Օգոստոսին Բաքվում Իրանի և Ադրբեջանի պետական այրերի մասնակցությամբ կայանալու է երկու երկրների տնտեսական համագործակցության 9-րդ նիստը:
Նիստի քննարկվելիք հիմանական հարցերը վերաբերելու են համագործակցության ընդլայմանը, առկա խոչընդոտների վերացմանը:
Նիստին մասնակցելու են տարբեր ոլորտներում ակտիվ հիսուն ընկերության ներկայացուցիչներ :
Այս մասին տեղեկացնում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:
Իրանն Աֆղանստանին էլեկտրաէներգիա և վառելիք կմատակարարի
Սիստան-Բելուջիստան նահանգի նահանգապետ Ալի Ավսաթ Խաշեմին Զաբոլ կատարած այցի ընթացքում հայտնել է, որ եթե Աֆղանստանը բավարար քանակությամբ ջրի հոսք ապահովի դեպի Համուն լիճը, ապա այդ երկիրը կստանա էլեկտրաէներգիա:
«Մոտակա օրերս պատրաստվում եմ այցելել աֆղանական Նիմրուզ նահանգ»,- ասել է նահանգապետը:
Իրանական և աֆղանական այս երկու նահանգները փոխադարձ պահանջներ ունեն միմյանց, և ամենայն հավանականությամբ, կայանալիք այդ այցի ընթացքում կքննարկվեն դրանք:
Ալի Ավսաթ Խաշեմին հավելել է, որ Սիստան-Բելուջիստան նահանգը բացի էլեկտրաէներգիայից, հնարավորություն ունի Աֆղանստանին մատակարարել վառելիք` այդպիսով մուտք գործել այդ երկրի վառելիքի շուկա:
Այս մասին տեղեկացնում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:
Առաջիկայում Իրանում կարտադրվեն քաղցկեղը բուժող դեղամիջոցներ
Իրանի հատուկ տնտեսական գոտու խորհրդի տնօրեն Ջաֆար Ահանգարան տեղեկացրել է, որ որոշում է ընդունվել, որպեսզի Թեհրանում ստեղծվի հատուկ արտադրական կենտրոն, որում կթողարկվեն ծանր հիվանդությունների` մասնավորապես քաղցկեղի բուժման համար դեղամիջոցներ:
«Այս որոշումը ընդունել է Իրանի ազատ և հատուկ տնտեսական գոտիների գերագույն խորհուրդը: Առաջիկայում Իրանի խորհրդարանում համապատասխան օրինագիծը կներկայացվի վերջնական հաստատման»,- նշել է Ջաֆար Ահանգարան:
Իրանի հատուկ տնտեսական գոտու խորհրդի տնօրենը ասել է, որ ստեղծված կենտրոնը զգալիորեն կթեթևացնի Իրան ներկրվող բժշկական սարքավորումների գործընթացը, քանի որ նման կառույցի համար նախատեսված են մաքսային հատուկ արտոնություններ :
Ջաֆար Ահանգարանին հավելել է, որ երկրում սպառվող դեղամիջոցների մեծ մասն արտադրվում է Իրանում:
Այս մասին տեղեկացնում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:
Արյան փոխներարկում արել են միայն հարուստներին
Ռումինիայում մեծ սկանդալ է բորբոքվել:Արյան փոխներարկման հասարակական կենտրոնի տնօրեն Քրիստինա Մարիա Ստոյանը մեղադրվում է ոչ այնքան ապահով մարդկանց,որոնց գնչուների տեղ է դրել, օգնություն ցուցաբերելուց հրաժարվելու համար: Հետաքննությունը ենթադրում է, որ բժշկի դաժանության հետևանքով 7 մարդ է զոհվել:
Հիվանդների կողմից բազմաթիվ բողոքներ ստանալուց հետո, ոստիկանությունը սկսել է գաղտնալսել բժշկի հեռախոսը: Խոսակցություններից մեկի ժամանակ Ստոյանը հրաժարվել է անհրաժեշտ քանակությամբ արյուն փոխներարկել 13-ամյա աղջկան, ում բժշկուհին գնչուհի է կարծել: Հետևանքը եղել է այն, որ աղջիկը մահացել է:
Մեկ այլ ցնցող երկխոսություն է հայտնի, որի ժամանակ բուժքույրը գլխավոր բժշկին հայտնել է, որ ծննդաբերած 20-ամյա կնոջն արյուն է պահանջվում փոխներարկել, հակառակ դեպքում նա չի ապրի:»Դե ինչ` հրաժեշտ տվեք նրան: Չմոռանաք տեղեկացնել նրա ընտանիքին»,-ասել է Ստոյանն ու կախել լսափողը:
Ոստիկանությունը ենթադրում է, որ բժշկի հանցավոր վարքի հետևանքով առնվազն 7 մարդ է մահացել, սակայն հայտնի է նաև, որ կարող, հարուստ հիվանդների հանդեպ նա ավելի քան բարեհաճ է գտնվել: Օրինակ, տեղի պաշտոնյաներից մեկին արյունով մի քանի բանկա է տրամադրել, չնայած վերջինս անգամ անհրաժեշտ բժշկական որակավորում չի ունեցել:
Ներկայում մեղադրյալը հսկողության տակ է գտնվում:
Սերբիայում ռուսամետների համար «Պուտին» սրճարան է բացվել
Սերբական Նովի-Սադ քաղաքի պատմական կենտրոնում սրճարան է բացվել, որը Ռուսաստանի նախագահ Պուտինի պատվին է անվանակոչվել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
«Պուտին» ցուցանակի կողքին նրա լուսանկարն է տեղադրվել: Ինչպես ազգային հեռուստաալիքին է հայտնել սրճարանատեր Ռադիվոյ Միլյանիչը, «Նովի սադում» շատ մարդիկ են հարգում նախագահ Պուտինին, շատ ռուսամետ մարդիկ կան, ովքեր պաշտում են նրան.»Ես ոչ մի վիճելի բան չեմ տեսնում սրճարանի անվանման մեջ»:
Սրճարանն աշխատելու է հաջորդ շաբաթվանից:
Իսրայելը մոբիլիզացրել է ևս 16 հազար պահեստայինի
Իսրայելը հայտարարել է ևս 16 հազար պահեստայինի մոբիլիզացիայի մասին: Պաշտպանության բանակի զինհրամանատարության կարծիքով, այդ քայլը հնարավորություն կտա էականորեն ընդլայնելու Գազայի հատվածում ռազմական օպերացիան, որը շարունակվում է արդեն 23 օր: Այն սկսվել է հուլիսի 8-ին ու արդեն 1360 պաղեստինցի է զոհվել:
Իսրայելական կողմից 56 զինվորական է զոհվել ու 3 խաղաղ բնակիչ: Ներկա դրությամբ Գազայի հատվածում օպերացիայի համար Իսրայելի ռազմական հրամանատարությունը մոբիլիզացրել է ընդհանուր առմամբ 86 հազար պահեստայինի:
Ասիայում դեղի նկատմամբ կայուն մակաբույծներ են հայտնվել
Կամբոջայի, Բիրմայի, Թաիլանդի ու Վիետնամի մի շարք շրջաններում մալյարիայի դեղամիջոցների նկատմամբ կայուն մակաբույծներ են հայտնվել, հաղորդում է ВВС-ի Ռուսական ծառայությունը:
Հետազոտական թեսթերի ժամանակ պարզվել է, որ այդ մակաբույծները կայուն են մալյարիայի դեմ ամենաարդյունավետ դեղերից մեկի` արտեմիզինինի նկատմամբ: Ինչպես գիտնականներն են նշում, ամեն տարի այդ հիվանդությունից մահանում են հարյուր հազարավոր մարդիկ, ընդ որում, մեծ մասն Աֆրիկայի բնակիչներ են:
Ավստրալիայի իշխանությունները օգոստոսի 7-ը սգո օր են հայտարարել
Ավստրալիայի իշխանությունները օգոստոսի 7-ը սգո օր են հայտարարել Դոնեցկի մոտ կործանված մալազիական ավիաուղիների զոհերի կապակցությամբ:
Այդ օրը ողջ երկրով մեկ կիջեցվեն դրոշները, իսկ Մելբուռնում հիշատակի արարողություն կանցկացվի.”Այդ արարողությունը կոչված է հարգելու բոլոր նրանց հիշատակը, ովքեր զոհվեցին ու սատարել նրանց, ովքեր կորցրել են իրենց մտերիմներին”,-հայտարարել է երկրի վարչապետ Թոնի Էբոտը:
“Մենք սգում ենք բոլոր 298 զոհերին ու ամենաշատը` 38 տղամարդկանց, կանանց ու երեխաներին, ում համար Ավստրալիան հարազատ տուն էր: Մենք ցավակցում ենք զոհերի ընտանիքներին ու նրանց կաջակցենք առաջիկա դժվարին ժամանակներում: Մենք միասնական ենք մեր վշտի մեջ ու վճռական, արդարադատության հաղթանակի համար”,-հաղորդվում է վարչապետի պաշտոնական կայքում:
Ներկայում կործանված “Բոինգի” փաստով գործ է հարուցվել: Զոհերի մարմինները Նիդեռլանդներ են փոխադրվել` աուտոպսիայի ու դատափորձաքննության համար: “Սև արկղերը” գաղտնազերծելու համար Մեծ Բրիտանիա են փոխադրվել:
Ճապոնիայի ափերին է մոտենում հզոր «Նակրի» թայֆունը
Խաղաղ օվկիանոսում առաջացած «Նակրի» թայֆունը մոտենում է Ճապոնիաի հարավային ափերին:
Ուրբաթ, օգոստոսի 1-ին ուժեղ քամով ու հորդառատ անձրևներով թայֆունը կմոտենա Օկինավա պրեֆեկտուրայի ափերին: Թայֆունի կենտրոնում ճնշումը 986 հեկտոպասկալ է, քամու արագությունը հասնում է վայրկյանում 20 մ, երբեմն` մինչև 30մ:
Օդերևութաբանների կանխատեսումներով, տեղումների մակարդակն ուրբաթ օրն Օկինավայում ու Կյուսյուում կհասնի 200-250 մմ-ի` օրական: Օդերևութաբանները նախազգուշացնում են սողանքների, հեղեղների ու լեռնահուսինների մասին:
Ավելի վաղ Ճապոնիայի հարավային ու կենտրոնական շրջաններն արդեն հայտնվել են «Նեոգուրի» թայֆունի հարվածի տակ.զոհվել է 3 մարդ, 63-ը վիրավորվել են: Թայֆունն ավերել է ավելի քան 500 տուն:
Օբամայի դեմ հայցը Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում հավանության են արժանացրել
Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը հավանության է արժանացրել հանրապետական Ջոն Բեյների` երկրի նախագահ Օբամայի դեմ հայցը.հաղորդում է Lenta.ru-ն:
«Կողմ» են քվեարկել 225 կոնգրեսական, «դեմ»` 201-ը: Հիմա եթե դաշնային դատարանը որոշի, որ փաստաթուղթը իրավաբանական ուժ ունի, ապա այն կփոխանցվի Օբամայի ադմինիստրացիա: Ողջ գործընթացը կարող է ամիսներ տևել: Իսկ Օբաման այդ ձեռնարկը «քաղաքական հնարք» է անվանել:
«Նրանք պատրաստվում են ինձ դատի տալ մարդկանց օգնելու իմ գործողությունների համար: Նրանք հաստատ չեն հասկանում, որ ես կատարում եմ իմ պարտականությունները»,-ասել է Օբաման: Նա կարծում է, որ այդ կերպ քաղաքական գործիչները փորձում են խույս տալ հանապազօրյա խնդիրների լուծումից:
Ավելի վաղ նախագահին դատի տալու մտադրության մասին հայտնել էր ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցչների պալատի խոսնակ, Հանրապետական կուսակցության անդամ Ջոն Բայները: Նա դեմոկրատ նախագահին մեղադրեց պաշտոնեական իրավասությունների չարաշահման ու պետության մյուս օրենքների խախտման մեջ:
Լեյլա Յունուսը երեք ամսով կալանավորվել է
Խաղաղություն և ժողովրդավարություն ինստիտուտի տնօրեն, իրավապաշտպան Լեյլա Յունուսը Նասիմինյան շրջանային դատարանի վճռով երեք ամսով կալանավորվել է:
Ադրբեջանական “Կոնտակտ” կայքի հաղորդմամբ`6 ժամ հարցաքննությունից հետո Լեյլա Յունուսին Գլխավոր դատախազության շենքից նստեցրել են սև գույնի ավտոմեքենա և ուղարկվել Նասիմինյան շրջանային դատարան:
Լեյլա Յունուսը մեղադրվում է Ադրբեջանի քրեական օրենսգրքի 274 (Հայրենքին դավաճանության), 213 (հարկերից խուսափում), 192 (անօրինական ձեռնարկատիրություն) և 178 (խարդախություն) հոդվածներով:
Իրավապաշտպան Լեյլա Յունուսի ամուսնու՝ Արիֆ Յուսուֆի նկատմամբ նույնպես մեղադրանք է առաջադրվել 274 (Հայրենքին դավաճանության), 178 (խարդախություն) հոդվածներով: Ըստ նրանց փաստաբան Ջավադ Ջավադովի` ամուսինները հերքում են բոլոր մեղադրանքները:
Հիշեցնենք, որ հուլիսի 30-ի առավոտյան` ադրբեջանական ժամանակով 11:45-ին, քաղաքացիական հագուստով անհայտ անձիք կանգնեցրել էին Լեյլա Յունուսի ավտոմեքենան, ներս խուժել և ձերբակալել նրան:
Թուրք հեղինակի` 1915 թվականի մասին պատմող գիրքը Գրականության Նոբելյան մրցանակի թեկնածու
Ալի Բայրամի «Արսինե. աքսորում մի հայ աղջիկ» անունով գիրքը, լույս տեսնելով 2014 թվականի մարտ ամսին, կարճ ժամանակ անց հայտնվեց ամենաընթերցված գրքերի ցանկի ստորին հորիզոնականում: Թուրքիայում ընթերցասերների միայն 2 տոկոսն էր հետաքրքրություն ցուցաբերել հայերի աքսորի մասին պատմող գրքի նկատմամբ: Գրքում դեպքերը զարգանում են 1915 թվականին Սամսունի Քավաք գավառում, որտեղ Ռաֆայել Թեյել ընտանիքը ստիպված է լինում բռնել գաղթի ճամփան: Գիրքը պատմում է ընտանիքի թոռան` Արսինեի դժվար կյանքի մասին: Մյուս կողմից ներկայացվում է նաև, թե հայերն ու թուրքերը մի ժամանակ ինչպիսի «երջանիկ» կյանք են ունեցել միասին:
Չնայած գրքի նկատմամբ սկզբում հետաքրքրությունը աննշան էր, այժմ այն անհամեմատ ավելի մեծ պահանջարկ ունի: Բացի այդ, «Արսինե. աքսորում մի հայ աղջիկ» գիրքը հանդիսանում է Գրականության Նոբելյան մրցանակի թեկնածու:
Թուրքիայի փոխվարչապետը թուրք կանանց համեստ լինելու կոչ է արել
Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը թուրք կանանց կոչ է արել առաջնորդվել մուսուլման կնոջը հատուկ բարոյական նորմերով: Նա հայտարարել է, որ կանայք հասարակական վայրերում պետք է դադարեն բարձր ծիծաղելուց և լինեն զուսպ ու դաստիարակված: Արընչը գտնում է, որ ժամանակակից կինը պետք է կարմրի տղամարդու հետ շփվելիս: Փոխվարչապետը մտահոգված է, որ այսօր կանայք չափից ավել են օգտագործում բջջային հեռախոսներ, սակայն ավելի գերադասելի է, որպեսզի կինը շփվի առերես: Արընչի մյուս անհանգստությունը կապված է մամուլում սեքսի վերաբերյալ քննարկումներին: Թուրք քաղաքական գործիչը գտնում է, որ դա բացասականորեն է ազդում աճող սերունդի մշակույթային և բարոյական զարգացման վրա: Արընչը հանրությանը կոչ է արել ավելի շատ Ղուրան կարդալ, քանի այս հարցում մարդիկ հետընթաց են ապրում:
Սոցիալական ցանցերի օգտատերերը սուր քննադատության են ենթարկել փոխվարչապետի հայտարարությունը: Ոմանք նրա խնդրել են վերջ տալ բարոյականության մասին խոսելուց` հիշեցնելով կոռուպցիոն սկանդալը, որի մեջ ներքաշվել էին վարչապետ Էրդողանն ու նրա շրջապատը:
Փարիզի հյուրանոցներից մեկը սկսել է «Վճարիր, որքան ցանկանում ես» ակցիան
Փարիզը հայտնի է բազմաթիվ առումներով՝ այդ թվում նաև որպես ռոմանտիկայի, հրաշալի ռեստորանների, տեսարժան վայրերի և մեծ ճարտարապետության քաղաք:
Սակայն այդ ամենն իր գինն ունի՝ այդ կերպ Փարիզը դարձնելով աշխարհի ամենաթանկ բնակելի տարածքներն առաջարկող քաղաքներից մեկը:
Այնուամենայնիվ, քաղաքի հյուրանոցներից մեկը թույլատրել է այցելուներին վճարել այնքան, որքան իրենք հարմար են գտնում վճարել:
Հյուրանոցի տերը՝ Ալդրի Դյուվալը, սկսել է «Վճարիր, որքան ցանկանում ես» ակցիան՝ փորձելով այցելուներ գրավել քաղաքի կենտրոնական Oպերայի շրջանում գտնվող երեք աստղանի Տուր դ- Օվերն հյուրանոց:
Գաղափարը պարզ է՝ այցելուն վճարում է այնքան, որքան ցանկանում է գիշերը հյուրանոցում մնալու համար:
Սովորաբար, հյուրանոցում երկտեղանի համարներն արժեն 190 եվրո, սակայն եթե այցելուն կարծի, որ դա հարմար գին չէ, կարող է նույնիսկ 1 եվրո վճարել:
Ակցիան կտևի մինչև օգոստոսի 10-ը:
Նա նշում է, որ այդ ակցիան նպատակ ունի այցելուներին փոքր ֆինանսական ազատություն տալ նման թանկ քաղաքում:
Դյուվալը հույս ունի, որ այցելուներն այս ակցիան կընդունեն որպես լավ գործարք և չեն չարաշահի այն:
Փարիզի, Նիցցայի և Կաննի այլ հյուրանոցներ ևս հետաքրքրված են այս ակցիայով և կապվել են Դյուվալի հետ պարզելու համար, թե ինչպես է այն աշխատում:
Համաշխարհային աստղերն Իսրայելի գործողությունները «ցեղասպանություն» են անվանել
Որոշ հայտնի աստղեր իրենց կարծիքն են արտահայտել իսրայելապաղեստինյան կոնֆլիկտի վերաբերյալ: Պենելոպե Կրուզը, նրա ամուսին Խավիեր Բարդեմը, ինչպես նաև իսպանացի կինոռեժիսոր Պեդրո Ալմոդովարն իսպանացի այլ աստղերի հետ միասին Գազայում Իսրայելի գործողությունները բնութագրել են որպես «ցեղասպանություն»:
Պենելոպեն, Խավիերը, Պեդրոն և այլ իսպանացի դերասաններ, ռեժիսորներ և գրողներ բաց նամակ են հղել իսպանալեզու Europa Press-ին:
Խումբը նաև կոչ է արել Իսրայելին վերացնել ավելի քան մեկ տասնամյակ տևող Գազայի հատվածի շրջափակումը: Նրանք երկրին խնդրել էին բացել սահմանային խաչմերուկները մարդկանց տեղաշարժը չսահմանափակելու, ինչպես նաև սննդի, բժշկական սարքավորումների և դեղամիջոցների մուտքն ապահովելու համար:
Մադոննան իսրայելապաղեստինայն հակամարտության վերաբերյալ իր կարծիքը արտահայտել է հուլիսի 23-ին Facebook-ի միջոցով: Նա տեղադրել էր ծաղիկների լուսանկար, որի տակ գրել էր, որ դրանք նման են Գազայի անմեղ երեխաներին, որոնց ոչ ոք իրավունք չունի ոչնչացնել, և հրադադարի կոչ էր արել հակամարտող կողմերին:
Հնդկաստանում 150 մարդ է մնացել սողանքի տակ
Չորեքշաբթի օրը Հնդկաստանի արևմտյան հատվածում գտնվող գյուղերից մեկում մուսոնային անձրևների հետևանքով առաջացած սողանքի տակ 150-ից ավել մարդ է մնացել սողանքի տակ:
Պաշտոնական տեղեկություններով՝ անձրևներից 30-40 տուն է վնասվել:
Շուրջ 40 շտապօգնության մեքենա և 200 կամավորներ են ուղարկվել դեպքի վայր փրկարարական աշխատանքներին մասնակցելու համար:
Սողանքները գրանցվել են Մահարաշտրա նահանգի Մալին գյուղում:
Ուղերձ մարդկային թրաֆիքինգի դեմ համաշխարհային օրվա կապակցությամբ
Մարդկային թրաֆիքինգը համաշխարհային անզգա արդյունաբերություն է, որը մերժում է զոհերի իրավունքներն ու արժանապատվությունը և միլիարդավոր դոլարներ ստեղծում կազմակերպված հանցավոր ցանցերի համար։ Թրաֆիքինգի ենթարկված անձանց մեծ մասը խոցելի կանայք ու երեխաներ են, ովքեր խաբեությամբ ներքաշվել են տառապանքով լի կյանք։
Մարդկային թրաֆիքինգի դեմ համաշխարհային այս առաջին օրը գործողությունների կոչ է՝ վերջ տալու այս հանցագործությանը և հույս ներշնչելու զոհերին, ովքեր հաճախ աննկատ ապրում են մեր շարքերում։ Թրաֆիքինգի հեղինակներին կանգնեցնելու համար մենք պետք է փակենք ֆինանսավորման խողովակները և կալանք դնենք ակտիվների վրա։ Հորդորում եմ բոլոր երկրներին՝ վավերացնել և լիարժեքորեն իրականացնել «Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ» ՄԱԿ-ի կոնվենցիան և դրա արձանագրությունը «Մարդկային թրաֆիքինգի մասին»։
Պարտավորությունների իրականացման ապահովում, սահմանակից պետությունների համագործակցություն և տեղեկությունների փոխանակում՝ այս ամենը կարող է արդյունավետ լինել, սակայն մարդկային թրաֆիքինգի դադարեցումը նաև նշանակում է խորքային պատճառների կարգավորում։ Ծայրահեղ աղքատությունը, արմատացած անհավասարությունը և կրթության ու հնարավորության պակասը մարդկանց դարձնում են խոցելի, ինչն էլ շահագործում են թրաֆիքինգի հեղինակները։ Վերջիվերջո, լավագույն պաշտպանությունը բոլորի համար զարգացման խթանումն է։
Թրաֆիքինգի այն զոհերը, որոնք բավարար հաջողակ են եղել ազատություն ստանալու, օգնության կարիք ունեն՝ վերստանալու իրենց իրավունքները և վերաինտեգրվելու հասարակությունում։ Մարդկանց թրաֆիքինգի զոհերի ՄԱԿ-ի կամավոր հավատարմագրային հիմնադրամը գործում է նրանց համար, սակայն հավելյալ միջոցների կարիք ունի։ Դիմում եմ բոլորիդ՝ աջակցելու «Կարեկից եղեք մարդկային թրաֆիքինգի զոհերին» ՄԱԿ-ի արշավին։
Եկեք բաց աչքերով նայենք այս հանցանքին և բաց սրտով վերաբերվենք զոհերին։ Ժամանակն է «ոչ» ասելու մարդկային թրաֆիքինգին։
Բան Կի-Մուն
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար
Ադրբեջանում իրավապաշտպանները անհանգստացած են մարդու իրավունքների խախտման դեպքերի աճով
Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը էլ ավելի է վատթարանում: Այս մասին հայտարարել են Ադրբեջանի իրավապաշտպան կազմակերպությունների մոնիտորինգային խմբի անդամները մամլո ասուլիսի ժամանակ, հաղորդում է “Կոնտակտ” կայքը:
Խումբը իր բողոքն է արտահայտել հասարակական, երիտասարդական ակտիվիստների, ընդդիմադիր կուսակցությունների անդամների, լրագրողների և բլոգերների ձերբակալության աճող տեմպերի դեմ: Մասնավորապես, նրանք քննադատել են կեղծ մեղադրանքներով Գյանջայում (Գանձակ) հայտնի մտավորական և ակտիվիստ Հաան Հուսեինլիի ձերբակալությունը:
Ըստ մոնիտորինգային խմբի տվյալների` ներկայումս Ադրբեջանում կա 29 քաղբանտարկյալ: Իրավապաշտպանները այս ցուցակը տրամադրել են նախագահի աշխատակազմին և գլխավո դատախազությանը:
Խումբը ընդգծել է, որ պոտենցիալ քաղբանտարկյալների թիվը աճում է: “2013թ.-ից ձերբակալությունները լայնածավալ բնույթ են ստացել և մայրաքաղաք Բաքվից տարածվել են մարզեր”,- ասել է Մարդու իրավունքների և օրինականության գծով բյուրոյի ղեկավար Ս. Հոջամանլըն:
Խմբի անդամները կարծիք են հայտնել, որ քաղաքական և հասարակական ակտիվիստներին ձերբակալում են կամ “թմրանյութեր”, կամ “խուլիգանություն” մեղադրանքով: Դատարանները որոշում են կայացնում քաղաքական պատվերի հիման վրա:
“Քանի դեռ դատարանները ծառայում են պաշտոնյաներին և կաշառակերներին, չենք կարող բարելավում ակնկալել”,- հայտարարել է մարդու իրավունքների միջազգային կոմիտեի ադրբեջանական ներկայացուցչության ղեկավար Սաադաթ Բանանյարլըն:
Իրանում ամենաշատը ցորեն արտադրում է Խուզեստան նահանգը
Իրանի պետական առևտրային ընկերության ղեկավար Աբաս Ախունդին հայտնել է, որ նախորդ ամիսների ընթացքում ցորեն է մթերվել Իրանի հետևյալ նահանգներից` Խուզեստան (966 հազար տոննա), Ֆարս (777 հազար տոննա), Գոլեսթան (593 հազար տոննա), Քերմանշահ (548 հազար տոննա):

«Քուրդիստան, Համադան, Խորասան-Ռեզավի, Արևմտյան Ադրբեջան, Լուրիստան և Արդեբիլ նահանգներից գնված ցորենի ծավալը գերազանցել է 200 հազար տոննան»,- ասել է Աբաս Ախունդին:
Այս մասին տեղեկացնում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:
Իրանի արտգործնախարարը կոչ է անում դադարեցնել հարձակումները Գազայում
Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը հեռախոսազրույց է ունեցել Մալայզիայի արտաքին գործերի նախարար Անիֆա Ամանի հետ:
Զրույցի ընթացքում Զարիֆն կարևորել է Պաղեստինի անպաշտպան բնակչության դեմ կատաղի հարձակումները դադարեցնելու համար սիոնիտական վարչակարգի վրա ճնշում գործադրելու, ինչպես նաև դժվարին կացությունում հայտնված ժողովրդին աջակցելու անհրաժեշտությունը:
«Գազայի ժողովրդին կոտորելու սիոնիստների հանդուգն քայլն իսլամական աշխարհի պառակտման պատճառով է կատարվում: Արևմուտքում լայն տարածում ստացած «քողարկված» գրաքննությունը թույլ չի տալիս արևմտյան ժողովուրդներին իրազեկել Գազայում կատարվող ողբերգության մասին, սակայն այդ ոճրագործություններն այնքան ահավոր են, որ նույնիսկ եթե դրանց մի փոքր մասն արտացոլվի արևմտյան զանգվածային լրատվամիջոցներում, ապա կցնցի ամբողջ աշխարհը»,- նշել է Մուհամմադ Ջավադ Զարիֆը:
Իրանի արտգործնախարարը կոչ է արել իսլամական երկրներին ջանքեր գործադրել Գազայի ժողովրդին օժանդակելու ուղղությամբ:
Անիֆա Ամանը, անդրադառնալով Գազայի տառապյալ, սակայն դիմացկուն ժողովրդի խնդիրներին, հայտնել է է, որ այն ինքնապաշտպանության համար զինելու կարիք ունի։
Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:
