Հանրային խորհուրդը սպասում է Կոնցեսիոների փաստաթղթերին

ՀԽ փոքր խորհրդի նիստԱյսօր՝ հոկտեմբերի 24-ին, տեղի է ունեցել Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստ, որի օրակարգում ընդգրկված է եղել 3 հարց՝ «Հանրային խորհրդի մասին» օրենքի նախագծում առաջարկվող փոփոխությունները, ՀԽ առաջիկա լիագումար նիստի նախապատրաստումը, «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրի (կլոր շենք) հարցը:

Օրակարգի առաջին հարցի քննարկման ժամանակ ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանն առաջարկել է օրենքի նախագծի որոշ փոփոխություններ, որոնք քննարկվել են խորհրդի անդամների կողմից:

Առաջարկվել է նաև օրենքի նախագիծը տեղադրել ՀԽ պաշտոնական կայքում, որպեսզի հանրությունը հնարավորություն ունենա իր տեսակետներն ու առաջարկները հայտնել դրա վերաբերյալ:

Օրակարգի երկրորդ հարցի վերաբերյալ ՀԽ նախագահի կողմից խորհրդի անդամներին առաջարկել է պատրաստել և ներկայացնել հարցեր, որոնք կարող են ընդգրկվել լիագումար նիստի օրակարգ: Լիագումար նիստի օրակարգային հարց է համարվել «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրի (կլոր շենք) հարցը, որի վերաբերյալ մինչ այդ Հանրային խորհրդում պետք է քննարկումներ տեղի ունենան:

Օրակարգի երրորդ հարցի քննարկումը, որը վերաբերում էր «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրին, սահմանափակվել է ՀԽ անդամ, մշակույթի ենթահանձնաժողովի նախագահ Գագիկ Մանասյանի կողմից հարցին առնչվող առկա տեղեկատվության ամփոփ ներկայացմամբ, մասնավորապես՝ ՀԽ 4 ենթահանձնաժողովների քննարկումների արդյունքների, մամուլում տեղ գտած ուշագրավ հրապարակումների, ձեռք բերված փաստաթղթերի վերաբերյալ:

Ցավոք, խորհրդի անդամները հնարավորություն չեն ունեցել ծանոթանալու նաև հակառակ կողմի՝ Կոնցեսիոների տեսակետի հետ, որպեսզի պատկերն ամբողջական և հստակ լինի: Մինչդեռ հոկտեմբերի 10-ին տեղի ունեցած ՀԽ փոքր խորհրդի նիստում որոշվել էր, որ հետագա քննարկումներն առավել խորությամբ իրականացնելու, հարցի վերաբերյալ վերջնական եզրակացություն ներկայացնելու համար պետք է ուսումնասիրել նաև հարցին առնչվող բոլոր փաստաթղթերը, լսել «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության առաջարկներն ու հիմնավորումները, և այդ նպատակով հոկտեմբերի 14-ին Հանրային խորհրդի կողմից պաշտոնապես դիմում էր հղվել Քաղավիացիայի գլխավոր վարչություն՝ ստանալու համապատասխան  փաստաթղթերը (մաստեր պլան, Կոնցենսիոների կողմից Երևան քաղաքի ճարտարապետական հանձնաժողովին ուղղված դիմում և այլն):

ZvartnocՈւստի Հանրային խորհուրդը նպատակահարմար է գտել սպասել Կոնցեսիոների կողմից այդ փաստաթղթերի տրամադրմանը, որպեսզի դրանք ուսումնասիրելուց և հակառակ կողմի տեսակետը լսելուց հետո միայն վերջնական որոշում կայացնի:

Հիշեցնենք, որ Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչության դիմումի հիման վրա Հանրային խորհրդի 4 ենթահանձնաժողովներում (քաղաքաշինության և ճարտարապետության, օդային տրանսպորտի քաղաքականության, մշակույթի, ազգային արժեքների) քննարկման էր դրվել «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրի  պահպանման կամ քանդմանը հարցը, և ենթահանձնաժողովները կառույցը քանդելու վերաբերյալ բացասական կարծիք էին տվել՝ միաժամանակ ներկայացնելով առաջարկներ դրա պահպանման, հետագա օգտագործման և այլ հարցերի վերաբերյալ:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպում է ունեցել ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ

Տիգրան Սարգսյան,ԵԺԿ,Անտոնիո Լոպեզ-Իսթուրիզ Ուայթ, ԲրյուսելՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Բրյուսելում հանդիպել է Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գլխավոր քարտուղար Անտոնիո Լոպեզ-Իսթուրիզ Ուայթին: Կողմերը քննարկել են Հայաստանի հանրապետական կուսակցության և Եվրոպայի ժողովրդական կուսակցության համագործակցության ընթացքը և հեռանկարները: Այդ համատեքստում, երկուստեք պատրաստակամություն են հայտնել խորացնել համագորածակցությունը` դրա համար գտնելով նոր ձևեր և ուղիներ: Զրուցակիցները կարևորել են մշտական հաղորդակցության ապահովումը:

Հադիպման վերջում վարչապետ Տիգրան Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարին հրավիրել է Հայաստան:

Հանրային խորհրդի ամենաակտիվ հանձնաժողովն ամփոփեց տարեկան գործունեությունը

IMG_1352Այսօր Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի տարեկան գործունեության ամփոփումն սկսվեց խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի ելույթով: Հանձնաժողովի նիստին ներկա շուրջ ութ տասնյակ անդամներին ՀԽ նախագահը ներկայացրեց Հանրային խորհրդի ընդհանուր գործունեությունն ու հետագա ճակատագիրը` տեղեկացնելով, որ այս տարվա դեկտեմբերի 2-ին ավարտվում է կառույցի գործունեության ժամկետը և որ Հանրային խորհրդի մասին մշակվում է օրինագիծ:

«Արդյոք այս կառույցը հասարակությանը որևէ օգուտ բերե՞ց, թե ոչ»,-բարձրացնելով հարցը` Վազգեն Մանուկյանը նախ հիշեց, որ Հանրային խորհրդի ստեղծման պահը համընկավ Հայաստանի համար ամենածանր ժամանակահատվածներից մեկի հետ` հասարակական խորը բևեռացում, մարտի 1-ի դեպքեր և այլն:

Մանուկյանը կարծում է, որ նրանք, ովքեր ներգրավվեցին Հանրային խորհրդի գործունեության մեջ, իրենց վրա մեծ պատասխանատվություն, միաժամանակ հարվածներ վերցրեցին. «Մեղադրանքներից մեկն այն էր, որ Հանրային խորհուրդը մի մարմին է, որը պետք է դառնա իշխանության կցորդը, կամակատարը, մի մարմին, որի միջոցով իշխանությունը խաբելու է ընդդիմությանը և այլն: Բայց կյանքը ցույց տվեց, որ դա այդպես չէ, և որ Հանրային խորհուրդն ինքնուրույն մարմին է, որովհետև բազմաթիվ հարցեր ու տեսակետներ, որ բարձրացնում է, հակասում են կառավարության, նախագահի կամ Ազգային ժողովի տեսակետին»,-ասաց Մանուկյանը:

Նրա կարծիքով` դա գալիս է նաև նրանից, որ Հանրային խորհրդում հավաքված են շատ ազդեցիկ մարդիկ:

Ի՞նչ խնդիրներ փորձեց լուծել Հանրային խորհուրդը: Ըստ Մանուկյանի, հասարակությունը երբեմն բարձրացնում է հարցեր, որոնք անհնարին է միանգամից լուծել: Սակայն կան հարցեր, որ եթե ճիշտ ձևակերպվեն և տրվեն նաև լուծումները, ապա իշխանությունները չեն կարող չընդունել: Օրինակ, արարատյան դաշտավայրերի ջրային ռեսուրսների նվազման խնդիրը, որը Հանրային խորհուրդը հետևողականորեն բարձրացրեց, և իշխանությունները համապատասխան որոշում ընդունեցին:

Կան նաև հարցեր, որ առաջինը բարձրացրել է Հանրային խորհուրդը, սակայն դրանք լուծում չէին ստանա, եթե չլիներ հասարակական պայքարի գործոնը. «Այո, կան հարցեր, որ Հանրային խորհուրդը պետք է բարձրացնի մասնագիտական ձևով, բայց հասարակությունը միաժամանակ պետք է պայքարի դրանց լուծման համար»,-ասաց Մանուկյանը:

Հարցերի մի խումբ էլ Հանրային խորհուրդը համարում է լուծելի, բայց իշխանությունը գտնում է, որ հնարավոր չէ լուծել. օրինակ, Ծածկած շուկան:

Այնուամենայնիվ, Վազգեն Մանուկյանը հույս հայտնեց, որ նոր ձևավորվող Հանրային խորհուրդը կգործի հանրային ավելի բարենպաստ դաշտում, իշխանություններն ավելի իմաստուն որոշումներ կընդունեն, իսկ այն լիազորությունները, որ խորհուրդը կստանա նոր օրենքով, ավելի հեշտ ու արդյունավետ կդարձնեն կառույցի գործունեությունը:

IMG_1357Մանուկյանի ելույթին հետևեցին հանձնաժողովի անդամների հարցերը, որոնք վերաբերում էին Հայաստանի տնտեսական, սոցիալական, հասարակական խնդիրներին: Հանձնաժողովի անդամները կարևորեցին խորհրդի լիազորություններն ավելացնելու և դրանք օրենսդրորեն կարգավորելու հարցը, որպեսզի հանձնաժողովներում քննարկվող հարցերն ու որոշումները չմնան անարձագանք:

Այնուհետև ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ, Հանրային խորհրդի անդամ Վազգեն Սաֆարյանը ներկայացրեց հանձնաժողովի տարեկան հաշվետվու զեկույցը` անդրադառնալով այն ոլորտներին, որոնք այս տարվա ընթացքում եղել են հանձնաժողովի ուշադրության կենտրոնում. օրինակ` գազի, էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հարցը, Երևանի կառուցապատմանն առնչվող բազմաթիվ հարցեր, քաղաքացիական ավիացիայի ոլորտում տիրող իրավիճակը, փոքր և միջին ձեռնարկություններին հարկային արտոնյալ պայմանների սահմանման առաջարկությունները, Երևանի ՋԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի կառուցման տնտեսական նպատակահարմարությունը և դրա ազդեցությունը Հայաստանի էկոնոմիկայի  զարգացման վրա, «Նաիրիտ» ՓԲԸ վերագործարկման խնդիրները, Վանաձոր-Ֆիոլետովո երկաթգծի կառուցմանն առնչվող, կառավարության 2-րդ շենքի օտարման, ՀՀ հանքահումքային ռեսուրսների ռացիոնալ օգտագործման, թեթև արդյունաբերության զարգացման համար հարկային արտոնությունների սահմանման անհրաժեշտության, կաշվի, բրդի մթերման, վերամշակման և հայրենական բրենդային ապրանքանիշերի  վերականգնման,  Երևանի ավտոտրանսպորտի սակագնի բարձրացման, «Զվարթնոց» օդանավակայանի կլոր  շենքի հետագա օգտագործման և  տնօրինման և այլ հարցեր:

Ի դեպ, Մանուկյանը նկատեց, որ Հանրային խորհրդի 12 հանձնաժողովներից ամենաակտիվն այս տարիներին եղել է ֆինանսատնտեսական և բյուջետային հանձնաժողովը:

Զարուհի Փոստանջյանը Հովիկ Աբրահամյանին դժվարին օրեր է խոստանում

arm138013404843Քիչ առաջ Ժառանգություն խմբակցության նորանշանակ ղեկավար Զարուհի Փոստանջյանը խորհրդարանի նիստերի դահլիճում, մինչ օրակարգային հարցերին անցնելը, հանդես եկավ հայտարարությամբ` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին և նրա կուսակից ընկերներին նախազգուշական նոտա հղելով:

Նա տեղեկացրեց, որ կես ժամ առաջ Հովիկ Աբրահամյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որն ուղղված է Եվրոպայի խորհրդարանական վեհաժողովում այլ կարծիք հնչեցնելուն դեմ. «Պարոն Աբրահամյանը ավտորիտար որոշում է կայացրել, և Ժառանգություն խմբակցությանը հանել ԵԽԽՎ ազգային պատվիրակության կազմից»,-հայտարարեց Փոստանջյանը, իսկ հանրապետականներն այս նախադասության վրա սկսեցին ծափահարել:

Փոստանջյանը շարունակեց. «Այդ ավտորիտար որոշման վերաբերյալ իհարկե կլինեն համապատասխան բողոքարկման գործընթացներ: Պարոն Աբրահամյան, Ձեզ սպասվում են շատ դժվարին օրեր, այդ թվում նաև ձեր կուսակիցներին: Բացի այն, որ դժվարին օրեր են սպասովւմ, այդ գործողությունները Ձեզ չեն ներվելու»,-ամփոփեց Փոստանջյանը:

Պառավաքարի մոտ հակառակորդը կրակ է բացել ավոճանապարհով ընթացող մեքենաների վրա,կան վիրավորներ և մեկ զոհ

զինվոր է վիրավորվելԱյսօր` հոկտեմբերի 22-ին, ժամը 13-14-ի սահմաններում, ՀՀ Տավուշի մարզում, Բերդ-Իջևան ավտոճանապարհի Պառավաքարի հատվածում հակառակորդը կրակ է բացել ավոճանապարհով ընթացող մեքենաների վրա: Կրակահերթից տուժել են ինչպես քաղաքացիական, այնպես էլ զինվորական մեքենաներում եղած անձինք: Զինծառայողներին մարտական հերթապահության տեղափոխող զինվորական մեքենաների շարասյան վրա բացված կրակի հետևանքով զոհվել է ժամկետային զինծառայող, շարքային Գարիկ Արտակի Պողոսյանը, (Վանաձորի զ/կ, ծնված 1994թ., 2012թ. առաջին զորակոչ): Հրազենային տարբեր աստիճանի վիրավորումներ են ստացել ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Արթուր Սերոբի Անդրանիկյանը (Վայքի զ/կ, ծնված 1994թ., 2012թ. առաջին զորակոչ), Արայիկ Նորիկի Ժամհարյանը (Մասիսի զ/կ, ծնված 1994թ., 2012թ. առաջին զորակոչ) և Մարտին Վահրամի Պետրոսյանը (Մասիսի զ/կ, ծնված 1994թ., 2012թ. առաջին զորակոչ):

Դեպքի մասին համապատասխան իրազեկում կատարվել է ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի գրասենյակին:

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ հակառակորդի այս հանցավոր քայլը անպատասխան չի մնա և հերթական անգամ այս սադրանքի պատասխանատվությունը կմնա սանձազերծողի վրա:

ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր  խորին ցավակցությունն է հայտնում շարքային Գարիկ Արտակի Պողոսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Զարուհի Փոստանջյանին նոր պաշտոն տվեցին. նա «Ժառանգություն» խմբակցության ղեկավարն է

arm137163303329Արդեն հայտնի դարձավ, որ «Ժառանգություն»  խմբակցության նոր ղեկավարը խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանն է, իսկ նոր քարտուղարը` Թևան Պողոսյանը: Այս մասին լրագրողերին նախ հայտնեց կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, որը նույնպես հրավիրվել էր Ազգային ժողով՝ մասնակցելու խմբակցության նոր ղեկավարի որոշման նիստին:

«Կուսակցության վարչությունում որևէ նման հարց չի քննարկվել, դա քաղաքական չէ, ներկուսակցական չէ, զուտ անձնական որոշում է, և մենք պետք է հարգենք նրա որոշումը»,-ասաց Արմեն Մարտիրոսյանը: Նա նաև նշեց, որ այդ որոշումը Ռուբեն Հակոբյանը վաղուց է կայացրել: Մեր ճշտող հարցին՝ արդյոք որոշումը կայացվել է մինչև Զարուհի Փոստանջյանի ստրասբուրգյան սկանդալային հարցը, Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ այո:

Քիչ անց լրագրողների հետ ճեպազրույց ունեցավ նաև Զարուհի Փոստանջյանը, որը կրկնեց վերը նշվածը, թե դա եղել է Ռուբեն Հակոբյանի անձնական որոշումը:

Անձամբ Զարուհի Փոստանջյանն այսօր է տեղեկացել Ռուբեն Հակոբյանի այդ որոշման մասին:

Ի վերջո մի անի խոսք ասաց Ռուբեն  Հակոբյանը: Նա էլ կրկնեց նույնը, որ նման որոշման պատճառը անձնական է և դրանից ավելին մեկնաբանել չի ցանկանում:

«No comment»-ը նույնպես պատասխան է,-ասաց Ռուբեն Հակոբյանը,-ես այդպես եմ ցանկացել և վերջ: Համենայնդեպս ես այն տեսակը չեմ, որ ինձ կարողանան խանգարել կամ պարտադրեն ինչ որ բան»:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ մի օր էլ հրաժարվեք մանդատից, նա պատասխանեց, որ այդ մասին ընդհանրապես չի մտածել:

Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հնարավոր տարաձայնություններին, Ռուբեն Հակոբյանը նշեց, որ տարաձայնություններ իրենց մեջ չկան. «Կան որոշակի դետալներ, որոնք բնական են՝ տակտիկական հարցեր, որոնք բոլոր տեղերում էլ կան, բայց դրանք տարակարծություներ չեն»:

Նա նաև հայտնեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ իր հրաժարականի մասին երկար զրուցել է, և վերջինս չի ցանկացել, որ ինքը  նման քայլ կատարի, սակայն ի վերջո ասել է.”Որոշումը Ձերն է”:

 

ԱԺ քառօրյայի մեկնարկը բուռն էր. հանրապետականների նյարդերը տեղի տվեցին

Ազգային-ժողովՄեկնարկեց Ազգային ժողովի հինգերորդ գումարման չորրորդ նստաշրջանի հերթական քառօրյան: Մինչ օրակարգը հաստատելը, ելույթ ունեցավ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով սեպտեմբերի 25-ին Սյունիքի մարզում Աժ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի և ռուսական սահմանապահների միջև տեղի ունեցած միջադեպին: Պատգամավորը ԱԺ նախագահին հիշեցրեց, որ նա խոստացել էր ռուսական կողմից համապատասխան պարզաբանում ստանալուց հետո դիրքորոշում արտահայտել:

Նա նաև հիշեցրեց, որ ինքը դիմել էր Ազգային անվտանգության ծառայության տնօրենին՝ հասկանալու համար, թե ինչ իրավական հիմքով են օտարերկյա պետության հատուկ ծառայությունների ներկայացուցիչները գործողություններ կատարել Հայաստանի հանրապետության սահմաններում, սակայն տնօրենի տեղակալն իրեն գրավոր խորհուրդ էր տվել դիմել ԱԺ նախագահին:

Փաշինյանը դիմեց ԱԺ նախագահին, իսկ վերջինս պարզաբանեց, որ այդ հարցով խմբակցությունների ղեկավարների՝ այդ թվում նաև “Ժառանգություն” խմբակցության ղեկավարի հետ խորհրդակցություն է տեղի ունեցել, որի ընթացքում նա ընթերցել է ռուսական կողմի պատասխան նամակի ողջ բովանդակությունը:

Հովիկ Աբրահամյանը այդ նամակից եզրակացրել է, որ ռուսական կողմը որևէ օրենք չի խախտել և չի գործել առանց հայ իրավապահների մասնակցության: Նա պատրաստ է նամակը տրամադրել յուրաքանչյուր պատգամավորի, և եթե կլինեն կարծիքներ, որ օրենքի խախտում է եղել, ապա կրկին հարցը կքննարկվի և պահանջ կներկայացվի ռուսական կողմին:

Այնուհետև խոսակցությանը միացավ Զարուհի Փոստանջյանը՝ նշելով, որ երբ քաղաքացուն զինված ինչ որ մարդիկ հարցեր են ուղղում՝ այն էլ օտար լեզվով, ավտոմեքենան խուզարկում են, ապա դա  քաղաքացու հիմնարար սահմանադրական իրավունքների խախտում է: «Ես չգիտեմ այդ նամակի բովանդակությունը, պարզապես ուզում եմ Ձեզ հարց տալ, եթե Ձեզ հետ նման բան լիներ, ինչպե՞ս կվարվեիք»,-հարցրեց նա Հովիկ Աբրահամյանին:

Վերջինս էլ պատասխանեց, որ եթե նրա ասածը իրականությանը համապատասխանում է, ապա նա լիովին ճիշտ է, օրենքի խախտում կա,  և Ազգային ժողովը պետք է պահանջի, որպեսզի համապատասխան պատիժ լինի:

Այնուհետև կրկին ելույթ ունեցավ Նիկոլ Փաշինյանը և հայտարարեց, որ ինքը պարզ հարց է տալիս, բայց հստակ պատասխան չի ստանում. «Ես ուզում եմ, որ հանրությունը ստանա այդ հարցի պատասխանը, իսկ Դուք ինձ անընդհատ հրավիրում եք ինչ որ քննարկումների»,-ասաց նա խորհրդարանի ղեկավարին՝ կրկնելով հարցը՝  ի՞նչ հիմքով են օտարերկրյա քաղաքացիները ՀՀ տարածքում հսկիչ անցագրային կետ սահմանել,-Կարող ա էն հայտնի պիեսի տրամաբանությամբ Հայաստանի Հանրապետությունն այլևս ինքնիշխան պետություն չի, բայց մեզ չեք ասում, որ տրամադրություններս չընկնի»:

«Պարոն Փաշինյան, նման միջադեպ չի եղել, որ որևէ օտարերկրյա մի կառույց որևէ սահմանային կետ սահմանի, Դուք հիմա խոսում եք մի բան, որ իրականությանը չի համապատասխանում: Կրկնում եմ՝ ռուսական զորքերի հրամանատարը ներկայացրել է գրություն, որ նման բան չի եղել: Դա եղել է մեր ոստիկանւթյան և այլ կառույցների հետ միասին: Դրա համար եմ ասում՝ ծանոթացեք նամակին»,-կրկնեց Հովիկ Աբրահամյանը:

Զարուհի Փոստանջյանին ու Նիկոլ Փաշինյանին վրդովեցրեց այն, որ ԱԺ նախագահը հավատում է ոչ թե իրենց, այլ ռուսական զորքերի հրամանատարին, ինչը մեկ այլ քննարկման առիթ դարձավ:

«Այո, ձեր հայտարարություններին ես չեմ հավատում, որովհետև կյանքը ցույց է տվել, որ Դուք կարող եք նաև զրպարտությամբ զբաղվել, դրա համար ես հավատում եմ պաշտոնատար անձի գրավոր գրած նամակին»,-ասաց Հովիկ Աբրահամյանը Զարուհի Փոստանջյանին:

Նիկոլ Փաշինյանն էլ, օրենսդրությունը վկայակոչելով, հայտարարեց, որ պետք է իրականացվի ծառայողական քննություն, որպեսզի հայտնի դառնա, թե ում հայտարարությունն է արժանահավատ, ումը՝ ոչ:

Փաշինյանի հայտարարությունից ոգևորված՝ Փոստանջյանը հարց ուղղեց Հովիկ Աբրահամյանին. «Ձեր վերադասը ФСБ-ն է՞, փաստորեն այդպես է ստացվում»:

ԱԺ նախագահն էլ իր հերթին Փոստանջյանին հարց ուղղեց. «Դուք Ձեր ասածին հավատում ե՞ք»:

Ի վերջո հանրապետական որոշ պատգամավորների նյարդերը տեղի տվեցին, և Մարգարիտ Եսայանը, ելույթի իրավունք ստանալով, մի անեկդոտ հիշեց. «Փեսան զոքանչին ուսերին դրած ման է գալիս, հարցնում են՝ էդքան շատ ե՞ս սիրում, ասում է՝ չէ, դրել եմ ուսերիս, որ չտեսնեմ: Հիմա էսօր դահլիճում որոշ պատգամավորներ կան, որ մենք ուսներիս դրած տանում ենք, որ չտեսնենք»,-ասաց նա՝ հորդորելով «որոշ գործընկերների» չափի զգացումը պահել:

Վարդան Այվազյանն էլ ընդդիմադիր գործընկերներին հորդորեց. «Առաջնորդվե՛ք կանոնակարգով: Հո մենք գերի՞ չենք: 35 րոպե  նույն բանի մասին եք խոսում»:

 

Վարչապետի մասնակցությամբ մեկնարկել է Հայկական տնտեսագիտական միության տարեկան համաժողովը

Տիգրան Սարգսյան, տնտեսագիտական միության համաժողովԵրևանի պետական համալսարանում աշխատանքներն է սկսել Հայկական տնտեսագիտական միության տարեկան համաժողովը: Միջոցառմանը մասնակցել են վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, հայտնի տնտեսագետներ, ուսանողներ:

Ողջունելով ներկաներին՝ վարչապետը նշել է, որ տարետացրի այս համաժողովի նկատմամբ հետաքրքրությունը մեծանում է, ընդլայնվում մասնակիցների շրջանակները: Կառավարության ղեկավարի խոսքով՝ նման համաժողովները պետք է նպաստեն տնտեսագիտական մտքի զարգացմանը, երիտասարդների մոտ հետաքրքրություն առաջացնեն տնտեսագիտական հետազոտությունների նկատմամբ: «Մենք պարտավոր ենք Երևանի պետական համալսարանում ստեղծել այնպիսի միջավայր, որպեսզի մարդիկ մոտիվացվեն՝ հետազոտություններով զբաղվելու համար: Ամենայն ուշադրությամբ պետք է հետևենք այդ հետազոտություններին և հնարավորինս օգտագործենք այն հիմնական գաղափարները, որ Հայկական տնտեսագիտական միությունը կներկայացնի մեզ»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Վարչապետը նշել է, որ ժամանակակից ճգնաժամային աշխարհը լրացուցիչ բարդություններ է ստեղծել տնտեսագետների համար, միևնույն ժամանակ վերջիններիս աշխատանքը դարձրել հետաքրքիր: «Եթե հետևենք Նոբելյան մրցանակներին, որոնք տրվում են տնտեսագիտության ոլորտում, կտեսնենք այն արդիական թեմաները, որոնք հետաքրքրւմ են տնտեսագետներին: Ակնհայտ է, որ բազմաթիվ օրինաչափություններ, որ դասական տնտեսագիտությունը մեզ տալիս էր, շատ հաճախ չեն դրսևորվում: Դրանք փոխարինվում են այլ օրինաչափություններով, միաժամանակ ստիպելով տնտեսագետներին սերտորեն համագործակցել այլ մասնագիտությունների՝ սոցոլոգիայի, հոգեբանության մասնագետների հետ: Այդ ամենը ստիպում է մեզ ընդլայնել ուսումնասիրությունների շրջանակները»,- ասել է գործադիրի ղեկավարը:
Վարչապետի դիտարկմամբ՝ այսօր հետադարձ հայացք գցելով վերջին 20 տարիների ընթացքում Հայաստանում դրսևորված սոցիալտնտեսական, ֆինանսական բավականին բարդ գործընթացների վրա, փորձ է արվում հասկանալ, թե ինչ նոր մարտահրավերների առջև կարող ենք կանգնել: «Իհարկե, այդ տեսակետից միջազգային համադրումները, անցումային երկրներում դրսևորվող օրինաչափությունների ուսումնասիրությունները մեզ օգնում են ավելի ճիշտ հասկանալ մեր առանձնահատկությունները և օրինաչափությունները, որոնք այսօր առկա են մեր տնտեսական համակարգում»,- նշել է Տիգրան Սարգսյանը՝ ևս մեկ անգամ հավաստիացնելով, որ կառավարությունն ուշադրությամբ հետևելու է համաժողովի ընթացքում ծավալվելիք քննարկումներին:
Եռօրյա համաժողովին առաջին զեկուցմամբ հանդես է եկել աշխարհում ժամանակակից տաս լավագույն տնտեսագետներից մեկի համարումն ունեցող պոլսահայ Տարոն Աջեմօղլուն:

Գրողների միության նախագահը արդեն Էդվարդ Միլիտոնյանն է

էդվարդ միլիտոնյանԱյսօր Հայաստանի գրողների միության արտահերթ համագումարւմ ընտրվեց  ՀԳՄ նախագահ։ Թեկնածուները  չորսն էին`Էդվարդ Միլիտոնյանը,  Հովիկ Հովեյանը,Դավիթ ՀԳՄ նախագահի ընտրությունՍարգսյանը և Ռոմիկ Սարդարյանը:  Վլադիմիր Հայրապետյանը ինքնաբացարկ հայտարարեց: ՀԳՄ նախագահ ընտրվեց Էդվարդ Միլիտոնյանը 199քվեով, Հովիկ Հովեյանն ստացավ 100 քվե, Դավիթ Սարգսյանը՝ 24, Ռոմիկ Սարդարյանը՝ 4։

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից դեպի հյուսիս-արևմուտք

երկրաշարժՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր տեղական ժամանակով 22.57-ին Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Սպիտակ քաղաքից 13 կմ դեպի հյուսիս-արևմուտք, տեղի է ունեցել 2.7 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3-4 բալ:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են հյուսիսային լայնության 40.900 և արևելյան երկայնության՝ 44.130:

Երկրաշարժը զգացվել է Գյումրի քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ:

Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնումն իրատեսական է, եթե…

Արա Պապյան«Մոդուս  վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանի կարծիքով «հողային պահանջ» եզրույթի փոխարեն ցանկալի է կիրառել «տարածքային ամբողջականություն» արտահայտությունը: «Եղել է ճանաչված ՀՀ, որի սահմանները տարբեր վճիռներով, որոշումներով ժամանակին ընդունվել են միջազգային հանրության կողմից և որը խախտվել է»,- ասաց Պապյանը ԳԱԱ-ում անցկացվող «Հայագիտությունը և արդի ժամանակաշրջանի մարտահրավերները» խորագրով հայագիտական միջազգային 2-րդ համաժողովում:  Պապյանի զեկույցի թեման էր «ՀՀ տարածքային ամբողջականության վերականգնումը.  հիմնախնդիրները և հեռանկարները»:

Պապյանն առաջարկում է քննարկման առարկա դարձնել 1918-23թթ. կնքված հինգ պայմանագրերը` այն է, Սևրի, Ալեքսանդրապոլի, Մոսկվայի, Կարսի և Լոզանի պայմանագրերը, «մանավանդ որ հայ-թուրքական արձանագրություններում հղում է կատարվում գոյություն ունեցող փաստաթղթերին, որը թուրքական կողմը մեկնաբանում է որպես Կարսի և Մոսկվայի պայմանագրեր»:

Վիեննայի 1968թ. «Պայմանագրային իրավունքի մասին»  կոնվենցիայի համաձայն պայմանագիրը գրավոր համաձայնությունն է պետությունների միջև  և կառավարվում է միջազգային իրավունքով: Ըստ Պապյանի` այս տեսանկյունից  վերլուծելով այդ հինգ պայմանագրերը, պարզ է դառնում, որ միայն Սևրի պայմանագիրն է  օրինական, քանի որ ստորագրվել է այդ ժամանակ ճանաչված պետությունների միջև` Օսմանյան կայսրության և հաղթող երկրների միջև:

«Ալեքսանդրապոլի, Մոսկվայի և Կարսի պայմանագրերն, իմ կարծիքով, օրինական չեն, քանի որ  դրանք ստորագրվել են  կնքելու պահին չճանաչված պետությունների միջև: Այսպես, Ալեքսանդրապոլի պայմանագիրը  կնքելու պահին հայկական կողմն արդեն պետություն չէր  ներկայացնում,  քեմալականները ևս դեռ պետություն չէին ներկայացնում: Մոսկվայի պայմանագրի դեպքում բոլշևիկները դեռևս ճանաչված չէին որպես օրինական իշխանություն, Կարսի պայմանագրի դեպքում Սովետական Հայաստանը երբևէ չի եղել միջազգայնորեն ճանաչված սուբյեկտ, իսկ քեմալականներն էլ պետություն  չէին ներկայացնում: Լոզանի պայմանագրի ժամանակ քեմալականները ճանաչված էին որպես կռվող կողմ, բայց ոչ պետության ներկայացուցիչ, Թուրքիայի Հանրապետությունը հռչակվել է դրանից ամիսներ անց միայն»,- ասում է Պապյանը` հավելելով, որ Վիեննայի կոնվենցիայի համաձայն այն պայմանագրերը, որոնք կնքման պահին  խախտել են մյուս կոնվենցիաները, այսինքն միջազգային հիմնարար դրույթները, կնքման պահից անվավեր են:

Պապյանն առաջարկում է, որ ՀՀ-ն դիմի ՄԱԿ-ի միջազգային դատարան` պահանջելով հստակեցնել արդյոք Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռն այժմ ուժի մեջ է: Իսկ Հաագայի  կոնվենցիայի համաձայն իրավարար վճիռներն անժամկետ են և անբեկանելի: ՄԱԿ-ի միջազգային դատարանի դրական վճռից հետո էլ ՀՀ-ն կարող է դիմել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին` պահանջելով քննել անդամ մասնակցի հարցը, որի գործողությունների պատճառով տարածաշրջանում ստեղծվել է խաղաղության համար վտանգավոր իրավիճակ: Այսինքն Թուրքիայի` գործող իրավարար վճիռը չկատարելու հետևանքով Հայաստանն այսօր շրջափակնան մեջ է: Հայաստանը կարող է պահանջել ԱԽ-ից, որ վերջինս  պարտադրի Թուրքիային կատարել վճիռը:

Հարցին, թե արդյոք դա նշանակում է հողերի վերադարձ, Պապյանը նշում է, որ դա արդեն ՀՀ և Թուրքիայի Հանրապետության քննարկման հարցն է, կարող են տարբեր պայմանավորվածություններ ձեռք բերվել:

Պապյանն ասում է, որ մինչև 1991-ը ՄԱԿ-ի դատարանին չենք դիմել, քանի որ անկախ պետություն չունեինք, իսկ հետագայում չդիմելու պատճառները տարբեր են:

«91-ից հետո առաջին նախագահի իշխանության օրոք  ասվում էր`  ինչ եղել է, անցյալում է, մենք երջանիկ կապրենք մեր 29 հազար քկմ-ի վրա: Պատմական փորձը ցույց տվեց, որ չենք կարող ոչ երջանիկ, ոչ էլ ապահով ապրել այդ տարածքում,- ասում է Պապյանը:- Երկրորդ և երրրոդ նախագահների օրոք ամեն ինչ կենտրոնացած է Ղարաբաղի հարցի վրա: Իմ կարծիքով շատ նեղացված է հարցը, քանի որ  Ղարաբաղի հարցը Հայաստանի իրավունքների և անվտանգության մի մասն է ընդամենը, այսինքն Հայաստանը չի կարող լինել ապահով և բարեկեցիկ, եթե չի լուծում բոլոր հարցերը: Ղարաբաղով հանդերձ Հայաստանը մնում է շրջափակելի և խիստ խոցելի: Չպիտի մոռանանք, որ հողային հարցը Հայաստանի և տնտեսական զարգացման, և ռազմական անվտանգության հարց է»:

Պապյանի կարծիքով` ճիշտ աշխատանքի դեպքում հարցի դրական լուծումն իրատեսական է, պարզապես պետք է դատարան դիմելուց առաջ նախ հարցն համապարփակ ուսումնասիրել, ապա նաև համապատասխան մթնոլորտ ստեղծել քաղաքական և քարոզչական աշխատանքների միջոցով:

Նախագահ Սերժ Սարգսյանը կմեկնի Բրյուսել

 

Նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է կարճատև արձակուրդՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան կմեկնի Բրյուսել (Բելգիայի Թագավորություն)՝ հոկտեմբերի 19-ին մասնակցելու Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարտենսի հուղարկավորության արարողությանը:

Ողբերգական պատահար ՀՀ հյուսիսարևելյան սահմանագոտում

պնՍ.թ. հոկտեմբերի 16-ին, ժամը 20:30-ի սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան սահմանագոտում տեղակայված զորամասի հսկողության տարածքում մարտական խնդիր իրականացնելիս մահացու ականապայթյունային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար, կապիտան Գևորգ Գագիկի Մնացականյանը (ծնված 1988թ., ծառայում էր 2005թ.-ից, Գավառի զ/կ):

Տարբեր աստիճանի վնասվածքներով Երևանի ԿԿԶՀ են տեղափոխվել ավագ լեյտենանտ Գարուշ Վերիկի Համբարձումյանը (վիճակը միջին ծանրության է), պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Արարատի Հակոբյանը (վիճակը բավարար է), պայմանագրային զինծառայող, շարքային Էդգար Վարդանի Հարությունյանը (վիճակը միջին ծանրության է):

Կատարվում է հետաքննություն:

ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունն է հայտնում իր պարտքը կատարելիս հերոսաբար զոհված կապիտան Գևորգ Գագիկի Մնացականյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Նախագահն ընդունել է ՏՏ բնագավառում ՀՀ Նախագահի 2013թ. կրթական պարգևներին արժանացած ուսանողներին և աշակերտներին,լուսանկարներ

4298

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) բնագավառում ՀՀ Նախագահի 2013թ. կրթական պարգևներին արժանացած ուսանողներին և աշակերտներին: Նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ Սերժ Սարգսյանը մրցանակակիրներին հանձնել է տարբեր անվանակարգերում նրանց շնորհված պարգևները. յուրաքանչյուր անվանակարգի համար վկայագրի հետ միասին երիտասարդներն ստացել են հուշախորհրդանիշ և դրամական պարգև:

Նախագահի հրավերով միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի 70-ամյակի տոնակատարությունների շրջանակում Երևան ժամանած մեկ տասնյակից ավելի երկրների գիտությունների ազգային ակադեմիաների նախագահները, ովքեր շնորհավորել են մրցանակակիրներին և մաղթել նորանոր հաջողություններ:

Այս տարի ՀՀ Նախագահի ամենամյա կրթական պարգևին արժանացել են 21 ուսանող և 18 աշակերտ՝ 5 բուհից և 8 ավագ դպրոցից: Ընթացիկ տարում հանձնաժողովն ընդլայնել է մրցանակաբաշխությանը մասնակից կրթական հաստատությունների թիվը՝ ընդգրկելով նաև «Այբ» ավագ դպրոցը: Հանձնաժողովի որոշմամբ, այս տարի «գլխավոր մրցանակ» անվանակարգում հաղթող չի ճանաչվել:

Պարգևատրման արարողության ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է բարձր առաջադիմություն ցուցաբերած և Նախագահի 2013թ. կրթական պարգևներին արժանացած ուսանողներին և աշակերտներին, մաղթել նոր հաջողություններ:

 

***

Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ Նախագահի կրթական պարգևների հանձնման արարողության ժամանակ

 

 

Սիրելի՛ ուսանողներ, աշակերտներ,
Սիրելի՛ ուսուցիչներ,
«Սինոփսիս Արմենիա» ընկերության հարգելի՛ ներկայացուցիչներ,
ԱՄՆ հարգելի՛ դեսպան,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Ողջունում եմ բոլորիդ Նախագահի նստավայրում: Առաջին հերթին շնորհավորանքի և շնորհակալության խոսք եմ ուղղում պարգևների արժանացած մեր երիտասարդներին: Այս պարգևները նվաճելով՝ դուք ապացուցում եք, որ պատրաստ եք ինքնուրույն մուտք գործելու մեծ կյանքի ուղի:

Այժմ դուք կատարում եք ձեր առաջին քայլերը ձեր ընտանիքներից և նեղ ընկերական շրջապատից դուրս: Եվ այդ առաջին քայլերն ապացուցում են, որ դուք պատասխանատու և հայրենասեր մարդիկ եք մեծանում:

Որպես Հայաստանի Հանրապետության Նախագահ՝ ես ձեր ծնողների հետ միասին կիսում եմ այս հաղթանակի բերկրանքը: Իմ, ինչպես և նրանց համար չի կարող լինել ավելի մեծ ձեռքբերում, քան ձեր հաջողությունը:

Միևնույն ժամանակ, դուք օրինակ եք ծառայում ձեր հասակակիցների և ընկերների համար: Այդ օրինակը պետք է լինի վարակիչ, որպեսզի հեռուստատեսությամբ ձեզ տեսնողները ևս հավատան իրենց ուժերին, լծվեն իրենց ուսմանն ու կրթությանը: Թո՛ղ նրանք ոչ միայն ձեր օրինակի, այլև իրենց սեփական աշխատանքի շնորհիվ համոզվեն, որ մեկ, երկու, երեք տարի անց արդեն իրենց են ցուցադրելու հեռուստատեսային լուրերով՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի նստավայրում պարգևներ և կրթաթոշակներ ստանալիս:

Դա հնարավոր է, հաստա՛տ հնարավոր է: Խնդրում եմ՝ պատմե՛ք բոլորին դրա մասին:

Սա ձեզանից յուրաքանչյուրի առաջին ձեռքբերումն է, որը դուք ինքներդ եք հնարավոր դարձրել: Եվ ես երախտապարտ եմ ձեզ՝ ձեր ձգտման, համառության, խանդավառության և եռանդի համար:

Ես վստահ եմ, որ այս առաջին պարգևին արժանանալով՝ դուք սրա վրա կանգ չեք առնելու: Արժանանալու եք շատ ավելի մեծ պարգևների: Ինչպես ասում են՝ լավ սկիզբը գործի կեսն է:

Դուք այդ լավ սկիզբը դրել եք, իսկ ես և ավագ սերնդի բոլոր ներկայացուցիչներն ամեն ինչ կանենք, որպեսզի այդ ազնիվ գործի երկրորդ կեսն էլ իրականություն դառնա: Վստահ եղեք, որ ինչպես այս պարագայում, ձեր կողքին կլինեն Հայաստանի պետական և մասնավոր շատ հաստատություններ՝ ձեզ համար հասու դարձնելով իրենց հնարավորությունները:

Աշխարհում այսօր մարդկային գիտելիքը և տաղանդն ամենաթանկն է գնահատվում: Իսկ դուք այսօր ներկայացնում եք մեր ժողովրդի տաղանդները, մեր ժողովրդի հարստությունը, մեր հասարակության սերուցքը: Ո՛չ մի կասկած չունեմ, որ ի դեմս ձեզ այստեղ է մեր Հայաստան աշխարհի ապագան, լուսավոր ապագան:

Սիրելի՛ բարեկամներ,

Ձեզ շնորհավորելու և մեծարելու այս արարողությանը մենք խնդրեցինք մասնակցել այս օրերին Հայաստանի Հանրապետությունում գտնվող տարբեր երկրների գիտությունների ազգային ակադեմիաների նախագահներին, ովքեր ժամանել են Հայաստան՝ մեզ հետ կիսելու մեր ուրախությունը՝ կապված Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի 70-ամյակի հետ: Կարծում եմ՝ ապագա գիտնականների և գիտելիքի ուղով ընթացող պատանիների և աղջիկների համար այս տարիքում սա ինքնին հրաշալի ու խորհրդանշական նվեր է:

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ մեր մրցանակակիրներին: Մաղթում եմ ձեզ հաջողություններ, նորանոր ձեռքբերումներով լի անամպ ճանապարհ, որը նոր հաղթանակներ կբերի ձեզանից յուրաքանչյուրին և մեր ողջ ժողովրդին:

Օգտվելով առիթից` շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր մասնակցել են այս ծրագրի իրականացմանը:

Շնորհակալ եմ:

ՀՀ Նախագահն ընդունել է Հայաստան ժամանած մի շարք երկրների գիտությունների ակադեմիաների նախագահներին

4293

4294

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման 70-ամյակի տոնակատարությունների շրջանակում Երևան ժամանած ավելի քան մեկ տասնյակ երկրների գիտությունների ակադեմիաների նախագահներին:

Հանրապետության Նախագահը ողջունել է անվանի գիտնականներին Հայաստանում, շնորհակալություն հայտնել ՀՀ ԳԱԱ հիմնադրման հոբելյանական միջոցառումներին նրանց մասնակցության համար: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել 70-ամյա փառավոր ուղի անցած Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի գործունեությունը, ընդգծելով, որ տասնամյակներ շարունակ մեր գիտնականներն իրենց մեծ ներդրումն են ունեցել գիտության և Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման գործում: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ ՀՀ ԳԱԱ գիտնականները նույնպիսի նվիրումով կշարունակեն իրենց կարևորագույն աշխատանքը՝ տարեցտարի ակադեմիայի գիտնականների շարքերը համալրելով երիտասարդներով, առանց որոնց, Նախագահի համոզմամբ, գիտության զարգացումը հեռանկար ունենալ չի կարող: Ակադեմիայի առկա ձեռքբերումները Հանրապետության Նախագահը պայմանավորել է նաև միջազգային ակտիվ համագործակցությամբ: Նրա խոսքով, ցանկացած երկրի համար դժվար է պատկերացնել արդի պահանջներին համապատասխան գիտության զարգացումն առանց այդ փոխգործակցության: Նախագահը կարևորել է ինչպես երկկողմ ձևաչափում, այնպես էլ միջազգային ծրագրերի և տարբեր կազմակերպությունների շրջանակներում համագործակցությունը, որի լավագույն օրինակներից մեկն էլ չորս տասնյակ երկիր միավորող Գիտությունների համաեվրոպական ազգային ակադեմիաների ֆեդերացիան է, որի անդամ է նաև Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան:

Հանդիպմանը ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել Հանրապետության Նախագահին՝ ակադեմիան մշտապես պետական ուշադրության ներքո պահելու, գիտնականներին և հատկապես երիտասարդ գիտնականներին աջակցություն ցուցաբերելու, խրախուսելու համար:

Հանդիպմանը ներկա երկրների ակադեմիաների նախագահները Հանրապետության Նախագահի հետ զրուցել են գիտության արդի մարտահրավերների, դրանց դիմակայելու հնարավորությունների և գիտության զարգացման հեռանկարների մասին: Նրանք ևս կարևորել են ակադեմիաների ակտիվ համագործակցությունը, միաժամանակ բարձր գնահատելով Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի հետ տարիներ ի վեր գոյություն ունեցող իրենց արդյունավետ համագործակցությունը: Գիտնականները դրվատանքով են խոսել նաև պետության կողմից Հայաստանի ակադեմիայի նկատմամբ ցուցաբերվող հոգածության, գիտնականների աշխատանքը գնահատելու և Հայաստանի գիտության զարգացմանն ուղղված ջանքերին աջակցելու մասին:

Հանդիպման ավարտին Սերժ Սարգսյանն անվանի գիտնականներին հրավիրել է մասնակցելու և իրենց ներկայությամբ պատվելու Նախագահի նստավայրում հանդիպումից անմիջապես հետո անցկացվելիք տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում ՀՀ Նախագահի 2013թ. կրթական պարգևների հանձնման հանդիսավոր արարողությունը, շփվելու հայ տաղանդաշատ աշակերտների և ուսանողների հետ, խրախուսելու նրանց: Գիտնականները սիրով ընդունել են Նախագահի հրավերը՝ մասնակցելով միջոցառմանը:

Նախագահը մասնակցել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի 70-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին

 

Սերժ Սարգսյան

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մասնակցել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի 70-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին:

Հանրապետության Նախագահը շնորհավորել է ներկաներին ակադեմիայի հիմնադրման 70-ամյակի կապակցությամբ և գիտության ու կրթության բնագավառում ունեցած մեծ վաստակի և ակնառու ծառայությունների համար ՀՀ ԳԱԱ մի խումբ անդամների պարգևատրել ՀՀ պետական բարձր պարգևներով՝ շքանշանով, մեդալներով, շնորհել նաև պատվավոր կոչումներ:

 

***

Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական խոսքը
ՀՀ ԳԱԱ 70-ամյակի առթիվ

 

Վեհափա՛ռ Տեր,
Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի հարգելի՛ անդամներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Շնորհավորում եմ ձեզ Ակադեմիայի հիմնադրման 70-րդ տարեդարձի կապակցությամբ: 1935 թվականին ՍՍՌՄ գիտությունների ակադեմիայի հայկական մասնաճյուղի ստեղծմամբ իսկապես նոր և փայլուն էջ բացվեց հայոց գիտության զարգացման պատմության մեջ: Դա սկիզբն էր մեծ ճանապարհի, որով պիտի անցնեին տաղանդաշատ գիտնականների սերունդներ: Ոչ միայն անցնեին, այլ նաև փառքով պսակեին իրենց և իրենց ծնող ժողովրդի անունը:

Հայաստանի առաջավոր գիտությունը մեծապես նպաստել է մեր երկրի տնտեսական և սոցիալական զարգացմանը՝ խորհրդային Հայաստանը դասելով հզոր գիտաարտադրական ներուժ ունեցող երկրների շարքին: Ակադեմիան ձևավորել է հասարակական և ճշգրիտ գիտությունների ներկայացուցիչ մտավորականների մի հսկայական բանակ, որն իր հերթին բարեփոխել է մի ողջ ժողովրդի հոգեկերտվածք:

Խորհրդային միության փլուզումը և անցման շրջանը ծանր էր բոլորի, այդ թվում և մեր գիտական համակարգի համար: Ունեցանք անխուսափելի կորուստներ: Սա նույնպես փաստ է, որքան էլ ցավալի է խոստովանելը: Այսօր մեր կարևորագույն խնդիրն է արդիականացնել գիտության ենթակառուցվածքները: Ներկա աշխարհում առաջին հերթին հենց գիտության նվաճումների արդյունքում է, որ կտրուկ արագացել են բոլոր, նույնիսկ քաղաքական գործընթացները: Սա նշանակում է, որ մենք չպետք է դանդաղենք գիտության ոլորտում իրականացվող բարեփոխումների անցկացման ճանապարհին:

Խիստ կարևոր եմ համարում, որ բարեփոխումներն իսկապես լինեն բարեփոխումներ նաև գիտաշխատողների սոցիալական խնդիրների լուծման առումով: Մենք պետք է կարողանանք թույլ չտալ, որ ոլորտի փոփոխություններն ու արդիականացումը հանգեցնեն գիտաշխատողների սոցիալական վիճակի վատթարացմանը: Ճիշտ հակառակը: Համոզված եմ, որ մեր հասարակության մեջ պետք է վերականգնվի ոչ միայն գիտնականի սոցիալական բարձր կարգավիճակը, այլև նրա բարի համբավն ու բարձր հեղինակությունը: Սա պարտադիր պայման է աճող սերնդի խրախուսման հարցում: Մեր երեխաները պետք է ցանկություն ունենան դառնալու գիտնական:

Հարգելի՛ ներկաներ,

Բնական է, որ ժամանակն իր հետ նոր հնարավորություններ է բերում: Ես խոսում եմ միջազգային գիտական համագործակցության մեծացող հնարավորությունների մասին: Նույնիսկ աշխարհի ամենահարուստ երկրների գիտությունը անհնար է պատկերացնել առանց միջազգային համագործակցության: Ներկա աշխարհում դա պարզապես անհնար է: Մենք առավել ևս պետք է շահագրգիռ լինենք և կտրուկ ընդլայնենք մեր գիտական միջազգային համագործակցությունը: Եթե մենք հպարտորեն արձանագրում ենք, որ խորհրդային համագործակցության համատեքստում կարողացել ենք լուրջ նվաճումներ արձանագրել, ապա նույնը պետք է փորձենք անել արդեն ներկայիս բազմակողմանի համագործակցության համատեքստում:

Հայաստանի Հանրապետության գիտության զարգացման հեռանկարներն իմ կարծիքով հենց այդ համագործակցության ծիրում են: Այլ հեռանկար մենք չունենք: Բայց ասվածը չի նշանակում, թե իբր մեր գիտական հանրությունը չունի կամ չի կարող ունենալ ներքին պատվիրատու: Այս իմաստով, ես կարևոր եմ համարում Ակադեմիայի գիտական կառույցների և անհատ գիտնականների համագործակցությունը տնտեսության և մասնավորապես արտադրության ներկայացուցիչների հետ:

Սիրելի՛ գիտնականներ,

Կրկին շնորհավորում եմ ձեզ այս մեծ հոբելյանի առթիվ: 70 տարում ձեր նախորդները և դուք կատարել եք անհավանական մեծ աշխատանք, որ, իմ խորին համոզմամբ, պետք է կոչել գիտական սխրանք: Մաղթում եմ ձեզ, որ դուք արժանիորեն շարունակեք Գիտությունների ազգային ակադեմիայի փառավոր ավանդույթները, հարստացնեք դրանք ձեր նոր ձեռքբերումներով ու փորձով, պատրաստեք և ձևավորեք հայ գիտնականների նոր սերունդներ՝ ի փառս մեր երկրի և Հայաստանի գիտության:

Շնորհակալություն:

Արամ Մուղալյանը դատարանի դահլիճից համաներումով ազատ արձակվեց

176007Արմավիրի ընդհանուր իրավասության դատարանը հոկտեմբերի 15-ին դեզի ծխահարման գործով մեղադրվող, Քեմբրիջի շրջանավարտ Արամ Մուղալյանին մեղավոր ճանաչեց ՀՀ ՔՕ երեք հոդվածներով, դատապարտեց 2 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման և համաներումով դատարանի դահլիճից ազատ արձակեց։ Նույն գործով անցնող Ռոբերտ Փիլոյանին դատարանը դատապարտեց 2 տարի 6 ամիս, Գագիկ Առաքելյանին՝ 1 տարի 1 ամիս, Արթուր Քլյանին՝ 1 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման և բոլորին դատարանի դահլիճից համաներումով ազատ արձակեց։

Երիտասարդները մինչև վերջ չընդունեցին իրենց մեղավորությունը։ Արամ Մուղալյանը հայտարարեց, որ իր փաստաբանի հետ քննարկելու է այլ ատյաններում ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճիռը բողոքարկելու հնարավորությունը, քանի որ աբսուրդ է համարում մեկ վկայի ցուցմունքի հիման վրա չորս մարդու դատապարտելը։

Հիշեցնենք, որ Արամ Մուղալյանը և նրա 3 ընկերները մեղադրվում էին  ապրիլի 21-ին Նորապատ գյուղում 4 դրվագով խուլիգանություն կատարելու եւ ազգությամբ եզդի մեկ ընտանիքի՝ 36 հազար դրամ արժողությամբ խոտի դեզն այրելու փորձի մեջ:

 

 NEWS.am

9 ամսում Երևանում 6300 հանցագործություն է գրանցվել, ինչը 15,7 տոկոսով ավել է նախորդ տարվա ցուցանիշից

ոստիկանություն3Հոկտեմբերի 14-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում տեղի ունեցավ խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվեցին վարչության ու ենթակա ստորաբաժանումների 2013 թ. 9 ամիսների օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները:
Խորհրդակցությանը մասնակցում էր ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Կարապետյանը հաշվետու զեկույցում նշեց, որ անցած 9 ամիսներին մայրաքաղաքում գրանցվել է 6300 հանցագործության դեպք, որը 15,7 տոկոսով ավելի է նախորդ տարվանից: Աճը պայմանավորված է հանցագործությունները գրանցումից թաքցնելու արատավոր պրակտիկայի բացառումով: Անձի դեմ ուղղված հանցագործություններն աճել են 13,6 տոկոսով, սպանության փորձերը՝ 44,4, տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունները՝ 26,2 տոկոսով: Միևնույն ժամանակ, 58,3 տոկոս նվազում է արձանագրվել մարդկանց թրաֆիքինգի դեպքերով: Աճել է նաև թմրամիջոցների անօրինական շրջանառության դեպքերի բացահայտման արդյունավետությունը՝ 83,7 տոկոս:
Զենք-զինամթերքի առգրավման փաստերով հարուցված քրեական գործերի թիվն աճել է 4 դեպքով, իսկ հրազենով կատարված հանցագործությունները նախորդ տարվա համեմատությամբ նվազել են 1-ով:
Հաշվետու ժամանակահատվածում մայրաքաղաքում արձանագրվել է դիտավորյալ սպանության 13 դեպք: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական աշխատանքների արդյունքում 9-ը բացահայտվել են: Բացահայտման ցուցանիշը նախորդ տարվա համեմատությամբ աճել է 12,1 տոկոսով՝ կազմելով 69,2 տոկոս: 5,1 տոկոս աճ է արձանագրվել նաև ավազակային հարձակման դեպքերի բացահայտման ուղղությամբ:
Նախկինում կատարված՝ կասեցված հանցագործություններից այս տարվա 9 ամիսների ընթացքում բացահայտվել է 399 հանցագործության դեպք՝ նախորդ տարվա 380-ի դիմաց, և այս միտումը վարչության ձեռքբերումներից է:
2013 թ. 9 ամիսների ընթացքում հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող 534 անձ:
Հաշվետու զեկույցին հետևած քննարկման ընթացքում ոստիկանության բաժինների պետերը ներկայացրին տարածքների օպերատիվ իրավիճակի առանձնահատկությունները, իրականացվող միջոցառումների ընթացքը, անձնակազմի հետ տարվող աշխատանքը:
Վլադիմիր Գասպարյանը կոնկրետ հանձնարարականներ տվեց հանցագործությունների կանխարգելմանն ուղղված աշխատանքներն ակտիվացնելու, բնակչության հետ համագործակցելու, համայնքների քրեածին իրավիճակի մշտադիտարկում իրականացնելու ուղղությամբ:
Անդրադառնալով հաշվետու շրջանի ցուցանիշներին՝ ոստիկանության պետը կրկին ընդգծեց, որ հանցագործությունները գրանցումից թաքցնելը բացառելն այլընտրանք չունի:
Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ նաև անձնակազմի օպտիմալացման, մի շարք ստորաբաժանումների կառուցվածքային փոփոխության ծրագրերին, դրական գնահատեց ոստիկանության բաժիններում ընթացող հիմնանորոգման աշխատանքները և համոզմունք հայտնեց, որ Երևանի կայազորում ընթացող բարեփոխումների գործընթացը նպատակամղվածության, յուրաքանչյուր ոստիկանի աշխատանքի օբյեկտիվ ու արդար գնահատման, ծառայողների պրոֆեսիոնալ պատրաստվածության շարունակական բարձրացման շնորհիվ հասցնելու է ցանկալի նպատակին՝ նոր ոստիկանության ձևավորմանը:

Բիրյուլևոյի շրջանի պտուղ-բանջարեղենի բազայում խոշոր գումար և զենք է հայտնաբերվել

մոսկվաՄոսկվայում Արևմտյան Բիրյուլևոյի շրջանի պտուղ-բանջարեղենի բազայում ոստիկանությունը հայտնաբերել է ավտոմեքենա , որի մեջ եղել է մի քանի միլիոն ռուբլի, դանակներ, տրավմատիկ ատրճանակներ: Ոստիկանության բաժանմունք են տարվել 1200մարդ և ստուգվում է նրանց կապը կատարված հանցագործության հետ: Տարածքում աշխատում է օպերատիվ քննչական խումբը, բանջարեղենի պահեստը փակ է:

Ամեն տեղ հսկում են ոստիկանները, շարունակվում է մոսկվացի Եգոր Շչերբակովին սպանողի որոնումները: Հիշեցնենք, որ25-ամյա Շչերբակովին սպանել են Վոստրյակովյան կայարանում, հոկտեմբերի 10-ին, երբ նա ընկերուհուն ճանապարհում էր տուն: Մուտքի մոտ զույգին մոտեցել է անհայտ տղամարդ և  վեճի ընթացքում դանակով հարվածել  Շչերբակովին: Որոշ ԶԼՄ-ներ վկայակոչելով տեսանկարահանման սարքերի գրանցումները, հաղորդել են, որ մարդասպանը Միջին Ասիայից է կամ Կովկասից:

Լևոն Արոնյանը՝ շախմատի «Մեծ սաղավարտի» խաղարկության մրցաշարի հաղթող

Լևոն ԱրոնյանԻսպանիայի Բիլբաո քաղաքում ընթացքող շախմատի  «Մեծ սաղավարտի» խաղարկության եզրափակիչ մրցաշարի վերջին՝ 6-րդ տուրում Լևոն Արոնյանը, հանդես գալով սև խաղաքարերով, ոչ-ոքի ավարտեց պարտիան ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի հետ:

Մրցակիցները կատարեցին 38-րդ քայլ: Արոնյանը հավաքեց 10 միավոր: Նա 4 միավորով առաջ է մերձակա հետապնդողից`անգլիացի Մայքլ Ադամսից:

«Մեծ սաղավարտի» եզրափակիչ մրցաշարում հաղթանակի համար տրվում է 3 միավոր, ոչ-ոքիի համար՝ 1 միավոր:

Այսպիսով, մեր երկրի ներկայացուցիչն անհասանելի է և մրցաշարի հաղթող է դարձել: