Իրաքում 9 ոստիկան ու 60 բանտարկյալ է զոհվել

1339-390x290Իրաքում բանտային ավտոշարասյան վրա հարձակման հետևանքով 60 մարդ է զոհվել,: Ոստիկանների տվյալներով, զինյալները գնդակոծել են բանտարկյալների տեղափոխող ավտոբուսն այն ժամանակ, երբ այն բանտից Բաղդադի հյուսիս էր ուղևորվում:

Երկրում իրավիճակը վատթարացել է  հունիսի սկզբին «Իսլամական պետություն» սունիթական խմբավորման ակտիվացման հետ:

Ավելի վաղ հիշյալ խմբավորման զինյալները կռվում էին Սիրիայում, իսկ հունիսից սկսեցին տեղաշարժվել դեպի Իրաքի հյուսիսային ու արևմտյան շրջաններ: Նրանց են միացել տեղի սուննիթները, Սադամ Հուսեյնի բանակի զինվորներն ու ահաբեկչական մանր խմբավորումներ

Անկախ:

Իրաքում նոր նախագահ են ընտրել

флаг-390x290Իրաքի խորհրդարանը որպես երկրի նոր նախագահ է ընտրել քրդական բլոկից քաղաքական գործիչ Ֆուադ Մասումին, հաղորդում է Lenta.ru-ն:

Խորհրդարանի խոսնակ Սալիմ ալ-Ջիբուրիի խոսքով, 76-ամյա քաղաքական գործիչն է ամենաշատ թվով ձայներ հավաքել: Ավելի վաղ տեղեկություն կար, որ նախագահության համար իր թեկնածությունն է առաջարկել 93 մարդ:

Տեղի քաղաքական տեսաբանները նրան բնութագրում են, որպես չափավոր քաղաքական գործիչ, որը լավ հարաբերությունների մեջ է  և սունիթների և շիաների հետ:

Իրաքի հիմնական օրենքի համաձայն, պետության ղեկավար են ընտրում  ներկայացուցիչների խորհրդի անդամները` 4 տարով: Նրա դերը երկրի ղեկավարության մեջ հիմնականում ներկայացուցչական բնույթ է կրում, իսկ որոշումները,փաստացի, ընդունում է վարչապետը: Կառավարության ղեկավարի թեկնածությունն առաջ է քաշում Իրաքի նախագահը` խորհրդարանական մեծամասնությունից:

Բրիտանացին երկնքում աստծու դեմք է լուսանկարել

աստվածԲրիտանացի Ջերեմի Ֆլեթչերը, որ գործերով Բերքշիրից Նորֆոլք էր գնացել, Սնիթեսհեմ գյուղակի երկնքում մորուսավոր ծերուկի դեմք է լուսանկարել, գրում է  Вести.Ru.-ն:

“Ես Ուոշի ծոցի երկայնքով զբոսնում էի: Ու երբ պատահաբար երկկնք նայեցի` տարօրինակ բան նկատեցի: Անմիջապես գլխիս վերևում մորուսավոր ծերուկի հսկայական գլուխ էր կախված, որն ասես հորիզոնն էր դիտում”,-ասել է Ֆլեթչերը:

Այդ ժամանակ, տղամարդը հասցրել է  մի քանի լուսանկար անել:”Բնականաբար, կարող է թվալ, որ աստծու դեմքն եմ նկարել, ինչպես ընունված է նրան պատկերել, սակայն նույն հաջողությամբ այն կարող է լինել Շոն Կոներին կամ էլ Կառլ Մարքսը”:

Նա նշել է, որ ինքն իրեն հավատացյալ չի համարում:

Անկախ

Նիգերի մայրաքաղաքի մոտ ինքնաթիռ է վթարվել

վթարAir Algerie ընկերությանը պատկանող ինքնաթիռը ենթադրվում է, որ վթարվել է Նիգերի մայրաքաղաք Նիամեյի մոտ, հաղորդում է Lenta.ru-ն:

Ինքնաթիռի հետ կապը կորել է Բուրկինա Ֆասոյի օդանավակայանից թռիչքի 50-րդ րոպեին: Ինքնաթիռը Ուահդուհուից թռչում էր Ալժիր: Ինքնաթիռում 110 ուղևոր կար ու  6-հոգանոց անձնակազմ:

Ավելի վաղ տեղեկություն կար, որ ինքնաթիռը վատ տեսանելիության պատճառով շեղվել է  ուղուց: Ալժիրում արդեն ստեղծվել է ճգնաժամային կենտրոն ողբերգության հանգամանքների հետաքննության համար:

Տվյալ ինքնաթիռում 135 ուղևոր կարող է տեղավորվել:  AH5017  թռիչքն այդ ինքնաթիռը կատարում է շաբաթական 4 անգամ: Ողջ թռիչի ընթացքը տևում է 4 ժամ:

Անկախ

Գազայի անմեղ զոհերն ու մեծ քաղաքականությունը

gazaՀուլիսի 8-ին Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարեց պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման դեմ ռազմական գործողության մեկնարկի մասին, որը կրում է «Պաշտպանության սահմանը» անվանումը։ Պատճառը, ըստ իսրայելական կողմի, Գազայի հատվածից իրենց ուղղված հրթիռների հարվածներն են։ Իսրայելական կողմը դա համարել է ահաբեկչություն` ուղղված իրենց քաղաքացիների դեմ` պնդելով, որ վերջին 2 օրվա ընթացքում պաղեստինյան կողմից իրենց ուղղությամբ արձակվել է ավելի քան 80 հրթիռ, որոնց մի մասը չեզոքացվել է իսրայելական «Երկաթե գմբեթ» հակօդային պաշտպանության համակարգի միջոցով:
Չնայած դրան` որոշ փորձագետներ Իսրայելի նախաձեռնությունը պայմանավորեցին հունիսի 12-ին 3 իսրայելցի պատանիների սպանության հետ, որոնց առևանգման պատասխանատու Իսրայելը համարել էր ՀԱՄԱՍ-ին, իսկ վերջինս հերքել էր դա:
Հուլիսի 18-ին Իսրայելը Գազայի հատվածում անցավ լայնամասշտաբ ցամաքային գործողությունների՝ իսրայելական օդուժի, ռազմածովային ուժերի, ինժեներական, զրահատանկային զորքերի ու նավատորմի մասնակցությամբ:
Ժամեր անց արդեն հայտնի էին ցամաքային հարձակման առաջին զոհերը, իսկ Գազայից ստացված լուսանկարները՝ սարսափ էին հարուցում:
Երկու շաբաթ առաջ սկսված ռազմական գործողությունների հետևանքով Գազայում զոհերի թիվն անցել է 600-ը, և այն օրեցօր ավելանալու միտում ունի:
Զոհերից անմասն չէ նաև Իսրայելը. մինչ այս պահը` 27 զինծառայող: Սակայն պաղեստինյան զոհերը հիմնականում խաղաղ բնակիչներ են, այդ թվում նաև բազմաթիվ երեխաներ:
Պաղեստինի վարչապետ Ռամի ալ Համդալլահը Գազայում իսրայելցիների իրականացրած օպերացիան իսկական ցեղասպանություն որակեց:

Միջազգային հանրության արձագանքն ու քաղաքական շահերի բախումները
Չնայած միջազգային հանրության` արյունահեղությանը վերջ դնելու կոչերին` Իսրայելը կարծես թե մտադիր չէ հետ կանգնել իր գործողություններից: Խաղաղության կոչերով մշտապես հանդես եկող ԱՄՆ-ն օրը ցերեկով իրականացվող հարյուրավոր սպանությունների նկատմամբ լուռ է և չի պատրաստվում մեղադրել Իսրայելին: Ավելին, նա ասես պաշտպանում է սիոնիստական ռեժիմի կողմից Գազայի վրա իրականացվող գործողությունները` կոչ անելով ընդամենը գործողությունները սահմանափակել «ճշգրիտ հարձակումներով» և ավելի մեծ ջանքեր գործադրել պաղեստինցի խաղաղ բնակիչների կորուստը կանխելու համար:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Իսրայելից պահանջեց անհապաղ դադարեցնել հարձակումները: Միաժամանակ Պան Գի Մունը Անվտանգության խորհրդի հետ տեսակապի ժամանակ հայտարարեց, որ Գազայի հատվածում Իսրայելի հարձակումներից տուժած պաղեստինցիների համար անհապաղ 115 մլն դոլար է անհրաժեշտ բնակչության հումանիտար կարիքները հոգալու համար:
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը քննադատության ենթարկեց Թուրքիայի դիրքորոշումն ու Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանին՝ նշելով, որ Թուրքիան Պաղեստինի ժողովրդի դեմ իսրայելական ագրեսիայի համար ստեղծել է բոլոր պայմանները:
Սակայն ամենակոշտ հայտարարությամբ հանդես եկավ Թուրքիայի բարձրաստիճան ղեկավարությունը: Վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ քանի դեռ Իսրայելը չի դադարեցրել բռնությունները Գազայի հատվածում, Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները չեն կարգավորվի:
Նա Իսրայելին մեղադրեց Գազայի հատվածում պաղեստինցիների նկատմամբ պարբերաբար ցեղասպանության փորձեր իրականացնելու մեջ:
«1948 թվականից յուրաքանչյուր Ռամադանի մենք ականատեսն ենք լինում ցեղասպանության իրականացման: Աշխարհը լռում է, որովհետև նրանք, ովքեր իրենց կյանքն են կորցնում, պաղեստինցիներ են»,- հայտարարեց Թուրքիայի
վարչապետը:
Նա ՄԱԿ-ի ձեռնարկած քայլերը որակեց որպես ցուցադրություն, որը ոչ մի էական ազդեցություն չի թողնում:
Էրդողանը մեղադրանքներ ներկայացրեց նաև իսլամական աշխարհին՝ ասելով, որ որ երբ Արևմուտքը լռում է, իսլամական աշխարհը նույնպես հետևում է նրա օրինակին:
Իսկ Իսրայելի վարքագիծը Թուրքիայի վարչապետը համեմատեց Հիտլերի հետ՝ նշելով, որ Իսրայելը ո՛չ խիղճ ունի, ո՛չ պատիվ, ո՛չ հպարտություն: «Նրանք, ովքեր օրուգիշեր դատապարտում են Հիտլերին, բարբարոսությամբ գերազանցել են նրան»,- հայտարարեց Էրդողանը:
Իսրայելի պատասխանը չուշացավ, իհարկե` ոչ նման բարձրաստիճան մակարդակով: Թուրքիայի վարչապետի հայտարարությանն արձագանքեց Իսրայելի փոխադրումների նախարար Իսրայել Կացը՝ հիշեցնելով Էրդողանին 1915-ի Հայոց ցեղասպանության մասին, որի ժամանակ մեկուկես միլիոն հայ է սպանվել:
Այնուհետև Իսրայելի ԱԳՆ-ն հետ կանչեց Անկարայում և Ստամբուլում իր դիվանագետներին, որից հետո բողոքի մեծ ցույցեր տեղի ունեցան այդ քաղաքներում դեսպանության և հյուպատոսության առջև:
Թուրք-իսրայելական լարվածությունը տեղափոխվեց նաև տնտեսական դաշտ: Իսրայելական «Rami Levi» և «Blue Square» սուպերմարկետների ցանցերը բոյկոտ հայտարարեցին թուրքական ապրանքների դեմ, ցուցափեղկերից հանվեցին թուրքական արտադրության բոլոր ապրանքները, չնայած այդ բոյկոտը սուպերմարկետներին 93 մլն դոլարի վնաս կարող է հասցնել:
Ի հեճուկս այս ամենի` Ստամբուլում եռօրյա սուգ հայտարարվեց Գազայի զոհերի հիշատակին, և հազարավոր մարդիկ դուրս ելան հակաիսրայելական ցույցերի:
Թուրքիայի կոշտ դիրքորոշումը բարձր գնահատվեց Պաղեստինի կողմից: Հուլիսի 23-ին երկօրյա այցով Թուրքիա ժամանեց Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը՝ նախագահ Գյուլի և վարչապետ Թայիփ Էրդողանի հետ քննարկելու Գազայի շուրջ ստեղծված իրավիճակը:
Այսպիսով, Թուրքիային հաջողվեց ցույց տալ, որ տարածաշրջանում մուսուլման եղբայրների նեցուկն ու ապավենն է, դրանով իսկ փորձելով ամրապնդել դիրքերը Մերձավոր Արևելքում:
Սակայն Գազայի իրադարձությունները կարող են ստվերել թուրք-ամերիկյան հարաբերությունները: Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին ասել է, որ Էրդողանի հակասեմական խոսքերը պղծել են Հոլոքոստի զոհերի հիշատակը:
Մինչդեռ Էրդողանը տեղն է դրել նաև ԱՄՆ-ին. «Որոշ ամերիկացիներ հարցնում են` ինչո՞ւ է վարչապետը Հիտլերի հետ նման համեմատություններ անում: Ձեզ ի՞նչ: Դուք Ամերիկան եք, ի՞նչ կապ ունի Հիտլերը ձեզ հետ»:
Նա մեղադրել է ԱՄՆ-ին Իսրայելի անհամաչափ գործողությունները պաշտպանելու մեջ` նշելով, որ չէր կարող նման անարդարություն սպասել «արդարության առաջամարտիկ» Վաշինգտոնից:
Մինչ գերտերությունները փորձում են Գազայի իրադարձությունների ֆոնին իրենց դերերը վերագնահատել տարածաշրջանում, որոշ փորձագետներ կարծում են, որ այդ ամենից օգտվում է նաև ՀԱՄԱՍ-ը՝ բնակչության շրջանում մեծ զոհերի գնով ցանկանալով բորբոքել հակաիսրայելական տրամադրությունները արաբական և մահմեդական աշխարհում և ձեռք բերել միլիոնավոր դոլարների հումանիտար օգնություն Գազայում բնակչությանը վերահսկելու, ինչպես նաև իր ռազմական ներուժը հզորացնելու նպատակով: Իսկ Պաղեստինի հասարակ ժողովուրդը սպանվում է, հազարավոր մարդիկ դառնում են հաշմանդամ, փախստական ու անօթևան:
2008 թ. հետո սա Իսրայելի և Գազայի միջև երկրորդ խոշոր ռազմական ընդհարումն է: 2008-ին իսրայելական հարձակումների հետևանքով զոհվել էր 1000-ից ավելի մարդ:

 

Նիդեռլանդցիները կոչ են արել Հոլանդիայում բնակվող Պուտինի դստերը արտաքսել երկրից

Maria_Putin_Father_MotherՆրա հայրիկին բազմաթիվ մարդիկ մեղադրել են 193 Նիդեռլանդների քաղաքացիների մահվան համար:

Իսկ այժմ Հաագայի արվարձաններից մեկում բնակվող Մարիա Պուտինի հարաբերությունները իր հարևանների հետ պետք է որ լարված լինեն:

Մի քանի տարի է, ինչ 28-ամյա Մարիան բնակություն է հաստատել Նիդեռլանդներում իր հոլանդացի ամուսին ռուսական խորհրդատվական ընկերության ներկայացուցիչ, 34-ամյա Յորիտ Ֆասենի հետ:

Յորիտը երկու հարկանի պենտհաուս ունի Վորշխոտենի շքեղ, ուժեղ հսկողության տակ գտնվող շենքի վերին հարկում:

Երեկ ամբողջ աշխարհից Պուտինի դեմ հանդես եկող ակտիվիստները Twitter կայքում տեղադրել են այդ հասցեն և կոչ է անում նիդեռլանդացիներին շենքի մոտակայքում ցույց սկսել:

Հիլվերսումի քաղաքապետը երեկ ռադիոյով կոչ է արել Մարիա Պուտինին հեռանալ երկրից:

Նա ավելի ուշ ներողություն էր խնդրել՝ նշելով, որ իր պահանջը խելամիտ չի եղել և բխել է անօգնական լինելու զգացողությունից:

Մարիան իր ժամանակը անց է կացնում Ռուսաստանում և Նիդեռլանդներում:

Նա հեռավորություն է պահպանում իր հարևաններից, իսկ նրա հայրը իր անձնակազմի հետ միասին նրա նկատմամբ ուժեղ վերահսկողություն է պահպանում:

Պուտինը այնքան է անհանգստացած նրա անվտանգությամբ, որ չի թույլատրել նրան լուսանկարել ռուսական մամուլի համար և համալսարան է ուղարկել այլ անունով:

Անկախ

Ադրբեջանցի զինծառայողները՝ ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակից

3 (2)Ադբեջանում՝ Ալյաթ-Աստարա ավտոճանապարհի հատվածում, հուլիսի 14-ի առավոտյան 11:00-ին տեղի է ունեցել ավտոճանապարհային պատահար՝ ադրբեջանական բանակի զինծառայողների մասնակցությամբ:

Ադրբեջանի ներքին զորքերի վարչությանը պատկանող “ԳԱԶ-3108” ավտոմեքենան, որի ղեկին եղել է ներքին զորքերի պայմանագրային զինծառայող, 1991թ-ին ծնված Էլչին Էլես օղլու Գոջաևը բախվել է “ՎԱԶ-21154” ավտոմեքենային։

“ՎԱԶ-21154” ավտոմեքենայի վարորդը և ուղևորները, որոնք Լենքորանի բնակիչներ են, տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են Մասալլըի կենտրոնական հիվանդանոց։

Ներքին զորքերին պատկանող ավտոմեքենայի վարորդը և ուղևորները չեն տուժել։

Փաստի առնչությամբ տարվում է հետաքննություն:

Անկախ

 

Թայլանդում կգործարկվեն միայն կանանց համար նախատեսված գնացքի վագոններ

railwayԹայլանդի երկաթուղային իշխանությունները հինգշաբթի օրը հայտնել են, որ այս ամսվա սկզբներին գնացքում 13-ամյա աղջկա բռնաբարության և սպանության դեպքից հետո իրենք պատրաստվում են երկրի տարածքում վերագործարկել միայն կանանց և երեխաների համար նախատեսված գնացքի վագոնները:

Հայատարարության մեջ նշված է, որ հատուկ վագոնները կսկսեն գործել օգոստոսի 1-ից հյուսիս, հյուսիս արևելեք և հարավ ուղևորվող գնացքներում: Միայն կին ուղեկցորդներով վագոններում իրավունք կունենան երթևեկել կանայք և 10 տարեկանից փոքր, 150 սմ-ից ցածրահասակ տղաներ:

Այս քայլը կատարվել է հուլիսի սկզբներին ենթադրաբար գնացքի անձնակազմի իրականացրած գործողություններից հետո: Դեպքի կապակցությամբ բռնաբարության և սպանության մեղադրանքով մեկ աշխատակից է ձերբակալվել, իսկ երկրորդը ձերբակալվել է որպես մեխսակից: Ազգային երկաթուղու կառավարիչը հեռացվել է աշխատանքից:

Իշխանությունները հայտնում են, որ նոր վագոնները կապահովեն կանանց և երեխաների անվտանգությունը: Աղջկա մահից հետո երկաթուղու աշխատակիցները ալկոհոլային ստուգում են անցնում, իսկ առողջապահական գործակալությունները կոչ են արել գնացքներում ընդհանրապես արգելել ալկոհոլը:

Նախկինում միայն կանանց համար նախատեսված վագոնները շահույթ չապահովելու պատճառով հանվել էին գործածությունից:

Անկախ

Թայվանում ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել է 48 և վիրավորվել 10 մարդ

taiwan-plane-crashԹայվանի քաղաքացիական ավիացիայի տեղեկություններով՝ Պենհու կղզում վայրէջքի փորձ կատարած ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել է 48 և վիրավորվել 10 մարդ:

Չորեքշաբթի օրը TransAsia ավիաուղիների GE 222 թռիչքի ինքնաթիռը ուժեղ անձրևի ժամանակ պատրաստվել է վայրէջք կատարել Մագունի օդանավակայանում և նախքան ցածրանալը երկրորդ անգամ պտտվելու թույլտվություն է խնդրել:

Օդանավակայանում տեսանելիությունը 1,600 մ է եղել, ինչը քաղաքացիական ավիացիայի տեղեկություններով՝ ընդունելի է համարվում վայրէջքի համար:

Հինգշաբթի առավոտյան տրանսպորտի ոլորտի պաշտոնիաները ժամանել են դեպքի կապակցությամբ հետաքննություն անցկացնելու համար: Վթարի պատճառը դեռևս պարզ չէ, իշխանությունները հաստատել են 48 զոհերից 14-ի ինքնությունը:

Ինքնաթիռում 54 ուղևոր և չորս անձնակազմի անդամ է եղել:

Ինքնաթիռը վթարվել է բնակելի հատվածում և մասերի բաժանվել: Վթարի հետևանքով ավերվել կամ վնասվել է 11 տուն:

 Անկախ

Իրավապաշտպանը կոչ է անում բոյկոտել Ադրբեջանում կայանալիք 2015թ. Եվրոպական Օլիմպիական խաղերը

2 (1)Ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսը համաշխարհային հանրությանը դիմել է մեծ ուղերձով` հայտարարելով Ադրբեջանում 2015թ. Եվրոպական Օլիմպիական խաղերի կազմակերպման բոյկոտի արշավ մեկնարկելու մասին:

Ինչպես հաղորդում է “Հագին” կայքը, համապատասխան դիմումն արդեն ուղարկվել է Եվրոպական Օլիմպիական կոմիտե և Եվրամիությունում Եվրոպական Օլիմպիական կոմիտեի գրասենյակ: Իր ուղերձում Յունուսը քննադատում է Եվրաօլիմպիադան ավտորիտար պետությունում անցկացնելու որոշումը, որտեղ ոտնահարվում են մարդու հիմնարար իրավունքներն ու դեմոկրատական ազատությունը:

Վերջինս իր ուղերձում համեմատական է տարել այժմյան Ադրբեջանի և հիտլերյան Գերմանիայի ու բրեժնևյան ԽՍՀՄ-ի միջև:

Ըստ կայքի՝ իրավապաշտպանն իր ուղերձում, բացահայտ վիրավորելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, մատնացույց է անում Ադրբեջանում կյանքի նկատմամբ, կտտանքներն արգելող, սեփականության նկատմամբ, մադկանց առևտրի, արդարացի դատաստանի իրավունքների խախտումները:

Լեյլա Յունուսը մեղադրում է ադրբեջանական կառավարությանը ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը խոչընդոտելու և ազգամիջյան ատելության հրահրելու մեջ:

Նրա խոսքով՝ ներկայիս Ադրբեջանը “ողողված է արյունով և արցունքներով”:

Անկախ

 

 

ՀԱՄԱՍ-ը նոր հովանավոր է փնտրում. արաբագետ

DSC08969 (1)Մերձավոր Արևելքում առկա հակամարտությունները սպառնում են տարածաշրջանի քրիստոնեական համայնքներին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց արաբագետ Սարգիս Գրիգորյանը:

Եթե դարասկզբին մասնագետները գտնում էին, թե իսլամական արմատական գործողություններն անկում են ապրում և 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը դիտարկում որպես վերջակետ, ապա հիմա հակառակ միտումներն են նկատվում; «Մերձավոր Արևելքում 3 թեժ գծում այդ խմբավորումները ակտիվ գործողություններ են ծավալում. դրանք են` Իրաքը, Գազայի հատվածը և Սիրիան, որն անտեսվում է, ինչը սխալ է, քանի որ այնտեղ կատարվում են բավականին լուրջ գործընթացներ: Երեքի դեպքում էլ կա ընդհանրություն. հակամարտության կողմերից մեկը պետություն է, մյուսը իսլամիստական արմատական կազմակերպություն», – նշեց Սարգիս Գրիգորյանը:

Ըստ նրա` սա վտանգավոր է ոչ միայն տարածաշրջանի համար գլոբալ առումով, այլև քրիստոնեական և էթնիկական փոքրամասնությունների համար: «Վերջին շրջանում Իրաքում և Սիրիայում հաստատված «Իսլամական պետություն» խմբավորումը քրիստոնյաների նկատմամբ կոնկրետ քաղաքականություն է սկսել վարել. նրանց տներին նշաններ են դնում, հայտարարում, որ նրանց ունեցվածքը իրենց է պատկանում և պահանջում գլխահարկ»:  Արաբագետի խոսքով` նրանց դեմ դժվար է` պայքարել, քանի որ այդ խմբավորումը էներգակիրներով հարուստ տարածքներ է գրավել, այսինքն` ֆինանսապես կախյալ վիճակում չէ:

Նման առավելությունից զրկված է Գազայում գործող ՀԱՄԱՍ խմբավորումը, որը ֆինանսավորվում է արտաքին ուժերի կողմից: Դրա կենտրոնը նախկինում Դամասկոսում էր, սակայն վերջին իրադարձություններից հետո այն տեղափոխվեց Քաթար: Ըստ արաբագետի` Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հակամարտությունը վերսկսվեց, քանի որ այդ խմբավորումը նոր հովանավոր է փնտրում. «ՀԱՄԱՍ-ի առաջնորդները կրկին հայտարարում են, թե «գցելու են իսրայելցիներին ծովը»:  Նրանք փորձում են ցույց տալ, որ լուրջ գործոն են տարածաշրջանում: Եվ կարծես, թե դա նրանց հաջողվում է. երեկ ԱՄՆ-ը 24 ժամով դադարեցրեց չվերթները դեպի Թել Ավիվ: Իսրայելը իր հերթին փորձում է ճնշել իսլամիստական արմատական խմբավորումներից եկող վտանգները», – նշեց նա:

 

Անկախ

Հնդկաստան ներմուծվող իրանական հում նավթի ծավալն ավելացել է 30 տոկոսով

oilՀնդկաստանի առևտրի նախարարության ներկայացուցիչները տեղեկացրել են, որ 2013-ի համեմատությամբ 2014-ի առաջին 6 ամսվա ընթացքում Հնդկաստան ներմուծվող իրանական հում նավթի ծավալն ավելացել է 30 տոկոսով:
Հնդկաստանի առևտրի նախարարության ներկայացրած վերջին տվյալներով 2014-ի առաջին 2 եռամսյակի ընթացքում Հնդկաստանի նավթամշակման կենտրոնները օրական Իրանից 281 հազար բարել նավթ են ներկրել:
Ուշագրավ է, որ 2013 -ի նույն ժամանակահատվածում ներկրվել է օրական 211 հազար բարել իրանական նավթ:
2014-ի առաջին 6 ամսվա ընթացքում Հնդկաստանում իրանական նավթի ամենախոշոր գնորդներն են եղել «Մենգլուրի» պետական նավթավերամշակման կենտրոնը և Հնդկաստանի պետրոքիմիայի ընկերությունը:
Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:

 Անկախ

Ալի Խամենեի. «Սիոնիստական վարչակարգի գործողություններից զերծ մնալու միակ տարբերակը դրա ոչնչացումն է»

ali khameneiԻրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին Իրանի համալսարանների ուսանողների հետ հանդիպման ժամանակ Պաղեստինի ժողովրդին կոչ է արել շարունակել Իսրայելի դեմ ռազմական գործողությունները և ընդլայնել ռազմական գործողությունների գոտին:
«Այդ կոշտ վարչակարգի հարցը լուծելու միակ եղանակը դիմադրության ու պայքարի շարունակումն է և հակամարտության գոտու ընդլայնումն է՝ ընդհուպ մինչև Հորդանան գետի Արևմտյան ափ»,- ասել է Ալի Խամենեին:
Իրանի հոգևոր առաջնորդի համոզմամբ, սիոնիստական վարչակարգի գործողություններից զերծ մնալու միակ տարբերակը դրա ոչնչացումն է:
«Իսրայելի կատարած ոճրագործությունների հետևանքով զոհվածների մեծ մասն անմեղ կանայք ու երեխաներ են, ովքեր իրենց տներում ռումբերի ու հրթիռների թիրախում են հայտնվել: Գազայի հատվածում սիոնիստական վարչակարգի վայրագությունները մարդու միջազգային իրավունքների բացահայտ խախտում է»,- նշել է Խամենեին:
Ալի Խամենեին հավելել է, որ անհապաղ համատեղ   քայլեր   պետք է ձեռնարկվեն սիոնիստական վարչակարգի դեմ, և այդ վարչակարգի ներկայացուցիչները պետք   է իրենց արժանի պատիժը կրեն միջազգային օրենքների շրջանակում։
Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:

Անկախ

Սեպտեմբերի 1-ին կմեկնարկի Իրան-«Վեցնյակ» բանակցությունների նոր փուլը

g6+irԻրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարզիե Աֆհամը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ Իրանի ու «Վեցնյակի» (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Չինաստան և Գերմանիա) միջև բանակցությունների նոր փուլը մեկնարկելու է սեպտեմբերի 1-ին:
«Սեպտեմբերի 1-ը նշանակվել է Իրանի միջուկային բանակցությունների լրացուցիչ ժամանակահատվածի առաջին փուլի մեկնարկի օր: Այդ հանդիպմանը նախորդելու են փորձագետների խորհրդակցությունները»,- ասել է Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակը:
Հիշեցնենք, որ հուլիսի կեսերին Իրանը և «Վեցնյակը» բանակցությունների վեց փուլերից հետո չկարողացան համաձայնության գալ և պայմանավորվեցին բանակցային ժամանակահատվածը երկարացնել մինչև նոյեմբերի 24-ը։
Այս մասին տեղեկացնում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:

Անկախ

Քաղաքացիական ինքնաթիռի խոցումն առի՞թ էր, թե՞ պատճառ. դեռևս դժվար է ասել

inqnatirՀուլիսի 17-ին Ուկրաինայում կործանվեց Ամստերդամից դեպի Կուալա Լումպուր` MH17 չվերթով թռչող «Մալազիական ավիաուղիներին» պատկանող «Բոինգ 777» մարդատար ինքնաթիռը: 298 մարդ զոհվեց: Ինքնաթիռն ընկավ ՌԴ օդային տարածքից 50 կմ հեռավորության վրա` Ուկրաինայի տարածքում` Դոնեցկի մարզի Գրաբովո գյուղի մերձակայքում:

Այն հատվածում, որտեղ ընկել էր ինքնաթիռը, Ուկրաինայի իշխանությունները պայքարում են անջատողականների դեմ: Նախնական վարկածով` օդանավի վրա հրթիռ է արձակվել: Օդանավի ընկնելուց անմիջապես հետո կոնֆլիկտի կողմերից յուրաքանչյուրը շտապեց հայտարարել, որ ինքնաթիռը խփվել է մյուսի կողմից արձակված հրթիռով: Ու թեև դեռ վերջնականապես պարզ չէ, թե ով է արձակել այդ հրթիռը, կարծես բոլորը համակարծիք են, որ ինքնաթիռը խոցվել է հրթիռով:

Դեպքից հետո Ուկրաինան սկսեց մեղադրել «ռուսամետ սեպարատիստներին», Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ղեկավարները` ուկրաինական բանակին, Ռուսաստանը` նույնպես ուկրաինական բանակին, բայց Արևմուտքի օժանդակությունը մատնանշելով, իսկ Արևմուտքը` Ռուսաստանին: Թե ով է մեղավոր և ով` անմեղ, այս պահին ուղղակի անհնար է հստակ ասել, բայց հարկ է նշել, որ հուլիսի 17-ին տեղի ունեցած ավիաաղետից հետո Արևմուտքի և Ռուսաստանի միջև տարաձայնությունները սրվում են ժամ առ ժամ:

Դեպքի հաջորդ օրը` հուլիս 18-ին, Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբբոտտը հայտարարեց, որ Ռուսաստանը խստագույնս կպատժվի, եթե պարզվի, որ օդանավը կործանվել է Ռուսաստանի կողմից Դոնեցկի անջատողականներին տրամադրված զենքով:

Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին CNN-ի եթերում հայտարարեց, որ ԱՄՆ-ի ունեցած տվյալներով` «Երկիր-օդ» հրթիռը, որով խփվել է «Մալազիական ավիաուղիների» «Բոինգը», Ուկրաինայի արևելքի անջատողականներին տրամադրել է Ռուսաստանը: ԱՄՆ-ն վստահ է, որ օդանավի կործանման տարածքում ուկրաինական իշխանությունները «Բուկ» զենիթային համակարգեր չունեին:

Ուկրաինայի նախագահ Պորոշենկոն հուլիսի 20-ին հայտարարեց, որ Ուկրաինայի իշխանություններն արբանյակային լուսանկարներ ունեն, որոնք պատկերում են «Մալազիական ավիաուղիների» «Բոինգը» ոչնչացրած հրթիռի արձակման ճշգրիտ տեղը: Ուկրաինայի ղեկավարը զրույցում նորից մեղադրել է ռուս անջատողականներին` ասելով, որ նրանք խոչընդոտում են աղետի հանգամանքները պարզելու նպատակով ժամանած միջազգային փորձագետների աշխատանքը:
Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության «վարչապետ» Ալեքսանդր Բորոդայն էլ ասել է, որ իրենք հայտնաբերել են «Բոինգի» «սև արկղերը» և դրանք փոխադրել են Դոնեցկ: Արևմուտքի և Ուկրաինայի մեկնաբանների համոզմամբ` ռուս անջատողականներն ամեն կերպ փորձում են թաքցնել որևէ իր կամ սարքավորում, որը կարող է լույս սփռել ողբերգության հանգամանքների վրա:

Ավիաաղետից հետո Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի ղեկավարները քննարկեցին Ռուսաստանի նկատմամբ նոր` էլ ավելի խիստ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը: Եվրոպացիներից առավել անողոք է տրամադրված Մեծ Բրիտանիան: Այդ երկրի վարչապետ Դևիդ Քեմերոնը The Sunday Times-ում հրապարակեց հոդված, որում հայտարարում է, որ Եվրամիությունը պետք է վերանայի հարաբերությունները Ռուսաստանի հետ և այդ երկրի իշխանություններին պատասխանատվության կանչի այն դեպքում, եթե ապացուցվի, որ «Բոինգը» ռուս անջատողականներն են խփել:

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնն էլ իր հերթին Daily Mail-ին ասել է, որ Ռուսաստանը պարտավոր է դադարեցնել միջամտությունը Ուկրաինայի գործերին: «Եթե Ռուսաստանն է մեղավոր այդ աղետի համար, ապա մենք հստակ կհասկացնենք, որ պատերազմը հովանավորելու նման մեթոդներն անընդունելի են: Այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայի արևելքում, ահաբեկչության հովանավորում է», – ասել էր Ֆելոնը:

Երկրորդ կողմի կարծիքը չեն էլ ուզում լսել, ուր մնաց` քննարկել

Մինչդեռ ինքնաթիռի խոցման ուրիշ վարկած է ներկայացնում Ռուսաստանը: ՌԴ բանակի Գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ Անդրեյ Կորտոպոլովը ճեպազրույցի ընթացքում տարբեր գրաֆիկների ու թվային տվյալների միջոցով ապացուցել է, որ ողբերգությունից առաջ «Բոինգը» շեղվել է նախատեսված ուղուց, սակայն չի հասցրել կատարել վերադարձի մանևրն ու կործանվել է: Կորտոպոլովը նաև տեղեկացրեց, որ Ուկրաինայի ՀՕՊ ուժերը «Բոինգի» կործանման օրը Դոնեցկի շրջանում կենտրոնացրել էին 4 «Բուկ» տեսակի 4 հակահրթիռային կայան: Դրանից բացի, ռուսական ԳՇ-ն հայտնաբերել է նաև ուկրաինական զինուժի 2 ռադիոտեղորոշիչ կայան:

«Մալազիական «Բոինգի» թռիչքի պահին ռուսական տեղորոշիչ կայաններն արձանագրել են ուկրաինական օդուժի օբյեկտների` հավանաբար «ՍՈւ 25» կործանիչների օդ բարձրացում: «Բոինգի» և «ՍՈւ 25-ի» միջև տարածությունը եղել է 3-4 կմ: Իր տեխնիկական բնութագրի համաձայն` «ՍՈւ 25»-ը կարող է կարճ ժամանակում հասնել 10 հազար մետր բարձրության և իր զինանոցում ունի երկինք-երկինք տեսակի Ռ-60 հրթիռներ, որոնք կարող են թիրախին հարվածել մինչև 10 կմ հեռավորության վրա: Իսկ մինչև 5 կմ հեռավորության վրա թիրախը խոցելի է դառնում 100 տոկոսով»,- ասաց Անդրեյ Կորտոպոլովը:

Բայց այս տեսակետը ոչ միայն քննարկող չկա, այլև` լսող:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն էլ իր հերթին հորդորեց Ուկրաինայի ղեկավարությանն ու զինվորականներին ապահովել հետաքննության համար անհրաժեշտ պայմաններն ու որևէ կերպ չխոչընդոտել փորձագետների աշխատանքը: Նա կրկին հիշեցրել է, որ Մոսկվան քանիցս կողմերին կոչ է արել վայր դնել զենքն ու նստել բանակցությունների սեղանի շուրջ:

Բայց այս ամենից հետո էլ Եվրամիությունը քննարկում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցը, Միացյալ Նահանգները սպառնում է միջազգային մեկուսացմամբ, Կրեմլն էլ ի պատասխան հայտարարում է մարտունակությունը բարձրացնելու մասին:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հուլիսի 22-ին Վաշինգտոնում հայտարարեց, որ իրականում Ռուսաստանն ու ռուսների աջակցությունը վայելող անջատողականներն են խոչընդոտում անկախ հետաքննությունը: «Ռուսաստանը մեծ ազդեցություն ունի անջատողականների վրա, որևէ մեկը դա չի ժխտում, Ռուսաստանն է նրանց զինել, առաջ մղել ու վարժեցրել, անջատողականների առաջնորդները ՌԴ քաղաքացիներ են, այնպես որ Ռուսաստանը և նախագահ Պուտինն են, մասնավորապես, պատասխանատու, որպեսզի ստիպեն նրանց համագործակցել հետաքննության հետ: Դա նվազագույնն է, որ նրանք կարող են անել», – ասաց Օբաման:

«Եվրամիությունը պետք է անջատողականներին որպես ահաբեկիչ դիտարկի»,- հավելել է Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկևիչուսը` կոչ անելով գործընկերներին հստակ ուղերձ հղել Ռուսաստանի իշխանություններին: «Մեր համոզմամբ, ժամանակն է իրերը կոչել իրենց անուններով և, այսպես կոչված, Լուգանսկի և Դոնեցկի հանրապետություններին տալ ահաբեկչական կազմակերպության կարգավիճակ: Մեր անգործությամբ, մեր թույլ դիրքորոշմամբ, ոչ հստակ ուղերձով ու չհամակարգված քայլերով երբեմն հնարավորություն ենք տալիս, որ մյուսներն իրենց սկսածը շարունակեն», – ասել է Լինկևիչուսը:

Ինչևիցե, թե՛ Ուկրաինայի, թե՛ Դոնեցկի ղեկավարներն օրերս հայտարարեցին, որ օդանավի աղետի վայրից 40 կմ հեռավորությամբ դադարեցնում են մարտական գործողությունները` հետաքննությանը չխանգարելու համար: Իսկ արդեն հուլիսի 22-ին Դոնեցկի ապստամբները նախօրեին Դոնեցկ ժամանած Մալազիայի 12 պաշտոնական ներկայացուցիչ-փորձագետերին հանձնեցին խոցված «Բոինգ-777»-ի 2 «սև արկղերը»:
Vesti.ru-ի հաղորդմամբ` «սև արկղերը» չեն վնասվել և գտնվում են լավ վիճակում, ինչը հնարավորություն կտա միջազգային անկախ փորձագետներին արագ վերծանելու դրանք և լույս սփռելու «Բոինգի» հետ կապված միջադեպի վրա:
Արդեն հուլիսի 22-ին պարզ դարձավ, որ Մեծ Բրիտանիան համաձայնել է վերծանման ընդունել «Բոինգ 777»-ի սև արկղերը. դրա մասին իր թվիթերյան միկրոբլոգում համապատասխան գրառում կատարեց Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը:
«Մենք ընդունել ենք Նիդեռլանդների խնդրանքը, որ Ֆարնբորոյի ավիամիջադեպերի հետաքննությամբ զբաղվող փորձագետները վերծանեն MH17-ի «սև արկղերը»` միջազգային վերլուծության համար»,- գրել էր Քեմերոնը:

Իսկ թե ինչով պետք է ավարտվի այդ «հետաքննությունը», արդեն գրեթե հասկանալի է, եթե հաշվի առնենք մինչ այժմ հնչած մեկնաբանություններն ու հայտարարությունները: Այնպես որ, մալազիական «Բոինգը» Ռուսաստանին ժանիքները ցույց տալու և սեփական հասարակության վերաբերմունքը Ռուսաստանի դեմ վարվող քաղաքականության կողմը շրջելու իսկական առիթ էր Արևմուտքի համար:

Բայց մի հանգամանք էլ կա, որն, ի դեպ, առաջ են քաշում նաև Ռուսաստանի նախագահը և այլ ռուս պաշտոնյաներ: Նրանք չեն պնդում, որ ինքնաթիռը խոցվել է ուկրաինացիների կողմից, բայց միաբերան մեղադրում են ուկրաինական կողմին այն բանի համար, որ չի արգելել քաղաքացիական ինքնաթիռների թռիչքները մարտական գործողությունների տարածքում: Այսինքն` եթե Ուկրաինան հիմնավորված է համարում, որ սեպարատիստները «Բուկ» համակարգեր ունեին, ապա պարտավոր էր արգելել քաղաքացիական ինքնաթիռների թռիչքները Դոնեցկի և Լուգանսկի մարզերի վրայով, որը, սակայն, չարվեց մինչ ավիաաղետը: Ուստի, եթե Ուկրաինան մեղք չունի «Բոինգի» խոցման մեջ, ապա գոնե մեղավոր է քաղաքացիական ինքնաթիռները վտանգավոր տարածքից հեռու չպահելու համար:

Մեկ այլ տարօրինակ հարց էլ դեռ բաց է մնում: Հուլիսի 22-ին համացանցում հայտնվեց մի հոլովակ, որն ամբողջացնում էր մալազիական «Բոինգի» կործանման վայրի` արբանյակից արված լուսանկարները: Բացի այդ, ինչպես արդեն նշեցինք, Ուկրաինայի նախագահն էլ հայտարարել է, որ արբանյակային տվյալներ կան, ու հստակ պարզ է, թե որտեղից է արձակվել ինքնաթիռը խոցած հրթիռը: Ուրեմն առնվազն տարօրինակ է` ինչու մինչ օրս չեն հրապարակվում արբանյակների տվյալները…

 

 

Սոմալիում կին պատգամավոր է սպանվել

somali    Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում պատգամավոր Սադա Ալի Վերսեմը դարձել է մահափորձի զոհ: Տեղական լրատվականների համաձայն` անհայտ անձինք զինված հարձակում են իրականացրել պատգամավորի ավտոմեքենայի վրա: Դեպքի առնչությմամբ հետաքննություն է սկսվել: Զոհված պատգամավորը միևնույն ժամանակ Սոմալիում հայտնի երգչուհի էր: Հուլիսի սկզբին Մոգադիշոյում նման զինված հարձակման զոհ էին դարձել ևս երկու պատգամավոր:

Անկախ

Իրաքում հետաձգվել են նախագահական ընտրությունները

Իրաք   Իրաքի խորհրդարանը քրդերի դիմումի համաձայն հետաձգել են այսօր նշանակված նախագահական ընտրությունները, քանի որ նրանք դեռ չեն կողմնորոշվել իրենց թեկնածուի ընտրության հարցում: Քուրդ պատգամավորները ցանկանում են վերջնականապես համաձայնեցնել իրենց թեկնածուի հարցը, այդ պատճառով էլ ընտրությունները տեղի կունենան հինգշաբթի օրը:

Միևնույն ժամանակ «Քուրդիստանի հայրենակցական միություն» կուսակցությունը արտահերթ խորհրդակցություն է անցկացնում երկու թեկնածուների` Բարհամ Սալիհի և Ֆուադ Մահսումի միջև վերջնական ընտրություն կատարելու նպատակով: Փորձագետների կարծիքով` ավելի մեծ շանսեր ունի Բարհամ Սալիհը, որը վարչապետության փորձ ունի և հայտնի է Իրանի հետ իր սերտ հարաբերություններով: Նշենք, որ Իրաքի նախագահի պաշտոնին նախապես առաջադրվել էր շուրջ 103 հոգու թեկնածությունը, որտ, սակայն կրճատվեց 25–ի:

Անկախ

Խարկովի օդանավակայանից ճանապարհել են Boing-777–ի 20 ուղևորների

Խարկովի օդանավակայան   Մալազիական ինքնաթիռի անկման հետևանքով զոհված 20 հոլանդացիների մարմինները Ուկրաինայի Խարկով քաղաքի օդանավակայանից ռազմական ինքնաթիռով տեղափեխվել են հայրենիք: Հրաժեշտի արարողությանը ներկա են գտնվել Ուկրաինայի փոխվարչապետ Վլադիմիր Գրոյսմանը, Կիևում Մալազիայի և Հոլանդիայի դեսպանները, Գերմանիայի, Ավստրալիայի, Ինդոնեզիայի, Բելգիայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները:

Ուկրաինայի վարչապետը արարողության ժամանակ իր ելույթում իր ցավակցություններն է հայտնել զոհվածների հարազատներին: «Մենք ճանապարհում ենք այն թռիչքի ուղևորներին, որոնց կյանքը կանգ առավ ուկրաինական երկնքում` այն տարածքների վրա, որոնք վերահսկվում են Ռուսաստանի աջակցությամբ գործող ահաբեկիչների կողմից»,-նշել է Գրոյսմանը: Վերջինիս խոսքերով` մալազիական ինքնաթիռի անկման մեղավորներից և ոչ մեկը չպետք է անպատիժ մնա:

Անկախ

Ուկրաինայում երկու ռազմական ինքնաթիռ է կործանվել

ռազմական ինքնաթիռՈւկրաինայի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ այսօր Դոնեցկի շրջանում ուկրաինական զինուժի երկու ռազմական ինքնաթիռ են կործանել:

Ինքնաթիռները Sukhoi-25 տեսակի կործանիչներ են եղել: Ինքնաթիռների օդաչուների մասին դեռևս տեղեկություններ չկան:

Պաշտպանության նախարարությունը չի նշել, թե ինչ տեսակի զենքով են կրակել ինքնաթիռների վրա:

Նմանատիպ ինքնաթիռ հրթիռով կործանվել է նաև հուլիսի 16-ին:

Այս նորությունից հետո Ուկրաինայում ԱՄՆ-ի դեսպան Ջեֆրի Փայատը իր մտահոգությունն է հայտնել այն փաստի կապակցությամբ, որ Ռուսաստանը ծանր զինատեսակներ է ներմուծում արևելյան Ուկրաինա, որտեղ էթնիկ ռուսները փորձում են անջատվել Ուկրաինայից:

Այժմ Դոնեցկի մոտակայքում մարտերը շարունակվում են:

 Անկախ

Խորտակված Կոստա Կոնկորդիան կկատարի իր վերջին ճամփորդությունը

cota concordia-giglioԿոստա Կոնկորդիան սկսել է իր վերջին ճամփորդությունը:

Անցած շաբաթ փրկարար խմբերը վերագործարկել են նավը, որպեսզի այն ապամոնտաժելու նպատակով Ջիլո կղզուց տեղափոխեն Իտալիայի Գենուայի նավահանգիստ:

Չորեքշաբթի առավոտյան հսկայական քայքայվող նավը ուղղվել է դեպի բաց ծով:

Արդեն 2 տարի է, ինչ նավը 4,200 ուղևորներով խորտակվել է Ջիլո կղզու մոտակայքում: Նավի խորտակման հետևանքով զոհվել է 32 մարդ, ինչը համաշխարհային ուշադրություն էր գրավել:

Նավը մինչև Գենույա հասնելը 240կմ կքաշեն ճոպաններով, իսկ 17 այլ նավեր կուղեկցեն նրան:

Սպասվում է, որ նավը նավահանգիստ կհասնի կիրակի օրը: Այն ապամոնտաժելու համար կպահանջվի երկու տարի:

Խորտակումից հետո երկու տարիների ընթացքում 24 տոննա ջարդոն են հանել ծովից՝ ներառյալ կահույք, սպասք, ուտելիք, անձնական իրեր և նավի մասեր:

Անկախ