Հայաստանում Լեհաստանի դեսպանությունն այսուհետ կտրամադրի նաև Շվեյցարիայի մուտքի արտոնագրեր

լեհաստանի դեսպանատունՀայաստանում Լեհաստանի Հանրապետության և Շվեյցարիայի Համադաշնության դեսպանությունները պատիվ ունեն տեղեկացնելու, որ Երևանում Լեհաստանի Հանրապետության դեսպանությունը 2014 թ-ի մարտի 1-ից ստանձնում է Հայաստանի քաղաքացիներին, ինչպես նաև Հայաստանում օրինական բնակվող երրորդ երկրների քաղաքացիներին Շվեյցարիայի Համադաշնության մուտքի արտոնագրեր տրամադրելու գործառույթը:

Գործառույթը վերաբերում է միայն Շենգեն` C տեսակի արտոնագրերին, որոնք թույլ են տալիս 180 օրվա ժամանակահատվածի ընթացքում 90 օրվանից ոչ ավել ժամանակահատվածով գտնվել Շենգեն գոտում: Այս կերպ ՀՀ քաղաքացիների համար վերանում է Թբիլիսիում Շվեյացրիայի դեսպանություն դիմելու անհրաժեշտությունը, ինչը հավելյալ ծանրաբեռնվածություն էր առաջացնում դիմումատուների համար: Բացառություն են կազմում ազգային` D տեսակի արտոնագրերը:

Վիզաների հարցերում փոխադարձ ներկայացուցչության վերաբերյալ Լեհաստանի և Շվեյցարիայի միջև համապատասխան պայմանագիրը 2014թ-ի հունվարի 27-ին ստորագրել են Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին և Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Դիդիե Բուրկհալտերը:

Մերկասառույցի պատճառով մեքենաներ էին խցանվել Դիլիջանի ոլորաններում

մերկասառույցՓետրվարի 27-ին, ժամը 02.57-ին ահազանգ է ստացվել, որ մերկասառույցի հետևանքով Դիլիջանի ոլորաններում խցանվել են մի շարք ավտոմեքենաներ. անհրաժեշտ է օգնություն:

ԱԻՆ-ից Անկախին տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել մարդատար ավտոբուսը (վարորդ` Ա.Բ.) և «Ավիաջեդ»  կազմակերպությանը պատկանող բեռնատար ավտոմեքենան (վարորդ՝ Ա.Գ.):

Մեքենան Նուբարաշենի գերեզմանատանն արգելափակվել էր ցեխակույտի մեջ

Ավտոմեքենաներն արգելափակվել են ցեխակույտի մեջՓետրվարի 27-ին, ժամը 05.34-ին ահազանգ է ստացվել, որ Նուբարաշենի գերեզմանատանը “Օփել վեկտրա” մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻՆ-ից Անկախին տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել “Օպել” մակնիշի 89 SS 088 պ/հ ավտոմեքենան (վարորդ` Ա.Ս.):

Փրկարարներն օգնության են հասել տանը մնացած քաղաքացուն

փրկարարՓետրվարի 27, ժամը 09.33-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վ. Համբարձումյան փողոցի թիվ 97 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, բնակիչը մնացել է ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է օգնություն:

ԱԻՆ-ից Անկախին տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:

Հանրապետության որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

ճանապարհՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի  27–ին` ժամը 09:30–ի դրությամբ, Անիի (Մարալիկի), Ապարանի, Արագածի, Սպիտակի, Ստեփանավանի,  Դիլիջանի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է:

Ախուրյանում, Վայքում և Սարավանի լեռնանցքում տեղում է անձրև:

ՀՀ  տրանսպորտի և կապի   նախարարության  լրատվական  ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են  աղով, ավազով մշակման  և մաքրման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Սպասվում են տեղումներ

եղանակը հայաստանումՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից Անկախին հայտնում են Հանրապետության տարածքում`Փետրվարի 27-ին և 28-ին շրջանների զգալի մասում, 27-ի ցերեկը արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ:

Մարտի 01-03-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին հարավ-արևմտյան 2-7մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը մարտի 01-03-ին աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով:

Երևանում՝
 Փետրվարի 27-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, 27-ի ցերեկը և 28-ին սպասվում է փոփոխական ամպամածություն հնարավոր է կարճատև անձրև:Մարտի 01-03-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի փետրվարի 27-ի բազմամյա կլիմայական տվյալներ:• Օդի առավելագույն ջերմաստիճան 17.00C (1986թ)
• Օդի նվազագույն ջերմաստիճան -20.90C (1972թ)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 1.50C

Անդրանիկը կամավոր զինամթերք է հանձնել

զենք-զինամթերքՓետրվարի 25-ին, ժամը 19.30-ին, 1980 թ. ծնված Անդրանիկ Ա.-ն ներկայացել է ոստիկանության Տավուշի բաժին և կամավոր հանձնել «Ֆ-1» տիպի 1 նռնակ` առանց պայթուցիչի, ինքնաձիգի դատարկ պահեստատուփ, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 25, 7.62 մմ տրամաչափի 9 փամփուշտ, «Կարաբին» հրազենի 7.62 մմ տրամաչափի 6 փամփուշտ, «ԴՇԿ» գնդացրի 12.7 մմ տրամաչափի փամփուշտ և ինքնաշեն ազդանշանային սարք:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

Անկախ

Հայաստանում մոտ 30 000 թմրամոլ կա, որոնցից միայն 4332-ն են հաշվառված

նյութի նկարՀայաստանում ամենից շատ թմրանյութ օգտագործում են Երևանում, մարզերից՝ Արմավիրում: Ի դեպ, ոչ միայն Արմավիրում, այլև ողջ Հայաստանում բնակլիմայական պայմաններով պայմանավորված` հեշտությամբ կանեփ է աճում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակից Արթուր Մինասյանը:
Ըստ Արթուր Մինասյանի` ինչպես ողջ աշխարհում է նկատվում թմրամիջոցների ու հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների աճ՝ մոտ 7%–ով, այնպես էլ Հայաստանում:

«2012-ին գրանցվել է և բացահայտվել է 1139 հանցագործություն, 2013-ին՝ 1222 դեպք: Եթե 2012-ին առգրավվել է 23կգ 440 գ թմրանյութ, ապա 2013-ին՝ 95 կգ-ից ավելի։ Հայաստանում գլխավորապես օգտագործվում է կանեփ տեսակի բույսից պատրաստված  և մարիխուանա տեսակի թմրանյութ: Եղել են դեպքեր, երբ փորձ է արվել թմրանյութ ներկրել հարևան Իրանից: Փորձել  են ներկրել մոտ 14 կգ թմրամիջոց: Գրանցվել է նաև հաշիշ-ափիոն տեսակի նյութերի առևանգում մոտ 1 կգ-ի չափով»,- ասաց Արթուր Մինասյանը:

Բանախոսի փոխանցմամբ` թմրամիջոցների ապօրինի օգտագործողերի թիվն ավելացել է: Եթե 2012-ին հայտնաբերվել է  թմրամիջոցներ  ապօրինի օգտագործող 1009 ՀՀ քաղաքացի, 2013-ին այս թիվն աճել է՝ դառնալով 1523:

ՀՀ գլխավոր նարկոլոգ Պետրոս Սեմիրջյանի խոսքով՝ թմրամոլների տարիքը հիմնականում տատանվում է 25-40-ի միջակայքում: Թմրամոլների 20%-ը բուժվում է, 80%-ը ինչ-որ շրջանում դարձյալ վերադառնում է թմրանյութերին: Տարեկան 9-10 անչափահաս է դառնում թմրամոլ:

«Հայաստանում   նաև, այսպես կոչված, սինթետիկ թմրամիջոցների օգտագործման մի քանի դեպք է գրանցվել: Այս թմրամիջոցներն արտադրվում է Չինաստանում: Թմրամիջոցին խառնվում է շատ քիչ քանակությամբ սինթետիկ նյութ, որի շնորհիվ թմրամիջոցի ներգործությունը հինգ անգամ ավելի շատ է լինում և շատ ավելի մատչելի է ափիոն-հերոինից։ Ներերակային թմրամիջոց օգտագործողների թիվը նվազել է ի հաշիվ այլ տեսակի թմրանյութերի: Հայաստանում մոտ 30 000 թմրամոլ կա, սակայն հաշվառվածները 4332 են, որոնցից 85-ը թունամոլ է, այսինքն` չարաշահում է հոգեմետ դեղամիջոցները: Հաշվառված թմրամոլների թվում կանայք 55-ն են: 30 000-ից 12 700-ը ներերակային թմրամիջոց օգտագործող թմրամոլներ են»,- ասաց Պետրոս Սեմիրջյանը:

 

«Ես կողմ եմ երկրի զարգացման էվոլյուցիոն, բայց ոչ հեղափոխական մեթոդին». Արթուր Բաղդասարյան

արթուր բաղդասարյանՀայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը անդրադառնալով Հայաստանում ուկրաինական դեպքերի հնարավոր կրկնությանը` այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ ինքը կողմ է երկրի զարգացման էվոլյուցիոն սակայն ոչ հեղափոխական մեթոդին:

«Հայաստանում երևի կլինեն ուժեր, որոնք կփորձեն համեմատել Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերը Հայաստանում տեղի ունեցող դեպքերի հետ: Կլինեն ուժեր, որոնք անգամ նման ցանկություն կունենան: Պետք է նման նկրտումներին ավելի հանգիստ վերաբերել: Մեր երկրի համար էվոլյուցիան գերադասելի է հեղափոխությունից` առավել ևս հաշվի առնելով տարածաշրջանում առկա ռազմական սպառնալիքները»,-ասաց Արթուր Բաղդասարյանը:

Անվտանգության խորհրդի քարտուղարի խոսքով` ուկրաինական գործընթացները դեռ կշարունակվեն, այդ «խմորը դեռ շատ ջուր կվերցնի»: Իսկ Հայաստանին օդի նման անհրաժեշտ է ինչպես իր, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի անվտանգության ու կայունության ապահովումը:

«Հարկ է հիշել, որ հակառակորդը չի ննջում ու հարմար առիթի է սպասում, որ ժամանակ առ ժամանակ սահմանին կատարվող դիվերսիոն հարձակումները վերածի լայնամասշտաբ պատերազմի: Ահա թե ինչու, մեր երկրին անհրաժեշտ է կայունություն, բարեփոխումների շարունակականություն, հասարակության սոցիալական խնդիրերի լուծում»,-ասաց Արթուր Բաղդասարյանը:

 Անկախ

«Մինչ օրս ոչ մի բացատրություն չկա` ինչո՞ւ փակվեց Սումգայիթի հարցը». Հրայր Ուլուբաբյան

Հրայր ՈւլուբաբյանՍումգայիթում զոհվածների հարազատների վստահված անձ, «Сумгаит…Геноцид…Гласность» գրքի համահեղինակ, հրապարակախոս Հրայր Ուլուբաբյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ իշխանությունը պետք է բարձրացնի 1988-ին Ադրբեջանում տեղի ունեցած սումգայիթյան ջարդերի հարցը և դիմի միջազգային դատարան, հարց, որը 25 տարի առաջ զարմանալիորեն փակվեց իշխանության և «Ղարաբաղ» կոմիտեի կողմից:

«Ես խոսել եմ «Ղարաբաղ» կոմիտեի անդամների հետ, հարցրել եմ, թե ինչու փակվեց սումգայիթյան ջարդերի ճանաչման հարցը, ինձ պատասխանել են, որ հարցնեմ Լևոն Տեր-Պետրոսյանին: Ես մինչ օրս Լևոն Տեր-Պետրոսյանից չեմ լսել ոչ մի բացատրություն կամ գրություն, թե ինչու փակվեց Սումգայիթի հարցը»,- ասաց Հրայր Ուլուբաբյանը: Հրապարակախոսի խոսքով` այսօր համացանցում սումգայիթյան ջարդերի վերաբերյալ երկու պատմություն կա՝ հայկական ու ադրբեջանական: Ադրբեջանցիները ներկայացնում են նույնիսկ, որ հայերն են կազմակերպել ջարդը, այնինչ ջարդն արվել է Ադրբեջանի կողմից ամենաբարձր և կազմակերպված մակարդակով, որի մասին իմացել է Մոսկվան:

«Առանց Մոսկվայի իմացության նման ջարդեր Բաքվում ու Սումգայիթում չէին կարող իրականանալ»,- ասաց հրապարակախոսը` նկատելով, որ հարցը հրահանգել է փակել ԽՍՀՄ վերջին ղեկավար Միխայիլ Գորբաչովը:

Ըստ Հրայր Ուլուբաբյանի` Հայաստանը 25 տարի առաջ ընդունել է սումգայիթյան ջարդերի հարցի շուրջ մի ողորմելի փաստաթուղթ, որտեղ նշված է, որ Հայաստանը դատապարտում է կատարվածը: Մինչդեռ այս հարցը պետք է բարձրացվեր Ազգային ժողովում, որոշում ընդունվեր միջազգային դատարան դիմելու մասին:

«Փետրվարի 25-ի լույս 26-ի գիշերը ավելի քան 100 հայի են կոտորել: Ջարդի կատարողները պետք է իրենց պատիժը կրեն օրենքի ողջ ուժով»,- ասաց Հրայր Ուլուբաբյանը:

Անկախ

 

2014 թվականի շինբարեկարգման ծրագրով կհիմնանորոգվեն մշակութային, կրթական հաստատություններ

001(3) (640x427)2013 թվականին Երևանի քաղաքապետարանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցների, ինչպես նաև գրադարանների ջեռուցման համակարգերով ապահովման ծրագրի ամբողջացումից հետո արդեն այս տարի կմեկնարկի մարզադպրոցների ջեռուցման ապահովման ծրագիրը:  2014 թվականին ջեռուցման համակարգերով կհամալրվի մայրաքաղաքի թվով 5 մարզադպրոց: Ծրագիրը շարունակական է լինելու նաև հաջորդ տարի:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության   և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին տեղեկացնում են, որ Երևանի քաղաքապետարանի այս տարվա շինբարեկարգման ծրագրով իրականացվելու են նաև երաժշտական և արվեստի դպրոցների ու գրադարանների հիմնանորոգման աշխատանքներ: Մասնավորապես, կհիմնանորոգվի երաժշտական 9  և արվեստի 3 դպրոց: Ծրագրում ընդգրկված է նաև 12 գրադարան: Հիմնանորոգման աշխատանքների շրջանակում նախատեսվում են ինչպես ներքին հարդարման, այնպես էլ դռների ու պատուհանների փոփոխման, տանիքի վերանորոգման, սանհանգույցների հիմնանորոգման և կահավորման աշխատանքներ:

Նշենք նաև, որ մշակութային կրթօջախներ հաճախող երեխաների թիվը տարեցտարի ավելանում է: Եթե 2012-ին նրանց թիվը կազմում էր 8999, ապա նախորդ տարի երաժշտական ու արվեստի դպրոցների սաների թիվը կազմել է 10037:

 

 

 

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (փետրվարի 25-ից 26-ը)

ոստիկանությունԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 25-ից 26-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 4 դեպքից բացահայտվել է 3-ը, կողոպուտի 2 դեպքից` 1-ը, խարդախության` 8, ավազակային հարձակման և խուլիգանության 1-ական դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 7 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 6, մարմնական վնասվածք հասցնելու, ավազակային հարձակման և խուլիգանության 1-ական դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար. 1 մարդ զոհվել է, 15-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Անկախ

Վրաերթեր և ճանապարհատրանսպորտային այլ պատահարներ Երևանում ու հանրապետության ճանապարհներին

ԱվտովթարՓետրվարի 25-ին, ժամը 09.00-ին, Երևանի Պուշկինի փողոցի թիվ 62 շենքի դիմաց անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 9-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 25-ին, ժամը 20.25-ին, «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 5 շենքի դիմաց կտրուկ արգելակել է, ինչի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 25-ին, ժամը 22.30-ին, Երևանի Խանջյան փողոցի և Սայաթ-Նովայի պողոտայի խաչմերուկում իրար են բախվել «Միցուբիշի Պաջեռո» և «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենաներ:
«Միցուբիշի Պաջեռո»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 25-ին, ժամը 03.00-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Թբիլիսյան խճուղուղում բախվել է էլեկտրասյանը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 25-ին, ժամը 16.20-ին, Երևանի Վ. Փափազյան և Հ. Էմինի փողոցների խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 61-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 25-ին, ժամը 14.15-ի սահմաններում, «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 38-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 25-ին, ժամը 23.30-ի սահմաններում, «Oպել Սիգնում» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Դիտակ գյուղում շրջվել է:
Վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 25-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Սարդարապատ-Բամբակաշատ գյուղերի խաչմերուկում իրար են բախվել «ԳԱԶ-32213» և «Մերսեդես C 180» մակնիշի ավտոմեքենաներ, վերջինս էլ բախվել է մայթեզրին կայանված «ՌԱՖ-2203» մակնիշի ավտոմեքենայի:
«ԳԱԶ-32213»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 25-ին, ժամը 11.30-ի սահմաններում, «Մերսեդես Ե 230» մակնիշի ավտոմեքենան Վաղարշապատի Շահումյան փողոցում բախվել է ճամփեզրի ծառին, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 25-ին, ժամը 19.30-ին, Սևան-Զովաբեր ճանապարհի 14-րդ կմ-ին անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 24-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վրաերթը կատարել է 1961 թ. ծնված Վազգեն Ա.-ն` «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենայով:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 25-ին, ժամը 14.05-ի սահմաններում, «Տոյոտա պլաս» մակնիշի ավտոմեքենան Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղից Հրազդան ընթանալիս կողաշրջվել է, ինչի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 25-ին, ժամը 19.15-ի սահմաններում, «ԲՄՎ-318» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյանի Տարտուի փողոցում վրաերթի է ենթարկել 67-ամյա կնոջ և նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 25-ին, ժամը 08.00-ին, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան Կապանի Բաղաբերդի թիվ 13 հասցեում գտնվող շենքի դիմաց բախվել է գազատարին, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Անկախ

Գյումրին ու Շիրակի մարզը՝ գարնանային հեղեղումների վտանգի տակ

գյումրի, հեղեղումներ

Գարունն արդեն շատ մոտ է ու օդի ջերմաստիճանն էլ բարձր է, ուստի և ձնհալը, և սպասվող անձրևային տեղումները հեղեղումների առիթ կդառնան շատ համայնքների համար: Շիրակի մարզին բնորոշ տարերային բնույթի վտանգավոր երույթներից են գարնանային վարարումները և սելավները, որոնք կարող են առաջացնել արտակարգ վիճակներ՝ պատճառելով խոշոր նյութական վնասներ: Մարզի առավել հեղեղավտանգ տարածքներն են Ախուրյան, Աշոցք, Ձորագետ գետերի, Ղորղոփա, Գյումրիչայ, Թորոսչայ և Ջաջուռ գետակների ավազանների հողատարածքներն ու բնակավայրերը: Առավել սելավատար տարածքներ են Ողջիի, Մարալիկի, Արթիկի, Մարմաշենի և Հովունիի սելավատարների ընդգրկած տարածքները:

– Մարզի տեղական ինքնակառավարման մարմինների անհետևողական աշխատանքի հետևանքով համայնքներում շատ հաճախ հեղեղումների պատճառ է հանդիսանում նաև կենցաղային աղբը, որը բնակիչների կողմից լցվում է սելավատարները: Բնակչության կողմից, համայնքի տարածքով անցնող գրեթե բոլոր գետերի հուներն ու սելավատարները լցվում են կենցաղային աղբով: Խիստ մտահոգիչ են Գյումրի քաղաքում Ղորղոբա և Գյումրի գետակների, Ախուրյան, Ազատան համայնքներում Ջաջուռ գետակի, Աշոցք համայնքում՝ Աշոցք գետակի, ինչպես նաև Արթիկ, Մարալիկ, Մարմաշեն, Հովունի և Ողջի համայնքներով անցնող սելավատարների վիճակը, – ասում է մարզպետարանի տարածքային կառավարման վարչության պետ Կառլեն Աբրահամյանը: Հեղեղավտանգ ժամանակահատվածում կանխարգելիչ միջոցառումների կանոնակարգված կազմակերպման նպատակով յուրաքանչյուր տարի Շիրակի մարզպետի կողմից ընդունվում է մարզում գարնանային հնարավոր հեղեղումների կանխարգելման, հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման միջոցառումների մասին որոշումը, որով հատուկ հանձնարարականեր են տրվում մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին, արվում են առաջարկություններ շահագրգիռ կազմակերպություններին և համայնքների ղեկավարներին՝ իրականացնել բոլոր անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումները:
Վարչության պետն ասում է, որ 2013-ին այս ուղղությամբ բավական աշխատանք տարվել է.
– Մարզում իրականացվել է շուրջ 7300մ երկարությամբ գետերի հուների, ջրանցքների, հեղեղատարների մաքրման, ափերի ամրացման աշխատանքներ: Գյումրի, Արթիկ, Մարալիկ քաղաքային, ինչպես նաև մարզի թվով 10 գյուղական համայնքներում անցկացվել են բնակչության պաշտպանության միջոցառումների սելավների սպառնալիքների դեպքում սեմինարներ:
Նա համայնքների ղեկավարներին նախազգուշացնում է, որ եղանակային տաքացման հետևանքով համայնքներում կարող են տեղի ունենալ ջրերի բարձրացումներ, հեղեղումներ և այլն, որպեսզի պատրաստի վիճակում պահեն արագ արձագանքման փրկարարական խմբերը, աշխատեն ԱԻ փրկարարների հետ, կազմեն համապատասխան պլան, միջոցառումները կատարեն ճիշտ ժամանակին:
Վարչության պետն այստեղ նաև կարևորում է բնակիչների դերը, քանի որ միայն հիշյալ տարածքների մաքրելը չէ, պետք է նաև մարդիկ հետ սովորեն գետակներում ու ջրանցքներում աղբ թափելուց:
Հավելենք, որ նախորդ տարի Գյումրի և Ղորղոբա գետակների հուների մաքրման աշխատանքներ կատարվեցին, նույնիսկ տարածքներում նախատեսվածից շատ աղբամաններ դրվեցին, սակայն, բնակիչները շարունակում են աղբը թափել գետակի մեջ:

Անկախ

Երևանում երթևեկության կանոնակարգումով հեծանվուղի կգործի

քաղաքապետարանԵրևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին հայտնեցին, որ Երևանի քաղաքապետարանի առաջարկությամբ ՀՀ Ճանապարհային ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում հերթական քննարկումն է հրավիրվել՝ երթևեկելի գոտում ամենաաջակողմյան հատվածը համատեղությամբ հեծանվուղու տրամադրելու թեմայով։ Քննարկմանը մասնակցել են ՀՀ ՃՈ պետի տեղակալ Եգոր Կարապետյանը, Երևանի ՃՈ պետ Արսեն Արշակյանը, Երևանի քաղաքապետի օգնական, երիտասարդական խորհրդի նախագահ Սամվել Մերթարջյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության աշխատակիցներ, Սիրողական հեծանվային սպորտի և հեծանվային զբոսաշրջության, ինչպես նաև Հայաստանի հեծանվային մարզաձևի ֆեդերացիաների նախագահները, սիրողական կարգի հեծանվորդներ։

Երևանի ՃՈ պետ Արսեն Արշակյանի խոսքով շատ երևանցիների համար հեծանիվը աստիճանաբար մշտական փոխադրամիջոց է դառնում, հետևաբար առաջացել է հեծանվային երթևեկությունը ևս կանոնակարգելու կարիք։
Սամվել Մերթարջյանը ներկայացրել է, որ աշխատանքային խումբը նախապես մշակել և առաջարկում է Մատենադարանից Էրեբունի թանգարան հեծանվային երթուղին, որը պետք է համապատասխանաբար գծանշվի ու կահավորվի։
«Ընտրվելով Մատենադարանից Էրեբունի թանգարան երթուղին, Հայաստանի և Երևանի համար կարևորագույն այս երկու կառույցները ներառելով, հեծանվային երթուղին նաև զբոսաշրջությանը սպասարկող բաղադրիչ կդառնա։ Առաջարկվող երթուղին առաջինն է. հաջողության պարագայում, եթե պահանջարկը լինի, կարծում եմ, նոր քննարկումների արդյունքում կարող ենք ընդլայնել երթուղին։ Մենք ուսումնասիրել ենք նաև եվրոպական հատկապես այն քաղաքների փորձը, որտեղ հեծանվուղիները ներդրվել են դրանց համար ոչ հատուկ նախատեսված փողոցներում»- նշել է Սամվել Մերթարջյանը։
Երթուղու քարտեզագրման քննարկվող տարբերակները հաշվի առնելով շտկումներ կատարելուց հետո Երևանի ՃՈ պետի առաջարկությամբ նշված երթուղին փորձարկվելու է՝ քննարկումներին մասնակից Սիրողական հեծանվային սպորտի և Հայաստանի հեծանվային մարզաձևի ֆեդերացիաների անդամների աջակցությամբ։ Փորձարկումները մեկնարկելու են մարտին։
Ի դեպ, ապրիլին Երևանում նոր տիպի հեծանվային կանգառներ են բացվելու։

Անկախ

 

Արարատի գագաթին

արարատ (2)

Ձախից աջ, կանգնած` Հայկ Միքայելյան (Շանհայ), Արի Չորեքչյան (Բեյրութ), նստած` Զարեհ Սարգսյան (Սան-Ֆրանցիսկո), Հայկուշ Հակոբյան (Տիլբուրգ), Մարինա Հովսեփյան (Մոսկվա), Վահան Խոզոզյան (Մոնրեալ), Լևոն Գրիգորյան (Սիսիան), Հովիգ Բաթուզյան (Բեյրութ): Բարձրացել էր նաև Բագրատ Սարիբեկյանը (Երևան)

արարատ (1)Հայերիս համար ամենասուրբ, ամենագեղեցիկ, ամենասիրելի ու վեհաշուք լեռն Արարատն է: Անբացատրելի ուժ ու սրբություն կա մեր լեռան մեջ: Եվ շատերի նվիրական ցանկությունն Արարատի գագաթին հայտնվելն է:
Հայաստանի և սփյուռքի հայերի խմբի հետ անցյալ ամառ սկսեցինք մեր ճանապարհորդությունը դեպի կորուսյալ հայրենիք: Երեկոյան հասանք Բայազետ: Վաղ առավոտյան մի աննկարագրելի արևածագ էր: Արևն իր առաջին շողերն արձակեց Սիսի ետևից, և երևաց Մասիսն իր ողջ վեհությամբ: Այդպիսի գեղեցկություն երբևիցե չէի տեսել:
Նախաճաշից հետո հաջողություններ մաղթեցինք Արարատ բարձրացողներին` ակնկալիքով, որ երեք օր հետո ընդունելու ենք նրանց հաղթական վերադարձը:
Մինչ նրանք կվերադառնային` շարունակեցինք ճանապարհը Արևմտյան Հայաստանի քաղաքներով և գյուղերով: Եղանք Մուշում, Էրզրումում, Բիթլիսում, Վանում, որտեղ էլ դիմավորեցինք լեռնագնացներին: Այնուհետև միասին շարունակեցինք մեր ճանապարհը դեպի Իգդիր, Արդահան, Սարիղամիշ, Կարս, Անի: Տասը հոգուց Արարատի գագաթն էին բարձրացել իննը: Հետաքրքրականն այն էր, որ ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգից եկած 65-ամյա Վաչե Վարժապետյանը` երկրորդ անգամ էր փորձում հաղթահարել 5165 մ բարձրությունը: Ցավոք 4300 մ-ի վրա այնպիսի ծանր պայմաններ են եղել` թթվածնի պակաս, մթնոլորտային ճնշման մեծ տարբերություն, որ չդիմանալով ստիպված է եղել վերադառնալ: Վաչեն ամենատարեցն էր խմբում և ինքն իրեն գերազանցել էր ևս մի քանի տասնյակ մետրով:
Խմբում ամենաերիտասարդը 26-ամյա Հայկուշ Հակոբյանն էր Հոլանդիայից: Նա սովորում է Տիլբուրգի համալսարանում, նաև աշխատում է ապահովագրական ընկերությունում: Ընտանիքը Հայաստանից Հոլանդիա է տեղափոխվել 2000-ին: Նուրբ, հաճելի արտաքինով մի աղջիկ, և մտածել անգամ չէր կարող, որ կհասնի գագաթին: Իսկ նա չորրորդն էր բարձրացել: Ես արդեն Երևանում հարցերս ուղղեցի Հայկուշին:
– Սիրելի Հայկուշ, դուք այդքան նուրբ կառուցվածքի տեր աղջիկ, ինչպե՞ս որոշեցիք, որ պիտի իրականացնեք այդպիսի դժվարին վերելք:
– Չորս տարի առաջ կարդացի մի գիրք, որ կոչվում էր «Արարատ», դա մի հոլանդացի էր գրել և պատմում էր, թե ինչպես է ինքը բարձրացել Արարատ լեռը: Մտածեցի` ինչպես է, որ այս հոլանդացին կարողացել է բարձրանալ մեր նվիրական սարը, իսկ ես, ինչ է չե՞մ կարող: Այդ ժամանակ մասնակցեցի ուխտագնացությանը դեպի Արևմտյան Հայաստան, և մենք էլ, ինչպես դուք այս անգամ, ճանապարհեցինք և ընդունեցինք Արարատ բարձրացողներին: Զրուցեցինք, ոգևորվեցինք, և ես որոշեցի լրջորեն պատրաստվել: Ամենակարևորը ֆիզիկական պատրաստվածությունից առաջ հոգեպես պատրաստվելն էր: Հետո սկսեցի շաբաթը 2-3 անգամ վազել 5-10 կմ: Աստիճաններ էի բարձրանում, սովորեցի ճիշտ շնչել, դա ինձ շատ օգնեց: Արտաշատում մորաքրոջս տանն էի մնում և մարզվում: Երբեմն, երբ շատ էի հոգնում` նայում էի վեհաշուք Մասիսին և ինքս ինձ ասում. «Հայկո՛ւշ, դու այս ամենն անում ես այս գեղեցկուհու համար»:

Ձախից աջ, կանգնած` Հայկ Միքայելյան (Շանհայ), Արի Չորեքչյան (Բեյրութ), նստած` Զարեհ Սարգսյան (Սան-Ֆրանցիսկո), Հայկուշ Հակոբյան (Տիլբուրգ), Մարինա Հովսեփյան (Մոսկվա), Վահան Խոզոզյան (Մոնրեալ), Լևոն Գրիգորյան (Սիսիան), Հովիգ Բաթուզյան (Բեյրութ): Բարձրացել էր նաև Բագրատ Սարիբեկյանը (Երևան)

Ձախից աջ, կանգնած` Հայկ Միքայելյան (Շանհայ), Արի Չորեքչյան (Բեյրութ), նստած` Զարեհ Սարգսյան (Սան-Ֆրանցիսկո), Հայկուշ Հակոբյան (Տիլբուրգ), Մարինա Հովսեփյան (Մոսկվա), Վահան Խոզոզյան (Մոնրեալ), Լևոն Գրիգորյան (Սիսիան), Հովիգ Բաթուզյան (Բեյրութ): Բարձրացել էր նաև Բագրատ Սարիբեկյանը (Երևան)

– Իսկ ֆիզիկապես և հոգեպես պատրաստ լինելուց հետո վախ չկա՞ր, հանկարծ չկարողանաք:
– Դժվարությունը զգացի առավոտյան, երբ Բայազետում հյուրանոցի պատշգամբից տեսա Արարատը` իր ողջ շուքով: Այդ ժամանակ մտածեցի. «Ի՜նչ բարձր է, իսկ եթե չկարողանա՞մ բարձրանալ:
Սկսեցինք վերելքը: Առաջին ճամբար` 3200 մ հասնելիս խոշոր քարեր էին, հետո երկրորդ ճամբար` 4200 մ, ավելի խոշոր քարեր էին և մի զուլալ գետակ էր հոսում: Ճանապարհը գնալով բարդանում էր, դժվարանում էր բարձրանալը: Սփոփանքը շնչառությունդ պահող գեղեցկությունն էր, երբ ամպերն արագ անցնում էին մեր վրայով: Այնուհետև, երբ պիտի բարձրանայինք, ջերմություն ունեցա, ինքս էլ չհասկացա` ինչու: Գիշերը ժամը 2-30-ին սկսեցինք բարձրանալ: Ցուրտ էր, երբ մի փոքր կանգ էինք առնում, սառչում էինք, թթվածնի պակասությունն էլ զգալի էր, կարծես գլուխդ սեղմվում էր, ցավում: 4500 մ-ի վրա արդեն սրտխառնոց սկսվեց բոլորիս մոտ: Վատ էի զգում, և պահ եղավ, որ մտածեցի հետ դառնալու մասին: Բայց նորից, ինքս ինձ ներշնչելով, որոշեցի, որ ո՛չ, ես պիտի հասնեմ նվիրական գագաթին: Շարունակեցի առաջ շարժվել և ձյան շերտին առաջիններից մեկն էի, որ հասա: Այդտեղ օդը կարծես թեթևացավ, սկսեցի լավ զգալ, դա 4800 մ-ի վրա էր: Տեսարանը հիասքանչ էր: Չնայած գիշեր էր, ներքևում Բայազետն էր երևում, Պարսկաստանի սահմանամերձ մասը, իսկ երկինքն աստղաշատ էր, այդպիսի գեղեցկություն ես երբեք չէի տեսել: Երևում էր Սիսը մթության մեջ: Իսկ Մասիսի վրա լույսերով բարձրացող արշավախումբն էր: Այդպես բարձրանում էինք, 5 մետր բարձրություն էր մնում, ես սայթաքեցի և մի 10 մետր իջա ցած, ոչ մի ցավ չունեցա, բայց սկսեցի լաց լինել: Այդպես նորից բարձրացա և հասա գագաթին: Առաջինը Բագրատն էր, հետո Լևոնը, Զարեն և ես: Երբ հասանք գագաթին, քամին միանգամից կտրվեց: Ես նստեցի և չէի կարողանում հավատալ, որ հասել եմ գագաթին: Խառնվել էին իրականն ու անիրականը: Դա նաև թթվածնի պակասության հետևանքով էր մարդկային բանականության վրա: Երևանը չէր երևում, լեռան ներքևի մասը մշուշի մեջ էր: Հետո փոթորիկ էր սկսվելու և մենք պիտի իջնեինք: Դա արդեն երկար մի ճանապարհ էր, անդադար քայլել էր պետք: 20 ժամ քայլել ենք դեպի ներքև, որից միայն 2 ժամը` փոքր դադարներ: Իջնելիս ապշում էի, թե ինչպես ենք գիշերով բարձրացել, վտանգն ամեն քայլափոխի էր, կարող էիր սայթաքել և վնասվել: Իջնելն ավելի դժվար էր, բարձրանալիս գոնե տեսնում ես` որտեղ ես ոտքդ դնում:
– Իսկ ինչպիսի՞ն են զգացմունքներդ հիմա, երբ հաղթահարել ես դժվարությունները, և Արարատի գագաթը նվաճված է:
– Իջնելուց հետո մի շաբաթ կարծես օդում լինեի, նայում էի Արարատին և մտածում, մի՞թե հասել եմ, եղել եմ գագաթին: Ինձ թվում է, թե դա երազ էր, մի անուշ երազ: Հիմա արդեն կարոտում եմ այդ ամենը և ամեն ինչ կանեի, որ նորից անցնեի այդ դժվարություններով և հասնեի գագաթին:
Վաչեն, Հայկը և ես որոշել ենք հաջորդ տարի Ահորա գյուղը գնալ, դա Մասիսի վրա է, Հայաստանի կողմից, այդտեղ կիրճ կա, որտեղ հարթավայր է և պահպանված է գեղեցիկ վայրի բնությունը: Գուցե Սիսը բարձրանանք. գիտեմ, դա շատ ավելի դժվար է:Բայց եթե կա սեր և ձգտում, ամեն բարձունք էլ կարելի է հաղթահարել:

ԿԱՐԻՆԵ ԱՂԱԲԱԲՅԱՆ

Անկախ

23 անձից բաղկացած անօթևան ընտանիքը հրաժարվում է իրեն տրամադրվող երկսենյականոց բնակարանից

Երկրաշարժի հետևանքով անօթևան ընտանիքների բնակարանային հերթացուցակներում հաշվառված տասնյակ ընտանիքներ այդպես էլ պահանջվող փաստաթղթերը չհանձնեցին ՀՀ քաղշիննախարարության բնակբաշխման հանձնաժողովին և փաստացի զրկվեցին բնակարան ստանալու իրենց իրավունքից:

Նրանց թվում գերակշիռ մաս են կազմում բազմանդամ ընտանիքները: Խնդիրն այն է, որ աղետի գոտում երկրաշարժի հետևանքով անօթևան ընտանիքներին բնակարանների տրամադրման կարգը սահմանող ՀՀ կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի համար 432 որոշման համաձայն ընտանիքնին տրամադրվում է ճիշտ այնքան սենյականոց բնակարան, որքան նրանք կորցրել են երկրաշարժի հետևանքով: Իհարկե՝ եթե ընտանիքի կազմը չի պակասել:

Եթե պակասել է, այդ դեպքում պակասեցվում է նաև հատկացվող սենյակների թիվը: Իսկ բնակարան ստացած ընտանիքները պարտավոր են կարճ ժամկետում քանդել ժամանակավոր կացարանները և ազատել տարածքները, որից հետո միայն իրավունք կունենան սեփականաշնորհել նոր ստացած բնակարանները: «Շիրակ կենտրոնի» աշխատակիցները պարբերաբար հանդիպում են բնակարան ստանալու իրավունքից հրաժարված բազմանդամ ընտանիքների: Ներկայացվող տեսանյութը 23 անձից բաղկացած ընտանիքի մասին է, որը ներառում է այսքան տարիների ընթացքում առաջացած 5 ինքնուրույն ընտանիքներ: Նրանք գերադասում են մնալ վաղուց շարքից դուրս եկած վագոն-տնակներում, քան թե այդքան մարդով ստանալ մեկ երկսենյականոց բնակարանը:

Անկախ

ՙՍումգայիթը շարունակվում է մինչ օրս՚. Լարիսա Ալավերդյան

Լարիսա Ալավերդյան1988 թվականին Խորհրդային միության կայուն ժամանակաշրջանում տեղի է ունեցավ մի ողբերգություն, որը մինչ օրս իրավական գնահատական չի ստացել:

ՙԸնդդեմ իրավական կամայականությունների՚ ՀԿ նախագահ, Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ցավով նկատեց, որ Սումգայիթի ցեղասպանական ակտի և գործողությունների, զոհերի մասին հիշվում է միայն համապատասխան օրերին:

ՙԱյն կատաղի եղեռնը, որն սկսվել է Սումգայիթում փետրվարի 25-29-ը, տեղի է ունեցել խորհրդային բանակի զինվորների, ոստիկանների, տեղական ինքնակառավարման մարմինների աչքի առաջ և ոչ ոք չի կանգնեցրել այդ ջարդը: Մենք կատարվածը բնութագրում ենք որպես ՙսովորական ցեղասպանություն՚: Դատական գործընթացների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ բոլոր հատկանիշներով Սումգայիթում եղել է կազմակերպված ցեղասպանություն՝ ուղղված հենց ազգությամբ հայերի դեմ: Իսկ ջարդերից ու կոտորածներից հետո բռնի կերպով տեղահանվել են 18 հազար հայեր՚,- ասաց Լարիսա Ալավերդյանը՝ հավելելով, որ Բաքվի ջարդերն անելիս՝ կատարողները վստահ են եղել, որ չեն պատժվի: Այսօր այլևս կասկած չկա, որ այն հնարածին թիվը, թե իբր 21-ից 26 զոհ է եղել, չի համապատասխանում ցեղասպանական ակտի ադյունքներին:

Լարիսա Ալավերդյանի համոզմամբ՝ Սումգայիթը շարունակվում է մինչ օրս: Դրա վառ ապացույցն է Գուրգեն Մարգարյանի սպանությունը, Ջուղայի խաչքարերի ոչնչացումը և այլն:

ՙԱյս ամենը մի անուն ունի՝ մարդատյաց, հայատյաց քաղաքականություն: Սումգայիթի ջարդերի կատարողները պետք է պատժվեն իրավունքի և օրենքի ամբողջ ուժով՚,- ասաց Լարիսա Ալավերդյանը:

 

 Անկախ