ՀՀ ոստիկանության պետի մարզային այցելությունները շարունակվում են. հերթականը Սյունիքի մարզն էր

Syuniq_10Մարտի 13-ին ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը Սյունիքի մարզում էր:
Ինչպես տեղեկացնում է police.am-ը, ոստիկանության մարզային վարչությունում անցկացրած խորհրդակցության ընթացքում Վլադիմիր Գասպարյանը դրական գնահատեց իրավապահների աշխատանքը, միևնույն ժամանակ պահանջելով խորացնել բարեփոխումների գործընթացը, լիարժեք կատարել հանրության առաջատարի դերը, որը ոստիկանությանը վերապահված է իր առաքելությամբ:
Նշելով, որ ամեն ինչ արվում է նախկին իրավապահ համակարգի լավագույն ավանդույթները նոր սկզբունքներին շաղախելու համար՝ սստիկանության պետը կարևորեց յուրաքանչյուր ծառայողի անձնական պատախանատվության խնդիրը նոր ոստիկանության կազմավորման գործում:
Վլադիմիր Գասպարյանն ընդգծեց, որ հանցագործությունները հաշվառումից թաքցնելու և բռնությամբ ցուցմունքներ կորզելու արատավոր պրակտիկան անցյալում է և այլևս չի հանդուրժվելու, իսկ հանցագործությունների բացահայտման գործում առաջնայինը ոստիկանի պրոֆեսիոնալիզմի, գիտելիքների, հմտության ամենօրյա կատարելագործումն է:
Ոստիկանության պետը խորհրդակցության մասնակիցներին կոնկրետ հանձնարարականներ տվեց հասարակությանը ծառայություններ մատուցող ստորաբաժանումների աշխատանքի որակը բարելավելու ուղղությումբ՝ նկատի ունենալով, որ այդ ստորաբաժանումները շփման ամենամեծ մակերեսն ունեն հանրության հետ, և առաջին հերթին նրանց գործունեությամբ է պայմանավորված հանրության վերաբերմունքը ոստիկանության հանդեպ:
Խորհրդակցության ավարտին ոստիկանության պետը նշեց, որ այցելությունները մարզային ստորաբաժանումներ լինելու են պարբերական՝ ակնկալելով գործնական արդյունքներ:
Այնուհետև Վլադիմիր Գասպարյանը Սյունիքի մարզպետարանում հանդիպում ունեցավ համայնքների ղեկավարների հետ:
Ներկայացնելով ոստիկանության բարեփոխումների գործընթացը և գլխավոր սկզբունքները՝ ոստիկանության պետը կարևորեց հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդման, փոխադարձ վստահության և համատեղ աշխատանքի անհրաժեշտությունը:
Վլադիմիր Գասպարյանը ոստիկանության գործունեության մեջ առանձնացրեց անչափահասների հետ տարվող աշխատանքը՝ նշելով, որ հենց այդ առաջնահերթությամբ է պայմանավորված ոստիկանության անչափահասների գործերով բաժնի վերակազմավորումը ընտանեկան բռնությունների դեմ պայքարի և անչափահասների գործերով վարչության:
Ոստիկանության պետը անչափահասների հիմնախնդիրն առնչելով ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման խնդիրներին՝ համայնքների ղեկավարներին կոչ արեց օգտագործել իրենց դիրքն ու հեղինակությունը, որպեսզի տներում անօրինական զենք և զինամթերք չպահվեն և մարդիկ զերծ մնան ամեն տեսակ փորձանքներից:
Կարևորելով Սյունիքի մարզի նշանակությունը հանրապետության համար՝ Վլադիմիր Գասպարյանը հանդիպման մասնակիցներին հորդորեց անզիջում լինել արատավոր երևույթների հանդեպ, սերտորեն գործակցել ոստիկանության հետ՝ իրենց օրենքից վեր դասողների, թմրամիջոցների անօրինական շրջանառության, բռնությունների, զենքի կիրառման և այլ հանցավոր դրսևորումների դեմ պայքարում:


Հանդիպումն ավարտվեց ոստիկանության և համայնքների համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդիրների գործնական քննարկումով:

Անկախ

Սեմինար-պարապմունք ոստիկանությունում

140314_02Մարտի 14-ին, ինչպես տեղեկացնում է police.am-ը,  տեղի ունեցավ հերթական սեմինար-պարապմունքը ոստիկանության տարածքային բաժինների պետերի մասնակցությամբ։
Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը ներկայացրեց դասընթացի թեման և ստորաբաժանումների ղեկավարների խնդիրները:
Այնուհետե ոստիկանության պետի աոաջին տեղակալ Հունան Պողոսյանը և շտաբի պետ Վարդան Եղիազարյանը մանրամասնեցին գործնական պարապմունքի թեմատիկ պլանով նախատեսված հարցերը, անդրադարձան բաժինների կողմից սպասարկվող տարածքների առանձնահատկություններին, անձնակազմերի հետ տարվող աշխատանքին, ծառայողական և կատարողական կարգապահության ոլորտում առկա թերություններին ու դրանց վերացման միջոցներին։

140314_06
Դասընթացի ծրագրային խնդիրների քննարկումից հետո սեմինար-պարապմունքի մասնակիցներին տրվեցին կոնկրետ ցուցումներ և հանձնարարականներ։

Անկախ

Ինչպե՞ս փլուզել երկիրը ներսից

գնդապետ դանԳնդապետ Դանի նոթերը
Եթե մտադիր եք ծնկի բերել մի հզոր մրցակից երկրի, որի փիլիսոփայությունն ի սկզբանե ուժեղ, անկախ և ամբողջական է, որը ձեր երկրի շահերի հակառակորդն է, և չեք ցանկանում այդ երկրին պատերազմով` ռազմական ուժով ծնկի բերել, ապա լուծումը շատ հասարակ է։ Այդ երկիրն ու նրա հասարակությունը պետք է ոչնչացնել ոչ թե դրսից պատերազմելով, այլ ներսից փլուզելով։
Ի տարբերություն ռազմական գործողություններով հաղթանակի, այս տարբերակը պահանջում է մեծ համբերություն ու ավելի երկար կարող է տևել, սակայն այս մարտավարության դեպքում հակառակորդի վնասը կլինի նույնքան մեծ, եթե ոչ ավելի մեծ: Երբ ընտրում եք «ներսից ոչնչացման» տարբերակը, ապա օգտագործում եք այդ երկրի ժողովրդին։ Եվ այս դեպքում թե՛ արյունահեղությունն է բացառվում, թե՛ ձեր ռազմական կամ ֆիզիկական ենթակառուցվածքն է անվնաս մնում։
Յուրաքանչյուր երկրում կան մի քանի կարևոր ոլորտներ, որոնք սահմանում ու ձևավորում են հասարակության հասուն քաղաքացիների համոզմունքները և կյանքի ընթացքը։ Հենց այդ ոլորտներն են այն առանցքային կետերը, որոնք պետք է ենթարկվեն հարձակման: Գնդապետ Կլաուզիվիցն իր «Պատերազմում» գրքում անդրադարձել է այս հայեցակարգին, թե ինչպես պետք է հայտնաբերել և կենտրոնանալով հարձակվել այն ոլորտների վրա, որոնք այդ երկրի հասարակության ծանրության կենտրոնն են։
Գրավիտացիայի կամ ծանրության կենտրոնը հենց այն առանցքային կարևորագույն տարրն է, որը վերահսկելու կամ ոչնչացնելու դեպքում առավելագույն վնաս եք պատճառում ձեր հակառակորդին, որը և ձեր վերջնական նպատակին հասնելու կարևոր նախապայմանն է։
Պատերազմի այս տարբերակում, երբ ընտրում եք թշնամի երկիրը ներսից փլուզելու մարտավարությունը, ապա առանցքային հարցը պետք է լինի, թե ինչպես ձևավորել և վերահսկել այդ երկրի բնակիչների միտքը։ Դուք պետք է ձևավորեք ժողովրդի միտքը, վերահսկեք կյանքին նայելու ու այն արժևորելու նրանց բարոյա-հոգևոր արժեքային համակարգը, որի վրա հիմնված է նրանց կյանքը։ Ձևավորելով ու կերտելով նրանց ընդհանրական կարծիքը` կարող եք նրանց դեպի դժոխք ճանապարհել։
Կենտրոնների ծանրության վերահսկումով ես կարող եմ իրականացնել երկրի անկումը ներսից փլուզելու ճանապարով։ Դա նրանց ճշմարտության ընկալման մեզ համար ցանկալի փոփոխությունն է, ապագա սերունդներն են, քաղաքական փիլիսոփայությունն ու ազգայնականության զգացումն է, ինչպես նաև երկրի տնտեսությունն է։
Եթե ուզում ես ձևավորել ճշմարտությունը, ապա պետք է վերահսկել լրատվամիջոցները: Մեր օրերում մարդիկ, հիմնականում` մեծամասնությունը, կյանքի մասին իրենց հիմնական գիտելիքն ու պատկերացումները կլանում են լրատվամիջոցներից (հեռուստատեսություն, մամուլ և այլն)։
Լրատվամիջոցները և հեռուստատեսությունը հատկապես ձևավորում են կյանքի պատկերը։ Եթե այդ պատկերն անընդհատ խեղաթյուրվում է, ապա ժողովորդն այդ խեղաթյուրումն ընդունում է որպես ճշմարտություն։ Սուտը կամ խեղաթյուրված ճշմարտությունը պետք է անընդհատ կրկնել, և հասարակությունն այդ սուտն ի վերջո կընկալի որպես փաստ։
Օգտագործելով հանրային միջոցները, ինչպիսիք են հեռուստատեսությունը, ռադիոն և տպագիր մամուլը, կարող եք ազդել, իշխել և վերահսկել հասարակության ճնշող մեծամասնության միտքը ձեր ընտրած ցանկացած բնագավառում։ Այս կործանարար ազդեցությունը պետք է ներառի «մեկ փլուզող խումբը մյուսի նկատմամբ բորբոքելու» ռազմավարությունը, որպեսզի հասարակության մեջ առաջանան ներքին տարաձայնություններ։ Անհրաժեշտ է նաև տարածել վարկաբեկող նյութեր, անհրաժեշտ է խարխլել ազգային արժեքներն ու բարոյական սկզբունքները, ոչնչացնել ցանկացած հզոր հոգևոր հիմք և ստեղծել լոյալություն ազգային՞ յուրահատուկ մշակույթի նկատմամբ։ Սա շատ ավելի հեշտ գործ է, եթե ձեր թիրախային լսարանում շատերն արդեն դարձել են ծույլ, վատ կրթված, վատ տեղեկացված, չմտածող ու անտարբեր։
Ձևավորել ապագա սերունդներին, վերահսկել դասագրքերը, դպրոցները: Աստիճանաբար ուսուցանել այն երեխաներին, որոնք համակրում են ձեր սկզբունքներն ու փիլիսոփայությունը։ Ապագա սերունդներին պետք է դարձնել մտքով, մարմնով ու հոգով թույլ։ Խուսափեք դասավանդման ժամանակ երեխաներին հիմնական փաստեր մատուցելուց իրենց իսկ պատմությունից և սահմանադրական իրավունքներից։ Սովորեցրեք նրանց, որ բնական ագրեսիան սխալ է, իսկ հլու- հնազանդությունը ճիշտ է։ Նրանց պետք է սովորեցնել, որ բարոյական արժեքներին հետևելը թուլություն և ստրկություն է, որից պետք է խուսափել հանո՛ւն ազատության։ Նրանց նաև պետք է ներշնչել, որ վերանայեն հայրենասիրության հին հայեցակարգը և ընդունեն ձե՛ր տեսակետները։ Սովորեցրեք նրանց դեն նետել հին արժեքներն ու ավանդույթները` անվանելով դա «ի շահ զգայունության»։ Զգուշորեն համոզեք նրանց, որ, ի վերջո, իրենց հին ավանդական հավատալիքների պատճառով չեք ուզում վիրավորել որևէ մեկին, այլ ցանկանում եք միայն կրթել։ Ներշնչեք նրանց, որ ատրճանակները վտանգավոր են, որ դրանք սոցիալապես անընդունելի չարիք են հասարակության և` հատկապես երեխաների համար։
Ձևավորել քաղաքական փիլիսոփայություն` ներթափանցելով կառավարություն
Ձեր փլիսոփայության համակիրներին պաշտոններ տվեք և բարձրացրեք նրաց բոլոր
մակարդակներում. որքան բարձր` այնքան լավ, որպեսզի նրանք իշխեն և ուղղորդեն երկիրը բոլոր ուղղություններով` հասարակությանը խոստանալով լուծումներ և լավ կյանք։ Աստիճանաբար ավելացնելով վերահսկողությունը և կառավարության կախվածությունը ձեզանից` փոխեք վստահությունն օրենսդրության նկատմամբ։ Նշանակելով կոռումպացված դատավորների, որոնք չենք գործի Սահմանադրության շրջանակներում, նպաստեք, որ հասարակության մեջ ծնվի անպատժելիության մթնոլորտ, անվստահություն, դժգոհություն և որ ամենակարևորն է` հուսահատության զգացում։ Եթե կարողացել եք թափանցել և հասնել երկրի բավական բարձր պաշտոնական դիրքերի, ապա ամենաբարձր մակարդակներում կարող եք նաև բյուջետային կրճատումներով թուլացնել այդ երկրի բանակը։ Երկրի բանակի համար ավելացրեք ավելորդ սահմանափակումներն ու պարտավորությունները, ստեղծեք զինվորների համար նվաստացնող մթնոլորտ և դրանով կարող եք բարոյալքել բանակը թե՛ հոգեբանորեն և թե՛ արդյունավետության առումով։ Որևէ երկիր առանց ուժեղ բանակի անպաշտպան է ու խոցելի և նման է ճիրաններ ու ժանիքներ չունեցող վագրի կամ պոզեր չունեցող ցուլի։
Հզոր ազգը, հասարակությունն իր հիմքում ունի իր եզակի մշակույթն ու լեզուն։ Ապազգայնացնելով հասարակությանը` «ջրիկացրեք» նրա մշակույթն ու լեզուն։ Անցյալի ազգային հերոսները պիտի վարկաբեկվեն ու դառնան անկարևոր, նրանց վարքը պիտի քննադատվի, որպեսզի հասարակության, հատկապես երիտասարդության համար չդառնան հերոսության օրինակներ։
Մշակույթ ստեղծողներն ու ազգային սրբությունները պիտի վարկաբեկվեն։ Հարված հասցրեք լեզվին` խեղելով այն։ Մշակույթն ու լեզուն են, ի վերջո, միավորում ժողովրդին: Եթե կարողանաք շահարկել այդ երկու կարևորագույն տարրերն օրենսդրական գործողությունների և սոցիալական ճնշման միջոցով, ապա կարող եք ցանկացած երկրի հիմքերը թուլացնել։ Ի վերջո, ազգայինից հրաժարումը և բազմաբնակարան մշակութային հայեցակարգը հասարակությանը տանում է դեպի մահաբեր թուլացում։
Տնտեսությունը դարձնել ծախսարար. ծախսել, ծախսել և ծախսել, հարկեր, հարկեր և հարկեր. սա պիտի լինի «ներսից փլուզելու» ձեր ծրագիրը։
Երկիրը հզոր է, երբ այն տնտեսությամբ և ֆինանսապես անկախ է։ Նման երկրում ժողովուրդը շատ պահանջներ չունի իր կառավարությունից, իսկ երբ ազատ ժողովուրդը կախվածություն չունի կառավարությունից, նշանակում է` կառավարության իշխանությունը և վերահսկողությունը սահմանափակ է։ Օրենքի և օրինականության հիմքով պետական գանձարանից վերցրեք հնարավորինս մեծ գումարներ և իրականացրեք երկու կարևոր նպատակ։
– Առաջին` դուք պետք է հանրային և մասնավոր բիզնեսը, որոնք կանոնակարգված օրենքներ ունեն, դնեք պետությունից ուժեղ կախման մեջ, որից հետո սկսեք թելադրել նոր պայմաններ։
– Երկրորդ` երկիրը պետք է դնել «պարտքի տակ» և նվազեցնելով դրամային արժույթի արժեքը` խափանել տնտեսության զարգացումը։
Եվ իհարկե, աջակցելով բոլոր ծախսերը, դուք այդ գործընթացը պետք է ներկայացնեք այնպես, իբր կառավարության կողմից կատարվող շահեկան նպաստների դիմաց ժողովուրդը պետք է «ներդրում անի», և դուք դրանք պետք է բերեք հարկային դաշտ ու հարկեք նրանց։ Սրանով դուք գողանում եք աշխատավորի գրպանի փողը և միաժամանակ նրա անկախությունը։ Ի վերջո, եթե բավարար չափով, անընդհատ բարձրացնում եք հարկերը և ապրանքների արժեքը, մյուս կողմից էլ ավելացնում երկրի արտաքին պարտքը, ապա կարող եք ֆինանսապես այն աստիճան ճնշել ժողովրդին, որ ստրկությունից կռացած երկիրը ենթարկվի փլուզման։
Հիշատակված համակարգային այդ մի քանի կենտրոնների ծանրության առանցքները ենթարկելով մանիպուլյացիայի և խելացի ուղղորդումների` կարող եք համբերությամբ, ժամանակի ընթացքում իրականացնել նույնիսկ ամենահզոր երկրի կործանումը` օգտագործելով իր իսկ քաղաքացիներին։
Այս ամենի ծաղրն այն է, որ ընդամենը մի քանի սերունդների ընթացքում ձեր կողմից ուսուցանված զանգվածները համոզված կլինեն, որ լուսավոր ապագա կերտելու այս հնարավոր ուղին, որը դուք եք ձևավորել նրանց կործանելու համար, մարդկության համար լավագույն լուսավոր ճանապարհն է, և նրանք միշտ կերազեն նման ուղևորության մասին։
Եվ դուք, «երկիրը ներսից փլուզելու» այս մարտավարությամբ կկարողանաք վերահսկել ձեր հզոր մրցակցին ու առանց մի կրակոցի ու առանց մեկ կաթիլ արյան կոչնչացնենք նրան։
Հ. Գ.
Ժամանակ առ ժամանակ, ես վերանայում եմ անցյալում գրված իմ հոդվածները, որոշելու համար, թե իմ մեթոդների տեսանկյունից ներկայումս ինչ արդյունքներ կան։ Այս մեկը ես գրել եմ 2001 թ., միջազգային լրատվական իմ սյունակի համար։ Իմ հոդվածի ճշգրտության առումով դուք եղեք իմ դատավորը։ Ի՞նչ կարող եմ ասել 100-տոկոսանոց համոզվածությամբ։ Կարող եմ ասել, որ մենք ապրում ենք հետաքրքիր ժամանակներում։
Ազատ թարգմանությունը Արթուր Արմինի

Անկախ

 

Կուտակային համակարգի արդյունքները տեսանելի կլինեն շուտով. վարչապետ

Տիգրան ՍարգսյանՎարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ Հրազդանում տեղի է ունեցել Կոտայքի մարզի խորհրդի ընդլայնված նիստը, որին ներկա են եղել նաև ՀՀ գյուղատնտեսության և աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարներ Սերգո Կարապետյանն ու Արտեմ Ասատրյանը: Ներկայացվել է գարնան գյուղատնտեսական նախապատրաստական աշխատանքների ընթացքը և առաջիկայում նախատեսվող ծրագրերը: Ներկաների խնդրանքով վարչապետը մանրամասն ներկայացրել է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը և պատասխանել տարբեր հարցերի:

Տիգրան Սարգսյանը նշել է, որ ծերացող հասարակության պայմաններում թոշակառուների խնդրի լուծման լավագույն տարբերակը, նաև միջազգային հայտնի փորձագետների գնահատմամբ, վերը նշված համակարգն է: «Եթե ցանկանում ենք թոշակառուներին ապահովել երաշխավորված ապահով ծերություն, ապա այսօրվա գործող համակարգի՝ սերունդների համերաշխության սկզբունքի ներքո պետք է ավելացնել հարկային բեռը: Աշխարհի լավագույն մասնագետները ևս նշում են, որ այս խնդիրը միայն Հայաստանի համար չէ. աշխարհի երկրների մեծ մասը, որտեղ տեղի է ունենում բնակչության ծերացում, բախվում է դրան: Խնդրի լուծման մեկ բանաձև կա. աշխատողները պարտավոր են պետության հետ միասին մտածել իրենց ապահով ծերության մասին: Եթե այդ բեռը դրվի միայն եկամտահարկի վրա, ապա խնդիրը երբեք հնարավոր չի լինի լուծել»,- ասել է վարչապետը:
Տ.Սարգսյանի խոսքով՝ Հայաստանն ունի խնդրի լուծման պատուհան և պարտավոր է դրանից օգտվել, ինչը կապահովի ներկայիս երիտասարդների բարեկեցիկ ծերությունը:
Անդրադառնալով հարցին՝ որքան պետք է անձը կուտակի, որպեսզի ունենա ապահով ծերություն, վարչապետը նշել է.«Մեր բոլոր հաշվարկները և միջազգային համադրումները ցույց են տալիս, որ այն պահին, երբ քաղաքացին անցնում է թոշակի, ապա նրա թոշակը չպետք է ավելի ցածր լինի, քան թոշակի անցնելու ընթացքում իր եկամտի 40 տոկոսը: Որպեսզի այդ ցուցանիշը կարողանանք ապահովել, ապա քաղաքացին իր աշխատանքային կենսագրության ընթացքում պետք է կուտակի իր եկամտի առնվազն 10 տոկոսը»:
Կառավարության ղեկավարի դիտարկմամբ՝ որպեսզի այդ 10 տոկոսը քաղաքացին կարողանա կուտակել և այն ծանր բեռ չլինի վերջինիս համար՝ պետությունն իր վրա է վերցրել կուտակումների 5 տոկոսը: Բացի այդ, 2014 թվականին իրականացվելու են այնպիսի ծրագրեր, որոնք ապահովելու են աշխատավարձերի բարձրացում: Այդ առումով, աշխատանքները տարվում են երկու` մասնավոր և պետական հատվածների ուղղություններով: Առաջինի մասով ընդունվել է քաղաքական որոշում, որպեսզի նվազագույն աշխատավարձը փուլ առ փուլ ավելացվի. այն հասնելու է 75 հազարի: Պետական ծառայողների աշխատավարձերը նույնպես 2014-ի հուլիսի 1-ից էապես ավելանալու են:
«Մենք՝ որպես պետություն, եթե ցանկանում ենք ամուր կանգնած լինել ոտքերի վրա՝ իրավունք չունենք մտածելու միայն այսօրվա և վաղվա մասին, որովհետև վաղը չէ մյուս օրը կանգնելու ենք կոտրված տաշտակի առջև և որևէ մեկը չի օգնելու, որպեսզի լուծենք ՀՀ թոշակառուների խնդիրը: Դրա ֆինանսական բեռն այնքան մեծ է լինելու, որ ՀՀ պետական բյուջեն ի վիճակի չի լինելու լուծել այդ խնդիրը:
Իհարկե, սա հեշտ բարեփոխում չէ, և մենք, հաշվի առնելով միջազգային փորձը, մշակել ենք առաջին փուլում բացասական ազդեցությունը մեղմելու գործիքներ»
,- ընդգծել է վարչապետը:
Խոսելով խնայողությունները կորցնելու վտանգի մասին՝ կառավարության ղեկավարը վստահեցրել է, որ կառուցվել է խնայողությունների ապահովման գրագետ համակարգ, որը հաշվի է առնում տարբեր տեսակի ռիսկեր: Խնայողությունները հավաքագրվելու են համաշխարհային կուտակային հիմնադրամներում, որոնք, օգտագործելով դիվերսիֆիկացիայի գործիքը, գումարները տեղաբաշխելու են հուսալի արժեթղթերի մեջ: Խնայողությունները, Տիգրան Սարգսյանի խոսքով, ապահովվելու են նույնիսկ համաշխարհային ճգնաժամերի ժամանակ: «Միակ տարբերակը, որ այդ խնայողությունները փոշիանան, ոչ թե համաշխարհային ճգնաժամն է, այլ համաշխարհային կոլապսը: Մեր օրենքը հաշվի է առնում բոլոր ռիսկերը և նկարագրում այնպիսի մեխանիզմ, որը երաշխավորում է խնայողությունների հուսալիությունը: Դրա համար էլ ՀՀ-ում գործում են համաշխարհային համբավ ունեցող երկու կառավարիչներ, որոնք լինելու են Կենտրոնական բանկի հսկողության ներքո»,- ընդգծել է կառավարության ղեկավարը:
Վարչապետը վստահեցրել է նաև, որ համակարգի արդյունքները տեսանելի են լինելու արագ: Խնայողությունների մի մասը տեղաբաշխվելու է ՀՀ-ում հուսալի, անշարժ գույքով ապահովագրված հիփոթեքային ակտիվների մեջ: Դա, վարչապետի համոզմամբ, նշանակում է, որ ՀՀ շուկայում կհայտնվեն երկար փողեր՝ 35-40 տարվա կտրվածքով, և այսօրվա երիտասարդը կկարողանա ձեռք բերել բնակարան ու դրա համար վճարել 35 տարվա ընթացքում:
«Կուտակային համակարգը բնակարանները հասանելի է դարձնում մեր երիտասարդ ընտանիքների համար հենց այսօր: Այս խնայողությունները նպաստելու են ՀՀ տնտեսական աճին, որովհետև այդ գումարներն ուղղվելու են շինարարության ոլորտին՝ բնակարանաշինությանը, ինչը կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը, առևտրի աշխուժացմանը, ներդրումային նոր ծրագրերին»,- նշել է Տիգրան Սարգսյանը:
Նիստի ընթացքում ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը պարգևներ է հանձնել նախորդ տարվա ընթացքում գյուղատնտեսության բնագավառում հաջողություններ արձանագրած մի շարք գյուղատնտեսների:

Անկախ

Նախագահն այցելել է կառավարական շենքերի նոր համալիրի շինհրապարակ, այնուհետ ներկա է գտնվել մայրաքաղաքում բժշկական գործիքների արտադրության գործարանի բացմանը

5717Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է մայրաքաղաքի Վ. Սարգսյան հ. 3 հասցեում կառուցվող կառավարական շենքերի նոր համալիրի շինհրապարակ (համալիրը նախատեսված է ՀՀ արտաքին գործերի, արդարադատության, էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունների վարչական մասնաշենքերի համար): Հանրապետության Նախագահը ՀՀ քաղաքաշինության նախարարի, Երևանի քաղաքապետի, ՀՀ կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեի նախագահի և այլ պատասխանատուների ուղեկցությամբ շրջայցի ընթացքում ծանոթացել է կառուցվող համալիրի շինարարական աշխատանքների ընթացքին: Նախագահին զեկուցվել է, որ դեռևս 2013թ. ապրիլին մեկնարկած շին. աշխատանքներն ընթանում են ծրագրով նախատեսված ժամկետներին համապատասխան՝ արդեն ավարտված են մասնաշենքերի հիմնակմախքի շինարարական աշխատանքները, այժմ ընթանում են ինժեներական հաղորդակցուղիների մոնտաժային, ինչպես նաև քարե սալիկներով արտաքին ճակատների երեսպատման աշխատանքները: Նշվել է, որ համալիրի շին. աշխատանքների 2-րդ փուլով, վարչական մասնաշենքի Զաքյան փողոցին նայող ճակատի հարևանությամբ, նախատեսվում է կառուցել 1 ստորգետնյա ավտոկայանատեղով և 8 վերգետնյա հարկերով նոր վարչական մասնաշենք, որի ընդհանուր շինարարական մակերեսը կազմում է շուրջ 5000 քմ: Շինարարությունը նախատեսված է ավարտել երկուսուկես տարում:

Հանրապետության Նախագահն այսօր Երևանում ներկա է գտնվել նաև ռուսաստանյան խոշոր «Աֆինա Պալլադա» ընկերությունների խմբին պատկանող «Մեգա Մեդ» ընկերության՝ մեկանգամյա օգտագործման բժշկական գործիքների արտադրության գործարանի բացման արարողությանը:

Սերժ Սարգսյանը շրջել է գործարանի արտադրամասերում, ծանոթացել արտադրատեսականուն, կատարված ներդրումներին, դրա շրջանակներում իրականացված աշխատանքներին և ընկերության զարգացման ծրագրերին: Պատասխանատուների ներկայացմամբ, «Մեգա Մեդ» ընկերության կողմից մեկանգամյա բժշկական գործիքների արտադրության ծրագրի շրջանակներում բաժնետիրոջ կողմից մինչ այժմ իրականացվել են ավելի քան 42 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ: Արտադրության թողարկման լրիվ ծավալին հասնելու պահին ներդրումները կկազմեն շուրջ 47 մլն. ԱՄՆ դոլար:

Նշվել է, որ ներկայումս աշխատանքային պայմանագրեր են ստորագրվել 112 անձանց հետ: Գործարանում միջին աշխատավարձը կազմում է 150 հազար ՀՀ դրամ: Ընկերության ներկայացուցիչների հավաստմամբ, մինչև ս.թ. մայիսի վերջը նախատեսվում է բարձրացնել գործարանի արտադրական հզորությունները՝ աշխատողների թվաքանակը տարվա ընթացքում հասցնելով 400-ի: Այս փուլում գործարանում արտադրվելու են բժշկական մի քանի տեսակի ասեղներ, ներարկիչներ, ինսուլինային գրիչների ասեղներ, արյան հավաքման վակուումային և կաթիլային համակարգեր:

Գործարանի շահագործման արդյունքում ընկերությունը նախատեսում է արտադրել տարեկան շուրջ 1.2 մլրդ դրամի արտադրանք, որի գերակշիռ մասը կարտահանվի: Ձեռնարկության բացման արարողության շրջանակներում այսօր այդ նպատակով արտասահմանյան մի շարք կազմակերպությունների հետ ստորագրվել են «Մեգա Մեդ» ընկերության պատրաստի արտադրանքի առաքման և համագործակցության վերաբերյալ հուշագրեր։
Անկախ

Սեփականատերերը մաքրում և պատշաճ տեսքի են բերում իրենց պատկանող հողատարածքները

001Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին հայտնեցին, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, մայրաքաղաքում շարունակվում են սեփականատերերի կողմից իրենց պատկանող տարածքների մաքրման ու բարեկարգման աշխատանքները: Մինչ օրս գույքագրված 99 հասցեների սեփականատերերը նախ ծանուցվել են, որ սեփական միջոցներով պետք է համապատասխան աշխատանքներ իրականացնեն և մաքրեն ու պատշաճ տեսքի բերեն տարածքները:

Քաղաքապետարանի և վարչական շրջանների համապատասխան ստորաբաժանումների կողմից ձեռնարկված համալիր աշխատանքների  արդյունքում որոշ հողատարածքներ արդեն իսկ մաքրվել և կարգի են բերվել: Մի մասում համապատասխան աշխատանքներն ընթացքի մեջ են:

Կախված հողատարածքի մակերեսի մեծությունից՝ սեփականատիրոջը տրվել է 5-20-օրյա ժամկետ՝ նշված աշխատանքների իրականացման համար: Երևանի քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը տեղեկացրել է, որ ժամկետները խախտելու դեպքում սեփականատերերը կենթարկվեն վարչական պատասխանատվության: Տուգանքի չափը  կկազմի մինչև 200 հազար դրամ:

Անբարեխիղճ սեփականատերերի հայտնաբերումը, ինչպես նաև մաքրման համապատասխան աշխատանքների իրականացումը գտնվում է մշտական հսկողության ներքո:

 Անկախ

Դ!ԵՄ ԵՄ – Իրազեկում և բողոքի երթ-ակցիա հեծանվաերթի միջոցով

հեծանվացույցՀարգելի քաղաքացիներ,

Կազմակերպում ենք կենսաթոշակային պարտադիր վճարների դեմ բողոքի երթ-ակցիա կրկին հեծանիվներով:

Շաբաթ օրը՝ մարտի 15-ին ժամը 12:00–ին հեծանիվներով հավաքվում ենք Ազատության հրապարակում և միասին շարժվում դեպի Երևանի կենտրոնական փողոցներով, Հանրապետության հրապարակ և հետադարձ դեպի Ազատության հրապարակ:

Խնդրում ենք լինել ակտիվ և անպայման մասնակցել այս ակցիային, որի նպատակն է կրկին իրազեկել և մոտիվացնել մարդկանց կենսաթոշակային պարտադիր վճարների դեմ պայքարին միանալու համար:

Հեծանվաերթի ընթացքում հանրությանը բաժանվելու են թեմային առնչվող իրազեկման թռուցիկներ:

Մենք հուսով ենք, որ կլինեն անհատներ և կազմակերպություններ, ովքեր անվճար կամ վարձակալությամբ հեծանիվներ կտրամադրեն հեծանվաերթի մասնակիցներին: Սպասում ենք նաև նրանց արձագանքին:

Կանխավ շնորհակալ ենք աջակցության և համագործակցության համար:

«Դ!ԵՄ ԵՄ» թիմ
«ՀԵԾԱՆԻՎ+» ՀԿ

Անկախ

Ցույց «Հայկական Ժամանակի» խմբագրության դիմաց (տեսանյութ).Armtimes.com

Այսօր կեսօրից հետո «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրության դիմաց ցույց էին անում անհայտ անձինք (հիմնականում երիտասարդներ), ովքեր վանկարկում էին` «Դհոլ, դհոլ, դհոլ»: Նրանցից մի քանիսը դհոլ էին նվագում, եւս մի քանի հոգի ձեռքներին ունեին փուչիկներ: Նրանք մոտ 50 հոգի էին:


Armtimes.com-ի հետ զրույցում ցույցի մասնակիցներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ, նշեց, որ սա ինքնաբուխ ակիցա է: «Ես գիտեմ, որ երիտասարդներ են հավաքված՝ պայքարելու դհոլչի պատգամավորների դեմ: Կազմակերպիչներ չկան՝ ոչ կազմակերպություն է, ոչ էլ»:Մեր այն հարցին, թե ինչու որոշեցին հենց «Հայկական ժամանակ»-ի խմբագրության դիմաց կազմակերպել այս «ինքնաբուխ» ակցիան, ակտիվիստն ասաց, որ չգիտի եւ իրավասու չէ պատասխանել:Հավելենք, որ ակցիայի մասնակիցներին ուղեկցում էր «Կենտրոն» հեռուստաընկերության օպերատորը:

Նմանատիպ ցույց է տեղի ունեցել նաև Առաջին լրատվականի խմբագրության դիմաց և կրկին նրանց հետ էին «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրողն ու օպերատորը:

 

Անկախ

Բալասանյանն ասում է՝ գիշերը ցերեկ դարձնել հանուն գյումրեցիների

գյումրիԱրդեն տևական ժամանակ է Գյումրու երկրորդական փողոցներում ցեխադաշտերը չեն նահանջում: Բնակիչները շարունակում են բողոքել ու բողոքել: Մոտ տաս օր առաջ քաղաքապետ Սամվել Բալասանյանը քաղաքում ստեղծված արտակարգ դրության մասին խորհրդակցություն էր հրավիրել: Այսօր տեղի ունեցավ երկրորդ հանդիպումը:
«Այս տաս օրվա ընթացքում ոչ մի գործ չարվեց: Փորձեցինք անել, բայց եղանակային պայմանները թույլ չտվեցին: Հիմա շատ փողոցներ չորացել են, շարժվելու հնարավորություն կա, թեև ջրափոսերը դեռ մնում են: Նման իրավիճակ Գյումրիում երկար տարիներ չէր եղել: Համբերատարությանն էլ չափ կա: Եթե պետք է գիշերն էլ աշխատենք», – դիմելով ջրաշինարարներին նշեց Սամվել Բալասանյանը:
Նախորդ հանդիպմանը քաղաքապետը 10 օր էր տվել, որպեսզի քաղաքը մաքրեն ցեխից: Կենտրոնական փողոցներում քիչ թե շատ այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են, բայց երկրորդականներում իրավիճակը «կայուն ծանր է»:
«Հայջրմուղկոյուղու» տնօրենի տեղակալ, ներդրումային ծրագրերի տնօրեն Նորիկ Գևորգյանը, քաղաքապետին վստահեցրեց, որ երկուշաբթիից սկսած շինարարական կազմակերպությունները զբաղվելու են և շինաշխատանքներով, և քաղաքի մաքրմամբ:
«Դարոժնիկ» ՍՊԸ տնօրեն Արարատ Հովհաննիսյանն ասում . «Անհարմարություններ լինելու են, 120կմ միայն մեր կազմակերպությունն է խողովակներ անցկացնելու, պատկերացրեք՝ 120կմ քաղաքում քանդելու ենք: Մոտ 10 բրիգադ է աշխատելու, որպեսզի 10 փողոց միանգամից մտնենք, արագ կարողանանք, մինչև հոկտեմբեր, վերջացնել աշխատանքները»:
Նա ժողովրդին կոչ արեց ներողամիտ լինի, չէ՞ որ վերջապես պետք է մաքուր ջուր ստանան: Սամվել Բալասանյանն այստեղ ընդհատեց. «Մեր ժողովուրդը 88 թվականից էլ համբերում է, տնակներով էլ, ամեն ինչով էլ համբերում ենք: Բայց համբերության բաժակը լցվել է: Բոլորն ինձ են ասում՝ պարոն քաղաքապետ, էս ի՞նչ եղավ մեր քաղաքի հետ: Ես միայն ուզում եմ, որ ամեն ինչ կանոնակարգված լինի, այնպես չստացվի՝ մի փողոց փորենք, հետո շաբաթներով այդպես մնա»: Նա քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնի պետին հանձնարարեց ամեն գնով գոնե մաքրել կենտրոնական փողոցներ հասած ցեխը. «Ամբողջ ցեխը երկրորդական փողոցներից լցվել է կենտրոնական փողոցներ, մինչև հրապարակ է հասել: Հիմա հենց քամի է բարձրանում, մենք արդեն փոշու խնդիր ենք ունենում: Դա գիշեր լինի, երբ լինի, հանեք ամբողջ տեխնիկան, չունեք, ասեք ինչ է պետք գնել բերել, որպեսզի կարողանաք ջրցաններով, ձեր ունեցած հնարավորություններով մաքրել ասֆալտի վրայի ցեխը:

Անկախ

Արցախի վարչապետ Արա Հարությունյանը Հ. Քուշկյանին ներկայացրեց առողջապահության համակարգի աշխատակիցներին

Քուշկյանի և Լազարյանի նշանակումԼՂՀ կառավարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժնից Անկախին հայտնեցին, որ այսօր Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը առողջապահության համակարգի աշխատակիցներին և լրագրողներին ներկայացրեց նախագահի հրամանագրով առողջապահության նախարար նշանակված Հարություն Քուշկյանին, ինչպես նաև իր որոշումը՝ Զոյա Լազարյանին նախարարի առաջին տեղակալ նշանակելու մասին:

Կառավարության ղեկավարը շնորհավորեց և շնորհակալություն հայտնեց Հ. Քուշկյանին ԼՂՀ առողջապահության նախարարությունը ղեկավարելու` նախագահի առաջարկն ընդունելու համար: Վարչապետը ողջունեց նաև Զ. Լազարյանի որոշումը` շարունակել աշխատել համակարգում, և համոզմունք հայտնեց, որ այդ երկու գործիչների միասնական աշխատանքի արդյունքում Արցախի առողջապահական համակարգը լուրջ ձեռքբերումներ է ունենալու:

Ա. Հարությունյանը, ընդգծելով առողջապահության ոլորտի կենսական նշանակությունը հանրապետության համար և այդտեղ կատարված հսկայական աշխատանքները, համակարգի զարգացման, հետագա բարեփոխումների իրագործման և բնակչության շրջանում վստահության մակարդակի բարձրացման ճանապարհին կարևորեց նոր նախարարի նշանակումը: Գործադիրի ղեկավարի խոսքով՝ Հ. Քուշկյանի փորձառությունն ու հմտությունները թույլ են տալու բարձրացնել ոլորտի զարգացմանը նվիրված՝ նախագահի նախընտրական և կառավարության ծրագրերի իրականացման արդյունավետությունը:

Իր խոսքում նորանշանակ նախարարը շնորհակալություն հայտնեց ԼՂՀ նախագահին բարձր վստահության համար՝ պատրաստակամություն հայտնելով աշխատել հանրապետության առողջապահական համակարգի զարգացման ծրագրերի կյանքի կոչման ուղղությամբ: Նա համոզմունք հայտնեց, որ թիմային աշխատանքով համակարգի ողջ անձնակազմը հասնելու է իր առջև դրված խնդիրներին: Նախարարի նորանշանակ առաջին տեղակալ Զ. Լազարյանը իր հերթին շնորհավորեց Հ. Քուշկյանին և վստահություն հայտնեց, որ նա ի վիճակի է լինելու ի մի բերել Արցախի և Հայաստանի հանրապետությունների առկա ներուժը տեղի առողջապահական համակարգը զարգացնելու ճանապարհին:

Անկախ

Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա

եղանակը հայաստանումՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետականծառայությունից Անկախին հայտնեցին, որ հանրապետության տարածքում`

Մարտի 15-16-ին, 18-ի ցերեկը, 19-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

17-ի ցերեկը, 18-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում ամպրոպ:

Քամին արևմտյան` 2-7 մ/վրկ արագությամբ, 17-ին սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 15-16-ը կբարձրանա 3-4 աստիճանով, 17-ի ցերեկը, 18-ի գիշերը նույնքան կնվազի, այնուհետև աստիճանաբար կբարձրանա:

Երևանում՝
Մարտի 15-16-ին, 18-ի ցերեկը, 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

17-ի ցերեկը, 18-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ:

Երևանի մարտի 15-ի բազմամյա կլիմայական տվյալներ

• Օդի առավելագույն ջերմաստիճան 17.60C (1979թ)

• Օդի նվազագույն ջերմաստիճան -12.10C (1985թ)

• Օդի միջին օրական ջերմաստիճան 4.90C

Անկախ

«Երևան Ջուր»-ը հորդորում է համատիրություններին խողովակաները ջերմամեկուսացնել և նկուղների դուռ ու պատուհանները փոխել

ջուր«Երևան Ջուր» ՓԲԸ-ի Արևելք մասնաճյուղի տնօրեն Կարապետ Օհանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ ցրտաշունչ ձմռան պատճառով Երևանի բազմաբնակարան մոտ 50-60 շենքեր, որտեղ մուտքերը փակված չեն եղել, ջրի խողովակները սառչել են և շենքերը ջրազրկվել: «Երևան ջուրն» էլ ամեն ինչ արել է` ավելի մեծ վթարներից խուսափելու համար: Ձմռան ամիսներին ընկերությունն ավելացրել է մատակարարվող ջրի քանակն այնքան, որ ջրի սպառումը օգոստոս ամսվա ծախսից ավելի մեծ է եղել, իսկ իրենք աշխատել են գերծանրաբեռնված ռեժիմով:

«Հիմա մենք հորդորում ենք համատիրություններին միջոցներ ձեռք առնել խողովակաները ջերմամեկուսացնելու և նկուղների դուռ ու պատուհանները փոխելու համար, որպեսզի հաջորդ ձմռանը չունենանք այս խնդիրը»,- Կարապետ Օհանյանը: «Երևան ջրի» իրավաբանական և հաճոխորդների սպասարկման բաժնի տնօրեն Արտակ Մալխասյանի պնդմամբ` քաղաքապետարանը ևս ձեռնամուխ է եղել այս խնդրի լուծմանը, արդեն կատարվել են համապատասխան շենքերի գույքագրումներ: Նա հույս հայտնեց, որ համատիրությունների ակտիվ աշխատանքների արդյունքում հաջորդ ձմռանը նման խնդիր չի առաջանա:

Անդրադառնալով մասնավոր տնատիրությունների ջրագծերին` Կարապետ Օհանյանը նշեց, որ դրանք կառուցված են 10-15 մետր խորությամբ և, անգամ ամբողջ օրը ջուրը բաց թողնելու դեպքում, դրանք կսառչեին:

«Մեր բնակիչները պետք է կառուցեն նորմներին համապատասխան, այսինքն` մինչև 70 մետր խորությամբ: Հորդորում եմ մոտագա ամռան ամիսների ընթացքում հնարավորինս վերացնել այս թերությունները` նման խնդրի առաջ չկանգնելու համար»,-ասաց Կարապետ Օհանյանը:

Հարցին` բնակիչների կրած վնասները «Երևան ջուրն» է փոհատուցելո՞ւ, Արևմուտք մասնաճյուղի շահագործման տնօրեն Արամ Սահակյանն ասաց, որ, եթե բնակիչն իր ջրագիծը կառուցել է սխալ, որի պատճառով կրել է վնաս, էլ ինչ փոխհատուցման մասին կարող է խոսք լինել:

Վազգեն Մանուկյանն իր և ՀԽ անունից ցավակցագիր է հղել Ռոլես Աղաջանյանի ընտանիքին

վազգենՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն իր և Հանրային խորհրդի անունից ցավակցագիր է հղել արցախյան ազատամարտի առաջամարտիկ Ռոլես Աղաջանյանի մահվան կապակցությամբ, որտեղ մասնավորապես նշված է.
«Ռոլես Աղաջանյանի մահը մեծ կորուստ  ու ցավ է բոլորիս համար:
Նա Արցախյան շարժման ակունքներում կանգնած, Արցախի ազգային-ազատագրական պայքարին, ապա ազատ Արցախի պետականության կերտման գործին իր կյանքը նվիրած մի գործիչ էր, հայրենանվեր մի մարդ, որին երախտապարտ ենք բոլորս, և որով կարող է հպարտանալ Արցախի յուրաքանչյուր քաղաքացի:
Ցավում եմ, որ նա այլևս մեր կողքին չէ, սակայն վստահ եմ, որ նրա անունը միշտ վառ կմնա մեր սրտերում:
Իմ և Հանրային խորհրդի անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ռոլես Աղաջանյանի ընտանիքին, հարազատներին ու մերձավորներին»:

Պատահարներ Երևանում և հանրապետության ճանապարհներին

ավտովթարՄարտի 13-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Երևանի Մալաթիայի փողոցի թիվ 86 հասցեի դիմաց անհայտ մակնիշի և պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 1927 թ. ծնված Ռաֆիկ Մ.-ին, որը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 21.30-ին, ոստիկանություն է ներկայացել 1984 թ. ծնված Ոսկան Ո.-ն և հայտնել, որ վրաերթը, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով, կատարել է ինքը:

Մարտի 13-ին, ժամը 03.20-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան բախվել է Երևանի Չարենցի փողոցի թիվ 113 շենքի պատին, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 06.30-ին, բուժօգնության է դիմել նաև վարորդը:
Կատարվում է քննություն:

Մարտի 13-ին, ժամը 09.30-ին, «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան Երևանի Հովսեփյան փողոցում գտնվող շինկազմակերպության տարածքում հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 1963 թ. ծնված Անդրանիկ Ս.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Մարտի 13-ին, ժամը 06.15-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում բախվել է ծառի, ինչի հետևանքով վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Մարտի 13-ին, ժամը 22.30-ին, «Մերսեդես-Բենց Ե-320» մակնիշի ավտոմեքենան Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 82 շենքի մոտ բախվել է մեկ այլ «Մերսեդես-Բենց»-ի, ինչի հետևանքով երկու վարորդները և առաջին ավտոմեքենայի 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Մարտի 13-ին, ժամը 15.30-ին, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 5-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21099» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով վարորդները և երկրորդ ավտոմեքենայի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Վոլգոգրադի իրավապահների կողմից հետախուզվում էր կեղծ փաստաթղթերի ձեռք բերելու մեղադրանքով

ձերբակալվել էՄարտի 14-ին, ժամը 03.00-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները Բագրատաշենի մաքսատան հարակից տարածքից բերման են ենթարկել 1976 թ. ծնված Կամո Ա.-ին, որը 2013 թ. հունիսի 5-ից ՌԴ Վոլգոգրադի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր կեղծ փաստաթղթերի ձեռք բերելու մեղադրանքով:

 

Սուտ մատնության համար հետախուզվող կնոջը բերման են ենթարկել օդանավակայանից

ձերբակալելՄարտի 14-ին, ժամը 02.15-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման են ենթարկել 1982 թ. ծնված Հեղինե Վ.-ին, որը 2013 թ. օգոստոսի 28-ից ոստիկանության Թալինի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 333 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով` հանցագործության մասին սուտ մատնությունը, եթե անձը գործել է` գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է:

 

«Ղ-Տելեկոմ», «ԱրմենՏել» և «Օրանժ Արմենիա» ընկերությունները նախազգուշացում են ստացել ինտերնետ ծառայությունների ոլորտում անբարեխիղճ մրցակցության համար

Արտակ ՇաբոյանԲազմաթիվ քաղաքացիներից ստացված դիմում-բողոքների հիման վրա ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ուսումնասիրություն է իրականացրել շարժական (USB) մոդեմի միջոցով մատուցվող ինտերնետ ծառայությունների ոլորտում: Ուսումնասիրության ընթացքում բացահայտվել են մի շարք խնդիրներ՝ կապված «Ղ-Տելեկոմ», «ԱրմենՏել» և «Օրանժ Արմենիա» ընկերությունների գործունեության հետ:

Պարզվել է, որ ընկերությունները ինտերնետ ծառայությունների ոլորտում անբարեխիղճ մրցակցություն են դրսևորել: Մասնավորապես, վերոնշյալ ընկերություններն  իրենց կողմից մշակված պայմաններում նախատեսել են այնպիսի դրույթ, որը նրանց հնարավորություն է տալիս պայմանագրային բաժանորդներից գանձել վճարներ նույնիսկ այն ժամանակահատվածի համար, երբ վերջիններիս ինտերնետ ծառայություն չի մատուցվել:

ՏՄՊՊՀ դիտարկմամբ` կապի ոլորտում գործող ընկերությունները իրենց վարքագծով խախտում են օրենքը, համաձայն որի ծառայությունը կասեցվելու դեպքում կասեցվում է նաև բաժանորդի՝ վճարումներ կատարելու պարտավորությունը: Ընդ որում, ծառայությունների մատուցման պայմաններում առկա այս դրույթը շատ դեպքերում բաժանորդներին սահմանված կարգով չի ներկայացվում: Այսինքն, մոդեմը ձեռք բերելիս՝ քաղաքացիները տեղեկացված չեն այս պայմանների մասին: Ուսումնասիրության ընթացքում բացահայտվել է նաև, որ որոշակի բարդություններ են առաջանում այն դեպքում, երբ բաժանորդները դիմում են պայմանագիրը լուծարելու համար: Այս գործընթացը հաճախ ընկերությունների կողմից արհեստականորեն երկարացվում է:  Արդյունքում  վերջինները ստանում են եկամուտներ այն դեպքում, երբ  իրենց կողմից որևէ  ծառայություն չի մատուցվել: Բաժանորդը պետք է վճարի միայն փաստացի օգտագործած ծառայության համար, ինչը օրենքի պահանջն է:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը նշեց, որ ընկերությունների այս գործելաոճն անարդար է, քանի որ քաղաքացիները չեն ստանում ինտերնետ ծառայություն և ստիպված են դրա համար վճարել: Բացի այդ, դա հակաօրինական է:

«Համաձայն  էլոկտրոնային հաղորդակցության մասին օրենսդրության պահանջների` երբ ինտերնետային ծառայությունները կասեցվում են, ապա պետք է կասեցվի նաև վճարների հաշվարկումը: Այս հարցը մենք քննարկել ենք երեք խոշոր օպերատորների հետ: Որոշակի պատճառաբանություններ ներկայացվել են, սակայն մեր կարծիքով` դրանք հիմնավոր չեն: Հաշվի առնելով, որ խնդիրն առաջին անգամ է բարձրաձայնվում, համընդհանուր բնույթ է կրում, խնդիրը առավելապես վերաբերվում է քաղաքացիների և ընկերությունների միջև պայմանագրային հարաբերություններին, հանձնաժողովը որոշեց այս անգամ խստորեն զգուշացնել այս ընկերություններին և հանձնարարել փոխել նման գործելաոճը»,- ասաց Արտակ Շաբոյանը:

 

Աղետի գոտու բնակարանաշինության վերսկսման ժամկետը դեռևս մնում է անհայտ

գյումրի«Շիրակ կենտրոնը» դեռևս նախորդ ամիս, Գյումրիում ավելի քան մեկ տարի ընդհատված բնակարանաշինության վերսկսման կոնկրետ ժամկետի պարզաբանման խնդրով «Ի վերջո ե՞րբ է վերսկսվելու բնակարանային շինարարությունը Գյումրիում»  խորագրով հրապարակային հարցում էր հղել ՀՀ բարձրագույն իշխանություններին, որում մասնավորապես ասված էր.

«Հարգելի պարոն նախագահ, պարոն վարչապետ և պարոն նախարար.
դեռևս նախորդ տարի, Ձեր իսկ կողմից տրված խոստումների համաձայն, Գյումրիում անմարդկային պայմաններում գոյատևող մոտ 4000 ընտանիքների համար պետք է կառուցվեր և շահագործվեր ընդամենը 430 բնակարան: Սակայն ինչպես գիտենք, անցյալ տարի այդպես էլ բնակարանային շինարարությունը չվերսկսվեց: Համաձայնե՛ք, որ «դառը ճշմարտությունը գերադասելի է քաղցր ստից»: Ի վերջո, եթե 1988-ի դեկտեմբերյան երկրաշարժից ի վեր աղետյալներին պարբերաբար, հատկապես նախընտրական ժամանակահատվածներում չտրվեին սին խոստումներ, թե. «երկու տարվա», «հինգ տարվա», «երեք տարվա» ընթացքում կկառուցվեն պահանջվող քանակությամբ բնակարաններն ու կհատկացվեն անօթևան ընտանիքներին, ապա հաստատ նրանցից շատերն իրենց «գլխի ճարը կտեսնեին», կամ գոնե այդ մարդիկ իրենց վագոն-տնակների հարևանությամբ ինչ-որ մի քարե կացարան կկառուցեին:

Հարգելի պարոն նախագահ, պարոն վարչապետ և պարոն նախարար.
դիմում ենք Ձեզ, ակնկալելով ինչպես մեզ, այնպես էլ հարյուրավոր անօթևան ընտանիքների համար ավելի քան կարևոր՝ Գյումրիում բնակարանաշինության վերսկսման և շահագործման հնարավորինս ճշգրիտ ժամկետների մասին տեղեկատվության հրապարակում»:

«Շիրակ կենտրոնը» ՀՀ քաղշիննախարարությունից ստացել է աղետի գոտու հարյուրավոր ընտանիքներին հուզուղ մեր հարցման պատասխանը: Առաջ անցնելով նշենք, որ այն թեև բավականին ուշագրավ թվային տվյալներ է պարունակում, որում նշված է բնակարանաշինության ծրագրի ավարտման ժամկետը, սակայն չի նշված վերսկսմանը կոնկրետ օրն ու ամիսը: Հաշվի առնելով խնդրի կարևորությունը, մենք այն՝ ՀՀ քաղաքաշինության տեղակալ Ա.Կարապետյանի կողմից ստորագրված պատասխանը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Ի պատասխան Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին ուղղված Ձեր՝ 2014 թվականի փետրվարի 20-ի հարցման, Գյումրի քաղաքում բնակարանային շինարարության վերսկսման և շահագործման ժամկետների վերաբերյալ հայտնում եմ.

աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրի շրջանակներում 2009 թվականից մինչև օրս՝

  • կառուցվել և անօթևան ընտանիքներին բաշխվել են 3783 բնակարաններ (բնակելի տներ),
  • 382 ընտանիքների բնակարանային պայմանները բարելավելու նպատակով հատկացվել է ֆինանսական աջակցություն,
  • նախատեսվում է կառուցել ևս 1288 բնակարաններ (բնակելի տներ), որոնցից 608-ը՝ լրացուցիչ կառուցվողներ են:

Արդյունքում ծրագրի իրականացմամբ կլուծվեն մոտ 5500 անօթևան ընտանիքների բնակարանային խնդիրները:

Նախարարությունը գնահատում է հանձնաժողովի աշխատանքներին Ձեր ակտիվ և գործուն աջակցությունը, ինչպես նաև, առհասարակ, անօթևանների խնդիրներին Ձեր կողմից ցուցաբերած հետևողական մոտեցումը: Մասնակցելով հանձնաժողովի գրեթե բոլոր նիստերին, Դուք քաջատեղյակ եք ծրագրի չափանիշներին, որոնցից ամենակարևորները՝ երկրաշարժի հետևանքով բնակարան կորցնելու, հերթացուցակում սահմանված կարգով հաշվառված լինելու և անհրաժեշտ ամբողջական փաստաթղթերը ներկայացնելու հանգամանքներն են: Հետևաբար Ձեր նամակում մատնանշած՝ դեռևս անօթևանի կարգավիճակում գտնվող և վերը նշված չափանիշներին չհամապատասխանող ընտանիքների բնակապահովման հարցը չի կարող դիտարկվել այս ծրագրի շրջանակներում:

Ինչպես Ձեզ հայտնի է, ՀՀ կառավարությունն՝ ընդառաջելով քաղաքացիներին, անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման ժամկետը 2 անգամ երկարաձգել է, ինչի արդյունքում անհրաժեշտություն էր առաջացել շահառուների ցուցակների ճշգրտման , որն էլ իր հերթին հանգեցրեց շինարարության ժամկետների ձգձգման:

Ճշգրտման արդյունքում անհրաժեշտություն առաջացավ լրացուցիչ 608 բնակարանի (բնակելի տան) կառուցման, այդ թվում 430 բնակարան Գյումրի քաղաքում:

Կառուցապատող «Գլենդել Հիլզ» ՓԲ ընկերության կողմից 2013 թվականի ապրիլի 4-ի N 263 գրությամբ նախարարություն է ներկայացվել ժամանակացույց, որի համաձայն վերը նշված 430 բնակարանների շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 2014 թվականի տարեվերջին:

Մտահոգ լինելով շինարարության ժամկետների ձգձգման խնդրով՝ դրա կարգավորման նպատակով ներկայումս ՀՀ քաղաքաշինության նախարարությունը՝ ՀՀ ֆինանսների նախարարության հետ համատեղ իրականացնում է ուսումնասիրություններ, որոնց արդյունքների մասին Ձեզ կտեղեկացվի լրացուցիչ»:

«Շիրակ կենտրոն» ՀԿ

Փորձել են գողանալ ոռոգման ջրի խողովակները

խողովակՄարտի 12-ին, ժամը 23.15-ին, ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողները Քարահունջ գյուղի հարակից տարածքից բերման են ենթարկել 1990 թ. ծնված Անդրանիկ Ղ.-ին, 1990 թ. ծնված Արմեն Ղ.-ին, 1992 թ. ծնված Վիտալի Ղ.-ին, 1990 թ. ծնված Սերգեյ Ա.-ին և 1969 թ. ծնված Սամվել Ա.-ին:
Պարզվել է, որ նրանք ապամոնտաժել և փորձել են գողանալ ոռոգման ջրի 200 մմ տրամագծով, 5 մ երկարությամբ 8 խողովակ:
Նյութական վնասը կազմում է 100.000 դրամ:
Կատարվում է նախաքննություն:

Քաղաքացին ոստիկանությանն է հանձնել որսորդական հրացան

հրացանՄարտի 12-ին, ժամը 12.00-ին, 1979 թ. ծնված Ալիկ Տ.-ն ոստիկանության Անիի բաժնում կամավոր հանձնել է «MC-2112» տիպի, 12 մմ տրամաչափի, մեկփողանի, հարթափող որսորդական հրացան:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: