ԱՄՆ-ում կանանց թույլատրվել է մերկ կրծքով փողոց ելնել

a30key_w300h210Նյու Յորքում կանանց պաշտոնապես թույլատրվել է մերկ կրծքով փողոց դուրս գալ: Թույլատրությունն ուժի մեջ էր դեռևս փետրվարից.այն ժամանակ 34 հազար ոստիկանի հրահանգ էր տրվել պարզապես, փողոցում մերկ կրծքով կին տեսնելու դեպքում չկանգնեցնել նրան, այլ պաշտպանել անցորդների հարձակումներից:  Նրանց հրահանգված էր` քշել ամբոխը, եթե հավաքվի, իսկ նա ով չի հեռանա` ձերբակալել:

Վերջերս որոշման մասին տեղեկացավ հանրությունը.ճանաչված լուսանկարիչ Վանն Վոասթը դաշնային դատարան բողոք էր ներկայացրել քաղաքի իշխանությունների դեմ մի շարք անօրինական ձերբակալությունների պատճառով: Նա հայտնի է հասարակական վայրերում մերկ կրծքով հայտնվելով: Կինը հայտնել էր, որ 2011-2012-ին իրեն ձերբակալել են ռեստորաններում, կենտրոնական կայարանում, տարրական դպրոցի մոտ ու շատ այլ վայրերում:

Վան Վոասթի փաստաբանները 1992-ին  նահանգի Գերագույն դատարանի ընդունած որոշման հիման վրա կարողացան  հասնել նրան, որ   կնոջ հասցեին բոլոր մեղադրանքները հանվեն:

Այն ժամանակ դատավորը վճիռ կայացրեց, որ հասարակական վայրում կանանց  մերկ կրծքով հայտնվելը արգելելը ոչ այլ ինչ է, եթե ոչ սեռական պատկանելությամբ պայմանավորված խտրականություն:

Խնամակալության և հոգաբարձության մարմինների անպատասխանատու գործունեության արդյունքում խեղվում են բազմաթիվ երեխաների ճակատագրեր. Օմբուդսմեն

ՄԻՊՄարդու իրավունքների պաշտպանն անդրադարձել է խնամակալության և հոգաբարձության մարմինների աշխատանքին Հայաստանում: ՄԻՊ տարածած հաղորդագրությունում մասնավորապես ասվում է. «Խնամակալության և հոգաբարձության մարմինները և նրանց կից հանձնաժողովները Հայաստանում միակն են, որոնք համայնքներում իրականացնում են անմիջական աշխատանք ընտանիքների, մասնավորապես՝ երեխայի իրավունքների ու շահերի պաշտպանության ուղղությամբ: Խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրությամբ` Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովը գործում է հասարակական հիմունքներով՝ իր կողմից հաստատված աշխատակարգին համապատասխան: Սա նշանակում է, որ հանձնաժողովի գործունեությունը և հանձնաժողովի կողմից ընդունված որոշումները պատշաճ կերպով չեն վերահսկվում, որի արդյունքում հանձնաժողովը կարող է կամայական մոտեցում ցուցաբերել երեխաների համար բախտորոշ հարցերին:


ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված դիմումներում դիմումատուների կողմից բազմիցս բարձրացվել է հատկապես Խնամակալության և հոգաբարձության մարմինների կողմից երեխայի կյանքի հետազոտության ոչ պատշաճ իրականացման վերաբերյալ հարցը:

Խնդիրն այն է, որ Խնամակալության և հոգաբարձության մարմինը պարտավոր է անցկացնել երեխայի և այն անձի կյանքի հետազոտություն, ով հավակնում է նրա դաստիարակությանը: Անհրաժեշտ է պարբերաբար տնայցեր կազմակերպել երեխաների բնակության վայր, ինչպես նաև շարունակական կերպով հետազոտել երեխաների կյանքի պայմանները, մասնավորապես՝ այն ծնողի վերաբերմունքը դեպի երեխաները, որի հետ բնակվում են, երեխաների հոգեբանական վիճակը, նրանց առաջադիմությունը և այլն: Խնամակալության և հոգաբարձության մարմնի կողմից պետք է հաշվի առնվեն երեխաների հիվանդությունները և այդ հիվանդությունների դեպքում երեխաների համար նախատեսված անհրաժեշտ հատուկ խնամքը:

Գործնականում, սակայն, հաճախ տրվում են եզրակացություններ մեկ տնային այցելությունից հետո, քանի որ սուբյեկտիվ գնահատմամբ մեկ տնայցը համարվում է բավարար: Պատճառը կյանքի պայմանների մանրամասն հետազոտություն իրականացնելու համար չափորոշիչների բացակայությունն է, ինչը այս ոլորտում առկա բազմաթիվ այլ օրենսդրական բացերի հետ մեկտեղ Խնամակալության և հոգաբարձության մարմինների աշխատանքի թերությունների պատճառ է հանդիսանում:

Պաշտպանի կողմից առաջարկ էր ներկայացվել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին քննարկել համապատասխան իրավական ակտերում լրացումներ կատարելու հարցը` կյանքի հետազոտման գործընթացը համապատասխան մարմնի կողմից գործնականում հստակ կարգավորելու և իրականացնելու համար:

Ի պատասխան՝ Նախարարը հայտնել է, որ ներկայում իրականացվում է ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման փորձնական ծրագիր, որի արդյունքում մշակվում են ոլորտը կարգավորող իրավական ակտերի նախագծեր: Համակարգի ամբողջական ներդրմամբ կկարգավորվեն նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրությամբ բարձրացված` երեխայի (ընտանիքի) կենսապայմանների հետազոտության, անհրաժեշտ սոցիալական ծառայությունների տրամադրման ողջ գործընթացի, դրա մոնիթորինգի և գնահատման հետ կապված հարաբերությունները:

Հույս ենք հայտնում, որ հաշվի առնելով խնդրի կարևորությունը՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հետևողական կլինի հետազոտման գործընթացի իրականացման հստակ կարգավորումներ նախատեսելու հարցում և ինտեգրված սոցիալական ծառայությունների ծրագրի իրականացման արդյունքում իրապես վեր կհանվեն երեխաների պաշտպանության համակարգի առկա թերությունները»:

Ի՞նչ ընթացակարգերով են կատարվում գնումները

գնումՆախ պետք է նշել, որ «Գնումների մասին» ՀՀ օրենքը կարգավորում է պատվիրատուների կողմից ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման գործընթացի հետ կապված հարաբերությունները, սահմանում այդ հարաբերությունների կողմերի հիմնական իրավունքները և պարտականությունները:

Օրենքի համաձայն` գնումը պատվիրատուի հատուցմամբ նյութական և ոչ նյութական ակտիվների (արժեքների)` բոլոր տեսակի ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերումն է:

Նույն Օրենքի 17-րդ հոդվածի համաձայն` գնում կատարելու ընթացակարգերն են`

1) բաց ընթացակարգ,

2) մրցակցային երկխոսության,

3) սահմանափակ ընթացակարգ,

4) բանակցային ընթացակարգ:

Գնումների կատարման նախընտրելի և հիմնական ընթացակարգը բաց ընթացակարգն է: Գնումները կարող են կատարվել գնման այլ ընթացակարգերով` բացառապես «Գնումների մասին» ՀՀ օրենքով նախատեսված դեպքերում:

Գնման ընթացակարգի արդյունքում կնքվում է պայմանագիր կամ շրջանակային համաձայնագիր: Շրջանակային համաձայնագիր կնքվում է, եթե գնման առարկան ունի պարբերական օգտագործման բնույթ և այն ներառված է «Գնումների մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 5-րդ մասի     3-րդ կետով նախատեսված շրջանակային համաձայնագրերով իրականացվող գնումների ցանկում: Հակառակ դեպքում կնքվում է պայմանագիր:

Եթե ձեռք են բերվում միատեսակ հատկանիշներ ունեցող հիմնական սպառման ապրանքներ, աշխատանքներ կամ ծառայություններ, որոնց գինը չի գերազանցում գնումների բազային միավորի քսանապատիկը, գնումը կարող է կատարվել պարզեցված ընթացակարգով:

Մրցակցային երկխոսության ընթացակարգի կիրառման դեպքում կազմակերպվում է նախաորակավորման ընթացակարգ: Նախաորակավորման ընթացակարգին մասնակցելու իրավունք ունի ցանկացած մասնակից: Պատվիրատուն հրավեր է ներկայացնում և երկխոսության հրավիրում միայն նախաորակավորված մասնակիցներին: Երկխոսության նպատակն է մշակել պատվիրատուի պահանջները բավարարող գնման առարկայի բնութագրերի մեկ կամ ավելի այլընտրանքային տարբերակներ: Երկխոսության արդյունքում պատվիրատուն նախաորակավորված մասնակիցներին տրամադրում է վերջնական հրավեր:

Սահմանափակ ընթացակարգի կիրառման դեպքում կազմակերպվում է նախաորակավորման ընթացակարգ: Նախաորակավորման ընթացակարգին մասնակցելու իրավունք ունի ցանկացած մասնակից: Հայտ կարող են ներկայացնել միայն պատվիրատուից հրավեր ստացած նախաորակավորված մասնակիցները:

Սահմանափակ ընթացակարգի դեպքում`

1) բանակցություններ չեն կազմակերպվում,

2) հայտերի ներկայացման համար նախատեսվող ժամկետը պետք է պակաս չլինի քառասուն օրացուցային օրից, որը հաշվարկվում է նախաորակավորված մասնակիցների ցուցակի հայտարարման պահից:

Սահմանափակ ընթացակարգը կիրառվում է, եթե գնման գործընթացը պարունակում է պետական, ծառայողական կամ բանկային գաղտնիք:

Բանակցային ընթացակարգի դեպքում պատվիրատուն պայմանագրի պայմանների շուրջ բանակցում է նախապես որակավորված մասնակիցների հետ և կնքում պայմանագիր:

Բանակցային ընթացակարգը կազմակերպվում է`

1) գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու միջոցով կամ

2) առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու:

Գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու միջոցով կարող է բանակցային ընթացակարգ կազմակերպվել, եթե`

1) գնումը կատարվում է ոչ նյութական առանձին ակտիվների ձեռքբերման` աշխատանքների նախագծման, հետազոտական, փորձաքննության, փորձարարական կամ գիտական նպատակներով,

2) արտակարգ կամ անկանխատեսելի այլ իրավիճակի առաջացման հետևանքով ծագել է գնման անհետաձգելի պահանջ, որի բնույթը կամ դրան առնչվող ռիսկերը տվյալ գնումը բաց կամ սահմանափակ ընթացակարգով իրականացնելը ժամկետի առումով դարձնում են անհնար, պայմանով, որ նման պահանջը հնարավոր չէր կանխատեսել:

 

Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հնարավոր է` Ամերիկան հրաժարվի Green Card-ից

19215432.171712.3590ԱՄՆ Կոնգրեսը ներգաղթի ռեֆորմի մասին նոր նախագիծն է քննարկում: Եթե այն ընդունվի, Green Card-ը  հնարավոր է վերանա: Նոր նախագծով առաջնությունը կտրվի ուսյալ մասնագետներին, իսկ այդ քարտը հնարավորություն է տվել Ամերիկա հասնել գրեթե բոլորին,այդ թվում` միջնակարգ կրթություն ունեցողներին:

Green Card-ը փաստաթուղթ է, որն  Ամերիկայում մշտական բնակության հնարավորություն է ընձեռում:  Այն կարող են ստանալ  շահելով: Ի սկզբանե այն մտածված էր ակտիվ ներգաղթյալների գրավելու ու ԱՄՆ բազմազգությունը պահպանելու նպատակով: Որոշ կոնգրեսականներ դեմ են այն վերացնելուն: Հիմա աշխարհում տնտեսական դժվարին կացություն է:  Դրա համար էլ ԱՄՆ-ը պետք է բոլոր լավ կյանքի ձգտողներին  հնարավորություն տա, կարծում են Green Card-ի կողմնակիցները:

Ներգաղթի հարցերով փաստաբան Ռաջիվ Խանան “Ամերիկայի ձայն”-ին պատմել է.”ԱՄՆ-ի համար այդ ծրագիրը միաժամանակ օրհնություն ու անեծք է:Որպես ազգ մենք համաշխարհային ընկերակցության քաղաքացիներ ենք: Մենք պետք է հարմարվենք ու հավատ և ըմբռնում դրսևորենք, ոչ թե ղեկավարվենք անձնական շահերով”:

Green Card-ի շրջանակներում տարեկան 50 հազար մարդ Ամերիկայում մշտական բնակություն հաստատելու հնարավորություն է ստանում:  Երբ մարդը դիմում է ներկայացնում, դեսպանատունը ստուգում է ` նա մասնակցել է Green Card-ի վիճակախաղին: Եթե այո, ապա ապա վիզա ստանալու շանսերը նվազում են:

 

Եվրոպայի գեյերը բողոքել են հոմոֆոբիայից

Եվրոպայում անցկացված հարցման տվյալներով, գեյերի քառորդ մասը վերջին 5 տարում ենթարկվել է հարձակման կամ էլ հաշվեհարդարի սպառնալիքի:

Հարցմանը մասնակցել է 93 հազար լեսբուհի, գեյ, բիսեքսուալ ու տրանսսեքսուալ: Հարցումն անցկացնողները հետաքրքրվել են` արդյոք նրանք ենթարկվել են ճնշման, բռնության, վիրավորանքի կամ էլ արհամարհանքի` սեքսուալ կողմնորոշման կամ էլ սեռական պատկանելության պատճառով:

i (5)Հարցվածների 26%-ը (տրանսսեքսուալների 35%) ասել է, որ  վերջին 5 տարում ենթարկվել են հարձակումների կամ էլ նրանց սպառնացել են հաշվեհարդարով: Ընդ որում, հիմնականում տուժում են անապահով ու երիտասարդ գեյերը:

Պարզվեց նաև, որ նրանց կեսը չի դիմել ոստիկանություն, կարծելով, որ իրենց պաշտպանության համար ոչ մի  բան չի արվի: Սեքսուալ կողմնորոշումը նրանց խանգարել է  աշխատանքում կամ աշխատանք  գտնելուն, իսկ գեյերի 2/3-ը թաքցրել է իր կողմնորոշումը դպրոցական տարիքում:

Հաագայում 300 քաղաքական գործիչ ու փորձագետ է  հավաքվել` քննարկելու ԵՄ քաղաքականության այն  ասպեկտները, որոնք ուղղված են հասարակության մեջ մարդատյացությունը վերացնելուն:

Երևանի ավագանու ընտրություններ. Քրեական գործն ուղարկվեց դատարան

դատարանԴատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է Ղ.Մկրտչյանի կողմից մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը:

Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` 2013թ. մայիսի 5-ին` Երևան քաղաքի ավագանու ընտրությունների օրը, Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ Ղ.Մկրտչյանը, Երևան քաղաքի ավագանու ընտրություններին մասնակցելու նպատակով, գնացել է թիվ 11/32 ընտրատեղամաս, որտեղ փորձել է քվեարկել մեկից ավելի անգամ:

Նրա մոտ հայտնաբերվել է 2 ծրար, որոնցից յուրաքանչյուրի մեջ եղել է քվեարկված 1-ական քվեաթերթիկ։

ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Շենգավիթի բաժնում հարուցված քրեական գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա Ղ.Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Ինչպե՞ս է կատարվում դատական նիստի արձանագրումը

դատական նիստՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 146 հոդվածի համաձայն` առաջին ատյանի, վերաքննիչ և վճռաբեկ դատարանների դատական նիստերում, ինչպես նաև դատական նիստերից դուրս առանձին դատավարական գործողություններ կատարելիս վարվում է արձանագրություն:

Դատական նիստի դահլիճում ձայնագրման համակարգ տեղադրված լինելու դեպքում արձանագրությունը վարվում է դատական նիստի ձայնային արձանագրման և համակարգչային եղանակով միաժամանակ համառոտագրման միջոցով: Համառոտագրումը դատական նիստերի դահլիճում կատարվող գործողությունների մասին նշումներն են: Հատուկ համակարգչային ձայնագրման համակարգի շահագործման, տվյալների արխիվացման և համակարգի պահպանության մանրամասն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը:Հատուկ համակարգչային ձայնագրման համակարգի բացակայության դեպքում կամ դատական նիստից դուրս առանձին դատավարական գործողություններ կատարելիս արձանագրությունը վարվում է պարզ թղթային արձանագրման եղանակով:

Դատական նիստի պարզ թղթային արձանագրությունում նշվում են`

1) դատական նիստի տարին, ամիսը, ամսաթիվը և վայրը.

2) դատական նիստը սկսելու և ավարտելու ժամը.

3) գործը քննող դատարանի անվանումը, դատարանի կազմը և դատական նիստի քարտուղարի անունը.

4) գործի անվանումը.

5) տեղեկություններ` գործին մասնակցող անձանց և դատավարության այլ մասնակիցների ներկայանալու մասին.

6) տեղեկություններ` գործին մասնակցող անձանց և դատավարության այլ մասնակիցներին իրենց դատավարական իրավունքները և պարտականությունները պարզաբանելու մասին.

7) դատարանի` առանց դատական նիստերի դահլիճից հեռանալու կայացրած որոշումները և նախագահող դատավորի կարգադրությունները.

8) գործին մասնակցող անձանց և դատավարության այլ մասնակիցների հայտարարությունները, միջնորդությունները և բացատրությունները.

9) վկաների ցուցմունքները, փորձագետների բանավոր պարզաբանումներն իրենց եզրակացությունների վերաբերյալ.

10) տեղեկություններ` ապացույցների հրապարակման, զննման և հետազոտման վերաբերյալ.

11) տեղեկություններ` դատական նիստի դահլիճում կարգի խախտման և դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի փաստերի և խախտողի անձի, ինչպես նաև դատարանի կողմից նրա նկատմամբ կիրառված ներգործության միջոցների մասին.

12) առանձին դատական ակտի տեսքով ձևակերպվող որոշումների բովանդակությունը.

13) վերջնական դատական ակտի եզրափակիչ մասը:

Հարկ է նշել, որ արձանագրությունը վարում է դատական նիստի քարտուղարը:Պարզ թղթային արձանագրությունը նիստի ժամանակ վարվում է գրավոր կամ համակարգչի միջոցով: Այն գործի նյութերին կցվում է` հավաստված նախագահող դատավորի և քարտուղարի ստորագրությամբ:

Հատուկ համակարգչային ձայնագրման համակարգով արձանագրություն վարելիս դրա համառոտագրումը կատարվում է միաժամանակ` համակարգչային եղանակով: Ձայնային արձանագրությունը գործի նյութերին կցվում է լազերային կրիչի վրա: Համառոտագրումը գործի նյութերին կցվում է թղթային կրիչի վրա` հավաստված դատական նիստի քարտուղարի ստորագրությամբ:

Դատական նիստի արձանագրության համակարգչային արձանագրման կրիչի օրինակը` դրա համառոտագրման հետ, գործին մասնակցող անձանց գրավոր դիմումի հիման վրա տրամադրվում է դատական նիստից անմիջապես հետո:

Դատական նիստի պարզ թղթային եղանակով արձանագրման դեպքում գրավոր արձանագրության պատճենը գործին մասնակցող անձանց գրավոր դիմումի հիման վրա տրամադրվում է ոչ ուշ, քան հաջորդ օրը:

 

Պատրաստեց       Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը կազմակերպելու համար մեղադրվող Վարդան Սեդրակյանի գործով դատավարությունը հետաձգվեց,լուսանկարներ

MHM78011Երեւանի Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկած ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը կազմակերպելու համար մեղադրվող Վարդան Սեդրակյանի գործով դատավարությունը հետաձգվեց:

Ամբաստանյալներից Խաչատուր Պողոսյանը դատարանից խնդրեց իրեն հանրային պաշտպան տրամադրել:

Դատական հաջորդ նիստը տեղափոխվեց մայիսի 20-ին, ժամը 12:00-ին:  Հիշեցնենք, որ Խաչատուր Պողոսյանն ու Սամվել Հարությունյանը մեղադրվում են նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանի պատվերով մեկ այլ թեկնածուի`  Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ կատարելու մեջ: Երեքի նկատմամբ էլ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը:

 

Դատական ո՞ր ակտերն են ենթակա հարկադիր կատարման

դատարանՀամաձայն ՀՀ Սահմանադրության` երկրում արդարադատություն իրականացնում են բացառապես դատարանները, որոնց կայացրած որոշումները պարտադիր են բոլորի համար և պետք է կատարվեն անխտիր բոլորի կողմից: Սակայն ոչ միշտ է, որ դատավարության կողմը հոժարակամ կատարում է  դատական ակտի ուժով իր վրա դրված պարտավորությունը: Այստեղ է, որ կարևորվում է այնպիսի մարմնի դերակատարությունը, ինչպիսին է հարկադիր կատարման ծառայությունը, որը գործում է ՀՀ արդարադատության նախարարության կազմում:

«Հարկադիր կատարման ակտերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն` հարկադիր կատարման ենթակա են`

1) քաղաքացիական գործերով դատական ակտերը, բացառությամբ իրավաբանական անձին կամ քաղաքացուն սնանկ ճանաչելու և մրցութային վարույթ սկսելու մասին գործն ըստ էության լուծող դատական ակտերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատական ակտերը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ գլխով նախատեսված գործերով դատական ակտերի,

2) քրեական գործերով դատարանի դատավճիռները և որոշումները` տուգանքների, գույքի բռնագրավման և գույքային բռնագանձումների մասով,

3) արբիտրաժային տրիբունալների վճիռները,

4) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում օտարերկրյա դատարանների և արբիտրաժային տրիբունալների քաղաքացիական և տնտեսական գործերով վճիռները և որոշումները, ինչպես նաև քրեական գործերով օտարերկրյա դատարանների դատավճիռներն ու որոշումները` վնասի հատուցման և գույքային այլ բռնագանձումների մասով,

5) Հայաստանի Հանրապետության անդամակցությամբ (մասնակցությամբ) գործող միջազգային դատարանի, ինչպես նաև միջազգային արբիտրաժի քաղաքացիական և տնտեսական գործերով վճիռները և որոշումները,

6) Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները:

Դատական ակտն ի կատար ածելու համար կիրառվում են հարկադիր կատարման մի շարք միջոցներ, մասնավորապես`

1) պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելը` արգելանք դնելու և այն իրացնելու միջոցով,

2) պարտապանի աշխատավարձի, կենսաթոշակի, կրթաթոշակի և այլ տեսակի եկամուտների վրա բռնագանձում տարածելը,

3) այլ անձանց մոտ գտնվող պարտապանի դրամական միջոցների և այլ գույքի վրա բռնագանձում տարածելը,

4) կատարողական թերթում նշված որոշակի առարկաները պարտապանից առգրավելը և պահանջատիրոջը հանձնելը,

5) Հարկադիր կատարողի որոշումները չկատարելու համար տուգանք կիրառելը,

6) կատարողական թերթի կատարումն ապահովող այլ միջոցներ:

Ինչ վերաբերում է կատարողական թերթ տալուն, ապա այն տրվում է`

1) դատարանի վճիռների, դատավճիռների, որոշումների և դատարանի արձակած վճարման կարգադրությունների հիման վրա,

2) արբիտրաժային տրիբունալների վճիռների հիման վրա,

3) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում օտարերկրյա դատարանների և արբիտրաժային տրիբունալների վճիռների և որոշումների հիման վրա,

4) Հայաստանի Հանրապետության անդամակցությամբ (մասնակցությամբ) գործող միջազգային դատարանի (արբիտրաժի) դատական վճիռների կամ որոշումների հիման վրա,

5) Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումների հիման վրա:

Կատարողական թերթը տալիս է ակտն ընդունած առաջին ատյանի դատարանը` պահանջատիրոջ կամ դրա համար հատուկ լիազորված նրա ներկայացուցչի դիմումի հիման վրա: Կատարողական թերթը տրվում է դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` դիմումը ստանալու օրվանից եռօրյա ժամկետում, իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում` անհապաղ:

 

Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Օմբուդսմենի գնահատականը Երևանի ավագանու ընտրություններին

ՄԻՊԵրևանի ավագանու 2013 թվականի մայիսի 5-ի ընտրությունների վերաբերյալ Պաշտպանի 116 թեժ գիծը ստացել է ընդամենը 19 ահազանգ: Համեմատության համար անհրաժեշտ է նշել, որ նախորդած Ազգային Ժողովի ընտրությունների ժամանակ Երևան քաղաքում Պաշտպանի աշխատակազմը ստացել էր 178 ահազանգ, իսկ նախորդած Նախագահի ընտրությունների ժամանակ՝ 214 ահազանգ: Հաշվի առնելով նախորդած ընտրությունների համեմատությամբ եղած ահազանգերի սակավաթվությունը՝ քվեարկության օրը Պաշտպանի արագ արձագանքման խմբերը շրջել են քաղաքում և հանդիպել են տեղամասերում եղած քաղաքացիներին, դիտորդներին, վստահված անձանց և լրագրողներին՝ առաջարկելով իրենց աջակցությունը և փորձելով ստանալ լրացուցիչ տեղեկություններ հնարավոր ընտրախախտումների մասին: Սեփական նախաձեռնությամբ կատարված 66 շրջայցերի արդյունքում ստացվել է 2 բողոք:

Այս ընտրությունների ողջ ընթացքում Պաշտպանին ուղղված ահազանգերի և բողոքների վիճակագրությունը հետևյալն է. ընտրացուցակներում առկա անճշտությունների, նույնականացման քարտով ընտրություններին մասնակցելու և քվեարկության ավարտից հետո ընտրատեղամաս մուտք գործելու վերաբերյալ խորհրդատվության համար (10 զանգ), ընտրատեղամասում կուտակումների վերաբերյալ (6 ահազանգ), ընտրակաշառքի բաժանման մասին (2 ահազանգ), լրագրողի նկատմամբ բռնության վերաբերյալ (1 ահազանգ), դիտորդին ահաբեկելու և տեսախցիկը խլելու մասին (1 բողոք), դիտորդի ոչ պատշաճ վարքագիծ (1 ահազանգ):

Հիմք ընդունելով սեփական ահազանգերը, նաև ուշադրությամբ հետևելով լրատվամիջոցների, տեղական ու միջազգային դիտորդական կազմակերպությունների, քաղաքական ուժերի, պետական մարմինների կողմից տրամադրված տեղեկատվության մեջ առկա խախտումների մասին փաստական տվյալներին՝ Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ կարող ենք կատարել հետևյալ եզրահանգումները:

Ընտրությունները եղել են մրցակցային: Բոլոր մրցակից ուժերը ունեցել են քարոզչության ազատ պայմաններ, իսկ տեղամասերում ունեցել են բավարար ներկայացվածություն ու իրական հնարավորություն վերահսկելու քվեարկության և ձայների հաշվարկի գործընթացը: Լրագրողները և հասարակական կազմակերպությունների դիտորդները աննախադեպ ակտիվությամբ են հետևել ընտրությունների ողջ գործընթացին և հանրությանն իրազեկել են գրեթե յուրաքանչյուր՝ նույնիսկ աննշան շեղման մասին: Դիտորդական կազմակերպությունների և լրագրողների բոլոր ճշտված և չճշտված հրապարակումները էական և ոչ էական խախտումների, այդ թվում՝ կասկածների ու ենթադրությունների վերաբերյալ, չեն գերազանցել 600-ը: Նախորդած ընտրությունների համեմատ՝ Ոստիկանությունը  առավել օպերատիվությամբ և լրիվությամբ է արձագանքել քաղաքացիական հասարակության կողմից բարձրաձայնված բոլոր ընտրակեղծիքների մասին ահազանգերին և այդքանով հանդերձ հայտնաբերել և առանձնացրել է արժանահավատ միայն 143 ահազանգ: Լցոնման, ընտրակաշառքի բաժանման, կրկնակի քվեարկության և այլ էական ընտրախախտումների վերաբերյալ գոնե առերևույթ հիմնավոր ահազանգերը շուրջ հինգ տասնյակ են, մինչդեռ գրանցված արդյունքներով մրցակից ուժերի միջև եղած ձայների տարբերությունը էականորեն գերազանցում է ընտրախախտումների մասին հրապարակված կասկածների այս ծավալը:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ կարելի է փաստել, որ Երևանի ավագանու ընտրությունները եղել են ազատ, իսկ դրանց արդարությանը չհավատալու իրավական հիմքերը ներկայումս բացակայում են:

Ընտրությունների գործընթացի ընդհանուր դրական պատկերի վրա բացասական ազդեցություն են ունեցել մի քանի թաղամասերում կասկածելի գործողություններ կատարող տեղաբնակ տղամարդկանց անթույլատրելի ակտիվությունը, որի պատճառով եղել են քաղաքացիների անհարկի կուտակումներ, ընտրողների ուղղորդման կասկածներ, ընտրական գործընթացի մի քանի մասնակիցների աշխատանքի խոչընդոտում և հոգեբանական ճնշում: Մտահոգիչ էին նաև առանձին տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների կողմից գրանցամատյանում համապատասխան գրառումները չթույլատրելու վերաբերյալ շուրջ մեկ տասնյակ ահազանգերը:

ՄԻՊ. Կան հարյուրավոր մանկատան շրջանավարտներ, որոնք բնակարանի կարիք ունեն

ՄԻՊԵրեկ մանկատան տասնյակ շրջանավարտներ բողոքի ակցիա էին կազմակերպել Կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով օրենքով իրենց հասանելիք բնակարանները: ՄԻՊ գրասենյակի հաղորդագրության համաձայն` Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում մանկատան շրջանավարտներին բնակարանով ապահովելու խնդիրը։ Պաշտպանի միջամտությամբ վերջին մի քանի ամսվա ընթացքում 5 մանկատան շրջանավարտներ ապահովվել են բնակարաններով: Սակայն մեր ունեցած տվյալներով «Պետական աջակցություն մանկատան շրջանավարտների» ծրագրի շահառու են համարվում հանրապետության մանկատների 270 շրջանավարտ: Այսինքն՝ դեռ կան հարյուրավոր մանկատան շրջանավարտներ, որոնք բնակարանի կարիք ունեն:

Մանկատան շրջանավարտները հայտնում են իրենց մտահոգությունն այն մասին, որ նախկինում սահմանված հերթագրման կարգը չեղյալ է համարվելու, և արդեն իսկ հերթագրված շրջանավարտները չեն կարողանա ստանալ իրենց հասանելիք բնակարանները: Բացի այդ բողոքում էին, որ համաձայն իրենց տեղեկությունների, մանկատան շրջանավարտների համար կառուցված շենքը օտարվելու է և վաճառվելու է այլ քաղաքացիների:

Այս և մի շարք այլ խնդիրներ պարզաբանելու նպատակով Պաշտպանը դիմել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ խնդրելով տրամադրել համապարփակ տեղեկություն կատարված և նախատեսվող փոփոխությունների մասին:

Մայիսի 3-ը Մամուլի ազատության համաշխարհային օրն է

մամուլի ազատությունԱյսօր «Ելակետ» մամուլի ակումբում Ինֆորմացիայի ազատության կենտրոնի իրավաբան Գեւորգ Հայրապետյանը ներկայացրեց տեղեկատվության ազատության իրավունքի խախտման իրենց կենտրոնի կազմած «Սեւ ցուցակ»-ի վերջին հաշվետվությունը, որում ներգրավվում են այն անձինք, ովքեր խախտել են տեղեկատվություն ստանալու իրավունքը:

Բանախոսը նախ ասաց, որ ինֆորմացիայի ազատության ցանկացած խախտում կապված է հրապարակային աշխատելու մշակույթի բացակայության հետ, որովհետև շատ մարմիններ չեն հասկանում, որ ինֆորմացիան իրենց սեփականությունը չէ: Նրա խոսքերով` ինֆորմացիայի ազատության իմաստով բավական առաջընթաց կա մեր երկրում: Եթե նախկինում իրենց կենտրոնի ուղարկած հարցումների մոտ 30 տոսկոսը անարձագանք էր մնում, ապա այժմ գրեթե չեն լինում հարցումների լուռ մերժման դեպքեր. «Սա չի նշանակում, որ ամեն ինչ անթերի է: Մենք դեռ ստանում ենք շատ թերի պատասխաններ, կամ անհիմն մերժումներ, գրանցած հաջողությունը կապված է լուռ մերժումներ չստանալու հետ», – պարզաբանեց Գեւորգ Հայրապետյանը:

Այս եռամսյակի արդյունքում կենտրոնի «սև ցուցակ»-ում է հայտնվել միայն ՀՀ Ազգային Ժողովը: Աժ-ն անպատասխան չի թողել ինֆորմացիայի ազատության կենտրոնի ուղարկած հարցումը, այլ ուշացրել է այն 4 ամսով և այն էլ` պատասխանել է կիսատ` չուղարկելով պահանջված փաստաթղթերից 12-ը: ԱԺ-ի կատարած այս խախտման համար ինֆորմացիայի ազատության կենտրոնը հայց է ներկայացրել դատարան: Մեր հարցին, թե դատարան դիմելու դեպքում ինչ է ակնկալում կենտրոնը, բանախոսը պատասխանեց. «Պահանջում ենք նախ ճանաչել իրավունքի խախտման փաստը, ապա` տրամադրել տեղեկատվությունը, իսկ երբմեն էլ խնդրում ենք դատարանին վարչական պատասխանատվության ենթարկել տվյալ մարմնին»:

ԱՄՆ Ռոդ-Այլենդ նահանգն օրինականացրեց միասեռ ամուսնությունները

pic_1366881953Ռոդ-Այլենդը դարձավ   միասեռ ամուսնություններն օրինականցրած Ամերիկայի 10-րդ նահանգը: Հինգշաբթի նահանգապետը ստորագրեց օրենսդիր ժողովում հավանության  արժանացած օրենքը: Հարյուրավոր ակտիվիստներ այդ իրադարձությունը տոնել են նահանգի մայրաքաղաք Պրովիդենսի քաղաքապետարանի մոտ: Օրենքն ուժի մեջ է մտնելու օգոստոսի 1-ից:

Ոստիկանության բաժիններում ազատազրկվածների նկատմամբ ֆիզիկական և հոգեբանական բռնություն են կիրառում. զեկույց

զեկույց«Հայաստանի Հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան ՀԿ-ն «Միջազգային բանտային բարեփոխումներ» կազմակերպության աջակցությամբ ուսումնասիրել է ազատազրկվածների նկատմամբ վերաբերմունքը ոստիկանության բաժիններում: Այսօր համանուն զեկույցի քննարկումն էր:

«Ուսումնասիրության նպատակն է վերլուծել Հայաստանում ոստիկանության  բաժիններում խոշտանգումների և  վատ վերաբերմունքի դրդապատճառները, կանխարգելման  հնարավոր եղանակները և ձևերը»,-ասաց ՀԿ  նախագահ Ավետիք Իշխանյանը:

Նրա խոսքով` տարատեսակ զեկույցներում խոսվում է քրեակատարողական և ձերբակալվածների պահելու հիմնարկների  վիճակի մասին, բայց չի խոսվում ոստիկանության վերաբերմունքի մասին կալանավորվածների նկատմամբ. «Ոստիկանությունում տեղի ունեցած  վատ վերաբերմունքի և խոշտանգումների մասին , որպես կանոն, հասարակությունը տեղեկանում է, երբ դեպքն ունենում է ողբերգական ավարտ, կամ երբ բռնության ենթարկվածները լինում են քաղաքական ակտիվիստներ, ովքեր բարձրաձայնում են դրա մասին»:

Ուսումնասիրության ընթացքում հետազոտող խումբը հանդիպում է ունեցել կալանքի տակ գտնվող 80 անձանց հետ, նրանցից միայն 30-ն են համաձայնել հարցաթերթիկ լրացնել: Մնացածը հրաժարվել են` վախենալով վատթարացնել իրենց վիճակը կամ էլ մտածելով, որ դրանով ոչինչ չի փոխվի:

Հարցաթերթիկի հարցերը կոչված են եղել պարզելու, թե ոստիկանության բաժիններում քաղաքացինները որքանով են կարողացել իրացնել իրենց զանգելու, իրավապաշտպան ունենալու և բուժօգնություն ստանալու  իրավունքները: Պարզվել է, որ առավել հաճախ խախտվում է իրավապաշտպան ունենալու իրավունքը:

30 հարցվածներից 29-ը սկզբնական շրջանում պաշտպան չեն ունեցել, պաշտպանից հրաժարվել են հիմնականում ոստիկանների, քննիչների պարտադրանքով կամ «համոզելով»:

Պարզվել է նաև, որ հարցաքննություններն իրականացվում են ֆիզիկական և հոգեբանական բռնություններով: Հարցաքննության ժամանակ քննիչից բացի ներկա են գտնվում նաև ոստիկանության աշխատակիցներ:

Հարցաթերթիկների արդյունքների համաձայն` ՔԿՀ ընդունվելիս 30 հարցվածներից 18-ն ունեցել են մարմնական վնասվածքներ, 12-ը` ոչ: 10 անձի ցույց է տրվել բժշկական օգնություն, 6-ին ոչ` չնայած դրա կարիքն ունեցել են:

ՔԿՀ ընդունվելիս  բուժզննություն անցել են 28-ը, 9-ի բուժզննությանը ներկա են եղել ոստիկաններ: Բուժզննության ժամանակ 10 դեպքում արձանագրվել են  բոլոր մարմնական վնասվածքները, իսկ 7-ի դեպքում` ոչ, թեև կարիք ունեցել են:

Ըստ հարցումների պարզվել է, որ ոստիկանությունում կամ քննչական բաժնում գտնվելու ընթացքում բոլոր հարցվածների նկատմամբ կիրառվել է ֆիզիկական և հոգեբանական ճնշում.  ծեծել են ոտքով, ձեռքով, փայտով, մահակով և այլ առարկաներով, էլեկտրաշոկ են կիրառել:

Սպառնացել են, որ հանցանքը չխոստովանելու դեպքում կտուժեն նաև ընտանիքի անդամները` վերջիններիս էլ կներգրավեն գործում կամ նրանց հանդեպ ևս բռնություն կգործադրեն:

Բոլոր հարցվածները ոստիկանության բաժնի աշխատակիցների վերաբերմունքը իրենց նկատմամբ գնահատել են որպես «վատ»:

Ավետիք Իշխանյանի խոսքով ոստիկանների հետ զրույցներից տպավորություն է ստեղծվել, որ ամենի պատճառը խորհրդային  տարիներից եկող իներցիոն մտածողությունն է, որ առանց ապացույցներ հավաքելու կարող են ծեծով խոստովանություն կորզել: Պարզվել է նաև, որ շատ քիչ են ոստիկանները, որոնք տիրապետում են նորագույն տեխնոլոգիաներին և կրիմինալիստիկային, աղքատիկ է  նյութատեխնիկական բազան: Պատճառների թվում Իշխանյանը նշում է  նախաքննության նկատմամբ դատախազության ոչ  պատշաճ վերաբերմունքը, նաև այն, որ դատախազությունը դատարանում պաշտպանում է այդ կերպ ձեռք բերված մեղադրանքը:

Ուսումնասիրություններից ելնելով` զեկույցի հեղինակները մի շարք առաջարկներ են ներկայացրել, որոնք հնարավորություն կտան  շտկել իրավիճակը և կանխարգելել ազատազրկվածների իրավունքների ոտնահարումը և նրանց նկատմամբ բռնությունները ոստիկանության բաժիններում:

Ըստ այդմ,  առաջարկում են  ՀՀ ներպետական օրենսդրությամբ սահմանված «խոշտանգում» տերմինը համապատասխանեցնել ՄԱԿ-ի «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի դեմ»  կոնվենցիայի 1-ին հոդվածին: Հարցաքննությունն իրականացնել միայն հատուկ նախատեսված, կահավորված և տեսախցիկներով հագեցած սենյակներում, տեսաձայնագրել ողջ  հարցաքննության ընթացքը, ոստիկանության խմբի անդամներին և հասարակության ներկայացուցիչներին հնարավորություն տալ այդ սենյակներում  հետևելու հարցաքննության ընթացքին` միայն պատկերի միջոցով, առանց լսելու: Առաջարկվում է նաև ՁՎՊ և ՔԿՀ ընդունվող անձանց մանրակիկիտ բուժզննություն իրականացնել` ոստիկանության աշխատակիցների տեսադաշտից և լսողությունից հեռու:

Ո՞ր դեպքում կարող է մերժվել օտարերկրացուն ՀՀ մուտքի վիզայի տրամադրումը

վիզա«Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն` օտարերկրացուն մուտքի վիզայի տրամադրումը (ժամկետի երկարաձգումը) մերժվում է, տրամադրված մուտքի վիզան ուժը կորցրած է ճանաչվում կամ մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվում է, եթե՝

ա) նա արտաքսվել է Հայաստանի Հանրապետության տարածքից կամ զրկվել է կացության կարգավիճակից, և արտաքսման կամ կացության կարգավիճակից զրկելու մասին որոշման ուժի մեջ մտնելու պահից չի անցել 3 տարի,

բ) նա «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքը խախտելու համար ենթարկվել է վարչական պատասխանատվության և չի կատարել վարչական ակտով իր վրա դրված պարտականությունը, բացառությամբ այն դեպքերի, երբ վարչական պատասխանատվության ենթարկվելու պահից անցել է 1 տարի,

գ) գոյություն ունեն հավաստի տվյալներ, որ նա իրականացնում է այնպիսի գործունեություն, մասնակցում, կազմակերպում կամ հանդիսանում է այնպիսի կազմակերպության անդամ, որի նպատակն է՝

– վնաս պատճառել Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը, տապալել սահմանադրական կարգը, թուլացնել պաշտպանունակությունը,

– իրականացնել ահաբեկչական գործունեություն,

– սահմանով ապօրինաբար (առանց համապատասխան թույլտվության) տեղափոխել զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, ռադիոակտիվ նյութեր, թմրանյութեր, հոգեներգործուն նյութեր կամ

– իրականացնել մարդկանց առևտուր (թրաֆիքինգ) և (կամ) անօրինական սահմանահատումներ,

դ) նա տառապում է վարակիչ հիվանդությամբ, որը սպառնում է բնակչության առողջությանը, բացառությամբ այն դեպքերի, երբ նա մուտք է գործում Հայաստանի Հանրապետություն նման հիվանդությունը բուժելու նպատակով: Այդ վարակիչ հիվանդությունների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը,

ե) նա մուտքի թույլտվություն հայցելիս ներկայացրել է իր մասին կեղծ տեղեկություններ կամ չի ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթեր, կամ գոյություն ունեն տվյալներ այն մասին, որ նրա մուտքը կամ գտնվելը Հայաստանի Հանրապետությունում ունի այլ նպատակ, քան հայտարարվածը, կամ

զ) գոյություն ունեն նրա կողմից Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը կամ հասարակական կարգին այլ լուրջ և հիմնավոր սպառնալիքներ:

Օտարերկրացուն մուտքի վիզայի տրամադրումը (ժամկետի երկարաձգումը) կարող է մերժվել, տրամադրված մուտքի վիզան ուժը կորցրած ճանաչվել կամ մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել, եթե նա դատապարտվել է Հայաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու համար, և դատվածությունը սահմանված կարգով չի հանվել կամ մարվել:

Վերոհիշյալ դրույթները չեն տարածվում Հայաստանի Հանրապետությունում մերձավոր ազգականներ (ամուսին, երեխա, հայր, մայր, հարազատ քույր, եղբայր, տատ, պապ) ունեցող անձանց վրա:

 Ներկայացրեց       Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

Համակրած աղջկան նայելու համար` կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս

դանակահարելԿառլեն Սարգսյանին դուր չէր եկել, թե ինչպես են նայել իր համակրած աղջկան: Նա, ըստ մեղադրանքի, 2012թ. հոկտեմբերի 3-ին՝ ժամը 13.30-ի սահմաններում, իր համակրած աղջկան՝ աշակերտուհի Լաուրա Սահակյանին նայելու համար պարզաբանումներ ստանալու նպատակով Երևան քաղաքի Մաշտոցի 31/18 շենքի ետնամասում վիճաբանել է Կարեն Հակոբյանի, նրա ընկերներ Գարեգին Ղարիբյանի և Ալեքսեյ Օհանջանյանի հետ: Վեճի ժամանակ սուր ծակող-կտրող գործիքով դիտավորությամբ հարվածել է Գարեգին Ղարիբյանի որովայնի շրջանին՝ վերջինիս առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս՝ որովայնի առաջնային պատի ձախ կեսի ծակած-կտրած թափանցող վերքի ձևով, որն ուղեկցվել է փայծաղի վնասումով, ներքին արյունահոսությունով և հեմոպերիտոնեումով։

23-ամյա Կառլեն Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի առաջին մասով, խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Գործը երեկ մակագրվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատավոր Մխիթար Պապոյանին:

Հեղինակ:

Ոստիկանները բռնեցին աղջիկ փախցնողին

ձերբակալելԱրսեն Փիլոյանը կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով Արմինե Ներսիսյանի նկատմամբ, առևանգել է վերջինիս ու տարել Գյումրի քաղաք, որտեղ Ա.Փիլոյանը բռնվել է ոստիկանության աշխատակիցների կողմից:

Ըստ մեղադրանքի՝ նախնական համաձայնության գալով իր ընկեր ոմն Ալիկի և քննությամբ չպարզված անհայտ անձի հետ, 2012թ. դեկտեմբերի 15-ին ժամը 13:00-ի սահմաններում Երևան քաղաքի Գ.Նժդեհի փողոցի վրա գտնվող «Տիտան» խանութի մոտ Արմինե Ներսիսյանին խաբեությամբ` տուն տանելու պատրվակով, նստեցրել է «Օփել» մակնիշի ավտոմեքենան ու առևանգել:

Դատված, սակայն դատվածությունը մարված Արսեն Փիլոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի երկրորդ մասի առաջին կետով, խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Գործը մակագրվել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի դատավոր Նելլի Բաղդասարյանին:

Հեղինակ:

Հայրը սպանել է աղջկան ցնծացող ամբոխի աչքի առջև

ol3001367391708Երկու երեխաների մայր երիտասարդ կնոջը սեփական հայրը  զրկել է կյանքից  այն պատճառով, որ կինը փախել էր իր օրինական ամուսնուց ու խայտառակել ընտանիքը:

«Amnesty International» կազմակերպության տվյալներով, աֆղանական Բաջիս նահանգում սպանվածի անունը Հալիմա էր ու նա 18-20 տարեկան էր:

Մինչ նրա ամուսինն Իրաքում էր, կինը իր  մի բարեկամ տղամարդու հետ փախել էր, սակայն շուտով  նրան բռնել ու հոր տուն էին  բերել: Հայրը խորհրդի համար դիմել էր տեղի ավագանիներին, որոնք էլ որոշեցին, որ Հալիման հրապարակայնորեն պետք է մահվան դատապարտվի: Ավագանիների դատավճիռն իրականացրեց աղջկա հայրը.նա առանց խղճմտանքի կրակեց դստեր վրա:

Ներկայում ավագանին ու աղջկա հայրը թաքնվում են արդարադատությունից: Այն տղամարդու ճակատագիրը, ում հետ կինը փախել էր, հայտնի չէ:

Պաշտպանը պատրաստ է աջակցել ոչ հրապարակային վիրավորանքի խնդրի կարգավորմանը

ՄԻՊԵրեկ Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից վճիռ կայացվեց «Ժողովուրդ» օրաթերթի և լրագրող Սոնա Գրիգորյանի հայցի վերաբերյալ, որով մերժվեց պատիվն ու արժանապատվությունն արատավորելու համար Խաչիկ Խաչատրյանի դեմ ներկայացված ներողություն խնդրելու պահանջը:

Վճռով արձանագրվեց, որ ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի կարգավորումից դուրս են այն դեպքերը, երբ հայտարարությունը կատարվել է ոչ հրապարակային, անձնական հեռախոսային խոսակցության ընթացքում:

Այս դեպքում քաղաքացին կրկին հանդիպեց մի իրավիճակի, երբ երրորդ անձի բացակայությամբ, ուղղակիորեն իրեն հասցված վիրավորանքի դեպքում, զրկվեց իրավական պաշտպանության միջոցի դիմելու հնարավորությունից:

Ոչ հրապարակային վիրավորանքի համար պատասխանատվության բացակայության հարցը բարձրացվել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից դեռևս 2011թ. ՀՀ Սահմանադրական դատարանում: Իսկ ՀՀ Սահմանադրական դատարանն իր հերթին որոշմամբ արձանագրել է, որ այս իրավակարգավորման բացը հաղթահարելու համար ՀՀ Ազգային ժողովն իր իրավազորության շրջանակներում առանձին քննարկման առարկա պետք է դարձնի ոչ հրապարակային վիրավորանքից պաշտպանության իրավական կանոնակարգման խնդիրը:

ՄԻՊ գրասենյակից տեղեկացնում են, որ  Կարեն Անդրեասյանն իր պատրաստակամությունն է հայտնում աջակցել ոչ հրապարակային ձևով արտահայտված վիրավորանքի դեմ պաշտպանության նախատեսմանն ուղղված օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությանը, քանի որ ոչ ՀՀ օրենսդրությունը, և ոչ էլ դրան համապատասխան ձևավորված իրավակիրառ պրակտիկան չեն ապահովում ոչ հրապարակային վիրավորանքից` անձի արժանապատվության և անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքի պաշտպանության իրացման հնարավորությունը:

Միևնույն ժամանակ, Պաշտպանը պատրաստվում է դիմել ՀՀ դատարանների նախագահների խորհուրդ՝ լրագրողների հետ հարցազրույցի ընթացքում արված արտահայտությունների բնույթի հստակեցման նպատակով խորհրդատվական բնույթի պաշտոնական պարզաբանումներ տրամադրելու խնդրով:

ՄԻՊ-ը Ուջանցիների բողոքի մասին. ՀԷԿ-երը կառուցվում են առանց բնակիչների կարծիքը հաշվի առնելու

ՄԻՊՄարդու իրավուքների պաշտպանի՝ բնապահպանության հարցերով խորհրդական Աննա Սաֆարյանի արձագանքը Արագածոտնի մարզի Ուջան գյուղի բնակիչների բողոքին.

«Լրատվամիջոցներից տեղեկացանք Արագածոտնի մարզի Ուջան գյուղի մոտ ավելի քան 1000 գյուղացիների կողմից ճանապարհը փակելու մասին, որոնք նման կերպ իրենց բողոքն են արտահայտում գյուղի տարածքում մի շարք ՀԷԿ-երի կառուցման վերաբերյալ, ինչի արդյունքում գյուղացիները զրկվել են խմելու և ոռոգման ջրից:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը բազմիցս դիմում բողոքներ է ստանում շրջակա միջավայրի վերաբերյալ որոշումների գործընթացում հասարակությանը մասնակից չդարձնելու, հասարակությանն իր կարծիքը արտահայտելու հնարավորություն չտալու և այն հաշվի չառնելու վերաբերյալ: Հիշյալ գործընթացներում ձեռնարկվում են հանրային քննարկումներ, լսումներ կազմակերպելուն ուղղված միջոցներ, որոնք սակայն հաճախ ձևական բնույթ են կրում, իսկ նման կերպ կայացված որոշումները դառնում են անձի առողջ շրջակա միջավայրում ապրելու սահմանադրական իրավունքի խախտման պատճառ:

Այս խնդրին Մարդու իրավունքների պաշտպանը անդրադարձել է նաև 2012թ. տարեկան զեկույցում, այն ձևակերպելով որպես ոլորտի պետական իրավասու մարմինների կողմից իրենց իրավասությունների ոչ պատշաճ կատարում:

Գյուղացիների բողոքի նման կերպ արտահայտումը վկայում է այն մասին, որ դրանց պատճառ հանդիսացող ՀԷԿ-երի կառուցման վերաբերյալ որոշումների կայացման ժամանակ լիարժեք հաշվի չի առնվել հասարակության կարծիքը և արդյունքում գյուղացին զրկվել է ջրից, ապրուստի միջոցից:

Հուսով ենք պետական իրավասու մարմինները արագ կերպով կարձագանքեն գյուղացիների բողոքին և ի վերջո լուրջ քայլեր կձեռնարկվեն այս ոլորտում առկա բազմաթիվ օրենսդրական բացերի և իրավակիրառ պրակտիկայի թերությունների վերացման համար»: