Մարտի 31-ից նոր արագաչափ կգործարկվի «Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի Հանրապետության սահման» ճանապարհին
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Մասնավորապես. 2014 թ. մարտի 31-ից գործարկվելու է Մ-3 «Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի Հանրապետության սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 26.2-րդ կմ հատվածում (Արմավիրի մարզի Շահումյան գյուղի վարչական տարածք) տեղադրված արագաչափ սարքը (երկու ուղղություններով), որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
Ճանապարհային ոստիկանություն
Երևանի քաղաքապետը կարող է երևանցիների շահերը պաշտպանել «Գազպրոմ-Հայաստան» ընկերության առջև և բացատրություններ պահանջել նրանից
Մարտի 24-ին հետևյալ նամակն է ուղարկվել Երևանի քաղաքապետին:
Հարգելի պարոն Մարգարյան,
Երևանի ավագանու մարտի 19-ի նիստում «Բարև Երևան» խմբակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը Ձեզ հարց ուղղեց գազ սպառող երևանցիների շահերը «Գազպրոմ-Հայաստան» ընկերության ենթադրյալ մեքենայություններից պաշտպանելու մասին: Խնդրին ավելի հանգամանորեն ծանոթանալու համար Դուք պարոն Սաֆարյանին հորդորեցիք այն ուղղել գրավոր, ինչը և անում ենք այժմ, սակայն արդեն՝ խմբակցության անունից:
Մարտի 8-ին «Ներազգային ազատագրական շարժում» քաղաքացիական նախաձեռնության հիմնադիր Վահան Մարտիրոսյանը ուշագրավ գիտափորձ է կատարել ու դրա տեսագրությունը ներկայացրել հայ հանրությանը (http://civilnet.am/gas-experiment-vahan-martirosyan-customers-rights-/). միևնույն շարժական գազօջախի վրա (նույն ռետինե խողովակով) և միևնույն օդի ու ջրի ջերմաչափերի, բարձրաչափի և ժամացույցի օգնությամբ 250մլ ջուր է եռացվել Երևանում և Վրաստանի Տետրի-Ցկարո քաղաքում, որը ծովի մակերևույթից իր բարձրությամբ հավասարազոր է Երևանի շատ վայրերի հետ: Երևանում այդ քանակությամբ ջուրը եռացել է 5 րոպե 53 վայրկանում՝ 25 հազարերորդական խորանարդ մետր գազի հաշվին, իսկ վրացական Տետրի-Ցկարոյում՝ 3 րոպե 49 վայրկյանում՝ 17 հազարերորդական խորանարդ մետր գազի հաշվին: և սա այն դեպքում, երբ Հայաստանում սպառվող բնական գազի կալորիականություն է հայտարարվել 8200 միավորը, իսկ Վրաստանում՝ 8100 միավորը, չնայած փորձի արդյունքները վկայում են այն մասին, որ Հայաստանում կապույտ վառելիքի ջերմատվությունն ավելի ցածր է: Պարզունակ, բայց համոզիչ այս գիտափորձի արդյունքներին հաստատելու են գալիս բնակչության, այդ թվում երևանցիների բազմաթիվ բողոքները, ինչպես նաև սպառած գազի համար մեր բոլորիս կատարած վճարների մեծությունը՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ:
Բարձրացվող խնդրի լուծումը ակնհայտորեն չի գտնվում Երևանի քաղաքապետի կամ ավագանու լիազորությունների դաշտում, սակայն վերջիններիս գործունեությունը կարգավորող երկու հիմնական օրենքներ պարտավորեցնում են թե՛ քաղաքապետին, թե՛ ավագանուն պաշտպանել համայնքի բնակիչների շահերը: Այսպես.
- «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի (Քաղաքապետի իրավական կարգավիճակը) 1-ին մասի համաձայն՝ «Քաղաքապետը` 2) ներկայացնում է Երևանը` որպես համայնք, ավագանին և քաղաքապետարանը այլ անձանց և մարմինների հետ հարաբերություններում».
- Նույն օրենքի 65-րդ հոդվածի (Քաղաքապետի հարաբերությունները գործադիր իշխանության հանրապետական մարմինների և դրանց Երևանի տարածքային ծառայությունների հետ) 1-ին մասի համաձայն՝ «Քաղաքապետը գործադիր իշխանության հանրապետական մարմինների և դրանց Երևանի տարածքային ծառայությունների հետ հարաբերություններում`1) առաջարկություններ է ներկայացնում վերջիններիս իրավասությանը վերաբերող Երևանին առնչվող հարցերի վերաբերյալ. 2) գործադիր իշխանության Երևանի տարածքային մարմինների ղեկավարների մասնակցությամբ կազմակերպում է խորհրդակցություններ, հրավիրում է մասնակիցների ուշադրությունը Երևանին առնչվող խնդիրների վրա».
- Նույն օրենքի 22-րդ հոդվածի (Ավագանու իրավական ակտերը և դրանց ընդունման կարգը) 2-րդ մասի համաձայն՝ «Ավագանին Երևանի շահերին վերաբերող, բայց իր իրավասությունից դուրս հարցերի առնչությամբ կարող է ընդունել ուղերձներ, հայտարարություններ` ուղղված Երևանի բնակչությանը, քաղաքապետին, պետական ու տեղական ինքնակառավարման այլ մարմիններին».
- «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի (Համայնքի ղեկավարի գործունեությունը քաղաքացիների և տնտեսավարող սուբյեկտների իրավունքների պաշտպանության բնագավառում) համաձայն՝ «Համայնքի ղեկավարը քաղաքացիների և տնտեսավարող սուբյեկտների իրավունքների պաշտպանության բնագավառում իրականացնում է հետևյալ պարտադիր լիազորությունները. 1) իր իրավասության շրջանակում միջոցներ է ձեռնարկում պաշտպանելու համայնքի բնակիչների ու տնտեսավարող սուբյեկտների իրավունքները և օրինական շահերը. 3) ներկայացնում է համայնքի շահերն այլ անձանց հետ փոխհարաբերություններում, ինչպես նաև դատարանում»:
Այսպիսով, որքան էլ գազի ջերմատվության ու սպառման, սպառողների առջև «Գազպրոմ-Հայաստան» ընկերության ստանձնած պարտավորությունների պատշաճ կատարման հետ կապված վերոնշյալ հարցերի պարզաբանումը, աղաղակող և մտահոգիչ խնդիրների լուծումը դուրս է Երևանի ավագանու և քաղաքապետի իրավասություններից, այդուհանդերձ, դրանք շոշափում են Երևանի բնակիչների օրինական շահերն ու իրավունքները, որոնք պաշտպանելուն կոչված ենք մենք՝ ավագանու անդամ, թե քաղաքապետ: Վերոգրյալի հիման վրա արծարծվող խնդրո առնչությամբ
- Երևանի քաղաքապետը կարող է այդ շահերը պաշտպանել «Գազպրոմ-Հայաստան» ընկերության առջև և բացատրություններ պահանջել նրանից,
- Երևանի քաղաքապետը կարող է գրավոր առաջարկությամբ հանդես գալ ՀՀ կառավարության առջև կամ հարցը բարձրացնել նրա նիստի ժամանակ, ինչպես նաև՝ բացատրություններ պահանջել և ստանալ գործադիր իշխանության Երևանի տարածքային մարմինների ղեկավարների մասնակցությամբ կազմակերպվող խորհրդակցությունների ժամանակ,
- Երևանի քաղաքապետը կարող է երևանցիների օրինական շահերն ու իրավունքները պաշտպանել դատարանում՝ ընդդեմ «Գազպրոմ-Հայաստան» ընկերության,
- Երևանի ավագանին կարող է երևանցու շահերին վերաբերող, բայց իր իրավասությունից դուրս այդ խնդրով ընդունել ուղերձ և հայտարարություն՝ ուղղված Կառավարությանը:
Գազի կալորիականության ու սպառման խնդրով երևանցիների օրինական շահերն ու իրավունքները պաշտպանելու հարցով ունենալով վերոնշյալ օրենսդրական գործիքները, խնդրում ենք Ձեր վերաբերմունքն արտահայտել դրանց նկատմամբ և հանրությանը իրազեկել Ձեր և Երևանի ավագանու հնարավոր քայլերի մասին:
«Բարև Երևան» խմբակցությունը կոչ է անում Երևանի ավագանու «Հայաստանի հանրապետական կուսակցություն» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցություններին միասին մշակել մեր համաքաղաքացիների առջև «Գազպրոմ-Հայաստան» ընկերության պայմանագրային պարտավորությունները պատշաճ կատարելու և երևանցիներին հնարավոր դրամաշորթությունից պաշտպանելու պահանջով ՀՀ կառավարությանն ուղղված Երևանի ավագանու ուղերձի և հայտարարության նախագիծ, որն կընդունվի ավագանու մոտակա նիստում:
Հարգանքներով՝
«Բարև Երևան» խմբակցության անունից
Անահիտ Բախշյան
Երևանի Ադոնցի փողոցում մեքենաներ են բախվել
Մարտի 25-ին, ժամը 00.41-ինի ահազանգ է ստացվել, որ Երևանի Ն.Ադոնցի փողոցի թիվ 8/1 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են ”ԲՄՎ” մակնիշի 33TT855 և ”ՎԱԶ 2106” մակնիշի 02US885 պետհամարանիշերի ավտոմեքենաները:
Հրշեջ-փրկարարները դադարեցրել են ավտոմեքենաների գազի արտահոսքը:
Դեպքի վայրում զոհեր և տուժածներ չեն հայտնաբերվել:
Հրդեհներ խոտածածկ տարածքներում
Մարտի 24-25-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես` Հրազդանի կիրճում` 500 քմ, Սարի-Թաղ 26-րդ փողոցում՝ 2000 քմ և 20 ծառ, Արտաշատի խճուղում՝ 3000 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 3000 քմ, Կարբի գյուղում՝ 3000 քմ, Արագածոտնի մարզի Սևանա թերակղզում՝ 1 հա , Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցում՝ 5000 քմ և 1,5 հա, Մալայա Զեմլյա կոչվող թաղամասում՝ 1500 քմ, Վայոց Ձորի մարզի Լվիս կոչվող հանդամասում՝ 13 հա խոտածածկ տարածք:
Բոլոր հրդեհները մեկուսացվել են ու մարվել:
Մեկնարկել է ՀՀ ԶՈւ ղեկավար կազմի օպերատիվ հավաքը
ՀՀ ԶՈւ պատրաստության պլանի համաձայն` ՀՀ ՊՆ վարչական համալիրում մարտի 24-ին մեկնարկել է ՀՀ զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքը:
Հավաքի նպատակներն են` բարձրացնել և կատարելագործել օպերատիվ շտաբերի սպաների գիտելիքներն ու ունակությունները ռազմավարության, օպերատիվ արվեստի բնագավառներում, ՀՀ պաշտոնատար անձանց հետ հանդիպումների և նրանց կողմից ընթերցվող դասախոսությունների միջոցով ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմին ծանոթացնել ՀՀ արտաքին և ներքին քաղաքականությանը, պաշտոնատար անձանց մոտ ձևավորել միասնական պատկերացումներ զորքերը մարտական պատրաստականության բարձր աստիճանների բերելու և հիմնավորված որոշումներ ընդունելու վերաբերյալ:
Հավաքի ընթացքում դասախոսություններով հանդես են եկել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալներ Դավիթ Տոնոյանը և Արա Նազարյանը: Դասախոսությունները վերաբերել են տարածաշրջանային ռազմաքաղաքական իրավիճակին և տարածաշրջանային անվտանգությանը, ներքին և արտաքին քաղաքականության ոլորտներին, ռազմավարական զարգացման խնդիրներին:
Օպերատիվ հավաքը կշարունակվի մինչև մարտի 27-ը:
ՙՙՀարսնաքարի՚՚ գործով դատական ակտն ամբողջությամբ անհիմն է. պաշտպան
Այսօր Ավան և Նոր Նորք ընդհանուր իրավասության դատարանում «Հարսնաքարի» գործով վճռի հրապարակումից հետո լրագրողների հետ զրույցում «Հարսնաքարի» գործով ամբաստանյալ Արման Բաղդասարյանի պաշտպան Միհրան Պողոսյանը նշեց, որ ՙՙՀարսնաքարի՚՚ գործով կայացած դատական ակտն ամբողջությամբ անհիմն է: Նա ընդգծեց, որ քրեական գործում որևէ ապացույց գոյություն չունի, որը կփաստի, որ իր պաշտպանյալը կատարել է իրեն մեղսագրված արարքներից որևէ մեկը:
ՙՙԿարծում եմ, որ սա խմբակային, որևէ մեկի արարքը մյուսի արարքից չտարանջատող դատական ակտ է: Իմ պաշտպանյալը, թեև ուներ բազմաթիվ մեղմացնող հանգամանքներ, սակայն որևէ մեկը հաշվի չի առնվել և բոլոր վեց ամբաստանյալներին նշանակվել է նույնանման պատիժ՚՚,-ասաց պաշտպանը:
Հիշեցնենք, որ այսօր «Հարսնաքարի» գործով կալանավորված բոլոր 6 ամբաստանյալները դատապարտվեցին 12 տարվա ազատազրկման:
Պաշտպանն ընդգծեց, որ Արման Բաղդասարյանի մասով վճիռը պետք է բողոքարկվի, որպեսզի վերջինիս նկատմամբ իրականացվի արդարադատություն:
ՙՙԱմբողջ քրեական գործի դատաքննությունը ընթացել էր այն ուղղությամբ, որ նախաքննության մարմինը և դատարանում մեղադրանքի կողմը որևէ ապացույց կարողանար գտնել իմ պաշտպանյալին առաջադրված մեղադրանքը հիմնավորելու համար: Սակայն չունենալով ապացույց` ի վերջո իմ պաշտպանյալին դատապարտեցին 12 տարվա ազատազրկման: Այս պարագայում չբողոքարկելը անիմաստ կլինի՚՚,-ասաց նա:
Միհրան Պողոսյանն ընդգծեց, որ իր պաշտպանյալը պետք է արդարացվեր, քանի որ բացակայում է որևէ ապացույց, որը կհիմնավորի առաջադրված մեղադրանքներից որևէ մեկը:
Հիշեցնենք, որ գործարար, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում դաժան ծեծից 12 օր անց` 2012-ի հունիսի 29-ին, այդպես էլ գիտակցության չգալով, մահացել է ռազմական բժիշկ Վահե Ավետյանը:
Ասֆալտապատող ընկերությունները սեփական միջոցներով վերացնում են ի հայտ եկած թերությունները
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին հայտնեցին, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մրցութային կարգով հաղթած ու մայրաքաղաքի ճանապարհները նորոգելու թույլտվություն ստացած ընկերություններն սկսել են սեփական միջոցներով վերացնել 2012-2013 թվականների ընթացքում Երևանի քաղաքապետարանի ծրագրով հիմնանորոգված փողոցներում ի հայտ եկած թերությունները: Սա, ի դեպ, պայմանագրային պարտավորություն է: Մրցութային կարգով հաղթած ու մայրաքաղաքի ճանապարհները նորոգելու թույլտվություն ստացած ընկերությունները, աշխատանքային պայմանագրում ներառված կետերից մեկի համաձայն, պարտավոր են 5 տարվա ընթացքում սեփական միջոցներով վերացնել արդեն բարեկարգած փողոցներում ի հայտ եկած թերությունները: Այն փողոցներում, որտեղ առաջացած ճաքերը համեմատաբար քիչ են, իրականացվում են Ճաքալցման աշխատանքներ, իսկ տարածված ճաքերով փողոցների ասֆալտի շերտերը մաքրվում և ասֆալտապատվում են:
Գործընթացն իրականացվում է այն բոլոր փողոցներում, որտեղ գույքագրումից հետո հանձնաժողովի կողմից ասֆալտի որակի մասով հայտնաբերվել են թերություններ: Շինարարական կազմակերպությունների առջև խնդիր է դրված առկա թերությունները վերացնել կարճ ժամանակում:
«Հերոին և օփիում տեսակի ծանր թմրադեղերը Հայաստան են բերվում Իրանից». Արթուր Մինասյան
Հայաստանի Հանրապետության կողմից ամրագրված դրույթի համաձայն` թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը համարվում է պետությունների կոլեկտիվ պարտականությունը: Այդ նպատակով է Հայաստանը դեռևս 1993-ից մասնակցում թմրամիջոցների վերահսկման նմանատիպ միջազգային ծրագրերի:
Այսօր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում Թմրամիջոցների վերհսկման միջազգային խորհրդի ամենամյա զեկույցի ներկայացման ժամանակ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության օպերատիվ տեղեկությունների բաժնի պետ Արթուր Մինասյանը հայտարարեց, որ հերոին և օփիում տեսակի ծանր թմրադեղերը Հայաստան են բերվում Իրանից: Իրանից Հայաստան ծանր թմրամիջոցների «մատակարարման» բաժինը կազմում է մոտ 98 %: Բացի այդ, Իրանից Հայաստան է բերվում հաշիշ տեսակի թմրամիջոց: Նախորդ տարիներին գրանցվել է մի քանի դեպք, երբ հաշիշը Թուրքիայից Վրաստանի միջոցով փորձել են Հայաստան տեղափոխել: Բացահայտվել են ներմուծման մի քանի ապօրինի փորձեր Ռուսաստանից:
«Վերջին տարիներին գրանցվել է թմրանյութերի ապօրինի շրջանառության դեպքերի ավելացում: Հիմնականում թմրանյութեր օգտագործողները 30-35 և բարձր տարիքի մարդիկ են: 2014-ի հունվարի 1-ի դրությամբ` հաշվառված է 5 հազար թմրամոլ: Նախորդ տարվա համեմատ նրանց թիվը հազարով ավելացել է: Կանանց և անչափահասների թիվը շատ քիչ է»,- տեղեկացրեց Արթուր Մինասյանը:
«Հայաստանը չի պատկանում թմրամիջոցների թրաֆիքինգի, կիրառության ահագնացող ծավալներ ունեցող երկրների թվին». Բրեդլի Բուզետտո
Այսօր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում Թմրամիջոցների վերահսկման միջազգային խորհրդի ամենամյա (ԹՎՄԽ 2013) զեկույցի ներկայացման ժամանակ ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն նշեց, որ Հայաստանը չի պատկանում թմրամիջոցների թրաֆիքինգի, թմրամիջոցների կիրառության ահագնացող ծավալներ ունեցող երկրների թվին:
Թմրամիջոցների վերահսկման միջազգային խորհրդի 2013-ի զեկույցի համաձայն` աշխարհում ծանր թմրամիջոցներ օգտագործող (մոտ 4,5 միլիոն մարդ) յուրաքանչյուր վեց մարդուց միայն մեկն է ստանում անհրաժեշտ բուժումը, ինչը տարեկան կազմում է 35 միլիադ ԱՄՆ դոլար: Զեկույցում մեծ ուշադրություն է դարձվել թմրադեղերի չարաշահման տնտեսական և սոցիալական հետևանքների վրա, անդրադարձ է կատարվել դեղատոմսով չարաշահմանը, որի ծավալները որոշ երկրներում գերազանցում են «արգելված» թմրամիջոցների չարաշահման ծավալները, ներկայացվել են նաև տարածաշրջանային միտումները:
Թմրամիջոցների վերահսկման միջազգային խորհուրդն ահազանգում է դեղատոմսով տրվող թմրամիջոցների լայն մատչելիության մասին` նշելով, որ դրանց չարաշահումը մեծ սպառնալիք է հանրային առողջապահության համար և որոշ երկրներում առաջ է անցնում ապօրինի թմրանյութերի չարաշահման ցուցանիշից:
Թմրամիջոցների վերահսկման միջազգային խորհուրդն առաջարկում է ուշադրություն դարձնել կանխարգելման, թմրամիջոցների դեմ պայքարին, որպեսզի նվազի թմրադեղերի չարաշահման հետևանքով առաջացած տնտեսական վնասը:
«Այս տարածաշրջանը գլխավոր տեղում է թմրանյութերի ապօրինի շրջանառության հարցում: Բարեբախտաբար, Հայաստանն այս հարցում Արևմտյան Ասիայի մյուս երկրների` Աֆղանստանի, Իրանի, Պակիստանի նման ծայրահեղ խնդիրների չի բախվում` անգամ հաշվի առնելով վերջերս հայտնաբերված մեծ ծավալի թմրամիջոցները»,-նշեցին ուսումնասիրողները:
Հակոբյանների ընտանիքը նամակ է հղել Վարդան Պետրոսյանին
Վարդան Պետրոսյանի գործով տուժող կողմի ընտանիքը «Հետք»-ին է ուղարկել բաց նամակ՝ ուղղված դերասանին, որը ներկայացնում ենք ստորեւ.
«Երկար մտածեցինք, գրենք, թե չէ՝ ի պատասխան Վ. Պետրոսյանի նամակին:
Պարոն Վարդան, գիտենք, որ տիրապետում եք դերասանական բարձր արվեստին, որը ամեն կերպ օգտագործում եք մեր առանց այն էլ ծանր վիճակն ավելի ծանրացնելու համար: Տարբեր սցենարներ գրեցիք հանրության մոտ խղճահարություն առաջացնելու համար: Բայց դա ձեզ թույլ չի տալիս կորցնել բարոյականությունը և ոտնահարել մեր արժանապատվությունը: Ի՞նչ է նշանակում բազմիցս փորձել ենք հանդիպել և մերժում ենք ստացել: Իսկ դուք ո՞նց էիք պատկերացնում, ձեզ այդքան հարազատ ծափահարություններո՞վ պետք է դիմավորեինք ձեր բարեկամներին:
Փորձել եք հանդիպել եւ մի քանի անգամ, ինչպես նշել եք, անհասկանալի հանդիպումներ են եղել ձեզ համար: Անհասկանալի, որովհետեւ բացի ժամանակ շահելուց՝ ուրիշ ոչինչ չի եղել: Չորս ամիս անց բարեհաճել եք գալ մեր մատաղ երեխաների շիրիմին 2 փունջ ծաղիկ դնել և խունկ ծխալ, որը դուք, շատ մեծ բան համարելով, հանրությանն եք ներկայացնում:
Ավելի լավ կլիներ՝ պատմեիք, թե ինչպես խրախճանքներից հետո ոչ սթափ վիճակում, բարձր արագությամբ, միեւնույն ժամանակ, հեռախոսով խոսելիս ոչնչացրեցիք 2 ընտանիք, 2 ջահել կյանք:
Դրա փոխարեն՝ գեղարվեստականորեն ներկայացրել էիք ձեր քրոջ եւ կնոջ հանդիպումը մեզ հետ: Այո, եկել են, բայց ինչ են տեսել եւ ինչ են խոսել: Տեսել են դժբախտացած 2 ընտանիք, ցավի ու սեւի մեջ մտած 2 մայրեր: Եւ գալուց հետո ինչ են առաջարկել. առաջարկել են Տաթեւիկի համար բժիշկ բերել, որը խորհուրդներ կտա, թե ինչ վարժություններ անի, այն դեպքում, երբ 20-ամյա Տաթեւը, որին հազիվ փրկեցինք մահվան ճիրաններից, դեռ հարց է՝ կկարողանա արդյոք ապրել լիարժեք կյանքով:
Ոչ մի անգամ չհիշեցիք մեր աղջկան, որը հոգեկան մեծ տրավմա է տարել: Ձեզ անգամ չանհանգստացրեց հուղարկավորության հետ կապված խնդիրները՝ այն դեպքում, երբ բազմիցս դա դարձրել եք շահարկման առարկա՝ իբր հոգացել եք այդ մասին: Մենք չենք էլ սպասել, պահեք ձեզ, դա ձեզ հաստատ պետք է գալու:
Հիմա քեզ ասում եմ՝ ոչ մի հաշտեցում, մենք թշնամիներ ենք: Եւ ավելի լավ էր՝ ընդհանրապես չխոսեիր: Ինչպես նշել ես, որ որոշեցիր խոսես: Ձեր ամեն քայլը մեզ ավելի է խոցում: Դա վաղուց մշակված անմարդկային ծրագիր էր ձեր եւ ձեր քրոջ կողմից: Մտածեք ձեր հոգու փրկության մասին: Ո՞նց եք ապրելու այդ մեղքով: Չենք լռելու եւ չենք ներելու: Բոլոր ձեր քայլերը անտրամաբանական են եւ նման ձեր խեղկատակ բեմադրություններին…»:
Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում:
Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին ԵՀՄՖ-ը ծրագրում է տասնյակ միջոցառումներ
Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ մամլո քարտուղարությունից հայտնում են, որ շուտով կսկսվի Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախապատրաստման վերջին տարին, և ԵՀՄՖ-ը ծրագրում է տասնյակ միջոցառումներ` Եվրոպայի համարյա բոլոր երկրներում անցկացնելու համար: Սակայն արտերկրի հայության ակտիվ նախապատրաստական ֆոնի վրա ԵՀՄՖ-ն բարձրաձայնում է ՀՀ իշխանության կողմից անասելի ցածր մակարդակով տարվող աշխատանքների շուրջ: Թուրքիան երազել անգամ չէր կարող ՀՀ-ի կողմից նման խայտառակ պասիվ վերաբերմունք ակնկալելու, մանավանդ ցեղասպանության դեմ տարվող կազմակերպչական աշխատանքների ակտիվացման ֆոնի վրա: Հատկապես ակնառու է ՀՀ ԱԳ նախարարի, արդեն կարելի է ասել հատուկ վերաբերմունքը` Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի շուրջ, ամբողջովին ընդունված ԵՄ-ի միակ երկրի` Սլովակիայի կողմից: Նախարար Նալբանդյանն անկասկած պատասխան պիտի տա այս հարցի շուրջ ցուցաբերած մտածված պասիվության համար, հատկապես այլ երկրների ակտիվության ֆոնի վրա: Սլովակիան կարծում էր, որ Հայաստանը ջանք ու եռանդ չի խնայի համանման օրենք ԵՄ-ի մնացած երկրներում սատարելուն և անցկացնելու ուղղությամբ: Օրենքի գոյության բացառիկ կարևորությունն ակնհայտ դարձավ վերջերս Շվեցարիայի դատարանի կողմից թուրք ազգայնական Դողու Փերինչեքի նկատմամբ արդեն հարուցված քրեական գործի վերահաստատման առիթով, երբ այս երկիրը դեմ գնաց նույնիսկ Մարդու Իրավունքների Եվրոդատարանի որոշմանը: Այս առիթով Վատիկան Ինսիդեռ ում /VATICAN INSIDER/ , մոտ մեկ տարի առաջ հրապարակված հայտնի քաղաքկան գործիչ Մարկո Տոսատտի /Marco Tosatti/ Հայոց ցեղասպանության օրենքի ընդունման շուրջ հոդվածը վերջերս վերահրապարակվել է և այն սիրով ներկայացնում ենք մեր հասարակության ուշադրությանը:
Եվրոպական օրենքը Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանությունը ժխտելու շուրջ
Հայոց ցեղասպանությունը: Ֆրանսիան առաջին երկրիը չէր, որը դատապարտել է Թուրքիայի կողմից այն իրադարձությունների ժխտումը, որոնք տեղի են ունեցել 1915 թվականին Մերձավոր Արևելքում: Սլովակիայի Գերագույն Դատարանի նախագահ, Արդարադատության նախկին նախարար Ստեֆան Հարաբինն արտահայտել է իր զարմանքն, այն փաստի շուրջ, որ Անկարան, քննադատելով Սլովակիային և Շվեյցարիային` ցեղասպանության ժխտման դեպքում քրեական պատասխանատվության ենթարկելու մասին օրենքի ընդունման համար, այդ նույն հարցին Ֆրանսիայի պատասխանի շուրջ հանկարծ անասելի աղմուկ բարձրացրեց: Հարաբինն արել է այս հայտարարությունն իր նամակում` ուղղված Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ նախագահ Աշոտ Գրիգորյանին: <<Սլովակիան 2009 թվականին հաստատեց ցեղասպանության ժխտումը քրեականացնող մի օրենք, որով Հայոց ցեղասպանության ժխտումը համարվում է քրեական պատասխանատվության ենթակա երևույթ: Այսպիսով Սլովակիան առաջին երկիրն է, որը տուգանք սահմանեց Եղեռնի դատապարտման համար և երկրորդը Եվրոպայում Շվեյցարիայից հետո, որն ընդունեց այս հարցի վերաբերյալ օրենք: Ես շատ զարմացած եմ, որ Թուրքիան բարձրացրեց այդպիսի աննախադեպ աղմուկ ընդդեմ այդ օրենքի ընդունմանը, որը քննարկվում էր Ֆրանսիայի սենատում` ներկայացնելով իր համանման դատարկ բողոքները, ինչպիսիք ժամանակին արել էր Շվեյցարիայի և Սլովակիայի դեպքում` վերոնշյալ օրենքի ընդունման ժամանակ: Ես դիմում եմ Ֆրանսիայի սենատի նախագահին և անդամներին` հաստատելով այդ օրենքի ընդունման հսկայական անհրաժեշտության առկայությունը: Սլովակիան կհամաձայնի Նիկոլայ Սարկոզիի` Եվրամիությանն արված առաջարկի հետ, անցկացնել մի այդպիսի համանման օրենք>>:
Ֆորումի նախագահին նաև տեղեկացրել են, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարարը և Սլովակիայում թուրք դեսպանը նախաձեռնել էին մի արշավ` ընդդեմ Բրատիսլավայում Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող կոթողի, պահանջելով նրա ապամոնտաժումը:
Թուրքիայի դեսպանի Փարիզ վերադառնալու օրը հայտարարվեց, որ ֆրանսիական կառավարությունը հաստատել է, որ ինքը ցանկանում է արագացնել պառլամենտական գործընթացները` կապված այն օրենքի հետ, որը սանկցիաներ է սահմանում Հայոց ցեղասպանության ժխտման դեպքում: Ֆրանսիական Հանրային ռադիոյի <<Ֆրանս ինֆո>> ռադիոալիքը հայտարարեց, որ գործադիր մարմինները մտադրված են Սենատի օրակարգ մտցնել այս օրենքի քննարկումը, որը դեկտեմբերի 22-ին արդեն իսկ հավանության էր արժանացել Ազգային ժողովի կողմից և հունվարի վերջին օրենքի հաստատումը իրականացնել: Օրենքի ընդունման այս փորձը Թուրքիայի կողմից սուր արձագանք առաջ բերեց և նա ետ կանչեց իր դեսպանին Անկարա ու սառեցրեց բոլոր ռազմական համագործակցությունները Փարիզի հետ: Եթե այս օրենքը վերջնականապես ընդունվի, ապա այն իր մեջ կներառի մինչև մեկ տարի ազատազրկում և տուգանք մինչև քառասունհինգ հազար եվրո նրանց նկատմամբ, ովքեր կժխտեն, որ թուրքերի կողմից Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կատարված հայերի զանգվածային ջարդերը ցեղասպանություն են: Եվ կա մեծ հավանականություն, որ Ֆրանսիայի կողմից հայտարարված այս օրենքի ընդունումը կարող է դառնալ կարևոր նախադեպ ողջ Եվրամիության համար”:
Ուսանողները՝ հանուն Կարեն Մկրտչյանի բուժման
Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ցուցասրահում մարտի 24-27-ը կգործի բարեգործական ցուցահանդես-վաճառք, որից ստացված հասույթն ամբողջությամբ կփոխանցվի դերասան Կարեն Մկրտչյանի բուժման համար։ Ցուցահանդեսին ներկայացված են բուհի ուսանողների և դասախոսների աշխատանքները։ Բարեգործական այս միջոցառումը նախաձեռնել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողական խորհուրդը։
Երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը ցուցահանդեսի բացմանը հույս հայտնեց, որ ցուցասրահում ներկայացված նկարները չեն մնա պատից կախված, կգտնվեն մարդիկ, ովքեր, գնելով արվեստի գործերը, իրենց ներդրումը կունենան Կարեն Մկրտչյանի բուժման գործում։ «Բարեգործական այս նախաձեռնությանը միացել են բազմաթիվ երիտասարդներ և ուսանողական կառույցներ։ Այս օրերի ընթացքում հանգանակություններ կլինեն նաև տարբեր ուսանողական և երիտասարդական կազմակերպությունների կողմից։ Ողջունելի նախաձեռնություն է, ինչը գալիս է ապացուցելու մեկ բան. երիտասարդությունն անտարբեր չէ և կարեկից է մարդկանց ծանր պահերին։ Ուսանողությունը բոլոր սոցիալական ծրագրերի կողքին է, և առանց նրանց՝ շատ դժվար կլինի իրականացնել ցանկացած սոցիալական ծրագիր»,- ասաց Կարեն Ավագյանը։
Գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողական խորհրդի նախագահ Էդուարդ Ավետիսյանն էլ տեղեկացրեց, որ ցուցահանդես-վաճառքին ներկայացված է շուրջ 40 նկար. դրանց արժեքը սկսում է 20 հազար դրամից։ «Յուրաքանչյուր ստեղծագործողի համար իր աշխատանքը շատ մեծ արժեք ունի, բայց քանի որ ակցիան բարեգործական է, հեղինակները որոշել են մատչելի գներ սահմանել, որպեսզի հնարավորինս շատ նկար վաճառվի»,- ասաց ուսխորհրդի նախագահը՝ ավելացնելով, որ ներկայացված են նաև անվանի նկարիչների ստեղծագործություններ։
Գեղարվեստի պետական ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետի դեկան Էդվարդ Վարդանյանը նկատեց, որ սա առաջին դեպքը չէ, որ բուհի ուսանողները բարեգործական ցուցահանդես, դրամահավաք են կազմակերպում. «Սա ինքնաբուխ ծնված միջոցառում է։ Եթե իմանանք, որ այս նկարները գումարի տեղ կարելի է փոխհատուցել, կամ հնարավոր է տանել որևէ տեղ, և այդ երիտասարդին օգուտ տալ, ապա սիրով կտրամադրենք»։
Ցուցահանդեսը բաց է մինչև մարտի 27-ը, այնպես որ՝ արվեստի սիրահարներին հրավիրում ենք մատչելի գներով ձեռք բերել գեղեցիկ ստեղծագործություններ և օգնել Կարեն Մկրտչյանի բուժման խնդիրները լուծելու հարցում։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն
Ապրիլի 12-ին մայրաքաղաքում կանցկացվի համաքաղաքային շաբաթօրյակ և ծառատունկ
Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ, վարչական շրջաններում տաքսիների նոր կայանատեղիներ կազմակերպելու նպատակով, ՃՈ հետ համատեղ քննարկվել են շահագրգիռ կազմակերպությունների կողմից ներկայացված առաջարկներն ու մասնագիտական լրացուցիչ ուսումնասիրություններից հետո առանձնացվել են տաքսիների նոր, անվճար կայանատեղերի 35 տարածք: Քաղաքապետը հանձնարարել է արդեն իսկ առկա 40 տարածքի օրինակով, ՃՈ հետ համատեղ, սեղմ ժամակետում նշված 35 տարածքները ևս կահավորել համապատասխան ճանապարհային նշաններով: Պատասխանատուներին, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է պարբերաբար ուսումնասիրել և հնարավոր նոր կայանատեղերի վերաբերյալ առաջարկներ ներկայացնել:
Առողջապահության վարչության պետը զեկուցել է, որ «Ձեզ համար, կանայք» խորագրով առողջապահական ակցիայի շրջանակում քաղաքապետարանի ենթակայության համաբուժարաններ է դիմել շուրջ 14 հազար կին: Հետազոտություններից հետո 1744 կին ուղեգրվել է վիրահատության, որոնցից 342-ն արդեն վիրահատվել են:
Առևտրի և սպասարկումների վարչության պետը զեկուցել է, որ ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ իրականացվող հսկողության շնորհիվ մայրաքաղաքում նախորդ շաբաթվա ընթացքում կազմվել է 31 արձանագրություն, որից 28-ը՝ Կենտրոն վարչական շրջանում: Ընդ որում, արձանագրությունների զգալի մասը կազմվել է քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության աշխատակիցների կողմից, ինչը քաղաքապետ Տարոն Մարգարյանը գնահատել է անթույլատրելի. «Ըստ էության, այս գործառույթի իրականացման հիմնական պատասխանատուն հենց վարչական շրջանի համապատասխան բաժինն է, որի պարտականությունը ամենօրյա հսկողության իրականացումը և բացօթյա ապօրինի առևտրի դեպքերը հայտնաբերելն ու համապատասխան քայլեր ձեռնարկելն է: Մինչդեռ, ինչպես տեսնում ենք, քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության սակավաթիվ աշխատակիցներն ավելի շատ դեպքեր են հայտնաբերում, քան վարչական շրջանի համապատասխան բաժնի աշխատակիցները: Նման վարքագիծն անթույլատրելի է, ինչը նաև խոսում է այն մասին, որ տվյալ բաժնի աշխատակիցներն ուղղակի մատների արանքով են նայում իրենց պարտականությունների կատարմանը: Ըստ այդմ, Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին հանձնարարում եմ խիստ նկատողություն հայտարարել Կենտրոնի առևտրի, սպասարկումների և գովազդի բաժնի պետին՝ աշխատանքները ոչ պատշաճ կազմակերպելու և իրականացնելու համար», – նշել է քաղաքապետն ու հանձնարարել պատասխանատուներին շարունակել գործընթացի նկատմամբ խսիտ հսկողությունը, մասնավորապես, վարչական շրջանների կողմից իրականացվող աշխատանքների նկատմամբ:
Երևանի գլխավոր ճարտարապետը զեկուցել է, որ, քաղաքապետի հանձնարարությամբ, մայրաքաղաքի փոքր կենտրոնի երթևեկը բեռնաթափելու նպատակով ուսումնասիրվել և քայլեր են ձեռնարկվում Տերյան փողոցի շարունակությունը հանդիսացող Անտոն Քոչինյանի փողոցի, ինչպես նաև դեպի Բուզանդի փողոց ձգվող Անրի Վեռնոյի փողոցի հատվածները երթևեկելի դարձնելու ուղղությամբ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը մայրաքաղաքի երթևեկի բեռնաթափման համատեքստում հանձնարարել է գույքագրել և ուսումնասիրել խորհրդային տարիներին նախաձեռնված անավարտ ճանապարհային հատվածներն ու քայլեր ձեռնարկել դրանց հնարավոր շահագործման ուղղությամբ:
Քաղաքապետը հանձնարարել է նաև Կոմիտասի անվան զբոսայգու ողջ տարածքը բարեկարգելու նպատակով ներկայացնել նախագիծ-նախահաշիվ:
Սեփականատերերի կողմից իրենց պատկանող տարածքների մաքրման ու պատշաճ վիճակի բերման աշխատանքների մասով զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում 10 տարածք սեփականատերերի կողմից իրենց միջոցներով մաքրվել և բերվել է համապատասխան տեսքի: Քաղաքապետը հանձնարարել է խիստ հսկողություն սահմանել նաև վարձակալների կողմից տնօրինվող տարածքների մաքրման և բարեկարգման ուղղությամբ տարվող աշխատանքների նկատմամբ:
Տարոն Մարգարյանը հանձնարարել է նաև գնումների գործընթացում հաղթող ճանաչված կազմակերպությունների կողմից կատարվող աշխատանքների որակի նկատմամբ խիստ հսկողությունն իրականացնել դրանց մեկնարկից սկսած. «Պետք է որդեգրել աշխատանքային այս մոտեցումը, ինչն, անշուշտ, առավել արդյունավետ կդարձնի թե՛ վերահսկողության կազմակերպման ապահովումը, և թե՛ կազմակերպությունների կողմից աշխատանքների պատշաճ կատարումը», – ընդգծել է քաղաքապետը:
Հանձնարարվել է նաև ամենօրյա հսկողության տակ պահել քաղաքաքացիների կողմից ստացվող դիմումներին սահմանված ժամկետում պատասխանների տրամադրման գործընթացը:
Քաղաքապետը հանձնարարել է նախապատրաստական աշխատանքներ տանել ապրիլի 12-ին համաքաղաքային շաբաթօրյակ և ծառատունկ կազմակերպելու ուղղությամբ՝ այդ աշխատանքներում ակտիվորեն ներգրվելով ինչպես քաղաքապետարանի ենթակայության, այնպես էլ պետական և մասնավոր կառույցներին:
Տարոն Մարգարյանը հանձնարարել է նաև նախապատրաստական աշխատանքներ տանել ՀՀ սահմանամերձ գոտիներում երևանաբնակ ժամկետային զինծառայողների ծնողների, մասնավորապես, սոցիալապես անապահով ընտանիքների՝ մայիսին զորամասեր այցելությունները կազմակերպելու ուղղությամբ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Վառարանից բռնկված հրդեհի հետևանքով 85-ամյա տանտիրուհին ծխախեղդ է եղել
Մարտի 23-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Բերդավան գյուղում տուն է այրվում:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 16.00-ի սահմաններում. 1929 թ. ծնված Ռոզա Մուրադյանի տան ննջասենյակում վառարանից հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով վերջինս ծխախեղդ է եղել:
Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն:
Պատահարներ Երևանում և հանրապետության ճանապարհներին
Մարտի 23-ին, ժամը 03.40-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Արցախի պողոտայի թիվ 42 հասցեի դիմաց բախվել է մայթեզրի մոտ կայանված տրակտորին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 23-ին, ժամը 03.20-ին, «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենան Երևանի Շահումյան 4-րդ փողոցի թիվ 41 տան դիմաց բախվել է մայթեզրի մոտ կայանված «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «ՎԱԶ-21074»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 23-ին, ժամը 11.35-ին, Սեբաստիայի փողոցի թիվ 135 շենքի դիմաց «ԳԱԶել-32213» մակնիշի թիվ 75 երթուղու միկրոավտոբուսի վարորդն արգելակել է, ինչի հետևանքով ուղևորուհին վայր է ընկել ավտոմեքենայի սրահում և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 23-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում նյութեր են ստացվել, որ մարտի 22-ին, ժամը 17.40-ին, հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ «ձախ ոտքի և գլխի վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1945 թ. ծնված Պերճուհի Գ.-ն, ով հիվանդանոցի ընդունարանում հայտարարել էր, որ վնասվածքը ստացել է իրենց տան բակում:
Կատարված ստուգմամբ պարզվել է, որ մարտի 22-ին, ժամը 16.00-ից 16.30-ն ընկած ժամանակահատվածում, 1974 թ. ծնված Կարեն Ղ.-ն «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենան հետընթաց վարելիս թափքով դիպել է Ամառանոցային 2-րդ տարածքի թիվ 6/Բ տան բակի դարպասին, ինչին էլ ընկել է Պերճուհի Գ.-ի վրա` պատճառելով վնասվածքներ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նյութերն ուղարկվել են ՃՈ քննության բաժին:
***
Մարտի 23-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Արարատի մարզի Լանջազատ գյուղի Մ. Մաշտոցի փողոցում «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրին կայանված «ՎԱԶ-21013» մակնիշի ավտոմեքենայի, այնուհետև` մեքենայի սեփականատիրոջ տան դարպասին:
«Միցուբիշի»-ի վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 23-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Նոր Գյուղի ճանապարհի 4-րդ փողոցի մոտ միմյանց են բախվել «ՎԱԶ-2106» և «ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենաներ, հետևանքով առաջին ավտոմեքենայի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (մարտի 21-ից 24-ը)
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 21-ից 24-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության փորձի 2 դեպք. երկուսն էլ բացահայտվել են:
Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 31 դեպքից բացահայտվել է 28-ը, խարդախության 19 դեպքից` 18-ը, խուլիգանության` 4, կողոպուտի և յուրացման 1-ական դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 13 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության` 3, մարմնական վնասվածք հասցնելու, ավազակային հարձակման, խարդախության և խուլիգանության 1-ական դեպք:
Անցած 3 օրերի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 20 պատահար. 1 մարդ զոհվել է, 27-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Քաղաքական մենեջմենթի դասընթաց՝ երիտասարդ ՀՀԿ-ականների համար
Մարտի 21-22-ին Երևանում «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի և ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ իրականացվեց դասընթաց՝ «Քաղաքական մենեջմենթ և կուսակցական ռազմավարություն» խորագրով, որին մասնակցում էին ՀՀԿ երիտասարդական կազմակերպության 25 ներկայացուցիչներ։
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Կարեն Ավագյանը միջոցառման բացման խոսքում նշեց, որ համագործակցությունը «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հետ բավական երկար պատմություն ունի. «Այս տարիների ընթացքում երկու կառույցների միջև համագործակցությունն ակնհայտ զարգացում է ապրել հատկապես այն պատճառով, որ ծրագրերն իրականացվել են փոխադարձ վստահությամբ և հարգանքով: Նման հնարավորություն հիմնադրամը տալիս է հիմնականում ՀՀԿ երիտասարդական կազմակերպությանը»: Նա մասնակիցներին խորհուրդ տվեց առավելագույնս օգտվել ծրագրից և հնարավորինս շատ նոր գիտելիքներ ձեռք բերել:
«Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի համակարգող Լիանա Մարուքյանն ասաց, որ ծրագրի նպատակն է բարձրացնել երիտասարդ քաղաքական գործիչների արհեստավարժությունն ու աջակցել կուսակցաշինության մակարդակի բարձրացմանը:
Ծրագրի շրջանակներում ելույթ ունեցան և մասնակիցներին իրենց փորձը փոխանցեցին փորձառու մասնագետներ, ԵՊՀ դասախոսներ Նարեկ Գալստյանը, Աստղիկ Ավետիսյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Մհեր Շահգելդյանը:
Իր անփոխարինելի փորձը երիտասարդների հետ կիսեց նաև Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության քարոզարշավի ներկայացուցիչ Յուրի Շնոլերը: Նա կարևորեց նման միջոցառումների անցկացումը, որոնք նպաստում են Հայաստանի և Գերմանիայի միջև քաղաքական երկխոսության խորացմանը: «Այս ծրագրերը կարևոր են երկու կողմերի համար էլ: Միջազգային փորձագետները, այդ թվում նաև ես, առիթ են ունենում ծանոթանալ ձեր երկրի քաղաքական համակարգին, շփվել երիտասարդ քաղաքական գործիչների հետ: Հայերի համար սա հնարավորություն է տեսնելու Գերմանիայի քաղաքականության մեջ օգտագործվող դեմոկրատական հմտությունները և գործիքները»,- նշեց պարոն Շնոլերը:
Ծրագրի շրջանակներում երիտասարդ հանրապետականների հետ հանդիպում և քննարկում ունեցավ նաև ՀՀԿ փոխնախագահ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Հիմնական թեման կուսակցության միջազգային համագործակցության ոլորտում քաղաքական տեխնոլոգիաների կիրառումն էր: Դիմելով կուսակիցներին` պարոն Աշոտյանը նշեց երեք հիմնական փաստ, թե ինչու է անհրաժեշտ վարել ակտիվ արտաքին քաղաքականություն: «Առաջին հերթին ՀՀԿ-ի համար, որպես պետականամետ և իշխող քաղաքական ուժ, կարևոր է ունենալ հարթակ` մեր ազգի և պետության շահերը ներկայացնելու համար: Երկորդ նպատակը, որ մենք դնում ենք այս գործընթացների մեջ, եվրոպական քաղաքական և կուսակցական մշակույթի փոխառությունն է: Դառնալով եվրոպական քաղաքական ընտանիքի մի մասը` մենք տեսնում և սովորում ենք կուսակցական աշխատանքի լավագույն փորձը: Աշխատանքը մեր արտասահմանյան գործընկերների հետ մեզ թույլ է տալիս զարգացնել կուսակցությունն ու մոտենալ կուսակցական գործունեության եվրոպական նորմերին: Երրորդը` ՀՀԿ-ն քաղաքական կյանքի առաջատարն է Հայաստանում: Մենք քանիցս հանձն ենք առնում իշխանության պատասխանատվությունը, և կարևոր է, որ քաղաքական ցիկլերը ճանաչված լինեն մեր միջազգային գործընկերների կողմից»,- նշեց պարոն Աշոտյանը:
Ինչպես փաստում էին դասընթացի մասնակիցները, զեկույցները բավականին բովանդակալից էին, հետաքրքիր և չափազանց օգտակար: Նրանք հույս հայտնեցին, որ նման ծրագրերը կկրեն շարունակական բնույթ:
ՀՀԿ երիտասարդականկազմակերպություն
ՀՀԿ-ականների տնկած նշենիներն ու ծիրանենիները կծաղկեն «Գլաձորի համալսարան» արգելոց-թանգարանի տարածքում
ՀՀԿ Եղեգնաձորի շրջանային կազմակերպության երիտասարդական կառույցը մարտի 22-ին կազմակերպել էր «Մաքուր պահենք մեր հուշարձանները» խորագրով միջոցառում: Մասնակցում էին հինգ տասնյակից ավելի երիտասարդներ, ինչպես նաև՝ «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարանի աշխատակիցը, ով մանրամասն ներկայացրեց արգելոց-թանգարանի տարածքում գտնվող պատմամշակութային հուշարձանների պատմությունը:
Մաքրվեցին Թանահատ և Սբ. Խաչ վանական համալիրների տարածքները, այնուհետև տնկվեց 80 նշենի և ծիրանենի: Երիտասարդները հետագայում ջրելու և խնամելու են իրենց տնկած ծառերը։
Բնության պահպանությանն առնչվող հարցերն անհնար է իրականացնել առանց հասարակության, հատկապես երիտասարդների ակտիվ մասնակցության և աջակցության: Երիտասարդ ՀՀԿ-ականների կարծիքով՝ նման միջոցառումները չափազանց կարևոր են և նպատակ ունեն համատեղ ուժերով լուծելու մեր երկրի բնապահպանական հիմնախնդիրները: Այսպիսի ակցիաները կրելու շարունակական բնույթ և իրականացվելու են բոլոր մարզերում:
ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն
Վերածննդի դարաշրջանի հանճարը հայերեն գաղտնագրեր է թողել
500 տարի գիտնականները գլուխ են կոտրում Լեոնարդո դա Վինչիի գաղտնագրերը հասկանալու համար: Հսկան սերունդներին իր գրավոր ժառանգության առյուծի բաժինը գաղտանգրերով է թողել: Գրեթե ամբողջը գաղտնազերծված է ու թարգմանված շատ լեզուներով: Սակայն որոշ նկարների ու վաղ շրջանի գծանկարների վրա արված գաղտնագրերը գիտնականներին այդպես էլ չի հաջողվել գտնել:
Մեր հայրենակից, նկարչուհի Արմինե Խաչատրյանը, որ կարողանում է միաժամանակ գրել երկու ձեռքով, ընդ որում` հայելային արտացոլմամբ, ինչպես Լեոնարդոն է արել, հավատացնում է, որ գտել է նրա գաղտնիքը:
Արմինեն դեռ երեխա տարիքից կարող էր առանց հոգնելու, առանց կտրվելու ժամերով դա Վինչիի նկարների վերատպությունները նայել ու դեռ այն ժամանակ էր տեսնում բաներ, որոնք ուրիշները չէին տեսնում:
– Հայրիկ, նայիր, այստեղ ներքևում հայերեն է գրված,- մի անգամ ասաց աղջիկը հորը` ցույց տալով նկարի տակ արված տարօրինակ «հիերոգլիֆները»:
– Ի՞նչ ես հորինում,- չհավատաց հայրը, չնայած բոլորը գիտեին, որ Արմինեն իրեն հետաքրքրած իրի բոլոր մանրուքները կարող է նկատել:
Նախագուշակ երազը
– Ես արդեն 47 տարեկան եմ (2008-ին), աչքերս փոքր-ինչ տկարացել են, սակայն դեռ կարողանում եմ տեսնել այնպես, ինչպես ուրիշները 10-ապատիկ մոտեցնող հեռադիտակով: Եթե ցանկանում եմ շատ մանր բան տեսնել, շրջում եմ իմ «բինոկլը»` մեծացնելով հեռավորությունը, ինչն ինձ հնարավորություն է տալիս տեսնելու դրա մակերեսը միկրոն առ միկրոն; Երբ երեխա էի, ինձ թվում էր, թե բոլորն են ինձ նման տեսնում:
Արմինեն ավարտել է Երևանի պետական մանկավարժական ինստիտուտի կերպարվեստի բաժինը: Մի քանի տարի աշխատել է որպես նկարչության ուսուցչուհի, իսկ հետո երեխաների ու ամուսնու հետ մեկնել է Լիպեցկ, որտեղ էլ հատուկ հագուստի վաճառքի ֆիրմա է ստեղծել:
-Ես անգամ հեռուստացույց նայելու ժամանակ չունեի: Ննջում էի` պատկերացնելով սիրելի վերատպությունները ու հանկարծ երազումս տեսա Լեոնարդոյին: Նա սկսեց ինձ համոզել կրկին վրձին վերցնել ու երկու ձեռքով միաժամանակ նկարել սովորել: Այդ երազն ինձ հանգիստ չէր տալիս: Ճակատագիրն ասես ինձ կաևորագույն բացահայտման էր առաջնորդում:
Նվիրական գաղտնիքը
Այդ օրը (տարիներ առաջ) նա սուրաց դեպի գրախանութ: Գրադարակին «Լեոնարդո դա Վինչի» գիրքն էր դրված:
– Ես պատահական բացեցի այն. «Սիրտը» գծապատկերով էջն էր: Նայեցի ու ապշեցի. այն տեղում, որտեղ սիրտն է, հստակ հին հայկական տառեր տեսա: Դրանց գծագրությունն առանձնահատուկ է, չնայած որոշ տարրեր կիրառվել են գրության տարբեր համակարգերում. արամեական-պահլավական, սիրիական, եթովպական, հունական…
Արմինեն գնեց գիրքն ու տուն աճապարեց:
Զինվելով տեղեկատուներով` նա վերատպության անկյունում կարդաց.
«Մասիս սարի ճակատին
Մուշ երկրում
Ես լսեցի, որ թուրքերը թլպատել են
Մայրիկիս քույրերին»:
Չգիտես ինչու, բոլոր գրառումները գլխիվայր էին:
– Դրանք անմիտ բառակույտեր չեն,- ենթադրեց Արմինեն:- Նկարում Լեոնարդոն պարզապես 2 տարբերակով մարդկային սիրտ չի պատկերել, ինչպես շատերն են կարծում, այլ Մասիս սարը, հիմա` Արարատը, որի երկու գագաթները, լեգենդի համաձայն, հիշեցնում են երկու սիրտ` մեծի ու մանուկի: Գրառումները գլխիվայր են, որ ընդգծվի, որ դրանք երեխա է կատարել, որը ցանկանում է լսածը փոխանցել:
Տեղեկատուները հաստատեցին նրա ենթադրությունը. արվեստաբանները ժամանակին հաստատել էին, որ դա Վինչին նոտարիուսի և գեղջկուհի Կատերինայի անօրինական որդին է և ընդամենը 5 տարի է ապրել մոր հետ: Նրան մորից խլել են: Մոր կարոտից ապագա հաճարը փորձել է նրա կերպարը վերարտադրել վաղ ուրվանկարներում ու կտավներում:
Այն ժամանակ, երբ Լեոնարդոն նկարել է «Սիրտը», Օսմանյան կյասրությունը հարձակվել է Հայաստանի վրա: Այդ սարսափների մասին է, ըստ երևույթին, ցանկացել պատմել դա Վինչին սերունդներին:
Իր բացահայտման մասին Արմինեն որոշեց ոչ ոքի չպատմել, կարծելով, որ ինչ-որ մեկն արդեն արել է դա: Չափազանց հեշտ էր կարդացվում գրառումը` նրա կարծիքով:
Ամոթխած Ջոկոնդան
– Ամիսներ անց հեռուստացույցով տեսա, թե ինչպես Անգլիայի թագուհին գնեց դա Վինչիի «Երեխան մոր արգանդում» կտավը: Ու հանկարծ հաղորդումը վարողն ասաց. «Ցավոք, ոչ ոք չգիտի, թե ինչ է գրված նկարի կողքին»: Ես զարմացա: Չէ՞ որ ամեն ինչ շատ պարզ երևում է, գրված է. «Գրում եմ երկյուղով, որ հանկարծ մայրս չտեսնի»:
Արմինեն իր կռահումների մասին որոշեց վերջապես մասնագետներին ասել ու դիմեց հայտնի հայագետ Ներսես Մկրտչյանին: Տեսողության խնդրի պատճառով պրոֆեսորը չկարողացավ ինքնուրույն տեսնել դա Վինչիի գրառումներն անգամ խոշորացույցով, և Արմինեն նրա համար վերարտադրեց տեքստը:
– Դրանք իսկապես էլ XII դարի հայերեն գրեր են,- զարմացած էր պրոֆեսորը:
Արմինեն ապշած էր` ինչպե՞ս մինչև հիմա ոչ ոք չի բացահայտել դա Վինչիի կոդը: Հարազատները նույնպես ցնցված էին, թե ինչպես է Արմինեին հաջողվել գաղտնազերծել դա Վինչիի գրառումները, որոնցում գիտնականները միայն տարօրինակ տառերի անկանոն կույտեր էին տեսնում: Փորձելով գիտնականներին բացատրել, թե ինչպես են դրանցից նախադասություններ կազմվում, Արմինեն իր տեսողության մի նոր հատկություն բացահայտեց:
– Ամեն ինչ այնքան հասարակ էր թվում: Հայտնի է, որ Լեոնարդոն լատիներենով արած գրառումները գաղտնագրել է հայելու օգնությամբ: Ես նույնպես մեծացել եմ հայելու առջև: Իմ հայրական տանը եռափեղկ հայելի կար, որի ետևում ես դաս էի անում, նկարում ու մեծերին հետևում: Պարզվում է, որ իմ աչքերն այդ ժամանակ հարմարվել են կարդալու ոչ միայն ձախից աջ ու աջից ձախ, այլև` գլխիվայր: Բացի այդ, վերջին տարիներին, ինչպես երազումս Լեոնարդոն էր կարգադրել, հմտացել եմ երկու ձեռքով միաժամանակ գրելուն. այնպես ինչպես նա էր ասում:
Այդ հմտությունները, լուսանկարչական հիշողությունն ու բնածին հատկությունները Խաչատրյանին հնարավորություն տվեցին հայացքով անմիջապես որսալու միավանկ բառերը, որոնք արդեն իր կողմից գաղտնազերծված տեքստից են ծանոթ ու կարդալ դրանք, եթե անգամ դրանցում որոշ տառեր նկարիչն անփույթ է գրել: Արմինեն սենսացիոն բացահայտում արեց նաև` կապված «Մոնա Լիզայի» վերատպության հետ:
– Ջոկոնդայի ճակատին նկարիչը հայերեն գրել է` «Ամոթխածը», իսկ անկյունում` «Կներես, ճչանը»: Ըստ երևույթին, փորձելով ամոթխած աղջկա դեմքից ժպիտ կորզելու պահը որսալ, նա դիմել է զանազան միջոցների: Ասենք` կսմթում էր բնորդուհուն, ստիպում նրան սրտնեղել, իսկ հետո իր ներողությունն է հավերժացրել, ասես դարերին ակնարկելով, թե ինչպես է այդ կերպարը ծնվել:
Մոր կաթի հետ
Թե ինչու է XVI դարի իտալացի նկարիչը գրել XII դարի հայերենով հարցին Արմինեն հետևյալ բացատրությունն է տվել.
– Կարծում եմ, որ հայերենը Լեոնարդոն մոր կաթի հետ է ներծծել: Դա միակ բանն է, որ նրան մորից է մնացել այն բանից հետո, երբ հայրը նրան տարել է Ֆլորենցիա: XII դարում է Հռոմի կաթոլիկ ու հայկական քրիստոնեական եկեղեցիների միջև ունիա կնքվել, ինչի հետևանքով Հայաստանում կրոնական պառակտում է առաջացել: Շատ հայեր հեռացան հայրենիքից ու տեղափոխվեցին Եվրոպա` այնտեղ հիմնվելով: Հայերենում կատարված փոփոխությունները նրանք չեն ընդունել ու անփոփոխ վիճակում իրենց սերունդներին են փոխանցել իրենց իմացած գրավոր ու բանավոր լեզուն:
Արմինեն Լեոնարդոյի հայկական արմատների մասին մի ապացույց էլ է բերում.
– Լեոնարդոն իր գրություններից մեկում նշում է. «Ես Վաչիսն եմ», որը հայերենից թարգմանաբար նշանակում է` «քաղցրս, սիրելիս, լավս»: Այդ անունը նա կարող էր ստանալ մկրտության ժամանակ, իսկ մոր ազգանունը Լևասինարդե էր, ինչը նշանակում է`«հրաշալի առյուծ»: Արմինեն այդ բոլոր գաղտնիքները կարդում է Լեոնարդոյի գրություններում: Ու պատրաստ է ապացուցել դա: Նա արդեն գիրք է գրել, որը կարող է գիտական սենսացիա դառնալ:
«Էքսպրես գազետա» (2008)