Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի հիմնադրման 20-ամյակի առթիվ

լոգո-ակադեմիաՀայաստանի Հանրապետությունը երկու տասնամյակ առաջ թևակոխեց իր պատմության նոր շրջափուլերից մեկը, որտեղ կարևորվում էր ժամանակի գլոբալ մարտահրավերներին, երկրի առջև ծառացող խնդիրներին, նոր աշխարհի իրողություններին պատրաստ լինելու կարողությունը:

Մենք ունենք երկրի զարգացման հստակ և իրականանալի տեսլական, որին հնարավոր է հասնել` ստեղծելով ժամանակի պահանջներին համահունչ հանրային ծառայության համակարգ: Պետական ծառայության համակարգում երկրորդ սերնդի բարեփոխումներն անհնարին է իրականացնել առանց արդյունավետ կառավարման համակարգի ձևավորման, առանց անհրաժեշտ կադրային բազայի: Այս առումով կարևորում եմ պետական կառավարման ակադեմիայի գործունեությունը, որն ի սկզբանե կոչված էր նորանկախ Հայաստանի պետական կառավարման համակարգին անհրաժեշտ նոր, թարմ մտածողություն, հարուստ գիտելիքներ ունեցող, նախաձեռնող կառավարիչներ պատրաստելուն:

Հասարակության յուրաքանչյուր անդամ Հայաստանի Հանրապետությունում իրեն պետք է զգա պաշտպանված և հարգված, որը մեծապես պայմանավորված է պետական և տեղական ինքնակառավարման ինստիտուտների կողմից մատուցվող ծառայությունների որակով: Բոլորիս նպատակն է ունենալ հանրային որակյալ ծառայություն, սակայն դա հնարավոր չէ իրականացնել, եթե չունենանք որակյալ հանրային ծառայող: Այսօր հանրային ծառայության համակարգում մեծ թիվ են կազմում կառավարման ակադեմիայի շրջանավարտները, ովքեր իրենց արդյունավետ գործունեությամբ ապացուցել են այս կրթօջախի գոյության անհրաժեշտությունը:

Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի ղեկավարությանը, պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողությանը ակադեմիայի հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ, մաղթում արգասաբեր գործունեություն:

 

Գիտնականները սովորել են ջնջել ու վերականգնել հիշողությունը

5390fa47-d713-c99e-d713-c99129123b1d.photo.0Կալիֆոռնիական համալսարանի գիտնականները սովորել են ընտրողաբար ջնջել հիշողությունը, ու ցանկության դեպքում էլ` կրկին վերականգնել այն:   Նրանք սովորել են ուղեղի նյարդային բջիջներր խթանել:

Այդ բացահայտման արդյունքներն առաջին անգամ հրապարակվել են «Nature» գիտական ամսագրում;

“Մենք կարող ենք ձևավորել հիշողությունը, ջնջել այն ու կարող ենք միացնել ցանկության դեպքում` խթանի կիրառմամբ, որոնք ուժգնացնում կամ էլ թուլացնում են սինապտիկ կապերը”,-պատմել է ուսումնասիրության գլխավոր հեղինակ դոկտոր Ռոբերտո Մալինովը:

Սինապսը երկու նեյրոնների  կամ էլ  նեյրոնի ու ազդանշանը ստացող էֆեկտորային բջջի միջև շփման տեղն է ու ծառայում է նյարդային իմպուլսը երկու բջիջներին հաղորդելու համար:

Մասնագետներն օպտիկական լազերով խթանել են լաբորատոր առնետների ուղեղի նյարդերը, որոնց գենային ինժեներիայի օգնությամբ ավելի լուսազգայուն էին դարձրել: Կրծողների թաթերին միաժամանակ էլեկտրական լիցք են հաղորդել: Շուտով կենդանիները  կարողացան նյարդերի  օպտիկական խթանումը կապել ցավի հետ ու ռեակցիա ցուցադրել այդ խթանման ժամանակ:

Հաջորդ փուլում մասնագետները հիշողությունը ջնջելու համար խթանեցին նույն նյարդերը` ցածր հաճախությամբ օպտիկական իմպուլսների օգնությամբ:  Համապատասխանաբար, առնետները չեն վախեցել նման խթանումից: Սակայն կորսված հիշողությունների վերաակտիվացումը  նյարդերի կրկնակի խթանման ժամանակ, վերականգնել է կրծողների մոտ վախի զգացումն ու հիշողությունը:

Մասնագետները նշում են, որ, եթե կարողանան վերադարձնել այն պրոցեսները, որոնք թուլացնում են սինապսները, ապա ապագայում հնարավոր է ավելի հաջող բուժել Ալցհեմերի հիվանդությունն ունեցողներին:

Անկախ

Մեկնարկեցին ՀՀ բուհերի ընդունելության միասնական քննությունները. լուսանկարներ

«Աշխարհագրություն», «Ընդհանուր պատմություն» ու «Կենսաբանություն» առարկաների միասնական քննություններով էլ այսօր մեկնարկեցին ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության քննությունները։

միասնական քննություն

«Անկախ»-ը եղավ ԵՊՀ-ում, որտեղ անցկացվում էր կենսաբանության միասնական քննությունը։ Քննակենտրոն ժամանեցին նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը, ԳԹԿ տնօրեն Գագիկ Մելիքյանը։ Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հաջողություն մաղթեց դիմորդներին՝ նշելով. «Ով գիտելիք ունի, նա մեզ մոտ մեծ գնահատական ունի, իսկ մեր նպատակն է ապահովել արդար մրցակցություն»։

IMG_1053

IMG_1062

Դիմորդներն ընդհանուր առմամբ դրական ակնկալիքներ ունեին քննություններից, իսկ «Անկախ»-ի հետ զրույցում նշեցին, որ նախորդ տարվա համեմատությամբ՝ շտեմարանները բավականին բարդ էին, սակայն իրենք լավ են պատրաստվել ու լավ տրամադրություն ունեն։

IMG_1060

Իսկ ԳԹԿ տնօրեն Գագիկ Մելիքյանն  էլ նշեց, որ անցյալ տարի պարզ դարձավ, որ դիմորդների թիվը նվազել է. այս տարի առաջին փուլի համար հայտագրվել է 12 346 դիմորդ, ինչը նախորդ տարվա համեմատ մոտ 1500-ով պակաս է։ Այս է պատճառը, որ որոշ մասնագիտությունների համար դիմորդները կկարողանան բուհ ընդունվել առանց միասնական քննությունների` դպրոցական ավարտական քննությունների գնահատականներով, իսկ  անվճար սովորելու համար բավարար կլինի ընդամենը մեկ միասնական քննություն հանձնելը:

IMG_1075

Գագիկ Մելիքյանը  նշեց, որ քննական թեսթերը կազմվում են այն սկզբունքով, որ բարձր գնահատական ստանալը լինի դժվար, իսկ ներքին շեմը հաղթահարելը՝ հեշտ։ Նա հուսով է, որ այս տարի էլ թեսթերի բովանդակության հետ կապված  բողոքներ չեն լինի, ինչպես անցյալ տարի։

IMG_1070

Հիշեցնենք նաև, որ հունիսի 6-ին դիմորդները կհանձնեն միասնական քննություն «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից, հունիսի 10-ին՝ «ֆիզիկայից», «Օտար լեզվից»՝ հունիսի 13-ին, «Մաթեմատիկայից»՝ հունիս 17-ին, «Հայոց պատմությունից» և «Քիմիայից»՝ հունիսի 20-ին, իսկ «Ռուսաց  լեզվից»  հունիս 23-ին։

 

Աշխարհում ամենահին տաբատը հայտնաբերվել է Չինաստանում

02134857.976195.4579Հնագետները Չինաստանում հայտնաբերել են աշխարհում ամենահին տաբատը, որի տարիքը մոտավորապես 3,4 հազար տարի է, հայտնում է ScienceNews.-ը: Տաբատը հայտնաբերվել է  Չինաստանի ծայր արևմուտքում գտնվող Տաիմյան իջվածքի գերեզմանոցում: Մասնագետները ենթադրում են, որ այն պատկանելիս է եղել ասիական քոչվորներից մեկին: Բացի այդ, նրանք համոզված են, որ այն աշխարհում ամենահին տաբատն է:

Սակայն գտածոյում ամենաարժեքավորն այն է, որ տաբատի գոյությունը ցայտուն կերպով  ապացուցում է` քոչվորներն այն ստեղծել են ձի քշելու համար ու, որ այն շատ վաղուց է ստեղծվել:

Հետաքրքրական է, որ այն պատրաստված է բրդյա գործվածքից ու  առատորեն զարդարված ձեռագործով ու տարբեր օրնամենտներով:

Անկախ

ԿԳՆ հայտարարությունը բուհերում անվճար տեղերը նվազագույնի հացնելու վերաբերյալ

ՀՀ կրթության և գիտության նախարարությունՀայտարարությունում խոսվում է ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում անվճար տեղերի քանակը նվազագույնի հասցնելու մասին լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումներին: Մասնավորապես, ասվում է`

“Հաշվի առնելով տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցներում վերջին շրջանում տեղ գտած որոշ հրապարակումներ առ այն, որ անվճար տեղերի քանակը ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում հասցվել է նվազագույնի, ՀՀ կրթության և գիտության նախարարությունը տեղեկացնում է, որ նման պնդումները չեն համապատասխանում իրականությանը:

ՀՀ կառավարությունը յուրաքանչյուր տարի, հանրապետության տնտեսության և գիտության զարգացման կարիքներին համապատասխան, ըստ մասնագիտությունների և կրթական ծրագրերի հաստատում է անվճար ուսուցման ընդունելության տեղերը:
ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 30-ի N 449-Ն  որոշմամբ ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրա¬գույն ուսումնական հաստատություններին հատկացվել է պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) ուսուցման 2516 տեղ:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ գրեթե նույն թվաքանակով տեղեր են հատկացվել նաև նախորդ տարիներին: Բացի այդ, շուրջ 40%-ով ավելացել է ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող 1 ուսանողի տարեկան ծախսը:
Յուրաքանչյուր տարի հանրապետության տնտեսության և գիտության զարգացման կարիքներին համապատասխան և պետության համար առաջնային ու կարևորություն ներկայացնող բնագավառները բարձր որակավորում ունեցող մասնագետներով ապահովելու նպատակով կատարվում է անվճար ուսուցման տեղերի վերաբաշխում:
Մասնավորապես, նախորդ տարիների համեմատ ավելացել են տեղեկատվական տեխնոլոգիաների և բնագիտության ոլորտի մասնագիտություններին հատկացված տեղերը:
Անվճար ուսուցման տեղերը բաշխելիս հաշվի է առնվում նաև բուհերի մասնագիտական ուղղվածությունը, բացի այդ, լիցենզիայով հատկացված տեղերի սահմաններում բուհերը կարող են նաև կրթություն իրականացնել վճարովի հիմունքներով:
Անվճար հիմունքներով բարձրագույն կրթություն ստանալու իրավունքը չի կարող բացարձականացվել և տարածվել բարձրագույն կրթություն պահանջող բոլոր մասնագիտությունների վրա:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ բացի ՀՀ կառավարության կողմից տրամադրված անվճար ուսուցման տեղերից, ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին անվճար ուսուցում են ստանում նաև ՀՀ օրենսդրությամբ (<<Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին>> ՀՀ օրենք, <<Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին>> ՀՀ օրենք, <<Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին>> ՀՀ օրենք ) սահմանված արտոնություններից օգտվող ուսանողները:
Հարկ ենք համարում նշել նաև, որ բարձրագույն ուսումնական հաստատություններում գործում է ուսման վարձի լրիվ կամ մասնակի զեղչի փոխհատուցման  ճկուն համակարգ:
2013 թվականի սեպտեմբերից մեկնարկել է ՀՀ կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի N 1183-Ն որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից սահմանված ուսանողի միջին որակական գնահատականի նվազագույն շեմը հաղթահարած և ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող ընտանիքների ուսանողներին, յուրաքանչյուր տարի՝ պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում տրամադրելու գործընթացը:
Հիշյալ ծրագրի շրջանակում, պետության կողմից ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցում է ստացել 850 ուսանող”:

 

Նոր միջոցի շնորհիվ պլաստիկն ավելի արագ կքայքայվի

МусорԱստրախանի Պետական տեխնոլոգիական համալսարանի գիտնականները ստեղծել են մի միջոց, որն  էականորեն արագացնում է պոլիմերային նյութերի քայքայումը, գրում է econet.ua-ն: Նորույթի հեղինակը` Աննա  Կաշիրսկայան այդ միջոցը ստացել է տարածաշրջանում հողից   միկրոօրգանիզմ- դիստրուկտորների անջատումով: Հեղինակների կարծիքով, մշակված կենսատեխնոլոգիան նպաստում է  թունավոր նյութերի նվազեցմանը: Հաստատվել է, որ 7 տարվա ընթացքում պոլիէթիլենային թաղանթի  քայքայվել է 66%-ով, իսկ մյուս պոլիմերային նյութերում թունավոր նյութերի մակարդակը էականորեն նվազել է: Նման մշակումը թույլ կտա քայքայման արգասիքները օգտագործել որպես պարարտանյութ: Ի դեպ, բնական պայմաններում պոլիմերների քայքայմանը պրոցեսը տևում է  ավելի քան 100 տարի: Տարածաշրջանի ղեկավարը հայտնել է  նախագծին աջակցելու պատրաստակամության մասին:

Անկախ

Ենթագիտակցությամբ կատարված բացահայտումներ

Tesla_circa_1890Ենթագիտակցությունը ոչ միայն մեր ողջ կյանքն է կառավարում, այլև օգնում է կատարելու գիտական խոշորագույն բացահայտումներ: Բազում օրինակներ են հայտնի, երբ ենթագիտակցությամբ այնպիսի բացահայտումներ են կատարվել, որոնք մարդկության պատմության ընթացքն են փոխել:
Գիտնականներից շատերին է հայտնի ենթագիտակցության կարևորագույն դերը: Շատերն այն այսօր էլ են գործի դնում: Էդիսոնը, Մարկոնին, Քեթերինգը, Պուանկարեն, Էյնշտեյնը ու շատ շատերը վստահել են իրենց ենթագիտակցությանն ու գիտակցաբար կիրառել են դրա ազդեցությունը: Դրա շնորհիվ մշակվել են մեթոդներ ու հնարքներ, որոնք ընկած են բոլոր մեծագույն նորամուծությունների ու ժամանակակից գիտության ու արդյունաբերական բացահայտումների հիմքում: Ուսումնասիրություններն ապացուցեցին, որ մեծ գիտնականների ու հետազոտողների հաջողություններն ամենաանմիջական կապ ունեն ենթագիտակցության հետ:
 Բոլորին չէ, որ հայտնի է, թե ինչպես անվանի քիմիկոս Ֆրիդրիխ ֆոն Կիկուլեն ենթագիտակցության օգնությամբ լուծեց դժվարին գիտական խնդիրը: Երկար ժամանակ նա լարում էր ուժերը` պատկերացնելու ածխածնի ու ջրածնի 6 ատոմների դիրքը բենզոլի բանաձևում: Կրկին ու կրկին նրա առջև անհաղթահարելի դժվարություններ էին առաջանում, ու հասկանալու համար ոչ մի կերպ մատչելի բացատրություն չէր գտնվում, այնպես, որ նա վերջիվերջո խնդիրը «հանձնարարեց» իր ենթագիտակցությանը: Կայծակի բռնկման նմանվող փայլատակումը եղավ այն պահին, երբ նա նստեց լոնդոնյան ավտոբուս ու հանկարծ մտքում օձ տեսավ, որն իր իսկ պոչի հետևից էր ընկել ու սեփական առանցքի շուրջ պտտվող անվի էր նման: Նրա ենթագիտակցությունը գտավ լուծումն ու խորհրդանշական եղանակով ցույց տվեց ատոմների շրջանաձև դասավորությունը, որն այսօր ամենուր հայտնի է որպես «բենզոլային օղակ»:

 Նիկոլա Տեսլան, որին պարտական ենք մի շարք սենսացիոն հայտնագործությունների համար, հրաշալի ուսումնասիրող էր համարվում էլեկտրատեխնիկայի բնագավառում: Երբ նրա գլխում մի նոր գաղափար էր ծնվում, սովորաբար շարունակում էր այն զարգացնել ու մշակել իր երևակայության մեջ` գիտենալով, որ իր ենթագիտակցությունը կհուշի մանրամասն այնպիսի դետալներ, որոնք անհրաժեշտ են գաղափարի գործնական իրականացման համար:
Շնորհիվ այն հանգամանքի, որ գաղափարը լրիվ հասունանում էր մտքում, նա կարող էր ինժեներներին հայտնել դրա կառուցվածքը` կատարելագործված մանրագույն դետալների մակարդակով` ինչն այլևս ստուգման կարիք չէր զգում:
 Ամերիկացի ականավոր բնախույզ պրոֆեսոր Ագասիսն իր մեջ հայտնաբերեց անդադրում գործող ենթագիտակցություն, որը շարունակում էր գործել անգամ, երբ ինքը քնած էր:
Գիտնականի կյանքի ուղու մասին նրա կնոջ հրատարակած հուշերում նկարագրվում է հետևյալ միջադեպը. «Արդեն երկու շաբաթ նա փորձում էր վերստեղծել ոչ լրիվ, լղոզված գծագրությամբ, մինչպատմական ձկան քարացուկը: Հոգնած ու հուսահատված` նա վերջապես մի կողմ դրեց քարացուկն ու ինքն իրեն ստիպեց դրա մասին այլևս չմտածել: Դրանից հետո նա գիշերվա կեսին արթնացավ երջանիկ հուզմունքով. երազում տեսել էր ձուկն ամբողջական:Բայց երբ փորձեց վերարտադրել տեսածը, այն անընդհատ անհետանում էր հիշողությունից: Առավոտյան նա մեկնեց կենդանաբանական ինստիտուտ` հուսալով այնտեղ տեսնել ինչ- որ բան, որը կարող էր վերակենդանացնել երազում տեսածը: Իզուր. հիշողությունը նրան դավաճանում էր: Հաջորդ օրը նա կրկին երազում տեսավ այն: Սակայն մանրամասները հիշել, ավաղ, չստացվեց:
Հուսալով, որ երրորդ անգամ դա իրեն կհաջողվի` գիտնականը հետը մատիտ ու թուղթ վերցրեց, որ ձեռքի տակ լինեն:
Եվ իսկապես էլ, առավոտյան ձկան պատկերը կրկին հայտնվեց նրա երազներում. սկզբում` աղոտ, ապա բյուրեղյա հստակությամբ, այնպես, որ մասնագետը կարող էր անգամ մանրուքները նկատել: Կիսաքուն վիճակում նա լրիվ մթության մեջ, թղթի կտորի վրա նկարեց քարացուկի պատկերը: Իսկ առավոտյան, հիացմունքով հայտնաբերեց իր գծանկարում որոշակի կենսաբանական առանձնահատկություններ, որոնք երբևէ չէր էլ ենթադրում հայտնաբերել մինչպատմական այդ էակի մոտ: Առավոտյան նա շտապեց ինստիտուտ, ու գծագրության համաձայն` նրան հաջողվեց նուրբ բրիչով հանել քարացուկի վերին շերտը տարբեր հատվածներում ու կարողացավ այն տեսնել ամենայն մանրամասներով: Քարացուկային վերին շերտից ազատված ձուկը հենց այն տեսքն ուներ, ինչ գիտնականը նրան երազում էր տեսել: Այն բացարձակ համընկնում էր նաև գծապատկերին: Դա օգնեց պրոֆեսորին ճիշտ դասակարգելու այդ քարացուկ ձուկը:
 40 և ավելի տարի առաջ կանադացի անվանի վիրաբույժ Ֆրեդերիկ Բախթինգն իրեն նվիրեց շաքարային դիաբետի կործանարար ազդեցության ուսումնասիրությանը: Այն ժամանակ բժշկությունն այս միջոցները չուներ, որ կարողանար կանխել հիվանդությունը: Դոկտորն իր յուրաքանչյուր ազատ րոպեն էր նվիրում փորձերին ու արտասահմանյան մասնագիտական գրականության ընթերցմանը: Մի անգամ, երբ նրա աչքերը հոգնածությունից փակվում էին` գնաց քնելու: Երազում հանկարծ մի գաղափար հղացավ` ոգեթուրմ պատրաստել շան ենթաստամոքսագեղձից: Այդ նյութից է ստացվել ինսուլինը, որն այն ժամանակներից մինչև հիմա միլիոնավոր մարդիկ են օգտագործում:
Հետաքրքրական է, որ դոկտոր Բախթինգը տևական ժամանակ էր փորձում գտնել այդ խնդրի լուծումը, մինչև ենթագիտակցությունը հուշեց ճիշտ ուղին:
Սակայն միշտ չէ որ փայլատակումը կատարվում է առաջին իսկ գիշերը. երբեմն դրա համար բավականին երկար ժամանակ է պահանջվում:
 Ինչպե՞ս է կառուցված կարի մեքենան: Երբևէ մտածե՞լ եք, թե ինչպես է, որ հարթ ու համաչափ կար է ստացվում: Կարի մեքենայի բացահայտման պատիվը պատկանում է Էլիաս Հոուին: Ամերիկացի տեխնիկ ու ձեռներեց Հոուն պատանության տարիներին աշխատում էր կարի ֆաբրիկայում, ու բնականաբար զարմանալի չէ, որ նա է կարի մեքենան մտահղացել: 1845-ին նա ներկայացրել է կարի մեքենայի առաջին մոդելը: Իսկ մինչ այդ մի լավ տանջվել է, քանի որ ոչ մի կերպ չէր կարողանում տեղադրել ասեղի անցքը, որպեսզի թելը հակառակ երեսից դուրս գար: Նա շատ փորձարկումներ արեց ու մի օր երազ տեսավ, իբր իրեն վայրի ցեղերն են շրջապատել, որոնց մոտ գերի է ընկել: Շուրջպարի ժամանակ նրանք բրերն էին ճոճում, ու գերյալին հաջողվեց նկատել բրերի սուր անկյան տակ ասեղի անցքը: Երբ Հոուկն արթնացավ ու կրկին փորձ արեց, այս անգամ այն հաջողությամբ պսակվեց, ու նա հասկացավ, որ խնդիրը լուծել է:

 Դեղագործ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Օտտո Լևին երազում է տեսել սրտային իմպուլսների նյարդային փոխանցումը. «Զատկին նախորդած շաբաթը ես արթնացա, միացրի լույսը և իսկույն թղթի կտորի վրա բան նկարեցի ու կրկին քնեցի: Առավոտյան ժամը 6-ին հայտնաբերեցի, որ այդ գրառումները չափազանց կարևոր են:Բայց ոչ մի կերպ չէի կարողանում իմ իսկ ձեռագիրը վերծանել: Հաջորդ գիշերը գաղափարը կրկին վերադարձավ ժամը 3-ին: Դա փորձի մոդել էր, որի նպատակն էր հաստատել կամ հերքել քիմիական հաղորդման մասին վարկածը: Այն ես դեռևս 17 տարեկանում էի առաջ քաշել, ու ինչպես հետո հաստատվեց, ճիշտ էր: Իսկույն վեր կացա, լաբորատորիա գնացի, մեկ-միակ փորձ կատարեցի գորտի սրտի վրա ճիշտ գիշերը երազումս տեսած մոդելի պես:

 Խորհրդային ԱՆ-22 ինքնաթիռը, որը լայնորեն կիրառվել է ԽՍՀՄ ՌՕՈՒ-ում, ստեղծել է ավիակոնստրուկտոր Օ. Անտոնովը: Նա երազում է տեսել ինքնաթիռի պոչային փետրավորումը: Արթնանալով` իսկույն նկարել է տեսածը:
Մեծագույն հայտնագործությունները սկիզբ են առնում վաղնջական ժամանակներից:
 Մեսրոպ Մաշտոցը այբուբենի վրա աշխատելիս ուսումնասիրել է պահլավերենը, հունարենը, եթովպիական գրեր ու գրերի մի շարք այլ համակարգեր: Լեգենդի համաձայն` Մաշտոցը քնի մեջ հրեշտակ է տեսել, որը նրան ցույց է տվել այբուբենի տառերը:

 Դպրոցից գիտենք, որ Մենդելեևը տարրերի պարբերական աղյուսակը երազում է տեսել: Նա մի քանի օր մտածում էր դրա մասին անընդհատ: Երբ մտավոր լարված աշխատանքից հոգնած` քնեց ու երազ տեսավ, հետո դրա մասին գրեց. «Ես պարզ երազում տեսնում եմ աղյուսակը, որտեղ տարրերը դասավորված են ինչպես պետք է: Արթնացա ու իսկույն թղթի կտորի վրա գրեցի ու կրկին քնեցի: Հետագայում միայն մի տեղ էր պետք ուղղում կատարել»:
Ի՞նչ է դա: Ենթագիտակցության աշխատա՞նք, որի մասին Ֆրեյդը գրել է, որ այն ունակ է այնպիսի բաների, որոնց առջև մեր գիտակից մտածողությունը խամրում է:
 Ֆրանսիացի մաթեմատիկոս ու փիլիսոփա Ռենե Դեկարտին մարդկությունը պարտական է վերլուծական երկրաչափության, օպտիկական օրենքների բացահայտման, հանրահաշվի մասին բազմաթիվ աշխատությունների ստեծման համար, որոնք ազդել են մաթեմատիկայի զարգացման վրա:
Նա նաև ֆիզիկայի, մեխանիկայի ու Տիեզերքի մասին մտորումներ ուներ: Նա ձևակերպեց ռեֆլեքսի երևույթը, որը հիմա ժամանակակից բժշկության ու հոգեբանության հիմնարար հասկացողություններից է: Հենց նրան են պատկանում հանրահայտ խոսքերը` «Ես մտածում եմ, հետևաբար գոյություն ունեմ»:
Երազում Դեկարտն իր առջև բացված գիրք տեսավ, որում նա կարդաց ինչ-որ հայեցակետի մասին. այն ապացուցում էր, որ միևնույն մեթոդները կարելի է կիրառել տարբեր գիտություններում: Հետո Դեկարտը երազում ոգի տեսավ, որը նրան մեղադրեց ծուլության մեջ` պատմելով գիտնականի իրական կոչման մասին: Նրան էր վիճակված ապացուցել, որ մաթեմատիկական սկզբունքները կարելի է կիրառել բնությունը ճանաչելու համար` կանոնավորելով գիտելիքները:
 Ֆրիդրիխ Բուրդահը, որը հայտնի է նրանով, որ նրբին վիրադանակով կարողացել է կիսել գլխուղեղն ու ողնուղեղը: Դա նրան հաջողվել է երազի շնորհիվ. «Ես տեսա, որ արյունն ինքնուրույն իր ուժով հոսում ու շարժման մեջ է դնում սիրտը, այնպես որ վերջինը որպես արյան հոսքի պատճառ դիտելը հավասարազոր է ալրաղացը գործի դնող առվակների հոսքը բացատրելուն: 1822-ին հետճաշյա քնի ժամանակ ես մտածում էի, որ երազը ինչպես և մկանների ձգումը, վերադարձ է դեպի քեզ»: Այդ երազին է պարտական արյան շրջանառության գաղափարի ծնունդը:

 Դանիացի ֆիզիկոս, տեսաբան, Նոբելյան մրցանակ դափնեկիր Նիլս Բորը մեծ ավանդ ունի քվանտային մեխանիկայի զարգացման գործում: Նա է ատոմի միջուկի ու միջուկային ռեակցիաների մասին տեսության ստեղծողը:
Ասում են` ատոմի կառուցվածքի մասին մտորումների ժամանակ նա երազում տեսել է Արեգակնային համակարգը` պտտվող մոլորակներով: Այդպես է ծնվել ատոմի միջուկի մոդելը:
Հանճարեղ բացահայտումների պատմություններն ապացուցում են, որ մեր ենթագիտակցությունը քնած ժամանակ արթուն է: Ու նրա հնարավորությունները երբեմն անսահմանափակ են թվում, ուրեմն, թեկուզ դրա համար չպետք է երազները քամահրանքով ընդունել:

Բուհ-գրադարան համագործակցության նոր հեռանկարները

05-30-2014 Avetik IsԱվետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում համալսարանական շունչն էր թևածում:

Մայիսի 30-ին ԵՊՀ հրատարակչությունը Մայր բուհի 95-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում հերթական նվիրատվությունն արեց: Այս անգամ ԵՊՀ ներկայացուցիչները հյուրընկալվել էին Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում, որը համալրվեց ԵՊՀ հրատարակչության և «Գալուստ Գյուլբենկյան» հիմնարկության աջակցությամբ տպագրված ավելի քան 300 կտոր գրականությամբ:

ԵՊՀ պատվիրակության կազմում էին Ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, ԵՊՀ հրատարակչության տնօրեն Կարեն Գրիգորյանը, ՈՒԳԸ նախագահ Միքայել Մալխասյանը, այլ համալսարանականներ: Միջոցառմանը ներկա էին նաև Երևանի քաղաքապետարանի մշակույթի վարչության ներկայացուցիչները:

Միջոցառումը մեկնարկեց Մայր բուհի մասին պատմող ֆիլմի ցուցադրությամբ, ինչից հետո գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանը շնորհակալություն հայտնեց համալսարանականներին նմանօրինակ արժեքավոր գրքերի նվիրատվության կապակցությամբ, խոսեց գրադարանի և ԵՊՀ-ի միջև տասնյակ տարիներ գոյություն ունեցող բարեկամական հարաբերություններից և արդեն իսկ իրականացրած միջոցառումներից: «Համալսարանը գրադարանի լավագույն բարեկամների շարքում է, և մենք հպարտ ենք, որ հաղորդակից ենք դարձել Մայր բուհի հոբելյանական միջոցառումներին: Օրինակելի և հրաշալի նախաձեռնության համար անչափ շնորհակալ ենք»,- նշեց Հասմիկ Կարապետյանը և գրադարանի ղեկավարության ու այցելուների անունից ընթերցեց Մայր բուհին ուղղված շնորհավորական ուղերձը:

Այնուհետև միջոցառման մասնակիցները հոտընկայս ունկնդրեցին Մայր բուհի օրհներգը, ինչից հետո բացման խոսքով հանդես եկավ պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, ով որոշ մանրամասներ ներկայացրեց ԵՊՀ հրատարակչության կողմից իրականացվող նվիրատվությունների շրջանակներում կատարված Մայր բուհի պատվիրակության այցելություններից: «Քանի որ Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանը Երևանի ամենահին գրադարաններից մեկն է, ուստի Մայր բուհի և, այսպես ասած, մայր գրադարանի համագործակցությունը բավականին հատկանշական է: Վստահ եմ, որ մեր շատ ուսանողներ ուսումնառության ընթացքում հաճախ են օգտվում կենտրոնական գրադարանից, հետևաբար մենք մեր հոգու պարտքն ենք համարում հնարավորինս աջակցել գրադարանի գրքային ֆոնդի հարստացման գործընթացին»,- ասաց Ռուբեն Մարկոսյանը:

ԵՊՀ հրատարակչության տնօրեն Կարեն Գրիգորյանն էլ ներկայացրեց նախաձեռնության նպատակը, հրատարակչության գործունեությունն ու հետագա ծրագրերը՝ շեշտելով, որ բուհի և գրադարանի համագործակցությունն անպայման շարունակական է լինելու: «Այսօր գրադարանի այցելուներին ենք ներկայացնում նախորդ տարիներին լույս ընծայած բավականին արժեքավոր գրքեր, որոնց կազմում են նաև հիմնարար մի շարք աշխատություններ՝ բառարաններ, Մ. Աբեղյանի և Հ. Աճառյանի հատորյակները և այլն: Պետք է նշեմ, որ նմանաբնույթ միջոցառումներ հաճախ են կազմակերպվելու, մասնավորապես յուրաքանչյուր տարի ԵՊՀ հրատարակչությունը գրքեր է նվիրաբերելու գրադարանին»,- հավելեց Կարեն Գրիգորյանը և բոլորին հրավիրեց մասնակցելու հոբելյանական միջոցառումների շրջանակներում առաջիկայում կազմակերպվելիք գրքերի ցուցահանդես-տոնավաճառին, որտեղ ներկայացված կլինեն ոչ միայն ԵՊՀ-ի, այլև այլ հրատարակչությունների տպագրած գրքերը:

Հավելենք, որ 120 անուն գրքերի օրինակները ցուցադրված էին գրադարանի միջոցառումների դահլիճում, ինչն այցելուներին ու ընթերցողներին հնարավորություն էր տալիս ծանոթանալու համալրված գրականությանը:

Վերջում գրադարանի մեկ այլ բարեկամ բուհի՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի սաները միջոցառումը համեմեցին մշակութային մի շարք համարներով:

 

Եթե աշխատաշուկան չի մոտենում բուհին, տեղի է ունենում հակառակը

05-26-2014 AshxatashukaՀայաստանյան մի քանի խոշոր բուհեր միավորվում են՝ աշխատաշուկան համալսարաններին մոտեցնելու համար:

ԵՊՀ-ում անցկացվեց «Աշխատաշուկայի և բարձրագույն կրթության արդի փոխգործակցության խնդիրները» խորագրով հանրապետական գիտագործնական հանդիպում:

Հանդիպմանը մասնակցում էին հայաստանյան մի շարք բուհերի՝ կարիերայի հարցերով պատասխանատու կառույցների ղեկավարներ, բիզնես միությունների և պետական կառույցների ներկայացուցիչներ: Հավաքի նպատակն էր աշխատաշուկայում ուսանողների և շրջանավարտների մրցունակության հարցերի վերաբերյալ միջբուհական փոխգործակցության հեռանկարների ձեռքբերման և համալսարան-ձեռնարկություն համագործակցության խնդիրների քննարկումը:  «Տասը տարուց ավելի է՝ սրա մասին արդեն խոսում ենք, փորձում ենք ելքեր գտնել բուհ-ձեռնարկություններ փոխգործակցության զարգացման համար: 21-րդ դարի կրթությունն առանց դրա չի կարող գոյատևել: Լավ հասկանում ենք, որ աշխատաշուկան մեր հանրապետությունում դեռևս լավ զարգացած չէ, բայց մենք էլ մեղքի մեր բաժինն ունենք: Անհրաժեշտ է, որ գործարար աշխարհը բուհերին օգնի ոչ այնքան նյութապես, որքան մեթոդական առումով, ձեռք մեկնեն նոր մասնագիտություններ ներմուծելու հարցում, օգնեն դրանցով համապատասխան մասնագետներ պատրաստելու գործում և այլն»,- նշեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:

Մայր բուհի ռեկտորը, սակայն, նշում է, որ շատ դեպքերում հենց բուհերը հետաքրքրություն չեն ցուցաբերում գործարար ոլորտի հետ համագործակցելու ուղղությամբ: Հետևաբար քիչ ուշադրության են արժանանում միջմասնագիտական մասնագիտությունները, մինչդեռ այսօրվա աշխատաշուկան պահանջում է այնպիսի մասնագետներ, որոնք երկու և ավելի մասնագիտությունների են տիրապետում:

«Այս տարվանից փորձ ենք անում փոխել աշխատաշուկայի կարգավորման պետական քաղաքականությունը: Այսօր մեր բնակչության 1/3-ն աղքատ է, աշխատաշուկայում պահանջարկ-առաջարկի լուրջ անհամապատասխանություն կա, գործազրկության մակարդակը տատանվում է 17-18%-ի սահմաններում, իսկ երիտասարդների գործազրկության մակարդակը վաղուց հատել է 20%-ը, որը վտանգավոր ցուցանիշ է»,- հանդիպման ընթացքում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արայիկ Պետրոսյանը՝ հավելելով, սակայն, որ մյուս կողմից էլ աշխատաշուկայում կա որակյալ մասնագետների պակաս, որը չի հաջողվում համալրել:

ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանն էլ հյուրերին ներկայացրեց, թե վերջին տարիներին ԵՊՀ-ն ինչ աշխատանք է կատարել աշխատաշուկան բուհին մոտեցնելու ուղղությամբ: «ԵՊՀ գիտխորհրդի կողմից ընդունվել է ձեռնարկությունների հետ համագործակցության հայեցակարգ, ստեղծել ենք նաև գիտխորհրդին կից ձեռնարկությունների հետ համագործակցությունն ապահովող մշտական հանձնաժողով, որը ղեկավարում է ռեկտորը, իսկ քարտուղարությունն իրականացնում է Շրջանավարտների և կարիերայի կենտրոնը: Ունենք նաև այլ ստորաբաժանումներ, որոնք գործի բերումով համագործակցում են ձեռնարկությունների հետ»,- նշեց պարոն Մարկոսյանը՝ տեղեկացնելով, որ ԵՊՀ-ում և մի շարք այլ բուհերում «TEMPUS» ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել ձեռարկությունների հետ համագործակցության պորտալ:

Մեկ այլ ծրագրի շրջանակում էլ ստեղծվելու է շրջանավարտների տվյալների բազա, որից գործատուները հնարավորություն կունենան ընտրելու իրենց անհրաժեշտ մասնագետներին:

Հանդիպման ընթացքում տեղի ունեցավ նաև քննարկում. հավաքվածներից մի քանիսը ներկայացրին իրենց մտահոգությունները, բացերը, որոնք թույլ չեն տալիս զարգացնել նշված համագործակցությունը, ինչպես նաև առաջարկեցին կոնկրետ քայլեր:

Վերջում հայաստանյան 9 բուհերի՝ ԵՊՀ-ի, Երևանի պետական տնտեսագիտական, Հայաստանի պետական ճարտարագիտական, Երևանի Վ. Բրյուսով անվան պետական լեզվաբանական, Հայաստանի ամերիկյան, Հայաստանի ազգային ագրարային, Հայաստանի ճարտարապետության և շինարարության ազգային, Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական, Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանների՝ կարիերայի հարցերը համակարգող կառույցների միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր: «Համագործակցության հիմնական շրջանակներն են ամենամյա հանրապետական միջբուհական աշխատանքի տոնավաճառի կազմակերպումը, գիտաժողովների, սեմինարների, խորհրդակցությունների իրականացումը, տեղեկատվության փոխանակումը և այլ ծրագրերի մշակումը: Քանի որ նախաձեռնողը ԵՊՀ-ն էր, այս տարվա աշխատանքի հանրապետական տոնավաճառը կանցկացվի մեզ մոտ»,- նշեց ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի տնօրեն Լիլիթ Հակոբյանը:

Ընթերցող աշակերտը` օրվա հերոս

arm-6755-IMG_0017Հայաստանի գրողների միությունում այսօր տեղի է ունեցել “Ընթերցման” օլիմպիադայի եզրափակիչ փուլն ու պարգևների հանձնման պաշտոնական արարողությունը: Հանդիսավոր միջոցառմանը ներկա են գտնվել և հաղթողներին մրցանակներ հանձնել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Ողջունելով “Ընթերցման” օլիմպիադայի մասնակիցներին և կարևորելով նախաձեռնությունը՝ Արմեն Աշոտյանը շեշտել է, որ ապագան ընթերցող երեխայինն է: Նախարարը նշել է, որ օլիմպիադան հիրավի վերածվել է շարժման, որը միավորում է հասարակական և պետական մարմիններին` հանուն մեկ ընդհանուր նպատակի: “Առանց անձի զարգացման` չկա պետության զարգացում, իսկ անձի զարգացումն առանց ընթերցանության, առանց գիտելիքների պաշարը հարստացնելու,  գոյություն չունի: Ուստի,  ընթերցասիրությամբ զարգանում ենք անձամբ և նպաստում մեր պետության և հասարակության զարգացմանը: Առանց գիտելիք, վստահեցնում եմ ձեզ, չեք լինի բարեկեցիկ, հարգված և հաջողակ: Գիտելիքը Հայաստանում այլընտրանք չի ունենալու` որպես բարեկեցության, սոցիալական ճանաչման  և առաջխաղացման բացառիկ գործիք: Գիրքն այն զուգընկերն է, որի հետ յուրաքանչյուր հանդիպում կյանքում դառնում է ամենագողտրիկ, թանկ և ամենագաղտնի հանդիպումներից մեկը: Միշտ զրուցեք ձեր գրքերի հետ, որովհետև այդ զրույցը թեպետ կայանում է ձեր երկուսի միջև, սակայն վստահեցնում եմ ձեզ, որ այն կյանքում շատ պիտանի է լինելու”,-նշել է Ա. Աշոտյանը:
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ևս ընդգծել է, որ օլիմպիադան դարձել է ազգային համերաշխության հարթակ` պետական և հասարակական կազմակերպությունների համագործակցության: “Սա իրապես հրաշալի է. բոլորը միավորվել են ընթերցանության շուրջ` հանուն երեխաների ապագայի: Խորհրդանշական է, որ օլիմպիադան մեկնարկեց Գրատպության 500-ամյակի տարում և ամրագրվեց որպես լավագույն ավանդույթ: Եվ շատ գովելի է, որ երեխաներն իրենց կարողություններով վաստակում են լավագույն մրցանակները` իրենց ընտանիքների և դպրոցների համար: Գիտելիքը հաղթող է մեր իրականության մեջ. դա է ապացուցում այս օլիմպիադան”-նշել է Հ. Պողոսյանը` շնորհակալություն հայտնելով “Անտարես” հրատարակչությանը` օլիմպիադայի կազմակերպման և անցկացման համար:
Օլիմպիադան անցկացվել է 6-րդ դասարանցիների շրջանում: Եզրափակիչ փուլում մրցել են 33 աշակերտներ, որոնցից էլ հանձնաժողովի  կողմից ընտրվել են հաղթողները: “Ընթերցման” օլիմպիադայի ընթացքում ժյուրին գնահատել է աշակերտների` սահուն ընթերցելու, ճիշտ հնչողությամբ և շեշտադրմամբ կարդալու կարողությունը: Եզրափակիչ փուլի բոլոր մասնակիցները պարգևատրվել են հավաստագրերով, ինչպես նաև հովանավորների կողմից նախատեսված այլ մրցանակներով: Մրցույթը կազմակերպել են ՀՀ կրթության և գիտության, ՀՀ մշակույթի նախարարությունները և “Անտարես” հրատարակչությունը: Նախաձեռնությանը աջակցել են ևս հինգ նախարարություն, ինչպես նաև մի շարք մասնավոր կազմակերպություններ:

Կարգապահական տույժեր` մի շարք ուսհաստատությունների ղեկավարներին

կգն2ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրամաններ է ստորագրել, համաձայն որոնց` ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով ոչ պատշաճ կատարելու համար ՀՀ կրթության և գիտության նախարարության մի շարք ուսումնական հաստատությունների ղեկավարներ ստացել են կարգապահական տույժ` “նկատողություն”: Մասնավորապես, “Վաղարշապատի Մ.Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոցի” տնօրեն Գայանե Սաֆարյանի, “Մեծամորի թիվ 2 ավագ դպրոցի> տնօրեն Մայիս Նիկողոսյանի,  “Ամասիայի արհեստագործական պետական ուսումնարանի” տնօրենի տեղակալ Հայկ Քուրքչյանի, “Արագածի արհեստագործական պետական ուսումնարանի” տնօրեն Վարդգես Կիրակոսյանի, “Արմավիրի պետական ինդուստրիալ-մանկավարժական քոլեջի” տնօրեն Արմեն Խաչատրյանի, “Տավուշի  տարածաշրջանային պետական քոլեջի” տնօրեն Արիս Թորոսյանի, “Գյումրու մշակույթի վարժարանի” տնօրեն Սուրեն Հովսեփյանի, “Գյումրու  թիվ 3 արհեստագործական պետական ուսումնարանի” տնօրեն Ալբերտ Պետրոսյանի, “Մեղրու պետական քոլեջի” տնօրենի տեղակալ Շուշիկ Բաբայանի նկատմամբ կիրառվել է “նկատողություն” կարգապահական տույժը: Նախարարի մեկ այլ հրամանով` “Երևանի երաժշտական  թիվ  13 հատուկ դպրոցի” տնօրեն Սամվել Երանյանի նկատմամբ կիրառվել է “խիստ նկատողություն” կարգապահական տույժը, որի համար հիմք են ծառայել ՀՀ Վերահսկիչ պալատի և ՀՀ ֆինանսների նախարարության վերահսկիչ, վերստուգիչ վարչության հայտնաբերած թերությունների ու խախտումների մասին արձանագրությունները: Վերջինս հիմք է հանդիսացել նաև, որ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նամակ-առաջարկով դիմի ԿԱԻ տնօրենին` պատասխանատու անձանց և “Փոքր Մհեր” կրթահամալիրի խորհրդին` տնօրենի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու վերաբերյալ:
Հանձնարարվել է նաև “Արմավիրի Տիգրան ՄԵծի անվան ռազմամարզական հատուկ վարժարանի” տնօրենին` հաշվապահի նկատմամբ կիրառել կարգապահական տույժ` “խիստ նկատողություն” :

Երիտասարդները ստանում են զինծառայությանը վերաբերող հմտություններ

IMG_20140524_134124Ինչպես հայտնում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամից, ՀՀ բուհերի բակալավրիատի և մագիստրատուրայի շուրջ 30 ուսանողներ այս օրերին մասնակցում են դասընթացների, որոնց ընթացքում ռազմական փորձագետներն ու քաղաքագետները նրանց հմտություններ են փոխանցում բանակային հարաբերությունների, զինծառայության, սպայի, զինվորի լիազորությունների և պարտականությունների մասին:

Անցկացվում է «ՀՀ զինված ուժերը՝ որպես երկրի անվտանգության հիմնական երաշխավորը» ծրագիրը, որն իրականացնում է «Փորձագետ» ռազմավարական հետազոտությունների կենտրոն ՀԿ-ն՝  ՀԵՀ-ի՝ որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։

Ծրագրի նպատակն է բանակ-հասարակություն կապի ամրապնդման միջոցով բարձրացնել հանրային իրազեկվածության և վստահության մակարդակը հայոց ազգային բանակի նկատմամբ:

Ծրագրի համակարգող, քաղ. գիտ. թեկնածու Ալեն Ղևոնդյանը նկատեց, որ այսօր մեր զինվորը հաճախ հոգեբանական առումով պատրաստ չէ զինծառայությանը և երկրի պաշտպանության մասին տեսական գիտելիքներ ունի: Այնուհետև հավելեց. «Այս դասընթացների միջոցով փորձում ենք երիտասարդներին գիտելիքներ տրամադրել այն մասին, թե ինչ է զինծառայությունը, երկրի պաշտպանությունը, զինված ուժերը: Երիտասարդների մոտ բանակի մասին գիտելիքները հաճախ թերթային ու բամբասանքային են, այնպիսի մտայնություն կա, թե բանակը պետք է հանգստյան տուն լինի, իսկ ծառայությունը՝ հաճելի ժամանցի անցկացում: Չպետք է մոռանալ, որ հենց բանակն է երկրի անվտանգության առաջին երաշխավորը, ուստի ծառայությանը պատաստված պետք է գնալ թե´ հոգեպես, թե´ ֆիզիկապես:»:

Երիտասարդներն արդեն դասախոսություններ են լսել « Հայաստան-Ադրբեջան ռազմական հարաբերակցման խնդիրը ԼՂ սահմանային գոտում», « ՀՀ ազգային շահերի հիմնահարցը և հայեցակարգերը» թեմաներով: ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, «ՀՀ զինված ուժերը» թեմայով դասընթաց կարդալով երիտասարդներին, նշեց. «Այսօրվա բանակը երեք կամ տասը տարի առաջվա բանակը չէ: Առաջընթացը մեծ է: Բայց մեր նպատակն է ավելի մեծ ուշադրություն դարձնել կրթական համակարգին:Այսօր մեր գերխնդիրը արժեհամակարգի և դաստիարակության հարցն է»:

Խոսելով ՀՀ կրթական համակարգում գոյություն ունեցող խնդիրների մասին՝ Ալեն Ղևոնդյանը նշեց, թե ՀՀ հանրակրթական դպրոցներում ռազմագիտության դասընթացները հիմնականում երիտասարդներին տեսական գիտելիքներ են փոխանցում: Այնուհետև մտահոգություն հայտնեց այն առումով, որ բուհերում այլևս չեն գործում ռազմական ամբիոնները: Հետո նկատեց. «ԿԳՆ-ն այս տարվանից օրենսդրական փոփոխություններ է կատարել իր օրենսդրական ակտերում, որի արդյուքնում բուհ ընդունվող բոլորը երիտասարդները զինապարտ են դառնում, սա կարևոր և անհրաժեշտ փոփոխություն է: Սակայն հարկ է նշել, որ ապագա զինվորը պիտի գիտակցի և հասկանա՝ իրեն ինչ է սպասվում պարտադիր զինծառայության մեջ, ու պատրաստ լինի դրան: Տղաները պիտի հասկանան՝ բանակն ինչ է, զենքն ինչ է, հայրենիքի պաշտպանությունը ինչ է»:

Դասընթացի մասնակից, ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի բակալավրիատ 4-րդ կուրսի ուսանող Հայկ Սարգսյանը, կարևորելով ծրագրին մասնակցությունը, նշեց. «Այսօր ունենք խնդիր նաև ներբանակային, ներզորամասային միջավայրում ապահովելու նորմալ հարաբերություններ: Ցավալի իրողություն է ներզորամասային միջավայրում ոչ կանոնադրական հարաբերությունների արդյունքում տարբեր բախումները: Ուստի այս դասընթացները մեզ գիտելիքներ են ընձեռում հետագայում ավելի գիտակից մոտենալու այդ հարցերին և հասկանալու խնդրի էությունը»:

Տեսական 10 դասընթացներին կհաջորդեն գործնական պարապմունքները: Ուսանողները շուրջ հինգ օր կանցկացնեն ԼՂ զորամասերից մեկում, գործնականում կծանոթանան զորմասի առօրյային, կանցնեն կրակային պատրաստվածության, կանոնադրական հարաբերությունների մասին դասընթացներ, կծանոթանան զինտեխնիկայի հետ:

 

ԿՐԹԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ ԿՍՏԱՆԱՆ

photo23.05.2014Մայիսի 23-ին ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը և Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափին վարկային ու ֆինանսավորման համաձայնագրեր են ստորագրել` կրթության և սոցիալական ոլորտների ծրագրերի իրագործումն ապահովելու նպատակով: Միջազգային զարգացման ընկերակցության հետ ստորագրված համաձայնագրով «Սոցիալական պաշտպանության վարչարարության II ծրագրի» շրջանակում Հայաստանին կտրամադրվի 21.2 մլն դոլարին համարժեք 13.9մլն հատուկ փոխառության իրավունքի (SDR) չափով վարկ: Ծրագրի նպատակն է բարելավել սոցիալական պաշտպանության ծառայությունների տրամադրումը և հզորացնել դրանք մատուցող, ինչպես նաև սոցիալական պաշտպանության նպաստներ վճարող մարմինների վերլուծական, մշտադիտարկման և գնահատման գործառույթները: Իսկ «Կրթության բարելավման ծրագրի» շրջանակում Հայաստանը կստանա ընդհանուր առմամբ 30մլն ԱՄՆ դոլար արժողությամբ վարկ, այդ թվում 15մլն դոլարը` Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից, նույնքան դոլարին համարժեք 9.8 միլիոնի չափով վարկ էլ հատուկ փոխառության իրավունքով (SDR)` Միջազգային զարգացման ընկերակցությունից: Ծրագրի նպատակն է բարձրացնել հանրապետության տարրական դպրոց ընդունվող երեխաների պատրաստվածությունը, բարելավել ավագ դպրոցներում ֆիզիկական պայմաններն ու կրթական ռեսուրսների մատչելիությունը, ինչպես նաև աջակցել բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթության որակի բարելավմանը:

Վերջին դասն` առանց վալսի

10175070_746072308748694_6572667188883819966_nՏավուշի մարզի սահմանամերձ Չորաթան գյուղի միջնակարգ դպրոցին այսօր հրաժեշտ տվեց ընդամենը հինգ աշակերտ` երեք տղա երկու աղջիկ` Ռաֆայելը, Հակոբը, Նարեկն ու Սոնան: Նրանց հետ հայրենի գյուղում ավարտական միջոցառմանը մասնակցեց նաև Երևան տեղափոխված Ամրամը, սակայն վալսի համար պարային զույգերը այդպես էլ չձևավորվեցին` չորս տղա, երկու աղջիկ:
10336818_746072368748688_286499344117873782_nՉորաթանի միջնակարգ դպրոցի տնօրեն Վազգեն Զարգարյանը Անկախի թղթակցի հետ զրույցում նշել է, որ Վերջին զանգի սցենարում գերիշխում էր տոնական տրամադրությունը, ուսուցիչներին նվիրված երգեր ու բանաստեղծություններ` համեմված փոխադարձ շնորհակալական բարեմաղթանքներով: Չորաթանի միջնակարգ դպրոցի շրջանավարտներից միայն մեկն է դիմել բարձրագույն ուսումնական հաստատություն, աղջիկներից մեկն էլ որոշել բուժքույր դառնալ, մյուսները` տղաները, կզորակոչվեն բանակ: Ավարտական միջոցառումը կնշանավորվի փոքրիկ խնջույքով, որը նախատեսված է վաղը: Դա կլինի Չորաթանի գյուղապետ Վարուժան Բաղմանյանի նվերը` շրջանավարտների Վերջին զանգի առիթով: Վազգեն Զարգարյանի խոսքով, դպրոցի գլխավոր խնդիրը ժամանակակից չափորոշիչներով կրթության և դաստիարակության ապահովումն է: Դպրոցը 2011-ին մասնակի նորոգվել է, ու թեև գյուղը գազիֆիկացված է, բայց դպրոցն ունի ջեռուցման խնդիր: Ըստ դպրոցի տնօրենի` կան դասասենյակներ, որոնք ունեն նորոգման խնդիր, սակայն դրա մասին կարելի է մտածել միայն դպրոցը ջեռուցելուց հետո: Չորաթանում ջանում են բարձր պահել դպրոցի պատիվը, քանի որ ժամանակին Չորաթանը Շամշադինի առաջավոր, ամենամեծ թվով մտավորականներ տված գյուղն էր, դրամատուրգ, ՙՙՄի բուռ ծիծաղ՚՚-ի հեղինակ Արտաշես Քալանթարյանի գյուղը:
Անկախ

Դպրոցի տնօրենի 37 հավակնորդ հավաստագիր է ստացել

կգնՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով` 2014թ. մայիսի 16-ի և 21-ին  անցկացված  հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու քննության գրավոր և բանավոր փուլերը դրական արդյունքներով հանձնած հավակնորդներին տրվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք` հավաստագիր: Հավակնորդներից 37-ը ստացել են  հավաստագիր:

Ռաֆայել Իշխանյանի անվան հիմնական դպրոցի աշակերտների տպավորիչ հրաժեշտը,լուսանկարներ

   համո սահյան   Այսօր Երևանի Ռաֆայել Իշխանյանի անվան թիվ 153 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտները բուռն ու յուրօրինակ հրաժեշտ տվեցին իրենց դպրոցին:  Շրջանավարտների Վերջին դասը վերածվեց ազգային ասմունքի երեկոյի: Աշակերտների շուրթերից հնչում էին Համո Սահյանի ու Պարույր Սևակի բանաստեղծությունները` գերելով բոլոր ներկաներին ու մոռացության տալով անգամ աշակերտների` հիմնական-հարազատ դպրոցը լքելու փաստը: Աշակերտները խոստովանեցին` բոլորը միաձայն պաշտպանել են այս տարվա հոբելյարների` Համո Սակյանի ու Պարույր Սևակի գրական ժառանգությունը պատկերավոր ու տպավորիչ ներկայացնելու միջոցով` իրենց ավարտական խոսքը ներկաներին հասցնելու գաղափարը:

Դպրոցի տնօրենի` Անուշ Սարգսյանի խոսքերով, աշակերտների այս նախաձեռնությունը շատ ավելի խոսուն է ու վեր հազարավոր շնորհակալական խոսքերից: Աշակերտները պատկերավոր փոխանցեցին մեծ գրողների և՛ էությունը, և՛ գրական նվաճումներն ու հույզերը: Իսկ Ռաֆայել Իշխանյանի կինը` Բյուրակն Չերազը, տպավորված աշակերտների ելույթից, հույս հայտնեց, որ նրանք հայոց պետության փառավոր վերելքի ականատեսը կլինեն և նշեց, որ դպրոցի սաները հետևեցին Սահյանի խոսքերին ու իրենց ելույթով ապացուցեցին, որ “Սահյանին բացակա չեն դրել”, Սահյանն այստեղ է, իրենց կողքին:

“Ամեն ինչ հիանալի էր: Կարծում եմ` ավելի լավ Վերջին դաս կազմակերպել չէր լինի. հայ մեծերի արվեստը ներկայացնելը և՛ սովորեցնող է, և՛ պարտավորեցնող: Աշակերտների հետ դպրոցում հսկայական աշխատանք է տարվում, ամեն անգամ դպրոցի ողջ անձնակազմը զարմացնում է իր` նորանոր ու հետաքրքիր նախաձեռնություններով”,-“Անկախի” հետ զրույցում նշեց ծնողներից Անահիտ Միկոյանը:

Աշակերտներից մեկը` Դիանա Վարդանյանը անկեղծանալով  նշեց` շատ հուզված էր  ու բոլոր աշակերտների կողմից իր խոնարհումը հայտնեց մեծն Համո Սահյանին իր ստեղծածի համար` ավելացնելով, որ մեծ պատիվ էր իրենց համար ներկայացնել Սահյանի ստեղծագործություններն իրենց Վերջին դասի կապակցությամբ: Աշակերտուհին ավելացրեց, որ պատրաստվում են այսօր միանալ քաղաքի մյուս շրջանավարտներին ՀՀ հրապարակում` շարունակելու ավարտական երեկոն:

Համո Սահյանի ասմունքի մրցույթի մրցանակակիր Լիլիթ Եգանյանն էլ նշեց, որ զարմացած է, քանի որ աշակերտներից շատերը երբևէ բեմ չէին բարձրացել, իսկ ստեղծագործությունները ներկայացրին մեծ վարպետությամբ : Լիլիթին բոլոր ուսուցիչները պատկերացնում են ապագա բանասերի դերում, սակայն ինքը նախընտրում է ավիացիան, երազում է ավիաինժեներ դառնալ, իսկ ինչպես կատակում է իր ուսուցիչը` վատագույն դեպքում` օդաչու:

“ Որոշեցինք աշակերտների ավարտական ցերեկույթը նվիրել մեր գրողների պոեզիային: Ելույթներում գրողների շունչն ենք դրել, անրադարձել ենք գրողների ստեծագործության բոլոր ոլորտներին` նրանց կյանքին, արծարծած սիրո թեմային ու գլխավորը`հայրենիքին, քանի որ ամենակարևորը, որ դպրոցը պիտի տա աշակերտին, հայրենասիրությունն է: Աշխատել ենք անգամ վերջին օրը աշակերտին դպրոցից գիտելիքով ճանապարհել”,-“Անկախի”  հետ զրույցում նշեց Ռաֆայել Իշխանյանի անվան դպրոցի մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տնօրենի տեղակալ Անահիտ Դուրգարյանը:

Անկախ

Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում «Վերջին զանգի» միջոցառումներ են

001Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում ուսումնական տարվա վերջին դասն է ու  ավարտական դասարանների «Վերջին զանգի» հանդիսավոր միջոցառումները: Մայրաքաղաքի տարբեր դպրոցներ են այցելել Երևանի քաղաքապետի տեղակալները, վարչական շրջանների ղեկավարները, քաղաքապետարանի աշխատակազմի պաշտոնատար անձինք:

Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական դպրոց է այցելել քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը:

Նախքան միջոցառման մեկնարկը, հանդիսավոր պայմաններում ընթերցվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը դպրոցական «Վերջին զանգի» կապակցությամբ:

Հիմնական դպրոցն ավարտող 9-րդ դասարանի աշակերտները, շնորհակալություն հայտնելով իրենց ուսուցիչներին փոխանցված գիտելիքների և ցուցաբերած մշտական հոգատարության համար, խոստացել են, որ հետագայում իրենց գրանցած հաջողություններով բարձր են պահելու դպրոցի  և Երևանի պատիվը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի շնորհավորական խոսքը Վերջին դասի կապակցությամբ

արմեն աշոտյանՍիրելի´ շրջանավարտներ,
Շնորհավորում եմ դպրոցական Վերջին դասի կապակցությամբ:
Այսօր ձեր կյանքում հիշարժան օր է, դուք հրաժեշտ եք տալիս հարազատ կրթօջախին, սիրելի ուսուցիչներին և դասընկերներին: Տարիներ շարունակ դպրոցը ձեզ համար եղել է կրթման, դաստիարակման և արժեքների ձևավորման յուրատեսակ դարբնոց: Ուսումնառության այս տարիների ընթացքում դուք շրջապատված եք եղել մանկավարժների ջերմությամբ, ընկերների մաքուր և անաղարտ հարաբերություններով, ձեզ սովորեցրել են լինել ազնիվ, բանիմաց, երկրին ու հայրենիքին նվիրված քաղաքացիներ:
Այս պահից դուք թևակոխում եք կյանքի մի նոր փուլ, որտեղ ձեզանից պահանջվում է լինել առավել զգոն և պատասխանատու: Սա այն պահն է, երբ պետք է կատարել մասնագիտության ճիշտ ընտրություն, շարունակել հարստացնել գիտելիքներն ու իմացությունները, որովհետև վաղվա ձեր բարեկեցության հիմքն եք դնում այսօր:
Ողջունում եմ մեր բոլոր ուսուցիչներին և շրջանավարտների ծնողներին: Մեծ է ձեր ներդրումն այսօրվա շրջանավարտների` վաղվա մեր հասարակության դիմագծի և որակի կայացման գործում: Դուք այսօր կյանք եք ճանապարհում հասուն և կազմակերպված մի նոր սերունդ, որն իր աշխատանքով ու ներդրումով դառնալու է մեր երկրի հզորացման ու ամրապնդման գործի հուսալի և ակտիվ մասնակիցը:
Սիրելի´ շրջանավարտներ, շնորհավորելով ձեզ այս գեղեցիկ և անմոռանալի օրվա կապակցությամբ՝ մաղթում եմ հետագա հաջողություններ, երջանկություն ու ամենայն բարիք:
Վստահ եմ, որ դուք դառնալու եք ազատ հայրենիքի իրավատեր քաղաքացիներ և միասին կառուցելու ենք մեր երազած Հայաստանը:

Ավարտական քննությունը` որպես ուսանողի տաղանդի և շնորհի դրսևորում

Արմեն-ԱշոտյանՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ՀՀ նկարիչների միությունում այսօր մասնակցել է Գեղարվեստի պետական ակադեմիայի 2014 թվականի շրջանավարտների դիպլոմային աշխատանքների պաշտպանությանը` «Համակարգչային նախագծում և կերամիկա» մասնագիտության գծով: Նախարարը շրջել է ցուցասրահներում, ծանոթացել շրջանավատների ավարտական աշխատանքներին, ինչպես նաև ներկա գտնվել ներկայացված աշխատանքների պաշտպանությանը: Քննությունից հետո նախարարը լրագրողների հետ կիսվել է իր տպավորություններով` նշելով.

«Առաջին անգամ  չէ, որ ես ներկա եմ գտնվում Գեղարվեստի ակադեմիայի քննություններին և կարող եմ ասել, որ ես միշտ մեծ հաճույքով եմ մասնակցում հենց այս բուհի քննություններին, քանի որ սա այն բացառիկ մասնագիտություններից մեկն է, որի քննությունն իսկապես շատ հաճելի է դիտել: Ակնհայտ է, որ այսօր մենք ունենք բազմաթիվ լավ ուսանողներ և շրջանավարտներ այս ոլորտում, և ակադեմիայի դասախոսական կազմի մասնագիտական և ուսանողների կրթության որակն իրավամբ մրցունակ է  տարածաշրջանում: Այսօր մենք կարող ենք փաստել, որ ունենք բազմաթիվ բարձրորակ արվեստագետներ, մասնագետներ, նկարիչներ, քանդակագործներ, մի խոսքով`  տաղանդավոր երիտասարդություն: Նրանք ժամանակակից են, բայց միաժամանակ ազգային, ստեղծարար են և արձագանքում են օրվա խնդրին, այդ օրվա նյարդով են ապրում` միաժամանակ գիտակցելով ավանդական, ազգային արժեքի նշանակությունը: Այս քննությունների ընթացքում, կարելի է ասել, ակադեմիայի շրջանավարտներն առիթից օգտվում են` իրենց շնորհը և տաղանդն ի ցույց դնելու համար: Նրանք մեր ազգային կրթական համակարգի, մեր ազգային մշակույթի արգասիքն են: Արվեստն ամենագլոբալիզացված և տրանսազգային ոլորտներից մեկն է. եթե այլ ոլորտներում սահմաններն էլի փլուզվել են, ապա արվեստի բնագավառը առհասարակ սահման չի ճանաչում: Այսօր բազմաթիվ հայ արվեստագետներ արարում են այլ երկրներում, բայց նրանք մեր մշակույթի մի մասն են: Այո, կարելի է վստահությամբ ասել, որ մենք մշակույթի նախարարությանն ենք փոխանցում շատ լավ, որակյալ մասնագետներ»,-նշել է Ա. Աշոտյանը` ընդգծելով, որ բուհի շրջանավարտների շատ անուններ արդեն հայտնի են հասարակությանը:

Գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանն իր հերթին նշել է, որ բուհի ավարտական պաշտպանություններն ըստ ավանդույթի անցնում են  Նկարիչների միության դահլիճներում և ըստ բանախոսի` դրանք երբեմն այնքան շատ են, որ տեղ չեն գտնում ցուցասրահներում: «Ես շատ գոհ եմ մեր բուհի դասախոսների և ուսանողների աշխատանքից, որի  արդյունքը երևում է հենց դիպլոմային աշխատանքի ժամանակ:  Ես միշտ կրկնում եմ`  եթե ուզում եք տեսնել բուհի դեմքը, տեսեք նրա ավարտական աշխատանքները և որակները»,-նշել է Ա. Իսաբեկյանը` հավելելով, որ պատահական չէ, որ ՀՀ Նախագահի երիտասարդական մրցանակները 90-ից ավելի տոկոսով հաղթում են Գեղարվեստի ակադեմիայի ուսանողները: