Տուբերկուլոզի դեմ պայքարի արդյունավետությունը կմեծանա

կառավարությունՀՀ կառավարության ս.թ. մարտի 27-ի նիստի որոշմամբ «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային գրասենյակ» ՊՈԱԿ-ը վերանվանվել է «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի, վերջինիս միացվել է ՀՀ առողջապահության նախարարության «Հանրապետական հակատուբերկուլոզային դիսպանսեր» ՓԲԸ-ն: Նորաստեղծ ՊՈԱԿ-ի լիազորության մեջ են մտել ինչպես տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրից բխող միջոցառումների իրականացումը, այնպես էլ բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցումը, ինչի շնորհիվ կբարձրանա բժշկական օգնության և սպասարկման որակը, կբարելավվի ֆինանսական միջոցների արդյունավետ և նպատակային օգտագործումը: Մեկ այլ որոշմամբ գործադիրը առողջապահության բնագավառի ՊՈԱԿ տնօրենին ներկայացվող 65 տարին լրացած չլինելու պարտադիր պայմաններից մեկը տարածել է հարյուր տոկոս պետական սեփականությամբ բաժնետիրական ընկերության տնօրենի վրա` դրսևորելով միատեսակ մոտեցում և նպաստելով աշխատաշուկայի մրցունակության բարձրացմանը:

Երևանում բացվեց բժշկական նոր կենտրոն

Երևանում բացվեց բժշկական նոր կենտրոն   Այսօր Երևանում բացվեց ամբուլատոր-ախտորոշիչ և հիվանդանոցային ծառայություններ մատուցող «Մեդլայն կլինիկ» կենտրոնը` հագեցած ախտորոշիչ նորագույն սարքավորումներով, այդ թվում` համակարգչային շերտագրության, թվային ռենտգեն, թրեդմիլ և այլ սարքավորումներով։ 50 մահճակալ ունեցող կլինիկայում ծավալված երեք վիրասրահներում կկատարվեն ինչպես բաց, այնպես էլ լապարոսկոպիկ եղանակով վիրահատություններ։ Վիրաբուժական ուղղվածություն ունեցող կլինիկայում ստեղծվել են ժամանակակից սարքավորումներով հագեցած վերակենդանացման, հետվիրահատական բաժին, հարակից անհրաժեշտ ծառայություններ, հարմարավետ հիվանդասենյակներ։

Կենտրոնի բացմանը ներկա էին ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, առոջապահական հիմնարկների ղեկավարներ, բժիշկներ:

Պատասխանելով լրագրողների հարցերին`  Դերենիկ Դումանյանը խրախուսեց մասնավոր ներդրողի կողմից նման կլինիկա ստեղծելու գաղափարը։ «Լիցենզավորման գործակալության և ԾԻԳ-ի  մեր մասնագետները մշտապես հետևել են շինարարության ընթացքին և անհրաժեշտ խորհրդատվություններ տվել, որպեսզի բոլոր ծառայությունները համապատասխանեն սահմանված նորմերին ու պահանջներին։ Արդյունքում այսօր բացվում է բավականին հարմարավետ հիվանդանոց»,- ասաց նախարարը:

Անկախ

Կունենանք ծառայությունների օպտիմալ կառուցվածք

DSC_0030ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի մոտ  մարզպետարանների առողջապահության պատասխանատուների  մասնակցությամբ կայացած գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ հիմնականում քննարկվեցին Շիրակի մարզի առողջապահության ոլորտի խնդիրները։ Առիթն անցած շաբաթ նախարարի Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում բարձրացված հարցերն էին։

«Ակնհայտ է, որ Գյումրու ծննդատանը կառավարման ոչ արդյունավետ համակարգ ունենք։ Թե՛ այստեղ, թե՛ Ավստրիական մոր և մանկան հիվանդանոցում ծավալված է 30-ական մահճակալ։ Սակայն առաջինում եթե 100-ից ավելի բուժաշխատող ունեն, ապա երկրորդում` 32։ Երկու տարի առաջ իրականացված վերանորոգումից հետո Ավստրիական մոր և մանկան հիվանդանոցում նաև ծննունդներ են ընդունում։ Ու քանի որ այտեղ շատ ավելի լավ պայմաններ են, կանայք նախընտրում են այս հիվանդանոցը։ Մենք արհեստականորեն չենք կարող լուծարել որևէ բուժհիմնարկ և ոչ էլ կանանց ուղղորդել այս կամ այն ծննդատուն։ Առկա խնդիրները երկու օր առաջ հանգամանորեն քննարկել ենք ինձ մոտ կայացած խորհրդակցության ժամանակ։ Ես այն կարծիքին եմ, որ այսօր խնդրին պետք է շատ ավելի ընդգրկուն լուծում տանք»,- նշեց Դերենիկ Դումանյանը` հանձնարարելով նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներին մանրամասն ուսումնասիրել, թե Գյումրին հիվանդանոցային և պոլիկլինիկական ինչպիսի և ինչ ծավալների ծառայությունների կարիք ունի։ Նախարարն առաջարկեց ուսումնասիրել  նաև մասնավոր բուժհաստատությունների կողմից իրականացվող բժշկական ծառայությունները։

«Գյումրու փորձով այնուհետև կանդրադառնանք այլ մարզերում և խոշոր քաղաքներում բժշկական ծառայությունների օպտիմալ կառուցվածք ունենալուն։ Սրանով մենք կօգնենք նաև մասնավոր ներդրողներին։ Եթե որևէ մեկը ցանկանա այս կամ այն քաղաքում որևէ ծառայություն կազմակերպել, ապա նրան կկարողանանք ճիշտ ուղղորդել»,-ասաց նախարարը։

Շիրակի մարզի շտապօգնության ծառայության խնդիրների քննարկման ժամանակ Դերենիկ Դումանյանը հանձնարարեց վերանայել ողջ հանրապետության գյուղական բնակավայրերում այդ ծառայության անխափան կազմակերպման նպատակով կատարված քարտեզագրումը։

Մարզպետարանների առողջապահության պատասխանատուներին նախարարը հանձնարարեց մշտական հսկողություն սահմանել դեպի Երևան ուղեգրումների նկատմամբ։ Նաև հանձնարարեց տեղի հիվանդանոցների ղեկավարներին խստորեն զգուշացնել, որ պետական պատվերով  բուժվող հիվանդներին պարտադիր իրազեկման թերթիկներ տրամադրվեն։

Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին այլ հարցեր ևս, նախարարին զեկուցեցին մարզերում կանանց առողջության պահպանման միամսյակի արդյունքները։

Անկախ

Ուսումնասիրություն.ծխողները գրեթե դառնահամ չեն զգում

82272006-02-28_kurilkaԾխողները գրեթե չեն զգում դառնահամ, ասվում է ֆրանսիացի գիտնականների հոդվածներում, որոնք հրապարակվել են Chemosensory Perception-ում:

Նման եզրահանգման են եկել գիտնականները` 451 մարդու մասնակցությամբ  հետազոտությունների արդյունքներով:

Մասնագետներն ուսումնասիրել են, թե ինչպես են ծխողների մոտ փոփոխվում համային ռեցեպտորները, ինչպես նաև,  նրանց` քաղցրի, դառը, աղի ու կծու, թթու  համերի ընկալումը:

Ուսումնասիրության ընթացքում նրանց հաջողվել է  պարզել, որ ինչպես և ծխողները, այնպես էլ չծխողները միանման են ընկալում քաղցր աղի ու թթու համերը, իսկ այ, օրինակ, դառնահամի նկատմամբ ծխողներն անընկալունակ են:

Հենց դրանով է բացատրվում այն փաստը, որ ծխողները գերադասում են դառը ու թունդ սուրճը:

Անկախ

Մոռացկոտության գեն

0.18055257828Սովորաբար, ցրվածությունը, անուշադրությունը, մոռացկոտությունը կապում են  տարիքի հետ: Սակայն, ուսումասիրությամբ հաջողվել է պարզել, որ միշտ չէ, որ թվարկված ախտանշանները նշանակում են, որ ծերանում ենք:

Գիտնականները կարծում են, որ պատճառը  DRD2 գենն է; Բացի այդ,  DRD2 գենն ազդում է տարբեր նյարդային ազդակների` ուղեղին փոխանցմանը:

DRD2 գեն ունեցող մարդը դառնում է ցրված, մոռացկոտ, երբեմն էլ վատ հիշողության պատճառով սխալներ է թույլ տալիս: Նման մարդիկ դժվարությամբ են մտապահում ցանկացած տեղեկություն: Նման կարճատև մոռացկոտությունը հաճախ կենցաղում ու աշխատավայրում դառնում է  խդիրների պատճառ:

Տվյալ գենը 2 տարբերակով է հանդես գալիս. 500 կամավորների մասնակցությամբ անցկացված ուսումնասիրությամբ պարզվեց, որ նրանց մեկ  քառորդի մոտ ազոտական հիմքով ցիտոզինը ունակ է վերածվելու թիմինի  (Т):

DRD2 –ն համադրությամբ ու կամավորների պատմություններով գիտնականները կարողացան հայտնաբերել, որ թիմինով տարբերակը կրողները ավելի ցրված են ու մոռացկոտ, քան ցիտոզինով տարբերակը կրողները:

 Անկախ

Առողջությունն ու երջանկությունը

երջանկությունՄարտի 20-ը Երջանկության միջազգային օրն է:
2012-ին ՄԱԿ-ը մարտի 20-ը հայտարարեց Երջանկության միջազգային օր` պաշտպանելով այն գաղափարը, որ երջանկության ձգտումը ընդհանուր է մեր մոլորակի բոլոր մարդկանց համար: Օրը կոչված է ցույց տալու նաև, որ երջանկությունը մարդկության հիմնական նպատակներից է:
Առողջություն ու երջանկություն. մարդու համար կարևոր ու նշանակալի են երկուսն էլ: Չէ՞ որ, եթե մարդը լավ առողջություն ունի, ապա նա ցանկացած գործ կարող է անել, ու ցանկացած նպատակակետ հասանելի կդառնա: Կարելի է ճանապարհորդել ու լավ վաստակել, օրերով զբաղվել արվեստով, սպորտով. մի խոսքով, ցանկացած գործով: Իսկ եթե դրան էլ ավելանա երջանկության զգացումը, ապա պարզապես իդեալական կյանք կստացվի` ծով հնարավորություններով ու հաճույքներով:
Իսկ արդյոք երջանկության զգացումն ազդո՞ւմ է առողջության վրա: Ցանկացած մարդ այդ հարցին կպատասխանի` եթե առողջ ես, ուրեմն երջանիկ ես:
Կրոնական տարբեր դավանանքի պատկանողները ծուլությունը, հուսալքությունն ու անհավատությունը սարսափելի մեղք են համարում: Քրիստոնեությունը դրանք մահացու մեղքեր է համարում, որոնք սպանում են հոգին ու մարմնական հիվանդության հանգեցնում:
Իսկ ի՞նչ է մտածում բժշկությունը
Պաշտոնական բժշկության բազմաթիվ հետազոտություններով ու բժշկական պրակտիկայով ապացուցվել է, որ ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեբանական հիվանդությունների մեծ մասն առաջանում է ոչ ճիշտ հուզական տրամադրվածության հետևանքով:
Վատ տրամադրության, տրտմության, ծուլության կամ բաժանման ապրումների, դժբախտ սիրո և կամ մտերիմ մարդու մահվան պատճառով մարդիկ տարբեր հիվանդությունների տեր են դառնում. անճանաչելիության աստիճան նիհարում են, տառապում գլխացավերից, կորցնում քունը, թմրանյութեր կամ հակադեպրեսանտներ ընդունում, հաճախ ստամոքսի խնդիրներ են ունենում, քրոնիկ գլխացավեր, ասթմա, բորբոքային ու շնչուղիների, արյան հիվանդություններ, չհիմնավորված տագնապներ ու վախեր և անգամ` քաղցկեղ:
Ինչի՞ց են առաջանում հիվանդությունները
Բնականաբար, հարց կառաջանա, թե ինչպես կարող է վշտից կամ դժբախտությունից հիվանդություն առաջանալ:
Փաստորեն, հիվանդությունների մեծ մասն առաջանում է երջանկության բացակայությունից: Բժիշկների մի մասը կարծում է, որ հիվանդությունները միայն իրական պատճառ կարող են ունենալ: Մինչդեռ հիվանդություններից մեծ մասի պատճառը երջանկության բացակայությունն է: Ինչպես իմաստուն ու իրականում շատ պրակտիկ կրոնն է ասում, հուսահատությունը մահացու մեղք է: Եվ ով տրվում է այդ մեղքին, դատապարտված է դժբախտության ու հայտնվում է ցանկացած հիվանդությամբ հիվանդանալու ռիսկի խմբում: Չէ՞ որ կյանքում ամեն ինչ փոխկապակցված է:
Շատերն ականատես եղած կլինեն դեպքերի, երբ մարդիկ ապաքինվում են անբուժելի համարվող հիվանդությունից` կյանքի իմաստավորման շնորհիվ: Եվ հակառակը` խամրել են ասես` կորցնելով կյանքի երջանկությունը: Երբեմն մարդն ինքն է իրեն մատնում դեպրեսիայի, գլխացավերի, իսկ հետո հրաժարվում է բուժվելուց կամ էլ դուրս գալուց այդ վիճակից` պատճառաբանելով նույն գլխացավը:
Երջանիկ մարդիկ առողջ են
«Ես գիտեմ «դժվար» բառը, ես գիտեմ «երկարատևը»: Սակայն ես չգիտեմ «անհնարին» բառը»,- ասում է Դևիդ Բեքհեմը:
Այո, քանի որ իրականում երջանիկները հիվանդանալու ժամանակ ու ցանկություն չունեն: Հիվանդանում են հիմնականում նրանք, ովքեր անելու բան չունեն կամ էլ նրանք, ովքեր չեն սիրում աշխատանքն ու ուսումը:
Երջանկությունն ու գեղեցկությունը
Երջանկությունն օգնում է գեղեցիկ լինել: Ընդհանրապես գեղեցկությունն ու երջանկությունն անքակտելի են: Համենայն դեպս, փողոցում երջանիկ մարդկանց վրա շատերն են ուշադրություն դարձնում:
Իհարկե, ավելի շատ դուր է գալիս ժպտացող դեմքը, քան միշտ խոժոռը: Բացի այդ, երջանիկ մարդիկ քիչ կնճիռներ ունեն: Իսկ ե՞րբ է մարդը կնճոռտվում` երբ ինչ-որ բանից դժգոհ է:
Կյանքում նպատակ ունենալը երկարացնում է կյանքը
Սերը, ցանկություններն ու ձգտումները, առավել ևս` երջանկությունը երկարացնում են կյանքը: Երբ տարեցները կորցնում են հետաքրքրությունները, մարում են արագ: «Երջանկությունը բացառում է ծերությունը: Ով կարողանում է պահպանել գեղեցիկը տեսնելու հատկությունը, նա չի ծերանում»,- ասում է Ֆրանց Կաֆկան:
Հետևաբար, որքան շատ ցանկություններ ունեք ու հետաքրքրություններ, այնքան ապրելու ցանկությունը մեծ է ու դրանով ավելի շատ ազատ էներգիա, առողջություն, պատճառ ու երջանկություն կունենաք:
Երջանկությունը երկարացնում է կյանքը
Ակտիվ ստեղծագործելու, արարելու, նոր բան ստեղծելու, աճեցնելու, երջանկությունից ճախրելու ցանկությունն ապրելու ցանկությունն է:
Իսկ հուսահատությունն ու ծուլությունը, ըստ էության, հենց ապրելու ցանկության բացակայությունն է, այսինքն` ինքնասպանությանը հավասարազոր մի բան ու ընդհանրապես, հանցագործություն կյանքի էության նկատմամբ: Ուստի, բոլոր գիտակից ու կիրթ հավատացյալները համոզված են, որ հուսահատությունն ու իր հետ կյանք բերած ծուլությունն է բոլոր դժբախտությունների, հիվանդությունների ու անգամ աղքատության պատճառը:
Երջանկության հորմոններ
Երկու հիմնական նյութեր կան, որոնք ազդում են մեր տրամադրության վրա:
Սերոտոնին: Ում մասին ասում են` ասես ներսից է լուսավորվում, այդ հորմոնի անբավարարություն հաստատ չունի: Գիտնականները պարզել են, որ այդ բնական քիմիական տարրը պաշտպանում է նաև քաղցկեղից: Սերոտոնինը լարվածությունը վերացնում է, ազդում է քնի ու ախորժակի վրա, բավականության զգացում է առաջացնում ու բարձրացնում տրամադրությունը:
Մեծ քանակությամբ սերոտոնին են պարունակում շոկոլադը, բանանը, արմավը, թուզը: Օրգանիզմում սերոտոնինի մակարդակի ու տրամադրության կապը երկուստեք է: Սերոտոնինի ավելացման հետ բարձրանում է տրամադրությունը, ու տրամադրության բարձրացման հետ ավելանում է սերոտոնինի մակարդակը:
Էնդորֆին: Էնդորֆինի բարձր մակարդակը լավատեսությամբ է համակում, մարդն իրեն բացարձակ երջանիկ է զգում: Այդ կենսաբանորեն ակտիվ նյութերը մշակվում են ուղեղի բջիջներից ու նյարդային համակարգից: Հատուկ ռեցեպտորներին միանալով` դրանք հեշտացնում են նյարդային ազդակի «վազքը» դեպի «հաճույքի կենտրոն»: Նյարդային այդ կենտրոնի գրգիռը թեթևության, երջանկության ու սթափության զգացում է հաղորդում:
Էնդորֆինը միայն ներքին «բավարարիչի» դեր չի կատարում: Այն նաև հզոր ցավազրկող, ջերմիջեցնող ու հակաբորբոքային հատկություն ունի: Օրինակ` հղիության ժամանակ էնդորֆինի քանակն ավելանում է, իսկ ծննդաբերությունից հետո` կտրուկ իջնում: Դա հետծննդաբերական դեպրեսիաների պատճառներից մեկն է: Էնդորֆինի սինթեզի խանգարումը, գիտնականների կարծիքով, կարող է քրոնիկ հիվանդությունների ցավային ախտանշանների պատճառ դառնալ:
Ի՞նչն է երջանիկ դարձնում
Ինտենսիվ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը:
Սեքսը մի քանի անգամ ավելացնում է էնդորֆինի մակարդակը: Պատահական չէ, որ արևելքի բժիշկներն այն համարում են բոլոր հիվանդությունների համադարման: Հնում մի ընդհանուր դեղ էր նշանակվում բրոնխիալ ասթմայի, գաստրիտի և հազար ու մի այլ հիվանդությունների դեպքում: Վիճակագրության համաձայն` շատ հիվանդների վիճակը բարելավվում է նման թերապիայից հետո: Այնպես որ սեքսի բուժական ազդեցությունն ապացուցված է: Եվ այն կանայք, որոնք հրաժարվում են սեքսից` պատճառաբանելով գլխացավը, կորցնում են շուտ ապաքինման հնարավորությունը; Սա հումոր չէ. բանն այն է, որ միգրենով տառապողների մոտ ի ծնե ցածր է «երջանկության հորմոնի» սինթեզը: Այնպես որ, նրանց առաջին հերթին է ցուցված ամեն «հաճելի բան»:
Սնունդ: Բանն այն է, որ բնակչության 40%-ը գերադասում է լավ սնունդը լավ սեքսից: Սակայն ամեն սնունդ չէ, որ միանման է նպաստում էնդորֆինի սինթեզին: Ապացուցված է, որ առաջին տեղում ածխաջրերերով հարուստ սնունդն է, բանանն ու շոկոլադը: Գրեթե նույն ազդեցությունն ունի նաև պաղպաղակը: Այս կարգի մնացյալ սնունդի ազդեցությունը թույլ է: Իսկ ածխաջրերը մեծ ազդեցություն ունեն կանանց վրա: Դա է պատճառը, որ դեպրեսիայի ժամանակ կանայք սկսում են իրենց դժբախտություններն «ուտել» ու գիրանալ:
Հղիություն: Այն կնոջը երջանկություն է պարգևում 9 ամիս: Էնդորֆինների քանակի բարձրակետը համընկնում է ծննդաբերության պահի հետ:
Ուլտրամանուշակագույնը նույնպես ավելացնում է սերոտոնինի խտությունն օրգանիզմում: Դրա համար էլ լուսային օրվա երկարելն ու տաքանալը բարերար ազդեցություն է ունենում հյուսիսաբնակների վրա: Իսկ հարավաբնակների մոտ, որոնք միշտ բնակվում են գրեթե չփոփոխվող կլիմայական պայմաններում, չկան տրամադրության սեզոնային վերելքներ ու սեզոնային դեպրեսիաներ:
Ծիծաղ: Էնդորֆինների մակարդակը կտրուկ բարձրանում է ծիծաղի ժամանակ: ԱՄՆ-ի Մերիլենդի նահանգի գիտնականներն ուսումնասիրությամբ պարզել են, որ ուրախ ֆիլմերի դիտումը բարելավում է արյան շրջանառությունը, մինչդեռ թրիլլերներն ու ժանրով նման ֆիլմերն էմոցիոնալ ցնցում են պատճառում: Այնպես որ` կատակերգությունների դիտումը նույնքան օգուտ է բերում, որքան աերոբիկայով պարապելն ու վիտամինները: Ընդ որում, գիտնականներն առաջարկում են հույզերը չթաքցնել ու բարձրաձայն ծիծաղել, որպեսզի «երջանկության հորմոններ» մշակվեն: Դրանք էլ իրենց հերթին նպաստում են իմունիտետի բարձրացմանն ու ձմեռային դեպրեսիայի հաղթահարմանը:
Արվեստ: Ավստրալացի բժիշկ Դևիդ Էվանսը 19 փորձ է անցկացրել արվեստաթերապիայի կիրառմամբ: Երաժշտության ու գեղանկարչության բուժական չափաբաժին ստացած հիվանդների համար ավելի թույլ չափաբաժնով ցավազրկող է պահանջվել: Բացի այդ, նրանց մոտ էականորեն նվազել է արյան ճնշումը; Հետաքրքիր փորձ է անցկացրել նաև Լոնդոնի խոշորագույն հիվանդանոցներից մեկի ղեկավարությունը: Հիվանդանոցի տարածքը` միջանցքները, հիվանդասենյակներն ու նախասենյակները ներկել են տարբեր ոճերի ու ժանրերի նկարներով: Հիվանդների 80%-ը խոստովանել է,որ գեղանկարչությունն իրենց շեղել է առողջական խնդիրների հետ կապված մտորումներից ու բարձրացրել տրամադրությունը:
Մեկ ուրիշ անգլիական կլինիկայում որոշել են ստուգել արվեստի ազդեցությունը հիվանդների վրա, որոնք քիմիաթերապիայի կուրս են անցել: Մի խումբը լսել է երաժշտական ստեղծագործություն, մյուսը նկարներ է դիտել, իսկ երրորդը սովորական բուժման կուրս է անցել: «Երաժշտական» խմբում ճնշման ու վախի զգացողությունը նվազել է 32%-ով, «գեղանկարչական» խմբում` 18%-ով, իսկ պարզապես բուժման կուրս անցնողների խմբում հիվանդների տրամադրությունը չի փոխվել:
Պարգևավճար
Էնդորֆին է մշակվում նաև առաջադրված նպատակին հասնելու ժամանակ: Խնդիրը ձևակերպեցիր-կատարեցիր-բավականություն ստացար: Հաջողությամբ հաղթահարված ծանրաբեռնվածությունից, դժվարին վիճակից դուրս գալուց հետո օրգանիզմը պարգևավճար է ստանում դրական հույզերի ձևով:
Իսկ օրինակ` մեղքի զգացումը ճնշում է «երջանկության մոլեկուլների» դուրսմղումը: Այդ շղթան հրաշալի բացատրում է շատակերության ու սննդակարգի մեխանիզմը: Եթե մարդն ուտում է ու հետն էլ մեղքի զգացում ունենում (նորից չդիմացա ու կերա), «երջանկության հորմոնների» չափաբաժին չի ստանում ու սկսում է ուտել ու ուտել:Առաջանում է փակ շղթա, որը կարելի է միայն մի միջոցով կանգնեցնել` վերացնել արգելքները, սակայն սահմանափակել բարձրկալորիական սնունդը: Իսկ նիհարները քիչ են ուտում, իրենց չեն մեղադրում մի կտոր երշիկի համար ու հաճույք են ստանում առաջին պատառի հետ: Օրգանիզմը բավարարվում է իր չափաբաժնով ու ավելին չի պահանջում:
Այդպես է բացատվում նաև մարդու բավարարությունը, որ նա ստանում է թվում է թե ոչ համեղ, սակայն առողջարար սննդից: Եթե հրաժարվում է վտանգավոր մթերքից գիտակցաբար, հասկանալով, թե ինչ լավ բան է ինքն իրեն անում, ապա անգամ հազարի տերևը, որը սերոտոնին չի պարունակում, կարող է խթանել «երջանկության հորմոնի» արտանետումը` որպես պարգևավճար նպատակին հասնելու համար:
Ի դեպ, «երջանկության հորմոնները» հայտնաբերվել են անցած դարի կեսերին: Պարզեցին նաև, որ այդ հորմոնները մշակվում են գլխուղեղում ու ոչ միայն մարդկանց, այլև կենդանիների մոտ:
Թվում է, թե դեղատոմսը շատ պարզ է, երջանիկ լինելու համար պետք է հարթել այդ նյութերի անխափան մշակումը: Սակայն ի՞նչ քանակությամբ ու ինչպե՞ս: «Մարդկանց մեծ մասը երջանիկ է այնքանով, որքանով որոշել է լինել երջանիկ»,- ասել է մեծերից մեկը: Ավաղ, «երջանկության հորմոնի» անալիզ հանձնելն անհնար է, սակայն դրա անբավարարությունը կարելի է որոշել նաև արտաքին նշաններով ու ժամանակին միջոցներ ձեռնարկել:

Անքնությունը վնասում է գլխուղեղը

sleep-lossՆոր հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ անքուն մնացած գիշերների քունը չի կարելի լրացնել այլ ժամերի հավելյալ քնելով:

Պենսիլվանիայի համալսարանի նյարդաբան Սիգրիդ Վիզին հայտնել է, որ անքուն գիշերները վնասում են նաև գլխուղեղը:

Նյարդաբանը Neuroscience ամսագրում հրապարակված հոդվածում նշում է, որ անքուն գիշերները հետագայում երկար քնելով լրացնելը պարզապես միֆ է:

Երկար ժամանակ չքնելու հետևանքով գլխուղեղը ուժասպառ է լինում, եթե նույնիսկ հետագայում երկար ժամանակ քնում են, ինչը հանգեցնում է գլխուղեղի վնասման:

Սա առաջին դեպքն է, որ երկար ժամանակ չքնելու հետևանքով գլխուղեղի բջիջների մահանալու վերաբերյալ հետազոտություն է անց կացվում:

Հետազոտողները հույս ունեն, որ իրենց հետազոտությունները կօգնեն անհարմար ժամերի աշխատող մարդկանց օգնելու համար դեղամիջոցներ ստեղծել:

 Անկախ

«Հայաստանում անկախության տարիներից ի վեր «Շտապ բուժօգնություն» ծառայությունը երբևիցե նման հագեցվածություն չի ունեցել». Վահան Պողոսյան

շտապօգնություն1ՀՀ առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ Հայաստանում անկախության տարիներից ի վեր «Շտապ բուժօգնություն» ծառայությունը երբևիցե նման հագեցվածություն չի ունեցել, ինչպես այժմ: Այսօր «Շտապ բուժօգնություն»-ը հագեցած է և´ մեքենաներով, և´ բուժտեխնիկայով, և´ դեղորայքով, իսկ աշխատակիցները հատուկ կրթություն են անցել: Ոլորտի կատարելագործման համար կատարվելիք հաջորդ աշխատանքը լինելու է ծառայությունը ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցնելը:

Փոխնախարարի խոսքով՝ շտապօգնության ծառայության արդիականացման նպատակով մշակվել և ՀՀ կառավարության 2010-ի հուլիսի որոշմամբ հաստատվել է «Շտապ բժշկական օգնության արդիականացման ծրագիրը», որի ավարտը նախատեսվում է 2014-ին:

«Արդյունքներն ակնառու են, ժողովուրդը սկսում է ավելի վստահել շտապօգնությանը: Երևանում շտապօգնության կանչերը 2013-ին 2012-ի համեմատ աճել են 23 հազարով: Աճի միտումը մասամբ բացատրվում է նաև առավել որակյալ և արդյունավետ աշխատանքով»,- ասաց փոխնախարարը՝ հավելելով, որ նախատեսում են ավելի ճկուն դարձնել համակարգը:

Առողջապահության նախարարության աշխատակազմի արտահիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի պետ Ռուզաննա Յուզբաշյանն էլ նշեց, որ այս չորս տարիների ընթացքում ՀՀ պետական բյուջեի հաշվին բժշկական ապրանքներ, սարքեր և սարքավորումներ ծրագրով ձեռք են բերվել շտապօգնության մեքենաներ և հատկացվել են Կոտայքի, Արարատի, Արմավիրր, Տավուշի, Սյունիքի, Արագածոտնի մարզերի 6 բժշկական հաստատություններին:

«2011-ին Չինաստանի կառավարությունը Հայաստանին նվիրաբերեց 20 ռեանիմոբիլ և 68 գծային շտապօգնության մեքենա՝ հագեցված անհրաժեշտ սարքավորումներով: Մեքենաներից 53-ը տրամադրվել է մարզերին, իսկ 35-ը՝ Երևանին»,- ասաց Ռուզաննա Յուզբաշյանը՝հավելելով, որ չնայած այս ամենին, մեքենաներով բավարարվածությունը հատկապես մարզերում հեռու է ցանկալիից:

« «Շտապ օգնության» ծառայությունում ընդգրկված բոլոր մասնագետները վերապատրաստվել են ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատված կրթական նոր ծրագրով: 2013-ին մշակվել է շտապօգնության ծառայության կատարողականի որակի գնահատման 80 ցուցանիշ, որից 17-ը կներառվի շտապօգնության վերլուծական համակարգում գործարկման առաջին տարվա ընթացքում»,- ասաց բանախոսը:

 Անկախ

Երևանում բացվեց բժշկական նոր կենտրոն

Երևանում բացվեց բժշկական նոր կենտրոնԱյսօր Երևանում բացվեց ամբուլատոր-ախտորոշիչ և հիվանդանոցային ծառայություններ մատուցող «Մեդլայն կլինիկ» կենտրոնը` հագեցած ախտորոշիչ նորագույն սարքավորումներով, այդ թվում` համակարգչային շերտագրության, թվային ռենտգեն, թրեդմիլ և այլ սարքավորումներով։ 50 մահճակալ ունեցող կլինիկայում ծավալված երեք վիրասրահներում կկատարվեն ինչպես բաց, այնպես էլ լապարոսկոպիկ եղանակով վիրահատություններ։ Վիրաբուժական ուղղվածություն ունեցող կլինիկայում ստեղծվել են ժամանակակից սարքավորումներով հագեցած վերակենդանացման, հետվիրահատական բաժին, հարակից անհրաժեշտ ծառայություններ, հարմարավետ հիվանդասենյակներ։

Կենտրոնի բացմանը ներկա էին ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, առոջապահական հիմնարկների ղեկավարներ, բժիշկներ:

Պատասխանելով լրագրողների հարցերին`  Դերենիկ Դումանյանը խրախուսեց մասնավոր ներդրողի կողմից նման կլինիկա ստեղծելու գաղափարը։ «Լիցենզավորման գործակալության և ԾԻԳ-ի  մեր մասնագետները մշտապես հետևել են շինարարության ընթացքին և անհրաժեշտ խորհրդատվություններ տվել, որպեսզի բոլոր ծառայությունները համապատասխանեն սահմանված նորմերին ու պահանջներին։ Արդյունքում այսօր բացվում է բավականին հարմարավետ հիվանդանոց»,- ասաց նախարարը:

 

Անկախ

Հարություն Քուշկյանը նշանակվել է ԼՂՀ առողջապահության նախարար.news.am

Հարություն ՔուշկյանՀայաստանի առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանը նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:

Նա նշեց, որ նշանակումը եղել է այսօր եւ արդեն ԼՂՀ վարչապետը Հարություն Քուշկյանին ներկայացրել է առողջապահության նախարարության անձնակազմին:

 Անկախ

“Սիրո հորմոնն” օգնում է բուժելու անորեքսիան

13183800.156441.2446“Սիրո հորմոնը” կամ օքսիտոցինն օգնում է անորեքսիան բուժելուն, վստահեցնում են գիտնականները, որոնց հոդվածը հրապարակվել է Psychoneuroendocrinology գիտական ամսագրում:

Տեղեկություն, կա, որ գիտնականներն օքսիտոցին են կիրառել մի քանի աղջիկների բուժման համար:

Մասնագետների կարծիքով, 2 շաբաթ անց, հորմոնի ընդունման շնորհիվ նրանց մոտ սննդի նկատմամբ զզվանքը վերացել է, իսկ մեկ ամիս անց` փաստացի բուժվել են անորեքսիայից:

Գիտնականները վսահաբար հայտարարում են, որ անորեքսիան չի կրկնվում, քանի որ հիվանդության պատճառները հոգեկան խնդիրներն են:

Անկախ

Ախտորոշումը ճշտելու նպատակով հիվանդը կկարողանա արտահանել իր արյունը և դրա բաղադրամասերը

դումանյանՀՀ կառավարությունն իր նիստում առաջարկել է մի շարք փոփոխություններ և լրացումներ կատարել «Մարդու արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումների բժշկական օգնության մասին» օրենքում: Մասնավորապես, նախատեսվում է արյան բաղադրամասերի պետական պաշարի պահպանումն իրականացնել ոչ թե մեկ տեղում, ինչպես սահմանված է օրենքում, այլ երկրի տարբեր բնակավայրերում գործող արյան ազգային ծառայության կազմակերպություններում, ինչը հնարավորություն կտա աղետի կամ ռազմական իրավիճակի պայմաններում կանխել այդ ամբողջ պաշարի ոչնչացումը: Օրինագիծը նաև բովանդակում է դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության և սպասարկման բնականոն իրականացման ժամանակ գործընթացներում ներգրավված անձանց առողջության պահպանման դրույթներ: Նախագծի մշակմանը, բացի Առողջապահության նախարարությունից, մասնակցել է պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը:
Գործադիրը հավանություն է տվել «Կրթության մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթին, որը մշակվել է ոլորտի բարեփոխման և օրենսդրական դաշտի կատարելագործման նպատակով և բխում է կառավարության 2013թ. գործունեության գերակա ուղղություններից:
Այժմ հիմնական ընդհանուր կրթության պարտադիր լինելու պահանջը պահպանվում է մինչև սովորողի 16 տարին լրանալը, որից հետո նա ծնողների (որդեգրողի կամ հոգաբարձուի) համաձայնությամբ կարող է թողնել դպրոցը: Փոփոխությունների փաթեթի ընդունման դեպքում պարտադիր կդառնա անվճար միջնակարգ կրթությունը, ինչի շնորհիվ դպրոցահասակ երեխան մինչև 18 տարեկան դառնալը կարող է իրացնել ՀՀ սահմանադրությամբ ամրագրված անվճար կրթություն ստանալու իրավունքը:
ՀՀ կառավարությունն առաջարկում է «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում կատարել փոփոխություններ և լրացումներ, որոնք բխում են ՄԱԿ-ի «Ապաքաղաքացիության կրճատման մասին» 1961թ. կոնվենցիայի պահանջներից:
ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի Հայաստանի գրասենյակը հետազոտել և գնահատել է մեր երկրում գործող օրենքը, որը, ըստ գնահատականի, ներառում է միջազգային իրավունքի մի շարք կարևորագույն սկզբունքներ, որոնք միտված են ապաքաղաքացիությունից խուսափելուն: Դրանցից են քաղաքացիություն ձեռք բերելու իրավունքը, իրենց քաղաքացիությունը զավակներին փոխանցելու հարցում տղամարդկանց և կանանց իրավահավասարությունը և այլն: Առաջարկվող փոփոխությունները կնպաստեն քաղաքացիություն չունեցող անձանց թվաքանակի կրճատմանը:

Զայրույթը` նիհարելու միջոց

ol3001394623901Հետազոտող Սինդի Չանը վստահեցնում է, որ այն կանայք, ովքեր երազում են բարեկազմ կառուցվածքի ու զզվեցրած ավելորդ քաշից ազատվելու մասին, պետք է հաճախակի զայրանան, ափերից դուրս գան ու հուսահատ սկանդալներ սարքեն:

Գուցե հենց այդ պատճառով է, որ մենք հաճախ գեղեցիկ կառուցվածքով ու ծայրահեղ սկանդալային, անզուսպ բնավորությամբ կամ էլ բարի, քնքուշ ու բարեհամբույր հաստլիկ կանանց ենք հանդիպում:

Այդ հարցին նվիրված ուսումնասիրությունը, որն անց են կացրել Փենսիլվանիայի, Դյուկի ու Կոլորադոյի համալսարանների  մասնակցությամբ ցույց տվեց, որ հասարակական բարոյական  որոշ սկզբունքներից հրաժարումը կարող է նվազեցնել ախորժակը: Ասենք, եթե մարդուն ասեն, որ նա դիտելու է անպարկեշտ ֆիլմ` արյունապղծության տեսարաններով, ապա նա ամբողջ ուշադրությունը կկենտրոնացնի ոչ թե ուտելիքի, այլ այդ  ֆիլմի վրա: isra.com

Անկախ

Կինը մեկ ամիս չի նկատել, որ ամուսինը մահացել է

-026931621aee0310Կինը 4 շաբաթ ապրել է ամուսնու կողքին ու չի նկատել, որ նա արդեն մեկ ամիս է, ինչ մահացել է: 74-ամյա Ջեսսի Կիրբին, Ալաբամայի Ջեկեյթեր քաղաքից, մահացել է իր ննջարանում: Նրա կինը` 78-ամյա Դորիս Կերբին, որը տառապում է Ալցհեյմերի հիվանդությամբ, այդ 4 շաբաթն ապրել է բանից անտեղյակ, չնկատելով ամուսնու բացակայությունը:

Մարզի քննիչ Չանը պատմել է, որ տարեց ամուսինն ու կինն առանձին սենյակներում էին քնում: Ամենայն հավանականությամբ, տղամարդը մահացել է քնի մեջ:

Հայտնի է, որ ամուսինը թույլ առողջություն ուներ, սիրտը հիվանդ էր: Նրա կինն էլ հիվանդ էր, խնամքի կարոտ: Նա ժամանակ առ ժամանակ ինչ որ բան ինքնուրույն կարողանում էր ուտել, սակայն ամուսնու  անհետանալը չի նկատել: “Չեմ կարծում, որ նա ընդհանրապես հասկացել է, որ ամուսինը կողքին չէ”,ասել է քննիչը:

Ոստիկանություն կանչել են նրանց երեխաները, որոնք մի քանի ամիս չեն շփվել ծնողների հետ ու անհանգստացել էին: Օրենքի պահապանները տղամարդու ննջարանում հայտնաբերեցին տղամարդու  ու նրա 2 չիխուխուաների անշնչացած մարմինները:

 Անկախ

Սեպտեմբերից Հայաստանում կներդրվի պնևմակոկային հիվանդությունների դեմ պատվաստումը

պատվաստումԱյս տարվա սեպտեմբեր ամսից Հայաստանում կներդրվի նոր` պնևմակոկային հիվանդությունների դեմ պատվաստումը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:

Մասնագետի խոսքով` պնևմակոկային վարակների հարուցիչը մեր սովորական ուղեկից հարուցիչն է: Անգամ առողջ մարդուն զննելու դեպքում քթըմպանում կարելի է հանդիպել այդ հարուցչին: Սակայն օրգանիմի առանձնահատկությունների, ցածր իմունիտետի, տարբեր վարակիչ հիվանդությունների ագրեսիայի հետևանքով պնևմակոկ հարուցիչը կարող է առաջացնել մի շարք ծանր հիվանդություններ:

«Ծանր հիվանդություններից պետք է մասնավորապես առանձնացնել թոքաբորբը, ուղեղի թաղանթի բորբոքումը (մենինգիտ): Այդ էր պատճառը, որ Առողջապահության նախարարությունը որոշեց սեպտեմբերից ներդնել պնևմակոկային պատվաստումները»,- ասաց Գայանե Սահակյանը:

Մասնագետը տեղեկացրեց, որ պատվաստման ենթակա են լինելու մինչև մեկ տարեկան երեխաները: Առաջին դեղաչափը երեխաները կարող են ստանալ 1.5 ամսական հասակում, երկրորդ և երրորդ դեղաչափերը` համապատասխանաբար 3 և 4 ամսական հասակում:

«Այսքան վաղ ենք իրականացնում պատվաստումը, որովհետև սովորաբար մինչև 6 ամսական հասակն արդեն երեխաների մոտ առաջանում են խնդրահարույց հիվանդություններ և, եթե մինչև այդ տարիքը երեխան իմունիտետ չունենա, հետագայում նրա մոտ կարող են զարգանալ շատ ծանր հիվանդություններ: Թոքաբորբը, օրինակ, բազմաթիվ հարուցիչներ ունի, որոնց 40 %-ը կազմում են պնևմակոկային հարուցիչները»,- ասաց Գայանե Սահակյանը:

Անդրադառնալով պատվաստման հետևանքով հնարավոր մահացության դեպքերին` մասնագետը նշեց, որ պատվաստման հետևանքով մահացության դեպքեր չեն կարող գրանցվել:

«Անցած տարի լուրեր տարածվեցին, որ պատվաստման հետևանքով երեխա է մահացել: Նշվում էր նաև, որ երեխայի մոտ գաղտնի թոքաբորբ է ընթացել: Ուզում եմ ևս մեկ անգամ հիշեցնել, որ թոքաբորբը չի կարող գաղտնի ընթանալ, այն կարող է կայծակնային ձևով զարգանալ, և պատվաստումն այդ դեպքում համընկել է թոքաբորբի զարգացման հետ: Իրականում երեխայի մահվան պատճառը եղել է թոքաբորբը»,- ասաց Գայեն Սահակյանը:

 

“Հայաստանում մանկական մահացությունն իջել 8.9 պրոմիլի, ինչը համեմատական է 1000 կենդանածին երեխայի շրջանում մեկ մահվան դեպքին”. Գայանե Սահակյան

Գայանե ՍահակյանԻմունականխարգելման ծրագրեր իրականացվել են դեռ հետպատերազմական ժամանակաշրջանից, սակայն ընդամենը 2-3 ավանդական պատվաստումներ են կատարվել դիֆտերիայի, փայտացման և կապույտ հազի դեմ: Իսկ անկախացումից հետո իմունականխարգելման ծրագիրը Առողջապահության նախարարության համար դարձավ գերակա ուղղություն և կառավարության կողմից ընդունվեց որպես ազգային ծրագիր: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով իմունականխարգելման ազգային ծրագրի հաջողություններից` ասաց ՀՀ առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:

Մասնագետի տեղեկացմամբ` 1999-ին առաջին անգամ ներդրվել է հեպատիտ Բ-ի դեմ պատվաստումը, ապա կարմրուկի, կարմրախտի և խոզուկի համակցված պատվաստումները: 2009-ին ներդրվել է հեմոֆիլուսային բաղադրիչը հնգավալենտ պատվաստումների տեսքով, 2012-ին ռոտավիրուսային պատվաստումները: Իսկ այս տարվա սեպտեմբեր ամսին Հայաստանում կներդրվի նոր` պնևմակոկային հիվանդությունների դեմ պատվաստումը:

«Իմունականխարգելման ազգային ծրագրի շնորհիվ շատերն արդեն մոռացել են դիֆտերիա հիվանդությունը, պատվաստումների շնորհիվ երկրում վաղուց չի արձանագրվել այդ հիվանդությունը: 2000 թվականից հետո դիֆտերիայի դեպքեր մենք այլևս չենք ունեցել, մինչդեռ 1994-95-ին անգամ դիֆտերիայի բռնկում է եղել Հայաստանում և 34 մարդ է մահացել դիֆտերիա հիվանդության պատճառով:

Պոլիոմելիտ հիվանդության մասին ևս բոլորը մոռացել են: Մինչդեռ 1990-ականներին այդ հիվանդության պատճառով ամեն տարի 5-6 երեխա հաշմանդամ էր դառնում և խորացնում երկրում հաշմանդամության խնդիրը»,- ասաց Գայեն Սահակյանը:

Նրա խոսքով` այսօր հանրապետությունում չկան կարմրուկ, կարմրախտ, կապույտ հազ հիվանդությունները, տարեկան 1-2 դեպք է գրանցվում խոզուկ հիվանդության, չկան փայտացում հիվանդության դեպքեր:

«Ուղեղի թաղանթի բորբոքումը (մենինգիտ), որը մանկական մահացության հիմնական սպառնալիքն է, երկու և կես անգամ նվազել է, չեն գրանցվում հեմոֆիլուսային բաղադրիչով հարուցված մենինգիտի դեպքեր: Մեր երեխաները նախկինում շատ հեշտությամբ կարող էին վարակվել թոքաբորբով, մենինգիտով, իսկ այսօր այդ ոլորտը վերահսկվում է: Այսօր մենք կարողանում ենք վերահսկել մանկական մահացությունը` այն իջեցնելով 8.9 պրոմիլի, ինչը ուղիղ համեմատական է հազար կենդանածին երեխայի շրջանում մեկ մահվան դեպքին: Մենք կարողացանք առաջին անգամ Հայաստանում մանկական մահացությունը իջեցնել այսպիսի ցածր մակարդակի»,- ասաց Գայանե Սահակյանը:

 Անկախ

Թոշակառուներին ակնոց տրամարվում է անվճար. Կարինե Պետրոսյան

տեսողությունՄեծահասակների շրջանում տեսողական կորստի կամ խանգարումների պատճառ կարող են հանդիսանալ  շաքարային դիաբեդը և գլաուկոմա հիվանդությունները: Իսկ երեխաների տեսողության թուլացման հարցում մեծ դեր ունեն համակարգիչներն ու հեռախոսները, որոնցով նրանք զբաղվում են ավելի երկար ժամանակ, ինչքան նախատեված է:

Անկախի հետ զրույցում ակնաբույժ Կարինե Պետրոսյանը նշեց, որ հաշմանդամություն ունեցող անձանց, շաքարային դիաբետով հիվանդներին, թոշակառուներին ակնոց տրամարվում է անվճար:

Աչքերի թերի օգտագործումը  լինում է այն դեպքում,  երբ աչքերը նայում են օբյեկտին սևեռուն, չշարժվող հայացքով. այդ դեպքում տեսողության գործընթացին մասնակցում են  աչքի ցանցաթաղանթի եզրերը: Աչքերը պետք է միշտ շարժուն վիճակում լինեն եւ պետք է օբյեկտին նայեն կենտրոնական փոսիկով:

Չափից ավելի կամ գերօգտագործումը լինում է այն դեպքում, երբ   նայելու համար աչքերը լարվում են: Նայելու գործընթացը պետք է առանց ջանքի տրվի, աչքերը պետք է կարողանան հանգստանալ ու աշխատել թուլացած, հանգիստ վիճակում` ցանկացած պայմաններում պահպանելով ռեակցիան:

Ակնաբույժի խոսքով մարդը չի կարող միաժամանակ հստակ տեսնել տարբեր հեռավորությունների վրա գտնվող առարկաները։

Թույլ տեսողության դեպում կոնտակտային լինզաներ կրելը  նորմալ է  համարվում։ Խորհուրդ չի տրվում  կրել միայն գունավոր լինզաներ։ Օպտիկականները հաճախ փրկում են  այն մարդկանց, ովքեր չեն կարողանում ակնոց կրել:  Գոյություն ունեն նաև գիշերային լինզաներ, որոնք առավել անվտանգ են համարվում:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Անկախ

Մենոպաուզայի 15 ախտանշան, որոնք հարկավոր է իմանալ

մենոպաուզաՄենոպաուզան կամ դաշտանադադարը կնոջ կյանքում այն փուլն է, երբ սկսում են վերարտադրողական ու դաշտանային ֆունկցիաները մարել: Յուրաքանչյուրի մոտ այդ վիճակը տարբեր կերպ է արտահայտվում ու հիմնականում` 45 տարեկանից սկսած: Հորմոնալ վերակառուցումն անմիջական արտահայտություն է ունենում ինքնազգացողության վրա` մի շարք «անակնկալներ» պատճառելով: Ինչպե՞ս են դրանք անդրադառնում կնոջ կյանքի ու առողջության վրա:
Տարիներ առաջ կանանց մեծամասնությունը դաշտանադադարն ընկալում էր որպես կանացիության ու սեքսուալ ակտիվության մարում: Բարեբատաբար, ժամանակները փոխվել են, ու այսօր դաշտանադադարն ընկալվում է որպես նոր փուլի ազդանշան, փուլ, որի ընթացքում կինը, ցանկության դեպքում (ու ժամանակակից բժշկության միջամտության շնորհիվ) կարող է նաև ֆիզիոլոգիական լիարժեք կյանքով ապրել:
Ախտանշան 1.Մակընթացություն
Կարելի է ասել, որ մակընթացությունը (այլ կերպ այդ վիճակն անվանում են «տաք բռնկումներ») դաշտանադադարի այցեքարտն է: Կլիմաքսային տարիքի կանանց մոտ 80%-ը նման խնդրի բախվում է:
Դա հանկարծակի դեմքի, պարանոցի կրծքի ու թևերի շրջանում տաքության զգացողությունն է, որն ուղեկցվում է ջերմության բարձրացմամբ, քրտնարտադրությամբ ու օդի անբավարարության զգացումով: Մաշկը կարող է կարմրել կամ ծածկվել կարմիր բծերով: Հաճախ դրան ավելանում է գլխապտույտը, սրտխառնոցն ու տախիկարդիան (հաճախացած սրտխփոցը): Մակընթացությունները սովորաբար կարճատև են` 30 վայրկյանից` 2-3 րոպե:
Ի դեպ, մակընթացություն լինում է նաև տղամարդկանց մոտ, սովորաբար` տեստոստերոնի մակարդակի կտրուկ նվազման հետ կապված, որոշ սեռական օրգանների վիրահատությունների ֆոնին կամ դեղամիջոցների ազդեցությամբ:
2.Գիշերային հիպերհիդրոզ
Գիշերային ուժեղ քրտնարտադրություն: Ոմանք դա համարում են քնի ժամանակ կատարվող մակընթացություն: Դա նույնպես իգական սեռական հորմոնների դեֆիցիտի հետևանք է, որոնք անմիջական ազդեցություն են ունենում հիպոթալամուսում գտնվող ջերմակարգավորման կենտրոնի վրա: Ուղեղի այդ հատվածը կեղծ ազդանշաններ է ստանում, որ օրգանիզմը գերտաքացել է ու միացնում է ավելորդ ջերմության արտանետման մեխանիզմը, քրտնարտադրություն է կատարվում: Սակայն պետք իմանալ, որ հիպերհիդրոզը քնի ժամանակ ոչ միայն դաշտանադադարի ախտանշան կարող է լինել, այլև մի քանի ուրիշ հիվանդությունների մասին կարող է հուշել:
3.Անկանոն դաշտան
Ձվարանների հորմոնալ ֆունկցիայի աստիճանական մարումը հանգեցնում է անկանոնության, ամսականը դառնում է տևողությամբ քիչ, անկանոն ու նվազ: Ամսականների ինտերվալը մեծանում է, ու այդ դադարը կարող է հասնել 40-90 օրվա ու ավելի: Ժամանակի ընթացքում ամսականները կրճատվում են, ու եթե մեկ տարի մենստրուացիա չի լինում, ապա կնշանակի դաշտանադադար է սկսվել:
4.Հեշտոցի չորություն
Տարիքի հետ օրգանիզմում նվազում են նյութափոխանակության պրոցեսները, նվազում է հյուսվածքների, անոթների առաձգականությունն ու խոնավությունը, իսկ ինտիմ գոտիներն առավել զգայուն են այդ փոփոխությունների նկատմամբ: Հեշտոցի պատերը թորշոմում են, ճեղքեր են գոյանում, առաջանում է փոքր կոնքի օրգանների իջեցման , անգամ դուրս ընկնելու հավանականություն: Ախտանշաններից մեկն էլ հեշտոցում օտար մարմնի առկայության զգացումն է: Տարիքի հետ այդ տհաճությունները միայն ավելանում են: Մինչև 45 տարեկան կանանցից 15-30%-ին նման զգացումը ծանոթ է, իսկ 50-ից հետո` գրեթե 40%-ին:
Դաշտանադադարի առաջին ախտանշաններն առաջին անգամ կարող են հայտնվել վերջին դաշտանից 2 ամիս առաջ կամ մեկ տարի առաջ ու զգացնել մի քանի տարի: Հիմնական պատճառն էստրոգենների քանակի նվազումն է (կանացի սեռական հորմոններ):
5.Անքնություն
Սա ամենահաճախ հանդիպող ախտանշանն է դաշտանադադարի ժամանակ: Դրա «մեղավորը» կրկին իգական հորմոններն են:
Էստրոգենների անբավարարությունը մակընթացության ու գիշերային քրտնարտադրության պատճառն են, ինչը խանգարում է հանգիստ քնին և ուղեկցվում է մագնեզիումի ներծծման ու յուրացման խանգարման հետ (հանքանյութ, որը պատասխանատու է մկանների թուլացման համար): Իսկ մյուս հորմոնի` պրոգեստերոնի անբավարարությունը հանգեցնում է անքնության: Պրոգեստերոնը բնական վերականգնող հորմոն է, որը հանգստացնում է, խաղաղեցնում ու քնեցնում:
6. Տրամադրության տատանումներ
Հորմոնալ ֆոնի փոփոխությունը հանգեցնում է այնպիսի տարածված ախտանշանի, ինչպիսին հոգեզգայական վիճակն է: Առաջանում է լացկանություն, տագնապայնություն, անհանգստություն, լարվածություն, նյարդայնություն և անգամ ագրեսիա: Տրամադրության նման անկումները կարելի է համեմատել ամերիկյան բլուրների հետ. մեկ րոպե առաջ կինը երջանիկ էր և ուրախ, մեկ էլ հանկարծ արցունքներ են հայտնվում:
Ամերիկացի գիտնականները Մասաչուսեթսի հիվանդանոցում հետազոտություն են անցկացրել, որին մասնակցել է 50-79 հազար ավելի քան 3000 կին: Հարցման արդյունքում պարզվել է, որ նրանց գրեթե 18%-ը այս կամ այն չափով տառապել է տագնապի զգացումից: Գիտնականները կարողացան ապացուցել, որ հանկարծակի տագնապի նման զգացողությունը, ինչպես և հոգեկան խանգարումները համարվում են դաշտանադադարին բնորոշ ախտանշաններ:
7.Սեքսուալ հակման նվազում
Վիճակագրության համաձայն` 50-60 տարեկան կանանց 80%-ը սեքսուալ տեսանկյունից ակտիվ է: Սակայն պետք է նշել, որ սեքսուալ հակման նվազումը նույնպես դաշտանադադարի ամենատարածված ախտանշաններից է: Դա ինչպես ֆիզիոլոգիական, այնպես էլ հոգեբանական պատճառներ ունի: Արդեն նշվեց, որ դաշտանադադարի ժամանակ հեշտոցն ասես չորանում է: Լորձաթաղանթը զգայուն է դառնում ու նվազ առաձգական, ուստի սեռական ակտը տհաճ զգացողություններ է առաջացնում, ցավ: Ինտիմ մերձեցումը դառնում է գրեթե անհնար: Մեկ այլ պատճառ է համարվում դաշտանադադարի ժամանակ հորմոնալ վերակառուցումով պայմանավորված ցավը կրծքում:
8.Փխրուն եղունգներ, բարակած մազեր
Ինչպես և դաշտանադադարի ախտանշաններից մեծ մասի դեպքում, մազաթափությունը ևս պայմանավորված է օրգանիզմում հորմոնալ անհավասարակշռությամբ:
Դա բավական տարածված խնդիր է, հանդիպում է կլիմաքսային տարիքի կանանց 50-75%-ի մոտ: Սակայն էստրոգենների անբավարարությունից ոչ միայն մազերն են տուժում, այլև եղունգները, դրանք դառնում են փխրուն ու չոր:
9.Սրտի հետ կապված խնդիրներ
Կանացի հորմոնի` էստրոգենի բնական նվազումը կարող է դաշտանադադարի տարիքի կանանց մոտ սիրտ-անոթային հիվանդությունների հանգեցնել: Բանն այն է, որ էստրոգենը օգնում է պահպանելու անոթների ճկունությունն ու առաձգականությունը, ինչն ապահովում է զարկերակներում արյան ազատ հոսքը: Սակայն հետդաշտանադադարային տարիքի կանայք բոլոր զարկերակային հիպերտենզիայով տառապողների 50%-ն են կազմում: Ընդ որում, նրանցից շատերը սրտի հետ կապված խնդիրներ առաջին անգամ են ունենում:
10. Օսթեոպորոզ
Դաշտանադադարի ամենավտանգավոր ախտանշաններից է: Ընդհանրապես դաշտանադադարից հետո ընդհանուր ոսկրազանգվածը նվազում է, իսկ ոսկրահյուսվածքը` դառնում ծակոտկեն: Դա կոտրվածքների վտանգ է առաջացնում, հատկապես դաստակների, ազդրերի ու ողնաշարի շրջանում:
Հիմնականում հիվանդությունն աննկատ է զարգանում, սակայն կարող է որոշ դրսևորումներ ունենալ: Հատկապես կարող է զգացվել ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ, քայլելու ընթացքում, գոտկատեղի շրջանում: Ընդհանուր թուլություն ու ուժասպառություն կարող է զգացվել:
11. Անմիզապահություն
Միզապարկի ֆունկցիայի խանգարումը դաշտանադադարի ամենատարածված ախտանշանն է : Իգական սեռական հորմոնների անբավարարությունը հանգեցնում է կոնքոսկրի մկանների թուլացման, որոնք պատասխանատու են միզապարկի վերահսկողության համար: Դա հանգեցնում է տհաճ հետևանքների, ինչպիսին, օրինակ` ակամա միզարտադրությունն է:
12. Քաշի ավելացում
Մարմնի զանգվածի ավելացումն ուղեկցում է դաշտանադադարի գրեթե ողջ ընթացքը: Սակայն ավելորդ կգ-ները միշտ չէ, որ կլիմաքսի հետևանք են:
Այս առումով նշանակություն ունեն տարբեր գործոններ, օրինակ` սխալ սննդային հակումները, սերը յուղոտ ու կալորիական սննդի նկատմամբ: Որոշ կանանց մոտ տարիքի հետ ինսուլինի նկատմամբ անընկալունակություն է առաջանում, ինչը ստիպում է օրգանիզմին կալորիաներ պահեստավորել, ոչ թե այրել դրանք: Մի կարևոր գործոն էլ կա. տարիքի հետ օրգանիզմի մկանային զանգվածը նվազում է, իսկ ճարպաշերտը` ավելանում:
13. Մկանային ու գլխացավեր
Դաշտանադադարի ամենահաճախ հանդիպող ախտանշանն է գլխացավը: Այն կարող է արյունատար անոթների տոնուսի փոփոխման հետևանք լինել կամ էլ մակընթացության, անքնության ու սթրեսի հետ կապ ունենալ: Մյուս տհաճությունը մկանային լարվածությունն է, ինչը կապված է օրգանիզմում կալցիումափոխանակության խանգարման հետ:
14 Հիշողության խնդիրներ
Հասուն տարիքի կանայք հաճախ են բողոքում հիշողության կորստից ու կենտրոնանալու անընդունակությունից: Դա դաշտանադադարի հաճախակի հանդիպող ախտանշաններից է ու կապված է կրկին էստրոգենի մակարդակի նվազման հետ: Վիճակագրության համաձայն` դաշտանադադարի տարիքի բոլոր կանանց 2/3-ը նման խնդիր ունի, որը վերանում է հորմոնալ հավասարակշռության վերականգնման հետ:
15.Ալերգիա
Ապացուցված է, որ այս տարիքի կանայք ալերգենների նկատմամբ դառնում են դյուրազգաց ու ավելի հաճախ նման խնդիրներ ունեցողների մոտ ալերգիաների սրում է սկսվում:
Ներզատիչ և իմունային համակարգերը սերտ կապված են միմյանց, և իմունիտետը կարող է հորմոնալ փոփոխություններին պատասխանել նոր ալերգիկ ռեակցիաներով (հաճախ` ալերգիկ ռինիտ, ասթմա, դերմատիտ):
Դաշտանադադարը բարդ ու անխուսափելի փուլ է յուրաքանչյուր կնոջ կյանքում: Եվ բնականաբար, ախտանշանները շատ ավելին են, քան թվարկվածները:
Այդուհանդերձ, դա պատճառ չէ, որ դաշտանադադարը դիտվի անխուսափելի սպառնալիք: Չարժե տագնապել: Այո, օրգանիզմը լուրջ վերակառուցման է ենթարկվում, որը նաև տհաճ ախտանշաններով է ուղեկցվում: Սակայն, ժամանակին մասնագետին դիմելու ու ճիշտ միջոց ընտրելու դեպքում բոլոր անհանգստությունները կարելի է նվազեցնել:
Ուրեմն դաշտանադադարը պետք է ընդունել որպես կյանքի մի անխուսափելի փուլ ու ամենևին դրանից ողբերգություն չսարքել:

Հիվանդությունները հոտ ունեն

disease-have-a-different-smellՅուրաքանչյուր հիվանդություն հոտ ունի, գրում է DailyMail-ը: Նման եզրահանգման են եկել գիտնականները` ուսումնասիրություններից հետո: Պարզվեց, որ  դիաբետը եղունգների լաքը մաքրող հեղուկի (ացետոնի) հոտ ունի, իսկ լյարդի անբավարարությունը` հում ձկան:

Միզուղիների վարակների դեպքում ամիակի, իսկ շիզոֆրենիայի դեպքում քրտինքը քացախի հոտ է ունենում: Իսկ դեղին տենդի դեպքում հում մսի հոտ է գալիս:

Այլ կերպ ասած, բժիշկները վստահեցնում են, որ հիվանդությունները կարելի է ախտորոշել հոտով: Եվ եթե անգամ այդ հոտերը հազիվ զգալի են մարդու հոտոտելիքի համար, ապա  էլեկտրոնային քիթն այն զգում է անսխալ:

Հետազոտողներն իրենց աշխատանքի մասին Sensors-ում  հրապարակել են մի հոդված: Հիվանդներից մեկը, օրինակ, ասում է, որ երբ ինքը  թոքերի քաղցկեղով հիվանդ էր` քայքայման հոտ էր զգում, իսկ երբ բուժվեց` հոտն էլ անհետացավ;

Բժիշկները հույս ունեն, որ հոտով ախտորոշումը հետագայում կարող է կիրառվել, ասենք, քաղցկեղի ախտորոշման նոր մեթոդների ստեղծման համար:

Անկախ

Շաբաթը մեկ անգամ պետք է փոխել էկրանի դիրքը. Զոյա Սիմոնյան

թմրածությունԹմրածության պատճառները բազմազան են: Դրանք կարող են լինել թե՛ լուրջ հիվանդության ախտանիշ, թե՛ հետևանք երկարատև նույն կամ անհարմար դիրքերում գտնվելու: Oրինակ, համակարգչի մկնիկի հետ երկար աշխատելիս թմրածություն առաջանում է առաջինից երրորդ մատների շրջանում, արմունկները ծալած և սեղանի եզրին հենած վիճակում նստելիս թմրում է ճկույթը, մատնեմատը, ծնկների գերծալված վիճակում՝ ոտնաթաթերը և այլ:

ՙՙԱյս ախտանիշը հիմնականում հանդիպում է միջին և բարձր տարիքի մարդկանց մոտ:  Երիտասարդների մոտ ավելի հաճախ հանդիպում են դիրքային նևրոպաթիաները՚՚,- Անկախի հետ զրույցում նշեց բժիշկ-նյարդաբան Զոյա Սիմոնյանը:

Վերջույթների մկանները կարևոր դեր են խաղում տեղաշարժման ժամանակ, ֆիզիկական աշխատանք կատարելիս, իրենց վրա կրելով մարմնի ամբողջ ծանրությունը։

Եթե թմրածությունը ակնհայտորեն կապված է աշխատանքային կամ հարկադրական դիրքերի հետ, պետք է ուղղել այն և ժամանակ առ ժամանակ կատարել մարմնամարզություն: Դա հատկապես վերաբերվում է համակարգչի առջև երկար ժամանակ անցկացնող մարդկանց: Շաբաթը մեկ անգամ պետք է  փոխել էկրանի դիրքը, աթոռի բարձրությունը,և աշխատելիս ժամը մեկ կատարել վարժություններ։

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Անկախ