«Թարգմանչաց տոներ». նախաձեռնություն, որը համախմբեց մտավորականությանը

թարգմանչաց տոներ2Հարցազրույց ՀՀ հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ` խորհրդային տարիներին Ցեղասպանության հարցի բարձրաձայնման և «Թարգմանչաց տոներ» նախաձեռնության մասին:

– Պարոն Մանուկյան, 1960-ականներին Հայաստանում սկիզբ առավ մի շարժում, որի ներքո ստեղծվեցին գաղտնի ազգային կազմակերպություններ, սկսեցին  բարձրաձայնվել Հայոց ցեղասպանության հարցը և այլ ազգային հարցեր: Այդ ժամանակ Դուք ակտիվ ուսանող էիք: Ի՞նչ կհիշեք այդ տարիներից և Ձեր գործունեությունից: 

– 1965 թվականի ապրիլի ապրիլի 24-ին առաջին անգամ նշվեց ցեղասպանության 50-ամյակը` աննախադեպ մեծ ցույցերով: Այդ ժամանակ երիտասարդության մեծ մասը գրեթե պատկերացում չուներ դրա մասին, քանի որ այդ թեման փակ էր, դրա մասին չէին խոսում: Դրանից հետո եղան ձերբակալություններ, բայց դա հիմք դրեց երիտասարդական մի շարք գաղտնի կազմակերպությունների հիմնադրմանը, որոնք իրենց առջև ցեղասպանության ճանաչման, հողերի վերադարձի հարցը լուծելու խնդիր էին դնում` աստիճանաբար բարձրացնելով նաև  անկախության և այլ հարցեր: Այդ կազմակերպությունների մեջ հավաքված էին բավականին ոգևորված երիտասարդներ, որոնք թռուցիկներ էին տարածում, թերթ էին փորձում հրապարակել, բայց այդ ամենն անարդյունավետ էր, քանի որ նրանց շատ արագ ձերբակալում էին: 1967 թվականին, երբ սովորում էի Մոսկվայի պետական համալսարանում, մի խումբ հայ ուսանողներիս հաջողվեց Թուրքիայի դեսպանատան դարպասների առջև ապրիլի 24-ի կապակցությամբ ցույց կազմակերպել` մեկ քայլով խաբելով ազգային անվտանգությանը: Նշեմ, որ նախորդ երկու տարիների փորձը չէր հաջողվել: Դա պատճառ դարձավ, որ մեզ համալսարանից հեռացնեն:  Այդ ժամանակ էլ առաջ եկավ այն միտքը, որ զուտ գաղտնի կազմակերպություններով գործն առաջ չի գնա, քանի որ շատ արագ ձերբակալվում ես: Ճիշտ է, գաղտնի գործելը  հերոսական է, հետաքրքիր է, բայց անարդյունավետ: Մենք որոշեցիք գնալ այլ ճանապարհով և ստեղծեցինք հայ մշակույթի ակումբ: Մշակույթի անվան տակ կարելի էր առաջ տանել մեր գաղափարները: Մենք այդ կազմակերպությունը որևէ տեղ իրավաբանորեն չգրանցեցինք: Իսկ երբ վերադարձանք Երևան, ԵՊՀ-ում ստեղծեցինք Հայ մշակույթի ակումբ, որը պաշտոնապես գրանցվեց որպես երիտասարդական կազմակերպություն: Հայտարարություններ տարածեցինք, որ ցանկացողները կարող են դառնալ ակումբի անդամ: Սակայն 1971 թվականի ապրիլի 24-ին ջահերով երթ տեղի ունեցավ դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որի ժամանակ ընդհարում տեղի ունեցավ ոստիկանության հետ, և ակումբը փակվեց:

– 1974 թվականին Դուք մի շարք համախոհների հետ «Թարգմանչաց տոներ» անվան տակ իրականացրիք մի նախաձեռնություն, որին մասնակից դարձավ հայաստանյան ողջ մտավորականությունը: Ի՞նչ նախաձեռնություն էր դա:

Ձախից` ճարտարապետ Ա. Թարխանյանը, ակադեմիկոսներ Ա. Իոսիֆյանը և Ս. Մերգելյանը

Ձախից` ճարտարապետ Ա. Թարխանյանը, ակադեմիկոսներ Ա. Իոսիֆյանը և Ս. Մերգելյանը

– Տարիներ շարունակ այդ գործընթացների մեջ լինելով` մեծ կապեր էինք ձեռք բերել թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս: Բացի այդ, արդեն մեծացել էինք, ինչ-որ ճանապարհ էինք անցել, և կրկին հին ընկերներով հավաքվելու և մեր հին գործունեությունը շարունակելու միտք առաջացավ: Որոշեցինք ոչ ֆորմալ մի նոր կազմակերպություն հիմնել: Հարց բարձրացվեց, որ մենք Հայաստանում մեծ մտավորականություն ունենք, բայց տարբեր ոլորտներում գտնվելով` մտավորականներն իրար չեն ճանաչում: Մենք մեր առջև խնդիր դրեցինք, այդ մտավորականներին համախմբելով, ստեղծել մի ազգային ակումբ, որը հնարավորություն կտա մարդկանց ծանոթանալու, շփվելու, ոչ ֆորմալ մթնոլորտում հարցեր քննարկելու, ինչը հետագայում կարող է Հայաստանի համար մեծ նշանակություն ունենալ:

Այդ ժամանակ շատերս դասախոսներ էինք և աշակերտներ ունեինք, որոնց հետ առանձին պարապում էինք: Որոշեցինք յուրաքանչյուրս մեկ աշակերտի գումար ներդնել այդ գործին և հավաքված գումարով կազմակերպել մտավորականների առաջին հավաքը: Ընտրեցինք Մերգելյան ինստիտուտի Ծաղկաձորում գտնվող հանգստյան տունը և մտավորականներին` իրենց ընտանիքներով հանդերձ, հրավիրեցինք առաջին հավաքին: Նախաձեռնությունը հաջողված էր: Թարգմանչաց տոները դարձան ավանդական, և գրեթե 7-8 տարի շարունակ ամեն հոկտեմբեր ամսին Թարգմանչաց տոները նշելու անվան տակ մենք մտավորականներին հավաքում էինք նույն վայրում և երեք օր անցկացնում թեժ բանավեճերի, քննարկումների, ինչպես նաև հետաքրքիր ու հաճելի ժամանցի մթնոլորտում: Նրանց մեջ էին, օրինակ, բանաստեղծներ Սիլվա Կապուտիկյանը, Ռազմիկ Դավոյանը, նկարիչ Հակոբ Հակոբյանը, ակադեմիկոս Մերգելյանը, դիրիժոր Հովհաննես Չեքիջյանը, որն իմիջիայլոց շատ լավ ֆոկուսներ էր անում խաղաթղթերով, երգչուհի Լուսինե Զաքարյանն ու նրա ամուսինը` Խորեն Պալյանը, Սոս Սարգսյանը, դերասանուհի Աննա Պետրոսյանը, ասմունքող Վերա Հակոբյանը, երգեհոնահար Ստամբոլցյանը և այլ նշանավոր մարդիկ: Փաստորեն, այդ հավաքներին մասնակցում էին Հայաստանի ամենաազդեցիկ մարդիկ, որոնք մեծ կշիռ ունեին:

– Ի՞նչ հարցեր էին քննարկվում այդ հանդիպումների ժամանակ, և որ՞ն էր այդ ամենի նպատակը:

– Նպատակ չէր դրվում հարցեր բարձրացնել և հենց այդ պահին լուծել: Նպատակը, այդ հարցերը քննարկելով, համախոհներ, կողմնակիցներ ձեռք բերելն էր, որպեսզի մտավորականության մեծ ազդեցություն ունեցող շերտը համախմբվեր նույն գաղափարների շուրջ:

Հավաքի առաջին օրը երեկոյան մեծ ընթրիք էինք  կազմակերպում: Սկզբում անորոշություն էր լինում, քանի որ օրակարգ, որպես էդպիսին, չկար: Բնականաբար, նախ հայրենասիրական կենացներ էին հնչում, հետո սկսվում էին բանավեճերը` սկսած հայկական և ռուսական դպրոցների հարցից մինչև ազգային շատ այլ հարցեր` անկախություն, Հայաստան-Ռուսաստան հարաբերություններ և այն:

Հիշում եմ` մի անգամ սեղանի շուրջ Սիլվա Կապուտիկյանը մի ճառ ասաց` հօգուտ ռուս ժողովրդի: Մենք, ճիշտ է, դեմ չէինք ռուսներին, բայց քանի որ մեր ակումբը մի քիչ անկախական էր, դա այնքան էլ լավ չընկալվեց: Այդ ժամանակ Խորեն Պալյանը սկսեց երգել «Ձախորդ օրերը»` որպես պատասխան Սիլվա Կապուտիկյանի բաժակաճառին:

Վիճահարույց հարց էր հատկապես դպրոցի հարցը, որը բուռն քննարկման առարկա էր դառնում` հայկական դպրոց, ոչ հայկական դպրոց: Մտավորականներն այդ հարցում տարակարծիք էին, մանավանդ որ կար մտավորականության մի հատված, որ ռուսախոս էր, և նրանց համար զարմանալի էր, թե ինչու պիտի հայրենասիրությունը չափվի դրանով: Սակայն մտավորականության մի զգալի մասն էլ վտանգ էր տեսնում ռուսական դպրոցների մեջ, քանի որ այդ ժամանակ, եթե չեմ սխալվում, գոնե Երևանում երեխաների մոտ 40 տոկոսը հաճախում էր ռուսական դպրոց:

Քննարկվում էր նաև Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների հարցն ու մեր վերաբերմունքը ռուսների հանդեպ, այսինքն` Ռուսաստանը մեր դաշնակի՞ցն է, թե այն է, առանց որի մենք ապրել չենք կարող: Մենք կարծում էինք, որ դաշնակից է, բայց չէինք մտածում, որ առանց Ռուսաստանի ապրել չենք կարող: Հատկապես, երբ քննարկում էինք ցեղասպանության հետ կապված հարցեր, որոշակի պատասխանատվություն դնում էինք նաև Ռուսաստանի կայսրության վրա, որը հասկանալով, թե ինչ է սպասում հայերին, այնուամենայնիվ իր շահերն առաջ տարավ:

Ազատության, անկախության, կոմունիստական ռեժիմից ազատվելու հարցերն առավել հազվադեպ էին քննարկվում. դրանք բավականին բարդ թեմաներ էին:

Բայց ամենակարևորն այն է, որ այդ հարցերը քննարկվում էին ջերմ, ընկերական մթնոլորտում, երբեմն` երեկոյան մոմի լույսի տակ, կոնյակ խմելով, երբ ինչ-որ մեկն էլ դաշնամուր էր նվագում…

– Ի՞նչ տվեցին այդ հանդիպումներն ու քննարկումները:

– Մենք ճիշտ էինք. մտավորականներն իրար չէին ճանաչում: Կոմպոզիտորներ, գրողներ, մաթեմատիկոսներ, դերասաններ, ֆիզիկոսներ, բոլորը հայտնի, ազդեցիկ  մարդիկ էին, բայց իրար անձամբ ծանոթ չէին, և այդ հավաքները, մանավանդ որ ընտանեկան էին, մարդկանց մտերմացնում էին: Մենք կամաց-կամաց գալիս էինք նույն մտածողությանը ազգային, մշակութային հարցերի շուրջ:  Իսկ երբ 88-ի շարժումը սկսվեց, հասկացանք, թե այդ հավաքներն ինչքան կարևոր էին և ինչ մեծ նշանակություն ունեցան: Մտավորականությունը միանգամից համախմբվեց, քանի որ արդեն մարդիկ իրար ճանաչում էին, նույն կերպ էին հարցերին մոտենում, նույն գաղափարներն էին հարում: Դա էր Թարգմանչաց տոների ամենամեծ ձեռքբերումը:

Հարցազրույցը վարեց Անի Գասպարյանը

Մայքլ Ջեքսոնի ուրվականը պարել է քրոջ համար

1330337783_y_ea45419fԵրգիչ, կոմպոզիտոր Մայքլ Ջեքսոնի քույրը հայտարարել է, որ վերջերս նրան է հայտնվել եղբոր ուրվականը: Լա Թոյան ասել է, որ ուրվականը հայտնվել է Լոս Անջելեսից ոչ հեռու գտնվող  Էնսինյոյի տանը:

“Հստակ լսվում էր, թե ինչպես է ինչ-որ մեկը պարում նրա ոճով: Ինքն անձամբ չէր երևում, սակայն նրա ներկայությունը լրիվ զգացվում էր”:

Մայքլ Ջեքսոնն այդ տունը ձեռք է բերել1981-ին: Այս տանը նա երկար ժամանակ ապրել է իր երեխաների հետ: Երգիչը մահացավ 2009-ին:

Ուայնհաուսի մասին ֆիլմը ցույց կտա մինչ այդ դեռևս չցուցադրված կադրերը

Բրիտանական երգչուհի Էյմի Ուայնհաուսի կյանքի մասին նկարահանվող փաստագրական ֆիլմը կներկայացնի հանգուցյալ աստղի չցուցադրված կադրերը:
Grammy-ի հնգակի մրցանակակիր երգչուհին մահացել է 2011 հուլիսին 27 տարեկան հասակում ալկոհոլի թունավորումից: Երկար տարիներ նա կախվածություն է ունեցել ալկոհոլից և թմրանյութերից:
NBCUniversal-ի Focus Features International ստորաբաժանումը հայտնել է, որ օգտագործելով չցուցադրված նյութերը, այն կներկայացնի Էյմիի տաղանդն 3Ուայնհաուսի մասին ֆիլմը ցույց կտա մինչ այդ դեռևս չցուցադրված կադրերÕ իր իսկ շուրթերով, ինչպես նաև նրա ողբերգական պատմությունը:
Ֆիլմը բրիտանացի ռեժիսոր Ասիֆ Կապադիա և պրոդյուսեր Ջեյմս Գեյ-Ռիիսի համատեղ արտադրությունն է:
Նրանց նկարագրությամբ Ուայնհաուսը «մի ամբողջ սերնդի մեջ մեկ անգամ ծնվող տաղանդ է, ով իրեն է հրավիրում ամենքի ուշադրությունը»:

 

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը և գործընկերները տոնում են ՄԱԿ-ում ֆրանսերեն լեզվի օրը

03-20-2013irinabokovaԴպրոցականները, ուսանողները, պաշտոնական անձինք, դիվանագետներն ու լրագրողներն այսօր իմացան ավելին ֆրանսերեն լեզվի օգտագործման մասին Հայաստանում ֆրանսերենի օրվան նվիրված միջոցառման ժամանակ:
Միջոցառման նպատակն է նպաստել ՄԱԿ-ում լեզվկական և մշակութային բազմազանությանը: Միջոցառումը նաև նշեց Հայաստանում Ֆրանկոֆոնիայի ամսվա ավարտը: Բացի այն, որ ֆրանսերենը ՄԱԿ-ի վեց պաշտոնական լեզուներից մեկն է, այն նաև ՄԱԿ-ի Քարտուղարության երկու աշխատանքային լեզուներից մեկն է: Ֆրանսերենով խոսում են բոլոր մայրցամաքներում, ինչով այն կարևոր դեր է խաղում ՄԱԿ-ի խոսքն աշխարհով մեկ տարածելու գործում:
Միջոցառումը համատեղ կազմակերպվել է Երևանի Միսակ Մանուշյանի անվան թիվ 48, Ստեփան Զորհանի անվան թիվ 56 և Հայրապետ Հայրապետյանի անվան թիվ 78 դպրոցների, Ֆրանսիայի դեսպանատան կողմից՝ ՀՀ Արտաքին գործերի նախարարության և Երևանի քաղաքապետարանի Հանրակրթության վարչության հովանու ներքո: Ավելի քան հարյուր երեխաներ նշված դպրոցներից մասնակցեցին ներկայացումներին՝ նպաստելով ֆրանսերեն լեզվի տարածմանը:
Մարիա Դոցենկոն, ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության ներկայացուցիչն ասաց. «Ես ուրախ եմ այսքան շատ երիտասարդ ու վառ մարդկանց տեսնել այսօր հանդիսատեսի մեջ: Շատ կարևոր է, որ հայերը ֆրանսերեն են սովորում, որը նրանց կօգնի բացել սահմանները և ավելին իմանալ աշխարհի մասին, ինչպես նաև դառնալ աշխարհի քաղաքացիներ: Կարծում եմ` խիստ կարևոր է հիշել, որ մենք ապրում ենք բազմալեզու աշխարհում, որտեղ լեզուները, որոնցով խոսում ենք, կարդում կամ գրում, ազդում են մեր մտածելակերպի և գործողությունների վրա»:
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը հատուկ ձևավորված հավաստագրեր հանձնեց վերոնշյալ դպրոցների ղեկավարություններին և քաղաքապետարանի իր գործընկերներին:
Արաբերենը, չինարենը, անգլերենը, ֆրանսերենը, ռուսերենը և իսպաներենը ՄԱԿ-ի վեց պաշտոնական լեզուներն են: Սկսած 2010թ. ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչությունը Նյու Յորքում հայտարարել է «ՄԱԿ-ում լեզուների օրեր». մի նախաձեռնություն, որը միտում ունի տոնելու լեզվային և մշակութային բազմազանությունը: ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության երևանյան գրասենյակը նույնպես ծրագրել է 2013թ. ընթացքում միջոցառումներ նվիրել ՄԱԿ-ի պաշտոնական լեզուներին:

Ամփոփվել է Բրիտանական ֆիլմերի փառատոնի ֆիլմերի լավագույն գրախոսականի մրցույթը

review competitionԱպրիլի 26-ին ժամը 15.30-ին Բյուրոկրատ գրախանութում տեղի կունենա Բրիտանական ֆիլմերի 11-րդ փառատոնի շրջանակումկազմակերպված ֆիլմերի լավագույն գրախոսականի մրցույթի մրցանակաբաշխության արարողությունը: Բացման ելույթով հանդես կգանԵրևանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Էյվսը, Միացյալ Թագավորության Արտաքին գործերի նախարարության Արևելյան Եվրոպայիև Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի ղեկավար Քոլին Ռոբերտսը, Բրիտանական խորհրդի արվեստի ծրագրերի ղեկավար ՆարեկԹովմասյանը և «ԱրմենՏել» ՓԲԸ-ի (ապրանքանիշը` Beeline) Հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը:

Հայաստանում ֆիլմերի գրախոսության և կինոքննադատության զարգացմանն աջակցելու նպատակով փառատոնի շրջանակում Բրիտանական խորհուրդը, Երևանում Բրիտանական դեսպանատունը և փառատոնի գլխավոր հովանավոր «ԱրմենՏել» ընկերությունըԿինոքննադատների և կինոլրագրողների հայկական ասոցիացիայի հետ համատեղ հայտարարել են ֆիլմերի լավագույն գրախոսականի մրցույթ: Մասնակիցները պետք է գրեին փառատոնում ընդգկված ֆիլմերին նվիրված գրախոսություն, իսկ լավագույն երեք աշխատանքի հեղինակները կպարգևատրվեն մրցանակներով:

Բրիտանական ֆիլմերի փառատոնի շրջանակում գրախոսականի մրցույթը հայտարարվում է երկրորդ տարին շարունակ: Մրցույթին կարող էին մասնակցել բոլոր ցանկացողները: Այս տարի մարտի 6-ից-17-ը մասնակիցները գրել են փառատոնի ֆիլմերի վերաբերյալ գրախոսականներ, որոնք տեղադրվել են www.britfilms.am կայքում:

Այս տարի մրցույթին ներկայացվել էր 25 գրախոսական, որոնցից ժյուրին առանձնացրել էր երեք լավագույններին: Մրցույթի առաջին մրցանակակիրն է §Առավոտ¦ օրաթերթի լրագրող Գոհար Հակոբյանը, ով կպարգևատրվի Apple iPad 4-ով:

«Ես մասնագիտության բերումով տեղեկացված եմ, թե ինչ մրցույթներ կան, բայց ունեմ սկզբունք` այն է մասնակցել միայն հեղինակավոր մրցույթներին: Եթե որևէ մրցույթ կապ ունի Բրիտանական խորհրդի հետ, ապա վստահ եմ, որ այդ մրցույթի նշաձողը բարձր է և աշխատանքներն էլ քննում են մասնագիտական և անաչառ ժյուրին: Ես հպարտ եմ, որ մասնակցելով այս մրցույթին, արժանացել եմ գլխավոր մրցանակին: Հաճելի հույզեր ապրեցի տեղեկանալով այդ մասին»,-ասաց Գոհար Հակոբյանը:

Մրցույթի հատուկ մրցանակներն են  Արփի Ոսկանյանն ու Արթուր Վարդիկյանը:

 

Բժիշկները վերականգնել են Ֆիլինի դեմքը 4 փուլով

39fb0802aae4dcbf0344f2a2043ea3f8Պետական ակադեմիական Մեծ թատրոնի գեղարվեստական ղեկավար , 42-ամյա Սերգեյ Ֆիլինի դեմքի վերականգնման վիրահատությունները 4 փուլով են ընթացել: Հիշեցնենք, որ Ֆիլինի վրա հանցագործը հարձակվել էր հունվարի 17-ին և ծծմբական թթու լցրել նրա դեմքին:

Այրվածքաբանները մի շարք վիրահատություններ են կատարել ու գրեթե ամբողջությամբ վերականգնել Ֆիլինի դեմքի նախկին տեսքը:

400-1Դեպքից հետո, հիվանդանոցում մի կողմից մասնագետները պայքարում էին վերականգնելու տեսողությունը, ինչը ի դեպ չի հաջողվել, մյուս կողմից` փորձել են ծծմբական թթվի հասցրած հետևանքները վերացնել: Սկզբում վերքերի նախնական  մշակում է կատարվել, ապա` 4-րդ օրը սկսել են մաշկի վերականգնման աշխատանքները. հեռացրել են մեռուկացած մաշկի կտորները: Ամենախոր այրվածքներն աջ ականջի հատվածում են եղել, քանի որ հարձակման պահին Ֆիլինը հեռախոսով է խոսել ու հանցագործի կողմ կիսաշրջված դիրք է ունեցել: Դրանից հետո մաշկի պակասող հատվածները փոխարինել են ալլոֆիբրոբլաստներով, այլ կերպ` շարակցական հյուսվածքի բջիջներով, որոնք սկսել են վերականգնել այրված մաշկը: Առաջին վիրահատությունից հետո վիրաբույժները կրկնել են պրոցեդուրան , իսկ ավարտական փուլում հատուկ գելերով  սպիները վերացնելու միջոցառումներ են կատարել:

Ընդամենը մայրաքաղաքային կլինիկայում անցկացրած 3 շաբաթների ընթացքում, բժիշկներին հաջողվեց լրիվ վերականգնել Ֆիլինի այրված դեմքը, սակայն, հիվանդնոցից դուրսգրման պահին նա դեռևս  կույր էր:

Գվինեթ Փելթրոուն աշխարհի ամենագեղեցիկ կին է ճանաչվել

pic_1366806844People ամսագիրը դերասանուհի Գվինեթ Փելթրոուին 2013-ի ամենագեղեցիկ կին է ճանաչել: Գեղեցկությանը նվիրված  հրատարակության հատուկ թողարկումը վաճառքի կհանվի ապրիլի 26-ին: Հրատարակության կայքում ևս լրիվ ներկայացված չի աշխարհի ամենագեղեցիկ կանանց ցանկը,սակայն մասամբ այն հասանելի է:

40-ամյա դերասանուհին ամսագրին տված հարցազրույցում նշել է, որ առօրյայում ինքը սովոր է ջինս ու մարզաշապիկ կրել, ոչ թե զգեստներ կամ էլ դասական հագուստ, որոնցով նա հայտնվում է  միայն  միջոցառումներին: Բացի այդ, նա պատմել է, որ գրեթե չի կիրառում դեկորատիվ կոսմետիկա: Ինչպես ինքն է ասում, թարմ տեսք ունենալուն ու առույգ զգալուն օգնում է հատուկ ֆիզիկական վարժությունների համակարգը:

bb_horizontal_bigger19168526Սովորաբար այս հրատարակությունն իր ցուցակում  ամենագեղեցիկ կանանց անունները ներկայացնում է ոչ հիթ-շքերթի կարգով, այլ նշում է միայն թոփի ամենագեղեցիկ կնոջ անունը:

2013-ին այդ ցուցակում են հայտնվել Քվենտին Տարանտինոյի “Ազատագրված Ջանգոյի” աստղ Քերրի Վաշինգտոնը, օսկարակիր Ջենիֆեր Լոուրենսը, երգչուհի Փինքը, դերասանուհիներ Զոե Դեշանելը, Ամանդա Սեյֆրիդը, Դրյու Բերիմորը և այլք:  Հետաքրքրական է, որ այս ցուցակում է նաև 75-ամյա դերասանուհի, մոդել և պրոդյուսեր Ջեյն Ֆոնդայի անունը:

2012-ին  People-ի վարկածով ամենագեղեցիկ կին էր ճանաչվել երգչուհի Բեյոնսեն:

Բիրտանիայում տան շեմը վաճառվել է 750 հազար դոլարով

iՄի բրիտանացի զույգի հաջողվել է իրենց տան շեմը վաճառել  առասպելական`գրեթե 3 քառորդ մլն դոլարով:

Բանն այն է, որ տան շեմը բուդայական  բացառիկ նմուշ է: Այդ քարը տարիներ շարունակ  տան մասն է կազմել ու բոլոր այդ տարիներին զույգը փորձել է պարզել քարի ծագումը:

Արդյունքում, Bonham’s-ի աճուրդի տան փորձագետներին այնուամենայնիվ հաջողվեց պարզել, որ քարը շրիլանկյան բուդդայական տաճարի պահպանված  7 աստիճաններից մեկն է, որի մոտավոր տարիքը` առնվազն 1000 տարի է:

Քարը Մեծ Բրիտանիա են բերել 1950-ին, թեյի պլանտատորները:

Գրական համաժողով Խորհրդարանի գրադարանում

244.Conference in Georgia 23.04.2013Ապրիլի 22-ին Խորհրդարանական ազգային գրադարանում տեղի ունեցավ «Եվրոպական մտածողությունը 20-րդ դարասկզբի արեւմտահայ բանաստեղծների  ստեղծագործություններում» թեմայով գրական-գործնական համաժողով` նվիրված Օսմանյան կայսրությունում ցեղասպանության զոհ դարձած 20-րդ դարասկզբի  հայ հայտնի բանաստեղծների աշխատանքին:

Համաժողովը, որը վարում էր գրող եւ հրապարակախոս Արտյոմ Կիրակոզովը, կազմակերպել էր «Թբիլիսիի հայերի ասամբլեա»  հասարակական կազմակերպությունը` Վրաստանում ՀՀ դեսպանության եւ ՀԱԵ Վիրահայոց Թեմի աջակցությամբ:

Որպես համաժողովի մասնակիցներ եւ հյուրեր հրավիրված էին հայտնի հայ եւ վրացի գրողներ, ուսուցիչներ, թարգմանիչներ, հայագետներ, դերասաններ:

Բացման  եւ օրհնության խոսքով հանդես եկավ Հայ Առաքելական Ուղղափառ եկեղեցու Վրաստանի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:

Մասնակիցները ընթերցեցին մի քանի զեկույցներ, որոնցում նշվում էր արեւմտահայ բանաստեղծների դերը հայկական եւ միջազգային գրականության մեջ: Հյուրերի դատին հանձնվեց նաեւ 1915 թվականին զոհված  Ռուբեն Սեւակի, Սիամանթոյի եւ Դանիել Վարուժանի ստեղծագործությունների գրական թարգմանությունները՝ ռուսերեն եւ վրացերեն լեզուներով:

Միջոցառման ավարտին ելույթ ունեցավ Վրաստանում ՀՀ դեսպանության խորհրդական Լեւոն Թորգոմյանը, ով շնորհակալական խոսք հայտնեց կազմակերպիչներին կատարած աշխատանքի համար եւ խոստացավ  դեսպանության աջակցությունը հետայսու միջոցառումների կազմակերպման հարցում:

 

Երբեմն օրենքը թիթեռի կյանք է ունենում, իսկ պատմական հուշարձանը` դարեդար մնում

գառնու կամուրջԳաղտնիք չէ, որ Գառնիի պատմական կամրջի վերականգնումը միանշանակ չընդունվեց  հանրության կողմից: Շատերը, այդ թվում նաև հուշարձանագետ Սամվել Կարապետյանը, այն կարծիքին էին, որ պատմական հուշարձանը ոչ թե վերականգնվել է, այլ մի  նոր կամուրջ  է կառուցվել: Այդ առիթով Սամվել Կարապետյանի հետ ունեցած իմ հարցազրույցը տպագրվեց «Անկախ» շաբաթաթերթի մարտյան  համարներից մեկում,որից հետո կրքերն ասես թեժացան:

Նման արձագանքը սպասելի՞ էր մշակույթի նախարարության պատկան մամինների,ասել է թե` կառուցապատումը նախաձեռնողների համար: Նման վերականգնումը ո՞ւմ էր ձեռնտու: Այս և մի շարք այլ հարցերի պարզաբանման ակնկալիքով դիմեցինք մշակույթի փոխնախարար տիկին Սամուելյանին, որը, ճարտարապետ լինելով հանդերձ, պիտի որ լավատեղյակ լիներ խնդրին: Սակայն  ինձ հուզող հարցերի պատասխանները, թեև ուշացումով, բայց ստացա ոչ թե տիկին փոխնախարարից, այլև պատմության և մշակույթի հուշարձանների գործակալությունից:  Ինչպես ասում են, լավ է ուշ, քան երբեք կամ ուշ լինի, նուշ լինի:

Պատասխանը փոքր-ինչ լղոզված էր, բայց, որ կարևոր է,  օրենքի տառին ու ոգուն հավատարիմ:

Ո՞ւ մ էր ձեռնտու նման վերականգնումը: Իմ այս մտահոգությանը գործակալության պատասխանատուները կրկին հարցով են պատասխանել. «Իսկ ո՞ւմ է ձեռնտու, որ հուշարձանը չվերականգնվի»: Մի՞թե գործակալության փորձված մասնագետները այդպես էլ գլխի չընկան, որ խոսքը ոչ այնքան վերականգնել- չվերականգնելուն է վերաբերում, որքան, ինչպես ընդդիմախոսներն էին բարձրաձայնում, «եվրոնորոգմանը»:

Ներկայացված փաստաթղթից դժվար չէ կռահել, որ այնքան «պուպուշ» վերականգնում է իրականացվել, որ վերականգնողների հասցեին հնչած ամեն տեսակ մեղադրանք իրականության հետ որևէ աղերս  չունի, որ կամրջի ինչպես  հոսքընթաց, այնպես էլ հոսքընդդեմ ճակատները ոչ թե երեսապատվել են, այլ վերականգնվել են միջնադարյան նմանատիպ տուֆակերտ կառույցների շարվածքի օրինակով: Իսկ որպես կապակցող նյութ օգտագործվել է կրացեմենտային բարդ կրաշաղախ: Պատմական հուշարձանի ճակատագրով մտահոգ մեր հայրենակիցներին գործակալության հմուտ մասնագետները հանգստացնում են ոչ միայն հարմար փաստարկով, այլև օրենքի պահանջով. «Հաշվի առնելով հուշարձանի տեխնիկական վիճակը, ինչպես նաև միջնադարի տարբեր ժամանակաշրջաններում առկա միջամտություններն ու փոփոխությունները, համաձայն օրենքով սահմանված կարգի և թույլատրելի պահանջների` կատարվել է նորոգումը»: Իսկ ըստ ՀՀ օրենքի 6-րդ գլխի 30-րդ հոդվածի` «նորոգում է համարվում նաև հուշարձանի հարմարեցումը, որի նպատակն է առավել բարենպաստ պայմաններ ստեղծել դրանց ժամանակակից  օգտագործման համար», իսկ վերականգնումը, ըստ նույն օրենքի, «կիրառելի է նաև դրա երբեմնի օրգանական տարրը կազմող և չպահպանված կառույցի գիտականորեն հիմնավորված վերաստեղծումը` հուշարձանի ամբողջացման նպատակով»:

Տեսնես նույն այդ օրենքն ո՞ւր էր, երբ քանդվում էին «Հին Երևանի» պատմական շենքերն ու փակ շուկան: Կամ հիշենք ոչ վաղ անցյալում Մաշտոցի պողոտայի այգու գլխին կախված «փորձանքը», երբ շահագրգիռ չինովնիկներն այգին առևտրի կրպակներով «զարդարելու» համար կուրծք էին ծեծում: Այնպես որ X-XIII դդ. պատմական կառույցի համար XXI դարի առաձգական օրենքով վերականգնելը ոչ միայն համարժեք է եվրանորոգման, այլև բարոյական չէ:

Ինչպես պարզվում է, պատմական այս կամուրջը բախտավոր աստղի տակ է ծնվել: 2010 թ. պետական բյուջեի միջոցներով ամրակայվել է հյուսիսային խելը,  թե որքան գումար է տրամադրվել, այդ մասին, իհարկե, ոչ մի ծպտուն, իսկ հարավայինում քայքայված է հիմքի ժայռը, որի վերականգնման համար էլ հովանավոր գտնվեց:

Ասեմ, որ ամենևին ուրիշի փողերը հաշվելու  գլուխ չունեմ, բայց իշխող կարծիք կա, թե այստեղ շատ անելիք ու ծախսելիք չկար: Բավական էր` գետնին կպած խելն ամրացվեր, ամրակայվեր, որպեսզի կանխվեր կամրջին սպառնացող վտանգը, մինչդեռ ոչ միայն շատ գումար ծախսվեց, այլև միանգամայն նոր մոտեցում դրսևորվեց` բազրիքապատելով կամուրջը:

Գործակալության հմուտ մասնագետները միջնադարյան գոնե մի բազրիքապատ  կամրջի անուն նշելու փոխարեն, ընդամենը հիշեցնում են. «Միջնադարի (հատկապես` X-XIII դդ.) տուֆակերտ կամուրջները, ելնելով շինարվեստի տեխնիկայից, ունեցել են աստիճանաձև բազրիքներ (ոչ թեք և սուրանկյուն շարվածք, ինչը բնորոշ է ուշ միջնադարի կամուրջներին) ,որը նաև հիմք է հանդիսացել պահպանված կամարաթաղի և զույգ կամարակապերի տուֆակերտ շարվածքի շարունակությունը ապահովող վերականգնման (վերստեղծման) մեթոդի ընտրությանը»: Որոշ կամուրջներ… Իսկ թե որն էր հատկապես այս կամուրջն այդպես ճոխ «բազրիքավորելու» նպատակը, հիմնավորում այդպես էլ չհնչեց:

Փոխարենը գործակալությունը վկայակոչում է, որ վնասված է եղել նաև կամրջի կամարակապ թաղը, որը հատկապես վերին նիշում մեծ ճեղքերով բաժանված էր երկու մասի` շեղվելով լայնական աջ և ձախ ուղղությամբ, ինչպես նաև գրեթե ամբողջությամբ քայքայված էին կամրջի ընդհանուր ծավալները: Հոսքընթաց ու հոսքընդդեմ պատերը շարված էին կավահողով (կրաշաղախով շարված հատվածները նույնությամբ պահպանվել են), հավաստիացնում են գործակալության մասնագետները, որոնց ձեռքում է, ինչպես ասում են, և՛ քարը, և՛ պոպոքը, ինչպես ցանկանան, այնպես էլ կկոտրեն:

Այնպես որ, դեռ վաղ է ուրախանալ, թե այսօր կործանումից փրկվեց ևս մեկ պատմական  հուշարձան, քանզի գործակալության հմուտ մասնագետներն ամենքից լավ գիտեն, որ պատմական հուշարձանի նկատմամբ ամեն մի անհարկի միջամտությունը դրա պատմականության կորստին է հանգեցնում: Եթե այդպես չլիներ, Հռոմի Կոլիզեյը վաղուց վերականգնած կլինեին, թե՞ միջոց չունեն: Կամ, եթե օրերից մի օր հրաշք կատարվի և թղթի վրա մնացած«Հին Երևանի» ծրագիրը իրականություն դառնա, միևնույն է, այն իր պատմական նախկին արժեքն  այլևս չի ունենա: Իսկ քանի դեռ մեզանում պակասում է բծախնդրությունը, զգուշավորությունը, գործակալության ամեն մի փաստարկը հալած յուղի տեղ ընդունելն առնվազն միամտություն կլինի: Կապրենք, կտեսնենք, թե դեռ որքան ջրեր կհոսեն այս անգամ արդեն Գառնիի պատմական կամրջի ներքո…

 

Ամալյա  ԵԴԻԳԱՐՅԱՆ

Սամվել Կարապետյանը հիասթափված է

սամվելԱյսօր «Ելակետ» մամուլի ակումբում հուշարձանների եւ պատմական վայրերի միջազգային օրվա շրջանակներում տեղի ունեցավ Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ, հուշարձանագետ Սամվել Կարապետյանի մամուլի ասուլիսը, ով, թեև ընդգծեց, որ ուրախ է, որ հասկանալով խնդրի կարևորությունը, աշխարհն առանձնացնում է օր` նվիրված հուշարձանների պահպանությանը, բայց ինքն անձամբ մինչ օրս չի արձանագրել այս օրվա արդյունավետությունը:

Հարցին, թե ինչ քայլեր կձեռնարկեր ինքը, եթե լիներ, օրինակ, մշակույթի նախարար, Սամվել Կարապետյանն ասաց. «Մի 5 րոպեով կուզենայի ոչ թե մշակույթի, այլ գիտության և կրթության նախարար լիներ, կհասցնեի երևի մի հրաման տալ, որ դպրոցականներին պետք է հնարավորինս շատ տանել արշավների, որպեսզի գոնե միջին և բարձր դասարանցիները տեսնեն, ճանաչեն իրենց հայրենիքը: Դպրոցահասակ տարիքում ես և իմ մոտ 4 ընկերները սեփական նախաձեռնությամբ գնում էինք արշավների, ճանաչում էինք հայրենիքը: Վստահ եմ, որ սա է պատճառը, որ ես և այդ մի քանի ընկերներս չլքեցինք և միտք չունենք լքել Հայաստանը, որովհետև այն ճանաչելուց հետո չսիրել հնարավոր չէ: Մինչդեռ այսօր շատերն այնպես են սպառում ամեն ինչ, որ երևում է` վստահ են, որ չեն ապրելու այստեղ: Մենք տնտեսական պատճառներով չենք արտագաղթում, հավատացեք, մենք ամենանվազ հայրենաճանաչ պետություններից ենք` սա է արտագաղթել ցանկացողների մեծ տոկոս ունենալու պատճառը: Մեր երեխաները հայկական երգերով ու հեքիաթներով չեն դաստիարակվում, օտարը հարազատ են համարում, չգիտեն իրենց արմատները, դրա համար էլ կեր ու խում են սարքում պատմական վայրերի տարածքում և իրենց աղբն անգամ չեն հավաքում: Ապականված հասարակություն ունենք», – ասաց բանախոսը և չթաքցրեց, որ խորապես հիասթափված է արժեքային համակարգի խեղումներից:

Գյուղատնտեսական ապրանքների ցուցահանդես Աթենքում

228.Exhibition in Athens 17.04.2013Ապրիլի 12-14-ը Հունահայկական առեւտրատնտեսական պալատը մասնակցեց Աթենքի Պերիստերիի ցուցահանդեսային կենտրոնում տեղի ունեցած գյուղատնտեսական արտադրանքի ցուցահանդեսին:

ՀՀ դեսպանության աջակցությամբ կազմակերպված առանձին տաղավարում ներկայացվեցին հայկական գինու, կոնյակի եւ պահածոների տեսականին, ինչպես նաեւ Հայաստանի, տնտեսության, ներդրումային հնարավորությունների վերաբերյալ տեղեկատվական եւ գովազդային նյութեր:

Հայկական տաղավարի այցելուների թվում էին նաեւ Հունաստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը, պալատի անդամները, ինչպես նաեւ հունահայ համայնքային կառույցների ղեկավարները:

Հարություն Խաչատրյանը իր ֆիլմերի մասին` սկզբում հայհոյում են, հետո գնահատում

խաչատրյանՀարցազրույց ՀՀ վաստակավոր արտիստ, Մովսես Խորենացու շքանշանակիր, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանի հետ:

Խաչատրյանը նկարահանել է բազմաթիվ ֆիլմեր, որոնցից են «Սպիտակ քաղաքը», «Կոնդ», «Վերադարձ ավետյաց երկիր», «Վերջին կայարան», «Դոկումենտալիստը», «Պոետի վերադարձը», «Սահման», «Անվերջ փախուստ, անվերջ վերադարձ» և այլն:

– Պարոն Խաչատրյան, Ձեր զբաղվածության պայմաններում շարունակում եք ստեղծագործել: Ո՞րն է ներշնչանքի աղբյուրը, որտեղի՞ց եք ֆիլմերի թեմաներ  քաղում:

– Գիտեք, ես  ինձ միայն կինոռեժիսոր չեմ համարում: Իմն ավելի շատ սոցիոլոգիա է, կինոսոցիոլոգիա: Ամեն ֆիլմը նոր նյութի, նոր տարածքի ուսումնասիրություն է:  Ծանր ուսումնասիրություններ են: Կան ֆիլմեր, որոնք 25 տարում եմ նկարել: 25 տարի անընդմեջ, ամեն 5-7 տարին մեկ անդրադարձել եմ նույն մարդկանց: Հիմա  նոր եմ ավարտել ֆիլմը, որ կոչվում է «Անվերջ փախուստ, անվերջ վերադարձ»: Այն  87-88-ից սկսած նկարում եմ: Ֆիլմը 5-6 հայերի մասին է, որոնք Հայաստանից փախչում են: Ֆիլմը փորձում է պարզել`  ինչու են փախչում, ինչու վերադառնում, ինչու չեն վերադառնում, դժբախտ են արդյոք, թե երջանիկ: Չկա  մի թեմա, որ ինձ չտանջի որպես մարդու, անհատականության և որպես հայի, որպես աշխարհի քաղաքացու:

Սրանք ապրված,  տեսած պատմություններ են, ինձ սարսափելի անհանգստացնող պատմություններ: Իմ լեզուն կինոլեզուն է: Ես հրապարակախոս չեմ, նկարիչ չեմ, իմ արտահայտվելու լեզուն կինոպատկերն է, և դա եմ օգտագործում:

– Ձեր ֆիլմերում ներկայացնում եք կյանքի այն կողմը, որոնք շատերը նախընտրում են չնկատել: Ինչպիսի՞ն է լինում արձագանքը այս պարագայում:

– Դժբախտաբար, հարվածները շատ են լինում, քանի որ կան մի խումբ ստահակներ, որոնք սուտ հայրենասիրությունն օգտագործում են իսկական արվեստի և ուսումնասիրությունների դեմ, որովհետև րոպեական փառքը կամ մի ասված ճարպիկ խոսքն այդ օրը փայլելու համար իրենց համար ավելի կարևոր է, քան տարիների ուսումնասիրությունը, որոնք բացահայտում ենք քո մշակութային, փիլիսոփայական, կենցաղային շերտերը և թերությունների շերտերը:

Եթե արվեստագետը չխոսի թերությունների և բացերի մասին, դրանք հնարավոր չի լինի  շտկել կամ գոնե վերանայել: Սկզբում միշտ լինում են հայհոյանքներ, զազրախոսություն, նույնիսկ ինձ իրականության թշնամին են համարում: Մի ժամանակ ԿԳԲ-ն ինձ սովետի թշնամին էր համարում, հետո ինձ ոմանք հայերի թշնամին էին համարում, քանի որ չի կարելի հայերի թերությունները պատմել աշխարհին: Պարզվեց, որ այդ թերություններն ամբողջ աշխարհն ունի, այն առավելությունները, որ մենք ունենք, ամբողջ աշխարհն ունի, և բոլորին հետաքրքրում է դրա մասին մտածելը, դրան անդրադառնալը:

Ոչ ոք չի ասում, թե ինչու  Կոնդում ապրող մարդն այս խնդիրն ունի: Նույն Կոնդը կա Փարիզում, նույն Կոնդը կա Բուենոս-Այրեսում, Մեխիկոյում: Ամեն մեկն իր դարդը, հոգսը  և հիացմունքը տեսնում է տվյալ ազգի արվեստի մեջ:

խաչատրյան2Բայց, բարեբախտաբար, ինչը  համարում էին գարշելի ու զազրելի, հետագայում ասում են` շատ պոետիկ ֆիլմ է:  Արվեստը մնում է, պոետականությունը մնում է, իրենք հասունանում են այնքան, որ հասկանան` ինչքան կարևոր է այդ ֆիլմը: Ֆիլմերը միշտ առաջ են ընկնում, անընդհատ նոր շերտեր են բացում, իսկ  մարդիկ պատրաստ չեն դրան:  Սկզբում  անսպասելի է շատերի համար, բացասական ռեակցիա է լինում, հետո հասունանում են: Հետո նոր ֆիլմ է գալիս, որը պատմում է լրիվ ուրիշ շերտի մասին, որի մասին իրենք չէին մտածել: Իհարկե, իսկական արվեստը` իմ սիրած արվեստը, այդպիսին պիտի լինի:

– Մի՞թե ավելի բարդ  չէ կյանքի դժվարությունների, խնդիրների  մասին ֆիլմ նկարելը:  Ինչո՞ւ եք դժվար ուղին ընտրել:

– Ես եմ այդպիսին: Իմ կինոյի տեսակն այնքան անհատական արվեստի տեսակ է, որ  ամբողջը իմ միջով է մտնում ու դուրս գալիս:

Ջիվանու մասին ֆիլմը («Պոետի վերադարձը»). ես 7-10 տարի  եմ մտածել, թե ինչպես պատմեմ այդ պատմությունը, որ ոչ մի արվեստագետ, ոչ մի սուրբ իր երկրում տեղ չունի: Որ կարող են քեզանով ապրել և հիշել, բայց եթե վերադարձար, չեն կարող ընդունել: Կամ Ջիվանու միջոցով ինչպես կարելի է պատմել Ջավախք աշխարհի գեղեցկության և մեծ պոտենցիալի մասին, որն ինչպես  հոգևոր, մտավոր,  մշակութային, այնպես էլ  կոպիտ բաներ ունի իր մեջ պարփակված: «Պոետի վերադարձը»  տասից ինը չէին հասկանում: Բայց անցավ մի քանի տարի, և բոլորն ասում են,  որ նման ֆիլմ չկար: Նույնը «Սպիտակ քաղաքը», «Կոնդը», «Վերադարձ ավետյաց երկիրը»: Բոլոր ֆիլմերի թեմաներն էլ այնպիսին են, որ այսօր ազգը դրա մեջ է ապրում, դրանով տառապում:

Իսկ նոր ֆիլմը` «Անվերջ փախուստ և անվերջ վերադարձ»,  հինգուկես ժամանոց լիամետրաժ  ֆիլմերի ժողովածու է  Հայաստանից հեռացածների ու վերադարձածների մասին: Չկա նման  բան, որ ուզենամ չարամտորեն սևացնել պատմությունը կամ գունազարդել, թե ինչ լավ է ամեն ինչ: Աշխատում ենք պահպանել ճշմարտության մթնոլորտը, որպեսզի ապագա սերունդներն էլ կարողանան տեսնել, թե ինչ մթնոլորտում ենք ապրել, ինչն է մեր դժբախտությունը, ինչը մեր երջանկությունը:

– Ձեր ֆիլմերում հերոսները քչախոս են,  երբեմն լռություն է տիրում, ինչո՞ւ է այդպես:

– Կարծում եմ, որ կինոյի լեզուն այնքան հարուստ է և ճոխ, որ շատ խոսքերը կարող են արժեզրկել առկա մթնոլորտը և տրամադրությունը:  Բայց հիմա նոր ցիկլում հերոսներս շատ են խոսում, որովհետև նրանց ամեն խոսքը շատ կարևոր է: Այն ժամանակ խոսքը կարևոր չէր, որովհետև նրանց ապրելաձևի, շարժումների, պլաստիկայի հարաբերությունների մեջ այնքան ասելիք կա, որ իմաստ չունի դրա մասին խոսելը: Իսկ հիմա նոր հերոսների խոսքը կարևորվում է: Հիմա ուզում եմ, որ իրենց մեջ եղած,  թաքնված խոսքն էլ դուրս գա: Բայց ես կողմնակիցն եմ կինոյի լեզվի, որը շատ խոսք չի օգտագործում:

– Պարոն Խաչատրյան, հարցազրույցներից մեկում նշել եք, որ կինոն հզոր զենք է և կարող է անել այն, ինչ չեն կարող անել քաղաքական գործիչները: Հայերս այդ զենքը որքանո՞վ ենք կարողանում  ճիշտ օգտագործել:

– Քանի որ հայկական ֆիլմերի քանակը քիչ է, մենք չունենք այդ ուժը, որ  կարողանանք այդ հնարավորություններն օգտագործել:

Երբ նկարում ես երկու-երեք ֆիլմ, նույնիսկ եթե մեկը, այսինքն` 30 տոկոսը մրցանակ ստանա կամ դուրս գա միջազգային ասպարեզ, մեծ հաջողություն է:

Ռուսաստանում նկարում են լիամետրաժ խաղարկային 150-200 ֆիլմ, որոնցից  աշխարհ է դուրս գալիս երկուսը կամ երեքը: Թուրքիայում նկարվում է 80-120 ֆիլմ, որոնցից 7-10-ը դուրս են գալիս միջազգային ասպարեզ և ստեղծում թուրքական կինոյի մթնոլորտ ու եղանակ: Իսկ մեր 30 տոկոսը մեկ-երկու ֆիլմն է, որով չես կարող հայկական ալիք անել, կինոմթնոլորտ ստեղծել, քանի որ քիչ է:  Բայց, փառք Աստծո, հաջողություններ կան շուկաների, փառատոների միջոցով: Կարծում եմ, որ ժամանակը գալու է, երբ երկիրը ֆինանսապես մի քիչ կապահովվի, պետք է վերանայել աշխարհի հետ կինոյի միջոցով մշակութային հաղորդակցություն վարելու քաղաքականությունը:

Կարող ենք շտապել, և ոչինչ չլինի: Բայց եթե քայլ առ քայլ շարժվենք առաջ, արդյունքի կհասնենք:  Հիմա «Ոսկե ծիրանի» գործունեության երկրորդ տասնամյակում նպատակ ունենք  փառատոնային կենտրոն, լավ գրադարան  ստեղծել: Արդեն իսկ ունենք հազարի չափ ֆիլմեր: Այս գրադարանը պետք է օգտագործել կրթական նպատակներով:

– Որպես ոլորտի փորձառու ներկայացուցիչ  ի՞նչ խորհուրդ կտաք նորեկներին:

– Համբերություն և աշխատասիրություն:  Սա բարդ ասպարեզ է: Ես զարմանում եմ, որ կինեմատոգրաֆիստները երբեմն արտիստիկ են լինում, թռչում են բեմ, մեյմունություն անում: Ինձ համար սա ավելի շատ գիտնականի աշխատանք է, ծանր, դժվար աշխատանք:

Հանքափորի աշխատանքի պես տքնաջան  և զինվորի պես կարգապահ աշխատանք  է պահանջում  հատկապես իմ տեսակի կինոն, քանի որ դու պետք է  այդ մարդկանց հետ քայլես, ապրես, տանջվես, ուրախանաս, հասկանաս, որ նրանցից մեկն ես: Ու պետք է ծով համբերություն ունենաս, որ  կարողանաս և՛ երջանկությունը դուրս հանել, և՛ դժբախտությունը հասկանալ ու կիսել  նրանց հետ:

Նոր կինոն անպայման ենթադրում է սովորել: Դա բնավորություն է նաև: Եվ աշխարհը, իրական աշխարհը տեսնելու ցանկություն էլ պետք է լինի:

Հայաստանը որպես կինեմատոգրաֆիկ երկիր հաստատվել է աշխարհի քարտեզի վրա

Հարություն-Խաչատրյան

Հարցազրույց «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գլխավոր տնօրեն Հարություն Խաչատրյանի հետ:

– «Ոսկե ծիրանի» համար այս տարին հոբելյանական է. 10-րդ «Ոսկե ծիրանն» ինչո՞վ կտարբերվի նախորդներից:

– Շատ բան չեմ կարող ասել 10-րդ «Ոսկե ծիրանի» մասին, քանի որ բոլոր հարցերը լուծվում կամ հաստատվում են մայիսի վերջին: Ինչ խոսք, նախապատրաստական աշխատանքներ ընթանում  են, որ աշխարհի լավագույն լրատվամիջոցները գան ու լուսաբանեն այն: Շատ ենք ուզում, որ Հայաստանի մասին մեկ անգամ ևս խոսվի աշխարհով մեկ` որպես մշակութային լուրջ  կենտրոնի, որը զբաղվում է կինոարվեստը տարածելով:

Կինոարվեստն ինքնանպատակ չէ, կարևոր բաներից մեկը Հայաստանն աշխարհին ցուցադրելն է`  և՛ արվեստի գործերը, և՛ ապրելաձևը, և՛ կենցաղը: Կարծում եմ, որ այդ ամենն աշխարհի համար հետաքրքիր է և կգրավի մարդկանց:

Այս 10 տարիներին ինչքան մարդիկ եկել են, սիրահարվել են Հայաստանին, դարձել են Հայաստանի  դեսպաններն   աշխարհով մեկ: Եթե ամեն մի գնացածի ֆեյսբուքյան էջը նայեք կամ նրանց գրած հոդվածները, հարցազրույցները, կտեսնեք, թե Հայաստանի մասին ինչքան ջերմ խոսքեր, նվիրվածություն, հետ վերադառնալու ցանկություն կա:

Ամեն մեկը նոր ֆիլմ ունենալու դեպքում Կաննից ու Վենետիկից հետո միանգամից ցանկություն է հայտնում գալ Հայաստան, քանի որ գիտեն, որ իրենց հեղինակային կինոն գնահատվելու է Հայաստանում:

Որոշել ենք, ինչպես ամեն տարի ենք անում, բերել  աշխարհի ճանաչված ֆիլմերը,  Կաննի, Վենետիկի, Բեռլինի կինոփառատոների լավագույն ֆիլմերը, որոնք մրցանակներ են ստացել, և ցուցադրել հայ հանդիսատեսին: Սրանք ֆիլմեր են, որոնք հանդիսատեսն այլ  դեպքում չէր տեսնի. հեռուստատեսությունը ցույց չի տալիս, էկրաններին չեն գալիս, իսկ մենք կարծում ենք,  որ այդ ֆիլմերի մասին  հանդիսատեսը և՛ ինֆորմացիա պիտի ունենա, և՛ տեսնի, և՛ հասկանա` աշխարհում ինչ է կատարվում, կինոն ինչ ուղղությամբ է զարգանում, ինչն են գնահատում:

Այս տարի կաշխատենք, որ Հայաստան գան նախորդ տարիներին մրցանակներ ստացած անձինք, ցանկանում ենք  նաև բերել նոր մարդկանց, որոնք երբևէ չեն մասնակցել մեր փառատոնին, բայց ճանաչված անուններ են` ռեժիսորներ, արտիստներ:

Արդեն մի գաղտնիքը բացվել է. 10-րդ հոբելյանական հանձնաժողովի նախագահը Շառլ  Ազնավուրն է լինելու, և Ազնավուրի հրապարակում նրա անվամբ աստղ պետք է բացվի, ինչպես ժամանակին   Բեկնազարյանի, Փարաջանովի, Մամուլյանի աստղերը:

Աշխատում ենք, որ տեխնիկական միջոցներն ավելի բարձր մակարդակով լինեն: Մենք ինքներս կինոթատրոն չունենք, վարձում ենք կինոթատրոնները և դահլիճները: Հրավիրել ենք գերմանացի լավագույն ինժեներներին, նրանք այժմ ստուգում են բոլոր տեղերը, որտեղ որ ֆիլմեր պիտի ցուցադրվեն: Կաշխատենք, որ մեր ջանքերով  ամառային կինոդահլիճում ցուցադրություն լինի, բացօթյա ցուցադրություններ լինեն, ամեն տարվա պես համերգներն Ազնավուրի հրապարակում պիտի շարունակվեն: Ճոխ բացում ու փակում պիտի արվի:

-Պարոն Խաչատրյան, ո՞րն եք համարում փառատոնի ամենամեծ ձեռքբերումը 10 տարիների ընթացքում:

– Փառատոնի ամենամեծ ձեռքբերումները  մի քանիսն են: Առաջինը   Հայաստանը որպես կինեմատոգրաֆիկ երկիր աշխարհի քարտեզի վրա հաստատվելն է, այն էլ` հեղինակային կինոյի: Այդ հասցեն վերջնականապես հաստատվել է: Օրինակ`  անցած տարի Կաննի կինոփառատոնի կայքում աշխարհի լավագույն 10 կինոփառատոների շարքում «Ոսկե Ծիրանը»  7-րդ տեղում էր:

Երկրորդ`  երբ սկսվեց փառատոնը, գրեթե չկային ռեժիսորներ: Երիտասարդների մեջ, որոնք մեծացել ու  տասնյակ տարիներ ապրել էին առանց կինոֆիլմերի` նայելով երկրորդական, երրորդական որակի վատ ֆիլմեր, հետաքրքրություն  արթնացավ դեպի կինոն: Բացվեց դպրոց, վարպետության դասեր անցկացվեցին: Եվ այսօր  ունենք  երիտասարդների մի լավ սերունդ, որոնք արդեն  լավ կամ վատ նկարում են ֆիլմ, մասնակցում կինոյի համաշխարհային պրոցեսներին, սովորել են ֆոնդերից փող ստանալու ձևերը, սովորել են իրենց ֆիլմերը ներկայացնել միջազգային մրցույթների:

Եվ երրորդ` դաստիարակվեց հանդիսատես: Տարիներ առաջ Հայաստանում այդ լավ հանդիսատեսը կար,  որը միշտ սպասում էր աշխարհի լավագույն ֆիլմերին: Բայց  դա վերացել էր: Առաջին տարին ամեն դահլիճում 4-5 կամ 10 մարդ  էր նստած,  այսօր 50-60 հազար  հանդիսատես մասնակցում է տարբեր միջոցառումների և ֆիլմերի ցուցադրությունների: Այսինքն`  մի այնպիսի հետաքրքիր հանդիսատես է առաջացել, որ ամեն տարի սպասում է այս մեկ շաբաթին, որպեսզի իր հետաքրքրություններին հագուրդ տա:

Այդ երեք կարևոր ձեռքբերումներն են, որ ամեն երկրի համար  հպարտանալու արժեքներ են:

– Մի փոքր խոսեցիք այդ մասին, բայց կմանրամասնե՞ք` ինչ համբավ և տեղ  ունի «Ոսկե ծիրանը» միջազգային հեղինակավոր կինոփառատոների շարքում:

– Չկան այդպիսի աստիճաններ, որ 10-րդ կամ 20-րդ տեղը զբաղեցնենք, սա սպորտ չէ: Կան 5-6 մեծագույն, Ա կարգի փառատոներ, որոնք  շատ մեծ,  հարուստ երկրների իրավունքներն են, որոնք  ունեն մեծ շուկա:  Ամեն փառատոնի  ժամանակ ծախսվում է   10-100 մլն եվրո: Եվ կան մնացած փառատոները: Կարևորությունը մարդկանց գնահատականներն են: Ինչո՞վ է գնահատվում փառատոնը. ովքե՞ր են  մասնակցում փառատոնին, ինչպիսի՞ ֆիլմեր են ցուցադրվում փառատոնի ժամանակ և հանդիսատեսը գո՞հ է  ծրագրից. և ի՞նչ լրատվամիջոցներ են լուսաբանում այն: Շատ կարևոր է նաև ժյուրիի կազմը, լուրջ մասնագետնե՞ր են արդյոք, թե՞ պատահական հավաքված մարդիկ: Օրինակ, եթե գալիս են  հեղինակային կինոյի հիմնադիրները, դասականները կամ ներկա ճանաչված ռեժիսորներ, 1-2 հոգին մի փառատոնի համար շատ է, բայց մեզ մոտ մինչև 10-15 մեծագույն ռեժիսորներ են գալիս ամեն տարի, կարծես հեղինակային կինոյի ակումբ է դարձել: Փառատոնն այդպես է գնահատվում:

-10 տարի առաջ, երբ 1-ին կինոփառատոնն էիք անցկացնում, ի՞նչ տեսլական ունեիք: Եվ որքանո՞վ էր իրատեսական, որ Հայաստանում ամենամյա հեղինակավոր կինոփառատոնը կարող է կյանքի կոչվել:

– Հավատ չկար իրականում: Շատերը թերահավատորեն էին մոտենում, որ կարող է հաստատվել փառատոնը: Բայց մենք ընտրեցինք այդ ճանապարհը: Գիտակցում էինք   կինոն նորից արթնացնելու և կինոն որպես քաղաքական, մշակութային, ազգային  զենք օգտագործելու կարևորությունը: Կինոն լավագույն միջոցներից է աշխարհին պատմելու քո առավելությունների ու թերությունների, մշակույթի մասին, գրավելու աշխարհի մարդկանց քո երկիր և քո երկրի եղածը հանելու դուրս: Երկու ճանապարհ կար դրա համար. առաջինը արտադրություն ստեղծելն էր, հարուստ մի ֆոնդ, որպեսզի  սկսեինք ֆիլմեր նկարահանել և հասնեինք մի մակարդակի, ինչպես ժամանակին արեցին պարսիկները, վրացիները, հիմա թուրքերն են անում: 100-ավոր միլիոն դոլարներ են ներդնում կինոյի մեջ, քանի որ այն իրենց համար լուրջ քաղաքական գործիք է: Մենք այդ ճանապարհով չէինք կարող գնալ, քանի որ աղքատ երկիր ենք: Ընտրեցինք երկրորդ ճանապարհը` մարդկանց մեջ հետաքրքրություն առաջացնելու, դպրոց բացելու,  սովորեցնելու, վարպետության դասեր տալու: Դա մի քիչ ավելի երկար ճանապարհ է: Փառք Աստծո, ինչ մտածում էինք, առաջին փուլի համար` իրականացավ:  Հիմա  երկրորդ տասնամյակում երկրորդ փուլը  պիտի իրականացնենք, խոսքը  հայկական կինոտեսակի, կինոարվեստի ինքնահաստատման մասին է: Մեկ-երկու լավ ֆիլմը չի կարող ստեղծել եղանակ համաշխարհային կինոյի մեջ ընդգրկվելու կամ  հայկական կինոտեսակը ցուցադրելու համար, պետք է շատանան ֆիլմերը, պետք է ֆոնդ ստեղծվի, պետք է մեծահարուստները համոզվեն գումար ներդնել այդ ֆոնդերի մեջ, ֆոնդերը պետք է երիտասարդների ներգրավեն ֆիլմեր նկարահանելու համար, որպեսզի ստեղծվի հայկական կինոտեսակ: Այնպես որ երկրորդ փուլում  մեր նպատակն է, որ  հայ կինոտեսակը ստեղծվի, քանակը որակ տա ու դա նկատվի աշխարհում:

– Անցած տարի բարձր մակարդակով խոստումներ հնչեցին, որ «Ոսկե ծիրանը»  սրահով կապահովվի: Այս տարի այդ խոստումներն իրականություն կդառնա՞ն:

– Մեծ շենքի մասին է խոսքը, որտեղ ողջ տարվա ընթացքում կինոցուցադրություններ, դասեր կանցկացվեն: Փնտրում են: Ես հավատում եմ այդ մարդկանց լրջությանը: Կարևոր է, որ «Ոսկե ծիրանն»  ընդունվի  որպես մշակութային քաղաքականություն վարող կենտրոն, որին պետք է ապահովել մեկ, երկու, եթե ոչ երեք 20-150 տեղանոց կինոդահլիճներով, սրահներ, որտեղ կարելի է  կինոցուցադրություններ, լեկտորիումներ անցկացնել, դասեր տալ` սկսած  դպրոցական տարիքի երեխաներից: Ես հույս ունեմ, որ դա կլինի, բայց եթե հանկարծ մոռացկոտ լինեն, մենք նորից կհիշեցնենք այդ մասին: Սա շուոբիզնես չէ, այլ  լուրջ կրթական, դաստիարակչական, մշակութային  ծրագիր է, որին պետք է ուշադրություն դարձնել:

– Արդեն հստակեցվա՞ծ է կինոփառատոնի այս տարվա ժամանակացույցը:

– Փառատոնը կանցկացվի հուլիսի 7-14-ը: Փորձում ենք դահլիճների թիվը շատացնել, տեսնենք` ինչ կստացվի: Մենք բերում ենք 100-150 ֆիլմ, որոնք մեկ անգամ են ցուցադրվում, գոնե 2-3  անգամ ցուցադրվեն: Դալմայի այգիներում դահլիճներ են բացվում, ուզում ենք նրանց ներգրավել, ուզում ենք, որ ամառային դահլիճում  գոնե այդ մեկ շաբաթը բացօթյա ֆիլմեր լինեն, նաև մեկ-երկու հրապարակներում,  որպեսզի անցորդը, հետաքրքրված անձն ամեն տեղ կարողանա կինոյի հետ շփվել:

Աշխարհն ու գույները` մանուկների աչքերով. Բացվել է մարտունեցի փոքրիկ նկարիչների ցուցահանդեսը

ցուցահանդեսԱռաջիկա շաբաթվա ընթացքում Գեղագիտության ազգային կենտրոնի այցելուները կկարողանան ծանոթանալ Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի 8-16 տարեկան երեխաների աշխատանքներին:  Ցուցահանդեսում ներկայացված է  գյուղի նկարչական խմբակի  սաների վերջին 9 տարվա աշխատանքների ընտրանին. ընդհանուր` 25 հեղինակների 150  աշխատանք:

Նկարչական խմբակը գործում է արդեն 15 տարի, նկարչուհի, մանկավարժ Նեկտար Սահակյանի նախաձեռնությամբ և գլխավորությամբ:

«Երբ պատերազմը վերջացավ, էն ծանր թվերին երեխեքի մեջ ամեն ինչ մեռած էր: Ես էլ որոշեցի երեխեքին մի քիչ ոգևորել:  Սկզբում  մենք մեզ համար էինք նկարում: Մի բարի մարդ խորհուրդ տվեց նկարները բերել Գեղագիտական կենտրոն: Բերեցինք, Հենրիկ Իգիթյանը նայեց, ընտրեց ու ասաց, որ ցուցահանդես կբացվի: 2004-ին բացվեց իմ սաների առաջին ցուցահանդեսը»,- ասում է Նեկտար Սահակյանը:

Խոսելով ցուցահանդեսի մասին` Սահակյանն ասում է, որ այն մեծ գնահատանք է երեխաների աշխատանքին. «Թե՛ մեծահասակը, թե՛ երեխան, որ նկարում է, ուզում է, որ իր նկարը տեսնեն բոլորը, որ ինքը գնահատանքի արժանանա: Մանավանդ երեխաների դեպքում այդ գնահատականը կարևոր է:  Եթե  երեխայի սրտում չգնահատվելու զգացումը բույն դրեց, տարիքի հետ  նրա մեջ ինչ-որ բան կկոտրվի, նրան պետք է ուժ տաս, ուրախացնես»:

Խմբակը գործում է առանց որևէ  ֆինանսական օժանդակության: Պարապմունքները հիմնականում անցկացվում են Նեկտար Սահակյանի տանը, երբեմն էլ դպրոցում (հանրակրթական),  որտեղ Սահակյանն է աշխատում:

«Սկզբում, երբ նոր էինք, շատ դժվար էր: Փորձում էինք  փրփուրից կառչել, ելք գտնել: Հետո տեսա, որ որևէ մեկի վրա հույս դնել պետք չէ,  ամեն ինչ իմ ուժերով պիտի անեմ:  Նույնն էլ հիմա` ոչ մեկի օգնությանը չեմ սպասում: Մարդիկ տեսնում են չէ՞ մեր աշխատանքը, եթե ուզենան օգնել, կօգնեն, էլ ինչո՞ւ առաջարկեմ, խնդրեմ»:

Սահակյանն ասում է, որ իր համար  ոգևորության աղբյուր են երեխաները, նրանց ստեղծագործությունները. «Որ տեսնում ես` երեխան սիրուն նկարում է, սիրուն գույն է դնում, ինքդ էլ ես ոգևորվում»:

Սահակյանն ասում է, որ փողի մասին չի մտածում, սակայն մրցույթների մասնակցելիս ֆինանսական դժվարություններ են ունենում. հատկապես արտասահման նկար ուղարկելը մեծ ծախսերի հետ է կապված:  Տարվա մեջ մի քանի անգամ, այնուամենայնիվ, Սահակյանի սաները տարատեսակ նկարչական մրցույթների են մասնակցում: Վերջինը եղել է 5-րդ Համահայկական նկարչական փառատոնը, որտեղ Սահակյանի 11-ամյա սանը` Ահարոն Սիմոնյանը, առաջին մրցանակի է արժանացել:

Անհատական նախաձեռնությամբ ստեղծված խմբակի համբավն  այժմ մեծ է թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս: Եթե Նեկտար Սահակյանի սաները որևէ մրցույթի նկարներ են ներկայացնում, ապա բոլորը վստահ են, որ եթե ոչ գլխավոր մրցանակը, ապա մրցանակներից մեկը Ներքին Գետաշեն է գնալու:

Նույնը փաստում է նաև Մարտունու պատկերասրահի տնօրեն Անահիտ Գևորգյանը:

«Այս երեխաները հրաշք են ու հեքիաթով են լցրել այս դահլիճը, բայց մենք նրանց հեքիաթ չենք պարգևել, նրանց կյանքը գյուղում դժոխք է, ցեխերի միջով են հասնում դպրոց, կիսաքանդ սենյակում են աշխատում,- ասում է Գևորգյանը:- Այն երեխան, որը հոգում գույն ունեցավ, երբեք հանցագործ չի դառնա, երբեք այս հասարակության վատը չի ուզենա, կուզենա գոնե մի բան կառուցել: Տերն է խաչն անում զորավոր, Նեկտարը գյուղի երեխաներին դարձրել է զորավոր»:

Երևանի գեղագիտական ազգային կենտրոնի տնօրեն Լևոն Իգիթյանը, ցուցահանդեսը բացելով, ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ   «Հայաստանի ընդամենը մի գյուղում  են այս պատերին կախված հրաշքները  ծնվել»:

«Այսօր գործ ունենք Նեկտար Սահակյանի հետ, մանկավարժ, որն այն խենթուկներից է, որոնք հետք են թողնում իրենց կյանքի ընթացքում,  սերունդ են դաստիարակում և ապացուցում են աշխարհին, որ հայ ժողովուրդը արվեստի և գիտության ժողովուրդ է,- ասում է Իգիթյանը:- Այս երեխաները Գետաշենում իրենց ուսուցչի տանն են պարապում, այն դեպքում, երբ կան դպրոցներ, մշակույթի տուն, որոնց պարտականությունն է դա: Տիկին Նեկտարին ոչ ոք չի վճարում իր աշխատանքի դիմաց, նա ընդամենը այդ 50-60 երեխաների սերն է վայելում»:

Իգիթյանի կարծիքով` եվրոպական զարգացած երկրներում անգամ  ցուցահանդեսի մասնակից երեխաների հասակակիցները նման արդյունք ապահովել չէին կարողանա. «այստեղ հայի գենն է խոսում»:

Նկարչությունը` ներաշխարհը պատկերելու միջոց երեխաների համար

Ցուցահանդեսի մասնակիցներից է 16-ամյա Ինգա Հոռիկյանը. այս անգամ նրա աշխատանքներից միայն մեկն է ներկայացված ցուցասրահում, չնայած ասում է, որ այլ լավ ստացված աշխատանքներ էլ ունի:  Ինգան  խմբակ  հաճախում է սկսած 2-րդ դասարանից. «Դպրոցում նկարչությունը սիրեցի: Տեսնում էի, որ մեծերը նկարչական խմբակ են գնում, անընդհատ նկարում են, իմ մեջ էլ ցանկություն առաջացավ»: Այսօր արդեն նկարչությունը Ինգայի համար կյանքի կարևոր մաս է դարձել, առանց որի դժվար է պատկերացնել առօրյան:

Խմբակի նախկին սան, 16-ամյա Նաիրա Եղիազարյանն էլ ցուցասրահում բազմաթիվ աշխատանքներ ունի ներկայացված: Նաիրան խմբակը թողել է, քանի որ մասնագիտություն ընտրելու ժամանակն է: Բայց նկարելը չի թողել:

Երբ Նաիրան առաջին դասարանում էր, մայրիկը նրան նկարչական խմբակ տարավ: Նկարչությունը հետագայում Նաիրայի համար ինքնարտահայտման միջոց դարձավ. «Նկարչությունն ինձ համար իմ հոգեվիճակն ու պատկերացումներն արտահայտելու միջոց է: Փոքր ժամանակ հեքիաթներն էի նկարազարդում, հետո արդեն վերածվեց իմ ներաշխարհը պատկերելու միջոցի»:

12-ամյա նկարիչ Կարեն Գրիգորյանն էլ ասում է, որ նկարչությունը շատ-շատ է սիրում ու մեծ սիրով է հաճախում խմբակ: Ավելի շատ նախընտրում է բնապատկերներ նկարել: Կարենի մայրը` տիկին Լիաննան, հիշում է, որ 3 տարի առաջ մի օր  տղան տուն եկավ ու  հորն ասաց, որ իր համար մոլբերտ  պատրաստի, ու հայտարարեց, որ ուզում է նկարչական խմբակ հաճախել: «Մենք  հաճույքով համաձայնեցինք: Եթե երեխան սիրում է` թող գնա: Խմբակը երեխային կտրում է շրջապատի անթույլատրելի արարքներից, ազատ ժամերին գիտենք, որ այստեղ-այնտեղ չի թափառում, այլ հաստատ նկարչությամբ է զբաղվում»,- ասում է տիկին Լիաննան:

 

 

Պատմաբան. Անկախության տարիներին կարող էինք մեծ առաջընթաց ունենալ, եթե անցյալի դասերը քաղած լինեինք

Արտակ ՄովսիսյանՀարցազրույց պատմական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դոցենտ, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Արտակ Մովսիսյանի հետ:

 

– Պարոն Մովսիսյան, ինչպե՞ս առաջացավ ,10 հայ ականավոր արքաներե աշխատությունը  գրելու մտահղացումը: Ո՞րն է գրքի հիմնական ասելիքը:

– Ցավոք,  հայագիտության քարոզչությունը մեզանում  բավարար մակարդակի վրա չէ: Հայագիտության քարոզչություն ասելով` նկատի ունեմ և՛ գիտահանրամատչելի հրատարակությունները,  և՛ հեռուստատեսային հաղորդումները,  և՛ փաստագրական ու  գեղարվեստական ֆիլմերը: Հայագիտության քարոզչության այս բացը նկատի ունենալով` 2009-ին  ,Զանգակե  հրատարակչության հետ նախաձեռնեցինք նման  մի շարքի հրատարակություն: 2009-ին լույս է տեսել  ,10 հայ ականավոր արքաներե գրքի առաջին  հրատարակությունը, 2012-ին արդեն 2-րդը՝ եռալեզու տարբերակով` հայերեն, անգլերեն և ռուսերեն: Նպատակը հայկական արժեքների   հանրամատչելի լեզվով ներկայացումն է ավելի լայն շրջանակներին: Հիմնական նպատակը սա է՝ հայագիտության քարոզչություն:  Նշված շարքի երկրորդ հրատարակությունը եղավ ,Արևմտյան Հայաստանի 10 ուխտավայրերե գիրքը: Առաջիկա մեկ-երկու ամսում լույս կտեսնի ,10 հայ ականավոր թագուհիներե  աշխատությունը և հիմա պատրաստվում է ,Հայկական 10 արքայատոհմերե գիրքը:

– Ինչո՞ւ  հենց տասը, ոչ թե օրինակ, քսան կամ երեսուն:

– Տասը սիմվոլի կարգով է ընտրվել: Աշխարհի մակարդակով  վերցնելու դեպքում սովորաբար հարյուրն է ընտրվում, հայոց պատմության դեպքում մենք տասն ենք ընտրել: Դա իր դժվարությունն ունի: Օրինակ` տասը արքաներն ընտրելը բարդ էր:

– Ի՞նչ սկզբունքով եք ընտրել տասը արքաներին և երկընտրանքներ ունեցե՞լ եք:

– Ընտրվածները պետք է լինեին թագավորներ, որոնք և՛ մեծ հետք թողած լինեին մեր պատմության մեջ,  և՛ իրենց ամբողջության մեջ վերցրած` իրենց կերպարով օրինակելի լինեին այսօրվա մեր սերնդի դաստիարակության համար: Բնականաբար, բավականին բարդ էր տասն արքաներին ընտրելը: Մինչև տպագրության պահն այս հարցը կար:

Ընտրված արքաների դեպքում հաստատ համոզված էի, որ պետք է լինեն, այլ հարց  է, որ կան նաև ուրիշ արքաներ, որոնք ևս արժանի են, որ ներկայացված լինեն: Օրինակ` Բագրատունիներից ես ներկայացրել եմ Աշոտ Առաջինին, քանի որ ֆենոմենալ թագավոր է և մեզանում շատ քիչ ճանաչված: Մարդը 450 տարի առաջ անկում ապրած պետականությունը վերականգնեց առանց առանց պատերազմի: Նա դիվանագիտական հանճար է: Եթե նման կերպար այլ պետության պատմության մեջ լիներ, ամբողջ աշխարհով մեկ կներկայացնեին, դիվանագիտության պատմության դասագրքերի մեջ  որպես տաղանդ կմատուցեին, մինչդեռ մեր այդ արքային անգամ ժողովուրդը չի ճանաչում:

Աշոտ Երրորդ Ողորմածին , Գագիկ Առաջինին ևս կարելի էր ընդգրկել, բայց տասի մեջ պետք էր տեղավորվել:

Գրքում ընդգրկվածների համար չեմ զղջում, քանի որ իսկապես արժանավորագույն թագավորներ են: Նախաբանում էլ նշվել է, որ տասին առանձնացնելով` բնավ չենք նսեմացնում մյուսների ավանդը մեր պատմության մեջ:

– Իսկ գրքում պատմական անցքերի նորովի մեկնաբանություն կա՞:

– Նոր ասածը պայմանական է այստեղ, արժևորումը կարող է նոր լինել: Օրինակ` Աշոտ Առաջինի արժևորումն է այդպիսին, ցավոք, ներկայիս դասագրքերում էլ Աշոտ Առաջինն  ըստ պատշաճի չի  արժևորվում:

– Իսկ Ուրարտուի մասի՞ն…

– Ուրարտուի հետ կապված մոտեցումն էլ նորություն չէ, դա հնագույն հայկական թագավորություն է: Ինձ համար դա միանշանակ է, քանի որ ,ուրարտացիե  առանձին էթնոս գոյություն չի ունեցել: ,Ուրարտունե Հայաստանի անվանումն է ասուրաբաբելական աղբյուրներում:  Երբ  ասուրերենը և բաբելերենը  վերացան գործածությունից, Ուրարտու տերմինն էլ դուրս եկավ: Վերջին անգամ Ուրարտու տերմինը գործածվում է Աքեմենյան թագավոր Արտաքսերքսես  Երկրորդի բաբելերեն արձանագրություններում, որն իշխել է մինչև Ք.ա. 360 թվականը: Ընդ որում, դրանց պարսկերեն բաժիններում Հայաստանը ,Արմինաե է կոչվում:  Այսինքն` միանշանակ է, որ սա ընդամենը Հայաստանի անվանումներից մեկն է:

Կոպիտ օրինակ բերեմ. այսօր Հայաստանը միայն վրացիներն են կոչում ,Սոմխեթիե: Եթե վրաց ժողովուրդը  վերանա, էլ աշխարհում որևէ մեկը Հայաստանը ,Սոմխեթիե չի կոչի: Սա չի նշանակի, որ Սոմխեթին  առանձին երկրի անուն էր, և այդ երկիրը վերացավ: Կամ օրինակ` խեթական արձանագրություններում մեր երկիրը կոչվում է ,Հայասաե: Խեթական տերության անկումից հետո այլևս ոչ ոք ,Հայասաե տերմինը չի օգտագործում, այդ տերմինը մեռավ  նրանց հետ միասին, քանի որ նրանք էին այդպես կոչում: Նույնը և բաբելերենի դեպքում,  նրանցից հետո ո՞վ պետք է այդ տերմինն օգտագործեր:

– Պարոն Մովսիսյան, ընթերցողների արձագանքն աշխատությանն ինչպիսի՞ն է եղել, արձագանքներ ստանում ե՞ք:

– Արձագանքները դեռ 2009-ից կան: Բայց մեծագույն արձագանքը եղավ ,Զանգակե  հրատարակչության ,Նվիրիր գիրքե ֆեյսբուքյան ակցիայի ժամանակ: 2450 մարդ իր էջին դրել էր իմ գրքի հղումը՝ փորձելով համապատասխան քանակությամբ հավանություններ հավաքել, նրանցից 450-ը 150-ից ավելի հավանություններ էին  կարողացել հավաքել և նվեր ստացան գիրքը: Ընդ որում, հրատարակչության ներկայացուցիչներն ասացին, որ ամենաշատը հենց այս գրքի համար են պայքարել, սա արդեն բարձր գնահատական է:

Մարդիկ կան, որոնք  մոտենում ու հարցնում են, թե այս կամ այն արքան ինչու չկա գրքում: Ես երբեք չեմ  պնդում, որ այս տասն ամենաամենան է, սա իմ մոտեցումն է, մեկ այլ հեղինակ կարող է գիրք գրել և առանձնացնել տասը այլ արքաների:

Իսկ  ամենակարևորն այն է, որ գիրքը  մտորելու տեղիք է տալիս: Կարծում եմ, որ դա գրքի գնահատման կարևորագույն չափանիշներից:

– Գիրքը թարգմանվել է նաև ռուսերեն և անգլերեն: Միջազգային շուկայում հաջողություններ կա՞ն, թե՞ դեռ վաղ  է այդ մասին խոսելը:

– Եռալեզու հրատարակությունը եղել է հունվարի վերջին, փետրվարի սկզբին  գտնվում էի Միացյալ Նահանգներում, ինձ հետ տարել էի գրքի անգլերեն օրինակներ, շնորհանդեսն այնտեղ տեղի ունեցավ: Պետք է ասեմ, որ շատ մեծ ոգևորությամբ էր ընդունվում: Իսկ վաճառքի մասին չեմ կարող ասել, քանի որ այդ հարցերով զբաղվում է ,Զանգակե հրատարակչությունը:

– ,10 հայ ականավոր թագուհիներե գրքի մասին. արդյոք դժվարություններ ունեցե՞լ եք 10 ականավոր թագուհիներին ընտրելու հարցում:

– Թագուհիների հարցը մեզ մոտ քիչ ճանաչված և քիչ ուսումնասիրված է: Կարծում եմ, որ այս առումով տասը թագուհիների վերաբերյալ  գիրքն  ավելի մեծ հետաքրքրությամբ կընդունվի: Եթե փողոցում  մարդկանց հարցնեք, թե քանի հայ թագուհի գիտեն, հաստատ չորս-հինգ անունից ավելի չեն ասելու:

Մեզ հասել են  60-ից ավելի թագուհու մասին տվյալներ: Գրքի վերջում  որպես հավելված բերված  է անվանապես հայտնի բոլոր հայ թագուհիների ցուցակը և նշված է, թե ով որ թագավորի կինն է եղել:

60-ի մեջ, բնականաբար, պետք էր առանձնացնել տասին: Նույն սկզբունքով եմ ընտրել, ինչ թագավորների դեպքում. պետք է լինեին իր ժամանակաշրջանի համար առանձնացած, հայոց պատմության մեջ զգալի հետք թողած և օրինակելի կերպարներ: Մենք իսկապես բացառիկ  թագուհիներ ենք ունեցել, այնպիսիք, որ պատիվ կբերեին աշխարհի ցանկացած երկրի: Նրանք մեզանում մնում են  չճանաչված և չգնահատված:

Օրինակ`  Լևոն Մեծագործի դուստր Զաբելը   թագուհի հռչակվեց չորս տարեկանում, երբ հայրը մահացավ: Եզակի թագուհի է, ապրել է ընդամենը երեսունյոթ տարի:  Նրա արած գործերից միայն մեկը նշեմ. պետական ծախսով հիմնում է անվճար հիվանդանոց: XIII դարում անվճար հիվանդանոցը հազվագյուտ երևույթ է աշխարհի  պատմության մեջ: Եվ այնտեղ ոչ միայն պետական միջոցներով անվճար բուժում էր իրականացվում, այլև թագուհին ինքն էր խնամում անտեր հիվանդներին:  Աշխարհում քանի՞ նման թագուհի կա…

Մեր շատ թագուհիներ  բացառիկ մեծ շինարարական աշխատանքներ են կատարել:  Բագրատունյաց Հայաստանի խոշորագույն տաճարը՝ Կաթողիկե Մայր տաճարը, Կատրամիդե Երկրորդ թագուհին է կառուցել՝ Գագիկ Առաջին արքայի կինը: Կամ Հաղպատը և Սանահինը կառուցել է Խոսրովանույշ թագուհին, որը Աշոտ Երրորդ Ողորմածի կինն էր:

Ընդ որում,   թագուհիներն  իրենց  միջոցներով են  կառուցել: Օրենսդրորեն երկրի բոլոր ոսկու հանքերը արքայի սեփականությունն էին, իսկ արծաթինը՝ թագուհու: Թագուհին իր հայեցողությամբ էր տնօրինում այդ հանքերից ստացված շահույթը: Մեր թագուհիները, որպես օրինաչափություն, իրենց այդ հսկայական ֆոնդն օգտագործել են գլխավորապես բարեգործական նպատակներով:

,10 հայ ականավոր թագուհիներե գիրքը մինչև տարեվերջ նախատեսվում է հրատարակել նաև ռուսերեն և անգլերեն:

– ,10 հայ արքայատոհմերե  աշխատության նորովի մոտեցումը և ասելիքը  ո՞րն է լինելու:

– Գիտահանրամատչելի հրատարակությունների նպատակը նորությունները չեն, եղած նյութի քարոզչությունն է, հրապարակայնության ապահովումը: Նպատակը նախ և առաջ մեր ունեցած հարստությունը ճանաչելն է  մեզանում և դրա քարոզչությունը:

Թագավորներ, թագուհիներ, արքայատներ. սա շարք է: Ինչո՞ւ ձեռնամուխ եղա այս աշխատանքին, քանի որ շատ-շատ ուսանելի խնդիրներ ունենք.  պետականության վերականգնման փուլում ենք ապրում, և  ցավոք սրտի, շատ հարցերում մեր պետությունը շարունակում է մնալ անկատար, շատ հարցերում տեղում ենք դոփում: Անկախության 20-ամյակը նշեցինք, դա քիչ ժամանակ չէ,  տեսնում ենք, որ այդ ընթացքում  կարող էինք  մեծ առաջընթաց ունենալ, եթե անցյալի դասերը քաղած լինեինք և ճիշտ ուղենիշներ որդեգրեինք ապագայի համար: Այս առումով մեր ունեցած ժառանգությունը կարևոր է, և շատ կարևոր է, որ աճող սերունդն անցյալի ճիշտ արժեհամակարգով դաստիարակվի: