Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը Թուրքիայում գտնվող իսրայելցի դիվանագետների ընտանիքներին կարգադրել է վերադառնալ Իսրայել: Մամուլում տեղ գտած լուրերի համաձայն`Ստամբուլում և Անկարայում տեղակայված Իսրայելի դեսպանատան և հյուպատոսարանի շենքերի դիմաց տեղի ունեցած բողոքի ցույցերից հետո իսրայելական իշխանությունները որոշել են Թուրքիայի հետ հարաբերությունները իջեցնել դիվանագիտական մակարդակից: Նախարար Լիբերմանը, նշելով, որ թուրքական անվտանգության ծառայությունը չի կարողացել կատարել դիվանագիտական առաքելություններին պաշտպանելու իր պարտականությունը, կարգադրել է բողոքի նոտա հղել թուրքական կառավարությանը:
Էրդողանը մալազիական ինքնաթիռի կործանման մեջ մեղադրել է Ռուսաստանին
Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը, խոսելով Ուկրաինայի օդային տարածքում կործանված Մալազիական ինքնաթիռի մասին, նշել է, որ դրա անկման պատճառը ռուսական հրթիռն է եղել: «Ինչ կար այդ ինքնաթիռում: Ուղևորներից մոտ 160-ը հոլանդացի էին: Հոլանդիայից Մալազիա ընթացող ինքնաթիռը հրթիռային հարված է ստացել Ուկրաինայի օդային տարածքում: Ինչ մոտեցում է սա: Աշխարհը դեպի խաղաղությու՞ն չէր շարժվում: Նրանք ասում են, թե ուժեղ են և իրենց ուզածի պես կարող են գործել: Իսկ մենք ասում ենք, որ նրանց լարած թակարդների վրա մեծ թակարդ կա, և մի օր դուք ընկնելու եք այդ թակարդը»,-հայտարարել է Էրդողանը:
Հարավային Կորեայում մեկնարկել է ցեխի փառատոնը (լուսանկարներ)
Հարավային Կորեայում սկսվել է Պորյոնի ցեխի փառատոնը, որին մասնակցող զբոսաշրջիկները ցեխի մեջ պայքարում են միմյանց դեմ:
Պորյոնում կազմակերպվող երկու շաբաթ տևող միջոցառմանը մասնակցելու համար այժմ երկուսից երեք միլիոն զբոսաշրջիկներ են ժամանում ամբողջ աշխարհից:
Փառատոնը ստեղծվել է 1998 թ-ին Պորյոնի ցեխից պատրաստված կոսմետիկ միջոցները գովազդելու համար, սակայն այժմ այցելուները մասնակցում են տարբեր ցեխային ատրակցիոնների:
Ատրակցիոններից են ցեխային ավազանը, ցեխային բլուրները, ցեխի մեջ դահուկներով մրցումները և նույնիսկ ցեխային բանտը:
Մարմինը ներկելու համար նաև գունավոր ցեխ է արտադրվում:
Պորյոնից բերված ցեխը հարուստ է հանքանյութերով, ինչն օգտակար է մաշկի համար:
Ցեխի օգտագործմամբ կոսմետիկ միջոցների արտադրությունը սկսվել է 1996թ-ին:
Թուրքիայի ղեկավարությունը դժգոհ է Իսրայելի իրականացրած գործողություններից
Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը Գազայի նկատմամբ Իսրայելի իրականացրած գործողությունները անվանել է մարտահրավեր` ուղղված ՄԱԿ-ին և համաշխարհային հանրությանը: Էրդողանը նշել է, որ Իսրայելը սպառնում է աշխարհի և Մերձավոր Արևելքի խաղաղությանը և տառապանք է պատճառում պաղեստինցի ժողովրդին: Էրդողանը հայտարարել է, որ ոչ Թուրքիան, ոչ էլ անձամբ ինքը դրական կարծիք չունեն Իսրայելի մասին: Նա ընդգծել է, որ Թուրքիան չի կարող անտարբեր հետևել իսրայելական բանակի գործողություններին:
Իր հերթին նախագահ Աբդուլահ Գյուլը հայտարարել է, որ Գազայում Իսրայելի իրականացրած ռազմական գործողությունները չափազանց վտանգավոր են դարձել: «Ես ուզում եմ ևս մեկ անգամ զգուշացնել Իսրայելին. եթե այսպես շարունակվի, ապա հետևանքներն ահռելի կլինեն»,-նշել է Գյուլը:
Ֆրանսիան դարձել է աշխարհի առաջին պետությունը, որը արգելել է պաղեստինամետ ցույցեր կազմակերպել
Ֆրանսիայի սոցիալիստ կառավարությունը այսօր արգելել է Պաղեստինում Իսրայելի գործողությունների դեմ ցույցեր կազմակերպել:
Սոցիալիստ ներքին գործերի նախարար Բեռնառդ Կազանովը հայտնել է, որ այս շաբաթ ոչ աշխատանքային օրերի համար նախատեսված ցույցերը պետք է կասեցվեն:
Կազանովը նշել է, որ դրանք վտանգում են հանրային կարգը, իսկ ընդդիմադիրների կարծիքով նա քրեականացնում է հանրային օգնությունը Պաղեստինի ժողովրդի նկատմամբ:
Սպասվում էր, որ հազարավոր մարդիկ կմասնակցեն Գազայում տեղի ունեցող արյունահեղության դեմ կազմակերպվելիք քայլերթին:
Սակայն Կազանովը մտավախություն ունի, որ կկրկնվեն անցած կիրակի օրը ցույցերից հետո պաղեստինամետների և հրեա ծայրահեղականների միջև տեղի ունեցած բախումները:
Անցած շաբաթ կեղծ լուրեր էին տարածվել, որ պաղեստինամետ ցուցարարները թիրախ են դարձրել Փարիզի սինագոգները:
Իրականում տարածված տեսանյութերում երևում է, որ Հերական պաշտպանության լիգայի անդամներն են ցուցարարներին քաշքշուկի մեջ ներքաշել:
Հրեական լիգայի ոչ մի անդամ չի ձերբակալվել՝ չնայած նրանք ոստիկանության աչքի առաջ վնասում էին շենքերը:
Հանրային կարգի խախտումների համար պաղեստինամետ վեց ցուցարար է ձերբակալվել, սակայն նրանցից ոչ մեկը Փարիզի սինագոգների մոտակայքում չի եղել:
Ռուսաստանցիները զգալիորեն շատ են սկսել ուտել.Ռուսվիճ
Ռուսաստանի վիճակագրական կոմիտեն առաջին անգամ համաքաղաքացիների սնվելու հետազոտություն է կատարել, ներառյալ նաև ընդունվող կալորիաները:
«Սննդի որակն անմիջականորեն կապված է բնակչության վճարունակությունից: Ցածր եկամուտով երկրներում հիմնականում բուսական սնունդ են ընդունում: Դա կարող է լինել բրինձ, ոսպ. շիլաներ ու այլ հատիկավոր մշակաբույսեր: Երբ մարդիկ մի փոքր լավ են ապրում` ձուկ ու միս են գնում: Այսինքն` ավելի որակյալ, սպիտակուցային ու սննդարար ավելի արժեքավոր մթերք են գնում:
«Իրականում Ռուսվիճի հետազոտության տվյալները շատ հաճելի լուր է»,-նշել է ««Москва FM» -ի բժիշկ-սննդաբան Դոբրովոլսկին:
Հատապտուղների ու մրգերի կիրառումն ավելացել է կրկնակի, իսկ մսինը` մեկուկես անգամ: Կաթնամթերքի հետ ավելի շատ են սկսել ուտել ձու ու միս:
Հետազոտության ժամանակ ընտանիքների 52%-ն ասել է, որ իրենք բավականաչափ ունեն այն սննդից, ինչ ցանկանում են, 42%-ը ասել է, որ սնունդը բավարար է, բայց այն չէ, ինչ իրենք կկամենային, 4%-ը հայտնել է, որ երբեմն սննդի անբավարարություն ունենում են, իսկ 1%-ը խոստովանել է, որ հաճախ ուտելիքը չի բավարարում: Ընդհանուր առմամբ, ստացվում է, որ քաղցած է մնում քաղաքացիների 5%-ը:
Բացի այդ, պարզվել է, որ քաղաքում մարդիկ ավելի լավ են սնվում, քան գյուղերում ու, որքան քաղաքը մեծ է, այնքան սնունդն ավելի լավն է:
Ադրբեջանը սպառնում է վտարել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ադրբեջանի ներկայացուցչությանը
“Եթե կարճ ժամկետներում տեղի չունենա Քարվաճառում գերեվարվածների հետ հանդիպումը, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ադրբեջանի ներկայացուցչության նկատմամբ լուրջ միջոցառումներ կձեռնարկվեն, այդ թվում՝ երկրից վտարում”,- հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետ, փախստականների և հարկադիր տեղահանվածների պետական կոմիտեի նախագահ Ալի Հասանովը, հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը:
Նրա խոսքով՝ Կարմիր խաչի նեկայացուցչությանը լուրջ նախազգուշացում է արվել:
Հասանովի կարծիքով՝ այն, որ մեկ շաբաթվա ընթացքում “գերեվարված” ադրբեջանցիների հետ հանդիպում չի հաջողվել կազմակերպել, կասկածի տակ է դնում կոմիտեի գործունեությունը: “Ինչո՞ւ երբ մեկ հայ գերի է ընկնում, կոմիտեն միանգամից դիմում է Ադրբեջանի կառավարությանը և անմիջապես հանդիպում է կազմակերպում: Ինչո՞ւ հայկական կողմը այդպես չի վարվում: Ուստի ես նրանց լուրջ նախազգուշացում եմ արել, որ եթե նրանք չհասնեն դրան, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ադրբեջանի ներկայացուցչության նկատմամբ լուրջ միջոցառումներ կձեռնարկվեն, այդ թվում՝ երկրից վտարում”,- ասել է Հասանովը:
Բրիտանացի նախարարը դատապարտել է ադրբեջանցի քաղաքացիական ակտիվիստի ձերբակալությունը
Մեծ Բրիտանիայի՝ Եվրոպայի հարցերով նախարար Դևիդ Լիդինգթոնն արձագանքել է Ադրբեջանում իրավապաշտպան և քաղաքացիական ակտիվիստ Հասան Հուսեյնլիի ձերբակալությանը՝ դատապարտելով այն:
“Ես խիստ հիասթափված եմ Հուսեյնլիին խուլիգանության մեղադրանքով 6 տարվա ազատազրկման դատապարտելու կապակցությամբ”,- նշել է Լիդինգթոնը ։
Պաշտոնյան հավելել է, որ վերջին տարիների ընթացքում Բաքվում Միացյալ Թագավորության դեսպանատունը սերտ համագործակցել է Հուսեյնլիի հետ՝ մի շարք նախագծերի շրջանակներում։ Լիդինգթոնն ընդգծել է, որ Հուսեյնլին համալրեց այն քաղաքացիական ակտիվիստների շարքերը, որոնք երկարատև ազատազրկման են դատապարտվել։
“Ես կրկին կոչ եմ անում Ադրբեջանի իշխանություններին արձագանքել բազմաթիվ կոչերին և մտահոգություններին, որոնք վերաբերում են քաղաքական դրդապատճառներով մարդկանց ձերբակալելու և ազատազրկման ենթարկելու միտումներին”,-ասել է բրիտանացի պաշտոնյան։
Հիշեցնենք, որ Հասան Հուսեյնլին մեղավոր է ճանաչվել խուլիգանության, սառը զենք ապօրինի պահելու համար և դատապարտվել է 6 տարվա ազատազրկման: Ըստ հետաքննության՝ Հուսեյնլին մարտի 31-ին դանակահարել է Գյանջա (Գանձակ) քաղաքի բնակիչ Արազ Գահրամանովին:
ՄԱԿ. այս տարվա ընթացքում Իրաքում 5,500 խաղաղ բնակիչ է զոհվել
Ուրբաթ օրը ՄԱԿ-ի հրապարակած զեկույցի համաձայն՝ այս տարվա առաջին վեց ամիսների ընթացքում Իրաքում բռնությունների հետևանքով զոհվել է 5,500 խաղաղ բնակիչ:
Իրաքում ՄԱԿ-ի առաքելության զեկույցում ասվում է, որ հունվարի 1-ից մինչև հունիսի վերջ ընկած ժամանակահատվածում Իրաքում զոհվել է 5,576 և վիրավորվել 11,665 խաղաղ բնակիչ: Բռնությունների պատճառով ևս 1,2 միլիոն մարդ լքել է իր տունը:
Վերջին վեց ամիսների ընթացքում խաղաղ բնակիչների մահվան թիվը մեծապես աճել է անցած տարվա համեմատությամբ: 2013թ-ի ՄԱԿ-ի զեկույցում տեղեկացվում էր 7,800 խաղաղ բնակիչների մահվան մասին:
Զեկույցում նաև նշված է կոնֆլիկտի երկու կողմերի կողմից իրականացված մարդու իրավունքների խախտումների մասին, որոնք կարող են համարվել մարդկության դեմ կամ պատերազմի ժամանակ իրականացված հանցանքներ:
ՄԱԿ-ը կոչ է արել բոլոր կողմերին ապահովել խաղաղ բնակիչների պաշտպանությունը և հարգել միջազգային և մարդասիրական օրենքները:
Ռումինական արքայադուստրը խոստովանել է , որ աքլորամարտեր է կազմակերպել
Ռումինական արքայադուստր Իրինա Ուոքերն ու նրա ամուսինը` Ջոն Ուեսլի Ուոքերն իրենց մեղավոր են ճանաչել ԱՄՆ-ի տարածքում արգելված աքլորամարտեր կազմակերպելու մեջ, հաղորդում է Agence France-Presse-ը:
Ամերիկայի դատարանն ամուսնական զույգի նկատմամբ կայացված դատավճիռը հրապարակել է հոկտեմբերի 22-ին: Նրանց պայմանական ժամկետ ու 200 հազար դոլար տուգանք է սպառնում:
2013-ին աքսորում գտնվող ռումինական թագավոր Միխայ Առաջինի դուստրն ամուսնու հետ իրենց Օրեգոնում գտնվող ռանչոյում աքլորամարտեր են կազմակերպել: Մարտն ավելի դիտարժան դարձնելու նպատակով, թռչունների ոտքերին դանակներ են ամրացրել: Մեկ օրում զույգն այդ մարտերից 200 հազար դոլար եկամուտ է ունեցել: Յուրաքանչյուր մարտի ժամանակ մոտ 100 մարդ է հավաքվել: Բացի 20 դոլարանոց տոմսերից, ամուսիններն ալկոհոլ ու ֆասթֆուդ են վաճառել հանդիսատեսին:
Հիմա 92-ամյա թագավոր Միխեյ Առաջինն ապրում է Շվեյցարիայում: Նա գահ է բարձրացել 5 տարեկան հասակում, 1927-ին: 1947-ին, երբ կոմունիստական կառավարությունը վերացրեց միապետությունը, նա ստիպված էր արտագաղթել Ռումինիայից:
Իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ. Պան գի Մուն
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կոչ է արել Իսրայելին դադարեցնելու Գազայում սկսած ռազմական գործողություններն ու քաղաքացիների մահերը: «Ես ցավում եմ, որ չնայած կրակը դադարեցնելու բազմաթիվ կոչերին և տարածաշրջանային ու համաշխարհային առաջնորդների ջանքերին, առանց այն էլ վտանգավոր հակամարտությունը ավելի շատ սրվեց: Ես Իսրայելին կոչ եմ անում ավելի շատ բան անել քաղաքացիական զոհերից խուսափելու համար: Այս հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ, ինչպես և Սիրիայի պարագայում»,-նշել է Մունը ՄԱԿ-ի շտաբ գրասենյակում լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Իսկ զոհերի թիվը Գազայի հատվածում վերջին 24 ժամվա ընթացքում հասել է 260-ի, 1980 հոգի վիրավորվել է: Միջազգային հանրությունը պահանջում է Իսրայելից դադարեցնել ռազմական հարձակումը Գազայի հատվածի վրա:
Իրաքի նախագահ Ջալալ Թալաբանին վերադառնում է հայրենիք
Իրաքի նախագահ «Քուրդիստանի հայրենակցական միություն» կուսակցության առաջնորդ Ջալալ Թալաբանին, որը բուժում էր անցնում Գերմանիայում, վաղը վերադառնում է Իրաք: Սպասվում է, որ Թալաբանին գալու է Հյուսիսային Իրաքի ինքնավարության Սուլեյմանիե քաղաք:
Նշենք, որ 2012 թվականին Թալաբանին մեկնեց բուժման Գերմանիա գլխուղեղի արյունազեղություն պատճառով: Անցած շաբաթ Իրաքում ընտրվեց խորհրդարանի նախագահը, այժմ օրակարգ է մտնելու նախագահի թեկնածուի հարցը: Հաշվի առնելով Թալաբանիի առողջական վիճակն ու կուսակցության ներքին հակասությունները` թեկնածուի հարցում դեռևս հստակություն չկա:
Պամելա Անդերսոնը պատրաստվում է Ջուլիան Ասանժին հյուր գնալ
Պամելա Անդերսոնը Լոնդոնում Էկվադորի դեսպանատուն գնալու ու Ջուլիան Ասանժի հետ հանդիպելու ցանկություն է հայտնել, հաղորդել է The Independent.-ը: Նրան կընկերակցի դիզայներ Վիվյեն Վեսթֆուդը: Կանայք իրար հետ ծանոթացել են ընդհանուր հետաքրքրությունների շնորհիվ, այն է` կենդանիների իրավունքների պաշտպանությունը:
Ինչպես հրատարակությունն է հայտնում, 2 տարում Wikileaks –ի հիմնադրի ապաստարանը վերածվել է աստղերի` գահընկեց արված համացանցային գործչի մոտ «ուխտագնացության» վայրի: Ասանժին արդեն հասցրել են այցելել Ջոն Կյուսակը, Մեգի Ջիլենհոլը, Լեդի Գագան, ֆրանսիացի ֆուտբոլիստ Էրիկ Կանտոնը: Վերջինս նույնիսկ ավստրալացու հետ համատեղ մարզում է անցկացրել:
Ավելի վաղ տեղեկություն կար որ Վեսթվուդի որդին` Բենը Ասանժին հրավիրել է մոդել աշխատել ու նոր հավաքածուից հագուստ ցուցադրել Լոնդոնում:
WikiLeaks –ի հիմնադիրն արդեն 2 տարի թաքնվում է Էկվադորի դեսպանատանը` խուսափելով Շվեդիա արտահանձնումից: Այնտեղ նրան բռնաբարության համար դատ , իսկ ԱՄՆ-ում, Պետդեպարտամենտի գաղտնի գրագրությունները հրապարակելու համար ազատազրկում կամ նույնիսկ, մահապատիժ է սպառնում:
Ավստրալական ընտանիքը Malaysia Airlines-ի 2 աղետներում կորցրել է հարազատներին
Քվինսլենդից ավստրալացի ընտանիքը Malaysia Airlines-ի 2014-ի 2 աղետների ժամանակ կորցրել է հարազատներին:
Իրեն ու Ջորջ Բերրոուզ ամուսինները Ուկրաինայի մոտ Boeing 777-ի վթարում կորցրել են թոռնուհուն` Մարի Ռիզկին ու նրա ամուսնուն, որոնք վերադառնում էին Եվրոպայում մեկամսյա արձակուրդից: Իսկ մարտին, Հնդակական օվկիանոսում անհետացած մալազիական ավիաուղիների ինքնաթիռում նրանց որդին էր` Ռոդին` կնոջ հետ:
Դոնեցկի մոտ կործանված ինքնաթիռում հոլանդացիներ են եղել 173-ը, Մալազիայից 44 մարդ է եղել, Ավստրալիայից 12, Մեծ Բրիտանիայից 6 մարդ, 4-ը` Գերմանիայից, 4 բելգիացի, 3 ֆիլիպինցի, մե ուղևոր Կանադայից էր, մեկն էլ` Նոր Զելանդիայից:
Վերջին տվյալներով, կործանված ինքնաթիռում 298մարդ է եղել:
Իլհամ Ալիևը աշխատանքի է վերցրել Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետին
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեերը նշանակվել է Եվրոպա ադրբեջանական գազի մատակարարման հարցով կոնսորցիումի խորհրդական։ Այս մասին գրում է “The Financial Times”-ը՝ հղում կատարելով “Շահդենիզ-2” նախագծին մոտ կանգնած աղբյուրին։
Համաձայն տեղեկության՝ Բլեերը հրավիրվել է խորհրդատվական խումբ աշխատանքի Գերմանիայի նախկին արտգործնախարար Հանս Դիտրիխ Գենշերի և “Goldman Sachs International” բանկի նախագահ և “British Petroleum” (BP) ընկերության նախկին գործադիր տնօրեն Փիթեր Սազերլենդի հետ միասին:
BP-ում կարծում են, որ “Հարավային միջանցք” նախագծի հարցով նոր խորհրդատվական խումբը խորհրդատվություն կտրամադրի քաղաքական, տնտեսական, բնապահպանական և սոցիալական խնդիրների լուծման համար, որոնք կարող են առաջանալ “Շահդենիզ- 2”, TANAP և TAP նախագծերի իրականացման ընթացքում։ Ըստ “Հագին” լրատվական կայքի՝ Թոնի Բլեերն ընդգրկվել է այս խմբում՝ շնորհիվ իր քաղաքական փորձի։
Լեդի Գագայի նախկին ասիստենտը գիրք է հրատարակելու
Լեդի Գագայի նախկին ասիստենտ Ջենիֆեր Օ’Նիլը հշողությունների գիրք է հրատարակելու` «Փառքի հրեշը» վերնագրով:
Օ’Նիլը 2 տարի ճանապարհորդել է ողջ աշխարհով հանձնարարություններ կատարել ու ինչպես ինքն է ասում, երգչուհու հետ քնել է նույն անկողնում, քանի որ, իբր, Լեդի Գագան մենակ քնել չէր կարողանում:
Atria Books հրատարակությունը հաղորդել է, որ գրքի հրատարակման շուրջ համաձայնագիրը արդեն ստորագրված է:
2011-ին Օ’Նիլը Լեդի Գագային դատի է տվել` արտաժամյա աշխատանքի համար վարձատրության պահանջով:
2013-ին նա ու երգչուհին փոխհամաձայնության եկան ու ասիստենտը իր հայցադիմումը հետ վերցրեց:
Սնվիր տղամարդու պես, բարեկազմ եղիր կնոջ նման
Գեղեցիկ սեռի այն ներկայացուցիչներին, ովքեր հուսահատ փորձում են բարելավել կազմվածքն ու ավելի սեքսուալ և կանացի լինել, խորհուրդ են տալիս ուշադրություն դարձնել տղամարդկանց ավանդական ճաշացանկին:
Դրա մասին ամերիկացի սննդաբան ու անհատական մարզիչ Ջիմ Ուայթը «Fitness Magazine»-ում հրապարակած նյութում ասում է, որ տղամարդկանց սննդակարգի հիմնական սկզբունքներին հետևելը կարող է շատ արդյունավետ լինել նիհարել ցանկացող կանանց համար:
Նրա խոսքով, սննդակարգի հետևելով ու ինքնակեղեքումով կանայք միայն վնասում են իրենց, քանի որ պրոտեիններով լիցքավորված սնունդը շատ ավելի օգուտ կտա նրանց, քան թեթև աղցանի չափաբաժինը: Ընդ որում, նա գտնում է, որ գարեջուրը այս դեպքում, շատ ավելի օգուտ կտա, քան ցածրկալորիական կոկտեյլները, որ սովորաբար ընտրում են գիրությունից ազատվելու ցանկություն ունեցող կանայք:
Մի բան, սակայն, պետք չէ մոռանալ, որ բարեկազմությունը շարժողական ակտիվություն է պահանջում:
isra.com
Շակիրան հղի է
Ըստ ամենայնի, 37-ամյա երգչուհին կրկին հղի է: Լրագրողները վերջին շրջանում նկատում են, որ նրա փորը զգալիորեն կլորացել է ու ԱԱ-ն ժամանակ ելույթին նա փակել է փորը, հագնված է եղել շատ համեստ ու զգուշորեն է շարժվել, հաղորդում է Fox News-ը:
Ամենայն հավանականությամբ, երգչուհու ու ժերար Պիկեի ընտանիքում հավելում է սպասվում: Լրագրողները ենթադրում են, որ երգչուհին 3 ամսվա հղի է: Իսկ նրա շրջապատից հայտնել են, որ երգչուհին հրաժարվել է ալկոհոլ օգտագործելուց ու սկսել է հետևել սննդին; Շատերն են նկատել, որ ԱԱ-ում, սովորաբար էրոտիկ պարորով աչքի ընկնող երգչուհին չափազանց զուսպ է հանդես եկել:
Ավելի վաղ, նա տարբեր նախագծերում հայտնել է, որ կկամենար “8 կամ 9 երեխա ունենալ`, ֆոիտբոլի թիմի նման”: 2013-ին նրան Շակիրա-Պիկե ընտանիքում ծնվոց որդին` Միլանը: Երգչուհին խոստոանել է, որ որդու ծննունդն ամենաերջանիկ իրադարձությունն է իր կյանքում: հետաքրքիր է, որ չնայած զույգի ամուր կապին, միևնույն է` պաշտոնապես ամուսնացած չեն:
Շակիրայի հղիության մասին լուրը զույգերից և ոչ մեկը չի մեկնաբանել:
Իրաքն իրանական գազի գնման ծավալով կարող է գերազանցել Թուրքիային
Իրանի նավթարդյունաբերության նախարարի միջազգային հարցերով տեղակալ Ալի Մաջեդին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ հնարավոր է իրանական գազն Իրաք արտահանվի հաջորդ տարվա գարնանը:
Մաջեդին, անդրադառնալով գազամուղի կառուցման հետ կապված խնդիրներին, ասել է, որ Իրաքի տարածքում արդեն ավարտվել է գազամուղի հիմնական մասի կառուցումը, իսկ իրանական տարածքում դեռևս ավարտված չէ:
«Իրանը Իրաքի հետ գազի մատակարարման երկու պայմանագիր է ստորագրել: Համաձայն այդ պայմանագրերի, գազամատակարարումն իրականացվելու է երկու ուղղությամբ՝ դեպի Բասրա և Բաղդադ»,- նշել է Իրանի նավթարդյունաբերության նախարարի միջազգային հարցերով տեղակալը:
Ալի Մաջեդին հավելել է, որ սկզբնական շրջանում օրական կմատակարարվի 7 մլն խորանարդ մետր գազ: Այդ ծավալը հետագայում կհասցվի մինչև 25 մլն խորանարդ մետրի:
Ուշագրավ է, որ Թեհրանն ու Բաղդադը բանակցում են, որ Իրաքին իրանական գազի մատակարարման ծավալը հետագայում հասցվի մինչև 40 մլն խորանարդ մետրի: Այսպիսով, Իրաքը, իրանական գազի գնման ծավալով, կարող է գերազանցել Թուրքիային:
Հասան Ռոհանի. «Բանակցությունների ամբողջ ընթացքում չենք նահանջել մեր դիրքորոշումից»
Իրանի նախագահ Հասան Ռոհանին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ընդգծելով Իրանի խաղաղության ու երկխոսության դրոշակակիր լինելու փաստը, ասել է, որ Իրանի ժողովրդի իրավունքների պաշտպանության հարցում նվազագույն զիջման չեն գնալու:
«Եթե դիմացի կողմը միջուկային բանակցություններում հարգի Իրանի ժողովրդի իրավունքները, բանակցությունները կշարունակվեն և դրա ժամկետը կերկարաձգվի»,- նշել է Իրանի նախագահը:
Հասան Ռոհանին ընդգծել է, որ Իրանի միջուկային բանակցող պատվիրակությունը Վիեննայում աշխարհին ապացուցեց, որ Իրանը կողմնակից է թափանցիկ բանակցությունների անցկացմանը:
«Մենք մեր իրավունքների պաշտպանության, ինչպես նաև Իրանի ժողովրդի պահանջների հարցում նվազագույն զիջման չենք գնացել, չենք գնալու և համբերատարությամբ առաջ ենք շարժվելու: Այժմ եթե մեր համար հստակեցվի, որ դիմացի կողմը միջազգային օրենքների շրջանակում հարգում է Իրանի ժողովրդի իրավունքներն ու տեսակետները, ապա կշարունակենք բանակցությունները: Եթե անհրաժեշտ լինի, բանակցությունների ժամկետը կերկարաձգենք,- ասել է Իրանի նախագահը:
Ռոհանին կարևորել է, որ բանակցությունների ամբողջ ընթացքում Իրանը չի նահանջել իր դիրքորոշումից:
«Իրանի ժողովուրդն իրավունք ունի օգտվել միջուկային էներգիայից: Իրանը ձգտում է հասնել այնպիսի համաձայնագրի, որը կգոհացնի բանակցություններին մասնակից բոլոր կողմերին: Այդ բանակցությունների հաջողությունը դրականորեն կանդրադառնա տարածաշրջանի և ընդհանրապես ողջ աշխարհի վրա»,- ասել է Հասան Ռոհանին:
Հիշեցնենք, որ, ըստ 2013-ի նոյեմբերին Ժնևում ձեռք բերված համաձայնության, Իրանն ու «Վեցնյակը» (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Չինաստան և Գերմանիա) պետք է մինչև հուլիսի 20-ը համաձայնագիր մշակեն Իրանի միջուկային ծրագրի՝ բացառապես խաղաղ բնութի երաշխիքների մասին: Փոխարենը աստիճանաբար նվազելու են Թեհրանի նկատմամբ սահմանված միջազգային պատժամիջոցները` մինչև դրանք լիարժեք վերացվեն:
Ակնհայտ է, որ կողմերը չեն կարողանում պահպանել ժամկետները, և հետևանքը կլինի, որ, կողմերի փոխադարձ համաձայնությամբ, փաստաթղթի պատրաստման գործընթացը կերկարաձգվի:
Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը: