Մեծ Բրիտանիայում թույլ տեսնողների համար ստեղծել են 3D-ակնոցներ

1183-390x290Օքսֆորդի համալսարանի աշխատակիցները ստեղծել են 3D-խցիկով ակնոց, որը միոպիայով մարդկանց թույլ կտա կողմնորոշվել տարածության մեջ, հաղորդում է Русская служба ВВС:

Գիտնականների խոսքով, պատկերներն ավելի հստակ ու վառ գույներ են ստանում այդ սարքավորման օգնությամբ:  Իրական ժամանակում դրանք տեղափոխվում են նոութբուք ու հետ են դառնում: Այս նորույթի հեղինակները խստովանում են, որ լեփթոփով տեղաշարժը սահմանափակում է  շարժումը:

Նրանք պլանավորում են, որ այն կունենա սովորական ակնոցի չափսեր իսկ արժեքը մոտավորապես միջին բջջային հեռախոսին համարժեք կլինի:

Անկախ

Սերգեյ Լավրովը մեկնում է Ադրբեջան

լավրովՀունիսի 17-ին Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը երկօրյա պաշտոնական այցով կգտնվի  Ադրբեջանում, հաղորդում է “Հագին” կայքը:

Այցի շրջանակներում նախատեսվում է Լավրովի հանդիպումները Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի և նախագահ Իլհամ Ալիևի հետ: Սա արդեն ընթացիկ տարվում արտգործնախարարների չորրորդ հանդիպումն է:

Լավրովն իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ  կարծիքներ կփոխանակի տարածաշրջանային և միջազգային օրակարգի հիմնական խնդիրների շուրջ: Օրակարգում է նաև  Լեռնային Ղարաբաղի հարցի քննարկումը:

 

Եվրոպան պատրաստվում է առաջին համաշխարհային պատերազմի, իսկ Հայաստանը ցեղասպանության 100-րդ տարելիցը նշելու համար

100

– Զգացմունքային առումով Հայոց ցեղասպանությունը մեծ և խուլ ցավ է ինձ համար: Այլևս չկան հայկական այն հանճարեղ եկեղեցիներն ու տաճարները, չկան նաև նրանք` հայերը, նրանց բարբառը, պարը և այլն: Դա բարոյական և նյութական հսկայական կորուստ է ոչ միայն հայերի, այլև ամբողջ աշխարհի համար: 1940-1945 թթ. հրեաների և հայերի հետ միասին մահացան նաև հույներ, գնչուներ, իսկ այդ սպանդի մտածելակերպը մինչ օրս չի վերանում: Ուստի Ցեղասպանության ճանաչումը ինձ համար լակմուսի թուղթ է, որը ցույց է տալիս՝ մարդկությունը հասե՞լ է այն կետին, որից հետո այլևս չկա վերադարձ,- մեզ հետ զրույցում ասաց Ռումինիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Համլետ Գասպարյանը:
– Պարոն Գասպարյան, Եվրոպայում նշում են Առաջին համաշխարհային պատերազմի 100-րդ տարելիցը, իսկ աշխարհի հայերը՝ Ցեղասպանության: Որևէ կապ տեսնո՞ւմ եք:
– Ուղիղ կապ կա: Հայ ժողովուրդը շատ է տառապել այդ պատերազմի պատճառով: Առաջին համաշխարհային պատերազմում մահացածների թիվը մինչ օրս հստակ չէ: Քաղաքական գործիչ, գրող Վարուժան Ոսկանյանն իր «Շշուկների մատյան» գրքում նշել է, որ պատմությունը գրում են հաղթողները, ոչ պարտվողները, իսկ այդ լռության բացատրությունը կարելի է գտնել այդ ժամանակահատվածի միջազգային քաղաքական իրադարձություններում: Օսմանյան Թուրքիան Առաջին համաշխարհայինի հաղթողներից է, իսկ նոյեմբերին, ըստ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի, գծվել է հայ-թուրքական սահմանը և Հայաստանին ապահովել Սև ծովի ելք: Սակայն այդ ամենը մնաց թղթի վրա: Պատերազմի ժամանակ Օսմանյան Թուրքիայի տիրապետության տակ գտնվող հայկական պատմական հողերը լիովին դատարկվել էին, բայց 1923 թ. Լոզանի պայմանագրից հետո Հայաստանի վերաբերյալ հոդվածը ոչնչացվել է, իսկ 1920 թ. նոյեմբերին Հայաստանի մյուս կեսը սովետականացվել է:
– Ի՞նչ է անում հայկական սփյուռքն այդ լռությունը կոտրելու համար:
– Ասեմ, որ հայկական սփյուռքը շատ արագ ոտքի կանգնեց, սակայն շատ հարցեր բաց մնացին: Այսօր Հայաստանին սպառնում են, մինչդեռ վերջին 20 տարիների ընթացքում Հայաստանը փորձում է միջազգային հանրության ուշադրությունը գրավել՝ հիշեցնելով Ցեղասպանության մասին և փորձում է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորել:
– Եթե Թուրքիան չհամաձայնի, ինչպե՞ս պետք է Հայաստանը լուծի այդ հիմնախնդիրը:
– Խնդիրը միայն Թուրքիան չէ, թեպետ այնտեղ Ցեղասպանության տաբուն արդեն սկսել է ճաք տալ, հատկապես` վերլուծաբանների, լրագրողների շրջանակներում և համալսարաններում: Այսօրվա քաղաքացիական հասարակության մեջ բացեիբաց խոսվում է թուրքական պետության պատասխանատվության մասին: Հիշենք, որ 1915 թ. թուրքերն ու քրդերը, վտանգելով իրենց կյանքը, բազում հայերի են փրկել, սակայն որոշ թուրքեր այլ կերպ են մտածում: Տեղի են ունենում քաղաքական փոփոխություններ, Թուրքիայից ի հայտ են գալիս թաքնված հայերի կամ իսլամացված հայերի խմբեր, որոնք սկսում են պաշտպանել իրենց ինքնությունն ու իրավունքները: Ուստի, Թուրքիայի կառավարությունը, սեփական ժողովրդի ճշնման ներքո, պետք է ազատագրվի անցյալի մթագնած ու տխուր հիշողություններից՝ վերանայելով հայերի նկատմամբ ողջ պատմությունը: Երկրորդ ուղին այդ երկու պետությունների միջև երկխոսությունն է: Հայերս չենք կորցնում այդ հույսը, որ մի օր Թուրքիան կփոխի իր վերաբերմունքն այդ կնճռոտ հարցում: Եվ, վերջապես, երրորդ ուղին միջազգային հանրության ակտիվ դերակատարությունն է: Եթե Թուրքիան և Հայաստանը դնենք կշեռքին, ապա քաղաքական կամ պրագմատիկ տեսանկյունից կշեռքի նժարները կթեքվեն Թուրքիայի կողմը: Նույնը վերաբերում է միջազգային կառույցներին: Ինչ վերաբերում է միջազգային կարծիքին, ապա այն մեծ մասամբ չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը:

 Ելենա Չոբանյան

Փաստեր մթերքների պիտանելիության ժամկետների մասին

կետչուպԻնչ գիտենք մթերքների ու որոշ ապրանքատեսակների պիտանելիության ժամկետների մասին: Գիտենք թերևս, որ որոշ մթերքներում օգտակար հատկությունները պահպանվում են ամիսներ, իսկ մյուսներում օրեր կամ էլ` ժամեր:

Կետչուպն, օրինակ շիշը բացելուց հետո պիտանի է 4-6 ամիս:

Հոտազերծիչ դեզոդորանտը` 2 տարի:

Տանը պաշարած բրինձն օգտագործման համար պիտանի է 2 տարի:

մարտկոցՄարտկոցների պիտանելիության ժամկետը 7 տարի է:

Օճառը կարելի է պահել 3 տարի:

Սառնարանում տոբասկո թանձրահյութը կարելի է պահել մինչև 5 տարի:

Մեղրը փչացող մթերք չէ, ուստի պահպանման ժամկետն անսահմանափակ է:

Աման լվալու միջոցների պիտանելիության ժամկետը 1 տարի է:

Շարժիչի յուղը փակ ամանի մեջ կարելի է 2-5 տարի պահել, իսկ բացած վիճակում` 3 ամիս:

Գետնանուշի կրեմը կարելի է պահել 9 ամիս:

Բերանի խոռոչը ողողելու միջոցները` մինչև 3 տարի:

Սպիտակեղենի սպիտակեցնող միջոցները` մինչև 6 ամիս:

Զեյթունն ապակյա փակ տարայի մեջ կարելի է պահել մինչև 3 տարի, իսկ բացելուց հետո` 3 ամիս:

Պահածոյացված վարունգը փակած բանկայով կարելի է մինչև 1,5 տարի պահել:

Սափրվելու փրփուրը պիտանի է մինչև 2 տարի:

Մազերի լաքի պիտանելիության ժամկետը 2-3 տարի է: fishki.net

Անկախ

Հայտնաբերվել է անձը չպարզված քաղաքացու դի (լրացված)

լարսՀունիսի 16-ին, ժամը 09.50-ին գտնվել է անձը չպարզված քաղաքացու դի:

***

Հունիսի 14-ի ժամը 14.00-ի սահմաններում տեղեկատվություն է ստացվել, որ Լարս ավտոճանապարհը բաց է:

***

Հիշեցնենք, որ մայիսի 27-ին, ժամը 14.43-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ Լարսում տեղի ունեցած փլվածքի հետևանքով անհայտ կորածները եղել են 8-ը, որից 1-ի դին, ով հանդիսացել է Հարավային Օսեթիայի քաղաքացի, հայտնաբերել են տեղի հիվանդանոցներից մեկում, իսկ մնացած 7-ից 2-ինը հայտնաբերել են այսօր՝ անճանաչելի վիճակում: Կորածների մեջ են նաև ազգությամբ հայեր, ՌԴ քաղաքացիներ Կարպո Պողոսովը (ծնվ. 1957թ.) և Գեորգի Գևորգովը, որոնց մասին տեղեկություն դեռևս չկա:

***

Մայիսի 18-ին, Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` աղետի գոտուց անվտանգ տարածք են տեղափոխվել ՀՀ  11 քաղաքացի (քաղաքացիները չեն տուժել).

1. Գեղամ Ասենյան                 (ծնվ. 1992 թ.)
2. Հովհաննես Իրիսյան         (ծնվ. 1977 թ.)
3. Տիգրան Գասպարյան         (ծնվ. 1985 թ.)
4. Հարութ Հարությունյան     (ծնվ. 1987 թ.)
5. Էրիկ Մաթևոսյան               (ծնվ. 12.11.2012 թ.)
6. Գոռ Նազարյան                    (ծնվ. 02.08.1982 թ.)
7. Կարեն Ղազարյան               (ծնվ. 24.06.1967 թ.)
8. Քրիստինե Խաչատրյան      (ծնվ. 07.07.1982 թ.)
9. Լիդա Աթոյան                        (ծնվ. 28.09.1986 թ.)
10. Հովհաննես Խաչատրյան  (ծնվ. 06.06.2001թ.)
11. Նարեկ Խաչատրյան           (ծնվ. 30.12.2004 թ.)

 

Հիշեցնենք, որ մայիսի 17-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն էր ստացվել, որ ժամը 09.20-ին Գվելեթի-Դարիալ (Ներքին Լարս) ավտոճանապարհի միջնամասում՝ Թերեք գետի ափին, տեղի է ունեցել փլվածք, որի չափերն են՝ 150 մ երկարություն, 60-70 մ լայնություն և 30-40 մ բարձրություն:

Թուրքիայում Էրջիյեսի համալսարանը 4 հայագետ է ավարտել

unnamed (2)Թուրքիայի Կայսերի քաղաքի Էրջիյես համալսարանի Գրականության ֆակուլտետի Հայոց լեզու և գրականություն բաժինը այս տարի 4 շրջանավարտ է տվել: Համալսարանում դիպլոմների հանձնման արարողությանը մասնակցել են նրանցից երկուսը: Վերջիններս գրավել են ներկաների ուշադրությունը, քանի որ մյուս բաժիների շրջանավարտները արարողությանը ներկայացել են բազմամարդ խմբերով: Այսպիսով Էրջիյեսի համալսարանի հայագիտության բաժինը շնորհավորել և ճանապարհել է իր առաջին շրջանավարտներին:

Անկախ

Ո՞վ է Թայիփ Էրդողանի հետ պայքարելու Թուրքիայի նախագահի պաշտոնի համար

 Էքմելադդին Իհսանօղլու  Թուրքիայի երկու հիմնական ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական և Ազգայնական շարժում կուսակցությունները որոշում են կայացրել օգոստոս ամսին կայանալիք նախագահական ընտրություններում միասնական թեկնածու առաջադրելու հարցի շուրջ: Այսպես իշխող ԱԶ կուսակցության հավանական թեկնածուն ներկայիս վարչապետ Թայիփ Էրդողանի հետ կպայքարի Էքմելադդին Իհսանօղլուն: «Հարգանքով և երախտագիտությամբ եմ ընդունում ԺՀԿ-ի և ԱՇԿ-ի միասնական որոշումը: Ինձ համար մեծ պատիվ է լինել այս փոխզիջման կենտրոնում: Անկասկած այս համաձայնությունը կարևոր մի քայլ է մեր երկրի խաղաղությունն ու ամրապնդումը ապահովելու համար»,-նշել է Իհսանօղլուն իր թեկնածության առաջադրման մասին հայտարարությունից հետո:

Նշենք, որ 70-ամյա Էքմելադդին Իհսանօղլուն 2005-2014 թվականներին գլխավորել է Իսլամական համագործակցություն կազմակերպությունը: Թուրքիայի նախագահի թեկնածուն հայտնի է իր գիտական աշխատություններով և աշխարհի մի շարք հեղինակավոր բուհերի կողմից ստացված պարգևներով:

Մուսուլում եւ Քեսաբում կայծակնային արագությամբ արձանագրվող գործընթացներ

Շահան ԳանտահարյանՔեսաբի շրջանի նկատմամբ իրականացված գործողությունների ընթացքը, կշռույթն ու ձեռք բերված արդյունքների անմիջականությունը մի քանի երեւույթների մասին մտածել է տալիս։

Նախ, իհարկե այն, որ ներխուժման արագությամբ տեղի ունեցավ նաեւ գրավող տարրերի նահանջը կամ փախուստը: Եթե ժամանակին  բանակային ուժերի դիմադրություն չարձանագրվեց, այս դեպքում էլ միեւնույն պատկերը կրկնվեց հակառակ կողմի համար:

Տարբեր խնդիր, որ մարտի 21-ից հետո ստեղծված կացության մեջ բազմաթիվ անգամ սիրիական պետական լրատվամիջոցները այն տպավորությունը թողեցին, որ սիրիական բանակը որոշ հենակետեր գրավելով նախապատրաստվում է հարձակման մեծ գործողության՝ Քեսաբին վերատիրանալու համար: Սակայն, նկատելի տեղաշարժեր չէին արձանագրվում, փոխանցելով այն համոզումը, որ Քեսաբի ուղղությամբ ռազմական հիմնական գործողությունը հետաձգվում էր:

Ռազմական գործողությունների հետաձգումը կարող է ոչ միայն ռազմագիտական եւ ռազմավարական պատճառներ ունենալ: Խոսքը վերաբերում է քաղաքական գործընթացների այս կամ այն պահի ընտրության հրամայականին:

Մինչ այդ, պարզ դարձավ, որ Քեսաբի ժողովրդի տարհանումը Մոսկվայի համար առավելագույն լուսարձակներ բացելու առիթ էր  եւ այն լիարժեք օգտագործելը բխում էր տվյալ պետության կողմից տեղեկատվական պատերազմի  ամրագրած օրինաչափություններից: Ավելի ճիշտ, ապատեղեկատվության լայնածիր դրսեւորումներից: Եւ ինչպես որ Քեսաբ ներխուժման գործողությունը 0 ժամի ճշտման քաղաքական բացատրությունն ուներ, այս դեպքում՝ վերատիրացումը եւս: Ժամանակ էր պետք, որպեսզի Ուկրաինա-Ղրիմից միջազգային ուշադրությունը անցներ դեպի Քեսաբ, իբրեւ հակակշիռ երեւույթ-գործողություն: Միջազգային ընտանիքի եւ հանրության դիտարկման տրամաբանությամբ՝ ռուսական տարածքից Ղրիմ հասած ուժերի դիմաց, թուրքական տարածքներից Սիրիա ներխուժած ահաբեկիչներ:

Սակայն, Քեսաբի վերատիրացման մեծ գործողությունը ուներ այլ շարժառիթ եւս: Նույն տարրերի Իրաքում հանկարծակի աշխուժացումը եւ Իրաքի երկրորդ քաղաքի կայծակնային արագությամբ գրավումը, նախ՝ իբրեւ ձեւ եւ իրականացվող եղանակ զուգահեռներ է ուրվագծում տարածաշրջանային երկու հրատապ շրջաններում արձանագրվող գործընթացների միջեւ:

Նավթային  պաշարների տարողությունը, շրջանի քարտեզի վերագծման օրակարգի քաղաքական ուրվականը եւ քրդական գործոնի անմիջականությունը տարբեր տարողություն են ապահովում Մուսուլի դեպքերին: Սակայն, խնդիրն այս բոլորի համար օգտագործված գործիքն է, որը օգտագործողի եւ գործիքի նույնություն  է ստեղծում թե՜ Մուսուլի եւ թե՜ Քեսապի դեպքերում:

Հիմա արդեն խոսում ենք թուրքական տարածքներում արմատավորվող, այնտեղից  ֆինանսավորվող, զինվող եւ գործուղվող միջազգային ահաբեկչության այն բաղադրիչի մասին, որը  քաղաքական ժամացույցների սլաքների պահ ճշտող ժամերին աշխատում է Քեսաբում թե Մուսուլում իրականացնելու համար աշխարհաքաղաքական ուժերի գուցե ժամանակավոր ծրագրերը:

Անկարային անհրաժեշտ էր քարոզչական իմաստով Քեսաբից դեպի Թուրքիա փախուստ տվող ծայրահեղականների դիմաց կարճատեւ դրվածքով սահմանը փակել: Խաբկանքի այդ գործողությունը լուրջ կընկալվեր, եթե ծայրահեղականները շրջափակելու եւ չեզոքացնելու չհայտարարված  համակողմանի ինչ որ համաձայնություն լիներ: Այդ շրջափակումը չի եղել եւ զինյալները շուտով հասել են Ալեքսանդրետ:

Դժվար է կանխատեսել, թե նույն արագությամբ, ճշտված պահին իրաքյան իշխանությունները Մուսուլին կվերատիրանա՞ն, թե՞ ոչ: Հայկական ոսպնյակից չի վրիպում սակայն թուրքական տարածքներից ներխուժող եւ դեպի թուրքական տարածք վերաապաստանող միջազգային ահաբեկչության բաղադրատարրերի անարգել ելքն ու մուտքը Թուրքիա: Նույն տարրերն են, որոնք շատ արագ հասան Մուսուլ: Եւ եթե նույն տարրերն են, նույնն են նաեւ իրենց զինողներն ու ֆինանսավորողները:

Միջազգային ընտանիքը անզիջում պատերազմ է հայտարարել միջազգային ահաբեկչության դեմ: Սկզբունքով՝ նաեւ դրա հովանավորողների դեմ: Հատկապես՝ ներխուժման տարածքներ եւ փախուստի անցքեր տրամադրողներին:

 

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

 

Գվելեթի – Դարիալ (Ներքին Լարս) ավտոճանապարհի հիմնանորոգման համար կպահանջվի շուրջ մեկ տարի

unnamed

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության

լրատվական ծառայությունից Անկախին հայտնեցին, որ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հունիսի 14-ին մեկնեց Վրաստան՝ տեղում ծանոթանալու Գվելեթի – Դարիալ (Ներքին Լարս) ավտոճանապարհի փլուզված հատվածում կատարվող վերականգնողական աշխատանքների ընթացքին:

unnamed (1)Վրաստանի ճանապարհների շինարարության դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը փոխանցել էին, որ ճանապարհի մաքրման աշխատանքները շարունակվում են, և արվում է ամեն ինչ՝ ճանապարհը հնարավորինս շուտ՝ հունիսի 14-15-ին, բացելու ուղղությամբ: Նրանք չէին բացառում նաև նոր փլուզման վտանգը, ինչի դեպքում նախանշված ժամկետում ճանապարհը չէր բացվի:

Մինչ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը ուղևորվում էր Վրաստանի Հանրապետություն, հունիսի 14-ի կեսօրին տեղեկություն ստացվեց, որ Գվելեթի – Դարիալ ավտոճանապարհը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Վթարված հատվածում Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարար Էլգուջա Խոկրիշվիլին Գագիկ Բեգլարյանին ներկայացրեց, թե ինչ աշխատանքներ են կատարվել վթարը վերացնելու ուղղությամբ: Իրավիճակին ծանոթանալուց հետո լրագրողների հետ զրույցում Գագիկ Բեգլարյանը նշեց, որ ճանապարհը հիմնովին վերականգնման խնդիր ունի:

«Աշխատանքների ընթացքը եղել է շատ բարդ: Վրացական կողմը ներկայացրեց, որ հիմնանորոգման աշխատանքներ են կատարվելու, որոնք կտևեն շուրջ մեկ տարի: Մենք էլ առաջարկեցինք մեր մասնագիտական աջակցությունը, որպեսզի Հայաստանի համար շատ կարևոր նշանակություն ունեցող այս ճանապարհին նման իրավիճակներից փորձենք խուսափել»,- նշեց նախարարը:

Ճանապարհը թեև բացվել է, սակայն շարունակվում են ճանապարհի լայնացման աշխատանքները: Վրացի ճանապարհաշինարարների ջանքերով 18մ բարձրությամբ հողազանգվածը, որը փակել էր ճանապարհը, մաքրվել է:

Էլգուջա Խոկրիշվիլին ներկայացրեց նաև, թե կանխարգելիչ ինչ միջոցառումներ են նախատեսում իրականացնել՝ նմանատիպ աղետներից խուսափելու համար:

«Կառավարությունը մեզ հատկացրել էր 7 միլիոն լարի, որն ամբողջությամբ ուղղվել է այս աշխատանքների կատարմանը: Մենք ստեղծել ենք փորձագետների խումբ, որոնք վթարված հատվածում 24 – ժամյա դիտարկում են անցկացնում: Այս պահին ճանապարհահատվածն անվտանգ է: Այս ճանապարհը գտնվում է լեռնային բարդ գոտում, որտեղ սողանքներ ու բնական աղետներ հաճախ են լինում։ Որպեսզի նման իրավիճակներում ճանապարհն առավելագույնս պաշտպանված լինի, նախատեսում ենք հսկայածավալ մի նախագիծ իրականացնել»,- նշեց Խոկրիշվիլին։

Նա ընդգծեց, որ բացի ճանապարհը բարելավելուց, առավել վտանգավոր հատվածներում նախատեսում են թունելներ կառուցել։

Չնայած ճանապարհը բացվել էր, սակայն բեռնափոխադրող մեքենաներից մեկին թույլ չէին տալիս հատել սահմանը, քանի որ սահմանն անցնելու համար նրան հատկացված արտոնագրի ժամկետն ավարտվել էր:

Նախարար Գագիկ Բեգլարյանի միջամտությամբ հնարավոր եղավ խնդրին լուծում տալ: Մեկ ամիս շարունակ ճանապարհին մնացած մեքենան շարունակեց ճանապարհը դեպի Հայաստան:

Անկախ 

Կարգավորիչի կատակից հետո ինքնաթիռը ստիպված օդում պտույտներ է գործել

Delta planeԻնքնաթիռը ստիպված մեկ ու կես ժամ օդում պտույտներ է գործել, երբ օդային երթևեկության կարգավորիչը կատակել է, որ նա չի կարող վայրէջք կատարել:

Delta Flight 360 պատրաստվում էր վայրէջք կատարել Ատլանտայի միջազգային օդանավակայանում, երբ կարգավորիչը կատակել է, որ ինքնաթիռը չի կարող վայրէջք կատարել:

Ըստ տեղեկությունների՝ օդաչուն արդեն փոխել էր ուղղությունը և կրկին 12 կմ բարձրացել վերև:

Այնուհետև ինքնաթիռը ստիպված սկսել է պտույտներ գործել, մինչ ներքևում իրավիճակը հարթվել և ինքնաթիռը ապահով վայրէջք է կատարել:

Դաշնային ավիացիայի ներկայացուցիչը հայտնել է, որ օդաչուին և ուղևորներին դեպքի ընթացքում վտանգ չի սպառնացել՝ ավելացնելով, որ իրենք հետազոտում են օդային հաղորդակցությունը Delta 630-ի հետ:

 Անկախ

Ստամբուլում 36-ամյա ՀՀ քաղաքացի է սպանվել

spanutyun (1)    Ստամբուլի Ֆաթիհ վարչական շրջանում երեկ գիշերը 3 հոգու հետ բռնկված վեճի արդյունքում դանակահարվել է ՀՀ քաղաքացի 36-ամյա Համբարձում Հարությունյանը: Վերջինս ստացված վնասվածքների հետևանքով մահացել է: Դեպքին ականատես դարձած քաղաքացիները անմիջապես զանգահարել են շտապ օգնության ձառայություն և ոստիկանություն:

«CNN Türk»-ի հաղորդմամբ՝ Համբարձումյանի հետ է եղել նրա 11-ամյա որդին՝ Գառնիկը և ընկերը՝ 30-ամյա Մարտինը: Վերջիններս ևս տուժել են: Հանցագործների ինքնությունը առայժմ պարզված չէ, ոստիկանությունը նրանց հայտնաբերելու ուղղությամբ աշխատանքներ է տանում: Համբարձումյանի հարազատները, իմանալով տեղի ունեցած մասին, դեպքի վայր են շտապել: Նրանք ցնցված են և չեն կարողանում ուշքի գալ:

 

 Անկախ

ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն Թուրքիայում է

Շտեֆան Ֆյուլե ԵՄ ընդլայման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն գտնվում է Թուրքիայում: Սպասվում է, որ Ֆյուլեն հանդիպումներ կունենա Թուրքիայի Եվրամիության հարցերով նախարար, ԵՄ անդամակցության բանակցություններում թուրքական պատվիրակության ղեկավար Մևլյութ Չավուշօղլուի, ինչպես նաև արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղի հետ:

«Անադոլու» գործակալության հաղորդմամբ՝ վաղը ԵՄ հանձնակատարը աշխատանքային հանդիպումներ կունենա Թուրքիայի ԵՄ անդամակցության թեմայի շուրջ: Կքննարկվեն երկրում դատական համակարգի և մարդու հիմնարար իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր: Այնուհետև Ֆյուլեն և Չավուշօղլուն կհանդիպեն հկ-ների ներկայացուցիչների հետ:

Անկախ

«Իմ ամուսինը աշխարհի ամենալավ հայրն է». Քիմ Քարդաշյան

925915_326949310795276_255293267_nՀունիսի 15-ը Քիմ Քարդաշյանի համար յուրահատուկ օր էր: Այդպես է նշել կրակոտ մայրը թվիթերյան իր էջում:

Օրը հիանալի էր ոչ միայն նրա համար, որ ԱՄՆ-ում հայրերի տոնն էր, այլ որ նրա դուստրը` Նորթն արդեն մեկ տարեկան է: Այդ հաղորդագրությունը Քիմը փակցրել է իր էջում դստեր և ամուսնու`Քանյե Ուեսթի պատվին` տեղադրելով նաև հետաքրքիր լուսանկարներ, որոնցից մեկը մեր տեսադաշտում է:

 

«Ահա, թե ինչպիսին է կյանքը: Իմ ամուսինը աշխարհի ամենալավ հայրն է: Ես հպարտ եմ, քանի որ երջանիկ մայր և կին եմ: Ծնունդդ շնորհավո´ր, իմ գեղեցիկ աղջիկ: Դու հրեշտակ ես և քեզ շատ եմ սիրում: Շնորհավոր Հայրերի տոնը, սիրելի´ս, աշխարհի ամենալավ հայրիկ: Տեսնելով, թե ինչպես ես սիրում և պաշտպանում մեր դստերը` ինձ պարուրում ես մեծ սիրով», – արտահայտվել է Քարդաշյանը:

Լուսանկարում Քարդաշյանի ամուսինն ու փոքր դուստրը մի տեսակ հոգնած, կողք կողքի պառկած են, իսկ պատճառը Քիմը փորձում է ասել.

«Մենք այնքան էինք խաղացել, որ ամուսինս ու երեխաս ուղղակի սպառվեցին», – հավելել է նա:

Եթե Ք. Քարդաշյանը դստերն անվանել է Նորդ Ուեսթ` Հյուսիս-Արևմուտք և փորձեր է կատարել երեխայի ունքերը հանել, կարելի է պատկերացնել, թե ինչպիսին էր նրանց տոնական խաղը:

 Անկախ

Բիլ Քլինթոնը վերջին 25 տարիների ԱՄՆ-ի ամենահարգված նախագահն է

Bill ClintonՆոր հարցումների արդյունքները ցույց են տալիս, որ Բիլ Քլինթոնը վերջին 25 տարիների ամենահարգված նախագահն է:

Wall Street Journal-ի հրապարակած տվյալներով՝ հարցվածների 42 տոկոսը Քլինթոնին  համարել է ամենահարգված նախագահը:

Բարաք Օբաման հավաքել է 18 տոկոս ձայն, Ջորջ Բուշ Կրտսերը՝ 17 տոկոս, իսկ Ջորջ Հերբերտ Ուոքեր Բուշը՝ 16 տոկոս:

Վերոնշյալ հարցումներին մասնակցել է 1,238 մարդ:

Wall Street Journal-ը նշում է, որ հարցումների արդյունքերը ցույց են տալիս, թե ինչքան շատ են աշխատել Քլինթոններն  իրենց անունը մաքրելու համար:

Սա վկայում է այն մասին, որ այս պահին Քլինթոնները Ամերիկայի ամենահայտնի քաղաքական գործիչներն են:

Հարցվածների 55 տոկոսը հայտնել է նաև, որ 2016թ-ի նախագահական ընտրություններում կքվեարկեն Հիլարի Քլինթոնի օգտին:

 

ՆԱՏՕ-ն նոր ռազմավարության կարիք ունի. Ահմեդ Դավութօղլու

Ահմեդ ԴավութօղլուԹուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն վերափոխման կարիք ունի: Նա նշել է, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակը, Բալկանյան երկրների անդամագրումը ՆԱՏՕ-ին, Արաբական գարնանից հետո Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում տեղի ունեցած զարգացումները թույլ են տալիս պնդելու, որ ՆԱՏՕ-ն պետք է ռազմավարական նոր հայեցակարգ մշակի, որը Դաշինքին թույլ կտա աշխատելու ավելի արդյունավետ:

Անկախ

Նաչիրվան Բարզանին Մոսուլի հարցով օգնություն է ակնկալում Իրանից և Թուրքիայից

Նաչիրվան ԲարզանիԻնչպես հայտնի է, «Իրաքի և Շամի իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալները գրավել են Մոսուլ քաղաքը՝ վտանգավոր իրավիճակ ստեղծելով ողջ տարածաշրջանի համար: Ահա Իրաքի Քրդական ինքնավարության վարչապետ Նեչիրվան Բարզանին մեկնել է Թեհրան իրանական իշխանությունների հետ Իրաքում ստեղծված դրությունը քննարկելու համար: «Հաբերլերի» հաղորդմամբ՝ Բարզանին հանդիպելու է Իրանի ազգային անվտանգության հարցով գերագույն խորհրդի ներկայացուցիչ Ալի Շեմանի հետ: Կողմերը խորհրդակցելու են, թե ինչպես է հնարավոր աջակցել Իրաքի կենտրոնական կառավարությանը ստեղծված իրավիճակից դուրս գալու համար: Իրանում անցկացրած հանդիպումներից հետո Բարզանին օգնություն ստանալու ակնկալիքով կմեկնի Թուրքիա:

Անկախ

Ռուսաստանը դադարեցրել է Ուկրաինայի գազի մատակարարումը

ukraine-russia-gasՌուսաստանի «Գազպրոմ»  ընկերությունը հայտնել է, որ պարտքի պատճառով դադարեցնում է Ուկրաինայի գազի մատակարարումը:

Ուկրաինայի, Ռուսաստանի և Եվրոպական միության ներկայացուցիչները ոչ աշխատանքային օրերի ընթացքում հանդիպել  են ճգնաժամը լուծելու համար, սակայն որևէ համաձայնության չեն հասել:

«Գազպրոմը»  հայտնում է, որ Ուկրաինայի պարտքը կազմում է 4,5 միլիարդ դոլար: Այժմ ընկերությունն  Ուկրաինային գազ կմատակարարի միայն դրա դիմաց կանխավ վճարելու դեպքում:

Երկու կողմերը նշել են, որ իրենք այդ խնդրի կապակցությամբ բողոք են ներկայացրել Ստոկհոլմի միջազգային դատարան:

Մոսկվայի և Կիևի գազային բանավեճը փակուղի է մտել երկու երկրների հարաբերությունների վատացման հետևանքով:

Եվրոպան և ԱՄՆ-ը պատժամիջոցներ են կիրառել Ռուսաստնի դեմ Ղրիմը անեքսիայի ենթարկելու համար, իսկ վերլուծաբանները Ռուսաստանին մեղադրել են գազի պաշարները որպես քաղաքական գործիք օգտագործելու մեջ:

Վերջին շաբաթների ընթացքում արևելյան Ուկրաինայում կառավարական ուժերի և ռուսամետ անջատողականների միջև կրկին բախումներ են տեղի ունեցել: Ռազմական կոնֆլիկտն  իր ազդեցությունն է ունենում գազի հարցով բանակցությունների վրա:

Եվրոպան 30%-ով կախված է ռուսական գազից, որի կեսը մատակարարվում է Ուկրաինայի տարածքով: Վերլուծաբաններն  անհանգստանում են, որ Ուկրաինային գազի մատակարարման դադարեցումը կարող է վատ անդրադառնալ եվրոպական ընկերությունների և տնային տնտեսությունների վրա:

Գազպրոմի ներկայացուցիչն  երկուշաբթի օրը հայտնել է, որ եվրոպական սպառողներին գազը մատակարարվում է պայմանագրում նշված բոլոր թվերին համապատասխան:

Քենիայում ահաբեկչական հարձակման հետևանքով զոհվել է 48 մարդ

kenya-vehicles-destroyedՔենիայի ծովափնյա քաղաքներից մեկում ծայրահեղականները ժամեր շարունակ հարձակումներ են իրականացրել՝ սպանելով այն մարդկանց, ովքեր չեն կարողացել պատասխանել մահմեդականության վերաբերյալ հարցերի կամ չեն իմացել սոմալիական լեզուն: Հարձակման ընթացքում սպանվել է 48 մարդ, հրդեհվել է երկու հյուրանոց:

Մպեկետոնիի վրա հարձակումը սկսվել է կիրակի գիշերը, մինչ քաղաքի բնակիչները հեռուստացույցով դիտում էին Աշխարհի գավաթի խաղարկության խաղերը, և շարունակվել մինչև երկուշաբթի առավոտ:

Իշխանությունները հարձակումների համար մեղադրել են ալ Շաբաբ խմբավորմանը, որը խոստացել էր ահաբեկչական հարձակումներ իրականացնել Սոմալիում Քենիայի ռազմական ներկայության համար վերժխնդիր լինելու համար:

Քենիայի ոստիկանության գլխավոր հրամանատարը հայտնել է 48 զոհերի մասին, իսկ ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ հարձակմանը մասնակցել է մի քանի տասնյակ զինյալ:

Մպեկետոնին գտնվում է զբոսաշրջության կենտրոն Լամուից 30 կմ հեռավորության վրա:

 Անկախ

Ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսը բողոքել է Ադրբեջանում առկա կոռուպցիայից և ավտորիտար ռեժիմից

4 (1)Ադրբեջանի “Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի” տնօրեն, իրավապաշտպան Լեյլա Յունուսը Բաքվում կայացած ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի սեմինարի ընթացքում բողոքի ակցիա է կազմակերպել, տեղեկացնում է “Հագին” լրատվական կայքը։

Ընդմիջման պահին Յունուսը սեմինարի արտասահմանցի մասնակիցներին տեքստ է բաժանել, իսկ նրա կողմնակիցները պարզել են պաստառ՝ “Ազատություն խղճի բանտարկյալներին” գրությամբ։

“Ի՞նչ եվրաինտեգրման և կայունության մասին եք խոսում, երբ երկրում քաղաքական ճնշումների 130 զոհ կա: Նրանցից 40-ը խղճի բանտարկյալ է, 90-ը՝քաղբանտարկյալ, այդ թվում՝ 11 լրագրսղ և 4 իրավապաշտպան”,-դիմել է Յունուսը օտարերկրյա պատվիրակներին՝ նշելով, որ Ադրբեջանում առկա կոռուպցիայի և ավտորիտար ռեժիմի պայմաններում երկիրն ապագա չունի։

“Ամեն տարի բռնությունների հետևանքով 10 մարդ է մահանում Ադրբեջանում, իսկ այդ հանցագործությունների հետևանքով որևէ մեկը պատասխան չի տալիս։ Ադրբեջանի դատական համակարգը կոռումպացված է և գտնվում է գործադիր իշխանության վերահսկողության ներքո”,-ասել է նա։

Յունուսը նշել է, որ Ալիևի ռեժիմը ոչնչացնում է ժողովրդավարության գաղափարը՝ ներկաների լուռ համաձայնությամբ։

Անկախ

 

Գլխավոր քարտուղարի ուղերձն անապատացման դեմ պայքարի համաշխարհային օրվա առթիվ

պանգի մուն«Հողը պատկանում է ապագային, եկե՛ք պաշտպանենք այն կլիմայի ազդեցությունից»Հողային ռեսուրսների դեգրադացիան, որը տեղի է ունենում կամ սաստկանում կլիմայի փոփոխության պատճառով, ոչ միայն վտանգ է կենսամիջոցների համար, այլև սպառնալիք՝ ուղղված խաղաղությանն ու կայունությանը: Նախազգուշացնող նշանները պարփակված են անասնապահությամբ ու հողագործությամբ զբաղվող՝ ավելի բերրի հողերի համար մրցակցող ֆերմերների հակամարտությունում և սակավացող ջրային ռեսուրսների համար համայնքների միջև մղվող պայքարում: Անապահովության ախտանշանները տեսանելի են պարենի համաշխարհային շուկայի անկայունության մեջ, ներքին տեղահանություններում և զանգվածային միգրացիայում:

Թեպետ հողային ռեսուրսների դեգրադացիան առանձնակի սրությամբ զգացնել է տալիս աշխարհի չորային տարածքներում, սակայն շուրջ 80 տոկոսն ի հայտ է գալիս այս տարածքներից դուրս: Ավելի քան 1,5 միլիարդ մարդ գոյատևում է դեգրադացիայի ենթարկվող հողերում, նրանց մեծ մասը՝ մանր ֆերմերներ: Կլիմայի փոփոխությունն ուղղակիորեն ազդում է նրանց արտադրողականության վրա: Շատ տարածաշրջաններում քաղցրահամ ջրի պաշարները պակասում են, բերքատու հողատարածքները՝ փոփոխվում, իսկ բերքատվությունը՝ նվազում:

Կանխատեսվում է, որ ամբողջ աշխարհում անկանխատեսելի և ծայրահեղ եղանակը էլ ավելի մեծ ազդեցություն կունենա մթերքի արտադրության վրա: Աշխարհի բնակչության աճի պայմաններում հրատապ անհրաժեշտություն է ջանքերի գործադրումը բոլոր բերքատու հողային ռեսուրսների և դրանցից կախված համայնքների դիմակայունության մեծացման ուղղությամբ: Պետք է կարողանանք կառավարել հողի կայունությունը, խուսափել հետագա դեգրադացիայից և վերականգնել ու բուժել այն, ինչ վնասվել է: Ավելի քան 2 միլիարդ հեկտար հող վերկանգնման և բուժման ներուժ ունի: Հարկ է գործողություն ձեռնարկել՝ արագացնելու այդ տարածքների վերականգնումը:

Դեգրադացիայի ենթարկվող հողային ռեսուրսների վերականգնումը բազմաթիվ օգուտներ կտա: Մենք կարող ենք կասեցնել կլիմայի փոփոխության ամենավատ ազդեցությունները, արտադրել ավելի շատ սննդամթերք և թուլացնել ռեսուրսների համար ընթացող մրցակցությունը: Կարող ենք պահպանել էկոհամակարգի կենսականորեն անհրաժեշտ գործառույթները, որոնցից է խոնավության կուտակումը, ինչը պաշտպանում է մեզ ջրհեղեղներից կամ երաշտներից: Իսկ հողերի վերականգնման համապարփակ և լայնամասշտաբ մոտեցման արդյունքում կարող են ստեղծվել նոր աշխատատեղեր, գործարար հնարավորություններ և կենսամիջոցներ, ինչը հնարավորություն կտա բնակչությանը ոչ թե սոսկ գոյատևել, այլև բարգավաճել:

Անապատացման դեմ պայքարի համաշխարհային օրվա այս տարվա թեման է՝ «Հողը պատկանում է ապագային, եկե՛ք պաշտպանենք այն կլիմայի ազդեցությունից»: Դա հնարավո՛ր է իրականացնել, ինչպես ցույց են տվել Բուրկինա Ֆասոն, Նիգերիան և Մալին, որոնք վերականգնել են ավելի քան 5 միլիոն հեկտար դեգրադացիայի ենթարկված հող: Եկե՛ք ոգեշնչվենք այս և այլ օրինակներից ու պաշտպանենք և խնամենք հողը՝ այս ու ապագա սերունդների համար: