Փնտրվում են անվճար երթուղի բացած երկու երիտասարդները

«Վճարում ենք 100 դրամ» շարժման մասնակիցներից Սոնյա Մսրյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ժողովուրդ, ինձ պետք է այս երիտասարդներից ինչ-որ կոնտակտ, կարո՞ղ եք գտնել:
Այս երկու երիտասարդը վճարել են վարորդին, ոպեսզի այսօր ամբողջ օրը անվճար երթուղի կազմակերպեն։ իրենց հետ Օպերայից բարձրացա Դավթաշեն։ Տղերքին օգնելու համար գումար առաջարկեցի, հրաժարվեցին։ Ի դեպ՝ վարորդը, որ ազատամարտի մասնակից է, տղերքից միայն վառելիքի գումար է վերցրել։
Այս երկու երիտասարդները վճարել են վարորդին, ոպեսզի այսօր ամբողջ օրը անվճար երթուղի կազմակերպեն։ Իրենց հետ Օպերայից բարձրացա Դավիթաշեն։ Տղերքին օգնելու համար գումար առաջարկեցի, հրաժարվեցին։ Ի դեպ՝ վարորդը, որ ազատամարտի մասնակից է, տղերքից միայն վառելիքի գումար է վերցրել»։

«Վճարում ենք 100 դրամ» շարժման հայտարարությունը դանակահարության դեպքի առնչությամբ

ոչ 150 դրամինԱյսօր մամուլում տարածվել էր տեղեկություն այն մասին, որ ուղեվարձի պատճառով տեղի է ունեցել վիճաբանություն ք. Երևանի «Արարատ» կինոթատրոնի հարևանությամբ 23 74 Տ թիվ 67 երթուղին սպասարկող վարորդի և ուղևորի միջև, որ ավարտվել է ուղևորի կողմից դանակահարությամբ՝ վարորդին հասցնելով ոչ խիստ մարմնական վնասվածք թևի հատվածում/ ոստիկանությունը դեռ պաշտոնապես չի արձագանքել/:

«Վճարում ենք 100 դրամ» շարժման մասնակիցները դատապարտում են որևէ տեսակի բռնություն, վիրավորանք կամ այլ անօրինական քայլ, որն ուղղված կլինի այլ քաղաքացիների, ոստիկանների կամ որևէ այլ մարդու դեմ: Պահանջում ենք, որպեսզի ՀՀ ոստիկանությունը արագ բացահայտի և պատասխանատվության ենթարկի բոլոր մեղավոր կողմերին: Միաժամանակ անթույլատրելի կհամարենք, եթե ոստիկանությունն օգտագործի սույն միջադեպը տրանսպորտային կանգառներում իրենց խաղաղ բողոքի իրավունքն իրացնող քաղաքացիների գործունեությունը սահմանափակելու համար:
Մենք` ՀՀ քաղաքացիներս, Երևանի բնակիչներս, հիմք ընդունելով իրավունքի գերակայության ու սահմանադրականության սկզբունքները և, առաջնորդվելով բացառապես խաղաղ ու ոչ բռնի պայքարի սկզբունքներով, բոլոր մասնակիցներին կրկին անգամ հիշեցնում ենք, որ տրանսպորտի թանկացման դեմ մեր պայքարը կրում է խաղաղ բնույթ և ընթանում է իրավունքի գերակայության շրջանականերում, ուստի կոչ ենք անում բոլորին գործել միմիայն իրավունքի ու քաղաքացիականության սահմաններում՝ հարգելով միմյանց իրավունքները և ազատությունները:

«Վճարում ենք 100 դրամ» շարժում

Վարորդին դանակահարողը արհեստականորեն վեճ է հրահրել. ականատես

դանակահարելԱյսօր «Այրարատ» («Ռոսիա») կինոթատրոնի մոտ դանակահարության դեպք էր տեղի ունեցել, որի ընթացքում վնասվել էր 67Ա համարի երթուղայինի վարորդը:

Ականատեսը www.hra.am –ին պատմեց, որ մոտ 50 տարեկան, «սոլիդ հագնված» մի տղամարդ իջնելիս վճարել է 100 դրամ։ Վարորդը նորմալ է ընդունել դա և վերցրել է գումարը։ Սակայն ուղևորը սկսել է վիրավորել և կռիվ հրահրել։

«Վարորդը մեքենայից իջավ ու ասեց՝ «ի՞նչ ես ուզում, 100 ես տվել, լավ ես արել, թո՛ղ, գնա, ինչի՞ ես վիրավորում, թո՛ղ գնա, մենակ գնա» ու նստեց մեքենան։ Էդ տղամարդը հետևից գնաց, վարորդի դռան կողմից մոտեցավ ու մի դանակով մի քանի տեղից վնասեց ձախ ձեռքը»,– պատմեց միջադեպի ականատեսը:

Դանակահարությունից հետո աղմուկ է բարձրացել, վարորդին տեղափոխել են հիվանդանոց՝ բուժօգնություն ցույց տալու, իսկ 67ա համարի երթուղային մեքենան կանգնած է մնացել «Այրարատ» կինոթատրոնի դիմաց։

Ավտովթար Վրաստանի Նինոծմինդա շրջանում

ավտոպատահարՀուլիսի 25-ին, ժամը 12.15-ին ահազանգ է ստացվել, որ ժամը 10.56-ին Վրաստանի Հանրապետության Նինոծմինդա-Բավրա ավտոճանապարհին` Ատլիովսկի գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ:

ՀՀ Բավրայի անցակետ են մեկնել Ամասիայի ՀՓՋ-ից երկու հրշեջ-փրկարարներ և մեկ շտապօգնության բրիգադ:

Դեռևս չբացահատված հանգամանքներում “Տոյոտա” մակնիշի 26 OS 919 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, ինչի հետևանքով Նինոծմինդա շրջանի բժշկական կենտրոն են տեղափոխվել ՀՀ քաղաքացիներ` 2009 թ. ծնված Լ. Կարապետյանը, 2001 թ. ծնված Ռ. Կարապետյանը և 1989 թ. ծնված Հ. Դավթյանը, որոնց առողջական վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության, իսկ 2004 թ. ծնված Մ. Կարապետյանի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է և անհրաժեշտ է շտապ տեղափոխել Հայաստանի Հանրապետություն:

Ժամը 14.11-ին Մ. Կարապետյանը շտապօգնության մեքենայով Բավրայի անցակետից տեղափոխվել է Աշոցքի ԲԿ, այնուհետև Գյումրու ԲԿ:

Առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծանր:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

«Բարև Երևանը» հանդիպել է Տարոն Մարգարյանի հետ

«Բարև Երևան» դաշինքԱյսօր ավագանու «Բարև Երևան» խմբակցությունը հանդիպել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ, որի ընթացքում լսել է նրա հաղորդումը, թե հասարակական տրանսպորտի թանկացման վերաբերյալ ինչ է հայտարարելու երևանցիներին: Քաղաքապետն ասել է, որ, թեև սակագինը բարձրացվել է, սոցիալական խմբերի համար արտոնություններ են մշակվելու: Հանդիպման մասնակիցներն առարկել են այդ առումով, քանի որ Երևանի բնակչության 80 %-ն այդ խմբերում է: Խմբակցությունն առաջարկել է քաղաքապետի մոտ տրանսպորտի թանկացման հարցը քննարկել ԲՀԿ խմբակցության հետ համատեղ:

«Բարև Երևանը» վերահաստատել է իր դիրքորոշումն առ այն, որ ուղեվարձերը պետք է վերադառնան նախկին սակագնին, ինչպես նաև՝ ներկայացրել է իր տեսակետը տրանսպորտային ոլորտի խնդիրների համակարգային լուծման ուղղությամբ:

Սպասվում են կարճատև տեղումներ

եղանակՀանրապետության տարածքում`

Հուլիսի 26-ին, 27-28-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 29-30-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կա կարկուտի հավանականություն:

Քամին հյուսիս-արևելյան` 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 26-ին կնվազի 2-3, 28-ին ևս 1-2 աստիճանով:

Երևանում`

Հուլիսի 26-28-ին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ, 29-30-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, տեղումների հավանականությունը փոքր է:

Երևան քաղաքի հուլիսի 26-ի բազմամյա կլիմայական տվյալներ

• Օդի առավելագույն ջերմաստիճան 40.30C (1966թ)
• Օդի նվազագույն ջերմաստիճան 10.80C (1911թ)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 26.60C

 

 

Արցախից հայտնում են

արցախԼՂՀ ԿԱ փրկարար ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են Արցախի տարածքում շաբաթվա ընթացքում գրանցված արտակարգ պատահարների մասին։

Մեքենան շրջվել է
Հուլիսի 19-ին տեղեկություն է ստացվել, որ Մարտակերտի շրջանի Առաջաձոր -Հովտաշեն ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ: Պարզվել է, որ Հովտաշեն համայնքի բնակիչ, 1953 թ. ծնված Կ. Սեյրանյանի վարած «Աուդի» մակնիշի ավտոմեքենան շրջվել է, որի հետևանքով վերջինս և ուղևորներ` 1962 թ. ծնված Ս. Պողոսյանը, 2007 թ. ծնված Ժ.Սեյրանյանը, 1987 թ. Մ. Սիմոնյանը ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ:
Հրշեջ-փրկարարները տուժածներին տեղավորել են դեպքի վայր ժամանած շտապօգնության մեքենայում, որով էլ վերջիններիս տեղափոխել են Հանրապետական հիվանդանոց: Ճանապարհին վարորդ Կ. Սեյրանյանը մահացել է:
Ըստ բժիշկների` մնացած տուժածների առողջական վիճակը բավարար է:

Զենք-զինամթերքի հայտնաբերում
Հուլիսի 23-ին տեղեկություն է ստացվել, որ Ասկերանի շրջանի Ծաղկաշատ համայնքի բնակիչ Կ. Սողոմոնյանը համայնքի տարածքում զինամթերք է հայտնաբերել: Դեպքի վայր մեկնած ՓԾ ինժեներասակրավորական խումբը վնասազերծել է հայտնաբերված զինամթերքը (2 միավոր գնդիկաբեկորային ավիառումբ):

Դավիթ Սանասարյանը խորհրդանշական նվեր տորթը փոխանցել է քաղաքապետարանի կազմակերպչական բաժին

տորթԵրևանի ավագանու «Բարև Երևան» դաշինքի անդամ Դավիթ Սանասարյանը, ով համաձայնել էր քաղաքացիների խորհրդանշական նվեր տորթը` 50 դրամանոցի տեսքով քաղաքապետին հանձնել, իր ֆեյսբուքայն էջում գրում է.

«Հարգելի քաղաքացիներ, ձեր տված տորթը հանձնել եմ կազմակերպչական բաժին, որպեսզի փոխանցեն Տարոն Մարգարյանին: Նաև ավելացրել եմ, որ տորթը կիսելու ժամանակ տեղեկացնեն ինձ, եւ ես էլ մեծ սիրով կհամտեսեմ քաղաքացիական տորթից….»:

Վարչապետ. «Մենք տեսնում ենք, որ Հայաստանում ձևավորվում է ուժեղ քաղաքացիական հասարակություն

 10574_am_1ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ներածական խոսքը ՀՀ կառավարության նիստում

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան – Հարգելի գործընկերներ, ցանկանում եմ կառավարության նիստն սկսել վերջին օրերին Երևան քաղաքում հասարակական շարժման հետ առնչվող խնդիրներից:
Առաջին, մենք տեսնում ենք, որ սա մարդկանց ինքնաբուխ շարժում է, որը չունի կուսակցական բնույթ, չնայած վերջին օրվա իրադարձությունները ցույց են տալիս, որ որոշ կուսակցություններ, իհարկե, ցանկանում են օգտվել առիթից, բայց բուն պատճառը քաղաքապետարանի որոշումն է տրանսպորտի սակագների փոփոխության վերաբերյալ: Ավելի շուտ այս շարժումն ունի սոցիալական բնույթ, սոցիալական համերաշխության, արդարության համար` ընդդեմ աղքատության, այսինքն` հասկանալի մղումներ են ղեկավարում երիտասարդներին, ովքեր բարձրացնում են այս հարցը: Մենք տեսնում ենք, որ Հայաստանում ձևավորվում է ուժեղ քաղաքացիական հասարակություն, և մենք պարտավոր ենք հաշվի առնել այս իրողությունը պետական որոշումներ կայացնելիս և պետք է շատ ուշադիր լինենք քաղաքացիական հասարակության ձևավորման բոլոր խնդիրների նկատմամբ:
Երկրորդ, տեղական ինքնակառավարման մարմինների ինքնուրույնությունը, անկախությունը նույնպես մեզ համար էական նշանակություն ունեն դեմոկրատական հասարակության կառուցման ճանապարհին, և այդ առումով, իհարկե, այս որոշումն ամբողջությամբ Երևանի քաղաքապետարանի իրավասությունների շրջանակում գտնվող խնդիր է, բայց մենք չենք կարող ուշադրություն չդարձնել այն տրամադրություններին, որ ստեղծում է այս որոշումը հասարակության մեջ և առնչվում է, բնականաբար, գործադիր իշխանությանը: Մենք պարտավոր ենք այս խնդիրը պահել մեր ուշադրության կենտրոնում:
Երրորդ, մենք մեզ համար կանոն ենք սահմանել, և ես մշտապես պահանջում եմ ձեզանից, որ այն որոշումները, որոնք առնչվում են մեծ զանգվածներին, անպայման քննարկվեն հանրության հետ, անպայման ներգրավենք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին: Սա անհրաժեշտ կանոն է, բայց արդեն ակնհայտ է, որ բավարար չէ, որովհետև հասարակական կազմակերպությունները ներկայացնում են միայն իրենց կազմակերպությունների անդամների կարծիքն այն պարագայում, երբ մեր որոշումները վերաբերում են հազարավոր, երբեմն հարյուրհազարավոր մարդկանց: Սա նշանակում է, որ մենք ձեզ հետ միասին պարտավոր ենք այսուհետ կարևոր որոշումներ կայացնելիս ապահովել հանրային քննարկումներ, հանրային լսումներ, բաց և հրապարակային դեբատներ: Կարծում եմ, որ տրանսպորտի սակագների փոփոխությունը հենց այդ ոլորտին վերաբերող խնդիր է, և մենք պարտավոր ենք այսուհետ այդ որոշումները կայացնելուց առաջ ապահովել հրապարակային հանրային քննարկումներ և դեբատներ: Կարծում եմ, որ անհրաժեշտություն կա նաև օրենսդրորեն լրացնել այս բացը, և այն ռեժիմը, որ մենք այսօր կիրառում ենք օրենքով Հանրային խորհրդի գործունեությունը կանոնակարգելիս, որ Հանրային խորհրդին պարտադրում ենք հրապարակային քննարկումներ և լսումներ կազմակերպել, այդ մոտեցումն ամբողջությամբ իրեն արդարացնում է, որովհետև ժամանակ կա լսելու բոլոր ընդդիմախոսներին, նրանց փաստարկները, և հանրությանը մենք դրանով հնարավորություն ենք տալիս ճիշտ կողմնորոշվել, և հետագայում էլ այդ որոշումները կայացնողները նույնպես հաշվի են առնում հանրային կարծիքը և տրամադրությունները, ինչը չափազանց կարևոր է մեր երկրում քաղաքացիական հասարակության ձևավորման առումով: Այդ տեսակետից, իհարկե, մենք ուշադրությամբ հետևում ենք քաղաքապետարանի գործողություններին, և կխնդրեմ Ձեզ, պարոն Արեյան, մեզ տեղյակ պահել, թե ինչ քայլեր եք ծրագրում, որպեսզի պատասխանենք հանրությանն այսօր մտահոգող հարցերին:

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյան – Շնորհակալություն, պարոն վարչապետ: Զեկուցեմ Ձեզ, որ այս օրերի ընթացքում Երևանի քաղաքապետն անձամբ հետևել է քաղաքային հասարակական ընդհանուր օգտագործման տրանսպորտի սակագնի բարձրացման ուղղությամբ հնչեցված և հնչեղություն ստացած հասարակական հարցադրումներին, վերլուծություններին, դիտարկումներին, եզրահանգումներին, գնահատականներին, առաջարկություններին: Միևնույն ժամանակ Երևանի քաղաքապետը հանդիպում է ունեցել հասարակական և սոցիալական տարբեր խմբերի ներկայացուցիչների հետ, լսել նրանց կարծիքն ու առաջարկությունները, ինչպես նաև քաղաքապետարանի կողմից իրականացվել են խնդրի առնչությամբ սոցհարցումներ: Այս պահին Երևանի քաղաքապետը հանդիպումներ է անցկացնում Երևանի ավագանու կուսակցական խմբակցությունների հետ: Ամփոփելով բոլոր եզրահանգումներն ու առաջարկությունները, ինչպես նաև ի մի բերելով հետագա անելիքներն ու միջոցառումները` այսօր Երևանի քաղաքապետն անձամբ հրապարակային հայտարարությամբ կդիմի Երևանի բնակչությանը` ներկայացնելով բոլոր պարզաբանումներն ու անելիքները:

 

Սոցիալական հոլովակ` ամոթ չէ վճարել 100 դրամ

0Ցանցում է հայտնվել մի հոլովակ` սոցիալական գովազդ, որը քաղաքացիներին հիշեցնում է, որ ամոթ չէ 100 դրամ ուղեվարձ վճարելը, ամոթ է 150 դրամ վճարելը, երբ կողքինդ չունի այդ 50 դրամը:

Ոչ 150 դրամին, օր 6-րդ. բողոքի ակցիա կառավարության շենքի առջև (լուսանկարներ, տեսանյութեր)

DSCN8525Այսօր մինչ կառավարությունը նիստ էր անցկացնում, կառավարության շենքի դիմաց քաղաքացիները բողոքում էին Երևանում հասարակական տրանսպորտի սակագների բարձրացումից: «Մեզ մի կթեք», «Ժպտալով վճարում ենք 100 դրամ և իջնում», «Ուղեվարձը 100 դրամ», «Արժանապատիվ կյանք մեր վարորդներին» և այլ պաստառներով ցուցարարները գործադիրին կոչ արեցին քայլեր ձեռնարկել` վերականգնելու Երևանի բնակիչների խախտված իրավունքները:

Նրանք նաև հայտարարեցին, որ դեմ կլինեն, եթե 100 դրամ ուղեվարձն ապահովվի պետբյուջեից սուբսիդիաների հատկացման հաշվին:

Մի տարեց կին, որ նախորդ բողոքի ակցիաներից հայտնի է որպես «ՀՀԿ-ական տատիկ», փորձեց սադրել հավաքվածներին` ակցիային քաղաքական երանգ հաղորդելով: Սակայն ակտիվիստները պարզապես անտեսեցին սադրիչ տատիկին` հայտարարելով, որ իրենց շարժման հետևում որևէ քաղաքական ուժ չկա կանգնած և իրենք շարքային քաղաքացիների ձայնն են բարձրացնում:

Բողոքի ակցիային մասնակցում էին շուրջ 200 քաղաքացիներ:

«Չենք վճարելու 150 դրամ» շարժման մասնակիցներից Աշոտ Խաչատրյանը «Անկախ»-ի հետ զրույցում ասաց, որ ակցիայի մասնակիցները Երևանի տարբեր շրջաններում շարունակում են բողոքի ցույցեր անցկացնել և իրազեկել քաղաքացիներին` կոչ աբելով  100 դրամ  ուղեվարձ վճարել, այդ պատճառով էլ քիչ են:

«Չկա որևէ միջոցառում, որին պետք է բոլորը գան: Դրվում է ինֆորմացիան, ով ցանկանում, գալիս է: Շատ ապակենտրոն է մեր շարժումը, քանի որ չկա կոնկրետ կազմակերպիչ,- ասում է Խաչատրյանը, հավելելով, որ ապակենտրոնությունն իրենց ավելի ուժեղ է դարձնում` ոստիկանները չեն հասցնում իրենց հետևից, իրենք էլ համեմատաբար ավելի լայն շրջանակների են իրազեկում:

 

Տարոն Մարգարյանն ուզում էր հրաժարվել քաղաքացիների նվերից, բայց չստացվեց

տորթ2Այսօր մի խումբ քաղաքացիներ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին 50 դրամանոցի տեքսով խորհրդանշական տորթ նվիրեցին: Դրանով քաղաքացիները ցանկացան արտահայտել, որ իրենք իրենց պայքարում վճռական են տրամադրված և խաղաղ պայքարով հասնելու են հաղթանակի: 50 դրամանոցի տեսքով տորթի  կողքին գրված էր` կերեք, կշտացեք:

տորթ3Ոստիկանները քաղաքացիներին թույլ չտվեցին քաղաքապետարանի մուտքի մոտի մայթից առաջ անցնել: Մոտ 20-30 րոպե տևած բանակցություններն անարդյունք անցան: Ոստիկանները չընդունեցին առաջարկը, որ միայն մեկ մարդ տորթը քաղաքապետարան տանի և հանձնի: Չնայած մազմաթիվ կոչերին ու առաջարկներին` քաղաքապետարանի աշխատակազմից էլ որևէ մեկը դուրս չեկավ նվերն ըդնունելու: Ոստիկաններն առաջարկում էին տորթը մայթի վրա թողնել և հեռանալ:

տորթԵրբ թվում էր, որ հենց այդպես էլ պետք է արվի, այլ ելք չկա, եկավ ավագանու «Բարև Երևան» դաշինքի անդամ Դավիթ Սանասարյանը: Վերջինս համաձայնեց տորթը քաղաքապետարան մտցնել և հանձնել քաղաքապետին` նշելով, որ այն իր քաղաքացիներից նվեր է:

Քաղաքակիրթ տրանսպորտի համար պայքարի այսօրվա ժամանակացույցը

ոչ 150 դրամին09:00-ից շարունակվում է երթուղայիններում թռուցիկների տարածումը, ցուցադրական 100 դրամների վճարումը, մարդկանց իրազեկումը, հիմնավորումը, թե ինչու պետք է վճարել 100 դրամ: Չենք մոռանում շեշտել, որ այդ որոշումը անօրինական է և իրավական ուժ չունի:

11:00-ին Կառավարության նիստի վերջին զեկուցումը կարդում է քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Զեկույցի թեման գաղտնի է: Ենթադրելով, թե ինչի մասին կարող է լինել զեկույցը` հավաքվում ենք կառավարության շենքի դիմաց բողոքի ցույցի:

12:00-ին մի խումբ քաղաքացիներ նախաձեռնել են “50 դրամ”գրառմամբ տորթի հանձնում Տարոն Մարգարյանին: Ակցիային մասնակցելու համար նրանց կարող եք միանալ Երևանի քաղաքապետարանի մոտ:

15:00-ին ևս մեկ անգամ Մաշտոցի պուրակում ցանկացողները կարող են մասնակցել “ինչպես ակցիաների, գործողությունների ժամանակ, բարդ իրավիճակներում հարաբերվել ոստիկանության հետ”թեմայով դասընթացին:

19:30-ից երթ Ազատության հրապարակից դեպի Հանրապետության հրապարակ, այնուհետև՝ Մաշտոցի պուրակ:

20:10-ից Մաշտոցի պուրակում օրվա ամփոփում և հետագա գործողությունների պլանավորում:

Ուշ երեկոյան, քննարկումից հետո, փոքրիկ համերգի միջոցով օրվա ընթացքում կուտակված բացասական լիցքերից ազատում)))

Արդեն ըստ վարչական շրջանների կազմվել են մի քանի խմբեր, որոնք քաղաքի տարբեր հատվածներում կաշխատեն: Եթե կան այլ մարդիկ, որոնք ցանկանում են մասնակցել ու ներգրավված չեն այդ խմբերում կարող են միանալ, կամ կարող են այստեղ գրել ու կազմել իրենց խումբը և անցնել գործի, կամ դա իրականացնել միայնակ` տպելով թռուցիկի տեքստը կամ գրելով այստեղ և եթե կլինեն պատրաստի տպված թռուցիկներ վերցնել դրանք:Նույնիսկ թռուցիկի բացակայության պարագայում նստում ենք երթուղայիններ, դեմոնստրատիվ վճարում ենք 100 դրամը` բացատրելով վարորդին և մյուս ուղևորներին, թե ինչու է դա արվում և կոչ անելոով մյուս ուղևորներին ևս վճարել 100 դրամ:

Դժբախտ պատահար Գյուլիքևխյան փողոցում

ավտոպատահարՀուլիսի 25-ին, ժամը 00.46-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 22.14-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է հոսպիտալացվել Երևանի Գյուլիքևխյան փողոցի թիվ 16 շենքի 5-րդ հարկից ընկած 1988 թ. ծնված Մ. Ա.-ը , ով ժամը 00.42-ին հիվանդանոցում մահացել է:

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

եղանակը ՀայաստանումՀանրապետության տարածքում`

Հուլիսի 25-26-ը գիշերվա առաջին կեսին և օրվաերկրորդ կեսին հյուսիսային շրջաններում, 27-29-ըշրջանների զգալի մասում սպասվում է կարճատևանձրև և ամպրոպ, առանձին հատվածներումհնարավոր է կարկուտ:

Քամին հյուսիս-արևելյան՝ 5-10 մ/վրկ, ամպրոպիժամանակ քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը  հուլիսի 25-26-ը կնվազի 4-5աստիճանով:

 

Երևանում՝

Հուլիսի 25-26-ը երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, տեղումների հավանականությունը փոքրէ:

 

Հուլիսի 27-29-ին երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպիժամանակ քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ:

 

Երևանի հուլիսի 25-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան    39.80C (1966 թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան       10.30C (1911 թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան   26.50C

 

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանի ու Հարավային Կովկասի հարցերով Ֆրանսիայի տնտեսական ծառայության ղեկավարի հետ

001Երևանի և ֆրանսիական քաղաքների միջև քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման ու մայրաքաղաքի ջրամատակարարման ոլորտում իրականացվող ծրագրերին առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյի ու Հարավային Կովկասի հարցերով Ֆրանսիայի տնտեսական ծառայության ղեկավար Դանիել Պատայի հանդիպման ժամանակ:

Ողջունելով դեսպանին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ կարևորել է Երևանի և ֆրանսիական մի շարք քաղաքների միջև ձևավորված ջերմ և բարեկամական հարաբերությունները և ընդգծել, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում միշտ բաց և պատրաստ է քննարկել ու կյանքի կոչել բոլոր այն համատեղ ծրագրերը, որոնք կամրապնդեն երկկողմ հարաբերությունների զարգացումը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանն իր հերթին վստահեցրել է, որ իր գործուն աջակցությունը կունենա Երևանի և ֆրանսիական քաղաքների միջև կապերի էլ ավելի սերտացման ու նոր ծրագրերի իրականացման հարցում:

Կողմերն առանձնակի կարևորել են նաև Ֆրանսիայի Հանրապետության կառավարության աջակցությամբ Երևանի ջրամատակարարման և ջրահեռացման ծրագրին տրամադրվող տեխնիկական աջակցության ծրագրի  իրականացումը:

Հանդիպման վերջում քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ այսօր կան բոլոր նախադրյալները Երևանի և ֆրանսիական քաղաքների միջև փոխգործակցությունն էլ ավելի ամրապնդելու և քաղաքային տնտեսության նոր ոլորտներ ընդգրկելու համար:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

Տարոն Մարգարյանը Կառավարության նիստի օրակարգում գաղտնի հարց է ընդգրկել

կառավարությունԿառավարության վաղվա նիստում  գաղտնի հարց կա ընդգրկված: Նիստի հրապարակված օրակարգում  21-րդ հարցը նշված է որպես գաղտնի, այն առաջարկել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Թե ինչ կքննարկվի գաղտնի հարցի ներքո, որը փակ է լինելու լրագրողների համար, կարելի է միայն ենթադրել:

ՀԽ նախագահը տրանսպորտի գնի մասին. գցել-բռնելով որոշում կայացնելը գյուղին բնորոշ մտածելակերպ է

Վազգեն-ՄանուկյանԵրևանում հասարակական տրանսպորտի համար 150 դրամ սակագին հայտարարելուց հետո արդեն 5-րդ օրն է, ինչ Երևանում ընթանում են բողոքի ակցիաներ: Քաղաքացիները հրաժարվում են ընդունել նոր սակագինը` պահանջելով վերականգնել նախկին` 100 դրամը: Ստեղծված իրավիճակի մասին «Անկախը» զրուցել է Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ:

-Պարոն Մանուկյան, Երևանի քաղաքապետարանի և գծատերերի հիմնավորումներով մեկ ուղևորի փոխադրման արժեքը 144 դրամ է: Արժանահավա՞տ եք համարում այդ փաստարկները:

– Նրանց պնդումը ստուգել հնարավոր չէ: Առհասարակ Երևանի նման քաղաք աշխարհում չկա, որ տրանսպորտ նստես ու ոչ մագնիսական քարտ լինի, ո՜չ տոմս քեզ տան, ո՜չ կտրոն լինի: Այդպիսի վիճակ գուցե աֆրիկյան երկրների մի երկու-երեք գյուղում է մնացել: Իսկ եթե չկա տոմս տալու գաղափարը, վերահսկել ֆինանսական հոսքերն անհնար է: Այդ պայմաններում ուղղակի անիմաստ է խոսել եկամտաբերության կամ վնասի մասին:

Կառաջարկեի, որ քաղաքապետարանը նախ և առաջ պարտադրեր տոմսի գաղափարը, նոր կտեսներ, թե որն է եկամտաբեր, որը՝ ոչ:

Երկրորդը  կառուցվածքի հարցն է: Ցանկացած բիզնեսի համար, եթե ճշտում ես ֆինանսական հոսքերը, առաջանում է այն հարցը, թե ինչպես օպտիմալացնել եկամուտները, ինչպես պակասեցնել ծախսերը: Այս ժամանակ արդեն սկսում ես կառուցվածքային փոփոխություններ կատարել: Իսկ քաղաքային տրանսպորտի համար կառուցվածքային փոփոխությունը ֆունդամենտալ է, քանի որ գծեր կան, որոնք եկամտաբեր են որոշակի ճանապարհավճարի դեպքում, գծեր կան, որոնք պետք է սպասարկել, բայց մեծ եկամտաբերություն չունեն, ուստի ողջ կառուցվածքը պետք է լինի միասնական: Այսինքն՝ Երևանի ողջ տրանսպորտը պետք է վերահսկի  միասնական ընկերություն, դա կարող է լինել ԲԲԸ, որի մեջ պետությունը կամ քաղաքապետարանը մաս ունենան կամ չունենան (դա քննարկելու հարց է), կարող է լինել կոոպերացիայի հիմքի վրա ստեղծված. տարբեր գծատերերը միավորվեն և ստեղծեն կոոպերացիա: Բայց քաղաքապետարանը պետք է գործ ունենա մեկ կառույցի հետ:

Այս ամենից հետո նոր միայն կարող են առաջանալ գնի մասին խոսակցություններ` բարձրացնել, իջեցնել կամ ինչ անել:

– Քաղաքապետարանը գինը բարձրացրել է` հայտարարելով, որ բարեփոխումները հետագայում կլինեն: Դա իրատեսական ե՞ք համարում:

– Երբ ֆինանսական հոսքերը չեն վերահսկվում, անիմաստ է խոսել որևէ բանի մասին: Հիմա, երբ սակագինը դարձրեցին 150 դրամ, եթե մինչ այդ գծատերերը իրենց մի քիչ լավ չէին զգում, կսկսեն լավ զգալ, հավանական է` վիճակն այդպես կոնսերվացված էլ կմնա: Եթե բոլորը` քաղաքապետարանը, գծատերերը  գոհ մնան, ժողովուրդը համակերպվի, ինչ-որ բան փոխելու էլ  ի՞նչ  դրդապատճառներ կլինեն:

Քաղաքապետարանը նախ և առաջ պիտի ֆինանսական հոսքերը վերահսկեր, առաջարկեր քաղաքացիներին, թե ինչպիսի  կառուցվածք է ունենալու հասարակական տրանսպորտը, հարցը քննարկեր հանրության հետ, ապա սկսեր իրականացնել դա: Այ,  այդ դեպքում կառաջանար իրական վճարը, թե ինչքան պետք է լինի: Իսկ ներկա պահին օդից վերցրած գին է`  գյուղին բնորոշ մտածելակերպ, որոշել են  գցել-բռնելով, ոչ մի լուրջ հաշվարկ չկա:

– Շատ է խոսվում, որ այլ երկրներում հասարակական տրանսպորտը սուբսիդավորվում է, մինչդեռ մեզ մոտ շահույթի և անգամ գերշահույթի մասին են խոսում: Ծանո՞թ եք այլ երկրների փորձին:

– Երբ արդեն մտցված լինի տոմսի գաղափարը, վերահսկվեն և հավաստի լինեն ֆինանսական հոսքերը, որոշված լինի քաղաքային տրանսպորտի կառուցվածքը, հնարավոր կլինի հաշվել եկամուտ ապահովող ճանապարհավճարը: Կառաջանա հարց` արդյոք քաղաքացիներն ի վիճակի են վճարել այդ գինը: Առաջ է գալիս քաղաքական հարց` արդյոք իշխանությունը որոշ ծախսեր վերցնում է իր վրա` սուբսիդավորելով քաղաքային տրանսպորտը: Այս հարցին  պետք է պատասխանի քաղաքային իշխանությունը:

Տարբեր քաղաքաներում այս հարցը տարբեր կերպ են լուծում: Քաղաքներ կան, որտեղ չի սուբսիդավորվում, քանի որ գինը համապատասխանում է քաղաքացիների հնարավորություններին, կան քաղաքներ, որտեղ զեղչի մշտական տոմս ունեն երիտասարդները և թոշակառուները, կան նաև քաղաքներ, որտեղ սուբսիդավորում են ամբողջ տրանսպորտի աշխատանքը:  Այ,  այդտեղ են  սկսվում գնի մասին իրական խոսակցությունները:

– Իսկ տրանսպորտի հարցը ՀԽ-ում քննարկվե՞լ է:

– ՀԽ-ն տրանսպորտի հարցն առաջին անգամ քննարկեց տարիներ առաջ, երբ քաղաքապետը Կարեն Կարապետյանն էր: Բավականին կոնստրուկտիվ խոսակցություն եղավ տրանսպորտի բարեկարգման վերաբերյալ, բայց, ցավոք սրտի, ոչ մի բան էլ չի փոխվել: Գնի փոփոխությունից  մեկ շաբաթ առաջ ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովում քննարկում եղավ գնի վերաբերյալ, քաղաքապետարանից, տրանսպորտի և կապի նախարարությունից ներկայացուցիչներ կային և մի քանի գծատերեր: Գծատերերի մի մասը կարծում էր, որ  պետությունը պետք է սուբսիդավորի և քաղաքացիների համար գինը մնա 100 դրամ: Որոշ գծատերեր էլ հայտարարեցին, որ եթե 200 դրամ չլինի, իրենք չեն աշխատի, կսնանկանան և այլն: Ասացի, որ  խոսակցություններն առանց թվերի անիմաստ է: Գոնե պաշտոնական թվերով պետք է ուսումնասիրել, հասկանալ, եթե ուղևորափոխադրումն   իսկապես 100 դրամից թանկ է արժենում, պետք է քաղաքական հարց դնել` իշխանությունը վերցնո՞ւմ է տարբերության սուբսիդավորումն իր վրա, թե՞ ոչ: Ցավոք սրտի, մեր խոսակցությունն էլ չշարունակվեց: Մինչ հաջորդ հանդիպումը կգար, այդ ընթացքում գները բարձրացվեցին, բայց խնդիրներն էլի մնացին:

– Այսինքն , ըստ ձեզ, թե  պաշտոնական հաշվարկը, ըստ որի մեկ ուղևորի փոխադրման արժեքը  144 դրամ է, թե՜ մասնավոր հաշվարկները, ըստ որոնց իրական արժեքը 77 դրամ է,  արժանահավատ չե՞ն:

– Կարծում եմ, որ դրանք շատ մոտավոր են և հավաստի չեն,  բացի այդ, տարբեր ուղևորափոխադրումների գծեր տարբեր եկամուտներ են բերում: Ինչո՞ւ եմ ասում, որ պետք է միասնական լինի: Որպեսզի, եթե մի գիծը եկամուտով է աշխատում, մյուսը վնասով, այդ եկամուտը ծածկի մյուս գծի վնասը: Ամբողջ քաղաքով ես եկամտաբերությունը հաշվում, ոչ թե գիծ առ գիծ:

– Իսկ քաղաքացիների բողոքն արդարացի՞ եք համարում:

– Եթե Հանրային խորհրդից կարծիք հարցնեին, մենք կբացատրեինք, որ տրանսպորտի գնի բարձրացման նկատմամբ բնակչությունն ավելի զգայուն է, քան, օրինակ, մսի, հացի կամ ծխախոտի գնի բարձրացման նկատմամբ: Եթե մսի գինը բարձրանա, ես կբողոքեմ, կդժգոհեմ, բայց նաև ինձ համար որոշում կկայացնեմ, որ պետք է միս քիչ ուտեմ, եթե ծխախոտի գինը բարձրանա, էլի կբողոքեմ, բայց կսկսեմ քիչ ծխել: Բայց տրանսպորտի դեպքում տնտեսել չես կարող: Եթե քաղաքացին  պիտի գնա  համալսարան կամ աշխատանքի և վերադառնա, ուզի-չուզի, երկու անգամ պիտի օգտվի  տրանսպորտից: Այսինքն՝ անտնտեսելի է: Եվ երկրորդ՝ որոշումը  դիպչում է ամենախոցելի խավերին` երիտասարդներին, որոնք նոր են կյանք մտնում և մեծ գումար չեն կարող աշխատել, և տարեցներին, որոնք արդեն գումար չեն վաստակում:

Որոշմամբ ամենացավոտ տեղին կպան: Պետք է ասեմ, որ զարմացած եմ, ինչ-որ իմաստով նաև հիացած եմ: Ինձ թվում էր, որ ժողովրդի մեջ մահացել է իրար սիրելու, իրար կարեկցելու կարողությունը, պայքարելու ջիղը կորել է: Բայց  տեսնում եմ , որ չէ, մարդիկ կարեկցանքով են վերաբերվում նրանց, ովքեր տուժում են դրանից և ոչ միայն նրանց հետ բողոքում են, այլև օգնում են իրենց մեքենաներով: Մյուս կողմից էլ ընդդիմությունը հիմա այնպիսի վիճակում է, որ պարզ երևում է` հետևում որևէ քաղաքական ուժ չկա, որն ուզում է քաղաքական շահարկումներ անել: Քաղաքացիների բնական ինքնակազմակերպում է գնում, և դա ցույց է տալիս, որ ունենք երիտասարդություն, որի հետ կարող ենք հույսեր կապել ապագայում:

– Շարժումը շատ են նմանեցնում 88-ի շարժմանը: Դուք նմանություններ տեսնո՞ւմ եք:

– Բոլոր շարժումներն էլ իրար նման են, բայց նաև բոլորը միմյանցից տարբերվում են, որովհետև և՜ անձերն են փոխվում, և՜ նպատակները, և՜ միջավայրը, որում կատարվում է:

– Իսկ ստեղծված վիճակն արդյոք ապացուցո՞ւմ է խոսքի ճշմարտացիությունը, թե 25 տարի է հարկավոր նոր քաղաքացիական հասարակություն ձևավորելու համար:

– Ես կարծում եմ՝ այո: Ես այս ընտրություններից առաջ ասել եմ, որ այս ընտրությունները լինելու են հանդարտ, բայց հաջորդ ընտրությունների ժամանակ պետք է սպասել բավական լուրջ փոփոխությունների Հայաստանում:

– Պարոն Մանուկյան, իսկ ստեղծված իրավիճակում քաղաքապետարանը և տրանսպորտի նախարարությունն ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեն, որ ճիշտ լինի:

– Կարծում եմ, որ կառավարությունը պետք է քաղաքապետարանին հրավիրի և միասին քննարկեն անելիքները, չնայած միմյանցից  բավական անկախ կառույցներ են: Կարծում եմ` ճիշտ կլիներ՝ որոշում ընդուներ  150-ի չանցնել և կատարել այն քայլերը, որոնք արդեն թվարկեցի` անհրաժեշտության դեպքում ապահովելով որոշակի սուբսիդիա:

 

 

 

Ամառային հանգիստը՝ Ծաղկաձորի և Հանքավանի ճամբարներում

chambar 2Մայրաքաղաքում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքների 7-ից 13 տարեկան շուրջ 850 երեխա հուլիսի 1-ից մինչև օգոստոսի 8-ը Երևանի քաղաքապետարանի և ՀՀ կառավարության  աջակցությամբ իրենց հանգիստն են անցկացնում Ծաղկաձորի և Հանքավանի ճամբարներում: Երեխաների ճամբարային առօրյան հագեցած է մարզամշակութային միջոցառումներով և  ճանաչողական ու հայրենասիրական դաս-խաղերով:

Քաղաքապետարանի աշխատակազմի կրթության և սոցիալական ապահովության վարչությունների, ինչպես նաև վարչական շրջանների համապատասխան ստորաբաժանումների աջակցությամբ նախապես անհատական աշխատանք է  տարվել ծնողների  հետ՝ երեխաների նախասիրություններն ուսումնասիրելու և, ըստ այդմ, նրանց առօրյան առավել հետաքրքիր ու արդյունավետ կազմակերպելու համար:  Վարչական շրջաններն իրենց հերթին, ըստ անհրաժեշտության, հոգացել են նաև ճամբարականներին մարզական հագուստներով և անհրաժեշտ այլ պարագաներով ապահովելու հարցը:

Իսկ երևանաբնակ ևս 25 երեխա  Երևանի քաղաքապետարանի և  «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի համագործակցությամբ հունիսի 10-ից 25-ն իրենց ամառային հանգիստն են անցկացրել «Գուգարք» ճամբարում։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Բաց նամակ ՀՀ վարչապետին

ՀՀ Վարչապետ 
պրն. Տ.Սարգսյանին

Տիգրան ՍարգսյանՄեծարգո Վարչապետ,

Ինչպես հայտնի է, 2013 թվականի հուլիսի 20-ին տրանսպորտի գների թանկացումից հետո Հայաստանի Հանրապետությունում անցավ դժգոհությունների ու բողոքների մի ալիք, որը տեղի ունեցավ ցույցերի և դժգոհությունների տեսքով: Մենք չէինք կարող անտեսել այդ գործընթացները, քանի որ մեր կարծիքով նրանք ժողովրդի տրամաբանական արձագանքն են մի որոշման, որը հակասում է ՀՀ քաղաքացիների շահերին: Այս պահի դրությամբ հայկական ԶԼՄ-ներում տարածվում է միտք, որի համաձայն այդ քաղաքացիական դժգոհությունը անհիմն և անտրամաբանական քաղաքական վարքագիծ է:

Սակայն մենք կարծում ենք, որ եթե նայել ճշմարտությանը, պետք է ընդունել այդ գործողությունների օրինաչափությունը: Այն փաստը, որ մեր պետության բնակչության մեծ մասը ստանում է շատ ցածր աշխատավարձ, հայտնի է բոլորին: Պետք չէ նաև մոռանալ մի ուրիշ փաստ, որի համաձայն Հայաստանի քաղաքացիների մեծ տոկոսը գործազուրկ են: Քանի որ տրանսպորտը ամենակարևոր ծառայություններից մեկն է, ստացվում է, որ այն ժամանակ, երբ քաղաքացիների ծախսերը աճում են, եկամուտը մնում է նույնը: Այդ գնային քաղաքականությունը բացասական ձևով կազդի աղքատ խավի սոցիալական վիճակին:

Բացի այդ, մեզ անհանգստացնում է այն փաստը, որ պետության և քաղաքացիական հասարակության միջև այս պահին տեղի է ունենում կոնֆլիկտ: Լինելով հասարակական և քաղաքական կայունության կողմնակից` մենք խնդրում ենք Ձեզ մի շարք քայլեր ձեռնարկել, որոնք դուրս կբերեն մեր երկիրը առկա իրավիճակից: Մեր կարծիքով հարցի լավագույն լուծումը կայանում է  պետության քաղաքացիների հետ համաձայնության մթնոլորտի ստեղծման մեջ: Քանի որ ակնհայտ է, որ մարդիկ պատրաստ չեն գնալու զիջումների այս հարցի շուրջ, մեր կարծիքով տրանսպորտի թանկացման որոշման չեղյալ համարումը այս հարցի լավագույն լուծման տարբերակն է:

Հուսով ենք, որ Դուք կլսեք մեր առաջարկությունը` հանուն սոցիալական կայունության և ի շահ ՀՀ քաղաքացուն:

Հարգանքով`
ՀՀ Նախագահին կից Հանրային խորհրդի
Երիտասարդության ենթահանձնաժողով