Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ զորավարժություններ կանցկացնեն:
Այս մասին հաղորդում է ադրբեջանական “Թրենդ” գործակալությունը` վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը:
Զորավարժությունները կանցկացվեն համագործակցության ադրբեջանա-թուրքական երկկողմ ծրագրի շրջանակում: Հուլիսի 13-ին Ստամբուլում կտրվի ռազմածովային զորավարժությունների մեկնարկը: Դրանք կավարտվեն օգոստոսի 6-ին:
ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպանը քննադատել է Ադրբեջանին
Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում (ԵԱՀԿ) ԱՄՆ դեսպան Յան Քելին Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել կատարել ԵԱՀԿ առջև մարդու իրավունքների ոլորտում ստանձնած իր պարտավորությունները: Այս մասին նա հայտարարել է ԵԱՀԿ Բաքվի գրասենյակի ղեկավար Կորայ Տարղայի կողմից տարեկան հաշվետվությունը ներկայացնելուց հետո, հաղորդում է ադրբեջանական “Կոնտակտ”կայքը:
Քելին իր ելույթում նշել է, որ Ադրբեջանում քաղաքացիական հասարակության ինստիտուտները, քաղաքական կուսակցությունները, մեդիայի ոլորտի ներկայացուցիչները և իրավապաշտպանները ենթարկվում են Ադրբեջանի իշխանությունների ճնշումներին:
“Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին կատարել իր պարտավորությունները ազատ հավաքների, միավորումների և արտահայտման ապահովման ոլորտում”, -ասել է Քելին:
Նա նաև իր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանում Ազատ խոսքի համալսարանի փակման, NİDA երիտասարդական շարժման ակտիվիստների, “Հանրապետական այլընտրանք” (REAL) շարժման ղեկավար Իլգար Մամեդովի ձերբակալման փաստի առնչությամբ:
Նա Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել նաև 2013թ. աշնանը կայանալիք նախագահական ընտրություններին անսահմանփակ թվով ԵԱՀԿ դիտորդներ հրավիրել:
Ադրբեջանում Ազգային խորհուրդը պահանջում է հետաքննություն սկսել Ալիևի նկատմամբ
Ադրբեջանի ընդդիմադիր ուժերը միավորող Ազգային խորհուրդը դիմել է Միլի Մեջլիսին (խորհրդարան), Սահմանադրական դատարանին, ԿԸՀ-ին, Գերագույն դատարանին և գլխավոր դատախազին՝ պահանջելով հետաքննել երկրի նախագահ Իլհամ Ալիևի գործունեությունը: Դիմումում նշվում է, որ արևմտյան լրատվամիջոցներում Ալիևի անունը վաղուց է շրջանառում՝ կապված կոռուպցիոն սկանդալների հետ:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Հաքքին” կայքը, խոսքը, մասնավորապես, նրա կողմից Դուբայում 75 մլն դոլար արժողությամբ անշարժ գույք ձեռք բերելու մասին է: Այդ մասին 2011թ գրել է “Washington Post” պարբերականը`ընդգծելով, որ Ադրբեջանի նախագահի տարեկան աշխատավարձը կազմում է 228 հազար դոլար:
Դիմումում հիշատակվում է նաև Ադրբեջանի իշխանական կառույցներում տիրող կոռուպցիոն վիճակի մասին CNBC հեռուստաալիքի ռեպորտաժը, որը դիտել է ավելի քան 1 միլիարդ մարդ:
“Հաշվի առնելով այդ ամենը` Ազգային խորհուրդը կոչ է անում համապատասխան մարմիններին հետաքննություն սկսել Ալիևի գործունեության նկատմամբ, ինչպես նաև հեռացնել նրան իշխանությունից”,-ասվում է դիմումում:
Դիմումի պատճեններն ուղարկվել են ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին, Եվրոպայի խորհրդին, ԵՄ-ին, ԱՊՀ-ին, ինչպես նաեւ ԱՄՆ, Ռուսաստանի, Թուրքիայի և այլ երկրների ղեկավարներին:
Հայտնի են դարձել Ադրբեջանի ամենակոռուպացված ոլորտները
“Transparency International” միջազգային կազմակերպությունը հրապարակել է աշխարհում կաշառակերության վիճակի մասին տարեկան զեկույցը` “2013թ.-ի կոռուպցիոն բարոմետրը” խորագրով:
Այս լայնածավալ ուսումնասիրության մեջ ներկայացված են խորը ճգնաժամ ապրող այն երկրները, որոնց վրա մեծ ազդեցություն է գործել կաշառակերությունը: Զեկույցում տեղ են գտել քաղաքացիների`կաշառակերության վերաբերյալ հարցման արդյունքները:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Կոնտակտ” կայքը, Ադրբեջանում հարցվածների 32%-ը կարծում է, որ երկրում կաշառակերության մակարդակը շատ բարձր է, 37%-ը այն մեծ խնդիր է համարում, 49%-ն էլ կարծում է`իշխանությունները պայքարում են այդ խնդրի դեմ:
Համաձայն հարցման արդյունքների`Ադրբեջանում կոռուպացված են քաղաքական կուսակցությունները (28%), խորհրդարանն ու զինված ուժերը (29%), ՀԿ-ները (26%), ԶԼՄ-ները (27%):
26%-ը կարծում է, որ կոռուպացված են կրոնական կառույցները, 35%-ը`բիզնեսի, 37%-ը`կրթական ոլորտները, 42%-ը`իրավական համակարգը, 44%-ը`առողջապահական համակարգը, 41%-ը`ոստիկանությունը, 37%-ը`քաղաքացիական ծառայության ոլորտը:
Ահաբեկչություն Բեյրութում, 20 մարդ տուժել է
Բեյրութի ծայրամասում հզոր պայթյուն է տեղի ունեցել: Ականապատված ավտոմեքենան, որը կայանած է եղել քաղաքի բանուկ առևտրային փողոցներից մեկում, թռել է օդ: Պայթյունի ալիքը վնասել է մոտակա շենքերն ու անմիջապես մի քանի ավտոմեքենա այրվել են:
Դեպքի վայր`Բիր ալ-Աբիդ թաղամաս շարունակում են գալ շտապ օգնության և ոստիկանական մեքենաներ: Արդեն հայտնի է, որ կան տուժածներ և զոհեր, նրանց թիվը ճշտվում է:
Առայժմ խոսքը 21 վիրավորների մասին է, որոնցից 15-ը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց: Ահաբեկչության պատասխանատվությունը առայժմ ոչ մի կազմակերպություն իր վրա չի վերցրել, սակայն հայտնի է, որ այդ թաղամասում ապրում են “Հզբոլահի” կողմնակիցները:
Հեռուստաալիքները կադրեր են ցույց տալիս, որտեղ սև ծխի սյունը բարձրանում է բեռնատարի վրա և ամենաքիչը 9 ավտոմեքենա կրակի մեջ են:
Ոստիկանությունը ավտոկայանատեղիի շրջակայքից տարհանում է մարդկանց, վախենալով պայթյունի կրկնվելուց:
Ուշ քնող երեխաները վատ են կարդում
Լոնդոնի համալսարանից գիտանականների խումբը վստահեցնում է, որ այն երեխաները, որոնց ծնողները ուշ են պառկեցնում քնելու, մտածողության ու հիշողության խնդիրներ են ունենում: Նրանց կարծիքով, ուշ քնող երեքամյա երեխան հետագայում խնդիր է ունենում ընթերցանության ու թվաբանության հետ կապված: Նրանք կարծում են, որ անբավարար քունը խանգարում է օրգանիզմի բնականոն ռիթմին ու վնասում երեխայի ուղեղի ճկունությանը, որը, ի դեպ, սովորաբար բաց է նոր տեղեկությունների համար:
Բացի այդ, գիտնականները հավելում են, որ քնի անբավարար ռիթմ ունեցող երեխաներին հազվադեպ են հեքիաթ կարդում, նրանք ավելի շատ են դիտում հեռուստացույց,քան նրանց հասակակիցները:
Սարկոզին վերադարձել է մեծ քաղաքականություն
Ֆրանսիայի նախկին նախագահ Սարկոզին սկսում է վստահորեն աշխատել հաջորդ` 2017-ին նախատեսված նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու հնարավորության ուղղությամբ:
Նրա վերադարձը մեծ քաղաքականություն նշանավորվեց Սարկոզիի` “Միություն ժողովրդական շարժման համար” քաղաքական կուսակցության առաջնորդների հետ հանդիպումով: Ֆրանսիական ԶԼՄ-ները գրում են, որ այդ հանդիպման ժամանակ քննարկվել է Սարկոզիի` այդ քաղաքական շարժման առաջնորդ նշանակվելու հնարավորությունը:
58-ամյա Սարկոզին, նախագահական ընտրություններում պարտությունից հետո փորձում էր ստվերում մնալ` խուսափելով հանրայնությունից: Անցած շաբաթ ԶԼՄ-ները հրապարակեցին Սարկոզիի հետ հարցազրույցը, որում նա բացահայտ ծաղրում ու վիրավորում էր պետության ներկայիս ղեկավարին:
Շուրջ 1000 ճապոնացի է հոսպիտալացվել ջերմային հարվածով
Օդի ավելի քան 300 ջերմաստիճանի պատճառով մեկ օրում 900 ճապոնացի ջերմային հարված ախտորոշմամբ հայտնվել է հիվանդանոցում: Մի քանի տուժածի վիճակ ծայրահեղ ծանր է.նրանք անգիտակից վիճակում են գտնվում:
Տեղի ԶԼՄ-ները հայտնում են բաց տարածքում սպորտային միջոցառումների մասնակցած դպրոցականների հոսպիտալացման մասին:
Տորոնտոյում փոթորկի պատճառով 300 հազար մարդ զրկվել է լույսից
Ուժեղ փոթորիկը, որի ընթացքում տեղումների մեկամսյա նորմ է տեղացել, Տորոնտոյի 300 հազար բնակչի հոսանքից զրկել է: Երկհարկանի գնացքների շուրջ հազար ուղևոր է հայտնվել գնացքի լուսամուտների մակարդակին հասած ջրի մեջ: Ականատեսների վկայությամբ, երկաթգծին զուգահեռ հեղեղված ճանապարհի վրա ավտոսիրողները մեքենաները թողնելով, մագլցել են ծառերը:
Տորոնտոյի քաղաքապետը համաքաղաքացիներին հորդորել է մնալ տանը, քանի որ օդերևութաբանների կանխատեսումները հուսադրող չեն:
Բելգիական Մեյզեում ծաղկել է “դիածաղիկը”
Բելգիայի Մեյզե քաղաքի ազգային բուսաբանական այգում բացվել է մոլորակի ամենամեծ ծաղիկը` Titan Arum-ը, որը ժողովուրդն անվանում է “դիածաղիկ”: Այդ հսկայական ծաղիկը կշռում է 50 կգ ու ծաղկում 3-8 տարին մեկ անգամ:
“Դիածաղիկ “ է կոչվում նրանից տարածվող գարշահոտության պատճառով: Այն համեմատել է հոտած ձկան կամ էլ լեշից տարածվող գարշահոտության հետ: Ծաղկի բարձրությունը 2,44 սմ է, ունի դեղին վարսանդ, որի բարձրությունը հասնում է մինչև 1,5-3մ-ի:
Եգիպտոսը Սահմանադրական նոր դեկլարացիա է ընդունել
Եգիպտոսի ժամանակավոր նախագահ Ադլի Մանսուրը հրաման է արձակել նոր սահմանադրական դեկլարացիա ընդունելու վերաբերյալ: Փաստաթուղթը ենթադրում է Սահմանադրական ասամբլեայի գումարում` 14 օրում երկրի նոր, հիմնական օրենքի նախապատրաստման համար: Պլանավորվում է նաև, որ կես տարի անց երկրում խորհրդարանական ընտրություններ կլինեն: Ավելի ուշ նոր խորհրդարանը կնշանակի նախագահական ընտրությունների ամսաթիվը:
Վենեսուելան Սնոուդենին ապաստանելու խնդրանքն է ստացել
Վենեսուելան ստացել է Էդվարդ Սնոուդենի` քաղաքական ապաստարան տրամադրելու գրավոր խնդրանքը:”Մենք նամակ ենք ստացել ապաստարան տրամադրելու.հիմա նա պետք է որոշի, թե երբ է թռչելու,եթե վերջիվերջո որոշի թռչել այստեղ,-հայտնել է երկրի նախագահ Մադուրոն:-Մենք այդ երիտասարդին ասել ենք` քանի որ ձեզ հետապնդում է կայսրությունը (ԱՄՆ), ապա եկեք այստեղ”:
Անցած շաբաթ լատինաամերիկյան 3 երկիր միանգամից Սնոուդենին քաղաքական ապաստարան առաջարկեց: Հինգշաբթի գրեթե միաժամանակ հայտարարությամբ հանդես եկան Վենեսուելայի նախագահ Մորալեսը, Նիկարագուայի նախագահ Դանիել Օրտեգան, իսկ հաջորդ օրը նրանց միացավ նաև Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը: Ընդ որում, Նիկարագուայի նախագահը հետո ասել էր, թե ապաստարան Սնոուդենին կհատկացնի` “եթե ներեն հանգամանքները”: Վենեսուելայի նախագահ Մադուրոն որոշեց երիտասարդ ամերիկացուն մարդասիրական ապաստարան տրամադրել, որ նա կարողանա ժամանել Բոլիվարի ու Չավեսի հայրենիք` թաքնվելով ԱՄՆ հետապնդումներից: Մադուրոն կարծում է, որ “Սնոուդենը բացի ճիշտն ասելուց` այլ բան չի արել”, դրանից հետո ենթարկվել է հետապնդման` “աշխարհում ամենահզոր կայսրության կողմից”:
Իսկ Բոլիվիայի նախագահը հայտարարել է.”եթե այդ երիտասարդն ապաստարան է ուզում, ապա մենք նրան կտրամադրենք այն. մենք ոչ ոքից չենք վախենում:
Թուրք կինը ամուսնուց հեռանալով իր հետ վերցրել է ամեն ինչ՝ նույնիսկ իրենց ամուսնական տան տանիքը և պատուհանները
34-ամյա կինը որոշել է վրեժ լուծել իր ամուսնուց՝ հեռանալուց հետո իր հետ տանելով ամեն ինչ՝ նույնիսկ տանիքը և պատուհանները:
Իր 40-ամյա ամուսնուց Սահինից հեռանալիս Ֆաթման իր հետ վերցրել էր սպասքը, խոհանոցային մյուս պարագաները, գորգերը, վարագույները, այնուհետև վերադարձել էր բուն կառույցի մասերը վերցնելու համար:
Ֆաթման սպասել էր մինչև իր ամուսինը գնա աշխատանքի, այնուհետև իր եղբայրների օգնությամբ հանել էր նախկին ամուսնական տան տանիքը և պատուհանները:
Անցած շաբաթ Թուրքիայի Ադանա քաղաքում բնակվող զույգի հարևանները զանգահարել էին Սահինին և տեղեկացրել, որ իր կինը ապամոնտաժում է իրենց տունը:
Այգեպան Սահինը արագ ժամանել էր տուն, սակայն ոչինչ չէր կարողացել անել, քանի որ Ֆաթման պնդել էր, որ ինքն է վճարել պատուհանների և տանիքի համար:
Սահինը ստիպված է եղել իրենց երկու որդիուն ժամանակավոր խնամքի հանձնել, մինչև նոր տուն կգտնի:
Ձյուն մաքրող տեխնիկա է հանվել ԱՄՆ-ի Նյու Մեքսիկո նահանգում տեղացած կես մետր կարկուտը փողոցներից մաքրելու համար
ԱՄՆ-ի Նյու Մեքսիկո նահանգի Սանտա Ռոզա քաղաքում կես մետր կարկուտ է տեղացել:
Վթարների վերացման վարչությունը ստիպված է եղել ձյան մաքրման համար անհրաժեշտ տեխնիկա դուրս բերել փողոցներ կարկուտի կուտակված սառցաբեկորները մաքրելու համար:
Ըստ օդերևութաբանական ծառայության՝ Ալբուկերկ քաղաքում գոլֆի գնդակի մեծության կարկուտ է տեղացել:
Հողմից բազմաթիվ տներ, մեքենաներ և գործարաններ են վնասվել:
Չնայած նման եղանակը հուլիսին միանգամայն անժամանակ է, սակայն Նյու Մեքսիկոյի բարձրադիր դաշտավայրերում դա այնքան էլ տարօրինակ չէ:
Սա հիմնականում պայամանավորված է Սանտա Ռոզա քաղաքի բարձ դիրքով՝ այն է ծովի մակարդակից 4,616 մ:
Այստեղ տարեկան միջինում երեք օր կարկուտ է տեղում:
Հնդկաստանում հյուրանոցի փլուզման հետևանքով մահացել է առնվազն ինը մարդ
Ոստիկանության տեղեկություններով՝ երկուշաբթի հարավային Հնդկաստանում հյուրանոցի փլուզումից մահացել է առնվազն ինը մարդ, ևս 15-ը վնասվածքներ են ստացել:
Ոստիկանության սպան CNN –ին հայտնել է, որ երեք հարկանի հյուրանոցը գտնվում էր Անդհրա Պրադեշ նահանգի Սեկունդերաբադ քաղաքում:
Ըստ նրա՝ փրկարարական գործողությունները դեռևս շարունակվում են, իսկ փլուզման պատճառը կբացահայտվի փրկարարական գործողությունների ավարտից հետո:
Համայնքային տեսուչի տվյալներով՝ մինչ այս պահը ավերակներից դեռևս 19 մարդ է հանվել:
Ենթադրաբար երկու մարդ դեռևս գտնվում է փլատակների տակ:
Ինդոնեզացի հինգ տղամարդիկ վագրերի պատճառով հինգ օր մնացել են ծառի վրա
Փրկարարների տեղեկություններով՝ վագրերից պաշտպանվելու համար չորս օր ծառի ճյուղերից կախված հինգ մարդիկ հնարավոր է այդ վիճակում մնային մինչև այս շաբաթվա կեսերը:
Սումատրական վագրերը սպանել և կերել էին մարդկանց խմբի վեցերորդ անդամին, իսկ մյուսները հասցրել էին բարձրանալ ծառը՝ հուսալով, որ կենդանիները իրենց հետևից չեն բարձրանա:
Վագրերը մարդկանց խմբին հետապնդել էին այն բանից հետո, երբ վագրի ձագը պատահաբար ընկել էր եղնիկներ որսալու համար պատրաստված թակարդի մեջ:
Վագրերը, տեսնելով թակարդի մեջ հայտնված վիրավոր ձագին, սկսել էին հետապնդել տղամարդկանց:
Ինդոնեզացի տղամարդիկ խիտ անտառներ էին գնացել անուշաբույր յուղերի արտադրության մեջ օգտագործվող թանկարժեք փայտ գտնելու համար:
Կես կիլոգրամը 175 ֆունտ ստեռլինգով վաճառվող թանկարժեք փայտը գտնելու համար սումատրացի գյուղացիները վտանգում են իրենց կյանքը՝ մտնելով ազգային պարկի խիտ անտառներ, որոնք լի է վագրերով և վտանգավոր փղերով:
Տեղի ոստիկանության ղեկավարը հայտնել է, որ իրենք ավելի շուտ չէին գնացել մարդկանց փրկելու, քանի որ վագրերը դեռևս այդտեղ էին, իսկ տեղանքը բավականին հեռու էր:
Գյուղացիներից մեկի տեղեկություններով՝ տղամարդկանց հաջողվել է ծառի վրայից բջջային հեռախոսի օգնությամբ օգնություն կանչել, սակայն փրկարարները ժամանելով դեպքի վայր և տեսնելով չորս վագրերին փախել են՝ այդպիսով տղամարդկանց չորս օր թողնելով ծառերի վրա:
Ըստ ոստիկանության իրենք պետք է ուշադիր պատրաստվեին նախքան դեպքի վայր գնալը, քանի որ վագրերի կրճատվող քանակի պատճառով իրենք չէին կարող սպանել նրանց և պետք է միայն անզգայացնեին:
Ենթադրվում է, որ Սումատրայի ազգային պարկում կա ավելի քան 100 սումատրական վագր, սակայն մտավախություն կա նաև, որ նրանց թիվը կտրուկ նվազել է արմավենու յուղի արտադրության պլանտացիաների անընդհատ ընդարձակման հետևանքով:
Իլհամ Ալիևը ընդունել է ԵԱՀԿ նախագահին
Այսօր՝ հուլիսի 8-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարին:
Ինչպես հաղորդում է “1նյուզ” կայքը՝ վկայակոչելով Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը, հանդիպման ժամանակ կողմերը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և ԵԱՀԿ-ի միջև համագործակցության հետագա զարգացման, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ընթացիկ վիճակի և հեռանկարների վերաբերյալ:
Զրույցի ընթացքում կողմերը գոհունակություն են հայտնել Ուկրաինայի և Ադրբեջանի միջև հարաբերությունների հաջող զարգացման առնչությամբ՝ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում:
Իլհամ Ալիև` “Տարվա մարդ”
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ճանաչվել է “Տարվա ղեկավար”
Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, “Իսլամական համագործակցություն” կազմակերպության (ԻՀԿ) տարածքում Իլհամ Ալիևը “Տարվա ղեկավար” է ընտրվել աշխարհի 40 երկրի 50 համալսարանի ավելի քան 170 երիտասարդների շրջանում անցկացված հարցման և 10.000 ուսանողների օնլայն քվեարկության արդյունքում:
Իլհամ Ալիևը ընտրվել է համաձայն հետևյալ չափորոշիչների. “իսլամական ժառանգության մասին հոգածություն, ԻՀԿ երկրների շրջանում համերաշխության ամրապնդում, ներդրում սեցիալտնտեսական զարգացման ոլորտում:
Մոտ ժամանակներըս Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպում կունենան Մինսկի խմբի համանախագահների հետ
Հնարավոր է` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները մոտ ժամանակներս հանդիպեն:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական “1նյուզ” կայքը, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը այսօր հայտարարել է, որ առաջիկայում նախատեսվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ՝ ԼՂ հարցը քննարկելու համար:
Մամեդյարովը հավելել է, որ հանդիպման ձևաչափը և ամսաթիվը հաստատված չէ: “Հանդիպումը նախատեսվում է անցկացել ամենամոտ ժամանակներս”,- նշել է Մամեդյարովը:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների`նման ֆորմատի վերջին հանդիպումը տեղի է ունեցել 2013թ.-ի մայիսին Լեհաստանի Կրակով քաղաքում:
Լույս աշխարհ է եկել ընտրովի գենոմով առաջին երեխան
Մեծ Բրիտանիայում լույս աշխարհ է եկել մի երեխա, որի սաղմը գենոմի նորագույն անալիզով ընտրվել էր մի քանիսից: Երևում է, իրականություն է դառնում “Հատակա” հոլիվուդյան ֆանտաստիկ ֆիլմի սյուժեն, որի համաձայն, ապագայի կատարյալ քաղաքում յուրաքանչյուր մարդ գենետիկորեն ծրագրավորված է ու, տխուր ճակատագիր է սպասում նրանց, ովքեր ծնվել են ոչ թե լաբորատորիայում, այլ սիրո արդյունքում:
Օքսֆորդի կենսաբժշկության գիտահետազոտական ինստիտուտում առաջին ծննդաբերությունն է եղել սաղմի գենոմի անալիզով: Անալիզը, որը հայտնի է “սեքվենացման հաջորդ սերունդ” անվանումով, հզոր մեթոդ է,որը հնարավորություն է տալիս ապակոդավորել ամբողջական գենոմները: Սաղմի գնահատման նոր մեթոդը հնարավորություն է տալիս միաժամանակ պարզել լուրջ ժառանգական հիվանդություններն ու քրոմոսոմային մահացու շեղումները:
Հայտնի է, որ միջինը սաղմերի 30%-ն է պիտանի լինում արտամարմնային բեղմնավորմանն.անհաջողությունների նման տոկոսի համար ենթադրվում է, որ պատասխանատու են գենետիկ ու քրոմոսոմային դեռևս անհայտ շեղումները: