Ջրագծերի անցկացման աշխատանքներ կատարելիս հրետանային արկ է հայտնաբերվել

արկՆոյեմբերի 14-ին, ժամը 11.20-ին,  ՀՀ ԱԻՆ Լոռու մարզի փրկարար ծառայությունից ոստիկանության Տարոնի  բաժնում հաղորդում է ստացվել, որ Վանաձոր քաղաքի թիվ 6 դպրոցի մոտ ական կա:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Վանաձորի Մոսկովյան փողոցի թիվ 58/4 հասցեի մոտ, ջրագծերի անցկացման աշխատանքներ կատարելիս, ասֆալտի ծածկի տակ հայտնաբերվել է 485 մմ երկարության, 75 մմ տրամաչափի հրետանային արկ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

Բողոքի մեծ երթ` ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարումների. տեսանյութ,լուսանկարներ

IMG_1566«Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարումների» նախաձեռնությունը քիչ առաջ բողոքի երթ սկսեց, որին մասնակցում է մի քանի հարյուր քաղաքացի: Երթը մեկնարկեց Ազգային ժողովի մոտից և շարունակվեց դեպի Հանրապետական խմբակցության գրասենյակ:

Երթի մասնակիցները “Մի դրդեք հարկատուներին արտագաղթի”, “STOP կուտակային կենսաթոշակին”, “Չպետք է նվազի աշխատավարձը” և այլ կարգախոսերով պաստառներով պահանջելու են ՀՀԿ-ին չբոյկոտել խորհրդարանական չորս խմբակցությունների կողմից նախաձեռնած արտահերթ նիստը, որի օրակարգում կենսաթոշակային պարտադիր վճարումների օրենքը գոնե մեկ տարով հետաձգելու հարցն է:

ՀՅԴ, Ժառանգություն, ԲՀԿ և ՀԱԿ խմբակցություններին երեկ հաջողվել էր անհրաժեշտ ստորագրությունները հավաքել այդ հարցի վերաբերյալ արտահերթ նիստ գումարելու նպատակով, իսկ հանրապետականները խոստացել էին չբոյկոտել: Սակայն այսօր արդեն հայտնի դարձեավ որ ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը մտադիր չեն մասնակցել քննարկմանը:

ԱԺ ճեպազրույցի ժամանակ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ու ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը արտահերթ նիստին չմասնակցելու որոշումը պարզաբանեցին այն հանգամանքով, որ նիստի ընթացքում ծավալվելու են նաև օրենքի վերաբերյալ բովանդակային քննարկումներ, մինչդեռ իրենք համաձայն էին քննարկել միայն օրենքը մեկ տարով հետաձգելու հարցը:

Հիշեցնենք, որ «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարումների» նախաձեռնությանը Ֆեյսբուքում միացել է շուրջ ութ հազար օգտատեր: Չնայած որ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը ԱԺ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ ուրախ է` տեսնելով նախաձեռնության մեջ երիտասարրդ, նոր դեմքեր, սակայն երթին մասնակցում էին նաև տարբեր քաղաքական ուժերի հին դեմքեր. օրինակ, Լևոն Զուրաբյանը ոչ միայն մասնակցում էր, այլև ակնհայտորեն ղեկավարում էր երթն առաջնորդող երիտասարդներին` չնայած որ մեզ հետ զրույցում հայտնեց, թե ընդամենը մասնակցի կարգավիճակով է միացել երթին:

 

 

Ժայռ-մարդը. Վլադիմիր Մովսիսյանն ազերիների կացնի հարվածի տակ, անգամ, չստորագրեց փաստաթուղթը

Վլադիմիր ՄովսիսյանՆշանավոր պետական, քաղաքական, հասարակական գործիչ, որի ողջ կյանքն ու գործունեությունը շաղկապակցված է մեր պետության տարեգրությանը, խորհրդային և անկախ Հայաստանի կարևոր ու շրջադարձային էջերին, վաստակաշատ մարդ, որն իր մեծ ավանդն ունի երկրի կայացման գործում, վառ անհատականություն, ժայռ…

Այս վերջին բնութագրումը տվել է երջանկահիշատակ Սոս Սարգսյանը` հայոց լեզվի բառագանձից ընտրելով ամենադիպուկ ու լակոնիկ բառը: Այո, ժայռի պես աներեր ու իմաստուն:

Ավագ և միջին սերնդի համար գուցե ավելորդ լինի ներկայացնել Վլադիմիր Մովսիսյանին, քանի որ այդ սերունդն իր աչքով է տեսել նրա կատարած աշխատանքները: Սակայն երիտասարդ սերնդին իսկապես արժե ներկայացնել նրա կենսագրությունը, որպեսզի մտորելու առիթ ունենա: Մեր իրականության մեջ, երբ շատ արժեքներ աղավաղված են ու ստորադասված,  նման մարդկանց կյանքի օրինակը խիստ կարևոր է ճշտելու համար  նորօրյա չափանիշներն ու մոտեցումները: Նման մարդկանց օրինակը խիստ անհրաժեշտ է նաև մերօրյա բարձրաստիճան պաշտոնյաների համար, որոնք սովորելու  շատ բան ունեն:

Ես նույնպես երիտասարդ եմ ու շատերի պես Վլադիմիր Մովսիսյանի անունը հաճախ լսել եմ Սևանա լճի հետ կապված խոսակցություններում, գիտեմ, որ նրա դերն անգնահատելի է համազգային արժեք հանդիսացող և ռազմավարական նշանակություն ունեցող մեր լճի վերականգնման ու պահպանման գործում: Սակայն նրա կենսագրության էջերը հետ թերթելով` ապշում  ու հիանում եմ` հայտնաբերելով նորանոր փաստեր, նաև զարմանում, որ այս մարդն իր գործունեության սկզբից մինչ օրս ոչ մի վայրկյան չի դադարել, անընդմեջ աշխատել է ամենադժվարին ու պատասխանատու ոլորտներում:

Նոյեմբերի 12-ին Վլադիմիր Մովսիսյանը դարձավ 80 տարեկան, սակայն եռանդուն ու երիտասարդ ավյունով լի գործիչը կարծես թե ամենևին էլ մտադիր  չէ թուլացնելու տեմպը և վաստակած հանգստի գնալու: Միգուցե պատճառը պատասխանատվության այն մեծ զգացումն է, որ քանի դեռ կա, պետք է ծառայի պետությանն ու ժողովրդին:

Հոբելյանական ցերեկույթին, որի ընթացքում տեղի ունեցավ նաև նրա կյանքին ու գործունեությանը նվիրված երկու գրքի շնորհանդես, ներկա էին պաշտոնյաներ ու գործիչներ գրեթե բոլոր ոլորտներից` պետական, քաղաքական, հասարակական, մշակութային: Դա պատահական չէ, քանի որ ինչպես մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը նշեց, Վլադիմիր Մովսիսյանն ամենուր է, քանի որ ամենուր նրա կարիքը կա:

1975-1990 թթ., վարելով պետական և կուսակցական բարձր պաշտոններ, նա լուրջ ներդրում է ունեցել երկրի զարգացման գործում, որոնց մասին մանրամասն ներկայացված են Ֆելիքս Բախչինյանի և Վլադիմիր Պետրոսյանի գրքերում: Ամենահետաքրքրաշարժ և Հայաստանի  համար ճակատագրական դրվագներից մեկն էլ այն է, որ Վլադիմիր Մովսիսյանի շնորհիվ 1984 թ. Հայաստանին է վերադարձվել Ադրբեջանի կողմից զավթված 14 451 հեկտար հող:  Ինչպես Վազգեն Մանուկյանն է ասում, առանց զորքի ազատագրել է հողը:

Խոսքը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային արոտավայրերի վեճի մասին է, որը սկիզբ է առել դեռևս 1920-ականներին և նոր փուլ մտել 1941 թ. սկսված Հայրենական մեծ պատերազմի ժամանակ, երբ ԽՍՀՄ պաշտպանության պետական կոմիտեի որոշմամբ ժամանակավորապես Հայաստանից Ադրբեջանին է տրվել 160 հազար հեկտար ամառային արոտավայր` ռազմաճակատին մսամթերքով ապահովելու նպատակով: Պատերազմի ավարտից հետո Հայաստանի` Ադրբեջանի կողմից արոտավայրերն այլևս չօգտագործվելու և վերադարձվելու պահանջը տարբեր պատճառաբանություններով մերժվել է, հետագայում արոտավայրերը մաս-մաս վերադարձրել են, սակայն ոչ ամբողջությամբ, և վեճը ժամանակ առ ժամանակ սրվել է: Խնդիրը, ի վերջո, լուծվել է ՀԽՍՀ Մինիստրների սովետի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Մովսիսյանի համառ ջանքերի գնով, նա անգամ մահից է փրկվել: Ադրբեջանական պաշտոնյաների հրահրմամբ կատաղած ամբոխը հարձակվել է նրա ու մի քանի հայ պաշտոնյաների վրա, որոնք Մովսիսյանի գլխավորությամբ գնացել էին կանխելու հայկական հողերի վրա իրականացվող ջրատարի ապօրինի շինարարությունը: Ամբոխը նախ շրջել է նրանց ավտոմեքենան, հետո դուրս քաշել նրանց, մահակներով հարվածել, քարեր նետել, ծանր մարմնական վնասվածքներ հասցնելուց հետո` բռնությամբ տարել Քյամառլու գյուղ, որի ակումբում սեղանին դրել թուղթ ու գրիչ և կացնի սպառնալիքի տակ ստիպել Մովսիսյանին և մյուսներին արնաշաղախ բարձրանալ բեմ և ստորագրել այդ հողերն Ադրբեջանին պատկանելու մասին փաստաթուղթը: Շուրջ երեք ժամ տևած տանջալի իրադրության պայմաններում Մովսիսյանն անընդհատ հրաժարվել է ստորագրելուց, և նրա ամեն խոսքից հետո ազերիները բարձրացրել են սեղանին դրված կացինն ու սպառնացել, որ կկտրեն վիզը: Ի վերջո Մովսիսյանին հաջողվել է սթափեցնել գազազած ազերիներին և նրանց կազմակերպիչներին, երբ հայտարարել է, որ այս ամենը սադրող պաշտոնյաների մասին կզեկուցի ՍՄԿԿ կենտկոմին: Այդպես հայ պաշտոնյաների խումբն ազատվել է մարդասպան ամբոխի ճիրաններից` առանց որևէ փաստաթուղթ ստորագրելու:

Պատահական չէ, որ 1990 թ.` Հայաստանի համար ամենադժվարին ժամանակահատվածներից մեկում, Վլադիմիր Մովսիսյանը միաձայն ընտրվել է ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար: Կեսկատակ-կեսլուրջ ասում է, որ լավ գիտեին, թե իրեն ուր են ուղարկում, ինչ ծանր ու պատասխանատու գործի, և եթե դա լիներ ավելի խաղաղ ժամանակներում, իրեն երբևէ հերթ չէր հասնի, ուզողներ շատ կլինեին: Նույն տարին նա ղեկավարել է ՀՀ պաշտպանության արտակարգ հանձնաժողովը պատերազմի առաջին գծից: 1991-96 թթ. ղեկավարել է նաև ՀՀ փախստականների հարցերի պետական վարչությունը: Պատմում է, որ լինում էին օրեր, երբ օրական մինչև 300 մարդ էր ընդունում և  մեկ առ մեկ լսում բոլորի ահասարսուռ պատմությունները Ադրբեջանում կատարված ոճիրների մասին: Մխիթարում էր բոլորին, կարեկցում ու աջակցում ոչ միայն ի պաշտոնե, այլև մարդկայնորեն:

Մեծ է նրա ավանդը նաև 1988 թ. ավերիչ երկրաշարժի հետևանքների վերացման, անօթևաններին և տուժածներին աջակցելու գործում: 1992-94 թթ. Լեռնային Ղարաբաղում հենց նա է կազմակերպել 2837 տների ու բնակարանների վերականգնումն ու կառուցումը և շուրջ 40 հազար փախստականների Հայաստանից ԼՂՀ վերաբնակեցումը:

Վլադիմիր Մովսիսյանը եղել է նաև Գեղարքունիքի մարզպետ, գյուղնախարար, 1999-2004 թթ.` ՀՀ վարչապետի խորհրդական: 2004-ից ՀՀ անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենն է, 2008-ից` ՀՀ նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահը: ՀՀ Հանրային խորհրդի ստեղծման օրվանից խորհրդի անդամ է, ամենաակտիվ անդամներից մեկը:

Հոբելյանական ցերեկույթին նրա բազմաթիվ շքանշաններին ավելացան ևս մի քանիսը, իսկ հոբելյարը լոռեցու պարզ ու անկեղծ խոսքով ներկաներին ասաց. «Արել եմ այնքան, ինչքան ուժերս ներել են: Հավատացեք` կանեի ավելին, այդքանն եմ կարողացել: Ավել-պակասի համար ներողամիտ եղեք»:

Վազգեն Մանուկյանը Վլադիմիր Մովսիսյանի մասին խոսելիս ասում է, որ նման դժվարին, պատասխանատու և ծանր աշխատանք ուսերին տանելու համար նախ և առաջ պետք է սիրես քո երկիրը, քո հողն ու ջուրը. «Վլադիմիր Մովսիսյանի սերն իր հող ու ջրի նկատմամբ անվերջ է»,- ասում է նա:

Իսկ Սոս Սարգսյանը պատահաբար չի ասել, որ Հայաստանում մատների վրա կարելի է հաշվել այն գործիչներին, որոնք ոչ միայն եղել են բոլոր բնակավայրերում, այլև հանդամասերում, արոտավայրերում, այգիներում և անուն-ազգանունով, տոհմով են ճանաչում մարդկանց: «Անունները հանրահայտ են` Անտոն Քոչինյան, Վլադիմիր Մովսիսյան, Ալեքսան Կիրակոսյան»,- նշել է նա:

Երբ վերջին շրջանում Մովսիսյանն այցելել է հիվանդանոց` Սոս Սարգսյանին տեսակցելու, վերջինս այդ այցից հետո տպավորված գրել է. «Պառկած նայում եմ նրան. թիկնեղ, բարձրահասակ, առնական, լայն դեմքին խոշոր, իմաստուն աչքեր, խոր կնճռի երկու ակոս և հզոր ծնոտ… Էն տղամարդկանցից է, որ եթե կինը սիրահարվեց, ապա մինչև կյանքի վերջը: Կարծում եմ` իմ սիրելի քույրիկ, նրա տիկին Մառլենան լռելյայն ինձ հետ կհամաձայնի»:

Տիկին Մառլենան մեզ հետ զրույցում, խոսելով համբերատար, ներողամիտ, ազնիվ, զիջող, հոգատար ու չափազանց բարի ամուսնու մասին, նաև հիշեց, թե ինչպես են ծանոթացել. «1958 թվականն էր: Նա որպես կրտսեր գիտաշխատող եկավ աշխատելու Կալինինոյի փորձարարական տնտեսության բազայում, որի տնօրենը հայրս էր: Ես այդ ժամանակ ուսանող էի, սովորում էի Երևանում, իսկ ամռան ամիսներին մի փոքրիկ աշխատանք էի կատարում հայրիկիս մոտ: Հիշում եմ` պետք է կուրսային գրեի, չգիտեի` որ կողմից սկսեմ, հայրս խորհուրդ տվեց դիմել Վլադիմիրին` որպես խելացի, երիտասարդ աշխատողի: Մոտեցա, ասացի` կարո՞ղ եք օգնել ինձ, ասաց` խնդրեմ: Երկու ժամ հետո հսկայական պրոյեկտը բերեց, հանձնեց ինձ»,- պատմում է նա:

Այդ ծանոթությունից անցել է ուղիղ 55 տարի, բայց մինչ օրս տիկին Մառլենան հպարտանում է նրանով և ասում, որ ոչ մի վայրկյան չի նեղսրտել, երբ ամուսինն իր ժամանակի մեծ մասը նվիրել է պետական, քաղաքական ու հասարակական աշխատանքին: Ավելին` նրան օգնել է, ընտանեկան հոգսերից ազատել, որպեսզի նա իր գործն անի անմնացորդ նվիրումով:

 

Նախագահ Սերժ Սարգսյանն Արցախում այցելել է կենտրոնական և հարավային ուղղությամբ տեղակայված զորամասեր,լուսանկարներ

4622

 

Աշխատանքային այցի շրջանակներում Արցախում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 14-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի և հայկական երկու հանրապետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների ու բարձրագույն սպայական կազմի հետ այցելել է ՊԲ կենտրոնական ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկը: Նախագահը շարահրապարակում անձնակազմին ողջունելուց հետո, զրուցել է զինվորների և սպայական կազմի հետ, այնուհետ դիտել հետախուզական վաշտի ցուցադրական պարապմունքը:

ՀՀ և ԼՂՀ նախագահները ծաղկեպսակ են դրել զորամասի տարածքում կառուցված զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել:

Սերժ Սարգսյանը և Բակո Սահակյանը զորամասի տարածքում բանակային շինությունների բացման հանդիսավոր արարողությունից հետո դիտել են մարտական հերթապահության մեկնող անձնակազմի նախապատրաստական պարապմունքները և խրախուսել լավագույն արդյունք ցուցաբերածներին: Հայկական երկու հանրապետությունների նախագահներն այցելել են նաև հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկը, որտեղ բացվել է ծառայության համար անհրաժեշտ բոլոր հարմարություններով նորակառույց շտաբի մասնաշենքը: Նախագահներն այստեղ դիտել են նաև արգելագոտու հաղթահարման ուղղությամբ անձնակազմի վարժանքները:

Ավարտվել է հայկական երկու հանրապետությունների փոխգործակցության շրջանակներում կայացած` ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի եռօրյա աշխատանքային այցը ԼՂՀ ՊԲ զորամասեր և առաջնագիծ:

Մայրաքաղաք Ստեփանակերտում այսօր առավոտյան տեղի է ունեցել նախագահներ Սերժ Սարգսյանի և Բակո Սահակյանի առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմով խորհրդակցություն՝ ՀՀ պատվիրակության և ԼՂՀ վարչապետի ու կառավարության անդամների մասնակցությամբ:

Նոյեմբերի 25-ից նոր արագաչափ սարքեր կգործարկվեն Երևանի մի շարք փողոցներում

Արագաչափ-սարքՃանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Մասնավորապես, 2013 թվականի նոյեմբերի 25-ից գործարկվելու են Երևան քաղաքի Սեբաստիա (2 արագաչափ` երկու ուղղություններով), Րաֆֆու (2 արագաչափ` երկու ուղղություններով) և Խանջյան (1 արագաչափ՝ Խանջյան-Տիգրան Մեծի փողոցների խաչմերուկից դեպի Խանջյան-Թումանյան փողոցների խաչմերուկ ուղղությամբ) փողոցներում նոր տեղադրված արագաչափ սարքերը, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
Ճանապարհային ոստիկանություն

Փրկարարներն օգնության են հասել տանը մնացած քաղաքացիներին

փրկարարՆոյեմբերի 15-ին, ժամը 07.54-ին ԱԻՆ-ում  ահազանգ է ստացվել, որ Երևանի Չարենցի փողոցի 2-րդ նրբանցքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, քաղաքացիները մնացել են ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են Լ. Թ.-ին պատկանող բնակարանի դուռը:

Ապօրինի գործունեություն ծավալելու փորձը կանխվել է

002 (1)Աբովյան փողոցում գտնվող ստորգետնյա շինության առնչությամբ լրատվամիջոցներում տարածված տեղեկատվության հետ կապված հայտնում ենք, որ Աբովյան 21 շենքին հարակից հատվածում գտնվող վերգետնյա շինություններն ապամոնտաժելուց հետո տվյալ տարածքում առկա ստորգետնյա հատվածը նախատեսվել էր վերակառուցել և շահագործել որպես ստորգետնյա հասարակական զուգարան: Հաշվի առնելով, որ Երևանի քաղաքապետարանի կողմից տվյալ ստորգետնյա կառույցը հասարակական այլ գործունեության նպատակով օգտագործելու համար չի տրվել որևէ թույլտվություն, քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան ծառայությունների կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ քայլեր, որի արդյունքում ապօրինի գովազդ տեղադրելու և ոչ նպատակային նշանակության գործնեություն ծավալելու փորձի համար կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ համապատասխան արձանագրություններ, իսկ տեղադրված գովազդային վահանակն ապամոնտաժվել է:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Ջրափրկարարները հայտնաբերել են ջրահեղձվածների դիերը (լրացված)

IMG_2778-5329-650-500-100-rd-255-255-255-wm-center_middle-100-mespngՆոյեմբերի 13-ին, ժամը 12.55-ին տեղեկություն է ստացվել, որ Ծովակ գյուղի մոտակայքում՝ Սևանա լճում (ափից մոտ 1 կմ հեռավորության վրա), հայտնաբերվել է նավակ, որի մեջ պետք է լինեին նույն գյուղի բնակիչներ՝ 1971 թ. ծնված Ն. Հ. և 1988 թ. ծնված Ա. Վ.:

Ըստ ձկնորսների՝ նշված քաղաքացիները վաղ առավոտյան՝ ժամը 05.00-06.00-ի սահմաններում, դուրս են եկել լիճ, քանի որ լճում մոտ 2 հա տարածքի վրա ունեն ցանցեր: Ա. Վ. և Ն. Հ. չեն պատասխանում հեռախոսազանգերին:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ ջրափրկարարական ջոկատը:

Ժամը 14.45-ից 17.45-ը ջրափրկարարները իրականացրել են որոնողական աշխատանքներ, սակայն անարդյունք:

Ժամը 18.00-ին եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով՝ որոնողական աշխատանքները դադարեցվել են:

Որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով ժամը 01.20-ին դեպքի վայր է մեկնել Սևան քաղաքի հատուկ ջրափրկարարական ջոկատի «ԶԻԼ-131» ամենագնացը (3 ջրափրկարար):

Ժամը 02.40-ին դեպքի վայր է մեկնել Սևան քաղաքի ՀՋՋ-ի նավը և 2 մոտորանավակ (4 ջրափրկարար):

Ժամը 06.30-ին դեպքի վայր է մեկնել Սևան քաղաքի ՀՋՋ-ի 13 ջրափրկարար («Իվեկո», «ՈՒԱԶ» և «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաներով):

Որոնողական աշխատանքներին մասնակցում է մոտ 60 բնակիչ՝ 25 նավակով:

Առավոտյան դեպքի վայր է ժամանել ԱԻ նախարար Ա. Երիցյանը և մասնակցել որոնողական աշխատանքներին:

Ժամը 10.42-ին ափից 3.5կմ հեռավորության վրա ջրափրկարարների և տեղի բնակիչների հետ համատեղ ուժերով հայտնաբերվել է Ն. Հարությունյանի դին:

Ժամը 11.02-ին ջրափրկարարները հայտնաբերել են Ա. Վարդանյանի դին:

Եղանակը Հայաստանում առաջիկա հինգ օրերին

եղանակը հայաստանումՀանրապետության տարածքում՝

Նոյեմբերի 15-ին, 17-19-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 16-ին առավելապես արևելյան շրջաններում սպասվում են թույլ տեղումներ:

Քամին հյուսիս-արևելյան 3-8 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 16-ի ցերեկը և 17-ի գիշերը  կնվազի 2-3, արևելյան շրջաններում 5-6 աստիճանով:

Երևանում`
Նոյեմբերի 15-ին, 17-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 16-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է:
Երևանի  նոյեմբերի  15-ի բազմամյա կլիմայական տվյալներ
·         Օդի առավելագույն ջերմաստիճան    19.00C (1980թ)
·         Օդի նվազագույն ջերմաստիճան        -6.90C (1993թ)
·         Օդի միջին օրական ջերմաստիճան     6.10C:

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

ոստիկանությունԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի`  նոյեմբերի 13-ից 14-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 8 դեպքից բացահայտվել է 7-ը, խարդախության` 10,  յուրացման կամ վատնման և ապօրինի ծառահատման  1-ական դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է գողության 5 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է ավազակային հարձակման` 1,  գողության և մարմնական վնասվածք հասցնելու 2-ական  դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 5 պատահար. 5 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

Շինարարությունը իրականացվում է տարբեր խախտումներով

Սայաթ-Նովա փողոցի 10-րդ և 12-րդ շենքերԵրևանի Սայաթ-Նովա փողոցի 10-րդ և 12-րդ շենքերի բնակիչները դիմել են ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանին հետևյալ խնդրով. վերոնշյալ շենքերի դիմաց կառուցապատում իրականացնելու թույլտվություն է տրվել առանց հանրային լսումներ և քննարկումներ կազմակերպելու ու անցկացնելու ՀՀ օրեսդրության պահաջները հաշվի առնելու: Բացի այդ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տվել է եզրակացություն, համաձայն որի՝ խախտված է «Քաղաքաշինություն: Քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» ՍՆԻՊ 2.07.01-89 շինարարական նորմի հավելված 1-ի «Հակահրդեհային պահաջներ» բաժնի 2-րդ կետի պահանջը:

 

Տվյալ տարածքի բնակիչները դեմ են արտահայտվում այդ կառուցապատմանը և պահանջում անհապաղ ձեռնարկել համապատասխան գործողություններ՝ նշված տարածքում կառուցապատումն արգելելու և տրված թույլտվությունը չեղյալ համարելու համար:

 

Արմեն Մարտիրոսյանը նամակով դիմել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ Երևանի քաղաքապետարանին առաջարկելով քննարկումներ կազմակերպել բնակիչների հետ և չեղյալ հայտարարել շինարարություն իրականացնելու թույլտվությունը: Նամակին կից ներկայացրել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից տրված եզրակացության պատճենը:

Բողոքի երթ դեպի կառավարություն,լուսանկարներ, տեսանյութ

MHM83251 copyՈւսանողի օրվան` նոյեմբերի 17-ին ընդառաջ`  ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան»ուսանողական միությունն այսօր երթ էր կազմակերպել դեպի կառավարություն` բողոքելով ուսման բարձր վարձերի, ցածր կրթաթոշակի, արտագաղթի, կոռուպցիայի, մոնոպոլիայի, անարդյունավետ կառավարման եւ այլնի դեմ, այս մասին հաղորդում է  yerkir.am-ը :

Այս երթով «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը stop էր ասում ՀՀ կառավարությանը, որի վարած քաղաքականության հետևանքով երկիրը հայտնվել է ծանր կացության առջև: Միության 50-ից ավելի ուսանողներ ՀՊՃՀ կենտրոնական մասնաշենքի դիմացից երթով շարժվեցին Երևանի մի շարք բուհերի մոտով` ուսանողներին հորդորելով միանալ իրենց: Հատկանշական է, որ գրեթե բոլոր բուհերի դիմաց կազմ-պատրաստ կանգնած էին ուսխորհրդի նախագահները եւ փակում էին բուհի դռները` երևի մտահոգվելով, որ ուսանողները կմիանան ակցիայի մասնակիցներին:

 

Նշենք, որ ՆԱՈՒՄ-ի ուսանողները գավաթ էին բերել` հանձնելու կառավարությանը` որպես «պարգեւ» վատագույն կառավարման համար: Գավաթը ստանալու համար ակցիայի մասնակիցներին ժպիտով մոտեցավ կառավարության ներկայացուցիչ Ալեքսանդր Ղազարյանը, սակայն, երբ տեղեկացավ, թե ինչի համար է նախատեսված գավաթը, հրաժարվեց վերցնել` խորհուրդ տալով այն թողնել ընդունարանում: Ուսանողներն, ի նշան բողոքի, բացականչեցին` «հեռացեք»,  ապա կոչ արեցին գավաթն անպայման փոխանցել անձամբ վարչապետ Տիգրան Սարգսյանին:

 

Մանրամասները` yerkir.am-ի տեսանյութում:

Սկսվել են մայրաքաղաքի ծաղկապատման աշնանային աշխատանքները

Երևանի քաղաքապետարան, ծաղկապատումԵրևանի սիզամարգերի ծաղկման շրջանը երկարացնելու նպատակով պուրակներում ու սիզամարգերում հողաշերտի տակ դրվում են բազմերանգ կակաչների սոխուկներ։

Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի տեղակալ Սուրեն Մաքսապետյանի խոսքով՝  2013 թվականին կատարված, վերջին տարիներին առաջին անգամ կիրառված ծաղկապատման այս եղանակը հաջողվել է։

«Վարդակակաչների սոխուկները վերաճ են տալիս, ինչը հնարավորություն է ընձեռում տարեցտարի ավելացնել Երևանում վաղ գարնանը ծաղկող այս ծաղկատեսակների քանակը»,- նշել է Սուրեն Մաքսապետյանը։

Մեկ շաբաթվա ընթացքում մայրաքաղաքի սիզամարգերի հողում դրվելու են վարդկակաչի 500.000 սոխուկներ, որոնցից մարտի վերջերից սկսած ծաղկասածիլներ դուրս կգան։

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Կառուցվում են կրթական և մշակութային օբյեկտներ, ճանապարհներ

հհ կառավարության նիստՀՀ կառավարությունը 2013թ. պետբյուջեում կատարել է վերաբաշխում, փոփոխություններ և լրացումներ` ավելի վաղ ընդունած իր երկու որոշումներում: Նոր որոշումը միտված է պահպանման և շահագործման արդի պահանջները բավարարող կրթական և մշակութային օբյեկտների ձեռքբերմանը և ՀՀ պետգնումների գործընթացին միջին և փոքր ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի ակտիվ մասնակցության ապահովմանը: Հատկացված ֆինանսական միջոցներով կբարեկարգվի Գեղարքունիքի մարզի Վաղաշենի նորակառույց դպրոցի տարածքը, կավարտվեն շենքի կահավորման մնացորդային աշխատանքները, կվերակառուցվի Երևանի Հովհ. Թումանյանի տուն-թանգարանի տանիքը, կշարունակվի Արարատի մարզի Մասիսի N 5 ավագ դպրոցի վերակառուցումը, կնորոգվի Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնը, ինչպես նաև ձեռք կբերվի քաղաքաշինական ծախսային ծրագրերով նախատեսված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնման էլեկտրոնային համակարգի արդյունավետության վերաբերյալ հանրամատչելի տեսահոլովակ:

Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև ստորագրված վարկային համաձայնագրի Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի առաջին տրանշով նախատեսվում է իրականացնել Երևանի Արշակունյաց պողոտան Արտաշատի խճուղուն միացնող և Արգավանդի ճանապարհային հանգույցը Շիրակի փողոցին միացնող մայրուղու շինարարությունը: Կառավարության նիստում հաստատվել է նշված առաջին ճանապարհահատվածի համար հողի օտարման և տարաբնակեցման N 1 ծրագիրը: Առաջիկայում կսկսվի իրացման աշխատանքը: Հաջորդ որոշմամբ գործող որոշման հավելվածում ընդգրկված ցանկից հանվել են այն հասցեները, որոնք ըստ ավտոճանապարհի նոր նախագծի այլևս չեն համարվում բացառիկ` գերակա հանրային շահ, ինչպես նաև այդպիսիք են ճանաչվել նոր տարածքներ: Օտարման ենթակա տարածքների ճշտումից հետո Երևանի քաղաքապետարանը` որպես ձեռքբերող, կիրականացնի իր պատվիրակված լիազորությունները:
Մեկ այլ որոշմամբ գործադիրը Երևանի քաղաքապետին լիազորել է Հայաստանի Հանրապետության անունից «Ավո Ֆ.Մ.Հ.» ՍՊԸ հետ կնքել Երևան քաղաքի Աբովյան, Նալբանդյան, Արամի փողոցներով պարփակված տարածքում սեփականության օտարման ընթացքում պետության և ձեռքբերողի իրավունքները, պարտավորություններն ու պատասխանատվությունը սահմանող պայմանագրում քաղաքաշինական ծրագրի վերջնաժամկետը 2016թ. դեկտեմբերի 30-ը սահմանելու վերաբերյալ փոփոխություն կատարելու համաձայնագիր:

Բնակիչներն ապահովվում են անվտանգ բնակելի տարածությամբ

կառավարության նիստԿառավարությունը փոփոխություն է կատարել իր նախկին որոշումներից մեկում և ՀՀ քաղաքաշինության նախարարին հանձնարարել Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի Շիրազի փողոցի N 26 և 27 շենքերի շինարարության ավարտման փաստագրումից հետո մեկամսյա ժամկետում այդ շենքերը որպես սոցիալական բնակարանային ֆոնդ փոխանցել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշվեկշռին` դրանց նկատմամբ իրավունքների պետական գրանցումն ապահովելու համար: Որոշումը նաև պարտավորեցնում է Մարալիկ քաղաքի NN 17, 22, 28 և 35 բազմաբնակարան շենքերի բնակարանների հատկացմամբ կարգավորել քաղաքի քանդման ենթակա վթարային N 5 շենքի բնակիչների վերաբնակեցման` անվտանգ բնակելի տարածությամբ ապահովելու, ինչպես նաև երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած բնակարան արտահերթ ստանալու իրավունք ունեցող անձանց բնակարանային խնդիրները:

Վերաբաշխում կատարելով 2013թ. պետբյուջեում, փոփոխություններ` ավելի վաղ ընդունած իր որոշումներից մեկում, գործադիրը 2013թ. հղիության և ծննդաբերության նպաստների և ժամանակավոր անաշխատունակության նպաստների գծով կատարված փաստացի ծախսերի ֆինանսավորման նպատակով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությանը հատկացրել է մոտ 2.5 մլրդ դրամ: Որոշման ընդունմամբ ապահովվում է ընթացիկ տարվա պետբյուջեի եկամտային մասի` Ծառայության կողմից փաստացի ծախսերին համապատասխան վճարումների կատարումը, ինչպես նաև վճարում չկատարելու դեպքում պետության հանդեպ տույժ և տուգանքի առաջացման կանխումը:
ՀՀ կառավարությունն ավելի վաղ ընդունած իր երեք որոշումներում կատարել է փոփոխություններ և լրացումներ, վերաբաշխում` 2013թ. պետբյուջեում և երկու ծրագրերի տնտեսումից առաջացած շուրջ 20 միլիոն դրամը հատկացրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը` ապահովելու համար համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններում տեղակայված տեխնիկայի պահպանումը և Երևանի Թբիլիսյան խճուղի N 3 մասնաշենքի, Մարալիկի Շիրազի փ. 25, 33 և 34 շենքերի և Գյումրու երեխաների խնամքի և պաշտպանության N 1 գիշերօթիկ հաստատության մասնաշենքերի պետական գրանցումը: Մեկ այլ որոշմամբ սույն հաստատությանն են հանձնվել իր իսկ զբաղեցված մասնաշենքերը, որոնք հիմնանորոգումից հետո հնարավորություն կտան պատշաճ կազմակերպել գիշերօթիկում բնակվող երեխաների շուրջօրյա խնամքը և բարձրացնել սպասարկման որակը:
Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտության առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի ուսումնական գործընթացը բնականոն կազմակերպելու համար պահպանվող միջոցները կառավարությունը որոշել է տրամադրել Լոռու մարզպետարանին նախատեսված ծրագրերից մեկի հաշվին:

Թունավորում` դասասենյակում տեղադրված նավթի վառարանից շմոլ գազի արտահոսքի հետևանքով

Թունավորումներ ՀայաստանումՆոյեմբերի 13-ին, ժամը 10.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով բուժօգնության են տեղափոխվել 1998 թ. ծնված Արփինե Թ.-ն և 1998 թ. ծնված Նոնա Ե.-ն:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 09.30-ի սահմաններում, աղջիկները թունավորվել են Մադինա գյուղի  դպրոցի դասասենյակում տեղադրված նավթի վառարանից շմոլ գազի արտահոսքի հետևանքով:
Կատարվում է նախաքննություն:

Տարոն Մարգարյանը նորից սուտ է խոսել․ Զուգարանը՝ պիցերիա

Զուգարանը՝ պիցերիա2012 թվականին Աբովյան փողոցում հսկայական ծառերի տապալումից և շինաշխատանքներից հետո երևանցիների բողոքին ի պատասխան Տարոն Մարգարյանը ավագանու նիստում հայտարարեց․ «Այնտես հանրային զուգարան է կառուցվում, վահանակ դրեք, որպեսզի քաղաքացիները իմանան»։

Մեկ տարի անց Աբովյան փողոցի ճեմուղին այլանդակող բետոնապատ կառույցի վրա հայտնվել է պիցերիա ցուցանակը։ Ընդ որում բետոնի մեջ տառապում են մի քանի երկարամյա սլացիկ ծառեր։

Փաստորեն, Տարոն Մարգարյանը նորից սուտ է խոսել կամ էլ նա չի կարողանում վերահսկել քաղաքաշինական գործողությունները։
Հայտարարում ենք, որ Աբովյան փողոցի ճեմուղին պետք է ազատագրվի աջ ու ձախ կողմում հայտվող ուռուցքներից՝ իսկ պաշտոնյաների պատասխանատվությունը վաղեմության ժամկետ չունի։

Յուրաքանչյուր որոշման համար պետք է պատասխանատվություն կրի տվյալ պաշտոնը զբաղեցնող անձը։ Լինի դա ստախոս պաշտոնյա, թե պարզապես օրինախախտ։

«Մենք ենք այս քաղաքի տերը» «Մենք ենք այս քաղաքի տերը»
քաղաքացիական նախաձեռնություն

Պատահարներ մայրաքաղաքում

ավտոպատահարՆոյեմբերի 13-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Երևանի Մյասնիկյան պողոտայից Գայի պողոտա ընկած ճանապարահատվածում իրար են բախվել «Օպել» և «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 13-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Երևանի  Աթոյան և Բելինսկու փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «Բի Այ Դի»  մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով վարորդները և «ՎԱԶ-2106»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:
 ***
 
Նոյեմբերի 13-ին, ժամը 19.30-ին, Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 17 հասցեի մոտ  «ՎԱԶ-21104»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 52-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:
***
 
Նոյեմբերի 13-ին, ժամը 16.00-ին, Դավիթ Բեկի փողոցի թիվ 70 հասցեի մոտ իրար  են բախվել  «Օպել» մակնիշի երկու ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով ավտոմեքենաներից մեկի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:

Բաց դռների օր Տրանսպորտի և կապի նախարարությունում. վարորդների հարցերին կպատասխանի Գագիկ Բեգլարյանը

տկնՏաքսիների և տաքսու վարորդների թեման այսուհետև չշահարկելու համար ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում նոյեմբերի 15-ին՝ ժամը 15:00-17:00-ը, հայտարարվում է բաց դռների օր:

Այն վարորդները, ովքեր ունեն հարցեր տաքսոմոտորային փոխադրումների բնագավառում օրենսդրական բարեփոխումների վերաբերյալ, հրավիրվում են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն:

Նրանց հուզող բոլոր հարցերին կպատասխանի ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, նախարարության աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուները:

 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության

                                                                  լրատվական ծառայություն

Հետախուզվողին հայտնաբերեցին մետրոպոլիտենի կայարանի մոտ

ձերբակալելՆոյեմբերի 12-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները մետրոպոլիտենի «Շենգավիթ» կայարանի մոտից բերման են ենթարկել 1985 թ. ծնված Արման Մ.-ին, որը նոյեմբերի 11-ից հետախուզվում էր գողության փորձի մեղադրանքով: