Մանկավարժին ընտրելու միակ չափանիշը նրա պրոֆեսիոնոլիզմն է. Ա. Աշոտյան

արմեն աշոտյանՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը մասնակցել է Կոտայքի մարզի դպրոցների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությանը, որին ներկա է եղել նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Խորհրդակցության ընթացքում Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը ներկայացրել է մարզի կրթության ոլորտի   հաշվետվությունը: Մարզպետն իր խոսքում որպես խնդիր կարևորել է մարզի դպրոցներում առկա թափուր մանկավարժական տեղերի համալրման նպատակով անցկացվող մրցույթների կազմակերպման օրինականությունն ու թափանցիկությունը: Իր ելույթում ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն անդրադարձել է ոլորտի հիմնական խնդիրներին ու կրթական բարեփոխումներով պայմանավորված պահանջներին: Շեշտելով, որ ոլորտի բարեփոխումները դրական անդրադարձ են ունեցել կրթության  որակի վրա ՝ ՀՀ ԿԳ նախարարը նշել է. “Կրթության բարեփոխումների նոր փուլը համընկավ միջազգային տնտեսական ճգնաժամի հետ, ինչը, պետք է խոստովանել, բազմաթիվ չնախատեսված խոչընդոտներ առաջ բերեց: Այնուամենայնիվ, մենք կարողացանք հաղթահարել  առաջին ամենաբարդ փուլը և շարունակել բարեփոխումների դժվարին, սակայն այլընտրանք չունեցող գործընթացը: Այսօր շատ դժվար է աշխատել որպես մանկավարժ. փոխվել են ժամանակները, դասագրքերը, ծրագրերը, աշակերտի ու ծնողի պահանջները: Ուսուցչի առջև դրված է պետության կողմից մշակված կրթական ծրագիրն աշակերտին փոխանցելու դժվարին պարտականությունը, որը ենթադրում է ինքնակրթության և վերապատրաստումների մշտական գործընթաց”:  Նախարարի խոսքով միշտ չէ, որ ուսուցիչները պատրաստ են ընդունել նման պատասխանատվություն՝ շատ դեպքերում նախընտրելով մնալ դիտորդի դերում:  Մասնավորապես նախորդ տարի ՀՀ ԿԳՆ-ի կողմից փոխվել է դասագրքերի հրատարակման կարգը. դրանք նախապես փարձարկվում են և ուղարկվում դպրոցներ՝ մասնագիտական գնահատական ստանալու նպատակով:
“Նախորդ տարվա ընթացքում հանրապետության 90 դպրոցներից, այդ թվում նաև Կոտայքի մի շարք դպրոցներից,  ԿԳՆ-ն ստացել է ձևական պատասխաններ”,- նշել է նախարարը՝ հիշեցնելով, որ  հետագայում, երբ  դասագրքերը դպրոց են մտնում,  որակի հետ կապված սովորաբար դժգոհություններ լինում են:
Նախարարը նշել է, որ ոլորտի հիմնական խնդիրներից մեկը մանկավարժական կադրերի անհամաչափ բաշխվածությունն ու  գերբեռնվածությունն է, ինչը որպես կանոն բացասական է անդրադառնում նաև կրթության որակի վրա: “Հեռավոր գյուղերում մենք ունենք մանկավարժների պակաս, այնտեղ որպես կանոն մեկ ուսուցիչը դասավանդում է մի քանի առարկա, մինչդեռ քաղաքային համայնքներում պատկերը ճիշտ հակառակն է՝ մեկ դրույքը բաժանվում է մի քանի ուսուցիչների միջև: Արդյունքում ուսուցիչը վարձատրվում է ցածր և չի ունենում սոցիալական խթան, ավելի արդյունավետ աշխատելու: Խնդրի կարգավորումը դպրոցների ու մարզպետարանների գործառույթի շրջանակում է: Իմ պահանջն է, որ վերաբաշխումները կատարվեն ճիշտ ու անաչառ, միակ չափորոշիչը պետք է լինի մանկավարժի պրոֆեսիոնալիզմը, ոչ թե հարևան-ծանոթ-բարեկամ սկզբունքը”- դիմելով խորհրդակցության մասնակիցներին ասել է Ա. Աշոտյանը՝ հավելելով, որ միջազգային կառույցների կողմից իրականացված հետազոտության արդյունքներով 80 երկրների շարքում Հայաստանի ուսուցչական համակազմը ամենատարեցն է աշխարհում: Երկրորդ տեղում Ավստրիան է՝ 3 անգամ պակաս ցուցանիշով:  “Մեր դպրոցներում ուռճացված է ինչպես մանկավարժների թիվը, այնպես էլ սպասարկող և վարչական անձնակազմերի թիվը: Խնդրի լուծման համար մենք ունենք երկու ճանապարհ. առաջինը՝ ոչինչ չանել և ամեն ինչ թողնել այնպես, ինչպես կա, երկրորդը՝ ընտրում ենք լավագույն մասնագետներին, նրանից պահանջում ենք որակ և վճարում ավելի արժանապատիվ: Կրթության ոլորտը չի կարող իր վրա սոցիալական մեծ բեռ վերցնել, մեր հիմնական խնդիրը որակի ապահովումն է, իսկ դրան հասնելու համար, ցավոք, ստիպված ենք գնալ նաև ոչ “պոպուլյար” քայլերի: Ես, իբրև նախարար դրան պատրաստ եմ”,-   շեշտել է ՀՀ ԿԳ նախարարը՝ ավելացնելով, որ 2014-ին նախատեսվում է ուսուցիչների աշխատավարձի բարձրացում:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, իր ելույթում ողջունելով մանկավարժներին, նշել է, որ բանակի համար դպրոցը համագործակցության ամենկարևոր օղակն է, քանի որ դպրոցում է ձևավորվում հայոց բանակի ապագա զինվորը: Ս. Օհանյանը տեղեկացրել է, որ հանրապետության ավելի քան 400 դպրոցներ ակտիվ համագործակցում են զորամասերի հետ. “Մենք չափազանց կարևորում ենք դպրոցի գործունեությունն ու ուսուցչի դերը: Համոզված եմ, որ հասարակության մեջ առաջին օրինակը, ում պետք է հետևեն աշակերտները, պետք է լինի ուսուցչի կերպարը: Դպրոցի թերությունը հետագայում շատ վառ արտահայտվում է բանակում՝ վարվելակերպի կանոնների ու կարգապահության մակարդակի տեսքով, զինվորների միջանձնային հարաբերություններում”,- նշել է
Ս. Օհանյանը:
Խորհրդակցության ավարտին ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանը պատասխանել է տնօրենների հարցերին, որոնք վերաբերել են կրթական նոր ծրագրերին, մանկավարժների մրցութային ընտրությանը և բազմաթիվ այլ խնդիրների:
Կոտայքի մարզի մի խումբ մանկավարժներ բարեխիղճ աշխատանքի համար ՀՀ ԿԳ նախարարի կողմից պարգևատրվել են պատվոգրերով և շնորհակալագրերով:

Նախագահը հանդիպում է ունեցել Կրթության և գիտության նախարարության ղեկավար անձնակազմի հետ

3630Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Կրթության և գիտության նախարարություն, ծանոթացել աշխատանքային պայմաններին, զրուցել աշխատակիցների հետ, այնուհետև հանդիպում է ունեցել նախարարության ղեկավար անձնակազմի՝ փոխնախարարների, աշխատակազմի ղեկավարի, վարչությունների և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների հետ: Հանրապետության Նախագահը նրանց հետ քննարկել է ոլորտի խնդիրները, իրականացվող աշխատանքների, այդ թվում՝ բարեփոխումների ընթացքը, հետաքրքրվել կրթական ոլորտի քաղաքականության համատեքստում հետագա անելիքների և գալիք ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքների մասին: Կրթության և գիտության նախարարի, փոխնախարարների և աշխատակազմի ղեկավարի զեկույցներից հետո, Նախագահը հարցեր է ուղղել զեկուցողներին և պատրաստակամություն հայտնել նաև պատասխանել հանդիպման մասնակիցներին հետաքրքրող բոլոր հարցերին, որոնք կարող են վերաբերել ոչ միայն կրթության և գիտության ոլորտին, այլև հանրապետության ներքին և արտաքին քաղաքականությանը, առկա խնդիրներին ու ձեռքբերումներին, աշխարհաքաղաքական խնդիրներին և մեր երկրի անվտանգությանը:

Նախագահը տեղեկացրել է, որ մոտակա ամիսների ընթացքում այցելելու է ՀՀ նախարարություններ ու գերատեսչություններ և նման հանդիպումներ է ունենալու նաև պետական այդ մարմինների ղեկավար անձնակազմերի հետ: «Կարծում եմ, ճիշտ կլինի, որ մեր ղեկավար կազմն անձամբ ինձնից լսի մեր երկրի զարգացման հետ կապված հարցերի պատասխանները, իմ կարծիքը, մոտեցումները քաղաքական գործընթացների և իմ գնահատականները՝ որոշակի իրադարձությունների մասին»,-ասել է Հանրապետության Նախագահը: Մինչ այդ, գալիք Գիտելիքի օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի առիթով Նախագահը շնորհավորել է Հանրապետության բոլոր ուսուցիչներին, աշակերտներին, ուսանողներին և նրանց ծնողներին, մաղթել հաջողություններ: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ նրանց հաջողություններից է մեծապես կախված, թե հետագայում ինչպիսի զարգացումներ են լինելու մեր երկրում: Անդրադառնալով երեկ Նախագահի նստավայրում հանրակրթական դպրոցների մեդալակիր շրջանավարտների, միջազգային առարկայական օլիմպիադաներում, «Կենգուրու» մրցույթում, ունիվերսիադայում մրցանակների արժանացած աշակերտների և ուսանողների հետ հանդիպմանը՝ Հանրապետության Նախագահը ևս մեկ անգամ ընդգծել է, որ կրթությունը, գիտությունը մեր երկրի գերակայություններից են: Ոչ պակաս կարևոր, քան զինված ուժերի զարգացումը:

Սերժ Սարգսյանը Կրթության և գիտության նախարարության ղեկավար կազմի հետ հանդիպմանը խոսել է նախարարությունում և նրան ենթակա պետական հաստատություններում աշխատանքային պայմանների բարելավման, սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ պետական քաղաքականության առաջիկա ծրագրերի, մեր երկրում մրցունակ, որակյալ կադրեր պատրաստելու և միաժամանակ հայրենասեր քաղաքացիներ կրթելու ուղղությամբ ոլորտի պատասխանատուներից ակնկալիքների մասին:

«Կարծում եմ, տեղյակ եք, որ մենք 2014 թվականից անցնում ենք աշխատավարձերի ամենամյա բարձրացման գործելաոճին, եթե կարելի է այդպես ասել: Ընդ որում, բարձրանալու են և՛ նվազագույն աշխատավարձը, և՛ աշխատանքի համար վարձատրությունը: 2017թ. մենք հասնելու ենք 90 հազար նվազագույն աշխատավարձի: Հիմա մի փոքր դժվարանում եմ ասել, թե որքան է լինելու գլխավոր մասնագետի կամ բաժնի վարիչի աշխատավարձը, բայց վստահորեն կարող եմ ասել, որ 2014թ. հունվարի 1-ից, օրինակ, նախարարության գլխավոր մասնագետն ստանալու է 200-280 հազար դրամ աշխատավարձ, բաժնի պետը, եթե չեմ սխալվում, 280-350 հազար դրամ աշխատավարձ՝ կախված աշխատանքային ստաժից: Դա զուտ հաշվարկային աշխատավարձն է: Կարծում եմ, բնական է, որ դրան ավելանալու են նաև տնտեսումներից գոյացող պարգևատրումները, որոնք մշտապես կան: Սոցիալական փաթեթներն էլ ենք ընդլայնելու: Այսինքն՝ մենք 2018թ. պետք է գանք հասնենք աշխատավարձի մի մակարդակի, որը պետական ծառայողին հնարավորություն է տալիս իր աշխատավարձով ապահովելու իր ընտանիքի նվազագույն կարիքները: Կան տարբեր ծրագրեր. օրինակ, քաղաքացիական ծառայողների, ընդհանրապես, պետական ծառայողների համար բնակարանային պայմանների բարելավման ծրագիր: Մոտավորապես այնպիսի ծրագրեր, ինչպիսիք հիմա իրականացնում ենք երիտասարդական տարբեր խմբերի համար: Այսինքն՝ շատ լավ, շուկայականից ավելի ցածր գներով և վարկավորման միջոցով ավելի լավ պայմաններ ապահովող բնակարանի տրամադրում: Առողջապահական ապահովագրություն ապահովել ենք, բայց պետք է այն հասու դարձնենք բոլոր կարգի ծառայողներին: Եվ այլ ծրագրեր էլ կան: Բայց այս ամենը չի կարող լինել ինքնանպատակ: Մենք պետք է կարողանանք այս միջոցներն օգտագործել արդյունավետ: Այսինքն, եթե մենք ավելացնում ենք միջոցները տեխնիկական վերազինման կամ ծրագրեր իրականացնելու համար, մի կողմից մենք այդ միջոցներով պետք է ավելի մեծ աշխատանք կատարենք, մյուս կողմից՝ այդ տեխնիկական զինվածությունը և մանկավարժի կամ պետական ծառայողի աշխատավարձի բարձրացումը պետք է բերեն արդյունքի՝ կարողանանք պատրաստել մրցունակ մասնագետներ: Կարծում եմ, մենք այստեղ դեռևս բավականաչափ անելիքներ ունենք»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Նախագահը պատասխանել է նախարարության ղեկավար անձնակազմին հետաքրքրող տարբեր թեմաներով մի շարք հարցերի, որոնք վերաբերել են մեր երկրի անվտանգությանը, պաշտպանությանը, ռազմաարդյունաբերական համալիրի զարգացմանը, Հայաստանում քաղաքացիական հասարակության կայացմանն ու ժողովրդավարական գործընթացներին, պետություն-մասնավոր հատված համագործակցության համատեքստում տնտեսության մեջ գիտական նվաճումների ներդրմանը, ներքին և արտաքին քաղաքականության խնդիրներին:

Հանդիպման ավարտին Նախագահ Սերժ Սարգսյանը երկարամյա և բարեխիղճ աշխատանքի համար Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակիցներ Ժասմենա Արարատյանին և Ժենյա Ղասաբյանին պարգևատրել է Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրով, ծննդյան օրվա առիթով շնորհավորել նախարարության աշխատակցուհիներից մեկին:

Հանրապետության Նախագահը նախարարությունում դիտել է նաև Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի 2012-2013 ուստարվա շրջանավարտների դիպլոմային աշխատանքների ցուցահանդեսը:

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Նախագահ Սերժ Սարգսյանին նվիրել է այդ քոլեջի շրջանավարտներից մեկի՝ Սամվել Գևորգյանի «Բնանկար» յուղաներկ նկարը:

 

ԿԳ նախարարը բուհական կրթության գների մասին` պատրաստ եղեք լավի համար թանկ վճարել

Արմեն ԱշոտյանԱյսօր ԿԳՆ է այցելել հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը և հանդիպել  նախարարության ղեկավար կազմի, աշխատակազմի և առանձնացված ստորաբաժանումների  ղեկավարների հետ:  Հանդիպման ընթացքում նախագահին ներկայացվել  են  ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքները, մանրամասնվել են միջնաժամկետ և երկարաժամկետ անելիքները. Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասած ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Նրա խոսքով` նախագահը հավաստել է, որ կրթության և գիտության ոլորտը նույնքան կարևոր է երկրի համար, որքան պաշտպանությանը:

Անդրադառնալով հարցին, թե նախագահի հետ ինչ են քննարկել բուհական կրթության գների մասին, ԿԳ նախարարը նշեց, որ բանաձևը մնում է նույնը`  լավ սովորող որևէ ուսանող չպետք է զրկվի  կրթության հնարավորությունից. «Ֆիքսվելու է ուսանողական զեղչերի մինիմալ ծավալը, որ բուհերը պարտավոր են լինելու իրենց վճարովի ծառայությունների  բյուջեից ուղղել դեպի ուսանողություն ինչպես նաև հստակեցվելու են սոցիալական խմբերը, որոնց զեղչը երաշխավորվում է օրենքով»:

Խոսելով առաջին կուրսեցիների խնդրի մասին, որոնք ուսանող չեն համարվում, մինչև չվճարեն ուսումնական առաջին կիսամյակի վարձն ամբողջությամբ, Աշոտյանը նշեց, թե մեկ քննաշրջան է հարկավոր հասկանալու ուսանողի առաջադիմությունը:

Նախարարի խոսքով`  գրեթե չկան մասնագիտություններ, որոնցով մեկ-երկու բուհեր  մենաշնորհ ունեն: Տնտեսագետներ պատրաստում են 40-ից ավել բուհեր, իրավաբաններ` 30-ից ավել բուհեր, մանկավարժներ` 20-ից ավելի բուհեր: Եթե որոշում է կայացվում ընդունվել ինչ-որ մի բուհ, ապա այդ կրթական ծրագրի կողքին կա  նմանատիպ էժանը:

«Երբ գնում եք սուպերմարկետ, ընտրում եք ոչ միայն ձեր ցանկություններից ելնելով, այլ նաև ձեր գրպանի հնարավորությամբ, մանավանդ եթե կա միևնույն մթերքի մի քանի տարբերակը, չեք վերցնում ամենաթանկ խմիչքը և փորձում վճարել տեղական արտադրողի գնագոյացման սկզբունքով, դուք ունեք ընտրության հնարավորություն:  Կրթությունը նաև շուկա է ձևավորել:,- ասում է Աշոտյանը:- Ակնհայտ է, որ բոլորի ընտրությունը պայմանավորված է երեք հանգամանքերով` ցանկություն, ունակություն և կարողություն, ընտանիքի հնարավորություն  :

Բժշկական համալսարանը թանկ բուհ է, չնայած չի բարձրացրել ուսման վարձերը: Բժշկական կրթություն մատուցում են 6 բուհեր, որոնք դեռ տալիս են պետական նմուշի դիպլոմ: Ինչո՞ւ ենք ընտրում 800 հազար դրամով բժշկական համալսարանը, եթե 400 հազարով կարող ենք սովորել Հայբուսակում:  Ուրեմն բժշկականը լավ է, չէ, որ ենթագիտակցորեն ընտրում եք բժշկականը: Դե եթե լավն է, ուրեմն պատրաստ եղեք լավի համար թանկ վճարել»:

Աշոտյանի խոսքով` հայաստանյան բարձրագույն կրթությունը շատ խայտաբղետ է`  կողք կողքի առկա են թե լավը, թե վատը. « Չենք կարող ասել, որ ունենք շատ լավ, որակյալ բարձրագույն կրթություն, բայց նաև չենք կարող ասել, որ ունենք վատ  և անորակ բարձրագույն կրթություն: Ունենք բուհեր, ֆակուլտետներ, կրթական ծրագրեր, որոնց մատուցած  կրթական ծառայությունները ամոթ  չէ ներկայացնել արտերկրում, որոնք հետաքրքիր են տեղացի և արտասահմանցի ուսանողների համար, ունենք կրթական ծրագրեր, որոնք հավատարմագրվել կամ հավատարմագրվում են եվրոպական լավագույն հավատարմագրային  գործակալություններում: Դրանց կողքին ունենք կրթական ծրագրեր, որոնց պիտանելիության ժամկետն անցել է, կրթական ծրագրեր, որոնք արդիականացման կարիք ունեն, կրթության կազմակերպման ձևեր, որոնք  այլևս մրցունակ չեն»:

Խոսելով դպրոցական կրթության մասին` Աշոտյանն ասում է, որ ըստ սոցհարցումների հանրությունը դժգոհում է 12-ամյա կրթական համակարգին անցումից, ավագ դպրոցների ստեղծումից և նոր միայն կոռուպցիայից:

« Այսինքն թոփ 3-ի մեջ երկու  բացասական լիդերները ռեֆորմներն են,- ասում է ԿԳ նախարարը:- 12-ամյա կրթության անցել ենք 2006-ից, այսինքն 2018-ին նոր կունենանք 12-ամյա համակարգի առաջին շրջանավարտները: Մինչ այդ 12-ամյա կրթությամբ ոչ մի շրջանավարտ Հայաստանում չենք ունենալու, ո՞նց եք ասում վատն է, եթե դրա պտուղը դեռ չեք քաղել»:

Ավագ դպրոցների առումով էլ, ըստ Աշոտյանի, կա նոր միջավայրին հարմարվելու հոգեբանական խնդիր, բայց դա չի նշանակում, որ համակարգը վատն է:

Կապանում նոր ավագ դպրոց է կառուցվում

arm-6221-konferance2Ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ՝ ավանդական  օգոստոսյան խորհրդակցությունները ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը սկսել է սահամանամերձ Սյունիքի մարզից: Նախարարը օգոստոսի 26-ին  մարզկենտրոն Կապանում ներկա է գտնվել  մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների խորհրդակցությանը, որտեղ ներկայացվել  են Սյունիքի մարզի կրթական համակարգում 2012-2013 ուսումնական տարվա ընթացքում իրականացված աշխատանքներն ու առկա խնդիրները: Խորհրդակցությունը վարել է Սյունիքի նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանը: Շնորհավորելով գալիք ուսումնական տարվա մեկնարկը՝  մարզպետը շեշտել է ԿԳՆ-ի ու մարզպետարանի  համագործակցված աշխատանքի կարևորությունը, նշելով, որ Սյունիքում կան նաև 300-ից  պակաս բնակիչ ունեցող համայնքներ, որտեղ դպրոցների պահպանումը պետական հատուկ մոտեցում  է պահանջում: “Մենք նոր ռազամավարություն ենք ընտրելու և հետևողական ենք լինելու, որպեսզի գյուղական համայնքների դպրոցներում կուտակված խնդիրները պահենք ուշադրության կենտրոնում և մշակենք դրանց լուծման ուղղությամբ ստացված առաջարկները”,- նշել է Վ. Հակոբյանը:
Այնուհետև նախորդ  ուստարվա ընթացքում կատարված աշխատանքների ու անելիքների մասին հաշվետու զեկույցով հանդես է եկել  Սյունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Նաիրա Ավանեսյանը: Անցած ուսումնական տարում մարզում գործել է մարզային ենթակայության 112 հանրակրթական և 2 հատուկ դպրոցներ` 1015 դասարաններով, որոնցում սովորել է 14307 աշակերտ: Այս ուստարում նախատեսվում է մարզում կազմավորել 1014 դասարան` 14 460 աշակերտով: Մեկ դասարանի միջին խտությունը մարզի քաղաքային դպրոցներում կազմելու է 14,5, իսկ գյուղական համայնքներում` 5,8 աշակերտ:
Շեշտելով, որ Սյունիքում առաջին անգամ է մասնակցում օգոստոսյան խորհրդակցությանը՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ  հերթական  ուսումնական տարին մեկնարկում  է
է նոր ուսումնական պլաններով ու  դասագրքերով և մի շարք առարկաների բեռնաթափված  ծրագրերով. “Ես ակնկալում եմ, որ գալիք ուսումնական տարվա ընթացքում կատարված քայլերի վերաբերյալ կստանանք նաև ձեր գնահատականը,- դիմելով ուսուցիչներին նշել է  Աշոտյանն ու շարունակել,- նախորդ տարվա ընթացքում, ի թիվս հանրապետության 90 դպրոցների, Սյունիքի որոշ դպրոցներ ևս ներառված էին դասագրքերի փորձարկման  ծրագրերում: Այսինքն՝ մինչ դասագրքի հրատարակումը դրանք ներկայցվել էին փորձարկման՝ ակնկալելով մասնագիտական գնահատական: Սակայն ճնշող մեծամասնությունը շատ ֆորմալ, ձևական պատասխաններ է ներկայացրել: Այնպես որ, եթե հետագայում դասագրքերի որակի հետ կապված լինեն դժգոհություններ՝ նկատի ունեցեք, որ մենք մատնացույց ենք անելու դրական կարծիքներ հայտնած դպրոցներին: Ընդհանրապես, մասնագիտական համաձայնության խնդիրը Հայաստանում շատ լուրջ է: Հազվադեպ է պատահում, որ միևնույն հարցի վերաբերյալ մասնագետներն  ունենան միասնական կարծիք”:
Արձագանքելով հարցադրմանը, թե մարզի դպրոցների մեծ մասը կարիք ունեն լաբորատոր սարքավորումների և  նյութատեխնիկական բազայի բարելավման՝  նախարարը նշել է, որ այս տարի հանրապետության գրեթե բոլոր դպրոցներն ապահովված կլինեն  ինտերնետային կապով: Միաժամանակ նախարարը կոչ է արել դպրոցների տնօրեններին ակտիվ կապի մեջ լինել նախարարության հետ և ներկայացնեն ինտերնետային կապի որակի վերաբերյալ իրենց դիտողությունները, որպեսզի հնարավոր լինի վերահսկել ինտերնետ կապ մատուցող ընկերությունների աշխատանքը:
“Թեև վերջին տարիներին ավելի քան 5000 նոր համակարգիչ  է հատկացվել հանրապետության դպրոցներին, սակայն համակարգչային վերազինումը  մշտական  գործընթաց է”,- ուսուցիչներից մեկի հարցին ի պատասխան ասել է նախարար Ա. Աշոտյանն ու առաջարկել մարզպետարանին  գնահատել մարզի դպրոցների համակարգչային լաբորատորիաների պահանջարկն ու  ներկայացնել ԿԳՆ:
Խոսելով խնդիրների մասին՝ Ա. Աշոտյանը ընդգծել է, որ ամենալուրջ հարցը  աշակերտական համակազմի նվազումն է, որից էլ ածանցվում է դպրոցների ֆինանսական վիճակի վատթարացումը: Սրանից բխում է նաև դպրոցներում ուսուցչական կադրերի ավելցուկի խնդիրը: Շեշտելով , որ հանրապետությունում ամենաշատ թվով ոսկե մեդալակիրներ ունեցող դպրոցը Սյունիքի մարզից է, դա Գորիսի թիվ 4 ավագ դպրոցն է, նախարարը նշել է, որ հնարավոր չէ ապահովել որակյալ կրթություն ՝ առանց բարձրակարգ մասնագետի: “Հետևաբար, դասաժամերի սակավությամբ պայմանավորված,  կադրերի կրճատումներ իրականացնելիս, տնօրենները  պարտավոր են առաջնորդվել բարոյական նորմերով ու խղճով, որպեսզի որևէ լավ մասնագետ դուրս չմնա դպրոցից”,- շեշետել է Ա. Աշոտյանը:
Անդրադառնալով մանկավարժների սոցիալական խնդիրներին՝ ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ 2014 թվականի հունվարից նախատեսվում է ուսուցիչների աշխատավարձի զգալի բարձրացում:
Նախարարը տեղեկացրել է, որ  “Դպրոցական սնունդ” ծրագրով կրտսեր դպրոցի երեխաներին տրվելու է անվճար սնունդ և միաժամանակ կոչ արել, որ գործընթացը կազմակերպվի ամենայն պատասխանատվությամբ: Արձագանքելով մարզի մի շարք դպրոցներից ստացված դիմումներին՝  Ա. Աշոտյանն առաջարկել է, որ դպրոցները իրենց հայեցողությամբ անցնեն 5-օրյա աշխատանքային շաբաթի: “Կրթությունը դպրոցներում կարող է լինել ինչպես 5-օրյա, այնպես էլ 6-օրյա, ընտրության իրավունքը  թողել ենք դպրոցներին: Մենք հարգում ենք դպրոցների մոտեցումները: Մարզպետարանի միջնորդությամբ նախարարությունը պատրաստ է այդ խնդրին տալ այնպիսի լուծում, որը կբխի դպրոցի շահերից”, – պարզաբանել է  նախարարը:
Խորհրդակցության ավարտից հետո ՀՀ ԿԳ նախարարը այցելել է Կապանի թիվ 2 ավագ դպրոցի նոր կառուցվող մասնաշենք, ծանոթացել  շինարարության ընթացքին: Կապանի թիվ 2 ավագ դպրոցը երկու տարի առաջ փլուզվել էր, այժմ կառավարության կողմից հատկացված միջոցներով նույն տեղում նոր դպրոց  է կառուցվում: Այս ընթացքում Կապանի թիվ 2 ավագ դպրոցը դասընթացները կազմակերպել է Կապանի թիվ 1 և թիվ 6 դպրոցների մասնաշենքերում: Նախարարին զեկուցվել է, որ դպրոցի կառուցումը ավարտին կհասցվի մեկ տարվա ընթացքում  և հաջորդ  սեպտեմբերիր 1-ին  կրթօջախը պատրաստ կլինի շահագործման:

Լավ սովորող ուսանողը վարձի պատճառով կրթության հնարավորությունից չի զրկվի. Արմեն Աշոտյան

Արմեն-ԱշոտյանԿրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ուսման վարձավճարների շուրջ  բողոքի ակցիա կազմակերպած մի խումբ  երիտասարդների: Հանդիպման ընթացքում նախարարը պատասխանել է երիտասարդների հարցերին և նրանց առաջարկել իրենց պահանջներն ու առաջարկները գրավոր ներկայացնել ՀՀ կրթության և գիտության նախարարություն, որոնց կտրվի գրավոր պատասխան: Պատասխանելով երիտասարդներից մեկի այն հացին, թե ինչու են բուհերը վարձավճարների բարձրացման մասին ուսանողներին տեղյակ պահել միայն մայիս ամսին, այն դեպքում, երբ բուհերի  կառավարման խորհուրդները շատ ավելի վաղ էին  հաստատել բուհերի բյուջեները, ԿԳ նախարարը պատասխանել է.

«Բուհերի կառավարման խորհուրդները վարձավճարներ չեն սահմանում, այլ ընդամենը հաստատում են բուհի բյուջեն, ուստի չի կարելի պնդել, թե բուհերի կառավարման խորհուրդները նախապես թաքցրել են թանկացման մասին տեղեկությունը: Կառավարման խորհուրդները, սովորաբար, տվյալ տարվա սկզբին կամ նախորդ տարվա վերջին են հաստատում  բուհի բյուջեն՝ հիմնականում հենվելով ակնկալվող բյուջետային մուտքերի վրա: Իրականում ուսանողների թերհամալրման խնդիրն առավել ակնառու դարձավ մարտ-ապրիլ ամիսներին, երբ որոշակիորեն հստակեցվեցին դիմորդների նախապատվությունները՝ կապված այս կամ այն բուհի կամ մասնագիտության ընտրության հետ: Ակնհայտ էր, որ բուհերն ունենալու են ուսանողների թերհամալրում, հետևաբար նաև ֆինանսական խնդիրներ»,- նշել է  նախարարը:

Երիտասարդները տարբեր հարցեր են ուղղել նախարարին՝ ուսանողների  համար նախատեսված սոցիալական ծրագրերի, ռեկտորատների որոշումների վերանայման հնարավորության և այլ խնդիրների վերեբերյալ: ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանը  հանգամանալից ներկայացրել է խնդիրը՝ նշելով, որ շատ բուհերում ֆինանսական լուրջ խնդիրներ կան: Բուհերը   վարձավճարների բարձրացման քայլին գնացել են պարտադրված՝ բուհի հետագա զարգացումն ու որակյալ, մրցունակ կրթություն ապահովելու պահանջից ելնելով, հետևաբար վարձավճարների   վերանայումը իրատեսական չէ: «Պետության խնդիրն է ապահովել, որպեսզի որևէ լավ սովորող ուսանող վարձի պատճառով չզրկվի կրթության հնարավորությունից կամ դուրս չմնա բուհից: Հավատացած եղեք, որ այդ ուղղությամբ ամեն ինչ անելու ենք»,- վստահեցրել է  Արմեն Աշոտյանը: Նրա խոսքով առաջիկյում ընդունելով օրենք, կսահմանվի բուհերի վարձավճարների վերին շեմ: Սեպտեմբերի 1-ից «Փարոս» համակարգում ընդգրկված ընտանիքների երեխաները, եթե լավ են սովորում, ապա 50-100 տոկոս ուսման վարձի զեղչ կստանան: Մշակման փուլում է գտնվում նաև ուսանողական զեղչերի մասին օրինագիծը, որտեղ այդ գործընթացի համար սահմանվում  են հստակ պահանջներ, այն դեպքում, երբ այժմյան օրենսդրությամբ սոցիալապես խոցելի խավերի համար բուհն ինքն է որոշում` որքան զեղչ կիրառել: «Մենք ուսանողների 11 խմբերի համար, թեպետ առաջարկների հիման վրա այդ խմբերի քանակը կարող է փոխվել, հստակ սահմանելու ենք, թե ում քանի տոկոս զեղչ կհասնի: Դա կլինի պարտադիր բոլորի համար, անկախ նրանից, թե բուհի ղեկավարությունն ինչպիսի կապեր և հարաբերություններ ունի այս կամ այն ուսանողի հետ»,- շեշտել է  ԿԳ նախարարը և հավելել, որ  կառավարությունն օրենքի նախագիծը սեղմ ժամկետներում կուղարկի ԱԺ, և ամեն ինչ կարվի, որ 2014 թվականի հունվարից ուսանողական զեղչերի մասին օրենքը  արդեն կիրառվի. «Այսինքն լավ սովորող ուսանողը հունվարից արդեն կունենա սոցիալական զամբյուղից օգտվելու հնարավորություն»,- վստահեցրել է Ա. Աշոտյանը՝ հավելելով, որ գալիք տարի արդեն նախատեսվում  է ավելացնել նաև պետպատվերի տեղերի քանակն այն մասնագիտությունների համար, որոնք պետության համար գերակա ուղղություններ են: Նախարարը նշել է նաև, որ այս տարի շուրջ 100 պետպատվերի տեղեր տեխնիկական և գյուղատնտեսական  մասնագիտությունների գծով թափուր են մնացել, որոնք հետո լրացուցիչ հատկացվել են արվեստի բուհերին:
Հանդիպման ավարտին նախարար Ա. Աշոտյանը շնորհակալություն է հայտնել երիտասարդներին՝  կրթության նկատմամբ մտահոգություն ցուցաբերելու համար և հորդորել իրենց  առաջարկություններով  մասնակից դառնալ մշակման փուլում գտնվող օրինագծի լրամշակման աշխատանքներին:

 

ՀՀ ԿԳ նախարարը հաստատել է հանրակրթական դպրոցների դասագրքերի վարձավճարների չափը

arm-6211-dasagirq

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտությաննախարարի 2009 թվականի օգոստոսի 21-ի N 752-Ն հրամանովհաստատված “ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններըդասագրքերով ապահովելու և հանրակրթական առարկաների դասագրքերհրատարակելու կարգը”, Հայաստանի Հանրապետության կրթության ևգիտության նախարարության կանոնադրության 14-րդ կետի պահանջները` ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման էստորագրել “2013-2014 ուսումնական տարվա հանրակրթականուսումնական հաստատությունների դասագրքերի համար ներդրումայինգումարների չափը սահմանելու մասին”:

Ըստ հրամանի` 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարանների “Հայոց լեզու”, “Հայգրականություն”, “Հայոց պատմություն”, “Հասարակագիտություն”դասագրքերի համար ներդրված գումարները անհրաժեշտ է փոխանցել”Դասագրքերի, դասամատյանի իրացումից մուտքեր” 900005281499պետական գանձապետական հաշվեհամարին:

ՀՀ ԿԳ նախարարի նշված հրամանի համաձայն՝ կրտսեր դպրոցում բոլորդասագրքերը աշակերտներին տրամադրվում են անվճար:

Վասն գիտելիքի կամ կրկին շտեմարանների մասին

  1. շտեմարան1Ինչո՞ւ  գրեցի այս հոդվածը

Վաղուց էի մտմտում, բայց շտեմարանների և դրանց հիման վրա կազմված թեստերի շուրջ այնքան աղմուկ կար, որ իրար չէին լսում: Հիմա, երբ կրքերը կարծես մի քիչ հանդարտվել են, երբ հանրակրթական ավագ դպրոցի շրջանավարտները  հայոց լեզվից և հայ գրականությունից լավ-վատ հանձնել են ավարտական, միասնական  քննությունը, արժե արդեն խոսել՝  մի քիչ այլ տեսանկյունից և այլ մոտեցումով:

Միանգամից ասեմ, որ խոսքս ուղղված է մեզ բոլորիս, ովքեր զբաղվում են կրթության և դպրոցի, ինչպես նաև մայրենի լեզվի ուսուցման և դասավանդման հարցերով: Խորին հարգանքով եմ վերաբերվում բոլոր այն մարդկանց, ովքեր աշխատել  կամ շարունակում են համագործակցել ԳԹԿ-ի հետ: Գիտեմ, որ թեստ կամ հարցարան կազմելը հեշտ գործ չէ: Ուստի արժանին պիտի մատուցել այն գիտնականներին, որոնք այս կամ այն չափով առնչվել կամ ուղղակիորեն տքնել են՝ ստեղծելու համար թե՛ հարցարանների ժողովածուներ, թե՛ շտեմարաններ, թե՛ թեստեր:  Ընդ որում՝ խոսքս վերաբերում է բոլոր տարիների հեղինակներին՝ սկսած պրոֆեսորներ Պետրոս Բեդիրյանից և Վազգեն Համբարձումյանից մինչև այսօրվա շտեմարանի հեղինակային խմբի յուրաքանչյուր անդամ: Ներեցե՛ք, որ բոլորին հականե-հանվանե չեմ թվարկում. նպատակս սկսած գործի ապագան կամ շարունակությունը տեսնելու միտումն է:

Հոդվածը գրելու պատճառներից մեկն էլ «Անկախ» շաբաթաթերթում (28. 06. 2013թ.) ԳԹԿ-ի ներկայացուցչի հետ լրագրողի հարցազրույցն էր, որտեղ սովորողների գնահատման և թեստավորման կենտրոնի պատասխանատուն ասում է.  «Քննությունները անցան շատ խաղաղ ու հանգիստ պայմաններում: Շտեմարանային քննությունները, այն առումով, որ ոչ մի բովանդակային բողոք չունենք, կարելի է համարել արդարացված: Այսինքն՝  շտեմարանները  ծառայեցին նպատակին, ինչի համար ստեղծվել էին. չունեցանք առաջադրանքներ, հարցադրումներ, որոնք կունենային երկիմաստություն կամ բողոքարկումների տեղիք կտային»:

Ասել է թե՝ բողոք չկա, ուրեմն ամեն բան լավ է, եկե՛ք շարունակենք նույն ոգով: Արդյոք պիտի նույն ոգո՞վ առաջ գնանք, թե մի պահ կանգ առնելու և հարցը խորությամբ  ուսումնասիրելու ճիշտ ժամանակն է, քանի դեռ ուսումնական տարին չի սկսվել:

Հաջորդ կարևոր պահը, որն ինձ միշտ զարմացրել է, հենց շրջանավարտի, միասնական քննություն հանձնողի անձի անտեսումն է: Մեծահասակները, կրթության գործի կազմակերպիչներն ամեն ինչ անում են, թվում է, պարմանիների համար՝ անտեսելով և զանց առնելով մեր հասարակության ստվար մի զանգվածի իրավունքները, պետական փաստաթղթերով նրանց առջև դրված  պահանջները, ինչպես նաև ցանկացած պատանու կամ աղջկա պարզունակ թվացող հարցը՝ դա ինձ պե՞տք է …

  1. Կրթության բովանդակությունը ներկայացնող փաստաթղթեր

Նրանք, ովքեր մոտ են կրթական գործին կամ զբաղվում են դրանով կամ էլ գաղափար ունեն տարրական մանկավարժությունից, գիտեն, որ գոյություն ունի «կրթության բովանդակություն» հասկացություն: Կրթության բովանդակությունը սահմանվում և հաստատվում է կառավարության կողմից, ձևավորվում և ամբողջանում է պետական փաստաթղթերով՝ Հանրակրթության պետական չափորոշիչ, սրա հիման վրա՝ առարկայական չափորոշիչ և ծրագրեր, սրանց մեջ արձանագրված պահանջներից ելնելով էլ ստեղծվում,  կազմվում են դասագրքերը և ուսումնաօժանդակ ձեռնարկները:

Հիմա փորձենք  կարդալ և ուղղակի մեջբերել Հանրակրթության պետական չափորոշչի՝ ավագ դպրոցի հայոց լեզվի և հայ գրականության սահմանները նշող հատվածը (armedu.am կամ aniedu.am).  «47. Ավագ դպրոցի ծրագրի «Հայոց լեզու, գրականություն» ուսումնական բնագավառը նպատակաուղղված է`

1) մայրենի լեզվով` բանավոր և գրավոր խոսքի միջոցով (ընդգծումը՝ հեղինակի), սեփական մտքերը, հույզերն արտահայտելուն, մարդկանց հետ հաղորդակցվելուն, շրջապատող աշխարհը և մարդկանց հասկանալուն, բնության, հասարակության և մարդու մասին գիտելիքներ ստանալուն.

2) հայերենով ստեղծված գրական-գեղարվեստական ստեղծագործություներին  հաղորդակից  դառնալու, սեփական ստեղծագործական ունակությունները դրսևորելու և զարգացնելու գիտելիքների, կարողությունների և հմտությունների  (ընդգծումը՝ հեղինակի) ձևավորմանը.

3) սովորողների կողմից լեզուն որպես մշակութային արժեքի ընկալմանը, այն կրելու, պահպանելու ու տարածելու անհրաժեշտության, հայ գրականության` որպես ազգային մշակույթի կարևորագույն արժեքի, ազգային մտածողության և հոգեբանության բացահայտողի դերի, գրական ստեղծագործություններին, արվեստի գործերին ծանոթանալու և հաղորդակցվելու  անհրաժեշտության  գիտակցմանը.

4) գեղագիտական ճաշակի ձևավորմանը, Հայաստանում ապրող մյուս ժողովուրդների և համաշխարհային գրական մշակույթի արժեքների գնահատմանը:

48. Ավագ դպրոցի ծրագիրը պետք է ներառի գիտելիքներ, պատկերացումներ`

1) բանավոր և գրավոր կապակցված խոսք կառուցելու նրբերանգների (ընդգծումը՝ հեղինակի), հայոց լեզվի քերականական կառուցվածքի, լեզվաոճական առանձնահատկությունների և ճարտասանական հիմնական սկզբունքների,

2) գրական լեզվի կենսունակ (գործածական) բառապաշարի, հայերենի բառաստեղծման  սկզբունքների,

3) հայ և արտասահմանյան դասական ու ժամանակակից գրական երկերի, հայ և այլ ազգերի ժողովրդական  բանահյուսության,

4) գրականության պատմության, գրականության տեսության մասին»:

Հայցում եմ ընթերցողների ներողամտությունը այսպիսի ծավալուն մեջբերման համար: Սակայն սա խիստ անհրաժեշտ է՝ հասկանալու համար, թե ի՛նչ է պահանջում պետությունը հայոց լեզու և հայ գրականություն դասավանդողներից և ի՛նչ է ակնկալում ավագ դպրոցի շրջանավարտից: Եթե մի քիչ ավելի սեղմենք և պարզ արտահայտվենք, ապա կառավարության հաստատած փաստաթուղթը սովորողներից ակնկալում է որոշակի գիտելիքներ հայոց լեզվից և հայ գրականությունից, իսկ որ ավելի կարևոր է, այդ գիտելիքների հիմքի վրա որոշակի կարողությունների և հմտությունների  ձևավորում.  ընկալել գրվածքի լեզվաոճական առանձնահատկությունները, բանավոր և գրավոր խոսք կառուցել, ճարտասանական որոշակի հմտություններ դրսևորել: Այսինքն՝ մայրենի լեզվի  և գրականության ուսուցման խնդիրը նախ և առաջ սովորողի հաղորդակցական կարողությունների զարգացումը, կյանքի համար անհրաժեշտ հմտությունների ձեռքբերումն է:

Նկատե՞լ եք, որ նույնիսկ ամենաառօրեական հարաբերություններում հաջողության հասնում են ճարտար լեզու ունեցողները: Գնացե՛ք շուկա, ոչինչ մի՛ գնեք, այլ ուշադիր հետևե՛ք վաճառողների խոսքին, մարդկանց վերաբերվելու հմտությանը: Հաճախ եմ հիացմունքով հետևել  հաղորդակցական և ճարտասանական հմտություններ ունեցող առևտուր անողին, որը շատ արագ և իր ուզած գնով իրացրել է ապրանքը: Սա, անշուշտ, արվեստ է: Մարդը ձեռք է բերել կյանքում իրեն անհրաժեշտ կարողություն՝ առանց հայոց լեզվի քերականական համակարգի մեջ խորանալու կամ անգիր անելու:

Այսպես նաև բոլոր ոլորտներում:  Պահանջվում է կենդանի խոսք, հաղորդակցություն, շփվելու հմտություն, և կրթության բովանդակությունը սահմանագծող փաստաթուղթը ևս հստակ պահանջում է՝ գիտելիք, անշուշտ, բայց ոչ հանուն գիտելիքի, այլ դրա հիման վրա՝ ձևավորել, զարգացնել և շարունակաբար կատարելագործել կարողություններ  և հմտություններ ողջ կյանքի համար, սեփական բարեկեցության ապահովման համար: Չեմ կարծում, որ քերականություն սերտած այսօրվա շրջանավարտը շուկայում առևտուր անող և իր ընտանիքը վարդի պես պահող վաճառականի նման փայլուն խոսքով հանդես գալու կարողությամբ օժտված լինի:

Հայոց լեզու և հայ գրականություն դասավանդողի առջև այս ընդհանրական փաստաթղթի պահանջներն ավելի ընդգծված են ներկայանում առակայական չափորոշչում և ծրագրերում: Ավագ դպրոցի «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի չափորոշչում (armedu.am կամ aniedu.am) առավել հստակ ընդգծվում են հայոց լեզվի և հայ գրականության դասավանդման հիմնական նպատակադրումները՝ սովորողների բանավոր և գրավոր խոսք կազմելու, հաղորդակցական  կարողությունների զարգացումը:

Հիշյալ չափորոշչի Զ կետը (էջ 28-35) ներկայացնում է այն նվազագույն պահանջները, որոնք պարտադիր են ավագ դպրոցի շրջանավարտի համար: Պահանջները ներկայացվում են երեք մակարդակով և երկու համակարգերով՝ ա) գիտելիքների, բ) կարողությունների և հմտությունների:  Սա նշանակում է, որ  ավագ դպրոցն ավարտող ոչ բոլոր շրջանավարտներից պիտի պահանջվեն գիտելիքների և կարողությունների նույն քանակը  կամ մակարդակը: Ասեմ նաև, որ թե՛ հայոց լեզվից, թե՛ հայ գրականությունից սովորողին ներկայացվող նվազագույն պահանջները երկու հոսքով են մատուցվում՝  ա) ընդհանուր և բնագիտական հոսքեր, բ) հումանիտար հոսք:

Ամենաթեթև ակնարկն անգամ ցույց է տալիս, որ այս պահանջների մեջ ամենից քիչ տեղ հատկացված է զուտ քերականական կամ գրականագիտական գիտելիքներին, առավել շեշտվում են ձեռք բերած կարողությունները, որոնց առկայության համար կիրառվում են հետևյալ բայ-պահանջները՝ կարդալ, գրել, ձևակերպել, գտնել, որոշել, տարբերել, հարստացնել, բացահայտել, մեկնաբանել, կիրառել, գործածել, համեմատել, քննարկել, կազմակերպել, կառուցել և այլն:  Նշանակում է՝ թեստային կամ  շտեմարանային պահանջները և առաջադրանքները ևս պիտի կառուցվեն այս պահանջներին համապատասխան՝ հենվելով սրանց վրա և ապահովելով պետականորեն  վավերացված  փաստաթղթի  պահանջների  իրականացումը:

Հիմա նորից  դառնամ  ԳԹԿ-ի ներկայացուցչին և շարունակեմ մեջբերումը. «Բազան (շտեմաարնների) կընդլայնվի, …….. որ կարողանանք պատահական ընտրելու գործոնը նվազեցնել և հստակ գիտելիք (ընդգծումը՝ հեղինակի)  ստուգող  առաջադրանքները  շատացնել»:

Բայց չէ՞ որ հենց ԳԹԿ-ի ներկայացուցիչը հիանալի պիտի իմանա պետական փաստաթղթերի բովանդակությունը և տիրապետի դրանց պահանջներին, որ կարողանա ղեկավարել մասնագիտական-առարկայական հանձնախմբերի աշխատանքը: Այնինչ ներկայացուցիչը ևս կա՛մ չգիտի, կա՛մ անտեսում է կառավարության որոշումները և խոսում է միայն գիտելիքը ստուգելու մասին:

Շատ տարօրինակ է, որ աջ ձեռքով դպրոցի համար չափորոշիչներ, սովորողին ներկայացվող պահանջներ ենք մշակում՝ գիտելիք, կարողություն, հմտություն հերթագայությամբ, խոսքի զարգացման և շարունակական մշակման պահանջ ենք դնում, բայց ձախ ձեռքով ստուգում ենք միայն գիտելիքը, որը, ցավոք, պատանուն պետք է միայն թեստային առաջադրանքները կատարելու, որոշակի դրական միավոր վաստակելու և  բուհի ուսանող դառնալու համար:  Մնում է միայն մեկ կամ երկու տարվա դառը հիշողությունը՝ դասուսույցի մոտ վազելու, թութակի պես ուրիշի մտքերը կրկնելու, հայոց լեզվի քերականական համակարգը ցանկացած լեզվաբանից էլ լավ անգիր սերտելու տանջանքը: Իսկ սեպտեմբերին մեր նորաթուխ ուսանողն արդեն իր ուղեղից հիմնովին ջնջում է թե՛ հայոց լեզուն ու ոճաբանությունը, թե՛ հայ գրականությանը և գրականագիտությունը:  Ահռելի և անօգուտ  բեռ, որի համար դիմորդը բավական լավ վճարել  է դասուսույցին:

Եթե մի հրաշքով դառնայի 16-17 տարեկան, դատի կտայի այն մարդկանց,  որոնք շտեմարաններ և թեստեր են կազմում՝ անտեսելով կրթության բովանդակությունը նշող փաստաթղթերի պահանջները, բանավոր և գրավոր խոսք չսովորեցնող, արդեն առաջին դասարանից  շտեմարաններով և թեստերով ինձ վարժեցնող մեծահասակներին, որոնք գիտությամբ զբաղվելու փոխարեն ընկել են դեռահասիս վտիտ ուսերին ու գրպանին և գլուխս  լցնում են կյանքում ինձ պետք չեկող գիտելիքներով:

Ստացվում է, որ մի բան ենք սահմանում, բայց խորությամբ ստուգում ենք միայն մաքուր քերականություն կամ ոճաբանություն, մաքուր գրականագիտություն կամ գրականության տեսություն: Սա քերականություն կամ գրականագիտություն է՝ հանուն … բանասիրության: Զարմանալի է, թե շտեմարաններով քննություն հանձնած և բարձր միավորներ շահած դիմորդին ինչո՛ւ  առանվազն գիտության թեկնածուի կոչում չենք տալիս, քանի որ նա կարճ ժամանակով ավելի շատ բան է գլխում տեղավորում, քան այսօրվա բուհերի՝ կոչում գնած շատ դասախոսներ և գիտության թեկնածուներ…

  1. Շտեմարաններ, ուղեցույցներ

Հիմա աչքի անցկացնենք հայոց լեզվի և հայ գրականության պետական ավարտական, միասնական  գրավոր և բանավոր քննությունների ուղեցույցը (հեղինակներ՝  Միրցա Հալաջյան,  Աշխեն Ջրբաշյան, Փառանձեմ  Մեյթիխանյան): Սույն ուղեցույցի 9-րդ էջում կարելի է կարդալ. «Թեստային առաջադրանքները (հայոց լեզվից) կազմվում են հիմնական դպրոցի  «Մայրենի» 5-րդ, 6-րդ,  «Հայոց լեզու» 7-րդ, 8-րդ, 9-րդ և ավագ դպրոցի բնագիտամաթեմատիկական և ընդհանուր հոսքերի 10-րդ, 11-րդ, 12-րդ դասարանների  դասագրքերում  (ընդգծումը՝ հեղինակի) ամփոփված ծրագրային նյութի հիման վրա: Նույն բանը կարդում ենք նաև հայ գրականությունից տրվող առաջադրանքների մասին:  Թեստերն ընդգրկում են դասագրքերի նյութը:

Անշուշտ, կրթության բովանդակությունը ներկայացնում են նաև դասագրքերը, բայց հենվելով չափորոշիչների և ծրագրերի պահանջների վրա: Այսինքն՝ շտեմարան կամ թեստ կազմողները նախ պիտի շատ հանգամանորեն ուսումնասիրեն պետական փաստաթղթերը, դրանց պահանջները, հետո միայն, թերևս հպանցիկ  անդրադառնան դասագրքային նյութին:

Այնինչ  թեստ  կազմողները միայն ու միայն դասագրքերով են առաջնորդվում: Իսկ դասագրքերը հիմնականում ներկայացնում են ծրագրային նյութը, այսինքն՝ ապահովում են գիտելիքի հոսքը՝ առանց ձևավորելու կարողություն և հմտություն: Սա արդեն մեթոդական-մանկավարժական խնդիր է, որն ուսուցիչը պիտի ապահովի համապատասխան մեթոդամանկավարժական պատրաստականությունից հետո: Չնայած լավ դասագիրքը գիտելիքի մատուցմանը զուգահեռ պիտի ընդգրկի այնպիսի  առաջադրանքներ, որոնք սովորողին մտածել կտան, կստիպեն սովորած  քերականական գիտելիքը կիրառել սեփական բանավոր և գրավոր խոսքում, գրականագիտական երևույթները ինքնուրույնաբար գտնել և ցույց տալ կարդացած գրական երկում:

Գիտեմ, որ ավելի հեշտ է գիտելիքի ստուգման առաջադրանքներ կազմել, քան կարողության և հմտության ստուգման: Սա մանրակրկիտ ու հետևողական աշխատանք է պահանջում. այս դեպքում խաչվում են մի քանի գիտություններ՝ սկսած մեթոդաբանությունից և հոգելեզվաբանությունից  և վերջացրած տրամաբանությամբ և թեստաբանությամբ: Ավելին՝ շտեմարան և թեստ կազմողները դպրոցում հայոց լեզու և գրականություն դասավանդելու փորձ պիտի ունենան:

Բացի դրանից, ցանկացած լեզվի քերականություն կենդանի և կենսունակ է  խոսքի ոլորտում: Նախադասությունից դուրս դժվար է որոշել  բառերի խոսքիմասային պատկանելությունը, օրինակ՝ Տրված բառաշարքում քանի՞ վերաբերական կա (Շտեմարան 1, էջ 56, հ. 121): Կամ էլ զուտ մեքենայական աշխատանք է, որ տեքստի մեջ պիտի հաշվի գոյականների, ածականների, դերանունների  և այլնի քանակը: Ասենք, հաշվեց, տեսավ, որ կա վեց ածական (բայ, դերանուն և այլն): Հետո ի՞նչ:

Մեթոդական առումով տեղին չէ նաև անընդհատ պահանջել, որ գտնի սխալը: Լավագույն դեպքում պիտի գտնի և ուղղի կամ էլ ճիշտ ձևը պիտի տրված լինի, որ դիմորդը գտնի և տեղադրի համապատասխան տեղում: Թեստ կազմելու մշակույթը պահանջում է դա: Թեստն իր մեջ պարունակում է ճիշտ պատասխանը, դիմորդը պիտի հենց այդ ճիշտը հայտնաբերի՝ տրամաբանորեն, մտածելով, հենվելով իմացածի վրա: Թե չէ գտավ կամ էլ պատահականորեն ճիշտ նշեց, որ այսինչ համարի նախադասության մեջ բառագործածության սխալ կա: Ի՞նչ ստուգեցինք: Սա նույնիսկ գիտելիք էլ չէ, այլ բախտախաղ. բախտս բերեց՝ ճիշտ կնշեմ ու վերջ: Ուզում եմ հասկանալ՝ այսպիսի մեքենայական նշումները ի՛նչ են տալիս մեզ, կամ ինչի՛ց ենք իմանում, որ համապատասխան թիվը նշող դիմորդը գիտի նաև դրա ճիշտ լուծումը:

Ահա 57 էջի առաջադրանքը (Շտեմարան 1, համար 122-125). Տրված բառերից քանիսը կարող են գործածվել տարբեր խոսքի մասերի արժեքով: Մաքուր քերականական գիտելիք՝ հանուն քերականության: Ասենք թե պատահականորեն նշեց ճիշտ մեր ուզած թիվը: Արդյոք դիմորդը հստակորեն պատկերացնո՞ւմ է, թե իր նշած ժամանակ բառը ե՛րբ է իբրև գոյական գործածվում, իսկ երբ՝ կապ: Կամ դա նրան երբևէ պետք գալո՞ւ է:

Նույնպիսի առաջադրանքներ սփռված են շտեմարանի բոլոր հատորներում: Ահա երկրորդ հատորում 48-65 համարի առաջադրանքներում պահանջվում է նշել, թե կազմությամբ ածանցավոր քանի՛ բայ կա տրված տեքստում կամ նախադասություններում (էջ 47-66):

Ենթադրենք ՝ ճիշտ նշեց, որ կա տասը բայ, իսկ ի՞նչ իմանանք՝ այդ դիմորդը խոսելիս ճի՞շտ է գործածում դրանց խոնարհման ձևերը, արդյոք չի ասում՝  թռչի՛ր, լվացրո՛ւ, բաժակս  լցրա՛,  աշխատանքս  վերջացրեցի և խոսքային այլ «գոհարներ»:

Իսկ հայ գրականության առաջադրանքներն ուղղակի դասագրքերի սերտողություն են պահանջում: Շատ հանգիստ կարելի է «Քաոս» վեպը չկարդալ, բայց դրան վերաբերող թեստային առաջադրանքներն անթերի կատարել:

Մեզանում այս էլ քանի տարի գրեթե կատարելագործման հասցվեցին գիտելիք ստուգող, ավելի ճիշտ՝ սերտողություն պահանջող առաջադրանքները: Այսօր բոլորն էլ գոհ են. շտեմարաններ կան, կնստեցնեն  դիմորդներին  և անգիր անել կտան, կվաժեցնեն և կմարզեն լավագույնս, հետո էլ կպարծենան դիմորդների ստացած միավորներով, որ հետո նոր ուսումնական տարվա համար քերականություն և գրականագիտություն  սերտած  ուսանողների  նոր խմբաքանակ մատուցեն բուհին:

Բայց եկե՛ք դիտարկենք քերականախեղդ և գրականախեղդ եղած ուսանողի հետագա ճակատագիրը …

  1. Ուսանող դառնալուց հետո

Եվ այսպես՝ քերականություն, գրականագիտություն և այլ –ություններ, դասագրքերի հեղինակների մտքերն առանց հասկանալու սերտած և անգիր արած ուսանողը հայտնվում է բուհում: Նա վերջապես ազատագրվել է թե՛ հայոց լեզվից, թե՛ հայ գրականությունից:

Այստեղ պիտի բացահայտվի, որ շտեմարաններով կամ թեստերով իրենից ի՛նչ պահանջել են, երբեք էլ պետք չի գալու: Ընդհակառակը, հիմա նրանից պահանջվում է  մասնագիտական գրականություն կարդալ, կարդացածը հասկանալ, շարադրել սեփական բառերով, կարծիք հայտնել, մասնակցել սեմինարների և գործնական աշխատանքների, զեկուցումներ, ռեֆերատներ, անհատական և կուրսային աշխատանքներ գրել, լսարանի առջև ելույթ ունենալ, մասնակցել զանազան քննարկումների, բանավեճերի և այլն և այլն: Ի դեպ, աշխատանքի այս տեսակները պահանջվում  են նաև ավագ դպրոցի հայոց լեզվի և հայ գրականության չափորոշիչով:

Ահա մեր նորաթուխ ուսանողը խիստ զարմացած և շփոթված է. նա սովոր է անգիրի, իսկ այստեղ ասում են՝ մտածի՛ր, դատի՛ր, կարծի՛ք հայտնիր: Նա պատրաստ չէ. նրան դպրոցում դա չեն սովորեցրել, նա չի կարողանում իր մտքերը, կարդացածը հասկանալի, գրական լեզվով շարադրել, գիտական լեզվով հաղորդակցվել, պահանջվող  աշխատանքը կատարել: Նորաթուխ ուսանողը հանկարծ հասկանում է, որ իրեն խաբել են. սովորեցրել են գիտություն հանուն գիտության, բայց չեն տվել մտածելու, տրամաբանելու, խոսք կազմելու կարողություն և հմտություն: Այնինչ ավագ դպրոցում թե՛ հայոց լեզվի, թե՛ հայ գրականության դերը (հատկապես ոչ հումանիտար հոսքում) հիմնականում խոսքի ուսուցումը և զարգացումն է:

Այսպիսի անել վիճակում հայտնված ուսանողն սկսում է քրքրել համացանցը, ուշադրությամբ կարդալ բոլոր հայտարարությունները և վազել, վճարել և գնել անհրաժեշտ անհատական, կուրսային  աշխատանքները, անգամ մագիստրոսական, հետո էլ թեկնածուական թեզերը:

Տեսնո՞ւմ եք՝ ի՜նչ հիանալի ձևով մարդուն սովորեցրինք վճարել իր չունեցած կարողությունը ձեռք բերելու համար: Արդյոք սա չի՞ խոսում պետական մտածողության բացակայության կամ կրթական գործի հանդեպ անտարբերության մասին:

Վաղը, այս պատանիներն ու աղջիկները կավարտեն բուհը, ուսումը կշարունակեն դրսում կամ չեն շարունակի, ու քանի որ կիրառական օտար լեզուն ավելի հեշտ է նրանց տրվում, խաչ կդնեն թե՛ հայոց լեզվի, թե՛ հայ գրականության վրա: Հետո էլ զայրանում ենք, թե ի՜նչ սերունդ է, չի հարգում, չի սիրում իր լեզուն, իր արմատները, մեսրոպյան տառերը: Բայց չէ՞ որ մենք՝ կրթության ոլորտի բոլոր պատասխանատուներս, բոլոր դասատուներս, բոլոր մեծահասակներս ենք նրան խռովեցրել մեր լեզվից և մայրենի գրականությունից անհետաքրքիր, տաղտկալի շտեմարաններով և թեստերով՝ խախտելով պետականորեն վավերացված փաստաթղթերի պահանջները…

  1. Ի՞նչ եմ առաջարկում

Ընթերցողը հիմա իրավամբ կհարցնի՝ ի՛նչ առաջարկներ կան: Քանի որ երկարեց խոսքս կարճ կապեմ և խոնարհաբար դիմեմ մեզ՝ բոլորիս: Եկե՛ք՝

  1. Հանգամանորեն ուսումնասիրենք պետական փաստաթղթերը, հայոց լեզվի, հայ գրականության առարկայական չափորոշիչները և ծրագրերը,   առաջնորդվենք դրանց պահանջներով, շտեմարաններ և թեստային առաջադրանքներ կազմենք դրանց հիման վրա:
  2. Եթե հնարավոր է, ավագ դպրոցներում ավելացնենք հայոց լեզվի ստուգման ևս մեկ փուլ. բանավոր խոսք և ելույթ հանրության առջև: Եթե սովորողը չի հաղթահարում այս փուլը, նա չի մասնակցում պետական ավարտական, միասնական քննությանը:
  3. Հայոց լեզվի, հայ գրականության շտեմարաններ կազմող  աշխատանքային խմբում  ընդգրկենք բանասեր-մեթոդաբանների, ովքեր հմտացել են հայոց լեզվի և հայ գրականության դասավանդման մեթոդական բնագավառում, որպեսզի շտեմարաններում ապահովվի գիտելիք, կարողություն, հմտություն  ստուգող առաջադրանքների հերթագայությունը:

Ի դեպ, գործող շտեմարանների հեղինակներից   միայն մեկն է մանկավարժական գիտությունների թեկնածու, երկու հոգի էլ  ուսուցիչ են, մնացածը բանասիրական գիտությունների դոկտորներ կամ թեկնածուներ են: Այնինչ պիտի ճիշտ հակառակը լիներ. երկու- երեք գիտնական, մնացածը՝ մեթոդաբան-մանկավարժ կամ էլ ուսուցիչ:

  1. Համարձակություն ձեռք բերենք և թեստերում ընդգրկենք խոսք կառուցելու պահանջ. կարծում եմ՝ մեր հանրապետությունում կարելի է գտնել 10-12 անաչառ և չվաճառվող մասնագետ, որոնք կստուգեն սովորողների  շարադրանքները:
  2. Վերջապես տարբերակենք և առանձին թեստերով ստուգենք հումանիտար և ոչ հումանիտար հոսքերի  շրջանավարտների՝ հայոց լեզվից և հայ գրականությունից ձեռք բերած գիտելիքները, կարողությունները և հմտությունները:
  3. Դպրոց մտնող մեթոդիստներին և պաշտոնյաներին խոնարհաբար խնդրենք, որ ոչ թե մանրուքների  հետևից  ընկնեն (ասենք՝ դասի թեման ինչպես գրանցել մատյանում և այլն) և ուսուցիչների գլխին դամոկլյան սուր շողացնեն, այլ սիրով, համբերատարությամբ, սովորեցնելով հետևեն՝ ժամանակ  և հնարավորություն, ինչպես նաև համապատասխան պատրաստականություն ունե՞ն արդյոք հայոց լեզու և հայ գրականություն դասավանդողները՝  սովորողների  հաղորդակցական, ստեղծագործական կարողությունների,  բանավոր և գրավոր խոսք կազմելու հմտությունների զարգացման ուղղությամբ աշխատելու  համար:

Թամար  Ալեքսանյան

Մանկավարժական գիտությունների թեկնածու

Արմեն Աշոտյանն ընդունել է բողոքի ակցիայի մասնակիցներին

AshotyanՄի խումբ երիտասարդներ այսօր բողոքի ակցիա են անցկացրել ՀՀ ԿԳՆ վարչական շենքի մոտ /Կառավարական 3-ր տուն/՝ բուհերի ուսման վարձավճարների խնդրի հետ կապված:

 

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ Կրթության և գիտության նախարարության մամլո խառայությունից, նախարար Արմեն Աշոտյանի անունից՝ առանց ներկայացուցիչների թվի սահմանափակման, ԶԼՄ-ների մասնակցությամբ   նրանց առաջարկվել է բաց քննարկում կլոր սեղանի շուրջ՝ ՀՀ ԿԳՆ-ում: Երիտասարդները  ընդունել են նախարարի առաջարկը և բարձրացել  նախարարության նիստերի դահլիճ:

Նշելով, որ ողջունում է երիտասարդների ակտիվությունն ու նախաձեռնողականությունը` նախարար Ա. Աշոտյանը շնորհակալություն է հայտնել երիտասարդներին և շեշտել, որ ինքը կողմնակից  է բաց, հրապարակային քաղաքականության` ի շահ խնդիրների լուծման:  “Շնորհակալ եմ, որ ընդունել եք իմ հրավերը, կարծում եմ, որ առաջնայինը ոչ թե հանդիպման վայրն է, այլ բուն խնդիրը, որը ձեզ մտահոգում է: Եթե կան կրթական ոլորտին վերաբերող խնդիրներ, ապա դրանց քննարկման լավագույն վայրը հարկատուների միջոցներով աշխատող պետական կառույցն է` ԿԳՆ-ն: Պատրաստ եմ լսել ձեր բոլոր առաջարկությունները”,- դիմելով երիտասարդներին` ասել է Ա. Աշոտյանը:

Սակայն  երիտասարդները ՀՀ ԿԳ նախարարին բուհերի վարձավճարների բարձրացման խնդրին վերաբերող  հստակ պահանջներ և առաջարկություններ չեն ներկայացրել,  հայտարարել են, որ իրենք նպատակահարմար չեն գտնում իրենց հիմնական պահանջները ներկայացնել ԿԳՆ նիստերի դահլիճում և պահանջում են, որպեսզի նախարար Ա. Աշոտյանը   հանդիպման գնա շենքից դուրս, երիտասարդները հեռացել են դահլիճից:

Այնուհևտև ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը պատասխանել է լրագրողների հարցերին` ներկայացնելով պարզաբանումներ բուհերում վարձավճարների բարձրացման խնդրի շուրջ: Նախարարը տեղեկացրել է, որ Հայաստանում գործող բուհերից վարձավճարները բարձրացվել են 5 բուհերում: Վարձավճարներ սահմանելը բուհերի ինքնավարության շրջանակում է, այդ որոշումը կայացվել է բուհերի կողմից` հաշվի առնելով ժամանակակից նորմերով նախատեսված որակյալ և մրցունակ կրթություն ապահովելու պահանջը: “Բուհերի վարձավճարների բարձրացման խնդիրը առաջ էր եկել դեռ 4-5 տարի առաջ, ինչը մեր կողմից մշտապես կանխվել է: Սակայն կան բուհեր, որոնք այսօր լուրջ ֆինանսական խնդիրներ ունեն: Դժվար է պատկերացնել, որ որևէ մեկը, այդ թվում նաև ՀՀ ԿԳ նախարարը, կարող է կողմ լինել վարձավճարների թանկացմանը, սակայն կան օբյեկտիվ խնդիրներ, որոնք հնարավոր չէ անտեսել: Ես կարծում եմ, որ բուհերը պետք  է առավելագույնս  թափանցիկ, հաշվետվողական լինեն իրենց բյուջեների տնօրինման և վարձավճարների ծախսման առումով: Ես կողմնակից եմ, որ  ուսանողները հստակ պահանջ դնեն և իմանան, թե ինչի վրա են ծախսվում իրենց գումարները: Ուսանողների թվաքանակի նվազումն ու պրոֆեսորադասախոսական ու տեխնիակական աշխատակազմի ներկայիս քանակը,  ինչպես նաև տեխնիկական վերազինման պահանջը տևական ժամանակ հանգեցրել են այնպիսի իրավիճակի, որ շատ բուհեր այսօր  զարգացման համար ֆինանսական հնարավորություն չունեն: Այս իմաստով, ցավոք  վարձավճարների բարձրացումը մի շարք բուհերում դարձել էր անխուսափելի”,- նշել է ՀՀ ԿԳ նախարարը`   հավելելով, որ պետությունը մտադիր է վերահսկել  և բուհերի ինքնավարության որոշակի սահմանափակում մտցնել` առաջիկյում ընդունեկլով օրենք, ինչն  հնարավորություն կընձեեռի սահմանել բուհերի վարձավճարների վերին շեմ:

Ըստ Ա. Աշոտյանի` վարձավճարները պետք է տարբերակված լինեն ըստ կրթական աստիճանների ու որակի: “Այսինքն` ուսման վարձը չի կարող նույնը լինել բակալավրի, մագիստրոսի և ասպիրանտուրայի կրթական  աստիճաններում: Այս սկզբունքը պահպանվել է: Ինչ վերաբերում է որակին, ապա դրա չափման գործիքը միջազգային հավատարմագրումն է: Մեր քաղաքական մոտեցումը հետևյալն է` այն բուհերը որոնք կանցնեն միջազգային հավատարմագրում, իրավունք կստանան սահմանել ավելի բարձր վարձ, իսկ այն բուհերը, որոնք կունենան տեղական հավատարմագրում՝ իրավունք կունենան սահմանել մեկ այլ վարձ: Չհավատարմագրված բուհերը ավելի ցածր վարձաճարով կառաջնորդվեն: Զուգահեռաբար պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնենք սոցիալական քաղաքականությանն ու կրթության մատչելությանը: Այս ուղղությամբ հստակ քայլեր արվել են` սեպտեմբերի 1-ից “Փարոս” համակարգում ընդգրկված ընտանիքների երեխաները, եթե սովորում են լավ, ապա 50-100 տոկոս ուսման վարձի զեղչ կստանան: Սա մոտավորապես կվերաբերի շուրջ 2500 ուսանողի”,- նշել է նախարարը և հավելել, որ ընդլայնվել է նաև բանակից զորացրվածների կրթության իրավունքը` ավելացնելով պետպատվերի տեղերը:

Նախարարի խոսքով մշակման փուլում է գտնվում նաև ուսանողական զեղչերի մասին օրինագիծը, որտեղ այդ գործընթացի համար սահմանվում  են հստակ պահանջներ, այն դեպքում, երբ այժմյան օրենսդրությամբ սոցիալապես խոցելի խավերի համար բուհն ինքն է որոշում` որքան զեղչ կիրառել: “Մենք ուսանողների համար  ամբողջությամբ վերանայելու ենք սոցիալական քաղաքականությունը` սահմանելով հստակ կանոններ”,- շեշտել է ՀՀ ԿԳ նախարարը:

Գալիք տարի արդեն նախատեսվում  է ավելացնել պետպատվեր տեղերի քանակն այն մասնագիտությունների համար, որոնք պետության համար գերակա ուղղություններ են: Նախարարը տեղեկացրել է նաև, որ  այս տարի շուրջ 100 պետպատվերի տեղեր տեխնիակական և գյուղատնտեսական  մասնագիտությունների գծով թափուր են մնացել, որոնք լրացուցիչ հատկացվել են ավեստի բուհերին: “Փաստորեն մի կողմից մենք ունենք կրթության մատչելիության խնդիր, մյուս կողմից` պետպատվերով թափուր տեղեր: Օրինակ` Ագրարային համալսարանում պետպատվերով 60 տեղ թափուր էր մնացել: Սա նշանակում է, որ վճարունակության խնդիր ունեցող դիմորդները չեն փորձում հարմարվել կրթական շուկայի պահանջներին: Մենք ունենք մասնագիտությունների ընտրության շեղում` բոլորն ուզում են տնտեսագետ կամ իրավաբան դառնալ, սակայն դրանք պետության համար գերակա ոլորտներ չեն: Խնդիրները պետք է դիտարկել համալիր, որ թե հատվածական:”,- պարզաբանել է Ա. Աշոտյանը` ավելացնելով, որ բուհերը երբեմն մեծ պահանջարկ վայելող մասնագիտություններից ստացված գումարներով ստիպված են լինում համեմատաբար քիչ պահանջված, սակայն պետության համար կարևոր նշանակությամբ մասնագետներ պատրաստել:

Ամփոփելով, ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ պետության համար գերակա  սկզբունք է՝ անել հնարավոր ամնե ինչ, որպեսզի որևէ լավ սովորող ուսանող վարձավճարի պատճառով դուրս չմնա բուհից: Նախորդ տարվա վիճակագրական տվյալներով բուհերից դուրս են մնացել 3000 ուսանող, որոնցից վարձավճարը չվճարելու պատճառով ընդամնեը 100-ը, իսկ մնացածն  ակադեմիական առաջադիմությամբ պայմանավորված:

ՀՀ ԿԳՆ նախարարը  մեկ անգամ  ևս շեշտել է, որ  հավատարիմ է մնում  բաց քաղաքականության գործելաոճին և ողջունում է երիտասարդների, հատկապես ուսանողների  ակտիվությունը` կարևորելով խնդիրների լուծումը: “Ուսման վարձերի բարձրացման հետ կապված ես ստացել եմ նաև գրավար նամակներ ուսխորհուրդներից, հանրային խորհրդից ու երիտասարդների այլ խմբերից: Մենք  բաց ենք ցանկացած առաջարկության և բաց քննարկման համար”,- եզրափակել է Ա. Աշոտյանը:

Մեկնարկել է «Բազե» համահայկական երիտասարդական հավաքը

g_imageՎարչապետ Տիգրան Սարգսյանը Ծաղկաձորում մասնակցել է «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի բացմանը: Շնորհավորելով երիտասարդներին հավաքի մեկնարկի և երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ՝ կառավարության ղեկավարը նշել է. «Տարեցտարի այս հավաքի նկատմամբ հետաքրքրությունն ավելանում է: Հայաստանի Հանրապետության կառավարությունն ամեն տարի ավելացնում է ֆինանսավորումը, որպեսզի ավելի շատ երիտասարդներ հնարավորություն ունենան անցկացնել այս բացառիկ հավաքը: Կառավարության անունից ցանկանում եմ հավաստիացնել, որ բազեական շարժումը մշտապես գտնվելու է մեր ուշադրության կենտրոնում, քանի որ այն գեղեցիկ ավանդույթները, որ դուք ձևավորում եք՝ նպաստում են երիտասարդության շրջանում հայրենասիրության, տարբեր ազգային արժեքների և գաղափարների տարածմանը: Այդ առաքելության մեջ մաղթում եմ ձեզ հաջողություններ»:
Այնուհետև կառավարության ղեկավարը զրուցել է երիտասարդների հետ՝ պատասխանել նրանց հուզող հարցերին: Անդրադառնալով «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքի նախագծի վերաբերյալ հարցին՝ վարչապետը նշել է, որ օրինագծի նպատակը հասարակական կյանքում կանանց դերի մեծացումն ու խթանումն է: Վարչապետը խորհուրդ է տվել բազեականներին հավաքի ընթացքում ևս քննարկել օրինագիծը և ներկայացնել իրենց առաջարկներն ու տեսակետները:
Բուհերի վարձավճարների բարձրացման հարցին ի պատասխան՝ Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ կառավարությունը համապատասխան օրինագծի միջոցով սահմանելու է ուսման վարձի առավելագույն սահման, որի հիմքում պետք է դրվի այն տրամաբանությունը, թե ինչ սահմանից ավելի չպետք է լինի ուսման վարձը: «Այսօր մենք իրավունք չունենք միջամտելու բուհերի աշխատանքների կազմակերպմանը և թելադրել նրանց, թե ինչպես կարգավորեն գնային քաղաքականությունը: Սակայն դա մենք անելու ենք օրենքի միջոցով, որի մշակմանը հրավիրում ենք նաև երիտասարդներին»,- նշել է վարչապետը:
Անդրադառնալով զբոսաշրջության զարգացմանը վերաբերող հարցին՝ կառավարության ղեկավարը նշել է, որ այդ ոլորտը գործադիրի գերակա ուղղություններից մեկն է, և կառավարության նպատակն է զբոսաշրջության տարեկան ծավալները ներկայիս 800 հազարի փոխարեն հասցնել 3 միլիոնի: Զբոսաշրջության զարգացման նպատակով առաջիկայում կզարգացվեն ենթակառուցվածքները, ավիաոլորտում իրականացվելիք ռազմավարությունը ևս կնպաստի տուրիզմի զարգացմանն ու ընդլայնմանը:
Խոսելով երիտասարդական քաղաքականության մասին՝ Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ այն մշակվում է երիտասարդների անմիջական մասնակցությամբ: Ֆինանսական միջոցները տարբեր ծրագրերի իրականացման նպատակով հատկացվում են հենց երիտասարդներին և վերջիններս են որոշում դրանց բաշխման ուղղությունները:
ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի համակարգող Կարեն Ավագյանը տեղեկացրել է, որ վարչապետին կից երիտասարդական խորհրդի կողմից վերջին տարիներին իրականացվել են բազմաթիվ ծրագրեր, այդ թվում մեծ կարևորություն ունեցող երիտասարդներին բնակարաններով ապահովելու լայնամասշտաբ ծրագիրը:
«Բազե» համահայկական երիտասարդական հավաքին մասնակցում են 500 երիտասարդներ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղից և սփյուռքից: ՀՀ պետական դրոշի գույները խորհրդանշող ճակատներում երիտասարդական 45 ջոկատներ կմրցեն մարզամշակութային և ինտելեկտուալ խաղերում։ Հավաքի 7 օրերի ընթացքում երիտասարդները հանդիպումներ կունենան պետական, քաղաքական, հասարակական եւ մշակութային գործիչների հետ։

«Մեր ուսանողները սովորում են մի բան, որը չեն ուզում». Կարեն Ավագյան

յյյ«Մասնագիտական կողմնորոշման եռօրյա դասընթացին կմասնակցի ավագ դպրոցների շուրջ 30 աշակերտ, ովքեր կկարողանան ինֆորմացիան տեղ հասցնել: Ծրագրի միջոցով կփորձենք ավելի շատ ինֆորմացիա տալ աշակերտներին»,-այսօր մեզ հետ զրույցում Մասնագիտական կողմնորոշումն ավագ դպրոցներում ծրագրի մասին նշեց Հայաստանի երիտասարդական հիմնադրամի համակարգող Կարեն Ավագյանը:

Նրա խոսքով այսօր ընտանիքի անդամներն են որոշում իրենց երեխաների մասնագիտությունը եւ դա բերում է որոշակի խնդիրների, քանի որ շատերը չեն ընտրում այն ինչ իրենք իսկապես ցանկանում են: Մեր ուսանողները սովորում են մի բան, որը չեն ուզում: Անհրաժեշտ է ինքնուրույն կողմնորոշվել: Դիմելով աշակերտներին պրն. Ավագյանը նշեց, որ նրանք սեփական հմտություններն ավելի լավ գիտեն:

Սեմինարի նպատակն է աջակցել հանրապետության ավագ դպրոցների աշակերտներին ավելի լավ կողմնորոշվել ապագա մասնագիտության ընտրության հարցում: Սեմինարի ընթացքում Գերմանական խորհրդատվական կենտրոնի` մասնագիտական կողմնորոշման ոլորտում վերապատրաստված մասնագետներն աշակերտներին կծանոթացնեն մասնագիտական կողմնորոշման առանձնահատկություններին, բուհերի մասնագիտությունների ցանկին:

Գերմանական խորհրդատվական կենտրոնի ղեկավար Մերի Մուրադյանի պնդմամբ իրենց նպատակն է հատուկ մասնագիտական թեստերի միջոցով պարզել աշակերտների ունակությունները.

«Ցանկանում ենք երեխաների մոտ մասնագիտական կողոմնորոշման հստակություն ավելացնել: Նրանք ընտրում են այն մասնագիտությունները, որոնք ընտանեկան են, կամ նորաձեւ: Հատուկ մասնագիտական թեստերի միջոցով կբացահայտենք իրենց թույլ եւ ուժեղ կողմերը»:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

 

«Ով դադարում է սովորել, նա դադարում է ապրել». Ուսանող

images (2)«Ճիշտ որոշում եք կայացրել դիմելով Ռուսաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններ, որակյալ կրթություն ձեռք բերելու համար»,-այսօր Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության Դեսպանատանը կայացած բակալավրիատի և մագիստրատուրայի հայ ուսանողների ավանդական ընդունելություն, ովքեր ռուսաստանյան բուհեր են ընդունվել ռուսաստանյան բուհերի առաջին կուրսեցիների միջպետական կրթաթոշակների ծրագրի շուրջ նշեց Հայաստանում Ռուսաստանի Արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը:
Նրա խոսքով այն ուսանողները, ովքեր դիմել են իրենց արտասովոր են` ոչ սովորական: Ռուսներին նրանք ներկայացնելու են հայկական մշակույթը, գիտությունն ու ոգին.
«Ռուսաց լեզուն կդառնա կարեւոր լեզու ձեզ համար, մեր համալսարանները գրկաբաց սպասում են ձեզ»:
Հայաստանում Ռուսաստանի Դեսպանության խորհրդական, Ռուսհամագործակցության ներկայացուցչության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովի համոզմամբ Ռուսաստանի լավագույն համալսարանները հայ երիտասարդներին են սպասում: Նրանք կանեն ամեն ինչ, որ անթերի կրթություն ստանան երիտասարդները: Իսկ ուսանողներն իրենց հերթին կբացահայտեն ռուս եւ հայ երկրների բարեկամության գինը:
Ուսանող, ապագա ինժեներ Ներսես Սիմոնյանի պնդմամբ ով դադարում է սովորել, նա դադարում է ապրել: Կրթությունը կարեւոր է բոլորի համար:
Մեզ հետ զրույցում ԿԳՆ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը նշեց, որ մոտ 300 հայ ուսանողներ այս տարի կգնան Ռուսաստան սովորելու համար.
«Նրանք պարտավոր են բարձր պահել մեր երկրի անունը: Այնտեղ կլինեն դժվարություններ ուսանողների համար` նոր կյանք, նոր ընկերներ, սակայն արդյունքում կստանան բարձր կարգավիճակ»:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Հայ ոսկերիչների համաշխարհային ասոցիացիան՝ կրթական վստահելի գործընկեր

arm-6181-SAM_3366ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և Հայ ոսկերիչների համաշխարհային ասոցիացիայի միջև այսօր կնքվել է համագործակցության հուշագիր՝ ի դեմս նախարար Արմեն Աշոտյանի և ասոցիացիայի նախագահ Գագիկ Գևորկյանի: Նախարար Արմեն Աշոտյանը շնորհակալություն է հայտնել ասոցիացիայի նախագահին՝ նախաձեռնությանն աջակցելու և կրթական վստահելի գործընկեր դառնալու համար: ՚Մեկնարկող նախագծի նպատակն է՝ ոսկերչության ոլորտում ապահովել մասնագիտական հմտություններ ունեցող, աշխատաշուկայի պահանջներին բավարարող երիտասարդ կադրերի պատրաստման գործընթաց: Հուշագիրը համապարփակ լուծում է առաջարկում  որակյալ կադրերի պատրաստման հարցում՝ սկսած նյութատեխնիկական բազայի բարելավումից մինչև վերապատրաստում, մասնագիտությունների առարկայացանկ և դասավանդվող բովանադակության վերանայում,  ինչպես նաև լավագույն կադրերին աշխատատեղերով ապահովում: Միջին մասնագիտական կրթության ոլորտում կրթական բարեփոխումների գերակայություններից մեկը մասնավոր հատվածի ներգրավման հարցն է ինչպես կրթական բովանդակության վերանայման, այնպես էլ  ուսումնական հաստատությունների կառավարման հարցում նրան դաշնակից դարձնելու և վերջնաարդյունքի վրա խարսխված կրթական ծառայությունների մատուցման գործում, որը պետք է լինի բացառապես աշխատաշուկայի պահանջներին համապատասխան՞,-նշել է նախարարը:
Ասոցիացիայի նախագահ Գագիկ Գևորկյանն իր հերթին ընդգծել է, որ Հայաստանից դուրս ապրող յուրաքանչյուր հայի պարտքն է փորձել օգնել իր հայրենիքին: Նա ընդգծել է, որ այս հուշագրի նպատակն է ստեղծել բազա՝ ինտելեկտուալ և մասնագիտական բարձր մակարդակ ունեցող մասնագետներ պատրաստելու համար:
Հուշագրի նպատակն է՝ մասնագիտական կրթության և ուսուցման /ՄԿՈՒ/ շարունակական զարգացումը, ուսումնական հաստատություն–գործատու գործընկերային կապերի ամրապնդումը, հաստատությունների շրջանավարտների զբաղվածության ապահովումը, մասնավորապես, ոսկերչության բնագավառում:  Համաձայն հուշագրի՝ կողմերն աջակցելու են.
•ՄԿՈՒ հաստատություններում ուսուցման գործընթացի կազմակերպմանը՝ մասնավորապես ոսկերչական մասնագիտությունների պետական կրթական չափորոշիչների մշակմանը, նորագույն տեխնոլոգիաների ներդրմանը,
•ՄԿՈՒ հաստատությունների նյութատեխնիկական բազայի համալրմանը,
•Վերապատրաստումների միջոցով ՄԿՈՒ հաստատությունների արտադրական ուսուցման վարպետների կարողությունների հզորացմանը,
•ՄԿՈՒ հաստատությունների ուսանողների ուսումնական և արտադրական պրակտիկաների կազմակերպմանը,
•ՄԿՈՒ հաստատությունների շրջանավարտների աշխատանքի տեղավորմանը,
•Միջազգային ոսկերչական ցուցահանդեսներում ՄԿՈՒ հաստատությունների ուսանողների ներգրավմանը:
Կողմերը մասնակցելու են նաև ՄԿՈՒ ոլորտի բարեփոխումների և ծրագրերի արդյունքների վերաբերյալ տեղեկատվության պարբերաբար փոխանակմանը և հանրային իրազեկման միջոցառումներին:

«Թուրքիայի Հանրապետության 90 տարին. Աթաթյուրքից` Էրդողան». միջազգային գիտաժողով Երևանում

Erdogan AtaturkՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտը 2013 թ. նոյեմբերի 5-6-ը Երևանում կազմակերպում է միջազգային գիտաժողով` «Թուրքիայի Հանրապետության 90 տարին. Աթաթյուրքից` Էրդողան» թեմայով:

Այն նվիրված է Թուրքիայի Հանրապետության պատմության, ներքին և արտաքին քաղաքականության հիմնահարցերին:
Ակնկալվում է ինչպես Հայաստանի, այնպես էլ արտերկրի մասնագետների մասնակցությունը: Գիտաժողովի նյութերը կհրատարակվեն առանձին ժողովածուով:

Զեկուցումների հայտերը և հիմնադրույթները (մինչև 2 էջ ծավալով, էլեկտրոնային տեսքով, օտար լեզուները` Times New Roman, հայերենը` Sylfaen տարբերակով, տառաչափը 12, տողամիջյան հեռավորությունը` 1,5) ընդունվում են մինչև 2013 թ. սեպտեմբերի 30-ը հետևյալ հասցեով` ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտ (ք. Երևան, Մարշալ Բաղրամյան 24/4), էլ. փոստ` [email protected], [email protected] (Քրիստինե Մելքոնյան), [email protected] (Լևոն Հովսեփյան):

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են հայերենը, ռուսերենը և անգլերենը:

Մասնակցության վերաբերյալ կլինի լրացուցիչ հաստատում կազմկոմիտեից:

Ճանապարհային, սննդի և օթևանի ծախսերը կատարում են գիտաժողովի մասնակիցները:

Մանրամասն տեղեկությունների համար դիմել վերոնշյալ հասցեով կամ զանգահարել +374(10) 583382, +374(091)586071 հեռախոսահամարներով:

Չինաստանում կբացվի հայոց լեզվի և հայկական մշակույթի կենտրոն

կգն2ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ով Չինաստանի Կոմունիստական կուսակցության հրավերով Հայաստանի Հանրապետական կուսակցության պատվիրակության կազմում  պաշտոնական այցով գտնվում էր Չինաստանում,  հանդիպում է ունեցել ՉԺՀ կրթության և գիտության փոխնախարար Հաո Փինգի հետ: Ողջունելով հյուրերին՝ փոխնախարար Հաո Փինգը կարևորել է կրթության և գիտության ոլորտում երկկողմ համագործակցության խորացումը և ընդլայնումը, մասնագետների, ուսանողների, դասախոսների և գիտնականների միջև փորձի փոխանակումը: Փոխնախարարը հայտնել է նաև, որ առաջիկայում Չինաստանի համալսարաններից մեկում կբացվի հայոց լեզվի և հայկական մշակույթի կենտրոն: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ վերջին տարիներին Հայաստանում մեծ հետաքրքրություն է առաջացել չինարեն լեզվի նկատմամբ, ինչպես նաև աննախադեպ աճել է չինական առաջատար բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորել ցանկացողների թիվը, որի վառ ապացույցն են ՉԺՀ կառավարության կողմից Հայաստանին տրամադրվող կրթաթոշակային ծրագրերի թեժ մրցույթները: Նախարարը հայտնել է նաև, որ առաջիկա տարիներին Հայաստանում կբացվի չինարենի խորացված ուսուցմամբ ավագ դպրոց: Կողմերը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:
Այցի շրջանակում պատվիրակությունն այցելել է Պեկինի մանկավարժական համալսարան: Համալսարանի ռեկտոր Գոնգ Հյուիլին պատվիրակության անդամներին ներկայացրել է բուհի գործունեությունը, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիների ընդունելության պայմանները և այն կրթաթոշակային ծրագրերը, որոնցով օտարերկրացի ուսանողները կարող են սովորել համալսարանում:
Պատվիրակությունն այցելել է նաև Շանհայի Ֆու Դան համալսարան, որը Չինաստանի լավագույն համալսարաններից մեկն է: Համալսարանի ռեկտոր Լին Շանլին պատվիրակության անդամներին ներկայացրել է համալսարանի գործունեությունը, զարգացման հիմնական ուղղությունները, կրթության և գիտության որորտում ունեցած նվաճումները: Արմեն Աշոտյանը, խոսելով երկկողմ համագործակցության ընդլայնման հեռանկարների մասին, առաջարկել է կրթաթոշակային ծրագրերով ուսանողներ գործուղել նաև տվյալ համալսարան:

Մշակվելու է հայրենասիրական դաստիարակության հայեցակարգ

կգնՀՀ կրթության և գիտության նախարարության գլխավորությամբ ձևավորվելու է աշխատանքային խումբը, որը ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացնելու Հայրենասիրական դաստիարակության հայեցակարգի նախագիծ և դրանից բխող “Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հայրենասիրական դաստիարակության 2014-2019թթ պետական ծրագիր”: Աշխատանքային խմբում ընդգրկվելու են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի, մշակույթի, պաշտպանության, տարածքային կառավարման, սփյուռքի նախարարությունների, ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության, ՀՀ ոստիկանության և ՀՀ կառավարության աշխատակազմի, ինչպես նաև Երկրապահ կամավորականների միության, Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի, “Հայաստանի ԴՈՍԱԱՖ” համահայկական  հասարակական կազմակերպության և ազատամարտիկների ներկայացուցիչներ:
Հայաստանի անկախության հաստատման տարիներից սկսած` արցախյան հերոսամարտի մասնակից ազատամարտիկներն ընդգրկված են կրթադաստիարակչական գործընթացներում: ՀՀ կրթության և գիտության նախարարությունն աշակերտների հայրենասիրական դաստիարակության գործընթացի իրականացման շրջանակում ՀՀ ուսումնական հաստատություններում սեպտեմբերի 1-ին ավանդաբար կազմակերպում է “Գիտելիքի օրվա առաջին դասը վարում են ազատամարտիկները” խորագրով բաց դասեր, ինչպես նաև ուսումնական տարվա ընթացքում անցկացվում են տարաբնույթ միջոցառումներ և հանդիպումներ, “Նախնական զինվորական պատրաստություն” առարկայի բաց  դասեր`   ազատամարտիկների  մասնակցությամբ: Պարբերաբար կազմակերպվում են ուսանողների և դպրոցականների երթեր դեպի Եռաբլուր և Հաղթանակի զբոսայգի` հարգանքի տուրք մատուցելու զոհված ազատամարտիկների հիշատակին: Հայաստանի Հանրապետության մի շարք հանրակրթական ուսումնական հաստատություններ և լսարաններ անվանակոչվել են ՀՀ հերոսների և ազատամարտիկների անուններով: Ուսումնական հաստատություններում գործում են փառքի սրահներ և ազատամարտիկների թանգարաններ, որտեղ պարբերաբար կազմակերպվում են հայրենասիրության դասաժամեր և միջոցառումներ: Հանրակրթական ուսումնական հաստատությունների նյութատեխնիկական բազան համալրվել է ուսումնաօժանդակ պարագաներով` ազգային հերոսների, Ղարաբաղյան պատերազմի հերոս-ազատամարտիկների,  կին ազատամարտիկների պաստառներով, ինչպես նաև ՀՀ ազգային հերոսների կյանքի և գործունեության մասին պատմող տեսասկավառակներով, մասնավորապես, “Գեղազնիկ Միքայելյան”, “Թաթուլ Կրպեյան”, “Ջիվան Աբրահամյան”, “Մովսես Գորգիսյան”, “Մոնթե Մելքոնյան” տեսաֆիլմերով:
Պետության կողմից կրթության բնագավառում սահմանված են նաև արտոնություններ, որոնցից օգտվում են ազատամարտիկները և նրանց ընտանիքի անդամները, մասնավորապես, ազատամարտիկների դպրոցական տարիքի երեխաները կարող են անվճար ուսուցում ստանալ արտադպրոցական կրթադաստիարակչական հաստատություններում (մարզադպրոցներ, արվեստի դպրոցներ, գեղագիտական և մանկապատանեական կենտրոններ), ինչպես նաև ամառային անվճար հանգիստ անցկացնել Ծաղկաձորի և Հանքավանի առողջարարական ճամբարներում: Արտոնություններ են սահմանված նաև ազատամարտիկների ավագ տարիքի երեխաների համար, մասնավորապես, ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) և 1-ին խմբի հաշմանդամ դարձած զինծառայողների երեխաները, ժամկետային զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած քաղաքացիները, առնվազն անցումային միավորներ հավաքելու դեպքում, մրցույթից դուրս, ընդունվում են միջին և բարձրագույն մասնագիտական պետական ուսումնական հաստատություններ, պահուստային տեղերի հաշվին, անվճար ուսուցման համակարգ:
Պետության կողմից սահմանված է նաև, որ պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրված քաղաքացիների զորացրվելուց հետո` երեք տարվա ընթացքում, ընդունելությունն իրականացվում է պետական ուսումնական հաստատություններ, մրցույթից դուրս պետական պատվերի շրջանակներում, ուսումնական հաստատություններին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից` ըստ մասնագիտությունների հատկացված տեղերում:

 

Մի խումբ գիտնականներ Հանրային խորհրդի նախագահի հետ քննարկել են գիտության ոլորտի խնդիրները

Գիտնականների հանդիպումը ՀԽ նախագահի հետԱյսօր Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն ընդունեց մի խումբ գիտնականների, որոնց հետ քննարկվեցին գիտության ոլորտին առնչվող մի շարք հարցեր:
Հիշելով խորհրդային տարիներին գիտության զարգացման աննախադեպ աճը, երբ Հայաստանը բարձրակարգ գիտնականների թվով առաջնային տեղեր էր զբաղեցնում աշխարհում՝ գիտնականներն անդրադարձան ներկայիս իրողությունը և փաստեցին, որ Հայաստանում գիտությունը ծերանում է, քանի որ տարեց գիտնականներին փոխարինողներ չկան, իսկ եղածներն էլ նախընտրում են մեկնել արտերկիր:
Գիտնականները հանդիպմանը եկել էին կոնկրետ հարցադրումներով ու առաջարկներով, որոնք, ըստ նրանց, անհապաղ իրականացման կարիք ունեն:
Բարձրացվեց օրենսդրությամբ ամրագրված, բայց չգործող դրույթների հարցը՝ մասնավորապես գիտական կոչում ունեցող անձանց հավելավճարների վճարումների հետ կապված (կենսաթոշակներից բացի), ինչը սահմանվել է դեռևս 2000 թ. ընդունված՝ «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետով: Ընդգծվեց նաև հատուկ պայմաններում աշխատող առանձին կատեգորիայի աշխատողների ցանկում (որոնց աշխատանքը կապված է մտավոր և հուզական  գերլարվածության կամ մասնագիտական ռիսկի հետ) գիտնականների ընդգրկման հարցը, ինչը նախատեսում է լրացուցիչ ամենամյա արձակուրդ վերջիններիս: Այդ ցանկում գիտնականներին ընդգրկելը, ըստ նրանց, առավել կարևոր է բարոյահոգեբանական տեսանկյունից:
Գիտնականներն առաջարկում են նաև սահմանել հոնորարներ՝ բարձր ազդեցության գործակցով ամսագրերում տպագրված հոդվածների համար, ասպիրանտներին տրամադրել միանվագ գումար՝ մասնագիտական գրականության ձեռքբերման, գիտական ամսագրերին բաժանորդագրվելու, հետազոտությունների համար անհրաժեշտ պարագաներ գնելու և պահանջվող նյութեր ձեռքբերելու, ոլորտի պրոֆեսիոնալ միություններին անդամակցելու, գիտաժողովներին մասնակցելու և այլ՝ երիտասարդ գիտնականի մասնագիտական աճին նպաստող նպատակներով ծախսելու համար, հավելյալ ֆինանսներ հատկացնել Հայաստանում PostDoc-ական համակարգի ներդրման համար՝ առանձին համակարգված ծրագրով, նկատելիորեն ավելացնել մրցութային կարգով հատկացվող դրամաշնորհների թիվը և կրկնապատկել յուրաքանչյուր դրամաշնորհով տրվող գումարը և այլն:
Նշվեց, որ Հայաստանին անհրաժեշտ են հետազոտական համալսարաններ, որոնք ուսանողներ կընդունեն ոչ միայն Հայաստանից, այլև ամբողջ աշխարհից և հետազոտական խմբեր կձևավորեն՝ ներգրավելով նաև արտասահմանյան գիտնականների:
Կարևորվեց միջազգային դրամաշնորհները հարկերից ազատելու, ինչպես նաև ներմուծվող գիտական սարքավորումներն ու նյութերը մաքսային տուրքերից ազատելու հարցը:
Բարձրացվեց «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ նոր օրենքի ընդունման անհրաժեշտությունը:
Ըստ գիտնականների՝ կարևոր է նաև քայլեր ձեռնարկել վենչուրային հիմնադրամներ ստեղծելու ուղղությամբ՝ տեղական և արտասահմանյան կապիտալի ներգրավմամբ, որոնք կֆինանսավորեն ինովացիոն նախագծերը և կնպաստեն հաջողված նախագծերի առևտրայնացմանը:
Գիտնականները նաև գտնում են, որ որ Հայաստանում պետք է ունենալ գիտության և տեխնիկայի, տեխնոլոգիայի պետական թանգարան, որը նաև կծառայի որպես ուսումնական կենտրոն՝ հագեցած բնագիտական տարբեր բնագավառներից լաբորատոր փորձերի հնարավորությամբ, ինչը նոր սերնդին կրթելու և ուղղորդելու կարևորագույն բաղադրիչ կլինի:
Գիտության հեղինակության բարձրացման նպատակով գիտնականներն անհրաժեշտ են համարում Հանրային հեռուստառադիոընկերության եթերում գիտակրթական ծրագրերի հեռարձակման հարցը: Պրոֆեսոր Արթուր Իշխանյանն այդ առումով կոնկրետ հեռուստանախագծի առաջարկ ներկայացրեց, ինչը ՀԽ նախագահը խոստացավ քննարկել Հանրային հեռուստաընկերության  նոր ղեկավարության հետ:
Վազգեն Մանուկյանը կիսեց գիտնականների մտահոգությունները և ընդունեց բարձրացված հարցերի հրատապությունը՝ առաջարկելով Հանրային խորհրդի հետ համատեղ քննարկել դրանց լուծման ուղիները: Պայմանավորվածություն ձեռք բերվեց հետագա համագործակցության վերաբերյալ:

Գիտնականները գտել են երկրային օրերի տևողության տատանումների պատճառը

i (1)Գիտնականներն արձանագրել են Երկրի պտույտի արագության շեղումներ, որոնց արդյունքում օրերի տևողությունը փոփոխվում է:

Փարիզի Դենի Դիդրոյի ու Լիվերպուլի համալսարանների աշխատակիցները համադրել են վերջին 50 տարվա դիտարկումների արդյունքներն ու հայտնաբերել, որ յուրաքանչյուր 5,9 տարին մեկ մոլորակն ունենում է մի քանի ամիս, երբ օրվա տևողությունը սովորականից ավելի  երկար է կամ կարճ: Նման տատանումների պատճառը նրանց կարծիքով, երկրակեղևի ու Երկրի միջուկի սահմանում կատարվող պրոցեսներն են: մասնագետներին հաջողվել է նաև պարզել այդ փուլերի փոխկապակցվածությունն ու Երկրի մագնիսական բևեռների փոփոխությունները:

“Այդ հետազոտությունները կարող են սկզբունքորեն փոխել մեր պատկերացումը երկրի հեղուկ միջուկում կատարվող պրոցեսների կարճաժամկետ դինամիկայի վերաբերյալ: Հնարավոր է, որ երկրակեղևի ներքին հատվածը վատ էլեկտրահաղորդիչ է, իսկ դա իր հերթին ստիպում է վերաիմաստավորել  Երկրի ընդերքի քիմիան ու հանքաբանությունը”,ասում է համալսարանի աշխատակից Ռիչարդ հոլմը:

Հայ դպրոցականների օլիմպիական հաջողությունները

մեդալՀուլիսի 7-15-ը Դանիայի Կոպենհագեն քաղաքում տեղի է ունեցել “Ֆիզիկա” առարկայի միջազգային օլիմպիադան, որի արդյունքում  հայ դպրոցականներն արժանացել են 4 բրոնզե մեդալի և մեկ գովասանագրի: Հուլիսի 6-13-ը Ավստրալիայի Բրիզբեն քաղաքում տեղի է ունեցել “Ինֆորմատիկա” առարկայի միջազգային օլիմպիադան, որտեղ ևս հայ դպրոցականը նվաճել է բրոնզե մեդալ:
Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայի բրոնզե մեդալի են արժանացել. Ալեքսանդր Պետրոսյանը /Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական դպրոց, 12-րդ դասարան/, Վարդգես Մամբրեյանը /Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական դպրոց, 11-րդ դասարան/, Գևորգ Մարտիրոսյանը  /Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական դպրոց, 11-րդ դասարան/,  Ալեքսանդր Վասիլյան /ՀՊՃՀ-ի քոլեջ, 11-րդ դասարան/, իսկ Ռազմիկ Հովհաննիսյանը /Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական դպրոց, 12-րդ դասարան/՝  գովասանագրի: Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի  բրոնզե մեդալի է արժանացել Ալբերտ Սահակյանը /Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական դպրոց, 12-րդ դասարան/:

 

Հրապարակվել են բուհ ընդունվածների ցուցակները. դուրս է մնացել մոտ 700 դիմորդ (լրացված)

գթկՀրապարակվել են բուհեր ընդունված դիմորդների ցուցակները և անցողիկ միավորները:

ԳԹԿ արտաքին համագործակցության  բաժնի պետ Արա Իսպիրյանը «Անկախ»-ի հետ զրույցում  ասաց, որ  առաջին փուլով պետական բուհեր են ընդունվել 10 500 դիմորդներ:  Դրական միավորներով դուրս են մնացել շուրջ 600-700 դիմորդներ:

Նշենք, որ այս տարի բուհերի թիմորդների թիվը մոտ 15 000  էր, որոնցից 13000-ը պետական բուհերի դիմորդներ էին: Բուհերին հատկացվել էր շուրջ 17 հազար ընդունելության տեղ:

ԳԹԿ-ն արդեն հրապարակել է  բուհերի ու ֆակուլտետների ցանկը, որտեղ թափուր տեղեր կան: Հուլիսի 15-20-ը կանցկացվի  բուհական ընդունելության երկրորդ փուլը` քննություններից դրական գնահատականներ ստացած, բայց որևէ տեղ չընունված դիմորդները կկարողանան երկրորդ անգամ բուհ դիմել` եթե իրենց հանձնած քննություններին համապատասխան մասնագիտություններով թափուր տեղեր լինեն:

Թափուր տեղեր ունեցող մասնագիտությունների ցանկին կարող եք ծանոթանալ` հետևելով հղմանը:

Հանձնաժողովի անդամները փակ գաղտնի քվեարկությամբ որոշում են կայացրել բավարարել ներկայացված հայտերը:

կգն2ՀՀ  կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի նիստ, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար Մհեր Ղազարյանը:
Նիստի օրակարգում ընդգրկված էին նախադպրոցական կրթական ծրագրով,  տարրական հանրակրթական ծրագրով և նախնական մասնագիտական /արհեստագործական/ կրթական ծրագրով մի շարք կազմակերպությունների և պետական ուսումնական հաստատությունների լիցենզիա տրամադրելու մասին հարցեր:

Համաձայն օրակարգի` հանձնաժողովը քննարկել է ԿԳՆ լիցանզավորման գործակալության իրականացրած փորձաքննության եզրակացությունները: Նիստի ավարտին հանձնաժողովի անդամները փակ գաղտնի քվեարկությամբ որոշում են կայացրել բավարարել  ներկայացված հայտերը: