Դոլարը բարձրանում է

դոլարՄայիսի 17-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 4,400,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 417.24 դրամ մեկ ԱՄՆ դոլարիդիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 417.25 դրամ:

 

Բիլլ Գեյթսը գլխավորել է աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանշային ցանկը

i (4)Microsoft –ի հիմնադիր Բիլլ Գեյթսը,  ըստ Bloomberg-ի գլխավորել է աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանշային ցուցակը: Ըստ տվյալների, 58-ամյա Գեյթսի կարողությունը գնահատվում է 72,7 մլրդ դոլար: Այս տարի նրա ակտիվներն ավելացել են 10 մլրդ դոլարով: Վերջին անգամ Գեյթսն աղյուսակը գլխավորել է 2007-ին:

Այս տարի Microsoft-ը առաջին հորիզոնականից դուրս է մղել  մեդիամագնատ Կառլոս Սլիմսին, որը 2010-2012-ի աշխարհի ամենահարուստ մարդն էր ճանաչվել: Նրա կարողությունը տարվա սկզին արդեն 2 մլրդ դոլարով նվազել է ու հիմա գնահատվում է 72,1 մլրդ դոլար:

Երրորդ տեղն առաջվա պես զբաղեցնում է  ամերիկացի ներդրող Ուորեն Բաֆեթը:

 

Հունաստանում բանկ է թալանվել

i (3)Բանկը թալանվել է Լարիսա քաղաքում, որը Հունաստանի կենտրոնում է գտնվում: 2 մարդ 1 մլն եվրո է գողացել:

“Մոտ 8:40-ին երկու մարդ որպես  հաճախորդ բանկ են մտել, իսկ հետո, զենքի սպառնալիքով (հնարավոր է` ատրճանակ) ու Կալաշնիկովի ավտոմատով մեծ գումար վերցրել: Հանցագործները դուրս են եկել լուսամուտից հարևան շենքի կտուր ու թաքնվել”,-ասվում է հաղորդագրության մեջ:

Ոստիկանությունն արդեն բացահայտել է նրանցից մեկի ինքնությունը, քանի որ հանցագործները դեմքները չեն թաքցրել: Նա Տրիկալա քաղաքի բանտից մարտին փախած Ալբանիայի քաղաքացի է: Ոստիկանությունը տարածել է  նրա լուսանկարը: Այն ցուցադրել են նաև լրատվական ծրագրերի ժամանակ:

Ճգնաժամի հետ Հունաստանում հաճախացել են բանկերի թալանի դեպքերը: Բանկերը ստիպված են հսկողությունն ուժեղացնելու, մասնավորապես, այսօր արդեն հաճախորդները կարող են բանկ  մտնել միայն անցախցով:

Օրենսդիրներն առաջարկել են Կալաշնիկովի  ավտոմատը  հարձակման ծանրագույն հանգամանք համարել ու նման հանցագործներին ցմահ բանտարկության դատապարտել:

«Հատուկ» վերաբերմունք` հատուկ նշանակության ձեռնարկության աշխատակիցներին

OLYMPUS DIGITAL CAMERA«Հայփոստ» ՓԲԸ-ում, որը հանդիսանում է Հայատանում փոստային կապի ազգային օպերատորը, հետաքրքիր երևույթներ են դիտարկվում: «Անկախին»  «Հայփոստի» արդեն նախկին աշխատակիցներից մեկը տեղեկացրեց, որ այս ընկերությունում կադրային ջարդ է սկսվել: Նախատեսված է եղել աշխատանքից ազատել մոտ 100 աշխատակիցների:

«Հարյուր հոգու պետք է աշխատանքից ազատեին: Կեսին արդեն ազատել են, իսկ մյուս կեսին էլ պետք է ազատեին` սկսած մայիսի 15-ից: Բոլորիս փոխարեն աշխատանքի են ընդունում իրենց ծանոթ-բարեկամներին, հիմնականում` երիտասարդ` 20-26 տարեկան աղջիկների»,- պատմեց աշխատանքից ազատված աշխատակից Ա.Ա.-ն (խնդրել է իր անունը չհրապարակել):

Փորձեցինք այս տեղեկությունը ճշտել «Հայփոստի» մեր աղբյուրներից. նրան, բարեբախտաբար, աշխատանքից հեռացվելու վտանգ չէր սպառնում: Մեր աղբյուրը տեղեկացրեց, որ իրականում դա այլ խաղ է: Իրականությունը, պարզվեց, մեղմ ասած, սփոփիչ չէ:

ՀՀ կառավարության  1995 թ. դեկտեմբերի 20-ի թիվ 113 որոշման համաձայն` «Հայփոստ» պետական ձեռնարկությունն ընդգրկվել է հատուկ նշանակության պետական ձեռնարկությունների ցանկում և վերանվանվել է «Հայաստանի Հանրապետության կապի նախարարության «Հայփոստ» հատուկ նշանակության պետական ձեռնարկության»: «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության միակ բաժնետերը հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունը:

Հետաքրքիր է, որ «Հայփոստ» ՓԲԸ-ն ՀՀ կառավարության 2005 թ. մարտի 10-ի N 292-Ն որոշման համաձայն` հանդիսանում է Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային օպերատոր և որպես պետությունից պատվիրակված գործունեություն` իրականացնում է փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցումը Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում: Բայց արի ու տես, որ, ինչպես նշվում է ընկերության պաշտոնական կայքէջում, «ՀՀ կառավարությունը, նպատակ ունենալով «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերությունում իրականացնել մեծածավալ բարեփոխումներ և ընկերության կողմից իրականացվող գործունեությունը համախատասխանեցնել միջազգային ընդունված չափանիշներին, 2006 թ. նոյեմբեր ամսին որոշում է ընդունել «Հայփոստ» ՓԲԸ բաժնետոմսերով հավաստված իրավունքները հանձնել հավատարմագրային կառավարման…»: Այդ որոշման շրջանակներում «Հայփոստի», այսպես ասած, հավատարմագրային կառավարումը հանձնվել է արգենտինացի կառավարիչներին: Այսինքն` հենց կառավարության կողմից «ազգային օպերատոր» հռչակված և «հատուկ նշանակության պետական ձեռնարկություն» որակված ընկերության կառավարումը հանձնվում է արտասահմանցի կառավարիչների: Բայց դա մեկ այլ խոսակցության թեմա է:

Ինչ վերաբերում է կառավարիչներին, ապա ըստ ՀՀ կառավարության հետ կնքած պայմանագրի, ինչպես հայտնեց մեր աղբյուրը, «Հայփոստի» հավատարմագրային կառավարիչն ունի որոշակի պարտավորություներ, ինչպիսիք են, օրինակ, աշխատողների աշխատանքային իրավունքների պահպանումը, աշխատավարձերի փուլային բարձրացումը և այլն: Այս պայմանագրային դրույթների իրագործման վերահսկողությունն էլ վերապահված է ՀՀ կառավարությանը: Բայց մեր արգենտինացի «բարեկամները», ստանալով «Հայփոստի» կառավարման իրավունքը, մի հնարք են գործի դրել. մի քանի տասնյակ հոգու` «իրենց մարդկանց» , բավականին բարձր աշխատավարձով ու լավ աշխատանքային պայմաններով ընդունել են աշխատանքի, ու վերահսկիչ մարմիններին հենց այդ մարդկանց տվյալները ցույց տալով էլ` «թոզ են փչում» մեր կառավարության աչքերին ու ցույց տալիս, թե իրենք, իբր, կատարում են իրենց պայմանագրային պարտավորությունները: Իսկ նրանց, ովքեր բողոքում են աշխատանքային վատ պայմաններից կամ ցածր աշխատավարձից, ստիպում են աշխատանքից ազատվելու դիմում գրել: Ու «Հայփոստի» մեր աղբյուրը հավանական համարեց, որ վերոհիշյալ 100 հոգին հենց այն մարդկանցից են, որոնք դժգոհություն են հայտնել իրենց աշխատանքային պայմաններից ու հայտնվել «սև ցուցակում»: Եվ հավելեց, որ ներկա դրությամբ ընկերությունում իրենց աշխատանքային պայմաններից ու վարձատրության չափից բողոքողների թիվը բավականին մեծ է:

Տեղեկացանք նաև, որ մեկ այլ հնարք էլ կա. բողոքողներին  հայտնում են աշխատանքից հեռացվելու մասին, բայց իրականում չեն հեռացնում, այլ «ակնարկում են», որ նրանք, ցանկության դեպքում, կարող են նաև «վերադարձնել» իրենց աշխատանքը: Իսկ դրա համար, բնականաբար, ինչպես ընդունված է Արևելքում, պետք է նախ «շնորհակալություն» հայտնել աշխատանքը «վերադարձնողներին», իսկ հետո էլ` այդ «թանկագին» աշխատանքին խնամքով վեաբերվել` չբողոքել ու չտրտնջալ: Իսկ ով չի համաձայնվի, ավելի լավ, դիմում կներկայացնի ու կհեռանա, հեռացողների փոխարեն աշխատանքի կընդունեն «երիտասարդ ու բանիմաց» կադրերի` դարձյալ «իրենց մարդկանց»…

Այս բոլոր «նրբությունների» իսկությունը ճշտել, պարզաբանում ստանալ կամ թեկուզ հակառակ տեսակետ լսել մեզ դեռ չի հաջողվել, քանի որ «Հայփոստի» օպերատորի տված հեռախոսահամարները, որոնցով պետք է կապ հաստատեինք ընկերության մամուլի և հասարակայնության հետ կապերի գործառույթներ կատարող համապատասխան պատասխանատուների հետ, այդպես էլ չպատասխանեցին:

Մեր հարցմանը դեռ չի պատասխանել նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի պետական տեսչությունը, որից հարցրել էինք, թե արդյոք իրենք տեղյա՞կ են, նման խնդիր գոյություն ունի՞ կամ արդյոք ընկերության որևէ աշխատակցից բողոք ստացե՞լ են: Հուսանք, որ հետագայում այս կապակցությամբ որոշակի պարզաբանումներ կստանանք:

Կառավարությունը 30 տոկոսով կսուբսիդավորի բնական գազի հնարավոր թանկացումը

10397_am_3Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
«Ուզում եմ մեր քաղաքացիներին տեղյակ պահել, որ ես պաշտոնական նամակ եմ ուղարկել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահին գազի գնի վերանայման կապակցությամբ,- դիմելով կառավարության անդամներին, ասել է վարչապետը։ – Տեղյակ եք, որ «ՀայՌուսգազարդը» ներկայացրել է հայտ, որով նախատեսվում է, որ բնական գազը Հայաստանի Հանրապետություն պետք է մատակարարվի 270 դոլարով։ Իմ նամակում նշված է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը 30 տոկոսով սուբսիդավորելու է գազի սակագինը։ Երկրորդը` ուզում եմ տեղյակ պահել մեր քաղաքացիներին, որ սոցիալապես անապահով ընտանիքները ստանալու են օժանդակություն, որպեսզի գազի թանկացումը նրանց ընտանեկան բյուջեի վրա բացասական ազդեցություն չթողնի։ Հանձնաժողովի քննարկումը լինելու է բաց և հրապարակային. բոլոր կուսակցությունները, հասարակական կազմակերպությունները, որոնք հետաքրքրված են այս հարցով, կարող են մասնակցել քննարկմանը և որևիցե փակ հարց չի լինելու. այս նորմը սահմանված է Հանրային ծառայությունների մասին ՀՀ օրենքով։ Այդ քննարկումը լինելու է բաց և հրապարակային, և հանրությանը հուզող բոլոր հարցերի պատասխանները հանձնաժողովը տրամադրելու է մեր քաղաքացիներին»։ 
Նիստի ընթացքում վարչապետն անդրադարձել է անցած գիշեր «Սպայկա» ընկերության շենքերից մեկում ծագած հրդեհին, որը մինչև առավոտ բավական մեծ ծավալ էր ստացել։ Պատասխանելով «Ի՞նչ հետևանք կարող է ունենալ հրդեհը» հարցին, ՀՀ բնապահպանության նախարարը զեկուցել է, որ իրոք հրդեհի ծավալը մեծ էր` 1500 և ավելի քառակուսի մետր։ Ավտոմատ կայանների և շարժական լաբորատորիայի միջոցով անընդհատ վերահսկվել է օդի աղտոտվածության մակարդակը։ Ծխի ամպն առաջացել է պլաստիկ տարայի և այլ սարքավորումների այրումից։ Նախարարը հավաստիացրել է, որ նախնական տվյալներով որևէ անհանգստացնող խնդիր չկա։ Օրվա վերջում պատկերն առավել ամբողջական կլինի և կառավարությանն ու հանրությանը համապատասխան տեղեկություն կտրվի։
Այնուհետև դիմելով ՀՀ գյուղատնտեսության նախարարին, Տիգրան Սարգսյանը մտահոգություն է հայտնել, որ հրդեհի հետևանքով տուժել են «Սպայկայի» արտադրական շենքը, սառնարանային տնտեսությունը, ուստի անհրաժեշտ է միջամտել և աշխատել ընկերության հետ, քանի որ դա էական նշանակություն կարող է ունենալ այս տարվա մթերումների համար։ «Միգուցե մենք կարողանանք այլ արտադրական տարածքներ առաջարկել, որպեսզի ընկերությունը ժամանակավորապես մթերումն այլ տարածքներում կազմակերպի, և այս հրդեհը գյուղատնտեսական աշխատանքներին վնաս չպատճառի»,-ասել է վարչապետը։ Նա հանձնարարել է հրավիրել «Սպայկայի» ղեկավարությանը և քննության առնել այդ հարցերը։ Նախարարը հավաստիացրել է, որ համապատասխան լուծում կտրվի խնդրին։

Նոր կառավարության ծրագրի նախագիծը կներկայացվի ՀՀ Ազգային Ժողով

ՀՀ կառավարությունը որոշել է հավանություն տալ ՀՀ կառավարության ծրագրին և այն ներկայացնել ՀՀ Ազգային Ժողով։ Ծրագիրը մշակվել է` հիմք ընդունելով ՀՀ ազգային անվտանգության, ՀՀ Նախագահի, Հայաստանի հանրապետական կուսակցության և «Օրինաց երկիր» կուսակցության նախընտրական ծրագրերի հիմնական դրույթները, ինչպես նաև խորհրդարանական կուսակցությունների ծրագրերում ներկայացված նշված փաստաթղթերի հետ համադրելի գաղափարները։
Ծրագրի իրականացումը հնարավորություն կընձեռի լուծելու մեր երկրի առջև ծառացած մի շարք խնդիրներ` դրանով իսկ ապահովելով շոշափելի արդյունքներ։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ ծրագրի նախագիծը գտնվում է շրջանառության մեջ, բոլոր նախարարություններից և գերատեսչություններից ստացել են առաջարկություններ, որոնք նախագիծ են ներառվել։ Խմբագրական աշխատանքներն ավարտելուց հետո փաստաթուղթը կուղարկվի Ազգային Ժողով, և ենթադրվում է, որ առաջիկա երկուշաբթի օրը, ՀՀ Սահմանադրության պահանջին համապատասխան, կսկսվի ծրագրի նախագծի քննարկումը։

Պետբյուջեի պակասուրդը կֆինանսավորվի եվրապարտատոմսերի թողարկման միջոցով

Կառավարությունը հավանություն է տվել միջազգային կապիտալի շուկայում արտարժութային պարտատոմսերի թողարկման հայեցակարգին։ Ըստ հայեցակարգի` եվրապարտատոմսերի առաջին թողարկման նվազագույն արդյունավետ ծավալ է սահմանվելու 500 մլն ԱՄՆ դոլարի պարտատոմսերի թողարկումը` 10 տարի ժամկետով։ Հաջորդ որոշման համաձայն կառավարությունը եվրապարտատոմսեր թողարկելու նպատակով միջազգային իրավախորհրդատուի ծառայության ձեռքբերման պայմանագիր է կնքելու «Cleary Gottlieb Steen & Hamilton LLC» ընկերության հետ, որը տեխնիկական աջակցություն կցուցաբերի և կօժանդակի լավագույնս կազմակերպել եվրապարտատոմսերի թողարկումը։ «Այսօր մենք քաղաքական որոշում ենք կայացնում, Հայաստանն առաջին անգամ արտարժույթով պարտատոմսեր է թողարկելու, -որոշումների առնչությամբ նշել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։ -Սա նոր էջ է բացում մեր տնտեսական քաղաքականության մեջ ոչ միայն պետական ֆինանսները կառավարելու բնագավառում, այլև մասնավոր հատվածի համար հնարավորություն ենք ընձեռում ֆինանսական շուկաներից ներգրավելու ավելի էժան միջոցներ։ Բոլոր միջազգային կառույցները, ֆինանսական ինստիտուտները, որոնց հետ աշխատում են մեր տնտեսվարող սուբյեկտները, միշտ մատնանշում այն փաստը, որ եթե Հայաստանը չունի միջազգային շուկաներում գնանշված պարտատոմսեր, ապա նրա համար այդ շուկաներից լրացուցիչ ֆինանսական միջոցներ ստանալը լինում է առնվազն 1-1,5 տոկոսով ավելի թանկ։ Հասկանալի է, որ սա մեր առաջին տեղաբաշխումն է լինելու, և մենք առաջին անգամ հայտնվելու ենք միջազգային ֆինանսական շուկայում և ապագայում էլ, իհարկե, կախված մեր երկրի վարկանիշից, տոկոսադրույքները նույնպես կարող են նվազել։ Փաստորեն այս որոշումով մեր տնտեսական քաղաքականության մեջ այսուհետ արմատական փոփոխություն է տեղի ունենում։ Մենք պարտավոր ենք լինելու հետևել, թե ինչպիսին է մեր պարտատոմսերի գնանշումը միջազգային շուկաներում, և դա լրջագույն ազդակներ է հաղորդելու նաև մեր տնտեսական վիճակի մասին։ Մենք ընտրել ենք լավագույն իրավաբանական խորհրդատուին, քանի որ սա մեր առաջին թողարկումն է և մենք պետք է սովորենք, կարողություններ ձևավորենք և’ ֆինանսների նախարարությունում, և’ Կենտրոնական բանկում, և’ արդարադատության նախարարությունում՝ նման գործարքներ իրականացնելու համար։ Լավագույն իրավաբանական ծառայության ընտրությունը մեզ հնարավորություն կտա նաև հարստացնել այդ բնագավառի մեր գիտելիքները։
Եթե տեղաբաշխումն այս տարվա ընթացքում հաջող իրականացվի, մենք մտադիր ենք մարել Ռուսաստանի Դաշնությունից ստացած վարկը, որովհետև այժմ 2B վարկանիշ ունեցող ընկերությունները` հաշվի առնելով շուկայի միջավայրը, կարողանում են ավելի էժան ռեսուրսներ ներգրավել։ Մենք արդեն մեր ռուս գործընկերների հետ այս երկխոսությունը սկսել ենք, ունենք նրանց համաձայնությունը և նաև օժանդակություն, որպեսզի վարկի մարումը լինի սահուն, եթե տոկոսադրույքները լինեն ավելի մեղմ, քան այն տոկոսադրույքներն են, որ այսօր գործում են մեր միջպետական պայմանագրով։
Այս տեղեկատվությունը նաև մասնավոր հատվածին պետք է մանրակրկիտ ներկայացվի, ինչպես նաև այն փաստաթուղթը, որ մենք հիմա հաստատում ենք՝ հայեցակարգը, որտեղ մանրամասն նկարագրված է, թե այսուհետ մենք ինչպես ենք կառավարելու մեր արտաքին պարտքը»։

Աջակցություն է ցուցաբերվում կարկտահարությունից տուժած տնտեսություններին

2013թ. մայիսի 12-ին Արմավիրի մարզում տեղացած կարկուտի պատճառած վնասը մեղմելու նպատակով կառավարությունը ՀՀ գյուղատնտեսության նախարարին թույլատրել է «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի միջոցով ՀՀ տարածքում գյուղատնտեսական մշակաբույսերի սերմացուի վաճառքով զբաղվող տնտեսվարողներից և Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Զերնոգրադ քաղաքի «Սկիֆագրո» կազմակերպությունից ձեռք բերել տարբեր մշակաբույսերի սերմացու և հատկացնել Արմավիրի մարզպետարանին` կարկտահարությունից առավել տուժած համայնքների հողօգտագործներին տրամադրելու նպատակով։ Վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարությամբ գյուղատնտեսության նախարարը զեկուցել է նաև ձեռնարկվող և ձեռնարկվելիք այլ միջոցների մասին։ Վարչապետը անհրաժեշտ է համարել, որպեսզի այս ամբողջ տեղեկությունը հասնի մեր գյուղացիներին։ Նրանք պետք է պատրաստ լինեն, որ մատակարարվող սերմացուն տեղ հասնելուն պես կարողանան իրականացնել համապատասխան աշխատանքները։ 
Նիստում հաստատվել է նաև Սննդամթերքի անվտանգության ծառայության «Ներմուծվող սննդամթերքի և (կամ) կենդանական ծագման մթերքի լաբորատոր փորձաքննության վճարներ» ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2013թ. նախահաշիվը։
Իր նախկին որոշումներից մեկում կատարելով լրացումներ, որոնք թելադրված են «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքով, կառավարությունը սահմանել է, որ գինեգործական և մի քանի այլ ապրանքախմբերի շարքը դասվող ապրանք ներմուծող կամ արտադրող անձինք պարտավոր են տվյալ ապրանքի շշի կամ այլ տարայի վրա մակնշել ապրանքի հնացման աստիճանը` ըստ տարիների։ Այսպիսով, կատարվում են կառավարության կողմից իրականացվող հարկային քաղաքականության պահանջները, իսկ սպառողը հնարավորություն է ստանում տեղեկանալ, թե ինչ չափով է հնացել տվյալ ապրանքը։
Կառավարությունն ընդունել է գույք հանձնելու և նվիրաբերելու որոշում, որով ապահովվում է Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև կնքված «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագիր» վարկային համաձայնագրով գնված գույքի շահագործումը։ Որոշման շնորհիվ գյուղատնտեսության աջակցության 10 մարզային կենտրոնները կունենան անհրաժեշտ գյուղտեխնիկա և սարքավորում, կբարելավվի 32 համայնքում ստեղծված արոտօգտագործողների գյուղատնտեսական սպառողական կոոպերատիվի գյուղտեխնիկայի պահանջարկը։

Միջազգային համագործակցություն

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Ֆրանսիայի Հանրապետության Լիոն քաղաքում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսություն ստեղծելու ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին։ Շուրջ 500 հազարանոց ֆրանսահայ համայնքը հիմնականում կենտրոնացած է Փարիզ-Լիոն-Մարսել քաղաքներում։ Ռոն-Ալպ (Հռենոս-Ալպ) շրջանում և դրա Լիոն վարչական կենտրոնում, ինչպես նաև շրջանի այլ քաղաքներում ոչ պաշտոնական տվյալով կա 100 հազար հայ։ Հաշվի է առնվում այս քաղաքի ու շրջանի առանցքային դերը հայ-ֆրանսիական համագործակցության ասպարեզում։
Կառավարությունը մոտ 3 մլն դրամ է հատկացրել ինուլինի արտադրության հայ-չինական ձեռնարկության ստեղծման ծրագրի իրականացման համար պետություն-մասնավոր համագործակցությամբ մասնավոր կապիտալի ներգրավման նպատակով մրցույթ կազմակերպելու, ծրագրի իրականացման համար օտարերկրյա մամուլում շահագրգիռ կողմերին հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավերի հրապարակման նպատակով։ Հարցի առնչությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է. «Մեր արդյունաբերական քաղաքականության մեջ սա նոր մոտեցում է։ Առաջին անգամ ՀՀ կառավարությունը հավանության է արժանացնում մի ծրագիր, որը մենք ներկայացնում ենք մասնավոր հատվածի ուշադրությանը և ցանկանում ենք ներդրումներ ներգրավել։ Հասկանալի է, որ եթե հավանության ենք արժանացնում այս ծրագիրը, ապա այն պետություն-մասնավոր համագործակցության լուրջ հիմք է ստեղծում, որ պետությունն օժանդակելու և աջակցելու է ներդրողներին։ Մասնավորապես, ենթադրվում է, որ 3-4 հազար հեկտար հողատարածություն պետք է ներգրավվի գետնախնձոր արտադրելու համար, որը ինուլինի արտադրության հիմնական հումքն է։ 1000-ից ավելի աշխատատեղ է ստեղծվելու գյուղատնտեսության ոլորտում և շուրջ 300 աշխատատեղ` հենց գործարանում։
Ծրագրի երկրորդ կարևոր տարրն այն է, որ մենք չինական կողմից ունենք հայտ՝ մասնակցելու այս ձեռնարկությունում որպես ներդրող, որովհետև այդ տեխնոլոգիան ներդնելու է չինական կողմը և երկրորդը՝ չինական կողմը մեզ ներկայացրել է երաշխիքային նամակ, որ 100 տոկոսով երաշխավորում է արտադրված ինուլինի իրացումը, որն էապես նվազեցնում է ներդրողների ռիսկերը։ ՀՀ կառավարությունը պատրաստ է օժանդակել ներդրողներին, այդ թվում` իր մասնակցությամբ նորաստեղծ ձեռնարկությունում։ Մեր մասնակցության մասը պայմանավորված կլինի նրանով, թե ինչ հայտեր մենք կստանանք և ներդրողներն ինչ ծավալի ներդրում պատրաստ կլինեն իրականացնել։ Ծրագիրը գնահատվում է 33 մլն դոլար։ Քանի որ սա առաջին նման գործառույթն է, որ մենք իրականացնում ենք, կարիք կա, որ ավելի մեծ ուշադրություն դարձնենք այս նոր գործիքին, որ մենք արդյունաբերական քաղաքականության մեջ կիրառելու ենք այսուհետ։ Հեղինակավոր ամսագրերում հայտարարություն հրապարակելը նշանակում է, որ նաև միջազգային ներդրողների ուշադրությունն ենք գրավում, այլ ոչ միայն ՀՀ ներդրողների, և հրավիրում ենք նրանց մասնակցել այս ծրագրի իրականացմանը»։

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև ֆինանսավորման համաձայնագրի («Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդան գծի ծրագրով մատուցվելիք փորձագիտական ծառայության համար` մինչև 820 հազար եվրո դրամաշնորհ») նախագծին և ՀՀ ֆինանսների և ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարներին լիազորել ստորագրելու համաձայնագիրը։
Ս.թ. հունիսի 15-ից 29-ը ՖԻԴԵ-ի օրացուցային պլանի համաձայն Դիլիջանում անցկացվելիք շախմատի կանանց մեծ մրցանակի խաղարկության մրցաշարը պատշաճ ձևով կազմակերպելու և անցկացնելու համար անհրաժեշտ ավելի քան 73 մլն դրամից 65 միլիոնն իր որոշմամբ տրամադրել է ՀՀ կառավարությունը։
Ավելի քան 4,5 մլն դրամ է հատկացվել 2013թ. մայիսի 16-21-ը Նովոսիբիրսկում կայանալիք «Դելփյան Նովոսիբիրսկ» խորագրով ԱՊՀ մասնակից երկրների երիտասարդական 8-րդ բաց Դելփյան խաղերին ՀՀ պատվիրակության մասնակցությունն ապահովելու նպատակով։

Կապահովվի անձնավորված հաշվառման համակարգի բնականոն գործունեությունը

ՀՀ կառավարությունն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացում, որոնք թելադրված են կենսաթոշակային բարեփոխման իրականացման ու եկամտային հարկի և կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգի ներդրմամբ։ Սահմանվել է, որ բնակչության պետական ռեգիստրում ըստ բնակության վայրի չհաշվառված անձին հանրային ծառայության համարանիշ հատկացնելիս նրա տվյալները մուտքագրվում են պետռեգիստրի տեղեկատվական համակարգ։ Դրանով ապահովվում է ՀՀ-ում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացիների հաշվառումը եկամտային հարկի կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգում` անկախ բնակության վայրի հասցեով հաշվառված լինելուց։ Փոփոխություներ կատարելով նախկինում ընդունած իր երկու որոշումներում, կառավարությունը սահմանել է «Քաղաքացիական ծառայողների բազային աշխատավարձի մեծության և վարձատրության համակարգի վերաբերյալ» ամենամյա զեկույցի նոր կառուցվածքը, ինչի շնորհիվ կբարձրանա ոչ պետական հատվածի աշխատավարձերի վերլուծության նպատակով օգտագործվող տեղեկատվության որակը, կապահովվի դրա իրատեսականությունը։ Մեկ այլ որոշմամբ սահմանվել է, որ ՀՀ կառավարության ձեռք բերած նույնականացման քարտ կարդացող սարքերը կազմակերպություններին (շահառուներին) են տրամադրվում ինքնարժեքով` 3 հազար 500 դրամով։
Գործադիրը հաստատել է «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքով պարտադիր դրոշմավորման ենթակա 2013 թ. հուլիսի 1-ից հետո Հայաստան ներմուծված և Հայաստանում արտադրված տարայավորված որոշ ապրանքների դրոշմավորման և վերադրոշմավորման կանոնները։
Մեկ այլ որոշմամբ Ալավերդու քաղաքապետարանն ազատվել է քաղաքի Սանահին-Սարահարթ թաղամասի շենքերի ամրացման ֆինանսավորումն իրականացնելու համար տրամադրված վարկային պարտավորությունից, որը հասնում է 100 մլն դրամի։ Որոշման շնորհիվ համայնքը հնարավորություն կունենա այդ գումարով ամեն տարի լուծելու որևէ սոցիալ-տնտեսական խնդիր։
Իր նախկին որոշումներից մեկում կատարելով փոփոխություն, գործադիրը Կոտայքի մարզի ուսուցիչների վերապատրաստման և մեթոդական աշխատանքների պատշաճ կազմակերպման նպատակով «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ին անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով տարածք է հանձնել Հրազդան քաղաքի դպրոցներից մեկում։
Ձևավորվում է միգրացիոն վիճակագրական ցուցանիշների համակարգ

ՀՀ կառավարությունն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ, որոնց նպատակն է մեր երկրում ներդնել ապակենտրոնացված ճանապարհով միգրացիոն վիճակագրական համակարգ։ Ենթադրվում է միգրացիոն վիճակագրական ցուցիչների համակարգ ներդնել այն բոլոր մարմիններում, որտեղ կան վիճակագրական ցուցիչներ, ապա դրանք փոխանցել ՀՀ ազգային վիճծառայություն` ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ամսական, եռամսյակային, կիսամյակային և տարեկան տեղեկատվական զեկույցներ ներառելու և հրապարակելու նպատակով։ Այժմ անցում է կատարվում այդ համակարգի ձևավորմանը։ Նման մոտեցումը համահունչ է նաև միջազգային պրակտիկային։
Փոփոխելով և լրացնելով իր նախկին որոշումներից մեկը` կառավարությունն օդային երթևեկության կազմակերպման, աերոնավիգացիոն կապի և դիտարկման, աերոնավիգացիայի օդերևութաբանական ապահովման, աերոնավիգացիոն տեղեկատվության ծառայություն իրականացնող կազմակերպություններին թույլտվության տրամադրման և անվտանգության վերահսկողության գործընթացը համապատասխանեցրել է Եվրամիության կանոնակարգերին։
Իր նիստում կառավարությունը հավանություն է տվել Միջազգային առողջապահական կանոնների համաձայն առանձին պետական կառավարման մարմինների իրավասություններին, ինչի շնորհիվ կկանոնակարգվեն ներդրման գործընթացին, կենսաբանական, քիմիական, ճառագայթային գործոններին առնչվող շահագրգիռ մարմինների գործառույթները նույն կանոնների պահանջների կատարման համատեքստում։
Օրենսդրական նախաձեռնություններ

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» և ևս չորս օրենքում փոփոխություններ կատարելու օրինագծերի փաթեթին, որի ընդունմամբ կկարգավորվեն բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման, պահպանության, օգտագործման և կառավարման հարաբերությունները։
Կառավարության հավանությունն է ստացել «Սեյսմիկ պաշտպանության մասին» և ևս երկու օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը։ Դրանով առաջարկվում է օրենքում լրացնել սեյսմիկ անվտանգության ապահովմանն առնչվող վերահսկման եղանակների և սկզբունքների կիրառումը, հստակեցնել և տարանջատել լիազորությունները` ամրագրելով սեյսմիկ անվտանգության ապահովման ոլորտում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները որպես պարտադիր, կատարելագործել բնագավառը կարգավորող իրավական դաշտը։
Նշված օրենքների նախագծերը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։

                                                                Այլ հարցեր

Կառավարության որոշմամբ պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց 20 միաբան և ուսանող, մինչև 2014 թ. գարնանային զորակոչը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է տրվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի 36 միաբանի, Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց 17 միաբանի և ուսանողի, Հնդկաստանի Կալկաթայի մարդասիրական ճեմարանի 5 սանի և վանաձորցի մեկ դպրոցականի։
Կառավարության որոշմամբ Արմեն Շահնազարյանը ազատվել է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից։
Գործադիրը որոշել է 2013թ. մայիսի 27-ի աշխատանքային երկուշաբթի օրը տեղափոխել 2013թ. հունիսի 1-ը` շաբաթ օր։ Նիստի օրակարգում ընդգրկված հարցերը, որոշման նախագծերը, հիմնավորումները և տեղեկանքները տես` հետևելով հղմանը:

Տնտեսապես մրցունակ երկի՞ր, թե՞ միայն պաշտոնական թվեր

tigran2012-ին Հայաստանի արդյունաբերական արտադրանքի ծավալը գերազանցել է 1 տրիլիոն դրամը:  Անկախությունից  ի վեր  առաջին անգամ  մեր երկրում նման ծավալի արտադրանք է թողարկվել: Վերջին տարիներին արդյունաբերության մասնաբաժինը ՀՆԱ-ում բավական աճել է, և պետության առջև խնդիր է դրվել առաջիկա տարիներին այն հասցնել 20-21 տոկոսի:

Նախորդ տարին բարենպաստ է եղել նաև ներդրումների տեսանկյունից: Հավանության են արժանացել 8 ընկերությունների ներդրումային ծրագրեր, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 17.5 մլրդ դրամ: Այս ծրագրերի շրջանակներում նախատեսվում է ստեղծել  մոտ 340 նոր աշխատատեղ:

ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Հարությունյանի հետ  մեր զրույցն ուղղված  է հենց ներդրումային ոլորտին և առհասարակ այս ուղղությամբ իրականացված վերջին գործընթացներին:

– «Գործարարությամբ  զբաղվելը 2013  թ.»  զեկույցի համաձայն` Հայաստանն իր դիրքերը բարելավել է 18 կետով՝  50-րդից բարձրանալով   32-րդ հորիզոնականը: Մասնավորապես, ինչպիսի՞ բարեփոխումների և գործընթացների արդյունքում է մեր երկիրն այս դրական տեղաշարժն արձանագրել:

– Նախ նշեմ, որ այս աննախադեպ ցուցանիշով Հայաստանը շատ ԱՊՀ երկրներից առաջ անցավ՝ հայտնվելով Հոլանդիայի և Բելգիայի կողքին: Այս հանգամանքը պայմանավորված էր իրականացված մի շարք բարեփոխումներով, գործարարության, բիզնեսի կազմակերպան հեշտացման, հատկապես ձեռնարկությունների գրանցման գործընթացների դյուրինացման գործոններով: Այդ ամենն այժմ փոխարինվել է էլեկտրոնային տարբերակի: Ինչպես բոլորս գիտենք,  հնարավորություն է  ստեղծվել մի քանի րոպեների ընթացքում ամփոփ ձեռնարկատիրություն գրանցել, ներառյալ հարկային կոդերը և ֆիրմայի անվանումը: Նախկինում այդ գործընթացները բավական երկարատև էին. քաղաքացիները  արտոնագրային վարչություն էին դիմում իրենց ֆիրմայի անունը գրանցելու համար և սպասում դրական կամ բացասական պատասխանի: Այնուհետև բանկ գնալու անհրաժեշտություն էր ծագում՝ հիմնադիր կապիտալը սեփական հաշվին մուտքագրելու համար, և կարիք էր առաջանում դիմելու նաև հարկային տեսչությանը, հարկային կոդի ձեռքբերման համար: Այդ  բոլոր գործընթացները, որոնք նախկինում տևում էին մի քանի օր, այսօր տևում են ընդամենը 15 րոպե, ընդհուպ կնիքի պատվիրումը, որը նախկինում ևս ժամանակ էր պահանջում:

Երկրորդ կարևորագույն բարեփոխումը հարկային հաշվետվությունները ևս էլեկտրոնային տարբերակով իրականացնելու հնարավորությունն է, առհասարակ փաստաթղթաշրջանառությունը  համացանցի միջոցով իրականացնելը: Այն իր մեջ ներառում է հաշիվ-ապրանքագրերն ու հարկային տեսչության եռամսյա հաշվետվությունները: Նախկինում մարդիկ պարտադրված էին երկար սպասել գոյացած հերթերի պատճառով, այնուհետև գրասենյակից գրասենյակ տեղափոխվել: Այդ պրոցեսները ևս բավականաչափ հեշտացվել են: Իսկ երրորդ կարևորագույն բարեփոխումը վերաբերում է բոլոր ստուգումները ռիսկերի վրա հիմնված լինելու սկզբունքին: Այսինքն՝ այն ձեռնարկությունները, որոնք ռիսկային են, ավելի բարձր տեսադաշտում են հարկային տեսչության կողմից, քան վստահելի ընկերությունները, որոնց մոտ անակնկալ ստուգայցեր այլևս չեն նախատեսվում:

– Այսօր որքանո՞վ է մեր երկրի ներդրումային միջավայրը գրավիչ և որքա՞ն է  արտասահմանյան կապիտալով ընկերությունների թիվը:

– Արտասահմանյան կապիտալով շատ ընկերություններ կան Հայաստանում, այդ թվում նաև խոշորները, մասնավորապես` հեռահաղորդակցության, հանքարդյունաբերության ոլորտներում: Ներդրումային դաշտը ևս բարելավվել է: Ինչպես գիտեք, ներդրողների համար  գործում են հատուկ մաքսային ռեժիմներ, որոնք վերաբերում են ժամանակավոր ներմուծման և ավելացված արժեքի հարկի հետաձգման գործընթացներին: Այս արտոնությունը տարածվում է այն գործարարների վրա, որոնք 300 մլն դրամի ապրանք են Հայաստան ներմուծում: Այս պարագայում բոլոր  ներմուծվող սարքավորումների դիմաց գանձվելիք ԱԱՀ-ն  հետաձգվում է 3 տարով: Այդ ժամանակահատվածը գործարարին հնարավորություն  է  տալիս աշխատել, թողարկել արտադրանք, նոր միայն այդ գումարը վճարել: Ի դեպ,  տվյալ ռեժիմը գործում է բոլոր գործարարների շրջանում՝ թե՛ տեղացի, թե՛ օտարերկրյա: Օտարերկացի գործարարների համար շուկան ամբողջովին բաց է, իսկ հնարավորությունները` մեծ թե՛ ձեռնարկություններ ստեղծելու, թե՛ հողատարածք ձեռք բերելու տեսանկյունից:

– Լավ, իսկ օտարերկրյա ներդրողը հատկապես ի՞նչ գործոններից և առավելություններից ելնելով պիտի մեր երկիրը գրավիչ համարի, իսկ տնտեսությունը՝ մրցունակ: Ինչը՞ պիտի ոգևորի և դեպի Հայաստան ուղղորդի արտասամանյան գործարարին:

– Պետք է ոգևորվի տնտեսության կայունությամբ և այն հանգամանքով, որ Հայաստանը գտնվում է պետությունների խաչմերուկում: Բացի այդ, մեր երկիրն ունի ազատ առևտրի ռեժիմներ: Այժմ բանակցային փուլում ենք Եվրամիության և ԱՊՀ երկրների հետ: Այն ապրանքը, որն արտադրված է Հայաստանում, առանց մաքսային հավելյալ վճարների մտնում է ռուսաստանյան շուկա, ինչը հնարավոր չէ Եվրոպայից դեպի ռուսաստանյան շուկայի պարագայում: Հայկական ապրանքատեսակներն իրենց ապրանքանիշով այսօր անարգել մուտք են գործում ՌԴ շուկա:

Կառավարության որոշմամբ ստեղծվել են նաև ազատ տնտեսական գոտիներ Մերգելյան ինստիտուտի՝ Երևանի մեքենաշինության և գիտահետազոտական կենտրոնի և «Մարս» գործարանի տարածքներում,  որոնք առաջիկայում կսկսեն գործել: Մերգելյան ինստիտուտի տարածքում կտեղակայվեն IT  բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերություններ, իսկ «Մարս» գործարանում ավելի շատ զարկ կտրվի արտադրության ոլորտին: Այստեղ գործող ընկերությունների համար բոլոր հարկերն ու տուրքերը հավասարեցված են զրոյի և՛ ներմուծման, և՛ արտահանման ժամանակ: Կկատարվեն միայն աշխատակիցների սոցիալական վճարները:  Այս քաղաքականությունը, ի դեպ, շատ քիչ երկրներում է  իրականացվում,  բայց այդ կերպ հնարավորություն է ստեղծվում բոլոր արտահանմանն ուղղված ձեռնարկություններին ներմուծել սարքավորումներ, թողարկել արտադրանք և արտահանել առանց հավելյալ ծախսերի:

– Լավ, իսկ ընկերությունների կողմից ազատ տնտեսական գոտիներում գործունեություն սկսելու հայտեր արդեն ներկայացվե՞լ են:

– Այո, արդեն մեկ-երկու հայտեր ունենք, որոնք արտասահմանյան ՏՏ ոլորտի ընկերություններ են: Նշեմ, որ արդեն գործող ընկերությունների մուտքը ԱՏԳ-ներ սահմանափակված է, որովհետև մենք չենք ցանկանում նրանց դուրս թողնել հարկային դաշտից: Շեշտը դրվելու է սկսնակ կազմակերպություններին արտոնություններ տալու սկզբունքի վրա. մենք բացում ենք բոլոր դռները նոր ներդրողների և նոր տեխնոլոգիաների համար, ոչ թե նրա համար, որ եղած խոշորները ԱՏԳ-ների ներքո իրենց եկամուտները թաքցնեն:

–  Այժմ խոսենք արդյունաբերության քաղաքականության ռազմավարության մասին: Իրականացվող ծրագրերի շրջանակներում ինչքա՞ն կաճեն արտահանման ծավալները:

– Նախատեսվում է մինչև 2020 թ. արտահանման աճը մոտ երեք անգամ ավելացնել: Շատ բարձր նիշ ենք մեր առջև դրել:   Անցած տարի արդեն արդյունաբերության ոլորտում 9 տոկոսի աճ ենք արձանագրել, այն պարագայում, երբ  ՌԴ-ն այս ոլորտում ունեցել է ընդամենը 3,2 տոկոսի աճ: Այս տարվա համար որպես թիրախ նախատեսվում է  արտադրության 9,9 տոկոսի աճ: Իսկ միայն դեղագործության ոլորտում անցած տարի  արձանագրվել է արտադրանքի 18, իսկ արտահանման ոլորտում՝  32 տոկոսի աճ:  Այսինքն, կառավարության այս բարեփոխումները, ներառյալ` արդյունաբերության քաղաքականության ռազմավարության ընդունումը, արդեն իսկ իրենց արտացոլումն ունեն տնտեսության մեջ:

–  Վերջապես, ներդրումների խթանման ի՞նչ ծրագրեր ունեք, կամ այդ ուղղությամբ ի՞նչ է առաջիկայում նախատեսվում:

– Կարող եմ մի ուրախալի լուր հայտնել. արդեն իսկ ստեղծվել է արդյունաբերության հիմնադրամ, որն առաջին անգամ Հայաստանի նորանկախ պատմության մեջ ստացել է բյուջետային ֆինանսավորում 300 մլն դրամի չափով: Հավաքվել են ֆինանսական միջոցներ նաև այլ աղբյուրներից, և այս պահին հիմնադրամը մոտ 500 մլն դրամ ունի: Այդ ամբողջ գումարը նպատակաուղղվելու է արտահանման խթանմանն ուղղված միջոցառումներին, որոնց շրջանակներում կազմակերպվելու են ցուցահանդեսներ և համաժողովներ չորս թիրախային շուկաներում: Բացի այդ, իրականացվելու է նաև արտահանմանն ուղղված արտադրությունների վարկերի սուբսիդավորում մինչև 3 տոկոսի շրջանակներում:

Լ.Ն

Գազի գինը որքա՞ն կթանկանա

գազ«Հայռուսգազարդը»  գազը թանկացնելու հայտ է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով: Նա առաջարկել է բարձրացնել և՛ բնակիչներին (ամսական մինչև 10 հազար խմ գազ սպառողներին), և՛ գործարարներին (ամսական 10 հազար խմ-ից ավելի շատ գազ սպառողներին) վաճառվող գազի գինը:

Բնակիչների դեպքում գործող 132 դրամ/խմ-ի փոխարեն առաջարկվել է 221 դրամ/խմ սակագին: Փաստորեն, խոսքն ավելի քան 67% թանկացման մասին է:

Հանրության շրջանում արդեն իսկ քննարկվում է այն միտքը, որ 67% հայտարարված թիվն ուռճացված է,  իսկ իրականում նախատեսված է ավելի ցածր նիշ: Պարզապես ռուսական կողմի համար ակնհայտ է, որ գնի բարձրացումը լուրջ դժգոհություն կառաջացնի` դառնալով հանրային քննարկումների առարկա: Ուստի հայաստանյան իշխանությունների հետ փոխհամաձայնություն կա հանրությանը ցույց տալ, թե «երկարատև ու դժվարին» բանակցությունների արդյունքում հնարավոր եղավ թիվը նվազեցնել, իսկ  «Հայռուսգազարդն» էլ կպահպանի իր նախատեսած նիշը:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն առաջիկա 90 օրերի ընթացքում պետք է ուսումնասիրի հայտը և ներկայացնի իր դիրքորոշումը:

Եթե գազի գինը բարձրանա նույնիսկ 30%-ով, միևնույն է, դա լրիջորեն կվնասի Հայաստանի տնտեսության ու բնակչության շահերը:

Հանրային խորհրդում առաջիկայում կքննարկի քազի գնի թանկացման հարցը: ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանն «Անկախին» հայտնեց, որ իր ինքն արդեն հանձնարարել է հանձնաժողովի սակագների կարգավորման ենթահանձնաժողովի անդամներին ուսումնասիրել հարցը, մշակել առաջարկներ, որից հետո ներկայացնել հանձնաժողովի քննարկմանը:

Արմեն Ռուստամյան. «Գազի գնի թանկացումը կհանգեցնի կատարյալ աղքատության»

Լուսանկարը` Pastinfo.am-ի

Լուսանկարը` Pastinfo.am-ի

Գազի սակագնի բարձրացման շուրջ խոսակցություններից դժգոհ քաղաքացիներն այսօր կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են անցկացնում: Նրանց թվում էին քաղաքական գործիչներ, զոհված զինծառայողների մայրեր, բնապահպան ակտիվիստներ և ուղղակի քաղաքացիներ, ովքեր իրենց վրդովմունքն են հայտնում ու ասում, որ գազի գնի թանկացումը կբերի մյուս ապրանքատեսակների թանկացման, ապա արտագաղթի:

«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, որ գազի սակագնի բարձրացումը նշանակում է փլուզել առանց այլ էլ փլուզված Հայաստանի տնտեսությունը:

«Սա աննախադեպ սոցիալական լարվածություն կառաջացնի երկրում և թռիչքային ձեւով գների բարձրացում կարող է առաջացնել»,- ասաց Արմեն Ռուստամյանն ու հավելեց, որ իրենց կարծիքով 60-70 տոկոս աղքատությունը կդառնա կատարյալ և որ կլինեն 5 տոկոս մեծահարուստներ, որոնք բնականաբար չեն տուժի այս ամենից, բայց ժողովրդի մեծ մասը կհայտնվի անմխիթար վիճակում:

Ռուստամյանի կարծիքով՝ կառավարությունը ժողովրդին այսպիսի անակնկալ չպետք է մատուցեր, քանի որ նրանց հայտարարած ոչ մի ծրագրում նման բան չէր նախատեսվում: Իսկ հնարավոր գնաճի վերաբերյալ դաշնակցության հարցերին ի պատասխան կառավարությունը միշտ հերքել է՝ ասելով, որ ընդհակառակը նախատեսում են թոշակների և աշխատավարձերի բարձրացում:

«Սպասում ենք նոր կառավարության ծրագրին, և եթե սրա վրա պետք է հենվեն իրենք, ապա լավ բան կանխատեսել չենք կարող»,- ասաց Արմեն Ռուստամյանը:

Հզոր պետությունը` նոր ճգնաժամի առաջ

ol3001368688669Գրեթե մեկ տարի ծախսելով նոր հարկեր հաստատելու ու իր դաշնակիցների կաշառակերության դեմ պայքարի վրա` Ֆրանսիայի նախագահ Օլանդը այդպես էլ չկարողացավ փրկել պետությունը նոր ֆինանսական ճգնաժամից:

Փորձագետների կարծիքով, խոսքը Երկրորդ համաշխարհայինից հետո ամենազգալի տնտեսական անկման մասին է: Ներկայիս ճգնաժամը անքակտելիորեն կապված է Եվրագոտու ճգնաժամի հետ, որում ռեցեսիայի զոհ է դարձել 17 երկրներից 9-ը:

Տնտեսական դրության վատթարացումն  ու գործազրկության աճը Օլանդին Ֆրանսիայի պատմության ամենաչսիրված նախագահ են դարձրել: Նրա  նախագահության մեկ տարում իրավիճակը միայն վատթարացել է, ու ոչ մի ակնարկ վիճակի բարելավման մասին չկա: Բացի այդ, նախագահի հեղինակությունը տուժում է նաև նրա քաղաքացիական տիկնոջ` Վալերի Տիերվեյլերի սկանդալային արարքների պատճառով:

«Օրանժ Արմենիա»-ն նախատեսում է վերանայել սակագները

ՕրանժՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը մայիսի 15-ին ընդունեց Ֆրանս Տելեկոմ «Օրանժ» ընկերության ներկայացուցիչներին՝ «Օրանժ Արմենիա» ընկերության  գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերի գլխավորությամբ:

Հանդիպման ընթացքում Գագիկ Բեգլարյանին ներկայացվեցին «Օրանժ Արմենիա» ընկերության ներկա գործունեությունը, հետագա նախագծերը, հեռահաղորդակցության ոլորտի զարգացման միտումները:

Ֆրանսիս Ժելիբտերը տեղեկացրեց, որ հունվար ամսից Հայաստանում ներդրվելու է «Համարների տեղափոխելիության» համակարգը, նախատեսվում է նաև սակագների վերանայում,  որոնք հնարավորություն կտան ավելի դինամիկ դարձնել ընկերության հետագա գործունեությունը:

Գագիկ Բեգլարյանը հույս հայտնեց, որ Հայաստանի բջջային երրորդ օպերատորի ապագա ծրագրերն իրականություն կդառնան:  «Օրանժ»-ի դիրքերն օրեցօր պետք է լավանան: Մենք անում ենք հնարավորը, որ Հայաստանում գործող օպերատորների միջև լինի առողջ մրցակցություն, որը կնպաստի սպասարկման որակի բարձրացմանը: Մենք պատրաստ ենք համագործակցել և սիրով աջակցել ընկերությանը ցանկացած հարցում»,-նշեց նախարարը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին  նաև կապի ոլորտին առնչվող երկկողմ հետաքրքրություն ներկայացնող համատեղ ծրագրեր ու առաջարկներ:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն

Էլեկտրաէներգիայի սակագինը ևս կբարձրանա

էլ.ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, հաշվի առնելով 2013-2014 թվականներին կանխատեսվող էլեկտրաէներգիայի (հզորության) արտադրության հաշվեկշռի փոփոխությունը, ջերմային կայաններին վաճառվող բնական գազի սակագնի հնարավոր փոփոխությունը, ԱՄՆ դոլար/դրամ փոխարժեքի մեծության և մի շարք այլ գործոնների փոփոխությունները, իր նախաձեռնությամբ սկսել է էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների կողմից էլեկտրաէներգիայի արտադրության և ծառայությունների մատուցման, ինչպես նաև վերջնական սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթաց:

Այս   մասին  տեղեկացնում են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից:

Վարչապետը գերմանացի գործարարների հետ քննարկել է ներդրումային ծրագրեր

10394_am_5Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Գերմանիայի տնտեսության արևելյան հանձնաժողովի գործադիր տնօրեն Ռայներ Լինդների գլխավորած գործարար պատվիրակությանը:
Կառավարության ղեկավարը կարևորել է գերմանացի գործարարների այցը Հայաստան և հույս հայտնել, որ այն նոր լիցք կհաղորդի երկկողմ տնտեսական հարաբերությունների խորացմանը: «Գերմանիան տնտեսական բնագավառում մեր առաջնային գործընկերներից մեկն է: Առկա են երկկողմ բազմաթիվ հաջողված ծրագրեր պետական և մասնավոր հատվածներում»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Շնորհակալություն հայտնելով վարչապետին ընդունելության համար՝ Ռայներ Լինդները նշել է, որ նախորդ տարեվերջին Ֆրանկֆուրտում կայացած գործարար ֆորումի ընթացքում Տիգրան Սարգսյանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքներով գերմանական կողմը պատրաստ է գործնական ծրագրերի իրականացմանը: Մասնավորապես, Գերմանիայի տնտեսության արևելյան հանձնաժողովի գործադիր տնօրենը նշել է, որ իրենք շահագրգռված են երկկողմ համագործակցությամբ՝ արդյունաբերության, շինարարության, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության և այլ բնագավառներում:
Այդ համատեքստում, գերմանացի գործարարները վարչապետ Սարգսյանին են ներկայացրել վերը նշված ոլորտներում իրենց ներդրումային ծրագրերը: Կառավարության ղեկավարը ողջունել է նման նախաձեռնությունները և պատրաստակամություն հայտնել տարբեր գործիքակազմով ցուցաբերել համապատասխան օժանդակություն:
Ռայներ Լինդները շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ Եվրամիության հետ Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրմանը միտված քաղաքականություն վարելու համար: Դա, ըստ գերմանացի գործարարների, կնպաստի դեպի Հայաստան լրացուցիչ ներդրումների ներգրավմանը: Վերջիններս ողջունել են նաև ՀՀ կառավարության կողմից ԵՄ անդամ երկրների քաղաքացիների համար մուտքի արտոնագրի ազատականացման որոշումը:
Հանդիպմանը կողմերը քննարկել են նաև բիզնես ոլորտի երիտասարդ մասնագետների վերապատրաստմանը, ՏՏ բնագավառում գործող հայկական ընկերությունների՝ միջազգային ցուցահանդեսներին հնարավոր մասնակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներին առնչվող այլ հարցեր:

***
Գերմանիայի տնտեսության արևելյան հանձնաժողովին անդամակցում են շուրջ 200 գերմանական խոշոր, միջին և փոքր ընկերություններ: Ներկայում Գերմանիայի տնտեսության արևելյան հանձնաժողովը համագործակցում է 21 երկրների, այդ թվում՝ ԵՄ անդամության թեկնածու երկրների հետ: 

Քենիացիները քննադատում են պատգամավորների աշխատավարձերի բարձրացումը

i (2)Քենիայի ոստիկանությունն արցունքաբեր գազ  ու ջրցան սարք է կիրառել ակցիայի մասնակիցների դեմ, որոնք քննադատում են քենիացի խորհրդարանականների աշխատավարձերի բարձրացումը:

Որոշ ցուցարարներ խորհրդարանի շենքի մոտ են տարել խոզեր, որոնք, ըստ նրանց, խորհրդանշում են քաղաքական գործիչների ագահությունը:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ Քենիայի պատգամավորներն  աշխատավարձերի ու նպաստների կտրուկ բարձրացում են պահանջում: Սակայն նախագահ Ուհուրու Քենիաթան խորհրդարանականներին կոչ է անում հրաժարվել իրենց պահանջներից ու մեծ ուշադրություն հատկացնել ընտրողների կարիքներին:

Դոլարը բարձրանում է

դոլարՄայիսի 14-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 8,400,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 416.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարիդիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 416.5 դրամ:

«ՀայՌուսգազարդ»-ն առաջարկում է գազի գինը բարձրացնել 67 տոկոսով

գազ«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն և «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ «Տրանսգազ» ՍՊԸ-ն  դիմել են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` Հայաստանի Հանրապետությունում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կողմից ամսական մինչև 10.0 հազար նորմալ խորանարդ մետր սպառողներին (բաժանորդներին) վաճառվող բնական գազի սակագնի ու ամսական 10.0 հազար նորմալ խորանարդ մետր և ավելի սպառողներին (բաժանորդներին) վաճառվող բնական գազի յուրաքանչյուր ամսվա սակագնի հաշվարկման բանաձևի, ինչպես նաև Գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայության մատուցման («ՀայՌուսգազարդ» ՓԲԸ), Բնական գազի բաշխման գործունեության ( «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ) և Բնական գազի փոխադրման գործունեության ( «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ«Տրանսգազ» ՍՊԸ) սակագների վերանայման հայտերով. Այս մասին տեղեկացնում են «ՀայՌուսգազարդ»-ից:

Ամսական մինչև 10.0 հազար նորմալ խորանարդ մետր սպառում ունեցող սպառողներին (բաժանորդներին) վաճառվող յուրաքանչյուր հազար նորմալ խորանարդ մետր բնական գազի`

– գործող սակագինը 132 000 դրամ, ներառյալ ԱԱՀ,
– առաջարկվող սակագինը 221 000 դրամ, ներառյալ ԱԱՀ:

Ամսական 10.0 հազար նորմալ խորանարդ մետր և ավելի սպառում ունեցող սպառողներին (բաժանորդներին) վաճառվող յուրաքանչյուր հազար նորմալ խորանարդ մետր բնական գազի` յուրաքանչյուր ամսվա սակագնի հաշվարկման`

– գործող բանաձևը` P =243.13 x E, որտեղ P-ն 10.0 հազար նորմալ խորանարդ մետր և ավելի սպառողներին (բաժանորդներին) վաճառվող, 7900կկալ/նորմալ խորանարդ մետր ջերմարարություն ունեցող, բնական գազի յուրաքանչյուր հաշվետու ամսվա սակագինն է (դրամ/հազ.խմ), ներառյալ ԱԱՀ, E-ն յուրաքանչյուր հաշվետու ամսվան նախորդող ամսվա 25-ին ՀՀ Կենտրոնական բանկի կողմից հրապարակված մեկ ԱՄՆ դոլարի նկատմամբ հայ¬կական դրամի` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքի մեծությունն է,
– առաջարկվող բանաձևը` P = 392.05 x E, որտեղ P-ն 10.0 հազար նորմալ խորանարդ մետր և ավելի սպառողներին (բաժանորդներին) վաճառվող, բնական գազի յուրաքանչյուր հաշվետու ամսվա սակագինն է (դրամ/հազ.խմ), ներառյալ ԱԱՀ, E-ն յուրաքանչյուր հաշվետու ամսվան նախորդող ամսվա 25-ին ՀՀ Կենտրոնական բանկի կողմից հրապարակված մեկ ԱՄՆ դոլարի նկատմամբ հայ¬կական դրամի` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքի մեծությունն է:

Գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայության մատուցման`

– գործող սակագինը` 20.618 դրամ` ներառյալ ԱԱՀ, ներկրված յուրաքանչյուր հազար նորմալ խորանարդ մետր բնական գազի համար,
– առաջարկվող սակագինը` 33.695 դրամ` ներառյալ ԱԱՀ, ներկրված յուրաքանչյուր հազար նորմալ խորանարդ մետր բնական գազի համար:

Բնական գազի բաշխման`

– գործող սակագինը` 13709.698 դրամ` ներառյալ ԱԱՀ, բաշխված յուրաքանչյուր հազար նորմալ խորանարդ մետր բնական գազի համար,
– առաջարկվող սակագինը` 26638.071 դրամ` ներառյալ ԱԱՀ, բաշխված յուրաքանչյուր հազար նորմալ խորանարդ մետր բնական գազի համար:

Բնական գազի փոխադրման`

– գործող սակագինը` 6948.266 դրամ` ներառյալ ԱԱՀ, փոխադրված յուրաքանչյուր հազար նորմալ խորանարդ մետր բնական գազի համար,
– առաջարկվող սակագինը` 12989.186 դրամ` ներառյալ ԱԱՀ, փոխադրված յուրաքանչյուր հազար նորմալ խորանարդ մետր բնական գազի համար:

ՀԿԵ-ում ամփոփեցին ապրիլյան աշխատանքի արդյունքները

հկե«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը երկուշաբթի օրը կայացած խորհրդակցության ընթացքում ամփոփեց ընկերության ապրիլին կատարված աշխատանքի արդյունքները: Ինչպես ասաց Վիկտոր Ռեբեցը, 2013 թվականի ապրիլին երկաթուղին փոխադրել է 264,8 հազ տոննա բեռ, որից 181,6 հազ տոննա կազմել է բեռնումը, ինչը 2% գերազանցում է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

Գլխավոր տնօրենը հատուկ նշեց ներմուծման բեռնափոխադրումների կրճատումը, հիշեցնելով, որ ապրիլին պլանավորված ցուցանիշը կատարվել է միայն 83%-ով: Վիկտոր Ռեբեցը հանձնարարեց պատասխանատու անձանց բեռնափոխադրումների ծավալները ավելացնել, բեռների նոր ծավալներ ներգրավել դեպի երկաթուղի և «ՀԿԵ» ՓԲԸ տնօրենների խորհրդի կողմից հաստատված ցուցանիշներին հասնելու ուղղությամբ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել:

Երկաթուղու դրական ձեռքբերումներից «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենը նշեց նախորդ տարվա հետ համեմատ 0,8 ժամով կամ 9,9% տրանզիտային վագոնների պարապուրդի ժամանակի ու 19,2 ժամով կամ 85,6% մեկ վագոնի պարապուրդի ժամանակի կրճատումը:

Ընկերության ղեկավարի կողմից հրապարակված ցուցանիշների համաձայն, ապրիլին դեպոներում վերանորոգվել է 41 վագոն, իսկ ընթացիկ վերանորոգում անցել է 39 վագոն:

Վիկտոր Ռեբեցը հատուկ ուշադրություն դարձրեց գնացաների չվացուցակին՝ նշելով, որ ապրիլին ՀԿԵ-ն սպասարկել է 1362 գնացք, որից 1351՝ համաձայն չվացուցակի: Ընդ որում, Հարավկովկասյան երկաթուղու բոլոր միջազգային գնացքներն աշխատել են ըստ չվացուցակի:

Խորհրդակցության ավարտին ՀԿԵ գլխավոր տնօրենը հանձնարարեց ապահովել մայիսին երկաթուղու անխափան աշխատանքը և նախատեսված ցուցանիշների կատարումը, ամփոփել գարնանային զննման արդյունքները, կրճատել ծախսերը:

 

Տիգրան Սարգսյանը ծանոթացել է գինու և կոնյակի արտադրությամբ զբաղվող ընկերության ներդրումային ծրագրերին

10391_am_6Վարչապետ Տիգրան Սարգսանն այցելել է Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում գործող գինու–կոնյակի տուն «Շահնազարյան» ՍՊ ընկերություն՝ ծանոթացել վերջինիս գործունեությանը և ներդրումային ծրագրերին:

Տեղեկացվել է, որ 2009 թվականից հիմնադրված ընկերությունն արտադրում է «Շահնազարյան» և «Pearl of Armenia» տեսակների 3-ից 7 տարեկան կոնյակներ և կոնյակի սպիրտ: Կոնյակի արտադրության համար օգտագործվում է միայն տեղական հումք: Ընկերության արտադրանքի հիմնական մասն արտահանվում է ՌԴ և Ուկրաինա:
Նախորդ տարվա ընթացքում «Շահնազարյան» ՍՊԸ-ի կողմից մթերվել է 1.65 մլրդ դրամ արժողությամբ 11 հազար 815 տոննա խաղող: Արդյունքում՝ արտադրվել է 3.82 մլրդ դրամի արտադրանք, որից 3.79 մլրդ դրամի արտադրանքն արտահանվել է:
2013 թվականի 1-ին եռամսյակում ընկերության կողմից արտադրվել է 4.67 մլրդ դրամի արտադրանք, որը գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: Արտադրանքը գրեթե ամբողջությամբ արտահանվել է ՌԴ և Գերմանիա: Այս տարվա ընթացքում նախատեսվում է մթերել շուրջ 8 000 տոննա խաղող:
Ներկայում ընկերության կողմից իրականացվում են թորման արտադրամասի ստեղծմանն ուղղված աշխատանքներ, որի համար կներդրվի 156.4 մլն դրամ: Թորման արտադրամասի արտադրական հզորությունները թույլ կտան մեկ օրում թողարկել 8 հազար 800 դեկալիտր գինենյութ: Արտադրամասը նախատեսվում է շահագործման հանձնել սույն թվականի հոկտեմբերին:
Այս տարի «Շահնազարյան» ՍՊԸ-ն նախատեսում է ներդրումային ծրագրի շրջանակներում սկսել նաև հնեցման արտադրամասի վերազինման աշխատանքները, որի համար կպահանջվեն շուրջ 400 մլն դրամի ներդրումներ:
Ծրագրի շրջանակներում ընկերությունն ակնկալում է ՀՀ կառավարության աջակցությունը` ներմուծվող սարքավորումների համար հաշվարկված ԱԱՀ-ի գումարը երեք տարի ժամկետով հետաձգելու համար:
«Շահնազարյան» ՍՊԸ-ն 2012 թ. ՀՀ պետական բյուջե է վճարել մոտ 92 մլն դրամի հարկ, իսկ 2013 թվականի 1-ին եռամսյակի տվյալներով արդեն՝ 65.63 մլն դրամի հարկ:
Ձեռնարկությունում աշխատում է 64 մարդ` 172 հազ դրամ միջին աշխատավարձով:

Գիլյոտինի կենթարկվեն մի շարք ոլորտներ

10388_am_1Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհրդի հերթական նիստը:
Նիստին խորհրդի անդամներից բացի մասնակցել են նաև միջազգային փորձագետ, կարգավորիչ գիլյոտինի հեղինակ Սքոթ Յակոբսը, Արժույթի միջազագային հիմնադրամի, ինչպես նաև Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի գործունեությանն աջակցող կառույցների՝ ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, Համաշխարհային բանկի և Ավստրիական զարգացման գործակալության ներկայացուցիչները:
Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Եղիազարյանը ներկայացրել է կարգավորիչ գիլյոտինի տվյալների բազայի գույքագրման արդյունքները, համաձայն որի՝ բիզնես գործընթացների և դրանք սահմանող իրավական ակտերի շտեմարանում մուտքագրվել է շուրջ 2500 իրավական ակտ՝ ստացված ՀՀ պետական կառավարման մարմինների կողմից:
Տեղեկացվել է, որ առաջիկա օրերին շտեմարանը հասանելի կլինի հանրությանը:
Խորհրդի կողմից հաստատվել է 2013թ. մայիս-նոյեմբեր ժամանակահատվածի աշխատանքային ծրագիրը: Դրա համաձայն՝ կկրճատվեն և կպարզեցվեն հարկային, մաքսային, մշակույթի, սոցիալական հարցերի, ձեռնարկատիրության, արտաքին գործերի, միջազգային հարաբերությունների և կրթության ոլորտների բիզնես գործընթացներն ու դրանք սահմանող իրավական ակտերը:
Սքոթ Յակոբսը ներկայացրել է ծախսերի ազդեցության գնահատման մեթոդը և Հայաստանում կարգավորման ազդեցության գնահատման համակարգի կատարելագործման ռազմավարությունը:

 

«Մեզ շատ ունե՞նք, որ ուրիշներին եք տալիս…»

ոչխարներՀետաքրքիր մի երևույթ կա Հայաստանում. իշխանությունները մեկ–մեկ այնպիսի գործողություն են անում, որ, բնականաբար, անհայտ չի մնում, ու երբ լրատվամիջոցներով սկսում են ակտիվորեն անդրադառնալ այդ գործողության մանրամասներին, համապատասխան մարմինները սկսում են հերքել, մեղադրել լրագրողներին ապատեղեկատվություն տարածելու մեջ: Բայց որպես կանոն, նման դեպքերում միշտ պարզվում է, որ մամուլի հրապարակումներն անհիմն չէին. «առանց կրակի ծուխ չի լինում»:

 Նույնը վերաբերում է Սյունիքի արոտավայրերն իրանցի խաշնարածներին տրամադրելու մասին հուշագրին, որ վերջերս մամուլում ու երկրի հասարակական, քաղաքական, քաղաքացիական ու տնտեսական կյանքում մեծ աղմուկ բարձրացրեց: Նշվում էր, որ ՀՀ Սյունիքի մարզի և Իրանի Իսլամական Հանրապետության Արևելյան Ատրպատական նահանգի միջև կնքված հուշագրի համաձայն` Սյունիքի մարզի արոտավայրերի մի մասը վարձակալությամբ հանձնվելու է իրանցի հովիվներին:

Բարձրացված աղմուկը ստիպեց պատասխանատու մարմիններին հայտարարել, որ դա որևէ իրավական ուժ չունի: Այնուհանդերձ մի շարք հարցեր մնացին առկախ:

Վերջերս էլ մամուլում հայտնվեց ԻԻՀ Արևելյան Ատրպատական նահանգի անասնապահության հարցերի վարչության պետ Մոհամմադ Հասան Ալհաշեմի`«ՖԱՐՍ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցը, որում  նա ասել էր, թե հունիս ամսին 6 ամիս ժամկետով 10.000 գլուխ անասուն պետք է տեղափոխվի Հայաստանի Սյունիքի մարզ:  Հայկական կողմը դա ևս հերքեց:

Այժմ, երբ  «Անկախի»  տրամադրության տակ հայտնվեց ու հրապարակվեց այդ հուշագրի առկայությունը հաստատող փաստաթուղթը, որը վկայում է, որ հայկական կողմը կառավարական մակարդակով հավանություն է  տվել այդ գործընթացին, անդրադառնանք նրա որոշ հարցերին:

Մասնավորապես, «համաձայնագրի» 1.3.7 կետով երկու երկրների` ՀՀ-ի ու ԻԻՀ-ի առևտրի պալատները համաձայնել են խրախուսել ընկերություններին Իրան արտահանելու նպատակով Հայաստանում կառուցել ոչխարաբուծության, ինչպես նաև ջրային կենդանիների բազմացման համալիր, իսկ փաստաթղթի 1.4.7 կետով  իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել համատեղ ներդրումներով Հայաստանի Հանրապետությունում հիմնել մանր եղջերավոր կենդանիների բուծման տնտեսություն, ինչպես նաև սպանդանոցներ, իսկ հայկական կողմը համաձայնել է աջակցություն ցույց տալ այդ աշխատանքներին:

Կարծես հայկական արոտավայրերի մասին խոսք չկա նշված, բայց դա միայն առաջին հայացքից: Տրամաբանորեն, եթե Հայաստանում կառուցվում է ոչխարաբուծական համալիր, այսինքն` Հայաստանում պետք է պահեն ոչխարներ, որտե՞ղ պետք է արածացվեն այդ ոչխարները: Բնականաբար` Հայաստանում: Այսինքն` իրոք որոշել են Հայաստանի արոտավայրերը տրամադրել իրանցի խաշնարածներին:

Մի պահ մոռանանք, որ ոչխարները գյուղատնտեսների կողմից համարվում են արոտավայրերը փչացնող կենդանիներ, քանի որ նրանց քայլած տեղերում բուսականություն չի կանաչում, մոռանանք, որովհետև Հայաստանում նույնպես ոչխարաբուծությամբ զբաղվողներ կան: Մյուս կողմից` կարելի էր մի պահ ընդունել, որ հայ ֆերմերները բուծեին ոչխարները, հետո միսն արտահանվեր Իրան, տնտեսական առումով, գոնե հասկանալի կլիներ: Բայց երբ իրանցի խաշնարածները պետք է գան Սյունիք, այնտեղ զբաղվեն ոչխարաբուծությամբ, հետո այդ ոչխարներին տանեն հետ` իրենց երկիր` իրացման նպատակով, դա ուղղակի նշանակում է Հայաստանի գյուղատնտեսական այդ ռեսուրսնեը նվիրել Իրանին: Եվ դա այն դեպքում, երբ, օրինակ, Իրանի իշխանությունները հայկական բեռնատարներին իրենց երկրում թույլատրում են հասնել առավելագույնը մինչև Թավրիզ, որպեսզի հայկական բեռնատարները չկարողանան հասնել Բանդար-Աբասի նավահանգիստ` Հայաստան եկող, նաև Հայաստանը որպես տարանցիկ ուղի օգտագործող բեռները տեղափոխելու: Սա արվում է այն պարզ պատճառով, որ իրանական բեռնատարներն այդ բեռները տեղափոխեն թե՛ մինչև Հայաստան և թե՛ Հայաստանի տարածքով դեպի դուրս:

Ու այսպիսի «բարիդրացիական» հարաբերությունների պայմաններում նման հարևանին թույլ տալ, որ իր ոչխարները արածացնի Սյունիքի լեռներում, որտեղից խաշնարածները մի կերպ քշվեցին, մեղմ ասած, անհասկանալի է:

Հարցին նայենք մեկ այլ տեսանկյունից. հայտնի է, որ Իրանի շուրջ Արևմուտքի տրամադրվածությունը թշնամական է: Նույնիսկ վերջերս ԱՄՆ-ն հայտարարեց, որ բոլոր առումներով կաջակցի Իսրայելին, եթե վերջինս որոշի հարվածել Իրանին, էլ չասենք հենց Արևմուտքի կողմից անմիջականորեն հարված հասցնելու հավանականության մասին: Իրանն էլ ակտիվորեն պատրաստվել է պատերազմի, ու այժմ հայտնի չէ, թե դեպքերն ինչպիսի զարգացում կունենան: Ու ի՞նչ կլինի Սյունիքում, երբ «հուշագիր» լինի անխափան սահմանը անցնելու մասին` Սյունիքում իրենց խաշներն արածեցնելու պատճառաբանությամբ, երբ հարևան երկրում հանկարծ պատերազմ պայթի:

Ի միջի այոց, ՀՀ  Հանրային խորհուրդը ևս, ուսումնասիրելով հեռագնա ամառային արոտավայրերի ոլորտը, փաստում է, որ համաձայն  ՀՀ  հողային ֆոնդի առկայության  և  բաշխման վերաբերյալ  2012 թ.  հաշվետվության` արոտավայրերի մակերեսը կազմում  է  1056.3 հազ. հա, որից հեռագնա` 687.3 հազ. հա., մերձգյուղային` 369.0 հազ. հա: Այդ արոտավայրերի տարածքը ՀԽՍՀ ժամանակաշրջանում թույլ էր տալիս պահել 2.5 մլն ոչխար` ներկայիս 670.0 հազարի փոխարեն,  որոնք հիմնականում պահվում են գյուղամերձ արոտներում: Այս ամենը վկայում է տվյալ ոլորտի ոչ արդյունավետ օգտագործման և զարգացման մասին, ինչը չի նպաստում հանրապետության պարենային անվտանգության ապահովմանը և աշխատուժի ռացիոնալ օգտործմանը:

«ՀՀ Հանրային խորհուրդը ողջունում  է Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության համատեղ ծրագիրը «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցակցության (ՀԳ Ռ.Կ.Մ.) ծրագրի» իրականացումը, ինչը լրացուցիչ պայմաններ կստեղծի անասնապահության զարգացման համար»,- նշվում է այս առիթով Հանրային խորհրդի հրավիրած քննարկումների արդյունքում կազմված որոշման մեջ:

Հաշվի առնելով վերը նշվածը` ՀՀ ՀԽ-ն նպատակահարմար չի համարում հանրապետության հեռագնա արոտավայրերն օտարերկրյա իրավաբանական անձանց և առանձին քաղաքացիներին վարձակալությամբ հանձնելը: Եվ ՀԽ-ն որոշում է ընդունել դիմել ՀՀ կառավարությանը, առաջարկել գյուղատնտեսության նախարարության կողմից «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագրերի» համայնքային ռեսուրսների կառավարման և անասնապահության զարգացման բաղադրիչի իրականացման աշխատանքները դարձնել շարունակական` hանրապետության բոլոր մարզերում բարենպաստ պայմաններ ստեղծելով ոլորտի զարգացման համար:

Անցած շաբաթ բորսայում իրականացվել է 6,7 մլն դոլարի առք և վաճառք

դոլարՄայիսի 6-12-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.

USD
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 52,432,713 ԱՄՆ դոլար 414.23 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 55,647,451 ԱՄՆ դոլար 415.80 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 6,700,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 415.74 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում իրականացվել է 2,632,396 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 415.63 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 3,197,331 EUR 541.72 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 7,821,379 EUR 545.65 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 512,942,830 ՌԴ ռուբլի 13.28 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 102,312,759 ՌԴ ռուբլի 13.51 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

Ապրիլի 29-ից մայիսի 5-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 39.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 53.3 մլն ԱՄՆ դոլար:

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն