ԱՄՆ-ի Օհայո նահանգում գտնվել են 10 տարի առաջ կորած երեք երիտասարդ կին: Շրջանային ոստիկանության պետի փոխանցած տեղեկության համաձայն՝ կանայք գտնվել են Քլեվելենդ քաղաքի հարավում գտնվող մի տանը, որտեղ նրանց գեր են պահել երեք եղբայր: 50, 52 և 54 տարեկան եղբայրներից մեկը աշխատում է որպես դպրոցական ավտոբուսի վարորդ: Երբ եղբայրները տանը չեն եղել, կանանցից մեկին՝ Ամանդային հաջողվել է բարձրանալ տան վերին հարկ և հարվածելով դռանը՝ օգնություն խնդրել: Հարևաններից մեկը, կոտրելով դուռը, փրկել է կնոջը և նրա 6-ամյա դստերը:
«Radikal»-ի փոխանցմամբ՝ Ամանդան չարագործների ձեռքում էր հայտնվել 2003 թվականին, երբ 16 տարեկան էր: Մյուս երկու կանայք՝ Ջինան և Միշելը գերի էին ընկել համապատասխանաբար 14 և 21 տարեկանում: Չնայած երկարատև փնտրտուքների, այնուհանդերձ չէր հաջողվում գտնել կորած կանանց: Վերջիններս էլ արդեն կորցրել էին փրկության հույսը: Հիվանդանոց տեղափոխված կանանց առողջական վիճակը լավ է, նրանք արդեն գտնվում են իրենց ընտանիքների մոտ:
Ստամբուլում փորձել են գողանալ Աթաթուրքի արձանը
Երեկ Ստամբուլի Հանրապետության հրապարակում մութն ընկնելուն պես՝ ժամը 22:00-ի շրջանում երկու հոգի մկրատի օգնությամբ փորձել են գողանալ հրապարակում տեղադրված Աթաթուրքի արձանը: Քաղաքացիները, նկատելով, որ արձանը կտրվել է հետևի կողմից, ոստիկանություն են կանչել:
«Doğan» լրատվական գործակալությունը գրում է, որ կասկածելի անձինք, տեսնելով ոստիկաններին, թողել են իրենց գործն ու փախուստի դիմել: Այնուամենայնիվ ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել օրինազանցներից մեկին: 19-ամյա մեղադրյալի տված ցուցմունքի համաձայն՝ սա գողություն կատարելու նրա առաջին փորձը չէ: Վերջինս նախկինում ևս, գողանալով պղնձից պատրաստաված Աթաթուրքի արձանները, մետաղի մեկ կիլոգրամը վաճառել է 20 լիրայով:
Բյույուքչեշմեջե վարչական շրջանի նախագահ Հասան Աքգյունը դեպքի առնչությամբ նշել է. «Մեր շրջանում առաջին անգամ է Աթաթուրքի նկատմամբ այսպիսի նողկալի հարձակում իրականացվում: Լսելով տեղի ունեցածի մասին՝ շատ զարմացա: Չեմ կարծում, որ մեր բնակչությունը ունակ է նման անշնհորք արարքի: Ես դատապարտում եմ այն մարդուն, ով փողի համար վաճառքի է հանում ազգային և հոգևոր արժեքները:»
Թուրքական «Գալաթասարայ»-ի դրոշը կախվել է Ստամբուլի երեք կամուրջներից
Օրերս թուրքական «Գալաթասարայ» ֆուտբոլային ակումբը հերթական անգամ ճանաչվեց առաջնության չեմպիոն: Ըստ ավանդույթի՝ ակումբի դեղնակարմրավուն դրոշը կախվեց Ստամբուլի երկու կամուրջներից՝ հայտարարելով ակումբի հաղթանակը:
Ահա «ntvmsnbc»-ի լուրի համաձայն՝ այս տարի «Գալաթասարայ»-ի երկրպագուները այնքան ոգևորված են եղել իրենց թիմի չեմպիոնական նոր տիտղոսով, որ որոշել են ակումբի դրոշը կախել նաև Ստամբուլում կառուցվող երրորդ կամրջի շինհրապարակում:
PKK-ի զինյալները մայիսի 8-ին պաշտենապես լքելու են Թուրքիան
Հայտնի է դարձել Թուրքիայի տարածքից PKK-ի զորքերի դուրս գալու օրը: Ինչպես հաղորդում է թուրքական “T24” կայքը, “Խաղաղություն և ժողովրդավարություն” քրդական կուսակցության համանախագահ Սելահեդդին Դեմիրթաշը հայտարարել է, որ վաղը`մայիսի 8-ին, PKK-ի (Քրդստանի աշխատավորական կուսակցություն) զինյալները պաշտոնապես լքելու են Թուրքիան:
Դեմիրթաշը նշել է, որ դեռ հայտնի չէ թե այդ գործընթացը ինչքան կտևի: “Դուրս բերման գործընթացը կարող է տևել 3-4 ամիս: Այս գործընթացում ամենավտանգավորը հնարավոր բախման ռիսկն է, ինչը մեզանից ոչ մեկի համար ցանկալի չէ: Ուստի ի սկզբանե պետք է կենտրոնանալ այն բանի վրա, որ այդ գործընթացը բարեհաջող ընթանա”, -ասել է նա:
2013թ. մարտի 21-ին`Նովրուզի տոնակատաության ժամանակ, Դիարբեքիրում (Տիգրանակերտ) քրդական “Խաղաղություն և ժողովրդավարություն” կուսակցության պատգամավորները քրդերենով և թուրքերենով ընթերցել են Իմրալը կզզում ցմահ դատապարտված քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանի խաղաղության ուղերձը, որտեղ վերջինս հանդես էր եկել միակողմանի զինադադար հաստատելու հայտարարությամբ և կոչ արել քուրդ զինյալների զենքը վայր դնել ու լքել Թուրքիան:
Իսրայելը պատրաստ է վճարել 100.000-ական դոլոր “Մավի Մարմարայի” միջադեպի արդյունքում զոհված թուրքերի ընտանիքին
Երուսաղեմում Թուրքիայի և Իսրայելի պատվիրակությունները երեկ` մայիսի 6-ին, շուրջ յոթ ժամ տևած բանակցություններից հետո նախնական համաձայնության են եկել թուրքական “Մավի Մարմարա” նավի վրա հարձակման հետևանքով զոհված ինը թուրքերի ընտանիքներին փոխհատուցում տրամադրելու հարցի շուրջ:
Ինչպես տեղեկացնում է թուրքական “Ռադիկալ” թերթը, բանակցությունները շարունակվելու են նաև այսօր։
Թուրքական լրատվամիջոցները, Իսրայելի լրատվամիջոցներին հղում կատարելով, հաղորդում են, որ Իսրայելը համաձայնել է զոհված 9 թուրքերի ընտանիքներին հարյուր հազարական դոլարի փոխհատուցում տրամադրել, սակայն ընտանիքները յուրաքանչյուրի համար մեկ միլիոն դոլար էին պահանջում։
Իսրայելի կառավարարությունը պատրաստակամություն է հայտնել փոխհատուցում տրամադրել ոչ միայն սպանված 9, այլև վիրավորված 70 մարդկանց ընտանիքներին։
Նշենք, որ 2010թ.-ի մայիսից ի վեր սա թուրքական առաջին բարձրաստիճան պատվիրակությունն է, որը ժամանել է Իսրայել:
Հիշեցնենք, որ Բենիամին Նաթանյահուն 2013թ. մարտին ներողություն էր խնդրել Թուրքիայից 2010թ. մայիսի 31-ին Գազա ուղևորվող թուրքական “Մավի Մարմարա” նավի վրա իսրայելական կողմի հարձակման հետևանքով զոհված 9 թուրքերի համար:
Մայիսի 7-ին Իրանում կսկսվի նախագահի թեկնածուների գրանցումը
Իրանի նախագահական ընտրություններիթեկնածուների պաշտոնական գրանցումը կսկսվիմայիսի 7-ին: Այս մասին հաղորդում է Trendգործակալությունը՝ վկայակոչելով IRINNհեռուստաընկերությանը:
Գրանցումը կտևի մինչև մայիսի 11-ը:
Մայիսի 12-ից 16-ն ընկածժամանակահատվածում Սահմանադրությանպահապանների խորհուրդը պետք է դիտարկիյուրաքանչյուրի թեկնածությունը: Եթե խորհուրդըորոշի, որ թեկնածուն ինչ-ինչ պատճառներովիրավունք չունի մասնակցել նախագահական ընտրություններին, ապա թեկնածունկարող է բողոքարկել այդ որոշումը:
Իրանի ՆԳՆ-ն մայիսի 22-23-ին կհրապարակի այն թեկնածուների անունները, որոնքկմասնակցեն ընտրություններին, իսկ մայիսի 24-ին կմեկնարկի նախընտրականքարոզարշավը, որը կավարտվի հունիսի 12-ին:
Իրանում նախագահական ընտրությունները տեղի կունենան հունիսի 14-ին:Նախագահն ընտրվում է չորս տարի ժամկետով:
Իսրայելը սառեցնում է Արևմտյան ափի բնակավայրերի համար հայտարարված տենդերները
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն կարգադրել է սառեցնել Արևմտյան ափի նոր բնակավայրերի կառուցման տենդերների հայտարարումը` նպատակ ունենալով չխոչընդոտել ԱՄՆ-ի ձեռնարկած խաղաղության բանակցությունները: Սրա մասին հայտնել է Իսրայելի բանակի ռադիոն
Այն նաև հայտնել է, որ Նաթանյահուն դրա մասին զգուշացրել է քաղաքաշինության նախարար Ուրի Արիելին մի քանի օր առաջ:
Հայտարարության վերաբերյալ ոչ Նաթանյահուի գրասենյակը, ոչ էլ նախարարությունը մեկնաբանություններ չեն արել:
Արևմտյան ափում և արևելյան Երուսաղեմում նոր բնակավայրերի կառուցումը կապված էր նախորդ տարի ՄԱԿ-ում Պաղեստինի կարգավիճակի բարձրացման հետ:
ԱՀԿ-ն նոր ղեկավար կընտրի
Առևտրի համաշխարհային կազմակերպությունը պատրաստվում է ընտրել իր հաջորդ ղեկավարին: Մրցակցությունն ընթանում է բրազիլացի և մեքսիկացի թեկնածուների միջև:
ԱՀԿ-ում Բրազիլիայի դեսպան Ռոբերտո Ազեվեդոն և նրա մրցակից` Մեքսիկայի առևտրի նախկին նախարար Հերմինիո Բլանկոն այս շաբաթ կիմանան, թե իրենցից ով կդառնա կազմակերպության առաջնորդը:
Ֆրանսիացի գլխավոր տնօրեն Օասկալ Լամիին հաջորդողի խնդիրը կլինի վերակենդանացնել ԱՀԿ-ի առևտրային բանակցությունները, որը ներկայումս մարող վիճակում են գտնվում:
Բլանկոյի կարծիքով` պետք է թարմացնել 159 անդամ ունեցող ԱՀԿ-ն:
«ԱՀԿ-ի հիմնական խնդիրը “Հ”-ն է»,-ասել է նա AFP լրատվական գործակալությանը:
Դադարեցրեք Բաքվում բնակիչների հարկադիր վտարումը. Human Rights Watch
Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ դադարեցնեն Բաքվում հարկադիր վտարումները և բնակարանների քանդումը, այսօր հայտարարել է միջազգային Human Rights Watch իրավապաշտապան կազմակերպությունը, հաղորդում է ադրբեջանական “Contact.az” կայքը:
Ըստ իրավապաշտապան կազմակերպության՝ Բաքվի կենտրոնում այս շաբաթ բացվող “Ձմեռային այգին” հիմնվել է այն տարածքում, որտեղից վտարվել են հազարավոր բնակիչեր:
Իշխանությունները նախատեսում են “Ձմեռային այգում” մեկ շաբաթ միջոցառումներ իրականացնել, որոնք կնվիրվեն Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի 90-ամյակին:
HRW-ը անօրինական է համարում այս տարածքից բնակիչների հարկադիր վտարումը, բնակարանների քանդումը ոչ միայն այդ տարածքում , այլև Բաքվի այլ թաղամասերում, ինչը շարունակվում է արդեն մի քանի տարի:
Այս գործընթացը սկսվել է դեռևս 2009թ., երբ վտարվել են հազարավոր ընտանիքներ: Ոմանց իրենց բանակարաններից առանց զգուշացման հանել են գիշերը: Կառավարությունը բնակիչներին հրաժարվել է համարժեք փոխհատուցում տրամադրել: Առաջարկել են վճարել 1500 մանաթ ($ 1900) 1մ² համար, մինչդեռ իրական արժեքը 2500 մանաթ է:
2013թ. իշանությունները որոշել են ընդլայնել քանդվող բնակարանների տարածքը՝ ընդգրկելով “Ձմեռային այգում” չներառված հարակից փողոցները: Դա նշանակում է, որ մի շարք ընտանիքների կրկնակի վտարում է սպառնում:
2012թ. HRW նամակով դիմել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ անօրինական վտարման դադարեցման պահանջով, սակայն ինչպես այս, այնպես էլ 2011-ին ուղարկված նամակը մնացել է առանց պատասխանի:
Բաքվի կենտրոնում անշարժ գույքի խլումը և քանդումը ևս Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտում է, նշվում է կազմակերպության հայտարարության մեջ:
Հնդկաստանում տարեկան մահանում է 300,000 մեկ օրական նորածին
Հնդկաստանում ինֆեկցիաների հետևանքով ամեն տարի մահանում է ավելի քանի 300.000 մեկ օրական նորածին:
186 երկրների մասին զեկույցի համաձայն` մեկ օրական նորածինների մահացության մակարդակով առաջին տեղն է զբաղեցնում Հարավային Աֆրիկան:
Բանգլադեշում և Պաղեստինում մահացածների թիվն հասնում է 28,000 և 60,000-ի:
«Առաջընթաց նկատվել է, սակայն ամեն օր ավելի քան 1000 մեկ օրական երեխաներ Հնդկաստանում, Բանգլադեշում և Պակիստանում մահանում են կանխարգելման ենթական պատճառներից»,-ասել է բարեգործական կազմակերպության տարածաշրջանային տնօրեն Մայք Նովելը:
Նրա կարծիքով մահացության պատճառներն են ծննդաբերության ընթացքում առաջացած բարդությունները և ինֆեկցիաները:
Բանտարկյալը փախուստի է դիմել ռուսական բանտից
Երեքշաբթի մոսկովյան անառիկ բանտերից մեկից երկու սպանության մեղադրանքներով ազատազրկված բանտարկյալը փախուստի է դիմել` անցք բացելով իր բանտախցի առաստաղի վրա:
Սա «Матросская Тишина»-ից երկու տասնամյակի մեջ տեղի ունեցած չորրորդ փախուստն է, տեղեկացրել է РИА Новости-ն:
Բանտարկյալը տանիք բարձրանալուց հետո անցել է գլխավոր ցանկապատը և հայտնվել ազատության մեջ:
Դեռևս հայտնի չէ` ինչ է բանտարկյալ Տոպալովն օգտագործել առաստաղին անցք բացելու համար: Բանտախցերը պարբերաբար ստուգումների են ենթարկվում, հետևաբար սուր գործիքների առկայությունը բացառվում է: Միակ տարբերակը գդալով փորելն է:
Փախուստից հետո բանտային ֆեդերալ ծառայությունը տարածել է 33-ամյա Տոպալովի դիմանկարը:
Ադրբեջանում համաներումը չի տարածվել քաղբանտարկյալների վրա
Ադրբեջանի Միլի մեջլիսը (խորհրդարան) այսօր՝ մայիսի 7-ին, համաներման մասին ակտ է ընդունել, որի հեղինակը Ադրբեջանի առաջին տիկին, մեջլիսի պատգամավոր Մեհրիբան Ալիևան է: Այս համաներումն արվում է Ադրբեջանի 3-րդ նախագահ Հեյդար Ալիևի 90-ամյակի կապակցությամբ:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Contact.az” կայքը, ակտը տարածվելու է 9 հազար դատապարտայլի վրա, որից 2 հազարը ազատ կարձակվի:
Սակայն մի շարք իրավապաշտպաններ և փաստաբաններ հիասթափված են համաներումից, քանի որ դրանով քաղբանտարկյալների հարցը չի լուծվելու:
Այս համաներումը, ինչպես 2007թ.-ինը և 2009թ.-ինը, հետաքննության փուլում գտնվող կամ արդեն դատարանի առջև կանգնած անձնաց վրա չի տարածվում:
Բացի այդ այն չի ընդգրկում նաև այն հոդվածները, համաձայն որոնց դատապարտվել են քաղաքական, քաղաքացիական, կրոնական ակտիվիստներն ու լրագրողները:
Ես դեռ կպարեմ ձեր թաղումներին. հերցոգուհի Ալբա
Հերցոգուհի Ալբան հրատարակել է իր “Ին՞չ սովորեցրեց ինձ կյանքը” ինքնակենսագրական ալբոմը: 87-ամյա իսպանուհին, որը աշխարհի ամենատիտղոսավոր կինն է, պատմել է իր երկար ու պայծառ ճակատագրի վայրիվերումների մասին, գրում է The Daily Mail-ը:
Ուինստոն Չերչիլի և արքայադուստր Դիանայի ազգականուհին` Եվրոպայի ամենահարուստ կինը, Իսպանիայի ամենահայտնի տոհմերից մեկի 14-րդ ժառանգն է: Նա ունի հսկայական կալվածքներ ու պալատներ, որոնցից ամենահայտնին մադրիդյան Լիրիա նստավայրն է:
Ալբայի տներում հավաքված են Ռուբենսի, Ռեմբրանդի, Գոյայի և Վան դեյկի վրձիններին պատկանող եզակի կտավներ: Բացի այդ, նա ունի 1430թ. տպված եզակի աստվածաշունչ: Էքսցենտրիկ ազնվականուհին յոթ անգամ հերցոգուհու, 19 կոմսուհու և 23 մարկիզուհու տիտղոս է ստացել Եվրոպայի բոլոր թագավորական տներից:
Իր գրքում հերցոգուհին նշել է , որ իր անցյալը հագեցած էր, բայց “ոչ լրիվ պարզ”: Նրա կյանքի ծանրագույն տարիները եղել են քաղաքացիական և երկրորդ համաշխարհային պատերազմի տարիները, երբ ինքը ընդամենը 10 տարեկան էր: Այնուամենայինիվ, իսպանուհին ընդունել է, որ իր համար ամենաբարդ հանձնարարականը եղել է հայրական տան վերականգնումը, որը լիովին ոչնչացված էր ռմբակոծումներից:
Ալբան համարվել է Եվրոպայի ամենագեղեցիկ կանանցից մեկը, բայց վերջերս նրա արտաքինը շատ են քննադատում նրա` պլաստիկ վիրաբուժությամբ տարվելու պատճառով: Արիստոկրատուհին չի մեկնաբանում իր վիրահատությունների շուրջ ծավալված վեճերը , բայց պատմում է, թե ինչպես է մուսա դարձել Պիկասոյի համար : “Ես երբեք չեմ հանդիպել Պիկասոյի հետ, նրա առաջարկության մասին ինձ պատմել է մի տորեադոր”,- անկեղծացել է Ալբան: Նա ասել է, որ չի ափսոսոում , որ նկարչի մոդելը չի դարձել: Նրա կարծիքով` բնորդուհի լինելը “հիմարություն է և ձանձրալի”:
Ինքնակեսագրականը փաստեր է պարունակում Ալբայի ամուսնությունների մասին, որի ընտանեկան կյանքը հատուկ ուշադրության կենտրոնում է եղել: Նրա առաջին ամուսինը ռազմածովային սպա էր` Դոն Պեդրո Լուիս Մարտինեսը: Ասում են, որ հասարակությունն այդ ամուսնությունով ավելի շատ հետաքրքրվեց քան բրիտանական թագուհու`Եղիսաբեթ II-ի ամուսնությամբ: Հանդիսությունը կայացել է 1947թ. հոկտեմբերի 12-ին: Ալբան հագել էր ժանյակավոր զգեստ, որն, ըստ որոշ լուրերի, ոգևորել է Alexander McQueen ապրանքանիշին ստեղծելու Քեյթ Միդլթոնի հարսանեկան զգեստը: Հերցոգուհին և նրա ամուսինը երջանիկ անմուսիններ էին և ունեցան վեց երեխա: 1972թ. Մարտինեսը վախճանվեց:
1978 թ. Ալբան ցնցեց հասարակությանը` ամուսնանալով կարգալույծ ճիզվիտ քահանա, իր նախկին խոստովանահայր Հեսուս Ագիրե -ի-Օրտիս դե Սարատեի հետ : Նա մահացավ 2001թ.: 2011 թ. հերցոգուհին նորից ամուսնացավ : Նրա ընտրյալը Ալֆոնսո անունով մի պաշտոնյա էր, որը հարսնացուից 24 տարի փոքր էր: Քանի որ ազգականները դեմ էին այդ անհավասար ամուսնությանը, արիստոկրատուհին հրաժարվեց իր կարողության մի մասից, ինչը մեծ արձագանք առաջացրեց:
“Խոստովանում եմ, որ ես ուզում եմ միայն ապրել,-ասում է Ալբան:-Ես հրճվում եմ մարդկանց դեմքի արտահայտությունից, երբ ուշադիր նայում եմ նրանց և ասում `Ես կպարեմ ձեր թաղմանը»:
Ավստրալիայում յոթ ամսական երեխան ջրային դահուկներ էր վարում
YouTube-ի նոր հիթ է դարձել մի հոլովակ, որի գլխավոր հերոսը Ավստրալիայի Կվինսլենդ նահանգի յոթ ամսական բնակիչն է: GoPro փոքրիկ նկարահանող սարքը նկարահանել է երջանիկ երեխայի առաջին փորձը ջրային դահուկների վրա:
Տղայի մայրը պատմել է, որ փորձերը տեղի են ունեցել Դայեր լճի ափին : “Մեր տղան`Ռայդերը, սովորում է վարել ջրային դահուկներ,-գրել է նա:-Պետք է ընդգծեմ, որ նա նավակին կապված չի եղել, ուղակի մենք նրան տարել էինք ծանծաղուտ”:
Տամարա Բլեյրը նշել է, ինքն ու ամուսինը ցրտերի պատճառով ժամանակավորապես դադարեցրել են փորձերը: Այնուամենայնիվ, նա վստահեցրել է, որ Ռայդերը նորից ջուր կվերադառնա հաջորդ սեզոնի սկզբին: Չի բացառվում, որ այդ ժամանակ ավելի ամրացած տղային կքաշի նավակը, այլ ոչ թե ծնողները:
Տեսահոլովակի մեկնաբանություններում որոշ օգտագործողներ քննադատում էին ավստրալացիներին անհոգության համար: Սակայն օգտագործողների մեծ մասին տեսանյութը դուր է եկել: Այս նյութի հրապարակման պահին Ռայդերի արկածները դիտողների թիվն անցել էր 97 հազարը:
“Ես ինքս պապիկ եմ, և ինձ թվում է, որ երեխան իսկապես հաճույք է ստանում: Շատ ծնողներ իսկապես վտանգի են ենթարկում իրենց երեխաների կյանքը, բայց սա այդ դեպքը չէ: Համենայն դեպս, այս մարդիկ իրենց որդու հետ ուրախ ժամանակ են անցկացնում: Դա հիանալի է”:-գրել էր մեկնաբանողներից մեկը:
Իլհամ Ալիևը հերթական անհեթեթ մտքերն է արտահայտել Հարավկովկասյան համաժողովի ժամանակ
Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող հակամարտությունը լուրջ վտանգ է ներկայացնում տարածաշրջանի խաղաղության և կայունության համար, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում մեկնարկած Հարավկովկասյան համաժողովի ժամանակ:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, Ալիևը իր ելույթում ընդգծել է, որ Ադրբեջանը ձգտում է ԼՂ հիմնախնդիրը լուծել միջազգային իրավական նորմերի շրջանակում: “Մենք ցանկանում ենք մեր բռնազավթված տարածքներն ազատագրել միջազգային իրավունքի նորմերի շրջանակում: Մենք շարունակում ենք տնտեսական և քաղաքական բարեփոխումները: Այնպես որ, որքան ուժեղ լինենք, այնքան շուտ կկարողանանք լուծել հիմնախնդիրը”,-ասել է Ալիևը:
Ադրբեջանի նախագահը անդրադարձել է նաև վրաց-ադրբեջանական հարաբերություններին` նշելով, որ “դրանք հարավկովկասյան տարածաշրջանում համագործակցության լավագույն օրինակ են”: “Ցավոք սրտի, Հարավային Կովկասի երրորդ երկրի՝ Հայաստանի հետ մեր հարաբերությունները լարված են: Որպեսզի այդ հարաբերությունները կարգավորվեն, Հայաստանը պետք է դադարի բռնազավթիչ քաղաքականություն վարել”,-նշել է նա:
Հարավկովկասյան համաժողովը մեկնարկել է այսօր Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում: Միջոցառմանը մասնակցում են մոտ 400 փորձագետներ աշխարհի 70 երկրից, պետությունների և կառավարությունների նախկին և ներկա ղեկավարներ:
Համաժողովին մասնակցելու նպատակով Ադրբեջան է ժամանել նաև Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:
Կենդանի է մնում ուժեղագույնը
Շնաձկան ձագերը դեռևս մոր արգանդում են խժռում միմյանց: “Կենդանի է մնում ուժեղագույնը” արտահայտությունը հայտնի է դեռևս Սպարտայի ժամանակներից ու հետագայում դարձել է Դարվինի տեսության հիմքը:
Վագրաշնաձկան ձագերը առաջնորդվում են հենց այդ սկզբունքով մինչ լույս աշխարհ գալը: Առաջնածին շնաձուկ սաղմը մոր արգանդում խժռում է մնացած քույր-եղբայրներին: Արդյունքում ստացվում է, որ շնաձուկն ունենում է ընդամենը 2 ձագ ,այն էլ այն բանի շնորհիվ, որ երկու արգանդ ունի:
Նման եզրահանգման են եկել մասնագետները` ուսումնասիրելով 15 հղի շնաձկների, որոնցից յուրաքանչուրն ուներ մինչև 9 “ձու”: Առաջին սաղմը խժռել էր մնացածին:
Մի հետաքրքիր փաստ էլ հաջողվեց պարզել. 60%-ի մոտ երկու առաջնեկներն էլ նույն հորից են, այն դեպքում, որ էգը հարաբերվել է մի քանի արուների հետ: Գիտնականները կարծում են, որ սաղմային կաննիբալիզմը նպաստում է կենդանի մնացած սաղմի աչքի ու ատամների արագ ու ակտիվ զարգացմանը:
Ֆիլիպիններում հրաբխի ժայթքման հետևանքով 5 լեռնագնաց է զոհվել
Ֆիլիպիններում Մայոն հրաբխի ժայթքան պատճառով առնվազն 5 լեռնագնաց է զոհվել: Մայոնը տարածաշրջանի ամենաակտիվ հրաբուխն է: Այն մոխրասյուն ու լենապար է արտաժայթքել: Այդ պահին լեռան ստորոտում 20 լեռնագնաց կար: Տեղի իշխանությունների տվ յալներով, 7 մարդ վիրավոր է:
Զբոսաշրջիկների մի խումբ էլ, որը դեպի հրաբուխ վերելք էր կատարում, հայտնվել է խարանից ոչ հեռու շրջափակման մեջ: Նրանց օգնության է հասել փրկարաների խումբը:
Չինական ավիաուղիներում առնետի միս են մատուցել
Ռուսաստան – Չինաստան ավիաուղու ինքնաթիռներում ուղևորներին տավարի ու ոչխարի մսի փոխարեն ուղևորներին առնետի ու աղվեսի միս են հրամցրել:
ՉԺՀ-ի հասարակական անվտանգության նախարարությունը բացահայտել է, որ մթերքը ներկայացվել է տավարի ու ոչխարի մսից կիապատրաստվածքների տեսքով: Մասնագետները կասեցրել են այդ մթերքի տարածումը:
“Նախարարության տվյալներով, հունվարի վերջից մինչ օրս գրանցվել է 382 դեպք, առգրավվել է 20 տ նման արտադրանք”,հայտնել է աղբյուրը:
Առնետի ու աղվեսի միսը վնասակար է առողջությանը.դրանում կարող են լինել կատաղության , ժանտախտի, տուլյարեմիայի, տիֆի, սալմոնելոզի ու լեպտոսպիրոզի մանրէներ:
Իրանում 5 ադրբեջանցի ազատազրկման է դատապարտվել
Իրանի Թավրիզ քաղաքի շրջանային դատարանը “Հարավային Ադրբեջանի ազգային զարթոնքի շարժում” կազմակերպության առաջնորդ Լյատիֆ Հասանիին և նրա չորս զինակիցներին 9-ական տարվա ազատազրկման է դատապարտել:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Haqqin.az” կայքը, ադրբեջանցիները մեղավոր են ճանաչվել ապօրինի խմբավորում ստեղծելու և Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ուղղված քարոզչություն իրականացնելու համար:
“Հարավային Ադրբեջանի ազգային զարթոնքի շարժում” կազմակերպությունը ստեղծվել է 1995թ-ին: Այն պայքարում է այսպես կոչված Միավորված ադրբեջանական պետություն ստեղծելու համար, որի մեջ, ըստ իրենց, ընդրգկվելու են Հյուսիսային Ադրբեջանը (ներկայիս Ադրբեջանի Հանրապետությունը) և այսպես կոչված Հարավային Ադրբեջանը (Իրանի Ատրպատական նահանգ):
