Ձերբակալվել են Ստամբուլի հայկական եկեղեցու մոտ կրակած անձինք

surp hovhannesԻնչպես արդեն հաղորդել էինք՝ երեկ Ստամբուլի Հայոց պատրիարքարանի Սուրբ Հովհաննես եկեղեցու մոտ պատարագի ժամանակ կրակոցներ էին լսվել: Ահա «Doğan» լրատվական գործակալությունը հայտնում է, որ դեպքի առնչությամբ երկու հոգի է ձերբակալվել՝ 16 և 17 տարեկան:

Առաջ է քաշվել այն տեղեկությունը, թե ձերբակալվածներից 17 տարեկան Գ. Մ. անունով երիտասարդը հայ է: Ձերբակալվածները տեղափոխվել են ոստիկանության մանկական բաժանմունք: Հայտնի է դարձել նաև, որ ոստիկանությունը դեպքի առնչությամբ ևս մեկ անձ է ձերբակալել: 17 և 16 տարեկան մեղադրյալների տված ցուցմունքի համաձայն՝ իրենք ցանկացել են փորձարկել նոր ատրճանակը և այդ նպատակով էլ օդ են կրակել: Նրանք նշել են, որ կրակոցները եկեղեցու դեմ ուղղված հարձակում չի եղել:

Ալի Հասանովը “Freedom House”-ը համեմատել է շան հետ

1 (2)Ադրբեջանի փախվարչապետ, Փախստականների և բռնի տեղահանվածների գծով պետական կոմիտեի ղեկավար Ալի  Հասանովը ամերիկյան “Freedom House” իրավապաշտպան կազմակերպությանը մեղադրել է իրենց երկրի ներքին գործերին միջամտելու մեջ, հաղորդում է “Haqqin.az”-ը:

“Freedom House-ի զեկույցը միջամտություն է Ադրբեջանի ներքին գործերին: Բոլոր այդ գործընթացներն ուղղորդվում են մի կենտրոնի: Դրանք քաղաքական խաղեր են, որոնց ետևում կանգնած են նրանք, ովքեր չեն կարողանում հանգիստ նայել Ադրբեջանի զարգացմանը և ձեռքբերումներին: Այդ զեկույցն այն երկրների և նրանց ղեկավարների քաղաքականության բաղկացուցիչ մասն է, որոնք խանդով են վերաբերվում աշխարհում Ադրբեջանի զբաղեցրած դիրքին”,-հայտարարել է ադրբեջանցի պաշտոնյան:

Հասանովը զեկույցի առնչությամբ մի ասացվածք է հիշել: «Ադրբեջանցիները մի ասացվածք ունեն. «“Շունը հաչում է, քարավանը՝ գնում”: Ճիշտ է, ես այս ասացվածքն բառացիորեն նրանց չեմ վերագրում, այդուհանդերձ`դրանում որոշակի փիլիսոփայություն և ժողովրդական իմաստություն կա»,-ասել է նա:

Հավելենք, որ “Freedom house”-ը մայիսի 1-ին հրապարակել էր մամուլի ազատության վերաբերյալ տարեկան զեկույցը, որտեղ Ադրբեջանը ճանաչվել էր Անդրկովկասի ամենաանազատ մամուլ ունեցող երկիր:

 

 

Ադրբեջանցի հայտնի երգիչը ճանապարհային ոստիկաններին չենթարկվելու համար 10 օրով ազատազրկման է դատապարտվել

Ադրբեջանցի հայտնի երգիչը ճանապարհային ոստիկաններին չենթարկվելու հաÕԱդրբեջանցի հայտնի երգիչ Թոնար Ռահմանօղլուն ոստիկանության աշխատակցին չենթարկվելու համար ձերբակալվել է:

Ինչպես հաղորդում են արբեջանական լրատվամիջոցները, ճանապարհային ոստիկանության աշխատակիցը երթևեկության կանոնը խախտելու համար կանգնեցրել է Ռահմանօղլուի ավտոմեքենան և պահանջել է ներկայացնել մեքենայի փաստաթղթերն ու վարորդական իրավունքը: Երգիչը հրաժարվել է, քաշքշել ոստիկանին և նստելով ավտոմեքենայի մեջ` ներսից փակել դռները:

Երգիչը բերման է ենթարկվել ոստիկանանական բաժանմունք, որից հետո տեղափոխվել է դատարան: Նման պահվածքի համար դատավորը վճռել է նրան 10 օրվա ազատազրկման դատապարտել և մեկ տարով զրկել վարորդական իրավունքից:

 

Իրանում ձերբակալված ադրբեջանցի գրականագետը մեղադրվում է լրտեսության մեջ

Իրանում ձերբակալված ադրբեջանցի գրականագետը մեղադրվում է լրտեսությաÕԻրանի իշխանությունները ապրիլի 30-ին ձերբակալված ադրբեջանցի գրականագետ Խալիդա Խալիդին մեղադրում են լրտեսության մեջ, հաղորդում է ադրբեջանական “Contact.az” կայքը`վկայակոչելով իրանական պետական İRİB հեռուստաընկերության տվյալները:

Համաձայն այդ նույն աղբյուրի`Խալիդը ձերբակալվել է լրտեսություն հրահրելու և ռասիզմի համար:

Հիշեցնենք, որ ապրիլի 30-ին ձերբակալվել էին Ադրբեջանի ԳԱԱ Գրականության ինստիտուտի գիտաշխատող Խալիդա Խալիդը, նրա վարորդը, ևս 4 իրանաբնակ ադրբեջանցի ակտիվիստներ: Օրեր առաջ Ադրբեջանի արտգործնախարարությունը բողոքի նոտա էր ներկայացրել Իրանին`այդ ձերբակալությունների կապակցությամբ: Նոտայում Ադրբեջանը պահանջել է պարզաբանել քաղաքացիների ձերբակալումը և  նրանց գտնվելու վայրի մասին մոտ ժամանակում տեղեկություն տրամադրել, ինչին պաշտոնական կառույցները դեռևս չեն պատասխանել:

Բաքվում Իրանի դեսպանատունն այսօր հրաժարվել է մեկնաբանել İRİB-ի տարածած տեղեկությունը և նշել է, որ իրանական կողմը ձերբակալությունների առնչությամբ պարզաբանում տվել է մայիսի 4-ին` İSNA գործակալության հետ զրույցում, որտեղ  հայտնել էին, որ գրականագետը մեղադրվում է  “ապօրինի գործունություն ծավալելու մեջ”:

Ստամբուլի հայկական եկեղեցու մոտ կրակոցներ են եղել

gumgapiՍտամբուլի Գումգափը թաղամասում գտնվող Հայոց պատրիարքարանի եկեղեցում առավոտյան կիրակնօրյա պատարագի ժամանակ զինված հարձակում է տեղի ունեցել: Դեպքի ականատեսներից Գարո Պալյանը «Radikal»-ին հայտնել է, որ պատարագը ավարտին մոտենալու ժամանակ մի անհայտ անձ, գալով եկեղեցու մոտ, յոթ անգամ օդ է կրակել, ապա հեռացել այդտեղից: Բարեբախտաբար միջադեպի պատճառով ոչ ոք չի տուժել, սակայն եկեղեցում հավաքվածների շրջանում վախ ու խուճապ է տարածվել:
Դեպքի վայր են եկել բազմաթիվ ոստիկաններ, այդ թվում ահաբեկչության դեմ պայքարի բաժանմունքից: Ոստիկանները շրջակայքում տեղարված տեսախցիկների տեսագրության ուսունմասիրությամբ և ականատեսների վկայություններով աշխատում են պարզել հարձակում գործած անձի արտաքին տեսքը: Նախնական քննության արդյունքում պարզվել է, որ յոթ փամփուշտն էլ նույն զենքից է կրակվել:

Թուրքիայում արկածախնդիրները փչացրել են Աթաթուրքի արձանի ներքևի գրությունը

ATATURK KAIDESINDEKI YAZIYA ZARAR VERDIGI IDDIASIԹուրքիայի Բաթմանի նահանգում ոստիկանությունը մոտ 30 տարեկան երկու մարդու է ձերբակալել, որոնք երեկոյան նամազից առաջ եկել են Այդընլար մզկիթ և այրել երկու գորգ, ապա փչացրել են Հանրապետության հրապարակում գտնվող Աթաթուրքի արձանի ներքևի մասի «Երկրում խաղաղություն, աշխարհում խաղաղություն» գրությունը: Հարցաքննության ժամանակ օրինախախտները ասել են, որ նման գործողությունների են դիմել զուտ արկածախնդրությունից ելնելով:
«Doğan» լրատվական գործակալությունը հաղորդում է, որ դեպքին ականատես դարձած արհեստավորը նշել է, որ մթության մեջ կարծել է, թե արձանը վերականգնման է ենթարկվում: Սակայն այնուհետև տեսնելով մուրճ օգտագործող երիտասարդներին, սկսել է կասկածել և ոստիկանություն է հայտնել: Նշենք, որ վերոնշյալ արձանի ներքևի մասին «Երկրում խաղաղություն, աշխարհում խաղաղություն» գրությունը վերջերս փոխարինեց «Ինչ երջանկություն է թուրք լինելը» գրությանը:

 

Հրապարակվել են հետ քաշվող PKK–ի զինյալների նկարները

pkkՔրդստանի կազմակերպությունների միության ղեկավար խորհրդի նախագահ Մուրադ Քարայըլանը ապրիլի 25-ին Քանդիլում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ քուրդ զինյալների հետ քաշվելու գործընթացը կսկսվի մայիսի 8-ին: Այս հայտարարությունից հետո գյուղական շրջաններում սկսեցին երևալ PKK–ի անդամների տեղաշարժերը: Վերջիններս դուրս գալով այն քարանձավներից, որտեղ որ բնակվում էին, պատրաստվում են հետ քաշվելուն և գիշերվա մթության մեջ սկսում շարժվել դեպի սահման:

Ահա «Akşam» թերթը հաղորդում է, որ ստացվել է հետ քաշվող զինյալների առաջին նկարները, որոնցում երևում են 6-7 հոգուց բաղկացած շարժվող խմբեր, որոնք անվտանգության նկատառումներից ելնելով ընտրել են դեպի սահման տանող անտառախիտ և դժվարանցանելի գոտիներ: Հայտնի է դարձել, որ PKK–ի զինյալները ճանապարհ են ընկնում գլխավորապես գիշերով և քայլում են միջինը 9 ժամ:
Անվտանգության ծառայության ձեռք բերած մեկ այլ տեղեկության համաձայն՝ երկար տարիներ Քանդիլում մնացած PKK–ի հրամանատարներից ոմանց, որոնք այնուհետև հեռացել են խմբավորումից և տուն վերադարձել, որոշվել է հետ կանչել:

 

 

Բաքվում ոստիկանների մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել

Բաքվում ոստիկանների մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցելԵրեկ երեկոյան Ադրբեջանի Նարիմանովի շրջանում ոստիկանների և բնակիչների միջև զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Haqqin.az” կայքը, Բաքվի մետրոպոլիտենի Նարիման Նարիմանովի անվան կայարանի տարածքում զինվորական անձը փորձել է անթույլատրելի հատվածով հատել փողոցը, ինչի համար ոստիկանության աշխատակիցը կանգնեցրել և ցանկացել է ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար արձանագրություն կազմել: Զինծառայողի և ոստիկանի միջև ծեծկռտուք է սկսվել, ինչին միջամտել են քաղաքացիական անձիք:

Տուրուդմբոցի մասնակիցներից ոմանք ձերբակալվել են: Միջադեպի առնչությամբ պաշտոնական տեղեկություն չկա:

 

 

Թուրքիան և Ճապոնիան համատեղ ատոմակայան կկառուցեն

Erdogan-abeԹուրքիայի և Ճապոնիայի իշխանությունները պայմանագիր են ստորագրել Սև ծովի ափի թուրքական տարածքում 22 միլիարդ դոլար արժողությամբ ատոմային էլեկտրակայան կառուցելու մասին:

Ըստ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրա ճապոնացի գործընկեր Սինզո Աբեի միջև ստորագրված պայմանագրի` ատոմակայանի կառուցումը կվստահվի ճապոնաֆրանսիական կոնսորցիումին:

Ինչպես հաղորդում է “T24” կայքը, Թուրքիայի վարչապետ Էրդողանի և Ճապոնիայի վարչապետ Սինզո Աբեի երկկողմ հանդիպումից հետո Էրդողանը հայտարարել է նաև, որ Թուրքիայում հիմնադրվելու է Թուրք-ճապոնական տեխնիկական համալսարան:

Բաքվում հայտնաբերվել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության գնդապետի դին

Ադրբեջանի պնԱդրբեջանի մայրաքաղաք Բաքվում հայտնաբերվել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության գնդապետ  Մեհման Մուսաևի դին:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, երեկ առավոտյան գնդապետի ընտանիքի անդամները դիմել են Նիզամիի շրջանի ոստիկանություն և տեղեկացրել Մուսաևի անհետացման մասին:

Նիզամիի ոստիկանության աշխատակիցները գնդապետ-լեյտենանտ Մուսաևի դին` դաստակի երակների կտրվածքով, հայտնաբերել են Բաքվի “Շաֆա” մարզադաշտի մերձակայքում:

Նախնական տվյալներով՝ գնդապետն ինքնասպանություն է գործել, սակայն չի բացառվում նաև սպանության վարկածը:

Փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, իրականացվում է հետաքննությունը:

Ադրբեջանցի իսլամիստները կրոնական անազատության վերաբերյալ համակարծիք են ԱՄՆ Պետքարտուղարության հետ

Ադրբեջանցի իսլամիստները կրոնական անազատության վերաբերյալ համակարծիքԱդրբեջանցի իսլամիստները իրենց աջակցություն են հայտնել ԱՄՆ Պետքարտուղարության Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովի (USCIRF) վերջին զեկույցին, որում Ադրբեջանին խստորեն քննադատել են հավատցյալների իրավունքների խախտման համար:

Ինչպես հաղորդում է “Haqqin.az”-ը, Ադրբեջանի իսլամական կուսակցության փոխնախագահ Ռովշան Կոբիրլին հայտարարել է, որ զեկույցում արդար և օբյեկտիվորեն  արտացոլված են բոլոր խնդիրները, որոնց Ադրբեջանում առերսվում են հավատացյալները:
“Ադրբեջանում ոչ միայն հավատացյալների, այլև բոլոր քաղաքացիների հիմնական խնդիրը օրենքներին չհետևելն է: Կառավարությունը մի կողմից հրապարակում է մեր երկրի կողմից կրոնական ազատությունների նկատմամբ հարգանքը, մյուս կողմից՝ դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանում,  հավատացյալների նկատմամբ ռեպրեսիաներ է գործադրում”, -ասել է Կեբիրլին:
Հիշեցնենք, որ ԱՄՆ իշխանությունները այդ զեկույցում Ադրբեջանին, Աֆղանստանին, Ղազախստանին, Ռուսաստանին ընդգրկել են երկրների ցանկում, որտեղ առավել շատ են խախտվում հավատացյալների իրավունքները:

 

3 ադրբեջանցիներ ազատազրկման են դատապարտվել` “Եվրատեսիլի” նախաշեմին ահաբեկչություն նախապատրաստելու համար

3 ադրբեջանցիներ ազատազրկման են դատապարտվել` “Եվրատեսիլի” նախաշեմին-Մայիսի  3-ին Բավքի ծանր հանցագործությունների  դատարանը “Եվրատեսիլ 2012” երգի մրցույթի նախաշեմին ահաբեկչության նախապատրաստման մեջ մեղադրվող Ադրբեջանի երեք քաղաքացու դատապարտել է ազատազրկման:

Ինչպես հաղորդում է “Haqqin.az”-ը, Ֆարիզ Բայրամովը և Իբրահիմ Սադըխովը դատապարտվել են 11 տարվա ազատազրկման, իսկ Ազեր Նազարովը`12 տարվա ազատազրկման:
Նրանք մեղավոր են ճանաչվել հայրենիքին դավաճանության, ահաբեկչության իրականացման փորձի, ինչպես նաև զենքի և պայթուցիկների անօրինական պահման հոդվածներով: Դատարանը նրանց մեղավոր է ճանաչել նաև Բաքվում Իսրայելի դեսպանության շենքի պայթեցման նախապատրաստման մեջ: Մեղադրյալները մասնակի ընդունել են իրենց մեղքը:
Նշենք, որ դեռևս 2012-ի գարնանը Ադրբեջանի իրավապահ մարմինները այս գործի շրջանակում ձերբակալել էին 40 անձանց, որոնք մեղադրվել են Իրանի հատուկ ծառայությունների կողմից հավաքագրման և ահաբկեչության նախապատրաստման մեջ: Նրանցից ոմանք արդեն դատապարտվել են ազատազրկման:

 

 

Իլհամ Ալիևը մամուլի “գիշատիչ” է. “Լրագրողներ առանց սահմանների”

ալիևՄամուլի ազատության միջազգային օրվա կապակցությամբ “Լրագրողներ առանց սահմանների” միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է արդեն ավանդական դարձած “Ազատ մամուլի գիշատիչները” ցուցակը: Այդ ցուցակում տեղ են գտել 39 պետության ղեկավարներ, քաղաքական, կրոնական գործիչներ, զինվորականներ: Այս անձիք իրենց “ներդրումն են ունեցել” լրագրողների, մամուլի այլ աշխատակիցների սպանության, առևանգման, հետապնդման և խոշտանգումների գործում:

Ըստ կազմակերպության` բոլոր “գիշատիչները” կարծում են, որ օրենքը իրենց չի վերաբերում:

“Մամուլի գիշատիչները գնալով ավելի են ակտիվանում: 2012թ.-ին աշխարհում մամուլի դեմ բռնության մակարդակը աննախադեպ է, սպանվել են ռեկորդային թվով լրագրողներ”,-ասել է “Լրագրողներ առանց սահմանների” միջազգային իրավապաշտպան կազմակերպության գլխավոր քարտուղար Կրիստոֆ Դելորը:

Այս տարի 39 “գիշատիչների” շարքում իր պատվավոր տեղն է զբաղեցրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Որպես “գիշատիչ” են որակավորվել նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը, Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը և այլք:

 

 

Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության նոր ղեկավար է նշանակվել

եմԱդրբեջանում Եվրամիության ներկայացչությունը նոր ղեկավար ունի:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Contact.az” կայքը, Բաքվում ԵՄ ներկայացուցչության ղեկավար նշանակվել է շվեդ դիվանագետ Մալենա Մարդը: Նախօրեին այս նշանակումը ստորագրվել է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի կողմից:

Մալենա Մարդը ներկայում ղեկավարում է Շվեդիայի ԱԳՆ-ի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով վարչությունը, իսկ նախկինում աշխատել է Սանկտ Պետերբուրգում, Բրյուսելում և Դաքքայում գտնվող Շվեդիայի դիվանագիտական ներկայացուցչություններում:

Մալենա Մարդը փոխարինելու է  Ռոլան Կոբիային, որի պաշտոնավարման ժամկետն (2009թ-ի նոյեմբերից) այս տարի ավարտվել է:

Ադրբեջանում գերմանացի ուսանողի են դանակահարել

դանակահարելԱդրբեջանի մայրաքաղաք Բաքվում Գերմանիայի քաղաքացի է սպանվել, տեղեկացնում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը։

Միջադեպը տեղի է ունեցել երեկ երեկոյան։ Գերմանացի ուսանող Վուսալ Շիլդեր Ադոլֆն անհայտ անձի կամ անձանց կողմից դանակահարվել է։

Ներկայում գործողություններ են իրականացվում մարդասպանի ինքնությունը պարզելու և ձերբակալելու ուղղությամբ։

Հարուցվել է քրեական գործ, սկսվել է հետաքննություն։

 

Թուրք-ամերիկյան հարաբերությունները գնալով սերտանում են

despan    Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Ֆրենկիս Ռիկարդոնեն Իզմիրում մասնակցել է Նյու Յորքի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգին, որից հետո պատասխանել է     «Anadolu» գործակալության թղթակցի հարցերին: Քրդական հարցի կարգավորման մասին ամերիկացի դիվանագետը նշել է, որ չի ցանկանում մեկնաբանել ընթացքի մեջ գտնվող գործընթացը, որը Թուրքիայի ներքաղաքական խնդիրն է: Ինչ վերաբերում է ընդհանրապես Թուրքիային, ապա Ռիկարդոնեի խոսքերով՝ Վաշինգտոնը դրականորեն է տրամադրված այս երկրի ապագայի հարցում:

Ընդգծելով, որ Թուրքիան տեղակայված է ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող տարածաշրջանում և մեծ դերակատարում ունի, Ռիկարդոնեն հայտարարել է, որ ԱՄՆ-ը ամբողջությամբ աջակցում է Թուրքիային և հետաքրքրված է հետագա երկկողմ համագործակցությամբ: Անդրադառնալով վարչապետ Էրդողանի ԱՄՆ կատարելիք մոտակա այցելությանը՝ դեսպանը նշել է, որ բանակցությունների գլխավոր թեման լինելու են տնտեսական հարցերը:

Էրդողանի համուզմամբ՝ Ասադը հաստատապես քիմիական զենք է կիրառում

erdoganԹուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ճապոնական «Nikkei» թերթին տված իր հարցազրույցում նշել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կողմից քիմիական զենքի կիրառումը կասկած չի հարուցում: Էրդողանի խոսքերով՝ նա մտադիր է այս հարցը քննարկել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ մայիսի 16-ին Վաշինգտոնում նախատեսվող հանդիպման ժամանակ:

«Anadolu» գործակալության հաղորդմամբ՝ Էրդողանը նշել է, որ ընդդիմադիր ուժերը ցամաքային գործողություններում գերազանցում են կառավարական բանակից, սակայն վերջիններս քիմիական զենք են օգտագործում օդային պայքարում: Վարչապետի խոսքերով՝ Ասադի վարչակարգի ժամանակը սպառվում է, այդ պատճառով էլ միջազգային հանրությունը պետք է արագացնի անցումային գործընթացը:

Թուրքական եթերում հնարավոր է արգելվեն ալկոհոլի օգտագործման տեսարանները

argelq   Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը այսօր իր բողոքն է հայտնել սերիալներում ալկոհոլի օգտագործման տեսարանների պատճառով, նշելով, որ եթե հարկ լինի, ապա նման տեսարանները կարող են արգելվել: Ինչպես գրում է թուրքական «Radikal»-ը՝ Արընչը հայտնել է նաև, որ սերիալները վնասում են դպրոցներին: «Ալկոհոլը ծխախոտի նման մեր երիտասարդներին ու ժողովրդին վնասող մի ապրանք է: Այնուհանդերձ ամեն երեկո ցուցադրվող սերիալնում ծխածոտի փոխարեն ալկոհոլի շատ շշեր են գնում: Չնայած ալկոհոլի գովազդը արգելված է, սերիալների մեծամասնության մեջ ալկոհոլը ներկայացված է որպես ամենակիրառելի զովացուցիչ ըմպելիք: Վերջին շաբաթներին հրապարակված մի հարցման արդյունքում մեր քաղաքացիների 80 տոկոսը նշել է, որ ալկոհոլ չի օգտագործում, սակայն մեր սերիալներում ալկոհոլը այնպես է ներկայացված, կարծես այն ամեն ընտանիքի, տան անբաժանելի մասն է: Սերիալներում ընտանեկան սեղանին ալկոհոլի արկայությունը սովորական է դարձել: Այն պարագայում, երբ բացատրում ենք ծխախոտի վնասակարությունը, մեկ այլ վնասակար ապրանքի հարց է առաջ գալիս: Իհարկե, մեր քաղաքացիները ազատ կամքի դռսևորմամբ կարող են խմել այն, ինչ ցանկանում են: Սակայն ճիշտ չէ առողջությանը և հանրությանը վնասող մի խմիչքի հրապարակային խրախուսումը և հանրությանն էլ այդ ապրանքի օգտագործմանը ուղղորդելը»,-նշել է փոխվարչապետ Արընչը:

Թուրքիան արդեն բռնել է ժխտողական քաղաքականությունից հրաժարվելու ուղին. պատմաբան Արա Սարաֆյան

 sarafyan  Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար Ստամբուլ եկած հայկական ծագմամբ անգլիացի պատմաբան Արա Սարաֆյանը «Doğan» լրատվական գործակալությանը պատմել է իր ստացած տպավորությունների մասին: Սարաֆյանը, նշելով, որ շատ գոհ է իր այցելությունից, հայկական գերեզմանատանը իր ելույթը որակել է որպես պատմական. «Ես ազատորեն կարողանում էի խոսել և ասել այն, ինչ ցանկանում էի, ոչ ոք ինձ չէր խանգարում»:

Պատմաբանը նշել է, որ մի քանի տարի առաջ հնարավոր չէր անգամ պատկերացնել նման բան, նույնիսկ չէր էլ ենթադրում, որ երբևէ նման բան կարող է լինել: Սարաֆյանի կարծիքով՝ Թուրքիան արդեն բռնել է ժխտողական քաղաքականությունից հրաժարվելու ուղին: Պատմաբանը Ստամբուլ գալու ցանկություն է հայտնել նաև հաջորդ տարի, ինչպես նաև Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին:

 

Թուրքիայում բնակչության 29%-ը կարծում է, որ ամուսնական անհավատարմություն ցուցաբերած կանանց պետք է քարկոծելով սպանել.սոցհարցում

3Հանրային կարծիքի ուսումնասիրության Pew Research Centre կենտրոնը ներկայացրել է “Աշխարհի մահմեդականները” խորագրով սոցհարցման արդյունքները:  Կազմակերպությունը 2008-2012 թթ. աշխարհի 39 երկրներում 38 հազար մարդկանց շրջանում 80 լեզվով սոցհարցում է իրականացրել:
Ինչպես հաղորդում է թուրքական “Հուրրիյեթ” թերթը, սոցհարցման տվյալների համաձայն` Թուրքիայի բնակչության 67%-ը ցանկանում է հզոր առաջնորդ ունենալ, 12%-ը նախընտրում է` երկրում իշխի շարիաթը:
Թուրքիայում շարիաթով առաջնորդվել ցանկացողների 29%-ը կարծում է, որ ամուսնական անհավատարմություն ցուցաբերած կանանց պետք է քարկոծելով սպանել, 35%-ը կարծում է, որ գողություն անողի ձեռքը պետք է կտրել, իսկ 17%-ը ճիշտ է համարում դավանափոխ մահմեդականին մահապատժի ենթարկելը:
Թուրքիայում հարցվածների 30%-ը գտնում է, որ իսլամամետ կուսակցությունները այլ կուսակցություններից ավելի լավն են, իսկ 26%-ը`ավելի վատը: Հարցվածների 15%-ը ճիշտ է համարում իսլամի պաշտպանության համար ինքնազոհության գնալը:
Թուրքիայի բնակչության 14%-ը շիաների և սուննիների միջև լարվածությունը կարևոր խնդիր է համարում: Այս առումով ամենաբարձր ցուցանիշը Լիբանանում է`34%: