Քեմբրիջյան հերցոգուհին որդի է ունեցել: Ապագա միապետի անունն աշխարհը կիմանա ավելի ուշ:
Ֆրանսիայում իսլամաֆոբիան գնալով աճում է
Ֆրանսիայում իսլամաֆոբիայի դեմ գործող կազմակերպությունը հայտարարություն է տարածել, որ 2011 թվականի համեմատությամբ 2012 թվականի տվյալներով երկրում աճել են մուսուլմանների նկատմամբ բռնության և սպառնալիքի դեպքերը: Նման աճի պատճառը միությունը համարում է ԶԼՄ-ներում մուսուլմանների մասին տարածվող բացասական լուրերը: Այսպես երկար ժամանակ լուրերում տեղ էին զբաղեցնում ֆրանսիացի երեք զինվորականի և Թուլուզի հրեական դպրոցում չորս մարդու՝ այդ թվում երեք երեխայի գնդակահարած ահաբեկիչ Մուհամադ Մերայի գործի մասին պատմող հրապարակումները:
«Անադոլու» գործակալությունը վկայակոչում է Ֆրանսիայի Միություն ազգային շարժման համար կուսակցության առաջնորդ Ժան Ֆրանսուա Կոպեի հայտարարությունը, թե երկրում քիչ չեն դեպքերը, երբ փողոցում մուսուլման երեխաների ձեռքից բլիթներ և այլ ուտելիք են խլում այն պատճառաբանությամբ, թե Ռամադանի ժամանակ ցերեկը չի կարելի հաց ուտել: Նշվել է նաև, որ միայն վերջին շրջանում 15 հարձակում է իրականացվել հիջաբով մուսուլման կանանց վրա:
ԵՄ-ն «Հզբալլահ»-ը հայտարարել է ահաբեկչական կազմակերպություն
Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարները Բրյուսելում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ որոշում են կայացրել լիբանանյան շիական շարժման ռազմական թևը հանդիսացող «Հզբալլահ»-ին հայտարարել որպես ահաբեկչական կազմակերպություն:
Հայտնի է, որ շուտով «Հզբալլահ»-ը կներառվի ահաբեկչական կազմակերպությունների հատուկ ցուցակի մեջ, ինչից հետո կսկսեն համապատասխան պատժամիջոցներ կիրառվել: Մասնավորապես խոսքը գնում է եվրոպական բանկերում կազմակերպության հաշիվների հնարավոր սառեցման, նրանց ադամների մուտքը ԵՄ երկրներ արգելման, ինչպես նաև կազմակերպության առաջնորդների հնարավոր ձերբակալման մասին, եթե նրանք հայտնվեն Եվրոպայում:
Նշենք, որ ավելի վաղ «Հզբալլահ»-ը ահաբեկչական կազմակերպություն էին ճանաչել ԱՄՆ-ն և Իսրայելը:
Չարժե շտապել թոշակի անցնել
Ֆրանսիայում փորձագետները բացատրել են, որ աշխատանքային գոծունեության շարունակումն օրենսդրորեն սահմանված թոշակային տարիքից հետո շատ օգտակար է տարեց կանանց ու տղամարդկանց համար:
Մասնավորապես, «Institut National de la Santé et de la Recherché Médicale» մասնագետներն ասում են, որ այն կանայք ու տղամարդիկ, որոնք աշխատանքային գործունեությունն ավարտում են 65 տարեկանում, 15%-ով նվազ ենթակա են դեմենցիայի զարգացման թոշակի անցնելը 60 տարեկանից հետո նախընտրող հասակակիցներից:
Ավելի վաղ այդ ոլորտում կատարված հետազոտությունները հաստատեցին, որ ինտելեկտուալ խթանման շարունակությունն ու մտավոր աշխատանքը էականորեն նվազեցնում են Ալցհեյմերի հիվանդության զարգացման հավանականությունը, որը, ցավոք, դեռևս մնում է անբուժելի:
Արքայազն Ուիլյամի կինը Լոնդոնում ծննդաբերում է
Բրիտանական թագավորական տան տեղեկացմամբ , Քեմբրիջյան հերցոգուհին այսօր տեղափոխվել է հոսպիտալ: Թագավորական պալատից պաշտոնապես հայտնել են, որ Քեյթը ծննդաբերում է : 31-ամյա հերցոգուհուն տեղափոխել են Լոնդոնի Սենթ-Մերի հոսպիտալի մասնավոր ծննդաբերական բաժանմունք: Վաղ առավոտյան բրիտանական ժողովրի սիրելի հերցոգուհու մոտ ծննդաբերական ցավեր են սկսել: Կնոջ հետ հիվանդանոց է գնացել նաև ամուսինը` Ուիլյամը:
Հայտնի է, որ ծնունդն ընդունելու են Միացյալ թագավորության լավագույն մանկաբարձ- գինեկոլոգները: Այդ իրադարձությանն անհամբեր սպասում են Բրիտանիայի թագավորական ընտանիքն ու ողջ աշխարհի մամուլի ներկայացուցիչները:
Հերցոգն ու հերցոգուհին որոշել էին երեխայի սեռը մինչ ծնունդը չիմանալ, սակայն նորածինը լույս աշխարհ գալու հետ միանգամից Քեմբրիջյան արքայազնի կամ էլ արքայադստեր տիտղոս կստանա:
Այսօր Նորվեգիայում հիշում են Օսլոյի ու Ուտոյայի զոհերին
Նորվեգիայում հուլիսի 22-ին հիշում են Օսլոյում և Ուտոյա կղզում Բրեյվիկի իրականացրած ահաբեկչության զոհերին: Ուղիղ 2 տարի առաջ ողջ աշխարհը ցնցվեց բիզնես կենտրոնի ու մանկական միջազգային ճամբարի վրա կատարված հարձակման լուրից: Ահաբեկիչ Բրեյվիկի ձեռքով սպանվեց 77 մարդ, մեծամասնությունը` երեխաներ:
Այսօր երկրում միջոցառումներ են, 10 հազար մարդ քաղաքի գլխավոր փողոցում վառվող մոմերով կմասնակցի սգո երթին:
Ինքը` Բրեյվիկը, բանտում է: Նա դատապարտվել է 21 տարվա ազատազրկման, որն ամենայն հավանականությամբ, հետագայում կերկարաձգվի: Բանտում նա երկար ժամանակ չի անցկացնի, քանի որ նրան մտադիր են տեղափոխել հոգեբուժարան, որը կառուցելու են հատուկ ահաբեկչի համար:
Բելգիայի թագավորը հրաժարվել է գահից հօգուտ որդու
Բելգիայի միապետ Ալբերտ II գահից հօգուտ իր ժառանգորդ Ֆիլիպի հրաժարվելու արձանագրություն է ստորագրել երեկ, Բրյուսելում, տեղի ժամանակով 10:30-ին, որից մեկուկես ժամ անց միապետի 53-ամյա ժառանգորդը պաշտոնապես երկրի խորհրդարանում երդվեց ու դարձավ Բելգիայի 7-րդ թագավորը:
Իշխանության փոխանցման գործընթացը մի քանի օր կտևի: Ալբերտ II-ի հրաժարականի մասին պաշտոնապես հայտարարվեց հուլիսի 3-ին: Նրա խոսքը հեռարձակվեց ուղիղ եթերով, ազգային 4 հեռուստաալիքներվ:”Ես գահից հրաժարվելու որոշում եմ ընդունել հօգուտ իմ որդի Ֆիլիպի: Իմ տարիքն ու իմ առողջությունը թույլ չեն տալիս ինձ պարտականություններս կատարել այնպես , ինչպես ես կկամենայի”,-հայտնել է Ալբերտ Բելգիացին:
Նա բելգիայի 6-րդ թագավորն է ու գահին է 1993-ից:
Դոլչեն ու Գաբանան Միլանում 9 խանութ են փակել
Իտալացի դիզայներներ Դոմենիկո Դոլչեն ու Ստեֆանո Գաբանան որպես բողոքի նշան 3 օրով փակել են իրենց խանութներն ու կարի արհեստանոցները, որոնք տեղեկայված են Միլանի կենտրոնում: Դատարկված խանութների ցուցադարակներում տարբեր լեզուներով գրված է`”Ի նշան բողոքի”:Եռօրյա ակցիայի պատճառ է դարձել քաղաքային խորհրդական Ֆրանկո Դ’Ալֆոնսոյի այն արտահայտությունը, որ սեպտեմբերին Միլանում կայանալիք նորաձևության ցուցադրությյանը Դոլչեն ու Գաբանան ցուցադրություն չպետք է անեն:”Մեզ չպետք է ներկայացնեն մարդիկ, ովքեր խուսափում են հարկերից”,-հայտնել է խորհրդականը: Ավելի ուշ նա ներողություն է խնդրել իր արտահայտության համար ու հայտնել, որ իր հայտարարությունն ադմինիստրացիայի դիրքորոշումը չի արտահայտում: Եռօրյա բողոքի դիմաց դիզայներներն ավելի քան 250 աշխատակիցներին փոխհատուցում կվճարեն: Նորաձևության Dolce&Gabbana տունը հիմնվել է 1982-ին: Իտալական ԶԼՄ-ների տվյալներով, 2011-ին ֆիրմայի շահույթը կազմել է 1,5 մլրդ դոլար: Իտալիայի հարկային ծառայությունների հաշվարկով, դիզայներները պետական գանձարանին պետք է իրենց հոնորարից 1 մլրդ եվրո վճարեն: Միլանի դատարանը նրանց մեղավոր է ճանաչել ու յուրաքանչյուրին դատապարտել 20 ամսվա բանտային կալանքի ու 500 հազար եվրո տուգանքի: Նրանց փաստաբանը բողոքարկել է դատավճիռը: Դիզայներները հավատացած են, որ իրենք կարդարացվեն:
Ֆրանսիայում մեծ վեճ է ծագել ոտքից գլուխ մուսուլմանական հագուստով փակված կնոջ պատճառով
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզին մոտ գտնվող Տրապես քաղաքում ոստիկանությունը սովորական մի ստուգման ժամանակ ոտքից գլուխ մուսուլմանական հագուստով փակված կնոջը ցանկացել է զննել նրա ամուսնու ներկայությամբ: Սակայն կնոջ ամուսինը ընդդիմացել է և թույլ չի տվել անցկացնել ստուգումը՝ վեճի բռնվելով ոստիկանների հետ: Արդյունքում ամուսիններին ձերբակալել և տարել են ոստիկանական բաժանմունք: Այս ամենը պատճառ է դարձել, որպեսզի մետ 250-ից 400 հոգի հավաքվի քաղաքի կենտրոնում գտնվող ոստիկանական բաժանմունքի շենքի դիմաց: Ցուցարարները կրակի են տվել մոտակայքում գտնվող աղբարկղերը և մոլոտովի կոկտեյլներ են նետել շենքի վրա:
«Ռադիկալը» գրում է, որ քաղաքացիների գործողությունների հետևանքով անվտանգության ուժերի աշխատակիցներ են վիրավորվել: Երեկոյան ժամերին ոստիկանությանը հաջողվել է հսկողության տակ վերցնել դրությունը, ողջ գիշեր ոստիկանները չեն հեռացել դեպքի վայրից:
Նշենք, որ Ֆրանսիայում հասարակական բացօթյա վայրերում արգելված է կրել ամբողջովին փակ հագուստ և ծածկել դեմքը:
Costa Concordia-յի վթարի 5 մեղավորներ ոչ մեծ ժամկետներ են ստացել
Շաբաթ, հուլիսի 20-ին իտալական դատարանը մեկուկես տարի առաջ խորտակված Costa Concordia –ի անձնակազմի 5 անդամներին մեղավոր է ճանաչել չկանխամտածված սպանության մեջ: Նրանց մեջ է նաև ղեկապետ ինդոնեզացին, որը սխալ է հասկացել կապիտանի հրամանն ու ոչ այն կողմ թեքել ղեկը, ինչ հետևանքով է կատարվել է ողբերգությունը:
Բոլորն ընդունել են իրենց մեղքն ու համեմատաբար մեղմ պատիժ ստացել` մոտ 2 տարվա ազատազրկում:
2012-ին զբոսանավի վթարի հետևանքով զոհվեց 32 մարդ: Գլխավոր կասկածյալի` կապիտան Ֆրանչեսկո Սկետինոյի նկատմամբ դեռևս դատավճիռ չի կայացվել:
Իսպանիայում մահացել է գարեջրի մրցույթի հաղթողը
Իսպանիայում մահացել է գարեջուրն արագ խմելու մրցույթի հաղթողը, որը 6 լ գարեջուրը հասցրել էր խմել 20 րոպեում: 45-ամյա տաղամարդը մահացել է հիվանդանոցում` սրտի կանգից: Ականատեսներն ասում են, որ նա մրցույթից հետո ուրախ էր ու լավ էր զգում, իսկ հետո նրա մոտ սրտխառնուք է սկսել: Թե ինչու է նրա սիրտը կանգ առել, դեռևս պարզ չէ: Այս մրցույթն արդեն 15 տարի է անց է կացվում Հեա-ի Թրույոլս գյուղակում, ի պատիվ Կարմելյան տիրամոր: Մրցույթի կարևոր պայմանը` 20 րոպեում հնարավորինս շատ գարեջուր խմելն է: Տղամարդու մահից հետո գյուղակի ադմինիստրացիան դադարեցրել է մրցույթը, որն ի սկզբանե պետք է շարունակվեր մինչև հուլիսի 22-ը: Գյուղակում եռօրյա սուգ է հայտարարվել:
Ֆրանսիայում 500 կին է անդամագրվել հակաֆեմինիստների շարքերը
Ֆրանսիայում ֆեմինիզմի ագրեսիվ դրսևորումների դեմ հակազդելու համար ստեղծվել է“Անտիգոններ” միավորումը, որի շարքերն արդեն 500 մարդ է ընդունվել:
“Մենք կանացիության կողմնակից ենք. դա մեր բնական ու իսկական բնույթն է: Մենք ցանկանում ենք պայքարել կանանց ապագայի համար ու հետն էլ մտադիր ենք առաջարկել մոտեցում, որը շատ կտարբերվի նրանից, ինչ մեզ են պատմում հեռուստացույցով”:
Ավանդական արժեքների պահապանները պատրաստ են երկխոսության հասարակության ցանկացած խմբի հետ` անկախ նրանց կրոնական ու քաղաքական պատկանելությունից: Նրանց առաջին ակցիան բացահայտ բողոքն էր միջազգային FEMEN ֆեմինիստական խմբավորման արարքների դեմ: “Մենք չենք պատրաստվում դրանով բավարարվել: Մենք ակտիվ մասնակցություն ենք ունենալու հասարակական քննարկումներում, որոնք վերաբերում են այնպիսի սուր հարցերի, ինչպիսիք են կնոջ դիրքը հասարակության մեջ, տղամարդու ու կնոջ հարաբերությունները, ընտանիքը, աշխատանքային պայմանները, աշխատանքի շուկայում հավասարությունն ու շատ այլ բաներ”:
Հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ` պահանջելով վարչապետի հրաժարականը
Իսպանիայում հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ` պահանջելով վարչապետի հրաժարականը, որին մեղադրում են կառավարության ֆոնդից գումար վերցնելու մեջ:
Երեկ Բարսելոնայում և Մադրիդում հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ պահանջելով Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռահոյի հրաժարականը:
Ժողովրդական կուսակցության առաջնորդ Ռահոյը վարչապետ է դարձել 2011թ-ին, իսկ այժմ կառավարության ֆոնդերից գումար վերցնելու համար ցուցարարները պահանջում են նրա հրաժարականը:
Ցույցը սկսզբնական շրջանում խաղաղ բնույթ է կրել, սակայն այն վերածվել է կատաղի բախման, երբ ոստիկանությունը բախվել է ցուցարարների հետ` երկու կողմից էլ վիրավորներ են եղել:
Ցուցարարները փակել էին Ռահոյի Ժողովրդական կուսակցության գրասենյակ տանող ճանապարհները: Այնուհետև նրանք երթ են կազմակերպել քաղաքի փողոցներով, որից հետո բախում է տեղի ունեցել ոստիկանների հետ:
Բախման արդյունքում վիրավորվել է մեկ ոստիկան և ցուցարար, կան ձերբակալվածներ:
Շոտլանդական թաղման բյուրոն բրդյա դագաղ է առաջարկում
Շոտլանդիայի հնագույն թաղման բյուրոն`John Fraser & Son-ը հաճախորդներին նորույթ է առաջարկում. սա սգո ծառայությունների առաջին գործակալությունն է, որ բրդյա դագաղներ է առաջարկում:
130-ամյա պատմություն ունեցող ընտանեկան ձեռնարկությունը, որը գտնվում է շոտլանդական Ինվերնես քաղաքում, էկոլոգիական թաղման գործակալությունների ասոցիացիայի անդամ է: Այս կազմակերպությունը միավորում է ծիսական ծառայությունների բյուրոն, որը ցանկանում է թաղումը քիչ վնասակար դարձնել շրջակա միջավայրի համար:
Յուրաքանչյուր նման դագաղը պատրաստվում է Յորքշիրի տեքստիլ ձեռնարկությունում, որը գոյություն ունի ավելի քան 230 տարի: Այն պատրաստվում է բնական բրդից, որն արտադրվում է Մեծ Բրիտանիայում, ինչպես նաև վերամշակված ստվարաթղթից ու օրգանական բամբակից: Դագաղները երկու գույնի են` շագանակագույն ու սպիտակ: Դագաղի վրա հանգուցյալի անունով ցուցանակի տեղ կա, իսկ դրա հենքը կենսաքայքայվող, ջրամերժ նյութից է:
Բրդյա դագաղներն ավելի ու ավելի մասսայական են դառնում, դրանց պահանջարկը մեծանում է զգալիորեն: Ու դա վկայում է, որ մարդիկ բնության հանդեպ գիտակից վերաբերմունք են դրսևորում:
Ի դեպ, սա էկոլոգիական դագաղ ստեղծելու միակ փորձը չէ: Իտալացի դիզայներներն արդեն պատրաստել են մի դագաղ օսլայից ու պլաստիկից, որը ձվի տեսք ունի: Հանգուցյալը դրա մեջ սաղմի դիրք է ընդունում: Ըստ իտալացիների մտահղացման, դագաղը հողի մեջ է մտնում սոխուկի նման, իսկ դրա վրա հուշարձանի փոխարեն ծառ է տնկվում: Մտահղացման հեղինակները կարծում են, որ ձու-դագաղը կվերացնի մահվան ու թաղման հետ կապված բոլոր տաբուներն ու կարծրատիպերը:
Թագուհին պաշտպանել է համասեռականներին
Թագուհու` միասեռ ամուսնությունները թույլատրող օրենքը ստորագրելուց հետո, մեծ Բրիտանիան միացավ այն պետություններին, որոնք ընդունում են սեքսուալ փոքրամասնության` հարաբերությունները պաշտոնապես ձևակերպելու ու ընտանիք ստեղծելու իրավունքը: Նոր օրենքի համապատասխան, միասեռ զույգերը կարող են իրենց միությունը գրանցել Անգլիայի ու Ուելսի տարածքում` քաղաքացիական պրոցեդուրայով կամ էլ եկեղեցական ծեսով (եթե եկեղեցու ներկայացուցիչները նման ծես համաձայնեն կատարել): Իսկ ավելի վաղ քաղաքացիական միություն կնքած զույգերն այսուհետ կարող են գրանցել իրենց հարաբերությունները և կոչվեն ամուսնական զույգ:
Միասեռ ամուսնություններն օրինականացրած երկրներից վերջինը Ֆրանսիան ու Բրազիլիան են:
Տղամարդը ձերբակալվել է գերեզմանոցից 56 գանգ գողանալու և դրանք Ավստրիայում գտնվող իր տանը պահելու համար
Տղամարդը ձերբակալվել է գերեզմաններից 56 գանգ և կմախքի այլ մասեր գողանալու և իր տանը պահելու համար:
Ոստիկանությունը Ավստրիայի Բուրգենլանդ նահանգում բնակվող 47-ամյա տղամարդուն գտել է, երբ նա անանուն կերպով փորձել է հնոտիաշուկայում վաճառել երեք գանգ և երկու ազդրի ոսկոր:
Հետախույզները տղամարդու տանը հայտնաբերել են գանգեր և 55 այլ ոսկորներ պարունակող կմախքների թանգարան:
Պետական ORF հեռուստաալիքը երեքշաբթի օրը տեղեկացրել է, որ տղամարդը այդ ոսկորները գողացել է եկեղեցու գերեզմանատնից:
Ոստիկանության ներկայացուցիչը The Guardian-ին հայտնել է, որ իր 37 տարվա աշխատանքային փորձի ընթացքում ինքը նման դեպքի երբեք չի հանդիպել՝ ավելացնելով, որ ինքը չգիտի, թե ինչու է տղամարդը հավաքել այդ ոսոկրները:
Ոստիկանությունը բացահայտումից հետո տղամարդուն մեղադրել է մահացածների հանգիստը խանգարելու մեջ:
Ոստիկանության տվյալներով՝ ոսկորները վերադարձվել են գերեզմանոց:
Ռումինիայում Պիկասոյի ու Մոնեի կտավների հետքերը հայտնաբերվել են վառարանում
Ռումինացի քննիչները կտավի, մեխի ու ներկի հետքեր են հայտնաբերել անցած տարվա հոկտեմբերին Ռոտերդամի Քյունսթհալի թանգարանից կտավների գողության մեջ կասկածվող տղայի մոր տանը: Գողացված կտավների մեջ են Պաբլո Պիկասոյի “Առլեքինի գլուխը”, Կլոդ Մոնեի “Վաթեռլոյի կամուրջը” և Անրի Մատիսի “Կարդացող աղջիկը”:
Անցած շաբաթ ռումինուհի Օլգա Դոգարուն խոստովանել է, որ որդու ձերբակալությունից հետո գողության հետքերը ոչնչացնելու նպատակով փորձել է արվեստի գործերն այրել վառարանում:
Գողոնի ընդհանուր արժեքը գնահատվում է 100-200 մլն եվրո (130-260 մլն դոլար):
Ռումինիայի 6 քաղաքացի ձերբակալվել է թանգարանային այս գողության կասկածանքով, որը Հոլանդիայում վերջին 20 տարում ամենախոշորն էր:
Վատիկան. Հռոմի պապի բլոգն ընթերցողների հոգիներն արագացված կարգով քավարան են անցնում
Թվիթերում Ֆրանցիսկոս պապի պաշտոնական միկրոբլոգի բաժանորդները կարող են հուսալ, որ նրանց հոգիները քավարանում շատ չեն մնա: Համենայն դեպս, Վատիկանը հայտարարել է, որ ապաշխարհող մեղավորները կարող են հուսալ, որ մեղքերի թողություն կստանան: Ի դեպ, հայտարարության մեջ նշվում է, որ թողություն կվաստակեն նրանք, ովքեր անկեղծորեն հավատում են ու ապաշխարհում:
Ֆրանսիայում ձերբակալվել է նորվեգացի չարագործ Անդերս Բրեյվիկի գործի շարունակողը
Ֆրանսիայում ձեռբակալվել է նորվեգացի, որը ահաբեկչություն է նախապատրաստել նպատակ ունենալով աջակցություն հայտնելու իր հայրենակից Անդերս Բրեյվիկին: Վերջինս 21 տարվա ազատազրկման է դատապարտվել 77 մարդու կյանք խլած կրկնակի ահաբեկչության իրականացման համար:
Ձերբակալված նորվեգացի 40-ամյա Կորեզը երաժիշտ է և Ֆրանսիայում է բնակվում իր ընկերուհու և երեք երեխաների հետ: Մինչ այս դեպքը կասկածյալը բանտում է անցկացրել 21 տարի տարբեր հանցագործությունների համար, այդ թվում նաև սպանության համար, իսկ բանտից դուրս է եկել 2009 թվականին: Նորվեգական թերթերը գրում են, որ Կորեզը ձերբակալվել է այն ժամանակ, երբ փորձել է 4 ինքնաձիգ և մեծ քանակությամբ պայթուցիկ ձեռք բերել: «Անադոլու» գործակալությունը գրում է, որ այժմ ֆրանսիական ոստիկանությունը խուզարկում է այն ագարակը, որտեղ բնակվում է ենթադրյալ ահաբեկիչը:
Հայտնի է դարձել նաև, որ ձերբակալվածը հանդիանում է այն 530 անձանցից մեկը, որոնք արձագանքել են Բրեյվիկի մանիֆեսթին, որը նաև տեղադրել էր համացանցում 2011 թվականին Օսլոյում և Ուտոյ կղզում իրականացրած ահաբեկչությունից անմիջապես հետո: Նորվեգացին ծայրահեղական հայացքներ ունի և Սկանդինավյան թերակղզում հայտնի է որպես տեղի սատանիստների առաջնորդներից մեկը:
Հունաստանում բյուջետայինների կրճատման մասին օրենքը հավանության է արժանացել
Հունաստանի խորհրդարանը հավանության է արժանացրել պետական հատվածի աշխատողների կրճատման մասին օրենքը:
Քվեարկությունն անցել է օրինագծի կողմնակիցների ոչ մեծ առավելությամբ.153-ը քվեարկել են “կողմ”, “140”-ը` դեմ:
Երկրում կրճատման մասին օրենքը տարակուսանքի ալիք է բարձրացրել: Քվեարկության նախօրեին, Աթենքում, խորհրդարանի շենքի առջև հավաքվել է օրենքին դեմ 1000 ցուցարար:
Հունաստանն այդ քայլին գնաց, որ Եվրագոտուց ու ԱՄՀ-ից 6,8 մլրդ եվրո վարկ ստանա: