Հուլիսի 7-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 2 200 000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 407.99 դրամ մեկ ԱՄՆ դոլարիդիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 407.99 դրամ:
Բնակչության առողջության համար ավելի անվնաս են տեղական արտադրության ապրանքները. Սպառողների ազգային ասոցիացիա
«Բնակչության առողջության վրա ազդում է ներկրված մթերքը, քանի որ դրանում կոնսերվանտները շատ են լինում, պահպանման ժամկետները երկարում են, իսկ շատ դեպքերում կրկնաժամկետներով են շուկայում հայտնվում: Հաճախ ապրանքներից ժամկետը պոկում են և ուրիշ թիվ գրում», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը: Նա, անդրադառնալով սննդի անվտանգության խնդրին, ասաց, որ ճիշտ չի լինի ասել, որ ունենք վստահելի շուկա, բայց ճիշտ չի լինի ասել նաև, թե չունենք նորմալ շուկա:
Նա գտնում է, որ մենք չունենք քաղաքակիրթ սպառող. անգամ այն մարդիկ, ովքեր գիտեն իրենց իրավունքները կա´մ չեն ուզում, կա´մ ամաչում են պաշտպանել իրենց իրավունքները: «Ճիշտ է` 90-ականներից հետո շատ բան է փոխվել. ներկայումս ամեն օր 20-25 բողոք–դիմումներ ենք ստանում, բայց դա բավարար չէ», -ասաց Մելիտա Հակոբյանը:
Նա նշեց, որ երբեմն անգամ արտադրողը մեղավոր չէ ապրանքի վատ որակի համար. այդ խնդիրները ավելի շատ կախված են այն պայմաններից, որոնցում մթերքը պահվում է խանութներում և սուպերմարկետներում:
Անդրադառնալով ամռանը արդիական խնդիրներին` Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահը նշեց, որ խորհուրդ չի տալիս մինչև հուլիսի 15-ը ձմերուկ կամ սեխ օգտագործելը. «Այժմ բոլորը ներկրված են, տեղում հասունացած ձմերուկներ չունենք, կարող է քիմիկատների շնորհիվ մեծացնենք, բայց նորմալ ձմերուկները կլինեն միայն 15-ից հետո; Ես ինքս նման խնդրի եմ բախվել. մի քանի օր առաջ ամուսինս մի հատ ձմերուկ էր գնել, կտրեցինք, մեջը փտած էր: Ամենաշատը վրան ազդում է, երբ դնում են արևի տակ, այդ ընթացքում մեջը աննկարագրելի բաներ են տեղի ուենում»:
Հանդիպմանը ներկա Հայաստանի սպառողների ազգային ասոցիացիայի փոխնախագահ Միլետա Արիստակեսյանը նշեց, որ, թեև երկարաժամկետ յոգուրտներից վտանգ չկա, բայց օգուտ էլ չկա: Ամեն դեպքում ավելի ցանկալի է հայաստանյան արտադրողների յոգուրտներից օգտվել; «Տեղական արտադրության յոգուրտներն ավելի օգտակար են, քանի որ նրանցում պահպանվում են կենդանի բակտերիաները»,- ասաց նա:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության պաշտոնյաները ներկայացրել են գյուղատնտեսության ոլորտի կիսամյակային արդյունքները
ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը և ՀՀ գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը ներկայացրել են ընթացիկ տարվա գյուղատնտեսության ոլորտի կիսամյակային արդյունքները, ներկա վիճակն ու կանխատեսումները:
Բուսաբուծության ոլորտ: Պետք է նշել, որ ընդհանուր առմամբ, ընթացիկ տարին բարենպաստ է գյուղատնտեսության համար: Որպես բացառություն պետք է նշել մարտի 31-ին և ապրիլի 1-ին հանրապետությունում գրանցված ցրտահարություններն ու ձյան տեսքով առատ տեղումները, որի հետևանքով Արարատյան հարթավայրի և նախալեռնային գոտու ցածրադիր հատվածներում կորստի մատնվեց ծիրանի բերքը: Այն հիմնականում պահպանվել է Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանում, Վայոց Ձորի և Կոտայքի մարզերի բարձրադիր համայնքներում: Ակնկալվում է մինչև 8 հազար տոննա ծիրանի բերք՝ նախորդ տարվա 88,8 հազար տոննայի դիմաց:
Բարձր բերք է սպասվում հացահատիկային, բանջարաբոստանային, կերային մշակաբույսերի, կարտոֆիլի ցանքերից, դեղձենու, խնձորենու, տանձենու, խաղողի այգիներից:
Լարսի անցակետի փակումը որոշակի խոչընդոտներ ստեղծեց հանրապետությունից կեռասի, կարտոֆիլի, բանջարեղենի որոշ տեսակների արտահանման գործում: Այդ ընթացքում որպես այլընտրանքային ուղի օգտագործվեց օդային փոխադրումների կազմակերպումը:
Անցակետի վերգործարկումից հետո անարգել շարունակվում է հանրապետությունից պտուղ-բանջարեղենի արտահանումը: Այսօրվա դրությամբ արտահանվել է 1523 տոննա վաղահաս կարտոֆիլ, 343 տոննա կեռաս, 168 տոննա ծիրան և այլն:
Շուկայում որոշ մրգերի ու բանջարեղենի ներկայիս համեմատաբար բարձր գները սեզոնային բնույթ են կրում և առաջիկա 10-15 օրերի ընթացքում աստիճանաբար կկարգավորվեն: Մասնավորապես՝ ծիրանի գնի որոշակի նվազում սպասվում է հուլիսի 5-ից հետո, լոլիկի մատչելի գներով մատակարարումը՝ հուլիսի 15-ից, ապա նաև մնացած պտուղներն ու բանջարեղենը: Պետք է նշել, որ այսօր մեծ պահանջարկ վայելող վաղահաս կարտոֆիլի մեծածախ գինը կտրուկ նվազել է և կազմում է 60-70 դրամ, կաղամբինը՝ 60-80 դրամ, վարունգինը՝ 60-150 դրամ և այլն:
Հանրապետության մի շարք տարածաշրջաններում վերջին ժամանակահատվածում գրանցվել են կարկտահարության դեպքեր (Լոռի, Շիրակ, Արագածոտն), որի հետևանքով արձանագրվել են բերքի որոշ կորուստներ, սակայն դրանք մեծ ծավալ չեն կազմում և չեն գերազանցում բազմամյա միջին մակարդակը, ուստի՝ հանրապետության ընթացիկ տարվա ընդհանուր ցուցանիշների վրա էական ազդեցություն չեն ունենա:
Ընթացիկ տարում, նախորդ տարվա համեմատությամբ ակնկալվում է 12.000 – 14.000 հա ցանքատարածությունների ավելացում, որից շուրջ 6000 հա հացահատիկային մշակաբույսեր:
Անասնաբուծության ոլորտ: Դեռևս 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատությամբ անասնագլխաքանակի աճի ցուցանիշները հուսալի նախադրյալներ էին ստեղծել ընթացիկ տարում կենդանական ծագման մթերքների արտադրության ծավալներն ավելացնելու համար: Ըստ օպերատիվ տվյալների և ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից կատարված վերլուծությունների, 2014 թվականի առաջին 6 ամիսների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում արտադրվել է շուրջ 407 հազար տոննա կաթ, որը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է ավելի քան 105 %-ով, 35 հազար տոննա միս կամ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցվել է 107 %-ով և 393 մլն ձու, որը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է 104.5 %-ով:
Համաձայն կանխատեսումների, ակնկալվում է, որ ընդհանուր առմամբ 2014 թվականին մեր երկրում արտադրվող կենդանական ծագման մթերքների արտադրության ծավալները կգերազանցեն նախորդ տարվա ցուցանիշը ավելի քան 107 %-ով:
Հարկ է նշել, որ վերջին տարիներին մեր հանրապետությունում նկատվում են գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակի կտրուկ աճի միտումներ, ինչով էլ պայմանավորված է կենդանական ծագման մթերքների արտադրության ծավալների կայուն աճը:
Հատկանշական է, որ ԱՊՀ երկրների շարքում Հայաստանի Հանրապետությունը երեք տարի անընդմեջ առաջին կամ երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում նախորդ տարվա համեմատությամբ անասնագլխաքանակի աճման ցուցանիշներով: Ի դեպ, Հայաստանի Հանրապետությունը ԱՊՀ երկրների շարքում առաջին կամ երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում նաև որոշ կենդանական ծագման սննդամթերքի գների էժանությամբ: Այսպես, 1 կգ տավարի մսի գներով Հայաստանը զիջում է միայն Բելոռուսի Հանրապետությանը, իսկ պանրի ամենացածր գները ձևավորված են Հայաստանում:
Անասնաբուծության ներկայիս վիճակը և զարգացման միտումները թույլ են տալիս փաստել, որ առաջիկա տարիներին ևս մեր երկրում կարելի է ակնկալել կենդանական ծագման մթերքների արտադրության ծավալների կայուն և տևական աճ:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին
Աջակցություն են ստանում էլեկտրաէներգիայի թանկացումից և բնական աղետից տուժած քաղաքացիները
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
ՀՀ կառավարությունն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ, որոնց նպատակն է աղքատ ընտանիքների համար փոխհատուցել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմամբ պայմանավորված սպառման ծավալի մեծացումը և հնարավորինս աջակցել, կանխել աղքատության խորացումն այդ ընտանիքների համար: Որոշվել է դրամական օժանդակություն տրամադրել աղքատության հիմքով նշանակվող՝ կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստի իրավունք ունեցող բոլոր ընտանիքներին՝ ընտանեկան նպաստի բազային մասը բարձրացնելով 1000 դրամով, սոցիալական նպաստը՝ 1000 դրամով, եռամսյակային հրատապ օգնությունը՝ 1000 դրամով: Այսպիսով, նպաստի միջին ամսական չափը կբարձրանա 1000 դրամով՝ 29 հազար 350 դրամից դառնալով 30 հազար 350 դրամ:
Մեկ այլ որոշմամբ Վարդենիս համայնքում փոթորկից տուժած տնտեսություններին որպես անհատույց աջակցություն տրամադրվել է մետաղապլաստե բլոկով ցինկապատ մետաղական թիթեղ, արտասահմանյան պրոֆիլով պատուհաններ: Միաժամանակ նախատեսվում է հիմնանորոգել Մադինա համայնքի դպրոցը:
Գարնանային հեղեղումների, բնական և տեխնածին այլ աղետների հետևանքով պետական նշանակության ճանապարհների առանձին հատվածների հրատապ և առաջնահերթ հիմնանորոգման անհրաժեշտությունից ելնելով կառավարությունը որոշել է անհրաժեշտ գնումներն իրականացնել բանակցային ընթացակարգով, առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու, քանի որ մրցույթի այլ ձև կիրառելու դեպքում հնարավոր չէ ժամանակին ապահովել աշխատանքի ամբողջ ծավալը:
Փոքր և միջին ձեռնարկատերերը ՀԴՄ ձեռք կբերեն տարբերակված գներով
Իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկի փոփոխությամբ կառավարությունը սահմանել է, որ ՓՄՁ ոլորտի հարկ վճարողների առանձին խմբերի համար նոր սերնդի ՀԴՄ-ները ս.թ. հուլիսի 1-ի փոխարեն կներդրվեն ս.թ. օգոստոսի 1-ին, հոկտեմբերի 1-ին և 2015թ. հունվարի 1-ին: Այդ հարկ վճարողներին թույլատրվել է ՀԴՄ-ները ձեռք բերել տարբերակված գներով, ընդ որում՝ սահմանամերձ գյուղերի համար ՀԴՄ-ներն անվճար են, իսկ այլ գյուղերում՝ տարբերակված գների 50 տոկոսի չափով: Վարչապետը անհրաժեշտ է համարել, որպեսզի հանրությունը հանգամանորեն տեղեկացվի կառավարության ձեռնարկած այս քայլին, որն ուղղված է ՓՄՁ աջակցությանը:
Գործադիրը Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2014թ. միջոցառումների ծրագրում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնց արդյունքում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը շահագրգիռ մարմիններից կստանա գործարար միջավայրի բարելավման մեկ ծրագրում ընդգրկված միջոցառումների տեղեկատվությունը և եռամսյակը մեկ կներկայացնի ՀՀ կառավարության աշխատակազմ, ինչի շնորհիվ կբարձրանա մոնիթորինգի արդյունավետությունը և կկրճատվի ավելորդ փաստաթղթաշրջանառությունը:
Փոփոխություններ կատարելով իր նախկին յոթ որոշումներում, գործադիրը դրանով իսկ այդ որոշումներն համապատասխանեցրել է ս.թ. հունիսի 21-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունված և ս.թ. հուլիսի 1-ից ուժի մեջ մտած կենսաթոշակային համակարգի վերանայմանն ուղղված օրենքներին:
Հայաստանցի արտագնա աշխատողների համար ավելի նպաստավոր պայմաններ կստեղծվեն
ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև ՌԴ տարածքում ՀՀ քաղաքացիների և ՀՀ տարածքում ՌԴ քաղաքացիների գտնվելու կարգի մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: Հաջորդ որոշմամբ համաձայնություն է տրվել 1994թ. հուլիսի 19-ի՝ երկու երկրների տարածքում աշխատող քաղաքացիների աշխատանքային գործունեության և սոցիալական պաշտպանության խնդիրները կարգավորող համաձայնագրում փոփոխություններ կատարելու արձանագրության կնքման առաջարկությանը: Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի միացման ճանապարհային քարտեզով նախատեսվում է, որ անդամակցության պահին մեր երկիրը պետք է միանա «Աշխատանքային միգրանտների և նրանց ընտանիքի անդամների իրավական կարգավիճակի մասին» 2010թ. նոյեմբերի 19-ի համաձայնագրին, որով ավելի բարենպաստ ռեժիմ է սահմանվում, քան նախատեսված է ՄՄ անդամ չհանդիսացող պետությունների քաղաքացիների համար: Այսպես՝ միգրանտ աշխատողը և նրա ընտանիքի անդամներն ազատվում են երկիր մուտք գործելու օրվանից 30 օրվա ընթացքում աշխատանքի տեղավորման մարմիններում գրանցվելուց: Ըստ երկրորդ փաստաթղթի, Հայաստանի քաղաքացիները կարող են առանց աշխատանքի հատուկ թույլտվության, տեղի գործատուի հետ աշխատանքային պայմանագիր կնքելով, մեկ տարի աշխատել Ռուսաստանի տարածքում: Նշված դրույթները պետք է գործեն միայն 2015թ. հունվարի 1-ից, սակայն սույն համաձայնագրերի կնքումը թույլ կտա դրանք կիրարկել ավելի վաղ ժամկետում, ինչը բխում է ՌԴ մեկնող ՀՀ քաղաքացիների շահերից:
Հաստատվել է ՀՀ 2015-2017թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը
ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ 2015-2017թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, որի հիմնական նպատակը պետական ծախսերի կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումն է: Ծրագիրը կդառնա ՀՀ 2015թ. պետբյուջեի նախագծի մշակման աշխատանքի հիմքը, ինչպես նաև պետական կառավարման մարմինների և հանրության համար ընկալելի կդարձնի կառավարության առաջիկա երեք տարվա հարկաբյուջետային քաղաքականության գերակայությունները և ծախսային քաղաքականության ռազմավարությունը: Կառավարության ղեկավարը կարևորել է այս փատաթուղթը, որը մշակվել է բոլոր նախարարությունների և գերատեսչությունների մասնակցությամբ:
Կառավարությունը թույլատրել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ներմուծված սարքավորումների ժամկետը երկարացնել ևս մեկ տարով:
2014թ. հոկտեմբերի 11-31-ը ներառյալ գյուղատնտեսական համատարած հաշվառման նախապատրաստական և անցկացման աշխատանքների իրականացման նպատակով կառավարության որոշմամբ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությանը հատկացվել է շուրջ 1 մլրդ 130 մլն դրամ, որը հաշվառման դաշտային աշխատանքի ավարտից հետո փոխհատուցվելու է Եվրամիության տրամադրելիք 2 մլն եվրո դրամաշնորհով:
Հավելավճար է տրվելու ծանր աշխատանք կատարող պետական պաշտոնյաներին
ՀՀ կառավարությունը սահմանել է, որ պետական պաշտոն զբաղեցնող անձանց բարձրլեռնային վայրերում աշխատելու դեպքում տրվում է հավելում 8 հազար դրամի չափով: Պետական պաշտոն զբաղեցնող անձանց՝ առողջության համար ծանր, վնասակար աշխատանքի կատարման դեպքում տրվում է հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 12 տոկոսի չափով, առանձնապես ծանր և առանձնապես վնասակար աշխատանքի կատարման դեպքում՝ 24 տոկոսի չափով (սույն դրույթները չեն տարածվում ՀՀ պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության համակարգում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների, քրեակատարողական ծառայության և փրկարար ծառայության ծառայողների վրա): Որոշման գործողությունը տարածվում է 2014թ. հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Մի շարք որոշումներով գործադիրը սահմանել է պետական իշխանության մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց, ՀՀ պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության հանրապետական գործադիր մարմինների համակարգում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների, քրեակատարողական ծառայության և փրկարար ծառայության ծառայողների լրավճարի դեպքերը, չափերը և վճարման կարգը, հաստատել դիվանագիտական պաշտոն զբաղեցնող անձին օտար լեզվի իմացության համար տրվող հավելավճարի չափը, դիվանագետների պաշտոնային դրույքաչափերը և այլն:
Կանցկացվի «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթը
ՀՀ կառավարությունը որոշել է «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի իրականացման նպատակով ՀՀ մարզպետարաններին լրացուցիչ գումար հատկացնել մարզահագուստ ձեռք բերելու նպատակով:
Գործադիրն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնց նպատակն է ուսումնական հաստատությունում զինվորական ղեկավարների ընտրության դեպքում միասնական համակարգի ներդրումը, որը կներառի միասնական որակական պահանջներ, ընտրության մեթոդներ, չափանիշներ՝ բոլոր շահագրգիռ կազմակերպությունների ներգրավմամբ:
Փոփոխելով և լրացնելով մեկ այլ որոշում, կառավարությունը Սյունիքի և Վայոց ձորի մարզպետարաններին հատկացրել է շուրջ 98 մլն դրամ, որով հանրակրթական դպրոցների տարրական դասարանների աշակերտները կապահովվեն սննդով:
Նիստում ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչությանը թույլատրվել է Երևանի Դավիթ Անհաղթի փողոցում գտնվող շինություններից մեկը օտարել մրցույթով. նպատակը պետական և ՏԻՄ բյուջեների մուտքերի ավելացումն է, ինչպես նաև տարածքի վիճակի բարելավումը:
Կառավարությունը որոշել է Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի Ծաղկաձորում գտնվող շենք-շինությունները երեք տարով ուղղակի վարձակալությամբ տրամադրել «Օլիմպիկ Ռեսթ» ՍՊԸ-ին:
Կառավարության որոշմամբ Տավուշի մարզպետին հանձնարարվել է «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնտեսական գոտու հողամասերից մեկը «Քեմփ վենչուրս» ՓԲԸ հողամասի հետ փոխանակելուց հետո ազգային պարկի հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա, ՀՀ բնապահպանության նախարարին՝ ներկայացնել նշված հողամասը ազգային պարկին ամրացնելու կառավարության որոշման նախագիծ: Որոշման նպատակը Դիլիջանի միջազգային դպրոցի անձնակազմի և սաների ուսուցման և հանգստի կազմակերպումն է: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ պայմանագրի կողմերը պետք է բարեխճորեն կատարեն իրենց պարտավորությունները և խոստացել Տավուշի մարզ այցելելու դեպքում սեփական աչքով տեսնել կատարված աշխատանքը:
Իր նախկին որոշումներից մեկի փոփոխությամբ կառավարությունը կարգավորել է «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կանոնադրական նոր գործառույթի՝ ազգային պարկի տարածքում գտնվող հանրային լողափերի սպասարկման ծառայությունների հետ կապված հարաբերությունները:
Այլ հարցեր
Գործադիրը «Ամ-Էսկա» ՍՊԸ-ին տվել է վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման արտոնագիր:
Կառավարության որոշմամբ Երևանի բնակիչ, Պրահայի տեխնիկական համալսարանի ասպիրանտ Դավիթ Հարությունյանին մինչև ուսումնառության ավարտը՝ 2017թ. ձմեռային զորակոչը, տարկետում է տրվել պարտադիր զինվորական ծառայության զորակոչից:
Նիստում Կամո Ադամյանն ազատվել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից:
Նիստի ավարտին վարչապետը դիմել է ներկաներին. «Ես առաջարկում եմ իմ գործընկերներին, և այդ աշխատանքի համակարգումը հանձնարարում եմ փոխվարչապետին, որ նախարարները ամիսը մեկ անգամ ըստ գրաֆիկի այցելեն մարզեր: Շատ կարևոր և նույնիսկ պարտադիր է, որ յուրաքանչյուր նախարար գոնե ամիսը մեկ անգամ այցելի մեկ մարզ, ծանոթանա, ժողովրդի հետ հանդիպի, քննարկի, թե ինչ պրոբլեմներ ունի մեր ժողովուրդը: Շատ կարևոր է, որպեսզի կառավարությունը շփվի մեր հասարակության, ազգաբնակչության հետ»:
Պարտադիր ու պարտադրված. կառավարության մոտեցումը կուտակային կեսնաթոշակային համակարգին
Հունիսի 21-ին ԱԺ-ն երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կուտակային կենսաթոշակների մասին կառավարության ներկայացրած օրենքի նոր նախագիծը: «Կողմ» քվեարկեց 66 պատգամավոր, «դեմ» և «ձեռնպահ» չկային. նիստին ընդդիմադիր խմբակցությունները չէին մասնակցում:
Կառավարությունը, խախտելով բոլոր հնարավոր ընթացակարգերը, որոնք պետք է ապահովեին խորհրդարանին ինչ-որ բան ներկայացնելու համար, ներկայացրեց ու քվեարկության դրեց այս նոր օրինագիծը, ինչպես նշում էին ԱԺ ոչ իշխանական պատգամավորները: Օրենքի պահանջ էր, որ նախագիծը պետք է անցներ լուրջ ուսումնասիրություն ԱԺ հանձնաժողովներում, հանրային քննարկումներ անցկացվեին առնվազն 15 օր: Նախագծին պետք է կցված լիներ արդարադատության նախարարի եզրակացությունը, որ այն համապատասխանեցված է ՍԴ պահանջներին: ԱԺ ընդդիմադիրները համոզված են` այս պահանջներից ոչ մեկը չի կատարվել ու ոչինչ էլ չի համապատասխանեցվել:
Դրանից հետո ԱԺ ոչ իշխանական չորս ուժերը, խորհրդակցելով հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում ընդգծեցին. «Ոչ իշխանական քաղաքական ուժերը հայտարարում են, որ կուտակային կենսաթոշակներին վերաբերող օրենսդրական փաթեթի քննարկումն ու քվեարկությունն անվավեր են: Մենք դատապարտում ենք քաղաքական մեծամասնության այսօրինակ գործելաոճը և հայտարարում, որ հասարակության հետ վճռականորեն շարունակելու ենք պայքարել` ՍԴ որոշման ամբողջական կիրառման համար»:
Նոր օրինագծով կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը հետաձգվում է մինչև 2017 թ., այսինքն` ով ուզում է չմասնակցել պարտադիր կուտակայինին, պետք է նորից դիմում գրի այդ կապակցությամբ: Իսկ մինչ 2017 թ. պարտադիր բաղադրիչը պետք է տարածվի պետական հատվածի աշխատողների վրա:
«Կառավարությունը փորձում է այս կերպ բաժանել շահառուների խմբին, և 2017 թվականից հետո աշխատաշուկա մտնողներին ու մասնավոր հատվածի աշխատակիցներին մտցնել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգ»,- այս առումով նշում է «Դեմ եմ» նախաձեռնության անդամ Դավիթ Խաժակյանն ու անընդունելի համարում այդ մոտեցումը:
Կառավարության նոր ներկայացրած ու ԱԺ քաղաքական մեծամասնության կողմից հաստատված նոր օրենքում, համոզված են դրան դեմ արտահայտվողները, ոչինչ չի փոխվել, բացի մի ձևակերպումից` պարտադիր բաղադրիչը դարձել է նպատակային վճար` սոցվճար, որն, ի դեպ, հարկերին հավասարեցված վճար է ու պետք է համատարած լինի բոլորի համար:
«Պարզապես չի կարող մեկի համար լինել ու մյուսի համար չլինել. տարիքի խտրականություն կա, սոցիալական վիճակի խտրականություն կա, աշխատանքի խտրականություն կա, դրա տրամաբանությունը ո՞րն է»,- նշում էր «Դեմ եմ» նախաձեռնության ներկայացուցիչ Գևորգ Գորգիսյանը` նոր օրինագիծն ԱԺ ներկայացվելու օրը:
Այս պնդմանը, իհարկե, այլ պատասխան ունի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, որ համոզված նշում է, թե միայն ձևակերպումները չէ, որ փոխվել են, այլ նոր օրենքում կան բազմաթիվ էական փոփոխություններ, և «Դեմ եմ»-ի ու ընդդիմադիր պատգամավորների դժգոհությունների ու բերած փաստարկների կապակցությամբ էլ ընդգծում. «Ես ինչքան հասկանում եմ, ինչ էլ ներկայացվի` իրենք դեմ են լինելու,- իսկ լրագրողի դիտարկմանը, թե նրանք փաստարկում են իրենց դժգոհությունները` հավելեց,- մենք էլ ենք փաստարկում»:
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հունիսի 20-ին ԱԺ-ում, երբ քննարկվում էր կառավարության ներկայացրած կուտակային օրենքի նոր փաթեթը, ի պատասխան այն պնդման, թե միայն պարտադիր կուտակային բաղադրիչի անունը չի փոխվել «նպատակային սոցիալական վճար» բառով, հայտարարեց. «Աղբի անունը մեղր դնելով` այն չի քաղցրանում, այլ նույն աղբն է մնում»:
Ըստ պատգամավոր Արմեն Ռուստամյանի էլ` կառավարությունը փորձ է անում ստեղծել ինչ-որ ծխածածկույթ ու դրա տակ ընդունել ժողովրդի համար անընդունելի ծրագրերն ու օրենքները:
«Ինչի՞ ենք մենք մեզ խաբում, թե դա նպատակային սոցիալական վճար է, էս ամեն ինչի մեջ ճիշտը միայն վճար բառն է, որ վճարելու է ժողովուրդը: Դա նպատակային վճար չէ, սուտ եք ասում, որովհետև դա ֆինանսական ծրագիր է հետապնդում, բացեք ու կարդացեք, դա ֆինանսական խնդիր է լուծելու, ինչի՞ եք խաբում ժողովրդին, թե նրա սոցիալական հարցն եք լուծում»,- նշում էր Ռուստամյանը:
Մի ուշագրավ դիտարկում. ինչ վերաբերում էր կուտակային կենսաթոշակային համակարգին, ապա թե՛ օրենքների առաջին փաթեթի դեպքում, որի դրույթները ՍԴ-ի կողմից Սահմանադրությանը հակասող ճանաչվեցին, թե՛ այս դեպքում կառավարությունը փաթեթները ԱԺ-ում քննարկելու համար արտահերթ նստաշրջաններ հրավիրեց, ինչը, ըստ ԱԺ ընդդիմադիր պատգամավորների, հնարավորինս հեշտ ու արագ այս համակարգը կյանքի կոչելն է: Ինչ վերաբերում է հարցին, թե ում վրա է պարտադիր տարածվելու համակարգը, ապա կառավարությունը նշում է, թե մինչև 2017 թ. պարտադիր բաղադրիչը կկիրառվի մոտ 50-60 հազար պետական աշխատողների վրա, որոնց համար այդ միջոցները փոխանցելու է պետությունը: Այս պնդմանն էլ ընդդիմադիրները հակադրում են իրենց պնդումը` եթե համակարգը մնա 50 հազար հոգու վրա, չի գործի, կրիտիկական զանգված չի հավաքվի, և կառավարությանը պետք է նվազագույնը 160-200 հազար մարդ, որպեսզի ֆինանսական հարցեր լուծի բարեփոխման անվան տակ:
Հիշենք` վարչապետ Հովիկ Աբրահամյանը կուտակային կենսաթոշակային համակարգի մասին նշել էր` այն պետք է լինի պարտադիր, բայց ոչ պարտադրված, ինչի կապակցությամբ ընդդիմադիր պատգամավորներից մեկը նշեց, թե նոր օրինագծով վարչապետի այդ հայտարարության իմաստը բացվեց. համակարգը պարտադիր է պետական համակարգի աշխատողների համար և պարտադրված մասնավոր սեկտորի 90 տոկոսի համար: Ոչ թե «պարտադիր, բայց ոչ պարտադրված», այլ պարտադիր և պարտադրված:
Այս ամենին հավելենք, որ չնայած թե՛ խորհրդարանական ընդդիմությունը, թե՛ «Դեմ եմ» նախաձեռնությունը հայտարարել էին, որ վտանգների դեպքում համապատասխան քայլերի կդիմեն, ընդհուպ մինչև բողոքի ակտիվ ակցիաների վերսկսում` ակտիվ պայքար, փողոցներում դեռ այդ բողոքի ակցիաները չեն երևում:
Էլեկտրաէներգիան թանկացավ մոտ 4 դրամով` սպառողական շուկայում սպասվում է հիպերգնաճ
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) հուլիսի 1-ին որոշում ընդունեց էլեկտրաէներգիայի սակագինը ևս մոտ 4 դրամով ավելացնելու մասին: Այսպիսով` էլեկտրաէներգիան Հայաստանում օգոստոսի 1-ից կթանկանա 3,85 դրամով կամ մոտ 10%-ով: ՀԾԿՀ-ի կողմից կայացված որոշման համաձայն` այս տարվա օգոստոսի 1-ից սովորական սպառողներին մատակարարվող էլէներգիայի ցերեկային սակագինը կկազմի 41,85 դրամ մեկ կՎտ ժամի դիմաց, իսկ գիշերայինը` 31.85 դրամ: Ներկայումս էլէներգիայի ցերեկային սակագինը կազմում է 38 դրամ, գիշերայինը` 28 դրամ:
Էլեկտրաէներգիան 1 տարում թանկացավ շուրջ 40%-ով
Էլէներգիայի վերջին թանկացումը տեղի է ունեցել ընդամենը մեկ տարի առաջ` 2013 թ. հուլիսի 7-ին, այդ ժամանակ այն թանկացավ 27%-ով: Փաստորեն, միայն մեկ տարվա ընթացքում էլեկտրաէներգիան Հայաստանում կթանկանա 37%-ով: Սա առաջին անհրաժեշտության ապրանքի հիպերգնաճ է:
ՀԾԿՀ-ն որոշումն ընդունեց ոչ միայն հաշվի չառնելով իր վարչական շենքի մոտ անցկացվող հանրային բողոքի ակցիան, նիստի ընթացքում մի քանի քաղաքական ուժերի և հասարակական կազմակերպությունների` սակագնի թանկացման որոշումը որոշ ժամանակով հետաձգելու և ավելի համակողմանի, խորը մասնագիտական քննարկման առարկա դարձնելու առաջարկությունը, այլև` անխուսափելի թվացող համատարած գնաճի հետ կապված սոցիալ-տնտեսական հնարավոր հետևանքները:
Հանձնաժողովն այդպես որոշեց սոսկ այն պատճառով, որ այդպես ցանկացավ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսերին տիրապետող ռուսական «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերությունը: Թերթերից մեկն այս տարվա փետրվարին էր գրել, որ միտումնավոր կերպով էլեկտրացանցերը հասցվում են սնանկացման եզրին, որպեսզի առաջացած ֆինանսական ճեղքվածքը փակելու համար պարզապես անխուսափելի համարվի արտադրվող էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը: Փաստորեն, իրադարձությունները զարգացան հենց այդ տրամաբանությամբ:
Դեռ մեկ ամիս առաջ հատուկ պաշտոնական հաղորդագրությամբ ՀԾԿՀ-ն նախազգուշացրեց հնարավոր թանկացման մասին. Ըստ հիմնավորումների` ներկայումս ՀԷՑ-ը ջերմաէլեկտրակայաններից ավելի թանկ գնով է ձեռք բերում էլէներգիան, քան նախատեսված է եղել ներկայիս սակագնով, իսկ էլեկտրաէներգիայի սպառումը նվազել է: Փաստորեն սակագնի կառուցվածքում տեղի է ունեցել փոփոխություն, և ՀԷՑ-ը կուտակել է խոշոր պարտքեր` մի քանի տասնյակ միլիոն դոլար: ՀԷՑ-ի ֆինանսական ծանր վիճակի մասին խոստովանել է հենց ընկերության էկոնոմիկայի և ֆինանսների գծով տնօրեն Վլադիմիր Սազանովը: Ապրիլի 16-ին ՀԾԿՀ նիստին նա հայտնել է, որ թանկ էլէներգիա ձեռք բերելու պատճառով ընկերությունը 2 տարվա ընթացքում կրել է մոտ 60 մլն դոլարի վնաս: Դրանից առաջ էլ ՀԷՑ-ը կուտակած պարտքեր ուներ:
«Հայաստանի էլեկտրական ցանցերն» էլ օրերս հրապարակեց 2013 թ. ֆինանսական հաշվետվությունը` Ernst and Young անկախ աուդիտորի եզրակացությամբ: Ըստ այդմ, ՀԷՑ-ը կուտակել է 44 մլրդ 470 մլն դրամի վնաս:
«Այս հանգամանքները վկայում են էական անորոշության առկայության մասին, որը կարող է կասկածի տակ դնել ընկերության գործունեության անընդհատությունը շարունակելու ունակությունները»,- եզրակացրել է անկախ աուդիտորը: Այլ կերպ ասած` ՀէՑ-ը գտնվում է սնանկացման եզրին: Հենց այս պատճառաբանությամբ էլ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշեց բարձրացնել էլէներգիայի սակագինը:
Գինը, որ պետք է վճարեն քաղաքացիները էլեկտրաէներգիայի թանկացման պատճառով
Մինչ այդ` հունիսի 23-ին, մի շարք մտահոգ քաղաքացիներ փորձեցին բողոքի ցույցեր անցկացնել ՀԾԿՀ-ի շենքի առջև, որը բռնի ուժով ճնշվեց ոստիկանության կողմից: Իսկ հունիսի 24-ին ԱԺ ոչ իշխանական չորս ուժերը` ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն և «Ժառանգությունը», համատեղ հայտարարություն տարածեցին, որում, մասնավորապես, նշում էին.
«Վերջին մեկ տարվա ընթացքում սա երկրորդ թանկացումն է: Ընդամենը մեկ տարում, փաստորեն, սակագինը բարձրանում է 40%-ով` 30 դրամից դառնալով 41.85 դրամ: Մենք արձանագրում ենք. 1. Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ հանրությանը ներկայացվող պատճառները համոզիչ չեն և անընդունելի են: 2. Էներգետիկ համակարգի մի շարք ձեռնարկությունների փաստացի սնանկ վիճակում հայտնվելը բնական մենաշնորհների կարգավորման ոլորտում տարիներ շարունակ իրականացվող ոչ արդյունավետ և անհամարժեք քաղաքականության վկայությունն է: 3. Էլեկտրաէներգիայի սակագնի աճը վատթարացնելու է սոցիալ-տնտեսական պայմանները` մեծացնելով գնաճը, աղքատության մակարդակը, նվազեցնելով բնակչության գնողունակությունն ու հայկական ապրանքների մրցունակությունը: 4. Էլեկտրաէներգետիկ համակարգում ֆինանսական «ճեղքվածքը» հաղթահարելու համար կառավարությունը պետք է օգտագործի ֆինանսական այլ ռեսուրսներ` բացառելով հասարակության և տնտեսության վրա սակագնի բարձրացման բացասական ազդեցությունը: ՀՀ իշխանություններից պահանջում ենք. 1. Իրականացնել էլեկտրաէներգիայի արտադրության և բաշխման համակարգի ամբողջական, անկողմնակալ տեխնիկական, տեխնոլոգիական և ֆինանսական աուդիտ, բացահայտել համակարգի անարդյունավետության բոլոր պատճառները, պատասխանատվության կանչել մեղավորներին: 2. Ոլորտում պետական կարգավորման լիարժեք համակարգ ձևավորելու նպատակով նախաձեռնել օրենսդրական փոփոխություններ, այդ թվում` վերանայել առանձին ձեռնարկությունների շահութաբերության մակարդակը, բարձրացնել համակարգի անվտանգությունն ու հուսալիությունը, ներդնել էլեկտրաէներգիայի սակագնի ձևավորման կանխատեսելի համակարգ: 3. Մինչև վերը նշված գործողությունները կատարելը բացառել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը»:
Հուլիսի 1-ին` էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման մասին որոշում կայացնելուց առաջ, ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը կարճ ելույթ ունեցավ և անդրադառնալով ընդդիմադիրների այն պնդումներին, որ եթե հանրությունը մի բանի դեմ է, պետք է կանգ առնել, ասաց, որ յուրաքանչյուրը, առավել ևս` պետական պաշտոնյան պետք է իր գործը լավագույնս կատարի: Նազարյանը խնդրեց բոլոր հարցերն ու մեղադրանքներն իրենց չուղղել, քանի որ դրա համար կան պատկան մարմիններ:
«Իհարկե, աղքատություն կա, սոցիալական բեռ է ավելացնում այս թանկացումը, առաջին անհրաժեշտության սննդամթերքի թանկացման կարող է հանգեցնել, բայց այս հարցերը պետք է ուղղել պատկան մարմիններին: Ես առանց սպառնալու զգուշացնում եմ, որ եթե ճիշտ ազդակ չհաղորդենք համակարգին, կայունությունը կարող է խարխլվել: Այն ժամանակ ավելի շատ կտուժեք, քան սոցիալական բեռն է, որ առաջանալու է»,- ասաց Նազարյանը ու հավելեց, որ մեծ սիրով այս նիստը չէր հրավիրի, բայց ավելին անել չի կարող:
Ինչ վերաբերում է գնաճին, ապա արժե նշել, որ էլեկտրաէներգիայի սակագների աճը ոչ թե կարող է հանգեցնել թանկացման, ինչպես նշում էր Ռոբերտ Նազարյանը, այլ հաստատ հանգեցնելու է: Որովհետև էլեկտրաէներգիան տնտեսության մեջ արդյունք արտադրելու կարևորագույն բաղադրիչներից է, առանց որի ուղղակի հնարավոր չէ պատկերացնել արտադրական գործընթացի կազմակերպումը: Իսկ եթե արտադրական գործընթացում ինչ-որ բան թանկանում է, ապա դա անպայման անդրադառնում է արտադրվող ապրանքների ու մատուցվող ծառայությունների վերջնական գնի վրա:
Բերենք մի քանի օրինակներ: 12-ամսյա պարբերականությամբ, այսինքն՚ 2014 թ. ապրիլին, նախորդ տարվա ապրիլի համեմատ, հանրապետության սպառողական շուկայում արձանագրվել է 4,4 տոկոս գնաճ: Պարենային ապրանքների գներն աճել են 2,6%-ով, ոչ պարենային ապրանքներինը՚ 1,8%-ով, իսկ ծառայությունների սակագների աճը կազմել է 8,5%: Գնաճի, ավելի պարզ ասած` թանկացման վերաբերյալ այս վիճակագրական տվյալները ներկայացնելիս ՀՀ ԱՎԾ գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը հստակ ընդգծեց, որ օրինակ` ծառայությունների ոլորտում արձանագրված գնաճի վրա իր էական ազդեցությունն է ունեցել նախորդ տարի տեղի ունեցած գազի ու էլեկտրաէներգիայի թանկացումը` 2,5 տոկոսային կետի ազդեցություն, այսինքն՚ 8,5% գնաճից 2,5%-ը միայն ապահովել է գազի ու էլեկտրաէներգիայի թանկացումը:
Ընդ որում, շեշտենք, եթե էլեկտրաէներգիան թանկանում է 3.85 դրամով, պարտադիր չէ, որ օրինակ` հացը, որը թխվում է էլեկտրական վառարանում, թանկանա այդ թվին համարժեք: Որովհետև, նախ թանկանում է ալյուրը, քանի որ էլեկտրական ալրաղացներն են թանկացնելու իրենց գները, հետո` նույն փուռն է սկսելու հաց թխելու համար ծախսված էլեկտրաէներգիայի յուրաքանչյուր կիլովատ/ժամի համար 3.85 դրամ ավելի գումար ծախսել, ջուրն է թանկանալու, քանի որ ջրամատակարարման համակարգում էլ էլեկտրաէներգիան մեծ դեր ունի գոնե ջուրը պոմպերով մղելու առումով, և այսպես շարունակ: Ու այս բոլոր թանկացումները դոմինոյի էֆեկտով հանգեցնելու են սպառողական շուկայում ապրանքների ու ծառայությունների հիպերգնաճի` ավելի մեծ ծավալով, քան զուտ էլեկտրաէներգիայի թանկացումն էր:
Ու եթե հաշվի առնենք, որ ՀՀ շարքային քաղաքացիների ամսական ծախսերի մոտ 60-80%-ը կազմում են հենց սպառողական ծախսերը, ապա պարզ է, թե ինչ սոցիալական բեռի է վերածվելու այս թանկացումը ու էլ ավելի խորացնելու հասարակության առանց այն էլ ծանր սոցիալական վիճակը:
Դոլարը`408 դրամ
Հանրապետության նախագահն առաջարկել է վարչապետին գտնել եղանակներ մեղմելու էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ազդեցությունը
Հանրապետության նախագահն առաջարկել է վարչապետին գտնել եղանակներ մեղմելու էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ազդեցությունը սոցիալապես անապահով ընտանիքների համար: Խնդրին լուծում տալու նպատակով վարչապետը հանձնարարել է ֆինանսների, էկոնոմիկայի, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարներին մշակել շուրջ 105 հազար սոցիալապես անապահով ընտանիքների ընտանեկան նպաստի չափը ավելացնելու մասին կառավարության որոշման նախագիծ: Նախագիծը պետք է ներկայացվի ս.թ. հուլիսի 3-ին կառավարության նիստում քննարկելու համար:
Օգոստոսի 1-ից հոսանքը կթանկանա
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կայքից Անկախը տեղեկացավ, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, շուրջ երկու ամիս ուսումնասիրելով էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների ներկայացրած՝ լիցենզավորված գործունեության իրականացման համար անհրաժեշտ ծախսերի և պարտավորությունների 2014-2015 թվականների կանխատեսումները, սույն թվականի հունիսի 4-ից պաշտոնապես տեղեկացրել էր էլեկտրական էներգիայի սակագների վերանայման գործընթաց սկսելու վերաբերյալ: Նշված գործընթացն սկսելուն պես` նպատակ ունենալով ապահովել «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածով սահմանված կարգավորման թափանցիկությունը, ՀՀ օրենսդրությամբ հանձնաժողովին վերապահված լիազորությունների շրջանակներում, սույն թվականի հունիսի 4-ից հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում մասնակցել է էլեկտրական էներգիայի սակագների վերանայման թեմայով շահագրգիռ բոլոր կողմերի հետ կազմակերպած քննարկումներին և հանդիպումներին՝ ինչպես հանձնաժողովում, այնպես էլ հանձնաժողովից դուրս: Մասնավորապես, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ներկայացուցիչները մասնակցել են լսումների ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում, ՀՀ հանրային խորհրդում, ունեցել են մի շարք հանդիպումներ տարբեր ԶԼՄ-ների, կուսակցությունների, ՀԿ-ների ներկայացուցիչների և քաղաքացիների հետ: Նրանց տրվել են համապատասխան պարզաբանումներ և հիմնավորումներ էլեկտրական էներգիայի սակագնի վերանայման վերաբերյալ: Աշխատանքային հանդիպումների ընթացքում մանրամասն քննարկվել են հանձնաժողովի կողմից իրականացված հաշվարկները, տրվել են պարզաբանումներ: Բոլոր շահագրգիռ անձանց տրամադրվել են հանձնաժողովի տիրապետման տակ գտնվող պահանջված փաստաթղթերը: Էլեկտրական էներգիայի սակագնի վերանայման վերաբերյալ բոլոր հաշվարկները տեղադրված են եղել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պաշտոնական կայքէջում (www. psrc.am):2014 թվականի հուլիսի 1-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում կայացած նիստում քննարկվել են էլեկտրական էներգիայի սակագների սահմանման մասին հարցերը: Նիստին մասնակցել են սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպություններ, պետական մարմինների ներկայացուցիչներ, ԶԼՄ-ներ: Հ/Կ-ներին ընձեռվել է սեփական առաջարկությունները ելույթներով ներկայացնելու հնարավորություն:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, քննարկելով վերը նշված հարցերը, որոշել է սահմանել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի հետևյալ սակագները.
1) 35 կՎ և բարձր լարմամբ սնվող սպառողների համար`
ա. ցերեկային սակագին` 32.85 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,
բ. գիշերային սակագին` 28.85 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.
2) 6 (10) կՎ լարմամբ սնվող սպառողների համար`
ա. ցերեկային սակագին` 38.85 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,
բ. գիշերային սակագին` 28.85 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.
3) 0,38 կՎ լարմամբ սնվող սպառողների (այդ թվում` բնակչության) համար`
ա. ցերեկային սակագին` 41.85 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,
բ. գիշերային սակագին` 31.85 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը:
Սահմանված սակագները ուժի մեջ կմտնեն 2014 թվականի օգոստոսի 1-ից։
Դոլարը շարունակում է իջնել
Հյուսիս-հարավ ճանապարհի հարցում փոխադարձ մեղադրանքները նոր փուլ են մտնում
Այս տարվա սկզբից սկսեցին խոսակցություններ շրջանառվել Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի շինարարական աշխատանքների, ավելի ճիշտ` դրանց չգոյության մասին: Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնող ՀԿ-ների միջազգային ֆորումի հայաստանյան ներկայացուցիչ, Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանը բազմիցս տարբեր լրատվամիջոցներով, վերջին անգամ էլ այս ամիս հայտարարեց, որ ԱԶԲ-ի կողմից տրամադրված գումարն ամբողջությամբ ծախսված է, բայց մինչ օրս կառուցվել է 556 կմ երկարությամբ ճանապարհի ընդամենը 25 կմ-ը:
Մեղադրանքները հնչում են թվերով
Հյուսիս-հարավ ավտոմայրուղու շինարարությունը պետք է ձգվի Մեղրիից մինչև Բավրա և ըստ պատասխանատուների` ունենա մոտ 500 կմ երկարություն, սակայն Սիլվա Ադամյանը 556 կմ թիվն է նշում: Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ է 962 մլն, որից 500 մլն-ը տրամադրել է ԱԶԲ-ն:
«2009 թ. մեկնարկող ծրագիրը մինչև 2012 թ. բացարձակ անտեսանելի էր բոլորիս համար: Մի քանի անգամ մեկնեցինք տարածքներ` փորձելով հասկանալ, թե ինչ փոփոխություններ կան, բայց տեսանք, որ ծրագիրը չի մեկնարկում, դիմեցինք Ասիական զարգացման բանկ, պատասխան չստացանք, և հետո հնարավորություն ստեղծվեց մեկնելու Ասիական զարգացման բանկի ամեն տարվա հավաքին. դա արդեն 2011-ի վերջին էր: Ներկայացրինք մեր երկրում տիրող իրավիճակը: Մեր ուսումնասիրությունների համաձայն` ճանապարհի ոչ մի կմ կառուցված չէր և տենդեր էր հայտարարվել շինարարական կազմակերպությունների համար»,- ասել է Սիլվա Ադամյանը: Դրանից հետո սկսվել են նաև Վերահսկիչ պալատի ստուգումները, որը հայտնաբերել է խախտումներ:
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրին անդրադարձավ «Հետքի» գլխավոր խմբագիր, հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանը` նշելով, թե դժվար է ստույգ ասել` որքան գումար է անհետացել Հյուսիս-Հարավ ճանապարհի կառուցման ընթացքում: Այս մասին Epress.am-ի «Շաբաթվա ամփոփում» հաղորդման ընթացքում նա հայտարարեց, որ 954 մլն դոլար ընդհանուր արժեքով այս նախագիծը ներկայումս հնարավոր չէ կյանքի կոչել:
«Տարբեր մասնագետների հետ եմ քննարկել, ու բոլորն ասում են, որ այս նախագծով ընդհանրապես հնարավոր չէ ճանապարհը սարքել, որովհետև նախագիծը կարծես սևագրություն լինի: Դժվար է ասել` որքան գումար է անհետացել, բայց առաջին երեք հատվածները, որոնք պետք է առաջին փուլով կառուցվեին` Երևան-Արարատ, Երևան-Աշտարակ, Աշտարակ-Թալին ճանապարհները, որտեղ ամենամեծ կտորը Աշտարակ-Թալինն է և կարծեմ` ամենամեծ արժեքն ունի` 180 մլն դոլար, չկան: Երեք հատվածներն արդեն պետք է ավարտված լինեին: Աշտարակ-Թալին հատվածում, կարելի է ասել, դեռ 2 տոկոս աշխատանք են կատարել: Դեռ աշխատանքները չսկսած` 31 մլն ավանս է տրվել այդ ընկերությանը: Դեռ չգիտենք` ինչպես է դա եղել: Այսինքն` դեռ որևէ բան չէին արել, 31 մլն դոլար հատկացվել է»,- ասել է Բաղդասարյանը:
Նախ` անդրադառնալով հարցին, թե ինչու Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարությունը գրեթե մեկ տարի ուշ սկսվեց, իսկ հետո ինչու հրաժարականի դիմում ներկայացրեց Արա Հովսեփյանը, հունիսի 20-ին ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը նշեց, որ ճանապարհի շինարարության իրականացման ժամանակ հայտնաբերվել են շինարարի
կողմից թերացումներ, ինչի հետևանքով էլ Հյուսիս-հարավ ԾԻԳ-ի տնօրեն Արա Հովսեփյանն աշխատանքից ազատման դիմում է գրել: Հիշենք, որ ժամանակին` 2013 թ. ապրիլին Արա Հովսեփյանի աշխատանքից ազատման դիմումի վերաբերյալ պաշտոնական պարզաբանում չեղավ: Նախարար Բեգլարյանը լրագրողներին հայտնեց նաև, որ այն ժամանակ թերացումներ են հայտնաբերված եղել ոչ միայն Վերահսկիչ պալատի, այլև հենց նախարարության համապատասխան մարմինների կողմից:
Հյուսիս-հարավ ԾԻԳ-ը նույնպես թվերով է խոսում, բայց այլ թվերով…
«Հյուսիս-հարավ ներդրումային ԾԻԳ» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արթուր Սարգսյանը հունիսի 20-ին հայտարարեց, որ հրապարակված տեղեկությունները, թե Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շինարարական աշխատանքների համար նախատեսված 900 մլն դոլարից ավելի գումարի չարաշահումներ են եղել, չեն համապատասխանում իրականությանը:
Արթուր Սարգսյանի խոսքով` Տրանշ-1-ը ներառում է հյուսիս-հարավ արագընթաց ճանապարհային միջանցքի Երևան-Արտաշատ և Երևան-Աշտարակ հատվածը` շուրջ 31 կմ: Առաջին տրանշի շրջանակներում իրականացվում են Երևան-Աշտարակ քառաշարք ճանապարհի վերակառուցման, Երևան-Արարատ քառաշարք ճանապարհի վերակառուցման, այնուհետև անվտանգության բարձրացման և ծրագրի կառավարմանն օժանդակելու, ներառյալ` ներդրումային ծրագրի ներքո հետագա ծրագրի մանրամասն նախագծի ֆինանսավորումը, վերահսկողության վերաբերյալ խորհրդատվության և մրցույթի փաստաթղթերի ու գնումների պատրաստման աշխատանքները:
Տրանշ-1-ի շինարարական աշխատանքները ֆինանսավորվում են ԱԶԲ-ի կողմից` 60 մլն ԱՄՆ դոլարի չափով և ՀՀ պետբյուջեից` միայն հարկերի մասով շուրջ 15 մլն ԱՄՆ դոլարի չափով: Տրանշի շինարարական աշխատանքների ընդհանուր արժեքը գնահատվել է 70,4 մլն ԱՄՆ դոլար: Տրանշ-1-ի շինարարական աշխատանքների մի մասը` ճանապարհի երթևեկելի մի հատվածը, արդեն իսկ ավարտվել է, իսկ երթևեկելի մյուս մասն արդեն մեկնարկել է ու, Արթուր Սարգսյանի հավաստմամբ, կավարտվի մինչև այս տարվա դեկտեմբերի վերջը: Զուգահեռաբար մեկնարկել են նաև Տրանշ-2-ի շինարարական աշխատանքները. կատարվում են ճանապարհի մշակման, հողային, խճի տոփանման և այլ աշխատանքներ:
ՊՈԱԿ-ի տնօրենը տեղեկացրեց նաև, որ առաջին և երկրորդ ծրագրերի շինարարական աշխատանքների իրականացման համար, ԱԶԲ ընթացակարգերին համապատասխան, միջազգային բաց մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված իսպանական «Կորսան Կորվիամ կոնստրուկցիոն ԷսԷյ.» ընկերության հետ 2012 թ. ապրիլի 27-ին կնքվել է 250 մլն ԱՄՆ դոլարի պայմանագիր: Ընկերությունը Հայաստան է ներմուծել բետոն փռող 2 մեքենա` ամբողջությամբ համակարգչային կառավարմամբ, երկու բետոն արտադրող արտադրամասեր` ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած: Ծրագրերի շրջանակներում բոլոր գնումները իրականացվում են ԱԶԲ-ի գնումների ձեռնարկի, ծրագրի վարչարարության կանոնակարգերի և այլ կանոնակարգող փաստաթղթերի համապատասխան: Այսինքն` անհրաժեշտ միջոցները ոչ թե գալիս են Հայաստան ու մտնում բյուջե այնտեղից կապալառուին տրամադրվելու համար, այլ երբ կապալառուն վերջացնում է իր համապատասխան աշխատանքը, Հայաստանը` ի դեմս տրանսպորտի և կապի նախարարության, ստուգում, փորձարկում ու ընդունում է աշխատանքը, ինչից հետո համապատասխան փաստաթղթերն ուղարկում է ԱԶԲ-ին, որն էլ արդեն այդ փաստաթղթի հիման վրա անհրաժեշտ գումարի չափով փոխանցում է կատարում կապալառուի հաշվին: Տրանշներ 1-ի և 2-ի շրջանակներում ծրագրի սկզբից, փաստացի, ծախսերը կազմում են շուրջ 60 մլն ԱՄՆ դոլար, ներառյալ` հարկերը:
Ինչպես իր խոսքում նշեց Գագիկ Բեգլարյանը, իրենց նկատմամբ հնչած քննադատությունն ու մեղադրանքները հիմք չունեն, քանի որ ծրագրի համար մինչ օրս ծախսվել է ընդամենը մոտ 17 մլն դոլար: Իսկ մնացած մասը հայկական կողմը չի վճարում, քանի որ դեռ պետք է համոզվեն, որ կատարվել է լավ աշխատանք, ու հանձնվող ճանապարհը համապատասխանում է որակի հայտարարված չափանիշներին:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչպես է իրականացվելու շինարարությունն այնպես, որ ավարտվի նախանշված ժամկետներում, Արթուր Սարգսյանը պարզաբանեց, որ Տրանշ 1 և 2-ի աշխատանքների կատարումից հետո կամ դրան զուգահեռ ճանապարհի դեռևս չկառուցված հատվածը բաժանվելու է 20-50 կմ-անոց հատվածների, դրանց համար հայտարարվելու են մրցույթներ, որոնց մասնակցելու են տարբեր կազմակերպություններ: Ըստ այդմ, հնարավոր է, որ 2016-2017 թթ. ընթացքում ճանապարհի տարբեր հատվածներում զուգահեռաբար ականատես լինենք տարբեր կապալառուների զուգահեռ իրականացվող աշխատանքներին, դրա շնորհիվ ծրագիրը կիրականացվի սահմանված ժամկետներում:
Ինչ վերաբերում է ամբողջ ծրագրի ընդհանուր արժեքին, ապա Հյուսիս-հարավ ԾԻԳ-ի տնօրենի ներկայացրած տվյալներով` այն կազմում է 1.5 մլրդ դոլար, ոչ թե 954 մլն, իսկ ճանապարհը Բավրայից մինչև Մեղրի պետք է կրճատվի ու դառնա մոտ 500 կմ:
Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը,անդրադառնալով այն հայտարարություններին, թե Հյուսիս-հարավ ներդրումային միջանցքի ծրագիրը չի իրագործվում կամ իրագործվում է չարաշահումներով, ընդգծեց, որ իրենց համար կարևորը ծրագրի իրագործումն է, իսկ մնացած զրույցները` ով ինչ ասաց կամ հայտարարեց, իրենց համար նշանակություն չունեն:
Խրախուսվում է նոր աշխատատեղերի ստեղծումը
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
ՀՀ կառավարությունը թույլատրել է «Սենատոր գրուպ» ՍՊԸ կողմից ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմը երկարաձգել մինչև 2017թ. հունիսի 18-ը: «Շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի փոփոխությամբ հաստատվել են 2014թ. հունվարի 1-ից թույլատրելի գոտիները, որից հետո ընկերությունը ներդրումային ծրագիր է իրականացնում Ծաղկաձոր քաղաքում: Ծրագրի հաջող իրագործումը թույլ կտա ոչ միայն պահպանել եղած 118 աշխատատեղը, այլև բացել 32 նոր աշխատատեղ:
Գործադիրը փոփոխություն է կատարել իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, որով 300 մլն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման համար ԱԱՀ գումարի վճարման արտոնություն էր տրվել «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ին: Որոշումը թելադրված է ներմուծվող ապրանքների ցանկի հստակեցման անհրաժեշտությամբ: Ավելի քան 1 մլրդ դրամի ներդրումային ծրագրով ընկերությունը հիմնովին վերազինվում է, ինչը հնարավորություն կտա անցնել բարձր հստակությամբ պատկերի թվային հեռարձակմանը:
Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի բնականոն գործունեությունն ապահովելու համար գործադիրն իր պահուստային ֆոնդից բուհին հատկացրել է 200 մլն դրամ:
Իր նախկին որոշումներից մեկի փոփոխությամբ կառավարությունը հնարավորություն է ստեղծել հիմնանորոգելու Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոցի շենքը:
Կառավարության որոշմամբ Երևանի պրոֆ. Արշավիր Շավարշյանի անվան 40-րդ դպրոցի առաջին հարկի շուրջ 620 քառ. մետր տարածքը անհատույց օգտագործման իրավունքով 25 տարի ժամկետով հանձնվել է «Ռոբերտ Սահակյանցի անվան անիմացիոն արվեստանոց» ՀԿ-ին:
Իր նիստում կառավարությունը փոփոխել է իր նախկին որոշումներից մեկը և հաշվի առնելով բժշկական կրթության առանձնահատկություններն ու միջազգային փորձը, վերանայել բժշկական մասնագիտությունների շրջանավարտներին շնորհվող պետական նմուշի ավարտական փաստաթղթի ձևը: Այն կհամապատասխանեցվի միջազգային չափանիշներին, և շրջանավարտներն արտերկրում ուսումը շարունակելիս կամ աշխատելիս ավարտական փաստաթղթի հետ կապված որևէ խնդիր չեն ունենա:
Ձեռնարկվում են անխափան ջրամատակարարում ապահովելու միջոցներ
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Ընթացիկ տարում ջրամբարներում կուտակված ջրի ոչ բավարար չափի և աղբյուրների սակավաջրության հետևանքով առաջացած շուրջ 74 մլն խոր. մետր ջրի դեֆիցիտը մասամբ ծածկելու, Արագածոտնի և Արմավիրի մարզերի ջրօգտագործողների բավարար և կայուն ջրամատակարարումն ապահովելու նպատակով կառավարությունն իր պահուստային ֆոնդից 550 մլն դրամ է հատկացրել՝ 100-ից ավելի խորքային հորերը վերագործարկելու նպատակով: Առավել հրատապ և լուծում պահանջող աշխատանքների իրականացման նպատակով փոփոխություններ և լրացումներ են կատարվել կառավարության ավելի վաղ ընդունած որոշման մեջ:
Նիստում հավանություն է տրվել Արարատյան դաշտի ջրօգտագործման նկատմամբ ավտոմատ, կենտրոնացված կառավարման համակարգի ներդրման տեխնիկական առաջադրանքին:
ՀՀ կառավարությունը Հ-46 ավտոմայրուղու Գորիս-Տաթև հատվածի 12-րդ կիլոմետրում քարաթափման աշխատանք իրականացնելու նպատակով իր պահուստային ֆոնդից հատկացրել է մոտ 19 մլն դրամ: Նշված ճանապարհին հարող 45-50 աստիճան թեքությամբ լանջով դեպի վեր, մոտ 700 մետր հեռու, գտնվում է մոտավոր հաշվարկով 700 խ.մ. ծավալով ժայռաբեկոր, որը գրեթե ամբողջությամբ պոկվել է մայր ապարից և վտանգում է երթևեկող տրանսպորտային միջոցներն ու ճոպանուղու հենասյունը: Անհրաժեշտ է հնարավոր սեղմ ժամկետում պայթեցման եղանակով արհեստական քարաթափում իրականացնել և վերացնել վերահաս վտանգը:
ՀՀ կառավարության 2012թ. մարտի 15-ի որոշմամբ Գառնիի երկրաֆիզիկական դիտարանը հանձնվել է ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ին: Դիտարանի շենք-շինությունները, աշխարհում եզակիներից համարվող ստորգետնյա դեֆորմոգրաֆը 1990թ. առ այսօր չեն նորոգվել, չունեն գազամատակարարման համակարգ, ջրամատակարարման համակարգը և ճանապարհը գրեթե անմխիթար վիճակում են: Գործադրի 2013 թվականի որոշմամբ հավանություն է տրվել ռուս-հայկական մարդասիրական կենտրոնի ստեղծման համաձայնագրի կնքման առաջարկությանը և կենտրոնի տեղակայման վայր է ընտրվել Կոտայքի մարզի Գետարգել համայնքի վարչական տարածքում գտնվող ՀՀ ԱԻՆ աշխատակազմին ամրացված գույքը, որի շենք-շինությունները, տարածքը 40 տարուց ավելի է, ինչ չեն նորոգվել և անմխիթար վիճակում են: Որոշմամբ ՀՀ պետական սեփականություն հանդիսացող գույքը՝ Երևանի Աճառյան 54ա հասցեում գտնվող շենքը և հողամասը մոտ 400 մլն դրամ գնահատված արժեքով հանձնվել են կառուցապատողին՝ «Ճանապարհ» ՍՊԸ-ին, որը դրա դիմաց կապիտալ կնորոգի Գառնիի երկրաֆիզիկայի դիտարանի շենք-շինությունները, կկառուցի գազամատակարարման համակարգ, կկատարի նախահաշվով ներկայացված այլ աշխատանքներ, կնորոգի հայ-ռուսական հումանիտար կենտրոնի 1-ին, 10-րդ մասնաշենքերը, կվերականգնի ջրամատակարարման ցանցը և այլն:
Սահմանվել է նպաստ նշանակելու և վճարելու կարգը
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
ՀՀ կառավարությունը սահմանել է, որ ծերության նպաստը, հաշմանդամության նպաստը, կերակրողին կորցնելու դեպքում նպաստը, ինչպես նաև նշված նպաստն ստացող անձի մահվան դեպքում թաղման նպաստը նշանակում և վճարում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը՝ իր տարածքային բաժինների միջոցով:
Նիստում հաստատվել են նպաստները նշանակելու և վճարելու կարգը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը: Որոշումը տարածվում է 2014թ. հունվարի 1-ին և դրանից հետո ծագած հարաբերությունների վրա:
ՀՀ առողջապահության նախարարությունում մշակվել են առողջապահական փաթեթի շրջանակում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն ստանալու իրավունքի հավաստագրի և դրա հավելված հանդիսացող ուղեցույցի նախագծերը, որոնց տպագրության համար հատկացվել է մոտ 14 մլն դրամ:
Կմեծանա Ֆինանսների նախարարության աշխատանքի արդյունավետությունը
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
2014թ. գնման պլանով նախատեսված ընթացիկ նորոգման աշխատանքներն իրականացնելու և ՀՀ ֆինանսների նախարարության բնականոն գործունեությունն ապահովելու համար գործադիրն իր որոշմամբ փոխել է գնման ընթացակարգերը և լրացուցիչ աշխատանքների համար նախատեսել ֆինանսական համապատասխան միջոցներ:
Փոփոխություն կատարելով իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, կառավարությունը սահմանել է, որ ՀԴՄ կտրոնի վրա գնված ապրանքից կամ ստացված ծառայությունից տարբերվող ապրանքի կամ ծառայության անվանման տպագրումը որպես ՀԴՄ շահագործման կանոնների խախտում պետք է դիտարկվի հարկ վճարողների առանձին խմբերի կողմից՝ 2014թ. հոկտեմբերի 1-ից, 2015թ. ապրիլի 1-ից և 2016թ. հունվարի 1-ից: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարևորել է նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրումը, ինչը նաև նշանակում է, որ կտրոնները տպվելու են ոչ թե գումարային ձևով, այլ ըստ ապրանքատեսակների: Խնդիրը միայն ժամկետների ճշտումն է:
Հաջորդ որոշման կարգավորման առարկան ՀՀ ֆինանսների նախարարությունում գնումների գործընթացի արդյունավետ կազմակերպումն է: Սահմանվել է շինարարական ծրագրերի, ինչպես նաև պետական կառավարման մարմնի ղեկավարի սահմանած այլ գնումների դեպքում ևս պատվիրատուի ղեկավար հանդիսանալու ընդհանուր կարգ՝ ՀՀ ֆինանսների նախարարության գնումների մասով:
ՀՀ կենտրոնական բանկի առաջարկով ընդունած իր երկու որոշմամբ կառավարությունը ԿԲ ֆինանսական դիտարկումների կենտրոնին (ՖԴԿ) հնարավորություն է տվել պետական, այդ թվում՝ վերահսկող և քրեական հետապնդման մարմիններից ստանալ «Փողերի լվացման և ահաբեկության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի նպատակներից բխող, այդ թվում՝ օրենքով սահմանված գաղտնիք պարունակող տեղեկություններ: Այդ նպատակով ոլորտ ներգրավված մարմինների միջև նախատեսվում է ներդնել «Միասնական տեղեկատվական տիրույթ» համակարգը:
Այսօր բորսայում դոլարով գործարք չի կնքվել
Ժամկետնանց յոգուրտ են փորձել ներմուծել
2014 թվականի հունիսի 15-ին Բագրատաշենի սահմանային հսկիչ կետով փորձ է արվել ներմուծել «САВУШКИН ПРОДУКТ» ընկերության արտադրության 12 տեսակի յոգուրտ (864 տուփ, 103.68 կգ), որոնք ժամկետն անց են եղել:
Նշենք, որ սննդամթերքի պիտանելիության ժամկետն անցել է Վերին Լարսի փլուզումների արդյունքում բեռնափոխադրման ուշացման պատճառով:
Դոլարը իջնում է
Ազգային դրամը 21 տարեկան է
Ամեն տարի ՀՀ Կենտրոնական բանկը (ԿԲ) նախաձեռնել է միջոցառում` նպատակ ունենալով ներկայացնել ազգային դրամի պատմությունը նաև մարզերում: Մայրաքաղաքի դպրոցականները վաղուց արդեն ավանդաբար երկրի ֆինանսական համակարգի և դրամաշրջանառության վերաբերյալ տեղեկանում են ԿԲ-ում: Իսկ մարզաբնակ երեխաները չունեն նման գիտելիքներ ստանալու հնարավորություն: Ուստի, երկրի գլխավոր դրամատունը մարզերում կազմակերպվող ամենամյա ցուցահանդեսների միջոցով փորձում է ստանձնել երեխաներին կրթելու պատասխանատվությունը:
Ազգային դրամի պատմության ցուցահանդեսներ կազմակերպվել են արդեն Վանաձորում, Ստեփանակերտում, Իջևանում, Եղեգնաձորում, Աշտարակում, Արտաշատում և Հրազդանում: Վերջերս հերթական ցուցահանդեսը Արմավիրի մարզկենտրոնում էր:
Հայաստանը անկախության հռչակումից երկու տարի անց` 1993 թ. է հիմնել սեփական ազգային արժույթը` հայկական դրամը, իսկ հայկական դրամի խորհրդանիշը ստեղծվել է 1995 թ.: Դրամի խորհրդանշանն առաջին անգամ գծագրել է Կարեն Կոմենդարյանը 1995 թ. սեպտեմբերին՝ նախքան եվրոյի և նրա խորհրդանշանի առաջանալը։
Դրամի թողարկումները Հայաստանում հիշատակվում են դեռևս Ք.ա. 1-ին հազարամյակից։ Դեռևս Երվանդունիների օրոք` Ք.ա VI-III դդ. Հայաստանի սատրապներն իրենց դիմապատկերներով դրամներ են թողարկել։ Այնուհետև Ք.Ա III Ծոփքի հայ թագավորներ Արշամը, Քսերքսեսը, Աբդիդարեսը։ Արտաշեսյանների ժամանակ դրամահատությունը Հայաստանում ավելի մեծ ծավալներ ստացավ, իսկ Տիգրան Բ Մեծի օրոք` Ք.ա. 95-55 թթ., հայկական մետաղադրամները մտան նաև միջազգային շուկա։ Այնուհետև I-IX դարերում տեղական դրամների գործածության մասին չկա ոչ մի հիշատակություն, փոխարենը գործածվում էին օտարերկրյա դրամները և դրամական միավորները։ Մեզ հասած առաջին դրամները` հայերեն մակագրություններով, հատվել են Բագրատունիների արքայատոհմի Լոռվա ճյուղի թագավոր Կյուրիկե Բ-ի կողմից։ 885-1045 թթ. Կիլիկյան հայկական պետությունը հատել է իր դրամը` նաև հայերեն մակագրությամբ։ Կորցնելով անկախությունը` մինչև 1918 թ. Հայաստանը չի ունեցել սեփական դրամական միավոր։
Արմավիրի մարզկենտրոնում «Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը. ֆինանսներ բոլորի համար» միջոցառումը նպատակ ուներ ներկայացնելու երկրի գլխավոր դրամատան գործունեությունն ու դրամի պատմությունը նաև մարզաբնակներին: Ցուցահանդեսի առանձին տաղավարներով ներկայացված էին հանրապետության տարածքում տարբեր ժամանակաշրջաններում հայտնաբերված դրամանիշներ, ԽՍՀՄ ժամանակաշրջանում թողարկված թղթադրամներ և ԿԲ-ի կողմից թողարկված թղթադրամների, մետաղադրամների ու հուշադրամների ամբողջ հավաքածուն:
ՀՀ ԿԲ-ի խորհրդի անդամ Օլեգ Աղասյանն այն համոզման է, որ մեր ժամանակներում առանց ֆինանսական գիտելիքների հնարավոր չէ առհասարակ պատկերացնել առօրյան կամ արդյունավետ կազմակերպել աշխատանքն ու բիզնեսը: Քանի որ ֆինանսական ծառայությունների ոլորտը շարունակ զարգանում և նոր պահանջներ է թելադրում, դրանք ընկալելու համար պետք է համակարգի մասին մշտապես տեղեկացված լինել:
ԿԲ-ի դրամագետ Գևորգ Մուղալյանն իր պատմական ակնարկում նշում է, որ առաջին հայկական փողը, որ պահպանվել է մինչև մեր օրերը, Ք.ա. III դարի մետաղադրամ է: Հին Հայաստանում, բացի համապետական դրամից, եղել են նաև քաղաքային դրամներ, օրինակ` Արտաշատ քաղաքն ուներ իր դրամը, որը համապետականին հավասար գործածվում էր այդ քաղաքում: Ազգային դրամների պատմությունը վերսկսվում է 1918 թ. և նոր թափ ստանում երրորդ հանրապետության ժամանակ` 1993 թվականից: Կիլիկյան Հայաստանի մետաղադրամները 300 տարի շարունակ հիմնականում թողարկվել են հայատառ, սակայն եզակի նմուշներ եղել են (օրինակ` Լևոն Առաջին թագավորի ժամանակ), որոնք լատինատառ են արտադրվել:
Մարզի ղեկավարներն աջակցեցին, որ բոլոր դպրոցականները կարողանան ցուցահանդես այցելել և ծանոթանալ ներկայացված թղթադրամներին ու մետաղադրամներին, լսել ազգային դրամի պատմությունն ու գիտելիքներ ստանալ ԿԲ-ի գործունեության վերաբերյալ:
Միջոցառումը տևեց մի քանի օր: Բոլոր մարզաբնակները մարզկենտրոնի աջակցությամբ կարողացան ցուցահանդես այցելել` լսել դասախոսություններ, ծանոթանալ ֆինանսական համակարգի հիմնական խնդիրներին, իրազեկվել «Ավանդների երաշխավորման հիմնադրամի» գործունեության և սպառողների շահերի պաշտպանության ոլորտում ԿԲ-ի կողմից իրականացված բարեփոխումների, ֆինանսական հաշտարարի ինստիտուտի և ԿԲ-ի այլ նախաձեռնությունների վերաբերյալ: Միջոցառման նախաձեռնողների տեղեկացմամբ, միջոցառումն արդեն ավանդական բնույթ ունի և դարձել է շարունակական:
Լ.Ն
