Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` 1967 թ. ծնված Ռուբերտ Գ.-ն օրերս կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի ՏՕԶ տիպի երկփողանի, որսորդական հրացան:
Հրացանն ուղարկվել է փորձաքննության:
2 տղամարդիկ ծեծել են Աքորի գյուղի բնակչին և նրա մորը
Հիվանդանոցից ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «աջ դաստակի կոտրվածքով և աջ նախաբազկի սալջարդ քերծվածքով» ախտորոշմամբ բուժօգնության է ընդունվել 1982 թ. ծնված Գագիկ Թ.-ն, որը հայտնել է, որ վնասվածքները ստացել է Աքորի գյուղում վիճաբանության ժամանակ:
Մայիսի 31-ին, ժամը 00.35-ին, նա հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 20.00-ի սահմաններում, Աքորի գյուղի իրենց տան բակում համագյուղացիներ` 1967 թ. ծնված Ստյոպա Ա.-ն և 1978 թ. ծնված Սամվել Ս.-ն ծեծի են ենթարկել իրեն և մորը՝ 1960 թ. ծնված Լուսաբեր Թ.-ին` պատճառելով վնասվածքներ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
Մրգաշատում 24-ամյա երիտասարդին դանակահարողը հայտնաբերվել է
Մայիսի 30-ին, ժամը 18.15-ին, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Մեծամորի բաժնի ծառայողները, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, բերման են ենթարկել 1990 թ. ծնված Արթուր Տ.-ին: Նա բացատրություն է տվել, որ մայիսի 25-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Մրգաշատ գյուղի սկզբնամասում, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, դանակով հարվածել է 1990 թ. ծնված Վոլոդյա Հ.-ի ն` պատճառելով վնասվածք:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
«Շևրոլե»-ի համարանիշերը կեղծելով` տեղադրել է իր «ԳԱԶ-31029»-ի վրա և շահագործել
Օրերս ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտից ոստիկանության Մարտունու բաժնում գրություն է ստացվել, որ 1984 թ. ծնված Տարոն Ս.-ն «ԳԱԶ-31029» մակնիշի ավտոմեքենան վարել է կեղծ պետհամարանիշերով:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ մայիսի սկզբներին Տարոն Ս.-ն 1983 թ. ծնված Երվանդ Ա.-ից խնդրել է նրա «Շևրոլե» մակնիշի ավտոմեքենայի պետհամարանիշերը և վերջին 1 թվի փոխարեն գրելով զրո թիվը, ինքնակպչուն ժապավենով ամրացրել է, տեղադրել իր «ԳԱԶ-31026» մակնիշի ավտոմեքենայի վրա ու շահագործել:
Կատարվում է հետաքննություն:
60 վարորդ` ոչ սթափ վիճակում, 4-ը երթևեկության ընթացքում ծխել է, 128-ը` մեքենան վարել առանց համապատասխան փաստաթղթերի
Մայիսի 26-ից հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում իրականացված ծառայության ընթացքում ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 1-ին սպայական գումարտակի ծառայողների կողմից ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 190 տրանսպորտային միջոց. 60 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 4 վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն` երթևեկության ընթացքում ծխելու համար, 128 վարորդ տրանսպորտային միջոցը վարել է առանց համապատասխան փաստաթղթերի, 1 տրանսպորտային միջոցի վրա առանց համապատասխան թույլտվության տեղադրված է եղել գերհզոր ձայնային ազդանշան արձակող սարքավորում, իսկ 1 տրանսպորտային միջոցի վրա խլացուցիչը վերասարքավորած է եղել բարձր ձայնով երթևեկելու համար:
Ավելի քան քառորդ դար շարունակվող սին խոստումներ անօթևան ընտանիքներին
Գյումրիում բազմաթիվ բազմաբնակարանային շենքեր կիսաքանդ վիճակում են. դրանք հիմնականում ունեն 4-րդ աստիճանի վթարայնություն: Անցած տասնամյակների ընթացքում այդ վթարայինների բնակիչներին երկրի իշխանությունները պարբերաբար շենքերի ամրացման սին խոստումներ են տվել:
Այդ շենքերի բնակիչները հիմնականում չեն ընդգրկվել պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա անօթևանների հերթացուցակում: Ավելի քան քառորդ դար վերականգնման սպասող, սակայն տարին տարվա վրա է՛լ ավելի քայքայվող ու ինքնափլուզվող շենքերից մեկն էլ Գյումրու Անտառավան 3-րդ թաղամասի 26-րդ շենքն է: «Շիրակ կենտրոնի» կողմից ներկայացվող տեսանյութը այդ կիսով չափ բնակեցված շենքի վթարային վիճակի մասին է:
Սևանա թերակղզու մոտ մեքենան արգելափակվել էր ցեխակույտի մեջ
Հունիսի 2-ին, ժամը 02.07-ին ահազանգ է ստացվել, որ Սևանա լճում՝ թերակղզու մոտակայքում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ջրի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Ջրափրկարարները ցեխակույտից դուրս են բերել «ՎԱԶ 21-07» մակնիշի 09 US 645 պետհամարանիշով ավտոմեքենան:
Արսեն Խոջոյանին տեղափոխում են Հրազդանի բժշկական կենտրոն
2014-ի մարտի 7-ին հայ-ադրբեջանական շփման գիծը հատած և ադրբեջանական կողմից գերեվարված Տավուշի մարզի Վերին կարմիրաղբյուր գյուղի 23-ամյա բնակիչ Արսեն Խոջոյանը հայկական կողմին էր հանձնվել ապրիլին և արդեն տասն օր է` Սևանում էր` անասնապահությամբ զբաղվող հոր օգնելու նպատակով: Արսենը, սակայն, վերջին օրերին գանգատներ ուներ առողջությունից: Նրա մոտ նկատելի է ընդհանուր թուլություն, անքնություն, ոտքերի ցավեր, երբեմն նաև քթից արյունահոսություն:
ՀՀ Առողջապահության նախարարի հանձնարարությամբ նախարարության բուժվարչության պետի ուղեկցությամբ Արսենը կտեղափոխվի Հրազդանի բժշկական կենտրոն` բուժզննության նպատակով:
Փոքրիկ Գառնին Սիրիայի դրոշն է նկարում, որ ծննդավայրի կարոտն առնի
2012 թ. փետրվարի 28-ն էր: Սիրիայի Նոր գյուղ թաղամասում բնակվող հայկական ընտանիքում նոր երեխայի ծնունդի էին սպասում: Երիտասարդ կնոջ` Դալարի երկունքի ցավերը բռնել էին, և ամուսինը` Հակոբը, նրան հիվանդանոց էր տեղափոխում:
Սակայն կես ճանապարհին նրանք ստիպված էին կանգ առնել. ճանապարհը դեպի հիվանդանոց փակ էր, կրակոցներ էին հնչում… «Դալա՛ր, դիմացիր»,- ասում էր Հակոբը կնոջը:
Իսկ ճանապարհը չէր բացվում ու չէր բացվում: Շտապօգնություն էլ հնարավոր չէր կանչել, քանի որ երբ կրակոցները սկսվում էին, կյանքը Հալեպում կանգ էր առնում: Ի վերջո, երկարատև տանջանքից հետո երիտասարդ ամուսինները հասնում են հիվանդանոց, և Դալարը հաջողությամբ երկրորդ զավակին` Զավենին լույս աշխարհ է բերում:
Սիրիահայ այս ընտանիքն այսօր Հայաստանում է, հայրենիք է տեղափոխվել մոտ մեկուկես տարի առաջ: Իսկ մինչ այդ նրանք փորձում էին կառչած մնալ հայրենի քաղաքին` վառոդի ծխի և արկերի պայթյունների տակ չհավատալով, որ երբեմնի խաղաղ ու բարեկեցիկ Հալեպն այլևս հիշողություն է:
Անիրական երազից նրանց վերջնականապես հանում է 2012-ի օգոստոսին իրենց տան մոտ հնչած պայթյունը, ու երիտասարդ ընտանիքը հենց հաջորդ օրը լքում է սիրելի քաղաքը:
Մինչ Երևան հասնելը, նրանք մեկնում են Դամասկոս` Դալարի հայրական տուն, որտեղ իրավիճակը դեռևս այնքան էլ լարված չէր: Սակայն Դամասկոս հասնելը մի մեծ փորձություն էր: Օդանավակայանի ճանապարհին պարզվում է, որ ընդդիմադիրները պայթեցրել են օդանավերին վառելանյութ մատակարարող բեռնատարները: Կառավարական օդանավակայանն արդեն հրե ճիրաններում էր: Իրավիճակը խիստ լարված էր: Նրանք օդանավակայանի և Հալեպի մեջտեղում էին, բայց ո՛չ առաջ կարող էին գնալ, ո՛չ հետ, երկու ճանապարհներն էլ փակվել էին գրոհայինների կողմից. «Շուտով ամուսնուս մոտեցավ մի
մարդ, որն իր վրա պատասխանատվություն առավ մեզ գյուղերի միջով օդանավակայան հասցնել»,- պատմում է Դալարը:
Ավտոմեքենաները կանգնեցնում են և այդ մարդու ուղեկցությամբ ոտքով շարժվում առաջ. մի կողմում կառավարական զորքերն էին, մյուս կողմում` գրոհայիները, իսկ երկնքում ժամանակ առ ժամանակ պայթյուններ էին որոտում:
Ի վերջո, հասնում են օդանավակայան. ինքնաթիռը, որ թռիչք պետք է կատարեր ժամը 15:00-ին, օդ է բարձրանում ժամը 21:30-ին: Բարեբախտաբար, այդ ծանր փորձություններից հետո նրանք հասնում են Դամասկոս:
8 ամիս անց են կացնում Դամասկոսում: Նրանց դուստրը` 7-ամյա Գառնին, ընդունվում է հայկական դպրոց, Հակոբը, որ մասնագիտությամբ ոսկերիչ է, աշխատանք է գտնում, բայց այլ բնագավառում: Սպասում են, մինչև Հալեպում իրավիճակը կայունանա` վերադառնան: Բայց ոչ միայն Հալեպում չէր խաղաղվում, այլև պայթյունները կամաց-կամաց հասնում էին Դամասկոս: «Մի օր հենց աղջկաս դպրոցի մոտ պայթյուն եղավ, դպրոցի ամբողջ ապակիները կոտրվեցին, թափվեցին: Հասկացանք, որ այստեղ էլ այլևս ապահով չէ, և որոշեցինք տեղափոխվել Հայաստան»,- ասում է Դալարը:
Եվ օրեր անց, երբ գնում են հայկական դեսպանատուն, վիզաները վերցնում և տաքսի նստած տուն վերադառնում, հանկարծ երկնքում մեծ ծուխ են նկատում: Վարորդը պատմում է, որ քիչ առաջ մի քանի թաղամաս այն կողմ մեծ պայթյուն է եղել:
Երբ Դալարը լսում է թաղամասի անունը, մի պահ քարանում է, հետո բացականչում. «Գառնին, Հակո՛բ, Գառնին»,- ապա ինքնամոռաց տաքսու դուռն ընթացքի մեջ բացում է, որ իրեն դուրս նետի:
Թաղամասում, որտեղ պայթյունը եղել էր, դստեր դպրոցն էր գտնվում: Հետո պարզվում է, որ պայթյունը հենց դպրոցի կողքին է եղել, և ուսուցչուհին պատմել է, որ եթե այն 10 վայրկյան առաջ լիներ, հետևանքները շատ ծանր կլինեին, քանի որ երեխաների դպրոցից դուրս գալու պահին է եղել: «Երեկոյան ամուսնուս ասացի` վերջ, այլևս անհնարին է մնալը, պետք է Հայաստան գնանք: Իսկ այդ օրվա վախը ինձի մնաց»:
Մեկ շաբաթ անց նրանք արդեն Հայաստանում էին:
Երեխաների անվտանգությունն ապահովում են, բայց սոցիալական խնդիրը գնալով ավելի ու ավելի է ծանրանում: Հակոբն աշխատանք չունի: Իր մասնագիտությամբ ցանկացել է գործ ձեռնարկել, սակայն մի շարք դժվարությունների առաջ է կանգնել: Փորձել է անգամ շինարարության բնագավառում աշխատել, սակայն այստեղ էլ նրան խաբել են` խոստացած գումարի փոխարեն մի քանի անգամ քիչ գումար տալով: Հիասթափվել է, երդվել, որ այլևս Հայաստանում որևէ գործ չի անի: Հակոբի եղբայրները 10 տարուց ավելի է` Ֆրանսիայում են ապրում: Որոշել է եղբայրների մոտ գնալ:
«Մենք Սիրիայում շատ լավ կապրեինք, որևէ խնդիր չունեինք, կյանքը շատ հեշտ էր: Այստեղ 100 դոլարը կմանրես, մեկ օր էլ չի բավականացնի: Կյանքն այստեղ շատ թանկ է, չհաշված, որ ամսական 400 դոլար միայն տան վարձ կվճարենք,- ասում է Դալարը:-Սիրիայում էդքան աղքատություն կար, բայց անկարելի բան էր, որ մարդ մուրացկանություն աներ կամ աղբամանները մտներ, նման բաներ մենք տեսած չէինք: Այստեղ ահավոր է»:
Ընտանիքն ապրում է խնայողությունների և եղած ոսկին վաճառելու հաշվին: Սակայն ապրուստի այդ միջոցն էլ շուտով կսպառվի: Իսկ այս պահին նրանց վարձակալած բնակարանում ապրում է 9 հոգի. օրեր առաջ նրանց են միացել նաև Հակոբի մայրը, քույրը ամուսնու և երկու երեխաների հետ: Վերջիններս Հալեպից տեղափոխվել էին Եվրոպա, սակայն նրանց արտաքսել են: Ընտանիքի բոլոր անդամներն առայժմ անգործ ու անորոշ վիճակում սպասում են, իսկ թե ինչի` իրենք էլ չգիտեն:
Դալարին մի քիչ տխրեցնում է նաև տեղացիների վերաբերմունքը իրենց նկատմամբ, չնայած չի ժխտում` լավ վերաբերմունքով մարդիկ էլ շատ կան: Պատմում է, որ օրեր առաջ գնացել է հագուստ գնելու, և վաճառողներից մեկը դժգոհ տոնով ասել է, թե մենք ղարաբաղցիներից չէինք ազատվել, դուք եկաք:
Չնայած սոցիալական ծանր վիճակին, մարդկանց հետ դեռևս անսովոր հարաբերություններին` Դալարը գերադասում է Հայաստանում մնալ: «Ամենակարևոր զգացումը, որ սա իմն է, չէ՞ որ Հայաստանը մեզի համար միշտ երազ էր: Այստեղ շատ լավ է, միայն գործն է, որ մեզի համար խնդիր է»:
Դալարն անգամ համաձայն է, որ ամուսինը միայնակ մեկնի Ֆրանսիա, աշխատի, իսկ ինքը երեխաների հետ մնա Հայաստանում: Նա չի ուզում, որ երեխաները Եվրոպայում մեծանան. «Հիմա այստեղ, որ կտեսնեմ, թե Գառնին ինչպես օրինավոր հայկական դպրոց կերթա, մաքուր հայերենով կխոսե, հայ ընկերուհիներ, ընկերներ ձեռք կբերե, ինձի համար ուղղակի հարստություն է»:
Փոքրիկ Գառնին, որն արդեն մաքուր արևելահայերենով է խոսում, նույնպես սիրում է Հայաստանը, Երևանը: Բայց հարցին` կուզե՞ս վերադառնալ Սիրիա, ասում է. «Այո, շատ եմ կարոտել մեր տունը, մեր բակը, կուզեմ գնալ, կարոտս առնել ու նորից հետ գալ»:
Քիչ անց Գառնին ցույց է տալիս իր նկարած նկարներից մեկը. Սիրիայի դրոշն է. «Երբ Սիրիայի դրոշը տեսնում եմ, լաց եմ լինում»,- ասում է կարոտած աչքերով փոքրիկը:
Անի Գասպարյան
Փոքրիկ երգիչները շնորհավորում են իրենց տարեկիցներին,լուսանկարներ
Վերածննդի երիտասարդներ հիմնադրամի նախաձեռնությամբ,
Մարզահամերգային համալիրի տնօրինության աջակցությամբ,
այսօր համալիրում տոնական համերգ էր, որին մասնակցում էին
Հայաստանյան փոքրիկ երգիչները:
Միջոցառմանն իրենց յուրահատուկ գույնը հաղորդեցին
հեռուստահաղորդավարներ Էլիզաբեթ Դանիելյանն ու ԱրեգԳալոյանը:
Միջոցառմանը մասնակցում էին՝ Սոնա Գյուլխասյանը, Էլինա Չոլախյանը ,
Դավիթ Վարդանյանն ու Կարենը Օհանյանը, Ծիածան Երգչախումբը,
Խենթություն համույթը, մենապարող՝ Յուրա Նազարյանը ,
երգիչ՝ Միկա Վարոսյանը, Մոնիկա Ավանեսյանն իր Շոկո Ֆաբրիկայով,
Գայանե Ղազարյանը, Կարապետ Կարապետյանը,Մանե Առաքելյանն
ու ՀՀ ոստիկանության մշակույթի կենտրոնի սաները, ինպես նաև
Նադյա Սարգսյանն ու Նինելա Մխիթարյանը:
ՙՙՉինարին հզոր է, թուրքը մեր դեմ անզոր է…՚՚, լուսանկարներ
Հունիսի մեկը Տավուշի մարզի Բերդ քաղաքում նշվել է մոտ երկուսուկես հազար փոքրիկների մասնակցությամբ: Երեխաների միջազգային օրվա առիթով տեղի ունեցած տոնախմբությանը մասնակցել են ոչ միայն Բերդի դպրոցների ու մանկապարտեզների փոքրիկները, այլև սահմանամերձ գյուղերի` Չինարիի, Մովսեսի, Ներքին կարմիրաղբյուրի, Չինչինի ու Վարագավանի մանկապարտեզների մանուկները: Փոքրիկ տավուշցիների շքերթը` թմբուկների և շեփորների ուղեկցությամբ սկսվել է Բերդի գլխավոր Մաշտոցի փողոցից, այնուհետև երեխաները այցելել են Բերդի մանկական քաղաքային զբոսայգի, որտեղ էլ կայացել է մանկական համերգային ծրագիրը: Ելույթ են ունեցել Բերդի և հարակից գյուղերի մանկապարտեզների երեխաները, կազմակերպվել է նաև Բերդի գեղարվեստի դպրոցի երեխաների ստեղծագործական ցուցահանդեսը: Հունիսմեկյան տոնը եզրափակվել է հրավառությամբ: Սահմանամերձ Չինարիից հունիսմեկյան միջոցառմանը մասնակցել է 20 երեխա: Նրանց ուղեկցող, մանկավարժ Վարսիկ Օրդյանը Անկախի թղթակցին պատմել է, որ փոքրիկները Բերդից գյուղ են վերադարձել նվերներով` գրքերով, քաղցրավենիքով: Փոքրիկ Չինարեցիները կավճանկարությամբ պատկերել են հայրենիքը, Մասիս սարի լանջին հրեշտակները, պատկերել նաև սահմանային դրվագներ: Ամենատպավորիչ պահը շքերթն էր, որի ընթացքում չինարեցի մանուկները գոչյուններով են անցել` վանկարկելով` ՙՙՉինարին հզոր է, թուրքը մեր դեմ անզոր է…՚՚:
Հեծանվային մրցույթ և համերգային շոու ծրագիր `երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ
Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Երևանի քաղաքապետարանը «Սիրողական սպորտի և հեծանվային զբոսաշրջության ֆեդերացիայի» և «STR սպորտային մեքենաների ակումբ»-ի հետ համատեղ մայրաքաղաքի Ազատության հրապարակում կազմակերպել են «Մանկական գավաթ» հեծանվային մրցույթը: Մարզական այս միջոցառմանը մասնակցել են տարիքային երեք խմբերի (3-5, 6-9, 10-14) շուրջ 60 երեխաներ, ովքեր հեծանիվ վարելու իրենց հմտություններն են ներկայացրել և միաժամանակ պայքարել առաջին երեք մրցանակային տեղերի համար: Մրցույթում առանձին ծրագրով 3-5 տարեկան շուրջ երեսուն երեխաներ էլեկտրամոբիլ վարելու ունակություններն են դրսևորել իրենց մարտկոցային մեքենաներով: Մրցույթի հիմնական նպատակը առողջ ապրելակերպի խթանումն ու տոնական օրվա համատեքստում մանուկներին հագեցած առօրյա ապահովելն էր: Մասնակից բոլոր երեխաները պարգևատրվել են հուշամեդալներով և պատվոգրերով:
Ազատության հրապարակում կազմակերպված միջոցառման համատեքստում, երեխաների տոնն ավելի բազմաբովանդակ դարձնելու նպատակով, կազմակերպվել է նաև տոնական համերգային ծրագիր` մանկական սիրված համույթների մասնակցությամբ: Հանդիսությունն ուղեկցվել է բազմաթիվ անակնկալներով ու մանկական ուրախ միջոցառմամբ: Զուգահեռաբար,Ազատության հրապարակի բակում կազմակերպվել է երեխաների պատրաստած ձեռագործ աշխատանքների ցուցահանդես-վաճառք:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են Հրազդանի կիրճի մի հատվածի երթևեկության դադարեցման մասին
Հրազդանի կիրճի թունելներից մինչև «Երևան ՀԷԿ» տանող ճանապարահատվածի մի մասում տեղի ունեցած ճանապարհի վթարը վերացնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքներով պայմանավորված՝ կիրճի վերոնշյալ հատվածում ժամանակավորապես դադարեցվում է տրանսպորտային միջոցների երթևեկությունը:
Պատճառած անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը:
Հունիսմեկյան միջոցառումներ՝ վարչական բոլոր շրջաններում
Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա՝ հունիսի 1-ի կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ մանուկների համար տոնական հագեցած միջոցառումներ են կազմակերպվել մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում: Տոնական մթնոլորտը միավորել ու համախմբել է հազարավոր մանուկների:
Երեխաների ուրախ ժամանցն ապահովելու նպատակով զբոսայգիներում անցկացված միջոցառումների ժամանակ տեղի են ունեցել համերգային ծրագրեր՝ հայտնի ու սիրված հեքիաթների ու մուլտհերոսների կերպարների մասնակցությամբ: Ելույթներով են հանդես եկել վարչական շրջանների մշակույթի տների և երաժշտական դպրոցների սաներն ու երգի-պարի համույթները: Արվեստի դպրոցների աշակերտներն էլ բացօթյա ցուցահանդեսներով են ասպարեզ եկել:
Անցկացվել են նաև մի շարք խաղ-մրցույթներ, այդ թվում՝ մարզական. հաղթողները պարգևատրվել են խրախուսական նվերներով:
Հունիսմեկյան հետաքրքիր միջոցառումներ են անցկացվել նաև բակային տարածքներում, որտեղ, որպես անակնկալ նվեր, երեխաները նաև քաղցրեղեն ու պաղպաղակ են ստացել: Օրվա հետ կապված տոնական միջոցառումներ ու մանկական շոու ծրագրեր են կազմակերպվել նաև բոլոր մանկապարտեզներում:
Երեխաների ծնողներն իրենց շնորհակալությունն են հայտնել կազմակերպված միջոցառումների համար և ընդգծել, որ օրն իսկապես տոն է դարձել փոքրիկների համար: Նաև նկատել են, որ մայրաքաղաքի կենտրոնից բացի վարչական շրջաններում օրը նշելը արդեն ավանդական է դարձել, ինչը շատ կարևոր են գնահատել:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Ցուցահանդես – վաճառք՝ Հյուսիսային պողոտայում
Հունիսի 1-ի կապակցությամբ Հյուսիսային պողոտայում Երևանի քաղաքապետարան – մասնավոր հատված համագործակցության հերթական հաջողված նախագիծն է ներկայացվել երևանցիներին: Հատուկ մանուկների համար բացվել է «Երազանքների քաղաք» խորագրով ցուցահանդես-վաճառքը: Տասնյակ տաղավարներում ներկայացվել են երեխաների համար նախատեսված ապրանքատեսակներ՝ մանկական գրականություն, ձեռագործ պարագաներ և այլն:
Ցուցահանդեսին առանձին տաղավարով ներկայացվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչությունը: Վարչության պետ Գայանե Սողոմոնյանը նշել է, որ տաղավարում ներկայացված են մայրաքաղաքի բոլոր նախակրթարանների և դպրոցների վերաբերյալ տեղեկություներ, ինչը լավ հնարավորություն է ծնողների համար՝ առավել մանրամասնորեն տեղեկանալու իրենց հետաքրքրող հարցերին:
Երեխաների համար հետաքրքիր ժամանց ապահովելուց բացի, միջոցառումը կրել է բարեգործական բնույթ: Վաճառքից ստացված ամբողջ հասույթը փոխանցվելու է անապահով ընտանիքներին, ինչպես նաև սիրիահայ ընտանիքներին: Ցուցահանդես-վաճառքը կգործի նաև հունիսի 2-ին:
Միջոցառման ընթացքում կազմակերպվել է նաև համերգային ծրագիր՝ երգի-պարի մանկական համույթների մասնակցությամբ: Բոլոր մանուկներն ստացել են Տեր Շահե քահանա Հայրապետյանի օրհնությունը:
Նշենք, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ հունիսի 1-ի կապակցությամբ մայրաքաղաքում անցկացվող տոնական միջոցառումները մեկնարկել են վաղ առավոտից և շարունակվելու են մինչև երեկո:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ
Հանրապետության Նախագահն այցելել է մարզի սահմանամերձ Ոսկեվան համայնքի նորակառույց մանկապարտեզ, ծանոթացել Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի ծրագրով կառուցված նախադպրոցական այդ հաստատության պայմաններին: Մանկապարտեզը նախատեսված է երկու խմբի՝ 50 երեխայի համար, ինչն այժմ բավարարում է գյուղի կարիքները. ներկայումս մանկապարտեզ է հաճախում 31 երեխա: Սերժ Սարգսյանը Հունիսի 1-ի՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ շնորհավորել է մանկապարտեզի սաներին, նրանց դաստիարակներին ու ծնողներին և ընդհանրապես բոլոր երեխաներին, դիտել օրվա առիթով սահմանամերձ Ոսկեվանի մանկապարտեզում կազմակերպված միջոցառումը:
Ոսկեվանում Նախագահը ծանոթացել է նաև այդ համայնքում, ինչպես նաև Նոյեմբերյանի տարածաշրջանի այլ համայնքներում՝ Ոսկեպարում, Բաղանիսում, Բարեկամավանում, Կոթիում գազաֆիկացման ուղղությամբ կատարված աշխատանքներին, որոնք իրականացվել են ՀՀ կառավարությանն առընթեր «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ԾԻԳ» ՊՀ-ի «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի շրջանակներում՝ 31.08.2012թ.-01.05.2014թ. ժամանակահատվածում: Պատասխանատուների հավաստմամբ, կատարվել են շուրջ 3.53 մլն ԱՄՆ դոլարի աշխատանքներ, անցկացվել է ավելի քան 66 կմ գազատար, որի արդյունքում ծրագրի շահառու են դարձել շուրջ 2300 պոտենցիալ բաժանորդ տնտեսություններ (նշված համայնքների գազաֆիկացման աշխատանքներն ընդգրկված են եղել ՀՀ Նախագահի 30.07.2008թ. ՆԿ-128-Ն կարգադրության միջոցառումների ժամանակացույցում): Նախագահին զեկուցվել է, որ վերոնշյալ շինարարական աշխատանքներն ավարտված են, ներկայումս կատարվում են շահագործման փաստագրման աշխատանքները, որոնք կավարտվեն 2014թ. հունիսին, և հաջորդ երեք ամիսների ընթացքում ծրագրերի պոտենցիալ շահառուների դիմումների համաձայն, կկատարվեն տնտեսությունների փաստացի միացումները։
2014թ. ընթացքում 2012-2013թթ. գազաֆիկացման ենթածրագրերում նախատեսվում են լրացուցիչ շինարարական աշխատանքներ՝ գազաբաշխիչ ցանցերի ընդլայնմամբ։ Ընդհանուր առմամբ, նախնական հաշվարկների համաձայն, նշված համայնքներում պահանջվում է կառուցել լրացուցիչ 11.38 կմ երկարությամբ գազատար՝ շուրջ 421,208 ԱՄՆ դոլար արժեքով։ Լրացուցիչ շինարարական աշխատանքների նախագծերի կատարումն ընթացքի մեջ է, իսկ շինարարական աշխատանքները կավարտվեն մինչև տարեվերջ։
Աշխատանքային այցի շրջանակներում Հանրապետության Նախագահը ներկա է գտնվել նաև Կողբ համայնքի Սբ. Հովհաննես նորակառույց եկեղեցու օծման արարողությանը, զրուցել համայնքի բնակիչների հետ՝ նրանց հուզող առաջնահերթ խնդիրների և հետաքրքրող հարցերի շուրջ:
Ծխելու դեմ պայքար Սիրահարների այգում՝ երիտասարդներին հասանելի լեզվով
Երաժշտություն, երիտասարդական ակտիվություն, լավ ժամանց և ծխախոտի վնասակար ազդեցության մասին հարուստ նյութ. մայիսի 31-ին այս տրամադրություններով անցկացվեց «Եղիր ազատ առանց ծխախոտի» խորագրով համերգային ծրագիրը:
Այն կազմակերպել էր «Եղիր տեղեկացված» ՀԿ-ն Հայաստանի երիտասարդական հիմնադրամի՝ որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։
Համերգի մասնակիցները՝ Հասմիկ Կարապետյանը, Նարինե Դովլաթյանը, Կիմ Գրիգորյանը, DJ Serjo-ն, DJ Vakcina-ն, The Band-ը, DerHova-ն, Eva-ն, անձամբ էին կոչ անում երիտասարդներին զերծ մնալ ծխելու վատ սովորությունից: Նրանց կատարումների ընթացքում պարբերաբար հնչում էին ծխելու վնասակար ազդեցության, հիվանդությունների և տարաբնույթ վնասների մասին տեղեկություններ:
DJ Vakcina-ն, կարևորելով ծխելու դեմ պայքարում քարոզչության ապահովումը, նշեց. «Մեր նպատակն է մարդկանց առավելագույնս իրազեկել ծխախոտի վնասակար ազդեցության մասին, թե ինչպես կարելի է թողնել ծխելը: Սակայն մեր խնդիրը ոչ միայն ծխելու դեմ պայքարն է, այլ առողջ ապրելակերպի քարոզումը, քանի որ ինչքան էլ ասենք՝ ոչ ծխախոտին, ակամայից ծխախոտն է գովազդվում»:
Իրազեկման համերգի ընթացքում ներկա երիտասարդներին բաժանվեցին տեղեկատվական թերթիկներ ծխելու վնասակար ազդեցության մասին: Երիտասարդ հեծանվորդներն էլ տեղեկատվական թերթիկները նախապես տարածել էին ողջ քաղաքով մեկ:
DJ Vakcina-ն վստահ է, որ ծխելու դեմ պայքարը արդյունք կտա, եթե ապահովվի գրագետ քարոզչություն: Ըստ նրա՝ երիտասարդների շրջանում քարոզը պետք է տարվի երիտասարդներին հասկանալի լեզվով՝ երաժշտության և լավ ժամանցի միջոցով։ Նա նաև ընդգծեց, որ տարիների իր աշխատանքը տվել է արդյունքներ. իր ընկերներից շատերը թողել են ծխելը։
«X Factor» երաժշտական հեռուստաշոուի հաղթող Կիմ Գրիգորյանը անկեղծորեն նշեց, թե ծխելու՝ 9 տարվա «փորձ» ունի, բայց նաև տեղեկացրեց. «Սիրելիիս խոստացել եմ, որ այսօրվանից թողնելու եմ ծխելը, քանի որ դա վնասելու է առաջին հերթին այն փոքրիկին, որ հետագայում լույս աշխարհ է գալու»:
Ըստ Կիմ Գրիգորյանի՝ ծխելու դեմ պայքարի ամենաարդյունավետ ձևը կամքի ուժի դրսևորումն է ու երեխայի՝ ճիշտ դաստիարակությունը. «Ծնողի հետևողականությունը ամենափոքր տարիքից սկսած, ճիշտ դաստիարակությունը կարծում եմ ծխելու դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցն է»:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն
Հայաստանի ԱԳՆ ղեկավար կազմի և դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաքի մասնակիցները այցելեցին Արցախ
Մայիսի 31-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, արտգործնախարարության կենտրոնական ապարատի ղեկավար կազմն ու Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները ժամանեցին Ստեփանակերտ։
Նույն օրը Հայաստանցի բարձրաստիճան դիվանագետներին ընդունեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը:
Արցախի ղեկավարը ներկայացրեց երկրի անվտանգության ամրապնդման, սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված քայլերը:
Հանդիպման մասնակիցները անդրադարձան ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին։ Քննարկվեցին Հայաստանի և Արցախի արտգործնախարարությունների, արտերկրում Հայաստանի դեսպանությունների և ԼՂՀ մշտական ներկայացուցչությունների միջև փոխգործակցության հարցեր։
Արցախի Հանրապետության Նախագահը պատասխանեց հանդիպման մասնակիցների բազմաթիվ հարցերի։
Հանդիպումից առաջ Արցախի Նախագահ Բակո Սահակյանը առանձնազրույց ունեցավ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ։
«Երևան Սիթի Տուր» քաղաքային պաշտոնական զբոսաշրջային երթուղու նոր տարեշրջանի բացումը՝ հունիսմեկյան անակնկալով
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին հաղորդում են, որ երեխանեերի իրավունքների պաշտպանության միջազգային օրը նշանավորվեց նաև «Երևան Սիթի Տուր» քաղաքային պաշտոնական զբոսաշրջային երթուղու նոր տարեշրջանի մեկնարկով։ Օրվա կապակցությամբ հետաքրքիր անակնկալ է մատուցվել քաղաքապետարանի ենթակայության տարբեր դպրոցների գերազանց առաջադիմությամբ սովորող աշակերտներին: Նրանք հնարավորություն են ունեցել անվճար օգտվելու երթուղուց և զբոսաշրջային երկհարկանի ավտոբուսներով շրջել Երևանով: Երեխաներին ուղեկցել և բարձր տրամադրություն են ապահովել սիրված մուլտհերոսները: Էքսկուրսիայից հետո աշակերտները միացել են Ազատության հրապարակում անցկացվող միջոցառմանը:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության տուրիզմի բաժնի պետ Մարիա Բարաղամյանը տեղեկացրել է, որ տարեշրջանի ընթացքում նման հետաքրքիր ակցիաներ պարբերաբար կկազմակերպվեն:
««Երևան Սիթի Տուր» պաշտոնական զբոսաշրջային երթուղին իր տեսակով միակն է տարածաշրջանում: Այսօր այն կարևոր և ուրույն տեղ է զբաղեցնում մայրաքաղաքի զբոսաշրջային ենթակառուցվածքում: Իր երկամյա պատմությամբ երթուղին հասցրել է մեծ հետաքրքրություն առաջացնել ինչպես երևանցիների, այնպես էլ մայրաքաղաքի հյուրերի շրջանում: Ակնկալվում է, որ արդեն այս տարի երթուղուց օգտվողների թիվը ավելանալու է: Սակայն այդ մասին ավելի մանրամասն՝ առաջիկայում»,- նշել է Մարիա Բարաղամյանը նաև հավելելով, որ երթուղին գործելու է ամեն օր, բացի երկուշաբթիից, երեք տարբեր ժամերի՝ 11։00-ին, 15։00-ին և 18։00-ին։
Ինչպես նախորդ տարիներին, երթուղու մեկնարկը Ֆրանսիայի հրապարակից է: «Երևան Սիթի Տուր» պաշտոնական զբոսաշրջային երթուղու վերաբերյալ առավել մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժին՝ 514-230 հեռախոսահամարով։
«Հուսով եմ՝ նոր Կառավարությունը կվերանայի սանդղակը՝ թույլ չտալով անիմաստ վատնվել գումարները». Բ. Պիպոյան
«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն իր ֆեյսբուքյան էջում մի քանի ուշագրավ թվեր է ներկայացրել “Կառավարության 2005 թ.-ի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշմամբ սահմանված ծառայողական գործուղման մեկնած աշխատողների գործուղման ծախսերի հատուցման համար կատարվող վճարումների նվազագույն և առավելագույն չափերի վերաբերյալ:
“Երևան քաղաքում գործուղման օրապահիկը կազմում է 3000 ՀՀ դրամ, նվազագույն գիշերավարձը՝ 5000, առավելագույնը՝ 25.000: Կարծում եմ՝ բոլորի համար է հասկանալի, թե ինչ նպատակով են վճարվում օրապահիկն ու գիշերավարձը, և հենց այդ ֆոնի վրա էլ եկեք համեմատենք այլ երկրների համար վճարվող օրապահիկի և գիշերավարձի համար վճարվող գումարի հետ:
Այսպիսով, հարևան Վրաստանում օրապահիկը կազմում է 87 ԱՄՆ դոլար, գիշերավարձը՝ 94: Եթե համեմատենք Երևանի գործուղման թվերի հետ և հաշվի առնենք, որ գումարը չի ներառում տրանսպորտային ծախսերը, ապա ըստ Կառավարության որոշման տրամաբանության, Վրաստանում մի քանի անգամ կյանքն ավելի թանկ է, քան Հայաստանում:
Մոտավորապես նույնքան գումար է նախատեսված նաև Մադագասկարի համար:
Դիտարկենք հարևան Իրանը. օրապահիկը՝ 77 ԱՄՆ դոլար, գիշերավարձը՝ 149: Հերթական բացահայտումը. Իրանում էլ կյանքը մի քանի անգամ թանկ է:
Մի փոքր հեռանանք մեր հարևաններից, հասնենք Տաշքենդ. օրապահիկը կազմոում է 71 ԱՄՆ դոլար, իսկ ահա Պրագայում՝ 81: Պարզվում է, որ ըստ մեր Կառավարության՝ Պրագայում կյանքն ավելի էժան է, քան Վրաստանում:
Տարբեր առիթներով շատ եմ համեմատություններ արել՝ հիշելով Մոզամբիկը, այժմ էլ չեմ կարող չանդրադառնալ:
Մոզամբիկում օրապահիկը կազմում է 108 ԱՄՆ դոլար: Իհարկե, մենք շատ հարուստ երկիր ենք, և մեր գործուղումներն էլ պետք է շատ ճոխ լինեն: Բայց կարծում եմ՝ ճոխությանն էլ չափ կա:
Տարբեր միջազգային ծրագրերով Ուզբեկստանում օրապահիկը կազմում է մոտ 30 ԱՄՆ դոլար, Վրաստանում՝ 30-35, իհարկե գրանցվում են նաև ավելի դեպքեր:
Չեմ ուզում այլ աբսուրդի հասնող թվեր հրապարակել, սակայն հերթական անգամ պետք է նկատենք, որ ի վերջո պետք է դադարեցնել սիրողական մակարդակից էլ սիրողական որոշումներ կայացնելը: Տիգրան Սարգսյանի Կառավարությունից սանդղակը վերանայելու ակնկալիք չունեի, դեռ ավելին՝ խնդրի մասին չէի բարձրաձայնում, որովհետև անպայման սանդղակը «կվերանայվեր», բայց ելնելով «գնաճի» տրամաբանությունից՝ գործողումների գումարը մի բան էլ կավելանար:
Հուսով եմ՝ նոր Կառավարությունը, ելնելով նաև բյուջեի սղությունից, կվերանայի սանդղակը՝ թույլ չտալով անիմաստ վատնվել գումարները”,-գրել է նա:

