Լավ կլինի, որ Պավելն ընտանիք կազմի, թեկուզ «կրակող սարերի» տակ

Երբ կրակում են դիրքերի վրա, միայն ձայնն ենք լսում, իսկ երբ սկսում են գյուղի վրա կրակել, տեսնում ենք, որ մեկի տանը կպավ, մեկին մի բան եղավ, մեկը գոռում է, որ այսինչ տեղին կպավ,- իրենց գյուղի «նորմալ» առօրյան է պատմում չինարեցի 22-ամյա Պավել Պետրոսյանը:- Գիշերը կրակոց, ցերեկը կրակոց` 50-50 էլի, հիմի ստեղ կանգնած ենք, հաստատ չգիտենք` կապրենք, թե չենք ապրի»:

Չինարին Տավուշի մարզի սահմանամերձ, ավելի ճիշտ` սահմանապահ գյուղերից է: Գյուղի գլխին` իշխող բարձունքներից երկուսի վրա հակառակորդը կրակակետեր ունի, այդտեղից գյուղի, առանց բացառության, բոլոր տները գտնվում են ադրբեջանական զինվորների կրակի գոտում: Հակառակորդի այդ վտանգավոր կրակակետերից ընդամենը 600-700 մ հեռավորությունից էլ սկսվում է գյուղը, իսկ գյուղացիների խոսքով` Հայաստանը:

«Ինչպե՞ս եք ապրում նման պայմաններում»,- հարցնում եմ Պավելին, որ այս միամիտ հարցիս պատասխանում է պարզ, բայց ոչ միանշանակ` «շատ դժվար»:
Ոչ մի կերպ չեն պատկերացնում, թե ինչ կլինի վաղը կամ մյուս օրը. «Ի՞նչ կա` որ ինչ պատկերացնենք»: Որ ադրբեջանցին գյուղի վրա չկրակի, համոզված է երիտասարդը, կյանքը գյուղում, իհարկե, կփոխվի: «Առաջ չէին կրակում, ու մարդիկ արխային իրենց գործերը տեսնում էին, մի ձևով իրենց ընտանիքը պահում էին, հիմա ի՞նչ, հիմա ուզում ես մի բան ձեռնարկել… Հեն ա անասուն ենք պահում, ո՞ւմ համար է. գիշերը գնացել ենք խոտ ենք բերել: Գիշերը, որ հանգստանալու համար ա, մարդիկ պիտի քնեն, որ հանգստանան, մարդ ստեղ չի կարըմ հանգստանա, կա՛մ կրակոց ա ըլնըմ, կա՛մ պիտի էթա աշխատի, որ կարողանա իրա ընտանիքը պահի, ինչ ասեմ»,- ասում է Պավելը:
Հետաքրքրվում եմ` ամուսնացա՞ծ է: Գլխով բացասական նշան է անում: Հարցնում եմ` չի՞ ուզում ամուսնանալ: Պավելը, մանկական խորամանկությամբ ժպտալով, թե «ամուսնանաս, որ ի՞նչ անես, ընտանիքդ ո՞նց պահես»: Երևի անվտանգությունն է հարցը, մտածում եմ բարձրաձայն, Պավելը լսում է ու. «Իհարկե, նաև էդ է պատճառը, բայց էստեղ, չնայած երեխա էլ չկա, որ ուզես: Եթե գնաս ուրիշ տեղից էլ բերես, ո՞նց պահես, ասա, ո՞ւմ երեխուն բերես գցես գյուլլի բերան»: Լռում եմ:
Ընթացքում Պավելն ինձ ուղեկցում է մոտակա տունը, որը մեր զրույցից երկու օր առաջ է ընդամենը նոր սպիներ ստացել հակառակորդի «ԴՇԿ»-ից. տան վերքերը դեռ թարմ են:

Տանտերերը գյուղի դպրոցի ուսուցիչներ են` ֆիզիկայի ուսուցիչ Ալբերտ Պապյանն ու մաթեմատիկայի ուսուցչուհի Ռեգինա Նազարյանը: Նրանք մայրաքաղաքի որոշ պճնամոլ ու գոռոզ, աշակերտների ծնողներից ամեն առիթով ու անառիթ դրամ պլոկող, ոսկյա հաստ շղթաներով պարանոցը զարդարած ուսուցիչների նման չեն: Մշակ են, շինական, սահմանապահ, երկրապահ ու սերունդ են կրթում: Նրանց զարդարանքն էլ պատերազմին ու կրակոցների ջիգրու բակում աճող վարդերն են:

Ալբերտ Պապյանն էլ կարծես շարունակում է Պավելի միտքն ու ասում. «Առաջ շատ չէին կրակոցները, վերջին շրջանում, ճիշտն ասած, շատացել են: Բայց դե ապրում ենք, արդեն մեզ համար կրակոցները սովորական են դարձել, մեր գործերն էլ ենք անում կրակոցների տակ: Էս կրակոցներն ամենաշատը երեխաների վրա են ազդում, երեխաներն արդեն ամեն մեկը մի հիվանդություն է ձեռք բերում վախից»:

Չորս երեխա ունի Ալբերտ Պապյանը, ոչ մեկն իր մոտ չի ապրում, ու կրակոցները չեն դրա պատճառը: Գյուղում աշխատանք չկա: «Եթե կրակոցները չլինեին,- ասում է ֆիզիկայի ուսուցիչը,- Չինարին Բերդի տարածաշրջանի ամենահարուստ գյուղը կլիներ»: Ալբերտ Պապյանի կինն էլ` տիկին Ռեգինան, նշում է, որ գյուղում երեխաներ քիչ են մնացել, ափսոսում է, որ երբեմնի ծաղկող գյուղը դարձել է ծերացող:

Ես ու Պավելը թողնում ենք ուսուցիչների տունը: Ճանապարհին դեռ լուռ ենք: Այդ լռությունը խախտելու համար հարցնում. «Իսկ պատկերացնում ե՞ս, թե երեխաներդ ոնց պետք է մեծանան Չինարիում»: Պավելը վճռական է պատասխանում. «Քանի էս վիճակն ա, ես որ ամուսնանալու մասին հաստատ չեմ ուզում մտածեմ, գյուղից էլ չեմ գնա, երբ հարցերը կլուծենք` էն ժամանակ էլ կմտածեմ»:

Շնորհակալություն եմ հայտնում Պավելին ուղեկցելու համար և քայլերս ուղղում գյուղամեջ: Այնտեղ` տաղավարում, մեկ այլ չինարեցի երիտասարդ է նստած` Դավիթ Ապերյանը: 24 տարեկան է Դավիթը. ժպտալով ասում է, թե հարմարվել են արդեն կրակոցներով «համեմված» կյանքին, այդ ապրուստին: «Ինչո՞վ եք զբաղվում» հարցին էլ պատասխանում է. «Կարելի է ասել` հողագործությամբ»: Իսկ թե ինչու «կարելի է ասել», պարզաբանում է. «Կրակոցների պատճառով հաճախ աշխատել չի լինում, ժամանակը գիտի»:

IMG_1170Հողագործությամբ չեն կարողանում զբաղվել, ուրիշ աշխատանք էլ գյուղում չկա: Իսկ թե ոչնչով ինչպես են գոյատևում, Դավիթն ասում է. «Դե մի կերպ, բա ուրիշ ի՞նչ անենք»:

Դավիթն էլ, Պավելի պես, ամուսնացած չէ: Կրակոցները չէ, որ նրան խանգարում են կյանքի ամենավճռական քայլերից մեկը կատարել, ուղղակի չի ամուսնանում:
«Կուզե՞ս` ամուսնանալուց հետո երեխաներդ այս գյուղում ապրեն-մեծանան»,- հարցնում եմ: Դավիթն էլ վստահ պատասխանում է. «Բա իհարկե, այո: Մենք որ կրակոցների տակ ենք մեծացել, ի՞նչ է եղել, որ… Որ տենց մտածենք ու թողնենք գնանք, ո՞ւր կհասնի: Քանի՞ գյուղ տենց պիտի թողնենք»:
Ի դեպ, Չինարին ոչ մի չինարեցի չի ցանկանում ու չի պատրաստվում լքել, համենայն դեպս, ես այդպիսի մեկին չհանդիպեցի գյուղում: Զարմանում եմ այս մարդկանց կամքի, քաջության, վճռականության ու համբերության վրա: Դժգոհ են, որ իրենց «սարերը կրակում են», բայց նվիրված են այդ սարերին, նշում են, թե չեն ամուսնանա, քանի դեռ կրակոցներ են, բայց այլ տեղում ընտանիք կազմելու մասին էլ չեն մտածում:

Երեկոյան թողնում եմ Չինարին ու համեստ, աշխատասեր, կրակոցների տակ անվախ ու աննկուն ապրող չինարեցիներին: Համոզված եմ` քանի նրանցից յուրաքանչյուրը կա ու ապրում է Չինարիում առանց վախի ու առանց փախչելու մտքի, գիշերներն ու երբեմն էլ ցերեկները կրակոցներից քունը կորցրած, մնացյալ Հայաստանը կարող է հանգիստ գլուխը բարձին դնել: Բայց Չինարիից դուրս գալուց առաջ մի անգամ ևս հայացք ձգելով գյուղի ու սարին թառած հակառակորդի մահաբեր դիրքերին` մտածում եմ` լավ կլինի, այնուամենայնիվ, որ Պավելն ընտանիք կազմի:

Գ.Ա.

 

Մայրաքաղաքի կանաչ տարածքները համալրվում են ծաղկային ձևավորումներով

005 (1)Մայրաքաղաքում ընթացող կանաչապատման և ծաղկապատման աշխատանքների շրջանակում կանաչապատման համար նախատեսված տարածքները համալրվում են  նաև ծաղկային նոր ու հետաքրքիր ձևավորումներով:

2014 թվականի մայրաքաղաքում նախատեսված է տեղադրել ծաղկային 112 կոմպոզիցիա:

Մինչ օրս վարչական  շրջաններում արդեն իսկ տեղադրվել է մոտ 80 նման կոմպոզիցիա:

Նշենք նաև, որ Երևանն այս տարի ձևավորվել է ավելի քան 2 մլն ծաղիկներով, որոնց մի մասը տեղ են գտել կոմպոզիցիաներում:

Մայրաքաղաքի ծաղկապատման հարցում ընդհանուր մոտեցում ցուցաբերելու նպատակով ծաղկապատման և մասնավորապես ծաղկային ձևավորման լուծումները նախապես համաձայնեցվում են Երևանի գլխավոր դիզայների հետ:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Անկախ

Սահմանապահ Մովսեսի վանքերն ու արտերը վտանգված են

movsesՄովսեսցիները բոլորին մատնացույց են անում գյուղի կենտրոնին ուղիղ հայացքով նայող բարձունքը: Եկեղեցուն, համայնքային կենտրոնին ու դպրոցին նայող սարի գագաթին հիմա ադրբեջանական դիրքերն են, որտեղից, ի դեպ, գյուղի ամենաակտիվ ու մարդաշատ թաղամասն ուղիղ նշանառության տակ է և հաճախ է դառնում հակառակորդի թիրախ: Բայց սա չէ միայն, որ սահմանապահ մովսեսցիներին մտահոգում է:
Գյուղի դպրոցի պատմության ուսուցչուհին` Ջավահիր Բադալյանը, իր աշակերտներին արդեն պատմել է այն պատմամշակութային ու հոգևոր վայրերի մասին, որոնք հիմա ադրբեջանական տիրապետության տակ են, գերեվարված ազերի դիպուկահարների կողմից:
Մովսեսի դպրոցի մուտքի մոտ ամենավտանգավոր տեղն է` հակառակորդի դիպուկահարների աչքի առաջ, հենց այդ կետից է երևում այն բարձունքը, որտեղ Երեցի խաչն է, նրանից արևելք` VII դարի Սուրբ Հակոբյաց վանքը, որը մինչև նախորդ դարի կեսերը, մովսեսցիների խոսքով, հաստատ կանգուն է եղել: Ավելի ուշ, ըստ մովսեսցիների, վանքերն ավերվել են, կանգուն են մնացել միայն խաչերը: «Ազերիները հիմա քանդած կլինեն: Դրանից դեպի հյուսիս-արևելք գտնվել են երկաթահանքեր, որոնք XVIII-XIX դարերում շահագործել են ֆրանսիացիներն ու անգլիացիները: Իհարկե, երբ XX դարասկզբին Հայաստանը խորհրդայնացվել է, այդ հանքերը փակվել են, իսկ անգլիացիներն ու ֆրանսիացիները` հեռացել»,- պատմում է Ջավահիր Բադալյանը:
Մովսեսի դպրոցականները չեն հասցրել տեսնել իրենց գյուղի տարածքի վանական համալիրներն ու դիտարժան վայրերը, հակառակորդն այնտեղ բույն է դրել, բայց դա չի խանգարել, որ նրանք անգիր անեն հայրենի գյուղի պատմությունն ու պահանջատեր լինեն: Ահա թե ինչու գյուղի կրթական հաստատությունն ավարտած գրեթե բոլոր տղաները վճռական են իրենց հողը թշնամուց պաշտպանելու գործում: «Երեքին արդեն բանակ ենք ճանապարհել, երեքին էլ շուտով կճանապարհենք, մեկի բանակի ուրախ հավաքը նախատեսված էր հուլիսի 23-ին»,- ասում է գյուղի գլխավոր պատմաբանը:
Մովսեսի միջնակարգ դպրոցն ունի 147 աշակերտ, այս տարի ունեցել է 15 շրջանավարտ, որոնցից 8-ը դիմել են բուհեր, հաջողությամբ հանձնել միասնական քննությունները և ընդունվել: Նրանք ընդունվել են ԵՊՀ լրագրության, բանասիրության ֆակուլտետներ, մանկավարժական և գյուղատնտեսական համալսարաններ: «Դե որ սահմանից գնացել, ընդունվել են, պետք է ամեն գնով սովորեն,- ասում է Ջավահիր Բադալյանը` անդրադառնալով սահմանամերձ մարզի երեխաների` ուսման հետ կապված խնդիրներին, ուսման վարձավճարների փոխհատուցման հնարավորություններին:- Վերջին շրջանում կրակոցները հաճախակի են դարձել, դասերն անընդհատ ընդհատվել են հակառակորդի արձակած կրակահերթերի պատճառով, երեխաներին տուն ենք ուղարկել»:
գյուղ ՄովսեսՋավահիր Բադալյանի խոսքով` հայ-ադրբեջանական շփման գծում վիճակը վերջին շրջանում ավելի է լարվել, այնպես որ, Մովսեսի կիրակնօրյա դպրոցն իր դռները ժամանակից շուտ փակել է: Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանի օրհնությամբ, Մովսես գյուղի կիրակնօրյա դպրոցի 19 սաները ուսուցիչների հետ հուլիսի 22-ին ճանաչողական այցով մեկնել են Սանահին ու Հաղպատ:
Ի հեճուկս հակառակորդի, տիկին Ժանետան խանութի դուռը երբեք չի փակում, եթե անգամ «անհաջող հարևանը» սկսում է գնդակոծել գյուղը: Գյուղի կենտրոնում գործող առևտրի սրահը զերծ չի մնացել գնդակոծությունից, փամփուշտները նաև այստեղ են հասել, ծակծկել պատերը: «Մենք էլ չենք վախըմ, սըվերել ենք: Սկզբնական շրջանում շատ ինք վախըմ, պադվալն ինք մտնըմ, հիմա չէ, ցավդ տանեմ, չէ, չէ, չէ, էրեխեքն են մի քիչ վախըմ»,- ասում է տիկին Ժանետան: Նա ասում է, որ գյուղում թեև շատ խանութներ կան, բայց հաճախորդներն են քիչ: «Օրը եթե 10 հազար դրամի առևտուր եմ անում, շատ գոհ եմ լինում: Մովսեսցիները հագուստին ուշադրություն չեն դարձնում, մեծ է սննդի պահանջարկը»: Ապրանքափոխանակությունն այստեղ դեռևս առևտրի ընդունված ձև է, հիմնականում հավկիթներով է փոխանակումն իրականացվում:
Մովսեսցիների գլխավոր անհանգստությունն այս պահին ակտիվացած հակառակորդն է, որն ամեն ինչ անում է գյուղատնտեսական աշխատանքները խափանելու համար: Սահմանամերձ գյուղի ցորենի ցանքատարածությունների զգալի հատվածը թշնամու հետ անմիջական սահմանի վրա է: Հասկերն արդեն հնձելու ժամանակն է, սակայն ադրբեջանցի դիրքապահները չեն թողնում իրականացնել բերքահավաքը: «Մենք նամակ են ուղարկել Կարմիր խաչի միջազգային կազմակերպությանը` մեզ տրամադրելու անվտանգության երաշխիքներ, որպեսզի կոմբայնավարը ազատորեն մտնի դաշտ, առանց վախենալու, որ կարող է հակառակորդի թիրախում հայտնվել»:
Մովսեսցի կոմբայնավար Արթուր Վարդանյանն ասաց, որ կոմբայնը վտանգավոր տարածքից հանելուց հետո էլ «Ճոճեր»-ի ցորենի դաշտ չեն մտել: «Ո՞վ ռիսկ կանի, մտնի, կրակի տակ ա: Հիմա մենք մյուս դաշտում ենք հնձում, որտեղ կրակոցներ չկան: Բայց ադրբեջանցիների դիրքերի մոտ մոտ 30 հեկտար դեռ ունենք, որ պետք ա հնձենք: Կոնկրետ ես 8 հեկտար ունեմ, չգիտեմ` դա ոնց պետք ա լինի: Կարմիր խաչը թող նրանց մոտ կանգնի, մեր կողմից կրակոց չի լինում: Մենք վախենում էինք, որ մեր նոր ստացած կոմբայնի շարժիչը վնասած կլինեն, բայց լավ էր` փամփուշտը թիթեղին էր կպել, սարքել ենք»,- անդրադառնալով հացահատիկի բերքահավաքի անվտանգ կազմակերպման նպատակով սահմանամերձ համայնքներից Կարմիր խաչին ուղղված նամակներին` ասաց Մովսես գյուղի կոմբայնավարը: Նա պատմեց, որ գյուղում ամեն մի շարժի դեպքում ազերի դիրքապահները կրակում են, լինի կոմբայն թե ուղևորատար ավտոմեքենա: Գյուղացիների տեղեկություններով` ԿԽՄԿ-ն այժմ բանակցում է ադրբեջանական կողմի հետ` գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ անվտանգության երաշխիքներ ստանալու համար: Մինչև այդ, Արթուր Վարդանյանի տեղեկացմամբ, հակառակորդը գրեթե ամեն օր կրակում է գյուղի ու բնակիչների ուղղությամբ` Հայաստանի հյուսիսարևելյան սահմանի ուղղությամբ մշտապես լարվածություն պահելով:
Մայա Խաչատրյան

Մահվան ելքով վրաերթ Երևան-Իջևան ճանապարհին

ՎրաերթՀուլիսի 23-ին ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան ժամը 22.45-ի սահմաններում Երևան-Իջևան ճանապարհի 66-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 1967 թ. ծնված Նելլի Խաչատրյանին, որը տեղում մահացել է:
Կատարվում է քննություն:

 

Անկախ

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հուլիսի 23-ից 24-ը)

ՈստիկանությունԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 23-ից 24-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 20 դեպքից բացահայտվել է 17-ը, խարդախության` 8 դեպքից 6-ը, յուրացման՝ 2, սպանության, խուլիգանության և կաշառակերության 1-ական դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է նաև գողության 4 դեպք։
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է գողության՝ 4 և մարմնական վնասվածք հասցնելու 2 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 9-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

Անկախ

“ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է դոլարի առք և վաճառք

դոլարՀուլիսի 23-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 5,650,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 406.61 դրամ մեկ ԱՄՆ դոլարիդիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 406.5 դրամ:

 Անկախ

Համշենահայերն իրենց իրական ծագման հարցում կասկածների ու որոնումների մեջ են

Համշենահայերի շրջանում իրենց` հայ չլինելու գաղափարի տարածումը Թուրքիայի կողմից հետևողականորեն շարունակվում է:

Համշեն

Թուրքիայի Հոպա քաղաքից Հայաստան ժամանած համշենահայեր Ասլան Ջանջը և Ռեմզի Գեդիքը այսօր լրագրողների հետ զրուցեցին համշենահայերին հուզող խնդիրների, ինչպես նաև վերջերս «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման` Հոպայում ծրագրած միջոցառման չկայանալու պատճառների մասին։

Համշենահայերի՝ Հայաստան ժամանելու նպատակը զբոսաջրջությունն է, համշենահայերի ու  հայերի միջև մշակութային, պատմական առնչություններին անմիջականորեն ծանոթանալը։

Ասլան Գանջը, ով աշխատում է Հոպայի քաղաքապետարանում,  Հայաստանում է արդեն 3-րդ անգամ։ Այս անգամ եկել է գնացքով, ընկերների հետ, որոնց թվում է նաև  Հոպայում ծնված Ռեմզի Գեդիքը:

Համշենահայերը, նրանց տեղեկացմամբ, հիմնականում թեյի մշակմամբ են զբաղվում, աշխատում տրանսպորտի, առևտրի ոլորտներում, զբաղվում  անասնապահությամբ, թեև մի ժամանակ անասնապահությունը համշենահայերի շրջանում ավելի տարածված էր:  Բանախոսների տվյալներով` Թուրքիայում շուրջ 35-40հզ. համշենահայ է ապրում, սակայն համշենահայերենը մոռացության  է մատնվում և ոչ բոլոր հայերն են խոսում հայերենով:

Համշենահայերը կարևորեցին սակայն Թուրքիայում համշենահայերի մշակութային և այլ ավանդույթների, լեզվի պահպանման խնդիրը հանձն առած “Ստամբուլի “Հատիկ” կազմակերպության դերը, որն արդեն 2-րդ անգամ փառատոն է կազմակերպում, նախաձեռնում այլ միջոցառումներ: Մոտ ամիսներին կհրատարակվի նաև առաջին համշենակայկական` “Գոր”  (համշենահայերեն` հավաքական աշխատանք) ամսագիրը Թուրքիայում:

Ասլան Ջանջը  նշեց, որ համշենահայերի շրջանում նրանց` հայ չլինելու գաղափարի տարածումը Թուրքիայի կողմից հետևողականորեն շարունակվում է, օրինակ` Թուրքիայի  պատմաբան Քիրզիօղլուն անընդհատ տարածում է, որ համշենահայերը ծագել են օղուզական ցեղերից, “և սա բնականաբար իր ազդեցությունն է ունենում նաև բնակչության շրջանում,  որոնումների մեջ են ընկնում, կասկածներ ունենում իրենց ծագման հարցում, սակայն համշենահայ երիտասարդները, ստանալով կրթություն, ուսումնասիրում են խնդիրը, հետաքրքրվում իրենց իրական արմատներով”,-նշեց Ասլան Ջանջը :

Ցեղասպանության հարցում մոտեցումը միանշանակ է. Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը և ոչ միայն հայերի, այլ նաև ասորիների, հույների և այլն: Ըստ նրանց` այս  պետք է լուծվի երկու պետությունների միջև:

“Անկախ”-ի այն հարցին, թե համշենահայերն ինչպե՞ս են անվանում իրենց զավակներին, կա՞ն ավանդական հայկական անուններ, բանախոսները պատասխանեցին, որ 17-18րդ դարում համշենահայերի իսլամացման հետևանքը թուրքական անուններն են, բացառությամբ որոշ համշենահայերի, որ իրենց զավակներին կոչում են հայկական անուններով` Արեվ և այլն:

Ինչ վերաբերում է վերջերս Հոպայում տեղի ունեցած միջադեպին, ապա համշենահայերը տեղեկացրին, որ “Իրանի իսլամական պետություն” ահաբեկչական խմբավորմանը հարող կազմակերպության ներկայացուցիչները Հոպայում Ռամադանի կապակցությամբ  “Իֆթարի” (սուրբ) սեղան բացելու ցանկության են ունեցել, սակայն բնակչությունը, տեղյակ լինելով, որ այդ կազմակերպության ներկայացուցիչները կապ ունեն իսլամական ծայրահեղական կազմակերպության հետ, կանխել են  այդ նախաձեռնությունը:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է մայրաքաղաքի «Ծարավաղբյուր» ջրահավաք կայանի հանդիսավոր բացմանը

001Մայրաքաղաքը սնուցող ջրատարների և աղբյուրների վերակառուցման ծրագրի շրջանակում մի քանի ամիս տևած աշխատանքների արդյունքում թարմացվել և արդիականացվել է «Ծարավաղբյուր» ջրահավաք կայանը, որի հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:

1963 թվականին կառուցված «Ծարավաղբյուր»  ջրահավաք կառույցը՝ իր պոմպակայանով և քլորակայանով, մայրաքաղաքը սնուցող 10 աղբյուրներից մեկն է, և այս  սանիտարական գոտում վերջին անգամ վերանորոգման աշխատանքներ իրականացվել էին դեռևս 70-80-ական թվականներին: Տարոն Մարգարյանը քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանի և «Երևան Ջուր» ՓԲԸ տնօրեն Գոռ Գրիգորյանի ուղեկցությամբ շրջել և ծանոթացել է կատարված աշխատանքներին ու կայանը սպասարկող անձնակազմի համար ստեղծված պայմաններին: Քաղաքապետին ներկայացնելով կատարված աշխատանքների ծավալները՝ «Երևան Ջուր» ընկերության տնօրենը նշել է, որ սանիտարական գոտու վերանորոգումն իսկապես անհրաժեշտություն էր: Տարիների ընթացքում խիստ անհրաժեշտություն էր ծագել վերանորոգել ջրհավաք կառույցները, ջրագծերը, ընդունիչ խցերը, սպասարկման ճանապարհը, քլորատունը, ինչպես նաև ապահովել տարածքի գիշերային լուսավորությունը:

005«Վերանորոգման ծրագրի շրջանակում ամբողջովին վերակառուցվել են դրենաժային 3 համակարգերը, ինչի արդյունքում ջրամատակարարումը դարձել է ավելի հուսալի, իսկ ջրի որակը՝ ավելի ապահով: Միևնույն ժամանակ մոտ 15լ/վրկ. ավելացել է սպառողներին մատակարարվող ջրի քանակը: Վերակառուցվել են գործող ջրահավաք խցերն ու կառուցվել է ևս մեկը: Նոր կառուցված խցից ջուրը հիմնական ջրատարին հասցնելու համար կառուցվել է 500 մմ տրամագծով 400 գծամետր մետաղական խողովակաշար: Հիմնանորոգման աշխատանքների շրջանակում վերանորոգվել են նաև էլեկտրաենթակայանը, պահակատունը, սանիտարական գոտին սպասարկող ճանապարհը»,- նշել է Գոռ Գրիգորյանը:

Պատասխանատուները քաղաքապետին նաև զեկուցել են, որ ներկայում այստեղից ինքնահոս եղանակով վայրկյանում 275 լիտր ջուր է մղվում դեպի Ծիծեռնակաբերդի օրվա կարգավորիչ ջրամբար, որտեղից այն մատակարարվում է Կենտրոն վարչական շրջանին՝ մասնավորապես Կիլիկիա թաղամասին, մասամբ նաև՝ Շենգավիթ վարչական շրջանին:

Ծանոթանալով կատարված աշխատանքներին ու ընդգծելով մայրաքաղաքում ջրամատակարարման որակի կարևորությունը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ պետք է հետևողական աշխատանք տարվի մայրաքաղաքի ջրամատակարարման ընդհանուր վիճակի բարելավման ուղղությամբ, որպեսզի արդեն առաջիկա տարիներին շուրջօրյա ջրամատակարարում ապահովվի ողջ Երևանում. «Գաղտնիք չէ, որ մայրաքաղաքում առկա հիմնախնդիրների շարքում առաջնահերթ կարգավորում են ենթադրում նաև ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի արդիականացումն ու զարգացումը: Եվ այս տեսանկյունից մեր կողմից առանձնակի կարևորվում և խրախուսվում են բոլոր այն նախաձեռնումները, որոնք ուղղված են այդ նպատակին: Մայրաքաղաքը սնուցող ջրատարների և աղբյուրների վերակառուցման ծրագրի շրջանակում լուծվեց ևս մեկ շատ կարևոր խնդիր, որի արդյունքում մայրաքաղաքի որոշ տարածքների բնակիչների  ջրամատակարարումը ևս դարձավ ավելի հուսալի, իսկ ջրի որակը՝ ավելի ապահով:  Երևանի ջրամատակարարման որակի ապահովմանը զուգահեռ, պետք է հետևողական աշխատանք տարվի նաև մայրաքաղաքում 24-ժամյա ջրամատակարարման ապահովման ուղղությամբ»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը՝ հավելելով, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում շարունակելու է աջակցել երևանցիներին որակյալ ջրամատակարարում ապահովելուն ուղղված ընկերության կողմից իրականացվող ծրագրերի կյանքի կոչմանը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 Անկախ

Ընկել է բեռնատարում բարձած խոտի դեզի վրայից

загруженноеՀուլիսի 22-ին, ժամը 12.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում է ստացվել, որ գոտկային հատվածի փափուկ հյուսվածքների սալջարդով իրենց մոտ է տեղափոխվել 1952 թ. ծնված Լյովա Բ.-ն և հայտնել, որ վնասվածքն ստացել է խոտի դեզից վայր ընկնելու հետևանքով:
Ոստիկանները պարզել են, որ նա վնասվածքը ստացել է հուլիսի 19-ին, ժամը 10.40-ի սահմաններում, «Կալի հողեր» կոչվող հանդամասում «ԳԱԶ-66» մակնիշի ավտոմեքենայով խոտ տեղափոխելիս` բարձված խոտի դեզը քանդվելու և վրայից ընկնելու հետևանքով:
Նյութերն ուղարկվել են ոստիկանության Դիլիջանի քննչական բաժանմունք:

Անկախ

«Լավագույն մարզական ընտանիք-2014» մրցույթն առաջին անգամ Երևանը կներկայացնեն նաև հաշմանդամ մարզիկներ

001 (9)Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը հանդիպել է ՀՀ նախագահի մրցանակի «Լավագույն մարզական ընտանիք-2014» հանրապետական մրցույթի  Երևանը ներկայացնող  հաշմանդամ մարզիկներին ու Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից բարի երթ մաղթել նրանց այդ մարզական ստուգատեսում: Արամ Սուքիասյանը վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանը, ի թիվս այլ ծրագրերի, այսուհետ ևս  հնարավորին նպաստելու է հաշմանդամ մարզիկների ակտիվ ներգրավվածությանը  մարզական միջոցառումներին: Հաշմանդամ մարզիկները քաղաքապետի տեղակալին վստահեցրել են, որ հավուր պատշաճի են պատրաստվել մրցումներին, ներդնելու են ողջ կարողությունները հաջողության հասնելու համար և խնդրել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին փոխանցել իրենց երախտագիտությունը մշտական աջակցության, ինչպես նաև տվյալ մրցաշարին մասնակցելու անհրաժեշտ գույքով, մարզական հանդերձանքով և հաշմանդամասայլակներով ապահովելու համար: «Լավագույն մարզական ընտանիք-2014» հանրապետական մրցույթում Երևանը կներկայացնի հաշմանդամություն ունեցող անձանց երևանաբնակ 5 ընտանիք և մեկական ընտանիք Չարենցավանից և Վարդենիսից:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

Վագոն-տնակներում բնակվողները խրոնիկական հիվանդություններ են ձեռք բերել (տեսանյութ)

Գյումրու վագոն-տնակներում, ուր ձմռանը սաստիկ ցուրտ է, ամռանն անտանելի տոթ է, իսկ գարնանն էլ` կաթոցներից խոնավ ու գորշ տեսարան, երկարատև բնակվողները խրոնիկական մի շարք հիվանդություններ են ձեռք բերել:

«Շիրակ կենտրոնի» հերթական տեսանյութը Գյումրու տնակային ավաններից մեկում ամուսնու վաղաժամ մահից հետո միայնակ երկու մանկահասակ երեխաների հետ խոնավությունից բորբոսնած պատերով կացարանում բնակվող երիտասարդ կնոջ մասին է:

Այցելության օրը երեխաների մայրը նոր էր վերադարձել հիվանդանոցից:

Անկախ

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հուլիսի 22-ից 23-ը)

ՈստիկանությունԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 22-ից 23-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 23 դեպքից բացահայտվել է 19-ը, խարդախության` 11 դեպքից 10-ը, կաշառակերության՝ 2, խուլիգանության և յուրացման 1-ական դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է նաև գողության և դրամանենգության 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար, ինչի հետևանքով 24 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

Անկախ

4 ժամում` 22 անսթափ վարորդ

ոստիկանությունՀուլիսի 22-ին, ժամը 20.00-ից մինչև ժամը 24.00-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում անցկացված ստուգայցի ընթացքում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 25 ավտոմեքենա. 22 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 3-ը` առանց համապատասխան փաստաթղթերի:

 

Անկախ

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

եղանակը հայաստանում
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից Անկախին հայտնեցին, որ հանրապետության տարածքում՝
Հուլիսի 22-ին հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վրկ, առանձին վայրերում հնարավոր է նեցին, կարկուտ:23-26-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

Քամին` հարավ-արևմտյան` 5-10մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 22-ին կնվազի 2-3, արևելյան շրջաններում 5-6 աստիճանով, 23-25-ին կբարձրանա 5-6, արևելյան շրջաններում 7-8 աստիճանով:

Երևանում՝
Հուլիսի 22-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն:23-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևանի հուլիսի 22-ի բազմամյա կլիմայական տվյալներ• Օդի առավելագույն ջերմաստիճան 40.10C (1989թ)
• Օդի նվազագույն ջերմաստիճան 14.40C (1983թ)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 27.20C

Ավտոմեքենան պայթել է ականապատ տարածքում (լրացված)

պայթյունՀուլիսի 22-ին, ժամը 11.00-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 06.30-ին սահմաններում ԼՂՀ-ի Քաշաթաղի շրջանի Վաղազին գյուղում «Տոյոտա պրադո» մակնիշի 71OM100 պետհամարանիշի ավտոմեքենան պայթել է ականապատ տարածքում, ինչից վարորդ` Ա. Խ.-ը (ծնվ. 1967թ.-ին ) տեղում զոհվել է, իսկ ուղևորներ Ռ. Խ.-ը (ծնվ. 1961թ.-ին) , Ա. Բ.-ը ( ծնվ. 1961թ.) և Գ. Ա.-ը ( ծնվ. 1971թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով ուղղաթիռով տեղափոխվել են «Զվարթնոց» օդանավակայան և հոսպիտալացվել «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:

Ազատության պողոտայի և Ն. Զարյան փողոցի խաչմերուկում

ավտոպատահարՀուլիսի 22-ին, ժամը 19.12-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ազատության պողոտայի և Ն. Զարյան փողոցի խաչմերուկում մարդատար ավտոբուսը բախվել է սյանը կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում, «Բոգդան» մակնիշի, 3489L պետհամարանիշի N 267 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է «Մերսեդեսին» E 320 մակնիշի 34 AS 555 վարորդ Տիգրան Վարդապետյան, ավտոմեքենային, դուրս է եկել երթևեկելի գոտուց և հարվածել գովազդային վահանակի սյանը, ինչից Ս. Մ.-ը ծնվ. 1963թ. Ա. Խ.-ը ծնվ. 1998թ. Լ. Հ.-ը ծնվ. 1959թ. Ա. Հ. ծնվ. 1959թ. տեղափոխվել են 1-ին համալսարանական հիվանդանոց, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ 5 ուղևոր տեղափոխվել են «Սրբ. Գր. Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Գյուղատնտեսության նախարարն այցելել է Գեղարքունիքի մարզ

2 (6)ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի աշխատանքային այցը Գեղարքունիքի մարզ այսօր սկսվել է Վարդենիսի տարածաշրջանի Ակունք համայնքի «Արաքս-2» նորաստեղծ պանրագործարանից, ուր մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի հետ նախարարը ծանոթացել է ընկերության գործունեությանը: Այստեղ տարեկան շուրջ 2 հազար տոննա կաթ է վերամշակվում, արտադրվում   6-8 տեսակի պանիր, իրացման խնդիրներ չկան: Ըստ գործարանի տնօրեն Արթուր Մովսիսյանի՝ ներկայումս ընկերությունն ընդարձակվելու փուլում է, որի ավարտից հետո, 2015 թվականին, արտադրանքի ծավալի և աշխատատեղերի ավելացումից զատ, հնարավորություն կստեղծվի թողարկել նաև թթու կաթնամթերք: Նախարարն այցելել է նաև պանրագործարանի նոր կառուցվող մասնաշենք:

6 (1)Այցելությունը շարունակվել է Վարդենիս, Գեղամաբակ, Շատվան, Շատջրեք և Ջաղացաձոր համայնքների դաշտերում, ուր նախարարը հավաստիացել է, որ սպասվող բերքը բարձր է լինելու: Առանձին դաշտերից անգամ ռեկորդային՝ 600 ցենտներ կարտոֆիլ, 80-90 ցենտների հասնող հացահատիկի բերք է սպասվում: Իսկ ընդհանուր առմամբ մարզը հողերի օգտագործման ցուցանիշով հանրապետության առաջատարն է: Այն այս տարի հասել է շուրջ 93%-ի: Գրեթե 2000 հեկտարով ավելացել են մշակվող հողատարածքները, որից 700 հեկտար կարտոֆիլի, 1000 հեկտար հացահատիկի դաշտերը:

4 (3)Այցի վերջին կանգառը Մեծ Մասրիկ համայնքում էր, ուր նախարարը ծանոթացել է համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագրի շրջանականերում ստեղծված արոտօգտագործողների կոոպերատիվի աշխատանքներին: Երկու տարվա կենսագրություն և 350 անդամ ունեցող կոոպերատիվն  արդեն որոշակի արտադրական հաջողություններ ու առաջընթաց  ունի: Մասնավորապես, անասնագլխաքանակն ավելացել  է 20%-ով, մեկ կովի կաթնատվությունը 1800-ից հասել է 2250 լիտրի: Ջրարբիացվել է 510 հեկտար արոտավայր, կառուցվել 2,5 կիլոմետր ջրատար: Կոոպերատիվին հատկացվել է  11 միավոր գյուղտեխնիկա: Արտադրական հաջողությունները նոր հեռանկարներ են հուշում կոոպերատիվի անդամներին, որոնք խնդրել են նախարարին աջակցել տեղում կաթի վերամշակման փոքր արտադրություն ստեղծելու գործում:

Նախարարը նշել է, որ ծրագրի երկրորդ փուլը  հնարավորություն է տալիս նաև տեղերում ստեղծել փոքր արտադրություններ և վերջինիս շրջանակներում էլ, կոոպերատիվի արտադրության ծավալների և անդամների թվի ավելացման պարագայում , հնարավոր է  առաջիկայում վերանայել բարձրացված խնդիրը:

3 (8)Զրույցի ընթացքում նախարարը  նշել է, որ նշված ծրագրով Գեղարքունիքի մարզում ստեղծվել և գործում են 20 նման կոոպերատիվներ: Իրականացվող ծրագրերի արդյունքում  բարելավվող արոտավայրերը կհասնեն 16 300 հեկտարի, համայնքներին տրամադրվող գյուղտեխնիկան՝ 260 միավորի: Մինչ օրս այս ծրագրով մարզին հատկացվել է 165 միավոր գյուղտեխնիկա, այդ թվում` 30 տրակտոր:

Սերգո Կարապետյանն   անդրադարձել է պետական օժանդակության մյուս ծրագրերին և նշել, որ այն շարունակվելու է մյուս տարի ևս :

 ՀՀ գյուղատնտեսության նախարարության

հասարակայնության հետ կապերի բաժին

Անկախ

2014թ. մայրաքաղաքում ընդհանուր առմամբ շահագործման կհանձնվի շախմատի 5 դպրոց

005 (2)Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է կառուցվող շախմատի դպրոց, հետևել իրականացվող աշխատանքների ընթացքին: Ներկայացնելով գործընթացի մանրամասները՝ պատասխանատուները քաղաքապետին զեկուցել են, որ աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն: Քաղաքապետը հանձնարարել է մշտական ուշադրության կենտրոնում պահել աշխատանքների որակի նկատմամբ հսկողությունն ու գործն ավարտել նախատեսված ժամկետներում:

002 (4)

Շինարարական աշխատանքների ավարտից հետո այս դպրոցը ևս կկահավորվի համապատասխան գույքով: Պատասխանատուները վստահեցրել են, որ դպրոցի բացումով զգալիորեն կավելանա նաև շախմատասեր մանուկների և պատանիների թիվը: Հարկ է նշել, որ այս տարի մայրաքաղաքում ընդհանուր առմամբ շահագործման կհանձնվի 5 շախմատի դպրոց և որ կարևոր է՝ դրանք ևս գործելու են անվճար:

009Այնուհետ վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է նաև կառուցվող շախմատի դպրոցին հարակից թիվ 82 մանկապարտեզ, շրջել խմբասենյակներում, ծանոթացել փոքրիկների դաստիարակության ու խնամքի համար ստեղծված պայմաններին: Օգտվելով առիթից՝ մանկապարտեզի աշխատակիցները շնորհակալություն են հայտնել Երևանի քաղաքապետին ցուցաբերվող մշտական ուշադրության ու հոգածության  համար՝ ընդգծելով, որ հատկապես նախակրթարանների անվճար գործելու որոշումն իսկապես սոցիալական կարևոր նշանակություն ուներ: Քաղաքապետն էլ իր հերթին վստահեցրել է, որ մանկապարտեզներում իրականացվող ծրագրերը լինելու են շարունակական, և առաջիկա տարիներին փոքրիկ երևանցիների  համար հարմարավետ պայմաններ կապահովվեն բոլոր մանկապարտեզներում:

Շրջայցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծանոթացել է նաև վարչական շրջանի Ալ. Աճեմյանի անվան երաժշտական դպրոցում իրականացվող հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Պատասխանատուները քաղաքապետին զեկուցել են, որ հիմնանորոգման ծրագրի արդյունքում կրթօջախի շուրջ 450 սաների համար կապահովվեն հարմարավետ պայմաններ: Հարկ է նշել, որ Երևանի քաղաքապետարանի 2012 թվականի ծրագրերի շրջանակում ամբողջությամբ լուծվեց նաև այս երաժշտական դպրոցի ջեռուցման խնդիրը: Ծանոթանալով հիմնանորոգման աշխատանքների ընթացքին՝ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս վստահեցրել է, որ այս ծրագիրը ևս լինելու է շարունակական, և հարմարավետ պայմաններ են ապահովվելու Երևանի բոլոր երաժշտական դպրոցներում: Շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետին մայրաքաղաքի կրթօջախների պայմանների բարելավմանն ուղղված ծրագրային հստակ քաղաքականության համար՝ երաժշտական դպրոցի տնօրենն էլ իր հերթին  ընդգծել է, որ ծրագիրն իսկապես սպասված էր ինչպես աշխատակազմի, այնպես էլ դպրոց հաճախող երեխաների ու նրանց ծնողների կողմից:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Անկախ

Երևանում ավտոբուսի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին

շտապօգնություն1Հուլիսի 22-ին, ժամը 08.30-ին, «Երևան ավտոբուս» ՓԲԸ վարորդ, 1956 թ. ծնված Վաչագան Ա.-ի վարած «Հայգեր» մակնիշի ավտոբուսը Երևանի Աբովյան պուրակից Աբովյան փողոց տանող ուղեմասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, վրաերթի ենթարկել 1990 թ. ծնված Միհրան Կ.-ին և բախվել Աբովյան փողոցում գտնվող «Հայմամուլ»-ի թերթի կրպակին: Պատահարի հետևանքով Միհրան Կ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

 

Անկախ

Գյումրեցիները եկել էին անձամբ Քրիստոսի մոտ

DSC00321Այսօր աշխատանքային այցով Գյումրիում էր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Վերջինս տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանի և քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի հետ այցելեց ՙՄուշ 2/2՚ թաղամաս, խոսեց բնակիչների հետ: Վարչապետը Գյումրի էր ժամանել երկրաշարժից անօթևան մնացած 430 ընտանիքի բնակարանային ճակատագիրը քննարկելու և վերջնական լուծում գտնելու համար: Մինչ աշխատանքային խորհրդակցությունը, նորակառույց թաղամասում կառավարության ղեկավարը լսեց գյումրեցիների դժգոհություններն ու առաջարկները:

Գյումրու բնակչուհի Ֆենյա Սահակյանը նշեց, որ իր ընտանիքը ևս անօթևանների ցուցակներում՝ այդ 430-ի մեջ է, 26 տարի անցկացրել են տուն կոչված տնակներում, որոնք արդեն վաղուց շարքից դուրս են եկել: Այսօր էլ եկել էր վարչապետից վերջնական պատասխան ստանալու. ՙԱսում են՝ 100 սրբի դեմ գնալուն, մեկ անգամ Քրիստոսին դիմի. դիմենք իմանանք, վերջը ինչ պիտի լինի: Թող տուն տան, եթե չեն տա, էնքան գումար տան, որ ես առնեմ 6 հոգանոց ընտանիքս, Հայաստանից դուրս գամ: Արդեն հնարավոր չէ այսպես ապրել՚:

“Այսօր մենք հենց դրա համար ենք եկել”,-եղավ վարչապետի պատասխանը,-մարզպետարանում կքննարկենք և որոշում կկայացնենք”:

Ֆենյա Սահակյան

Տիկինը կառավարության ղեկավարին ներկայացրեց տնակում ապրելու դժվարություններն ու առաջարկեց իր հարսի ու թոռան հետ գա ոչ թե 26, այլ մեկ օր ապրի տնակում. ՙԿռիսը բարձրացել էր թոռնիկիս վրա, քնած տեղը, երեք ամիս էրեխես հիվանդանոց պառկավ: Ինչքան կարելի է՚, – ավելացրեց Ֆենյա Սահակյանը:

Իսկ թաղամասի բնակիչները Հովիկ Աբրահամյանին ներկայացրեցին իրենց ամենատարբեր խնդիրները՝ սկսած թաղամասի ասֆալտապատումից, վերջացրած բնակարաններում կիսատ-պռատ աշխատանքներով: Բնակիչներից մեկը վարչապետին հրավիրեց տեսնելու, թե ինչպես է, որ նոր շենքի չորրորդ հարկից քարեր են թափվում: Այստեղ վարչապետը դիմեց կառուցապատող կազմակերպության ներկայացուցիչներին, թե ինչումն է խնդիրը, սրանք էլ թե՝ որևէ խնդիր չկա, ամեն բան կարգին է: Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը միջամտեց խոսակցությանը. ՙՇատ լուրջ խնդիր է, որ քարերը թափվում են ցած, ասֆալտապատումը շատ ծանր վիճակում է, էս բոլոր թերությունները ես տվել եմ ձեզ՝ նամակով, ոնց կարող եք ասել, որ թերություն չկա՚:

Քաղաքապետը նաև նկատողություն արեց ՙԳլենդել Հիլզին՚ , թե ինչպես կարելի է պոկված սալիկը դյուբելով ձգել. ՙԷսպիսի շինարարություն ես կյանքում չեմ տեսել՚:

Հովիկ Աբրահամյանը պաշտոնյաներին հիշեցրեց, որ այսքան տարի հսկայական գումարներ են ծախսվել շինարարության համար, և արդյունքում՝ բնակիչները դժգոհ են: Դա նշանակում է, որ վատ են աշխատել: Հանձնարարեց բոլոր թերությունները վերացնել, խնդիրներին հիմնական լուծումներ տալ:

 

Անկախ