Հուլիսի 21-ին, ժամը 21.15-ին, ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները Գանձաքար գյուղի վերջնամասից բաժնի տարածք են տեղափոխել 1969 թ. ծնված Համլետ Զ.-ի վարած «Զիլ-131» մակնիշի ավտոմեքենան` փայտանյութով բարձված:
Վարորդը հայտարարել է, որ նույն օրը Իջևանի անտառտնտեսության Գանձաքարի մի անտառամասից ապօրինի հատել է 3 կաղնի:
Վնասի չափը պարզվում է:
Կատարվում է հետաքննություն:
Բեռնատարից վայր են ընկել
«Մերսեդես»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և հարվածել պաշտպանական վահանակներին. վարորդը մահացել է
Հուլիսի 21-ին ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «Մերսեդես-Բենց-Ց-200» մակնիշի ավտոմեքենան ժամը 03.30-ի սահմաններում Կոթի գյուղում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և հարվածել պաշտպանական վահանակներին, ինչի հետևանքով վարորդը` 1993 թ. ծնված Սամվել Ոսկանյանը, տեղում մահացել է:
Կատարվում է քննություն:
Եվս մեկ բազմազավակ ընտանիք ունեցավ քարաշեն անասնագոմ և կենդանիներ
Անօթևան, բազմազավակ ընտանիքների սոցիալական հոգսերը թեթևացնելուն նպատակաուղղված՝ «Եկեք օգնենք, որ սոցիալապես անապահով ընտանիքներն իրենց ձեռքով լուծեն իրենց սննդամթերքի խնդիրը» բարեգործական ձեռնարկի շրջանակում ևս մեկ ընտանիքի նվիրաբերվեց քարաշեն անասնագոմ և կենդանիներ:
Այս անգամ «Շիրակ կենտրոնի» աշխատակիցները, գործընկերների աջակցությամբ օգնություն ցուցաբերեցին երկու մանկահասակ երեխաներ ունեցող և երրորդ երեխայի լույս աշխարհ գալուն սպասող, հաշմանդամության թոշակով ու սոցիական նպաստով գոյատևող երիտասարդ ընտանիքին: Նրանց նախ տրամադրվեց շինանյութ և գործիքներ, ապա ընտանիքի հոր ձեռքով անասնագոմը կառուցելուց անմիջապես հետո, տրամադրվեց հավեր:
Բարեգործական ձեռնարկի մասին առավել մանրամասն՝ ներկայացվող տեսանյութում:
Գիշերային գողը բռնվեց հանցանքի վայրում` մթերային խանութում
Հուլիսի 21-ին, ժամը 04.55-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում ահազանգ է ստացվել, որ Քաջազնունու փողոցի թիվ 1 հասցեում գտնվող մթերային խանութը թալանում են:
Մեկնած օպերատիվ խումբը նշված խանութից ոստիկանության Մարաշի բաժանմունք բերման է ենթարկել 1989 թ. ծնված Ստեփան Ֆ.-ին:
Պարզվել է, որ նա ժամը 04.50-ին խանութի դռան ներքևի մասը կոտրելով` փորձել է գողություն կատարել, սակայն բռնվել է ոստիկանության ծառայողների կողմից:
Կատարվում է նախաքննություն:
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հուլիսի 21-ից 22-ը)
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 21-ից 22-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 12 դեպքից բացահայտվել է 10-ը, խարդախության` 7, յուրացման՝ 2, խուլիգանության՝ 1 դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է նաև գողության 10 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար, ինչի հետևանքով 16 մարդ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ջերմ հանդիպում Երևանի քաղաքապետարանում
Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը հանդիպել է «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «PR cocktail for Youth worker» միջազգային ուսուցողական դասընթացի և Երիտասարդական ակումբների դաշնության «Բացե´ք դռները» փոխանակման ծրագրի շրջանակում Եվրոպայի 11 երկրներից Երևանում գտնվող երիտասարդների հետ: Ի դեպ, ծրագրի նպատակն է բարձրացնել երիտասարդական աշխատանքի տեսանելիությունը, բարելավել երիտասարդական ծրագրերի որակը, ապահովել հրապարակայնություն, ինչպես նաև օգնել Եվրոպայի տարբեր անկյուններից հրավիրված երիտասարդ առաջնորդներին`օգտագործելով PR գործիքներ և տեխնոլոգիաներ:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով երիտասարդներին Երևանում և Երևանի քաղաքապետարանում՝ քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը նախ համառոտ ներկայացրել է 2796-ամյա մայրաքաղաքի պատմությունը, ապա խոսել երևանյան մշակութային կյանքից:
Այնուհետ, պատասխանելով մասնակիցների քաղաքային ծրագրերում երիտասարդների ներգրավվածությանը վերաբերող հարցերին, քաղաքապետի տեղակալը ներկայացրել է քաղաքապետարանի կողմից իրականացվող երիտասարդական ծրագրերը, այդ թվում՝ քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի աշխատանքները:
«Երևանի քաղաքապետն առանձնահատուկ կարևորում է քաղաքային տարբեր ծրագրերում երիտասարդների մասնակցությունը: Եվ պատահական չէ, որ քաղաքապետարանն այսօր ակտիվ համագործակցում է երիտասարդական տասնյակ կազմակերպությունների հետ: Երիտասարդների նոր գաղափարներն, անուշտ, օգնում են նաև առավել արդյունավետ դարձնել որոշ ուղղություններով մեր աշխատանքները»,-նշել է Արամ Սուքիասյանն ու երիտասարդներին առաջարկել իրենց հերթին մասնակցել Երևանի բրենդի սստեղծման աշխատանքներին և ներկայացնել առաջարկներ:
Զբոսաշրջության զարգացման ուղղությամբ քաղաքապետարանի կողմից ձեռնարկվող քայլերի մասին հարցին ի պատասխան՝ քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության տուրիզմի բաժնի պետ Մարիա Բարաղամյանը մանրամասն ներկայացրել է այս ուղղությամբ կատարված աշխատանքն ու առաջիկա անելիքները:
«Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ նախագահ Աստղիկ Ավետիսյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման, ինչպես նաև քաղաքապետարանի կողմից ցուցաբերվող աջակցության համար: Քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանն իր հերթին ընդգծել է Երևանի քաղաքապետարանի պատրաստակամությունը՝ մշտապես համագործակցել երիտասարդական կառույցների հետ:
Հանդիպումից հետո ծրագրի մասնակիցներն այցելել են Երևան քաղաքի պատմության թանգարան, շրջել ցուցասրահներով և առավել մանրամասն ծանոթացել մայրաքաղաքի պատմությանը:
Շնորհակալություն հայտնելով հանդիպման, ինչպես նաև հետաքրքիր էքսկուրսի համար՝ երիտասարդները նշել են, որ հետագայում ևս, արդեն որպես զբոսաշրջիկ, անպայման այցելելու են Երևան:
Նշենք, որ հուլիսի 21-ից մեկնարկած ծրագիրը կշարունակվի մինչև հուլիսի 27-ը: Այդ ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան շրջել մայրաքաղաքում և այցելել տեսարժան վայրեր:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
ԶԱՔԱՐԵ ԱՄԻՐՍՊԱՍԱԼԱՐ. նա զորավար էր թագավորների մեջ և թագավոր` զորավարների մեջ
Զաքարե Զաքարյանը ռազմաքաղաքական մեծ գործիչներից էր: Եզակի զորահրամանատար, որ ոչ միայն երբևէ չճաշակեց պարտության դառնությունը, այլև սուր ճոճեց ոչ միայն հանուն հայրենյաց, այլև հանուն պատվի:
Զաքարյանների տոհմի ակունքները Վասպուրականից են: 1021 թ., երբ Վասպուրականի թուլամորթ թագավոր Սենեքերիմ Արծրունին իր պետությունը հանձնեց Բյուզանդական կայսրությանն ու հաստատվեց Բյուզանդիայի հայաբնակ վայրերում` Փոքր Հայքի Սեբաստիա քաղաքում, ոչ բոլոր Արծրունիները նրա հետ հեռացան Վասպուրականից: Արծրունյաց շառավիղներից շատերը մնացին հայրենի բնօրրանում, շատերն էլ ստիպված էին լքել Վասպուրականը, քանզի չէին կամենում ծառայել օտարին:
Եվ Զաքարյանների նախնին` Զաքարե Առաջինը, տեղափոխվեց Հյուսիսային Հայաստան` Լոռի: Լոռվա ընտրությունը պատահական չէր: Արծրունիների հակամարտությունը Անիի Բագրատունիների հետ դարերի խորքից է գալիս: Իսկ տվյալ ժամանակամիջոցում Անիից հետո ամենաազդեցիկ ու ամենահզոր հայոց պետությունը Լոռվա Կյուրիկյան թագավորությունն էր, որի գահակալ Դավիթ Ա Անհողինը (990-1048) թշնամական դիրք էր բռնել Անվո թագի հանդեպ և երիցս փորձել էր տիրանալ իր հայրենական ժառանգությանը` Հայոց թագավորությանը, որին ապօրինաբար տիրացել էր իր հորեղբայր Գագիկ Ա Շահնշահը (990-1020):
Եվ այսպես, XI դարի 20-ական թվականներին Արծրունյաց տան շառավիղները հաստատվեցին Լոռվա թագավորությունում: Դավիթ Անհողինը, որպես հայրենական կալվածք, նրանց հանձնեց Խոժոռնի բերդաքաղաքը և ըստ էության նաև Տաշիր-Ձորագետի թագավորության սպարապետության գործակալությունը:
Զաքարյանների վաղ շրջանի գործունեությունից շատ քիչ բան է հայտնի: Գիտենք միայն նրանց մի նախնու` Խոսրովի (Խոսրովիկ) մասին, որի գերեզմանը գտնվում է Հաղպատավանքի զանգակատան դիմաց, այսօր շատերն այն սխալմամբ համարում են Խոսրովանուշ թագուհու գերեզմանը:
1118 թ. Լոռվա թագավորությունը կործանվեց վրաց Դավիթ Դ Շինարար թագավորի հարվածներից: Զաքարյանները դրանից հետո ծառայության անցան վրաց արքունիքում և համարվում էին Լոռիին տիրացած Օրբելիների վասալները:
1177-1178 թթ. վրաց արքայազն Դեմետրեն ապստամբում է Գեորգի Գ թագավորի դեմ, որն անօրինաբար տիրացել էր վրաց գահին և զրկել Դեմետրեին հայրական թագից: Ապստամբության առաջամարտիկը ռազմատենչ ու հզոր Օրբելիների տոհմն էր, որի բանակում կռվում էին նաև Զաքարյանները (Սարգիս Զաքարյան) հայկական զորագնդերով: Սակայն պատերազմի վճռական պահին Սարգիս Զաքարյանը հայոց զորաբանակով անցավ Գեորգի Գ արքայի կողմը, ինչն էլ վճռեց պատերազմի ելքը: Հաղթանակից հետո Գեորգի Գ վարձահատույց եղավ Սարգիս Զաքարյանին: Նրան դասեց վրաց բարձր կարգի ազնվականության շարքը, Զաքարյաններին որպես հայրական ժառանգություն հանձնեց Օրբելիներից խլած Լոռին, Սարգիս Զաքարյանին կարգեց վրաց զորքերի ամիրսպասալար-սպարապետ:
Սարգիս Զաքարյանի մահից հետո կարճ ժամանակ անց` 1192 թ., վրաց պետության սպարապետությունը ստանձնեց նրա ավագ որդին` Զաքարե Զաքարյանը, որի անվան հետ է կապված ոչ միայն Հայաստանի ազատագրումը սելջուկյան լծից, այլև վրաց պետության փառքը:
Զաքարե Զաքարյանը եղբոր` Իվանե (Հովհաննես) Զաքարյանի հետ վերակազմավորեց հայոց բանակը, բարձրացրեց նաև վրաց բանակի մարտունակությունն ու ձեռնամուխ եղավ Հայաստանի ազատագրման սուրբ գործին:
Զաքարեի և Իվանեի հրամանատարությամբ հայկական բանակները սկսում են իրենց հաղթարշավը: 1190-1207 թթ. ընթացքում քաջարի եղբայրների հրամանատարությամբ ազատագրվում է ողջ Արևելյան և Կենտրոնական Հայաստանը` Անին, Կարսը, Դվինը, Նախճավանը, Բագրևանդը, Արճեշը, Մանազկերտը, Բասենը, Ղազվինը…
Զաքարե Զաքարյանը սրանով հիմք դրեց հայոց նոր պետականության` Զաքարյանների թագավորության: Այո, հենց թագավորության, քանզի նա վիմագիր արձանագրություններում և պատմիչների աշխատություններում կոչվում է արքա հայոց, կեսար, թագավոր, նմանատիպ այլ տիտղոսներով, որ ամենևին չափազանցություն չէր Զաքարեի դիրքի և ազդեցության համեմատ:
Զաքարյանների պետության կարգավիճակի հարցը պատմաբանների մոտ մինչ այժմ վեճերի տեղիք է տալիս: Սակայն այն, որ Զաքարյանների պետությունը հենց թագավորություն էր, ակնառու է:
961 թ., երբ Աշոտ Գ Ողորմած արքան հայոց մայրաքաղաքը Կարսից տեղափոխեց Անի, Հայաստանում կատարեց պատմության մեջ նախադեպը չունեցող վարչական բարեփոխումներ: Հայաստանը դարձավ աշխարհում առաջին դաշնային պետությունը. մի քանի թագավորություններ (այդ թվում` վրաց Բագրատունիների թագավորությունը) միավորվեցին հայոց միասնական պետության մեջ` համադաշնության սկզբունքով, որի գերագահը Անիի Բագրատունիներն էին: Անիի թագավորության կործանումից շատ չանցած` պետական այդ մոդելը կիրառեցին վրաց Բագրատունիները, վրաց թագավորությունը բաղկացած էր յոթ առանձին թագավորություններից, որոնցից մեկը Սոմխեթն էր` հայոց երկիրը: Զաքարյանները ոչ միայն հասան Հայաստանի ամբողջական անկախությանը, քանզի հարկ չէին վճարում վրաց Բագրատունիներին, այլև իրենց ձեռքը վերցրին վրաց պետության կառավարման բոլոր լծակները: Վրաց արքունիքի հինգ կարևորագույն գործակալություններից չորսը Զաքարյան տոհմի ձեռքում էր:
Այլ հարց է, որ Զաքարյան Հայաստանի պաշտոնական անունը Հայոց թագավորություն չէր: Պատմիչներն այդ ժամանակամիջոցում Հայաստանն անվանում էին Արևելից երկիր, Արևելյան կողմ հայոց և նման այլ արտահայտություններով, քանզի Հայոց թագավորություն կոչվում էր Կիլիկիայի հայոց թագավորությունը, որի գահակալներն էլ իրենց հերթին ունեին Հայոց թագավոր տիտղոսը:
Առհասարակ, Զաքարե Զաքարյանը սերտ կապերի մեջ էր Կիլիկիայի թագավորության հզորագույն գահակալ Լևոն Բ Մեծագործի հետ: Նրանց նպատակը Հայաստանի և Կիլիկիայի միավորումն էր: Սակայն այդ գործին խանգարեց Խլաթի պաշարման ժամանակ Իվանե Զաքարյանի անփութությունը: Խլաթի էմիրությունն էր միայն բաժանում երկու հայոց պետությունները, և Զաքարյանները մեծ բանակով պաշարեցին հնամենի հայոց քաղաքը: Բայց պաշարման ժամանակ Իվանե Զաքարյանը անզգուշորեն գերվեց: Զաքարեն ստիպված էր զիջումների գնալ: Նա չգրավեց Խլաթը, այլ Խլաթի էմիրության պահպանման գնով ազատեց եղբորը, իր դուստր Թամարին (հետագայում Արևելքում հայտնի Թամթա խանումը) կնության տվեց Խլաթի էմիրի որդուն, և երկու երկրների միջև բարեկամական հարաբերություններ հաստատվեցին:
Զաքարեն սուր էր ճոճում ոչ միայն հանուն հայրենիքի, այլև հանուն պատվի:
1204 թ. Թիֆլիսում` վրաց արքունիքում, Թամար թագուհու և վրաց պետության ողջ ազնվականության ներկայությամբ Իկոնիայի սուլթանի դեսպանի ընդունելություն էր:
Դեսպանը Թամարին է փոխանցում սուլթանի ուղերձը, որ հոխորտում էր, թե քարուքանդ կանի վրաց տունը, հարկեր էր պահանջում և վերջում ավելացնում. «Եթե Թամարը հարկ կհամարի իսլամ ընդունել, կլինի իմ սուլթանի առաջին տիկինը, եթե կցանկանա մնալ քրիստոնյա, ապա կզարդարի սուլթանի հարեմը»:
Քար լռություն է տիրում. ոչ ոք սիրտ չի անում արժանավայել պատասխան տալ դեսպանին: Միայն Զաքարեն է ոտքի կանգնում, հարվածում լկտի դեսպանի դեմքին, որը ուշագնաց է լինում: Երբ դեսպանին ուշքի են բերում, Զաքարե Զաքարյանն ասում է.
-Նախ հարկ էր լեզուդ կտրել, ապա և գլուխդ, բայց քանի որ դեսպան ես` խնայում եմ քեզ: Գնա, ասա տիրոջդ, որ Զաքարեն սրով կտա իր պատասխանը:
Եվ հայոց զինավառ բանակը արշավելով արևմուտք` Բասենի ճակատամարտում իսպառ ջախջախում է Իկոնիայի սուլթանության զորքերին:
Հատկանշական է Զաքարեի ձեռնարկած արշավանքը Արդաբիլի վրա: 1209 թ. գարնանը հայոց բանակը և ազնվականությունը գտնվում էին Թիֆլիսում` վրաց արքունիքի հետ համատեղ Զատիկ էին նշում, երբ Արդաբիլի սուլթանը գողեգող հարձակվեց Անիի վրա, գրավեց անպաշտպան քաղաքը, եկեղեցիներում այրել տվեց 12000 հայերի ու փախավ:
Զաքարեն, վերադառնալով Թիֆլիսից, պատերազմ հայտարարեց Արդաբիլի սուլթանին և բացեիբաց հայտնեց նրան իր ռազմական գիծը, թե երբ և որքան զորքով կլինի Արդաբիլի պարիսպների տակ:
Գրավելով Արդաբիլը` նա հրամայեց քաղաքը ավերի ու կողոպուտի ենթարկել, մզկիթներում այրել 12000 իշխանավոր-ազնվականների:
Զաքարեն հայոց նորաթուխ պետության մեջ վարչական բարեփոխումներ իրականացրեց: Նա, սակայն, չկիրառեց Բագրատունյաց թագավորության կենտրոնախույս մոդելը: Երկիրը բաժանեց առանձին ռազմական միավորումների` կողմնակալությունների, որոնց վրա կառավարիչ-զորապետներ կարգեց իր աչքի ընկած զորավարներից: Հայաստանում Արշակունյաց և Բագրատունյաց շրջանների նախարարական տների փոխարեն առաջնային տեղեր զբաղեցրին Վաչուտյանները, Օրբելյանները, Պռոշյանները, Խաչենի իշխանները:
XIII դարում Հայաստանում, հատկապես հյուսիսային մասում` Լոռիում, հայ-քաղկեդոնական հոծ համայնք կար, և հաճախ էին կրոնական սուր վեճեր ու ընդհարումներ լինում հայ առաքելականների և հայ քաղկեդոնականների, ինչպես նաև հայ և վրաց հոգևորականների միջև: Կրոնական հարցերը քննարկելու և լարվածությունը վերացնելու նպատակով Զաքարե Զաքարյանը նախ Լոռիում 1205 թ., ապա և Անիում 1207 թ. եկեղեցական ժողովներ գումարեց:
Սակայն հայ կղերականների կոշտ դիրքորոշման պատճառով` Զաքարեի վարած կրոնական հանդուրժողական քաղաքականությունը տապալվեց, դա հետագայում պակաս դեր չխաղաց Զաքարյան Հայաստանի կործանման գործում:
Մեծ զորավարն ու արքան մահացավ 1212 թ. ու թաղվեց տոհմական դամբարանում` Սանահինի վանքում:
Նախագահը ներկա է գտնվել նետաձգության Եվրոպայի 21-րդ առաջնության բացման արարողությանը
ՀՀ բնապահպանության նախարարությունը կայացրել է վարչական տուգանքի որոշումներ
ՀՀ բնապահպանության նախարարությունը՝ բնապահպանական նորմերի խախտման դեպքերի քննության արդյունքում կայացրել է 1.54մլն.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշումներ
ՀՀ բնապահպանության նախարարության՝ 14–18.07.2014թ. ժամանակահատվածում իրականացրած միջոցառումների և Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 1.54մլն.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 23 որոշում և հաշվարկվել է 1.49մլն.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Մասնավորապես՝ Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատումների երեք գործերի քննության արդյունքում ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 150.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի երեք որոշում, իսկ բաժնի կողմից հայտնաբերված խախտման երեք դեպքի համար ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 150.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշումներ և հաշվարկվել է 665.0 հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից մեկ տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված ջրերի պահպանության նորմերի խախտման համար կայացվել է 200.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:
Սյունիքի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերված նույնատիպ դեպքի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 199.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերված հողերի պահպանության նորմերի խախտման համար կայացվել է 30.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:
Կենսապաշարների, հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 40.
ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն այցելել է «Ջրվեժ» անտառապարկ
ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն աշխատանքային այց է կատարել ՀՀ ԲՆ «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի «Ջրվեժ» անտառապարկ: Անտառապարկում տիրող իրավիճակին տեղում ծանոթանալուց հետո, ՊՈԱԿ-ի աշխատակիցների հետ հանդիպման ընթացքում նախարարը նշել է. ««Ջրվեժ» անտառապարկը մոտ է մայրաքաղաքին և պահպանության ու խնամքի անհրաժեշտ աշխատանքները պատշաճ իրականացնելու պարագայում այն կարող է գրավիչ վայր դառնալ թե այցելուների, թե բնապահպանական ներդրումային ծրագրեր իրականացնելու համար: Այնուամենայնիվ, այստեղ ես տեսնում եմ բազմաթիվ խնդիրներ տարածքի պահպանության իրականացման, վարձակալված տարածքներում տիրող իրավիճակի և հարակից շրջանների բնակչության հետ կապված: Սրանք լուծելի խնդիրներ են, որոնք կամք և հետևողական մոտեցումներ են պահանջում»:
Շնորհակալություն հայտնելով աշխատակիցներին` դժվարին պայմաններում աշխատանքներ իրականացնելու համար, Արամայիս Գրիգորյանը հորդորել է վերջիններիս լինել առավել ուշադիր, մշակել և նախարարությանը ներկայացնել ծրագրեր «Ջրվեժ» անտառապարկն իր բացառիկ և անհետացող բուսատեսակներով պատշաճ կերպով պահպանելու և որակական նոր մակարդակի հասցնելու նպատակով:
Այցի ավարտին նախարարը խիստ հանձնարարականներ է տվել ՊՈԱԿ-ի տնօրինությանը` նշելով, որ շատ մոտ ապագայում ակնկալում է որակական լուրջ փոփոխություններ, որոնց անձամբ հետևելու է հետագա այցելությունների ընթացքում:
Տարոն Մարգարյանը հանձնարարել է ուժեղացնել հսկողությունը սանմաքրման աշխատանքների նկատմամբ
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցությանը Զեկուցվել է, որ շարունակվում է հսկողությունը մայրաքաղաքի փողոցների, մայթերի և այգիների սանիտարական մաքրման, մասնավորապես, հանգստյան օրերին իրականացվող աշխատանքների ուղղությամբ: Զուգահեռ, ըստ անհրաժեշտության, շարունակվում են նաև աղբամանների տեղադրման աշխատանքները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանների ղեկավարներին խստորեն հանձնարարել է վերահսկել սանմաքրման ձեռնարկությունների կողմից կազմակերպվող աշխատանքներն ու ձեռնարկել համապատասխան քայլեր:
«Մայրաքաղաքում մաքրության ապահովման ուղղությամբ իրականացվող աշխատանքները նկատելի են, սակայն ոչ բավարար: Այստեղ մեր մոտեցումն ու դիրքորոշումը պետք է լինի առավել կոշտ: Հրավիրեք սանմաքրման կազմակերպությունների պատասխանատուներին և պահանջեք աշխատանքների պատշաճ կազմակերպում: Ի դեպ, տեղեկացնեմ, որ քաղաքապետարանն այսօր ակտիվ բանակցություններ է տանում մայրաքաղաքում աղբի վերամշակման գործարան հիմնելու ուղղությամբ և մինչև տարեվերջ, կարծում եմ, բանակցություններն ըստ ամենայնի ավարտված կլինեն, և արդեն հաջորդ տարի այս ուղղությամբ կիրականացնենք առավել կոնկրետ քայլեր, որոնց շնորհիվ առաջիկա տարիներին քրոնիկ այս խնդիրը ևս կվերանա մայրաքաղաքում»,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետն անդրադարձել է նաև վերջին շրջանում բնակիչների կողմից համատիրությունների աշխատանքների կազմակերպման հետ կապված դժգոհություններին և հանձնարարել է հատուկ հսկողություն սահմանել այդ աշխատանքների նկատմամբ: Բացի այդ, Տարոն Մարգարյանը պատասխանատուներին նաև հանձնարարել է բնակիչների հետ միասին քննարկել և, անհրաժեշտության դեպքում, վերանայել համատիրությունների նախագահների հետագա աշխատանքի նպատակահարմարությունը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
«Օպել»-ը բախվել է շենքի պատին
«Լավագույն մարզական ընտանիք-2014»-ի երևանյան փուլի հաղթողները մեկնել են Ծաղկաձոր
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Լավագույն մարզական ընտանիք-2014» հանրապետական մրցույթի երևանյան փուլի հաղթող 12 ընտանիքների հետ, ովքեր հուլիսի 21-27-ը Ծաղկաձորում կմասնակցեն ՀՀ նախագահի «Լավագույն մարզական ընտանիք» ամենամյա մրցանակի այս տարվա հանրապետական մրցույթի եզրափակիչ փուլին։ Մարզական նորանոր ձեռքբերումներ մաղթելով երևանյան թիմի անդամներին, քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանը մշտապես սատարելու է ինչպես այս, այնպես էլ մյուս մարզական միջոցառումների պատշաճ կազմակերպմանն ու անցկացմանը: Երևանը ներկայացնող պատվիրակության անդամներն էլ իրենց հերթին Երևանի քաղաքապետին զեկուցել են, որ մայրաքաղաքի թիմը գտնվում է լավ մարզավիճակում և ամեն ինչ կանի Երևանի մարզական պատիվը հերթական անգամ բարձր պահելու համար:
Հարկ է նշել, որ այս տարի առաջին անգամ թիմերը ուժերը կչափեն նաև հրաձգություն մարզաձևում: Եզրափակիչ փուլում առաջին անգամ Երևան քաղաքը կներկայացնեն հաշմանդամություն ունեցող անձանց հինգ ընտանիքներ։ Չարենցավանից և Վարդենիսից հաշմանդամություն ունեցող ևս մեկական ընտանիք հանդես կգան Երևանի մարզական պատվիրակության կազմում:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման նոր տեսախցիկներ Երևան քաղաքի մի շարք խաչմերուկներում
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկների տեղադրման աշխատանքները:
Մասնավորապես, 2014 թվականի հուլիսի 28-ից գործարկվելու են Երևան քաղաքի հետևյալ խաչմերուկներում տեղադրված երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկները.
1.Սայաթ-Նովա փողոց-Չարենցի փողոց,
2.Վարդանանց փողոց-Նար-Դոսի փողոց,
3.Հր. Քոչար փողոց-Գուլբենկյան փողոց,
4.Արցախի փողոց-Էրեբունու փողոց,
5.Հալաբյան փողոց-Աբելյան փողոց,
6.Բաբաջանյան փողոց-Անդրանիկի փողոց,
7.Աճառյան փողոց-Ծարավ Աղբյուրի փողոց,
8.Սեբաստիա փողոց-Շահումյան փողոց,
9.Փափազյան փողոց-Խաչատրյան փողոց,
10.Հալաբյան փողոց-Էստոնական փողոց:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հուլիսի 19-ից 21-ը)
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 19-ից 21-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 50 դեպքից բացահայտվել է 35-ը, խարդախության` 10, խուլիգանության՝ 4 և յուրացման 2 դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է նաև գողության 12 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու՝ 3, գողության՝ 2 և կողոպուտի 1 դեպք:
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 27 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 37-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Վարորդը վրաերթի ենթարկված կնոջը տեղափոխել է հիվանդանոց
Հարձակում Թբիլիսիի հայկական եկեղեցու վրա
2014 թվականի հուլիսի 19-ին, երեկոյան ժամը 17:00-ի սահմաններում, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում, ազգային և կրոնական ատելությամբ դրդված, իրականացվել է ծրագրված հարձակում Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգևոր դասի, թեմի պաշտոնեության և հավատացյալների վրա:
Նույն օրը, կեսօրին ոմն վրացուհի եկեղեցու պարսպի մոտ կայանել է իր մեքենան և չի կարողացել այն դուրս բերել՝ խոչընդոտող այլ մեքենաների պատճառով: Նրան օգնություն են առաջարկել Հայ Եկեղեցու հոգևորականը և թեմի պաշտոնյաները: Սակայն կինը մերժել և զանգահարել է իր մտերիմներին, ովքեր գալով, եկեղեցու բակի մոտ օգնել են դուրս բերել մեքենան՝ միաժամանակ ազգային բնույթի հայհոյանքներ տալով հայ հոգևորականի և Առաջնորդարանի պաշտոնեության հասցեին: Եկեղեցու աշխատակիցներից մի քանիսը մոտեցել են, որ կարգի հրավիրեն նրանց, սակայն վերոնշյալները շարունակել են իրենց խուլիգանական պահվածքը և նույնիսկ հարվածել եկեղեցու պաշտոնյային, ինչն էլ պատճառ է դարձել ծեծկռտուքի: Կարճ ժամանակ անց երկու կողմերն էլ հեռացել են:
Երեկոյան կողմ նույն խումբը, հավաքագրելով մոտ 50 հոգի, հարձակվել են եկեղեցու առջև կանգնած Տեր Մանուկ քահանա Զեյնալյանի, թեմի Իրավական հարցերով և համագործակցության բաժնի տնօրեն Լևոն Իսախանյանի և տնտեսվար Ռոբերտ Իսախանյանի վրա և դաժանորեն ծեծել նրանց՝ մարմնական վնասվածքներ հասցնելով հոգևորականներին և Առաջնորդարանի աշխատակիցներին: Հարձակվողները պոկել են հոգևորականներից մեկի լանջախաչը և վերցրել են իրենց հետ:
Այդ պահին եկեղեցուց դուրս են եկել մկրտության արարողության մասնակիցներ, ովքեր փորձել են կարգի հրավիրել հարձակվող ամբոխին, սակայն եկեղեցու դեմ հարձակվողներն այս անգամ ուժ են կիրառել նաև մկրտության եկած ժողովրդի վրա, որոնց մեջ եղել են կանայք և երեխաներ, ովքեր այդ տեսարանից երկյուղած, նորից ետ՝ եկեղեցի են մտել: Այդ դաժան տեսարանները նկարահանվել են «Հայարտան» դիտարկող տեսախցիկներով: Մինչև ոստիկանների մոտենալը, Առաջնորդարանի վարչատնտեսական բաժնի տնօրեն Կարեն Երիցյանը իրեն ամրակցված օրինական զենքից մի քանի անգամ կրակել է օդ և հանդարտեցրել կռվողներին:
Այս պահի դրությամբ քրեական գործ է հարուցվել և ընթանում է քննություն: Բավական լուրջ վնասվածքներ է ստացել Լևոն Իսախանյանը, ում տրվել է դատաբժշկական ուղեգիր:
Ականատեսները պատմում են, թե հարձակվող ամբոխը ինչպիսի ազգային ատելությամբ է լցված եղել հայության հանդեպ: Նրանցից ոմանք եղել են ալկոհոլի և թմրադեղերի ազդեցության տակ: Ականատեսները վկայում են, որ եկեղեցու վրա հարձակված 50-հոգանոց ամբոխին ղեկավարում էին թանկարժեք մեքենաներով և վայելուչ հագուկապով այրեր: Այս ամենը Վրաստանի շատ եկեղեցիներում, երբեմն նաև լրատվությամբ, կենցաղային մակարդակով Հայ Եկեղեցու և ընդհանրապես հայութան հանդեպ սերմանվող ատելության արդյունք է:
Մենք բարձր ենք գնահատում Վրաստանի ներքին կայունությունը, այս երկրում բազմադարյա միջազգային և միջկրոնական հարաբերությունները և կոչ ենք անում Վրաստանի իրավապահ մարմիններին համապատասխանաբար գնահատել տվյալ գործողությունները և հետաքննել դրանք՝ որպես կրոնական և ազգային հողի վրա իրականացված հանցագործություն, ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ Վրաստանում ազգային և կրոնական նշաններով ցանկացած պառակտում կանխելու նպատակով:
Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմ
Հակառակորդի կրակոցի պատճառով Մովսեսում քիչ առաջ դադարեցրել են հացահատիկի հունձը,լրացված
Քիչ առաջ Անկախի թղթակցին հայտնի է դարձել, որ հակառակորդը կրակ է բացել Մովսես գյուղի հացահատիկի դաշտում աշխատող կոմբայնի ուղղությամբ: Մովսեսի գյուղապետ Արարարատ Ավալյանի խոսքով` ցորենի` 10-15 հա ցանքատարածությունը գտնվում է հայ-ադրբեջանական սահմանի մոտ` ամենավտանգավոր մասում< Ճոճեր> կոչվող տարածքում: Այդտեղ ցորեն են ցանել Մովսես գյուղի մոտ 20 տնտեսություն: Մովսեսում հացահատիկի բերքահավաքը սկսվել է այսօր, մինչև այդ ինչպես Չինարիի, այնպես էլ Մովսեսի գյուղապետերը նամակ են գրել Կարմիր խաչի գրասենյակին բերքահավաքի անվտանգ կազմակերպումն ապահովելու նպատակաով: Կարմիր խաչի ներկայացուցիչները կայցելեն սահմանամերձ տարածաշրջան հուլիսի 25-ին: Իսկ այս պահին Մովսեսում կոմբայնավարը կրակահերթի պատճառով դադարեցրել է աշխատանքները,մեր տեղեկություններով տուժածներ չկան:
Մովսես գյուղի հացահատիկի դաշտից րոպեներ առաջ դուրս է բերվել գնդակոծված կոմբայնը: Կոմբայնավար Արթուր Վարդանյանը Անկախի թղթակցին տեղեկացրեց, որ արտը սկսել են հնձել առավոտյան 8:30-ից: <1,5 հա հնձել էինք , ժամը 15:30-ի կողմերն էր, ադրբեջանցիները սկսեցին կրակել կոմբայնի ուղղությամբ: Մի 10, 15 հոգի էինք, ես ու ևս մեկ կոմբայնավար և 10, 15 հոգի էլ արտի տերերն էին, թողել , փախել ենք: Հենց մութն ընկավ, գնացինք կոմբայնը հանեցինք դաշտից, ահագին վնասել են, բայց վնասները բացահայտ կեևան առավոտյան: Մի բեռնատար մեքենա էլ ա մնացել դաշտում, փորձում ենք դա էլ հանենք>: Ի դեպ հակառակորդն այսօր գնդակոծել է այն կոմբայնը, որը հուլիսի 15-ին Մովսեսը նվեր է ստացել կառավարությունից:
«Երևանյան ամառ» ծրագրի շրջանակում Կարապի լճի տարածքում անցկացվել է ձմերուկային փառատոն,լուսանկարներ
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ երկրորդ տարին անընդմեջ Կարապի լճի հարակից տարածքում անցկացվել է «Ձմերուկի» փառատոնը: Միջոցառումը կազմակերպվել է «Երևանյան ամառ 2014» ծրագրով:
Ձմերուկ ձևավորելու յուրօրինակ տարբերակներ են առաջարկել ֆուրշետային ընկերությունները: Քարվինգի մասնագետների ինքնատիպ աշխատանքներն անցորդներին անտարբեր չեն թողել, և վերջիններս շտապել են լուսանկարել ու հետաքրքվել արվեստի այս գաղտնիքներով: Ի դեպ, աշխատանքներում ներկայացվել են նաև երևանյան ձևավորման մաս հանդիսացող խորհրդանիշները:
Միջոցառման ընթացքում կազմակերպվել են նաև խաղ-մրցույթներ, որոնց աշխուժորեն մասնակցել և միմյանց հետ են մրցել պատանիները, երիտասարդներն ու մեծերը:
Երևանցիները և մայրաքաղաքի հյուրերը հնարավորություն են ունեցել տաղավարներում կազմակերպված հյուրասիրությամբ ձմերուկ համտեսելու սիրված երգիչ-երգիչների, դերասանների ու հաղորդավարների մատուցմամբ:
Երեկոյան Կարապի լճի տարածք է այցելել և փառատոնին միացել նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Զրուցելով երևանցիների հետ, ովքեր շտապել են իրենց շնորհակալությունը հայտնել քաղաքապետին՝ միջոցառումը կազմակերպելու և մայրաքաղաքում ամառային այս օրերն առավել հետաքրիր դարձնելու համար, Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ «Երևանյան ամառ» ծրագրով ամռան ամբողջ ընթացքում վարչական շրջաններում կազմակերպվելու են տարբեր միջոցառումներ՝ այդկերպ ապահովելով մայրաքաղաքում հանգիստն անցկացնող երևանցիների ու Երևանի հյուրերի հետաքրքիր ժամանցը:
«Ձմերուկի» փառատոնը շարունակվել է մինչև ուշ երեկո և ուղեկցվել համերգային ծրագրով, իսկ այնուհետ՝ եզրակափվել դիսկոտեկով:



