«Զվարթնոց» օդանավակայանից երկու հետախուզվող է բերման ենթարկվել

ձերբակալվածՆոյեմբերի 11-ին, ժամը 18.10-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները Սամարա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 1977 թ. ծնված Մանվել Հ.-ին, որը 2011 թ. դեկտեմբերի 23-ից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով:
Նույն օրը, ժամը 21.55-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 1990 թ. ծնված  Հովհաննես Հ.-ին, որը մայիսի 17-ից հետախուզվում էր խուլիգանության  մեղադրանքով:

 

Սպանության մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել

ձերբակալելՆոյեմբերի 11-ին, ժամը 19.20-ին, Լճափ գյուղից ոստիկանության Գավառի բաժին է ներկայացվել 1975 թ. ծնված  Նորայր Մ.-ն, որը 2009 թ. հունվարի 3-ից ՌԴ Կեմերովի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր սպանության մեղադրանքով:

 

31-ամյա տղամարդուն ծեծած 4 անձինք հայտնաբերվել են

ծեծՆոյեմբերի 10-ին, ժամը 18.25-ին, ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ 7-8 հոգով հարձակվել և ծեծում են 1982 թ. ծնված Վոլոդյա Հ.-ին:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 18.00-ի սահմաններում, Նոր Ամանոս գյուղում, վիճաբանության ժամանակ, 1989 թ. ծնված Վազգեն Հ.-ն, 1980 թ. ծնված Սամվել Հ.-ն, 1985 թ. ծնված Աղվան Ս.-ն և 1990 թ. ծնված Հայկ Հ.-ն ձեռքերով և ոտքերով հարվածել են Վոլոդյա Հ.-ին և դեմքի մասում պատճառել վնասվածքներ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Վազգեն Հ.-ն, Սամվել Հ.-ն, Աղվան Ս.-ն և Հայկ Հ.-ն հրավիրվել են բաժին և կատարվածի մասին տվել բացատրություն:
Հանգամանքները պարզվում են:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն:

Ավտոմեքենաները դուրս են բերվել արգելափակումից

Ավտոմեքենաները դուրս են բերվել արգելափակումիցՆոյեմբերի 11-ին, ժամը 10.48-ին ահազանգ է ստացվել, որ Սոթք – Քարվաճառ ավտոճանապարհին ավտոմեքենաներ են արգելափակվել ցեխակույտի մեջ, ինչից առաջացել է խցանում. անհարաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ՝ ամենագնացով և ԼՂՀ «Հանրապետական ՃՇՇ»-ի աշխատակիցները հատուկ տեխնիկայով:

Հրշեջ – փրկարարները ՃՇՇ աշխատակիցների հետ համատեղ երթևեկելի հատված են դուրս բերել 22 ավտոմեքենա:

Դեպքի վայրում հերթապահություն են իրականացրել ԼՂՀ ոստիկանության ճանապարհատրանսպորտային ծառայության աշխատակիցները:

Հրդեհ Բաղրամյան պողոտայի գրասենյակներից մեկում

Հրդեհ Նոյեմբերի 11-ին, ժամը 13.03-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 20 հասցեում գտնվող գրասենյակում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.21-ին, մարվել` 13.25-ին:

«Ի-Էյջ-Էյ մենեջմենթ» երկրաբանական ուսումնասիրությունների կենտրոնի սերվերային սենյակում այրվել է էլ. վահանակ և մալուխ (1 գմ):

ՃՏՊ Դիլիջան-Երևան ճանապարհին

ավտոպատահարՆոյեմբերի 11-ին, ժամը 20.25-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Դիլիջան ավտոճանապարհին` թունելի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում Դիլիջան-Երևան ավտոճանապարհի 18-րդ կմ-ի մոտակայքում «Նիսսան Պատֆայնդեր» մակնիշի 09 SL 455 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել ձորը:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդ՝ 1987 թ. ծնված Վ. Հ.-ն և ուղևոր՝ 1987 թ. ծնված Ն. Հ.-ն տեղափոխվել են Դիլիջանի բժշկական կենտրոն, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի փականը:

Վլադիմիր Սպիվակովը Գյումրիում. “Պատմությունը մեզ միավորեց”

Վլադիմիր Սպիվակով,ԳյումրիՏեղի ունեցավ “Գյումրին՝ 2013 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք” ծրագրի պաշտոնական փակումը:

Վլադիմիր Սպիվակով,ԳյումրիՓակման հանդիսավոր արարողությունը նշանավորվեց Վլադիմիր Սպիվակովի ղեկավարած Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգով: Գյումրու դրամատիկական թատրոնում, ինչպես ասում է ժողովուրդը, ասեղ գցելու տեղ չկար, չնայած, համերգի հրավիրատոմսեր քաղաքում շատ քչերն ունեին:
Առաջին անգամ 1989 թվականի մարտին Սպիվակովի ղեկավարած “Մոսկվայի վիրտուոզներ” կամերային նվագախմբն համերգով հանդես եկավ աղետյալ Գյումրիում: Այդ օրից մինչ հիմա մեծն մաեստրոն նոր-նոր է փոփոխություններ նկատում քաղաքի կյանքում:
“Ես Գյումրի եկա ահավոր մի ժամանակ, և այստեղից երկու իր եմ պահպանում, ինձ, իմ սրտին ու ընտանիքին հարազատ: Երեխաներն ինձ մի գորգ էին նվիրել` ծաղրածուի տեսքով, որը երկրաշարժին մահացած երեխաների աշխատանքն էր: Դրանից 10 տարի հետո ինձ այստեղ երեխաները մեկ այլ գորգ նվիրեցին, որն արդեն գործել էին այդ ահավոր ողբերգության օրը ծնված երեխաները: Ու ստացվեց այնպես, որ պատմությունը մեզ միավորեց: Ես միշտ կարծում եմ, որ երբ վիշտդ կիսում են, դա կես վիշտ է դառնում: Իսկ երբ ուրախությունդ ես կիսում, դա մեծ ու ամբողջական ուրախություն է: Ես շատ ուրախ եմ, որ Գյումրին մշակութային մայրաքաղաք է:
Երբ Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ շրջափակված Լենինգրադում Սատլինի հրամանով համերգ է ունենում ֆիլհարմոնիկ նվագախումբը, որտեղ երգում էր իմ մայրը, և երաժիշտները նվագում էին ով ինչով կարող էր, հանդիսատեսն առանց աթոռի էր` ամբողջ աշխարհն հասկացավ, որ նման ժողովրդին հնարավոր չէ հաղթել: Եվ շատ կարևոր է, որ Գյումրին մշակութային մայրաքաղաք է, դա նշանակում է` քաղաքը վերածնվում է, որ այստեղ կյանքը շարունակվում է, մարդիկ նոր բնակարաններ են ստանում: Դա շատ-շատ կարևոր է:
Երբ ես այստեղ էի 10 տարի առաջ, պրակտիկորեն ոչ մի փոփոխություն չկար, իսկ հիմա ես տեսնում եմ, որ տներ են կառուցվում, քաղաքը մարդկային դիմագիծ է ստանում: Որովհետև, երբ մենք առաջին համերգի ժամանակ եկանք` պարզապես մարդկային փշրված կյանքեր, փլված տներ էին: Ամեն ինչ միանգամից չի լինում, պետք է համբերություն ունենալ: Մենտե Քրիստոյի գրքում գրված է, որ մարդը պետք է կարողանա համբերել ու սպասել: Չեխովի հերոսներից մեկն ասում է` առանց փառքի, շքեղության, հարստության էլ մարդը կարող է ապրել, բայց պետք է կարողանալ համբերությամբ կրել իր խաչն ու հավատը: Ահա, թե ինչն է կարևորը”, – նշեց Վլադիմիր Սպիվակովը:
Վլադիմիր Սպիվակովը նաև նշեց, որ Հայաստանի նախագահի հետ հանդիպմանը խոսվել է 2015թ. ապրիլին համերգով կրկին Հայաստան գալու մասին, ու խոստացավ, որ անպայաման` կնվագեն նաև Գյումրիում:

Հանրային խորհուրդը դեմ է «Զվարթնոց»-ի կլոր շենքի քանդմանը. որոշումը կուղարկվի կառավարություն

MHM83166 copyՀանրային խորհրդում այսօր հանգուցալուծվեցին «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրի հետագա ճակատագրի վերաբերյալ երկարատև քննարկումները: ՀԽ լիագումար նիստին ներկա խորհրդի անդամների գերակշիռ մեծամասնությունը կողմ արտահայտվեց ՀԽ որոշման նախագծին, երկուսը` դեմ:

Որոշման նախագծում նշված է, որ Հանրային խորհուրդը դիմելու է կառավարություն` չհամաձայնելու Կոնցեսիոների կողմից «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրը քանդելու առաջարկությանը, պահանջելու կոնցեսիոներից ներկայացնել հիմնավոր հաշվարկ գործող օդանավակայանի հետագա զարգացման վերաբերյալ, ինչպես նաև զարգացման այլընտրանքային ծրագրերի տարբերակներ համեմատության և վերջնական որոշում կայացնելու համար, Կոնցեսիոների հետ համատեղ ուսումնասիրելու «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրի պահպանման ու հետագա շահագործման հնարավորություններն ու ծախսերը, հանձնարարելու համապատասխան կառույցին քննարկել համալիրը պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ներառելու հնարավորությունը:

ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի խոսքով` Հանրային խորհուրդը չի ստացել «Զվարթնոց»-ի կլոր շենքի քանդման խիստ անհրաժեշտությունը հիմնավորող հաշվարկներ պարունակող փաստաթուղթ, չեն ներկայացվել նաև այլընտրանքային ծրագրեր` համեմատելու այդ հաշվարկները:

Մինչդեռ կառույցը հանդիսանում է ԽՍՀՄ մոդեռնիստական ճարտարապետության նմուշներից մեկը, և այլ երկրներում նման շենքերն առնված են պաշտպանության տակ:

Նշվեց, որ ՀԽ չորս ենթահանձնաժողովներում և հանձնաժողովներից մեկի կոլեգիալ նիստում դեմ են արտահայտվել կառույցի քանդմանը, ներկայացվել են շենքի հետագա օգտագործման բազմաթիվ առաջարկներ: Հանրային խորհուրդը նաև գտնում է, որ պետք է անցկացվի անկախ փորձաքննություն հին ուղևորային համալիրի տեխնիկական վիճակը պարզելու համար:

Կոնցեսիոների կողմից կառույցը քանդելու անհրաժեշտությունը հիմնավորվում է նրանով, որ օդանավակայանը, մասնավորապես վերջերս կառավարության կողմից ընդունված բաց երկնքի քաղաքականությամբ պայմանավորված, ընդլայնման անհրաժեշտություն ունի, քանի որ ուղևորահոսքերը կարող են ավելանալ:

Վազգեն Մանուկյանի խոսքով` բաց երկնքի քաղաքականությունը դեռ չի նշանակում, որ ուղևորահոսքերը կավելանան, քանի որ այդ խնդրի լուծման համար անհրաժեշտ է համալիր լուծում:

Հանրային խորհուրդը չունի այն գլխավոր հարցի պատասխանը, թե հանուն ինչի է քանդվում շենքը, և որն է դրա համարժեքը: ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը, որը նույնպես ներկա էր նիստին, հայտարարեց, որ համարժեքն արդեն արված է, դա օդանավակայանի նոր համալիրն է, որն անհրաժեշտ է ընդլայնել, իսկ կլոր շենքի տարածքը նախատեսվում է օգտագործել միմիայն ավիացիոն նպատակներով:

MHM83167 copyՄանուկյանը նաև նշեց, որ Հանրային խորհուրդն առաջարկում է կառավարությանը քննարկել շենքը պատմամշակութային հուշարձանների ցանկում ներառելու հարցը, որից հետո արդեն Կոնցեսիոների առջև նոր խնդիր կդրվի` օդանավակայանը զարգացնել այլ ուղղությամբ:

Ի դեպ, ՀԽ անդամ Գագիկ Մանասյանը հայտարարեց, որ իրենք դիմել են համապատասխան կառույցներին և հետևողականորեն ուսումնասիրել կառույցի` պատմամշակութային հուշարձանների ցուցակում ժամանակին ներառված լինելու հարցը, սակայն պարզվել է, որ այն երբևէ ներառված չի եղել այդ ցուցակում:

Սակայն Հանրային խորհուրդը գտնում է, որ եթե անգամ դա այդպես է, միևնույնն է` այն ժողովրդի կողմից ընկալվում է որպես հուշարձան, և հանրությունը դեմ է դրա քանդմանը, ուստի Վազգեն Մանուկյաի կարծքով` կառույցին կարելի է ձեռք տալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում, և այդ խիստ անհրաժեշտությունը պետք է ներկայացվիի ոչ թե բանավոր, այլ  գրավոր` հիմնավոր հաշվարկների միջոցով:

Սակայն, եթե Կոնցեսիոները որոշի շենքը չքանդել և զարգացման այլ տարբերակ մտածել, ապա Մանուկյանը կարծում է, որ մեկ այլ մտավախություն կարող է առաջանալ. միգուցե Կոնցեսիոները շատ ավելի մեծ գումարներ ստիպված լինի ծախսել, ինչը, բնականաբար, արվելու է ոչ թե ընկերության, այլ ժողովրդի գրպանի հաշվին:

Քաղավիացիայի գլխավոր վարչության պետը նկատեց, որ քանի որ շենքն իրենից արժեք չի ներկայացնում, ընդգրկված չէ պատմամշակութային հուշարձանների ցանկում, ապա կառավարությունն ազատ է իր գործունեության մեջ: Իսկ ՀԽ կողմից առաջարկվող տարբերակները` շենքն օգտագործել բիզնես նպատակներով` ռեստորաններ, ազատ գոտի, խանութներ, հյուրանոց և այլն, նպատակահարմար չէ: «Անձամբ ես հակված եմ ավիացիոն զարգացումներին` նոր լուծումներով, քան շենքի պահպանմանը»:

Հանրային խորհրդի անդամ Անելկա Գրիգորյանը Արտյոմ Մովսեսյանին հարց ուղղեց. «Այսինքն, եթե դուք Ձեր տունը վերանորոգում եք, և Ձեր տատը նոր դիզայնի հետ համահունչ չի լինում, տատին դո՞ւրս եք հանում»: Արտյոմ Մովսեսյանին օրինակը բոլորովին դուր չեկավ, և նա իր վրդովմունքն արտահայտեց` ասելով, որ իրենց ընտանիքը խիստ ավանդապաշտ է և այդ առումով կարող է օրինակ ծառայել: Սակայն Անելկա Գրիգորյանը պարզաբանեց, որ ինքը վիրավորելու նպատակ չուներ, այլ պարզապես որպես օրինակ էր նշում:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությանն առընթեր քաղավիացիայի գլխավոր վարչությունը օգոստոս ամսին դիմել էր Հանրային խորհուրդ` առաջարկելով համատեղ քննարկել օդանավակայանի հին ուղևորային համալիրի հետագա պահպանման կամ քանդման հարցը, որպեսզի մինչ վերջնական որոշում կայացնելն առավել հասկանալի լինեն հանրության և ոլորտի այլ մասնագետների տեսակետները:

TH_ZvartontsՀարցը քննարկվել էր նախ ՀԽ ենթահանձնաժողովներում, ապա հոկտեմբերի 31-ին տեղի էր ունեցել փոքր խորհրդի նիստ,  որին մասնակցել էին նաև քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը, «Զվարթնոց» օդանավա կայանի գլխավոր տնօրեն Մարսելո Վենդեն, օդանավակայանի այլ աշխատակիցներ:

Քննարկումների արդյունքներն ամփոփվել են ՀԽ համապատասխան աշխատանքային խմբի կողմից, և մշակվել էր որոշման նախագիծ, որն էլ դրվեց քվեարկության և ընդունվեց 20 կողմ, 2 դեմ ձայների հարաբերակցությամբ:

Այսպիսով, Հանրային խորհուրդն իր դիրքորոշումն արտահայտեց, մնում է, որ կառավարությունն իր որոշումն ընդունելիս դրա հետ հաշվի նստի:

 

Գագիկ Բեգլարյանն ընդունեց «Կենսական նշանակության ճանապարհների բարելավման» ծրագրի նոր ղեկավարին

Գագիկ Բեգլարյան,Վիքրամ ՔութարիՀՀ  տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը նոյեմբերի 11-ին հանդիպեց Համաշխարհային բանկի (ՀԲ) ներկայացուցիչներին՝ «Կենսական նշանակության ճանապարհների բարելավման» ծրագրի ղեկավար Վիքրամ Քութարիի գլխավորությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ավարտվող ծրագրի արդյունքները, ինչպես նաև նոր ծրագրի ընթացքը:

Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագիրը մեկնարկել է 2009թ-ին և ավարտվում է տարեվերջին: Ծրագրով նախատեսված 430կմ  ճանապարհների վերականգնման փոխարեն ՝տնտեսումների հաշվին այդ թիվը հասցվել է 447կմ-ի:

Գագիկ Բեգլարյանը կարևորեց  ծրագրի իրականացման ընթացքը՝ նշելով, որ ծրագրի շնորհիվ այսօր ունենք վերանորոգված մեծաթիվ գյուղական ճանապարհներ:

Հանդիպման ընթացքում Վիքրամ Քութարին նախարարին ներկայացրեց ծրագրի նոր ղեկավարին՝ Քառոլինա Մոնսալվեին:

Նախարար Գագիկ Բեգլարյանը շնորհակալություն հայտնեց Վիքրամ Քութարիին արդյունավետ աշխատանքի համար՝ հույս հայտնելով, որ այն շարունակական կլինի նաև նոր ղեկավարի պաշտոնավարման ընթացքում:

 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության

լրատվական ծառայություն

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ

Բակո Սահակյան,Տարոն Մարգարյան,ԼՂՀԱրցախ կատարած աշխատանքային այցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ:

Ողջունելով հյուրերին՝ ԼՂՀ նախագահը նկատել է, որ Երևանի և Ստեփանակերտի քաղաքապետարանների միջև բարեկամության համաձայնագրի ստորագրումից մեկ տարի անց իրապես շոշափելի արդյունքներ են գրանցվել համագործակցության բոլոր ուղղություններով, ինչի մասին նախագահին պարբերաբար զեկուցում է Ստեփանակերտի քաղաքապետն ու նաև հավելել, որ Երևանի քաղաքապետի յուրաքանչյուր այցով սկիզբ է դրվում մի նոր ծրագրի իրականացման, ինչն ինքնին արդեն իսկ խոսում է Երևանի և Ստեփանակերտի քաղաքապետարանների արդյունավետ համագործակցության մասին: Բակո Սահակյանն առանձնակի կարևորել է նաև Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Ստեփանակերտի կենտրոնում Ազատամարտիկների այգու հիմնման նախագծի իրականացումը. “Ձեր այս նախաձեռնությունը, պարոն քաղաքապետ, ինչպես ճարտարապետական և մշակութային, այնպես էլ հայրենասիրական նշանակություն ունի, և դրա շնորհիվ գալիք սերունդները ևս, արժևորելով հայրենիքին իրենց կյանքը նվիրաբերած հայորդիների վաստակը, իրենց հերթին կդաստիարակեն արժանի սերունդ”,- ընդգծել է Բակո Սահակյանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` քաղաքապետ Տարոն Մարգարյանը ընդհանուր գծերով ներկայացրել է Երևանի և Ստեփանակերտի միջև ստորագրված բարեկամության համաձայնագրով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում իրականացված ու իրականացվող ծրագրերի ընթացքը և վստահեցրել, որ նախանշված բոլոր ուղղություններով առաջիկայում ևս աշխատանքները կլինեն շարունակական. “Արդյունքներն, անշուշտ, շոշափելի են, սակայն մենք դրանով չենք բավարարվելու և անելու ենք հնարավորը՝ փոխգործակցությունն էլ ավելի ամրապնդելու և ընդլայնելու ուղղությամբ”,-ընդգծել է Տարոն Մարգարյանն ու նաև հավելել, որ հերթական այս այցի շրջանակում պատվիրակության հետ Ստեփանակերտ են այցելել նաև զբոսաշրջության ոլորտի երևանյան ներկայացուցիչներ, ովքեր ծանոթանում են ԼՂՀ-ի սպասարկման ոլորտի հնարավորություններին` դեպի Արցախ զբոսաշրջության խթանումն առավել առարկայական դարձնելու նպատակով:

Այնուհետ  ԼՂՀ  նախագահին է ներկայացվել Ազատամարտիկների այգու նախագծի եռաչափ տարբերակը, որն արժանացել է հավանության:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանը կանի հնարավորը, որպեսզի այգին հնարավորին կարճ ժամկետներում հանձնվի շահագործման ու լիովին ծառայի իր նպատակին:

 

Շուրջ  2  հա տարածք զբաղեցնող այգին հանգստյան նոր գոտի կդառնա ինչպես Ստեփանակերտի բնակիչների, այնպես էլ հյուրերի համար:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

Հաստատվեցին մոտ 10 համայնքների գլխավոր հատակագծեր

Քաղաքաշինություն,  համայնքներՀամայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստում հաստատվեցին Լոռու մարզի Ստեփանավան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Արարատի մարզի Վեդու քաղաքային համայնքների, Գեղարքունիքի մարզի Երանոս, Ձորագյուղ, Ծակքար, Լիճք, Վարդաձոր գյուղական համայնքների գլխավոր հատակագծերը:

Քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը գլխավոր հատակագծերի փոփոխության նախագծային առաջադրանքի մշակման գործընթացում կարեւորեց համայնքի դերակատարությունը եւ հորդորեց համայնքների ղեկավարներին մինչեւ նախագծային առաջադրանքի կազմումը հանրային քննարկումներ անցկացնել համայքի հետ:

Հանձնաժողովի նիստում քննարկվեցին Ճամբարակի քաղաքային համայնքի գլխավոր հատակագծի փոփոխության նախագծային առաջադրանքը, ինչպես նաեւ   Տավուշի մարզի Դիլիջան, Լոռու մարզի Ախթալայի քաղաքային համայնքների եւ Երեւանի Սիլիկյան թաղամասի առանձին հողամասերի նպատակային նշանակությունների փոփոխության հարցերը:

Հանձնաժողովի նիստին մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, համայնքների ղեկավարներ, շահագրգիռ գերատեսչությունների պատասխանատուներ:

 

 

 

 

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

ոստիկանությունԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 8-ից 11-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 26 դեպքից բացահայտվել է 17-ը, կողոպուտի 4 դեպքից` 2-ը, խարդախության`18, յուրացման կամ վատնման և խուլիգանության 1-ական դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է գողության 7 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության` 3, խարդախության`   2,  մարմնական վնասվածք հասցնելու և խուլիգանության 1-ական դեպք:
Անցած 3 օրերի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 25 պատահար. 32 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանի ավտոճանապարհներին

ավտոպատահարՆոյեմբերի 10-ին, ժամը 09.20-ի սահմաններում, «Օպել Վեկտրա Բ»  մակնիշի ավտոմեքենայի  վարորդը Աբովյանի Հանրապետության փողոցի թիվ 26 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 54-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 10-ին, ժամը 09.30-ի սահմաններում,  Երևան-Աշտարակ ճանապարհի 2-րդ կմ-ին «Օպել Աստրա»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը  վրաերթի է ենթարկել 30-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 10-ին, ժամը 21.00-ին, Հարթաշեն-Գորիս ճանապարհի 9-րդ կմ-ին «ՎԱԶ-21061»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 1990 թ. ծնված Դավիթ Մ.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 10-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Գյումրիի Երևանյան խճուղու թիվ 10/1 շենքի մոտ «Օպել-Աստրա»  մակնիշի ավտոմեքենա է բախվել էլեկտրասյանը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
***
Նոյեմբերի 9-ին, ժամը 18.30-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն-Վենտո» մակնիշի ավտոմեքենան Գյումրի-Ախուրյան ճանապարհի 1-ին կմ-ին բախվել է «ՎԱԶ-2105»  մակնիշի ավտոմեքենայի:
«Ֆոլքսվագեն-Վենտո»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
***
Նոյեմբերի 9-ին, ժամը 11.20-ի սահմաններում,  Երևան-Մեղրի ճանապարհի 121-րդ կմ-ին իրար են բախվել   «ՈւԱԶ»   և  «Ֆորդ»  մակնիշի ավտոմեքենաներ:
«Ֆորդ»-ի ուղևորուհին  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 9-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Օշական-Էջմիածին ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել   «Նիսան Սանի»  և  «ԳԱԶ-3110»  մակնիշի ավտոմեքենաներ:
«Նիսան Սանի»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 9-ին, ժամը 17.00-ի սահմաններում, «Աուդի»  մակնիշի ավտոմեքենան Ալագյազ-Արթիկ ճանապարհի 15-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

Ուլնեցի-Ռուբինյանց ճանապարհային հանգույցի շինարարությունն ավարտական փուլում է

քաղաքապետարանԵրևանի քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը,  «Երևանջուր» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերություններին հանձնարարվել է սեղմ ժամկետում վերացնել ընկերությունների կողմից վթարների վերացման աշխատանքների հետևանքով առաջացած անհարմարությունները և մայրաքաղաքի փողոցների և մայթերի այդ հատվածները բերել պատշաճ տեսքի:

Զեկուցվել է, որ շարունակվում է վերահսկողությունը, ինչպես մայրաքաղաքում ապօրինաշինությունները կանխելու և վերացնելու, այնպես էլ շինհրապարակների պատշաճ կազմակերպումն ապահովելու ուղղությամբ:

Առևտրի և սպասարկումների վարչությանը, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է ուժեղացնել վերահսկողությունը բացօթյա ապօրինի առևտուրը կանխելու և վերացնելու, ինչպես նաև մայրաքաղաքի որոշ հատվածներում դեռևս նկատվող ապօրինի ավտոկայանատեղիների գործունեությունը կանխելու ուղղությամբ:

Զեկուցվել է, որ օրենքով սահմանված կարգով միջոցներ են ձեռնարկվում Երևանի ավագանու կողմից սահմանաված հարակից տարածքների պարտադիր բարեկարգման նորմերը չկատարող տնտեսվարողների նկատմամաբ: Հանձնարարվել է ուժեղացնել վերահսկողությունն ու, միաժամանակ, հետևողական լինել հատկապես մայթերին և սիզամարգերում կայանած մեքենաների տերերի նկատմամբ համապատասխան վարչական արձանագրություններ կազմելու մասով:

Մայրաքաղաքում ընթացող ճանապարհաշինական աշխատանքների մասով զեկուցվել է, որ արդեն պատրաստ է Լենինգրադյան-Իսակով-Արշակունյաց ճանապարհային հանգույցի շինարարության երկրորդ փուլի նախագծանախահաշվային փաստաթղթերի փաթեթը, իսկ առաջին փուլի աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցով: Զեկուցվել է նաև, որ Կարապետ Ուլնեցի-Ռուբինյանց փողոցների ճանապարհային հանգույցի շինարարությունն արդեն  ավարտական փուլում է:

Մայրաքաղաքում ընթացող կանաչապատման ծրագրերի մասով զեկուցվել է, որ մեկնարկած աշնանային ծառատունկի շրջանակում մայրաքաղաքում նախորդ շաբաթ շուրջ  3000 ծառ է տնկվել: Հանձնարավել է ծառատունկը շարունակել այնքան ժամանակ, որքան հնարավորություն կտան եղանակային պայմանները: Ծառերի աշնանային էտի մեկնարկի վերաբերյալ զեկույցի մասով հանձնարարվել է էտից անմիջապես հետո հեռացնել թափված ճյուղերն ու մայթերում ու փողոցներում պատշաճ սանիտարական վիճակ ապահովել: Կոմունալ վարչությանը հանձնարարվել է հետևողական լինել սիզամարգերում հավաքված տերևակույտերը ժամանակին տեղափոխելու ուղղությամբ:

Միաժամանակ հանձնարարվել է, օգտվելով եղանակային դեռևս բարենպաստ պայմաններից, ակտիվացնել հարակից տարածքների բարեկարգման աշխատանքներն ու այդ, ինչպես նաև նախատեսված մյուս տարածքներում մշտադալարների տունկը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն 

Սոթք – Քարվաճառ ճանապարհին մեքենաներ են արգելափակվել ցեխակույտի մեջ

ավտոմեքենան ցեխակույտի մեջՆոյեմբերի 11-ին, ժամը 10.48-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Սոթք – Քարվաճառ ավտոճանապարհին ավտոմեքենաներ են արգելափակվել ցեխակույտի մեջ, ինչից առաջացել է խցանում. անհարաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ԼՂՀ հանրապետական ՃՇՇ-ի տեխնիկան: Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն:

Քարաթափման նշաններ չեն հայտնա­բեր­վել

քարաթափումՆոյեմբերի 11-ին, ժամը 09.12-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Վայք-Ջերմուկ ավտոճանապարհին՝ Հեր-Հեր գյուղ տանող խաչմերուկի մոտ, տեղի է ունեցել քարաթափում՝ խոչընդոտելով երթևեկությունը:
Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ ՃԿԿ օպերատիվ խումբը:
Ուսումնասիրվել է ճանապարհահատվածը (նաև հարակից). քարաթափման նշաններ չեն հայտնա­բեր­վել:

Հրդեհ` Դիլիջանում

հրդեհՆոյեմբերի 11-ին, ժամը 10.43-ին ԱԻՆ-ում  ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Դիլիջան քաղաքի Մոլդովական փողոցի թիվ 4/28 շենքի տանիքում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ շենքի ծխատարում այրվում է մրե նստվածք:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.15-ին, մարվել՝ 11.30-ին:

Պատի վրա նկարելու համար 4 քաղաքացիների են բերման ենթարկել

գրաֆիտիՆոյեմբերի 10-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները Բաղրամյան պողոտայում ծառայություն կատարելիս նկատել են ներկանյութով պատերի վրա նկարող 4 քաղաքացիների, որոնց բերման են ենթարկել բաժին:
Պարզվել է, որ նշված անձինք են 1981 թ. ծնված  Կարեն Օ.-ն, 1979 թ. ծնված Էդգար Ա.-ն, 1974 թ. ծնված Արթուր Պ.-ն և նրա եղբայրը` 1976 թ. ծնված  Արա Պ.-ն:
Բերման ենթարկվածների մոտ հայտնաբերվել է ներկանյութ, ինչպես նաև ստվարաթղթե ձևաթուղթ` դիմագծեր պատկերելու համար:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն:

Կայան և Կայծոն բերդերի տեղադրման հարցի շուրջ

կայանԿայան և Կայծոն ամրոցների տեղադրման հարցը ժամանակին լուրջ տարակարծությունների և բանավեճերի տեղիք է տվել: Սակայն մինչ օրս գիտնականները միասնական եզրակացության չեն եկել, և հարցի կարևորությունը չի նվազել:

Տարակարծությունների պատճառները մի քանիսն են: Նախ` ամրոցներից ոչ մեկը մինչ այժմ բավարար պեղված չէ, որի պատճառով ուսումնասիրությունները սոսկ տեսական բնույթ ունեն, իսկ հայ և օտար պատմիչները ամրոցների մասին հաղորդել են անորոշ, երբեմն նաև հակասական և կցկտուր տվյալներ: Որևէ մեկը բերդերի տեղագրական ճշգրիտ նկարագրությունը չի տվել. պարզապես անդրադարձել են կողմնակիորեն:

Ուսումնասիրության համար լրացուցիչ բարդություն է առաջացնում նաև այն, որ խնդրո առարկա տարածաշրջանը` Լոռին, Սյունիքի, Տարոնի, Վասպուրականի նման չի ունեցել իր տոհմական պատմիչը: Եվ հարցը միայն ամրոցներով չի սահմանափակվում. գիտնականներից ոմանք վիճարկում են նաև Դեբեդ և Ձորագետ գետերի նույնացումը: Մասնավորապես, փորձ է արվում ապացուցելու, որ Դեբեդն ու միջնադարում հայտնի Ձորագետը տարբեր գետեր են:

Գիտնականների մի խումբ Կայանն ու Կայծոնը տեղադրում են Լոռիում` Դեբեդի հովտում. Կայծոնը` ներկայիս Շնող գյուղի տարածքում, Կայանը` Հաղբատի մոտ` Ակների սարահարթին կից բլրի ժայռոտ գագաթին:

Գիտնականների մյուս խումբը տուրք է տալիս պատմական գիտությունների դոկտոր Ռաֆայել Մաթևոսյանի այն տեսակետին, թե Կայանն ու Կայծոնը գտնվում են ոչ թե Լոռիում, այլ Տավուշում` Իջևանի տարածաշրջանում, Աղստևի հովտում: Կայծոնը նույնացվում է ներկայիս Մանթաշի, Կայանը` Կզըլ-Կալայի (Աղջկաբերդ) հետ:

Ռ. Մաթևոսյանն իր աշխատություններում ոչ միայն զույգ ամրոցները տեղադրում է Աղստևի հովտում, այլև բացառում է Լոռու ձորում Կայան անունով բերդի գոյության որևէ հնարավորություն, և միջնադարյան պատմիչների հիշատակած Ձորագետը տեղադրում է Աղստևի միջին հոսանքներում:

Հարցի մանրամասն քննությունն ու վերլուծությունը ցույց են տալիս, որ Կայան անունով բերդի` միայն Աղստևի հովտում գտնվելու վարկածը վիճարկելի է:

Ըստ իս` միջնադարում գոյություն ունեին Կայան անունով մի քանի ամրոցներ. մասնավորապես` Կայաններ կային և՛ Դեբեդաձորում, և՛ Աղստևի հովտում:

Ինչ վերաբերում է Կայծոնին, այն անկասկած գտնվում է Լոռիում` ներկայիս Շնող գյուղի Մեծ քարի գլուխ կոչվող թաղամասի տարածքում: Այն գրավում է ընդարձակ տարածություն և պատահական չէ, որ աղբյուրներում հաճախ հիշատակվել է որպես քաղաք: Կայծոնը հայտնի է նաև Ամանակ անունով, ինչպես նաև տեղական բարբառով` Գայձոն, Գիձեն, Գիջեն, Կիծեն անուններով:

Ռ. Մաթևոսյանը Կայծոնը տեղադրում է Աղստևի հովտում` նույնացնելով այն Մանթաշ բերդի հետ:

Սակայն, իր կարծիքը հիմնավորելու համար նա ոչ մի ստույգ փաստարկ չի բերում: Նա «Տաշիր-Ձորագետ» գրքում Կայծոնի տեղադրմանն անդրադառնում է կողմնակի` ամրոցի դիրքը որոշելիս առաջնորդվելով լոկ այն փաստով, որ Կայծոնը և Կայանը գտնվում են միմյանցից ոչ հեռու, և հնարավոր տարբերակներից, առանց լուրջ քննության, կանգ է առնում Մանթաշի վրա` անվանակոչելով նրան Կայծոն: Նա Կայծոնի Շնողում լինելը բացառում է սոսկ այն պատճառով, որ Աղստևի կայանը (Կզըլ-Կալա) Շնողից 50 կմ հեռավորության վրա է գտնվում, մինչդեռ պատմիչ Դավիթ Քոբայրեցու վկայությամբ` երկու ամրոցները նույն ձորի մեջ են` դեմ դիմաց: Դրանից Ռ. Մաթևոսյանը հետևություն է անում, որ Կայծոնը չի կարող լինել Շնողում, ու  այն ենթադրաբար նույնացնում է Մանթաշի հետ:

Ռ.Մաթևոսյանը ոչ միայն չի հիմնավորում Կայծոնի և Մանթաշի նույնացումը, այլև հաշվի չի առնում մի կարևոր հանգամանք. Իջևանի շրջանում այսօր ոչ ոք Մանթաշին Կայծոն չի կոչում, մինչդեռ Շնողում և հարակից բնակավայրերում գյուղն այսօր էլ կոչում են միջնադարյան ամրոցի անունով:

Կայծոնի շինարարության ժամանակի և հեղինակի մասին ստույգ տվյալ չկա: Չի կարելի հիմք ընդունել Մխիթար Այրիվանեցու հաղորդումը, թե «… սա է որդին Հոլոմ Վասակայ` շինողին Բջնոյ, Կայենոյ եւ Կայծենոյ … »:

Նախ` Այրիվանեցին, լինելով ԺԴ դարի պատմիչ, չէր կարող առանց աղբյուրների օգնության որոշել ամրոցների կառուցողին: Բացի այդ, Այրիվանեցու բերած փաստարկները ճշմարտացի համարել չենք կարող այն պատճառով, որ Կայան ամրոցը 922 թ. դեպքերի առթիվ արդեն հայտնի էր, մինչդեռ Հոլոմ Վասակն այդ ժամանակ ծնված չէր:

Կայան բերդի առաջին հիշատակությունը Դրասխանակերտցունն է, որն այն հիշում է 922 թ. Սահակ Սևադայի ապստամբության կապակցությամբ:

Կայանի տեղադրման հարցում ճիշտ եզրակացության է եկել Թ. Հակոբյանը, որն ընդունում է Կայան անունով երկու ամրոցների գոյությունը: Նա Կայաններից մեկը տեղադրում է Լոռիում` Դեբեդաձորում, մյուսը` Աղստևի հովտում` նույնացնելով Կզըլ-Կալայի հետ:

Իրոք, բոլոր փաստերը վկայում են երկու Կայանների գոյության մասին, պարզապես պետք է զանազանել, թե պատմիչները տվյալ դեպքում ամրոցներից որը նկատի ունեն: Սակայն այս հարցը հատուկ քննություն է պահանջում:

Երկու Կայանների ճակատագրերը տարբեր են եղել: Նրանցից առաջինը` Հաղբատավանքի Կայանը, բազմիցս ենթարկվելով թշնամական հարձակումների` երկու անգամ մասնակի և հիմնովին ավերվել է (922 թ. և 1105 թ.)` երկար ժամանակ դուրս մնալով ուշադրությունից:

Այլ է Կայծոնի ճակատագիրը, որ համեմատաբար երկար գոյատևելով որպես ամրոց` մյուս Կայանի հետ պահպանեց իր նշանակությունն ու հզորությունը մինչև մոնղոլական արշավանքները: Մենք հակված ենք այն տեսակետին, որ Լոռվա Կայանը կառուցվել է ավելի վաղ, քան Աղստևինը: Հավանաբար ամրոցը հիմնադրել են Բագրատունիները 888-ից հետո, երբ Տաշիրը խլելով վրացիներից` Աշոտ I-ը այն միացրեց Հայաստանին:

Ռ. Մաթևոսյանը, չընդունելով Հաղբատաձորում Կայանի գոյությունը, բերում է մի շարք փաստարկներ, որոնք, սակայն, քննադատությանը չեն դիմանում: Նա ամրոցը Կայան չի անվանում, այլ` «ամրոց Հաղբատա Սբ. Նշանի»` մեջբերելով ամրոցի տարածքում գտնվող Սբ. Աստվածածին եկեղեցու պատի վրայի արձանագրությունը:

Ըստ Ռ. Մաթևոսյանի` ամրոցը կառուցվել է 1233 թ. և անանուն լինելու պատճառով կոչվել է ամրոց Հաղբատա Սբ. Նշանի:

Չենք ցանկանում դիտավորություն տեսնել Ռ. Մաթևոսյանի կատարած մեջբերման մեջ, բայց արձանագրության մեջ ամենևին այդպես չի գրված և «ամրոց Հաղբատա սբ. Նշանի»-ն բերդի անունը չէ: Արձանագրության մեջ գրված է.

«Ի թւին Հայոց ՈՁԲ կամաւն Աստծոյ ես` տէր Յոհանէս, առաջնորդ Հաղբատա, քուերորդի մեծ պատրոնացն Զաքարէի եւ Իւանէի, ի ժամանակի, որ եհաս սասնումն աշխարհիս մերոյ անաւրեն խորեզմենցն, ոչ գոյր տեղի ապաստանի սուրբ Նշանիս եւ եղբարցս: Հրամանաւ քեռոյն իմո Իւանէի եւ որդոյն իւրոյ Աւագին, եւ Շահնշահի որդոյն Զաքարէի շինեցի զամրոցս եւ զեկեղեցիս Հաղբատա սուրբ Նշանիս բազում աշխատութեամբ …»:

Ինչպես տեսնում ենք արձանագրության մեջ գրված է «զամրոցս եւ զեկեղեցիս»: Այսինքն` «Հաղբատա սուրբ Նշանիս» ամրոցի անվանումը չէ, և խոսքը պարզապես ամրոցի և սուրբ Նշան եկեղեցու վերանորոգման մասին է: Բնական է` շինեցի բառը գործածված է վերանորոգել իմաստով: Ռ. Մաթևոսյանը անտեսել է արձանագրության և շաղկապը, որն էլ փոխել է իմաստը: Հեղինակը, մեջբերելով արձանագրության այն հատվածը, որ ամրոցը շինվել է որպես ապաստան Հաղբատավանքի միաբանության, նշում է, որ ամրոցը չի կարող Կայանը լինել, քանզի այն հայտնի է 922-ից, իսկ այդ ժամանակ Հաղբատավանքը կառուցված չէր:

Արձանագրության մեջ գրված է. «ի ժամանակի, որ եհաս սասանումն խորեզմցին, ոչ գոյր տեղի ապաստանի սուրբ Նշանիս եւ եղբարցս»:

Այսինքն` Խորեզմի շահ Ջալալ Էդ-Դինի արշավանքների ծանր հետևանքները հաշվի առնելով` «հրամանաւ քեռոյն իմո» եպիսկոպոսը վերականգնում է 1105 թ. ավերված ամրոցը: Ուրեմն 1105 թ. ավերված և ռազմավարական նշանակությունը կորցրած ամրոցը վերականգնվում է որպես ապաստան վանքի միաբանության:

Իր գրքում Ռ. Մաթևոսյանը փորձում է ապացուցել նաև, որ միջնադարում հայտնի Ձորագետը այժմյան Դեբեդը չէ: Նա Ձորագետը տեղադրում է Աղստևի միջին հոսանքներում, որն ընդգրկում է Տավուշ գավառը: Հեղինակը չի բացառում, սակայն, միաժամանակ երկու Ձորագետի գոյությունը:

Ստեփանոս Օրբելյանը, խոսելով Բագրատունյաց պետության սահմանների մասին, գրում է. «Այն ժամանակ Բագրատունիները իշխում էին միայն Շիրակին և Այրարատին, մինչև Գեղարքունիք, Ուտիք, Կարին, մինչև Վասպուրականի սահմանը, Ձորագետ ու Գարդման»:

Ռ. Մաթևոսյանը չի ընդունում Դեբեդի և Ձորագետի նույնացումը` պատճառաբանելով, որ Դեբեդը փոքր գետ է, որպեսզի սահմանաբաժան համարվեր:

Նախ` պետությունների և իշխանությունների սահմանաբաժան կարող է համարվել ոչ միայն փոքր գետը, այլև բլուրը, սահմանաքարը, ձորակը, ապա, եթե նույնիսկ ընդունելու լինենք, որ պատմիչը նկատի ունի Աղստևը, Դեբեդը հորդառատությամբ ու մեծությամբ ոչ միայն չի զիջում Աղստևին, այլև զգալիորեն գերազանցում է: Դեբեդի երկարությունը կազմում է 178 կմ, Աղստևինը` 133:

Պատմիչները Կայան և Կայծոն բերդերը, ինչպես նաև Հաղբատի և Սանահինի եկեղեցիները կապել են Ձորագետի, Սևորդիքի հետ:

Վարդան պատմիչը, խոսելով Հովհաննես-Սմբատ արքայի ստացած ժառանգության մասին, գրում է. «… զԿայեան, եւ զԿայծոն եւ զՏաւուշ գաւառն Սեւորդեաց…»: Նա ամրոցները տեղադրում է Սևորդիքում: Մի այլ տեղ Սևորդիքում են հիշատակվում Հաղբատն ու Սանահինը. «Եւ են ի վերայ Սաւորդեաց Ձորոյ գետին ի շինեալ հոյակապ եւ հռչակաւոր սուրբ ուխտ(ք)ն Հաղբատ եւ Սանահին, զոր շինեաց Խոսրովանուշ թագուհին` կինն Աշոտոյ Ողորմածին»:

Այսինքն` Հաղբատը, Սանահինը, Կայանը, Կայծոնը և Ձորագետը գտնվում են Սևորդիքում: Ապա նույնացվում են Տաշիր-Լոռի-Սևորդիք տեղանուները. «Տաշիր Լօռի է, ուր կան ուխտն Հաղբատ եւ Սանահին, ուր կայ տապանն սուրբ պատրիարգին Հայոց Հովհաննու Օձնեցոյն»:

Սևորդիքը Լոռիում է տեղադրում նաև Ստեփանոս Ասողիկը. «… Ճգնաւորականաց տեղիք Սեւորդեաց աշխարհին… որոնց երկոցունք տեղացն անուանք Հաղբատ եւ Սանահին…»:

Այս ու նմանօրինակ այլ փաստեր վկայում են, որ միջնադարում, Ձորագետի մասին խոսելով, պատմիչները նկատի են ունեցել այսօրվա Դեբեդը, և Ռ. Մաթևոսյանի փորձը` ժխտելու X դարում Ձորագետի գոյությունը Լոռիում, անհիմն է:

Այսպիսով, փաստերի վերլուծությունը ցույց է տալիս, որ միջնադարում եղել են Կայան անունով երկու ամրոցներ. մեկը Լոռիում` Հաղբատի մոտ, մյուսը` Աղստևի հովտում: Դրանց հետ հիշատակվող Կայծոնը ոչ այլ ինչ է, եթե ոչ ներկայիս Շնող գյուղի տարածքում գտնվող ամրոցը, իսկ Ձորագետը նույն Դեբեդն է, որ հայտնի է եղել նաև Քուրդ-Վաճառ, Սևորդյաց գետ անուններով:

 

 

 

 

 

Երկաթուղային գնացքի վագոններ են շրջվել

27.09.7Նոյեմբերի 10-ին, ժամը 01.37-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի մոտակայքում գնացքի վագոնները դուրս են եկել ե/գ ռելսից, շրջվել և բռնկվել:

Ճշտվել է, որ պատահարը տեղի է ունեցել  Դալարիկ-Քարակերտ երկաթուղային կայարանների՝ ե/գ 2808 կմ-ի, 1-3 ուղեհատվածում:

Դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ և ԱԻ արձագանքման խումբը:

«Մասիս» ե/գ կայարանից դեպքի վայր է մեկնել շոգեքարշ, իսկ «Գյումրի» ե/գ կայարանից՝ հրշեջ-գնացք:

Պարզվել է, որ Գյումրի-Մասիս երթուղու գնացքի 4 բենզատար ցիստեռն դուրս են եկել գծերից, շրջվել և բռնկվել:

Այնուհետև պարզվել է, որ գնացքի 34 վագոնից 6-ը բեռնված է ցորենով, 15 ցիստեռներ՝ բենզինով , 11 դատարկ բեռնատար վագոններ և 2 վագոն բեռնված փայտակոճերով:

Պատահարի հետևանքով 5 ցիստեռն դուրս են եկել ռելսերից, շրջվել և բռնկվել, իսկ 1-ը՝ այրվում է ե/գ ուղու վրա:

Դեպքի վայր ժամանած շոգեքարշը հրդեհի վայրից հեռացրել է 18 վագոն, որոնցից 9-ը՝ բենզատար ցիստեռն:

«Գյումրի» ե/գ կայարանից դեպքի վայր ժամանած շոգեքարշը հեռացրել է մնացած 10 վագոններից 9-ը (1 վագոնը դուրս եկած էր գծից):Հրշեջ-գնացքը իրականացրել է հովացման աշխատանքներ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.33-ին, մարվել՝ 06.04-ին: Ամբողջությամբ այրվել է 4 ցիստեռն, 2-ը՝ մասամբ և ե/գ մոտ 100 մ երկարության վրա` փայտակոճեր:

Դեպքի վայրում են գտնվել ՓԾ տնօրենի տեղակալ փ/ծ գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանը, ՓԾ ՕԿՎ պետ փ/ծ գ-տ Ա. Ցոլակյանը, ՓՈՒՎ պետ փ/ծ գ-տ Պ. Գյոզալյանը, Արմավիրի ՄՀ և ՏԱՏ պետ Ավագյանը, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի 1-ին տեղակալ Վալկոն, անվտանգության գծով տեղակալ Հակոբյանը, գլխավոր ինժեներ Եդիգարյանը:

Դեպքի մասին տեղեկացվել է ՊՀ և ՏԱՏ պետը: