Խցանման մեջ են հայտնվել 20-30 ավտոմեքենաներ

Խցանման մեջ են հայտնվել 20-30 ավտոմեքենաներԴեկտեմբերի 3-ին, ժամը 19.33-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի «Զանգեր» կոչվող հատվածում մերկասառույցի հետևանքով խցանման մեջ են հայտնվել տարբեր տվյալներով 20-30 ավտոմեքենաներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Քուչակ-Ապարան ճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ

Քուչակ-Ապարան ճանապարհ, արգելափակվելԴեկտեմբերի 3-ին, ժամը 16.26-ին ահազանգ է ստացվել, որ Քուչակ-Ապարան ավտոճանապարհին ‹‹ՎԱԶ-2107›› մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:Հրշեջ-փրկարարները ‹‹ՎԱԶ-2107›› մակնիշի 2343GL պետհամարանիշով ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:

Քուչակ-Ապարան-Արագած-Սպիտակ ճանապարհահատվածով ծանրաքաշ մեքենաների երթևեկելը խորհուրդ չի տրվում

Ավտոմեքենաները դուրս են բերվել արգելափակումիցՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հանրապետության  ողջ տարածքում, մասնավորապես,  Հրազդանում, Սևանում, Դիլիջանում, Նոյեմբերյանում, Վայքում,  Ջերմուկում, Սիսիանում, Մեղրիում, Արարատ-Տիգրանաշենում, Ապարանում,  Արագածում և Սպիտակում ժամը 17:30 դրությամբ  առկա են առատ տեղումներ:

Կատարվել են ճանապարհների  մաքրման և մշակման աշխատանքներ:
Միջպետական  և  հանրապետական  նշանակության  ավտոճանապարհները  բաց են:

Քուչակ-Ապարան-Արագած-Սպիտակ ճանապարհահատվածով   ծանրաքաշ  մեքենաների    երթևեկելը  խորհուրդ  չի  տրվում:

Երևան-Գյումրի ավտոճանապարհի Սառնաղբյուր-Լանջիկ հատվածում  սաստիկ  բուք է, վատ տեսանելիություն, առկա է  մերկասառույց,  ճանապարհը  դժվարանցանելի է:

Հայաստանում` բուք, ցածր տեսանելիություն և մերկասառույց,ուժեղ քամիներ

 բուք, ցածր տեսանելիությունԻնչպես և կանխատեսվել էր Աին Հիդրոմետ ծառայության կողմից, դեկտեմբերի 3-ին օրվա առաջին կեսից Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնում, Վայոց ձորի և Սյունիքի լեռնային շրջաններում դիտվում է ձյուն, ժամը 15.00-ի դրությամբ Ապարան-Քուչակ-Սպիտակ հատվածում՝ բուք, ցածր տեսանելիություն և մերկասառույց, որի պատճառով ճանապարհները դարձել են դժվարանցանելի:

Առկա են նաև ուժեղ քամիներ, իրադրությունը բարդացնում են դիտվող ուժեղ քամիները՝ Գավառում 25 մ/վրկ, Գորիսում, Արթիկում, Գյումրիում, Ապարանում, Սիսիանում 17-20 մ/վրկ արագությամբ:

Հանրապետության ցածրադիր գոտիներում տեղումները դիտվում են անձրևի և ձնախառն անձրևի տեսքով, որը ջերմաստիճանի անկմանը զուգընթաց օրվա վերջում առանձին հատվածներում կվերափոխվի ձյան: Երեկոյան ժամերից կդիտվի տեղումների դադար, դեկտեմբերի 4-ի գիշերվա առաջին կեսին ձյունը կպահպանվի միայն Վայոց Ձորում և Սյունիքում, իսկ գիշերվա երկրորդ կեսից ամենուրեք սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

Գելափ. Բուլղարիայում և Հայաստանում «տառապանքի» մակարդակն ամենաբարձրն է

գելափԸստ Գելափի՝ տառապանքի մակարդակով 2012թ-ի տվյալներով Հայաստանը 147 երկրների ցանկում 37%-ով զբաղեցնում է երկրորդ հոիզոնականը: Առաջին հորիզոնականը զբաղեցնում է Բուլղարիան 39%-ով:

Գելափը հարցումներին մասնակցած երկրներին բաժանել է երեք խմբի «բարգավաճող», «պայքարող» կամ «տառապող»՝ հիմնվելով զրոյից 10 միավորանոց սանդղակով իրենց ներկա և ապագա ապրելակերպը գնահատած մարդկանց պատասխանների վրա: Գելափը մարդկանց տառապող է համարել, եթե նրանք իրենց ներկա և ապագա ապրելակերպը գնահատել են 4 կամ ավելի ցածր: Հարցումներին մասնակցած մարդիկ իրենց չեն որակել որպես տառապող:

2012թ-ին հարցումներին մասնակցած 143 երկրներից 20-ի չափահաս բնակչության առնվազն քառորդ մասը իրենց ապրելակերպը բավականին ցածր են գնահատել իրենց տառապող համարելու համար:

Տառապանքը 2% կամ ավելի քիչ է 17 երկրներում, որոնց մեծ մասը զարգացած և հարուստ երկրներ են: Սակայն դրանց թվում ընդգրկված են նաև մի քանի զարգացող երկրներ, ինչպիսիք են Թայլանդը, Վենեսուելան, Նիգերիան, Սոմալիլենդի շրջանը և Լիբիան:

Այս ցուցանիշներն ստանալու համար յուրաքանչյուր երկրում հեռախոսով կամ դեմ առ դեմ հարցումներին մասնակցել է 15 և բարձր տարիք ունեցող 1,000 մարդ:

Հայտարարվեցին ԵՄ կենտրոնի առցանց վիկտորինայի հաղթողները

ԵՄ-ՀայաստանՀայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեայի մասնակցությամբ դեկտեմբերի 3-ին ԵՄ կենտրոնում տեղի ունեցավ Եվրոպական միության թեմայով առցանց վիկտորինայի հաղթողների վիճակահանությունը:

Առաջին մրցանակ նոութբուքը կստանա Անուշ Թորոսյանը Վանաձորից, երկրորդ մրցանակ նեթբուքը կլինի թարգմանչուհի Նինել Միքայելյանինը, երրորդը` քինդլ-էլեկտրոնային գիրքը կստանա ուսանողուհի վերժինե Մինասյանը:

Դեսպան Տրայան Հրիսթեան հույս հայտնեց, որ վիկտորինայի յուրաքանչյուր մասնակից ինչ-որ նոր բան է սովորել Եվրոպական միության ու Հայաստանում ԵՄ գործունեության մասին: «Հաջորդ վիլտորինան առցանց կլինի հաջորդ տարվա ապրիլին», տեղեկացրեց դեսպանը` բոլորին առաջարկելով հետևել ԵՄ կենտրոնի կայքէջին և օգտակար տեղեկատվություն և հետաքրքրական փաստեր իմանալ ԵՄ-Հայաստան համագործակցության մասին:

Առցանց վիկտորինային մասնակցել են 1570 անգամ, որից 316-ը բոլոր հարցերին տվել են ճիշտ պատասխաններ: Վիկտորինայի հայերեն տարբերակին մասնակցել են 1205 անգամ, բոլոր հարցերին ճիշտ են պատասխանել 206-ը: Անգլերեն տարբերակն ունեցել է 365 այցելություն` բոլոր հարցերին ճիշտ պատասխանած 110 մասնակցով: Հիմնական մրցանակները վիճակահանությամբ որոշվեցին բոլոր հարցերին ճիշտ պատասխանած մասնակիցներից:

Վիկտորինան կազմված էր 16 հարցերից` պատասխանների տարբերակներով և ԵՄ կենտրոնի կայէջին արված հղումներով: Վիկտորինային կարող էին մասնակցել միայն Հայաստանի բնակիչները և այն առցանց հասանելի էր 2013թ.-ի սեպտեմբերի 16-ից մինչև դեկտեմբերի 1-ը:

Ի հավելումն հիմնական մրցանակներին` ԵՄ կենտրոնը 2014թ.-ի հունվարին կտրամադրի նաև ԵՄ կենտրոնի լոգոն կրող պիտույքներով պայուսակ և կկազմակերպի մեկօրյա միջոցառում` Երևանում գտնվող ԵՄ կենտրոն հրավիրելով բոլոր նրանց, ովքեր մասնակցել են վիկտորինային ու բոլոր հարցերին տվել ճիշտ պատասխան: Միջոցառումը կկենտրոնանա երեք կարևոր հարցերի վրա. ԵՄ-Հայաստան հարաբերություններ, ԵՄ զարգացման համագործակցություն Հայաստանում և ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրերի ներկայացում:

ԵՄ Կենտրոնը ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ԵՄ հաղորդակցությանը` Հայաստանում բարեփոխումների վերաբերյալ» ծրագրի հիմնական բաղկացուցիչն է, որի նպատակն է բարձրացնել իրազեկվածությունը Հայաստանում ԵՄ զարգացման համագործակցության մասին և նպաստել Եվրոպական միության մասին կրթությանը: Կենտրոնի կայքէջը Հայաստանի հետ ԵՄ-ի համագործակցության հիմնական հարթակն է։ Ծրագրի տևողությունը երկու տարի է, այն իրականացվում է «GOPA-Cartermill S.A»-ի կողմից՝ «ALTAIR Asesores» և «Ֆայնբերգ» ընկերությունների հետ համատեղ։

Երևանի քաղաքապետի ուղերձը հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ

Տարոն ՄարգարյանՍիրելի բարեկամներ,

1992 թվականից դեկտեմբերի 3-ը աշխարհում նշվում է որպես հաշմանդամների միջազգային օր: Այս օրը ևս մեկ առիթ է հանրության ուշադրությունը հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրներին սևեռելու և հասարակության մեջ նրանց լիակատար ինտեգրմանն ուղղված նոր ծրագրեր կազմելու համար:

Երևանի քաղաքապետարանն իր հերթին ևս փորձում է հետզհետե կյանքի կոչել ծրագրեր, որոնք հնարավորություն կտան մայրաքաղաքն առավել մատչելի դարձնել հաշմանդամություն ունեցող մեր համաքաղաքացիների համար:

Վստահ եմ՝ բոլորդ եք նկատել, որ հատկապես այս տարի մենք որոշակի աշխատանքներ իրականացրինք Երևանի փողոցներում, մայթերին, ինչպես նաև նորոգված պուրակներում ու հասարակական այլ վայրերում թեքահարթակների կառուցման ուղղությամբ: Ի դեպ, այս տարի առաջին անգամ հատուկ այդ նպատակով մենք նաև համայնքային բյուջեից միջոցներ հատկացրինք, ինչը սակայն բավարար համարել, անշուշտ, չենք կարող: Այդուամենայնիվ արձանագրենք, որ առաջին քայլն արված է ու, որ շատ ավելի կարևոր է, այն լինելու է շարունակական, ընդ որում, ոչ միայն թեքահարթակների կառուցման, այլև մի շարք այլ ուղղություններով:

Սիրելի բարեկամներ,

Համոզված եղեք, որ ձեզ հուզող խնդիրները քաղաքապետարանի և անձամբ իմ մշտական ուշադրության կենտրոնում են և մենք անում ենք հնարավորը՝ դրանց շուտափույթ լուծում տալու ուղղությամբ: Քաջառողջություն եմ մաղթում ձեզ ու ձեր ընտանիքներին:

 

ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Երևանի քաղաքապետ

 

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

ոստիկանությունԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 2-ից 3-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 8,  խարդախության 2, խուլիգանության, յուրացման կամ վատնման և դրամանենգության 1-ական դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է գողության 1 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է ավազակային հարձակման և գույքի դիտավորությամբ ոչնչացման 1-ական դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար. 7 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

ՀԿԵ-ն մասնակցեց հայ-ռուսական միջտարածաշրջանային ցուցահանդեսին

ՀԿԵ ՓԲԸ«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն մասնակցեց դեկտեմբերի 3-ին բացված Հայաստանի և Ռուսաստանի տարածաշրջանների ցուցահանդեսին, որն անցկացվեց «Ռուսաստան. Հայաստան. Մաքսային միություն» Երրորդ միջտարածաշրջանային համաժողովի շրջանակներում:

Ցուցահանդեսը բացել են հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը:

Հայաստանի Հանրապետության վարչապետը նշեց, որ երկու երկրների տարածաշրջանների միջև ֆորումի և ցուցահանդեսների անցկացումն արդեն ավանդույթ է դարձել: Տիգրան Սարգսյանի խոսքերով, նման միջոցառումները կարևոր օղակ են միջպետական հարաբերությունների շղթայում:

Իր հերթին Մաքսիմ Սոկոլովը նշել է, որ այս ցուցահանդեսին ՌԴ ութ նահանգապետերի մասնակցությունը վկայում է նաև տարածաշրջանների մակարդակով հայ-ռուսական փոխհարաբերությունների արդյունավետության, միջմարզային կապերի սերտացմանը ցուցաբերվող ուշադրության և պատասխանատվության մասին:

Տիգրան Սարգսյանը և Մաքսիմ Սոկոլովը շրջել են ցուցահանդեսին մասնակցող տաղավարներով, ծանոթացել Հայաստանի և Ռուսաստանի տարածաշրջանների, ինչպես նաև մասնավոր ընկերությունների ներկայացրած արտադրանքին ու ծառայություններին:

Ննջավագոնի կուպեի տեսքով ձևավորված Հարավկովկասյան երկաթուղու տաղավարում հայ-ռուսական հանձնաժողովի համանախագահները զրուցեցին Ընկերոթյան գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցի հետ: Վարչապետը հետաքրքրվեց ՀԿԵ-ի կոնցեսիոն պարտավորությունների կատարման ընթացքով և Աբխազիայի տարածքով Ռուսաստանի հետ երկաթուղային հաղորդակցության վերաբացման հնարավորություններով:

Հարկ է նշել, որ օրիգինալ ձևավորված ՀԿԵ-ի տաղավարը հետաքրքրություն է առաջացրել ոչ միայն ցուցահանդեսի այցելուների, այլ նաև միջոցառման այլ մասնակիցների մոտ:

«ՀԿԵ» ՓԲԸ ներկայացուցիչները մասնակցել են նաև «Եվրասիական ինտեգրացիոն գործընթացների պայմաններում հայ-ռուսական համատեղ նախագծերը տրանսպորտի ոլորտում» կլոր սեղանին: Ընկերության գլխավոր ինժեներ Արամ Եդիգարյանը մասնակիցներին ներկայացրել է ՀԿԵ գործունեության հիմնական ուղղությունները, ուղևորա- և բեռնափոխադրումների ոլորտում մատուցվող ծառայությունները, անցած 5 տարիներին արձանագրված ձեռքբերումները:

 

 

Խորհրդարանում ավարտվեց 49 պատգամավորների պահանջով արտահերթ քննարկումը

ubZBF9IO5BSByUPr32VNvB9FxeԽորհրդարանում ավարտվեց դեկտեմբերի 2-ին ԱԺ չորս խմբակցությունների` ՀՅԴ, ԲՀԿ, ՀԱԿ և Ժառանգություն, 49 պատգամավորների պահանջով արտահերթ կարգով քննարկման դրված «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի պարտադիր բաղադրիչի ուժի մեջ մտնելու ժամկետը 2014թ․ հունվարի 1-ից հետաձգելու օրինագիծը։ Քվեարկությունը կկազմակերպվի վաղը:

Մինչ այդ ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանը շարունակեց նախօրեին կիսատ մնացած ելույթը` մեկ անգամ ևս հայտարարելով, որ ՀԱԿ-ը մերժում է առաջարկվող կենսաթոշակային բարեփոխումը: Ըստ նրա, նման բարեփոխումները  շոկային թերապիայի բարեփոխումների դասին են պատկանում, որոնք կարող են իրականացվել միայն այնպիսի կառավարությունների կողմից, որոնք ունեն ժողովրդի անվերապահ վստահությունը, մինչդեռ ներկայիս հայաստանյան կառավարության դեպքում բարեփոխման հիմքում ընկած լավ գաղափարներն էլ կոչնչանան:

«Կուտակային հիմանդրամների գործը նորից կտրվի իշխանավորների մերձավորներին, ինչը կբերի չարաշահումների և յուրացումների»,-համոզված է Զուրաբյանը:

Նրա խոսքով` ընդդեմ կենսաթոշակային բարեփոխումների ֆեյսբուքյան խմբում կան այն բոլոր անհրաժեշտ վերլուծությունները, և անգամ ամենաունևորն ու հաջողակներն էլ այսօր գտնվում են այնպիսի ծանր վարկային բեռի տակ, որ սա կարող է փլուզել նրանց ֆինանսական վիճակը:

Ինչ վերաբերում է 1974 թվականից հետո ծնվածների դեպքում օրենքի կիրառմանը, ապա Զուրաբյանը դա ակնհայտ խտրականություն է համարում:

Մատնանշելով ևս մի քանի բացասական կողմեր կառավարության կողմից առաջարկվող բարեփոխման մեջ, պատգամավորը հայտարարեց. «Այս գաղափարի հաջողության բանալին վստահությունն է, որը սակայն չի կարող ձեռք բերվել պարտադրանքով: Պետք է ներդնել կամավոր սկզբունք, իսկ հանրությունը ժամանակի ընթացքում վստահություն ձեռք բերի այդ հիմնադրամների նկատմամբ»:

Նա առաջարկեց հետաձգել օրենքի կիրառումը ևս մեկ տարով և ձեռք բերված ժամանակահատվածում գտնել պարտադիր բաղադրիչն ընդհանրապես չեղյալ համարելու տարբերակ:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ է կարծում, որ այս բարեփոխմանը  կարող է գնալ այն իշխանությունն ու կառավարությունը, որն ունի հանրության վստահությունը. «Ունի՞ այս կառավարությունը հանրության վստահությունը, պատասխանը մեկն է` ոչ: Դա է պատճառը, որ առ այսօր որևէ քաղաքացի կամավոր սկզբունքով չի օգտվել այս բարեփոխումից: Ինչ է, մարդիկ չե՞ն ցանկանում ունենալ բարեկեցիկ ծերություն, իհարկե ցանկանում են, բայց նրանք` ինչպես բոլորս, ունենք տոտալ անվստահություն այս կառավարության հանդեպ»:

Նա նույնպես առաջարկեց հետաձգել օրենքի կիրառումը և կազմակերպել լուրջ քննարկումներ` ներառելով շահագրգիռ կողմերին և ամենակարևորը` հանել պարտադիր բաղադրիչը և հարցը դնել հանրային հարցման` հանրաքվեի:

Ի դեպ, Զոհրաբյանը կարծիք հայտնեց, որ մեծամասնությունը չի կարող ընդունել իրենց առաջարկը, քանի որ ճնշում ունի իր վրա:

Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը, սակայն, Զոհրաբյանին կոչ արեց մեծամասնության անունից կարծիք չհայտնել` փոխարենը նշելով, որ հավանաբար իրենց վրա կա ճնշում:

Այնուհետև ելույթ ունեցավ ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը:

Նա նախ նկատեց, որ առաջին անգամ չորս քաղաքական ուժերը ստորագրել են մի փաստաթղթի տակ, ինչից շատ ոգևորված են:

Այնուհետև անդրադառնալով ընդդիմադիրների մեղադրանքներին, թե իբր իրենք խաբում են, զարմացած հարցրեց. «Հետաքրքիր է, մենք այդ ե՞րբ ենք սուտ ասել»:

Այս խոսքից հետո ընդդիմադիրներն այնքան բարձր ծիծաղեցի, որ մի պահ թված, թե նրանք դահլիճում մեծամասնություն են:

Հակոբ Հակոբյանը կրկնեց, որ մեր կենսաթոշակային համակարգը վատ համակարգ է և կա խնդիր այն բարեփոխելու, որի հետ համաձայն են նաև իրենց ընդդիմախոսները: Ավելին, այդ բարեփոխումը չանելն, ըստ նրա, հանցագործություն է: Բայց եթե ընդդիմադիր գործընկերները համաձայն չեն, որ բարեփոխումն իրականացնի գործող իշխանությունը, ապա ո՞վ պիտի անի. «Եղբայր, եղեք մեծամասնություն, արեք, ո՞վ է բռնել ձեր ձեռքը»,-ասաց նա:

Իսկ թե ով է բարեփոխման պատասխանատուն, Հակոբ Հակոբյանն ասում է` բարեփոխում իրականացնողը:

Նա այս քննարկումները դրական է համարում` նշելով, որ իրենք մեկ անգամ ևս համոզվեցին իրենց ռեֆորմի մեջ ճշմարտության մեջ, և որ պիտի ավելի աչալուրջ լինեն:

ՀՀԿ ներկայացուցիչը համաձայն է, որ խնդիրներ կարող են լինել և երբևէ չի ժխտել դա, սակայն միաժամանակ կարծում է, որ մտահոգությունները պետք է կիսեն ժամանակի մեջ: Ժամանակ իշխանությունը թողել էր, այժմ բարեփոխումն իրականացնելու փուլն է, իսկ ընդդիմադիրները թող այն ժամանակ ներկայացնեին պարտադիր բաղադրիչին հակառակ փաստարկ:

Նախաձեռնության հեղինակ, ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն, ամփոփելով քննարկումը, նախ նշեց, որ ռեֆորմ բառը շատ է չարաշահվում մեծամասնության կողմից. «Երբ մենք խոսում ենք դրա բացասական դրսևորումների մասին, խոսքը պարտադիր բաղադրիչին է վերաբերում: Որևէ մեկը ռեֆորմին դեմ չէ: Եթե դիտավորյալ փորձում եք խեղաթյուրել իրականությունը, դա լավ բան չէ»,-ասաց նա:

Նա կրկնեց իր կողմից բազմիցս բերված փաստարկները, որ թե ուզում են թոշակային ֆոնդին վճարումները շատանան, ապա պետք է աշխատատեղերն ավելանան, աշխատավարձի քաղաքականություն իրականացվի, տնտեսությունն աճի և այլն, մինչդեռ այսօր երկրում չկա արժեթղթերի շուկա, ներդրողների քանակը ահավոր ցածր մակարդակի վրա է, աղքատների թիվը մեծ է, կան բազմաթիվ խնդիրներ: Իսկ ամենակարևորը` քաղաքացիներն իրազեկված չեն հիմնադրամներից, չգիտեն, թե ում պետք է վստահեն իրենց գումարները հունվարի մեկից: «Նման պայմաններում այս համակարգի ներդրումը նշանակում է քաղաքացիների եկամուտների նկատմամբ իրականացել ոտնձգություն: Գոնե ցածր տոկոսներից սկսեիք: Ինչպես ասում են` ախորժակն ուտելիս է բացվում, բայց սա այդ դեպքը չպետք է լինի»:

Արծվիկ Մինասյանը չի ընդունում իշխող կուսակցության մերժողական, արհամարհական մոտեցումը` հիշեցնելով, որ սա ընդիմության և դիմության պայքար չէ, այլ Հայաստանի քաղաքացիների տարրական իրավունքների շուրջ բանավեճ:

Նշենք նաև, որ Ազգային ժողովի դարպասների դիմաց «Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարի» նախաձեռնությունը մեծ բողոքի ակցիա է կազմակերպել, որին մասնակցում են հարյուրավոր քաղաքացիներ:

Ակցիայի նպատակն է քաղաքական մեծամասնությունից պահանջել օրենքի պարտադիր բաղադրիչի վերացումը և աջակեցել հանուն դրա խորհրդարանում պայքարող պատգամավորներին:

Դժվարանցանելի է Քուչակ-Ապարան-Արագած-Սպիտակ ճանապարհահատվածը

ավտոճանապարհՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ բքի, անբավարար տեսանելիության և առատ ձյան պատճառով ժամը 12.30-ի դրությամբ դժվարանցանելի է Քուչակ-Ապարան-Արագած-Սպիտակ ճանապարհահատվածը:

Ինչպես Անկախը տեղեկացավ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայությունից, Բագրատաշեն հասնելու համար խորհուրդ է տրվում երթևեկել Դիլիջան- Վանաձոր- Բագրատաշեն ճանապարհով:

Ըստ քաղաքացի Ռ. Գ.-ի հաղորդման` ՊԵԿ աշխատակիցները, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, կաշառք են ստացել

կաշառքՔաղաքացի Ռ. Գ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով հարուցվել է քրեական գործ:
Ըստ քաղաքացի Ռ. Գ.-ի հաղորդման` 2011 թվականի նոյեմբերին ՀՀ ԿԱ ՊԵԿ Կապանի տարածքային հարկային տեսչության աշխատակիցներ ոմն Վ.-ն և ինքնությունը չպարզված երկու այլ աշխատակիցներ` իր կնոջ մորը պատկանող ավտոտնակում մանրածախ առևտրով զբաղվելու համար վարչական պատասխանատվության չենթարկելու և ծառայության գծով հովանավորչության համար որպես կաշառք ամսական պահանջել են 60 000 ՀՀ դրամ:
Հարկային տեսչության աշխատակիցներին չենթարկվելու համար ՀՀ ԿԱ ՊԵԿ օպերատիվ հետախուզական վարչության աշխատակիցներն ապօրինի վարչության ակտ են կազմել իր նկատմամբ:
Կատարվում է նախաքննություն:

Ծխելու դեմ պայքարում պետք է համախմբվեն դպրոցը, ընտանիքն ու հանրությունը

ծխելու դեմ պայքար«Հայկական բժշկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունն իրականացնում է «Ծխախոտի վնասակար ազդեցության մասին տեղեկատվության մատուցում և իրազեկվածության մակարդակի բարձրացում Լոռու, Տավուշի և Գեղարքունիքի մարզերում» ծրագիրը։

Հայկական բժշկական ասոցիացիայի ներկայացուցիչ Հարություն Հարությունյանը նշեց, որ կազմակերպությունն արդեն իսկ եղել է 10 դպրոցում։ Սեմինարների միջոցով դեռահասներին հնարավորինս պարզ, ինտերակտիվ մեթոդներով ներկայացվում է ծխախոտամոլության վնասների մասին։ Աշակերտներին ներկայացվող նյութը պարունակում է նաև տեղեկատվություն, թե ինչպես թողնել ծխելը, ինչը կարող է օգտակար լինել թե′ դեռահասների, թե′ նրանց շրջապատող մեծահասակների համար։ Հարություն Հարությունյանը նշում է, որ կան շատ աշակերտներ, որ տեղյակ չեն անգամ, որ հասարակական տրանսպորտում կամ հասարակական վայրերում ծխել չի կարելի, դրա համար տուգանք է հասնում։

Դիլիջանի ավագ դպրոցի տնօրեն Արա Արամյանը նշում է, որ դպրոցում կան ծխող երեխաներ, թեև նրանց թիվը շատ քիչ է։ Ըստ տնօրենի` ծխելու խնդիրը հենված է երեք կարևոր կետերի վրա՝ ընտանիք, դպրոց, հասարակություն. «Դպրոցն իր աշխատանքն անում է։ Ցավոք, երբեմն ըտանիքն ու հասարակությունը շատ համբերատար են վերաբերվում, անտարբեր են երեխաների ծխելու հանգամանքին։ Եվ ստացվում է՝ որքան էլ դպրոցն իր աշխատանքն անի, մնում է պարտվածի կարգավիճակում»։ Տնօրենը նշում է, որ ինքը չի ծխում ո′չ իր աշխատասենյակում, ո′չ ուսուցիչների, ո′չ էլ առավել ևս աշակերտների մոտ։ Նա նկատում է նաև, որ ցանկացած նման դասընթաց երեխաների մոտ կարող է դրական ազդեցություն ունենալ, բայց իրական նպատակին հասնելու համար անհրաժեշտ են սկզբունքային, հետևողական քայլեր։

Նշենք, որ «Ծխախոտի վնասակար ազդեցության մասին տեղեկատվության մատուցում և իրազեկվածության մակարդակի բարձրացում Լոռու, Տավուշի և Գեղարքունիքի մարզերում» ծրագիրն անցկացվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` որպես ՀՀ նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Պատահարներ հանրապետության ավտոճանապարհներին, 5 մարդ հիվանդանոցում է

ավտովթարԴեկտեմբերի 2-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Էջմիածին-Արմավիր ճանապարհի 21-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել Վեկտրա» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2107»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Դեկտեմբերի 1-ին, ժամը 01.25-ին, «ԲՄՎ-525» մակնիշի ավտոմեքենան Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղում բախվել է «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենայի:

Պատահարի հետևանքով «ՎԱԶ-21099»-ի 2 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Դեկտեմբերի 1-ին, ժամը 02.20-ին, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Աբովյանի Երևանյան փողոցում բախվել է «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2107»-ի վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Ինչպես Անկախը տեղեկացավ ոստիկանությունից, վերոնշյալ բոլոր դեպքերի առնչությամբ կատարվում է քննություն:

Մեկ օրում Երևանում 6 ՃՏՊ է գրանցվել

վրաերթԴեկտեմբերի 2-ին, ժամը 00.15-ին, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Դավիթ Բեկի պողոտայում, բենզալցակայանի դիմաց, բախվել է «BMW X-5» մակնիշի ավտոմեքենայի:
«Օպել Վեկտրա»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Դեկտեմբերի 2-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Երևանի Խանջյան և Թումանյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Միցուբիշի Մոնտերո» և «Մազդա-6» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Դեկտեմբերի 2-ին, ժամը 08.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 19/1 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 16-ամյա աղջկա և նրան տեղափոխել հիվանդանոց:

Դեկտեմբերի 2-ին, ժամը 21.00-ին, «ՎԱԶ-21154» մակնիշի ավտոմեքենան Երևանի Շիրազի փողոցում բախվել է «ՎԱԶ-21703» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-21154»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Դեկտեմբերի 2-ին, ժամը 09.30-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Պասսատ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բագրատունյաց և Տարոնցի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 29-ամյա քաղաքացուհու և նրան տեղափոխել հիվանդանոց:

Դեկտեմբերի 2-ին, ժամը 23.30-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Դավիթ-Բեկի փողոցում բախվել է «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի:
«Օպել Աստրա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ինչպես Անկախը տեղեկացավ ոստիկանությունից, վերոնշյալ բոլոր դեպքերի առնչությամբ կատարվում է քննություն:

Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է

այրվող-ավտոմեքենաԴեկտեմբերի 2-ին, ժամը 07.05-ին,   ՀՀ ԱԻՆ «911»  ծառայությունից ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Երևանի Գոգոլի փողոցի թիվ 74 տան բակում ավտոմեքենա է այրվում:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 06.30-ի սահմաններում, նշված հասցեի դիմաց գտնվող ավտոտնակում «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենայի շարժիչը գործարկելիս կափարիչի տակ կրակ է բռնկվել, ինչի հետևանքով ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է:
Նույն օրը,  Ժամը 07.57-ին,  կրակը մարվել է Արաբկիրի թիվ 5 ՀՓՋ մարտական 2 հաշվարկի կողմից:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ ԱԻՆ ՀՓՋ:

ԱԽԹԱԼԱ. Հայաստանի հյուսիսային դարպասը

ախթալաԼոռու մարզում գտնվող այս փոքրիկ քաղաքն իրավամբ կարելի է համարել Հայաստանի հյուսիսային դարպասները, քանզի Ախթալան ամենահյուսիսային քաղաքային բնակավայրն է: Ախթալայում ընդամենը 3000 մարդ է ապրում, բայց քաղաքն աշխարհին շատ բաներով է հայտնի:

Ախթալայում է գտնվում Կովկասի ամենահին գործարանը` լեռնահարստացման կոմբինատը, որ ստեղծվել է 1763 թ.: Ախթալայի պղնձի արտադրությունը հազարամյակների պատմություն ունի: Այդ է վկայում նաև քաղաքի միջնադարյան անունը` Պղնձահանք: Համաձայն մի ավանդույթի` մ.թ.ա. II դարում Ախթալա է այցելում հայոց Արտաշես Ա Աշխարհակալ արքան և մտնում է պղնձի քուրաներ, որպեսզի տեսնի աշխատող վարպետների գործը: Վարպետներից մեկը, տեսնելով արքայի ձեռքի գեղեցիկ մատանին, քուրայից պղնձի հալած շիթ է բարձրացնում, օդում կլոր շրջան գծում և ստանում արքայի մատանու նման մի մատանի: Հիացած թագավորն իր մատանին նվիրում է հմուտ վարպետին:

Դեռևս XIX դարի վերջին Ախթալայում պեղումներ կատարեց ֆրանսիացի լեռնային ինժեներ Ժակ դը Մորգանը, որ այստեղ պեղեց շուրջ 210 քարարկղային դամբարաններ և նրանցում հայտնաբերեց պղնձեդարյան քաղաքակրթության նմուշներ` զենքեր, զարդեր, կենցաղային իրեր:

Առհասարակ, Ախթալայի տարածքում մարդը բնակվել է հազարամյակներ առաջ: Դրա վկայություններն են Ախթալայի տարածքում հայտնաբերված և Լոռու մարզում միակ ժայռապատկերները, որոնք թվագրվում են մ.թ.ա. մոտ III հազարամյակով:

Ախթալայի պղնձով են պատրաստված Ամերիկայի Ազատության արձանը, որ ֆրանսիացիները նվիրեցին ամերիկյան ժողովրդին, Վենետիկի Սուրբ Մարկոսի տաճարի ճակատի չորս ձիերի քանդակը. այն առաջին դարում հայոց Տրդատ Ա թագավորն է նվիրել Հռոմի Ներոն կայսրին:

Բացի այդ, այսօր ախթալացիները հավատում են, որ իրենց համաքաղաքացին է եղել Ֆրանսիայի մարշալ և նախագահ դը Գոլը, քանզի 1880-ականներին նման ազգանունով հանքային ինժեներ է աշխատել Ախթալայում: Տեղացիները համոզված են, որ նա էլ եղել է Ֆրանսիայի ապագա նախագահի հայրը:

Ախթալան նաև Հայաստանի ամենաբազմամարդ բնակավայրն է. այստեղ ժամանակին 18 ազգերի ներկայացուցիչներ են բնակվել: Ախթալա-Պղնձահանքը միջնադարում բազմամարդ բնակավայր էր. դրա վկայությունն են քաղաքի տարածքում պահպանված չորս ամրոցները: XV դարում տարածքում հայտնի էր նաև Վարդաշեն գյուղը:

Սակայն միջնադարյան ծաղկուն այս բնակավայրը ավերակների կույտի վերածվեց 1386 թ. Լենկ-Թեմուրի հորդաների կողմից, երբ նրանք գրավեցին քաղաքը և սրակոտոր արեցին բնակչությանը:

Ախթալա անվան ծագման տարբերակներից մեկն էլ դրա հետ է կապված. ախտալի` ախտով լեցուն, քանզի Թեմուրի զորքի հեռանալուց հետո բնակավայրն իսկապես ավերակների կույտ է հիշեցրել:

Այս ամենի հետ Ախթալայի այցեքարտը  Սուրբ Աստվածածին եկեղեցին է:

Ախթալայի եկեղեցին 1188 թ. կառուցել է Լոռու Կյուրիկյան Կյուրիկե Գ արքայի կուսակրոն դուստրը` Մարիամը և այդ մասին խաչքարի վրա թողել է հետևյալ արձանագրությունը.

«Ես, Մարիամ, դուստր Կիւրիկէի, կառուցեցի զՊղնձահանացս հողհատի սուրբ Աստվածածինս, որ երկրպագենք: Յաղաւթս յիշեցեք, թւին ՈԼԷ էր»:

Եկեղեցին կառուցված է թերակղզու ձև ունեցող բարձր սարավանդի վրա, ուր տեղակայված է Ախթալայի X դարում կառուցված ամրոցը: Ամրոցի կառուցումը վերագրվում է Լոռու Դավիթ Ա Անհողին թագավորին: Այս ամրոցը ՀՀ տարածքում ամբողջական պահպանված եզակի ամրոցներից է` իր եռաշարք պարիսպներով, բուրգերով, աշտարակներով: Ամրոցի տարածքում է գտնվում նաև Հայաստանում պահպանված եզակի մի շինություն` Իվանե և Ավագ Զաքարյանների երկհարկանի պալատը, որը, իրավամբ, Հայաստանի տարածքում պահպանված միակ արքայական պալատն է: Ամրոցում` պալատի դիմաց, պահպանվել է նաև բաղնիքը, որի պատերը ծեփապատ են, երևում են կավե և երկաթե խողովակները:

Ախթալայի ամրոցը` որպես պաշտպանական կառույց, գործել է մինչև XVIII դարը: Այն ավերվեց 1782 թ. Ավարիայի Օմար խանի ձեռքով, ապա գրավվեց և վերջնականապես ավերվեց 1795 թ. պարսից Աղա Մուհամմեդ խանի կողմից:

Ախթալան Կյուրիկյան թագավորների դրամահատարանն էր: Այստեղ է հատվել Հայաստանի տարածքում միակ հայատառ դրամը, որ պատկանում է Լոռու Կյուրիկե Բ արքային: Հետագայում` Լոռու թագավորության անկումից հետո, Ախթալան դարձավ վրաց Բագրատունի թագավորների դրամահատարանը: Այն գտնվում է հենց ամրոցի և եկեղեցու տարածքում, իսկ գանձարանը` եկեղեցուց ոչ հեռու գտնվող Լենկ-Թեմուրի բերդ կոչված անառիկ ամրոցում:

Սբ. Աստվածածին եկեղեցին առանձնանում է իր գեղեցիկ, վեհ տեսքով: Այն կենտրոնագմբեթ կառույց է: Եկեղեցու շենքը զարդարում են վիթխարի մոնումենտալ խաչերը, որոնք ամենամեծն են Հայաստանի տարածքում: Եկեղեցին եզակի է իր որմնանկարներով: Այստեղ են գտնվում Հայաստանում մոնումենտալ որմնանկարչության ամենամեծ կտորները` շուրջ 960 քմ, որոնք թվագրվում են XIII դարով: 1216 թ. Ախթալայի եկեղեցում է պահպանվել Նորավանքի աստվածընկալ սուրբ խաչը, որ շատ վեճերի ու երկպառակությունների տեղիք է տվել:

Իվանե Զաքարյանի կողմից Ախթալայի եկեղեցու ձեռքբերումից հետո այն վերածվեց քաղկեդոնական տաճարի: Ախթալան դարձավ եպիսկոպոսանիստ և համարվում էր Հայաստանում քաղկեդոնականության կենտրոնը: Այստեղ է գործել միջնադարյան հայ նշանավոր քերական և թարգմանիչ Սիմեոն Պղնձահանեցին, որի աշխատություններն այժմ էլ պահպանվում են մատենադարանում: Այստեղ են ամփոփված Իվանե և Ավագ Զաքարյանների աճյունները: Ախթալայի եկեղեցին ունի իր ուխտի օրը: Ամեն տարի սեպտեմբերի 20-ին այստեղ հազարավոր ուխտավորներ են հավաքվում աշխարհի տարբեր անկյուններից:

Ախթալայում են նկարահանվել Ս. Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի մի քանի հատվածներ:

Ախթալան Հայաստանի միակ բնակավայրն է, որտեղ Երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերի հուշարձան չկա: Քաղաքի բնակիչներից քչերն են մասնակցել պատերազմին, քանզի բնակչության հիմնական մասը աշխատել է կա՛մ Ախթալայի հանքերում, կա՛մ երկաթգծում:

Ախթալայում ամեն տարի սեպտեմբեր ամսին անց է կացվում ավանդական խորովածի փառատոնը:

 

Վահե Անթանեսյան

Անկախ

 

ՀՀ Նախագահի անունից՝ ի պատիվ պետական այցով Հայաստան ժամանած ՌԴ Նախագահի, կազմակերպվել է պետական ընդունելություն

ՀՀ Նախագահ,ՌԴ Նախագահի, պետական ընդունելություն

 

Նախագահ Սերժ Սարգսյանի անունից՝ ի պատիվ պետական այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի, այսօր երեկոյան կազմակերպվել է պետական ընդունելություն:

ՌԴ Նախագահին և նրան ուղեկցող ներկայացուցչական պատվիրակության անդամներին` նախարարներին, նահանգապետներին, ընկերությունների ղեկավարներին ու Ռուսաստանի գիտական և ստեղծագործական մտավորականության ներկայացուցիչներին ուղղված իր բաժակաճառում Նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է հարյուրամյակների պատմություն ունեցող հայ և ռուս ժողովուրդների փոխհարաբերությունների ջերմության և անկեղծության վկայությունների մասին: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ դրանք անգին են ցանկացած հայի համար և արտացոլված են դեռևս 11-րդ և 12-րդ դարերով թվագրված «Սուրբ Թեոդոսիոսի՝ Պեչերյան վանքի վանահոր խոսքում» և «Իլարիոն Մեգլինսկու վիճաբանություններում»:

ՀՀ Նախագահի անունից՝ ի պատիվ պետական այցով Հայաստան ժամանած ՌԴ Նախագահի, կազմակերպվել է պետական ընդունելություն   Նախագահի խոսքով, հայ-ռուսական հարաբերությունների պատմությունն ունի խորը արմատներ և փառահեղ ավանդույթներ, որոնք կարելի է բնութագրել որպես մեր ընդհանուր հարստությունը, սեփականությունը և հպարտությունը դարձած բարեկամության հիմքի վրա երկու ժողովուրդների մշտական մերձեցում: «Մեր ժողովուրդների պատմական կապերի զարգացման մեջ կարևոր ներդրում են ունեցել Հայաստանի այնպիսի նշանավոր զավակներ, ինչպիսիք են Ռուսական կայսրության ներքին գործերի նախարար և Գերագույն կարգադրական հանձնաժողովի ղեկավար Միքայել Լորիս-Մելիքովը, Ռուսական կայսրության ժողովրդական լուսավորության նախարար Իվան Դելյանովը, գեներալ Մադաթովը, Լազարյան եղբայրները և շատ ուրիշներ: Նրանց քաջակորով գործերը շարունակվել են Հայրենական Մեծ պատերազմի հերոսական տարիներին` մարշալներ Բաղրամյանի, Խամփերյանց-Խուդյակովի, Բաբաջանյանի, ադմիրալ Իսակովի և շատ ուրիշների կողմից: Ռուսական պետության մեծության և հզորության ամրապնդման գործին իրենց նվիրաբերած ականավոր զավակների համաստեղությունում չեմ կարող չհիշատակել վերջերս մեզանից հեռացած Գևորգ Անդրեյի Վարդանյանին` մարդ-առասպելին, նշանավոր ծպտյալ հետախույզին, Խորհրդային Միության հերոսին: Մեր միասնական պատմության այս ընդհանուր հերոսները շատ տասնամյակներ առաջ տոն հաղորդեցին մեր ժողովուրդների մարտական եղբայրությանը:

Վլադիմիր Վլադիմիրի, Ձեր այսօրվա այցելությունը 102-րդ ռուսական ռազմակայան մեծ խթան հանդիսացավ նրա ամբողջ անձնակազմի համար: Ավելին՝ այն հստակ ազդանշան դարձավ բոլոր նրանց համար, ովքեր փորձում են կասկածի տակ դնել մեր դաշնակցային գործընկերության անկեղծությունը և լիարժեքությունը, թերագնահատում են մեր ռազմավարական փոխգործակցության ներուժը:

Գյումրիի և ամբողջ Հայաստանի բնակիչները գնահատեցին, թե որքան խորհրդանշական է Ձեր այցելությունը այդ քաղաքը հողին հավասարեցրած և տասնյակ հազարավոր մարդկային կյանքեր խլած` 1988 թվականի սարսափելի երկրաշարժի 25-րդ տարելիցի օրերին: Ողբերգության առաջին օրերից մինչ այսօր Ռուսաստանը շատ բան է արել դրա վերականգնման համար: Համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ծանր տարիներին ռուսական վարկի շնորհիվ Գյումրիում հաջողվեց կառուցել հազարավոր նոր բնակարաններ և տներ, ժամանակավոր շինություններում տասնամյակներով ապրած մարդկանց տանիք տալ և միաժամանակ աշխատանքով ապահովել հարյուրավոր հայ շինարարների: Ցանկանում եմ ևս մեկ անգամ երախտագիտությամբ ընդգծել այստեղ ներկա գտնվող Հայաստանի ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովի անունը»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Հանրապետության Նախագահը ներկաներին հիշեցրել է, որ ՌԴ Նախագահի այցը համընկնում է կարևոր մի հոբելյանի հետ. այս օրերին Հայաստանում տոնում են Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի 75-ամյակը, որը, իրավամբ, համարվում է երկու ժողովուրդների մշակույթների փոխներթափանցման տաճարներից մեկը: Սերժ Սարգսյանը ներկաների անունից շնորհավորել է թատրոնին և նրա գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանին՝ ընդգծելով, որ թատրոնը մշտապես գտնվում է ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում:

Իր խոսքում Նախագահը շնորհակալություն է հայտնել նաև Երևանում այսօր բացված հայ-ռուսական բարեկամությունը խորհրդանշող «Միասնական խաչ» անվանմամբ հուշարձանի և Գյումրիում տեղադրված երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի հեղինակ, անվանի քանդակագործ Ֆրիդ Սողոյանին և նրա որդիներին:

Սերժ Սարգսյանը համոզվածություն է հայտնել, որ հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը և դաշնակցային փոխգործակցությունն այսուհետ ևս ընդլայնվելու են` ի շահ երկու պետությունների և նրանց քաղաքացիների բարգավաճման, ի բարօրություն տարածաշրջանային կայունության և անվտանգության ամրապնդման: Նախագահն ասել է, որ Վլադիմիր Պուտինի այցը, անկասկած, արդեն կարևոր նշաձող է դարձել այդ ճանապարհին:

Փոխադարձ բաժակաճառում ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը հիացմունքով ու մեծագույն հարգանքով է խոսել իր բնորոշմամբ՝ շատ խորը և Եվրոպայի ամենահին մշակույթներից մեկն ունեցող հայ ժողովրդի և Հայաստանի մասին, ընդգծել տասնամյակներ առաջ ընդհանուր պետության մեջ Հայաստանի նկատելի մեծ ներդրումը՝ դա ամենևին պատահական չհամարելով: Վլադիմիր Պուտինը նշել է, որ հայ և ռուս ժողովուրդներին ու երկու պետությունները օբյեկտիվ պատճառներով շատ բան է միավորում: Նշելով, որ երկկողմ հարաբերությունները զարգացել են անցյալի և բարեկամ երկու ժողովուրդների հոգևոր մտերմության ամուր հիմքի վրա, ՌԴ Նախագահը վստահորեն է խոսել այդ հարաբերությունների ապագայի մասին: «Վստահ եմ, որ Հայաստանի ղեկավարության որոշումը՝ միանալ Մաքսային միությանը և Եվրասիական տնտեսական տարածքին, հենց այն բոլոր ավանդույթների հիմքում է, որոնք մեր նախնիների կողմից դրվել են անցած տասնամյակների և դարերի ընթացքում: Դա մտածված, կշռադատված որոշում էր, և այն նոր հնարավորություններ է ստեղծում մեր հարաբերությունների զարգացման համար արդեն նոր հիմքի վրա: Ես չեմ կասկածում, որ դրանք պակաս արդյունավետ և ջերմ կլինեն, քան նախկին տասնամյակներում և հարյուրամյակներում: Ցանկանում եմ Ձեզ դրա համար շնորհակալություն հայտնել»,-ասել է ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը: