ՄԵՆՈՒԱ

մենուա«Կորովի, հաղթող, ընդարձակ ձեռնարկությունների, մեծագործությունների մարդ էր նա և աշխարհակալ թագավոր»

Լեո 

Վանի Արարատյան թագավորությունը, որ պայքարում էր Արևելքում գերիշխանության հասնելու համար, իր վերելքը սկսեց Մենուա արքայի գահակալման տարիներին:

Մենուան թագավորել է մ.թ.ա.  810-786 թթ., սակայն մինչ այդ նա հոր` Իշպուինի արքայի (մ.թ.ա. 825-810) գահակիցն էր:

Իշպուինին հորից` Սարդուրի Ա (մ.թ.ա.  835-825) արքայից ժառանգել էր հզորության ուղին բռնող փոքրիկ թագավորություն: Նա գործուն քայլեր ձեռնարկեց Հայաստանի միավորման համար: Եվ ահա նրա թագավորության օրոք հայոց արքան ու գահաժառանգ Մենուան մի քանի նշանակալից ռազմերթ են իրականացնում` մեծացնելով իրենց թագավորության սահմանները: Մասնավորապես` Վանի Արարատյան թագավորության զորքերն արշավանքներ են ձեռնարկում երկրի հարավարևելյան ուղղությամբ և այդ երկրները միավորում հայոց թագավորությանը: Վանի թագավորությունը սահմանակից է դառնում Մանա և Բարրշուա երկրներին, միաժամանակ ահեղ Ասորեստանին` արևելյան կողմից: Դա արդեն լուրջ մարտահրավեր էր Ասորեստանի թագավորությանը, քանզի այդ քայլով հայոց պետությունն իր վերահսկողությունն էր սահմանում արևելք ձգվող առևտրական մայրուղիների վրա:

Սակայն Իշպուինիի թագավորության ժամանակաշրջանում Ասորեստանը, որ տարված էր ներքին երկպառակությունների խնդիրներով, այդպես էլ չկարողացավ հակադարձել հայոց առաջխաղացմանը:

Երբ հոր մահից հետո հայոց գահին միանձնյա տիրում է Մենուա թագավորը, նա շատ ավելի ակտիվ արտաքին քաղաքականություն է վարում:

Սակայն մինչ արտաքին նվաճումների գնալը, ապահովելով իր երկիրը ներսից, Մենուան բազում ամրոցներ ու բերդեր կառուցեց Հայաստանի տարբեր շրջաններում: Հայտնի են նրա կառուցած ամրությունները թե՛ Վանա լճի շրջանում, թե՛ Կարինի դաշտում, թե՛ Արածանի և Արաքս գետերի ավազաններում: Բացի Մենուախինիլիից, հայոց հզոր այս արքան ներկայիս Երևանի տարածքում հիմնադրեց Արին բերդը, որ իր ժամանակաշրջանի հզոր ու անառիկ բերդ-ամրոցներից էր:

Այս ամրությունները նա բնակավայրերով շրջապատեց` փաստորեն դրանք դարձնելով բերդաքաղաքներ, ինչպես նաև նրանց մեջ հոգևոր կենտրոններ` հայոց աստվածների տաճարներ կանգնեցրեց: Դրանք զարդարեց որմնանկարներով` աստվածների պատկերներով, ռազմի տեսարաններով…

Մենուան նաև կրոնական բարեփոխումներ իրականացրեց երկրում, ինչի շնորհիվ վերջնականապես ձևավորվեց հայոց աստվածների դիցարանը: Մենուա թագավորը կարգավորեց հայոց տոնացույցը. Համաձայն պահպանված արձանագրությունների`  նա հայոց երկրում տոնակատարություններ, խաղեր ու մրցումներ էր կազմակերպում, ինչը, իրավամբ, Նավասարդյան խաղերի մասին մեզ հասած հնագույն վկայությունն է:

Այս ամենից հետո նա անցավ Հայկական լեռնաշխարհի միավորմանը:

Արշավանք ձեռնարկեց դեպի հյուսիս և հասավ Կարսի շրջան ու Ճորոխ գետի ավազան: Ապա շարժվելով դեպի հյուսիս-արևելք` հասավ Արարատի հյուսիսային փեշերը` շրջանը միավորելով իր թագավորությանն ու այնտեղ` Արաքսի աջ ափին, հիմնադրելով Մենուախինիլի քաղաքը: Ճիշտ է, Վան-Տուշպայի կառուցողը Սարդուրի Ա հայոց արքան էր` Մենուա Ա-ի պապը, սակայն Մենուան քաղաքում բազմաթիվ գեղեցիկ շինություններ հիմնեց` կառուցապատելով քաղաքը: Հնագիտական պեղումները փաստում են, որ հենց Մենուա արքայի օրոք Վանը շենացավ, ծաղկեց ու վերջնականապես ձևավորվեց որպես քաղաք: Նա ավարտին հասցրեց Տուշպայի պաշտպանական համակարգը:

Սակայն Մենուայի քաղաքաշինական ձեռնարկներից կարևորագույնը, ինչ խոսք, Մանազկերտի կառուցումն էր: Այն Վանա լճի հյուսիսում հզոր ու ամուր քաղաք էր և մինչև միջնադար` շուրջ երկու հազարամյակ, կարևոր դեր ունեցավ հայոց պատմության մեջ: Ճիշտ է, հայոց ավանդույթը պատմում է, որ Մանազկերտ քաղաքը հիմնել է Հայկ նահապետի ժառանգներից Մանավազը մ.թ.ա.  2020 թ., սակայն Մենուան այնտեղ այնպիսի մեծ ձեռնարկումներ կատարեց, որ, իրավամբ, նրան կարելի է համարել Մանազկերտի շինարարության համահեղինակ, ինչը վկայում են բազում շինարարական արձանագրություններ, որ հայտնաբերվել են Մանազկերտում:

Ապա Մենուա արքան անցավ նվաճումների և  ազատագրեց Դիաուխի (Տայք), Էթիունի, Էրիկուախի երկրները և ամրապնդեց Վանի թագավորության դիրքերը հյուսիսում:

Հաստատվելով հյուսիսում` Մենուա արքան իր սուրն ուղղեց դեպի արևմուտք և արշավանքներ ձեռնարկելով` ազատագրեց ու իր տերությանը միավորեց Ծուփանիու (Ծոփք), Ալզիի (Աղձնիք), Մելետայի (Մալաթիա) երկրները:

Ամրապնդելով իր տերության սահմանները հյուսիսում, արևելքում և արևմուտքում` նա արշավանքներ ձեռնարկեց նաև դեպի հարավ` Արարատյան թագավորության սահմանները հասցնելով Ասորեստանի սահմաններին, քանզի հայոց արքան արագ ռազմերթով նվաճեց Ասորեստանին սահմանակից բոլոր երկրները: Եթե մինչ Մենուայի թագավորությունը հայ-ասորական պատերազմների ժամանակ Հայաստանը միշտ պաշտպանական պատերազմ էր մղում, Մենուայից սկսած` հայոց բանակը նախահարձակ է լինում և Մենուայի տիրապետության տակ միավորում շատ հայկական երկրամասեր: Ավարտելով իր արշավանքը հարավում` Մենուան զորքով անցավ Եփրատն ու իրեն ենթարկեց Մելետինեի խեթական թագավորությունը` պատմության ասպարեզից վերացնելով այն:

Մենուա արքան մեծ բարեփոխիչ էր: Նա ողջ երկիրը ծաղկացրեց: Վանի թագավորության ողջ տարածքով ոռոգման կայուն ցանց ստեղծեց` զարկ տալով գյուղատնտեսությանը:

Նրա կառուցած 72 կմ երկարությամբ ջրանցքը (Շամիրամի առու) մինչ այժմ աշխարհում գործող ամենաերկար ու ամենահին ջրանցքն է, որ ջուր է մատակարարում Վանին Մժնկերտի ժայռի աղբյուրից` Խոշաբ գետից: Ջրանցքի կառուցման հետ կապված` մեզ է հասել Մենուա արքայի թողած 14 արձանագրություն, որոնցում հայոց թագավորը հայոց աստվածների զորությամբ սպառնում է այն անձանց, որոնք կփչացնեն արձանագրությունները և իրենց կվերագրեն այս հրաշալի կառույցի շինարարությունը: Բայց պատմությունը անողոք և անարդար է: Հազարամյակներ ի վեր ժողովուրդն այս ջրանցքը կոչեց Ասորեստանի Շամիրամ թագուհու անունով…

Նա ջրանցքներ անցկացրեց նաև իր թագավորության մյուս շրջաններում,

այգիներով պատեց ողջ հայոց աշխարհը:

Արտամետ գյուղի մոտակայքում նա մեծ ու գեղեցիկ այգի հիմնեց, որ կոչեց իր դստեր անունով` Թարիրիախինելե, քանզի Թարիրիա էր թե՛ հայոց թագուհու, թե՛ հայոց արքայադստեր անունը: Սա վանեցիների ամենասիրած վայրերից էր, ուր մինչև հայոց ցեղասպանությունը շատերն էին ուխտի գնում:

Մենուա արքան պատմության մեջ մտավ ոչ միայն որպես հզոր տիրակալ, բարենորոգիչ ու հմուտ զորավար: Վանում հայտնաբերված մի արձանագրություն փաստում է, որ թագավորն իր Արծիբի (Արծիվ) անվամբ ձիով մրցույթի ժամանակ ցատկել է 22 կանգուն` մոտ 11.4 մետր: Սա մինչ օրս չգերազանցված ռեկորդ է համաշխարհային պատմության մեջ:

Վահե Անթանեսյան

 

 

Դեկտեմբերի 10-ը Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն է

մարդու իրավունք«Մենք աշխատում ենք զոհերի հետ, բայց չունենք զենք, որը պետք է այդ օրենքը լինի»,- այս մասին այսօր «Մեդիա կենտրոնում» անցկացված քննարկման ժամանակ ասաց «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ի ծրագրերի պատասխանատու  Հասմիկ Գևորգյանը:

Այս տարի կոալիցիան Գենդերային բռնության դեմ 16-օրյակի գրեթե բոլոր միջոցառումների հիմքում ևս դրել էր Ընտանեկան բռնության մասին օրենքի ընդունման կարևորությունը:

«Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Անուշ Խաչատրյանը տեղեկացրեց, որ այժմ իրավաբանների խումբն օրենքի նախագիծը համապատասխանեցնում է Սահմանադրությանը և մյուս օրենքներին: Մինչ այդ Արդարադատության նախարարությունն առկախել է օրենքի ընդունումը՝ Սահմանադրությանը հակասող համարելով նախագծի այն դրույթը, որը հնարավորություն է տալիս բռնարար ամուսնուն հեռացնել տնից, մինչ իրավապահները որոշեն խնդրի լուծումը:

Նախարարությունը համարում է, որ այդպիսով խախտվում է սեփականատիրոջ իրավունքը: «Կանանց իրավունքների կենտրոն» ՀԿ-ի նախագահ, կոալիցիայի անդամ Սուսաննա Վարդանյանը համամիտ չէ.

«Մենք նրան դիտարկում ենք որպես բռնարար, ոչ թե սեփականատեր: Ընդ որում, մենք առաջարկում էինք նրան հեռացնել ժամանակավոր»:

Կոալիցիայի անդամները կարևորում են Ընտանեկան բռնության մասին օրենքը, քանի որ այն նախատեսում է նաև մարզերում պետության կողմից գոնե մեկական ապաստարանի հիմնում: Այժմ նման միայն մեկ ապաստարան է գործում, որը շատ ծանրաբեռնված է:

Հասմիկ Գևորգյանը նշում է, որ եթե օրենքն արդեն գործեր, ապա, օրինակ, բախտագուշակ Վարսիկի հարսին՝ Հասմիկ Խաչատրյանին, հնարավոր կլիներ տեղափոխել ապաստարան, երեխայի դպրոցը փոխել:

Գևորգյանը պատմեց, որ միայն կոալիցիայի բողոքներից հետո Հասմիկի ամուսնուն՝ Սարգիսին, առաջադրված «ծեծի» մեղադրանքը վերաորակվեց «խոշտանգման»: Իսկ մինչ այդ ոստիկանությունն առհասարակ հրաժարվում էր քրեաիրավական գնահատական տալ բռնությանը՝ այն համարելով ընտանեկան վեճ ամուսինների միջև:

«Գործն ուղարկվել է դատարան, բայց ամուսինը դեռ ազատության մեջ է: Գյուղերում բարեկամախնամիական կապը և Վարսիկի հեղինակությունն այնքան էր մեծ, որ նոյեմբերի 28-ին Սարգիսը երեխային առևանգեց, Գավառ տարավ և բժիկը, առանց որևէ հիմքի, երեխային պառկեցրեց հիվանդանոց»,- ասաց Հասմիկ Գևորգյանը:

Հասմիկ Խաչատրյանը հավելեց, որ Սարգիսի լծակները և փողը թույլ են տալիս, որ ազդի գործի վրա: «Ես արդեն կյանքս էի վտանգել ու ոչ մի ելք չունեի: Խորհուրդ կտամ բոլոր կանանց, որ իրենց իրավունքները պաշտպանեն: Հուսով եմ, որ կհասնեմ այն բանին, որ յուրաքանչյուրն իր արածի համար պիտի պատասխան տա»,- ասաց Հասմիկ Խաչատրյանը:

Սուսաննա Վարդանյանը նշում է, որ տարիների ընթացքում կտրուկ աճում է «Կանանց իրավունքների կենտրոն» դիմող, ընտանեկան բռնության ենթարկված կանանց թիվը: Վարդանյանը դա բացատրում է ոչ թե ընտանեկան բռնության դեպքերի աճով, այլ նրանով, որ կանայք ավելի իրազեկ են դառնում և իրենց պաշտպանելու համար դիմում են համապատասխան ՀԿ-ներին:

Վարդանյանը բարձրաստիճան պաշտոնյաներին կոչ արեց աջակցել Ընտանեկան բռնության մասին օրենքի ընդունմանը: Միաժամանակ կոալիցիան շարունակելու է պաշտոնյաներին իրազեկել օրենքի ընդունման կարևորության մասին:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Հանրային խորհուրդը կդիմի ՀՀ Նախագահին և ՀՀ Կառավարություն՝ արտահերթ նիստ հրավիրելու առաջարկով

ՀԽ նիստԱյսօր՝ դեկտեմբերի 10-ին, տեղի է ունեցել ՀՀ Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստ, որը վարել է ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը: Նիստի ընթացքում ամփոփվել է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ ՀԽ դիրքորոշումը:

Քննարկելով Հանրային խորհրդի համապատասխան աշխատանքային խմբի կողմից մշակված փաստաթուղթը, Հանրային խորհրդին ուղղված բազմաթիվ բանավոր ու գրավոր դիմումները և դրանցում առկա դժգոհությունները, մտահոգություններն ու առաջարկությունները՝ Հանրային խորհուրդը վերահաստատել է իր մոտեցումներն օրենքում առկա մի շարք խնդրահարույց դրույթների վերաբերյալ:

Խիստ մտահոգություն հայտնելով օրենքի կիրառման հետևանքով Հայաստանում ստեղծվելիք սոցիալ-տնտեսական իրավիճակի և բարոյահոգեբանական մթնոլորտի առումով, միաժամանակ բարձր գնահատելով այն դրական միտումները, որ ընկած են քննարկվող օրենքի հիմքում, ինչպես նաև ՀՀ Նախագահի որդեգրած սկզբունքը, ըստ որի ցանկացած փոփոխություն պետք է իրականացվի՝ հաշվի առնելով քաղաքացիական հասարակության կարծիքը՝ Հանրային խորհուրդը որոշել է դիմել ՀՀ Նախագահին և ՀՀ Կառավարություն՝ առաջարկելով մինչև 2014 թվականի հունվարի 1-ը հրավիրել ԱԺ արտահերթ նիստ՝ մինչ այդ համապատասխան մասնագետների և շահագրգիռ կողմերի մասնակցությամբ անցկացնելով հանրային լսումներ, որպեսզի ևս մեկ անգամ քննարկվեն հանրության կողմից բարձրացված խնդիրներն ու ներկայացված առաջարկությունները:

 Անկախ

Երևանի դպրոցներում և մանկապարտեզներում ջերմաստիճանային ռեժիմը խստորեն վերահսկվում է

դպրոցԵղանակի ջերմաստիճանի նվազելուն զուգահեռ՝ խստացվել է ջերմաստիճանի սահմանված նորմի հսկողությունը Երևանի քաղաքապետարանի ենթակայության  դպրոցներում ու մանկապարտեզներում։ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի վարչությունից  Անկախին տեղեկացնում են, որ կրթական այդ հաստատությունները շարունակում են բնականոն գործունեությունը՝ բավարար ջեռուցման պայմաններում:

Բացի այն, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչությունը կրթական հաստատություններից ստանում է ամենօրյա տեղեկատվություն ջերմային ռեժիմի և ջեռուցման համակարգի վիճակի մասին, վարչության աշխատակիցները, դպրոցներում և մանկապարտեզներում  համապատասխան ջերմային ռեժիմի ապահովումը հսկողության տակ պահելու նպատակով, օրվա տարբեր ժամերի այցեր են կատարում. արդյունքները զեկուցվում են Երևանի քաղաքապետին։

Խնդիր առաջանալու դեպքում այն վերացնելու նպատակով՝ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ:

 

 

Ավարտվել է աշնանային ծառատունկի հիմնական ծրագիրը

ծառատունկՆոյեմբերին Երևանում մեկնարկած աշնանային ծառատունկի հիմնական ծրագիրն ամբողջությամբ ավարտվել է: Ծառատունկին մայրաքաղաքում ընդհանուր առմամբ տնկվել է շուրջ 20 հազար ծառ և 14000 թուփ: Ըստ այդմ, շուրջ 10 հազար ծառ և 14 հազար թուփ տնկվել է մայրաքաղաքի կանաչապատման ընկերությունների կողմից: Եվս 10 հազար ծառ էլ տնկվել է համատիրությունների, կրթական, առողջապահական և այլ հաստատությունների ու կազմակերպությունների ուժերով: Տնկվել են հիմնականում գնդաձև ակացիաներ և սոսիներ, որոնք, մասնագետների գնահատմամբ, համապատասխանում են մեր պայմաններին և լավ կպչողականություն են ապահովում: Ինչ վերաբերում է թփերին, ապա դրանք հիմնականում վարդի և այլ ծաղկող թփեր են:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին տեղեկացնում են, որ քաղաքապետի հանձնարարությամբ ծառատունկն իրականացվել է բացառապես ոռոգելի տարածքներում: Այս համատեքստում տարեկան ծրագրով նախատեսված շուրջ 21 կմ ոռոգման նոր համակարգի անցկացմամբ ոռոգելի են դարձել նաև «Փարոս» անտառպուրակի, «Հաղթանակ» զբոսայգու և Կոմիտասի անվան զբոսայգու տարածքները, որտեղ ևս աշնանային ծառատունկ է իրականացվել:

Երևանը կանաչ տարածքներով համալրելու 2013 թվականի ծրագրի արդյունքում, ի դեպ, ընդհանուր առմամբ մայրաքաղաքի կանաչ մակերեսը կհասնի 850.0 հա-ի:

 

 

 

Հայկական կոնյակի համտեսում Լոնդոնում

Հայկական կոնյակի համտեսում ԼոնդոնումԴեկտեմբերի 4-ին Լոնդոնում` Միացյալ Թագավորության Համայնքների պալատի Չերչիլ սրահում, ՀՀ դեսպանության կողմից և Բրիտանահայկական միջխորհրդարանական խմբի փոխնախագահ Ջոն Ուիթինգդեյլի հովանավորությամբ կազմակերպվել էր հայկական «Արարատ» կոնյակի համտեսում։ Միջոցառմանը ներկա էին Միացյալ Թագավորության լորդերի և համայնքների պալատներ տասնյակ անդամներ, դիվանագետներ, բրիտանահայ համայնքային կառույցների և երիտասարդական կազմակերպությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ։ Միջոցառման կազմակերպմանը սատարել էին նաև Թեքեյան մշակութային միության, Համազգային հայ կրթական և մշակութային միության եւ «Նոր Սերունդ» մշակութային միության բրիտանական կառույցները և ՄԹ-ում «Արարատ» կոնյակի պաշտոնական ներկայացուցիչ «Vinorium» ընկերությունը:

Միջոցառումը բացեց Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը։ Ողջունելով հյուրերին՝ դեսպան Սարգսյանը ներկայացրեց դրվագներ հայկական կոնյակի պատմությունից` բացահայտելով, թե ինչպես կարող են հայ գործարարները, օգտագործելով արևմտյան տեխնոլոգիաներ, հաջողության հասնել Հայաստանում։ Այնուհետև հյուրերին ողջունեց Բրիտանահայկական միջխորհրդարանական խմբի փոխնախագահ, Համայնքների պալատի Մշակույթի, մեդիայի և սպորտի հանձնաժողովի նախագահ Ջոն Ուիթինգդեյլը, ով կարևորեց նման միջոցառումների անցկացումը։

Անկախ 

 

 

 

Քաջարանում երեք մարդ թունավորվել է գազի արտահոսքից

Թունավորումներ ՀայաստանումԴեկտեմբերի 8-ին, ժամը 23.40-ին,  հիվանդանոցից ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «էկզոգեն թունավորում»  ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1944 թ. ծնված Օլյա  Ի.-ն, 1990 թ. ծնված Աստղիկ Մ.-ն և 1979 թ. ծնված Արմինե Գ.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 18.30-ի սահմաններում, վերջիններս թունավորվել են Քաջարան քաղաքի Գայի փողոցի 1 շենքի բնակարաններից մեկի խոհանոցում տեղադրված գազաջեռուցիչ սարքի գազի արտահոսքից:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն:

 

Ծաղկավան-Իծաքար-Գանձաքար ճանապարհահատվածի վերակառուցման մեկնարկը տրված է

Բերդ-Վազաշեն-Իջևան մայրուղու Հայտնի դեպքերից հետո փակվել է Բերդ-Վազաշեն-Իջևան մայրուղու Վազաշեն-Պառավաքար ճանապարհահատվածը և անհրաժեշտություն է առաջացել Հ-37, Մ-4-Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի Վազաշեն-Պառավաքար վտանգավոր հատվածում կառուցել շրջանցիկ ավտոճանապարհ:ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունից Անկախին հայտնեցին, որ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից արդեն պատվիրվել, և «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊ ընկերության կողմից կատարվել են նախատեսվող շրջանցիկ ավտոճանապարհի նախագծման աշխատանքները, որոնցում ներառված են նաև տեղանքի երկրաբանական հետազոտություններ:
Շրջանցիկ ճանապարհը 3.8 կմ երկարությամբ է և անցնում է անտառով:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության առաջարկով շինարարական աշխատանքներն իրականացնում է «Իջևանի ՃՇՇ» ՓԲ ընկերությունը:
Նախարարությունը «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊ ընկերությանն առաջարկել է տեղում կատարել ուսումնասիրություններ և ներկայացնել առաջարկություններ՝ Հ-36, Մ-4-Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի Վերին Ծաղկավան-Իծաքար-Գանձաքար ճանապարհահատվածի վերակառուցման համար:
Աշխատանքների մեկնարկն արդեն տրված է։
Ճանապարհահատվածը սպասարկող «Տավուշի ՃՇՇ» և «Իջևանի ՃՇՇ» ՓԲ ընկերությունների կողմից կատարվել և կատարվում են որոշ շրջադարձերի լայնացման և թափվածքների մաքրման աշխատանքներ:
Իջևան-Գանձաքար-Իծասար-Նավուր-Բերդ ճանապարհահատվածի Գանձաքարի տեղամասում ճանապարհի ամբողջ երկայնքով այս պահին կատարվում են խճապատման նախապատրաստական աշխատանքներ։ Նշված հատվածում ձյան առատ տեղումների հետևանքով «Տավուշի ՃՇՇ»-ն զուգահեռ զբաղված է նաև ձյան մաքրման աշխատանքներով և ճանապարհը անցանելի դարձնելով:
Ըստ նախանշված ժամկետների՝ ճանապարհի վերակառուցումը կավարտվի 1-1,5 ամսվա ընթացքում։

Անկախ

Հանրապետությունում երեկ տեղի է ունեցել երեք ավտոպատահար

 

ավտոպատահարԴեկտեմբերի 9-ին, ժամը 14.30-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Ոստիկանությունից Անկախին հայտնեցին, որ Հանրապետությունում երեկ տեղի է ունեցել երեք ավտոպատահար:

Եղվարդ-Աշտարակ ճանապարհի 2-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից, ինչի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

***

 

Դեկտեմբերի 9-ին, ժամը 14.10-ի սահմաններում, Կապան-Քաջարան ճանապարհի 8-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան կորցրել է կառավարումը, դուրս եկել ճանապարհի բանուկ մասից և գլորվել ձորը, ինչի հետևանքով 2 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

***

 

Դեկտեմբերի 9-ին, ժամը 17.30-ի սահմաններում, «ՎԱԶ-21061» մակնիշի ավտոմեքենան Կապան-Երևան ճանապարհի 10-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել ձորը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Անկախ

Նորագավիթում մեքենա է այրվել

այրվող մեքենաԴեկտեմբերի 10-ին, ժամը 02.25-ին ԱԻՆ-ում  ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագավիթ 9-րդ փողոցի թիվ 20 տան մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.48-ին, մարվել` 02.58-ին:
ԱԻՆ-ից Անկախին տեղեկացնում են, որ ամբողջությամբ այրվել է Ա. Ի.-ին պատկանող պատկանող «Ֆորդ տրանզիտ» մակնիշի 23 ՕՏ 994 պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդի խցիկը:

Գյումրիում մեքենան ընկել է ջրահեռացման առուն

ավտովթարԴեկտեմբերի 10-ին, ժամը 03.53-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի «Մայր Հայաստան» հուշահամալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՌԱՖ» մակնիշի (վարորդ Ս. Վ.) 45 ՕՍ 523 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ջրահեռացման առուն. զոհեր և տուժածներ չկան:
Ինչպես Անկախը տեղեկացավ ԱԻՆ-ից, հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են

ճանապարհՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ
դեկտեմբերի 10–ին` ժամը 09:00–ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:

Արարատի, Ապարանի,Սևանի, Դիլիջանի, Մարտունու, Վարդենիսի, Սիսիանի, Գորիսի Կապանի,Լաչինի ճանապարհատվածներում և Սելիմի լեռնանցքում առկա է մերկասառույց:

Իրականացվում են մշակման և մաքրման աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության   լրատվական ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

 

Հարուցվել է քրեական գործ` ԱԱԾ աշխատակցի կողմից քաղաքացուն վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ

Հատուկ քննչական ծառայությունՀատուկ քննչական ծառայությունից Անկախին հայտնեցին, որ վրաերթի հետևանքով քաղաքացի Վ. Դ.-ին առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ՔՕ 242-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Նախաքննությամբ պարզվել է, որ 2013թ. նոյեմբերի 12-ին` ժամը 13.00-ի սահմաններում, Երևան քաղաքի Տիգրան Մեծի փողոցի թիվ 3 հասցեի դիմաց ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կրտսեր տեսուչ, ենթասպա Ա. Դ.-ն իր վարած «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն Վ. Դ.-ին` վերջինիս առողջությանն անզգուշությամբ պատճառելով ծանր վնաս:
Նախաքննությունը շարունակվում է:

Շուտով նորից ձյուն կգա

Եղանակը ՀայաստանումՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից  Անկախին  տեղեկացրեցին, որՀանրապետության տարածքում`
Դեկտեմբերի 10-ին, 11-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 11-ի ցերեկը 12-14-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն:Քամին հարավ-արևմտյան` 5-10մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 10-ի գիշերը կնվազի 6-8, ցերեկը` 4-5 աստիճանով, 11-12-ի գիշերը կբարձրանա 4-6, ցերեկը կնվազի` 2-4 աստիճանով:

Երևանում՝Դեկտեմբերի 10-ին, 11-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 11-ի ցերեկը և 12-14-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:

Երևանի դեկտեմբերի 10-ի բազմամյա կլիմայական տվյալներ`

• Օդի առավելագույն ջերմաստիճան  14.30C (1940 թ.)

• Օդի նվազագույն ջերմաստիճան    -18.60C (1953 թ.)

• Օդի միջին օրական ջերմաստիճան  0.80C

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

ոստիկանութունԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 6-ից 9-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 34 դեպքից բացահայտվել է 25-ը, խարդախության 14 դեպքից` 13-ը, կողոպուտի 2 դեպքից՝ 1-ը, գողության` 19, շորթման, մաքսանենգության և խուլիգանության մեկական դեպքերն էլ բացահայտվել են:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 6 և մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք:
Անցած 3 օրերի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 31 պատահար. 2 մարդ զոհվել է, 48-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի հայտարարությունը Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն10 տարի առաջ, 2003 թվականի դեկտեմբերի 9-ին  Մեքսիկայի Մերիդա քաղաքում հատուկ այդ առիթով կազմակերպված բարձր մակարդակի համաժողովին մի շարք երկրներ ստորագրեցին ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիան (ուժի մեջ մտավ 2005 թ. դեկտեմբերին), որը մինչ այդ, նույն տարվա հոկտեմբերի 31-ին ընդունվել էր ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից: Այսպիսով, դեկտեմբերի 9-ը հռչակվեց Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օր:

Անցած տասնամյակի գլխավոր նվաճումը կարելի է համարել թերևս այն, որ, եթե  նախկինում կոռուպցիայի հիմնախնդրի մասին խոսում էին շշուկով և հանրության ճնշող մեծամասնությունը միայն մոտավոր պատկերացում ուներ այդ չարիքի և դրա հետևանքների մասին, ապա այժմ այդ հիմնախնդիրը բոլորի ուշադրության կենտրոնում է: Ներկայումս մարդկությունը հստակ ընկալում է, որ կոռուպցիան տնտեսական զարգացման գլխավոր խոչընդոտներից է: Նրա բարձր մակարդակը խթանում է աղքատությունը, բյուջեի թալանը զրկում է մարդկանց որակյալ կրթություն և բժշկական օգնություն ստանալու հնարավորությունից: Վերջապես, պետության զավթումը օլիգարխիկ կլանների կողմից և քաղաքական կոռուպցիան, մանավանդ, ընտրական գործընթացներում, զրկում են մարդկանց ապագայի նկատմամբ հավատից և, կազմալուծելով ժողովրդավարության ինստիտուտները, թուլացնում են պետությունը` սպառնալով պետականության կորստով:

Հետաքրքիր զուգադիպությամբ 10 տարի առաջ այս նույն օրերին (դեկտեմբերի 20-ին) ուժի մեջ մտավ Հայաստանի առաջին հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման միջոցառումների ծրագիրը: Վեց տարի անց, հենց նույն օրերին ընդունվեց նաև ՀՀ հակակոռուպցիոն երկրորդ ռազմավարությունը և միջոցառումների ծրագիրը: Բնական հարց է առաջանում, թե ինչ փոխվեց այս տարիների ընթացքում, ինչպիսի ձեռքբերումներով և կորուստներով ենք ունեցել և ուր ենք գնում:

Ինչպես և ողջ աշխարհում, Հայաստանում նույնպես հասարակությունը շատ ավելի լավ է իրազեկված կոռուպցիայի երևույթի մասին, քան տասը տարի առաջ: Հակակոռուպցիոն երկու ծրագրերի միջոցառումների (2003-2007 թթ. և 2009-2012 թթ.) իրականացման ընթացքում ընդունվեցին մի շարք օրենքներ և այլ իրավական ակտեր, որոնք ունեն զգալի հակակոռուպցիոն կանխարգելիչ պոտենցիալ: Քաղաքացիներն ավելի ակտիվ են օգտվում տեղեկատվություն ստանալու իրենց իրավունքից: Քաղաքացիական տարբեր նախաձեռնություններ և շարժումներ ավելի ու ավելի հաճախ են իրենց բարձրացրած հիմնահարցերում տեսնում կոռուպցիոն բաղադրիչի առկայությունը: Շնորհիվ գույքի և եկամուտների հայտարարագրման ավելի մեծ թափանցիկության՝ հանրությունն ավելի հաճախ է սկսել բարձրացնել մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձանց մեծ չափերի հասնող ունեցվածքի խնդիրը:  Վերջապես, վերջին տարիներին մենք ականատես եղանք նաև կոռուպցիոն մեղադրանքների հիման վրա մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալությանը:

Դժբախտաբար, ավելի մեծ է ձախողումների և չօգտագործված հնարավորությունների ցուցակը: Շարունակում է ցածր մնալ Թրանսփարենսի Ինթերնեշնլի (ԹԻ) Կոռուպցիայի ընկալման համաթվի (ԿԸՀ)[1] Հայաստանի ցուցանիշը: Այս տարի այն հավասար էր 36-ի[2]  և Հայաստանը այս տարվա ԿԸՀ դասակարգման աղյուսակում ընդգրկված 177 երկրների շարքում կիսում էր 94-101 տեղերը: Եվ եթե այն ԱՊՀ անդամ երկրների թվում լավագույն ցուցանիշն է, ապա Եվրամիության երկրների հետ համեմատելիս ՀՀ-ն զիջում է նույնիսկ Միության անդամներից ԿԸՀ ամենացածր ցուցանիշ ունեցող Հունաստանին (40)[3]: Այս համատեքստում խիստ կասկածելի է, որ եվրասիական ինտեգրումը նախընտրած Հայաստանը ապագայում կարձանագրի լուրջ հաջողություններ կոռուպցիայի հաղթահարման ուղղությամբ:

Հայաստանը շարունակում է զիջել նաև իր հարևան Վրաստանին (ԿԸՀ 2013 թ. ցուցանիշը`49, դասակարգման աղյուսակում կիսում է 55-56 տեղերը), այնինչ 10 տարի առաջ՝ 2003թ.-ին Հայաստանը զգալիորեն առաջ էր Վրաստանից: Իր ԿԸՀ 3.0 ցուցանիշով[4] Հայաստանն այն ժամանակ ԿԸՀ դասակարգման աղյուսակում 133 երկրների շարքում կիսում էր 78-82 տեղերը, իսկ Վրաստանն իր ԿԸՀ 1.8 ցուցանիշով կիսում էր 124-128 տեղերը: Հարկ է նաև նշել, որ 2003-2011 թթ. ՀՀ ԿԸՀ ցուցանիշի դինամիկան ունեցել է նվազման միտում՝ 2003-2008 թթ. մնալով նույնը՝ 3.0, սկսած 2008թ.-ից այն դանդաղորեն նվազել է ՝ հասնելով իր նվազագույն արժեքին (2.6) 2010-2011 թվականներին:

ԹԻ-ի մեկ այլ՝ Կոռուպցիայի համաշխարհային բարոմետրի այս տարվա տվյալները ցույց են տալիս, որ շարքային քաղաքացիների ընկալումները և կարծիքները Հայաստանում կոռուպցիայի իրավիճակի վերաբերյալ նախորդ տարիների համեմատ նույնպես էական փոփոխությունների չեն ենթարկվել: Հարցվածների 43 տոկոսը գտնում է, որ կոռուպցիան Հայաստանում վերջին երկու տարիներին աճել է և միայն 19 տոկոսի կարծիքով այն նվազել է: Երկրի իշխանությունների գործունեությունն՝ ուղղված կոռուպցիան նվազեցնելուն ոչ արդյունավետ է գնահատել հարցվածների 53 տոկոսը, իսկ արդյունավետ է գնահատել միայն 21 տոկոսը: Հարցվածների 69 տոկոսը դատական համակարգն ընկալում է որպես ծայրահեղ կոռումպացված կամ կոռումպացված, 66 տոկոսը այդպիսին է համարում ոստիկանությունը: Սակայն առավել մտահոգիչ է այն հանգամանքը, որ, ըստ հարցման արդյունքների, քաղաքացիները չեն ցանկանում ներգրավվել կոռուպցիայի դեմ պայքարում և շատ քիչ են հավատում, որ իրենք ինչ-որ դեր ունեն այդ պայքարում: Այդ ցուցանիշներով Հայաստանը հարցման մեջ ներգրավված 107 երկրների շարքում զբաղեցնում է վերջին տեղերը: Մասնավորապես՝ որևէ ձևով կոռուպցիայի դեմ պայքարում ներգրավվել ցանկացել է հարցվածների ընդամենը 43 տոկոսը, որը 107 երկրների մեջ ամենացածր ցուցանիշն է: Միջազգային այլ կազմակերպությունների ուսումնասիրությունները նույնպես լուրջ առաջընթաց կոռուպցիայի դեմ պայքարում չեն արձանագրել:

Ամփոփելով վերն ասվածը՝ կարելի է արձանագրել, որ անցած տասնամյակը Հայաստանի համար չդարձավ լուրջ ձեռքբերումների տասնամյակ, և չարձանագրվեցին որակական լուրջ դրական փոփոխություններ կոռուպցիայի նվազեցման ուղղությամբ: Իսկ դա նշանակում է, որ կոռուպցիայի խորքային պատճառները, որոնց մասին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը բազմիցս նշել է իր հայտարարություններում, այդպես էլ չեն հաղթահարվել և իշխանությունների մոտ շարունակում է բացակայել դրանք հաղթահարելու քաղաքական կամքը, իսկ բնակչության անտարբերությունը և հանդուրժողականությունը հասել է ահագնացող չափերի: Այս իրավիճակից դուրս գալը պահանջում է առկա քաղաքական և տնտեսական համակարգերի արմատական փոփոխություն, որին կարելի կլինի հասնել միայն հասարակության ակտիվ պայքարի արդյունքում:

 



[1] ԹԻ Կոռուպցիայի ընկալման համաթիվը ցույց է տալիս և դասակարգում է երկրները, ելնելով նրանից, թե որքան կոռումպացված է ընկալվում տվյալ երկրի հանրային ոլորտը (պետական և համայնքային պաշտոնյաներ և ծառայողներ): Այն բաղադրյալ համաթիվ է՝ հանդիսանալով միջազգային մի շարք հեղինակավոր կազմակերպությունների կողմից անցկացված հարցումներից և ուսումնասիրություններից ստացված տվյալների կոմբինացիա:

[2] 0-ից 100 սանդղակի վրա, որտեղ 0-ն նշանակում է բացարձակ կոռումպացված, իսկ 100-ը բացարձակ չկոռումպացված

[3] 2013 թ. ԿԸՀ դասսակարգման աղյուսակը 91 միավորով գլխավորում են Նոր Զելանդիան և Դանիան:

[4] Մինչև 2012 թ. ԹԻ-ն իր Կոռուպցիայի ընկալման համաթիվը հաշվարկելիս կիրառում էր այլ մեթոդաբանություն և հաշվարկի այլ սանդղակ (0-ից 10՝ ներկա 0-ից 100-ի փոխարեն): Այդ իսկ պատճառով ԿԸՀ 2012-2013 թթ. ցուցանիշները համեմատելի չեն նախորդ ժամանակահատվածի (1995-2011) ԿԸՀ ցուցանիշների հետ:

«ՏաԹեւեր»-ը ներկայացնում է աշխատանքի ժամանակացույցը դեկտեմբերին եւ ամանորյա տոներին

«ՏաԹեւեր»«ՏաԹեւեր» ճոպանուղին տեղեկացնում է, որ ս.թ. դեկտեմբերին 13-ին, 14-ին եւ 15-ին ուղեւորներին չի սպասարկելու` տեխնիկական անձնակազմի համար ուսուցողական դասընթացներ իրականացնելու պատճառով: Նման դասընթացները ճոպանուղու անխափան աշխատանքի ու ուղեւորների անվտանգության ապահովման կարեւոր նախապայմաններից են:

 Ս.թ. դեկտեմբերի 30-ին` ինչպես եւ յուրաքանչյուր երկուշաբթի, «ՏաԹեւեր»-ում կիրականացվեն պրոֆիլակտիկ աշխատանքներ:

 

Ս.թ. դեկտեմբերի 31-ից 2014թ. հունվարի 5-ը ներառյալ «ՏաԹեւեր» ճոպանուղին չի աշխատի` Ամանորի կապակցությամբ:

 

Հունվարի 6-ին «ՏաԹեւեր»-ը կաշխատի եւ բոլոր ցանկացողներին կտեղափոխի Տաթեւի վանք, որտեղ կմատուցվի Սբ. Ծննդյան պատարագ:

 

Այնուհետեւ, ողջ ձմռան ընթացքում, «ՏաԹեւեր» ճոպանուղին կաշխատի ավանդական ձմեռային ժամանակացույցով` միայն շաբաթ եւ կիրակի օրերին:

 

«ՏաԹեւեր»

 

«ՏաԹեւեր» ճոպանուղին բացվել է 2010 թվականի հոկտեմբերի 16-ին` «Տաթեւի վերածնունդ» նախագծի շրջանակներում: 2010թ. հոկտեմբերի 23-ին «ՏաԹեւեր»-ը գրանցվել է Գինեսի միջազգային ռեկորդների գրքում որպես աշխարհում ամենաերկար հետադարձելի երկխցիկ ճոպանուղին: Ռեկորդը գրանցվել էր ոչ միայն ճոպանուղու երկարության (5752 մ.), այլեւ ճոպանուղու կառուցման կարճ ժամանակահատվածի (10 ամիս) համար: 

 

Նախագիծն իրականացվել է ճոպանուղու նախագծման եւ կառուցման առաջատար, շվեյցարական «Գարավենտա-Դոպելմայր» ընկերության կողմից: Դեպի վանական համալիր տանող օդային ճանապարհը կազմում է 11 րոպե, արագությունը՝ 10 մ/վ, խցիկում ուղեւորների տարողությունը՝ 25 հոգի, ճոպանուղու ուղեւորների թողունակությունը ժամում կազմում է 200 հոգի: Հսկայական կրող հիմքերը բաժանում են ճանապարհը 4 հատվածի, վերջին՝ ամենաերկար հատվածի երկարությունը կազմում է 2,7 կմ: 

Կատաղի մրցակցություն՝ ավիացիայի ոլորտում. տոմսերի գներն աննախադեպ նվազում են

օդանավՀոկտեմբերի 23-ին կառավարության՝ «բաց երկնքի» քաղաքականության անցնելու վերաբերյալ  հայտարարությունից հետո ուղևորափոխադրման ոլորտում կատաղի մրցակցություն սկսվեց, արդյունքում՝ տոմսերի գները կտրուկ նվազեցին:

Ակնհայտ է, որ հայկական փոխադրողի  մուտքը շուկա բերեց մրցակցության ուժեղացման, և այսօր Երևան-Մոսկվա ուղղությամբ տոմսի գինը կազմում է շուրջ 130 եվրո, իսկ Մոսկվա-Երևանը՝ մոտ 100 եվրո,հաղորդում էlife.panorama.am-ը  :

Համեմատության համար նշենք, որ Երևան-Մոսկվա ամենաակտիվ ուղղություններով նախկինում չվերթներ են իրականցրել 3 ռուսական  փոխադրողներ, որոնց «մրցակցության» պարագայում գները եղել են անհիմն բարձր: Օրինակ՝ սույն թվականի օգոստոսի 1-ից մինչև  օգոստոսի  վերջ Երևան-Մոսկվա  մեկ ուղղությամբ չվերթի արժեքը կազմել է միջինում 275-ից 310 եվրո: Ավիատոմսի գները կտրուկ նվազեցին, երբ   հայկական փոխադրող «Air Armenia»-ն հայտարարեց  Երևան-Մոսկվա ուղղությամբ չվերթներ սկսելու մասին:  Մրցակցության արդյունքում ռուսական փոխադրողները կրկնակի նվազեցրեցին ավիատոմսի սակագինը՝ դարձնելով 140-ից 150 եվրո:

Գների նվազման միտումը նկատվում է այլ ուղղություններով ևս: Օրինակ՝ Ռոստով-Սոչի ուղղություններով նախկինում ենթադրաբար մրցում էին ռուսական երկու փոխադրող ընկերություններ: «Air Armenia»-ի մուտքից հետո այս ուղղություններով ևս գները կտրուկ նվազել են:

 

Նշենք, որ մասնագետների կարծիքը «բաց երկնքի» քաղաքականություն  վերաբերյալ միանշանակ չէ. աշխարհում հայտնի են դեպքեր, երբ «բաց երկնքի» քաղաքականությունը հանգեցրել է  ազգային փոխադրողի կործանմանը:

Ազգային փոխադրող ունենալու նպատակահարմարության և ոլորտում առկա մրցակցության մասին մեկնաբանություն ստանալու խնդրանքով Life.panorama.am-ը դիմեց «Air Armenia» ընկերության գործադիր տնօրեն Արսեն Ավետիսյանին:  «Հայաստանի նման երկիրը, որը չունի ծովային ելքեր, արդյունավետ վերգետնյա տրանսպորտ, ունի այնպիսի հարևաններ, ինչպիսիք են Թուրքիան և Ադրբեջանը, որոնց հետո ունենք քաղաքական խնդիրներ,  նաև Իրանն ու Վրաստանը, որոնք ունեն իրենց առանձին քաղաքական խնդիրները, սեփական ավիացիա չունենալն անթույլատրելի է: Ազգային փոխադրողի առկայությունը կարևոր է, թե՛ մրցակցության, թե՛ երկրի տրանսպորտային  անվտանգության  տեսանկյունից: Մեզ համար անհասկանալի են կառավարության որոշ ներկայացուցիչների հայտարարությունները, թե Հայաստանը կարող է ազգային փոխադրող չունենալ և պետք է մնա օտարերկրյա փոխադրողների հույսին: Մենք ամեն ինչ անելու ենք առողջ մրցակցության ու արդարացված գնային քաղաքականություն սահմանելու համար»,-նշեց Ա.Ավետիսյանը: Շարունակությունը`սկզբնաղբյուր կայքում:

7 ՃՏՊ` մեկ օրում, 9 մարդ հիվանդանոցում է

վրաերթԴեկտեմբերի 8-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «BMW 520 i» մակնիշի ավտոմեքենան Վերին Արտաշատից Բերդիկ տանող ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Դեկտեմբերի 8-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Մասիս-Էջմիածին ճանապարհին` Սայաթ-Նովա գյուղի հատվածում, «Մերսեդես 190» մակնիշի ավտոմեքենա է բախվել ծառի, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Դեկտեմբերի 8-ին, ժամը 08.40-ի սահմաններում, «ԳԱԶ-31105» մակնիշի ավտոմեքենան Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղում բախվել է ծառի, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Դեկտեմբերի 8-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Էջմիածին-Երևան ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ: «ՎԱԶ-2107»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Դեկտեմբերի 8-ին, ժամը 13.00-ին, «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 47-րդ կմ-ին բախվել է ճանապարհի աջ եզրում կայանված «Ֆորդ» մակնիշի ավտոնեքենայի: Պատահարի հետևանքով «Լեքսուս»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Դեկտեմբերի 8-ին, ժամը 14.30-ին, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 17-րդ կմ-ին բախվել է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի:«ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Դեկտեմբերի 8-ին, ժամը 16.00-ի սահմաններում, «Միցուբիշի Պաջերո ԻՕ» մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 45-րդ կմ-ին բախվել է «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի:«ՎԱԶ-2107»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանությունից Անկախին տեղեկացնում են, որ վերոնշյալ բոլոր դեպքերի առնչությամբ կատարվում է  քննություն:

 

Տնակային ավաններում բազմազավակ ընտանիքներից շատերը ապրում են ինքնամեկուսացված կյանքով

Մեր դիտարկումները ցույց են տալիս որ, Գյումրու տնակային ավաններում բնակվող անօթևան ընտանիքների շրջանում շատ են բազմազավակ ընտանիքները:Եվ ցավալին այն է, որ այդ ընտանիքներից շատերի գոյության հիմնական ու միակ միջոցը սոցիալական նպաստն է: «Շիրակ կենտրոնի» աշխատակիցներն, այսօր վառելափայտ տրամադրելու նպատակով այցելեցին Գյումրու ամենածայրամասային տնակային թաղամասերից մեկը, ուր իրենց յոթ անչափահաս երեխաների հետ բնակվում են նաև Խաչիկյանների բազմանդամ ընտանիքը:

Ներկայացվող տեսանյութը վագոն-տնակում բնակվող բազմազավակ ընտանիքի ապրելակերպի մասին է: