Սպասվում է առանց տեղումների եղանակ

եղանակ1ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ մարտի 22-26-ը հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին հյուսիս-արևմտյան` 2-7 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:

եղանակ2Երևանում մարտի 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Սերժ Սարգսյանը հանձնարարել է Արագածոտնի բնակիչներին հայտնել ՀԷԿ-ի շինաշխատանքների դադարեցման մասին

mhm86308-copyՀՀ տարածքային կառավարման նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ Կարբի և Օհանավան համայնքների բնակիչների հետ հանդիպման ժամանակ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը տեղեկացրել է, որ ՀՀ Արագածոտնի մարզում Արզնի-Շամիրամ արագահոս դոտացիոն ջրատարի վրա շինաշխատանքները կկասեցվեն: Արագածոտնի մարզպետը գյուղացիներին տեղեկացրել է, որ Կառավարությունը խրախուսելու է համայնքային զարգացման միայն այն ծրագրերը, որոնք գյուղատնտեսությամբ զբաղվելու հարցում խոչընդոտներ չեն ստեղծում, ուստի, հաշվի առնելով ծրագրի արդյունավետության վերաբերյալ բնակիչների մտահոգությունները, որոշվել է կասեցնել արագահոս դոտացիոն ջրատարի վրա շինարարական աշխատանքները»,- ասել է Արագածոտնի մարզպետը:

Հիշեցնենք,որ «Գահա էներջի» ընկերությունը Արագածոտնի մարզի Արզնի-Շամիրամ դոտացիոն ջրանցքի վրա նախատեսում է կառուցել «Շամիրամ-1» փոքր ՀԷԿ-ը: Արագածոտնի մարզի մի շարք գյուղերի բնակիչներ վստահ են, որ ոչ թե ջրանցքն է վերակառուցվում, այլ ՓՀԷԿ է կառուցվում, ինչի արդյունքում իրենք ջուր չեն ունենա հողագործությամբ զբաղվելու համար: Մարտի 19-ին Արագածոտնի 7 համայնքների գյուղացիները փակել էին Ապարան-Երևան ավտոճանապարհը` պահանջելով դադարեցնել շինարարությունը: Բնակիչների հետ բանակցելու էր եկել ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը:

Նույն աղբյուրի համաձայն` հանդիպման արդյունքները ներկայացվել են ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին և ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, ինչից հետո նախագահի հանձնարարել է բնակիչներին հայտնել շինաշխատանքների դադարեցման մասին:

Միաժամանակ ՀՀ Նախագահը փոխվարչապետին հանձնարարել է համապատասխան աշխատանքներ իրականացնել տարածաշրջանի համայնքների ղեկավարների հետ` ոռոգման համակարգին առնչվող մտահոգությունները քննարկելու և համապատասխան լուծումներ առաջարկելու համար:

Ապարանի ջրամբարի ջրային ռեսուրսների կառավարման ընթացակարգերն ուսումնասիրելու և դրանց արդյունավետությունը բարձրացնելու համար կստեղծվի հանձնաժողով:

 Անկախ

Ընթացքի մեջ են ծառերի էտման աշխատանքները

ծառերի էտ

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին հայտնեցին, որ

Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության և վարչական շրջանների կանաչապատման ընկերությունների կողմից վարչական բոլոր շրջաններում շարունակվում են ծառերի և թփերի սանիտարական էտման աշխատանքները:

Էտման աշխատանքներ  են իրականացվում ինչպես փողոցների հարակից մայթեզրյա հատվածներում, այնպես էլ զբոսայգիներում և բակային տարածքներում:

Կախված ծառի տեսակից, կատարվում է ագրոպահանջներին համապատասխան էտ՝ ապահովելով ծառերի  բնականոն աճը: Էտի շրջանակում որոշ ծառեր նաև գեղարվեստական ձևավորում են ստանում:

Էտին զուգահեռ կազմակերպվում է նաև ճյուղերի  տեսակավորում և  տեղափոխում: Մարտից մեկնարկած աշխատանքները կշարունակվեն մինչև ապրիլի 15-ը:

Անկախ

«Վաղը «Մայդան» չենք ունենալու, բոլոր նրանք, ովքեր «Մայդան» են սպասում, կհիասթափվեն». «ԴԵՄ ԵՄ» նախաձեռնություն

դեմ եմ«ԴԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամներն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեցին, որ վաղվա հավաք-երքի ժամանակ ելույթ կունենան նաև ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը և «Նախախորհրդարանի» քարտուղարության անդամ Ժիրայր Սեֆիլյանը։ Հավաք-երթին կմասնակցեն նաև ոչ իշխանական չորս խմբակցությունները, որոնցից մեկական անդամ հանդես կգա ելույթով։

«Մարտի 22-ին հնարավորինս մեծ կոնսոլիդացիա է տեղի ունենալու, քանի որ նույն հարթակի վրա են հավաքվելու հանրության լայն շերտերը։ Հանրային դեմք էլ է ելույթ ունենալու, հավանաբար, դերասան Աշոտ Ադամյանը»,- ասաց նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանը։

Նրա խոսքով` եթե Սահմանադրական դատարանը «կուտակայինի» մասին օրենքը սահմանադրական ճանաչի, կնշանակի` սպառվել են ինստիտուցիոնալ հարթակով հարցը լուծելու ճանապարհները։

«Մեզ մնալու է փողոցային պայքարի ճանապարհը։ Ինչ էլ անենք, անելու ենք օրենքի շրջանակներում։ Հնարավոր է, որ բոլորս մեր գումարները կանխիկացնենք բանկերից»,-ասաց Դավիթ Մանուկյանը։

Նախաձեռնության անդամ Գևորգ Գորգիսյանն էլ անդրադառնալով վարչապետի արած համագործակցության առաջարկին` նշեց, որ իրենք չեն պատրաստվում այս ընթացքում զիջումների գնալ: «Եթե անգամ դա փայլուն օրենք է, բայց հանրության կողմից չի ընդունվում, հաջողությամբ չի պսակվի։ Այնպես որ, քննարկումների գնալ չենք պատրաստվում»,- ասաց նա։

Հարցին` ինչո՞ւ են հենց Ժիրայր Սեֆիլյանն ու Նիկոլ Փաշինյանը հրավիրված հավաքին, Դավիթ Մանուկյանը պատասխանեց. «Ժիրայր Սեֆիլյանը մարմնավորում է պայքարի մարտիկին, բացի այդ, նա այս շարժման ընթացքում մեզ ամեն ինչով աջակցել է։ Նիկոլ Փաշինյանն էլ շատ լավ հռետոր է, և օրենքի վերաբերյալ ևս ասելիք ունի»։
Այն դիտարկմանը, թե հավաքին քաղաքական դեմքերի մասնակցությունը շարժման քաղաքականացման մասին չի խոսում, նախաձեռնության ներկայացուցիչները այսպես արձագանքեցին. «Մեզ ընդհանրապես չի մտահոգում, թե ինչ են խոսում, քաղաքականացվա՞ծ է շարժումը, թե՝ ոչ, մեզ համար կարևորն այն է, որ հարթակից հնչեն տարբեր մարդկանց կարծիքներ նույն մտահոգիչ հարցի շուրջ։ Վաղը «Մայդան» չենք ունենալու, բոլոր նրանք, ովքեր «Մայդան» են սպասում, կհիասթափվեն»,-ասաց Դավիթ Մանուկյանը՝ ընդգծելով, որ «Մայդան» ունենալ չեն ցանկանում, քանի որ իրենք պայքարում են կոնկրետ օրենքի դեմ, և իրենց քայլերով արդեն ցույց են տվել, որ «Մայդանի« ճանապարհով չեն էլ ուզում գնալ:

Անկախ

Քաղաքացին որսորդական հրացան է հանձնել

հրացանՈստիկանության ՊՊԳՎ Եղեգնաձորի պահպանության բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` մարտի 19-ին, ժամը 16.55-ին, 1961 թ. ծնված Սիմոն Մ.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի մեկփողանի ողորկափող որսորդական հրացան:
Ոստիկանությունից Անկախին տեղեկացնում են, որ ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

Գարնանային մաքրման աշխատանքներ՝ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում

001Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքի վարչական շրջաններում շաբաթվա բոլոր օրերը հայտարարված են սանմաքրման օրեր: Քաղաքապետարան, վարչական շրջան, համատիրություն համատեղ աշխատանքի արդյունքում մաքրվում են բակերը, ճանապարհների երթևեկելի գոտու հարակից տարածքներն ու կանաչ գոտիները: Մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում ընթացող գարնանային մաքրման աշխատանքների շրջանակում մաքրվում են նաև այն վայրերը, որոնք բնակիչները ժամանակ առ ժամանակ վերածում են  աղբավայրերի։ Սանմաքրման ձեռնարկությունների աշխատակիցներին որոշ տեղերում միանում են նաև բնակիչներն ու սիրով մասնակցում մաքուր Երևան ունենալուն ուղղված քաղաքապետի նախաձեռնությանը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Գագարինում գողության մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել

ձերբակալելՈստիկանության Սևանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ` մարտի 19-ին, ժամը 16.20-ին, Գագարին քաղաքի Կոմիտասի փողոցի 5 շենքի բնակարաններից մեկում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 1991 թ. ծնված Վահե Խ.-ն, որը մարտի 6-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:

«Մենք բոլորս ենք պատասխանատու ջրային ռեսուրսների կառավարման անվերահսկելի վիճակի համար». Վոլոդյա Նարիմանյան

նարիմանյանՀայաստանն օգտագործում է ջրային ռեսուրսների կառավարման նույն համակարգը, ինչ Ֆրանսիան: 1980-ական թվականներին Ֆրանսիայի հարավային հատվածների ջրային ռեսուրսների հետ նույն խնդիրն առաջացավ, ինչ Արարատյան դաշտավայրում: Բայց մի քանի տարվա աշխատանքներից հետո Ֆրանսիայի հարավը եկավ ջրային ռեսուրսների բնականոն հաշվեկշռին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Արարատյան դաշտավայրի ջրային ռեսուրների անկառավարելի վիճակից` ասաց ՀՀ բնապահպանության նախարարության Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ Վոլոդյա Նարիմանյանը:

Նա ընդգծեց, որ այսօր բավական լուրջ աշխատանքներ են տարվում Արարատյան դաշտավայրում ապօրինի ջրօգտագործման կանխման, ապօրինի խորքային հորերի փակման կամ լուծարման ուղղությամբ: Միայն Արարատի մարզում հաշվառվել են 599 խորքային հորեր, որոնք համայնքային պատկանելության են, և որոնցից  միայն 14-ն է ձևակերպել ջրօգտագործման թույլտվություն:

Վոլոդյա Նարիմանյանի խոսքով`խորքային հորերը մեզ ժագանգություն են մնացել Խորհրդային Միությունից: Ներկայումս Արմավիրի մարզում շարունակվում են խորքային հորերի հաշվառման աշխատանքները, որպեսզի պարզվի` ո՞ր հորերն են տրվելու համայնքային օգտագործման համար, որո՞նք ենք լուծարվելու, որո՞նք են տրվելու ոռոգման համար: Այսօր արդեն իսկ ջրօգտագործողների հաշվին լուծարվել է 70 խորքային հոր:

«Մենք բոլորս ենք պատասխանատու ջրային ռեսուրսների կառավարման անվերահսկելի վիճակի համար: Անսխալական կառավարում չի լինում: Որպեսզի գնահատենք ջրային ռեսուրսների վիճակը, պետք է անցկացնենք հիդրոերկրաբանական հետազոտություն, որը թանկ հաճույք է, արժե 257 մլն դրամ: 2007-ին մենք դիմեցինք կառավարությանը` հետազոտության համար գումար հատկացնելու նպատակով: Ցավոք, համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պատճառով չկարողացանք այդ ֆինանսավորումը ստանալ: Ապա դիմեցինք ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալությանը: Վերջինիս  տրամադրած ֆինանսական միջոցներով էլ կատարվել է միայն փաստաթղթային ուսումնասիրություն»,- ասաց  Նարիմանյանը:

«Այսօրվա դրությամբ ջրային ռեսուրսների բավական կայուն զարգացած համակարգ կա». Ջրային պետական կոմիտե

SONY DSCՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կոմից 1999 թվականի մարտի 22-ը հռչակվել է Ջրի համաշխարհային օր, որի նպատակն է հանրության ուշադրությունը ևս մեկ անգամ բևեռել ջրային ռեսուրսների խնդիրներին: Երկիր մոլորակի 75 տոկոսը ծածկված է ջրով, որի միայն 3 տոկոսն է քաղցարահամ և միայն 2 տոկոսն է, որ մարդկանց հասանելի է: Տարեկան շրջանառությամբ երկրի մակերևույթ է դուրս գալիս 44 հազար խ/կմ  քաղցրահամ ջուր, Հայաստանի բաժինը կազմում է  46 խ/կմ   կամ 46 մլրդ խմ: 46 մլրդ խմ-ից 9.2 մլն խմ-ն վերականգնվող ջրային ռեսուրսներն են, որոնք հնարավոր է հատկացնել օգտագործման, 1.5  մլրդ խմ-ն գնում է բարդ ռազմավարական ջրային պաշարներին և 35 մլրդ խմ-ն ջրի ազգային պաշարներին:

Տարածքային կառավարման նախարարության Ջրային պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Մհեր Մկրտումյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ այսօրվա դրությամբ ջրային ռեսուրսների բավական կայուն զարգացած համակարգ կա:

2002-ին ընդունվեց ջրային օրենսգիրքը, որը հիմք դրվեց ոլորտի բարեփոխումներին: Ստեղծվեցին ոլորտը համակարգող հիմնական կառույցները` Ջրային ռեսուրսների պետական կոմիտեն և Ջրային ռեսուրսների կառավարման գործակալությունը:

«Ներկայումս շուրջ 91 % ջրաչափության համակարգ կա, խմելու ջրի ոլորտում 3800 կմ ջրագիծ է կառուցվել, ոռոգման ոլորտում` 900 կմ: Մեծ ուշադրություն է դարձվում նաև բնապահպանական խնդիրներին: Կոյուղու համակարգեր են կառուցվել Գավառ, Մարտունի, Վարդենիս քաղաքներում, կառուցվել են 52 կմ կոյուղացանցեր: Առաջին անգամ ջրամբար է վերականգնվել, խոսքը Մարմարիկի ջրամբարի մասին է: Առաջիկայում մենք պետք է կարողանանք մեր ջրային ռեսուրսներն ամբարել: Նախատեսվում է չորս ջրամբարաշինական աշխատանքերի կառուցում, խոսքը Եղվարդի, Կապսի, Վեդիի և Սելավ-Մաստարա ջրամբարների մասին է»,- ասաց Մհեր Մկրտումյանը` հավելելով, որ առաջիկա ծրագրերն ուղղված են ջրամբարաշինական աշխատանքներին, շարունակվում են մեր բնական ջրամբարում` Սևանում, ջրի կուտակման աշխատանքները: Ծրագրով նախատեսվում է 8.8 մլրդ խմ ջուր կուտակել: Այսօր արդեն իսկ 5.5 մլն խմ կուտակվել է:

Առաջիկա 17 տարիների ընթացում 3.3 մլրդ խմ կուտակելու արդյունքում մենք կհասնենք ծրագրով նախանշված նպատակին»,- եզրափակեց Մհեր Մկրտումյանը:

Բարեգործական ակցիա՝ դերասան Կարեն Մկրտչյանի բուժման համար

կարեն մկրտչյանԵրկուշաբթի՝ մարտի 24-ին, ժամը 13.00, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ցուցասրահում (Իսահակյան 36) կբացվի ցուցահանդես-վաճառք, որից ստացված ողջ հասույթը փոխանցվելու է Կարեն Մկրտչյանի բուժման համար։ Ցուցադրված կլինեն բուհի ուսանողների, դասախոսների աշխատանքները։ Միջոցառման ժամանակ ցանկացողները կարող են նաև հանգանակություն կատարել:

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև մարտի 27-ը։

Բարեգործական ակցիան կազմակերպվել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ։

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

7 տարի շարունակ հետախուզվողը հայտնաբերվել է

ձերբակալվելՄարտի 19-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները Երևանի Շերամի փողոցի 111 շենքից բերման է ենթարկել 1975 թ. ծնված Վահագն Ս.-ն, որը 2007 թ. հոկտեմբերի 24-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:

Դանակահարություն` Կապանում

դանակահարությունՄարտի 19-ին, ժամը 05.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «մարմնի տարբեր մասերում թափանցող-ծակած վերքեր» ախտորոշմամբ և ալկոհոլային հարբածությամբ իրենց մոտ է տեղափոխվել 1976 թ. ծնված Անդրանիկ Զ.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 04.30-ի սահմաններում, Հ. Ավետիսյան փողոցի թիվ 16 շենքի դիմաց, վիճաբանության ժամանակ, 1980 թ. ծնված Ալիկ Հ.-ն դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել Անդրանիկ Զ.-ին` պատճառելով վնասվածքներ:
Դեպքից հետո հանցագործության գործիք դանակը Ալիկ Հ.-ն նետել է Ողջի գետը:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ալիկ Հ.-ն բերման է ենթարկվել:
Կատարվում է նախաքննություն:

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ

imagesՄարտի 20-ին, ժամը 16.30-ի սահմաններում, «ՎԱԶ-21101» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Հերացու փողոցի թիվ 5 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 64-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 20-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 27 հասցեի դիմաց իրար են բախվել «Օպել» և երկու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի վարորդը, ուղևորը և «Մերսեդես»-ներից մեկի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 20-ին, ժամը 12.10-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արցախի փողոցի թիվ 14 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 77-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 20-ին, ժամը 09.15-ին, Երևանի Ավանի 4-րդ և Դ. Մալյան փողոցների խաչմերուկում «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենա է բախվել «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2107»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 20-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Երևանի Սարալանջ փողոցից Ավետիսյան փողոց և Ազատության պողոտա տանող ճանապարհին «ՎԱԶ-21723» մակնիշի ավտոմեքենա է բախվել էլեկտրասյանը, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 20-ին, ժամը 16.15-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 59-րդ կմ-ին իրար են բախվել «ԴԱՖ» բեռնատար և «Օպել Օմեգա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել Օմեգա»-ի վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

Անկախ

Անցած մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 7 ՃՏՊ

ոստիկանություն3Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 19-ից 20-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 10 դեպքից բացահայտվել է 9-ը, խարդախության` 5, յուրացման, խուլիգանության և կաշառակերության 1-ական դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 10 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է խարդախության 2 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար. 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

ԼՂՀ վարչապետ. «Արցախն ավելի շահավետ վիճակում է, քան Ղրիմը, Աբխազիան եւ Հվ. Օսիան, Կոսովոն»

Արա Հարությունյան«Մենք շարունակում ենք աշխատանքները, քաղաքական կոնսուլտացիաները Արցախի ճանաչման ուղղությամբ: Ժամանակը կգա եւ միջազգային հանրությունը կճանաչի եւ Արցախի ինքնորոշումը, եւ նրա անկախ պետականությունը»,- այս մասին հայտարարել է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը Շահումյանի շրջանի Նոր Գետաշեն գյուղում պատասխանելով գյուղացիների այն հարցերին, թե ինչու Ղրիմը կարող է հանրաքվեով միանալ Ռուսաստանին, իսկ ԼՂՀ-ում անցկացված հանրաքվեի արդյունքները չեն ճանաչվում, եւ ի՞նչ է արվում այդ ուղղությամբ: «Մենք ողջունում ենք բոլորի ինքնորոշումը: Կարճաժամկետ տիրույթում ճանաչումը գուցե ավելի կարեւոր է մյուսների համար, բայց Արցախի ընտրած ճանապարհն ավելի ճիշտ է,-ասել է Արա Հարությունյանը: Այս փուլում, ըստ ԼՂՀ վարչապետի, ճանաչել-չճանաչելու հարցն այնքան էլ կարեւոր չէ, առավել կարեւոր է «ճիշտ պետական շինարարությունը, ճիշտ երկիր կառուցելը»:

ԼՂՀ վարչապետը կարծում է, որ Արցախն ավելի շահավետ վիճակում է, քան Ղրիմը, Աբխազիան եւ Հվ. Օսիան, Կոսովոն: «Ստանդարտները երկակի չեն, բազմակի են, եւ դա շահեկան վիճակում է դնում Արցախին: Պետք է մտածենք մեր երկրի զարգացման մասին»,-ասել է Արա Հարությունյանը լրացնելով.-«Այսօր ամենակարեւոր գործոնը ուժի գործոնն է: Արցախի այսօրվա ստատուս-քվոն եւ զարգացումները պայմանավորված են բանակի մարտունակությամբ եւ երկրի տնտեսական զարգացմամբ: Պետք է շարունակել այդ ուղղությամբ արդյունք տալ, ունենալ ժողովրդագրական դրական պատկեր, երկրի զարգացում ապահովել: Մեր հարցի քաղաքական լուծումը կախված է լինելու դրանից»։

 Անկախ

Մարտական խնդիր կատարելիս զինվոր է զոհվել

Ադրբեջան,զինվորՄարտի 19-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մարտական խնդիր կատարելու ժամանակ մահացու հրազենային գնդակային վիրավորում է ստացել զինծառայող, 1994թ. ծնված Արման Արտյուշայի Ղուկասյանը:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Ա. Ղուկասյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

Այս տարի արդեն ապօրինի ծառահատման 65 դեպք է գրանցվել. «Հայանտառ» ՊՈԱԿ

ծառհատումԱյսօր ամբողջ աշխարհում նշվում է անտառի միջազգային օրը: Օրվա առիթով այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանը խոսեց Հայաստանի տարածքում գտնվող անտառներում տիրող իրավիճակի մասին:

Գլխավոր անտառապետի խոսքով` վերջին երկու տարվա ընթացքում 714 հեկտար անտառ է հիմնվել: Փոխարենը 2013 թվականի ընթացքում 928 ծառ է ապօրինի հատվել: 2012 թվականի համեմատ ապօրինի ծառահատումների թիվը նվազել է, 2012-ին դրանց թիվը կազմել է 1320:

«Անտառավերականգնման աշխատանքների նոր կարգ է ընդունվել: Բացի այդ` միջազգային կազմակերպությունների հետ համատեղ ծրագրեր ենք իրականացնում, կա համագործակցություն, սակայն դա էլ բավարար չէ, որ անտառները լիարժեք բարելավվեն»,- ասաց Ռուբեն Պետրոսյանը:

Ըստ գլխավոր անտառապետի` Հայաստանը գլոբալ խնդիրներ ունի անտառների հետ կապված, ինչը պայմանավորված չէ միայն ծառահատումներով: 1994 թվականին հաջորդած տարիներին ծառահատումների միտումը գնալով նվազել է ու այս առումով, ամեն տարի դրական առաջընթաց է արձանագրվում: Ամենաշատ անտառային հրդեհները եղել են 2010-ին Սյունիքի մարզում, սակայն վերջին շրջանում ձեռք բերված սարքավորումների շնորհիվ արդեն անտառներին հասցվող վնասները նվազել են, քանի որ կրակը շատ արագ մարվում է:

Հարցին` որքանո՞վ է գազի գնի թանկացումն անդրադարձել անտառների վրա, Ռուբեն Պետրոսյանը պատասխանեց. «Մենք գարնանային ստուգումները կանենք մայիսին, այս պահի դրությամբ 2014-ին 65 ապօրինի ծառահատման դեպք է գրանցվել, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մեծ տարբերություն չկա»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է պետբյուջեից ֆինանսավորմանը, Ռուբեն Պետրոսյանը տեղեկացրեց, որ պետբյուջեից անցյալ տարի հատկացվել է 800 մլն դրամ, այս տարի` 900 մլն-ից ավելի և գնալով այս թիվն ավելանալու է, թեև այդ գումարը բավարար չէ անտառտնտեսության վերականգնման համար:

 

Տարոն Մարգարյանը նոր բնակարանների բանալիներ է հանձնել Մուրադ Մուրադյանին և Արարատ Աղասյանին

002 (1)Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նոր բնակարանների բանալիներ է հանձնել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, Սանկտ–Պետերբուրգի գիտությունների և արվեստների ակադեմիայի թղթակից անդամ, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրեն, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Արարատ Աղասյանին և Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նախկին նախագահ, «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանակիր, «Գյումրի–վերածնունդ» բարեգործական–հասարակական կազմակերպության նախագահ, Փարիզ, Գյումրի և Երևան քաղաքների պատվավոր քաղաքացի Մուրադ Մուրադյանին:

001 (6)Շնորհավորելով բնակարանների տրամադրման կապակցությամբ` քաղաքապետ Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել նրանց անձնական ներդրումը ինչպես հայ մշակույթի, այնպես էլ Երևանի զարգացման գործում. «Արդեն երկրորդ տարին է, ինչ հանրապետության Նախագահի առաջարկությամբ մենք բնակարաններ ենք հանձնում մեր ճանաչված ու վաստակաշատ քաղաքացիներին, ովքեր դրա կարիքն իսկապես ունեն: Վստահեցնում եմ, որ սոցիալական կարևոր նշանակություն ունեցող այս քաղաքականությունը լինելու է շարունակական և, տա Աստված, մենք այնքան հնարավորություններ ունենանք, որ այս խնդիրն ունեցող վաստակաշատ մեր համաքաղաքացիներին օր առաջ ապահովենք սեփական տանիքով»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը: 

Մուրադ Մուրադյանն ու Արարատ Աղասյանն էլ, շնորհակալություն հայտնելով իրենց վաստակը գնահատելու համար, նշել են, որ քաղաքային իշխանության սույն որոշումն իրենց համար իսկապես հաճելի ու երկար սպասված անակնկալ էր։

Նշենք, որ Երևանի ավագանին մարտի 19-ին գումարած նիստում որոշում էր կայացրել Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանները տրամադրել Արարատ Աղասյանին և Մուրադ Մուրադյանին:

 

Անկախ