Ֆիկուս

фикус1Պատկանում է թթազգիների ընտանիքին: Այս պահին հաշվվում է  ֆիկուսի մոտ 1500 տեսակ: Տարբեր տեսակների հայրենիքը տարբեր վայրեր են: Հիմնականում տարածված է Աֆրիկայում, Ասիայում և Արևելյան Հնդկաստանում: Ֆիկուսները լինում են ծառերի և թփերի տեսքով:

Ֆիկուսը  մշտադալար բույս է: Ֆիկուսի ծառային տեսակն իր հայրենիքում հասնում է մինչև 30 մետրի, իսկ փայլուն, կաշենման տերևները հաճախ մեկ մետրից ավել երկարություն ունեն:

Ֆիկուսը սենյակային դեկորատիվ բույսերի շրջանում շատ տարածված է: Հասնում է մինչև 2 մետրի: Բունը բավականին հաստ է և պատված կեղևով:

Բույսը պայմանների նկատմամբ  քմահաճ չէ:  Աճի շրջանում պահանջում է մեծ քանակությամբ ջուր. հողի մակերեսը պետք է միշտ խոնավ լինի:  Սակայն ձմռանը պետք է ջրելը սակավեցնել, քանի որ ջրի ավելցուկը կարող է բերել արմատների փտեցմանը:  Ջրելու համար խորհուրդ է տրվում օգտագործել գոլ կամ սենյակային ջերմաստիճանի ջուր:
Ֆիկուսը ջերմասեր բույս է, բայց նախընտրելի է այն դնել ցրված լույսի տակ՝ արևի ուղիղ ճառագայթներից հեռու: Երիտասարդ բույսերը պետք է դնել արևմտյան և հարավ-արևմտյան լուսամուտների մոտ՝ լուսավոր տեղերում: Լույսի  պակասությունից տերևները կընկնեն, որի պատճառով էլ նա կկորցնի իր դեկորատիվ շքեղ տեսքը:  Ամռանը լավ կլինի բույսը դնել դրսում՝ ստվերոտ տեղերում: Տերևները պետք է սրբել խոնավ շորով:

Ֆիկուսը շատ հետաքրքիր հատկություն ունի. թեպետ այն ջերմասեր բույս է և ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը նորմալ է տանում, սակայն ձմռանը սենյակի ջերմաստիճանը  չպետք է բարձր լինի 15 աստիճանից:  Եթե ձմռանը  ֆիկուսը դրված լինի տաք տեղ,  դա կակտիվացնի նրա աճը հունվար-փետրվարին, որը կթուլացնի բույսը և թույլ չի տա, որ նա գարնանը լավ զարգանա:

Բազմացվում է կտրոններով, որի համար գլխավորապես օգտագործվում են ճյուղերի ծայրամասերը: Կտրոնը պատրաստելու  որոշ ժամանակ պետք է պահել գոլ ջրի մեջ մինչև կաթնահեղուկն ամբողջությամբ թափվի, հակառակ դեպքում դուրս հոսող հեղուկի մածուցիկության պատճառով մազանոթները կփակվեն, որի պատճառով կտրոնը կչորանա:

Այնուհետև այն պետք է դնել  ջրի մեջ, որպեսզի արմատակալի: Արմատակալած կտրոնները պետք է տնկել 10-12 սմ-անոց տրամագծով փոքր թաղարների մեջ, որը սկզբնական շրջանում տարին մեկ անգամ պետք է տեղափոխել,  աստիճանաբար մեծացնելով թաղարները, իսկ հետագայում ավելի ուշ-ուշ:

Ֆիկուսը արդյունաբերական նշանակություն ունի:  Մշակության մեջ գլխավորապես հանդիպում է կաուչուկատու ֆիկուսը, որի տերևների կաթնահյութից կաուչուկ են պատրաստում:

Ֆիկուսների տեսակները

Ամենահայտնին  տնային ֆիկուսների մեջ  կաուչուկայինն է ,որը ունի ուղիղ բուն; Այն առաջին տարիներին հակված   չի ճյուղավորվելու:  Այս տեսակի ֆիկուսի տարատեսակներից է դեկորան և ռոբուստա ֆիկուսը: Այս ֆիկուսները արագ են աճում: Կան նաև այդ տեսակի  չալպտուրիկ ֆիկուսներ` ժանգատերևը (veriegata) և  տրիկոլորը(elastika trikolor): Սրանք ավելի շատ  լուսասեր են :Տերևների  գույներով և ձևով նրանք նույնպես տարբերվում են:  Սև արքայազն ֆիկուսը նման է ռոբուստային , բայց նրա տերևները համարյա սև են, տրիկոլորի տերևները վարդագույն երանգ ունեն, իսկ ժանգատերևը կրեմագույն է:

Այս բոլոր ֆիկուսների տերևները ձվաձև են, բայց կան ջութակի նման և  եռանկյունի  տերևներով  ֆիկուսներ : Սուրբ ֆիկուսի տերևը սրտաձև է : Հայտնի է Բեյջամինի ֆիկուսը , որի տերևները նեղ  են և սրածայր, նրա տարատեսակներն են `Hawaii, variegate, Starlight և Նատաշա ֆիկուսը, որը հաճախ է հանդիպում խանութներում:  Հետաքրիր է Միկրոկարպա ֆիկուսը (Microcarpa), նա ունի մանր և կոշտ  տերևներ , ամուր ճյուղեր:  Կան նաև ֆիկուսի թափվող տեսակներ,որոնց տերևները մանր են ու բարակ,իսկ ճյուղերը կախվում են: Հնուց հայտնի է նաև սողացող ֆիկուսը , ժամանակակից տեսակներից է գաճաճ ֆիկուսը` (Pumila, Sunny) :

Դիտվել է 6969անգամ:

Ծոփոր (Մոնստերա)

monstera-swiss-cheeseՊատկանում է նվիկազգիների ընտանիքին: Հայրենիքը Արևելյան Հնդկաստանն է և արևադարձային Ամերիկան: Ամենատարածված և գեղեցիկ սենյակային բույսերից է: Ունի մոտավորապես 220 տեսակ:

Մոնստերան մշտադալար բազմամյա լիանա  է: Ունի խոշոր, փայլուն և կաշենման ծածկույթով տերևներ: Նոր աճած տերևները սովորաբար ամբողջական են և սրտաձև, իսկ հետագայում առաջացողները կրում են խոշոր անցքեր կամ ուենենում են  խորը կտրվածքներ, իսկ չափերով կարող են հասնել մինչև մեկ մետրի:

Յուրաքանչյուր նոր աճած տերևի հակառակ կողմից աճում և և դեպի ներքև են իջնում բաց դեղնականաչավուն օդային արմատներ, որոնք մտնելով հողի մեջ՝ օժանդակում են բույսի զարգացմանը: Իր հայրենքիում  այդ բույսը փաթաթվում ու  մագլցում է ծառերի վրա՝  հասնելով մինչև 20 մ:  Ունի պտուղներ, որոնք համեղ են և տեղացիների կողմից օգտագործվում են:

Մեր մոտ՝ բարեխառն գոտում, ծոփորը շատ հազվադեպ է ծաղկում:

Ծոփորը պահանջկոտ չէ պայմանների նկատմամբ, բայց սիրում է օդի խոնավություն. չոր օդում օդային արմատները դադարում են աճել: Որպեսզի աճը չկանգնի, պետք է առատորեն ջրել: Ձմռանը համեմատաբար պետք է պակասեցնել ջրելը, բայց հողը չի կարելի չոր թողնել:  Ծոփորի տերևները մի շատ հետաքրքիր հատկություն ունեն: Եթե խոնավությունը շատ է լինում, դրա ավելցուկը տերևն այսպես ասած վերարտադրում է. տերևի մակերեսով մեկ կուտակվելով՝ խոնավությունը հոսում է դեպի եզրերը և արցունքի ձևով կախվում. բույսը «արտասվում է»:

Ծոփորն ամեն տարի պետք է տեղափոխել,  քանի որ այն մեծանալու միտում ունի:  Խորհուրդ է տրվում տարեկան  մի քանի անգամ սնուցել գոմաղբահեղուկով: Իսկ լավ զարգանալու համար պետք է տարածություն ապահովել: Սենյակի ջերմաստիճանը պետք է լինի 16 աստիճանից ոչ ցածր, հակառակ դեպքում բույսի աճը կկանգնի:

Բույսը չի կարելի դնել արևի ուղիղ ճառագայթների հարվածի տակ, սակայն դա չի նշանակում, որ պետք է դնել ստվերում: Ծոփորին պետք  է դնել սենյակի  լուսավոր հատվածներում:

Քանի որ ծոփորը մեծ տեղ է զբաղեցնում և ունի հսկայական տերևներ, տարիքով բույսերին խորհուրդ չի տրվում պահել այն սենյակներում, որտեղ մարդիկ քնում են, քանի որ մեծ տերևները արտադրում են մեծ ծավալի ածխաթթու գազ:

Բազմացվում է ցողունային կտրոններով, իսկ որոշ տեսակներ՝ նաև արմատածիլներով: Բազմացումը կարելի է կատարել նաև բույսի վերին մասում գտնվող տերևի կտրոնով: Տերևը վերցնում են մի քանի օդային արմատներով, որոնք նախօրոք փաթաթում են մամուռով լի մառլյայի մի կտորի մեջ և մամուռը խոնավ պահելով՝ ստիպել, որ արմատիկները զարգանան:

Դիտվել է 1654 անգամ:

Շքանարգիզ

main_1Պատկանում է շքանարգիզների ընտանիքին: Հաշվվում է մոտ 70 տեսակի  սորտեր, որոնց հայրենիքը Կենտրոնական և Հարավային Ամերիկան են, ինչպես նաև Հարավային Աֆրիկան:

Շքանարգիզները սենյակային բույսերի մեջ շատ սիրելի տեսակ են համարվում, որովհետև ունեն շատ շքեղ ծաղիկներ: Տերևները թրանման և երկար են, որոնք հասնում են մինչև 70 սմ:

Հայտնի են ամարիլիս և հիպեաստրում ցեղերը, որոնք արտաքինով շատ նման են իրար և շփոթեցնում են: Դրանք երկուսն էլ շքանարգիզների ընտանիքին են պատկանում, բայց իրարից  տարբերվում են մի շարք հատկանիշներով:

Ամարիլիսը մի հովվուհու անուն է, որը 2250 տարի առաջ նկարագրված է հույն բանաստեղծ Թեոկրիտի հովվերգություններում:

Հիպեաստրումները ծաղկում են ուշ ձմռանից մինչև գարուն, իսկ ամարիլիսները՝ ամռան վերջից սկսած մինչև աշուն:

Հիպեաստրումի ծաղկակիր ցողունը ի տարբերություն ամարիլիսի՝ սնամեջ է և չի կարող  կրել շատ ծաղիկների ծանրությունը:  Հիպեաստրումի ծաղիկը հոտ չունի, իսկ ամարիլիսը հոտավետ է:  Իսկ  ամենակարևորը՝ հիպեաստրումները, ի տարբերություն ամարիլիսիների շատ դժվարությամբ են  դուստր սոխուկներ առաջացնում:

Ամարիլիսների  ծաղկակիր ցողունը կարող է հասնել մինչև 40-50սմ երկարության, որի վրա նստում են 4-8 նուրբ և փոքր, դուրեկան հոտով զանգակաձագարաձաև ծաղիկները:

Հիպեաստրումների ծաղկակիր ցողուն ,տանում էե  2-3 խոշոր  ծաղիկներ, որոնց տրամագիծը երբեմն անցնում է 20 սմ-ից:

Հիպեաստրումը սոխուկային բույս է՝ մսեղ սոխուկով, որը հասնում է մոտ 10 սմ տրամագծի: Սոխուկը շատ երկարակյաց է և կարող է ծաղկել մինչև 10 տարի: Հիպեաստրումները բազմանում են սերմերով և սոխուկներով, սակայն տնային պայմաններում տարածված է  սոխուկներով  բազմացման եղանակը. պարզապես պետք է բազմացման ժամանակ մանր սոխուկները անջատել մայր  սոխուկից և տնկել նոր թաղարում:

Թաղարը որքան հնարավոր է  պետք է փոքր վերցնել, որովհետև դա նպաստում է  բույսի վաղ ծաղկմանը:  Դրանք  ճիշտ կլինի դնել հարավ-արևմտյան կամ հարավ-արևելյան լուսամուտներին: Խորհուրդ  է տրվում վերատնկումը կատարել 2-3 տարին մեկ անգամ: Ճիշտ խնամքի դեպքում նոր աճած շքանարգիզները կարող են ծաղկել 4-րդ տարում:

Բույսը  հողի նկատմամբ այնքան էլ պահանջկոտ չէ, բայց հողի վերին շերտը անհրաժեշտ է փխրեցնել և փոխել, ինչպես նաև պարարտացնել:

Ամռանը բույսը պետք է առատ ջրել. հողի մակերեսը պետք է լինի համեմատաբար խոնավ, բայց ոչ ցեխոտ:  Ամառվա վերջում ջրելը աստիճանաբար պակասեցնում են, իսկ սեպտեմբերին՝ համարյա վերջացնում: Այդ ժամանակ սկսվում է հանգստի շրջանը, և թաղարները պետք է դնել ավելի սառն ու ստվերոտ մաս, իդեալական ջերմաստիճանը՝ 8-10 աստիճան:

Շատ կարևոր է, որ թառամող և դեղնող տերևները չհեռացնել, քանի որ տերևի վերջնական մեռնելուց հետո որոշ օրգանական նյութեր անցնում են բույսին:

Հանգստի շրջանում ևս բույսը պետք է ժամանակ առ ժամանակ ջրել, որպեսզի սոխուկները չչորանան:  Ջուրը տալ գոլ վիճակում. դա կնպաստի վաղ ծաղկեցմանը: Մինչև գարուն բույսը գտնվում է կիսաքնած վիճակում, իսկ գարնան վերջում երևում է կոկոնը:

Ծաղկակիր ցողունի կոթունը երևալու ժամանակ այն պետք է դնել տաք 18-20 աստիճան ջերմությամբ սենյակում: Ծաղիկը պահպանվում է մոտ երկու շաբաթ:

Ամարիլիս

Դիտվել է 1699 անգամ:

Բեգոնիա

BegoniaԲեգոնիան պատկանում է բեգոնիաների ընտանիքին: Հայրենիքը Արևադարձային Աֆրիկան է, Հարավային Ամերիկան, Արևելյան Հնդկաստանը և Ճավա կղզին:

Բեգոնիան հայտնի է բազմաթիվ տեսակներով՝ դրանք մոտ 900 տեսակի են, բայց բաժանվում են երեք հիմնական խմբի՝ պալարավորների,  մշտադալար թփանմանների և գեղազարդ տերևավորների:

Այս երեք տեսակներն էլ տնային պայմաններում աճեցվում են, սակայն բնակարանային պայմաններում ամենալայնը տարածված են թփանման բեգոնիաները, որոնք բոլորն էլ լավ աճում և ծաղկում են ձմռան ընթացքում:

Բեգոնիայի տերևները ամբողջովին միագույն չեն, դրանք հիմնականում շատ բազմազան ու բազմերանգ են. մուգ  կանաչ՝բաց կանաչավուն երակներով, բոսորագույն՝ արծաթագույն կարմիր երանգով և այլն: Տերևի արտաքին տեսքը նույնպես միաձև չի. այն ասիմետրիկ է և տարբեր տեսակների մոտ տարբեր արտաքին ունի՝ ալիքաձև կամ կտրտված: Որոշ տեսակների ցողունները և տերևների հակառակ կողմը պատված են տերևի գույնի աղվամազով, բայց կան նաև ատլասե ծածկույթով տեսակներ: Ծաղիկները  տարբեր տեսակների մոտ  կիսալիաթերթ են կամ լիաթերթ բազմերանգ գույներով:

Մեր մոտ բեգոնիաների տեսակներից շատ հայտնի է բեգոնիա ռեքս տեսակը, որը թեպետ ձմռան ընթացքում զրկվում է  տերևների մի մասից, բայց տարվա ընթացքում այնքան գեղեցիկ ու փարթամ տեսք ունի, որ այդ թերությունը չի նկատվում:  Այն սրտաձև տերևներ ունի, որի մեծությունը կարող է անցնել 20սմ.-ից:  Ծաղիկները անփայլ վարդագույն են և ծաղկակոթուններից բույլով կախվում են:

Բեգոնիան կարելի է առատ ջրել ամռանը, իսկ աշնանը սկսվում է բեգոնիաների հանգստի շրջանը: Այդ ժամանակ պետք է պակասեցնել ջրելը, իսկ  ձմռանը ավելի սակավեցնել: Սակայն ջրելու ընթացքը պետք է դանդաղ քչացնել, որպեսզի հողը շատ չչորանա:

Բեգոնիան ջերմասեր բույս է: Ամռանը կարելի է  դուրս հանել, սակայն այն պաշտպանված պետք է  լինի  քամուց: Սենյակը, որտեղ դրված է բույսը, ջերմաստիճանը չպետք ցածր լինի 20 աստիճանից, իսկ  ձմռանը՝ 15 աստիճանից:

Ամռանը գեղազարդ տերևներով բեգոնիաներին պետք է պահել բնակարանի ստվերոտ մասերում, որպեսզի արևից տերևները չայրվեն: Բեգոնիան  սիրում է թարմ օդ, սակայն միջանցիկ քամիները շատ վնասակար են: Ջերմաստիճանի կտրուկ տատանումները ևս լավ չեն բույսի համար:

Բույսը  պետք է տեղափոխել միայն անհրաժեշտության դեպքում:  Այն բազմանում է ցողունային  և տերևային կտրոնների միջոցով:

Բեգոնիա անունը կոչվել է ի հիշատակ ծաղկասեր և ծաղկաբույսեր հավաքող Մ.Բեգոնիայի ազգանունով:

Դիտվել է 2057 անգամ:

Հալվե(ալոե)

aloe-vera-plant-in-homeԱլոեն պատկանում է շուշանազգիների ընտանիքին:  Արտաքինից նման է ագավային: Ունի հաստ, մսեղ ու հյութալի տերևներ, որոնց եզրերը պատված են մանր փշիկներով: Կան ծառանման և խոտային տեսակներ, որոնք անցողուն են:

Հայտնի է մոտ 90 տեսակ, որոնց մեծ մասի հայրենիքը Կապլանդիան է, Հարավային Աֆրիկա:

Ալոեն սուկուլենտ է և պահանջկոտ չէ պայմանների նկատմամբ, սակայն ալոեի ծաղկելու ու բարգավաճման համար շատ կարևոր է առատ լույսի առկայությունը:

Սենյակում ձմռանը ջերմաստիճանը կարող է տատանվել 18-25, իսկ ձմռանը՝ 12-14 աստիճանի սահմաններում:

Ամռան ընթացքում բույսը պահում են դրսում՝  կիսաստվերում, ջրում են առատորեն:

Ձմռանը խորհուրդ է տրվում պահել արևոտ  մասերում ՝ջրելով չափավոր: Ընդհանրապես ալոեն խորհուրդ չի տրվում առատ ջրել, հակառակ դեպքում արմատները կարող են նեխել:

Ալոեն բազմանում է  արմատածիլերով, որը կարելի է  կլոր տարին վերցնել մայր բույսից: Նախքան կտրոնների տնկելը անհրաժեշտ է  այն թառամեցնել և կտրվածքները թաթախել փայտածխափոշու մեջ:

Բույսի  որոշ տեսակներից ստացվում են մանրաթելեր, որոնցից  պատրաստում են գորգ, պարան և այլն: Իսկ տերևների հյութը բուժիչ նշանակություն ունի, քանի որ պարունակում է ալոյին կոչվող նյութը, որը հրաշալի միջոց է մի շարք հիվանդություններ բուժելու համար:  Ակադեմիկոս Վ.Պ.Ֆիլատովին հաջողվել է այդ հյութով բուժել աչքի բորբոքված եղջերաթաղանթը:

Ալոեի հյութը նաև չորացնում են, պատրաստում կանաչավուն խեժի կտորներ, որն օգտագործում են լուծվող դեղորայք պատրաստելու համար:

Դիտվել է 3833 անգամ:

Լեռնավարդ(ազալիա)

Լեռնավարդ(ազալիա)Լեռնավարդը(նազվարդ) `հիասքանչ մանր տերևներով թփեր են; Ձմեռվա վերջում կամ գարնան սկզբին ծաղկելու ընթացքում Լեռվարդի կոկոնները ամբողջովին բացում են թերթիկները և ծածկում ամբողջ թուփը տարբեր երանգներով` կարմիր, վարդագույնի տարբեր երանգներ, նարնջագույն, մանուշակագույն և դեղին: Մեղմ կլիմայով երկրներում լեռնավարդը աճեցնում են այգիներում,իսկ ցուրտ ձմեռ ունեցող երկրներում`տանը, բայց ամռանը տանում են դուրս: Լեռնավարդի ծաղիկները լինում են մի գույնանի և երկգույնանի, որոշ տեսակներ հոտավետ են: Լեռնավարդի տերևաթափ տեսակները ծաղկում են մինչև նոր տերևների աճելը: նը Տան պայմաններում լեռնավարդի մասին տարածված է որպես «դժվար» և «կամակոր» բույս ; Բանն այն է, որ տան պայմանները շատ հեռու են լեռնավարդի աճեցման բնական պայմաններից և շատ բույսեր դժվարություններ են ունենում` թափում են տերևները, կարճանում է ծաղկման շրջանը կամ բոլորովիին չեն ծաղկում: Փորձենք ստեղծել տնային լեռնավարդի համար բարենպաստ պայմաններ. հողը միշտ թաց, թթվային բաղադրությամբ, ձմռանը սառը օդ, բույսի շուրջը բարձր խոնավություն տարվա տաք եղանակներին: Պետք է հեռացնել թառամած ծաղիկները, որպեսզի բույսը իր ուժերը չծախսի սերմեր առաջացնելու համար:Ամռանից պետք է հաճախակի պարարտացնել ֆոսֆոր պարունակող պարարտանյութով; Լեռնավարդը սիրում է պայծառ լույս,բայց ամռանը պետք է պաշտպանել արևի ուղիղ ճառագայթներից: Եթե այս պայմանները կատարվեն լեռնավարդը տարեց տարի առատ կծաղկի: Նրան նաև կարելի է «ստիպել» ձմեռային տոներին ծաղկել: Ծաղկաթափից անմիջապես հետո անհրաժեշտ է կտրատել ճյուղերը, ձևավորել բույսը: Այնուհետև պատրաստել հատուկ հողախառնուրդ`երեք մաս տորֆահող, երկու մաս տերևահող, կես մաս ավազ: Բույսերը պետք է վերատնկել ավելի մեծ թաղարներում: Եթե բույսը երիտասարդ է, այն պետք է վերատնկել տարին երկու անգամ: Տարիքավոր բույսերը խորհուրդ է տրվում վերատնկել երկու երեք տարին մեկ:Լեռնավարդը բազմացվում է սերմերով, կտրոններով և պատվաստով:

Դիտվել է 1433

Փողաշուշան (կալա)

Calla (1)Կալան պատկանում է նվիկազգիների ընտանքին(Araceae): Հայրենիքը Հարավային Աֆրիկան է: Բազմամյա, պալարավոր բույս է: Ծաղկակիր ցողունի երկարությունը կարող է հասնել մինչև 1 մ:

Կան կալայի սպիտակ և գունավոր տեսակները: Մեր մոտ տարածված է սպիտակ տեսակը: Տերևները բավական խոշոր են, երկար, սրածայր, նստած են երկար տերևակոթերի ծայրին:

Կալլան էլեգանտ ծաղիկ ունի: Այն  խոշոր, ձագարաձև և մաքուր սպիտակ է, արձակում է թեթև, բայց խեղդող վանիլային բուրմունք:  Ծաղկում է գարնան ընթացքում:

Բույսը տան մեջ ամռանը պետք է դնել  ստվերոտ մասում, կարելի դնել նաև պատշգամբում՝ միայն  թե ստվերոտ հատվածում: Աշնանը կալլային կարելի է դնել լուսամուտագոգերին, որտեղ ավելի տաք է:

Կալլան քմահաճ  բույս չէ, սակայն պահանջկոտ է հողի բերրիության նկատմամբ:  Որպես կիսաճահճային բույս՝ աճման ընթացքում պահանջում է  մեծ քանակությամբ խոնավություն, սակայն  հանգստի շրջանում ջրելն աստիճանաբար պետք է  դանդաղեցնել մինչև 10 օրը մեկ անգամ:

Կալլան բազմացվում է թփիկի բաժանմամբ և սերմերով: Սերմերը ցանում են աշնանը, իսկ թփիկներով բազմացվում են գարնանը:

Կալան մոտ 200 տարի է, որ տարածվել է Եվրոպայում:

Դիտվել է 2061 անգամ:

Գլոքսինիա

OLYMPUS DIGITAL CAMERAԳլոքսինիան բոլորի կողմից սիրված է և համարվում է «էլիտար» ծաղկատեսակ: Պատկանում է գեսներայինների (Gesneriaceae) ընտանիքին: Հայրենիքը արևադարձային Ամերիկան է: Ընտանիքը ներկայացված է 20 տեսակով և կան  բազմաթիվ հիբրիդային տեսակներ:

Բույսի տերևները թավշե ծածկույթով են՝ օվալաձև, լայն տերևներով, արտաքինից պատված աղվամազով:  Ունի երկար ու զանգակաձև, խոշոր ծաղիկներ, որոնք 10-12 սմ տրամագծով, նստած են երկար ու փխրուն ծաղկակոթունների վրա:  Դրանք բազմերանգ են՝  մաքուր սպիտակ, վառ կարմիր, մանուշակագույն , երկգույն կամ եռագույն շերտերով:

Գլոքսինիան սենյակում պետք է դրված լինի լուսավոր, բայց ոչ արևոտ տեղում, լույսի պակասության դեպքում    բույսը չի ծաղկի: Այն պետք է պահել արևի ուղիղ ճառագայթներից հեռու: Սենյակում ջերմաստիճանը չպետք է բարձր լինի 24 աստիճանից ամռանը,  իսկ ձմռանը ցածր՝ 18 աստիճանից:

Ճիշտ խնամքի դեպքում բույսը  կարող է ծաղկել 6-7 ամսից:  Արտաքին  գեղեցիկ տեսքը պահելու համար անհրաժեշտ է ծաղկաթափ եղած ծաղկակոթունները հեռացնել: Դրա շնորհիվ երկարաձգվում է նաև բույսի ծաղկման տևողությունը:

Ծաղկման շրջանից հետո ջրելը աստիճանաբար պետք է քչացնել, իսկ երբ բոլոր տերևները դեղնում և չորանում են,  սոխուկներն անցնում են հանգստի շրջան: Այդ ժամանակ ջրելը պետք  է դադարեցնել: Պարզապես հողը ժամանակ առ ժամանակ կարելի է խոնավացնել:

Ամռանը պետք է ջրել ոչ առատ և  անպայման տակից, որպեսզի ջրի կաթիլները չընկնեն տերևների վրա, հանգստի շրջանում ջրելը պետք է դանդաղեցնել, իսկ ձմռանը՝ լրիվ դադարեցնել: Ձմռանը թաղարը պետք է դնել չոր տեղ և ընդհանրապես չջրել, հակառակ դեպքում բույսը կմեռնի:

Այս բույսի մշակելը բավական դժվար է, քանի որ գլոքսինիան շատ քմահաճ է և զգայուն՝ արտաքին պայմանների նկատմամբ: Բազմացվում է սոխուկների  բաժանումով, սերմերով, ինչպես նաև տերևի արմատակալմամբ:

Ցանքը կատարվում է հունվար-փետրվար, ինչպես նաև նոյեմբեր-մարտ ամիսներին: Սերմերը շատ մանր են, այդ պատճառով կարելի է չծածկել հողով:  Սենյակային պայմաններում աճեցվում է գլոքսինիայի հիբրիդը, և հիմնականում բազմացնում են տերևակալմամբ:

Սոխուկները չի կարելի շատ խորը թաղել հողում, երիտասարդներին անհրաժեշտ է մոտ կես սանտիմետր, իսկ տարեցներին՝ 1.5 սմ հաստությամբ հողաշերտ: Դրանք ավելի խորը տնկելու դեպքում դժավարությամբ են են դուրս գալիս հողի երես և շատ հաճախ նեխում են:

Բույսը կարելի է տեղափոխել տարին մեկ անգամ:

Դիտվել է 1345 անգամ:

Ագավա

agave-americana-538Ագավան` հայերեն պերճածաղիկ, պատկանում  է  նարգիզազգիների ընտանիքին:

Այն սուկուլենտ է, գոյություն ունի ավելի քան 400 տեսակ:

Հայրենիքը Ամերիկան է, առավել տարածված է Մեքսիկայում: Ագավան առանց ցողունի, բարձր և փռված բույս է:  Տերևները դասավորված են վարդակաձև: Բույսի տերևների երկարությունը հայրենիքում կարող է հասնել 30սմ-ից  մինչև 3 մետրի: Ագավան գոյության ընթացքում ծաղկում է մեկ անգամ, որից հետո չորանում է:

Բույսը տարբեր վայրերում ծաղկում է  տարբեր տարիքում: Մեքսիկայում այն ծաղկում է 11-12, Կովկասում՝ 25-30, իսկ բարեխառն գոտու պայմաններում՝ 75-100 տարում: Ծաղկակիրը կարող է հասնել մինչև 12մ, որի վրա կարող են լինել 4000 և ավելի ծաղիկներ:

Ագավաները բաժանվում են երկու խմբի, որոնցից մեկը կոչվում է «Մեգեյա», որից ստացվում է  օշարակ և սպիրտ, իսկ մյուսը՝ «Խենեկեն», որը մանրաթելի հումք է:

Շատ ագավաների տեսակների տերևներից պատրաստում են պարաններ,ճոպաններ և այլ կոպիտ հյուսվածքներ, դրանց ավելցուկներից  արտադրում են  թուղթ` հիմնականում փաթեթավորման:Տերևի փափուկ մասերից օճառ են ստանում: Բույսի չորացած տերևները օգտագործում են որպես շինանյութ,իսկ ամբողջ բույսերով  `կենդանի ցանկապատ:

Մինչև ծաղկելը  մուգ կանաչ ագավայի և այլ ագավաների շաքարային հյութից պատրաստում են պուլկե ալկոհոլային խմիչքը,իսկ ագավայի վարդակից արտադրում են ավելի ուժեղ ալկոհոլային խմիչքներ թեքիլան և մեսկալը: Միայն երկնագույն ագավան է օգտագործվում թեքիլա ստանալու համար:

Որոշ ագավաների արմատներ գործածում են բժշկության մեջ: Ամերիկյան և սիսալյան ագավաների տերևները  պարունակում են սապոնին,որը  օգտագործում են  հորմոնալ կորտիզոն և պրոգեստերոլ պրեպարատների մեջ:

Ագավաները բազմանում են սերմերով, արմատածիլերով և բողբոջ սոխիկներով:

Այս բույսը Հայաստանում օգտագործվում է քաղաքի կանաչապատ գոտիներում ՝գորգային ձևավորումների համար. դրվում է ծաղկաթմբի մեջտեղում, ինչպես նաև աճեցվում է մեծ ծաղկամաններում, որոնք կարող են դրվել պատշգամբներում:

Ագավան կարելի է աճեցնել նաև տնային պայմաններում: Ձմռանը սենյակի ջերմաստիճանը չպետք է ցածր լինի 18, իսկ ամռանը՝ 23 աստիճանից:

Բույսը չպետք է առատորեն ջրել, հատկապես ձմռանը: Խոնավության ավելցուկից տերևներն ու արմատը կարող են նեխել:

Ագավայի համար սենյակում ամենալավ տեղը համարվում է հարավային և արևելյան տեղերը, այն ջերմասեր բույս է և չի վախենում արևի ուղիղ ճառագայթներից:

Դիտվել է 1813 անգամ:

Ֆուքսիա

fukc2Պատկանում է ապուզանազգիների ընտանիքին: Ֆուքսիան հայտնաբերվել է 1696թ., երբ ֆրանսիացի գիտկանան Շարլ Պլյումեն երրորդ անգամ ուղևորվել է Վեստ-Ինդիա`  ներկայիս Դոմինիկյան հանրապետության շրջակայքերում: Նա բույսն անվանել է ի պատիվ գերմանացի բուսաբան Լեոնարդ Ֆուքսի:

FuchsiaՖուքսիան կախվող ճյուղերով բույս է, որը բնակարաններում օգտագործվում է  որպես ամպելային: Այն մշտադալար բույս է, սակայն բնակարաններում ցածր ջերամաստիճանի կամ խոնավության պակասի դեպքում  երբեմն տերևաթափ է լինում:

Ծաղիկները մեծ մասամբ կախված են և լիաթերթ: Արտաքինից շատ հասարակ տեսք ունի, բայց շատ սիրված է տնային տնտեսուհիների մոտ:  Ժողովրդի մոտ տարածված է «ականջօղ» անունով:

Ամռանը բույսը պահանջում է առատ ջրում, երբեմն կոյաջրով: Թաղարներում տնկված երիտասարդ բույսերը կարելի է պահել նաև բաց լուսամուտների գոգին, որտեղ արևն ուղղահայաց չի ընկնում, այլ միայն առավոտյան և երեկոյան:

Ձմռանը ֆուքսիաները պահումեն սառը տեղում և ջրում են սակավ:

Բարձր բուն ստանալու համար պետք է ընտրել ամենաուղիղ և լավ աճած ցողունը, իսկ մյուսները հեռացնել:  Բնի համար թողնված ցողունը պետք է մաքրել ավելորդ ճյուղերից և ձևավորել պսակը:

Ֆուքսիաները լուսասեր են: Սենյակի ջերմաստիճանը միջինը պետք է լինի 12-15 աստիճան: 18-20 աստիճանի դեպքում անգամ այն կարող է ծաղիկները գցել և նույնիսկ մահանալ: Իսկ ձմռանը  ջերմաստիճանը պետք է լինի 6-10 աստիճան:

Ֆուքսիան բազմացվում է կտրոններով: Այն աշատ արագ արմատակալում է: Արմատակալելուց հետո պետք է տեղադրել մոտ 7 սմ տրամագիծ ունեցող թաղարում, այնուհետև մեկ տարի հետո տեղափոխել մի փոքր ավելի մեծ տրամագիծ ունեցող թաղար:

Գարնան վերջին բույսը պետք է հանել բակ ու դնել  ծառների տակ` զով տեղում: Ֆուքսիայի արմատերը լավ զարգանում են, և եթե  արմատների աճման համար այլևս տեղ չկա, պետք  է անմիջապես վերատնկել:

Դիտվել է 937 անգամ:

Դրախտավարդ

դրախտավարդՊատկանում է քարբեկազգիների ընտանիքին: Հայրենիքը Ճապոնիան ու Չինաստանն է: Ոչ մշտադալար թուփ է, որի տեսակներից մեր մոտ աճեցվում է պարտեզայինը:

Թփի բարձրությունը հայրենիքում և Սև ծովի ափերին հասնում է մինչև 2 մետրի: Ճյուղերի վրա հակադիր նստած, օվալաձև, սրածայր, ատամնավոր տերևների վերին մակերեսը մուգ կանաչ է, իսկ հակառակ կողմը` բաց կանաչ: Ցայտուն ընդգծված  տերևաջղեր ունի: Ծաղիկները ծաղկաբույլերով են, որոնք գնդաձև կամ հովանոցաձև տեսք ունեն:

Ծաղկաբույլերը փարթամ են ու խոշոր, բազմերանգ են. հիմնականում լինում են սպիտակ կամ վարդագույնի տարբեր երանգներով: Պարտեզագործության մեջ շատ տարածված է դրախտավարդի ծաղիկների գույնը արհեստական եղանակով փոխելը: Այդ նպատակով ծաղկելուց մի քանի շաբաթ առաջ բույսերը ջրում են ալյումինի պաղլեղով(շիբ), մեկ լիտր ջրի մեջ լուծելով 5 գրամ շիբ: Դրանից հետո դրախտավարդի սպիտակ ծաղիկները ձեռք են բերում երկնագույն, իսկ վարդագույնը` բաց մանուշակագույն երանգներ:

Ծաղկած ժամանակ դրախտավարդը պահում են ստվերում: Ծաղկում է ամառվանից մինչև աշուն:

Բույսը բազմանում է կտրոնով: Կտրոնից պետք է ունենալ 2-3 հանգույց: Բազմացումը կատարվում  է փետրվար-մարտ ամսին: 18՞-20 աստիճան պայմաններում կտրոնները արմատակալում են 13-15 օրում:  Եթե բույսը բավական խոշորացել է, և արմատներն ամբողջությամբ ընդգրկել են թաղարը, անհրաժեշտ է փոխադրել ավելի մեծ թաղարի մեջ:

Դրախտավարդը  խոնավասեր է. անունը հունական ծագում ունի, որի հիմքում ընկած է ջուրը, որն էլ ցույց է տալիս բույսի հակումը ջրի նկատմամբ:

Ամռանը պետք է առատ պետք է ջրել, ինչպես նաև բույսը ցողել ջրով: Իսկ սեպտեմբերի երկրորդ կեսից հետո ջրման նորման աստիճանաբար պակասեցնում են, որի շնորհիվ  բույսը հետզհետե դադարում է աճելուց և ուշ աշնանը տերևաթափ է լինում:

Ձմռանը դրախտավարդը պահում են 3-4 աստիճան պայմաններում, որտեղ բույսն ամբողջությամբ տերևազրկվում է և սկսվում է հանգստի շրջանը, որը տևում է 2.5-3 ամիս:

Հանգստի շրջանում ջրման նորման խիստ պակասեցնում են և խոնավացնում են  միայն հողի արտաքին մակերեսը` որպեսզի բուսյն ամբողջությամբ չոչնչանա:

 

Դիտվել է 10703 անգամ: