Սամվել Բալասանյանն ընդունեց Եվրոպայի առաջնությունների հաղթող և մեդալակիր մարզիկներին

DSC_0993Այսօր` ապրիլի 23-ին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց Եվրոպայի առաջնություններում հաղթած մարզիկներին` Գրիգոր Մխիթարյանին (սամբո), Լենդրուշ Զատիկյանին (սամբո) , Արթուր Ալեքսանյանին (ըմբշամարտ) և  մեդալակիրներին: Հանդիպման սկզբում քաղաքապետը շնորհավորեց և շնորհակալություն հայտնեց մարզիկներից Գյումրու սպորտային պատիվը բարձր պահելու համար: Սամվել Բալասանյանը բարձր գնահատեց նաև մարզիչների աշխատանքը` հույս հայտնելով, որ հաղթանակները կլինեն շարունակական: Պատասխան խոսքով հանդես եկան նաև մարզիչները, որոնք հորդորեցին մարզիկներին չսահմանափակվել առկա ձեռքբերումներով և ձգտել ավելի բարձր արդյունքների:

Հանդիպման վերջում քաղաքապետ Սամվել Բալասանյանը դրամական պարգևներ հանձնեց մարզիկներին և խոստացավ հետայսու ևս աջակցել քաղաքում սպորտի զարգացմանը:

Անկախ

Դիտորդական խումբը իր մտահոգությունն է հայտնում ՔԿՀ-ներում բժշկական սպասարկման որակի վերաբերյալ

քկհ2014 թվականի մարտի 31-ին ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների Խմբի անդամներն այցելել են «Վանաձոր» ՔԿՀ, որտեղ հանդիպել են դատապարտյալ Ա.Մ.-ին: Վերջինիս 2014 թվականի մարտի 31-ի դրությամբ 24 օր գտնվում էր հացադուլի մեջ: Ա.Մ.-ի հացադուլի պահանջն է իրեն մասնագիտացված բուժհիմնարկություն տեղափոխելը և բուժում տրամադրելը:

Ա.Մ.-ն նշել է, որ ինքն ազատազրկման մեջ է գտնվում շուրջ 3 տարի, ունի բազմաթիվ հիվանդություններ՝ շաքարախտ, օստեոխոնդրոզ, օստեոպորոզ, հիպերտոնիա: Ինչպես նաև, որ իր ողնաշարի հիվանդությունն արագ տեմպերով զարգանում է և ինքը (Ա.Մ.-ն)՝ որպես բժիշկ, գիտակցում է, որ իր օրգանիզմում սկսվել են անդառնալի պրոցեսներ: Ա.Մ.-ն նշել է, որ պատարաստվում է շարունակել հացադուլն այնքան ժամանակ մինչև լուծում կտրվի իր խնդրին և նա կստանա համապատասխան  բուժօգնություն:

Խնդրի վերաբերյալ ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների Խումբը /19.03.2014թ/ գրություն էր ուղարկել ՀՀ Արդարադատության նախարարություն: Խմբի գրությանը ԱՆ-ն պատասխանել է /18.04.2014թ/, որ Ա.Մ.-ն գտնվում է «Վանաձոր» ՔԿՀ-ի հիմնարկի բժշկական սպասարկման բաժնի անձանակազմի հսկողության տակ: Սակայն հարկ ենք համարում ընդգծել այն փաստը, որ «Վանաձոր» ՔԿՀ-ում տևական ժամանակ բժշկի հաստիքը թափուր է և աշխատում են միայն 3-րդ կարգի մասնագետներ:

ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների Խումբը մտահոգություն է հայտնում խնդրի վերաբերյալ և ընդգծում, որ ՔԿՀ-ներում բժշկական սպասարկումը խնդրահարույց է նախ և առաջ մասնագետների պակասի պատճառով: Մասնավորապես «Վանաձոր» ՔԿՀ-ում դատապարտյալները չեն կարող ստանալ անհրաժեշտ և պատշաճ բժշկական օգնություն ՔԿՀ-ի տարածքում և միայն հրատապ, ծայրահեղ դեպքերում են դատապարտյալներին տեղափոխում դատապարտյալների հիվանդանոց:

Անկախ

ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհուրդը պահանջում է ճանաչում և հատուցում

ցեղասպանությունՀայոց ցեղասպանությունը պատմության մեջ տեղի ունեցած ամենազարհուրելի ոճրագործություններից է, որն  աղետալի հետևանքներ ունեցավ հայ ժողովրդի համար: Զանգվածային կոտորածներին զոհ գնացին 1,5 միլիոն հայ,  հարյուր հազարավոր հայեր դարձան գաղթական, հայ ժողովուրդը հայրենազրկվեց:

Օսմանյան Թուրքիան կազմակերպեց և իրականացրեց այդ ոճրագործությունը` նպատակ ունենալով բնաջնջել հայությանը:

Հայոց ցեղասպանությունն անհերքելի պատմական իրողություն է, որը ճանաչել և դատապարտել են աշխարհի ավելի քան քսան պետություն և միջազգային կազմակերպություն: Սակայն Թուրքիան չի ցանկանում ընդունել ճշմարտությունը: Շարունակելով ժխտողական քաղաքականությունը` նա դառնում է անցյալի ոճրագործության մեղսակիցը:

Հայոց ցեղասպանությունը մարդկության դեմ գործած հանցագործություն է: Այն վաղեմության ժամկետ չունի, երբևէ պետք է դատապարտվի, և հայ ժողովուրդն արդար հատուցում ստանա:

Մենք զորակցում ենք հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն առաջ տանելուն նպատակաուղղված բոլոր քայլերին, քանզի դրանք ծառայում են պատմական արդարության վերականգնմանը և նոր ոճրագործությունների կանխմանը:

Մենք մերժում ենք այդ հարցում դրսևորվող շահախնդիր մոտեցումներն ու խուսանավումները և կոչ ենք անում աշխարհի առաջատար պետություններին ջանքեր գործադրել հայ ժողովրդի արդար իրավունքներն ու շահերը պաշտպանելու համար:

Հայ ժողովուրդն իր լինելիությամբ հաղթել է ցեղասպանության դաժան արհավիրքին: Սակայն, քանի դեռ Թուրքիան չի ապաշխարել և չի քավել իր մեղքը, պատմության այդ էջը չի կարող փակվել:

Պահանջում ենք ճանաչում և հատուցում:

Անկախ

Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի մամուլի հաղորդագրությունը «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ում կատարվող ապօրինությունների վերաբերյալ

Թրանսփարենսի ԻնթերնեշնլՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ում կատարվող անօրինությունների վերաբերյալ քրեական գործ հարուցելու և նախաքննությունը ՀՔԾ-ին հանձնարարելու խնդրանքով փաստաբան Տիգրան Հայրապետյանը հանցագործության մասին հաղորդում է հղել ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին: Հաղորդմանը միացել են «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ն, Քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստներ Լիլիթ Պետրոսյանը, Տաթև Վարդապետյանը, Գայանե Մելքոմ Մելքոմյանը, Հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների դիտորդական խմբի անդամներ Սիրվարդ Մամիկոնյանը և Հասմիկ Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ ՊՈԱԿ-ի մի խումբ աշխատակիցներ ս. թ. ապրիլի 4-ին բաց նամակ էին տարածել հաստատությունում տիրող անառողջ բարոյահոգեբանական մթնոլորտի, երեխաների հանդեպ բռնություն գործադրելու, ֆինանսական ապօրինությունների, ՊՈԱԿ-ի տնօրեն Գայանե Մարգարյանի՝ պաշտոնեական դիրքը չարաշահելու ու հովանավորչությունից օգտվելու վերաբերյալ: Լրատվամիջոցները և սոցիալական կայքերը արագ արձագանքել են դրան, այցեր կատարել հաստատություն ու հարցազրույցներ վերցրել աշխատակիցներից ու երեխաներից:

Այդ հրապարակումների համաձայն՝ «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գայանե Մարգարյանը բռնության ամենակոպիտ ձևեր է կիրառում` անպատվելով, ծեծելով երեխաներին ու անընդհատ հիշեցնելով նրանց ծնողների անբարոյական վարքի մասին: Երեխաների սննդի համար հատկացված գումարի ընդամենը մեկ երրորդն է ծախսվում նրանց կերակրելու համար, ներկայացվում է զգալի գումարների ծախսեր պարունակող հաշվետվություններ էքսկուրսիաների մասին, որոնց երեխաները չեն մասնակցել: Դպրոցին պատկանող «Լադա» մակնիշի մեքենան, որ վարում է տնօրենի որդին՝ Վահե Քոչարյանը, երբևէ չի ծառայել դպրոցի կարիքներին:

Հաստատությունում չկան խիստ անհրաժեշտ աշխատողներ՝ չնայած նախատեսված հաստիքներին: Ավելին, փոխարենը տնօրենը շահագործում է աշխատակիցներին՝ աշխատանքային ժամերին ստիպելով կատարել իր և հարսի տնային  գործերը: Տնօրենը վերջին երեք տարվա ընթացքում 30 գոյություն չունեցող աշխատող է գրանցել և գրպանել այդ  հաստիքների համար նախատեսված աշխատավարձերը: Մի քանիսի բանկային քարտերը պահելով իր մոտ՝ աշխատավարձ ստանալու օրը կանխիկացրել է ամբողջ գումարը և հավելավճարը գրպանել: Տնօրենի համախոհ–հանցակիցն է հաստատության տնտեսագետ Արթուր Ղալայանը, ով միաժամանակ զբաղեցնելով մի քանի հաստիք այլ անձանց անվամբ՝ բոլոր հնարավոր ձևերով փորձում է օգուտ ստանալ ամեն ինչից:

Տնօրենի դեմ մի քանի բողոք է ուղարկվել նախարարություն, որի աշխատակիցները նամակի հետքերով գնացել են հաստատություն և աչք փակելով իրականության վրա՝ հեռացել: Նախարարությունում նամակ-բողոքները ստանալու հաջորդ օրը տնօրենը իմացել է դրանց բովանդակության մասին: Նամակ գրողը դաժան հոգեբանական ճնշումների է ենթարկվել: Տնօրենը ամենուր հայտարարում է, որ «ունի նախարարի դաբրոն, հանրապետականը իր թիկունքին է, դատախազությունն էլ առել է»:

Նամակը հրապարակվել է [email protected] հասցեից: Հրապարակումից անմիջապես հետո Նարե Սահակյանին զանգահարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ֆիլարեթ Բերիկյանը՝ փորձելով ճշտել՝ նա է արդյոք ուղարկել բաց նամակը, թե ոչ: Հրապարակումից կարճ ժամանակ անց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նամակի հերքումն է տարածել, որը կարելի է գտնել հետևյալ հղմամբ՝ http://www.diplomat.am/news/2014-04-04-1037: Ճնշման է ենթարկվել «Հետքի» լրագրողուհին: Դպրոցի փոխտնօրեն Լարիսա Մնացականյանը տնօրենի հետ վերջին օրերին ունեցած վիճաբանությունից հետո նույն գիշերը սրտի սուր նոպա է ունեցել և այդ օրվանից չի կարողացել դպրոց մտնել: Հանդիպումներ են եղել հաստատության աշխատակիցների և երեխաների հետ, ովքեր հաստատել են նշված փաստերը: Մի քանի աշխատակիցների, ովքեր ևս հաստատել են վերը նշվածը, հարցման է ենթարկել նաև դիմողների ներկայացուցիչ փաստաբան Տիգրան Հայրապետյանը:

Փոխնախարար Բերիկյանը երկու օր հետո այցելել է հաստատություն, ժողով անցկացրել աշխատակիցների հետ՝ ճնշում գործադրել, որ խոստովանեն, թե ով է ուղարկել նամակը: Նա հարցազրույցի ժամանակ հաստատել է, որ երկու անգամ նույնաբովանդակ բողոքներ են եղել, սակայն իրավախախտում չի հայտնաբերել: Հավանաբար հենց Բերիկյանի հրահանգով է, որ տնօրենը հարկադրել է ուսուցիչներին ստորագրություն դնել մի փաստաթղթի տակ, որը հաստատել է, որ նրանք չեն ուղարկել նամակը: Դեպքից հետո երեխաներին ամեն կերպ կաշառում են, և վերջիններս հնարավոր բոլոր ձևերով հրաժարվում են ձայնագրություններում իրենց ասածներից: 

Հարց է առաջանում՝ ինչու են երեխաները հրաժարվում իրենց ասածներից, և ինչու են նրանք այժմ այդպես պաշտպանում տնօրենին, և դա հենց այն ժամանակ, երբ նրանց հետ խոսել է Բերիկյանը: Դիմելով ՀՀ գլխավոր դատախազին՝ հաղորդում ներկայացնողները վստահ են, որ նա կարող է պաշտպանել երեխաներին և թույլ չտալ, որ գործիք դառնան մի խումբ «վայ պաշտոնյաների» ձեռքում: Բացի այդ՝ չնայած մամուլի հրապարակման հետ կապված նյութեր է նախապատրաստվել, որևէ քննություն չի իրականացվել, ու հետաքննիչն անգամ չի հարցաքննել հաստատության աշխատակիցներին:

Անկախ

 

 

 

 

 

Եղեռն տեսած տատիկիս պատմությունը

Մեր իրավունքի և արդարության հաղթանակը ես տեսնում ու ապրում եմ էությանս բոլոր թելերով, անգամ մեր դժխեմ օրերի այս թանձր ու ցուրտ մթնոլորտի սարսուռների մեջ: Ես հավատում եմ, հա՚յ ժողովուրդ, քո Դարձին, ինչպես հավատում եմ, որ ամեն առավոտ արշալույսը կբացվի: Հավատում եմ, վասնզի կամրջընկեց Արաքսի ափերին, Մասիսի խորհրդավոր հայացքի տակ մեր հայրենիքը կա, որ մեր թրթռացող հոգին է բռնել իր մայրական քնքույշ ձեռների մեջ և ակնդետ ու խռովահույզ նայում, նայում է ճամփաներին: Եվ հեռու չէ այն օրը, երբ իր բազուկները տարածած` նա կընդունի հեռավոր հորիզոնների տակ հածող ու հեծող իր զավակների կարոտակեզ բազմությունները: Եվ բյուրավոր ձայներ կթնդան Մայր Արաքսի ափերին:
ԱՎԵՏԻՍ ԱՀԱՐՈՆՅԱՆ

ԿԱՐՍԱվետյաց երկրի կորստյան ցավն ու կսկիծը սերնդեսերունդ փոխանցվում է, այն ներծծված է արյան մեջ ու արթուն է պահում կարոտը` մորմոքող, ծովածավալ, ափեափ զարնվող, ստեպ-ստեպ ահագնացող կարոտը, որով բռունցքվում է մեր կամքը և կապ չունի, թե որտեղ է վիճակված ապրելու և գոյատևելու: Երկիրն այդ դարերով եղել է բնօրրանը մեր նախահայրերի, մեր պապերի և կարող էր լինել նաև մերը: Այնտեղ հողը տառապում է ազգիս կարոտով: Այնտեղ ականջներումդ կարծես տուն, կահկարասի կորցրած որդեկորույս մայրերի ճիչն է և անվերջանալի գաղթի ճանապարհները, որոնք ուղեկցվում էին մարդկային և հայրենյաց կորուստներով:
Իմ տատիկի ու պապիկի մեջ էլ միշտ վառ էր պատմական հիշողությունը, ես միշտ զարմանում էի, թե ինչ զորեղ է հայրենիքի սերը, որ ողջ կյանքի ընթացքում տակնուվրա էր անում այս մարդկանց հոգիները:
Տարիներ են անցել, նրանք վաղուց չկան, զգացմունքներն այդ, մի ահռելի ուժ դարձած, արդեն մեր` նրանց թոռների մեջ են: Այդ սիրով էլ լցված, ուխտագնացների խմբի հետ, որոնց թվում եղեռնից հրաշքով փրկված աշխարհասփյուռ հայերի զավակներ, ճանապարհ ընկանք դեպի մեր կորուսյալ հայրենիքը:
Ճանապարհը Երևանից Արդահանով մեզ տարավ Հայոց հնագույն մայրաքաղաք Կարս: Շրջեցինք Կարսի նեղլիկ փողոցներով, տեսանք հայկական տներ: Կարծես տանն էինք, բոլորիս զգացողությունն այդպիսին էր:
Բարձրացանք Կարսի անառիկ բերդը, մեր առջև քաղաքն էր իր ողջ շուքով: Բերդապարիսպների ներքևում հպարտ կանգնած էր Առաքելոց եկեղեցին` վերափոխված մզկիթի: Եկեղեցուն կից տեսա Խորեն քահանա Ստամբոլցյանի (1858-1928) տունը: Նա 1897 թ. Կարսի սբ. Աստվածածին եկեղեցում կնքել է Եղիշե Չարենցին, իսկ 1919-1921 թթ. եղել է Առաքելոց եկեղեցու վերջին քահանան: Իր «Հիշատակարանում» նա գրել է. «1920 թ. հոկտեմբերի 30-ին թուրքը նորից գրավեց Կարսը և սրի ու ավերի մատնեց: Ութ ամսից ավելի մնացի գերության մեջ: 1921 թ. մայիսի 18(31)-ին մի կերպ հեռացա Կարսից: Արևը կարծես մթնել էր, այդպես երևաց աչքերիս: Վագոնի դռանը կանգնած` վերջին անգամ նայում էի սիրածս Կարսին, որ գուցե այլևս չպիտի տեսնեի: Սիրտս կծկված, նստած մի արկղի վրա` ձեռներով երեսս ծածկեցի ու լացի: Երբ նորից բաց արի աչքերս, արդեն Կարսից հեռացած էինք»:
Տատիկս` Սիմոնյան Սաթիկը, որ անցել էր գաղթի ճանապարհներով, ապաստանել էր Կարսի որբանոցում, պատմում էր.
– Մեծահարուստ ընտանիք էինք, բազմանդամ, 40 անձից բաղկացած: Ապրում էինք մեկտեղ պապիս` Մկրտիչի և նրա 6 եղբայրների ընտանիքների, երեխաների, թոռների հետ համատեղ: Երբ սկսվեց եղեռնը, զորավար Անդրանիկը, մեզ շրջապատած իր զորքով, բերեց Սարիղամիշ: Մեկ տարի անց լուր եկավ, որ ճանապարհները բաց են, կարող ենք վերադառնալ երկիր: Վերադարձանք: Մեկ տարի ապրեցինք, թուրքը դարձյալ գրավեց տարածքները, ու մենք դարձյալ գաղթեցինք, 1917 թ. հասանք Երևան, հետո Իգդիր: Այստեղ ապրեցինք դարձյալ մեկ տարի մեր հարսների ունեցած ոսկով, նրանք ոսկեղեն շատ էին կրում: Հայրս` Ստեփանը, վերցնելով մորս` Գայանեի ունեցած վերջին ոսկե զարդը` բիլազուկը, որը բավականին ծանր էր, տարավ վաճառելու և այլևս չվերադարձավ: Մեր ժողովուրդը չափազանց ազնիվ էր և միամիտ: Հավանաբար թուրքերը ներս էին տարել և սպանել էին հորս: Հայրս շատ գեղեցիկ, բարձրահասակ և հաղթանդամ մարդ էր: Մայրս էլ ճանապարհներին ծանր հիվանդացավ և մահացավ:
1917 թ. դարձյալ հայտարարեցին, որ երկրի ճանապարհները բաց են: Գնացինք Սարիղամիշ: Պապս, մերոնց կեսին վերցնելով, 5 տարեկան եղբորս` Կորյունին էլ, գնացին գյուղ` Սըթան:
Բոլոր հարազատներին կորցնելուց հետո, երեխաներով մնացինք հորեղբորս մոտ: Սով էր, նա չէր կարողանում մեզ խնամել, այդ իսկ պատճառով մեզ հանձնեց Ընկերական որբանոց: Դա 1918 թ. էր, փոքր եղբայրս` Սեպուհը, 3 տարեկան էր, քույրս` Փառանձեմը` 5, ես 9: Որբանոցում Սեպուհը հիվանդացավ և մահացավ: Հորեղբայրս եկավ, և եղբորս թաղեցին որբանոցի բակում: Մի քանի ամսից մեզ տարան Կարսի ամերիկյան որբանոց, որը գտնվում էր Կարսի ձորում, այնտեղ մեզ լավ մաքրեցին, լողացրին, բուժեցին քոսից, լավ տաք ծածկոցներ տվեցին, քնում էինք գեղեցիկ ֆրանսիական մահճակալների վրա: Շատ լավ կերակրում էին, ուրախությունից գիշերները չէինք կարողանում քնել: Մրսել էինք, և ես ու քույրս հիվանդացանք: Մեզ տարան հիվանդանոց, ես երկրորդ հարկում էի, քույրս` առաջին: Շապիկով դուրս էի գալիս, պատուհանների տակից կանչում էի քրոջս: Սենյակը գտա, երբ խոսում էինք, այնտեղ շատ խիստ էր, մայրապետն ինձ բռնեց, բերեց սենյակ: Այնքան լաց եղա, որ բաց-բաց քնեցի, մրսեցի և ծանր հիվանդացա: Երբ ապաքինվեցի, Փառանձեմին այլևս չտեսա:
Գարունը բացվեց, բակում որբերով արևի տակ էինք նստած, երբ նկատեցի, որ մեկը մոտենում է խումբ-խումբ նստած որբերին: Ինձ կանչեցին, հորեղբայրս էր` Աբրահամը: Հիվանդանալուց հետո շատ էի հյուծվել, հազիվ ճանաչեց ինձ: Ասաց, որ ներքևում գտնվող զինվորական մասում որպես կապիտան ծառայում է իր տղան` Ռուբենը, եթե կարող եմ ընկնել մոտը` լավ կլինի: Առավոտյան հաջողվեց, վերևից գլորվեցի ուղիղ զինվորական մաս, զինվորները վերցրին, ուզում էին նորից տանել որբանոց: Լաց եղա և ասացի, որ հորեղբորս տղան այստեղ է` Ռուբենը, ուզում եմ իրեն տեսնել: Նրան գտան և ինձ հանձնեցին իրեն: Ռուբենն ինձ ֆուրգոնով տարավ կայարան, հետո էլ գնացքով Սարիղամիշ և հանձնեց պապիս: Ինձ կերակրեցին, պահեցին: Երեխաներով գնում էինք Օլթի, արտերի մեջ ցորենի մնացորդներն էինք հավաքում: Շուտով թուրքերը հասան Սարիղամիշ, փախանք Կարս: Թուրք Փաշայի հրամանով որբերիս լցրեցին բաղնիքները, որ վառեն: Ամերիկացիները եկան, սկսեցին բանակցել, նրանք հայտնեցին, որ թուրք ու քուրդ որբեր էլ կան: Մեզ շարք կանգնեցրին: Փաշան ինքը մոտենում էր, մեկ-մեկ հարցնում և համոզվելով, որ այդպես է, հրամայեց թողնել: Ամերիկացիները մեզ հավաքեցին և նորից տարան որբանոց: Իսկ Կարսը հանձնելուց հետո, մեզ` որբերիս, լցրին բեռնատար վագոնները և բերեցին Ալեքսանդրապոլ: Եղբորս` Կորյունին, ուղարկեցին զինվորական մաս, ինձ էլ Կազաչի պոստ: Երբեմն մեզ տանում էին, ով եղբայր ուներ, տեսնվելու: Հետո եղբորս էլ կորցրեցի: Իրար գտանք 1936 թ.: Նա սովորում էր Լենինգրադի Գեղարվեստի ակադեմիայում: Ցավոք, սկսվեց Հայրենական պատերազմը, և իմ 31-ամյա նկարիչ եղբայրը` Կորյուն Սիմոնյանը, զոհվեց Մոզդոկի մոտ:

Կարսի բերդից նայում էի քաղաքին և կարծես տեսնում էի ողջ արհավիրքը:
Միակ մխիթարությունը եղավ այն, որ եղեռնից 90 տարի անց իրար գտան Աբրահամ, Ստեփան և Աղասի եղբայրների թոռները` Հենրի Սիմոնյանը, հայրս` Վոլոդյա Աղաբաբյանը և Մելանյա Սիմոնյանը: Մենք, որ տատիկիս կողմից ոչ մի բարեկամ չունեինք, հիմա ունենք հիասքանչ բարեկամներ: Սրանից առավել մեծ երջանկություն անհնար է պատկերացնել:

Կարինե ԱՂԱԲԱԲՅԱՆ

 

Կարսը
Կարսի բաղնիքները
Հենրի Սիմոնյանը, Անգին Առաքելյանը (Ազգային պատկերասրահի հուշա-ձեռագրային բաժնի վարիչ) և Վոլոդյա Աղաբաբյանը Ազգային պատկերասրահում, Կորյուն Սիմոնյանի «Ինքնանկարի» մոտ

Թուրքական հասարակության կողմից ցեղասպանությունը ընդունելու մասին խոսելը վաղ է. Անդրանիկ Իսպիրյան

 Անդրանիկ Իսպիրյան

«Թուրքիայի հանրապետության ստեղծումից ի վեր 2005 թվականից հետո միայն թույլ տրվեց սրահներում, կոնֆերանսներում խոսել Հայոց ցեղասպանության մասին ցանկացած տեսանկյունից: Հրանտ Դինքի սպանությունը ունեցավ բեկումնային նշանակություն: Նրա սպանությունը ոտքի կանգնեցրեց Թուրքիայի ծպտյալ և ոչ ծպտյալ հայերին, քրդերին և շատ քիչ թուրքերի. Ստամբուլի Թաքսիմ հրապարակում առաջին անգամ հարգեցին ցեղասպանության զոհերի հիշատակը», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը:

 

Ըստ թուրքագետի` քրդերը միջազգային հանրության առջև փորձելով տարանջատել իրենց այդ գազանության հեղինակներից,  ներողություն խնդրեցին հայերից իրենց պապերի կատարած ոճրագործության համար, անվանելով այն ցեղասպանություն:  Դիարբերքիրի նախկին քաղաքապետն անգամ հայտարարում էր, որ քրդերը պատրաստակամ են հանձնելու  տները այն հայերի ժառանգներին, ովքեր այդ իրադարձությունների պատճառով լքեցին իրենց բնակավայրերը: Հայ-քրդական հարաբերությունները հիմնականում հիմնվում են «ընդհանուր թշնամի» սկզբունքի վրա: Դեռ պարզ չէ, թե ինչ կկատարվի, եթե հայերի պահանջատիրության հարցը դրվի այն հողերի նկատմամբ, որտեղ այժմ ապրում են քրդերը:

Չնայած վերջին շրջանում առանձին այլախոհների կատարած հայտարարություններին, թուրքական հասարակությունը չի փոխել իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանություն նկատմամբ, որը նրանց կողմից շարունակում է կոչվել  «1915 թվականի իրադարձություններ»: «Թուրքական հասարակության կողմից ցեղասպանությունը ընդունելու մասին խոսելը դեռ վաղ է: Քուրդ առաջնորդները փոխել են իրենց դիրքորոշումը, այդ պատճառով էլ փոխվել է նաև քրդերի դիրքորոշումը, սակայն թուրքական իշխանությունները շարունակում են իրենց քաղաքականությունը և քարոզում են իրենց գաղափարները հեռուստատեսությամբ, որի նկատմամբ մեծ հավատ ունի թուրք ժողովուրդը», – նշեց Անդրանիկ Իսպիրյանը

Թուրքագետը հավելեց նաև, որ խիստ անհավանական է համարում  ապրիլքսանչորսյան ավանդական ճառի ժամանակ   ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից ցեղասպանություն բառի գործածումը:

Անկախ

Մանկուց հաշմանդամություն ունեցող պատանին զրկված է անգամ անձնագիր ստանալու հնարավորությունից

New Picture«Շիրակ կենտրոնի» աշխատակիցներն օրերս Գյումրու ծայրամասային տնակային ավաններից մեկը հերթական այցելության ժամանակ հանդիպեցին ծայրահեղ աղքատության ճիրաններում հայտնված Ղազարյանների ընտանիքին:

Այն տնակը, որտեղ նրանք ներկայումս ժամանակավորապես բնակվում են, պատկանում է հեռավոր ազգականներից մեկին: Իրենց տնակը դեռ երկու տարի առաջ ամբողջովին շարքից դուրս է եկել ու դարձել բնակվելու համար ոչ պիտանի: Երեք անձից բաղկացած ընտանիքի բոլոր երեք անդամներն էլ հաշմանդամություն ունեն:

Ընտանիքի անդամ, մանկուց հաշմանդամություն ունեցող և ընդամենը 6-ամյա կրթություն ստացած 17-ամյա պատանին էլ չի կարողանում անձնագիր ստանալ՝ գրանցման հասցե չունենալու պատճառով: Նույն պատճառով նրանք զրկված են անգամ սոցիալական նպաստ ստանալու հնարավորությունից: Ընտանիքի ապրուստի հիմնական միջոցը հաշմանդմության թոշակներն են և մոտակա աղբանոցներից պատանու հավաքած ապակյա տարաների վաճառքից ստացվող գումարը:

Առավել մանրամասն՝ «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում:

Անկախ

Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրվա միջոցառումներով պայմանավորված` ապրիլի 23-ին և 24-ին Երևան քաղաքի մի շարք փողոցներում կդադարեցվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը

ծիծեռնակաբերդՃանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրվա միջոցառումներով պայմանավորված` ապրիլի 23-ին և 24-ին Երևան քաղաքում կդադարեցվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը հետևյալ փողոցներում.
Ապրիլի 23-ին, ժամը 20.00-ին, ֆրանսիայի հրապարակից ջահերով երթի մեկնարկի կապակցությամբ` Բաղրամյան պողոտան, Կիևյան փողոցը և Ծիծեռնակաբերդի հուշահամալիրին հարող հատվածները:
Ապրիլի 24-ին, առավոտյան ժամը 6.30-ից մինչև 23-00-ն` Լենինգարադյան-Աթենք փողոցների խաչմերուկից` Աթենքի փողոցը մինչև Աթենքի փողոց-Իսակովի պողոտա և Հրազդանի կիրճից դեպի Իսակովի պողոտա հատվածները:

Անկախ

Յու. Բախշյանի անվան մանկական ֆիլհարմոնիան մեկնարկում է հոբելյանական տարվա համերգները

001Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ներկա է գտնվել Յու. Բախշյանի անվան մանկական ֆիլհարմոնիայի մանկական էստրադային սիմֆոնիկ նվագախմբի՝ հոբելյանական տարվան նվիրված առաջին համերգին, որին ներկա են եղել նաև Յուրի Բախշյանի այրին՝ Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը, Հայաստանի հանրային ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի ղեկավար և դիրիժոր Երվանդ Երզնկյանը, Մանկական ֆիլհարմոնիայի նվագախմբերի տարբեր տարիների անդամներ, կոմպոզիտորներ։

Երևանի քաղաքապետարանի ենթակայության Յու. Բախշյանի անվան մանկական ֆիլհարմոնիայի ակունքում Դպրոցականի ֆիլհարմոնիան է, որը դեռևս 1956թ. էր բացվել՝ կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի ջանքերով և կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի գեղարվեստական խորհրդի նախագահությամբ։ Մանկական ֆիլհարմոնիկը վերաբացվել է 1994 թվականին՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Յուրի Բախշյանի շնորհիվ։ Մանկական էստրադային սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու խմբավարը Ստեփան Գևորգյանն է։

Մանկական ֆիլհարմոնիայի վերաբացման 20-ամյակը լրանալու է 2014թ. աշնանը, սակայն հոբելյանական համերգները մեկնարկել են ապրիլից։ Երգացանկում ներառվել են Առնո Բաբաջանյանի, Արտեմի Այվազյանի, Կոնստանդին Օրբելյանի, Մարտին Վարդազարյանի և հայազգի ու արտասահմանյան այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Անկախ

 

Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ գիտաժողով ՄԱԿ-ում

Ցեղասպանության կոնվենցիա, 65-ամյակ,ՄԱԿՄԱԿ-ի կենտրոնատեղիի Դաք Համարսգյոլդի անվան դահլիճում Հայաստանի մշտական ներկայացուցչության ու մի շարք հասարակական կազմակերպությունների հովանավորությամբ անցկացվեց Ցեղասպանության կանխարգելմանը նվիրված գիտաժողով, որի բանախոսներն էին թուրք մտավորականներ Հալիլ Բերքթայը (Սաբանջը համալսարան), Ֆիլիզ Չելիքը (Լոնդոնի համալսարան) և լրագրող Հայկո Բաղդաթը։

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը ամենամյա այս սեմինարին մշտապես վեր է հանում ցեղասպանության կանխարգելման և այդ հանցագործության պատժման գործում միջազգային համագործակցության կարևորությունը, անդրադառնում կրթության ու կրթական ծրագրերի առաձնահատուկ դերին:

Օրվա բանախոսներն իրենց ելույթներում անդրադարձել են ներկայումս թուրքական հասարակության շրջանում Հայոց ցեղասպանության հետ կապված քննարկումներին և ընդգծել այդ առնչությամբ Թուրքիայում իրազեկվածության բարձրացման կարևորությունը։ Բանախոսները նաև անդրադարձել են Հայոց ցեղասպանության հետևանքների վերացման ուղղությամբ հնարավոր քայլերին՝ ներառյալ հայերի գույքի ու կարողությունների, ժառանգների փոխհատուցման հետ կապված հարցերին։

Գիտաժողովին մասնակցել են անդամ պետությունների ներկայացուցիչներ, փորձագետներ ու մեծ թվով օտարերկրյա հյուրեր:

Անկախ

Ապրիլի 23-ը Գրքի և հեղինակային իրավունքի համաշխարհային օրն է

գիրքԳրքի և հեղինակային իրավունքի համաշխարհային օրը նշվում է ապրիլի 23-ին` սկսած 1996թ-ից` 1995թ-ի նոյեմբերի 15-ին տեղի ունեցած ՅՈՒՆԵՍԿՕ-ի 28-րդ համաժողովի որոշմամբ:

Այս որոշումն ընդունվել է մշակութային ավանդույթների  մասին իրազեկության բարձրացման, ճանաչողության աճի  նպատակով: Ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ գիրքը լավագույն, ամենավստահելի միջոցն է գիտելիքների տարածման և պահպանման համար:

Նաև նշվում է, որ ընտրվել է այն օրը, երբ կյանքից հեռացել է Միգել դե Սերվանտեսը /1616/, Ուիլյամ Շեքսպիրը, Ինկա Գարսիլասո դե Վեգան:

“Տպագիր խոսքի պատմությունը` մարդկության պատմությունն է”:

“Անհատի ինքնաիրացմանը խթանելու, սոցիալական վերափոխումների իրականացման իր հնարավորության շնորհիվ գիրքը չունի իր նախադեպը: Արտացոլելով անհատական ապրումները և միաժամանակ լինելով սոցիալական երևույթ` գրքերն ապահովում են մարդկային երկխոսության ձևերի, հանրության ներսում երկխոսության, ժամանակների երկխոսության  լայն բազմազանությունը”,- այս խոսքերով է հանդես եկել ՄԱԿ-ի իր ելույթում պաղենստինցի աշակերտուհի Մալալա Յուսաֆսայը, ում թալիբները ցանկացել են կրակել միայն նրա համար, որ նա ցանկացել է մտնել դպրոց:

ՅՈՒՆԵՍԿՈ-ն և  գրքի արտադրության 3 հիմնական ուղղությունները /հրատարակիչներ, գրավաճառներ, գրադարաններ/ ներկայացնող այլ միջազգային կազմակերպություններ  ամեն տարի ընտրում են Գրքի համաշխարհային մայրաքաղաք մեկ տարով` սկսած ապրիլի 23-ից: 2012թ-ին այն Երևանն էր: Իսկ 2014թ-ի ընթացքում գրքի համաշխարհային մայրաքաղաքն է Պորտ Հարկորտը /Նիգերիա/:

Անկախ

 

Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելողների տրանսպորտային սպասարկումը կազմակերպելու նպատակով տրվել է համապատասխան հանձնարարական

 Տարոն Մարգարյան,Մարտի 8Երևանի քաղաքապետի 2014 թվականին «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում կազմակերպելու մասին» որոշման համաձայն` 2014թ. ապրիլի 24-ին Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելողները «Հրազդան» մարզադաշտին հարող տարածքից  ժամը 08.30-ից մինչև 22.00-ն անվճար կփոխադրվեն հետևյալ երթուղիներով.

  •  թ.1 երթուղի –  «Հրազդան» մարզադաշտ – Աթենքի փողոց – Հաղթանակի կամուրջ, Արգիշտիի, Գրիգոր Լուսավորչի, Ագաթանգեղոսի փողոցներ – մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարան, Խանջյան, Մոսկովյան, Աբովյան փողոցներ, մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարան:
  • Հետադարձը` Աբովյան,Կորյունի, Նալբանդյան, Խանջյան, Ագաթանգեղոսի – Գր. Լուսավորչի – Արգիշտիի փողոցներ – Հաղթանակի կամուրջ – Աթենքի փող. – «Հրազդան» մարզադաշտ,
  •  թ.2 երթուղի – «Հրազդան» մարզադաշտ-Ծիծեռնակաբերդի խճուղի, Լենինգրադյան, Կիևյան փողոցներ, մետրոյի «Բարեկամություն» կայարան:
  • Հետադարձը` նույն ուղեգծով

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Անկախ

Հրդեհ ավտոմեքենայում

hrdeh1Ապրիլի 23-ին, ժամը 01.01-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի փողոցում՝ <<50-ամյակի>> հուշարձանի մոտակայքում, այրվում է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.18-ին, մարվել՝ 01.25-ին: Ամբողջությամբ այրվել է «Մերսեդես» մակնիշի 26 ՕՕ 001 պետհամարանիշով ավտոմեքենայի սրահը և շարժիչի հատվածը:

Անկախ

Փլուզված ժայռաբեկորը դուրս է բերվել ճանապարհի երթևեկելի մասից

քարաթափումՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 23 – ին՝ ժամը 2:00-ի սահմաններում, միջպետական ավտոճանապարհի Վանաձոր – Ալավերդի – Վրաստանի սահմանի 74-րդ կմ- ում տեղի է ունեցել ժայռաբեկորի փլուզում:

«Թումանյանի ՃՇՇՁ» ԲԲԸ ճանապարհաշինարարների ջանքերով ժայռաբեկորն անմիջապես դուրս է բերվել ճանապարհի բանուկ հատվածից : Այս պահին կատարվում են ճանապարհի մաքրման աշխատանքներ:

Ճանապարհը երկկողմանի երթևեկելի է:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության

 լրատվական ծառայություն

Մահվան ելքով ավտովթար Սևան-Աբովյան ավտոճանապարհին

ավտովթարԱպրիլի 23-ին, ժամը 01.19-ին ահազանգ է ստացվել, որ Սևան-Աբովյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը:

ավտովթարԴեռևս չբացահայտված հանգամանքներում Մ-4 միջպետական ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 11-րդ կմ-ին «Լեքսուս» մակնիշի 83 ՏՈ 888 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է ճամփեզրի արգելապատնեշին և շրջվել: ՃՏՊ-ի հետևանքով վարորդ՝ 1993 թ. ծնված Ռ. Ս.-ը տեղում մահացել է:

Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը և ուղղել ավտոմեքենան:

Անկախ

Հայաստանի դիվանագիտական դպրոցի շրջանավարտների երեկո

161. Armenian Diplomatic school first alumni meeting 22.04.2014Ապրիլի 22-ին տեղի ունեցավ Հայաստանի դիվանագիտական դպրոցի շրջանավարտների երեկո, որին ներկա էին Դիվանագիտական դպրոցի բոլոր տարիների շրջանավարտները, ԱԳՆ տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ, ՀՀ նախագահի աշխատակազմի, Ազգային ժողովի, կառավարության, քաղաքապետարանի ու տարբեր նախարարությունների արտաքին հարաբերությունների վարչության պետեր, ինչպես նաև Հայաստանում ԵՄ-ի պատվիրակության գրասենյակի ներկայացուցիչներ:

Բացման խոսքով հանդես եկավ տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանը, ով ներկայացրեց դպրոցի անցած ուղին, ձեռքբերած հաջողությունները: Տնօրենը կարևորեց նման հանդիպումների նշանակությունը թե’ շրջանավարտների միջև կապերի ամրապնդման, թե’  դիվանագիտական բարձրորակ գիտելիքներ և հմտություններ ձեռք բերած անձանց և ՀՀ գերատեսչությունների արտաքին կապերի պատասխանատուների միջև կապեր հաստատելու և դպրոցի շրջանավարտների ներուժը լավագույնս օգտագործելու տեսանկյունից:

ԵՄ-ի պատվիրակության անունից ելույթ ուենցավ  համագործակցության հարցերով պատասխանատու Հոսե-Մարիա Մեդինա-Նավարոն, ով անդրադարձավ  համատեղ իրականացվող ծրագրերին:

“Միջազգային էներգետիկ քաղաքականության նոր զարգացումները” թեմայով զեկույցով հանդես եկավ Ջոն Հոպկինս համալսարանի դասախոս, էներգետիկ քաղաքականության հարցերով մի շարք առանցքային միջազգային կազմակերպությունների խորհրդատու Մանֆրեդ Հաֆները:

Անկախ

Երևանում կայացավ «Առաջին համաշխարհային պատերազմի Կովկասյան ճակատը. Ցեղասպանություն, փախստականներ և մարդասիրական օգնություն» միջազգային գիտաժողովը

միջազգային գիտաժողովը    Այսօր ավարտվեց երեկ մեկնարկած «Առաջին համաշխարհային պատերազմի Կովկասյան ճակատը: Ցեղասպանություն, փախստականներ և մարդասիրական օգնություն» երկօրյա միջազգային գիտաժողովը, որը կազմակերպել էր ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը: Գիտաժողովի բացմանը խոսքով հանդես եկավ ՀՑԹԻ-ի տնօրեն  Հայկ Դեմոյանը: «Կովկասում պանթուրքիստական գործակալական ցանցի գործունեությունը Առաջին աշխարհամարտի տարիներին» թեմայով հիմնական զեկուցում ներկայացրեց Վիկտոր Նադեին-Ռաևսկին ՌԴ ԳԱ Միջազգային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտից: Գիտաժողովին մասնակցեցին մի շարք մասնագետներ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտասահմանից՝ Ռուսաստանից, Իտալիայից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Կանադայից, Հունգարիայից, Լեհաստանից և Նորվեգիայից: Գիտաժողովի ընթացքում արժեքավոր և հետաքրքիր զեկույցներ հնչեցին հետևյալ թեմաներով`
• Պատերազմ և ցեղասպանություն

• Ռուս զինվորականները՝ որպես ցեղասպանության վկաներ

• Զինվորական լուսանկարիչները և “մոռացված պատերազմի” Կովկասյան թատերաբեմի կինոժամանակագրությունը

• Պատերազմը և գիտությունը. հնագիտական և ազգագրական հետազոտությունները Հայաստանի տարածքում պատերազմի ընթացքում

• Հանցագործություն ընդդեմ մարդկության և քաղաքակրթության

• Ռազմագերիների և անհայտ կորածների կարգավիճակը և ճակատագիրը

• Պատերազմը և կամավորական շարժումը

• Մարդասիրական օգնությունը և փախստականները

• Բարեգործությունը Կովկասյան ռազմաճակատում

Մասնավորապես ուշագրավ էին Հայկ Դեմոյանի, Արսեն Ավագյանի, Հարություն Մարությանի, Ռուբինա Փիրումյանի (ԱՄՆ), Մելինե Անումյանի, Վերժինե Սվազյանի, ինչպես նաև ՀՑԹԻ-ի Ռաֆայել Լեմկինի անվան 2014թ. դրամաշնորհային ծրագրի կրթաթոշակառու Սյուզան Ռոսիթա Մեյրեմ Քալայջըի (Իտալիա) զեկույցները: Գիտաժողովի կազմակերպիչները ողջունեցին հատկապես երիտասարդ գիտնականների մասնակցությունը միջոցառմանը և հույս հայտնեցին, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ բազմակողմանի ուսումնասիրությունները կշարունակվեն աշխարհի տարբեր երկրներում:

Գիտաժողովի շրջանակներում ապրիլի 21-ին տեղի ունեցավ նաև «Առաջին համաշխարհային պատերազմ. դաշնակիցներ, կերպարներ, կոտորածներ» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացումը, որտեղ ներկայացված են մինչ օրս անհայտ հարյուրավոր բնօրինակ նմուշներ` ծաղրանկարներ, փոստային բացիկներ, պաստառներ և այլ նյութեր, որոնք յուրովի դատապարտում են Օսմանյան կայսրությանը` որպես ցեղասպանություն իրագործած պետության:

Անկախ

Կյանքից հեռացել է Մեխակ Տեր-Սարգսյանը

Մեխակ Տեր-ՍարգսյանՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով հայտնում է, որ կյանքի 79-րդ տարում կյանքից հեռացել է Մովսես Խորենացի մեդալակիր, Հումանիզմի պրոբլեմների ակադեմիայի պատվավոր անդամ, Հայաստանի տպագրական գործի հիմնադրման և զարգացման ասպարեզում մեծ ավանդի տեր Մեխակ Պողոսի Տեր-Սարգսյանը:

Մեխակ Տեր-Սարգսյանը ծնվել է 1935թ. մարտի 17-ին Ստեփանավանի շրջանի Գյուլագարակ գյուղում: Տեղի յոթնամյա դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի եռամյա պոլիգրաֆիական արհեստագործական ուսումնարանը, այնուհետև աշխատանքի է անցել Երևանի պոլիգրաֆ-կոմբինատում՝ որպես գրաշար-էջադրող:

1957-1958թթ. աշխատել է Թբիլիսիի «Զարյա Վոստոկա» թերթի տպարանում` որպես «Սովետական Վրաստան» թերթի գրաշար-էջադրող: 1958թ․-ին Երևանի N 2 տպարանում եղել է «Հայաստանի ֆիզկուլտուրնիկ» և «Սովետական Հայաստան» թերթերի գրաշար-էջադրողը: 1958թ․-ին զորակոչվել է խորհրդային բանակ․ երեք տարի ծառայել է Օդեսայի զինվորական օկրուգում, եղել է «Գվարդիական դրոշ» և «Մարտական պոստում» թերթերի  խմբագրությունների տպարանի պետը: Զորացրվելուց հետո՝ 1961-1968թթ․ շարունակել է աշխատել  N 2 տպարանում` որպես շարվածքային արտադրամասի վարպետ, ավագ վարպետ, արտադրամասի պետ, իսկ տպարանների վերամիավորումից հետո՝ որպես N 1 տպարանի գլխավոր տեխնոլոգ:

1966–1971թթ. աշխատանքին զուգահեռ սովորել և ավարտել է Մոսկվայի համամիութենական պոլիգրաֆիական ինստիտուտի տեխնոլոգիական ֆակուլտետը՝ ստանալով պոլիգրաֆ արդյունաբերության ինժեներ-տեխնոլոգի մասնագիտություն:

1971-1975թթ․ եղել է Երևանի պետական համալսարանի տպարանի տնօրենը: 1975թ․-ին նշանակվել է ՀԿԿ Կենտկոմի հրատարակչության գլխավոր ինժեներ-փոխտնօրեն, իսկ 1984թ․-ին՝ ՀԽՍՀ Հրատպետկոմի  պարբերական մամուլի նորաստեղծ բաժնի պետ:

1986–1991թթ.  նրա նախաձեռնությամբ ստեղծվել է ԽՍՀՄ  տարածքում առաջին  և միակ պարբերական արտադրահրատարակչական միավորումը: Մեխակ Տեր-Սարգսյանը աշխատել է որպես այդ միավորման գլխավոր տնօրեն, ապա 1991թ․-ին, միավորման լուծարումից հետո, նշանակվել է Հայհրատպետկոմի N 3 տպարանի տնօրեն: Մասնակի սեփականաշնորհումից հետո տպարանը վերանվանվել է «Ոսկան Երևանցի» տպագրատուն-արտադրահրատարակչական բաց բաժնետիրական ընկերություն:

1994թ․-ից մինչ օրս «Ոսկան Երևանցի» Ա/Հ բաց բաժնետիրական ընկերության տնօրենն էր:

Մ. Տեր-Սարգսյանը Գյուտերի և հայտնությունների գործերով ԽՍՀՄ պետական կոմիտեի կողմից տրված պոլիգրաֆիայի վերաբերյալ երկու գյուտերի, ինչպես նաև մի շարք մասնագիտական, տնտեսագիտական և գիտահանրամատչելի հոդվածների հեղինակ էր:

Հայաստանի պոլիգրաֆիայի ասպարեզում ունեցած մեծ ավանդի համար պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով, իսկ 2011թ․-ին` Մովսես Խորենացի մեդալով: Նոր Նորք համայնքի պատվավոր քաղաքացի էր:

Մեխակ Տեր-Սարգսյանի  հոգեհանգիստը տեղի կունենա  ապրիլի 22-ին, ժամը 18:00-ին, Նոր Նորքի 2-րդ զանգվածի Մոլդովական 2 /նախկին 105 ա/ շենքում: Հուղարկավորությունը՝ ապրիլի 23-ին, ժամը 14:00-ին:

Երևանում կնշվի պարի և ջազի միջազգային օրերը

քաղաքապետարանՔաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում ապրիլի 29-ին պարի և ապրիլի 30-ին ջազի միջազգային օրերի կապակցությամբ  մայրաքաղաքում միջոցառումների կազմակերպման հետ կապված Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է աշխատանքներ տանել նախատեսված միջոցառումները բարձր մակադակով կազմակերպելու և անցկացնելու համար:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Անկախ