Որո՞նք են դատարանի կողմից կիրառվող սանկցիաները

դատարանԴատարան ներկայանալուց չարամտորեն խուսափելու կամ դատավարական իրավունքներից անբարեխղճորեն օգտվելու կամ դատավարական պարտականություններն անհարգելի չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, դատավորի օրինական կարգադրությունները չկատարելու, դատական նիստի բնականոն ընթացքը խոչընդոտելու կամ նիստի կարգը խախտող այլ գործողություն կատարելու միջոցով դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքում դատարանն իրավունք ունի գործին մասնակցող անձանց, ներկայացուցիչների և դատական նիստին ներկա գտնվող այլ անձանց նկատմամբ կիրառելու հետևյալ սանկցիաները`
1) նախազգուշացում,
2) նիստերի դահլիճից հեռացնելը,
3) դատական տուգանք,
4) պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ դիմումով համապատասխանաբար գլխավոր դատախազին կամ Փաստաբանական պալատ դիմելը:
Սանկցիան պետք է համաչափ լինի արարքի ծանրությանը և նպատակ հետապնդի ապահովելու դատարանի գործունեության բնականոն ընթացքը: Գործին մասնակցող անձանց նկատմամբ նիստերի դահլիճից հեռացումը կարող է կիրառվել ոչ ավելի, քան 36 ժամով, իսկ դատական նիստին ներկա գտնվող այլ անձանց նկատմամբ` որոշակի ժամկետով կամ մինչև դատաքննության ավարտը:
Գործին մասնակցող` նիստերի դահլիճից հեռացված անձի փաստաբանի կամ այլ ներկայացուցչի հիմնավորված միջնորդությամբ դատարանն իրավունք ունի մինչև սանկցիայի կիրառման ժամկետի լրանալը վերականգնելու հեռացված անձի մասնակցությունը դատական նիստին: Նախազգուշացումը և նիստերի դահլիճից հեռացնելը կիրառվում են նույն դատական նիստում կայացվող դատարանի արձանագրային որոշմամբ:
Նիստերի դահլիճից հեռացումը չի կարող կիրառվել տվյալ պահին ցուցմունք տվող վկայի նկատմամբ: Հայցվորի նկատմամբ նիստերի դահլիճից հեռացում կիրառվելու դեպքում նիստը հետաձգվում է:
Նիստերի դահլիճից հեռացնելու մասին որոշումն անհապաղ կամովին չկատարելու դեպքում կատարվում է հարկադիր կարգով Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի միջոցով:
Դատական տուգանքը կիրառվում է գործին մասնակցող անձանց և փաստաբան չհանդիսացող ներկայացուցիչների նկատմամբ: Դատական տուգանքը կարող է կիրառվել մինչև 100.000 դրամի չափով: Դատական տուգանքի չափը որոշվում է դատարանի հայեցողությամբ, սակայն բացի արարքի ծանրությունից, պետք է հաշվի առնվի նաև արարք կատարողի անձը: Դատական տուգանքը կիրառվում է նույն դատական նիստում կայացվող դատարանի առանձին որոշմամբ: Դատական տուգանք կիրառելու մասին որոշումը կամովին չկատարվելու դեպքում ենթակա է հարկադիր կատարման «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Դատական սանկցիա կիրառելու մասին դատարանի որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: Դատական տուգանք կիրառելու մասին առաջին ատյանի դատարանի և վերաքննիչ դատարանի որոշումները կարող են բողոքարկվել հրապարակվելուց հետո` եռօրյա ժամկետում:

Պատրաստեց Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

Գլխավոր դատախազը խոստանում է, որ Հայաստանում անմեղ մարդիկ չեն դատապարտվի

Գևորգ ԿոստանյանՀուլիսի 7-ին Դատախազության օրվան ընդառաջ այսօր ընթացիկ տարում առաջին անգամ մամուլի ասուլիս էր հրավիրել ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:

Նա, ամփոփելով վերջին ամիսներին կատարած աշխատանքը, տեղեկացրեց , որ դատախազությունում կադրային լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել. «Վերջին 9 ամիսներին դատախազության համակարգից դուրս է եկել 80-ից ավելի դատախազ, որոնց մի մասի գործունեությունն անհամատեղելի է եղել առաջադրված աշխատանքային չափորոշիչներին: Համակարգից դուրս են եկել նաև պրոֆեսիոնալ և ազնիվ դատախազներ, ովքեր ունեցել են սոցիալական, նյութական կամ անձնական պատճառներ», – ասաց գլխավոր դատախազը, ընդգծելով, որ համակարգում սերնդափոխության անհրաժեշտությունն ակնհայտ էր, իսկ այժմ դատախազության համակարգը համալրվել է նոր, երիտասարդ, գիտական մտածելակերպ ունեցող և գիտական ասպարեզում իրենց դրսևորած մասնագետներով: «Փոխվել է դատախազության գրեթե 1/3-ը: Սերնդափոխությունը և նոր մտածելակերպը ինքնին կհանգեցնի նաև դատախազի նոր կերպարի ձևավորմանը», – հույս հայտնեց Գևորգ Կոստանյանը:

Փոփոխություններ են կատարվել նաև համակարգի կառուցվածքում, որի նպատակն է` կառուցվածքային ստորաբաժանումները մասնագիտանան ըստ դատախազական լիազորությունների, ի տարբերություն նախկինում սահմանված կարգի, որտեղ կառուցվածքային միավորները բաժանված էին ըստ հանցատեսակների: Աշխատանքի կազմակերպման այս մեխանիզմը դատախազին հնարավորություն է տալիս մասնագիտանալու ոչ թե ըստ հանցագործության բնույթի, այլ՝ ըստ դատախազական լիազորության:

 

Պատասխանելով լրագրողների հարցերին, գլխավոր դատախազը անդրադարձավ նաև վերջերս Սարյան փողոցում տեղի ունեցած միջադեպին, երբ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքող քաղաքացիների նկատմամբ ոստիկանների կողմից ուժ էր կիրառվել.
« Ոստիկանի կողմից ֆիզիկական ուժի կիրառումը նրա գործառույթի մեջ է մտնում: Ֆիզիկական ուժի չգործածումը կարող է ոստիկանին պատասխանատվության առաջ կանգնեցնել, օրենսդրությամբ սահմանված է, որ ոստիկանը մի շարք դեպքերում, այդ թվում ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար իրավունք ունի կիրառել ֆիզիկական ուժ, որպեսզի իր պարտականությունները կարողանա պատշաճ կատարել»,- ասաց նա՝ հավելելով, որ վերոնշյալ միջադեպի կապակցությամբ նյութեր են պատրաստվում, ընդ որում` հայցեր կան երկու կողմից:

 

Խոսելով վերջին շրջանում հանրապետությունում հնչած կրակոցների դեպքերի աճին, դատախազը նշեց, որ իրականում ոչ թե միջադեպերն են շատացել, պարզապես սկսել են դրանից ավելի շատ խոսել.« Չեմ կարծում,  թե աճ կա. ես դա  վերագրում եմ նրան, որ ավելի շատ է դրա մասին խոսվում: Ցանկացած բան այսօր տեսանելի է: Վստահ եմ` ոստիկանության կողմից լուրջ աշխատանք է կատարվում դա կանխելու համար: Այսօր արդեն լուրջ արդյունքներ ունենք, օպերատիվ և պրոֆիլակտիկ աշխատանքներ են կատարվում»:

Գլխավոր դատախազը հայտարարեց, որ Հայաստանում անմեղ մարդիկ չեն դատապարտվի, և ինքը դրա համար  անձամբ պատասխանատվություն է կրում:

 

Անկախ

 

Ի՞նչ ընթացակարգով է կազմվում դատախազների թեկնածուների ցուցակը

դատախազությունԴատախազների թեկնածությունների ցուցակը համալրվում է դատախազության որակավորման հանձնաժողովի կողմից տարին մեկ անգամ` որպես կանոն, յուրաքանչյուր տարվա հունվար ամսին, գլխավոր դատախազի սահմանած կարգով անցկացվող բաց մրցույթի միջոցով: Գլխավոր դատախազի հանձնարարությամբ դատախազների թեկնածությունների ցուցակում լրացումներ կատարելու համար տարվա ընթացքում կարող է անցկացվել հավակնորդների լրացուցիչ ստուգում:

Դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկվելուն հավակնող անձը պարտավոր է ներկայացնել`
1) անձը հաստատող փաստաթուղթ,
2) հավակնորդի մոտ բարձրագույն իրավաբանական կրթության առկայությունը հավաստող փաստաթուղթ,
3) հավակնորդի կենսագրական տվյալները պարունակող քարտ` իր կողմից իրավաբանի կոչում ձեռք բերելուց հետո իրականացված մասնագիտական իրավաբանական գործունեության նկարագրությամբ` կցելով համապատասխան ապացույցներ (այդ թվում՝ պաշտոնի անձնագիր կամ այլ փաստաթղթեր, որոնք հավաստում են մասնագիտական իրավաբանական ստաժ դիտարկվող աշխատանքում աշխատանքային պարտականությունները).
4) պարտադիր զինվորական ծառայություն անցած լինելու կամ օրենքով նախատեսված կարգով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված լինելը կամ տարկետում ունենալը հավաստող փաստաթուղթ (եթե արական սեռի հավակնորդ է).
5) դատախազի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների բացակայության մասին կառավարության կողմից սահմանված կարգով տրված փաստաթուղթ:
Որակավորման հանձնաժողովը ստուգում է հայտատուի մասնագիտական պատրաստվածությունը, գործնական ունակությունները և բարոյական հատկանիշները, ինչպես նաև նրա կողմից ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը օրենքով նախատեսված այլ պահանջներին: Այն հայտատուների թեկնածությունները, որոնց վերաբերյալ որակավորման հանձնաժողովը տալիս է դրական եզրակացություն, ներկայացվում են գլխավոր դատախազին, որն իր համար ընդունելի թեկնածուներին ընդգրկում է դատախազների թեկնածությունների ցուցակում:
Դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձը արդարադատության ակադեմիայում անցնում է ուսումնառության ծրագիր: Անձն ազատվում է արդարադատության ակադեմիայում ուսումնառության դասընթացներից և որակավորման քննություն հանձնելուց, եթե`
1) ունի դատախազի, դատավորի, քննիչի պաշտոնում կամ փաստաբանի 3 տարվա մասնագիտական աշխատանքի ստաժ, եթե չի անցել այդ պաշտոնը թողնելուց հետո 5 տարի,
2) իրավաբանական գիտությունների դոկտոր է,
3) իրավաբանական գիտությունների թեկնածու է և ունի իրավաբանի մասնագիտությամբ աշխատանքի 5 տարվա ստաժ:
Պատրաստեց Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

Դատարանը բացահայտել է քննության զավեշտները. Ճանաչման են ներկայացվել կարտոֆիլները՝ տուժողը չի ճանաչել . Փաստինֆո

դատարանԴատարանը ճանաչել ու հռչակել է  ՀՀ քրեական օրենսգրքի 34–177-րդ  հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով (1 դրվագ), ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ  հոդվածի 2-րդ  մասի 3–րդ կետով (5 դրվագ) և ՀՀ քրեական օրենսգրքի 34–177-րդ  հոդվածի 2-րդ  մասի 3–րդ կետով (7 դրվագ) մեղադրվող Ալեքսանդր Ցվերիանովի անմեղությունը և նրան արդարացրել:  Խոսքը  բնակարան ապօրինի մուտք գործելով գողության փորձի,  պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով գողության և դրա փորձի վերաբերյալ մեղադրանքի մասին է:  Ալեքսանդր  Ցվերիանովի  նկատմամբ որպես կալանավորում կիրառված խափանման միջոցը վերացվել է  և նա անհապաղ ազատ է արձակվել դատարանի դատական նիստերի դահլիճում: Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն:

Նշենք, որ նախկինում 5 անգամ դատապարտված, 37-ամյա  Ցվերիանովը սույն գործով արգելանքի տակ է գտնվել 2012թ.  նոյեմբերի 30–ից: Դատարանը  հանգել է  հետևության, որ նախաքննական մարմնի կողմից գործով իրականացվել է խիստ թերի և ոչ օբյեկտիվ, դատավարական էական խախտումներով քննություն, որի հետևանքով բավարար ապացույցների բացակայության պայմաններում Ալեքսանդր  Ցվերիանովին անհիմն մեղադրանք է առաջադրվել:

Պաշտոնեական կեղծիք եւ անթույլատրելի ապացույցներ

Դատարանն արձանագրում է, որ նախաքննական մարմինը թույլ է տվել նաև արարքի իրավական որակման հետ կապված կոպիտ խախտում, այն է՝  բնակարան ապօրինի մուտք գործելու եղանակով ուրիշի գույքի գաղտնի հափշտակության հանցափորձը ՀՀ քրեական օրենսգրքի 34–177-րդ  հոդվածի 3-րդ  մասի 1.1 կետը որակել է որպես ավարտված հանցագործություն և Ա.Ցվերիանովին անհիմն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ  մասի 1.1 կետով: «Ճիշտ է, դատաքննության ավարտական փուլում, մեղադրանքի կողմը ամբաստանյալ Ա.Ցվերիանովին առաջադրված մեղադրանքը այդ դրվագով փոփոխել և բավարար ապացույցների բացակայության պայմաններում նրան նոր մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 34–177 հոդվածի 3-րդ  մասի 1.1 կետով՝  դատարանին չներկայացնելով նոր մեղադրանքը հիմնավորող և ոչ մի հավաստի ապացույց»,- նշվում է դատարանի իրավական վերլուծություններում:

Դատարանը վերհանել է զավեշտի հասնող խախտումներ: Այսպես, նախաքննական մարմնի որոշմամբ Անահիտ  Գրիգորյանը ճանաչվել է որպես թարգմանիչ և գործով ներգրավվել  30.11.2012թ. ,  սակայն Ցվերիանովին որոշումը հայտնվել և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածով նախատեսված իրավունքներն ու պարտականությունները պարզաբանվել են ավելի վաղ՝ 30.10.2012թ.: Թարգմանիչ ճանաչելու մասին նախաքննական մարմնի 30.11.2012թ.  արձանագրությամբ անհասկանալիորեն քննչական բաժին է հրավիրվել Լարիսա Վելիկյանը, ով   ավարտել է Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը, հայոց և վրացերեն լեզվի մասնագետ է:

Դատարանի նախաձեռնությամբ որպես վկա հրավիրված թարգմանիչ Անահիտ Գրիգորյանի հարցաքննությամբ պարզվել է, ինչպես նշվում է դատավճռի վերլուծություններում,  որ վերջինս որպես թարգման ընդամենը մեկ անգամ է եղել Էրեբունու քննչական բաժնում, սակայն այդ ընթացքում ամբաստանյալ Ա.Ցվերիանովից ցուցմունքներ չեն վերցվել, քանի որ վերջինս եղել է ոգելից խմիչքներ օգտագործած վիճակում և այդ կապակցությամբ քննիչի կողմից համապատասխան տեղեկանք է կազմվել: Վկա Ա.Գրիգորյանը միաժամանակ դատարանին հայտնել է, որ 01.12.2012թ. Ալեքսանդր Ցվերիանովի որպես կասկածյալի հարցաքննության արձանագրության վերջում թարգմանչի գրառումները իր կողմից չէ կատարված և բացի նախորդ օրվա դեպքից, այլ անգամներ ինքը Էրեբունու քննչական բաժնում կամ որևէ այլ քննիչի մոտ չի եղել, այսինքն՝  կասկածյալ Ա.Ցվերիանովի հարցաքննությունն իրականացվել է թարգմանչի բացակայության պայմաններում, որը դատավարության լեզվին չտիրապետող կասկածյալ Ա.Ցվերիանովի իրավունքների էական խախտման փաստ է: Դատարանի նախաձեռնությամբ իրականացված դատաձեռագրաբանական փորձաքննության 29.11.2013թ. եզրակացությամբ չնայած փորձագետը հանգել է հետևության, որ հետազոտելի ձեռագիր գրառման և ստորագրության կարճ և պարզ կատարման, ինֆորմատիվ գրաֆիկական նյութի սակավության պատճառով հնարավոր չէ պարզել ձեռագրի և ստորագրության պատկանելիությունը (այն Ա.Գրիգորյանի կողմից է կատարված, թե ոչ), սակայն ելնելով վկա Ա.Գրիգորյանի դատաքննական ցուցմունքից, դատարանի մոտ հիմնավոր համոզմունք է ձևավորվել, որ նախաքննական մարմնի կողմից թույլ է տրվել պաշտոնական կեղծիք:

Ուստի ՀՀ քրեական դատավարության օրենսդրության պահանջների խախտմամբ ձեռք բերված կասկածյալ Ա.Ցվերիանովի 01.12.2012թ. հարցաքննության արձանագրությունը դատարանը ճանաչել  է որպես անթույլատրելի ապացույց և հանել  ապացույցների շարքից:

Նույն հիմքով, դատարանն անթույլատրելի է ճանաչել  նաև նախաքննական մարմնի կողմից որպես ապացույց ներկայացված քննչական փորձարարություն կատարելու մասին 01.12.2012թ. արձանագրությունը, քանի որ թարգմանիչ Ա.Գրիգորյանն իրականում մասնակից չի եղել քննչական գործողությանը, սակայն որպես   «մասնակից»  ներառվել է արձանագրության մեջ: Քննչական փորձարարությանը թարգմանչի բացակայության մասին է հայտնել նաև պաշտպան Ա.Հոբոսյանը, ով դատարանում հայտարարել է, որ 2012թ.  դեկտեմբերի 1–ին նախաքննական մարմնի կողմից իր մասնակցությամբ կատարված քննչական փորձարարության ողջ ընթացքում որևէ թարգման քննչական գործողությանը չի մասնակցել: «Այսինքն, դատարանն արձանագրում է, որ այս ապացույցը նույնպես նախաքննական մարմինը ձեռք է բերել քրեադատավարական օրենսդրության նորմերի կոպիտ խախտմամբ, ավելին պաշտոնեական կեղծիքի միջոցով, որը չի կարող դրվել ապացույցների շարքում»:

Նախաքննությունն իրականացվել է մեղադրական թեքումով

Թեև քրեական հետապնդում իրականացնող մարմինը  պարտավոր է ձեռնարկել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված բոլոր միջոցառումները գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման համար, պարզել ինչպես կասկածյալի և մեղադրյալի մեղավորությունը հիմնավորող, այնպես էլ նրանց արդարացնող, ինչպես նաև նրանց պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները, սակայն նախաքննական մարմինը ամբաստանյալ Ա.Ցվերիանովի վերաբերյալ գործի նախաքննությունը կատարել է խիստ թերի և ոչ օբյեկտիվ, այն իրականացվել է բացառապես մեղադրական թեքումով և արհեստական ապացույցներ ձեռք բերելու արատավոր պրակտիկայով: 2013թվականի հունվարի 17–ին նախաքննական մարմինը կատարել է քննչական գործողություն, այն է՝ առարկաների ճանաչում  և տուժող Իզաբելլա Հարությունովային ճանաչման է ներկայացրել 1– 4 թվերով համարակալված էլեկտրական դռելի տուփեր, սակայն տուժող Ի.Հարությունովայի կողմից ճանաչվել է 2–րդ համարի տակ առկա 12 հատ պտուտակները (ինչ պտուտակների մասին է խոսքը, այդպես էլ անհասկանալի է, քանի որ տուժողին տուփեր են ճանաչման ներկայացվել, այլ ոչ թե պտուտակներ): Դատարանն արձանագրում է, որ որևէ առարկա ճանաչման ներկայացնելու անհրաժեշտության դեպքում քննիչը ճանաչողին նախապես հարցաքննում է այդ առարկայի նշանների, ինչպես նաև այն հանգամանքների մասին, որոնցում նա տեսել է այդ առարկան: Ընդ որում,  ճանաչման ենթակա առարկան ճանաչողին ներկայացվում է միատեսակ այլ առարկաների շարքում: Ճանաչողին առաջարկվում է մատնացույց անել առարկան, որը նա կարող է ճանաչել և բացատրել, թե ինքն ինչ հատկանիշներով ճանաչեց այդ առարկան:  Առարկաների ճանաչում կատարելու քննչական գործողության ընթացքում, նախաքննական մարմնի կողմից չեն պահպանվել Քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան հոդվածով նախատեսված պահանջները:

Նախաքննության ընթացքում նշանակվել է մատնադրոշմային փորձաքննություն և կասկածյալ Ա.Ցվերիանովի մատնահետքերը համեմատվել են նախկինում կատարված և չբացահայտված հանցագործությունների դեպքի վայրերից հայտնաբերված մատնահետքերի հետ: Համաձայն մատնադրոշմային փորձաքննության 09.01.2013թ.  եզրակացության, Ա.Ցվերիանովի մատնադրոշմները չեն համընկել նախկինում կատարված և չբացահայտված դեպքի վայրերից հայտնաբերված մատնահետքերի հետ: Գործին վերաբերվող փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջության մեջ, նախաքննական մարմինը անտեսել է նաև այդ հանգամանքը, ինչպես նաև փորձ անգամ չի ձեռնարկել պարզելու, թե արդյոք մեկ անձը, կոնկրետ դեպքում ամբաստանյալ Ա.Ցվերիանովը ինչպես կարող էր միայնակ նկուղից ալյումինե մեծ թասեր, կաթսաներ, 70 հատ մուրաբայի բանկաներ կամ երկու պարկ կարտոֆիլ գողանալ:

Այսպիսով, դատարանի գնահատմամբ, դատաքննության ավելի քան մեկ տարվա ընթացքում, մեղադրանքի կողմը բացառապես և ոչ մի ապացույց չի ներկայացրել դատարանին մեղադրանքի ծավալում ներառված 16 դրվագ գողությունները ամբաստանյալ Ա.Ցվերիանովի կողմից կատարված լինելու վերաբերյալ:

Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուր կայքում.

Ովքե՞ր են համարվում փոխկապակցված անձինք

փոխկապակցված-անձինքՖիզիկական անձինք համարվում են փոխկապակցված, եթե նրանք այդպիսիք են ճանաչվել Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով, կամ եթե նրանք միևնույն ընտանիքի անդամ են, կամ վարում են ընդհանուր տնտեսություն, կամ համատեղ ձեռնարկատիրական գործունեություն, կամ գործել են համաձայնեցված` ելնելով ընդհանուր տնտեսական շահերից: Տվյալ դեպքում միևնույն ընտանիքի անդամ են համարվում հայրը, մայրը, ամուսինը, ամուսնու ծնողները, տատը, պապը, քույրը, եղբայրը, երեխաները, քրոջ, եղբոր ամուսինն ու երեխաները:

Ֆիզիկական և իրավաբանական անձինք համարվում են փոխկապակցված, եթե նրանք գործել են համաձայնեցված՝ ելնելով ընդհանուր տնտեսական շահերից, կամ նրանք այդպիսիք են ճանաչվել Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով, կամ եթե տվյալ ֆիզիկական անձը կամ նրա ընտանիքի անդամը հանդիսանում է.
գ Տվյալ իրավաբանական անձի բաժնետոմսերի 20 տոկոսից ավելին տնօրինող մասնակից:
գ Օրենքով չարգելված այլ ձևով իրավաբանական անձի որոշումները կանխորոշելու հնարավորություն ունեցող անձ:
գ Տվյալ իրավաբանական անձի խորհրդի նախագահ, խորհրդի նախագահի տեղակալ, խորհրդի անդամ, գործադիր տնօրեն, նրա տեղակալ, վարչության նախագահ, վարչության անդամ, գլխավոր հաշվապահ, նրա տեղակալ, ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավար, անդամ կամ վերստուգիչ հանձնաժողովի նախագահ, վերստուգիչ հանձնաժողովի անդամ կամ նման այլ մարմինների անդամ:
գ Իրավաբանական անձի կամ նրա տարածքային ստորաբաժանման այնպիսի աշխատակից կամ այն կառուցվածքային ստորաբաժանման (այդ թվում՝ դեպարտամենտի, վարչության, բաժնի) աշխատակից, որը Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած չափանիշներով հիմնավորված՝ իրավաբանական անձի կանոնադրության կամ ներքին իրավական այլ ակտերի համաձայն կամ Կենտրոնական բանկի խորհրդի կարծիքով որևէ կերպ կապված է իրավաբանական անձի հիմնական գործունեության հետ կամ աշխատում է գործադիր տնօրենի անմիջական ղեկավարության ներքո կամ իրավաբանական անձի կառավարման մարմինների կողմից որոշումների կայացման հարցում որևէ էական ազդեցություն ունի:

 

Պատրաստեց Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

 

Առանձին դաժանությամբ ընկերուհուն պատճառել է ուժեղ ցավ և մարմնական տառապանք Խանդի հողի վրա ծագած վիճաբանության գործը՝ դատաքննության փուլում

xoshtangum 3Վերջերս Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վ. Գրիգորյանի, դռնբաց դատական նիստում քննության առավ քրեական գործն ըստ մեղադրանքի Վաղինակ Ո.-ի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի հատկանիշներով (խոշտանգում՝ առանձնակի դաժանությամբ):

Ծանոթություն
Գործով ամբաստանյալ Վաղինակ Ո.-ն անընդհատ գտնվել է կոնֆլիկտային իրավիճակներում: Այսպես, ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից նյութեր են նախապատրաստվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով Վաղինակ Ո.-ի կողմից տուժողին ծեծի ենթարկելու փաստի առթիվ, սակայն հետագայում որոշում է կայացվել տուժողի բողոքի բացակայության հիմքով մերժել քրեական գործի հարուցումը:
Դրանից հետո ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժնի կողմից, ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի հատկանիշներով, տուժողի առողջությանը դիտավորությամբ թեթև վնաս պատճառելու փաստի առթիվ նախապատրաստված նյութերով քրեական գործ հարուցելը կրկին մերժվել է տուժողի հաշտության հիմքով: Դեպքից շատ չանցած` ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից նորից նյութեր են նախապատրաստվել, այս անգամ արդեն ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի հատկանիշներով` դիտավորությամբ տուժողի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու փաստի առթիվ, սակայն Վաղինակ Ո.-ի բախտն այս անգամ էլ բերել է, և որոշում է կայացվել տուժողի բողոքի բացակայության հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին:
2012 թ. դեկտեմբերի 20-ին ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից նյութեր են նախապատրաստվել ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի հատկանիշներով` տուժողի առողջությանը դիտավորությամբ թեթև մարմնական վնասվածք պատճառելու փաստի առթիվ, և նորից որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին տուժողի բողոքի բացակայության հիմքով:
Նշված բոլոր որոշումները պահանջվել են հետաքննական մարմնից և կցվել քրեական գործի նյութերին:

Տուժողի մասին
Սույն գործով տուժող Սիրանուշ Գ.-ն ամբաստանյալից՝ Վաղինակ Ո.-ից մեծ է 11 տարով:
Տուժողը և ամբաստանյալը գտնվել են ինտիմ կապի մեջ և 2012 թ. հոկտեմբեր ամսից մինչև 2013-ի հունիսը միասին են բնակվել: Տուժողի և ամբաստանյալի հարաբերությունները լարվել են, ամբաստանյալ Վաղինակ Ո.-ն, հավաքելով անձնական իրերը, հեռացել է Սիրանուշ Գ.-ի բնակարանից:
Հանցագործության դեպքը
2013 թ. հունիսի 30-ին, ժամը 02:00-ի սահմաններում Վաղինակ Ո.-ն ցանկացել է հանդիպել Սիրանուշ Գ.-ին: Երիտասարդը գնացել է նրա բնակարան, որտեղ այդ պահին գտնվել է Սիրանուշ Գ.-ի վաղեմի ընկեր Ստեփան Հ.-ն: Ըստ նախաքննական մարմնի նյութերի՝ նշված բնակարանում մեկ այլ տղամարդու գտնվելու հանգամաքը զայրացրել է Վաղինակ Ո.-ին: Վերջինս ծեծի է ենթարկել Սիրանուշ Գ.-ին. ոտքով հարվածել է նրա գլխին, ձեռքերով բռնել է նրա մազերից, գցել գետնին և ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցրել մարմնի տարբեր մասերին:
Սիրանուշ Գ.-ն, սողալով կարողացել է մոտենալ մուտքի դռանը, դուրս գալ միջանցք և օգնություն կանչել:
Այդ պահին Վաղինակ Ո.-ն կրկին բռնել է տուժողի մազերից, քաշելով նրան հանել միջանցք, կծել և պոկել է տուժողի աջ ականջի մի կտորը: Դեպքի վայր եկած բնակիչների միջամտությունից հետո Վաղինակ Ո.-ն հեռացել է:
Նույն օրը՝ ժամը 04: 00-ին, հանգստանալով և գիտակցելով իր արարքը, Վաղինակ Ո.-ն կրկին վերադարձել է գործով տուժողի բնակարան` վերջինիս որպիսությունն իմանալու: Տեսնելով, որ բնակարանի դուռը փակ է, լույսը` անջատված, Սիրանուշ Գ.-ի բնակարանում գտնվելու հանգամանքը պարզելու նպատակով մոտեցել է բնակարանի պատուհանին, քարով կոտրել ապակին և հասկանալով, որ Սիրանուշ Գ.-ն տանը չէ` հեռացել է:

Քննչական գործողություններ
Սիրանուշ Գ.-ն դեպքի մասին հաղորդում է տվել ոստիկանության Էրեբունու բաժին:
ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության Էրեբունու բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և կատարվել նախաքննություն:
Նախաքննության ընթացքում որոշում է կայացվել Վաղինակ Ո.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով (խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով) որպես մեղադրյալ ներգրավելու մասին:
Ի վերջո, վարույթն իրականացնող անձանց կողմից որոշումներ են կայացվել առաջադրված մեղադրանքը փոփոխելու և Վաղինակ Ո.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (խոշտանգում՝ առանձնակի դաժանությամբ) որպես մեղադրյալ ներգրավելու մասին:
Մեղադրանք
Վաղինակ Ո.-ն մեղադրվել է այն բանում, որ նա 2013 թ. հունիսի 30-ին՝ ժամը 02: 00-ի սահմաններում, իր նախկին ընկերուհի Սիրանուշ Գ.-ի հետ խանդի հողի վրա ծագած վիճաբանության ժամանակ դիտավորությամբ հարվածել է նրա մարմնի տարբեր մասերին, վնասվածքներ պատճառել` ձախ աչքի ստորին կոպի, ձախ նախաբազկի հետին մակերեսի արյունազեղումների, բերանի ներսային մակերեսի աջ կեսի, աջ թիակային շրջանի հատվածներում, այնուհետև մազերից բռնելով և քաշելով` դուրս է հանել շենքի առաջին հարկի միջանցք, պոռթելու նպատակով մատները մտցրել է բերանը, տուժողը կծել է նրա մատը, որից հետո Վաղինակ Ո.-ն ատամներով կծել և պոկել է տուժողի աջ ականջի մի կտորը, որի արդյունքում վերջինիս պատճառել է ուժեղ ցավ, ինչպես նաև մարմնական տառապանք` երկարատև տևողությամբ, որն արտահայտվել է առանձին դաժանությամբ, և նրա գործողությունները կանխվել են միայն օգնության հասած հարևանների միջամտության արդյունքում:

Դատարանի դժգոհությունը
Ըստ դատարանի՝ նախաքննական մարմինը անտեսել է ամբաստանյալ Վաղինակ Ո.-ի առողջական վիճակը, նրա անձը բնութագրող նշված հանգամանքները, կատարած արարքի բնույթը և վարքագծի դրսևորումները, նախաքննության ընթացքում դատահոգեբուժական և դատահոգեբանական փորձաքննություններ չի նշանակել:
Նշված փաստական հանգամանքների առկայության պայմաններում դատարանն իր նախաձեռնությամբ անհրաժեշտ համարեց նշանակել ամբուլատոր դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր փորձաքննություն` գտնելով, որ դատարանին հետաքրքրող հարցերի պարզումը հնարավոր է միայն դատական հոգեբուժության և հոգեբանության բնագավառներում հատուկ մասնագիտական գիտելիքների և հետազոտության տարբեր մեթոդիկաների միաժամանակյա կիրառմամբ:
Այս առթիվ դատավարության մասնակիցները առարկություն չներկայացրին:

Հ.Գ.- Առանձին դաժանությամբ խոշտանգման այս դեպքին մենք դեռ կանդրադառնանք «Անկախի» հաջորդ համարներում: Միայն տեղեկացնենք, որ դատաքննությունը շարունակվում է:

Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ թեժ քննարկում Հանրային խորհրդում

IMG_4287Սահմանադրական փոփոխություններ: Ի՞նչ նոր խնդիրներ է իր առջև դնում Հայաստանը, որի համար անհրաժեշտություն է առաջացել փոխել Սահմանադրությունը, ինչո՞վ է պատճառաբանված կիսանախագահական համակարգից խորհրդարանական  համակարգի անցնելու առաջարկությունը, ի՞նչ առավելություններ և ի՞նչ թերություններ են սպասվում կառավարման համակարգը փոխելու դեպքում. այս և այլ հարցադրումներ էր առաջ քաշել ՀՀ Հանրային խորհուրդն այսօր իր լիագումար նիստի ժամանակ, որին մասնակցում էին նաև Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանն ու Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը:

Գագիկ Հարությունյանը բավականին մանրամասն ներկայացրեց միջազգային այն զարգացումներն ու փոփոխությունենրը, որոնք առաջ են բերել Հայաստանում սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը: Ըստ նրա` եթե Հայաստանը համընթաց չքայլի այդ զարգացումների հետ, ապա հետևանքները կարող են խիստ բացասական լինել մեր երկրի զարգացման համար: «Այսօր արդեն Հայաստանն այդ առումով փակուղային իրավիճակում է, և երկրի դինամիկ զարգացման հնարավորությունը խաթարվում է»,-նշեց ՍԴ նախագահը:

Նա նաև նկատեց, որ երկրի նախագահի հետ պայմանավորվածություն կա, որպեսզի սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի աշխատանքը լինի առանց որևէ նախապայմանի:

ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը կասկած չունի, որ այս ոլորտում բարեփոխումերի անհրաժեշտություն կա. «Ես ինքս` որպես ԱԺՄ նախագահ, միշտ կողմ եմ եղել խորհրդարանական համակարգին, բայց ես խոսում եմ Հայաստանի ներկա վիճակի մասին: Չնայած որ նախագահական ընտրությունների անցկացումը Հայաստանում երբեմն բերում է անկայուն իրավիճակի, սակայն դա այն ընտրությունն է, որի հետ ժողովուրդն ամենաշատ հույսերն է կապում` իր կյանքի դրական փոփոխության տեսանկյունից: Իսկ նոր Սահմանադրությամբ, եթե մարդկանց որևէ մի խումբ, որի անունն է կուսակցություն, կարողանա հաղթել Ազգային ժողովում, ապա նրան կպատկանի և՛ Նախագահը, և՛ Կառավարությունը, և՛ Ազգային ժողովը: Արդյոք դա վտանգավո՞ր չէ Հայաստանի ներկա պայմաններում»:

Վարդան Պողոսյանը խորհրդարանական համակարգին անցնելու պարագայում չբացառեց մեկ կուսակցության կենտրոնացումը, ինչը կարող է վնասել իշխանությունների բաժանմանն ու հավասարակշռված համակարգին. «Բայց արդյոք մենք ավելի վատ իրավիճակ չունե՞նք այժմ, երբ ունենք կիսանախագահական համակարգ` երկու ուղղակի ընտրություններով, ունենք կուսակցություն` բացարձակ մեծամասնությամբ խորհրդարանում և նախագահ, որը բացարձակ մեծամասնության ֆորմալ լիդերն է: Այս պարագայում արդյոք գերկենտրոնացումը շատ ավելի մեծ չէ՞, քան խորհրդարանական  համակարգի պարագայում»,-հարցրեց նա:

Պողոսյանի կարծիքով, խորհրդարանական համակարգի անցնելու դեպքում նախագահը քաղաքական դերակատարում չի ունենում, այլ դառնում է վերկուսակցական նախագահ, որի հիմնական գործառույթը  Սահմանադրության պահպանմանը հետևելն է:

Բանախոսը գտնում է, որ կիսանախագահական համակարգի ամենամեծ արատն այն է, որ թույլ է տալիս այնպիսի իրավիճակ, երբ 3 քաղաքական իշխանությունները գտնվում են մեկ քաղաքական ուժի ձեռքում:

Մանուկյանն էլ կարծում է, որ այսօր Հայաստանում կան քիչ թե շատ պայծառ դեմքեր, սակայն չկա քաղաքական էլիտա: «Մենք ունենք գորշ խմբեր, և դրա համար մարդիկ շատ անգամ հույսը կապում են պայծառ դեմքերի և ոչ թե գորշ խմբերի հետ: Տեսականորեն համաձայն լինելով ձեր դիտարկումների հետ` ես խոսում եմ մոտակա տասը տարիների մասին: Ապագայի տեսակետից, այո, ձեզ հետ լիովին համաձայն եմ, այդ փոփոխություններն անհրաժեշտ են»,-ասաց նա:

IMG_4282Գագիկ Հարությունյանի խոսքով` այսօր մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ Հայաստանը «էն գլխից որդեգրել է մոդելային սահմանադրության տարբերակը` Ֆրանսիայի Սահմանադրության օրինակից, սակայն վերցրել է միայն կաղապարը` բովանդակությունը թողնելով այնտեղ:

Մանուկյանը բարձրացրեց նաև ՏԻՄ-երի խնդիրը` նշելով, որ  Հայաստանի համար ֆունդամենտալ նշանակություն ունի տեղական ինքնակառավարումն ու տարածքային կառավարումը: ՀԽ անդամներն, օրինակ, առաջարկում են, որպեսզի մարզպետները լինեն ոչ թե նշանակովի, այլ ընտրվեն ժողովրդի կողմից, փոխարենը նշանակովի լինեն համայնքապետերը:

Ինչ վերաբերում է համայնքների միավորմանը, ապա ըստ ՀԽ անդամների, այստեղ նույնպես խիստ մտահոգություններ կան, քանի որ դրա հետևանքով բազմաթիվ բնակավայրեր պարզապես կարող են վերանալ, ինչպես եղել է Խորհրդային Միության ժամանակ նմանատիպ փորձի դեպքում:

Գագիկ Հարությունյանը նույնպես կարծում է, որ նոր փոփոխություններով պետք է բարձրացնել ՏԻՄ-երի մակարդակը, այլ ոչ թե գնալ մեխանիկական միացումների: «Եթե խոշորացում, ապա միայն հասարակական պահանջի դեպքում: Դա ժողովրդավարական ինստիտուտ է, և մենք ցանկանում ենք այդ սկզբունքը պահպանելով հանդերձ`փորձել լուծել որոշակի խնդիրներ` կապված նոր զարգացումների հետ»,-ասաց նա:

ՀԽ անդամ, փաստաբան Արմեն Տեր-Տաճատյանը բարձրաձայնեց դատական համակարգում տիրող վատ վիճակի մասին` նշելով, որ պետք է ուժեղացնել Առաջին ատյանի դատարանը, իսկ Վերաքննիչի ու Վճռաբեկի գործառույթները միավորել:

Գագիկ Հարությունյանն ընդունեց, որ Առաջին ատյանի դատարանում կան լրջագույն խնդիրներ և մեծ խառնաշփոթ, և որ այդ առումով պետք է համակարգային փոփոխություններ իրականացվեն:

ՀԽ անդամ Արշակ Սադոյանի կարծիքով` պետք է ստեղծել կոլեկտիվ ստեղծագործության ծրագրային պետություն, որին հավանություն կտա ժողովուրդը, իսկ ծրագրերը չկատարելու դեպքում գործի պատասխանատվության ենթարկելու մեխանիզմը:

Կարինե Դանիելյանն էլ առաջ քաշեց էկոլոգիական իրավունքի հարցերը` նշելով, որ հավասարակշռված կայուն զարգացման գաղափարը պետք է ամրագրվի Սահմանադրության մեջ, հակառակ դեպքում հետևանքները կարող են չափազանց վատ լինել:

Հանրային խորհդրի կողմից բարձրացված հարցերի մեկն էլ վերաբերում էր Հանրային խորհրդի գոյությունը Սահմանադրության մեջ ամրագրելու անհրաժեշտությանը, քանի որ դա համահունչ է ժամանակակից աշխարհում առկա գործընթացներին, երբ հասարակության ակտիվությունը քաղաքական դաշտից տեղափոխվում է հանրային դաշտ: Գագիկ Հարությունյանն ու Վարդան Պողոսյանն այդ գաղափարը համարեցին խիստ դրական և կարևոր Հայաստանում ժողովրդավարության զարգացման տեսանկյունից:

Գագիկ Հարությունյանն, ամփոփելով իր միտքը, նշեց, որ իր համար երկրորդական նշանակություն ունի, թե Հայաստանում կառավարման որ ձևը կգործի, քանի որ դա ընդամենը մեխանիզմ է, այլ ոչ նպատակ. «Նպատակը պետք է լինի իրավական, սոցիալական և ժողովրդավար պետության կայացումը, որը կենսական նշանակություն ունի Հայաստանի զարգացման համար»:

Ըստ ՍԴ նախագահի` այսօր աշխարհում տեղի են ունենում այնպիսի զարգացումներ, որոնք կարող են խիստ բացասական հետևանքներ ունենալ Հայաստանի համար: «Ընդհանրապես այսօր աշխարհում գոյություն ունի սահմանադրական դեֆիցիտ»,-նկատեց նա,-ուստի պետք է ամրացնել պետության իմունային համակարգը, որպեսզի կարևողանանք դիմակայել այդ մարտահրավերներին:

Վազգեն Մանուկյանը, ամփոփելով քննարկումը, նշեց, որ սահմանադրական այս փոփոխությունների վերաբերյալ քննարկումներն էապես տարբերվում են նախորդներից, քանի որ այս դեպքում չկա պատվեր կամ անձնական շահագրգռվածություն. «Ես չեմ տեսնում որևէ պատվեր վերևից, և դա հնարավորություն է տալիս կազմակերպելու պրոֆեսիոնալ, գիտական մոտեցումներով հագեցած անկեղծ քննարկումներ»,-ասաց նա` հույս հայտնելով, որ Հանրային խորհրդի ներկայացրած առաջարկություններն ու դիտարկումները հաշվի կառնվեն սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հետագա քննարկումներում:
Անկախ

Ի՞նչ է նշանակում դատավորի անփոփոխելիության սկզբունք

դատավորՀՀ դատական օրենսգրքի 2-րդ գլուխը նվիրված է դատական իշխանության գործունեության սկզբունքններին, որոնցից մեկը վերաբերում է դատավորի անփոփոխելիությանը: Ըստ այդ հոդվածի` դատավորն անփոփոխելի է և պաշտոնավարում է մինչև իր 65 տարին լրանալը: Դատավորի լիազորությունները, որի պաշտոնավարման տարիքը լրացել է, դադարում են իր 65 տարին լրանալու հաջորդ օրը:

Դատավորի անփոփոխելիությունը վերաբերում է ոչ միայն տարիքին, այլև նրա գործունեության այլ կողմին: Այն դեպքում, երբ տվյալ դատարանում գործը չի կարող քննվել դատարանում դատավորների թվի օբյեկտիվորեն առաջացած անբավարարության հետևանքով, Դատարանների նախագահների խորհրդի որոշմամբ դատավորը կարող է մինչև 6 ամիս ժամկետով գործուղվել նույն ատյանի դատարան: Նշված ժամկետը կարող է երկարաձգվել միայն մինչև դատավորի վարույթում գտնվող գործի քննության ավարտը: Նույն դատավորը չի կարող կրկին գործուղվել նախորդ գործուղման ավարտից հետո` մեկ տարվա ընթացքում:
Այն դեպքում, երբ տվյալ դատարանում գործը չի կարող քննվել դատարանում դատավորների թվի օբյեկտիվորեն առաջացած անբավարարության հետևանքով, Դատարանների նախագահների խորհրդի որոշմամբ ՀՀ դատական օրենսգրքի 14 հոդվածի 7-րդ մասով նախատեսված նույն ատյանի դատավորը կարող է գործուղվել այդ դատարան:
Դատարանում դատավորների թվի կրճատման դեպքում տվյալ դատարանում իրենց պաշտոնավարումը շարունակելու նախապատվությունը նախ տրվում է դատարանի նախագահին և այնուհետև տարիքով ավագ դատավորներին: Կրճատված դատավորների լիազորությունները չեն դադարեցվում, և նրանք շարունակում են իրենց պաշտոնավարումը, եթե ՀՀ դատական օրենսգրքով այլ բան նախատեսված չէ: Այդ դատավորների կարգավիճակը, այդ թվում` աշխատավարձ և հավելավճարներ ստանալու իրավունքը, ծառայողական առաջխաղացման ցուցակում ընդգրկվելու կամ ընդգրկված մնալու իրավունքը պահպանվում են մինչև Սահմանադրությամբ սահմանված` դատավորի պաշտոնավարման տարիքը լրանալը, եթե սույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ:
Եթե օրենքով նախատեսվում է դատարանի կամ վճռաբեկ դատարանի պալատի վերացում, ապա համապատասխան դատավորները համարվում են ռեզերվային, իսկ նրանց կարգավիճակը, այդ թվում` աշխատավարձը և հավելավճարներ ստանալու իրավունքը, ծառայողական առաջխաղացման ցուցակում ընդգրկվելու կամ ընդգրկված մնալու իրավունքը պահպանվում են մինչև Սահմանադրությամբ սահմանված` դատավորի պաշտոնավարման տարիքը լրանալը, եթե սույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ:
ՀՀ դատական օրենսգրքի 14 հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով նախատեսված դեպքերում օրենսգրքով սահմանված կարգով դատավորին ստորադաս դատարանի դատավորի պաշտոնում նշանակվելու դեպքում նրա նախկին պաշտոնում ստացած աշխատավարձը, այդ թվում` հավելավճարները (բացի դատարանի նախագահի պաշտոնի համար տրվող հավելավճարներից), պահպանվում են, իսկ դատավորների աշխատավարձերի ավելացման դեպքում այդ աշխատավարձը համամասնորեն աճում է:
Պատրաստեց Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

Որո՞նք են մաքսային մարմինների հիմնական խնդիրները

մաքսայինԻնչպես ցանկացած պետական մարմին, այնպես էլ մաքսային մարմիններն ունեն իրենց խնդիրները, որոնց լուծումից է կախված տվյալ մարմնի կատարած աշխատանքի արդյունավետությունը: ՀՀ մաքսային օրենսգրքով (ընդունվել է 2000թ. հուլիսի 6-ին¤ սահմանված են մաքսային մարմինների հիմնական խնդիրները, որոնք են`

ա) Հայաստանի Հանրապետության տնտեսական ինքնիշխանության, տնտեսական անվտանգության, տնտեսական շահերի և ներքին շուկայի պաշտպանվածության ապահովումը,
բ) մաքսային օրենսդրության դրույթների կիրառման ապահովումը և մաքսային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացումը, մաքսային օրենսդրության խախտումների կանխարգելումը, կանխումը, բացահայտումը, մաքսային օրենսդրությամբ սահմանված պարտավորությունների չկատարման հետևանքով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ առաջացած պարտքերի գանձման գծով աշխատանքների իրականացումը,
գ) առևտրատնտեսական հարաբերություններում մաքսային կարգավորման մաքսային օրենսդրությամբ սահմանված միջոցների կիրառումը, Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխման ժամանակ Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված ոչ սակագնային կարգավորման միջոցների կիրառումը, մաքսային վճարների գանձումը և փոխանցումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե,
դ) մաքսային հսկողության ու մաքսային ձևակերպումների իրականացումը և Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքաշրջանառության և ուղևորաշրջանառության խթանմանը նպաստող պայմանների ստեղծումը,
ե) մաքսանենգության, ինչպես նաև մաքսային սահմանով ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխմանը վերաբերող մասով Հայաստանի Հանրապետության օրենսդրության այլ խախտումների դեմ պայքարը, թմրամիջոցների, զենքի, մշակութային, պատմական և հնագիտական նշանակություն ունեցող առարկաների, մտավոր սեփականության օբյեկտների, ոչնչացման վտանգի տակ գտնվող կենդանատեսակների և բուսատեսակների, դրանց մասերի և այլ ապրանքների` Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապօրինի տեղափոխման կանխարգելումը, ինչպես նաև միջազգային ահաբեկչության դեմ պայքարին աջակցումը,
զ) Հայաստանի Հանրապետության արտաքին տնտեսական կապերի զարգացմանն աջակցումը,
է) սպառողների շահերի պաշտպանության նպատակով ներմուծվող ապրանքների որակի ապահովմանը նպատակաուղղված միջոցառումներին աջակցումը,
ը) մաքսային գործին վերաբերող հարցերում միջազգային պայմանագրերով նախատեսված Հայաստանի Հանրապետության պարտավորությունների կատարումը և իրավունքների իրացումը, համագործակցությունն օտարերկրյա պետությունների մաքսային և իրավասու այլ մարմինների, մաքսային գործին վերաբերող հարցերով զբաղվող միջազգային կազմակերպությունների հետ,
թ) Հայաստանի Հանրապետության մաքսային վիճակագրության վարումը,
ժ) մաքսային գործի վերլուծումը, հետազոտումը և մաքսային գործի բնագավառում խորհրդատվական աշխատանքների կատարումը:
Պատրաստեց Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

Փաստաբանները ՀՀ ՍԴ նախագահի և գլխավոր դատախազի հետ քննարկել են սահմանադրական բարեփոխումների հարցը

քննարկումՀՀ փաստաբանների պալատում Սահմանադրական դատարանի նախագահ, ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանի և ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի մասնակցությամբ փաստաբաններն այսօր քննարկել են Հայաստանում իրականացվող սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը:

Գագիկ Հարությունյանը փաստաբաններին ներկայացրել է սահմանադրական բարեփոխումների իրականացման անհրաժեշտությունը: Նրա խոսքով՝ բարեփոխումների խնդիրը քննելիս առաջ են գալիս հարցեր, որոնք սահմանադրաիրավական լուծումներ են պահանջում: Հանձնաժողովի նախագահը նշել է, որ սահմանադրական զարգացումները Հայաստանում փակուղային իրավիճակում են, քանի որ հիմնական խողովակները, որոնցով մյուս երկրներում զարգանում է սահմանադրությունը, փակված են: «Այդ պարագայում սահմանադրության զարգացում երաշխավորելը մնում է սահմանադրական փոփոխություններով կամ նոր սահամանադրությամբ: Սահմանադրական զարգացումը պետք չէ դիտարկել իրավիճակային և քաղաքական երևույթ, այն հասարակությունների զարգացման խթանիչը պետք է համարել»,-հավելել է Գագիկ Հարությունյանը: ՍԴ նախագահի խոսքով՝ երկրորդ կարևոր խնդիրը մարդու իրավունքների գերակայության երաշխավորման հարցն է, որին ըստ նրա, փաստաբաններն ամեն օր առնչվում են:

«Միջազգային չափորոշիչները փոխվել են, բայց մեր իրականությունը դրան համահունչ չէ: Իրավունքների երաշխավորման, ապահովման, պաշտպանության սահմանադրաիրավական հիմքեր են անհրաժեշտ»,-ասել է  Գագիկ Հարությունը: Նա անդրադարձել է նաև սահմանադրական լուծումներում իշխանությունների բաժանման և հավասարակշռման հարցին, ինչպես նաև դատական իշխանությանն առնչվող հայեցակարգային հիմնական մոտեցումներին: Հանձնաժողովի նախագահը տեղեկացրել է, որ սահմանադրական բարեփոխումների նախնական հայեցակարգի շուրջ հանրային քննարկումները շարունակվում են արդեն մասնագիտական լսարաններում: Նրա խոսքով՝ հանրային քննարկումներ են  լինելու նաև մարզերում՝ հետագայում քննարկումների ժամանակ հնչած կարծիքներն ու առաջարկությունները հաշվի առնելու նպատակով:

ՀՀ արդարադատության նախարարության

տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Հայտնի է, թե ով կքննի Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած զինված միջադեպի գործը. Փաստինֆո

Սուրիկ ԽաչատրյանՍյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ 2013թ. հունիսի 1-ին զինված միջադեպի գործը մակագրվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանին: Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն
Ըստ մեղադրանքի՝ Արտակ Բուդաղյանը, իր եղբայր Ավետիք Բուդաղյանից տեղեկանալով, որ 01.06.2013 թ. ժամը 22:00-ի սահմաններում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայում նրան ծեծի են ենթարկել, նպատակ ունենալով վախեցնել Սուրիկ Խաչատրյանին և նրա ընտանիքի անդամներին, նրանց մոտ առաջացնել տագնապի, սեփական անվտանգության համար անհանգստության զգացում, նույն օրը՝ ժամը 23:00-ի սահմաններում, ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենայով գնացել է Գորիս քաղաքի Դավիթ-Բեկ փողոցում գտնվող Սուրիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան մոտ, իր հետ նախապես վերցված, իր անվամբ գրանցված որսորդական հրացանը ձեռքին իջնելով ավտոմեքենայից, սպանության սպառնալիքներ է տվել Սուրեն Խաչատրյանի և նրա հարազատների հասցեին:

Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուր կայքում.

Էդմոն Մարուքյան. Դատարանը հիմնականում որոշ փաստաբանների համար դարձել է ներպետական ատյանը սպառելու հերթական միջոց . Փաստինֆո

էդմոն մարուքյանՎերջերս հանրության դատին է հանձնվել ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից մշակված սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը, որում կան նաև դատական համակարգին վրաբերող դրույթներ:

Դրանց վերաբերյալ «Փաստինֆո»-ի թղթակիցը զրուցեց Ազգային ժողովի անկախ պատգամավոր, ՀՀ փաստաբանների պալատի նախկին անդամ Էդմոն Մարուքյանը հետ:

– Ինչո՞վ էր վատ եռաստիճան դատական համակարգը և ինչքանո՞վ արդարացված կլինի վերադարձը երկաստիճան համակարգին: 

-Ճիշտն ասած՝ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը ամբողջությամբ չի բացահայտում, թե ի՞նչ համակարգ է առաջարկվում: Ուղղակի տարբերակներ են քննարկվում: Եվ ինձ համար անհայտ է մնում, թե երկաստիճան համակարգ ասելով մենք ի՞նչ ենք հասկանում: Եթե խոսքն ուղղակի վճռաբեկ դատարանը վերացնելու մասին է, ես կարծում եմ, որ ավելի լուրջ հիմնավորումներ պետք է բերվեն:

Այս փուլում ես հասկանում եմ, որ այսօրվա եղած եռաստիճան դատական համակարգն իրեն չի արդարացնում, և մենք ունենք կրկնություններ: Հայաստանի Հանրապետությունը, լինելով ոչ հարուստ երկիր, չի կարող իրեն թույլ տալ պետության վրա շատ թանկ նստող արդարադատության համակարգում ունենալ կրկնություններ: Ի՞նչ է սա նշանակում: Օրինակ, երբ գործը քննում է վերաքննիչ դատարանը, սակայն այն քննում է վճռաբեկության կանոններով, որից հետո դու նորից իրավունք ունես վճռաբեկ բողոք բերելու, և հնարավոր է, որ նույն գործը նորից քննության առարկա դառնա հիմա էլ վճռաբեկ դատարանում՝ այն դեպքում, երբ վերաքննիչ դատարանն արդեն իսկ գործը քննել է վճռաբեկության կանոններով: Նմանատիպ օրինակները շատ են: Ըստ էության, ես առաջին հերթին ավելի շատ խնդիր տեսնում եմ վերաքննիչ դատարանում:

Հիմնական արդարադատությունն իրականացվում է, բնականաբար, առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում: Դրանից հետո մենք ունենք վերաքննիչ դատարան: Եթե ես հետ գնամ իմ երկու տարի առաջվա պրակտիկային, քրեական գործերով չեմ հիշում ռեալ քննություններ: Վերաքննիչ դատարանում դրանք հիմնականում ձևական բնույթ էին կրում: Ավելին՝ չի եղել դեպք, երբ ես չբողոքարկեմ կալանքների հետ կապված որոշումները, և չունեմ մի դեպք, որ վերաքննիչ դատարանը որևէ կերպ ըստ էության դրան անդրադառնա և առաջին ատյանի որոշումը վերանայի իր որոշումով: Այսինքն՝ եղել են «copy/paste» որոշումներ, այն է՝ խափանման միջոցը կալանք կիրառելու երկամսյա այդ որոշումները միշտ թողնվել են նույնը:

Հիմա այս մակարդակում պահել մի ամբողջ դատական համակարգ ու ասել, որ մենք ունենք եռաստիճան դատական համակարգ, բնականաբար, ճիշտ չէ: Մենք չենք կարող ասել, որ մեր քաղաքացիների վճարած հարկերն այս մասով ճիշտ են ծախսվում: Այդ իսկ պատճառով կարծում եմ, որ, այո՛, պետք է վերանայվի այս համակարգը, բայց թե ի՞նչ ձևով, քննարկման ենթակա հարցեր են՝ պետք է  կրճատվեն ատյաննները եռաստիճանից երկաստիճանի, թե՞ եռաստիճանը պահպանել, բայց հստակեցնել նրանց գործառույթները, լիազորությունների շրջանակը:

Մյուս խնդիրը վերաբերում է այն երկար քննարկվող վեճին, որ վճռաբեկ դատարանը փաստերի՞ դատարան է, թե՞ իրավունքի, վերաքննիչ դատարանը փաստերի և իրավունքի՞ դատարան է, թե՞ ..: Այս հարցերը պետք է հստակեցվեն: Տարբեր մոտեցումներ կան:

Առաջին մոտեցումը հետևյալն է.  վճռաբեկ դատարանը չպետք է ընդունի շատ գործեր և նրա կայացրած որոշումները պետք է լինեն այնպիսի որոշումներ, որ երկրի ամբողջ իրավաբանական համայնքը դրանց ծանոթ լինի: Հիմա վճռաբեկ դատարանը տարեկան այնքան շատ որոշումներ է կայացնում, որ ասել, թե բոլորը կարդում են այդ որոշումները, բնականաբար, սխալ կլինի: Այսինքն՝ մենք իրավունքի դատարան  ունենալու տեսլականը, թե նա ամեն գործ չպետք է վերցնի ու քննի, այդպես էլ կյանքի չկոչեցինք:

Նաև խնդիր է, որ վճռաբեկ դատարանի հետ կապված տարբեր պատկերացումներ կան: Որոշ շրջանակներ պատկերացնում են, որ վճռաբեկ դատարանը պետք է իրականացնի Միացյալ Նահանգների Գերագույն դատարանի ֆունկցիան: Մինչդեռ՝ Հայաստանի Հանրապետությունում մենք ունենք առանձին Սահմանադրական դատարան, իսկ ԱՄՆ-ում Գերագույն դատարանը և՛ ամենաբարձր դատական ատյանն է, և՛ սահմանադրական արդարադատություն է իրականացնում: Այստեղ բերել և փորձը կիրառել, նույնականացնել, չի ստացվի և չստացվեց:

Այս առումով մենք ունենք լուրջ խնդիրներ: Վերաքննիչ դատարանը պետք է պահպաներ այն մակարդակում իր դիրքը, որ լիներ փաստերի դատարան, այսինքն՝ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քննարկված փաստերը նորից կարող էին վերանայվել և քննարկվել վերաքննիչ  դատարանում, իսկ վճռաբեկ դատարանը իրավունքի դատարանի իր առաքելությունն իրականացներ, օրենքի միատեսակ կիրառությունն ապահովվեր: Բայց հիմա մենք ունենք մի իրավիճակ, երբ ամեն ինչ խառնված է:

Իմ դժգոհությունն առաջին հերթին վերաքննիչ դատարանից է, որովհետև բազմաթիվ գործերով, բազմաթիվ դեպքերով  ես հասկացել եմ, որ դատական համակարգի մի հատվածը ինչ-որ անիմաստ թղթաբանություն է, որտեղ արդարադատություն չի իրականացվում: Հատուկենտ գործեր ես գիտեմ, որ վերաքննիչ դատարանում վերանայվել են: Ո՞րն է այդ դատարանի միսսիան:

Եթե նայենք սպառման առումով, հիմնականում որոշ փաստաբանների համար դա դարձել է ներպետական ատյանը սպառելու հերթական միջոց՝ սպառել ատյանները. առաջին ատյանից հետո անպայման գնալ վերաքննիչ, հետո գործը պարտադիր բերել վճռաբեկ, որ մերժվեն բոլոր որոշումներով, որովհետև որևէ մեկը որևէ բան չի էլ ակնկալում, և գործը հասցնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան և ասել, որ ես սպառել եմ ներպետական իրավական պաշտպանության բոլոր միջոցները:

Սրանք խնդիրներ են, որոնք նաև, կարծում եմ, թե ուղղակի, թե անուղղակի տողատակերով արծարծվել են այս հայեցակարգում: Բայց, թե ինչ լուծումներ կտան, դա քննարկման առարկա է: Ամեն իրավաբան իր տեսլականն ունի, թե ինչպիսին պետք է լինի դատական համակարգը:

 – Հայեցակարգում տեղական դատարանների մասին միտք է առաջ քաշվում:  Դրանք հատուկ, մասնագիտացված գործառույթներով  պետք է օժտված լինեն մինչդատական վարույթում դատական հսկողությունն ապահովելու համար: Նպատակը առաջին ատյանի դատարանները բեռնաթափելն է:  Դուք դրան ինչպե՞ս եք վերաբերվում:

– Ըստ էության, խնդիր չեմ տեսնում: Հնարավոր է նման բան կազմակերպել՝ և բավականին արդյունավետ ձևով: Գաղափարը բավականին երկար ժամանակ քննարկվում է: Նորույթ չի ինձ համար: Խոսքը մինչդատական վարույթի հետ կապված բազմաթիվ հարցերի մասին է, երբ դատարանը հսկողություն է իրականացնում: Այս մասով գոնե կարելի է առանձնացնել և այդ գործառույթը, տալ, պայմանական ասված, տեղական դատարանին: Ասենք անձի նամակագրության, անձնական հեռախոսազրույցների գաղտնիության իրավունքի հետ կապված բազմաթիվ միջնորդություններ են լինում, և դատարանը պետք է քննարկի, որոշումներ կայացնի: Մյուսը՝ խափանման միջոցների, խուզարկությունների հետ կապված:

Այսինքն՝ մի ամբողջ ոլորտ, որ կարելի է կարգավորել տեղական դատարանների միջոցով և այս բեռը վերցնել ընդհանուր իրավասության դատարանների վրայից: Թողնել, որ ընդհանուր իրավասության դատարանը զբաղվի ընդհանուր արդարադատությամբ՝ ըստ էության գործերը քննելով, իսկ մինչդատական վարույթի վերահսկողությունը հանձնել տեղական դատարաններին:

Իմ պատկերացմամբ, այդ տեղական դատարաններն առանձնացված են լինելու առաջին ատյանի դատարանների մեջ:

Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Բռնություն գործադրելով զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

հքծՔաղաքացի Արամ Մ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնում նախապատրաստված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ըստ քաղաքացի Արամ Մ.-ի հաղորդման` 2014թ. մայիսի 10-ին` ժամը 00:30-ի սահմաններում, Երևանի «Եռաբլուր» պանթեոնի մերձակայքում ոստիկանության երկու ծառայողներ իրեն քաշելով նստեցրել են ոստիկանության պարեկային ծառայության ավտոմեքենան, որտեղ նրանցից մեկը բռունցքով հարվածներ է հասցրել իր մարմնի տարբեր մասերին:
ՀՔԾ մամուլի ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ կատարվում է նախաքննություն:

Կալանավորվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության հետաքննության բաժնի նախկին պետը

հքծՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության հետաքննության բաժնի նախկին պետ Կամիսար Պողոսյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, Արսեն Պ.-ի օգտին գործողություն կատարելուն նպաստելու՝ նրան ՀՀ ‹‹Ճանապարհային ոստիկանություն›› ծառայության տեսուչի պաշտոնին նշանակելու հարցում միջնորդելու, աջակցելու համար վերջինիցս պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերով` 7000 ԱՄՆ դոլար կաշառք:
Հիշեցնենք, որ քաղաքացի Արսեն Պ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:
Կամիսար Պողոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Կամիսար Պողոսյանի բնակարանում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել են «AK» տեսակի ինքնաձիգի 20 հատ փամփուշտ` 1 պահունակով, նույն ինքնաձիգի 13 հատ պարկուճ, կարաբինի 2 հատ պարկուճ, 2 հատ կաստետ և իտալական արտադրության 1 հատ գազային ատրճանակ: Նշված իրերն ուղարկվել են դատաձգաբանական փորձաքննության:
Նախաքննական մարմինը կասկածներ ունի, որ Կամիսար Պողոսյանի գործողություններից հնարավոր է տուժած լինեն նաև այլ քաղաքացիներ, ովքեր կարող են դիմել ՀՀ հատուկ քննչական ծառայություն կամ զանգահարել 010 511-601 և 010 511-609 հեռախոսահամարներով:
ՀՔԾ մամուլի ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ նախաքննությունը շարունակվում է:

Նախաքննական տվյալների հրապարակումը քրեորեն պատժելի է

դատախազությունՀՀ գլխավոր դատախազությունը, կարևորելով քրեական գործերի քննության ընթացքում կողմերի իրավունքների պաշտպանությունը և օրինականության նկատմամբ հսկողությունը, հիշեցնում է, որ այդ իրավունքների լիարժեք ապահովման կարևոր նախապայման է նախնական քննության տվյալների գաղտնիության ապահովումը:

    Նախաքննական գաղտնիք հանդիսացող տվյալների հրապարակումը կարող է վնասել կողմերի օրինական շահերին ու իրավունքներին, խոչընդոտել քրեական գործի քննությանը, հանցագործության բացահայտմանը:
   ՀՀ գլխավոր դատախազությունը հիշեցնում է. հանգամանքների բերումով նախնական քննության տվյալների տիրապետող սուբյեկտների համար առանց դատախազի, քննիչի կամ հետաքննություն կատարող անձի թույլտվության, վերոնշյալ տվյալների հրապարակումը առաջացնում է քրեական պատասխանատվություն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածով:
 Նախաքննության կամ հետաքննության տվյալները հրապարակելու համար պատասխանատվության անխուսափելիության սկզբունքն ապահովելու, ինչպես նաև գործի հանգամանքների լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի հետազոտման, ձեռք բերվելիք տվյալների հավաստիության վրա՝ քննությամբ ստուգման ենթակա հանգամանքների հրապարակման բացասական ազդեցությունը կանխելու նպատակով, ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ, հսկողություն իրականացնող դատախազները, զանգվածային լրատվության միջոցներում նախնական քննության ընթացքում ձեռք բերված ապացույցների կամ ստուգման ենթակա հանգամանքների վերաբերյալ հրապարակումների յուրաքանչյուր դեպքում, ձեռնարկելու են օրենքով սահմանված քրեադատավարական ներգործության միջոցներ, ապահովելու այդ տվյալների՝ լրատվության միջոցին հայտնի դառնալու աղբյուրի, հանգամանքների պարզումը և այդ կապակցությամբ անհրաժեշտ քննչական ու դատավարական գործողությունների իրականացումը: Մեղավորները կպատժվեն օրենքով սահմանված կարգով:

Ինչպիսի՞ն է բնաիրային օգնության տրամադրման կարգը

մթերքԲնաիրային օգնությունը տրամադրվում է «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքով, ինչպես նաև ՀՀ կառավարության 2006թ. հունիսի 22-ի թիվ 958-Ն որոշմամբ սահմանված կարգով, որով սահմանվում են սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների միջոցով միջազգային, օտարերկրյա կազմակերպությունների, ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից որպես մարդասիրական օգնություն հատկացված բնաիրային օգնության տրամադրման հետ կապված հարաբերությունները:

Որպես մարդասիրական օգնություն հատկացված բնաիրային օգնությունը տրամադրվում է նպատակային և հասցեական` կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց կամ ընտանիքներին` նրանց հիմնական պահանջմունքների բավարարման համար: Բնաիրային օգնությունը տրամադրվում է սննդի, հագուստի, հիգիենայի միջոցների, երեխաների խնամքի պարագաների և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների ձևով:
Գործակալությունը բնաիրային օգնության տրամադրման ժամանակ համագործակցում է պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունների հետ: Յուրաքանչյուր բնաիրային օգնության տրամադրման համար հաստատվում է բնաիրային օգնության ծրագիր` գործընթացը սկսվելուց առնվազն մեկ ամիս առաջ:
Բնաիրային օգնության ծրագիրը պետք է պարունակի առնվազն հետևյալ տեղեկությունները`
ա) ծրագրի անվանումը և նպատակները,
բ) բնաիրային օգնություն հատկացրած կազմակերպության անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը (համաձայնությամբ),
գ) ծրագրի իրականացման մյուս մասնակից և պատասխանատու կազմակերպությունների անվանումները,
դ) ծրագրի իրականացման վայրը (մարզ, համայնք, բնակավայր),
ե) մեկ բաժին օգնության նկարագիրը (տեսականի, չափի միավոր, մեկ չափաբաժնի պարունակություն),
զ) բնաիրային օգնության ծրագրի ընդհանուր ծավալը (չափաբաժինների թիվը),
է) հաճախորդների թիվը և տրամադրման հիմքը,
ը) ծրագրի ժամկետները` սկիզբը և ավարտը:
Ծրագրի հաճախորդների հիմնական ցուցակով բաշխման աշխատանքների ավարտից հետո գործակալությունը 5 աշխատանքային օրվա ընթացքում իրավասու մարմնին է ներկայացնում ծրագրի իրականացման մասին ամփոփ հաշվետվություն, որը պարունակում է տեղեկատվություն բնաիրային օգնության` ստացված, բաշխված և չբաշխված քանակների մասին, ինչպես նաև բնաիրային օգնությունը չստացած հաճախորդների ցանկը:
Ծրագրի ավարտից հետո չբաշխված բնաիրային օգնության տրամադրման համար հաճախորդների ցանկը կազմվում է սոցիալական աջակցության խորհրդի առաջարկությամբ` գործակալության պետի կողմից` 5 աշխատանքային օրվա ընթացքում:
Գործակալությունը, ծրագրի իրականացման մյուս մասնակից կազմակերպությունները բնաիրային օգնության ծրագրի իրականացումից առնվազն 10 օր առաջ զանգվածային լրատվության միջոցներով իրազեկում են բնակչությանը` նշելով ծրագրի իրականացման ժամկետները, դիմելու կարգը և հաճախորդների շրջանակը:
Պա տրաստեց Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

Ովքե՞ր են համարվում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձինք

կրթություն«Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» ՀՀ օրենքի համաձայն` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող է համարվում այն անձը, որի ֆիզիկական և (կամ) մտավոր, հոգեկան զարգացման առանձնահատկությունները խոչընդոտում են կրթական ծրագրերի յուրացմանը՝ առանց կրթության առանձնահատուկ պայմանների: Հաշվի առնելով այս հանգամանքը` պետությունն անհրաժեշտ պայմաններ է ստեղծում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող քաղաքացիների զարգացման առանձնահատկություններին համապատասխան կրթություն ստանալու և սոցիալական հարմարվածությունն ապահովելու նպատակով։

Հատուկ կրթական հաստատություններում և ներառական կրթություն իրականացնող ուսումնական հաստատություններում պետական աջակցությունից օգտվում են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող հետևյալ երեխաները`
ա) խոսքի ծանր խանգարումներ, հնչյունահնչույթային և խոսքի ընդհանուր թերզարգացում ունեցող երեխաները,
բ) լսողության խանգարում` չլսող (խուլ), թույլ լսող և լսողության կորուստ ունեցող երեխաները,
գ) տեսողության խանգարում` կույր, թույլ տեսնող, ուշ կուրացած, շլություն ունեցող երեխաները,
դ) մտավոր հետամնացություն ունեցող երեխաները,
ե) հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաները,
զ) հոգեբանական զարգացման խնդիրներ՝ ուսումնական ունակությունների զարգացման յուրահատուկ խանգարումներ ունեցող երեխաները,
է) վարքային և հուզակամային ոլորտի խանգարումներ ունեցող երեխաները:
Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության իրավունքն ապահովելու նպատակով ուսումնական հաստատություններում կարող են առանձնացվել հատուկ կրթության կառուցվածքային ստորաբաժանումներ, բացառապես կրթության պետական կառավարման լիազոր մարմնի որոշմամբ:
Պետությունը բյուջետային նպատակային ֆինանսավորման միջոցով ապահովում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող քաղաքացիների համար կրթության պայմանների ստեղծումը, պահպանումը և զարգացումը, որի ծավալները որոշվում են կրթության զարգացման պետական ծրագրերին համապատասխան։
Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով իրականացվում են առանձին մարզական պարապմունքներ։
Պատրաստեց Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

հքծՇիրակի մարզի դատախազության դատախազի զեկուցագրի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրասված նյութերով` ՀՀ քրեկան օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ըստ դատախազի զեկուցագրի` հետաքննության օրինականության նկատմամբ հսկողության իր գործառույթներն իրականացնելիս` ՀՀ ոստիկանության Անիի բաժնում կատարած ստուգումների արդյունքում պարզել է, որ նշված բաժնում 2013թ. սեպտեմբերից հրամանագրված ՊՊԾ ջոկի ոստիկան Վ. Ս.-ն աշխատանքի ներկայացել է ընդամենը երեք-չորս օր, իսկ ծառայություն չներկայացած օրերին աշխատել է վերոնշյալ բաժնի պետին պատկանող հացի արտադրամասում` որպես մենեջեր:
ՀՔԾ մամուլի ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ կատարվում է նախաքննություն:

Որո՞նք են ծխախոտային արտադրատեսակների իրացման սահմանափակումները

սիգարետ1Ծխախոտագործությունը կամ ծխախոտն այն հակասական երևույթներից է, որը մի կողմից իրենից նեկայացնում է որպես գործարարության ճյուղ` ապահովելով աշխատատեղերով, իսկ մյուս կողմից դրա օգտագործումն անկանխատեսելի բացասական հետևանքներ է առաջացնում քաղաքացիների մոտ: Այս առումով հատկապես խոցելի են անչափահասները, որոնց կողմից ծխախոտ իրացնելու արգելքը սահմանված է օրենքով:

Այսպես, «Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին» ՀՀ օրենքով ծխախոտային արտադրատեսակների վաճառքն արգելվում է`
1) 18 տարին չլրացած անձանց,
2) 18 տարին չլրացած անձանց կողմից,
3) բաց տուփերով կամ հատով,
4) առանց վաճառողի անմիջական մասնակցության (իրացումը վաճառքի ավտոմատ համակարգի, էլեկտրոնային կամ մեխանիկական այլ սարքավորումների միջոցով), բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված վայրերի, որտեղ անչափահասների մուտքն արգելվում է,
5) առողջապահական, կրթական, մանկական, դաստիարակչական հաստատություններում, մարզական դահլիճներում, համալիրներում, մարզադաշտերում և առողջարաններում,
6) առանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ակցիզային դրոշմանիշի,
7) եթե ծխախոտի արտադրանքի տուփի վրա չի նշված քանակը (համապատասխանաբար՝ հատերով կամ գրամներով),
8) եթե տուփի վրա փակցված չէ ծխախոտում թունավոր բաղադրիչների պարունակության ծավալը (նիկոտին, խեժ), կամ դրանց պարունակությունը գերազանցում է թույլատրելի սահմանաչափը,
9) եթե տուփի վրա զետեղված չէ ծխելու վնասակարության մասին լիազորված մարմնի հաստատած նախազգուշացումը,
10) եթե ապրանքային նշանը կեղծված է, կամ ապրանքների արտադրությունը հակասում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը:
Ծխախոտի վաճառքի բոլոր կետերում` դրամարկղերի մոտ կամ դրանց հարակից տարածքներում, տեսանելի մասում պարտադիր փակցվում են հետևյալ նախազգուշացումները`
1) 18 տարին չլրացած անձանց ծխախոտ չի վաճառվում,
2) լիազորված մարմնի զգուշացումները` մարդու առողջության վրա ծխախոտի ներգործած բացասական ազդեցության վերաբերյալ:
Ծխախոտային արտադրատեսակների իրացմամբ զբաղվող բոլոր անձինք ծխախոտային արտադրատեսակների վաճառքն իրականացնելիս 18 տարեկանից ցածրի արտաքին տեսք ունեցող քաղաքացիներին պարտավոր են ծխախոտ չվաճառել։
Եթե գնորդը ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, վարորդական իրավունքի կամ զինվորական ծառայության վկայական), ապա միայն այդ դեպքում ծխախոտային արտադրատեսակի իրացմամբ զբաղվողը կարող է կատարել ծխախոտի վաճառք։
Պատրաստեց Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

Անկախ

 

Ովքե՞ր կարող են դիմել վարչական դատարան

վարչական դատարանՅուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ`

1) խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, ներառյալ, եթե`
ա. խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների և ազատությունների իրականացման համար,
բ. չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով,
2) նրա վրա ոչ իրավաչափորեն դրվել է որևէ պարտականություն,
3) նա վարչական կարգով ոչ իրավաչափորեն ենթարկվել է վարչական պատասխանատվության։
Վարչական դատարան կարող են դիմել նաև վարչական մարմինները կամ պաշտոնատար անձինք`
1) ֆիզիկական կամ իրավաբանական անձին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով, եթե օրենքով նախատեսված է, որ վարչական պատասխանատվության կարող է ենթարկել միայն դատարանը.
2) ֆիզիկական կամ իրավաբանական անձանց որոշակի իրավունքներից զրկելու կամ նրանց վրա որոշակի պարտականություններ դնելու պահանջով, եթե օրենքով դա վերապահված է դատարանին.
3) ընդդեմ մեկ այլ վարչական մարմնի` իրավասության վերաբերյալ վեճով, եթե այդ վեճը ենթակա չէ լուծման վերադասության կարգով։
Վարչական դատարան կարող են դիմել նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինները կամ պաշտոնատար անձինք` ընդդեմ վարչական մարմնի, եթե համարում են, որ այդ մարմնի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ խախտվել կամ անմիջականորեն կարող են խախտվել պետության կամ համայնքի այն իրավունքները, որոնց պաշտպանության լիազորությունը դրված է իրենց վրա, եթե այդ վեճը ենթակա չէ լուծման վերադասության կարգով։
Նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով վարչական դատարան կարող է դիմել նաև Մարդու իրավունքների պաշտպանը, ինչպես նաև Երևանի ավագանու խմբակցությունը` սույն օրենսգրքի 26-րդ գլխին համապատասխան։
Կազմեց Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

Անկախ