Լատվիայում ԽՍՀՄ անունով ավան կհայտնվի

i (1)Լատվիայում տեղի է ունենալու ԽՍՀՄ անվանումով ավանի բացումը, որը տեղակայված է լինելու Յուրմալայի մոտ: Այն 110 հողատարածքից է բաղկացած լինելու, որոնցից, ի դեպ, մի քանիսն արդեն վաճառվել են 24-56 հազար եվրոյով: Մինի ԽՍՀՄ-ի բացումը տեղի կունենա  հուլիսի 22-ին:

Էկո- գյուղակի ստեղծումը, որի կազմի մեջ է մտնում նաև ԽՍՀՄ-ը, զբաղվում է Vianets-ը: Ընկերության ներկայացուցիչը գործարար Ալ.Խոլոստովը պատմել է, որ միջոցառմանը հրավիրված են Ռուսական Պետդումայի ու Լատվիայի Սեյմի պատգամավորներ: Նրանք ներկա կլինեն խորհրդային ոճով շոու ծրագրին:

Դրա համար Խոլոստովը պետք է  ադմինիստրատիվ տուգանք վճարի, քանի որ Լատվիայում արգելված է  զանգվածային միջոցառումների ժամանակ սովետական խորհրդանիշ օգտագործել: բացի ԽՍՀՄ ավանից,  Vianets ընկերությունը ստեղծել է 5 այլ ավաններ  Putinka, Medvedevka, Valuevka, Rublevka և Obama ecovillage: Գյուղն ամբողջությամբ գնելու դեպքում` կարելի այլ անվանում ընտրել:

Ի դեպ, ՌԴ նախագահ Պուտինի պատվին գյուղակի հայտնվելու մասին լուրը մեծ արձագանք էր առաջացրել Լատվիայում:  Պետության պետական լեզվի կենտրոնից նման անվանման դեմ հանդես եկան, հայտարարելով, որ այն չի համապատասխանում տեղագրության պաշտոնական պահանջներին:

Ֆրանսիայում 500 կին է անդամագրվել հակաֆեմինիստների շարքերը

iՖրանսիայում ֆեմինիզմի ագրեսիվ դրսևորումների դեմ հակազդելու համար ստեղծվել է“Անտիգոններ” միավորումը, որի շարքերն արդեն 500 մարդ է ընդունվել:

“Մենք  կանացիության կողմնակից ենք. դա մեր բնական ու իսկական բնույթն է: Մենք ցանկանում ենք պայքարել կանանց ապագայի համար ու հետն էլ մտադիր ենք առաջարկել մոտեցում, որը շատ կտարբերվի նրանից, ինչ մեզ են պատմում հեռուստացույցով”:

Ավանդական արժեքների պահապանները պատրաստ են երկխոսության հասարակության ցանկացած խմբի հետ` անկախ նրանց կրոնական ու քաղաքական պատկանելությունից: Նրանց առաջին ակցիան բացահայտ բողոքն էր միջազգային FEMEN ֆեմինիստական խմբավորման արարքների դեմ: “Մենք չենք պատրաստվում դրանով բավարարվել: Մենք ակտիվ մասնակցություն ենք ունենալու հասարակական քննարկումներում, որոնք վերաբերում են այնպիսի սուր հարցերի, ինչպիսիք են կնոջ դիրքը հասարակության մեջ, տղամարդու ու կնոջ հարաբերությունները, ընտանիքը, աշխատանքային պայմանները, աշխատանքի շուկայում հավասարությունն ու շատ այլ բաներ”:

Հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ` պահանջելով վարչապետի հրաժարականը

There were violent clashes in Madrid last nightԻսպանիայում հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ` պահանջելով վարչապետի հրաժարականը,  որին մեղադրում են կառավարության ֆոնդից գումար վերցնելու մեջ:

Երեկ Բարսելոնայում և Մադրիդում հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ պահանջելով Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռահոյի հրաժարականը:

Ժողովրդական կուսակցության առաջնորդ Ռահոյը վարչապետ է դարձել 2011թ-ին, իսկ այժմ կառավարության ֆոնդերից գումար վերցնելու համար ցուցարարները պահանջում են նրա հրաժարականը:

Ցույցը սկսզբնական շրջանում խաղաղ բնույթ է կրել, սակայն այն վերածվել է կատաղի բախման, երբ ոստիկանությունը բախվել է ցուցարարների հետ` երկու կողմից էլ վիրավորներ են եղել:

Ցուցարարները փակել էին  Ռահոյի Ժողովրդական կուսակցության գրասենյակ տանող ճանապարհները: Այնուհետև նրանք երթ են կազմակերպել քաղաքի փողոցներով, որից հետո բախում է տեղի ունեցել ոստիկանների հետ:

Բախման արդյունքում վիրավորվել է մեկ ոստիկան և ցուցարար, կան ձերբակալվածներ:

Թուրքիայում հողի փլուզման հետևանքով զոհվել է 5 մարդ

Trucks wait at the Cilvegozu border crossing between Turkey and Syria near HatayՊետական պաշտոնիայի տվյալներով` Թուրքիայում Սիրիայի սահմանի մոտակայքում հորդառատ անձրևներից առաջացած հողի փլուզման հետևանքով զոհվել է հինգ մարդ:

Կառավարիչ Ջելյալետինա Լեկեսիզը հայտնել է, որ հողի փլուզումը տեղի է ունեցել ուրբաթ առավոտյան Հաթայ նահանգի Դորտյոլ քաղաքում, որի արդյուքնում փլուզվել է վեց տուն: Առնվազն 12 մարդ վնասվածքներ է ստացել:

Ըստ մասնավոր Դոգան լրատվական գործակալության`զոհվել են ծեր կին ու տղամարդ և իրենց երկու թոռները, որոնք մնացել էին իրենց փլուզված տան տակ:

Կառավարությանը կից աղետների կառավարման գործակալության տեղեկություններով` ուղղաթիռների միջոցով փրկվել են ինը մարդ:

Թուրքիայում հաճախ են տեղի ունենում հորդառատ անձրևներից հետևանքով առաջացած մահվան ելքով հողի փլուզումներ:

 

Խոհարարը մեղադրվել է 22 մարդու թունավորելով սպանելու մեջ

mealsՈստիկանության տվյալներով`Պակիստանում խոհարարը ձերբակալվել է քաղաքական նկատառումներով երկու թշնամական ընտանիքներից մեկի ուտելիքի թունավորման միջոցով 22 մարդ սպանելու համար:

Ոստիկանապետ Սադիք Դոգարը հինգշաբթի հայտնել էր, որ դեպքը տեղի էր ունեցել Փենջաբ նահանգի Մելսի քաղաքում, որտեղ նահանգային ընտրությունների ժամանակ Արսալ Խան Խիչին տանուլ էր տվել իր բարեկամ Ջեհանզեբ Խան Խիչիին:

Դոգարը նշում է, որ Արսալ Խան Խիչին մեղադրվել է հունիսի 9-ին իր հակառակորդի տանը ուտելիքը թունավորելու համար խոհարարին 500 դոլար վճարելու մեջ: Այդ դեպքի ընթացքում թունավորվել և հիվանդանոց է տեղափոխվել մոտ 50 մարդ, որտեղ 22-ը մահացել են:

Խոհարարը խոստովանել է, որ թունավորել է ուտելիքը: Նախքան խոհարարին ձերբակալելը` ոստիկանությունը սպասել է մինչև հաստատվի, որ ուտելիքը թունավորված է եղել: Արսալ Խան Խիչին փախուստի մեջ է գտնվում, նրա նկատմամբ ևս մահափորձ է իրականացված եղել:

Քաղաքականությունը Պակիստանում սովորաբար ընտանեկան կապերի միջոցով է իրականացվում և այստեղ անսովոր է, երբ բարեկամները հակառակորդ կուսակցությունների մեջ են լինում:

Բեռլինն ու Վաշինգտոնը լրտեսական նոր կենտրոն կստեղծեն

i (1)ԱՄՆ ազգային անվտանգության գործակալությունը գերմանական ԲՆԴ-ի հետախուզության հետ Գերմանիայում նոր լրտեսական կենտրոն են բացելու: Հեռախոսազանգերի գաղտնալսման  ու էլեկտրոնային տվյալների հավաքման կենտրոնը գտնվելու է Վիսբադենում, իսկ  ԱՄՆ միացյալ ուժերի շտաբ-բնակարանը` Եվրոպայում: ԿՀՎ-ի տվյալներով, ԱՄՆ լրտեսական ծրագիրն օգնել է ԳԴՀ-ի տարածքում կանխելու 7 ահաբեկչություն: Սակայն ընդդիմությունը դրա հետ համաձայն չէ:

Սմարթֆոնները հնարավոր կլինի լիցքավորել մեզով

iԲրիսթոլի համալսարանի գիտնականները մշակել են մի ուշագրավ տեխնոլոգիա: Ուսումնասիրությունների համաձայն, մեզը կարող է սմարթֆոնները լիցքավորելու համար  բավարար քանակությամբ էներգիա  արտադրել: Մեզը բաց են թողնում մի քանի հատուկ ջերմային մարտկոցների միջով, որոնցում միկրոօրգանիզմներ կան: Մանրէներն այդ օրգանիզմներով են սնվում, իսկ դրանց կենսագործունեության արգասիքները ելքի մոտ  հոսանքի են վերածվում: Ամբողջ էլեկտրական լիցքը հավաքվում է կուտակիչներում:  Ներկայում  այդ տեխնոլոգիայով արտադրված էներգիան բավականացնում է միայն սմս ուղարկելուն կամ էլ կարճ հեռախոսազանգ կատարելուն: Բացի այդ, ջերմային մարտկոցը , որում կատարվում է տրոհումը, ավելի նման է մեքենայի շարժիչի, ուստի կատարելագործման համար դեռևս աշխատանքներ պետք է կատարվեն: Նման ջերմային մարտկոցներ կտեղադրվեն զուգարաններում, որպեսզի հոսանքն իսկույն տարածվի բոլոր էլեկտրասարքերի մեջ:

Այֆոնի չինական լիցքավորիչները սպանում են

b_782947Չինաստանում երկրորդ դեպքն է գրանցվում, երբ այֆոնը վնասում է մարդուն: Անցած շաբաթ երիտասարդ չինացի աղջիկը մահացավ հեռախոսազանգին պատասխանելու ժամանակ.այդ պահին հեռախոսը լիցքավորվում էր: Իսկ տղամարդը, որն իր գաջեթի համար կիրառում էր չպարզված արտադրողի լիցքավորիչը` հոսանքի ուժեղ հարվածից հայտնվել է կոմայի մեջ: Ցզիլին նահանգի բնակիչը փորձել է  լիցքավորել իր iPhone 4-ը ձեռքի մեջ բռնած, իսկ մյուս ձեռքով փորձել է լիցքավորիչը միացնել վարդակին: Տղամարդու քույրը տեսել է, թե ինչպես է եղբայրը ցնցումներով ընկնում. ինքը փորձել է հանել լիցքավորիչը վարդակից և նույնպես հոսանքահարվել է, սակայն  ավելի թույլ:

Կինը պատմել է, որ եղբոր բերանից փրփուր է դուրս եկել ու նա սկսել է խեղդվել: Կանչով տեղ հասած բժիշկները նրան տեղափոխել ենՊեկին, որտեղ պարզել են, որ հոսանքահարումից նրա սիրտը կանգ է առել ու ուղեղն էլ թթվածնից զրկվել է:

Ընտանիքի փաստաբանը նշել է, որ հարազատները լրիվ կարող են  ապացուցել, որ հենց լիցքավորման սարքն է հոսանքահարման պատճառը: Արտադրող ընկերության անունը չի հրապարակվում , սակայն պարզ է, որ այն   Apple-ի հետ ոչ մի կապ չունի Սովորաբար նման սարքավորումները վատ մեկուսացում ունեն և նույնիսկ վարդակին միացման ընթացքում կարող են կայծեր արձակել` հատկապես բարձր խոնավության պայմաններում: Տղամարդու հարազատները հաստատել են, որ այդ օրն անձրև էր տեղում: Տուժածների հարազատները խորհուրդ են տալիս` լիցքավորման ժամանակ հեռախոսներից չօգտվել:

Շոգը խեղդում է Եվրոպան ու ԱՄՆ-ը

o_800803Եվրոպան ու Հյուսիսային Ամերիկան իմացան, թե ինչ բան է արևադարձային ամառը, սակայն դա ուրախություն նրանց չբերեց: Արդեն մեկ շաբաթից ավելի է, ինչ Ատլանտիկայի երկու կողմերում օդի ջերմաստիճանն ավելի քան 300 է:

Մեծ Բրիտանիայում շոգի պատճառով մահացել է ավելի քան 800 մարդ: Դժվար է ֆրանսիացիների, իսպանացիների ու ԱՄՆ արևելյան ափի բնակիչների համար: Վաշինգտոնում, որտեղ, շոգը նորություն չէ, բնակիչները նույնպես տառապում են բարձր ջերմաստիճանից ու խոնավությունից:

Հարյուրավոր մարդկանց մոտ “ջերմային հարված”, “գերտաքացում”, կամ էլ “ջրազրկում” է ախտորոշվել: Բժիշկներն առաջարկում են նստել տանը, որտեղ օդորակիչներ կան: Շտապօգնությունը հիվանդներ է տեղափոխում. Բոլորի մոտ նույն ախտանշաններն են: Բոլոր արևելյան նահանգներում, Ատլանտյան օվկիանոսի ափերից մինչև Մեծ լճեր ջերմաստիճանը 30,35,40 աստիճան է և օդերևութաբաններն ասում են, որ շոգը շարունակվում է:

Նույնն է Եվրոպայում: Ասես տապակի մեջ լինեն ու, բոլորը չէ, որ դիմանում են այդ շոգին. իսպանացիները մի կերպ շոգը մեղմում են լողափերին, Բրիտանական կղզիներում, իսկապես դժվար է.օդափոխիչներն աշխատում են անընդհատ, սակայն շատ են խեղճանում երեխաները: Լոնդոնում վտանգի երրորդ աստիճան է հայտարարված: Դա նշանակում է, որ  վտանգի տակ է մարդկանց առողջությունը: Մասնագետներն ասում են, որ հարյուրավոր մահեր են գրանցվել.դրանք հիմնականում տարեցներն են, որոնք  սրտի խնդիրներ ունեն:

Նոր հետազոտությունը պարզել է, որ կապիկները մարդկանց նման կարող են հիշել տարիներ առաջ տեղի ունեցած դեպքերը

chimpsՀետազոտողները պարզել են, որ խոշոր կապիկները տղամարդկանց և կանանց նման հիշում են տարիներ առաջ տեղի ունեցած դեպքերը:

Ինչ- որ բանի մասին մի փոքր հիշեցումը ինչպես մարդկանց, այնպես էլ օրանգուտանների և շիմպանզեների մոտ,  խթանում է այդ դեպքի հետ կապված հիշողությունները:

Գիտնականները վերցրել են կապիկների մի խումբ, որոնց հետ երեք տարի առաջ փորձ էին կատարել, որի ընթացքում նրանք պետք է գտնեին որոշ թաքցված գործիքներ ուտելիք հայթայթելու համար:

Կապիկները, տեսնելով այն նույն սենյակները և արկղերը,  որոնցում թաքցված էին գործիքները, միանգամից հասկացել են` ինչ պետք է անեն և հինգ վայրկյանում գտել են գործիքները:

Մեկ այլ կապիկների խումբ, որը նախորդ խմբի փորձառությունը չի ունեցել, բոլորովին շփոթվել է:

Երկու շաբաթ անց երկրորդ փորձի ընթացքում շիմպանզեները և օրանգուտանները անմիջապես հիշել են գործիքները գտնելու առաջադրանքը:

Գիտնականներին պարզապես զարմացրել էր կապիկների հիշելու արագությունը: Կապիկների հետ կատարված այս փորձի վերաբերյալ հոդվածը հրապարակվել էր Current Biology-ի ամսագրում:

Հետազոտության ղեկավար Դանիայի Օրհուսի համալսարանից Գեմա Մարտին- Օրդասը նշում է, որ իրեն այնքան չի զարմացրել այն փաստը, որ կապիկները կարողանում են հիշել, այլ հատկապես նրանց հիշելու արագությունը:

Ըստ գիտնականի` այս փաստը առաջ է քաշում այն գաղափարը, որ ոչ մարդ կենդանիները  ևս խցանված են մնացել ժամանակի մեջ:

 

Իրանի քաղաքացին արդեն 40 օր ապրում է Ստամբուլի օդանավակայանում

iranԻրանի քաղաքացի Ահմադ Գանջոուն Դանիա մեկնելու
համար վերջերս Իրանից եկել էր Ստամբուլում գտնվող Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայան: Սակայն ուղևորը որոշում է չմեկնել Դանիա և մնում է օդանավակայանում: Արդեն 40 օր է, ինչ Ահմադ Գանջոուն ապրում է այստեղ՝ մերժելով իրեն օգնել ցանկացող ուղևորների և օդանավակայանի աշխատակիցների առաջարկները:

Օդանավակայանի բնակիչը չգիտի, թե ինչու է այստեղ մնում, սակայն իրեն ուղղված հարցերին ասպես է պատասխանել. «Ես որոշում եմ  ընդունել՝ կամ կգնամ Իրան, կամ կվերադառնամ Դանիա»: Այնուհանդերձ Ահմադ Գանջոուն շարունակում է մնալ օդանվակայանում, քանի որ օրենքի տեսանկյունից որևէ արգելք չկա: Միևնույն ժամանակ Աթաթուրքի անվան օդանավակայանի աշխատակիցները հարցին լուծում տալու համար փորձում են կապ հաստատել Իրանի հյուպատոսարանի հետ:

 

Բարաք Օբաման Իսրայելին կոչ է արել հաշտության գնալ Պաղեստինի հետ

obamaԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, որի ընթացքում նրան կոչ է արել ինչքան հնարավոր է շուտ պաղեստինցիների հետ վերսկսել խաղաղ բանակցությունները: Ինչպես ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ՝ հեռախոսազրույցը նախապես պլանավորված է եղել: «ԱՄՆ նախագահը Իսրայելի վարչապետին կոչ է արել պաղեստինցիների հետ բանակցությունների վերսկսման համար շարունակել աշխատել պետքարտուղար Ջոն Քերիի հետ, որն  այժմ գտնվում է Մերձավոր Արևելքում»,-ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ:

Ինչպես հաղորդում է «Անադոլու» գործակալությունը,  Ջոն Քերին մտադրված է բանակցել իսրայելական և պաղեստինյան կողմերի հետ: Բացի այդ,  Օբաման և Նեթանյահուն քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը, մասնավորապես  դրությունը Եգիպտոսում և Սիրիայում, ինչպես նաև իրանական խնդիրը: Կողմերը հայտարարել են, որ պարբերաբար շարունակելու են խորհրդակցել անվտանգության հարցերում:

 

Կույր աղջիկը կարդում է բերանով

article-2366660-1ADB44C7000005DC-747_634x341Չինաստանից 20-ամյա բնակչուհին անսովոր հմտություն է ցուցադրել` կարդալով լեզվի ու շուրթերի օգնությամբ: Չան Տզ-Քվանը նաև լսողության խնդիրներ ունի:

Տպագիր տեղեկության անսովոր ընկալումն աղջիկը զարգացրել է այն պատճառով, որ մատների բարձիկներն անբավարար զգայնություն ուեն   կույրերի համար նախատեսված գրքերը կարդալու համար:

Նրա առաջին ուսուցչուհին աում է, որ աղջիկն անսովոր ընդունակություններ է ցուցադրել դեռևս մանուկ հասակում: Դպրոցական դասընթացի ժամանակ նա ջանադիր կերպով պարապում էր ու ամբողջ ազատ ժամանակը ընթերցանությամբ էր զբաղվում:

“Ճիշտն ասած, ես չեմ հիշում, թե երբ  այդ գաղափարը ծնվեց: Ես 5 տարեկան էի, երբ ինքնուրույն սկսեցի կարդալ լեզվի օգնությամբ”: Նա , իհարկե, անհարմար է զգում անծանոթների ներկայությամբ լեզվով կարդալ, քանի որ իրեն տարօրինակ են կարծում: Այնուամենայնիվ, աղջիկը քոլեջի քննություններում կարողացել է բարձր միավորներ հավաքել ու առաջ անցնել մյուսներից:

Բրայլի տառատեսակը ռելիեֆա-կետային տակտիլային տառատեսակ է, նախատեսված կույրերի կարդալու ու գրելու համար: Այն Լուի Բրայլը մշակել է  1821-ին: Բրայլի տառատեսակի պատկերման համար  երկու սյունակում տեղադրված 6 կետ կա` յուրաքանչյուրում` 3-ական:

Հյուսիսային Կարոլինայի կենտրոնական համալսարանի պրոֆեսոր Դիանա Վորմսլի խոսքով, աղջկա դեպքը բացառիկ է: Նա կարծում է, որ  շուրթերի  ու  լեզվի մոտ մաշկը կարող է  ընդամենը այդ 6 կետից 2-ը զգալ: Համեմատության համար ասվում է, որ  ափի երեսի հատվածը կարող է տարբերել իրարից 50-100 մմ հեռավորությամբ կետեր:

Չնայած սահմանափակ հնարավորություններին, Չան Տզ-Քվանն իրեն լիարժեք մարդ է համարում և մոտ ապագայում ցանկանում է թարգմանչուհի դառնալ:

Դուբայում բնակիչներին նիհարելու համար ոսկով են վճարելու

pic_152996b57877549b967de6f2ae977523Դուբայի իշխանությունները որոշել են խթանել քաշ գցելը ու դրա դիմաց խոստացել են պարգևատրել ոսկով: “Ձեր քաշը ոսկու մեջ” է ծրագրի շրջանակներում, որն անց է կացվելու հուլիսի 19-ից օգոստոսի 16-ը, քաղաքի բնակիչները կստանան մեկ գրամ ոսկի`(շուրջ 42 ԱՄՆ դոլար)` ավելորդ քաշի յուրաքանչյուր կգ-ը գցելու դիմաց: Առաջին 3 առաջատարները կստանան 20 հազար դրահմ (մոտ 5,5 հազար ԱՄՆ դոլար):

Մասնակիցները կկշռվեն ծրագրում գրանցման ու ավարտի օրը: Պարգև կստանան Դուբայի այն բնակիչները, որոնք կկարողանան այդ ընթացքում առնվազն 2 կգ նիհարել: Դուբայում ավելի քան 91 հանրամատչելի օբյեկտ կա սպորտի տարբեր ձևերով մարզվելու համար:”Շոգ եղանակը չպիտի մարզվելուց խուսափելու պատճառ դառնա”,-ասում են  քաղաքապետարանից :

Գիրությունը ԱՄԷ-ում վաղաժամ մահվան պատճառներից մեկն է: 2007-ի դրությամբ երկրի բնակչության  շուրջ 68%-ը ավելորդ քաշ ուներ:

ՄԱԿ-ը 2013-ի հուլիսին աշխարհի ամենագեր  ազգ է ճանաչել մեքսիկացիներին: Ճարպակալմամբ է տառապում մեքսիկացիների 32,8%-ը, ընդ որում, ավելորդ քաշը, ըստ Մեքսիկայի կառավարության տվյալների, դիտվում է երկրի բնակչության 70%-ի մոտ:

Այս զարմանալի դիմակները ցնցել են նորաձևության աշխարհը (լուսանկարներ)

1«Martin Margiela» նորաձևության տունը թողարկել է տարօրինակ, բայց շատ հետաքրքիր ու գեղեցիկ դիմակների հավաքածու: Բելգիայում կազմակերպված ցուցադրության ժամանակ մանեկենուհիները հարթակ են դուրս եկել այնպիսի դիմակներով, որոնք ամբողջությամբ փակել են նրանց դեմքերը: Փաստորեն մանեկենուհիները առանց տեսնելու, փակ աչքերով փորձել են քայլել հարթակով: Այս ցուցադրությունը քննարկման առարկա է դարձել: Շատերը քննադատել են նախաձեռնության հեղինակներին՝ մեղադրելով նրանց մանեկենուհիների կյանքը վտանգելու մեջ:

Բարձր նորաձևության նմուշ հանդիսացող այս դիմակներից յուրաքանչյուրի պատրաստման համար 18 ժամ է ծախսվել: Ինչպես նշել է մոդելավորողը՝ մեծ ջանքեր են գործադրվել, որպեսզի դիմակները հարմար լինեն մանեկենուհիներին: Նա նշել է նաև, որ դիմակների պատրաստման համար հիմնականում մետաքս է օգտագործվել, այդ պատճառով էլ մանեկենուհիները կարողանում են տեսնել իրենց դիմացի ուղին: Թափանցիկ չլինելու պատճառով մոդելավորողը հրաժարվել է օգտագործել սպիտակ մետաքս՝ այն փոխարինելով սևով: «Ռադիկալ»-ը գրում է, որ այս ցուցադրությունը տեղ է գտել նաև Փարիզի նորաձևության շաբաթվա շրջանակներում՝ առաջացնելով մեծ հետաքրքրություն:

Կինը յոթ ժամ մնացել է խցանված երկու պատերի միջև գտնվող ճեղքում, քանի որ տան բնակիչները կարծում էին, թե օգնության ճիչերը ուրվականն է արձակում

The woman who was mistaken for a ghost is finally rescued after becoming stuck between two wallsԿինը, որը երկու պատերի միջև եղած ճեղքով ներքև էր ընկել, յոթ ժամ մնացել է այդ ճեղքի մեջ, քանի որ բնակիչները կարծում էին, թե նա ուրվական է:

Կինը, որի անունը չի հրապարակվել, Չինաստանի Անհոյ նահանգի Ֆեյդոն համայնքում մտել է երկու պատերի մեջ գտնվող ճեղքի մեջ, սակայն չի հասկացել, որ ճեղքը գնալով նեղանում է և մնացել է ճեղքի մեջ անշարժացած:

Երբ նա սկսել է օգնություն կանչել, տան բնակիչները մտածել են, թե դա ուրվական է և վախեցել են մոտենալ ճեղքին:

Թակարդում հայտնված կինը ամբողջ գիշեր անց է կացրել ճեղքի մեջ և օգնություն կանչել:

Առավոտյան անցորդները նկատել են նրան և փրկարար ջոկատ կանչել, որոնք արագ ժամանել և ազատել են նրան:

Կնոջը ազատելու համար նրանք ստիպված են եղել քանդել պատի մի մասը, ինչը նրանցից 20 րոպե է պահանջել:

 

Թուրքիայում մահացած լեհի դեմքը կփոխպատվաստեն թուրք քաղաքացուն

demqԹուրքիայի Մուղլա քաղաքում իրականացվելու է դեմքի փոխպատվաստման վիրահատություն, որը կդառնա 5-րդը ողջ երկրում: Այս դեպքում հիվանդը քաղաքացի Ռեջեփ Սերթն է: Նրան փոխպատվաստելու են Լեհաստանի քաղաքացի Անջեյ Քուչզի դեմքը, որը հանգստի նպատակով եկել է Թուրքիա և մահացել դժբախտ պատահարի հետևանքով: Բժիշկների անցկացրած զննումների ու թեստերի արդյունքում պարզվել է, որ հիվանդի և դոնորի մաշկը համընկնում են: Այս վիրահատությամբ զբաղվող բժիշկը նշել է, որ իրենք պատրաստվում են ամբողջությամբ փոխպատվաստել հիվանդի դեմքը, սակայն չի բացառվում, որ կիրականացնեն նաև մասնակի փոխպատվաստում: Նման հնարավորությունը պարզ կդառնա վիրահատության ժամանակ:

«Անադոլու» գործակալությունը գրում է, որ Ռեջեփ Սերթը արդեն հիվանդանոցում է և պատրաստվում է վիրահատության: Վերջինիս դեմքը վնասվել է 2007 թվականին դժբախտ պատահարի հետևանքով: Սերթը զենք է մաքրել, որը պատահաբար կրակել է ուղիղ նրա դեմքին: Հիվանդը նշել է, որ արդեն մեկ տարի է սպասում է այս վիրահատությանը:

 

 

Նորվեգացի կնոջը 16 ամսով բանտարկության են դատապարտել Դուբայի ոստիկանությանը իրեն բռնաբարելու վերաբերյալ տեղեկացնելու համար

DubaiԴուբայում նորվեգացի կինը 16 ամսվա ազատազրկման է դատապարտվել բռնաբարության դեպքի վերաբերյալ տեղեկացնելու համար:

25-ամյա կնոջը աշխատանքային այցով Արաբական միացյալ էմիրություններում գտնվելու ժամանակ բռնաբարել են, որի մասին նա հայտնել է տեղի ոստիկանությանը:

Դուբայի ոստիկանությունում նրան չէին հավատացել և վերցնելով նրա անձնագիրը՝ բանտարկել էին արտաամուսնական հարաբերություններ ունենալու մեղադրանքով:

Նորվեգացի կինը սեռական ոտնձգության մասին հայտնել էր այս տարվա մարտին, որից հետո նա ստիպված է եղել մի քանի օր անցկացնել բանտախցում, որից հետո նրան թույլ էին տվել խոսել հեռախոսով:

Նորվեգիայի դեսպանատունը նրա ընտանիքի անդամների աջակցությամբ կարողացել էր բանակցել և բանտախցից ազատել կնոջը, որը, մինչև այս շաբաթ նրա նկատմամբ մեղադրանք ներկայացնելը, գտնվում է նորվեգական եկեղեցու պաշտպանության ներքո:

Կինը Verdens Gang թերթին հայտնել էր, որ իրեն մեղադրում են արտաամուսնական կապեր ունենալու, ալկոհոլ օգտագործելու և սխալ վկայություն տալու մեջ:

Նորվեգական եկեղեցու քահանան հայտնել է, որ կնոջ վիճակը շատ վատ է, և իրենք Շարիաթի օրենքների վրա հիմնված արդարադատություն ունեցող երկրից այլ բան չէին սպասում:

Կնոջը դատապարտել են մեկ տարի և չորս ամիս ազատազրկման, և քանի որ Նորվեգիան դատապարտյալների հանձնման պայմանագիր չունի Դուբայի հետ, կնոջ ապագան անորոշ է մնում:

 

Ռուսաստանի Մեծ թատրոնի ջութակահարը ընկնելով նվագախմբի փոսի մեջ մահացել է

Russia's Bolshoi TheatreՌուսաստանի Մեծ թատրոնի առաջատար ջութակահարներից մեկը բեմից ընկնելով նվագախմբի համար նախատսված փոսի մեջ մահացել է:

Երեքշաբթի օրը տեղի ունեցած դժբախտ պատահարի արդյուքնում աշխարհահռչակ մոսկովյան թատրոնում չորս տասնամյակ հանդես եկած 65 –ամյա Վիկտոր Սեդովը ստացած վնասվածքներից հիվանդանոցում մահացել է:

Թատրոնի ներկայացուցիչ Կատերինա Նովիկովան նշել է, որ Սեդովը նվագախմբի ամենասիրված անդամներից է եղել և մեծ հումորի զգացում է ունեցել՝ ավելացնելով, որ Սեդովը նվագախմբի փոսի մեջ ընկել է երեքշաբթի և ստացված վնասվածքներից հիվանդանոցում մահացել է չորեքշաբթի:

Այս տարվա հունվարին թատրոնի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Ֆիլինի նկատմամբ ծծմբաթթվով հարձակում էր իրականացվել, որի արդյուքնում նա երրորդ աստիճանի այրվածքներ էր ստացել:

Այնուամենայնիվ Մեծ թատրոնի պարողները և աշխատակազմը նշում են, որ հնարավոր է, որ հենց Ֆիլինն է կազմակերպել այդ դեպքը:

Անցած ամիս աշխատանքից հեռացվել էր թատրոնի տնօրենը, որին փոխարինել էր Մոսկվայի Ստանիսլավսկու անվան երաժշտական թատրոնի տնօրեն Վլադիմիր Ուրինը:

Ռուսաստանի մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին հայտնել էր, որ Մեծ թատրոնի տնօրենը հեռացվել է թատրոնում առկա բարդ իրավիճակի պատճառով:

 

Արաբագետ. «Հայերը տեղ չունեն բորբոքված կրքերով Մերձավոր Արևելքում: Սուննի-շիա հակամարտությունը Մերձավոր Արևելքում և հայկական համայնքների ապագան

Հուլիսի սկզբին Եգիպտոսում ռազմական հեղաշրջում տեղի ունեցավ. բանակը պաշտոնից հեռացրեց «Մահմեդական եղբայրներ» կուսակցության ներկայացուցիչ Մուհամեդ Մուրսիին: Այնուհետև հայտարարեցին, որ Մուրսին ծրագրել էր սրել շիաների ու սուննիների հակասությունները` հրահրելով տարածաշրջանային պատերազմ սուննիների և շիաների միջև:

Ո՞րն է սուննիների ու շիաների տարբերությունը

սուննի-շիաՀարց է առաջանում` ի՞նչ հակասություններ կան սուննիների և շիաների միջև, որ պատրաստ են անգամ պատերազմել միմյանց դեմ: Ովքե՞ր են սուննիները և ովքե՞ր են շիաները:

Ըստ տարբեր տվյալների` աշխարհում իսլամի հետևորդների թիվը 1-1,6 մլրդ է: Նրանց ճնշող մեծամասնությունը` ավելի  քան 80%-ը, իսլամի սուննի ուղղության հետևորդ է: Շիա ուղղությունը իսլամի երկրորդ ամենազանգվածային ուղղությունն է. մահմեդականների մոտ 15 և ավելի տոկոսն այս ուղղության հետևորդ է:

Իսլամում սուննի և շիա ուղղությունը սկիզբ է առել 632 թվականից: Մուհամմեդ մարգարեի մահվանից հետո  նրա հետևորդների միջև առաջնորդի աթոռի  համար պայքար է սկսվում, և հարց է առաջանում, թե պաշտոնն  ինչ սկզբունքով պետք է փոխանցվի ժառանգորդներին: Չորրորդ խալիֆ Ալին, որ Մուհամմեդի զարմիկն ու փեսան էր, պնդում էր, որ խալիֆի պաշտոնը կարող են ժառանգել միայն Մուհամմեդի ցեղի ներկայացուցիչները, մինչդեռ Մուհամմեդի ընկեր Աբու Բակրը և նրա կողմնակիցները կարծում էին, որ իմամին պետք է ընտրեն: Ալիի, ապա նաև նրա երկու որդիների սպանությամբ իսլամում սկիզբ է դրվում երկու ուղղությունների:

Շիա թարգմանաբար նշանակում է  «Ալիի հետևորդներ»:  Նրանք Մուհամմեդին հաջորդած չորս առաջնորդներից միայն Ալիին են ճանաչում:

Սուննի բառն էլ թարգմանաբար նշանակում է «սուննայի (ճանապարհի) մարդիկ»: Սուննան Մուհամմեդ մարգարեի կյանքի ու գործունեության  պատմությունն է և մտքերի ժողովածուն`  սկսած այն պահից, ինչ նա մարգարե դարձավ:

քարտեզԸստ «Վիքիպեդիա» առցանց հանրագիտարանի` սուննի մահմեդականների համար նրանց սուրբ գիրքը մեկնաբանությունների ենթակա չէ` նրանց ընկալումները սահմանափակված են դոգմաներով: Շիաների դեպքում Ղուրանի մեկնաբանությունը հնարավոր է: Իհարկե, դա կարող է անել միայն անձը,  որը դրա իրավունքն ունի: Բացի այդ, շիաներն  իրենց իմամին ընկալում են որպես Ալլահի ներկայացուցիչ երկրի վրա, մինչդեռ սուննիները աստծո հետ ուղղակի հաղորդակցման կողմնակից են` իմամներին համարելով ուղղակի հարգանքի  և մեծարանքի արժանի կրոնական գործիչներ:

Չնայած տարբերություններին` սուննիներն ու շիաները ունեն նաև ընդհանրություններ. բոլորի համար միակ աստվածն Ալլահն է, իսկ Մուհամմեդը` նրա առաքյալը,  երկուսն  էլ հետևում են իսլամի հինգ պատվիրաններին,  պահում  են պասի ամիս Ռամադանը և սուրբ գիրք են համարում Ղուրանը:

Շիաները մեծամասնություն են կազմում Իրանում,  Իրաքում, Բահրեյնում, Լիբանանում, ինչպես նաև Ադրբեջանում: Սիրիայում  սուննիներն են մեծամասնություն, սակայն իշխանությունները շիա ուղղության հետևորդ են:

Շիա բնակչություն`  որպես փոքրամասնություն, ունեն Սաուդյան Արաբիան, Քուվեյթը, Պակիստանը, Եմենը, որտեղ շիաներին  համարում են անջատողական: Բոլոր երկրներում, որտեղ շիաները փոքրամասնություն են, սուննի իշխանությունները ճնշում են նրանց: Այդպիսի երկրներ են Պակիստանը, Աֆղանստանը, Քուվեյթը,  Սաուդյան Արաբիան:

Մահմեդական տարակարծությունները զենք` ազդեցության գոտիների համար պայքարում

բաժանումԱշխարհաքաղաքագետ Ալեքսանդր դը Վալը Ֆրանսիական Atlantico-ում տպագրված հոդվածում նշում է, որ չնայած ԶԼՄ-ներում շիաները հաճախ ներկայացվում են որպես ծայրահեղական, իսկ սուննիները` չափավոր մահմեդականներ, ըստ գաղափարախոսության` ճիշտ հակառակն է: Եթե շիաները երբևէ վերջակետ չեն դրել Ղուրանի մեկնաբանությունների առումով, ապա սուննիները X դարից արգելել են Ղուրանի որևէ մեկնաբանություն և խստիվ հետևում են դոգմաներին: Բացի այդ, պատմությանը հայտնի ծայրահեղ իսլամիստական ուղղությունները սուննիներն են հիմնադրել:

Դը Վալի կարծիքով` տարբեր շահերից բացի, Արևմուտքը մի կողմից և Ռուսաստանն ու Չինաստանը մյուս կողմից առաջնորդվում են սառը պատերազմի տրամաբանությամբ: Եթե մեկը պաշտպանում է սուննիներին, ապա մյուսը` շիաներին: Ներկայում Ռուսաստանն ու Չինաստանն աջակցում են շիաներին` ի դեմս Իրանի և Սիրիայի, Արևմուտքը` սուննիներին:

Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դիվանագիտական ծառայության և մասնագիտական հաղորդակցման ամբիոնի վարիչ Նուբար Չալըմյանը ևս համամիտ է, որ ներկայիս սրված իրավիճակն ընդամենը էներգակիրներով հարուստ տարածաշրջանում ազդեցության հաստատման պայքարի հետևանք է: ԱՄՆ-ն ցանկանում է, որ տարածաշրջանն իր համար կանխատեսելի և կառավարելի լինի: Բացի այդ, արաբական աշխարհը պառակտելով,  ԱՄՆ-ն նաև անվտանգ միջավայր է ստեղծում  իր գործընկեր Իսրայելի համար. «Ներկա վիճակում Իսրայելն իրեն ավելի անվտանգ է զգում, քան նախկինում»:

Իսկ օրինակ` Սաուդյան Արաբիայում կամ Քուվեյթում չեն ուզում ժողովրդավարություն հաստատել, քանի որ այդ երկրներն անսխալ կատարում են իրենց որդեգրած պրոամերիկյան քաղաքականությունը, Իսրայելի համար էլ որևէ վտանգ չեն ներկայացնում:

Դիկտատուրան` արդյունավետ կառավարման միջոց Արևելքում

Չալըմյան ՆուբարՉալըմյանն ասում է, որ շիա-սուննի տարաձայնությունները միշտ էլ եղել են, սակայն նախկինում այդ երկրների ղեկավարությունները մշտապես ճնշել են դրանք` թույլ չտալով զարգանալ: Այսպես օրինակ` 80-ականներին Սիրիայում «Մահմեդական եղբայրները» ակտիվացան, սակայն Հաֆեզ  Ասադը արագ ճնշեց նրանց: Իհարկե, ոչ դեմոկրատական եղանակով:

Նույնը Լիբիայում,  Իրանում. կրոնական հեղափոխությունից հետո շիական համայնքը մի քանի օր  կտրուկ  ակտիվացավ, սակայն Քադաֆին անմիջապես ճնշեց, քանի որ հաջորդիվ մյուս կրոնական համայնքները կակտիվանային: Սակայն հիմա կրոնական տարաձայնությունները դարձյալ սրվել են, քանի որ չկան այն վարչակարգերը, որոնք մշտապես ճնշել են այդ տարաձայնությունները: Մարդիկ տասնամյակներ են սպասել, որպեսզի իրենց հաշիվները մաքրեն, և հիմա հարմար առիթ է ստեղծվել:

Մասնագետի խոսքով` այնպես չէ, որ  ղեկավարները, որոնցից  Արևմուտքը փորձում է ազատվել, իրենց դրածոները չեն եղել: Օրինակ` Հոսնի Մուբարաքն իշխանության գալուց ի վեր ամերիկամետ քաղաքականություն էր վարում: Պարզապես Արևմուտքը, մասնավորապես` ԱՄՆ-ն, ցանկանում էր այդ երկրներում նոր ղեկավարներ տեսնել:

Գործընթացը սկսվեց 2003-ից, Իրաքից: Այն ժամանակ Մուամար Քադաֆին ՄԱԿ-ում, դեն նետելով ՄԱԿ-ի կանոնադրությունը, մատնացույց արեց Ասադին, Մուբարաքին ու իրեն` հայտարարելով, որ հաջորդն  իրենք են: Այդպես էլ եղավ:

«Երբ ԱՄՆ-ն Իրաք ներխուժեց,  ակնկալում էր, որ շիա-սուննի հարաբերությունները կլարվեն, ինքն էլ դրանից օգուտ կքաղի: Սկզբում այդպես էլ եղավ, շիաները ողջունեցին ԱՄՆ-ի քայլը, որ իրենց ազատեց  Սադամ Հուսեյնից: Սակայն որոշ ժամանակ անց, երբ հասկացան, որ ամերիկացիներն իրենց երկրից հեռանալու մտադրություն չունեն, շիաներն ու սուննիները միավորվեցին ընդհանուր թշնամու` ամերիկացիների դեմ»,- ասում է Չալըմյանը:

Նրա կարծիքով` շիաներն ու սուննիները միմյանց կողք- կողքի կարող են խաղաղ ապրել, եթե լինի դիկտատորական վարչակարգ, որը թույլ չի տա, որ տարաձայնությունները խորանան ու հակամարտության վերածվեն. «Իսլամը ուժեղ կրոն է, ավելի ուժեղ, քան քրիստոնեությունը: Իսլամը վերածվել է կենցաղավարության:  Այդ երկու գաղափարախոսություններն էլ միմյանց հանդեպ անհանդուրժող են: Մահմեդականները շատ հավատավոր են, ուստի անընդհատ խաբվում են Արևմուտքի կողմից»:

Անդրադառնալով ԱՄՆ-ի վարած քաղաքականությանը` Չալըմյանն ասում է, որ երկու կուսակցությունների քաղաքականությունները տարբերվում են: Հանրապետականները կողմ են ինտերվենցիային, ուժով հարցը լուծելուն: Դեմոկրատները` հանձին Օբամայի, նախընտրում են երկրի ներսի ուժերին միմյանց դեմ լարել և սպասել օգուտ քաղելու հարմար պահին: Այսպես նաև միջոցներ են խնայում, ամերիկյան զինվորներ չեն զոհվում: «Օրինակ` Եգիպտոսն արդեն հոգնած վիճակում է: Եվ ԱՄՆ-ն բառացիորեն փոխնախագահի պաշտոնում նշանակեց իր մարդուն` Մուհամմեդ  Էլ Բարադեյին: Ամեն տեղ էլ նույն վիճակն է. սպասում են, որ երկիրը հոգնի»,- ասում է Չալըմյանը:

Նրա կարծիքով` «Մահմեդական եղբայրներին» իշխանությունից հեռացնելով` ԱՄՆ-ն նաև մեսիջ ուներ Իրանի ժողովրդին` ցույց տալով, որ  Եգիպտոսում կրոնական իշխանությունները  մեկ տարի շարունակ իրենց չարդարացրեցին: Նույնը և Իրանում է,  և Ժամանակն է նրանց էլ հեռացնելու:

Չալըմյանի կարծիքով` Մերձավոր Արևելքը գնում է դեպի մասնատում: Իրաքը, հնարավոր է, երեք մասի բաժանվի` սուննիական, շիական և քրդական: Չի բացառվում նաև Սիրիայի տրոհումը: Բայց մյուս կողմից էլ Թուրքիան հաստատ չի ցանկանա, որ Սիրիայում կամ Իրաքում քրդական ինքնավարություն ստեղծվի, քանի որ նույն քրդական խնդիրն ինքն էլ ունի:

Խոսելով հայկական համայնքների ապագայից` Չալըմյանն ասում է, որ հայերն  առաջիկայում տեղ և անելիք չունեն Մերձավոր Արևելքում: Նախընտրելի տարբերակը հայրենիք վերադառնալն է և Արցախը բնակեցնելը: Ստեղծված պայմաններում հայերը այդ երկրներում ո՛չ իրենց նախկին կենսամակարդակը կարող են ունենալ, ո՛չ էլ նախկին վերաբերմունքի հույսը: Տարիներ են պետք,  որ բորբոքված կրքերը հանդարտվեն: