Բրիտանական խորհուրդը սահմանել է հատուկ մրցանակ «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի շրջանակում

Nick James«Ոսկե Ծիրան» կինոփառատոնի և Բրիտանական խորհրդի միջև ձևավորված համագործակցության 10-րդ հոբելյանական տարվա շրջանակում Բրիտանական խորհուրդը սահմանել է «Փառատոնի նոր անուն» հատուկ մրցանակը:  «Ոսկե Ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» ծրագրի շրջանակում Բրիտանական խորհրդի կողմից ընտրված ֆիլմի ռեժիսորը կմասնակցի Միացյալ Թագավորությունում անցկացվող Sheffield Doc/Fest 21-րդ փառատոնին:

Sheffield Doc/Fest-ը վավերագրական կինոարվեստի ճանաչված փառատոներից է, որ յուրաքանչյուր տարի իր շուրջն է համախմբում վավերագրական կինոյի լավագույն ներկայացուցիչներին` քննարկելու և ներկայացնելու տարվա ընթացքում ստեղծված աշխատանքները: 1994 թվականից ի վեր անցկացվող փառատոնը միայն ֆիլմերի ցուցադրման վայր չէ, այլ կրթական և համագործակցային հնարավորությունների ստեղծման միջազգային հարթակ:

Հատուկ մրցանակից զատ Բրիտանական խորհրդի աջակցությամբ Երևան է ժամանելու Միացյալ Թագավորությունում լույս տեսնող հեղինակավոր «Sight & Sound» heghinakavor կինոհանդեսի խմբագիր Նիք Ջեյմսը: Նա կինոյի, գրականության և արվեստի մասին գրել է Guardian, The Observer, The Independent, The London Review of Books և The Literary Review պարբերականներում: Նիք Ջեյմսը եղել է Սան Սեբաստիանի, Թորոնթոյի, Ստամբուլի, Սան Ֆրանցիսկոյի, Մորելիայի կինոփառատոների և Կանն-2011-ի «Քննադատների շաբաթ» ծրագրի ժյուրիի անդամ: Միացյալ Թագավորությունից ժամանած հյուրը կնախագահի կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» ծրագրի ժյուրին և կանցկացնի մի շարք հանդիպումներ:

Բրիտանական խորհուրդն ու «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի համագործակցության  տարիներին հայ ռեժիսորների ֆիլմերը ցուցադրվել են Բրիստոլում անցկացվող Encounters միջազգային կինոփառատոնին, Բրիտանական խորհրդի հատուկ մրցանակակիրները մասնակցել են  Sheffield Doc/Fest փառատոնին, երևանյան էկրաններին ցուցադրվել են բրիտանական ֆիլմեր, իսկ Միացյալ Թագավորությունից ժամանած մասնագետներն անցկացրել են վարպետության դասընթացներ:

Կայացել է Սանկտ Պետերբուրգում Երևանի օրերի գալա համերգը

001 (18)Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Սանկտ Պետերբուրգի կառավարության և երևանյան պատվիրակության անդամների հետ միասին ներկա է գտնվել ՌԴ հյուսիսային մայրաքաղաքի «Օկտյաբրսկի» համերգասրահում կազմակերպված գալա համերգին:

Սանկտ Պետերբուրգում Երևանի օրերի շրջանակում կազմակերպված համերգի ընթացքում հայ և ռուս հանդիսատեսին իրենց ելույթներով ողջունել են Հայաստանի լավագույն խմբերը, դուդուկահար Ջիվան Գասպարյանը, ջազմեններ Լևոն Մալխասյանը, Վահագն Հայրապետյանը, երգչուհիներ Ինգա և Անուշ Արշակյանները, Լեյլա Սարիբեկյանն ու սիրված այլ կատարողներ:

Ներկաներին ողջունել է նաև ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Հովհաննես Չեքիջյանի ղեկավարած Հայաստանի պետական երգչախումբը:

Պարային գեղեցիկ բեմադրություններով ելույթ են ունեցել նաև «Բարեկամություն» պետական համույթի սաները:

Կազմակերպված համերգը բուռն ընդունելություն է գտել ռուս հանդիսատեսի կողմից, ինչի մասին վերջինները սիրով  արտահայտվել են համերգի ավարտից հետո:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

ՆԱՐԵԿ ԴՈՒՐՅԱՆ. «Կյանքն անարդար է, բայց, ամեն դեպքում, խաղ է»

նարեկ դուրյան«Մորաքույրը Փարիզից», «Սե լա վի», «Դոն Ժուան ավիա», «Օպերացիա Նեմեսիս» ներկայացումներով Նարեկ Դուրյանը նոր շունչ հաղորդեց երևանյան թատերական կյանքին: Ժամանակակից մտածողությամբ, դերասանական հաջող խաղով ու ռեժիսորական հետաքրքիր լուծումներով Դուրյանը երևանցիներին բերեց թատրոն:

Մեր զրույցն էլ ռեժիսոր ու դերասան Նարեկ Դուրյանի հետ տեղի ունեցավ հենց թատրոնում:

 –Պրն Դուրյան, այսօր մարդիկ թատրոն հաճախում են, չէ՞: Օրինակ՝ Ձեր ներկայացումները լեփ–լեցուն դահլիճներում են անցնում:

– Գիտեք, պետք է հասկանալ, թե հատկապես ինչ սկզբունքներով է առաջնորդվում կամ պետք է առաջնորդվի ժամանակակից թատրոնը: Մեր օրերում ոչ միայն ֆինանսական ճգնաժամ է, այլև ավելի վտանգավոր ու գուցե անբուժելի ճգնաժամ` ուղեղի ճգնաժամը: Մարդիկ հոգնել են, վազվզում են, ամեն ինչ փոխվել է: Օրինակ՝ անգամ հեռախոսով խոսելու, հեռուստացույց դիտելու ձևն է փոխվել. ժամանակին հինգ ալիք էինք դիտում, հիմա՝ 135, որոնք մորթում են թատրոնն ու կինոն: Դարը փոխվել է: Ասենք, նույն Շիրվանզադեի ստեղծագործությունները հիմա ուրիշ կերպ պետք է մատուցել: Ներկայացում բեմադրելիս միշտ մտածում եմ, որ մատչելի լինի, մարդիկ շատ չմտածեն: Ինչպե՞ս է գովազդն արվում. ես թատրոնը միշտ մարքետինգի հետ եմ համեմատում: Աֆիշի մասին ենք, չէ՞, մտածում, բա եթե այդքան կարևոր չէ, ինչո՞ւ ենք երկար մտածում. գրիր, կպցրու մի անկյունում: Մոտեցումը, ձևը պետք է փոխել: Ասեմ, որ չեմ գտնում այն դրամատուրգիան, որը ես եմ ուզում. իրավիճակ, ծիծաղ, խաղ, շարժում, դինամիկա, այդպիսի դրամատուրգիայի չեմ հանդիպում: Տվել են, կարդացել եմ մի քանի կոմեդիաներ, լավ է, ծիծաղելի է, միտք կա, պարապ կոմեդիա չէ, բայց դինամիզմ չկա:

– Գիտեմ, որ Ձեր ներկայացումների սցենարն ինքնուրույն եք գրում, ինքնուրույն էլ բեմադրում ու խաղում եք…

– Այո՛, դա այդպես է: Պարզապես պետք է հետևողական լինել կյանքում, ես երբ ինչ-որ բան եմ նկատում, որն ինձ հետաքրքրում է, բեմ եմ բարձրացնում: Պետք է ժամանակի հետ շարժվել: «Կոկա-կոլայի» նման գովազդի կարիք չունեցող հսկա ընկերությունը երկու տարին մեկ փոխում է շշի տեսքը, ինչո՞ւ, որովհետև ժամանակի հետ է քայլում, գիտի՝ մեր միտքը փոխվել է, ուրեմն նոր բան է պետք անել: Եթե այսպես ես մտածում, ներկայացումը երկար է ապրում: Իհարկե, ես միշտ որոշ շտկումներ, այսպես ասած իմպրովիզներ անում եմ, դա հնարավորություն է տալիս պահպանելու կենդանի վիճակը:

– Զարմանալի մի բան եմ նկատել: Դուք հաճախ ավելի շատ նախընտրում եք համագործակցել նոր, սկսնակ դերասանների հետ, քան, ասենք, փորձառուների: Պատճառը ֆինանսնե՞րն են, թե՞ ժամանակը: Չէ՞ որ հայտնիները գերադասում են հեռուստատեսային սերիալները:

– Գիտե՞ք` որն է իմ երազանքը:

– Չգիտեմ:

– Իմ երազանքն է միայն բեմադրել ներկայացում, հանդես չգալ այնտեղ որպես դերասան: Օրինակ՝ հրավիրել 20-21 տարեկան երիտասարդների ու կարողանալ բեմադրությունն այնպես անել, ինչպես ես եմ ցանկանում, և առաջ տանել նրանց:

Չնայած այս պահին հարմար նյութ չեմ գտնում: Կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի առաջ կարելի է խոնարհվել: Մի կողմ եմ ուզում դնել բոլոր կարծիքները: Ինչքա՜ն ջահելներ մեջտեղ եկան: Իհարկե, մեր ասպարեզները նույնը չեն. շոու-բիզնեսում ավելի հեշտ է արտադրանքը «ծախվում», սպառվում, քան թատրոնում: Մտածում եմ, որ դա լավ գործ է:

– Կատակերգության միջոցով ժամանակակից հիմնախնդիրները բարձրացնելը որքանո՞վ է շահավետ, ի՞նչ է դա տալիս հանդիսատեսին:

– Գիտեք, միշտ այն համոզմանն եմ եղել, որ թատրոնը տրիբունա չպետք է լինի, քաղաքականությունը մեր գործը չէ, պետք է պարզապես քո ասածը ասես, ստեղծես իրավիճակ, իսկ որոշումը թողնես հանդիսատեսին, մարդկանց: Պրոպագանդայից պետք է հեռու լինել, չպետք է երազել, այդ պատճառով «Մորաքույրը Փարիզից» ներկայացման մեջ վերջում ասում եմ՝ գնա՞լ, թե՞ մնալ։ Ես չեմ ասում, չէ, պետք է գնալ կամ չպետք է գնալ: Ամեն բան թողնում եմ հանդիսատեսին:

– Գիտե՞ք այն դեղատոմսը, թե ինչու են Ձեր ներկայացումներն այսքան պահանջված:

– Կարծում եմ՝ մատչելիության ու պարզության համար, իմ ներկայացումները պարզունակ չեն: Բայց բարդ բաներ էլ չպետք է ներկայացնել, խճճել հանդիսատեսին: Պետք է մարդ նստի ու բավականություն ստանա, մտածի ու գնա: Եվ անպայման դերասանական խաղը: Հիմա նկատվում է, որ դերասանական խաղը կրկին կարևորվում է, ինչն ուղղակի հրաշալի է:

– Հետաքրքիր էր «Օպերացիա Նեմեսիս» ներկայացումը, որը կարծես տարբերվում էր բոլորից, բայց նաև ինչ–որ չափով նման էր…

– «Նեմեսիսն» այն օպերացիան էր, որով հայ երիտասարդները սպանեցին 1915-ին Հայոց ցեղասպանությունը կազմակերպողներին: Կարծում եմ՝ նմանատիպ ներկայացումներ հաճախ պետք է լինեն` ամիսը չորս-հինգ անգամ, սակայն, ցավոք, այդքան հանդիսատես չունենք: Ես որոշեցի հենց սա բեմադրել, քանի որ այն մեր հերոսական էջերից է: Գտնում եմ, որ դա ուղղակիորեն կապվում է այսօրվա ղարաբաղյան պայքարի հետ: Ցավոք,մեր իրականությունում Սողոմոն Թեհլերյանի նմանները քիչ են: «Նեմեսիսի» մեջ Սողոմոն Թեհլերյանը երգիչ, դերասան Ավո Խալաթյանն է, իսկ Թալեաթ փաշայի դերակատարը՝ դերասան Սարգիս Գրիգորյանը:

– Արդեն բավական երկար ժամանակ է, ինչ Հայաստանում եք: Հետաքրքիր է՝ այս տարիների ընթացքում հայ հանդիսատեսը փոխվե՞լ է:

– Իմ հանդիսատեսի մասով կարող եմ ասել: Իմ հանդիսատեսը խայտառակ պահանջկոտ է: Ցավոք, պետք է ասեմ, որ մեր օրերում հումորը շատ էժանացավ, այդ պատճառով այն գնողները շատացան, ինչը հանդիսատեսի խնդիրը չէ: Այս դեպքում սկսում է հնչել գռեհիկ, կոպիտ հումորը՝ նպատակ ունենալով զուտ ծիծաղեցնել մարդուն, իսկ պարզունակից մինչև ցածր որակ մեկ քայլ է: Հավատում եմ, որ վերելք է լինելու, մարդիկ կարծես հոգնել են վուլգար խոսքից, սերիալներից…

– Դուք երկար տարիներ ապրել ու ստեղծագործել եք Ֆրանսիայում: Ի՞նչ Ձեզ տվեց 20-ամյա անկախ Հայաստանը:

– Առաջինը՝ իմ վերադարձը հայ բեմ, ինչը երևի քիչ բան չէ: Ես չէի մեկնել Հայաստանից, հեռացել էի Խորհրդային Հայաստանից՝ Սովետից: Գիտեք, անկախությունը, իրոք, մեծ ձեռքբերում է: Բայց անկախությունը միմիայն բառով չէ, մարդիկ պետք է անկախ լինեն: Չձգտեն գնալ դուրս ու գտնել աշխատանք, հաստատվել: Օտար երկրներին չնախանձելու երաշխիքներից մեկն էլ անկախ ապրելն է ու գոհացնող աշխատանք ունենալը:

– Ձեր ներկայացումների մեջ հիմնականում արծարծում եք հասարակության մեջ ստի տարածվածության գաղափարը…

– Այո՛, իմ բոլոր ներկայացումներում էլ դա կա: Ես գրոտեսկ, չափազանցություն շատ եմ սիրում: Եվ երբ թատրոնը պայմանականություն եմ անվանում, հենց այդ էլ երևի ինձ ստիպում է գրոտեսկի դիմել, այդ կերպ հաղորդակցվել հանդիսատեսի հետ: Իրականում ամենամեծ սուտը կենցաղում է ծնվում, և մենք՝ դերասաններս, ամենամեծ «խաբեբաներն» ենք, դա կարծես մեր մասնագիտությունն է: Հաճախ մարդիկ քաղաքականացված են ընկալում ամեն ինչ, բայց իրականում իմ ներկայացումները քաղաքական բովանդակության հետ կապ չունեն, դրանք ավելի շատ հասարակական են:

– Ո՞րն է Ձեր ներկայացումներում հավատամքը, ի՞նչն եք թիրախավորում:

– Պատմել հանդիսատեսին այն ամենի մասին, ինչ նրան հետաքրքրում է. ես ուրիշ կրեդո չունեմ: Եթե դահլիճում ներկա է, ասենք, 200 մարդ, ապա յուրաքանչյուրին պետք է հետաքրքրի այն, ինչը ներկայացնում եմ բեմից: Նորից եմ ասում՝ հանդիսատեսին հետաքրքրելու համար պետք է կարողանաս քայլել ժամանակին զուգահեռ, համընթաց և վստահ եմ, որ դա է այսօր թատրոնի գլխավոր երաշխիքը: Չպետք է թատրոնը շփոթել սրբավայրի կամ դաստիարակչական-կրթական հաստատության հետ: Թատրոնը, չեմ վախենում ասել ու ամեն անգամ կրկնել, շոու է` նախատեսված դիտման համար: Հարցի այլ կողմն էլ կա. այն, ամեն դեպքում, զարգացած, գրագետ ու դաստիարակված մարդկանց տեղ է:

– «Սե լա վի»-ն յուրօրինակ ընկալվող բառակապակցություն է: Դա նաև Ձեր այցեքարտերից մեկի անվանումն է: Ինչպիսի՞ն է կյանքը Նարեկ Դուրյանի համար, նրա աչքերով:

– Խաղ է, երբեմն շատ անարդար, բայց, ամեն դեպքում, խաղ է, որտեղ մեկ շահում ես, մեկ էլ պարտվում: Բայց փաստ է, որ այնուամենայնիվ խաղում ես: Ես ճակատագրին չեմ հավատում. ով ինչ անում է, իրեն է անում:

 

Հարցազրույցը վարեց

Միքայել ԱՀԱՐՈՆՅԱՆԸ

Մեծ էկրան բարձրացավ «Caucho» ֆիլմը

CauchoՀունիսի 28-ին տեղի ունեցավ ռեժիսոր Լիլիթ Մովսիսյանի «Caucho» ֆիլմի պրեմիերան։ Լիամետրաժ այս կինոնկարը երեք երիտասարդ արվեստագետների մասին է՝ ռեժիսորի, դերասանուհու և դերասանի (նրանց մարմնավորում են Արսեն Գրիգորյանը, Լյուսի Աբդալյանը, Մանվել Խաչատրյանը), ովքեր բեմադրում են Վ. Սարոյանի «Պինգ-պոնգ խաղացողերը» պիեսը։ Հերոսները որոշում են մինչև իրենց ներկայացման պրեմիերան իրականում խոսել միայն պիեսի դիալոգներով: Խաղը կավարտվի, եթե նրանցից մեկը խախտի կանոնները: Ռեժիսոր Լիլիթ Մովսիսյանը բացահայտում է գաղտնիքը. «Ես Սարոյան եմ շատ սիրում, իր ամեն մի տողի մեջ կարող ես 180 իմաստ գտնել: Վաղուց էի երազում նկարել Սարոյանի գործերից մեկը, բայց քանի որ չունեի իրավունքը, ինչը շատ թանկ է, որոշեցի, որ իմ հերոսները կբեմադրեն Սարոյան: Եվ իմ գործը հեշտացավ, և հերոսները գտան իրենց խաղը»:

Ֆիլմի պրոդյուսեր Ինգա Գասպարյանը, ներկայացնելով Լիլիթ Մովսիսյանի հետ համագործակցությունը, նշեց, որ ռեժիսորն իրեն գրավել է իր գաղափարով, ոչ ստանդարտ մտածելակերպով. ֆիլմում շեշտը չէր դրված կոմերցիայի վրա, հիմքում միայն արվեստն է։ Ինգա Գասպարյանը նշեց, որ ֆիլմն առաջիկայում կներկայացվի մի շարք փառատոների։ Նա չբացեց գաղտնիքը և չնշեց, թե որքան է արժեցել կինոնկարի ստեղծումը։ ՙՖիլմի բյուջեն կազմել է իքս գումար և 15 մարդու շատ մեծ էնտուզիազմ՚,- նշեց պրոդյուսերը։

«Կաուչոն» նկարահանվել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի, Հայաստանի ազգային կինոկենտրոնի և «Գուրջան» թատրոն-հիմնադրամի աջակցությամբ։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նշեց, որ երիտասարդ ստեղծագործողներն այսօր հետաքրքրված են կինոարտադրությամբ, և բազմաթիվ են այն ծրագրերը, որ ուղղված են ֆիլմարտադրությանը։ Կ. Ավագյանը նկատեց նաև, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամն իր ծրագրերում առանձնացրել է ֆիլմերի ստեղծման աջակցությունը։ Բոլորովին վերջերս հիմնադրամի աջակցությամբ անցկացվեց նաև կարճամետրաժ ֆիլմերի երիտասարդական փառատոն։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Ներկայացվել են Ռեժիսորներ առանց սահմանների նախագծի հետագա անելիքները

ՌԱՍՌեժիսորներ առանց սահմանների (ՌԱՍ) նախագիծը հունիսի 28-ին` ժամը 13:00-ին Երևանի “Golden Tulip” հյուրանոցում ներկայացրեց մամլո ասուլիս, որտեղ ներկայացվեցին նախագծի նպատակները, ձեռքբերումները և հետագա գործունեությունը:

Ասուլիսի բանախոսներն էին ՌԱՍ նախագծի ղեկավար և ՈՍԿԵ ԾԻՐԱՆ միջազգային կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը, ՌԱՍ նախագծի համակարգող Լուսինե Մարտիրոսյանը, Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի (ՀԹԿՊ) համակարգող Գոռ Բաղդասարյանը և Կինոլրագրություն առանց սահմանների (ԿԼԱՍ) ծրագրի  համակարգող Արթուր Վարդիկյանը:

Նախորդ՝ 6-րդ ՌԱՍ տարածաշրջանային համատեղ արտադրության ֆորումին (հուլիսի 9-11, 2012, Երևան) մասնակցեց ինը կինոնախագիծ. ֆորումի ժամանակ անցկացվեց 36 անհատական հանդիպում: Հաղթող ճանաչվեցին հետևյալ նախագծերը՝

  • “Hands Up” – Քեթի Մաչավարիանի և Սոպո Բազգաձե. Վրաստանը ստացավ €5,000 համարժեք գլխավոր մրցանակը լավագույն նախագծի համար:
  • “Rhino” – Օլեգ Սենցով և Օլգա Ժուրժենկո. Ուկրաինան ստացավ €3,500 համարժեք համատեղ արտադրության  մրցանակը:
  • “The Tribe” Միրոսլավ Սլաբոսֆիտսկի և Իգոր Սավիչենկո. Ուկրաինան ստացավ համատեղ արտադրության երկրորդ՝  €3,500 համարժեք մրցանակը:

Հայաստան-Թուրքիա (ՀԹԿՊ) երկու աշխատաժողովների համար ընտրվեց 19 նախագիծ (ապրիլի 12-13, 2012 Ստանբուլ և հուլիսի 9 -11, Երևան): Երկու աշխատաժողովների ընթացքում տեղի ունեցան մոտ 30 անհատական հանդիպումներ: Աշխատաժողովի հաղթողներ ճանաչվեցին՝

  • “Grandchildren of Giavour… My Armenian Grandfather”  – Դեվրիմ Աքքայա և Ժոզեֆինա Մարգարյան, Թուրքիա
  • “Ziazan” – Դերյա Դուրմազ, Թուրքիա

Նախագծերից յուրաքանչյուրը “Eurasia Partnership Foundation”-ի կողմից պարգևատրվեց 10000 ԱՄՆ դոլարով:

Ֆիլմեր առանց սահմանների (ՖԱՍ) նախագիծը ներկայացվեց 9-րդ ՈՍԿԵ ԾԻՐԱՆ Երևանի միջազգային կինոփառատոնին (հուլիսի 8-15, 2012), Կիևի “Molodist” միջազգային կինոփառատոնին (հոկտեմբերի 25-26, 2012), Մինսկի 19-րդ “Listapad” միջազգային կինոփառատոնին (նոյոմբերի 2-9, 2012) և Թբիլիսիի 13-րդ միջազգային կինոփառատոնին (դեկտեմբեր 3-9, 2012):

ՌԱՍ մասնակիցներից և նախագծերից շատերը միջազգային և ազգային մակարդակներում մեծ հաջողությունների են հասել: Օրինակ՝ նախկին ՌԱՍ մասնակից Մարիա Սահակյանի  “I am going to Change My Name” ֆիլմը՝ ճանաչվեց «Հայակ» ազգային կինոմրցանակաբաշխության, 2013 թվականի լավագույն ֆիլմ: Այն նաև ընդգրկվեց  «Ոսկե Ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի “Հայկական համայնապատկեր” մրցույթում:

ՌԱՍ աշխատաժողովի մեկ այլ մասնակից Նանա Ջանելիձեի “Another Paradise” (Վրաստան) կինոնախագիծը 2013 թ. “Project Market Sofia Meetings”-ի  ‘Second Films’ ծրագրում ստացավ «Լավագույն Նախագիծ» մրցանակը:

ՀԹԿՊ աջակցությամբ նկարահանված  Լուսին Դինքի (Թուրքիա) “SaroyanLand” ֆիլմը այս տարի ընդգրկվել էր Ստամբուլի 32-րդ միջազգային կինոփառատոնի Ազգային մրցույթում: Այս ֆիլմը առաջին անգամ Հայաստանում  կցուցադրվի 10-րդ «Ոսկե Ծիրան» Երևանի կինոփառատոնի ժամանակ:

ՌԱՍ նախագիծը միջազգային ճանաչման է հասել շնորհիվ Կաննի միջազգային կինոփառատոնում, Ռոտերդամի միջազգային կինոփառատոնի “CineMart” ֆորումում և 10-րդ “Berlinale Co-Production Market”-ում 2012-2013թթ. հաջողությամբ անցկացված շնորհանդեսների:

ՌԱՍ նախագծի մասին պատմող մի շարք հեռուստահաղորդումներ են պատրաստվել և ցուցադրվել հայկական հեռուստաալիքներով:

ՌԱՍ նախագիծը գնալով ավելի և ավելի ճանաչված է դառնում Արևելյան համագործակցության կինոարտադրողների շրջանում: Այս փաստի մասին է վկայում ծրագրի պաշտոնական կայքէջում գրանցվածների թվի արագ աճը: www.dabhub.com կայքէջը  ունի 522 օգտատեր: Ավելի քան 1352 մարդ ստանում է ՌԱՍ էլեկտրոնային լրագիրը, որը մինչ այժմ 12 հրատարակում է ունեցել: Ռեժիսորներ առանց սահմանների ֆեյսբուքյան  էջը ունի 313 հետևորդ:

Սկսած 2011թ. հոկտեմբերին իր հիմնադրմումից մինչ օրս ՌԱՍ-ը հաջողությամբ իրականացրել է բոլոր ծրագրված գործողությունները: Ավելի քան 110  երիտասարդ կինոգործիչ (ռեժիսոր և պրոդյուսեր) մասնակցել են 2012-2013թթ. Երևանում, Թբիլիսիում և Ստանբուլում ՌԱՍ-ի կազմակերպած դասընթացներին:

ՌԱՍ նախագիծը նախատեսում է իրականացնել  մի շարք միջոցառումներ գալիք 10րդ հոբելյանական ՈՍԿԵ ԾԻՐԱՆ Երևանյան միջազգային կինոփառատոնի շրջանակներում:

  •   Ռեժիսորներ առանց սահմաններ (ՌԱՍ) 7-րդ տարածաշրջանային համատեղ արտադրության  ֆորում, հուլիսի 9-14, 2013, Թեքեյան կենտրոն:

Ֆորումին մասնակցելու համար ընտրվել է Արևելյան գործընկերության երկրներից 12 նախագիծ : Նախագծերը կպայքարենզարգացման երեք դրամաշնորհներիի համար՝  մեկ 5000 € և երկու € 3500 ական եվրոյի չափով):

Դասավարների թիմում ընդգրկված են սերբ կինոգետ և պրոդյուսեր Միրոսլավ Մոգորովիչը և Կատարի Դոհայի կինոինստիտուտի ծրագրերի բաժնի տնօրեն Լյուդմիլա Ցվիկովան:

Սեմինարի ժյուրիի անդամներն են՝ Հոնկոնգի միջազգային կինոփառատոնի ծրագրերի բաժնի խորհրդատու և  պրոդյուսեր Ռայմոնդ Ֆատանվիրանգունը, ‘Sofia Meeting’-ի տնօրեն Միրա Ստալեվան` ‘Binger Filmlab’-ի  գործադիր տնօրեն՝ Գամիլա Իստրան, Սարայեվոյի միջազգային կինոփառատոնի ծրագրերի տնօրենԷլմա Տատարաջիչը, գերմանացի պրոդյուսեր Սիմոն Ամբերգերը, Թբիլիսիի միջազգային կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Նինա Անջապարիձեն, ”Centre National du Cinema et de l’Image Animée”-ի (CNC) նախագահ Էրիկ Գարանդոն և Ստամբուլում Ֆրանսիայի տարածաշրջանային գլխավոր հյուպատոսության աուդիովիզուալ կցորդ Ֆաննի Օբեր Մալորին:

  •    Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի (ՀԹԿՊ) նախագծերի զարգացման աշխատաժողով, 2013թ. հուլիսի 8-10, , Թեքեյան կենտրոն, Երևան

10 կինոնախագիծ՝ 5 Թուրքիայից և 5 Հայաստանից, ընտրվել են աշխատաժողովին մասնակցելու  և մրցելու  10,000 և 5000 ԱՄՆ դոլարին համարժեք մրցանակների համար:

Աշխատաժողովի դասվարների թիմը ներառում է դանյացի կինոգետ և պրոդյուսեր Թյու Սթին Մյուլլերին՝ թուրք գրող, ռեժիսոր և պրոդյուսեր Մելեք Ուլուգայ Թայլանին՝ և կինոփառատոնների կազմակերպիչ, կինոգործիչ, դասախոս, քննադատ և կուրատոր Ռադա Սեսիչին:

Աշխատաժողովի  ժյուրիի կազմում են լինելու Չիգդեմ Մաթերը Անադոլու Քյուլթուրից, Ստամբուլի “Meetings on the Bridge”-ի ղեկավար Գյուլին Ուսթյունը, Սարայեվոյի միջազգային կինոփառատոնի վավերագրական ծրագրերի պատասխանատու Ռադա Չեչիչը և Ինտերնյուսի հայաստանյան գրասենյակի  տնօրեն Նունե Սարգսյանը:

  •   Կինոլրագրություն առանց սահմաններ (ԿԼԱՍ) դասընթաց, հուլիսի 4-14, 2013թ., Թեքեյան կենտրոն, Երևան

Հայ և միջազգային կինոլրագրողներից և քննադատներից բաղկացած հանձնաժողովը դասընթացին մասնակցելու համար ընտրել է 11 մասնակից: Կինոքննադատ Պետեր Վան Բյորենը (Նիդեռլանդներ) կներկայացնի կինոլրագրության և կինոքննադատության տեսությունը և պրակտիկան: Փառատոնի օրաթերթի խմբագիրներ Ռոնալդ Ռովերսը (Նիդեռլանդներ) և Գենոֆիա Մարտիրոսյանը (Հայաստան) գործնական դասեր կվարեն փառատոնի օրաթերին առնչվող հարցերի վերաբերյալ:

  •  Ֆիլմեր առանց սահմանների (ՖԱՍ) ծրագիր, հուլիսի 7-14, 2013թ., Մոսկվա կինոթատրոն, Երևան:

10-րդ ՈՍԿԵ ԾԻՐԱՆ Երևանի միջազգային կինոփառատոնի շրջանակներում Արևելյան գործընկերության երկրների10 ֆիլմեր կցուցադրվեն Մոսկվա կինոթատրոնում:

Ընտրված ֆիլմերն են՝

  1. “Estalgia” – Դարիա Օնիշենկո, Ուկրաինա/Գերմանիա
  2. “Horison Sky” – Դմիտրի Մարինին և Անդրեյ Կուրեյչիկ, Բելառուս
  3. “House with a Tarpet”– Եվա Նեյման, Ուկրաինա
  4. “Keep Smiling”– Ռուրսուդան Չկոնիա, Վրաստան/Ֆրանսիա
  5. “A Fold in My Blanket” – Զազա Ռուսադե, Վրաստան/ Նիդեռլանդներ/ Գերմանիա
  6. “Watchtower “ – Փելին Էսմեր, Թուրքիա
  7. “Lifelong” – Ասլի Օզգե, Թուրքիա
  8. “Parajanov” – Սերժ Ավետիքյան և Օլենա Ֆետոսիվա, Ուկրաինա/ Ֆրանսիա/ Հայաստան/ Վրաստան
  9. “I’m Going to Change My Name” – Մարիա Սահակյան, Հայսատան/ Ֆրանսիա/ Ռուսաստան
  10. “Voice of Silence” – Վիգեն Չալդրանյան, Հայաստան

11. “Panihida” Անա Ֆելիցիա Սկուտլենիցու և Տիտո Մոլինա,  Felicia Մոլդովա

 ՌԱՍ նախագիծը հիմնադրվել է 2011 հոկտեմբերի ԵՄ աջակցությամբ և նպատակ ունի միավորել Արևելյան գործընկերության երկրների կինոգործիչներին: Նախագիծը աշխատում է մի քանի առանցքային ուղղություններով՝ Կինո առանց սահմանների ցանց ՝ www.dabhub.com, Կինոդասընթացներ, ՌԱՍ համատեղ արտադրության  ֆորում, Հայաստան-Թուրքիա Կինոպլատֆորմ, Կինոլրագրություն առանց սահմանների, Ֆիլմեր առանց սահմանների և Տարածաշրջանային համատեղ արտադրության օրենսդրության ներդաշնակեցում:

 Ռեժիսորներ առանց սահմաններ (ՌԱՍ) նախագիծը ֆինանսավորվում է Եվրամիության կողմից և իրականացվում  «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի և իր գործընկերների` INTERNEWS (Ուկրաինա), Պրոմեթևս կինոարվեստի կենտրոն (Վրաստան) և INTERNEWS (Հայաստան) կողմից։

Հայ գրատպությունը վերե՞լք է ապրում.Լավագույն մրցանակներ հայ հեղինակներին

գիրքՀայ գրողների աշխատանքները վերջերս  միջազգային մրցույթում ցուցադրված այլ օտարալեզու գրքերի կողքին փայլում են ինքնատիպությամբ, տպագրական որակով ու ձևավորման արվեստով: Այս տարի էլ մայիսի 23-25-ը Մինսկում կայացավ ԱՊՀ երկրների գրքարվեստի մրցանակաբաշխությունը, որին Հայաստանը մասնակցում է  շուրջ տասը տարի: ԱՊՀ երկրներից մրցույթին մասնակցում էր 9 պետություն, և ներկայացված էր 108 գիրք:

Նման մրցույթների անցկացումը, հայ գրահրատարակիչների խոստովանությամբ, լավագույն առիթ է իրենց աշխատանքները գնահատելու և նորանոր գործերի մղելու տեսանկյունից: Հայաստանում արդեն վեցերորդ անգամ իրականացվում  է գրքարվեստի հանրապետական մրցույթ, և լավագույնը ճանաչված հրատարակությունները ցուցադրվում են նաև  օտար ընթերցողներին:

Հանրապետական մրցույթին ներկայացված էր ավելի քան 70 գիրք, որոնցից միջազգային  հարթակում ցուցադրվելու հնարավորություն են ստացել 14-ը:

Մրցույթին մեր երկրի կողմից ներկայացված աշխատանքները, բացառությամբ մեկի, տարբեր անվանակարգերում գլխավոր և հատուկ մրցանակների են արժանացել: Մշակույթի նախարարությունից տեղեկացանք, որ արդեն մի քանի տարի է, ինչ գեղանկարչական պատկերագրքերը, բացի հայերենից, տպագրվում են նաև այլ լեզուներով: Օրինակ` մրցույթին ներկայացված Մարտիրոս Սարյանի գրքարվեստի ալբոմը թարգմանված է ռուսերեն: Օտարալեզու հրատարակությունները մեծացնում են միջազգային հանրությանը լավագույնս  ներկայանալու հնարավորությունները, քանի որ դրանք բավական պահանջված են:

Մշակույթի նախարարության Գրքի և հրատարակչական գործի կենտրոնի տնօրեն,  բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանն ուրախալի համարեց այն փաստը, որ մեր մշակույթը, պատմությունը և գեղարվեստական գրականությունն արդեն կարողանում է ներկայացնել նաև օտար ընթերցողներին: «Նման ցուցահանդեսներն ու մրցույթները մշակույթի և արվեստի բնագավառում մեզ հուշում են նոր ուղղություններ և նոր պահանջներ են ի հայտ բերում, որոնք վերաբերում են այլալեզու հրատարակություններին», – ասում է նա և ընդգծում, որ

գրահրատարակչության ոլորտում վերջին տարիներին էական առաջընթաց է արձանագրվել: Նա տեղեկացրեց, որ մրցույթի գրեթե բոլոր անվանակարգերում հայկական գրքերն արժանացել են առաջին և հատուկ մրցանակների: Այս դրական արդյունքները նա վերագրում է տպագրական բարձր որակին,  տպաքանակի ավելացմանը և օտար լեզուներով հրատարման հանգամանքին:

Նշենք, որ մրցանակների արժանացած գրքերը հրատարակվել են վերջին մեկ տարում: Մրցույթի գլխավոր մրցանակին արժանացել է Մարտիրոս Սարյանի պատկերագիրքը, որն ընդգրկում է մեծ վարպետի նկարազարդած գրքերի շապիկները: Ի դեպ, առաջին անգամ է, որ հայ ընթերցողներին Սարյանը  ներկայանում է որպես գրքարվեստի վարպետ: Այս գիրքը հիացրեց օտարերկրացիներին: Օտարազգի ընթերցողները  ծանոթացան նրա արվեստի ևս մեկ ուղղությանը: «Մենք պարտավոր էինք մեր մեծ հանճարին ներկայացնելու միջազգային հանրությանը նրա արվեստի բոլոր կողմերով»,- նշեց Էդվարդ Միլիտոնյանը:

Տարբեր անվանակարգերում առաջին և հատուկ մրցանակների են արժանացել հետևյալ գրքերը: Առաջին մրցանակ՝ Սամվել Դիլանյանի «Հայոց սրբազան լեռները» գիրքը, երկրորդ մրցանակ՝ Հասմիկ Ստեփանյանի «Հայերի ներդրումը օսմանյան կայսրության մեջ» գիրքը: Նույն անվանակարգում երրորդ մրցանակին է արժանացել Արտակ Մովսիսյանի «Տասը հայ ականավոր արքաներ» գիրքը: «Ժամանակակիցներ» անվանակարգում լավագույնն է ճանաչվել աստղաֆիզիկոս Գրիգոր Գյուրզադյանի էսսեների ժողովածուն իր ուրույն ոճի և բովանդակության շնորհիվ: Սամվել Մկրտչյանի «Հայ պոետների ընտրանի» անգլալեզու գիրքը նույն անվանակարգում ևս լավագույններից է ճանաչվել, իսկ երրորդ կարգի մրցանակ ստացել է  Դերենիկ Դեմիրճյանի ընտրանին:

«Գիրք գրքի մասին անվանակարգում»  առաջին մրցանակ է  ստացել Ռաֆայել Իշխանյանի «Հայ գրքի պատմություն» գրքի վերահրատարակությունը, իսկ երկրորդ և երրորդ մրցանակներին են արժանացել Վարդգես Ուրումյանցի գրքերի նկարազարդումներն ու Հովհաննես Ղուկասյանի «Ոսկան Երևանցի» պատմավեպի վերահրատարակությունը: Գիրք երեխաների համար անվանակարգում  առաջին մրցանակ  է ստացել դասական մատենաշարը, որը բաղկացած է  4 առանձին գրքերից և բավական նկարազարդ է: Երկրորդ մրցանակը ստացել է Թումանյանի հեքիաթների անգլերեն հրատարակությունը: Եվ մեկ մրցանակի արժանացել է «Հայոց բանակը մանուկների աչքերով» նկարազարդ գիրքը:

Արվեստի գիրք անվանակարգում առաջին մրցանակ է ստացել Կարեն Սմբատյանի  պատկերագիրքը, իսկ հանրապետական մրցույթում գրքի լավագույն ձևավորման համար մրցանակի է արժանացել  Ջեյմս Ջոյսի «Ուլիսես» վեպը, որն առաջին անգամ է հրատարակվել հայերեն:

Այդ գրքերին հայ ընթերցողը նույնպես կարող է ծանոթանալ: Դրանք կվաճառվեն գրախանութներում բավական մատչելի` ինքնարժեքից ցածր գնով:

 Լ.Ն

 

 

Տեղի կունենա «Caucho» ֆիլմի պրեմիերան

CauchoՀունիսի 28-ին՝ ժամը 19.00, «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա ռեժիսոր Լիլիթ Մովսիսյանի ,Cauchoե ֆիլմի պրեմիերան։ Ֆիլմի պրոդյուսերներն են Ինգա Գասպարյանը և Արսեն Գրիգորյանը։ Ֆիլմը նկարահանվել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ։

Լիամետրաժ այս կինոնկարը երեք երիտասարդ արվեստագետների մասին է՝ ռեժիսորի, դերասանուհու և դերասանի (նրանց մարմնավորում են Արսեն Գրիգորյանը, Լյուսի Աբդալյանը, Մանվել Խաչատրյանը), ովքեր բեմադրում են Վ. Սարոյանի ,Պինգ-պոնգ խաղացողերըե պիեսը։ Հերոսները որոշում են մինչև իրենց ներկայացման պրեմիերան իրականում խոսել միայն պիեսի դիալոգներով: Խաղը կավարտվի, եթե նրանցից մեկը խախտի կանոնները:

Ֆիլմի տևողությունը 85 րոպե է, ժանրը՝ դրամա, սցենարի հեղինակներն են՝ Արսեն Գրիգորյանը, Շողեր Պետրոսյանը, Լիլիթ Մովսիսյանը։ Երաժշտությունը գրել է Կառլոս Պրոտեուսը։ Ֆիլմ արտադրող ընկերությունն է «7lines»-ը։

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

«Երևանն Արևելք տանող դարպաս է հիշեցնում» .Անդրեյ Իոնիցա

images (2)Հատկապես ամռանը Երևանն առանձնանում է յուրահատուկ աշխուժությամբ բազում փառատոների և մրցույթների շնորհիվ: Հունիսի 14-ն էլ այդ օրերից էր, երբ «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցավ մեծ կոմպոզիտորի անունը կրող միջազգային 9-րդ մրցույթի գալա համերգը:

Տարբեր երկրներից ժամանած մասնակիցներից առաջին մրցանակը ստացավ ռումինացի թավջութակահար Անդրեյ Իոնիցան, որի հետ էլ առիթ ունեցանք զրուցելու:

19-ամյա տաղանդաշատ  թավջութակահարը ծնվել է Ռումինիայում: Սկսել է դաշնամուր նվագել 5, իսկ թավջութակ՝ 9 տարեկանում: 2006 թ. մասնակցել է Փարիզի «Petit Palais» մրցանակաբաշխությանը՝ տարբեր կրթաթոշակների համար: 2007 թ. Անդրեյը հաղթանակներ է ունեցել երկու իրար հաջորդող մրցույթներում. VATELOT/RAMPAL Փարիզում և դաշնամուրային մրցույթ՝ Բուխարեստում, որտեղ ևս ստացել է առաջին և ժյուրիի հատուկ մրցանակները:

– Անդրեյ, ինչպես ե՞ս քեզ զգում Հայաստանում:

– Հոյակապ: Ինձ շատ է դուր գալիս Երևանը, իսկ եղանակը հիասքանչ է: Երևանը յուրահատուկ քաղաք է, որը կարծես Արևելք տանող դարպասի է նման՝ միաժամանակ պահպանելով իր ուրույն  նկարագիրը:

–Դժվա՞ր էր մինչ համերգը:

– Այո, բավական սթրեսային էր: Պետք է յուրաքանչյուր պահի կենտրոնանայի՝ վերահսկելով նյարդերս: Բայց ստացվեց…

– Որքա՞ն ժամանակ պահանջվեց մրցույթին պատրաստվելու համար:

– Մոտ երկու-երեք ամիս:

– Օրական քանի՞ ժամ:

– Նվազագույնը` երեք-չորս:

– Ի՞նչ ես անում սթրեսի ժամանակ:

– Բախտս բերել է նրանով, որ սթրեսն անհետանում է անմիջապես բեմ բարձրանալուց հետո:

– Նայո՞ւմ ես հանդիսատեսի աչքերին: 

– Երբեմն այդպիսի սխալ էլ եմ թույլ տալիս (ժպտում է):

– Կատարման ժամանակ նկատելի էր, որ ամբողջությամբ տրվել էիր երաժշտությանը: Ի՞նչ է կատարվում քո ներաշխարհում այդ պահին:

– Կարծում եմ՝ հանդիսատեսն ավելի լավ կհասկանա: Պարզապես մեծ եռանդ և աշխատանք պետք է ներդնես քո գործում` արտահայտելով այն, ինչ կա հոգուդ խորքում: Իրականում երաժշտի և գործիքի միջև ամուր կապ կա, իսկ երաժշտական գործիքը անձի՝ կատարողի արտացոլանքն է:

– Ինչպե՞ս դարձար թավջութակահար:

– Երբ հինգ տարեկան էի, մայրս ինձ տարավ դաշնամուրի, իսկ թավջութակի համար ուղղակի ամուր ձեռք էր անհրաժեշտ: Այնպես որ մի փոքր ուշ ընտրեցի թավջութակը, այնուհետև ընդունվեցի Սուրբ Սավայի ազգային քոլեջ:

– Զղջո՞ւմ ես արածդ քայլի համար:

– Երբեք: Կյանքում կարող էի այլ ճանապարհ ընտրել, սակայն երաժշտությունն իմ կյանքի անբաժանելի մասն է:

– Ի՞նչ ծրագրեր կան առջևում: 

– Ներկայումս սովորում եմ Բեռլինի երաժշտական համալսարանում և ցանկանում եմ լավ արդյունքներով ավարտել ուսումը: Այս ամառ մի քանի համերգ ևս կունենամ, օրինակ՝ Ռումինիայի Սիգիշոառայի փառատոնում և Գերմանիայի Քրոնբերգ ակադեմիայում:  Ամեն ինչ դեռ առջևում է…

Հարցազրույցը` Ելենա ՉՈԲԱՆՅԱՆԻ

Վաղը կմեկնարկի Թալալյան եղբայրների միջազգային ամենամյա 4-րդ փառատոնը

ջութակԱյսօր`հունիսի 25-ին, ժամը` 12:30-ին Առնո Բաբաջանյանի անվան ֆիլհարմոնիայի փոքր դահլիճում տեղի ունեցավ Թալալյան եղբայրների անվան միջազգային ամենամյա 4-րդ փառատոնի բացմանը նվիրված մամուլի ասուլիս:

Ասուլիսի բանախոսներն էին`

  • Արամ Թալալյան, ՀՀ վաստակավոր արտիստ, «Արս լունգա» դուետի թավջութակահար, «Հայ կամերային երաժշտության անթոլոգիա» ծրագրի համահիմնադիր
  • Ջուլիետա Վարդանյան, «Արս Լունգա» դուետի դաշնակահար, «Հայ կամերային երաժշտության անթոլոգիա» ծրագրի  համահիմնադիր
  • Հայկ Բոյաջյան, կոմպոզիտոր (ԱՄՆ)
  • Միխայիլ Կոկժաև, կոմպոզիտոր
  • Էդուարդ Սադոյան, կոմպոզիտոր
  • Սեյրանուհի Գեղամյան, ՀՀ մշակույթի նախարարության Ժամանակակից արվեստի
    վարչության պետ
  • Աննա Տեր-Հովակիմյան, «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի տնօրեն

Արամ Թալալյանը և Ջուլիետա Վարդանյանը ներկայացրեցին Թալալյան եղբայրների անվան միջազգային ամենամյա 4-րդ փառատոնի շրջանակներում հունիսի 26-հուլիսի 23-ը նախատեսվող համերգային ծրագրերի շարք (փառատոնի ծրագիրը կցված է մամուլի հաղորդագրությանը, 2-րդ էջում) և նշեցին, որ փառատոնը այս տարի  նվիրվում է Արամ Խաչատրյանի 110-ամյա հոբելյանին:

Թալալյան եղբայրների անվան միջազգային ամենամյա 4-րդ փառատոնի բացման միջոցառումը տեղի կունենա հունիսի 26-ին, ժամը` 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Փառատոնի համերգային ծրագրերի շարքը կմեկնարկի նույն օրը     «Արս լունգա» դուետի նոր նախագծի` «Հայ կամերային երաժշտության անթոլոգիա» Մաս 1-ին ձայնասկավառակների շնորհանդեսով :

Շնորհանդեսին իրենց ներկայությամբ կպատվեն ծրագրում ընդգրկված ստեղծագործությունների կոմպոզիտորները: Փառատոնի հատուկ հյուրերն են ԱՄՆ-ից Վադիմ Լանդոն (կլարնետ) և 10-ամյա դաշնակահար Մաքսիմ Լանդոն:

Միջոցառմանը մասնակցել ցանկացողների համար մուտքը համրգասրահ ազատ է:

Կրկեսի մոգական աշխարհը՝ առաջին անգամ Արցախում

կրկեսԵրևանյան կրկեսի թատերախումբը համերգային շրջագայության կմեկնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Հայրենի կրկեսային արտիստները վառ ներկայացում են նախապատրաստել Արցախի մեր հայրենակիցների համար, որոնց ջերմ հյուրընկալությունը կվայելեն հունիսի 30-ից հուլիսի 6-ը:

Մայրաքաղաք Ստեփանակերտում և Արցախի տարբեր շրջաններում, ԼՂՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, նախատեսված է Երևանյան կրկեսի 6 ելույթ՝ կրկեսային բազմաժանր ծրագրով:

«Կրկեսային կոլեկտիվի ներկայացնելիք ծրագիրը մեր հանդիսատեսներին ուրախություն կպարգևի իր էներգետիկայով և կհրավիրի հրապուրիչ ճամփորդության դեպի իլյուզիաների, էքստրեմալ մարմնամարզության, վիրտուոզ ձեռնածության և կլոունադայի հեքիաթային աշխարհ: Մենք առաջին անգամն ենք շրջագայության մեկնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Մանրակրկիտ նախապատրաստվել ենք: Ծրագրում ընդգրկել ենք նաև Նաիրա Պետրոսյանի ղեկավարած Լեոնիդ Ենգիբարովի անվան կրկեսային ստուդիայի դեբյուտանտներին: Ի դեպ, համերգային շրջագայության ընթացքում ունենալիք ելույթների ծրագիրը ևս կազմել է Նաիրա Պետրոսյանը»,-նշում է Երևանյան կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանը:

Այս շրջագայության ընթացքում կրկեսային կոլեկտիվը ելույթներ կունենա նաև ԼՂՀ զորամասերում: Այդ ծրագիրն իրականացվելու է Հայաստանի ՊՆ նախաձեռնությամբ:

Ամռան ընթացքում, արցախյան շրջագայությունից հետո, մեր կրկեսային արտիստները կշարունակեն Հայաստանի մարզերում արտագնա ներկայացումներով հանդես գալու ծրագիրը: Հիշեցնենք, որ մինչ այժմ Երևանյան կրկեսը ներկայացումներով հանդես է եկել Լոռու և Տավուշի մարզերում տեղակայված զորամասերում:

Տեղեկանքի կարգով. Մոտ օրերս դրվելու է Երևանյան կրկեսի նոր շենքի հիմքը: Կրկեսի նոր շենքն, ինչպես հայտնի է, կառուցվելու է նախկինի տեղում: Նախատեսվում է, որ կրկեսի նոր շենքը շահագործման պետք է հանձնվի 2014 թվականի վերջին: Նոր շենքի վերջնական նախագիծը, որը պատրաստել է ճարտարապետ Վահագն Վերմիշյանը, հաստատվել է օրերս: Կրկեսի նոր շենքը կրկնելու է հնի արտաքին տեսքի ճարտարապետական որոշ տարրեր: Իսկ շենքը լիովին համապատասխանելու է նման կառույցների համար սահմանված միջազգային բոլոր չափանիշներին, նախկինում եղած 1560-ի փոխարեն ունենալու է 2000 հանդիսատեսի համար նախատեսված նստատեղ, բացի այդ 3 փոխարկվող մանեժ է ունենալու։ Բուն շենքը մոտ 6 մետր ավելի բարձր է լինելու և հագեցած է լինելու ժամանակակից բեմական տեխնիկայով։ Հիշեցնենք, որ Երևանի կրկեսի շենքը որոշվեց քանդել այն բանից հետո, երբ փորձագետները հանգեցին եզրակացության, որ աննպատակահարմար է վերակառուցել եղած հին շինությունը։

Հայաստանի կրկեսային գործիչների միության մամուլի ծառայություն 

Լույս է տեսել Վաչե Եփրեմյանի «Բնագիր և մեկնություն» գիրքը

բնագիրԼույս է տեսել Վաչե Եփրեմյանի «Բնագիր և մեկնություն» գիրքը. այս մասին տեղեկացնում են «Անտարես» հրատարակչությունից:
Հայոց գրաբանական ներքին ժամանակ/իրականության տևողությունը բացահայտելու, հեղինակային ու անհեղինակ բնագրերը միասնական համակարգի մեջ ներառելու նպատակով աշխատության մեջ շրջանառված սկզբունքների, ըմբռնումների, վերծանման-ընթերցման եղանակների ու կարգերի շնորհիվ ոչ միայն վերարժևորվում են առանձին բնագրերը՝ որպես գրամշակութաբանական ինքնատիպ համակարգեր, այլև գրականության մի որոշակի ընթացք ինքն է ներկայանում ամբողջական էակարգի ձևաբանությամբ և հեռանալով կաղապարային գնահատումների իներցիայից՝ հայտնվում ենթաբնագրային-ենթիմաստային վերակառուցումների ու «վերագրառումների» առանձնահատուկ միջավայրում, որտեղ անակնկալ լուսավորվում են նախկինում ուշադրությունից վրիպած անկյուններ:

Գիրքը հնարավոր է ձեռք բերել «Հայ գիրք» գրախանութների ցանցից:

Համերգ` նվիրված ԱԻՆ փողային նվագախմբի 3-ամյա հոբլյանին

համերգՀունիսի 24-ին, ժամը 18.30-ին Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում  տեղի կունենա  ՀՀ ԱԻՆ փողային նվագախմբի 3-ամյա հոբլյանին նվիրված տոնական համերգ։

Համերգային ծրագրում նվագախմբի կատարմամբ կհնչեն դասական և ժամանակակից կոմպոզիտորների (Ա. Խաչատրյան, Ա. Այվազյան, Գ. Հախինյան, Վ. Աճեմյան, Ա. Սմբատյան, Ա. Մարտիրոսյան և այլն) հանրահայտ ու սիրված ստեղծագործություններ։

ԱԻՆ նվագախմբին իրենց կատարումներով կշնորհավորեն նաև տարբեր երգիչներ և պարային համույթներ։

ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ միջոցառման մուտքն ազատ է։

«Ոսկե ծիրան»-ը կհամագործակցի դեսպանությունների հետ

GOLDEN APRICOT_1Այսօր` հունիսի 21-ին, «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնը ՀՀ-ում իր գործընկեր դեսպանությունների հետ համատեղ մամլո ասուլիսով ներկայացրեց այս տարվա փառատոնի շրջանակներում կայանալիք համագործակցությունը: Ասուլիսի բանախոսներն էին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան պրն. Ջոն Ա. Հեֆերնը, ՀՀ-ում Ֆրանսիայի հանրապետության դեսպանության մշակույթի կցորդ պրն. Ֆաբիեն Ներան, ՀՀ-ում Լեհաստանի հանրապետության դեսպանության առաջին քարտուղար Մաչեյ Ֆալկովսկին, ՀՀ Գերմանիայի դաշնային հանրապետության դեսպանության քարտուղար Կոնստանտին Ցելենտինը և «Ոսկե ծիրան» Երևանի ՄԿՓ գեղարվեստական ղեկավար տկն. Սուսաննա Հարությունյանը:

«Ոսկե ծիրան» Երևանի 10-րդ միջազգային կինոփառատոնին ավանդաբար աջակից են ՀՀ-ում օտարերկրյա դեսպանությունները: Մասնավորաբար, ծրագրի որոշ մասը հնարավոր եղավ իրականացնել ՀՀ-ում ԱՄՆ, Գերմանիայի, Ֆրանսիայի և Լեհաստանի դեսպանությունների աջակցությամբ:

Ֆրանսիական համագործակցության էպիկենտրոնը, անխոս, լեգենդար շանսոնիեի` Շառլ Ազնավուրի ներկայությունն է փառատոնին և նրա դերակատարմամբ ֆիլմերի` Ֆրանսուա Տրյուֆոյի Կրակել դաշնակահարի վրա, Դընիս դը լա Պատելյիեի Թոբրուկ գնացող տաքսին և Ատոմ Էգոյանի Արարատ ֆիլմերի ներկայացումը հետահայաց ցուցադրություններ ծրագրում:

Կարևոր է նշել, որ Ֆրանսիայի դեսպանության հետ համագործակցության արդյունքում է, որ հնարավոր դարձավ ապահովել ֆրանսիացի մի շարք անվանի կինոգործիչների մասնակցությունը փառատոնին: Մասնավորաբար, որպես ժյուրիի կազմի անդամ ներկա կլինեն ֆրանսահայ ճանաչված կինոգործիչ Սերժ Ավետիքյանը (միջազգային խաղարկային մրցույթ), ֆրանսիացի անվանի կինոքննադատ Ժան Ռադվանին (Հայկական համայնապատկեր մրցույթ) և պրոդյուսեր Էդիտա Յանչակ-Հիրիարտը (կարճամետրաժ ֆիլմերի մրցույթ):  Ֆրանսիական արտադրության Երկու հոգու միջև վավերագրականը կներկայացնի ֆիլմի հեղինակը` Լորանս Պերիգոն: Մրցութային ծրագրում ընդգրկված են նաև ֆրանսիական համատեղ արտադրությամբ ստեղծված Տարվա հինգերորդ եղանակը խաղարկայինը, Լևիաթան վավերագրականը, Փետուրի խրոնիկա կարճամետրաժը, որը կներկայացնի ռեժիսորը` Աքսել Լաթնադան, իսկ ֆրանսահայ ռեժիսորներ Առնո Խայաջանյանի Կորած հորիզոնները և Արտո Փեհլիվանյանի Վ…, այսինքն` Վեռնյոյ ֆիլմերը կներկայացվեն Հայկական համայնապատկերում: Արտամրցութային ծրագրի Հետահայաց ցուցադրություններ բաժնում կներկայացվի Ուլրիխ Զայդլի ֆրանսիական համատեղ արտադրությամբ ստեղծված եռապատումը:

Լեհաստանի դեսպանության և Լեհաստանի կինոինստիտուտի հետ համատեղ համագործակցությամբ հուլիսի 8-ին կիրականացվի լեհական կինոյի օրը: Կցուցադրվի Անտոնի Կրաուզեի Սև հինգշաբթի խաղարկայինը: Մաչեյ Ադամեկը կմասնակցի փառատոնին և կներկայացնի իր Լուսանկարը ֆիլմը, որ ընդգրկված է միջազգային խաղարկային ծրագրում: Կորդիան Կոնջելյայի Թո՚ւհ (Boo!), Կրիստոֆեր Ռուֆի The Big Leap և Լուկաշ Օստալսկու Մայրը կարճամետրաժները կմրցեն «Կորիզ» անվանակարգում: Լեհական համագործակցության շրջանակներում փառատոնին կհյուրընկալվի հռչակավոր կինոռեժիսոր Քշիշտոֆ Զանուսին:

Գերմանիայի դեսպանության և Թբիլիսիի Գյոթե ինստիտուտի հետ համագործակցությամբ փառատոնի ծրագրում` հուլիսի 9-ին, տեղի կունենա գերմանական կինոյի օր, որ կնշանավորվի Մարգարետ ֆոն Տրոտտայի Հաննա Արենդտ  (Hannah Arendt) ֆիլմի ցուցադրությամբ և ֆոն Տրոտտային` համաշխարհային կինոյում ունեցած վաստակի համար «Փարաջանովյան թալեր» մրցանակի հանձնումով: «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում կներկայացվեն Միկի Նեդիմովիչի Dva, Էրիկ Շմիդթի Rhino Full Throttle, Էլմար Իմանովի  The Swing of the Coffin Maker գերմանական արտադրության և Էնգին Կունդակի Արարատ թուրք-գերմանական ու Էլկա Պապիաշվիլու Աղջիկը Գորիից գերմանա-վրացական համատեղ արտադրությունները:

Կարևոր է նշել, որ Գյոթե ինստիտուտի աջակցությամբ հնարավոր է դարձել նաև մի քանի գերմանացի պրոդյուսերների մասնակցության ապահովումը «Ռեժիսորներ առանց սահմանների» 7-րդ համատեղ արտադրության ֆորումին, ինչը հնարավորություն կտա տարածաշրջանային սկսնակ կինոգործիչներին խորհրդատվություն ստանալ իրենց կինոնախագծերի զարգացման համար: Իսկ «Ֆիլմեր առանց սահմանների» ծրագրում կներկայացվեն գերմանական համատեղ արտադրությամբ ստեղծված ֆիլմեր:

ԱՄՆ դեսպանության հետ համագործակցության արդյունքում է, որ հնարավոր է դարձել ամերիկացի հռչակավոր կինոռեժիսոր Գոդֆրի Ռեջիոյի հյուրընկալությունը փառատոնին, ով նաև համաձայնել է վարպետության դաս անցկացնել Երևանում:

Կարևոր է նշել, որ ԱՄՆ դեսպանությունը մասնակիորեն ֆինանսավորել է նաև Հայաստան–Թուրքիա կինոպլատֆորմի (ՀՊՖՆ) իրականացումը: ՀՊՖՆ-ը հիմնադրվել է 2009թ. «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի և թուրքական Անադոլու Քյուլթուր (Anadolu Kultur) կազմակերպության համատեղ ջանքերով: ՀՊՖՆ-ը միտված է Հայաստանի և Թուրքիայի միջև համատեղ ֆիլմերի ստեղծման խթանմանը և երկու երկրների կինոգործիչների համար ստեղծագործելու յուրահատուկ հարթակ է: ՀՊՖՆ-ի շրջանակներում ստեղծվել է 11 ֆիլմ` կարճամետրաժ և վավերագրական, տեղի է ունեցել ավելի քան 100 փոխադարձ այց,  թողարկվել է հայ և թուրք երիտասարդ կինոգործիչների կողմից ստեղծված 5 կարճամետրաժ և վավերագրական ֆիլմերի ժողովածու-սկավառակ: Հարկ է նշել նաև, որ նախագծի կարևորությունն էականորեն ընդգծվեց անցյալ տարի, երբ ԱՄՆ Սենատոր Ռիչարդ Դուրբինը տարածաշրջանային այցից հետո Սենատում կատարված իր հաշվետվությունում խոսեց ՀՊՖՆ-ի նախաձեռնությունների` միջսահմանային հարաբերություններում ունեցած դերի և կարևորության մասին:

ԱՄՆ կինոգործիչներ Ջեյ Վայսբերգը և Դեյվիդ  դ’Արսին կընդգրկվեն համապատասխանաբար միջազգային խաղարկային և Հայկական համայնապատկեր մրցույթների ժյուրիի կազմերում:   Մրցութային ծրագրի համապատասխան բաժիններում կներկայացվեն Սթիվ Հուվերի Արյունակից եղբայրը վավերագրականը, Լիսան Սարտորի Six Letter Word կարճամետրաժը և Ալեքսանդր Տավիտիան-Միրեցկու All Together Now  խաղարկայինը` բոլորն ամերիկյան արտադրության:

Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները գրանցվեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի “Աշխարհի հիշողություն”ծրագրում

Արամ Խաչատրյան      Հունիսի 18-ին Կորեայի Հանրապետությունում կայացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի “Աշխարհի հիշողություն” ծրագրի կոմիտեի նիստում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի որոշմամբ և Միջազգային խորհրդատվական կոմիտեի եզրակացության հիման վրա ծրագրի Միջազգային ռեգիստրում (Memory of the World International Register) գրանցվել է «Արամ Խաչատրյանի ձեռագիր նոտաները և կինոերաժշտությունը»:

Հայկական հայտը համալրեց աշխարհի բոլոր մայրցամաքներից ներկայացված քարից մինչև ձայնային կրիչների վրա պահպանվող 299 փաստաթուղթ  պարունակող ցանկը: Այսուհետ, Արամ Խաչատրյանի անունը կդասվի այս ցանկում արդեն իրենց տեղը գտած աշխարհահռչակ այնպիսի կոմպոզիտորների հետ, ինչպիսիք են  Բեթհովենը, Բրամսը և Շոպենը:

Այս տարի Ռեգիստրում գրանցված անվանացանկը ներառում է Վրաստանի և Մեծ Բրիտանիայի կողմից համատեղ ներկայացված «Վագրենավորը» պոեմի ձեռագիրը, Գերմանիայի կողմից ներկայացված Կարլ Մարքսի ինքնագրով Կապիտալ աշխատության ձեռագիրը, 15-18 դարերում Լեհաստանի թագավորության և Օսմանյան Կայսրության միջև կնքված խաղաղության պայմանագրերը,  Իսպանիայի կողմից ներկայացված «The Decreta of León of 1188 » վերտառությամբ Եվրոպական խորհրդարանական համակարգի վերաբերյալ ամենահին փաստաթուղթը, 1497-1499 թթ. Վասկո դա Գամայի Հնդկաստան կատարած ճամփորդության վերաբերյալ ձեռագիրը:

«Արամ Խաչատրյանի ձեռագիր նոտաները և կինոերաժշտությունը» հայտը պատրաստվել է  ՀՀ ԱԳՆ կողմից` Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի և կոմպոզիտորի որդի Կարեն Խաչատրյանի օժանդակությամբ: Հայտը  ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայան էր ներկայացվել 2010թ. և մինչև 2012թ. համալրվել էր հավելյալ նոտաների ձեռագրերով:

Այսպիսով, “Աշխարհի հիշողություն” ծրագրում իր տեղը գտավ հայկական երրորդ փաստագրական ժառանգությունը. 1997 թվականից Հայաստանը ներկայացված էր Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանով, իսկ 2011թ.-ից` “Բենիամին Մարգարյանի գալակտիկաների մասին ուսումնասիրությամբ”:

Տեղեկանք: ՅՈՒՆԵՍԿՕ-ի “Աշխարհի հիշողություն”ծրագիրը մեկնարկել է 1992 թվականին` աշխարհում գոյություն ունեցող արխիվների և գրադարանների արժեքավոր հավաքածուների անհետ կորուստը կանխելու նպատակով: Այս ծրագրի շրջանակներում գոյություն ունի Աշխարհի հիշողության ՅՈՒՆԵՍԿՕ–ի միջազգային ռեգիստր: Այդ Ռեգիստրն իրենից ներկայացնում է փաստագրական ժառանգության ցուցակ, որի մեջ ընդգրկված են այն փաստաթղթերը, ձեռագրերը, տեսա–հնչյունային նյութերն ու գրադարանային հավաքածուները և արխիվները, որոնք ճանաչվել են որպես բացառիկ նշանակություն ունեցող արժեքների մարմնավորում և պետք է վկայագրվեն ու պահպանվեն ամբողջ աշխարհի մարդկության համար:

Տաթևում մշակութային տուրիզմի զարգացումը փորձում են խթանել անհատ ՀԿ-ները, սակայն, թվում է, չեն պատկերացնում, թե ինչպես

տաթև«Տաթևի արհեստավորաց թև» մշակութային հասարակական կազմակերության հիմնադիր նախագահ Դերենիկ Եփրեմյանը այսօր հանդիպեց լրագրողների հետ` ներկայացնելով Նիդեռլանդներից հրավիրված PR մասնագետ Հանս Սիջսին, ով, իր իսկ խոսքով,  եկել է Հայաստան` օգնելու իրականացնել Տաթևի արհեստավորաց թև մշակութային ՀԿ-ի իդեաները` գտնել հովանավորներ այդ գաղափարները իրագործելու համար:

Ասուլիսի ընթացքում, սակայն, պարզվեց, որ ՀԿ-ի գաղափարները  դեռ որոշակի չեն: Նախ հոլանդացի մասնագետը դեռ նույնիսկ չէր եղել Տաթևում և չգիտեր, թե հատկապես ինչով կարող է օգնել: Եվ երկրորդ` ՀԿ-ի նախագահը խոսում էր օտարերկրյա մասնագետի միջոցով եվրոպացի զբոսաշրջիկների ցանկությունները կռահելուց և նրանց` իրենց ուզածի պես մեր մշակույթը ներկայացնելուց այն դեպքում, երբ ինքն էլ հստակ չէր պատկերացնում, թե որտեղ պետք է, օրինակ, օթևանեն եվրոպացի զբոսաշրջիկները Տաթևում, թե ովքեր կմասնակցեն այն  ցուցահանդեսին, որ իրենք պատրաստվում են իրականացնել զբոսաշրջիկների համար և այլն:

Եվ ամեն դեպքում ՀԿ-ն որոշել է, որ ցուցահանդեսի բացումը տեղի կունենա հունիսի 23-ին և տեղի կունենա ողջ ամառային սեզոնի ընթացքում:

 

Ժվանեցկին՝ հայ հանդիսատեսի մասին. ՙԵս պատրաստ եմ նման դահլիճի և հանդիսատեսի համար ամեն ինչ տալ՚

GvaneckiyՀունիսի 15-ին «Բեմ փրոդաքշն» ընկերությունը ներկայացրեց գրող-երգիծաբան Միխայիլ Ժվանեցկու հեղինակային երեկոն։ «120 րոպե` Ժվանեցկու հետ» խորագրով նոր ծրագիրը 2 ժամ շարունակ ժպիտ պարգևեց հանդիսատեսին։

Երեկոյից հետո Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի ժողովրդական արտիստ Մ. Ժվանեցկին հանդիպեց լրագրողների հետ, պատասխանեց նրանց հարցերին։ Երգիծաբանը նշեց, որ հայ հանդիսատեսն ու Հայաստանը հաճելիորեն զարմացրել են իրեն։ «Հանդիսատեսի՝ ռուսական հումորի ընկալումն ինձ զարմացրեց։ Ես սկզբից շատ արագ սկսեցի, սակայն հետո սկսեցի խոսել դանդաղ, և ամեն ինչ հունի մեջ ընկավ: Ամեն ինչ տեղի ունեցավ այնպես, ինչպես երկուսս էինք ուզում՝ ես և նա: Եսը ես եմ, իսկ նա` հանդիսատեսը։ Ես պատրաստ եմ նման դահլիճի և հանդիսատեսի համար ամեն ինչ տալ։ Երևանյան երեկոյի ընթացքում իշխում էր փոխադարձ հիացմունքի մթնոլորտը։ Հայաստանում հրաշալի ընկալում են ռուսական հումորը»,- ասաց երևանյան հանդիսատեսից տպավորված արտիստը:

Նա նկատեց նաև հայերի աշխատասիրությունը։ «Հայ ժողովուրդը ստիպված է անգամ մրգերն ու բանջարեղենը քարից քարից քամել, ինչը շատ դժվար է»,- ասաց երգիծաբանը։

Մ. Ժվանեցկին նշում է, որ մենք հիմա ապրում ենք մի ժամանակներում, երբ տեղի է ունենում արժեքների վերագնահատում։ Նա կարծում է, որ անկեղծությունն աստիճանաբար դառնում է թանկարժեք ապրանք։

Համեմատելով խորհրդային հումորը ներկա ժամանակների երգիծանքի հետ՝ Ժվանեցկին նշեց, որ այսօր խոսում են ամեն ինչի մասին, սակայն մակերեսորեն։

 

 

«Բեմ փրոդաքշըն» ընկերություն

Վարչապետն ընդունել է Էստոնահայ գրող Գոհար Մարկոսյան-Կասպերին

10477_am_1Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Էստոնիայում բնակվող հայազգի հայտնի գրող Գոհար Մարկոսյան-Կասպերին, ով հայրենիք է ժամանել «Բոլորը գնում են Երևան» ժողովրդական դիվանագիտության առաքելության ծրագրի շրջանակներում: Ողջունելով գրողին` Տիգրան Սարգսյանը նշել է. «Դուք հեղինակություն եք վայելում ընթերցողների շրջանում և մենք բոլորս սպասում ենք Ձեր նոր ստեղծագործություններին»:
Էստոնահայ գրողը վարչապետին է ներկայացրել իր նոր վեպի հրատարակման ուղղությամբ աշխատանքներն ու առաջիկա ծրագրերը: Այնուհետև զրուցակիցները քննարկել են մշակույթի, մասնավորապես, գրական ասպարեզում մեր երկրում առկա վիճակն ու հեռանկարները: Անդրադարձ է կատարվել Հայաստանում, Էստոնիայում և ողջ աշխարհում արվեստի ոլորտում տեղի ունեցող զարգացումներին:
Գոհար Մարկոսյան-Կասպերը հայտնի է իր հեղինակած մի շարք վեպերով՝ «Պենելոպե», «Հեղինե», «Կարիատուհիներ» և այլն), պիեսներով ու պատմվածքներով:
Նրա գրքերը թարգմանվել են անգլերեն, գերմաներեն, էստոներեն և այլ լեզուներով:

«DDT» ռոք-խմբի համերգը

timthumbՀունիսի 16-ին Երևանում«Ժողովրդական դիվանագիտության առաքելություն» քաղաքացիական նախաձեռնության շրջանակներում տեղի կունենա ռուսաստանյան լեգենդար «DDT» ռոք-խմբի համերգը: Խումբը հանդես կգա «Сольник» ծրագրով:
Խմբի մենակատար  Յուրի Շևչուկը նշել է, որ նվագելու են տարբեր ժանրերի երաժշտություն` ջազ, հեղինակային երգեր, կլինեն նաև հին ու նոր երգեր: Նա հավելել է, որ Երևանը ջազի քաղաք է, այստեղ կա ջազի մշակույթ:
-Մենք եղել ենք Վրաստանում, Ուկրաինայում, բայց Հայաստանում երբեք չենք եղել, սա հրաշալի երկիր է, այն ավանդույթներով, մշակույթով հարուստ երկիր է, մենք շատ ուրախ ենք, որ մեզ հրավիրեցին»,- ասաց երգիչը՝ շնորհակալություն հայտնելով հրավերի համար:
Շևչուկը հայ երաժիշտներին որոշակիորեն ճանաչում է, գիտի հայկական դուդուկ, համագործակցել է և հիմա էլ սիրով կհամագործակցի հայ երաժիշտների հետ:
-Երբ 88-ին Սպիտակում երկրաշարժ տեղի ունեցավ, այդ գիշեր մահացավ իմ պապիկը: Խմբի կիթառահար Արթուր Օսիպյանը եկավ Երևան: Արթուրը նույնպես եղբոր հետ աշխատել է խմբով, այն ժամանակ էլ ուզում էինք գալ Հայաստան, բայց չէր ստացվում,- ասաց նա:
Նա հիշատակեց նաև Ստաս Նամինի անունը, նշեց, որ մի շարք համերգներ են կազմակերպել, նրա հետ եղել են Երուսաղեմում, խոսել հայ մակույթի, հայոց ցեղասպանության մասին:
Յուրաքանչյուր մարդ, անկախ մասնագիտությունից, իր երկրի քաղաքացին է և սեփական կարծիք արտահայտելու իրավունք ունի: Քաղաքական գործիչները, ըստ նրա, մենեջերները պետք է ասեն՝ ուր են տանում երկիրը:
-Ես քաղաքական գործիչ չեմ, ես կուսակցական չեմ, բայց հայտնի խոսք կա, եթե դու չես զբաղվում քաղաքականությամբ, քաղաքականությունն է զբաղվում քեզնով,- հավելեց Շևչուկը:
Նրա խոսքով` քաղաքականությամբ պետք է հետաքրքրվի յուրաքանչյուր քաղաքացի, բայց լինել քաղաքական գործիչ, զբաղվել պրոֆեսիոնալ քաղաքականությամբ քչերն են ունակ:
«Ես երբեք չեմ լինի գեներալ, ես երաժիշտ եմ, քաղաքականության մեջ մարդիկ մասսաներ են, իսկ  ինձ համար յուրաքանչյուր մարդ անհատ է»,- ասաց նա:
Մարիամ Հովհաննիսյան

Արամ Խաչատրյանի անվան 9-րդ միջազգային մրցույթի հաղթողն Անդրեյ Իոնիցան է

Անդրեյ ԻոնիցաՀունիսի 14-ին տեղի ունեցավ Արամ Խաչատրյանի անվան 9-րդ միջազգային մրցույթի փակման հանդիսավոր արարողությունը։ Ժյուրիի նախագահ Արամ Թալալյանը հայտարարեց հաղթողների անունները։ Արամ Խաչատրյանի անվան 9-րդ միջազգային մրցույթի հաղթող ճանաչվեց Ռումինիան ներկայացնող թավջութակահար Անդրեյ Իոնիցան։ Երկրորդ մրցանակը ստացավ Աննա Մորոզովան (Ռուսաստան)։ Ժյուրին սահմանել էր երկու երրորդ մրցանակ, որոնց արժանացան Ալեքսանդրա Պերլովան (Ռուսաստան) և Գայանե Խաչատրյանը (Հայաստան)։

Սահմանվել էին նաև մի շարք հատուկ մրցանակներ։

Մրցույթի պատվավոր հյուր, Մոսկվայի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Պավել Կոգանը, իր խոսքում կարևորելով փառատոնի անցկացումը տաղանդավոր երիտասարդների ճանապարհ հարթելու գործում, նշեց, որ հաղթողը՝ Անդրեյ Իոնիցան, հնարավորություն ունի հանդես գալ Մոսկվայի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ:

MIDEM classical and jazz worldwide-ի տնօրեն Կորնելիա Մուխը հատուկ մրցանակ հանձնեց Անդրեյ Իոնիցային՝ նրան հրավիրելով մասնակցել 2014 թ. փառատոնին: Նա դաշնակահար Արմեն Բաբախանյանին ու թավջութակահար Գայանե Խաչատրյանին ևս հրավիրեց մասնակցելու փառատոնին: Կորնելիա Մուխը շատ բարձր գնահատեց խաչատրյանական մրցույթի անցկացումը։ Նա կարևորեց նաև ժյուրիի անաչառ և պրոֆեսիոնալ աշխատանքը։

Մրցույթի պաշտոնական նվագախումբ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը սահմանել է հատուկ մրցանակ «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում: Այն շնորհվեց Լևոն Առաքելյանին (Հայաստան):

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան սահմանել էր հատուկ մրցանակ Արամ Խաչատրյանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթի լավագույն դաշնակահարին: Ժյուրիի որոշմամբ մրցանակը շնորհվեց Արմեն Բաբախանյանին և Արթուր Ավանեսովին:

ԱՊՀ անդամ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամն էլ սահմանել էր հատուկ մրցանակ երկու հայ մասնակցի` Հակոբ Աթյանի և Միքայել Նավասարդյանի համար, որոնք 2013-2014թթ. համերգաշրջանի ընթացքում կմեկնեն ԱՊՀ երկրներ հյուրախաղերի:

Արամ Խաչատրյան տուն թանգարանը, ըստ ավանդույթի, սահմանել էր մրցանակ Արամ Խաչատրյանի սոլո սոնատի լավագույն կատարման համար: Այն հանձնվեց Անդրեյ Իոնիցային (Ռումինիա):

Դրեզդենի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգային գործունեության պլանավորման ղեկավար Քերն Քոփը, խոսելով Արամ Խաչատրյանի անվան 9-րդ միջազգային մրցույթի մասին, այն համեմատեց եվրոպական մրցույթների հետ։ Քերն Քոփն ընդգծեց, որ բացի շնորհալի երաժիշտներին բացահայտելուց, մրցույթն աշխարհում տարածում է Արամ Խաչատրյանի երաժշտությունը։

Հիշեցնենք, որ հայ մեծ կոմպոզիտորի անունը կրող միջազգային մրցույթը, որն այս տարի ուղղված էր երիտասարդ թավջութակահարների բացահայտմանը, մեկնարկել էր Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակի օրը՝ հունիսի 6-ին, և անցկացվել է 3 փուլով։

Փակման հանդիսավոր արարողությանն առաջին մրցանակակիրը հանդես եկավ Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի պաշտոնական նվագախումբ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան)։ Հիշեցնենք, որ մրցույթի բացման արարողությանը Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ հանդես էր եկել մենակատար, աշխարհահռչակ թավջութակահար Գոտյե Կապյուսոնը Ֆրանսիայից, ով կատարել էր Արամ Խաչատրյանի թավջութակի կոնցերտը:

Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը կյանքի է կոչվում ՀՀ մշակույթի նախարարության, «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի համատեղ ջանքերի արդյունքում և անցկացվում է ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, ով մրցույթի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահն է: 2010 թվականից մրցույթի գլխավոր գործընկերն է ԱՊՀ անդամ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը:

Նշենք, որ Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն այս տարի անցկացվել է նոր կարգավիճակում. այն մայիսին դարձել է Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի անդամ։

 «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամ

http://akhic.am

«Երկնքից երեք խնձոր ընկավ…» հեքիաթասացության և բարբառի փառատոնը՝ ԻԿՕՄ ՍԵԿԱ-ի «5 լավագույն փորձ» ծրագրերի շարքում

hqdefault2009 թվականից ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ իրականացվող Հովհաննես Թումանյանի թանգարանի` «Երկնքից երեք խնձոր ընկավ…» հեքիաթասացության և բարբառի փառատոնի ծրագիրը հաղթող է ճանաչվել ԻԿՕՄ-ի (Թանգարանների միջազգային կոմիտե) գագաթնաժողովի շրջանակներում ՍԵԿԱ-ի (ԻԿՕՄ-ի Կրթության և մշակութային գործունեության միջազգային կոմիտե) հայտարարած 2013 թ. «Լավագույն փորձ» (Best Practice AWARD) մրցույթում: Հայտերի ուսումնասիրումը տեղի է ունեցել 2013 թ. մայիս ամսին, որի արդյունքում «Երկնքից երեք խնձոր ընկավ…» հեքիաթասացության և բարբառի փառատոնը  մրցութային ժյուրիի որոշմամբ ընդգրկվել է «5 լավագույն փորձ» ծրագրերի շարքում: Հաղթող ճանաչված ծրագրերը կհրատարակվեն ԻԿՕՄ/ՍԵԿԱ-ի 2013 թ. տարեգրքում: Մրցանակները կհանձնվեն 2013 թ. օգոստոսի 11-17-ը Բրազիլիայում կայանալիք ԻԿՕՄ-ի գագաթնաժողովի ընթացքում:

«Երկնքից երեք խնձոր ընկավ…» հեքիաթասացության և բարբառի փառատոնի նպատակն է վերակենդանացնել հեքիաթասացությունն՝ իբրև բանահյուսական նյութի մատուցման կարևորագույն միջոց, խրախուսել բանավոր խոսքի մշակույթի զարգացմանը, բացահայտել երիտասարդության ստեղծագործական կարողությունները: Փառատոնը նպաստում է նաև հայերենի այն բարբառների կիրառմանը, որոնք այսօր  չունեն աշխարհագրական հայրենիք /Արևմտյան Հայաստանի և Նախիջևանի բարբառները/: Ծրագրին մասնակցում են նաև ՀՀ-ում բնակվող ազգային փոքրամասնություններն ու սփյուռքի հայկական գաղթօջախների ներկայացուցիչները: