու:
Հայաստանը Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահությունը ստանձնելու է կազմակերպության համար շատ կարևոր ժամանակահատվածում: Գլխավոր քարտուղարը նախաձեռնել է կազմակերպության խորքային բարեփոխումներ, որոնց նպատակը Եվրոպայի Խորհրդի արդյունավետության և դերի բարձրացումն է: Հայաստանը որպես նախագահող երկիր ակտիվորեն ներգրավվելու է այդ բարեփոխումների գործընթացում:
Մեր նախագահության ընթացքում քննարկվելու և համաձայնեցվելու է կազմակերպության 2014-2015թթ. բյուջեն և գործողությունների ծրագիրը:
Վերջին շրջանում ԵԽ-ում լուրջ քննարկումներ են ծավալվել մոնիտորինգային ընթացակարգերի, դրանց օպտիմալացման և համակարգման վերաբերյալ: ԵԽԽՎ 2013թ. ձմեռային նստաշրջանի ժամանակ Գլխավոր քարտուղարն առաջարկել է մշակել «ժողովրդավարության մատրիքս»՝ բոլոր անդամ երկրների համար՝ բացահայտելու տվյալ երկրում առկա խնդիրները, ինչպես նաև եվրոպական մակարդակով առկա ընդհանուր և գերիշխող միտումները: Ըստ Գլխավոր քարտուղարի, նման մատրիքսը հնարավորություն կընձեռի ավելի արդյունավետ և նպատակաուղղված օգտագործել Եվրոպայի Խորհրդի սահմանափակ ռեսուրսները:
Գլխավոր քարտուղարի այս առաջարկությունը սկիզբ դրեց բավական լուրջ քննարկումների, որոնք շարունակվելու են մայիսի 16-ին կայանալիք նախարարական նստաշրջանին և հետագա ամիսների ընթացքում:
Արաբական երկրներում սկիզբ առած զարգացումներից հետո, Գլխավոր քարտուղարի նախաձեռնությամբ, Եվրոպայի Խորհուրդը սկսել է այդ տարածաշրջանի նկատմամբ այսպես կոչված «հարևանության քաղաքականության» մշակման գործընթացը, որը ևս Նախարարների կոմիտեի օրակարգային հարցերից կլինի առաջիկա ամիսներին:
Նախագահության ընթացքում մենք շարունակելու ենք խրախուսել և առաջ մղել Եվրոպայի Խորհրդի համագործակցությունը գործընկեր կազմակերպությունների հետ` մասնավորապես ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, Եվրոպական Միության և Ֆրանկոֆոնիայի Միջազգային Կազմակերպության:
Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի հետ Նախարարների կոմիտեի համագործակցության առնչությամբ հարկ է նշել, որ մայիսի 31-ին Երևանում կայանալիք Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի մշտական կոմիտեի նիստի ընթացքում ներկայացվելու են Հայաստանի նախագահության գերակայությունները: Խորհրդարանական Վեհաժողովի ամառային և աշնանային նստաշրջանների ընթացքում, Նախարարների կոմիտեի նախագահողը պետք է հանդես գա ելույթներով՝ ներկայացնելով Կոմիտեի աշխատանքները:
Եզրափակելով, կցանկանայի շնորհակալություն հայտնել Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում Հայաստանի պատվիրակությանը՝ Արտաքին գործերի նախարարության հետ հաստատված արդյունավետ համագործակցության համար: Մենք մեծապես կարևորում ենք այդ փոխգործակցությունը և հուսով ենք, որ այն լավագույնս կնպաստի Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեում Հայաստանի հաջող նախագահության անցկացմանը:
Շնորհակալություն:
ՏարոնՄարգարյանը և Էդուարդ Շարմազանովը հանդիպել են Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի դիտորդական առաքելության պատվիրակությանը
Մայիսի 3-ին Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ ցուցակը գլխավորող ՏարոնՄարգարյանը և ՀՀԿ կենտրոնական ընտրական շտաբի պետ Էդուարդ Շարմազանովը հանդիպել են Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի դիտորդական առաքելության պատվիրակությանը՝ Սթյուարտ Դիքսոնի գլխավորությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են մայիսի 5-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրությունների ընթացքին վերաբերող հարցեր՝ երկուստեք կարեւորելով ազատ, թափանցիկ և մրցակցային ընտրությունների անցկացումը եւ ժողովրդավարական գործընթացներում առաջընթացի գրանցումը:
Շնորհակալություն հայտնելով դիտորդական առաքելության իրականացման համար՝ ՀՀԿ ներկայացուցիչները իրենց գնահատականներն են ներկայացրել նախընտրական փուլի և քարոզարշավի ընթացքի վերաբերյալ՝ ընդգծելով, որ Հայաստանի Հանրապետական կուսակացությունը շահագրգիռ է և նպատակ է հետապնդու ապահովել ընտրությունների` արդար եւ օրենքի պահանջին համապատասխան անցկացումը, ինչպես նաև հասարակության ու միջազգային հանրության կողմից դրանց համարժեք ընկալումը:
Տարոն Մարգարյանը ուղերձ է հղել երևանցիներին
Սիրելի՛ երևանցիներ,
Արագ անցան Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի 27 հագեցած օրերը:
Տասնյակ հազարավոր երևանցիներ մասնակիցը դարձան մեր հանդիպումների:
Այս ժամանակահատվածում ես և մեր թիմը ևս մեկ հնարավորություն ունեցանք՝ հաշվետու լինելու Երևանի և երևանցիների առջև, լսելու ձեզ և ձեր հոգսերը, ներկայացնելու մեր նոր ծրագրերն ու ավելի լավ Երևան ունենելու մեր պատկերացումները, վայելելու ձեր սերն ու համակրանքը, ձեր ջերմությունն ու հավատը, ձեր վստահությունն ու ազնվությունը:
Զրուցեցինք առկա խնդիրների, ձեզ հուզող հարցերի և հնարավոր լուծումների մասին:
Կրկին շրջեցինք մեր մայրաքաղաքի տարբեր վայրերով, բակերով և փողոցներով: Ամենուրեք տեսանք իր քաղաքը սիրող, իր քաղաքի մասին մտահոգ, բարեպաշտ ու ակտիվ քաղաքացիների:
Այսօր՝ քարոզարշավի վերջին օրը, իմ և մեր թիմակիցների անունից խորին երախտագիտություն եմ հայտնում Երևանի բոլոր բնակիչներին:
Վստահեցնում եմ, որ ձեզ հետ շփումը մեզ նոր ուժ ու եռանդ, լիցքեր ու գաղափարներ հաղորդեց:
Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց քննադատությամբ օգնեցին մեզ՝ ավելի լավ ընկալելու և էլ ավելի մոտ լինելու Երևանի յուրաքանչյուր բնակչին:
Շնորհակալ եմ նաև մեր քաղաքական մրցակիցներին, ընտրություններին մասնակից բոլոր քաղաքական ուժերին՝ մայրաքաղաքի խնդիրներով մտահոգվելու և երևանցուն օգակար լինելու իրենց ցանկության համար:
Մայիսի 5-ը կարևոր օր է մեր հնամենի մայրաքաղաքի նորագույն պատմության մեջ:
Եկե՛ք այդ օրը կերտենք միասին, եկե՛ք միասին կառուցենք մեր սրտի մայրաքաղաքը, որպեսզի մեր երեխաներին ու թոռներին թողնենք ավելի լավ Երևան:
Ընտրելով մեզ` դուք հնարավորություն կունենաք ակնկալել մեր աշխատանքի ավելի լավ արդյունքներ, ապրել ավելի լավ Երևանում՝ արժանապատիվ պայմաններով ու ավելի հարմարավետ կյանքով:
Ընտրությունը ձերն է, սիրելի՛ երևանցիներ:
Խորին հարգանքով`
Տարոն Մարգարյան
«Բարեւ Երեւանը»հակադարձում է “Բարգավաճին”
Այսօր Բարգավաճ Հայաստան կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը ասուլիսի ընթացքում հայտարարել է. «Ես ցանկանում եմ հարց տալ նրանց եւ, բնականաբար, «Բարեւ Երեւան» դաշինքին, քանի որ դա կապված է նրանց մեղադրանքի հետ, թե ինչու տեղամասային հանձնաժողովներում նրանց տեղերը լրացնում են Հանրապետական կուսակցության անդամները» (տես http://news.am/arm/news/151786.html):
«Բարեւ Երեւան» դաշինքը հայտարարում է, որ Տեղամասային ընտրական հանձնաժողովներում «Ժառանգություն» կուսակցության տեղերով նշանակված են բացառապես կուսակցության անդամներն ու համակիրները:
Բացի այդ, դաշինքը համարում է, որ Տ. Ուրիխանյանի հայտարարությունը հանդիսանում է ՀՀ քրեական օրենսգրքի 151-րդ հոդվածով նախատեսված արարք: Մասնավորապես, քրեական օրենսգիրքը երկուսից հինգ տարվա ազատազրկում է նախատեսում ընտրողներին ապակողմնորոշելու նպատակով ընտրությունների անցկացման ընթացքում կուսակցությունների դաշինքի վերաբերյալ զրպարտչական տեղեկություններ տարածողների համար:
Առաջիկա ժամերին հանցագործության մասին հաղորդում կներկայացնենք ՀՀ դատախազություն և հատուկ քննչական ծառայություն:
Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի հետ
Այսօր Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը հանդիպեց Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի հետ:
Կողմերը քննարկեցին Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Հատուկ ուշադրության արժանացան Երեւանի ավագանու՝ մայիսի 5-ին կայանալիք ընտրությունները, կարեւորվեց դրանց անցկացումը օրինականության եւ ժողովրդավարական միջազգային չափանիշների շրջանակներում:
Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբ
Հովհաննես Սահակյանը` Տարոն Մարգարյանի հայտարարագրած ունեցվածքի և Ստեփան Մարգարյանի ուշացած հայտարարության մասին
Այսօր խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանն անդրադարձավ Տարոն Մարգարյանի հայտարարագրած ունեցվածքին ու դրա շուրջ տեղի ունեցող քննարկումներին: Նրա կարծիքով, Տարոն Մարգարյանն ազնվորեն հայտնել է իր ունեցվածքի մասին, մինչդեռ նրան քննադատողները թաքցրել են իրենց իրական ունեցվածքը:
Լրագրողներից մեկն էլ հարցրեց` արդյո՞ք ազնվությամբ հայտարարագրելն արդարացնում է ազնիվ ճանապարհով ձեռք չբերված ունեցվածքը: Հովհաննես Սահակյանը թերահավատներին խորհուրդ տվեց սպասել մինչև իրավապահ մարմինները Տարոն Մարգարյանի ունեցվածքի վերաբերյալ իրենց եզրակացությունը կտան և կպարզվի, որ ամեն ինչ ազնիվ է:
Վերադառնալով ճեպազրույցների հիմնական թեմային` ավագանու ընտրություններին, լրագրողները ՀՀԿ խմբակցության քարտուղարին տեղյակ պահեցին նախորդ բանախոսներից մեկի` ԲՀԿ-ական պատգամավոր Ստեփան Մուրադյանի հայտարարությունը, թե ԲՀԿ-ն այս ընտրություններում կլինի առաջինը, իսկ մյուսները կպայքարեն երկրորդ տեղի համար: Հովհաննես Սահակյանն ասաց. «Ստեփան Մարգարյանն ուշացել է: Չեմ կարծում, որ ԲՀԿ-ն ընդդիմադիր հալածյալի իր կեցվածք պետք է լինի առաջինը»:
Լևոն Զուրաբյանը գտնում է, որ ժողովուրդը պետք է ընտրի «անբիծ» քաղաքական ուժ ՀԱԿ-ին
Աժ ավանդական ճեպազրույցի ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ ձևակերպված է այս ընտրարշավի հիմնական հարցը և այդ հարցը ձևակերպել է ՀԱԿ-ը. «Արդյո՞ք ժողովուրդն իր քվեն տալու է իրեն թալանած կուսակցության ներկայացուցչին, թե՞ ժողովուրդը ցանկանում է դադարեցնել այս թալանը երկրում և պետական իշխանությունը հանձնել այնպիսի ուժի, ինչպիսին է Հայ ազգային կոնգրեսը, որը անբիծ քաղաքական ուժ է և ազնիվ պետական կառավարման սկզբունքների կողմնակից»:
Ի դեպ, Լևոն Զուրաբյանի հայտարարությունը` ՀԱԿ-ի «անբիծ» լինելու վերաբերյալ լրագրողների որոշ մասի կողմից զարմանքի բացականչությունների արժանացավ:
Այնուհետև Զուրաբյանն ասաց, որ իրենք հանրության և դատախազության դատին են ներկայացրել մի փաստ, որը վկայում է, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զբաղեցնելով պետական պաշտոններ, կուտակել է հսկայական ունեցվածք:
Նա նաև ասաց, որ ՀԱԿ-ն այս ընտրություններին ակնկալում է առնվազն 20 տոկոս ձայն հավաքել:
Նաիրա Զոհրաբյանը զարմացած է. «Ինչի քաղաքական ուժերը հեռուստաընկերություններ ունե՞ն»
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն այսօր խորհրդարանում ավանդական ճեպազրույցի ժամանակ Մամուլի ազատության օրվա առթիվ շնորհավորեց լրագրողներին` ` մաղթելով հաջողություններ:
«Անկախ»-ն առիթից օգտվելով` հետաքրքրվեց, թե ինչպես է վերաբերում նա քաղաքական ուժերի կողմից լրատվամիջոցներ` մասնավորապես հեռուստաընկերություններ ունենալուն:
Վերջինս խիստ զարմացած հարցրեց.«Ինչի քաղաքական ուժերը հեռուստաընկերություններ ունե՞ն»:
Հեռու չգնալով` հիշեցրինք «Կենտրոն» հեռուստաընկերության օրինակը: Նա ավելի զարմացավ և ասաց, որ իրավական հիմնավորումներ ներկայացնենք: Երբ ասացինք, որ միգուցե իրավական հիմնավորումներ չկան, բայց դա ակնհայտ փաստ է, որի մասին բոլորը գիտեն, Զոհրաբյանն իրեն չկորցրեց ու ասաց. «Այդ դեպքում Հանրայինն էլ ՀՀԿ-ի հեռուստաընկերությունն է»:
«Եթե ևս մեկ անգամ ժողովրդին հիասթափեցնենք մեր սխալ պահվածքով, շատ վատ կլինի». Արմեն Ռուստամյան
ՀՅԴ խմբակցության ղեկավար, քաղաքապետի թեկնածու Արմեն ՌուստամյանըԽորհրդարանում լրագորղների հետ ավանդական ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ եթե ընդդիմությանը հաջողվի վերահսկել այս ընտրություննեըը, ապա գործող իշխանություններն ավագանիում չեն ունենա մեծամասնություն:
Անդրադառնալով նախագահական ընտրություններին ընդդիմության միասնական նախընտրական դաշինքի ձախողմանը, նա ասաց, որ ՀՅԴ-ն ընդդիմադիր ուժերին կոչ է անում գոնե հետընտրական դաշինք ձևավորել:
Ռուստամյանը կարծում է, որ դա ձեռնտու կլինի բոլորին,. քանի որ ընդդիմադիր որևէ ուժ առանձին հնարավորություն չունի 50 տոկոսից ավելի հավաքելու, իսկ եթե ընդդիմադիր ուժերը միավորվեն, կարող են իրավիճակը փոխել. «Ընտրողը պետք է իմանա, որ, ընդդիմությանը ձայն տալով` նպաստել է իշխանությունների փոփոխությանը: Եթե ևս մեկ անգամ ժողովրդին հիասթափեցնենք մեր սխալ պահվածքով, շատ վատ կլինի»,-ասաց նա:
Նա նաև ասաց, որ ՀՅԴ-ն բոլոր ոչ իշխանական ուժերի հետ շատ նորմալ հարաբերությունների մեջ է. «Կամուրջներն այրված չեն, և մենք ամեն ինչ կանենք, որ միացյալ շտաբը լինի: Իսկ եթե որևէ մեկը փորձի խափանել դա, ապա դա կլինի իր քաղաքական վերջը, այդ ուժը քաղաքական դիակ կդառնա»:
«Անկախ»-ի դիտարկմանը, թե քաղաքական դաշինքը կարող է չկայանալ այն պարզ պատճառով, որ ընդդիմադիր քաղաքական ուժերն իշխանափոխություն են ուզում միայն այն դեպքում, եթե դա փոխարինվի իրենց ուժով, Ռուստամյանը պատասխանեց. «Այո, խնդիրը հենց դա է: Դրա համար էլ Դաշնակցությունը նախորդ ընտրություններին առաջ չքաշեց իր թեկնածուին, և թվաց, թե մենք թեկնածու չունենք: Բայց մենք դա չարեցինք, որպեսզի խնդիրը չտեղափոխվի այն դաշտ, որ անպայման մենք ենք ուզում գալ իշխանության: Մենք 7 կետ ենք առաջ քաշել, և եթե վաղը այդ 7 կետերը Սերժ Սարգսյանն իրականացնի, ես կասեմ` բրա´վո: Իսկ ձեր բարձրացրած հարցին թող պատասխանեն նրանք, ովքեր իշխանափոխություն հասկացությունը լիարժեքորեն չեն հասկանում և փոխակերպուն են այն մարդափոխություն հասկացությամբ: Բայց դեռ պետք է հիմնավորեն` իրենց գալով ինչ որ բան փոխվելու՞ է, թե՞ ոչ»:
Դիտորդները Վարդան Օսկանյանից հետաքրքրվել են ընտրախախտումների հնարավոր ռիսկերի մասին
Երևանի ավագանու ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանն այսօր հանդիպում ունեցավ Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի ներկայացուցիչների հետ, որոնք ժամանել են Երևանի ավագանու 2013թ. մայիսի 5-ի ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով:
Վարդան Օսկանյանի գրասենյակից տեղեկացնում են, որ պատվիրակության ղեկավար Ստյուարտ Դիքսոնի խնդրանքով Վարդան Օսկանյանը ներկայացրեց ընտրարշավի ընթացքը, ընտրողների և լրատվամիջոցների հետ թեկնածուների շփումները: Դիտորդներին հետաքրքրում էր, թե թեկնածուները ընտրությունների օրը խախտումների ինչ ռիսկեր են տեսնում, հետընտրական ինչ զարգացումներ են հնարավոր և ինչպես են կուսակցությունները բողոքարկելու հնարավոր ընտրախախտումները:
«Կգա ժամանակը, և Ծառուկյանը կխոսի իր չառաջադրման պատճառների մասին». Նաիրա Զոհրաբյան
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը շատ արդյունավետ է գնահատում ԲՀԿ քարոզարշավը և կարծում է, որ իրենց հաջողվել է երևանցիներին հասցնել իրենց հիմնական “մեսիջները”` այդ թվում նաև այն, որ այս ընտրությունները լուրջ քաղաքական ընտրություններ են և ոչ թե զուտ ասֆալտապատման գորրծընթաց:
Այս մասին նա հայտարարեց ԱԺ ավանդական ճեպազրույցի ժամանակ: Նա նաև ասաց, որ եթե ընտրություններն անցնեն արդար ու թափանցիկ, ապա ԲՀԿ-ն կհաղթի և ավագանիում կձևավորի մեծամասնություն: Նա նաև շատ հավանական համարեց ոչ իշխանական ուժերի հետ հետընտրական դաշինքի ստեղծումը:
Պարզ դարձավ, որ հատկապես ջերմ են ՀԱԿ-ԲՀԿ հարաբերությունները: Նաիրա Զոհրաբյանը զգուշացրեց. «Իշխանությունների բոլոր փորձերը` սեպ խրել ԲՀԿ-ՀԱԿ համագործակցության միջև, չի հաջողվելու»:
Անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին, թե իբր ԲՀԿ-ն երեկվա հանրահավաքին շատ մարդկանց գումարի դիմաց էր բերել, Զոհրաբյանը հերքեց` դա համարելով որոշ քաղաքական ուժերի տրամադրության տակ գտնվող լրատվամիջոցների կողմից իրականության հերթական միտումնավոր խեղաթյուրում:
Ինչ վերաբերում է այն տեսակետին, թե Գագիկ Ծառուկյանը պատասխանատու պահին (նախագահական ընտրությունների շեմին) միայնակ է թողել իր ընտրազանգվածին` չառաջադրելով իր թեկնածությունը, ապա Զոհրաբյանը շտապեց բոլորին հանգստացնել` հավաստիացնելով, որ կգա ժամանակը, և Ծառուկյանը կխոսի իր չառաջադրման պատճառների մասին:
ԲՀԿ ներկայացուցիչը նույնպես կարծում է, որ այս ընտրություններին իշխող կուսակցությունը դիմելու է կեղծիքների. «Ընտրակեղծարարների բանդան հանվելու է ի զեն, բայց չպիտի հուսահատվել,այս անգամ լրջագույն հնարավորություն կա ընտրական հանձնաժողովում պահել քվեն»,-ասաց նա` միաժամանակ նկատելով, որ իրենք միամիտ չեն և գիտեն, որ շատ բան արվում է մինչև ընտրությունները:
«Քաղաքական երեսպաշտությունից քաղաքական դաշտը ճողվածք է ստացել». Ռուբեն Հակոբյան
«Այս ընտրություններն ունեն բացսռիկ քաղաքական նշանակություն, որովհետև սա նշանակում է ինչ որ մի օղակում կոտրել իշխանական մենաշնորհը, որը պետության զարգացման հիմնական խոչընդոտն է»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Ժսռանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
Նա համոզված է, որ այսօր ընդդիմությունը կարող է կասեցնել իշխանության քաղաքական մենաշնորհը, եթե չկրկնի այն, ինչ արեց փետրվարի տասնութին:
«Դա բացառիկ քաղաքական էգոիզմ էր»,-ասաց նա:
Ռուբեն Հակոբյանը հիշեցնում է, որ սկզբում ընդդիմադիր ուժերն ասում էին, թե կողմ են ժողովրդական շարժմանը, որն առաջնորդվում է Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից, բայց գործնականում ամեն ինչ արեցին, որպեսզի տապալվի այդ ժողովրդական շարժումը:
«Քաղաքական երեսպաշտությունից քաղաքական դաշտը ճողվածք է ստացել,-ասաց Հակոբյանը,-ոնց որ ձեռքերդ դնես սեղանի վրա և բարևես, բայց սեղանի տակից ոտքով ուժեղ խփես: Ընդդիմադիր ուժերը հայտարարում են, որ գնում են մենաշնորհը կասեցնելու, բայց մտքում մտածում են, որ եթե իմ մարդը չլինի նախագահ, ապա ամեն ինչ պետք է անել, որ գործող նախագահը վերարտադրվի»:
Նա անդրադարձավ նաև ՀԱԿ համագումարի ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանի` Րաֆֆի Հովհաննիսյանի հասցեին հնչեցրած կարծիքներին. «ՀԱԿ առաջնորդն իր հրճվանքը չթաքցրեց և քաղաքական մահախոսական կարդաց Րաֆֆի Հովհաննիսյանի հասցեին: Իսկ եթե ոչ իշխանական ուժերը չառաջնորդվեին այդ բացառիկ էգոիզմի սկզբունքով, ապա կարող էին հաջողության հասնել»:
Բայց, ըստ Ռուբեն Հակոբյանի, իրենք քինախնդիր չեն, հասկանում են, որ պետության համար այսօր շատ կարևոր է քաղաքական մեծամասնության մենիշխանության կասեցումը, ուստի պատրաստ են ոչ իշխանական ուժերի հետ միասին համապատասխան գործառույթներ իրականացնել:
Ինչ վերաբերում է տարբեր ուժերի հանրահավաքներին մարդկանց քանակին, ապա Ռուբեն Հակոբյանն ասաց, որ իրենք երբեք խնդիր չեն ունեցել ավտոբուսներով հանրահավաքին մարդ տանելու:
«Մենք ունեցել ենք լուրջ հանրահավաքներ, մեզ համար շատ կարևոր է, թե հրապարակ եկածն իր հետ ինչ է տանում: Եվ ընդհանրապես, երբեք քանակը չեմ համարում չափանիշ, քանի որ հաճախ քանակի դեպքում որակը կաղում է»,-ասաց Ռուբեն Հակոբյանը:
Չպատասխանելով այն հարցին, թե քանի տոկոս են ակնկալում առաջիկա ընտրությանը, Ռուբեն Հակոբյանն այնուամենայնիվ կարծում է, որ “Բարև Հայաստանը” ծանրակշիռ տոկոս է հավաքելու:
ՀԱԿ–իհամագումարիժամանակՀԱԿառաջնորդնիրհրճվանքըչթաքցրեցևքաղաքականմահախոսականկարդացՐաֆֆիՀովհաննիսյանիհասցեին: իսկեթեոչիշխանականուժերըչառաջնորդվեինայդբացառիկէգոիզմիսկզբունքով, ապակարողէինհաջողությանհասնել:
Ազգային ժողովն ավարտեց հերթական քառօրյա նիստերի աշխատանքը
Մայիսի 2-ին խորհրդարանը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը:
Մինչ օրակարգային հարցերին անցնելը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ողջունեց «Բաց դաս» ծրագրի շրջանակում նիստին ներկա Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գյուղատնտեսական քոլեջի ուսանողներին ու դասախոսներին:
Այնուհետեւ պատգամավորները շարունակեցին քննարկել «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Հարակից զեկույցում ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մշտական հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանը նշեց, որ հարցը մանրակրկիտ քննարկվել է հանձնաժողովում եւ ստացել դրական եզրակացություն:
Հարցի վերաբերյալ ելույթ ունեցավ Հրանտ Բագրատյանը: Նա հորդորեց ձեռնպահ մնալ նման օրենքի նախագծի ընդունումից, մանավանդ, որ Հայաստանում արդեն գործում են ապահովագրական ընկերություններ: Ըստ նրա՝ ավտոմեքենայի գույքահարկի եւ տեխզնման խնդիրների լուծումները հենց ապահովագրական ընկերությունների գործն են:
Արծվիկ Մինասյանը, անդրադառնալով քննարկվող օրինագծին, նշեց, որ տեղական հարկերի եւ տուրքերի գծով եկամուտները հնարավոր է ավելացնել տարբեր մեխանիզմների, այդ թվում՝ անշարժ գույքի համար գանձվող գույքահարկի միջոցով:
Ամփոփիչ ելույթում Ստեփան Մարգարյանը նշեց, որ օրենքում նախատեսված փոփոխությունները որոշակի կանոնակարգ են հաստատում եւ բարելավում են խնդրի կարգավորման օրենսդրական դաշտը: Գլխադասային հանձնաժողովի ղեկավարն առաջարկեց նաեւ կազմակերպել քննարկում այն թեմայով, թե ինչ միջոցներով են համալրվում տեղական բյուջեները:
Տարածքային կառավարման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, անդրադառնալով պատգամավորների հարցերին, նշեց, որ օրենքի նախագծի ընդունումը կարեւոր է, եւ այն հստակություն է մտցնում թե գույքահարկի վճարման, եւ թե շարժական գույքի սեփականատիրոջ եւ օտարման դեպքում հաջորդ սեփականատիրոջ հարաբերություններում: Նա շնորհակալություն հայտնեց խորհրդարանին շահագրգիռ քննարկումների համար:
Այնուհետեւ պատգամավորները քննարկեցին «Արդարադատության ակադեմիայի մասին» եւ հարակից օրենքի նախագծերի փաթեթը երրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը:
Հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը նշեց, որ առաջարկներ չեն եղել, հիմնական փոփոխությունները կրել են խմբագրական բնույթ:
Հարակից զեկուցող, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը եւս նշեց, որ բովանդակային փոփոխություններ չեն եղել, կատարվել են միայն տեխնիկական փոփոխություններ:
Հարցի քննարկումից հետո Ազգային ժողովն ընդունեց ինչպես մայիսի 2-ին, այնպես էլ երեքշաբթի քննարկված օրենքի նախագծերը:
Պատգամավորները երրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ քննարկեցին կառավարության եւ պատգամավորներ Հեղինե Բիշարյանի ու Հովհաննես Մարգարյանի հեղինակած «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Հարակից զեկուցող, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանն ընդգծեց, որ երկրորդից երրորդ ընթերցում առաջարկներ չեն ներկայացվել, ուստի հորդորեց խորհրդարանին դրական քվեարկել:
Հիմնական զեկուցող, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ֆիլարետ Բերիկյանը նշեց, որ երկրորդից երրրորդ ընթերցում ստացվել է միայն խմբագրական փոփոխություններին առնչվող առաջարկներ, ուստի նա եւս պատգամավորներին հորդորեց կողմ քվեարկել օրինագծին:
Օրենսդիրը քննարկեց նաեւ «ՀՀ Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ երկորրդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ: Հիմնական զեկուցող, ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը նշեց, որ առաջինից երկրորդ ընթերցում որեւէ դիտողություն եւ առաջարկ չի ստացվել: Ըստ նրա՝ հարցը վերաբերում է Ադրբեջանից բռնագաղթված Հայաստանի քաղաքացիներին եւ նրանց քաղաքացիություն ձեռք բերելու գործընթացին: Այն իրականացվում է քաղաքացիների ճանաչման մեխանիզմով, որից արդեն իսկ մոտ 85 հազար մեր հայրենակիցներ օգտվել են:
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Էդմոն Մարուքյանը հանդես եկավ հարակից զեկույցով՝ նշելով, որ հանձնաժողովը օրինագծին տվել է դրական եզրակացություն: Նախատեսվում է Ադրբեջանից բռնագաղթված մեր քաղաքացիների՝ այս միջոցով քաղաքացիություն ստանալու ժամկետը երկարաձգել մինչեւ 2014 թվականի դեկտեմբերի 31-ը:
Խորհրդարանին ներկայացվեց նաեւ «ՀՀ քրեկան օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը՝ առաջին ընթերցմամբ: Հիմնական զեկուցող, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանը նշեց, որ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունն այն է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածը քրեական պատասխանատվություն է նախատեսում քաղաքացիական գործով սուտ ցուցմունք տալու, քրական գործով վկայի կամ տուժողի կողմից սուտ ցուցմունք տալու, քրերական կամ քաղաքացիական գործով փորձագետի կողմից ակնհայտ կեղծ եզրակացություն տալու եւ թարգմանչի կողմից ակնհայտ սխալ թարգմանություն կատարելու համար:
Հարակից զեկուցող, Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արփինե Հովհաննիսյանը, ներկայացնելով հիմնական փոփոխությունները, ընդգծեց, որ օրենքի արժեքային փոփոխությունն այն է, որ ներմուծվում է միատեսակ եզրույթի կիրառումը:
Պատգամավորները քննարկեցին նաեւ Էլինար Վարդանյանի եւ Վահան Բաբայանի հեղիանկած «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը նշեց, որ առաջարկվում է նոր պարբերությամբ լրացնել օրենքը, որը հնարավորություն կտա փաստաբաններին՝ տեղեկություն ստանալ գույքային իրավունքների, դրանց ձեռքբերման կամ գրանցման հիմքերի վերաբերյալ:
Հարակից զեկուցող, Աժ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արփինե Հովհաննիսյանը ընդգծեց, որ առաջարկվող օրենսդրական լուծումը նպատակ է հետապնդում դատավարական գործընթացում ապահովել կողմերի իրավահավասարությունը: Նա վկայակոչեց կադաստրային տեղեկատվությունը բաց եւ թափանցիկ ստանալու մասին միջազգային փորձը եւ նշեց, որ այս օրենսդրական նախաձեռնությունը եւս մեկ քայլ առաջ է այդ ճանապարհին:
Օրինագծի վերաբերյալ հայտնելով իր տեսակետը՝ պատգամավոր Էդմոն Մարուքյանը նշեց, որ դրական է գնահատում օրենքի փոփոխությունը, քանի որ իսկապես նախկինում նման խնդիրներ առաջացել են, երբ փաստաբանները տեղեկատվություն ստանալու նպատակով դիմել են դատարանի միջնորդությանը:
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն էլ ընդգծեց, որ հարցն իսկապես կարեւոր է:
ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը ներկայացրեց «Ոստիկանության զորքերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Նրա խոսքով՝ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմնավորված է ՀՀ ոստիկանության զորքերի զինծառայողների կազմի եւ նրանց պատրաստվածության մակարդակի փոփոխությամբ: Համաձայն «Ոստիկանության զորքերի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ ոստիկանության զինծառայողները հասարակական կարգի պահպանության եւ հասարակական անվտանգության ապահովման ստորաբաժանումների հետ միասին մասնակցում են պարեկապահակային ծառայությանը: Այդ դրույթը օրենքի նախագծում ներառվել է այն տրամաբանությամբ , որ ոստիկանության զորքերում ծառայում են ժամկետային զինծառայողներ, որոնք փորձառու չեն:
Ըստ փոխոստիկանապետի՝ նախագծի նպատակն է առավել արդյունավետ դարձնել ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից հասարակական կարգի պահպանության եւ հասարակական անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումները, բարձրացնել ոստիկանության նկատմամբ քաղաքացիների վստահությունը, ճիշտ օգտագործել ոստիկանության ուժերն ու միջոցները:
Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի անդամ Թեւան Պողոսյանը: Ըստ պատգամավորի՝ օրինագիծը նպատակ ունի բարձրացնելու Երեւան քաղաքում հասարակական անվտանգության ապահովման մակարդակը եւ հասարակական կարգի պահպանությունը:
Օրինագծի վերաբերյալ ելույթ ունեցան ԱԺ պատգամավորներ Գագիկ Ջհանգիրյանը եւ Արտաշես Գեղամյանը:
Գագիկ Ջհանգիրյանը օրինագծի ընդունումը համարեց անհրաժեշտ եւ պարտադիր: Պատգամավորն առաջարկեց կառավության ներկայացուցչին առաջինից երկրորդ ընթերցում խմբագրել որոշ դրույթներ:
Ըստ Արտաշես Գեղամյանի՝ օրինագիծը միտված է վտանգավոր հետեւանքներով հղի գործողությունների չեզոքացմանը:
Եզրափակիչ ելույթում Արթուր Օսիկյանը շնորհակալություն հայտնեց խորհրդարանին կառուցողական քննարկում կազմակերպելու համար: Անդրադառնալով ելույթներում հնչած տեսակետներին՝ հիմնական զեկուցողը հավաստիացրեց, որ ՀՀ ոստիկանությունը վճռական է այսուհետ եւս հասարակական կարգի պահպանության հարցում եւ ընդհանրապես հանցագրծությունների դեմ պայքարում գործել օրենքի տառին համապատասխան: Արթուր Օսիկյանը հորդորեց պատգամավորներին մինչեւ երկորդ ընթերցում ներկայացնել առաջարկներ:
Այնուհետեւ ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Դերենիկ Դումանյանը առաջին ընթերցման ընթացակարգով պատգամավորների քննարկմանը ներկայացրեց «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը, որով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասը, որը նախատեսում էր թմրամոլությամբ տառապող անձանց առանձին մասնագիտական գործունեությամբ զբաղվելու սահմանափակումներ սահմանելու իրավասությունը վերապահել կառավարությանը:
Հիմնական զեկուցողի տեղեկացմամբ՝ ներկայացված նախագիծը պայմանավորված է նրանով, որ թմրամոլությամբ տառապող անձանց առանձին մասնագիտական գործունեությամբ զբաղվելու սահմանափակումները սահմանվում են ոլորտային տարբեր իրավական ակտերով եւ առանձին ակտի անհրաժեշտությունը բացակայում է:
Գլխադասային՝ Աժ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը:
Խորհրդարանն առաջին ընթերցման ընթացակարգով քննարկեց նաեւ Աժ պատգամավորներ Արա Բաբլոյանի եւ Մկրտիչ Մինասյանի հեղինակած «Երեխաներին կրծքով կերակրման խրախուսման եւ մանկական սննդի շրջանառության մասին» եւ դրան հարակից ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը:
Հիմնական զեկուցող եւ համահեղինակ Արա Բաբլոյանը տեղեկացրեց, որ կրծքի կաթը գերադասելի է երեխային տրվող ցանկացած այլ սննդից, այն պարունակում է անհրաժեշտ սնուցողական նյութերը` լավագույն փոխհարաբերությամբ, ինպես նաեւ գործոններ, որոնք պաշտպանում են մանկանը հիվանդություններից:
Ըստ Արա Բաբլոյանի՝ փաթեթի ընդունման նպատակն է կարգավորել երեխաների կրծքով կերակրման խրախուսման, մանկական սննդի եւ հարակից ապրանքների շրջանառության հետ կապված հարաբերությունները: Օրենքի ընդունմամբ նաեւ կկարգավորվեն մանկական սննդի եւ հարակից ապրանքների արտադրության, պիտակավորման, վաճառքի, բաշխման, գովազդի եւ որեւէ այլ ձեւով խրախուսման, ինչպես նաեւ դրանց մասին իրազեկման եւ տեղեկությունների տարածման հետ կապված հարաբերությունները:
Հիմնական զեկուցողը նշեց, որ փաթեթի ընդունումը կնպաստի երեխայի սնուցման ոլորտում առկա հիմնախնդիրների լուծմանը եւ այն գործոնների վերացմանը, որոնք խոչընդոտում են կրծքով կերակրման խրախուսումն` օրենսդրորեն ամրագրելով այդ բնագավառին առնչվող միջազգային փորձն ու պահանջները:
Արա Բաբլոյանը տեղեկացրեց, որ փաթեթը մշակվել է ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ:
Հարակից զեկույցում Աժ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Մկրտիչ Մինասյանը տեղեկացրեց, որ փաթեթը մանրամասն քննարկվել է հանձնաժողովում եւ միաձայն ստացել դրական եզրակացություն:
Քննարկվող հարցի վերաբերյալ կառավարության դրական եզրակացությունը ներկայացրեց ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Դերենիկ Դումանյանը: Նրա կարծիքով՝ փաթեթի ընդունումը կնպաստի կրծքով սնուցման ցուցանիշի բարձրացմանը, դրան խոչընդոտող գործոնների ազդեցության նվազեցմանը, ինչն էլ վերջնական արդյունքում կհանգեցնի վաղ հասակում երեխաների հիվանդացության եւ մանկական մահացության ցուցանիշների նվազեցմանը: Ըստ կառավարության ներկայացուցչի՝ օրինագծերի ընդունմամբ Հայաստանը կիրականացնի կրծքի կաթի փոխարինիչների վաճառահանման՝ միջազգային օրենսգրքին միանալու վերաբերյալ առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկը, կապահովի երեխայի առողջ աճի եւ զարգացման նախադրյալ հանդիսացող կրծքի կաթով սնվելու նրա իրավունքը:
Ազգային ժողովը քննարկեց երկու տասնյակ ԱԺ պատգամավորների հեղինակած «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը ներկայացրեց օրինագծի համահեղինակ Արա Բաբլոյանը:
Օրենքի նախագծի մշակումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ սոցիալապես առավել խոցելի խմբերին բժշկական օգնության եւ սպասարկման հասանելիության ապահովման, ծնելիության խթանման եւ ժողովրդագրական իրավիճակի բարելավման անհրաժեշտությամբ:
Արա Բաբլոյանը տեղեկացրեց, որ Հայաստանը ցածր ծնելիություն ունեցող երկրներից է: Ըստ ՄԱԿ-ի՝ բնակչության հիմնադրամի տվյալների՝ Հայաստանում բնակվող վերարտադրողական տարիքի յուրաքանչյուր վեց կնոջից մեկը տառապում է անպտղությամբ (16.8%), ինչը ԱՀԿ-ի կողմից սահմանված ճգնաժամային ցուցանիշից բարձր է 1.8%-ով: Հիմնական զեկուցողը նաեւ նշեց, որ գրեթե բոլոր Եվրոպական երկրներում առկա են ժողովրդագրական խնդիրներ, եւ այդ երկրների կառավարությունները ծնելիության մակարդակի բարձրացմանն ուղղված տարբեր քայլեր են ձեռնարկում. դրանք են՝ բժշկական ծառայությունների հասանելիության ապահովումը, բազմազավակ ընտանիքներին ֆինանսական աջակցությունը, երրորդ եւ հաջորդ երեխայի ծննդի դեպքում նպաստի հատկացումը եւ այլն: Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնությունը եւ սպասարկումը կիրառվում է անպտղության տարբեր տեսակների դեպքում: Այդ տեխնոլոգիաների կիրառումը փուլային գործընթաց է եւ պահանջում է զգալի ֆինանսական միջոցներ, հետեւաբար հասանելի չէ բնակչության բոլոր խավերի` մասնավորապես անապահով ընտանիքների զույգերի համար:
Հաշվի առնելով Հայաստանում ստեղծված ժողովրդագրական իրավիճակը եւ այն բարելավելու անհրաժեշտությունը` հեղինակները առաջարկում են օրենքում կատարել համապատասխան լրացումներ: Նախագծի ընդունումը հնարավորություն կտա ընտանեկան նպաստների համակարգում ընդգրկված ընտանիքների զույգերին, ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով, առնվազն մեկ անգամ անվճար օգտվելու նշված ծառայությունների ամբողջական փաթեթից: Սոցիալական այլ խմբերում ընդգրկված ընտանիքների զույգերը, պետական նպատակային ծրագրի շրջանակներում, բժշկական օգնության եւ սպասարկման արտոնություններ կունենան:
Գլխադասային՝ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը օրինագծի վերաբերյալ ներկայացրեց ԱԺ պատգամավոր Մկրտիչ Մինասյանը:
ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Դերենիկ Դումանյանը տեղեկացրեց, որ նախագծի վերաբերյալ կառավարության կարծիքը դրական է: Նա անդրադարձավ նաեւ այս ոլորտում ՀՀ կառավարության վարած ծրագրային քաղաքականությանը, անպտղության եւ արհեստական բեղմնավորման ձեւերին, դրանց համար անհրաժեշտ բյուջետային ծախսերին ու հասցեականությանը:
Պատգամավորներն իրենց ելույթներում անդրադարձան ժողովրդագրական խնդիրների կարգավորմանն ուղղված օրենսդրական քայլի կարեւորությանը՝ առաջարկելով ներդնել նաեւ սոցիալական աջակցության այլ միջոցներ եւ սահմանել անապահովության համապատասխան չափանիշներ:
Եզրափակիչ ելույթում Արա Բաբլոյանը հավաստիացրեց, որ հաշվի կառնվեն բոլոր առաջարկները եւ մինչեւ երկրորդ ընթերցում դրանց մի մասը կներառվեն նախագծում:
Ազգային ժողովն ավարտեց քառօրյա նիստերի աշխատանքը:
Հզորագույն երկու պետությունների հարաբերությունները փակուղի են մտել
Եվրոպական ԶԼՄ-ները գրում են, որ Գերմանիայի կանցլեր Մերկելի ու Ֆրանսիայի նախագահ Օլանդի դիվանագիտական հարաբերություններն օր-օրի վատանում են:
Օրինակ, վերջերս տիկին Մերկելը Ֆրանսիան անվանել է “Եվրոպայի ամենապրոբլեմատիկ երեխա “ ու Ֆրանսիայի սոցիալիստ նախագահին մեղադրել անիմաստ շատախոսության մեջ: Ֆրանսուա Օլանդն էլ իր հերթին “տակ” չտալու համար գերմանացի գործընկերոջը մեղադրել է “եսասիրական անհողդողդության մեջ”:
Լրագրողները նկատում են, որ երկու հզոր պետությունների դիվանագիտական հարաբերությունները կտրուկ վատացել են այն բանից հետո, երբ Անգելա Մերկելը հայտարարեց, որ եվրոպական պետությունները պետք է համատեղ մեծ ջանքեր գործադրեն ԵՄ միացյալ տարադրամը փրկելու համար:
Փաշինյանն էլ ոստիկանապետին կպատասխանի «արա»-ով
Այսօր ԱԺ նիստի ժամանակ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանից փորձել է պարզաբանում ստանալ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի “արա, դուք պատգամավոր եք, թե գողական” արտահայտության վերաբերյալ. «Այդ երբվանի՞ց է ՀՀ ոստիկանության պետը պատգամավորների հետ խոսում «արա»-ով։ Ես սա հատուկ եմ շեշտում, որովհետև, եթե նա շեշտեր անուն ազգանունը, դա լրիվ այլ իրավիճակ կլիներ, բայց եթե նա չի շեշտում անուն-ազգանունը, նա «արա»-ով դիմում է կարգավիճակին, այսինքն՝ ԱԺ պատգամավորներին»։
Այնուհետև նա Օսիկյանին խնդրել է իր անունից Վլադիմիր Գասպարյանին փոխանցել, որ եթե հաջորդ անգամ ինքը կխոսի կարգավիճակի մասին այդպիսի տոնով՝ «արա»-ով, ապա ինքը նույն “արայով” կպատասխանի ոստիկանապետին և ընդհանրապես ցանկացած մեկին. «Եթե կա «արա» ու գողական Ազգային ժողովում, թող ոստիկանապետը բարի լինի այդ անունները հրապարակել, որպեսզի բոլորին ամեն ինչ պարզ լինի։ Հակառակ դեպքում, եթե նման ոճը կրկնվի և այդպիսի ասելիքը տարածվի կարգավիճակի վրա, կրկնում եմ՝ ես ինքս պարտավորվում եմ ոստիկանապետին արժանացնել համարժեք պատասխանի»,-հայտարարեց Փաշինյանը։
Արթուր Օսիկյանը Փաշինյանին կոչ է արել կոռեկտության սահմանները պահել, ինչին ի պատասխան` ՀԱԿ պատգամավորն ասել է. «Կարծում եմ՝ դուք այստեղ կոռեկտության կոչ անելու որևէ հիմք չունեիք, և հույս ունեմ, որ դուք կոռեկտության իմ կոչը կփոխանցեք Ձեր ղեկավարին»:
Հովիկ Աբրահամյանը խիստ բարկացել է. բացակա պատգամավորների հարցն այսպես չի մնա
Այսօր խորհրդարանում քվեարկության ժամանակ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը նկատել է, որ ՀՀԿ-ականները, սովորության համաձայն, քվեարկում են ուրիշի փոխարեն և այդ մասին հայտնել Հովիկ Աբրահամյանին: Վերջինս ընդունել է պատգամավորի դիտողությունը և կոչ արել պատգամավորներին չքվեարկել գործընկերների փոխարեն: Իսկ երբ քվեարկությունից հետո պատգամավորները սկսել են լքել նիստերի դահլիճը, խորհրդարանի ղեկավարին դա արդեն խիստ զայրացել է. «Տարրական կուլտուրա ունեցեք, երբ Ազգային ժողովի նախագահը խոսում է,-բարկացել է նա` հիշեցնելով, որ պատգամավորը միջանցքներում շրջելու փոխարեն պետք է մասնակցի ԱԺ նիստերին»։
Նա նաև հայտնել է նաև, որ որոշում կընդունի, որպեսզի այսուհետ քվեարկությունը կազմակերպվի հարցերի քննարկման ավարտից հետո, որպեսզի պատգամավորները չմասնակցեն միայն քվեարկությանը և հեռանան` չմասնակցելով մյուս օրինագծերի քննարկմանը:
Հովիկ Աբրահամյանը խոստացել է դիմել Աժ քարտուղարություն, որպեսզի օրական երեք անգամ ստուգեն, ներկա- բացակա անեն պատգամավորներին և բացակաների ցանկը տեղադրեն Աժ պաշտոնական կայքում: Իսկ լրատվամիջոցներին հորդորել է այդ հարցն ուշադրության կենտրոնում պահել և բացակայությունների մասին տեղեկատվությունը տարածել նաև սոցկայքերում, որպեսզի ընտրողները տեսնեն, ճանաչեն նրանց և հաջորդ անգամ չընտրեն:
Ավելի ուշ նա լրագրողներին հայտնել է, որ պատգամավորների բացակայությունների հարցը քննարկելու է նաև Աժ էթիկայի հանձնաժողովում: