Ուղևորատար ինքնաթիռի օդաչուները քնել են թռիչքի ժամանակ

KanikaՀնդկաստանի խոշորագույն Air India ընկերության ղեկավարությունն աշխատանքից հեռացրել է 2 օդաչուներին ու 2 բորտուղեկցորդների` ապրիլի 12-ին Բանգկոկից Դելի թռիչքի ժամանակ կատարվածի պատճառով:

Թռիչքից կես ժամ անց, երբ ինքնաթիռն անհրաժեշտ բարձրության վրա էր, կապիտանի օգնական  Ռավինդրա Նաթը դուրս եկավ  օդաչուների խցիկից ու իր տեղը  նստեցրեց բորտուղեկցորդ Ջեյ Բաթին:

“Կանոնների համաձայն, եթե օդաչուն հեռանում է խցիկից, պարտավոր է այնտեղ ապահովել անձնակազմի մեկ այլ անդամի ներկայությունը, որն անհրաժեշտության դեպքում կարող է կանչել օդաչուին, եթե  կառավարման հետ ինչ որ բան լինի”,մեկնաբանել է Air India  ընկերության ներկայացուցիչը:

Սակայն, օդանավի հրամնատար Բ.Կ.Սոնին նույնպես հետևեց իր գործընկերոջ օրինակին ու մի քանի րոպեից իր տեղը նստեցնելով բորտուղեկցորդուհի Կանիկա Կալին, ինքն էլ դուրս եկավ:

Ավագ բորտուղեկցորդի խոսքով, որը հետևել է իրադարձություններին, Սոնին նախապես միացրել է ավտոպիլոտն ու  իր “տեղակալներին” կարճ  բացատրել, թե ինչպես պետք է կառավարել:

Ըստ երևույթին, հոգնած օդաչուները տեղավորվել են բիզնես կլասի  սրահում ու հասցրել 40 րոպե լիարժեք քնել, մինչև Կանիկա Կալը պատահաբար անջատել է ավտոպիլոտի կոճակն ու վտանգի տակ դրել 166 ուղևորների կյանքը:

Սոննին ու Բատան վազել են իրենց աշխատախցիկ ու մնացած թռիչն քանցկացրել այնտեղ: Կատարվածի մասին Դելիի  հասնելուն պես  իսկույն  տեղեկացվել է օդանավակայանի տնօրինությանը:

“Բոլոր աշխատակիցները կոպտորեն խախտել են անվտանգության կանոնները, դրա համար էլ հեռացվել են թռիչքից: Մենք հետաքննում ենք կատարվածը”, ասել է  քաղավիացիայի գլխավոր տնօրինության ղեկավար Արուն Միշրան:

Քննարկվեցին «Տաթեւի վերածնունդ» ծրագրի իրականացման ընթացիկ հարցեր

Քննարկվեցին «Տաթեւի վերածնունդ» ծրագրի իրականացման ընթացիկ հարցերՀՀ փոխվարչապետի, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գեւորգյանն այսօր այցելեց Սյունիքի մարզի Հալիձոր եւ Շինուհայր համայնքներ, տեղում ծանոթացավ «Տաթեւի վերածնունդ» ծրագրի իրականացման ընթացքին:

Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի, ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Վարդանյանի, Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանի, Հայ առաքելական եկեղեցու, տեղական իշխանությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղում կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվեցին ծրագրի իրականացման հետ կապված ընթացիկ հարցեր:

Ներկայացվեց «Տաթեւի վերածնունդ» ծրագրում ընդգրկված` Տաթեւի վանքի հարակից ութ համայնքներում զբոսաշրջության զարգացմանն ուղղված աշխատանքների ընթացքը, նշվեց, որ անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծումը կխթանի համայնքների զարգացումն ու կնպաստի ծրագրի արդյունավետ իրականացմանը: Մասնավորապես քննարկվեցին համայնքների գազիֆիկացման, խմելու ջրի եւ ոռոգման համակարգերի վերականգնման հարցեր: Անդրադարձ եղավ նաեւ Հալիձոր-Տաթեւ ճանպարհահատվածում անվտանգության լրացուցիչ միջոցառումների ձեռնարկման անհրաժեշտությանը:

Խորհրդակցությանը կարեւորվեց, որ տարածաշրջանում բոլոր ծրագրերը համահունչ լինեն «Տաթեւի վերածնունդ» ծրագրի տրամաբանությանը, իրականացվեն օրենքով սահմանված ընթացակարգերին համապատասխան, ինչպես նաեւ բնապահպանական եւ քաղաքաշինական փորձաքննություն անցնեն:
Հյուրերը շրջայց կատարեցին նաեւ համայնքներում, ծանոթացան զարգացման հնարավորություններին:

Հասարակայնության հետ կապերի բաժին

ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է կոլեգիայի նիստ

3ՀՀ ՊՆ վարչական համալիրում մայիսի 3-ին տեղի է ունեցել ՊՆ նյութատեխնիկական ապահովման խնդիրները, իրավիճակը և զարգացման հեռանկարները թեմայով կոլեգիայի նիստ, որին մասնակցել են պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, կոլեգիայի անդամները, ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ վարչությունների և առանձին բաժինների պետեր, զորամիավորման հրամանտարներ: Զեկուցումներով հանդես են եկել ոլորտի պատասխանատուները:

Ներկայացված զեկույցներն ունեցել են երկու ուղղվածություն. առաջին՝ ՀՀ ՊՆ նյութատեխնիկական բազան հարստացնելու համար կազմակերպվող գնումների և մատակարարումների գործընթացը, երկրորդ՝ ռազմաարդյունաբերական համալիրի զարգացումը:

Նիստի ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշել է, որ թե՜ գնումներն ու մատակարարումները, թե՜ ռազմաարդյունաբերական պլանավորումը գտնվում է ՀՀ իշխանությունների, մասնավորապես` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուշադրության կենտրոնում: Սեյրան Օհանյանը ընդգծել է նաև, որ.  «Հարկ է նաև նկատել, որ այս ոլորտները վերջին մեկ տարվա ընթացքում գրանցել են զգալի առաջընթաց, որը պայմանավորված է մեր կողմից իրականացված միջոցառումներով»:

Պաշտպանի միջնորդության շնորհիվ կինը ստացավ օգնություն և այլևս մուրացկանությամբ չի զբաղվի

img_80344868_MURATSKAN_EREXA_nԵրեկ մարդու իրավուքների պաշտպանի աշխատակազմը ահազանգ ստացավ, որ Մաշտոցի պողոտայի վրա մի կին փոքր երեխայի հետ նստած փող է մուրում: Պաշտպանի՝ երեխաների հարցերով խորհրդական Աիդա Մուրադյանը անմիջապես մեկնեց նշված վայր՝ մանրամասները ճշտելու նպատակով: Բացի այդ տիկին Մուրադյանը կապվել էր ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոնի և Ոստիկանության հետ՝ նրանց նույնպես ներգրավելով խնդրի լուծման մեջ:

Ինչպես պարզվեց, մայրը, ելնելով ծանր սոցիալական վիճակից, երեխայի հետ միասին Մասիս քաղաքից եկել էր Երևան մուրացկանության միջոցով գումար վաստակելու նպատակով: Առաջին անգամն էր, որ կինը դիմում էր նման միջոցի, քանի որ արդեն չէր կարողանում հոգալ իր և երեխայի սննդի խնդիրը: Նախկինում դատված ամուսինը ոչնչով չի օգնում նրան և չի կարողանում պահել ընտանիքը:

Մայրն ու երեխան փողոցից տեղափոխվեցին ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոն և ստանալով որոշակի օգնության փաթեթ՝ ուղևորվեցին տուն: Ոստիկանության աշխատակիցների խոսքերով կնոջ վրա առկա են եղել նաև բռնության հետքեր, որոնց կապակցությամբ կինն, այնուամենայնիվ, հրաժարվել է բողոք ներկայացնել:

Պաշտպանի խորհրդականը պարբերաբար կապ է պաշտպանում թե կնոջ հետ, թե Ոստիկանության և ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոնի աշխատակիցների հետ:

Միաժամանակ իրավիճակը հսկողության տակ պահելու և երեխային կրկին մուրացիկության մեջ ներգրավելը կանխելու նպատակով, Պաշտպանը գրություններ է պատրաստվում ուղարկել Մասիսի քաղաքապետարանի երեխայի իրավունքների պաշտպանության բաժին և Ոստիկանություն:

 

Սպասվում է առանց տեղումների եղանակ

big_1367577528_weather1ՀՀ տարածքում՝

Մայիսի 04-05-ին սպասվում է առանց  տեղումների եղանակ, 06-08-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին` հարավ-արևմտյան 2-7մ/վրկ, 06-08-ին ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանը մայիսի 06-08-ին կնվազի 3-4 աստիճանով:

Երևան քաղաքում՝
Մայիսի 04-05-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 06-08-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-20մ/վրկ:

Երևանի մայիսի 4-ի բազմամյա կլիմայական տվյալներ՝
• Օդի առավելագույն ջերմաստիճան 32.80C (1935թ)
• Օդի նվազագույն ջերմաստիճան 1.90C (1965թ)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 15.00C

Օմբուդսմենը լրագրողներին մաղթել է է ազատվել 6 չարիքներից

Կարեն-ԱնդրեասյանՄարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Մամուլի ազատության օրվա կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Մայիսի 3-ը արտահայտվելու, խոսքի, մամուլի ազատության միջազգային օրն է: Խոսքի ազատությունը (արդար դատաքննության իրավունքի հետ զուգահեռ) ապահովում է բոլոր մյուս իրավունքների պաշտպանությունը և հանդիսանում ժողովրդավարության կառուցման անկյունաքարը: Դրա համար լրագրողն իր գործում պիտի ազատ լինի խմբագրից ու նրա անհարկի միջամտությունից: Խմբագիրը պետք է ազատ լինի լրատվամիջոցի սեփականատիրոջ գրաքննությունից: Իսկ լրատվամիջոցի սեփականատերը պետք է ազատ լինի գովազդային շուկայի ճնշումից:

Իսկապես որ, Հայաստանում խոսքի ազատության վիճակը էականորեն բարելավվել է վերջին տարիներին: Պետության և պետական մարմինների միջամտությունը զանգվածային լրատվության միջոցների գործունեությանը հասցվել է հնարավոր ու միջազգայնորեն թույլատրելի նվազագույնին: Սակայն այսօր մեր տարբեր շուկաների, այդ թվում՝ լրատվական շուկայի գերկենտրոնացումը հնարավորություն չի տալիս լրագրողին, խմբագրին, լրատվամիջոցի փոքր և միջին սեփականատերերին լինել տնտեսապես ազատ, ապահովված ու պաշտպանված:

Բոլոր լրագրողներին և լրատվամիջոցներին մաղթում եմ լիարժեք ազատություն
1. լրատվական շուկայի գերկենտրոնացումից կամ մենաշնորհայնացումից,
2. թաղային հեղինակությունների և այլ հանցագործների բռնարարքներից,
3. օլիգարխներից և այլ հարուստներից նրանց ֆինանսական կախվածությունից,
4. լրատվամիջոցների կուսակցականացումից,
5. պատվերով հոդված գրող և դրանով իսկ ազատ խոսքը վարկաբեկող ու այլասերող լրագրողից,
6. դատարանի ապօրինի վճիռներից»:

ԱՄՆ Ռոդ-Այլենդ նահանգն օրինականացրեց միասեռ ամուսնությունները

pic_1366881953Ռոդ-Այլենդը դարձավ   միասեռ ամուսնություններն օրինականցրած Ամերիկայի 10-րդ նահանգը: Հինգշաբթի նահանգապետը ստորագրեց օրենսդիր ժողովում հավանության  արժանացած օրենքը: Հարյուրավոր ակտիվիստներ այդ իրադարձությունը տոնել են նահանգի մայրաքաղաք Պրովիդենսի քաղաքապետարանի մոտ: Օրենքն ուժի մեջ է մտնելու օգոստոսի 1-ից:

Շղթայակապ, անծայր թուր, մահամերձ առյուծ, խեղճացած արծիվ… միտումնավո՞ր են արդյոք մեր գերբի թերությունները

զինանշանՀայաստանի գերբը մի շարք թերություններ ունի, որոնք անզեն աչքով էլ կարելի է նկատել: Սակայն շատերը գուցե չեն նկատում, քանի որ տեղյակ չեն պատկերների գաղափարական նշանակությանը: Պարզվում է` մեր գերբի թերությունները ոչ միայն տեխնիկական են, գծագրային ու գեղարվեստական, այլև գաղափարական, որը, ըստ Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի, միայն մեծ հրճվանք կարող է պատճառել մեր թշնամիներին:

– Թուրը չի կարող ծայր չունենալ, իսկ մեր գերբի թրի ծայրը չկա, թաքնված է: Բայց կան նաև տարբերակներ, որտեղ կտրված թուր է պատկերված: Ես այստեղ միտումնավոր բան եմ տեսնում,- ասում է նա,- կտրած թուրը նշանակում է, որ դու ուժ չունես: Գերբի վրայի շղթաները նույնպես թերի են: Թուրը ոչ թե կտրել է դրանք, այլ ընդհակառակը` թուրն է շղթայված: Ամոթ մեզ, որ մեր գերբի վրա շղթայակապ թուր ենք պատկերում: Մեր Սահմանադրության մեջ գրված է, որ գերբի Արարատը պետք է լինի նարնջագույն: Իրականում այն չի համապատասխանում գրվածքին. Արարատ լեռը սպիտակ է, հետևի ֆոնն է նարնջագույն:

Էլ չեմ ասում, որ կան գերբի տարբերակներ, որտեղ Արարատը սև ֆոնի վրա է պատկերված: Արարատի գագաթին պատկերվածը ոչ թե Նոյյան տապանն է, այլ ինչ որ մակույկ, քանի որ չկա վերևի կառույցը: Պատկերված է մի առյուծ, որը առյուծ չէ, ծիծաղաշարժ ինչ-որ կերպար է: Ամոթ չէ՞, որ մեր գերբի վրա լինի այս ծաղրածուն, գլխին էլ ոչ թե թագ է, այլ ինչ-որ գիծ: Մյուս կողմում, իբր, վերցրել են Տիգրան Մեծի սաղավարտի նշանը, որը պետք է արև լինի, բայց մեր գերբի վրա պատկերվածն արև չէ, կամ էլ, եթե արև է, ապա դրա շողերը շրջանակի մեջ են վերցված, փակված են, ինչը շատ վատ նշան է և փչացնում է իմաստը:

Գերբի վերին մասում` աջից, ինչ-որ երկգլխանի անհասկանալի թռչուն է, որը ո՛չ արծիվ է, ո՛չ աղավնի: Պետք է լինի երկգլխանի արծիվ, արծիվն էլ պիտի ունենա մագիլներ: Սա խեղճացած ինչ-որ բան է: Վերևի ձախ մասում Անիի պարսպի վրայից վերցված առյուծի կրկնապատկերն է, որի գլուխը իրականում կոտրված է: Թող վերականգնեին և կարգին առյուծ պատկերեին, ոչ թե այս անգլուխ, անհասկանալի կենդանուն: Գերբի ամենահիմնական կերպարները` արծիվն ու առյուծը, նույնպես խեղաթյուրված են. առողջ առյուծն ունենում է բաշ, սա հիվանդ, ճաղատ կենդանի է` մահվան եզրին: Խղճուկ բերան ունի, լացակումած մռութ, տգեղ և երկար ականջներ, որը չի համապատասխանում առյուծի ականջներին: Սրանք ավելի շատ ավանակի ականջներ են: Ամենաներքևում էլ մի անիմաստ ժապավեն կա. սովորաբար գերբերի վրա ժապավեն է լինում, որպեսզի վրան ինչ-որ բան գրվի: Ինչի՞ համար է այս դատարկ ժապավենը` առանց այն էլ խճճված ու բազմակերպար գերբի վրա, հայտնի չէ: Ընդհանրապես հերալդիկան` գերբագիտությունը,  իր օրենքներն ունի, որոնցից մեկն էլ այն է, որ առյուծն ու արծիվը պատկերվում են բաց բերանով և երևացող ժանիքներով ու լեզվով: Մեր գերբում անգամ այդ տարրական օրենքները պահպանված չեն,- ասում է պրն, Աղամյանը:

Մի խոսքով, Կարեն Աղամյանն արդեն մեկ տարի է` բարձրաձայնում է այս թերությունների մասին, սակայն չգիտի, թե ում դիմի և ով է այդ ամենի պատասխանատուն:

zinansan nor 1.1

Ձախից` Կարեն Աղամյանի էսքիզը, աջից` ներկայիս գերբը

Քննադատությանը զուգահեռ բազմաթիվ էսքիզներ է արել` իհարկե ոչ վերջնական: Որպես հիմք` ընտրել է ներկայիս գերբը` իր նկատած թերություններն ուղղած:

Լսել է, որ ուզում են վերջապես Հայաստանում զինանշանագիտության խորհուրդ ստեղծել, որը կհամակարգի ոլորտը: Եթե նման բան լինի, ապա նա էսքիզները կներկայացնի խորհրդին:

SAM_1629Նշենք, որ Հանրային խորհրդի վերջին լիագումար նիստի օրակարգային հարցերից մեկը վերաբերում էր հենց այդ խորհրդի ստեղծմանը: Հանրային խորհուրդ էր դիմել «Մենք» ազգային արժեքների պահպանման հիմնադրամը` առաջարկելով ստեղծել ՀՀ պետական և ազգային խորհրդանշանների խորհուրդ: Նշված հարցը Հանրային խորհրդի հանձնարարությամբ և հրավիրված մասնագետների մասնակցությամբ քննարկվել էր ՀԽ մշակույթի ենթահանձնաժողովում: Քննարկման ընթացքում պարզ էր դարձել, որ տարածքային մարմինների և պետական կառույցների կողմից սահմանվող խորհրդանշանների, շքանշանների ու մեդալների ստեղծման և կիրառման ոլորտում հաստատված են այնպիսի խորհրդանշաններ, շքանշաններ ու մեդալներ, որոնք երբեմն անհեթեթ են և հերալդիկ ու գաղափարական խիստ թերություններ ունեն:

Ենթահանձնաժողովի նախագահ Գագիկ Մանասյանը մեզ հետ զրույցում ասաց, որ խնդիրն ի հայտ է եկել դեռևս այն ժամանակ, երբ ընդունվել է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքը: Այն  թույլ է տալիս ցանկացած համայնքի ունենալ իր զինանշանը: «Անցյալ տարի նշվում էր համայնքների ստեղծման 15-ամյակը: Մեծ միջոցառում տեղի ունեցավ, որի ծրագրի մեջ կային նաև համայնքային սիմվոլիկայի մասին ցուցահանդես և գիտաժողով: Ես այդ միջոցառումներն էի համակարգում: Այդ ժամանակ հասկացանք, որ իրավիճակը սարսափելի է. զինանշանների ցնցող օրինակներ: Դրանք ծիծաղելի մակարդակում էին թե՛ գաղափարական, թե՛ ձևավորման, թե՛ զինանշանագիտության օրենքների տեսանկյունից»:

Հանրային խորհուրդը դրական եզրակացություն է տվել նման խորհուրդ ստեղծելու գաղափարին և իր որոշումն ուղարկել ՀՀ նախագահին ու կառավարությանը: Գագիկ Մանասյանը կարծում է, որ մենք անգամ ուշացել ենք այդ հարցում, քանի որ նման խորհուրդներ կան հետխորհրդային բոլոր հանրապետություններում, ընդ որում, մեծ մասը գործում է նախագահին կից:

Ըստ Մանասյանի` այդ խորհուրդը կկանոնակարգի ոլորտը, որպեսզի, օրինակ, ամեն մի համայնք իր զինանշանը ստեղծելիս առաջնորդվի ոչ թե իր նախասիրություններով, այլ երկրի, պետության գաղափարախոսությամբ ու սկզբունքներով:

Մեկ այլ խնդիր էլ, ըստ Մանասյանի, տարբեր գերատեսչությունների կողմից զանազան հուշամեդալների ստեղծումն է: «Մեկ էլ լսում ես` այսինչ այսինչյանը պարգևատրվեց նախարարության ոսկե մեդալով: Ոսկե մեդալ ունենալու իրավունք նախարարությունը չունի, նա կարող է ունենալ միայն հուշամեդալ, և դրանք պետական պարգևներ չեն: Համալսարաններն իրենց հերթին ունեն հուշամեդալներ, որոնց մի մասը կրկնվում է: Գրիգոր Նարեկացու անվան 10 մեդալ կա Հայաստանում: Կամ ինչ-որ մեկն Ազգային ժողովի ամբիոնից իր ինքնակենսագրությունն է կարդում` ես պարգևատրվել եմ այսինչ մեդալով, այնինչ մեդալով, բայց պարզվում է` դա ինչ-որ կազմակերպության կողմից տրված հուշամեդալ է, որը ուրիշ նշանակություն ունի: Մի խոսքով, այդ խորհուրդը նաև այս հարցերը կկարգավորի»:

Ընդհանրապես Մանասյանը կարծում է, որ և՛ Հայաստանի օրհներգը, և՛ զինանշանը սարսափելի վատ վիճակում են: Նա ասում է, որ մինչև 2000 թվականը մեր գերբում առյուծը պատկերված էր կապույտ հատվածում, արծիվը` կարմիր: «Նման բան չի կարող լինել. արծիվը պետք է լինի օդում` կապույտի մեջ, իսկ առյուծը` կարմիրի մեջ, քանի որ մենք Եվրոպային տվել ենք կիլիկյան կարմիր առյուծը: Լուսահոգի Անդրանիկ Մարգարյանը իմանալով, որ ես այդ հարցը բարձրացրել եմ, ինձ կանչեց իր մոտ, զրուցեցինք, շատ լավ ընկալեց խնդիրը և արագ հարցը լուծվեց. առյուծը գնաց կարմիրի մեջ, արծիվը` կապույտի»:

Ինչ վերաբերում է գերբի մյուս թերություններին, ապա Մանասյանը համամիտ է Աղամյանի դիտողություններին և կարծում է, որ դրանք շուտափույթ լուծման կարիք ունեն:

Առիթից օգտվելով` Մանասյանը մի երկու խոսք էլ Հայաստանի օրհներգի մասին ասաց. «Նախ` դա հայկական ստեղծագործություն չէ, և բարեբախտաբար չի օգտագործվում 5-րդ տունը, որտեղ գրված է. «Կեցցե Իտալիան, կորչի Ավստրիան»: Բացի այդ, մեր օրհներգը վերցված է ռուս կոմպոզիտոր Ալեքսանդր Գլազունովի «Ռայմոնդա» օպերայից: Դրանք արդեն իսկ  լուրջ պատճառներ են, որպեսզի հիմնը փոխվի»:

Հիշեցնենք, որ վերջերս մի խումբ մտավորականներ դիմել էին ՀՀ նախագահին` առաջարկելով փոխել ՀՀ զինանշանը, դրոշն ու օրհներգը:

Նման խորհրդի ստեղծումը հավանաբար հնարավորություն կտա այսպիսի դեպքերում դիմել առավել ճիշտ հասցեատիրոջ:

zinansan nor 1.12

Ձախից` Կարեն Աղամյանի տարբերակը, աջից` ներկայիս

zinansan nor 1.13

Ձախից` Կարեն Աղամյանի տարբերակը, աջից` ներկայիս

zinansan nor 1.14

Ձախից` Կարեն Աղամյանի տարբերակը, աջից` ներկայիս

zinansan nor 1.15

Ձախից` Կարեն Աղամյանի տարբերակը, աջից` ներկայիս

 

Minister Nalbandian received by Artsakh PresidentՄայիսի 2-ին Ստեփանակերտ ժամանած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին ընդունեց Արցախի նախագահ Բակո Սահակյանը:

Նախագահ Սահակյանն ու նախարար Նալբանդյանը հանգամանալից զրույց ունեցան Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի շուրջ, անդրադարձան այդ ուղղությամբ Արցախի, Հայաստանի և միջազգային հանրության կողմից ձեռնարկվող ջանքերին:

Երկուստեք կարևորվեց Հայաստանի և Արցախի արտաքին գերատեսչությունների միջև ավելի ակտիվ և համակարգված աշխատանքը:

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանն հյուրընկալվեց Արցախի խորհրդարանում, որտեղ հանդիպում ունեցավ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հետ: Զրուցակիցները կարևորեցին Հայաստանի և Արցախի Ազգային ժողովների համագործակցությունը, անդրադարձան Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի այլ երկրների խորհրդարանների հետ կապերի հաստատման գործընթացին:

Էդվարդ Նալբանդյանն այցելեց ԼՂՀ ԱԳՆ, ուր հանդիպում ունեցավ Արցախի ԱԳ նախարար Կարեն Միրզոյանի հետ։ Հանդիպմանը անդրադարձ կատարվեց Հայաստանի և Արցախի ԱԳՆ-երի միջև համագործակցության սերտացմանը, պարբերական խորհրդատվությունների անցկացմանը, դիվանագիտական կադրերի վերապատրաստման հարցերին:

Այնուհետև, Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Արցախի ԱԳՆ ղեկավար կազմի հետ, որոնց ներկայացրեց Հայաստանի ԱԳՆ առաջիկա ծրագրերը։

Ստեփանակերտում Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց նաև հայ բարերար Սերգեյ Սարկիսովի միջոցներով հիմնանորոգված Ալեքսանդր Գրիբոյեդովի անվան դպրոցի բացման արարողությանը:

 

Կորստի և հաղթանակների ճամփաբաժանում…

19-14-1-1Ապրիլ… Կյանքի զարթոնքի, սիրո ու երազանքի ամիս, որ հայոց պատմության մեջ նաև 1915 թ. ապրիլ 24-ն է խորհրդանշում: Ով իմանար, որ տասնամյակներ անց նույն այդ ամիսն արդեն հայոց նորագույն պատմություն պիտի մտնի  և՛ տխուր, և՛ հիշարժան տարեթվերով: Խոսքն այս դեպքում, իհարկե, արցախյան գոյամարտի տարեգրության մասին է, որի հաղթական դրվագներն էլ, ցավոք, պարտություններն էլ արդեն պատմություն են դառնում: Սա անցյալը վերհիշելու լավ առիթ է, թերևս:

 Եթե թերթենք տարեգրության այդ էջը, ապա առաջին հերթին պիտի վերհիշենք «ԿՈԼՑՈ» տխրահռչակ օպերացիան, Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղի սպանդը, իսկ փառահեղ հաղթանակների առումով պիտի առանձնանան Քարվաճառի և պատմական Թալիշի ազատագրումները:

Հյուսիսային Արցախում` Մռավ լեռան հյուսիսում է գտնվում հայոց լեռնաշխարհի հնագույն գյուղերից մեկը` Գետաշենը: Թեև գրավոր աղբյուրներում այն հիշատակվում է XVII դարից, տարածքից հայտնաբերված գտածոները վկայում են, որ գյուղը գոյություն է ունեցել դեռ վաղ միջնադարից: XIX դարավերջին այն իր բնակչությամբ երկրորդ տեղն էր գրավում Արցախում: Թերևս այդ պատճառով էր, որ XIX դարասկզբին հայ-թաթարական ընդհարումների ժամանակ   օսմանյան և մուսաֆաթական զորքերը խուսափեցին անգամ գյուղին մոտենալ: Իսկ արդեն դարավերջին Ադրբեջանն ի կատար ածեց վաղուց մշակված գաղտնի ծրագիրը: Իհարկե, Մոսկվայի աջակցությամբ, որովհետև   Գորբաչովն ու իր համախոհները  չէին ճանաչում, չէին ընդունում Լ. Տեր-Պետրոսյանի իշխանությունը, վերջինս էլ իր հերթին, «յոթերորդ երկնքում» գտնվելով, չէր շտապում ոչ միայն կենտրոնի հետ հարաբերությունները բարելավել, այլև Գետաշեն, Մարտունաշենը փրկել:

Այդ խառնակ օրերին Գետաշենից հանվեց ՀՀՇ-ի ջոկատը: Չօգնեցին նաև օրհասական կռիվներն ու երեքամյա շրջափակումը: Եվ 1991 թ. ապրիլի 30-ին հազարամյա գյուղում մարեց կյանքը: Այդ օրը հերոսին վայել մահով ընկան նաև Գետաշենի գյուղի պատմության ուսուցիչ, պաշտպան Թաթուլ Կրպեյանն ու նրա մարտական ընկերներ Հրաչը, Արթուրը, իսկ Մարտունաշենում` Սիմոն Աչիկգյոզյանը:

Ապրիլին ծնված ազգային հերոս Թաթուլը, որի ծնունդը (1965 թ. ապրիլի 21) ասես նշանավորվեց մեր բանտված ապրումների համազգային պոռթկումով, զոհվեց հենց ապրիլին:

 ՀՈՂ ԵՎ ՄՈՐՄՈՔ

ՄԱՐԱՂԱ… 1829 թ. հիմնադրված գյուղը, որի բնակչության մեծ մասը տեղափոխվել էր Պարսկաստանի համանուն բնակավայրից, Մարտակերտից 16 կմ հյուսիս արևելք էր գտնվում:

1960 թ. Լենինավանը (Մարգուշավան) և Մարաղան միավորվել և մեկ կոլտնտեսություն են դարձել: Ասում են, որ Մարտակերտի սև օրը սկսվեց Մարաղայից: Այն, ինչ 1992 թ. ապրիլի 10-ին տեղի ունեցավ 700 բնակիչ ունեցող գյուղում, իր ողբերգությամբ ու դաժանությամբ շարունակությունն էր Մեծ եղեռնի ու Սումգայիթի: Ովքեր հասցրել էին գյուղը նախապես թողնել, փրկվել էին, իսկ չհեռացողներից 51-ը ժանիքն արյունոտ թուրք գազանի հոշոտմանն էր արժանացել: 60-ին էլ պատանդ էին  տարել:

Սա է XX դարավերջի «քաղաքակիրթ» թուրքի ձեռագիրը «քաղաքակիրթ» աշխարհի հովանու ներքո: Ինչպես կասեր եղեռնից մազապուրծ առաջին սերնդի ներկայացուցիչներից մեկը` սփյուռքահայ գրող Արամ Հայկազը. « Թուրքը արարչագործության մեծագույն սխալն է ու ամոթը… Շնչավորներուն ամենեն վայրագն ու ստորինը…»:

1995 թ. Ասկերան-Մարտակերտ  ճանապարհի ձախակողմյան հատվածում` հիմա արդեն Տիգրանակերտ  հնավայրի հարևանությամբ, հիմնադրվեց Նոր Մարաղա գյուղը, որն այսօր ունի 450 բնակիչ: Գյուղի հիմնական կորիզը մարաղեցիք ու մարգուշավանցիք են, թեև այլ բնակավայրերից եկածներ էլ կան: Գյուղ, որի ամենամեծ խնդիրն այսօր բնակարանաշինությունն է, իսկ բնակչության հիմնական զբաղմունքը` հողագործությունն ու անասնապահությունը: Բնակիչներից շատերն էլ ներգրավված են Տիգրանակերտի պեղումներում, մի քանիսն էլ`թանգարանի աշխատակիցներն են: Տիգրանակերտի թանգարանից երևում է նռան և թզենու այգիների մեջ թաղված գյուղը, որը կամաց-կամաց փոխում է իր դիմագիծը, բայց, այնուհանդերձ, գյուղի նոր բնակիչներն իրենց  հայրենի շեն վերադառնալու հույսը դեռ պահում են…

ԱՊՐԻԼՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐ…

1993 թ. ապրիլի 1-ին Լեռնային Ղարաբաղի բանակի մարտիկներն ազատագրեցին Քարվաճառ քաղաքը, իսկ օրեր անց դուրս եկան Օմարի լեռնանցք: Այդ փառահեղ օպերացիայի շնորհիվ ազատագրվեց պատմական Ծար գավառը, և դրանով իսկ ապահովվեց  Մարտակերտի , Լաչինի միջանցքի անվտանգությունը:

Երբ հրադադարից տարիներ անց Գանձասար այցելեցի, հոգևոր առաջնորդ հայր Հովհաննեսն ինձ ցույց տվեց Քարվաճառի ազատագրման ժամանակ Երկրագիտական թանգարանից բերված, Քարվաճառի ազնիվ քարից պատրաստված  «ՀԿԵ, 916» թվագրությամբ մի խաչքար, որն իրեն էին հանձնել ազատամարտիկները: Բացի զարմանքից, ուրիշ զգացում դժվար է արտահայտել: Սա, իհարկե, առաջին հայացքից, բայց երբ գիտակցում ես, որ սա ընդամենը թուրքին բնորոշ  ձեռագիր է` նվաճել, թալանել ոչ միայն ուրիշի տարածքը, այլև մշակույթը,  զարմանալու ու զայրանալու կարողությունն էլ ես կորցնում:

Այս տարի լրացավ Քարվաճառի ազատագրման 20-ամյակը: Եվ օրվա խորհուրդն այս հող ու ջրի իրական տերերին, տարածքը բիրտ ոսոխից ազատագրողներին  իրար գլխի էր հավաքել: Քարվաճառում իսկական տոն էր, որպիսին չէր տեսել հողն այդ հայոց: Քարվաճառցիների ուրախությանը մասնակցելու էր եկել նաև Արցախի նախագահ Բակո Սահակյանը:

ԹԱԼԻՇԸ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՐՋԻՆ ՓՐԿՕՂԱԿԸ ԵՂԱՎ

Երբ 1992 թ. հունիսի 13-ին ընկավ Շահումյանը, երեք օր անց Մարտակերտի շատ գյուղեր, այդ թվում նաև պատմական Թալիշը, հայտնվեցին մահվան օղակում: Թալիշցիները քաջ գիտակցում էին, որ սեփական հողի վրա ապրելու իրավունքը կռվով, զենքով պիտի պաշտպանես, եթե հակառակորդը հողիդ վրա  աչք ունի: Իսկ թշնամին ամեն կերպ փորձում էր պահել Թալիշը, որովհետև դրանով Շահումյանի շրջանը կտրում էր Ղարաբաղից: Թալիշցի պաշտպանները երկու տարի քուն ու դադար կորցրեցին, շատերն անդամագրվեցին Շահեն Մեղրյանի «Եղնիկներ» պարտիզանական ջոկատին և հանգստացան միայն այն ժամանակ, երբ հայրենի գյուղն ազատագրեցին բիրտ ոսոխից: Իսկ դա 1994 թ.ապրիլի 14-ին էր:

Ասում են` պատերազմն ավարտվում է միայն այն ժամանակ, երբ մեռնում է վերջին զինվորը: Կյանքը ցույց տվեց,որ դեռ վաղ է խոսել Արցախյան պատերազմի ավարտի մասին, քանի որ այսօր այն արդեն դիվանագիտական փուլ է տեղափոխվել: Պատերազմ, որ մենք չհորինեցինք, այլ մեզ պարտադրեցին, ինչպես պարտադրեցին հրադադարը: Հակառակ դեպքում հաղթանակն ավելին կլիներ, քանի որ մեր ազատամարտիկների ոգին գագաթնակետին էր հասել: Դա հասկացել էր նաև խորամանկ Ալիևը, որը, սիրտն ահ ու դող ընկած, «քառատրոփ» Մոսկվա հասավ, և մեկ ամիս անց մեզ հրադադար պարտադրվեց: Թալիշը Արցախյան պատերազմի վերջին փրկօղակը եղավ…

Ամալյա ԵԴԻԳԱՐՅԱՆ  

ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի ներկայացուցիչներին

կըհԱյսօր ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն ընդունել է Երևանի ավագանու 2013թ. մայիսի 5-ի ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի ներկայացուցիչներին:

Ողջունելով հյուրերին` Տիգրան Մուկուչյանը բարձր է գնահատել դիտորդական առաքելությունների դերն ու նշանակաությունն ընտրական գործընթացներում:

Դիտորդական առաքելության պատվիրակության ղեկավար Ստյուարտ Դիքսոնի խնդրանքով ԿԸՀ նախագահը ներկայացրել է տեղեկատվություն` Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքի, ինչպես նաև հանձնաժողովի կողմից իրականացվող ընտրությունների նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ:

Քննարկվել են նաև ընտրական հանձնաժողովների կազմավորման, ընտրողների ցուցակների վարման և կազմման սկզբունքներին առնչվող հարցեր:

 

 

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Էրեբունի հնավայր

erebuniԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Էրեբունի հնավայր, շրջել Էրեբունի ամրոցի միջնաբերդում, ծանոթացել հնավայրի վերականգնման, ինչպես նաև թանգարանի արդիականացման ու այցելուների սպասարկման բարելավման ներդրումային ծրագրին։

Հավաք ծրագրում ընդգրկված են Էրեբունի հնավայրի պահպանությանը և թանգարանի արդյունավետ կառավարմանն անհրաժեշտ առաջնահերթություններ, ինչպիսիք են Միջնաբերդի հանդիպակաց բլրի լանջին ամֆիթատրոնի կառուցումը (լուսաձայնային սեզոնային ներկայացման միջոցով քաղաքի հիմնադրման, քաղաքային կյանքի և քաղաքի կործանման պատմությունն այցելուի համար մեկնաբանելու նպատակով), հնավայրի ցանկապատումը, ամրոցի պատերի փլուզված հատվածների մասնակի վերականգնումն ու ամրակայումը, Խալդ աստծո տաճարի և կից պաշտամունքային աշտարակի վերականգնումը, որմնանկարների տեղադրումը, Կարասային սրահի մի հատվածի վերականգնումը և այլն։
Ծանոթանալով ծրագրին՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ նման մեծածավալ ծրագրի իրականացումը լիովին իրատեսական է քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցությամբ, և որ Երևանի քաղաքապետարանը պատրաստ է քննարկել ներդրումային ցանկացած առաջարկ, որը նպաստավոր կլինի հնավայրի տևական պահպանության համար։
Երևանի քաղաքապետին են ներկայացվել նաև Էրեբունի ամրոցի միջնաբերդում ու թանգարանում դեռևս նախորդ տարի իրականացված բազմաբնույթ ծրագրերի արդյունքները, որոնցից են թեքահարթակների կառուցումը, «Պատանի հնագետ» դպրոցի հիմնումը, Էրեբունի ամրոցի միջնաբերդի և հարակից տարածքի գիշերային լուսավորության ապահովումը և այլն։ Ներկայում թանգարանի շենքում ընթացքի մեջ են ջերմախոնավային համակարգի տեղադրման աշխատանքները։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

«Լույս». նոր հայկական թերթ Ստամբուլում, որը կներկայացնի համայնքի լուսավոր կյանքը

tertՍտամբուլի կրպակներում հայտնվել է «Լույս» երկշաբաթաթերթի առաջին համարը, որի գլխավոր խմբագիրն է պոլսահայ Շահնուր Քազանջըն: Գունավոր թերթը, որը բաղկացած է 28 թուրքերեն և  միայն 1 հայերեն էջից, ընդգրկելու է հայկանան համայնքի, ինչպես նաև հույն, հրեա և ասորի փոքրամասնությունների համայնքային կյանքի, մշակույթի, արվեստի, սպորտի և առողջապահության մասին պատմող լուրեր: Ներկայացնում ենք թուրքական «Taraf» թերթից Սումեյրա Թանսելի հարցազրույցը Շահնուր Քազանջըի հետ:

Հայալեզու թերթի գաղափարը ձե՞րն էր:

-Այո, ես նկատեցի, որ հայկական համայնքում նման հանդեսի պակաս կա: Մարդիկ միշտ սև պատկերների, տխուր դեմքերի առաջ են կանգնում, սակայն կյանքը գեղեցիկ երես էլ ունի: Մենք՝ հայերս, ասորիները, հրեաները միշտ միասին ենք ապրում, մեր շրջապատում ուրախ կյանք ենք անցկացնում՝ հարսանիքներ, նշանադրություններ, կնունքներ ունենք: Այս ամենը ուրախություն և երջանկություն է: Օրինակ՝ սպորտային մրցաշարեր են լինում, բոլոր հայերը Եվրոպայում հանդիպում են: Մենք այստեղից Ժնև, Բուլղարիա կամ Իտալիա ենք մեկնում: Ուրեմն եթե այսպիսի գունավոր, աշխույժ կյանք կա, մտածեցինք ինչու այս ամենը պատկերավոր կերպով ցույց չտանք մարդկանց: Այս դատարկությունից գործի անցնելով` արդեն երեք տարի է նախագծում ենք և վերջապես ամսի 30-ին թերթը լույս տեսավ:

Ինչու՞ երեք տարի սպասեցիք:

-Սպասում էինք, որպեսզի հիմք ձևավորվի: Աշխատում ենք և՛ պրոֆեսիոնալ և՛ կիսով չափ պրոֆեսիոնալ լրագրողների հետ: Թերթը լույս ենք ընծայում Արամ Քուրանի մոտ, նա դեռևս «Posta» թերթում է տպագրվում: Նախապատրաստական աշխատանքներ ենք արել, մեր մտքում նախագծել ենք, թե ինչ են ուզում մարդիկ մեզանից, հետևել ենք համայնքին:

Համայնքը ի՞նչ է ձեզնից սպասում:

-Ժպտացող երես է սպասում, գույներով լի լուսանկարներ է սպասում: Ցանկանում են ավելի քիչ գրվածքներով և ավելի շատ պատկերներով մի տպագիր օրգան, մենք էլ հենց դա արեցինք: Մեր թերթերը սովորաբար սև-սպիտակ են տպագրվում, մենք առաջին անգամ գունավոր ձևաչափով հրատարակություն արեցինք:

Ի՞նչ է նշանակում լույս:

Մենք լուսավոր մի աշխարհի մասին ենք պատմում, այդ պատճառով էլ ցանկացանք, որ թերթի անվանումը դրական աշխարհայացք արտահայտի:

Ի՞նչ բովանդակություն է ունենալու հանդեսը:

-Այն ընդգրկելու է համայնքային կյանքը, մշակույթը, արվեստը, սպորտն ու առողջապահությունը: Մենք մեր օպերաներն ու թատրոններն ունենք, զրույցներ ենք ունենում, մոտ 20 միություն ունենք, ամեն տարի միջոցառումներ են լինում, կրոնական ծեսեր ունենք, այդ պատճառով էլ ակտիվությունը մեծ է: Այս ամենը շատ քիչ տեղ է գրավում մամուլում: Մենք էլ մտածեցին` ինչ անենք: Որոշեցինք հակառակն անել՝ շատ լուսանկարներ ներկայացնենք և գնահատենք այդ մարդկանց աշխատանքը:

Քանի՞ լեզվով է հրատարակվելու թերթը, ի՞նչ հաճախականությամբ:

-15 օրը մեկ անգամ է հրատարակվելու, 28 էջանոց հանդեսը թերթի ձևաչափով է լինելու: Մեկ էջն էլ հայերեն է լինելու, որը պատմելու է բովանդակության մասին: Բաժանորդագրման համակարգ ունենք, սակայն թերթը կրպակներում էլ է վաճառվելու: Այս պահին արդեն 800 բաժանորդ ունենք:

Համայնքը ի՞նչ հետաքրքրություն է ցուցաբերում:

-Չափազանց մեծ հետաքրքրություն կա: Մենք թերթի հրատարակման մասին 30 հազար մարդու ենք հայտնել: Շիշլիում և այն թաղամասերում, որտեղ մենք ստվար բնակչություն ենք կազմում ցուցապաստառների վրա մեր հրապարակումներն են: Մարդիկ հետաքրքրվում են, թե սա ինչ է, քանի որ նախկինում նման թերթ չի եղել:

ՀՀ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ

եղանակը հայաստանումՀՀ տարածքում`

Մայիսի 3-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 6-ին, 7-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին` հարավ-արևմտյան՝ 2-7մ/վրկ, 6-ին, 7-ին ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի:

Երևանում՝

Մայիսի 3-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 6-ին, 7-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ:

Երևանի մայիսի 3-ի բազմամյա կլիմայական տվյալներ՝
•Օդի առավելագույն ջերմաստիճան  33.30C (1935 թ.)
•Օդի նվազագույն ջերմաստիճան     0.20C (1945 թ.)
•Օդի միջին օրական ջերմաստիճան  15.30C

Վթարի հետևանքով զոհված երիտասարդը Սերժ Սարգսյանի օդաչուի որդին է

V8nia2hdGkFLOnpjtASA_tn
Մայիսի 1-ին՝ կեսգիշերին մոտ, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանի Գարեգին Նժդեի անվան հրապարակի մոտ: Երևանի 1-ին թաղամասի 32 շենքի բնակիչ, 26-ամյա Դավիթ Հայրապետյանը BMW մակնիշի ավտոմեքենայով Գարեգին Նժդեհ հրապարակում դուրս էր եկել ճանապարհային երթևեկելի գոտուց և մոտ 30 մետր հարվածի սկզբնամասից թռել մեքենայով, բախվել հրապարակի քարե պատնեշին և մոտ 6 մետր գլխիվայր շրջվելով՝ հայտնվել մետրոյի գետնանցումում:

Վթարի հետևանքով Դ. Հայրապետյանը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն և րոպեներ անց մահացել:

«Անկախ»-ի տեղեկություններով, մահացածը  Հայաստանում հարգված օդաչու, «Պատվավոր ավիատոր» մեդալակիր Գրիգոր Հայրապետյանի որդին է: Գրիգոր Հայրապետյանը նախագահ Սերժ Սարգսյանի օդաչուն է:

«Երևան. բիզնես վազք» մրցույթը միջազգային դառնալու լուրջ հայտ է ներկայացնում

001 (2)Մայրաքաղաքում անցկացվող «Երևան. բիզնես-վազք» մրցույթի կազմակերպչական խնդիրներն ու անցկացման կարգն ու պայմաններն են լրագրողներին ներկայացրել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետի տեղակալ Տիգրան Սարգսյանն ու մրցույթի կազմակերպման աջակից ու հովանավոր կազմակերպությունների ներկայացուցիչները:

Քաղաքապետարանը «Երևան. բիզնես-վազք 2013» մրցույթն այս տարի կազմակերպում է Ավստրիական ավիաուղիների, SmartRunning ընկերության և AIMS–ի (Միջազգային մարաթոնների և հեռավար վազքի միություն) հետ համատեղ: Ընդգծելով, որ մայրաքաղաքում իրականացվող տարաբնույթ ծրագրերի իրականացման գործում Երևանի քաղաքապետարանը կարևորում է մասնավոր հատվածի հետ համագործակցությունը՝ Տիգրան Սարգսյանը նշել է, որ արդեն երկրորդ տարին անցկացվող այս մրցույթի նպատակը ոչ միայն հասարակության մեջ առկա խնդիրների վերաբերյալ կորպորատիվ ընկերությունների իրազեկվածության բարձրացումն է, այլև վերջիններիս այդ խնդիրների լուծմանը անմիջական մասնակից դարձնելը. «Համոզված եմ, որ նախորդ տարվա փորձը վարակիչ օրինակ կհանդիսանա, և այս տարի ավելի մեծ թվով ընկերություններ ու անհատներ կմասնակցեն մրցույթին՝ դրանով իրենց նպաստը բերելով մայրաքաղքում ևս մի կանաչ գոտու վերականգնմանը»,- նշել է աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետի տեղակալը՝ ավելացնելով, որ  այս տարի մոտ 400 վազորդի մասնակցություն է ակնկալվում:

Միջազգային մարաթոնների և հեռավոր վազքի միության (AIMS–ի) ներկայացուցիչ Ջոն Կունկելերը, նշել է, որ ոչ բոլոր քաղաքներում է հնարավոր լինում նման մրցույթ կազմակերպելը. «Երևանն այս առումով շահեկանորեն տարբերվում է: Այստեղ լիովին ապահովված են պահանջվող չափորոշիչները ինչպես վազքատարածության երկարության, այնպես էլ մյուս պայմանների առումով»,- նշել է վերջինս և հույս հայտնել, որ Երևանում արդեն հաջորդ նման մրցույթը միջազգային կլինի:

Golden Tulip Yerevan հյուրանոց – Աբովյան փողոց – Հանրապետության հրապարակ – Ամիրյան փողոց – Մաշտոցի պողոտա – Սայաթ-Նովայի պողոտա – Աբովյան փողոց – Golden Tulip Yerevan հյուրանոց վազքուղով ընթացող մրցույթին կարող են մասնակցել գործարար ոլորտի, մասնավորապես սոցիալական կորպորատիվ պատասխանատվության քաղաքականություն իրականացնող ընկերությունները, ինչպես նաև շահագրգիռ այլ կազմակերպություններ ու անհատներ: Գրանցումը կատարվում է բացառապես առցանց՝ www.businessrun.am կայքի միջոցով: Հայտերն ընդունվում են մինչև սույն թվականի հունիսի 5-ը: Երեխաների մասնակցությունը անվճար է, իսկ մեծահասակները 10կմ վազքի մրցմանը մասնակցելու  համար պետք է վճարեն 10.000, իսկ 10կմ հերթափոխով (թիմային) վազքի համար՝ 30.000 դրամ: Մրցույթին երեխաների մասնակցությունը հովանավորում է «Ամերիա» բանկը, իսկ հաղթող թիմը Ավստրիական ավիաուղիների կողմից  կհրավիրվի Վիեննա՝ մասնակցելու սեպտեմբերի 5-ին կայանալիք «Վիեննա. Բիզնես-վազք 2013» մրցույթին:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Մինչև տարեվերջ Հայաստան կներմուծվեն արդյունաբերական նշանակության պայթուցիկ նյութեր և պայթեցման միջոցներ

պայթուցիկԱյսօր տեղի ունեցած նիստում Կառավարության որոշմամբ «Բեկոր» ՓԲԸ-ին թույլատրվել է մինչև 2013 թ. դեկտեմբերի 31-ը Հայաստան ներմուծել արդյունաբերական նշանակության պայթուցիկ նյութեր և պայթեցման միջոցներ, որոնք կիրառվելու են ընդերքօգտագործման ոլորտում։

Հաջորդ շաբաթվա 4 օրերը կլինեն ոչ աշխատանքային

ոչ աշխատանքային օրԱյսօր կայացած նիստում գործադիրը որոշել է ս.թ. մայիսի 10-ի աշխատանքային ուրբաթ օրը տեղափոխել ս.թ. մայիսի 18` շաբաթ օր։ Այսպիսով, ոչ աշխատանքային կլինեն մայիսի  9, 10, 11 և 12-ը:

ՃՏՊ Աշտարակում, 2 մարդ հիվանդանոցում է

ավտովթարՄայիսի 1-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Աշտարակի Նարեկացու փողոցում իրար են բախվել «Մերսեդես Բենց-230» և «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաներ:
Բախման հետևանքով «ԳԱԶել»-ի 2 ուղևորները  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

«ՀԱԿ» կուսակցության հաղորդումն ուղարկվել է ՀՔԾ

dataxazutjunՀՀ գլխավոր դատախազությունն ապրիլի 30-ին ստացել է «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության անունից ներկայացված հաղորդումը` «հանցագործության կատարման մասին», որով խնդրում են պարզել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ներկայացրած հայտարարագրում ներառված գույքի իրական բնույթի, ծագման աղբյուրների, տնօրինման եղանակի, գույք ձեռք բերելու, կամ տիրապետելու, կամ օգտագործելու օրինականությունը, դրանց ձեռքբերման կապը կոռուպցիոն երեւույթների կամ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման հետ։

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը եւ կարեւորելով քաղաքացիների ստուգված տեղեկություն ստանալու իրավունքը` տեղեկացնում ենք, որ ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ նշված հաղորդումն այսօր՝ մայիսի 2-ին, ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված կարգով ստուգելու մատնանշված հանգամանքները՝ համապատասխան դատավարական որոշում կայացնելու համար։