Զենք-զինամթերք

Զենք-զինամթերքԹմբուկավոր ատրճանակ` եկեղեցու հարևանությամբ

Մայիսի 22-ին, ժամը 14.10-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության հերթապահ մաս զանգահարած քաղաքացին, չցանկանալով ներկայանալ, հայտնել է, որ «Սուրբ Սարգիս» եկեղեցու դիմաց, աղբամանի տակ, զենք է դնում,
Մեկնած օպերատիվ խումբը Իսրայելյան փողոցի թիվ 21 շենքի դիմացի մայթին գտնվող աղբամանի հետնամասում, պոլիէթիլենային տոպրակում, հայտնաբերել է թմբուկավոր ատրճանակ, որն ուղարկվել է փորձաքննության:
Հետաքննությունը վարում է ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունը:

Զինամթերք` մետրոյի «Գործարանային» կայարանի մուտքի դռների մոտ

Մայիսի 23-ին, ժամը 11.29-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության մետրոպոլիտենի պահպանության բաժնում ահազանգ է ստացվել, որ զինամթերք է թողնում մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանի մուտքի դռների մոտ:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ առկա էր փամփշտաժապավենի լիցքավորման սարք, ինքնաձիգի 2 դատարկ պահունակ և 5.45 մմ տրամաչափի 548 փամփուշտ:
Նշանակվել է փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

Ամիրյան փողոցի և Մաշտոցի պողոտայի խաչմերուկի մոտ զենք-զինամթերք է հայտնաբերվել

Մայիսի 23-ին, ժամը 11.42-ին, ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ հերթապահ մաս զանգահարած քաղաքացին, չցանկանալով ներկայանալ, հայտնել է, որ Երևանի Ամիրյան փողոցի և Մաշտոցի պողոտայի խաչմերուկի հարևանությամբ գտնվող նախկին անձնագրային և վիզաների վարչության շենքի մոտ զենք-զինամթերք է թողնում:
Մեկնած օպերատիվ խումբը պոլիէթիլենային տոպրակում հայտնաբերել է ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 620, «Կարաբին» հրացանի 7.62 մմ տրամաչափի 13, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 123 փամփուշտ, ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 1 պահունակ` լիցքավորված 12 փամփուշտով, «ՏՏ» ատրճանակի 7.62 մմ տրամաչափի 8 փամփուշտ, «ՌԳԴ» 2 և «Ֆ-1» տիպի 1 նռնակ` առանց պայթուցիչների, և թմբուկավոր ատրճանակ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Հետաքննությունը վարում է ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունը:

 

 

Ավտոճանապարհային պատահարներ

ՃՏՊ Նորապատ գյուղի մոտակայքում«Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել գետը. ուղևորներից մեկը մահացել է

Մայիսի 22-ին, ժամը 21.30-ի սահմաններում, 1985 թ. ծնված Արտյոմ Շ.-ի վարած «Մերսեդես 124 E» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Ստեփանավան ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել գետը:
Պատահարի հետևանքով վարորդը և ուղևոր, 1990 թ. ծնված Արմեն Օ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն, իսկ մյուս ուղևորը` 1988 թ. ծնված Տիգրան Քոչարյանը, տեղում մահացել է:
Ոստիկանության Գուգարքի քննչական բաժանմունքում հարուցվել է քր. գործ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ 18-ամյա աղջկան վրաերթի ենթարկած և դեպքի վայրից փախուստի դիմած վարորդին հայտնաբերելու ուղղությամբ

Մայիսի 22-ին, ժամը 18.00-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում վրաերթի է ենթարկել 18-ամյա աղջկա և դիմել փախուստի:
Տուժողը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ձեռնարկվում են միջոցառումներ վրաերթ կատարած անձի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:

 Պատահար Ազատավանում

Մայիսի 22-ին, ժամը 16.00-ի սահմաններում, «Մերսեդես Բենց ՄԼ 320» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Ազատավան գյուղի սկզբնամասում բախվել է «Օպել Կորսա» մակնիշի ավտոմեքենայի, ինչի երկրորդ ավտոմեքենայի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 Տաքսին բախվել է մոտոցիկլետի

Մայիսի 23-ին, ժամը 22.10-ին, 1978 թ. ծնված Անդրանիկ Գ.-ի վարած «ՎԱԶ-21074» մակնիշի տաքսի ավտոմեքենան Երևանի Բագրևանդ փողոցում բախվել է 1975 թ. ծնված Սեպուհ Ա.-ի վարած մոտոցիկլետին, ինչի հետևանքով Սեպուհ Ա.-ն և ուղևորուհին` 2001 թ. ծնված Մելինե Ա.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:

 

Կրակոցներ բենզալցակայանի մոտ (ԼՐԱՑՎԱԾ)

krakocՄայիսի 22-ին, ժամը 21.50-ին, Աբովյան քաղաքի Երևանյան խճուղում գործող բենզակայանի լիցքավորողը ահազանգել է ոստիկանության Կոտայքի բաժին, որ նույն օրը, ժամը 17.00-ի սահմաններում, աշխատանքի վայրում կրակոցի ձայներ լսելով` դուրս է եկել փողոց և նկատել, որ հարևանությամբ գտնվող նորաբաց բենզալցակայանի մոտ մի խումբ անձինք վիճաբանում և քաշքշում են միմյանց:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Կոտայքի մարզային վարչությունների և Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 17.00-ի սահմաններում, Բալահովիտ գյուղի 1-ին փողոցի հարակից բենզալցակայանի մոտ, 1985 թ. ծնված Մաթևոս Կարապետյանը, 1986 թ. ծնված Էդվին Թադևոսյանը և 1980 թ. ծնված Վարդան  Հարությունյանը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են միմյանց հետ, ինչի ընթացքում Էդվին Թադևոսյանն իր մոտ պահվող ատրճանակից 3-4 կրակոց է արձակել:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Բացատրական աշխատանքների արդյունքում` Մ. Կարապետյանը և Է. Թադևոսյանը ինքնակամ ներկայացել են ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղ Թադևոսյանը ներկայացրել է «ԻԺ 79-8» գրառումով գազային ատրճանակը:
Էդվին Թադևոսյանը և Մաթևոս Կարապետյանը ձերբակալված են:
Ձեռնարկվում են միջոցառումներ Վարդան Հարությունյանին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում` Վարդան Հարությունյանը հայտնաբերվել և ձերբակալվել է: 

 

Ավտոմեքենաները տեղափոխվել են ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք

ավտոմեքենաներՄայիսի 23-ին, ժամը 18.00-ի դրությամբ, ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 78 տրանսպորտային միջոց. 26-ը` Երևանում, որոնցից 3-ի վարորդները` անչափահաս, 52-ը` մարզերում, որոնցից 16-ի վարորդները` անչափահաս:
ՀՀ ոստիկանությունը մեկ անգամ ևս դիմում է «Վերջին զանգի» հանդիսությունների բոլոր մասնակիցներին՝ մեծահասակներին` մանկավարժներին ու հատկապես ծնողներին` ուշադի՛ր եղեք երեխաների հանդեպ, ձեռնպա՛հ մնացեք նրանց ավտոմեքենա վստահելուց, զե՛րծ պահեք ոգելից խմիչքների օգտագործումից, կանխե՛ք ցանկացած լարվածություն ու միջադեպ:

ՀՀ ոստիկանության և զանգվածային լրատվության միջոցների ու հասարակական կազմակերպությունների համագործակցության հարցերին նվիրված կլոր սեղան-քննարկում Ծաղկաձորում

caxkadzor_01Մայիսի 23-ին Ծաղկաձորում մեկնարկեց ՀՀ ոստիկանության և զանգվածային լրատվության միջոցների ու հասարակական կազմակերպությունների համագործակցության հարցերին նվիրված երկօրյա կլոր սեղան-քննարկումը, որը կազմակերպվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ:
Քննարկման թեմաներն են ՀՀ ոստիկանության բարեփոխումների ներկայիս զարգացումները և ոստիկանության ու հասարակության համագործակցության գնահատումը:
ՀՀ ոստիկանության և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի համատեղ միջոցառմանը մասնակցում են ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության, շուրջ երկու տասնյակ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ ու փորձագետներ:
Մասնակիցները քննարկելու են ոստիկանության և ԶԼՄ-ների հարաբերությունների առաջընթացը և առաջարկելու են բարեփոխումներ՝ համագործակցությունն ամրապնդելու համար:
Կլոր սեղանը բացեց ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ ընդգծեց ինչպես ոստիկանություն-հասարակություն համագործակցության, այնպես էլ նման քննարկումների կարևությունը. «Ներկայիս ժողովրդավարական հասարակությունում ոստիկանության աշխատանքի գնահատման հիմնական չափանիշը ոստիկանության հանդեպ հանրային վստահության մակարդակն է: Մեկուսացված, առանց հանրային աջակցության գործող ոստիկանությունը չի կարող արդյունավետ կերպով կանխել հանցագործությունները, ապահովել մարդկանց անվտանգությունը և պահպանել հասարակական կարգը: Այսօրվա քննարկումը կարծում եմ կնպաստի ոստիկանության և հանրության միջև ավելի արդյունավետ փոխըմբռմանը»:
ՀՀ ոստիկանության շտաբի պետ Վարդան Եղիազարյանը կլոր սեղանի մասնակիցներին փոխանցելով ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի բարեմաղթանքները՝ բարձր գնահատեց ոստիկանության և զանգվածային լրատվության միջոցների ու հասարակական կազմակերպությունների համագործակցությունը. «Այսօրվա կլոր սեղանը հնարավորություն կընձեռի առավել հանգամանալից անդրադառնալ ոստիկանությունում ընթացող բարեփոխումների իրականացման մի շարք ուղղություններին, բարձրաձայնել այն շոշափելի հաջողությունները, որոնք ձեռք են բերվել առ այսօր և ներկայացնել ապագա ծրագրերը: Նմանատիպ համաժողովի անցկացումը կօգնի բարձրացնել իրազեկվածությունը ոստիկանությունում ընթացող գործընթացների վերաբերյալ, ինչպես և ավելի ամրապնդել հասարակություն-ոստիկանություն կապը և զարգացնել համագործակցությունը զանգվածային լրատվական միջոցների ու հասարակական կազմակերպությունների հետ, վեր հանել այն խնդիրները և բացթողումները, որոնք հաստատ կան մեր աշխատանքում, բայց հաճախ անտեսանելի են մեզ համար, և նախանշել դրանց վերացման ուղղություններն ու եղանակները, և, որն ամենակարևորն է, ստեղծել ու ամրապնդել վստահության մթնորոլրտ»:
Ոստիկանության շտաբի պետն անդրադարձավ նաև ոստիկանության բարեփոխումների ընթացքին և շնորհակալություն հայտնեց ԵԱՀԿ Երևանյան գրասեյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինին, գրասենյակի ողջ անձնակազմին, ինչպես և Միացյալ թագավորության ոստիկանության գծով միջազգային փորձագետ Դեյվիդ Այենսոնին՝ այս ընթացքում ոստիկանության կողքին լինելու և առարկայական օժանդակություն ցուցաբերելու համար:
Այնուհետև «ՀՀ ոստիկանությունում իրականացվող բարեփոխումների ընթացքը և շարունակականությունը» թեմայով զեկույցով հանդես եկավ ոստիկանության շտաբի կազմակերպական-վերլուծական վարչության բարեփոխումների և կառավարչական որոշումների համակարգման բաժնի պետ Լիանա Ամիրխանյանը:
Հաջորդած քննարկման ընթացքում կլոր սեղանի մասնակիցները ներկայացրին բարեփոխումների ընթացքի վերաբերյալ իրենց դիտարկումները և գնահատեցին արձանագրված արդյունքները:

Դասընթացներ՝ հաշմանդամություն ունեցող կանանց վերարտադրողական առողջության վերաբերյալ

unnamed«Ագաթ» հատուկ կարիքներով կանանց կենտրոն հասարակական կազմակերպությունը տեղեկացնում է, որ  Շիրակի մարզի 5 տարածաշրջանի հաշմանդամութուն ունեցող կանանց և աղջիկների, ինչպես նաև Գյումրու պետական բժշկական քոլեջի ուսանողների ու դասախոսական կազմի համար անցկացնում է «Ապրենք սովորելով» ծրագիրը: Այն իրականացվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի՝ որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։

Ծրագրի նպատակն է նպաստել հաշմանդամություն ունեցող կանանց վերարտադրողական առողջության մասին իրազեկության բարձրացմանը։

«Ագաթ» ՀԿ անդամները նկատում են, որ հաշմանդամություն ունեցող կանայք  առողջապահական ծառայություններից օգտվելիս հանդիպում են որոշակի խոչընդոտների։ Օրինակ, չկան բրայլյան այբուբենով առողջապահական տեղեկատուներ կամ ձայնագրված սկավառակներ, որոնց միջոցով բժշկական տեղեկատվությունը հասանելի կլինի նաև տեսողական խնդիրներ ունեցող անձանց համար: Խուլ և թույլ լսողություն ունեցող կանանց համար չկան ժեստերի լեզվի թարգմանություն ապահովող մասնագետներ, տեղաշարժողական խնդիրներ ունեցող կանանց համար խոչընդոտ է անվասայլակների համար նախատեսված թեքահարթակների բացակայությունը:

«Ապրենք սովորելով» ծրագրի համակարգող Ռոզա Ավագյանը նշում է, որ ծրագրի շրջանակներում մասնագետները հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների սեռական և վերարտադրողական առողջության մասին դասընթացներ են անցկացնում։ Ըստ նրա՝ հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների վերարտադրողական առողջության, հղիության, ծննդաբերության իրավունքների մասին քիչ է բարձրաձայնվում. «Սեմինարների ընթացքում շատ են լինում դեպքեր, երբ հաշմանդամություն ունեցող կանայք նշում են, որ վախենում են հղիանալ։ Մենք բացատրում ենք, որ սայլակից օգտվող կինը կարող է երեխա ունենալ, ներկայացնում ենք նրա վարքի առանձնահատկությունները, որպեսզի բարդություններ չունենա հղիության ընթացքում, խոսում ենք երեխայի խնամքի մասին»։

«Ագաթ» ՀԿ-ին անդամագրված է հաշմանդամություն ունեցող ավելի քան 60 կին։ Ռոզա Ավագյանը նշում է, որ իրենք հիմնականում աշխատում են ֆիզիկական հաշմանդամություն ունեցող կանանց հետ, թեև որոշակի ծրագրեր իրականացնում են նաև թույլ մտավոր հաշմանդամություն ունեցողների համար. «Դասընթացների միջոցով փորձում ենք փոխել վերաբերմունքը հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ։ Հանրությունն առաջին հերթին պետք է տեսնի անձին և ոչ թե նրա հաշմանդամությունը։ Շիրակի մարզում հաշմանդամություն ունեցող անձանց մոտ կոմպլեքսները շատ են։ Մենք փորձում ենք բարձրացնել իրազեկությունը նրանց վերարտադրողական առողջության, սեռական կյանքի մասին, որպեսզի հասկանան, որ իրենք նույնպես այս հասարակության լիարժեք անդամն են, և ոչնչով չեն տարբերվում մյուսներից»։

Ուսուցանող Գայանե Գրիգորյանն էլ տեղեկացնում է, որ դասագրքերում ներառված չեն թեմաներ, որոնք վերաբերում են հաշմանդամություն ունեցող անձանց։ Սեմինարների ընթացքում Գյումրու բժշկական քոլեջի ուսանողներին սովորեցնում են՝ ինչպես կարելի է ընդունել, սպասարկել հաշմանդամություն ունեցող անձանց, որ տերմիններն են ճիշտ, որոնք սխալ, ինչպես պետք է դիմել, օգնություն առաջարկել, որպեսզի վերջիններս չվիրավորվեն։

Գյումրու բժշկական քոլեջի ուսանողուհի Սուսաննա Նորսոյանը նշում է, որ ինքը բավականաչափ գիտելիքներ չուներ հաշմանդամություն ունեցող անձանց հետ շփվելու, բուժօգնություն ցուցաբերելու առումով։ Ասում է, որ իր շրջապատում էլ կան նման կանայք, և սեմինարների ընթացքում ստացած գիտելիքներն առաջին հերթին նրաց հետ շփումներում է կիրառելու։

«Անկախ»

ԿՐԹԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ ԿՍՏԱՆԱՆ

photo23.05.2014Մայիսի 23-ին ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը և Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափին վարկային ու ֆինանսավորման համաձայնագրեր են ստորագրել` կրթության և սոցիալական ոլորտների ծրագրերի իրագործումն ապահովելու նպատակով: Միջազգային զարգացման ընկերակցության հետ ստորագրված համաձայնագրով «Սոցիալական պաշտպանության վարչարարության II ծրագրի» շրջանակում Հայաստանին կտրամադրվի 21.2 մլն դոլարին համարժեք 13.9մլն հատուկ փոխառության իրավունքի (SDR) չափով վարկ: Ծրագրի նպատակն է բարելավել սոցիալական պաշտպանության ծառայությունների տրամադրումը և հզորացնել դրանք մատուցող, ինչպես նաև սոցիալական պաշտպանության նպաստներ վճարող մարմինների վերլուծական, մշտադիտարկման և գնահատման գործառույթները: Իսկ «Կրթության բարելավման ծրագրի» շրջանակում Հայաստանը կստանա ընդհանուր առմամբ 30մլն ԱՄՆ դոլար արժողությամբ վարկ, այդ թվում 15մլն դոլարը` Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից, նույնքան դոլարին համարժեք 9.8 միլիոնի չափով վարկ էլ հատուկ փոխառության իրավունքով (SDR)` Միջազգային զարգացման ընկերակցությունից: Ծրագրի նպատակն է բարձրացնել հանրապետության տարրական դպրոց ընդունվող երեխաների պատրաստվածությունը, բարելավել ավագ դպրոցներում ֆիզիկական պայմաններն ու կրթական ռեսուրսների մատչելիությունը, ինչպես նաև աջակցել բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթության որակի բարելավմանը:

Խոշոր ավտովթար Գյումրիում, կան զոհեր

ԱվտովթարՄայիսի 24-ին, ժամը 06.25-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Անկախության հրապարակում՝ Արվեստի ակադեմիայի դիմաց տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ 2106» մակնիշի 32ՍՏ830  և «Մերսեդես» մակնիշի 80ՍՍ222 պետհամարանիշերի ավտոմեքենաները, ինչից «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և 2 ուղևոր տեղում զոհվել են ,իսկ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Հ. Ա.-ը (ծնվ. 1990թ.)՝ հոսպիտալացվել է Գյումրու բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի և երկու ուղևորների դիերը:

Վերջին զանգը՝ «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրում

001Երևանի քաղաքապետարանի ենթակայության արվեստի հանրակրթական միակ դպրոցում՝ «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրում, Վերջին զանգն ազդարարվել է դեպի նոր կյանք կանչող արվեստի ղողանջներով:

Կրթահամալիր է այցելել և Վերջին զանգի միջոցառումների շրջանակում 12-րդ  ավարտական դասարանների աշակերտների ու առաջինցիների խորհրդանշական հանդիպմանը ներկա գտնվել Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը: Միջոցառման ընթացքում հանդիսավորությամբ աշակերտներին և ուսուցչական անձնակազմին է փոխանցվել օրվա կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը:

Դպրոցական վերջին դասի գլխավոր միջոցառմանը շրջանավարտները հանդես են եկել մշակութային հարուստ ծրագրով: Կոջոյանցիները հյուրերին նախ դիմավորել են ֆլեշմոբով, ապա ուղեկցել իրենց աշխատանքների ցուցադրության սրահ, որտեղ վառ գույներով ներկայացրել են վերջին ամիսների իրենց ապրումները, սպասումներն ու նպատակները:

Ուշագրավ է, որ ապագա արվեստագետներն իրենց հագուստին ամրացված օրվա խորհրդանիշ  զանգերը պատրաստել էին սեփական  ձեռքերով:

Քաղաքապետի անունից մեկ անգամ ևս շնորհավորելով շրջանավարտներին՝ Արամ Սուքիասյանն ընդգծել է, որ կրթվելով և դաստիարակվելով արվեստի շնչով՝ կրթահամալիրի սաները որոշակի պարտավորություն են ստանձնում իրենց ներդրումն ունենալ մայրաքաղաքի մշակութային կյանքի զարգացման գործում:

«Վստահ եմ, որ հանրակրթարանում ձեռք բերած մասնագիտական ունակությունները կգործադրեք ձեր գաղափարների իրագործման ու  սկզբունքների պահպանման համար:  Վստահ եմ նաև, որ հայկական մշակույթի մեջ հանդես եք գալու նոր խոսքով, և մենք տեսնելու ենք ձեզ ոչ միայն որպես անհատների, այլև անհատականություների»,-նշել է Արամ Սուքիասյանը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Անկախ

Այսօր, ժամը 13.30-ի դրությամբ. ավտոմեքենաները տեղափոխվել են ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք

ճոՄայիսի 23-ին, ժամը 13.30-ի դրությամբ, ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 25 տրանսպորտային միջոց. 10-ը` Երևանում, որոնցից 2-ի վարորդները` անչափահաս, 15-ը` մարզերում, որոնցից 11-ի վարորդները` անչափահաս:
ՀՀ ոստիկանությունը մեկ անգամ ևս դիմում է «Վերջին զանգի» հանդիսությունների բոլոր մասնակիցներին՝ մեծահասակներին` մանկավարժներին ու հատկապես ծնողներին` ուշադի՛ր եղեք երեխաների հանդեպ, ձեռնպա՛հ մնացեք նրանց ավտոմեքենա վստահելուց, զե՛րծ պահեք ոգելից խմիչքների օգտագործումից, կանխե՛ք ցանկացած լարվածություն ու միջադեպ:

Անկախ

Մամիկոն Խոջոյանին հուղարկավորեցին (լուսանկարներ)

խոջոյանի հուղարկավորությունՔիչ առաջ Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղում տեղի է ունեցել հայ-ադրբեջանական սահմանին գերեվարված, խոշտանգված ու հայկական կողմին վերադարձված 77-ամյա Մամիկոն Խոջոյանի հուղարկավորությունը: Նրա մարմինն ամփոփել են գյուղի գերեզմանատանը: Մամուկ պապիի թաղմանը նրա հորեղբորորդին՝ Արսեն Խոջոյանը, չի մասնակցել: Նա հայրիկի մոտ է՝ Սևանում, որտեղ զբաղվում են անասնապահությամբ:

Հիշեցնենք, որ Մամիկոն Խոջոյանը մահացել է մայիսի 20-ի երեկոյան: Նրա դին Երևանում ենթարկվել է դատաբժշկական փորձաքննության: Թե ինչ մահաբեր նյութերի ներարկման հետևանքով է ծերունին մահացել, ցույց կտա փորձաքննության արդյունքը, որը կհրապարակվի:

Անկախ

«Միայն նախազգուշական կրակել եմ, որ հասկանան` մեր առյուծներն արթնացան` իրենց վերջը կգա»…

վինետկա«Գեղեցիկ յոլկա նախշերով մանրահատակ էր»,- երկհարկանի տան երկրորդ հարկի ննջարանն է հիշում Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուրի բնակիչ Հենրիկ Գալստյանը: Նրա տունը, որ ուղղահայաց նայում է դիմացի բարձունքին ամրացած ադրբեջանական դիպուկահարին, առաջին անգամ հրետակոծվել է 1994 թ.: Քսան տարի է անցել, բայց գյուղի պատմության ուսուցիչը դեռևս չի կարողացել վերացնել գնդակոծության հետևանքները, տունը նորոգել չի ստացվել: Տան այդ հատվածն ամբողջությաբ ավերված է: Դեռ չի եղել կրակոց, որ Հենրիկ Գալստյանի տունն ու այգին շրջանցի:
Սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուրի ուղղությամբ վերջին շրջանի գնդակոծությունների հետևանքով վնասվել է նաև Հենրիկ Գալստյանի ավտոմեքենան, որը 2004-ին նրան` որպես շրջանի տարվա լավագույն ուսուցչի, նվիրել է նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Բարեբախտաբար, փամփուշը լուրջ հետևանքներ չի ունեցել, միայն թեթևակի քերծել է մեքենայի դիմապակին:
Այս օրերին համագյուղացիների հետ միասին Հենրիկ Գալստյանը շատ զբաղված է. գյուղատնտեսական աշխատանքները մեկնարկել են, նաև ժամանակն է ամփոփել ուսումնական տարին:
Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղի դպրոցի 109 աշակերտներից ավարտական դասարանի 12 աշակերտներ այս ուսումնական տարում հրաժեշտ կտան դպրոցին: Վերջին զանգի օրը դեռ ստույգ չէ, հարաբերական է, բայց կլինի մայիսի 23-25-ն ընկած ժամանակահատվածում: «Երաժիշտը Բերդից է հրավիրվում ու քանի որ մի քանի դպրոցում է միջոցառումներ իրականացնում, հնարավոր է` մեր գյուղում մի օր շուտ կամ ուշ լինի դպրոցական վերջին զանգը: Երաժշտի գրաֆիկից է կախված»,- նշում է Հենրիկ Գալստյանը:
ուսուցիչԱվագ` 10-12-րդ դասարաններում երեխաներ կան, որոնք, ըստ գյուղի դպրոցի պատմության ուսուցչի, շատ շնորհալի են, համալսարանական մակարդակ ունեն և իրենց ուժերով կարող են շարունակել կրթությունը: «Այնպես որ` մեզ արժանի փոխարինողներ կան: 4-5 հոգի համալսարան են դիմել, արդեն հայտ են ներկայացրել` մասնակցելու բուհական քննություններին: Հիմնականում` օտար լեզուների ֆակուլտետներ: Շրջկենտրոնում` Բերդում, կրկնուսույցի մոտ են պարապում, քանի որ գյուղում անգլերենի ժամաքանակը շատ չէ: Եթե իմ առարկայից էլ գնային, չէին նեղվի: Վերջին տարիներին մոտ 20 երեխա ընդունվել է ԵՊՀ պատմության ֆակուլտետ. այս փլված գյուղից: Որդիս` Հրաչյա Գալստյանն էլ է սովորում պատմականում, 4-րդ կուրսում է, հեռակա ուսուցման համակարգում: Հիմա այստեղ է, գյուղում է ապրում, Բերդում աշխատում»,- ասում է Ներքին Կարմիրաղբյուրի պատմության ուսուցիչ Հենրիկ Գալստյանը:
Նրա խոսքով, երեխաներն ինքնանպատակ չեն դիմել բուհեր: «Ես նրանց անընդհատ ուղղություն եմ տալիս, որ էն բանը, ինչ իրենց սրտով է, անպայման էդ ուղղությամբ աշխատեն, ուղղակի տոլստոյական միտքը` եթե որոշել ես մի բան կատարել, ուրեմն կատարի: Երբ կատարում ես, լավ կատարի: Եթե մի բան մոռացել ես` աշխատիր հիշել, ոչ թե փորփրել գրքերը»,- ասում է գյուղի գլխավոր պատմաբանը:
Դպրոցականները, ըստ ընկեր Գալստյանի, ուժեր ունեն և կարող են պատվով անցնել բարձրագույն քննական ստուգատեսը: Դպրոցական խնդիրներից Հենրիկ Գալստյանն առանձնացնում է երկկազմ դասարանները և դասերի հնգօրյա կազմակերպումը: «8,7 ժամ երեխան չի կարող նստել: Թեկուզ 5-րդ, 6-րդ դասարանի երեխան 7-րդ ժամին արդեն ֆիզիկապես չի կարող դիմանալ: Շապուհի դպրոցին է նմանվում, երբ Աբովյանը մտավ, արգելեց, թե երեխաներին ինչու եք այդքան երկար տանջում»:
Հենրիկ Գալստյանի դասղեկական դասարանը դպրոցի 11-րդ դասարանն է, որտեղ աղջիկների և տղաների թիվը գրեթե հավասար է: Ինչպես հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցները, այնպես էլ սահմանապահ այս գյուղի կրթական հաստատությունը պատրաստվում է վերջին զանգի արարողությանը: «Սցենարը շատ ընտիր, արդիական կլինի, հայկականություն, արդիականություն: Բոլորն օգտվում են համացանցից: Չնայած գյուղական դպրոց է, բայց շնորհալի ուսուցիչներ ունենք, որոնք օժանդակում են»,- նշում է Գալստյանը:
Հակառակորդի արձակած կրակահերթերը երբևէ ներքինկարմիրաղբյուրցիների դասերը չեն ընդհատել: Գիշերային ինտենսիվ գնդակոծությանը հաջորդող առավոտյան անգամ առաջին դասարանցիները պարտաճանաչ դպրոց են ներկայանում: «Այս զոնան մահացու է (խոսքն իր տան հատվածի մասին է, որից ոչ հեռու տեղակայված է նաև գյուղի դպրոցը), կրակահերթից հետո բռերով փամփուշտ ենք հավաքում տան տարբեր հատվածներից ու այգուց: Վտանգավոր է հատկապես տեղանքին անծանոթ մարդկանց համար: Պետք է իմանաս, որ երբ կրակում են` թաքնվես որևէ պատի հետևում, գոնե կյանքի փրկությունը 70 տոկոսով այդ դեպքում հնարավոր է: Մեր գյուղը մի քանի հենակետից են խփում: Այնպիսի զինատեսակներից, որոնք արգելված են: Ես նորից կարող եմ ասել 1949 թ. օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիան, չորս համաձայնագրերը, 1977-ի երկու լրացուցիչ արձանագրությունները, Ժնևի իրավունք, Հաագայի իրավունք: Ես ամաչելով եմ բացատրում երեխաներին: Դպրոցն ավարտողներն արդեն հասկանում են, որ չի կարելի թափորի վրա կրակել, գյուղի վրա կրակել, մանկապարտեզի, կրթական, բնակելի օբյեկտների վրա կրակել»,- նշում է Հենրիկ Գալստյանը` ավելացնելով, որ արդեն հիասթափված է և վստահ, որ ադրբեջանցիները միջազգային իրավունքի այբուբենն անգամ ի վիճակի չեն սովորել:
Գյուղի պատմության ուսուցիչը 1990-ականների թեժ կռիվներին շատերի նման գրիչը զենքով է փոխարինել: Սակայն նշում է, որ սահմանին որքան էլ լարված իրավիճակ է եղել, ինքը զենքն ադրբեջանցի հնձվորի կամ հովվի վրա չի ուղղել: «Միայն նախազգուշական կրակել եմ, որ հասկանան` մեր առյուծներն արթնացան, իրենց վերջը կգա: Նախազգուշական կրակել եմ, որ հեռանան»,- շեշտում է Հենրիկ Գալստյանը:
Նա հայրենի գյուղի բոլոր հենակետերում հերթապահել է. անցյալում` կռվելով, այսօր արդեն` ապրելով, պաշտպանելով սահմանը: «Իմ բոլոր աշակերտները տիրապետում են այդ նորմերին, հասկանում, որ պատերազմն էլ իր կանոններն ունի, հատկապես` զինանդադարի խախտման վերաբերյալ»:
Զեփյուռ Ավագյանը մեկն է նրանցից, ովքեր լավ են սերտել ընկեր Գալստյանի դասերը: Կփորձի տուրիզմի բաժին ընդունվել, նպատակ ունի զբոսաշրջիկների համար բացահայտել Ներքին Կարմիրաղբյուրի գրավչությունները` սահմանից այն կողմ դարանակալած անհաջող հարևաններին հասկացնելով` չլինի, որ աչք դնեն իր չքնաղ գյուղի վրա…

Մայա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մարզահամերգային համալիրի աճուրդի մասին տեքստում հոգևոր բաղադրիչը դուրս է մնացել. ճարտարապետներ

մուշեղյան,Սաշուր Քալաշյան«Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի աճուրդի մասին տեքստում որևէ բառ անգամ չկա, որ այն պատմամշակութային հուշարձան է: Խնդիրը ոչ թե աճուրդն է կամ նոր սեփականատերը, այլ երաշխիքը, որ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը շահագործվելու է ըստ նշանակության»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց  ճարտարապետ Սաշուր Քալաշյանը: Ճարտարապետը նշեց, որ շատ հոդվածներ է կարդացել. բոլորում խնդրի մասին խոսում էին միայն ճարտարապետները, մինչդեռ խնդիրը իրավաբանական է. հուշարձանների պահպանումը ամրագրված է օրենքով։

«Ամեն ինչ մանրամասն նկարագրված է, բայց ոչ մի բառ հուշարձանի մասին: Կառավարությանը միայն հետաքրքիր է իր գումարները վերադարձնելը, իսկ Դատական համակարգին՝ միայն թվաբանությունը: Խնդրի հոգևոր բաղադրիչը դուրս է մնացել»,- հավելեց նա։

 

Մարզահամերգային համալիրի ճարտարապետական նախագծի համահեղինակ Գուրգեն Մուշեղյանը նշեց, որ, եթե այսօր համալիրը անհրաժեշտ է քաղաքացիներին՝ սպորտային ու մշակութային միջոցառումների համար, նշանակում է, որ պետությունը պետք է որոշակիորեն ֆինանսավորի ու օգնի մասնավորին: «Իրականում սեփականատերը միշտ էլ կարող է փոխվել, հարցը այստեղ այլ է՝ արդյոք հաջորդը կունենա շահագործելու պոտենցիալ, թե՝ ոչ»։

 

Գուրգեն Մուշեղյանը հիշեցրեց, որ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը միակ կառույցն է, որը Խորհրդային Միության ժամանակ արժանացել է պետական մրցանակի. « Երբ ընտանիքը հուշ նշանակող առարկա է ունենում, որքան էլ ծանր լինեն պայմանները, չի վաճառում այն, քանի որ պետք է փոխանցի դա հաջորդ սերունդներին, դրանք պատմություն են նշանակում։ Նույն էլ վերաբերում է հուշարձանին, որը ազգի սեփականությունն է»,-  ասաց նա։

 

 

 Անկախ

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (մայիսի 22-ից 23-ը)

ոստիկանությունԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 22-ից 23-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպքից բացահայտվել է 8-ը, խարդախության 10, դրամանենգության 2, կաշառակերության 2  դեպքերը բացահայտվել են:
Բացահայտվել է գողության 6 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 2, գողության 1 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար, որի հետևանքով 1 մարդ զոհվել է, 11-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այսօր արդեն 6 ավտոմեքենա է տեղափոխվել ՃՈ հատուկ պահպանվող տարածք

հատուկ պահպանվող տարածքՄայիսի 23-ին, ժամը 11.30-ի դրությամբ, ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք  է տեղափոխվել 6 տրանսպորտային միջոց, որոնցից 2-ը վարել են անչափահասներ, 4-ի վարորդները համապատասխան փաստաթղթեր չեն ունեցել, իսկ մեքենաներում գտնվող երեխաները երթևեկում էին պատուհաններից կիսով չափ կախված:
ՀՀ ոստիկանությունը մեկ անգամ ևս դիմում է «Վերջին զանգի» հանդիսությունների բոլոր մասնակիցներին՝ մեծահասակներին` մանկավարժներին ու հատկապես ծնողներին` ուշադի՛ր եղեք երեխաների հանդեպ, ձեռնպա՛հ մնացեք նրանց ավտոմեքենա վստահելուց, զե՛րծ պահեք ոգելից խմիչքների օգտագործումից, կանխե՛ք ցանկացած լարվածություն ու միջադեպ:

Բենզալցակայանի մոտ վիճաբանել են, ապա կրակել

կրակոցՄայիսի 22-ին, ժամը 21.50-ին, Աբովյան քաղաքի Երևանյան խճուղում գործող բենզակայանի լիցքավորողը ահազանգել է ոստիկանության Կոտայքի բաժին, որ նույն օրը, ժամը 17.00-ի սահմաններում, աշխատանքի վայրում կրակոցի ձայներ լսելով` դուրս է եկել փողոց և նկատել, որ հարևանությամբ գտնվող նորաբաց բենզալցակայանի մոտ մի խումբ անձինք վիճաբանում և քաշքշում են միմյանց:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Կոտայքի մարզային վարչությունների և Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 17.00-ի սահմաններում, Բալահովիտ գյուղի 1-ին փողոցի հարակից բենզալցակայանի մոտ, 1985 թ. ծնված Մաթևոս Կարապետյանը, 1986 թ. ծնված Էդվին Թադևոսյանը և 1980 թ. ծնված Վարդան  Հարությունյանը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են միմյանց հետ, ինչի ընթացքում Էդվին Թադևոսյանն իր մոտ պահվող ատրճանակից 3-4 կրակոց է արձակել:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Բացատրական աշխատանքների արդյունքում` Մ. Կարապետյանը և Է. Թադևոսյանը ինքնակամ ներկայացել են ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղ Թադևոսյանը ներկայացրել է «ԻԺ 79-8» գրառումով գազային ատրճանակը:
Էդվին Թադևոսյանը և Մաթևոս Կարապետյանը ձերբակալված են:
Ձեռնարկվում են միջոցառումներ Վարդան Հարությունյանին հայտնաբերելու ուղղությամբ:
Ոստիկանությունից Անկախին տեղեկացնում են, որ կատարվում է նախաքննություն:

Ձերբակալվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության հետաքննության բաժնի նախկին պետը

հքծՔաղաքացի Արսեն Պ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության հետաքննության բաժնի նախկին պետ Կամիսար Պողոսյանը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, Արսեն Պ.-ի օգտին գործողություն կատարելուն նպաստելու՝ նրան ՀՀ ‹‹Ճանապարհային ոստիկանություն›› ծառայության տեսուչի պաշտոնին նշանակելու հարցում միջնորդելու, աջակցելու համար վերջինիցս պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերով` 7000 ԱՄՆ դոլար կաշառք:
Կամիսար Պողոսյանը ձերբակալվել է:
Նախաքննական մարմինը կասկածներ ունի, որ Կամիսար Պողոսյանի գործողություններից հնարավոր է տուժած լինեն նաև այլ քաղաքացիներ, ովքեր կարող են դիմել ՀՀ հատուկ քննչական ծառայություն կամ զանգահարել 010 511-601 և 010 511-609 հեռախոսահամարներով:
ՀՔԾ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից Անկախին տեղեկացնում են, որ նախաքննությունը շարունակվում է:

Վազաշեն-Պառավաքար շրջանցիկ ավտոճանապարհի հողային աշխատանքներն ավարտվում են

պառավաքարՏավուշի մարզի Վազաշեն-Պառավաքար վտանգավոր հատվածում կառուցվող շրջանցիկ ավտոճանապարհի հողային պաստառի կառուցման աշխատանքները մոտենում են ավարտին: Եվս 20 մետր և ճանապարհի երկու հատվածները կմիանան իրար:

Այլընտրանքային շրջանցիկ ճանապարհի կառուցման աշխատանքներն ընթանում են Հայաստանի Հանրապետության տրանսպորտի  և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի անմիջական հսկողության և ուշադրության ներքո: Շինարարության ընթացքին, կատարված աշխատանքների որակը գնահատելու նպատակով Տրանսպորտի և  կապի նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները կառուցվող նոր ճանապարհահատվածում էին:

 Կիրառված նախագծային լուծումներն ապահովում են ճանապարհահատվածի անվտանգությունը: Այդ նպատակով ճանապարհամերձ որոշակի հատվածներում կառուցվել են արգելապատնեշներ:

պառավաքար2Շինարարական աշխատանքներն իրականացնող Իջևանի ճանշինի ավագ աշխղեկը ճանապարհի կառուցման ընթացքից  գոհ է, սակայն նշում է, որ կան նաև դժվարություններ. դրանք հիմնականում կապված են պայթեցման աշխատանքների հետ:

Այլընտրանքային ճանապարհահատվածը կունենա  3.2 կմ  երկարություն և 6-7 մետր լայնություն: Այն Վազաշեն-Պառավաքար հատվածում ճանապարհի երկարությունը կկրճատի մոտ երկու կիլոմետրով:

Մանրամասները՝ տեսանյութում

 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության

լրատվական ծառայություն

Կապանցի երիտասարդները փորձում են կոտրել ծխելու վերաբերյալ կարծրատիպերը

10405992_10203785163648213_2028800830_nՍյունիքի մարզի Կապան քաղաքում անցկացվում է «Առողջ կենսակերպը՝ առողջ երիտասարդության գրավական» խորագրով ծրագիրը: Այն իրականացնում է  «Երիտասարդական գիտամշակութային» ՀԿ-ն` ՀԵՀ-ի` որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում` «Հանրության իրազեկում ծխախոտի օգտագործման և երկրորդային ծխի վնասակար ազդեցությունների վերաբերյալ» անվանակարգում:

Ծրագրի շրջանակներում ապրիլ-հոկտմբեր ամիսներին ծխախոտի օգտագործման դեմ պայքարի շրջանակներում  կիրականացվեն հանրության իրազեկմանն ուղղված տարաբնույթ միջոցառումներ, տեղեկատվական դասընթացներ: Ծրագրի առաջին փուլում Մեղրի, Ագարակ, Սիսիան և Կապան քաղաքների երիտասարդների շրջանում իրականացվել է հարցում. լրացվել 500 հարցաթերթիկ: Կապանի բարձրագույն և միջին մասնագիտական հաստատությունների 150-ից ավելի երիտասարդների շրջանում անցկացվել են «Լինենք իրազեկ» թեմայով դասընթացներ, որոնց ընթացքում երիտասարդներին տրվել են իրավական և առողջապահական գիտելիքներ ծխախոտի վնասակար ազդեցության վերաբերյալ: Այժմ նախապատրաստվում են տեղեկատվական թռուցիկներ, բաներ, որը փակցվելու է Կապանում, կկազմակերպվեն բանավեճ-քննարկումներ, կստեղծվեն սոցիալական գովազդներ, տեսաֆիլմեր, որոնք պարբերաբար կցուցադրվեն տեղական՝ քաղաքային և մարզային՝ հեռուստաալիքներով:

Ծխախոտի օգտագործման և երկրորդային ծխի վնասակար ազդեցությունների վերաբերյալ տեղեկատվական դասընթացներում որպես թիրախ խումբ ընտրվել են 15-24 տարեկան երիտասարդները:

Ծրագրի համակարգող Լուսինե Սարուխանյանն այս առիթով նշեց. «Սա ամենաակտիվ տարիքն է, և տարբեր հետազոտություններ ցույց են տվել, որ այդ տարիքում են երիտասարդներն առաջին անգամ փորձում օգտագործել ծխախոտ` առանց գիտակցելու դրա հետևանքները: Այդ տարիքի երիտասարդները ծխելը հաճախ կապում են ինքնարտահայտման հետ: Ուստի երիտասարդների այդ խումբն է ընտրվել, որպեսզի նրանց տեղեկություններ տրվեն այն մասին, որ ծխելը ինքնարտահայտման հետ կապ չունի»:

Լուսինե Սարուխանյանը վստահեցրեց, որ ծրագրի իրականացմամբ նաև կարծրատիպեր են կոտրելու ու շեշտեց. «Մեր նպատակն է բարձրացնել երիտասարդների իրազեկվածության աստիճանը ծխախոտի և երկրորդային ծխի վնասների, վերարտադրողական առողջության վերաբերյալ: Ակնկալում ենք, որ երիտասարդները ծրագրի ավարտին կունենան համապատասխան իրավական և առողջապահական գիտելիքներ ու չեն առաջնորդվի այն կարծրատիպով, թե ծխելը կապ ունի ինքնադրսևորման, ինքնարտահայտման ու ինքնահաստատման հետ»:

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է նաև Կապանում հիմնել Երիտասարդների զարգացման կենտրոն, որտեղ «Առողջ կենսակերպը՝ առողջ երիտասարդության գրավական» ծրագրի մասնակիցները մարզի մյուս երիտասարդներին  կփոխանցեն ձեռք բերած գիտելիքները:

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

եղանակը հայստանում

ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից Անկախին հայտնում են, որ

հանրապետության տարածքում՝

մայիսի 23-27-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ:

Քամին հարավ-արևելյան` 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 23-25-ին էապես չի փոխվի, այնուհետև աստիճանաբար կբարձրանա՝ 2-4 աստիճանով:

Երևանում `

Մայիսի 23-27-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ:
Երևանի մայիսի 23-ի բազմամյա կլիմայական տվյալներ

• Օդի առավելագույն ջերմաստիճան  33.40C (1995թ)
• Օդի նվազագույն ջերմաստիճան         7.80C (1991թ)
• Օդի միջին օրական ջերմաստիճան  18.80C

Անկախ