20 տարի սպանության մեղադրանքով հետախուզման մեջ գտնվողը ձերբակալվել և տեղափոխվել է Հայաստան (տեսանյութ)

հետախուզվողՍպանություն կատարելու մեղադրանքով ոստիկանության Թումանյանի բաժնի կողմից 1994 թվականին հետախուզում էր հայտարարվել 1942 թ. ծնված Էդիկ Ո.-ի նկատմամբ: 1999 թ. հունիսին նրա նկատմամբ Ինտերպոլի ուղիներով հայտարարվեց միջազգային հետախուզում: Նշված ժամանակահատվածից ի վեր Էդիկ Ո.-ի հավանական գտնվելու վայրերի մասին պարբերաբար ստացվող տեղեկատվության հիման վրա ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից ձեռնարկվեցին մի շարք անհրաժեշտ միջոցառումներ:
Ոստիկանությունից Անկախին տեղեկացնում են, որ Հունաստանում Ինտերպոլի ԱԿԲ-ի գործընկերների հետ համագործակցության արդյունքում` 2013 թ. հուլիսի 2-ին հետախուզվողը ձերբակալվեց Հունաստանի Հանրապետության Սալոնիկ քաղաքում և հանձնման արարողակարգի ավարտից հետո, 2014 թ. հունվարի 31-ին, ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի և ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության համատեղ օպերատիվ խմբի կողմից նա Աթենք-Մոսկվա-Երևան չվերթով Հունաստանի Հանրապետությունից տեղափոխվեց Հայաստանի Հանրապետություն:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են

ճանապարհՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 4–ին` ժամը 09:30–ի դրությամբ, Դիլիջանի, Իջևանի, Նոյեմբերյանի, Գորիս – Կապան ավտոճանապարհներին, ինչպես նաև Որոտանի ոլորաններում և Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է:

Բարձրադիր վայրերում առկա մերկասառույցի պատճառով ծանրաքաշ մեքենաների վարորդներին խորհուրդ չի տրվում երթևեկել Կիրանց-Ոսկեպար ճանապարհահատվածով (կմ16-կմ22):

Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:

ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարության  լրատվական  ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են մաքրման, ինչպես նաև աղով և ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց  են:

 

«Ցտեսությո՜ւն Կանադա: Ով ուզում է ինձ տեսնել` թող գա Հայաստան…»

Թամար-2Թամարին` կանադահայ այդ կենսախինդ աղջկան, հանդիպեցի «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի կազմակերպած միջոցառումներից մեկի ժամանակ: Նա նոր էր վերադարձել Հայաստան և ոգևորված ասում էր` եկել է հայրենիքում հաստատվելու:
Եվ քանի որ մեկ ամիս էր` ինչ Թամարն այստեղ էր, սպասեցի, որ մի քանի ամիս էլ անցնի, հետո հարցազրույց անցկացնեմ: Միգուցե միտքը փոխած լիներ…
Օրեր առաջ կրկին հանդիպեցի: Ոգևորությունն ավելի մեծ էր: Հարցին` արդյոք չի՞ զղջացել իր որոշման համար, ասաց. «Երբե՛ք: Շատ ուրախ եմ, որ եկել եմ: Ոչնչով եկա, ընդամենը երկու ճամպրուկով ու ասացի` սա իմ կյանքն է: Հիմա ունեմ աշխատանք, ընկերներ և ինձ շատ լավ եմ զգում: Ոչ մի վայրկյան չեմ փոշմանել, որ եկել եմ»:
Ավելին, երբ ամանորյա տոները ծնողների խնդրանքով անցկացրել է նրանց հետ` Կանադայում, հազիվ է կարողացել երեք շաբաթ դիմանալ, օրերն է հաշվել, թե երբ է վերադառնալու Հայաստան:
Թամար Նաջարյանը ծնվել է Տորոնտոյի կենտրոնում, 24 տարեկան է: Ծնողները Լիբանանի քաղաքացիական պատերազմի ժամանակ են գաղթել Կանադա, այնտեղ էլ ծանոթացել ու 1988-ին ամուսնացել են:
Թամարի խոսքով` ծնողները շատ հայասեր ու ավանդապաշտ մարդիկ են: Մայրը` Սյուզան Արթինյան-Նաջարյանը, վերջին տարիներին եղել է Տորոնտոյում Հայ օգնության ֆոնդի ատենապետուհին: Ասում է, որ մայրն իրեն ու եղբորը միշտ պահել է հայկական շրջանակի մեջ` հայ համայնքի հետ սերտ կապով:
Թամարը հաճախել է ՀՕՖ-ի ամենօրյա վարժարան, որը Տորոնտոյի երեք հայկական դպրոցներից մեկն է: Տորոնտոյի հայ համայնքը բավականին մեծ է, սակայն Թամարի խոսքով` հայ ծնողները գերադասում են իրենց զավակներին օտար դպրոցներ տանել: Տորոնտոյում երեք հայկական դպրոց է եղել, հիմա, ցավոք, մնացել է մեկը:
Վարժարանն ավարտելուց հետո, Թամարն ընդունվել է RYESON համալսարան, ուսումնասիրել է հոգեբանություն և երեխաների անվտանգության հարցերը: Ասում է, որ մանկուց սիրել է երեխաների հետ աշխատանքը և որոշել է ուսուցիչ դառնալ: Մի քանի տարի կամավորական աշխատանք կատարելով դպրոցում` ընդունվել UOIT համալսարան` ուսումը շարունակելու մանկավարժության բնագավառում:
Այդ տարիներին աշխատելով և՛ հայկական, և՛ կանադական դպրոցներում` հասկացել ու համոզվել է, որ հայկական դպրոցն անհամեմատ բարձր մակարդակում է: Ասում է, որ կանադական դպրոցներում ուսումնական ծրագիրը շատ թույլ է, տնային աշխատանք գրեթե չեն տալիս: Նախկինում այդպես չի եղել. ծնողներն են բողոքել, թե երեխաները ծանրաբեռնվում են, սթրես են տանում, ինչից հետո ուսումնական ծրագրերը բեռնաթափվել են: Փաստորեն, այսօր երեխաները մակերեսային կրթություն են ստանում դպրոցում: Իսկ եթե բախտները չի բերում և ուսուցիչը լավը չի լինում, ապա դա էլ չեն ստանում:
Ինչպե՞ս Թամարը որոշեց Հայաստան գալ: Առաջին անգամ հայրենիքում եղել էր 2001 թ., երբ ընդամենը 11 տարեկան էր: Ծնողներն էին բերել, որպեսզի ինքն ու եղբայրը Հայաստանը տեսնեն: Դրանից առաջ նրանց նաև Լիբանան էին տարել: «Սակայն Հայաստանն ու Լիբանանն ինձ համար լրիվ տարբեր աշխարհներ էին: Ես շատ սիրեցի Հայաստանը: Հայաստանը ձգող էր, քաշում էր»:
Երկրորդ անգամ նա հայրենիք է գալիս երկու տարի առաջ «Դեպի Հայք» ծրագրով: Այդ անգամ մոտ մեկ ամիս ապրում է Հայաստանի տարբեր մարզերում, ինչն էլ նրա մեջ վերջնականապես ամրապնդում է Հայաստան տեղափոխվելու գաղափարը: «Երևանը լավն է, գեղեցիկ է, սակայն նման է տարբեր երկրների քաղաքների: Բայց երբ գնում ես մարզեր, տեսնում մյուս քաղաքները, լրիվ ուրիշ բան է»,- հիացած պատմում է Թամարն իր տեսած քաղաքների ու գյուղերի մասին:
Tamar-1Դրանից հետո նա այլևս չէր ցանկանում վերադառնալ Կանադա, բայց ստիպված էր, քանի որ վերջին կուրսում էր, պետք է ուսումն ավարտել: «Գնացի, մի կերպ այդ մի տարին էլ դիմացա, չնայած նոյեմբերից արդեն ծնողներիս գլուխը տանում էի: Փետրվարին տոմս գնեցի ամառվա համար: Այդ մի քանի ամիսը սպասելն ամենաանտանելին էր: Հունիսին, երբ վկայականս տվեցին, ասացի` ցտեսությո՜ւն Կանադա: Ով ուզում է ինձ տեսնել` թող գա Հայաստան»,- պատմում է նա ծիծաղով:
Գալիս է Երևան, բնակարան վարձում, մեկ ամիս անց նաև աշխատանք գտնում ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունում (USAID)` ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագրում: Բացի այդ, ամերիկյան ամսագրի համար մասնագիտական հոդվածներ է գրում:
Ասում է, որ վաստակածը բավականացնում է և՛ բնակարանի վարձավճարի, և՛ մյուս ծախսերի համար, իսկ ծնողներից սկզբունքորեն ֆինանսական օգնություն չի ընդունում. «Արդեն այն տարիքում եմ, որ պետք է ինքնուրույն հոգամ իր կարիքները»,- ասում է նա:
Այժմ արդեն Թամարի ծնողներն են մտածում Հայաստան տեղափոխվելու մասին: Եթե առաջ այդ գաղափարն անորոշ էր, Թամարի գալուց հետո որոշակի է դարձել: Կարծում է` երկու տարվա ընթացքում ծնողներն ու եղբայրը կմիանան իրեն: «Մայրս երբեք չի մտածել, որ իր ողջ կյանքն անց է կացնելու Կանադայում: Նա ատում է էնտեղի ապազգայնությունը, այն, որ հայությունը կորչում է: Միայն Տորոնտոյում 30 000 հայ կա, որից եթե հազարին տարվա ընթացքում տեսնես` լավ է: Իմ Հայաստան գալու որոշման մեջ նաև մեծ դեր խաղաց այն, որ չէի ուզում ամուսնանալ, զավակ ունենալ այնտեղ և պայքարել, որ հայ մեծանա: Այստեղ զավակ կունենամ և կպայքարեմ, որ լավ մարդ մեծանա»:
Անցնում ենք Հայաստանի խնդիրներին: Այո, վարդագույն ակնոցն արդեն հանել է և տեսնում է երկրի գորշ գույները: Այն, ինչ կցանկանար առաջին հերթին փոխել հայրենիքում, մարդկանց մտածելակերպն է: «Մարդիկ կարծում են, որ ուրիշը պետք է իրենց փոխարեն անի, բայց ոչ երբեք իրենք: Սա է պատճառը, որ Հայաստանում այսքան խնդիր կա: Բոլորը խոսում են կառավարության դեմ: Աշխարհում ուր էլ գնաս, բոլորը խոսում են կառավարության դեմ, չկա մի ազգ, որ իր կառավաարությունը կսիրե. Կանադայից սկսած: Բոլորը բողոքում են, որ կառավարությունն իրենցից գողանում է, բայց հենց իմանում են` Կանադայից եմ, առիթը բաց չեն թողնում ինձնից գողանալու: Եղբայր, մի՛ գանգատվիր, ինձանից էլ մի՛ գողնար»:
Բերում է տաքսու օրինակը, երբ վարորդը, տեսնելով սփյուռքահայ է, գումարն ավելի է ասում: Մանրուք է, բայց այդ մտածելակերպի վառ դրսևորում է:
Թամարն ակտիվ քաղաքացի է, երկրի ներքաղաքական զարգացումների հանդեպ խիստ զգայուն, ուստի անտարբեր չի նաև քաղաքացիական շարժումների հանդեպ: Վերջերս, օրինակ, մասնակցել է պարտադիր կենսաթոշակային համակարգի դեմ կազմակերպված մեծ բողոքի ակցիային, քանի որ ինքն էլ է դեմ դրա կիրառմանը: Այդուհանդերձ կարծում է, որ Հայաստանն այն վայրն է, որտեղ ինքն իրեն զգում է ինչպես տանը: «Աշխարհի մեջ ուր էլ որ գնաս, դժվարություն կա: Միշտ դիմացի տունը, դիմացի մայթն ավելի մաքուր ու գեղեցիկ է երևում, բայց էդպես չի: Էստեղ կյանքը շատ ավելի պարզ է, օտար երկրներում հազար անգամ ավելի դժվար է, բազմաթիվ շերտեր կան, որ պիտի տեսնես, պիտի կարողանաս տակի «մանր գրությունները» կարդալ, ահռելի հարկեր պիտի վճարես կառավարությանը և այլն և այլն: Այնտեղ էլ են քեզ խաբում, քեզանից գողանում, պարզապես առանց զգալուդ և տեսնելուդ, այստեղ տեսնելովդ են գողանում: Տարբերությունն այդ է»:
Հայաստանում Թամարի համար ամենաարժեքավորը պարզ, անկեղծ մարդկային հարաբերություններն են, միմյանց նկատմամբ հոգատարությունը, որոնց պակասն օտարության մեջ միշտ կա, և որոնք նա զգում է միմիայն Հայրենիքում:

Անի ԳԱՍՊԱՐՅԱՆ

Անկախ

Վանաձոր քաղաքի գազամատակարարումը մասնակի վերականգնվել է (լրացված)

գազամատակարարումՓետրվարի 3-ին, ժամը 14.55-ին տեղեկատվություն է ստացվել, որ փետրվարի 3-ին ժամը 11.00-ի սահմաններում Լոռու մարզի Վանաձոր քաղաքի գազամատակարարումը դադարեցվել է: Նախնական տվյալների համաձայն՝ արտահոսք է տեղի ունեցել Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցին կից ստորգետնյա գազատարում։

Լոռու ԳԳՄ-ի վթարավերականգնողական ծառայությունների ուժերը ձեռնարկում են համապատասխան միջոցառումներ` վթարված հատվածի հայտնաբերման, վթարի վերացման և Վանաձոր քաղաքի գազամատակարարման վերականգնման ուղղությամբ:

Ժամը 20.30-ի դրությամբ վերականգնվել է քաղաքի միայն մի հատվածի գազամատակարումը:
Գազամատակարարման վերականգնման աշխատանքները դադարեցվել են, որոնք կվերսկսվեն փետրվարի 4-ին:

Անկախ

Դժվարանցանելի են Տավուշի մարզի Ոսկեպար-Նոյեմբերյան, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները, Դիլիջանի ոլորանները…

ճանապարհներՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 4-ի ժամը 07.00-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Դժվարանցանելի են Տավուշի մարզի Ոսկեպար-Նոյեմբերյան, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները, Դիլիջանի ոլորանները, Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ ճանապարհահատվածը և Վարդենյաց լեռնանցքը:

Երևան-Սևան ավտոճանապարհին, Լոռու մարզի Սպիտակի ոլորաններում և «Սատանի կամուրջ» կոչվող հատվածում, Սիսիան և Գորիս քաղաքներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

ԱԻ նախարարությունը խորհուրդ է տալիս վարորդներին երթևեկել վերոնշյալ ավտոճանապարհներով միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

 Անկախ

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հունվարի 31-ից փետրվարի 3-ը)

օպերատիվ իրավիճակԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 31-ից փետրվարի 3-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 26 դեպքից բացահայտվել է 23-ը, ավազակային հարձակման 2 դեպքից` 1-ը, կողոպուտի 2 դեպքից` 1-ը, խուլիգանության 2 դեպքից` 1-ը, խարդախության` 10, սպանության փորձի և մաքսանենգության 1-ական դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 20 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է ավազակային հարձակման և խարդախության` 1-ական, մարմնական վնասվածք հասցնելու և գողության 4-ական դեպք:
Անցած 3 օրերի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար. 13 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Անկախ

Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին մերկասառույց է

02.02.12-7697Ձմեռ ճանապարհՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 3–ին` ժամը 17:30–ի դրությամբ, Նոյեմբերյանի, Գավառի, Գորիս – Կապան ավտոճանապարհներին, Որոտանի ոլորաններում և Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ- տեղ մերկասառույց է:

Թալինի տարածաշրջանում տեղում է թույլ ձյուն:

Բարձրադիր վայրերում առկա մերկասառույցի պատճառով ծանրաքաշ մեքենաների վարորդներին խորհուրդ չի տրվում երթևեկել Կիրանց-Ոսկեպար ճանապարհահատվածով:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են մաքրման, ինչպես նաև աղով ու ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

 

 

Հրդեհ՝ Վանաձոր քաղաքում (լրացված)

հրդեհ,գուգարքՓետրվարի 3-ին, ժամը 11.00-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի թիվ 65 տանը հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ տեղի է ունեցել պայթյուն, ինչից փլուզվել է տան դիմային պատը (մոտ 8 քմ), տուժել է բնակիչ՝ 1940 թ. ծնված Վ. Խ.,  ով տեղափոխվել  է Վանաձորի ԲԿ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.27-ին, մարվել` 13.01-ին: Մասամբ այրվել են երկրորդ հարկի հատակը և ննջասենյակում երկու անկողին:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Անկախ

Վանաձոր քաղաքի գազամատակարարումը դադարեցվել է

գազամատակարարումՓետրվարի 3-ին, ժամը 14.55-ին տեղեկատվություն է ստացվել, որ փետրվարի 3-ին ժամը 11.00-ի սահմաններում Լոռու մարզի Վանաձոր քաղաքի գազամատակարարումը դադարեցվել է: Նախնական տվյալների համաձայն՝ արտահոսք է տեղի ունեցել Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցին կից ստորգետնյա գազատարում։

Լոռու ԳԳՄ-ի վթարավերականգնողական ծառայությունների ուժերը ձեռնարկում են համապատասխան միջոցառումներ՝ վթարված հատվածի հայտնաբերման, վթարի վերացման և Վանաձոր քաղաքի գազամատակարարման վերականգնման ուղղությամբ:

Ծաղկաձորում գտել են «ԱրմենՏել»-ի կոմերցիոն տնօրենի դին

Արչիլ ՄագրադձեՓետրվարի 3-ին ՀՀ ոստիկանությունից տեղեկատվություն է ստացվել, որ Ծաղկաձորի ճոպանուղու մոտակայքում կորել է «ԱրմենՏել» ՓԲԸ-ի կոմերցիոն տնօրեն Ա. Մ.-ն(Արչիլ Մագրադձե). որոնողական աշխատանքների համար անհրաժեշտ է օգնություն:
Որոնողական աշխատանքների են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՀՆՓԱԻԿ-ի հետախույզ – կինոլոգիական ջոկատը։
Որոնողական աշխատանքների արդյունքում Ծաղկաձորի սպորտային համալիրի 3-րդ հատվածում հայտնաբերվել է 1978 թ. ծնված Ա. Մ. -ի (Վրաստանի Հանրապետության քաղաքացի) դին:

ԱրմենՏել» ընկերությունը 2013-ի  հուլիսին էր հայտարարել Արչիլ Մագրադձեին «ԱրմենՏել»-ի շարժական կապի բլոկի կոմերցիոն տնօրենի նոր պաշտոնում նշանակելու մասին:
Արչիլ Մագրադձեն ամուսնացած էր, ուներ 4 երեխա:

Անկախ

Ոստիկանության Իջևանի և Տավուշի բաժիններում կամավոր զենք-զինամթերք են հանձնել

Զենք-զինամթերք
Փետրվարի 2-ին, ժամը 16.00-ին, 1966 թ. ծնված Սամվել Պ.-ն ոստիկանության Իջևանի բաժնում կամավոր հանձնել է ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի` 60, 7.62 մմ տրամաչափի` 44 փամփուշտ և ինքնաձիգի պահունակ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

***
Փետրվարի 2-ին, ժամը 19.20-ին, 1962 թ. ծնված Վիկտոր Դ.-ն ոստիկանության Տավուշի բաժնում կամավոր հանձնել է «ԻԺ» տիպի 16 մմ տրամաչափի մեկփողանի ողորկափող որսորդական հրացան:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

Անկախ

Գառնիկը,Զարմեն ու Կոլոն էքսկավատորի վրայից գողացել են հիդրոպոմպ

էքսկավատորՓետրվարի 2-ին ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները 1983 թ. ծնված Գառնիկ Ա.-ին, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել բաժին:
Պարզվել է, որ նա 2013 թ. դեկտեմբերին իր ծանոթ` 1986 թ. ծնված Զարմեն Խ.-ի և ընկերոջ` ոմն Կոլոյի հետ Գեղաշեն գյուղում կայանված էքսկավատորի վրայից գողացել են հիդրոպոմպը:
Գողոնն առգրավված է:
Ոստիկանությունից Անկախին հայտնեցին, որ ձեռնարկվում են միջոցառումներ Կոլոյի անձը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:

Անկախ

Մագելի քարանձավը զբոսաշրջային կենտրոնի վերածելու դեպքում տեղի կենսաբազմազանությունն ուղղակի կվերանա

քարանձավներՄարդկանց և պետական օղակների անտարբերության պատճառով օրեցօր ոչնչանում են Հայաստանի քարանձավների, մասնավորապես Վայոց Ձորում գտնվող Մագելի, Մոզրովի և Արջերի քարանձավների յուրահատուկ բնական էկոհամակարգերը՝ վտանգելով դրանց գոյությունը:

Վերջին շրջանում ակտիվացել են Հայաստանում զբոսաշրջությունը խթանելու նպատակով դեպի տարբեր քարանձավներ այցելություններ կազմակերպող ակումբները, խմբերն ու գործակալությունները:

Բնապահպանների խոսքով՝ այդ այցելությունները կարող են վտանգել քարանձավներում բնակվող կենդանատեսակների՝ մասնավորապես չղջիկների գոյությունը: Քարանձավներում բնակվում են ՀՀ Կարմիր գրքում և Բնության պահպանության միջազգային միության (IUCN) Կարմիր գրքում գրանցված կենդանատեսակներ:

Մեծ թափով քննարկվում է Մագելի քարանձավը զբոսաշրջային կենտրոնի վերածելու հարցը:

«Թռչնասերների կենտրոն» ՀԿ նախագահ Սիլվա Ադամյանի խոսքով` մուտք գործելով քարանձավ` մարդիկ արթնացնում են ձմռանը քուն մտած չղջիկներին: Արդյունքում, չղջիկների մոտ սկսում են արագանալ կենսական պրոցեսները՝ օգտագործելով էներգիայի այն պաշարները, որոնք ամռան ամիսներին կուտակվել են  ձմռանը գոյատևելու համար: Եվ, քանի որ էներգիայի պաշարները բավարար չեն ձմեռն անցկացնելու համար, չղջիկները կանգնում եմ ոչնչացման վտանգի առջև:

Վտանգված են նաև քարանձավների շիթաքարերն ու կաթիլաքարերը, դրանք գրեթե ոչնչացված են:

«Ուղղակի խելահեղություն է Մագելի քարանձավը զբոսաշրջային կենտրոնի վերածելու գաղափարը, այնտեղ կենսաբազմազանությունն ուղղակի կվերանա »,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց բնապահպանը` հավելելով, որ ցանկացած միջամտություն մեծ վտանգ կհասցնի կենսաբազմազանությանը. քարանձավում Կարմիր գրքում գրանցված կենդանատեսակներ կան:

Անկախ

Որոշ թռչնատեսակների անօրինական որսագողության և վաճառքի վտանգ է սպառնում

որսագողությունԽոսրովի արգելոցում որսագողության լուրջ խնդիր կա, որոշ թռչնատեսակներ պաշտպանված չեն, այդ թվում` սև անգղը, գանգրափետուր հավալուսինը, որը գրանցված է միջազգային Կարմիր գրքում, մոխրագույն կռունկը, որը բնակվում է Արփի լճի տարածքում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ իր մտահոգությունները հայտնեց «Թռչնասերների կենտրոն» ՀԿ նախագահ Սիլվա Ադամյանը:

Մասնագետի պնդմամբ` այսօր Հայաստանի 80 %-ը ենթակա է անապատացման: Դա նշանակում է, որ թռչունների որոշ տեսակների կփոխարինեն այնպիսիները, որոնք սովոր են անապատային միջավայրին, ինչը կարող է շատ լուրջ խնդիր դառնալ Հայաստանի համար:

Վերադառնալով որսագողության հարցին` բանախոսը նշեց, որ իրենց հավաստի տվյալներով` Մեղրիի շրջանում թռչունների անօրինական որս և վաճառք է կատարվում:

Սիլվա Ադամյանի խոսքով` շատ ավելի ծանր է Թեղուտի անտառներում բնակվող թռչունների ճակատագիրը: Իրենք հաշվարկել են, թե ինչպիսի՞ թռչունների կորուստ կլինի, եթե Թեղուտի հանքավայրը շահագործվի:

«Մենք նաև ջրաճահճային հանդակների լուրջ խնդիր ունենք: Կորստի վտանգի առաջ են կանգնած Արարատյան դաշտավայրի ջրաճահճային հանդակները: Եթե այդ հանդակները կորցնենք, թռչունների լուրջ կորուստ կունենանք»,- ասաց մասնագետը:

Անկախ

 

Հանձնարարվել է շարունակել մանկապարտեզներում մակատակարարվող սննդի որակի նկատմամբ խիստ վերահսկողությունը

քաղաքապետարանԵրևանի քաղաքապետարանի տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին հայտնեցին, որ աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ մանկապարտեզներում մատակարարվող սննդի որակի ապահովման նպատակով նախորդ շաբաթ հանրակրթության և վերահսկողության վարչությունների աշխատակիցների կողմից շարունակվել են անակնկալ ստուգայցերը մանկապարտեզներ: Զեկուցվել է նաև, որ 25 մանկապարտեզում իրականացված ստուգայցերի արդյունքում պայմանագրով սահմանված տեխնիկական բնութագրին չհամապատասխանող սննդամթերքի մատակարարման դեպքեր չեն արձանագրվել: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել խիստ վերահսկողությունը՝ բացառելով պայմանագրային պարտավորությունների խախտման  որևէ դեպք:

“Այս հարցում պետք է ցուցաբերել սկզբունքային կոշտ մոտեցում և բացառել սահմանված նորմերին չհամապատասխանող սննդի մատակարարումը մանկապարտեզներ: Բազմիցս ասել եմ ու նորից կկրկնեմ, որ հատկապես երեխաներին մատակարարվող սննդի որակի ապահովման հարցում մեր դիրքորոշումն ու ձեռնարկվող քայլերը եղել ու լինելու են կոշտ, ընդհուպ մատակարարների հետ պայմանագրերը խզելով և տվյալ ընկերություններին օրենքով սահմանված կարգով “սև“ ցուցակ գցելով: Այս հարցում որևէ մեկին ներում չի լինելու, ուստի, գնումների գործընթացում շահած հատկապես նոր ընկերություններին խստորեն նախազգուշացրեք կատարել ստանձնած պայմանագրային պարտավորություններն ու սահմանված նորմերից որևէ շեղում թույլ չտալ“,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Երևան քաղաքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության՝ փետրվարի 14-ին հայտարարված  մրցույթի հետ կապված զեկուցվել է, որ, չնայած հայտերի ընդունման վերջնաժամկետ սահմանված է փետրվարի 6-ը, մրցույթին մասնակցելու որևէ հայտ առայսօր չի ստացվել: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է մինչև վերջնաժամկետ շարունակել հանրային իրազեկման աշխատանքները: Անդրադառնալով ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունների կողմից սահմանված չվացուցակներով երթուղիների սպասարկման պայմանագրային պարտավորության ապահովման հարցին՝ քաղաքապետը հանձնարարել է ոլորտի պատասխանատուներին խստորեն վերահսկել գործընթացը:
“Ավտոբուսային և միկրոավտոբուսային յուրաքանչյուր երթուղի պետք է առանձին–առանձին ուսումնասիրել և վերացնել թերությունները: Տնտեսվարողների կողմից բերվող այս կամ այն պատճառաբանությունը մեզ համար չի կարող ընդունելի լինել: Դա պայմանագրային պարտավորություն է, և նրանք պետք է կատարեն այն: Մեզ համար առաջնահերթը եղել և մնում է մեր բնակիչների պատշաճ սպասարկումը: Ըստ այդմ, նախ խստորեն պահանջեք նրանցից պատշաճ կատարել ստանձնած պարտավորությունները, ինչպես նաև իրազեկեք, որ դրանք չկատարելու դեպքում, օրենքով սահմանված կարգով, քաղաքապետարանը կվերանայի տվյալ տնտեսվարողի հետ կնքված պայմանագրերը“,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Օբյեկտներին հարակից տարածքների պարտադիր բարեկարգման կարգը հաստատելու մասին Երևանի ավագանու համապատասխան  որոշման պահանջների կատարման ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասով հանձնարարվել է շարունակել պարտադիր բարեկարգման կանոնների մասին պատշաճ իրազեկումը՝ տնտեսվարողների կողմից տարընկալումները բացառելու նպատակով:
Հանձնարարվել է նաև համապատասխան աշխատանքներ տանել  և աջակցել փետրվարի 24-ից Երևանում մեկնարկող համահայկական ձմեռային խաղերի կազմակերպման և անցկացման հարցերում:
Խորհրդակցության ավարտին, ըստ ոլորտների, ներկայացվել են քաղաքապետարանի կառուցվածքային որոշ ստորաբաժանումների 2013 թվականի տարեկան հաշվետվությունները՝ կատարված աշխատանքների և նախորդ տարիների հետ համեմատության կտրվածքով:
Քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ներկայացրել է հանրակրթության, մշակույթի և տուրիզմի, ինչպես նաև երեխաների իրավունքների պաշտպանության և սպորտի բնագավառում կատարված աշխատանքները:
Այնուհետ քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը ներկայացրել է առողջապահության,  առևտրի և սպասարկումների, արտաքին ձևավորման  և գովազդի, ինչպես նաև “Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն” ՓԲԸ-ի կողմից նախորդ տարվա շրջանակում կատարված աշխատանքների հաշվետվությունները: Ի դեպ, առաջիկա չորեքշաբթի օրը Դավիթ Օհանյանը մամլո ասուլիսում նաև հանրությանը կներկայացնի կատարված աշխատանքների հաշվետվությունն ու 2014-ի անելիքները:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանն էլ ներկայացրել է 2013 թվականին քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերում իրականացված աշխատանքների հաշվետվությունները: Մասնավորապես, ներկայացվել է քաղաքապետարանում  և վարչական շրջաններում գործող “Մեկ պատուհան” համակարգում կատարված աշխատանքները, ինչպես նաև  քաղաքացիների ընդունելությունների արդյունքները:
Ներկայացված հաշվետվությունները քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդունել է ի գիտություն և հանձնարարել է մյուս ոլորտների պատասխանատուներին ևս նախապատրաստվել` նույն սկզբունքով ներկայացնելու տարեկան հաշվետվությունները:

Անկախ

 

«Մայրաքաղաքին բնորոշ կենդանական աշխարհը գնալով ոչնչանում է». Սիլվա Ադամյան

«Թռչնասերների կենտրոն»Երևանում շինարարության տեմպերի աճի և կանաչ տարածքների կրճատման հետևանքով երգեցիկ թռչունների որոշ տեսակներ անհետացել են:
Այնպիսի թռչնատեսակներ, ինչպիսիք են վարդագույն սարյակը, բեղավոր երաշտահավը, շիկապոչ սոխակը, փոքր երաշտահավը, ջրածիծառը, կանաչ գոտիների կրճատման արդյունքում պարզապես հեռացել են այլ վայրեր: Դրանց փոխարեն Երևանում գնալով ավելանում են ագռավներն ու կաչաղակները, որոնք քաղաքի աղտոտման յուրօրինակ ցուցիչ են: Դրանց պոպուլյացիայի աճի պատճառը «Թռչնասերների կենտրոն» ՀԿ ղեկավար Սիլվա Ադամյանի խոսքով` քաղաքի կառուցապատումն է, կանաչ գոտիների ոչնչացումը: Այդ թռչուններն արագ են բազմանում այնտեղ, որտեղ աղբը շատ է: Դրանք կարող են սնվել երգեցիկ թռչունների ձվերով, ինչը մեծ վնաս է պատճառում բնությանը:
Քաղաքի աղտոտումը նույնպես մեծ առնչություն ունի երգեցիկ թռչունների կորստի և ագռավների ու կաչաղակների բնադրման հետ: Ինչքան քաղաքն աղտոտվի, այնքան այդ թռչունների քանակը կավելանա: Վերացնելով պուրակներն ու անտառները՝ մենք վերացնում ենք նաև երգեցիկ թռչուններին:
«Մենք կենսամիջավայրի փոփոխության լուրջ խնդիր ունենք մայրաքաղաքում: Մայրաքաղաքին բնորոշ կենդանական աշխարհը գնալով ոչնչանում է: Կլիմայական փոփոխությունների և կենսամիջավայրի փոփոխության հետ պակասել է մանգաղաթև կոչվող թռչնատեսակը, վարդագույն սարյակների քանակության անկում է նկատվել, պոպուլյացիան քիչ է: Այն թռչունները, որոնք ժամանակին բնադրվել են Երևանում, այսօր չունեն բնադրավայրեր: Սյն կենսամիջավայրը, որը ստեղծվել է Երևանում, թույլ չի տալիս, որ այդ թռչունները բնադրվեն: Մյուս տեսակները, որոնք ոչնչացման շեմին են, մանր և երգեցիկ թռչուններն են, որոնք բնակվում են այգեպատ տարածքներում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց մասնագետը:
Նրա խոսքով՝ 80-ականներին Երևանում եղել է 151 տեսակի թռչուն, այսօր մնացել է 122 տեսակ, որը լուրջ կորուստ է: Պատճառն այն է, որ մեզ մոտ էկոլոգիական աղետ է, և քաղաքը գնում է դեպի անապատացում:

Անկախ

Սարավանի լեռնանցքում բուք է

Ձնաբուք,արգելափակում, ավտոմեքենաներՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը Անկախին տեղեկացնում է, որ փետրվարի 3–ին` ժամը 14:30–ի դրությամբ, Նոյեմբերյանի, Գավառի, Գորիս – Կապան ավտոճանապարհներին,  Որոտանի ոլորաններում և Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:

Մերկասառույցի և մառախուղի պատճառով ծանրաքաշ մեքենաների վարորդներին խորհուրդ չի տրվում երթևեկել Կիրանց-Ոսկեպար ճանապարհահատվածով:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են մաքրման, աղով և ավազով մշակման աշխատանքներ:

Անկախ