Բնակարանների հանձնում սիրիահայ ընտանիքներին՝ Կովսականում

Կովսական2014 թվականի ապրիլի 11-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաքում տեղի է ունեցել բազմաբնակարան շենքի բնակարանամուտի հանդիսավոր արարողությունը: Բազմաբնակարան շենքում բնակարաններ են ստացել նաև տասը սիրիահայ ընտանքիներ, որոնք այս տարիների ընթացքում տեղափոխվել և վերաբնակեցվել են Կովսականում:

ԿովսականՙՙՕգնիր Եղբորդ՚՚ բարեգործական հիմնադրամը նույնպես իր ներդրումն է ունեցել  բազմաբնակարան շենքի կառուցման գործում՝ այդպիսով նպաստելով Ազատ և Անկախ Արցախի վերաբնակեցման քաղաքականությանը և զարգացմանը:

ՙՙՕգնիր Եղբորդ՚՚ բարեգործական հիմնադրամի պատվիրակությունը ներկա գտնվելով բնակարանամուտի արարողությանը, հանդիպել է նաև Կովսականում վերաբնակեցված սիրիահայ ընտանքիների հետ՝ ծանոթանալով նրանց խնդիրների հետ: Հիմնադրամի պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաև Քաշաթաղի շրջանի աշխատակազմի, ՙՙՔաշաթաղ՚՚ հիմնադրամի հետ և ձեռք բերել մի շարք պայմանավորվածություններ՝ հետագա ծրագրերի իրագործման ուղղությամբ:

ՙՙՕգնիր Եղբորդ՚՚ բարեգործական հիմնադրամը շնորհավորում է Արցախում իրենց տունը կառուցած սիրիահայ ընտանքիներին և մաղթում բարեբեր և արդյունավետ աշխատանք հետագա գործունեության մեջ: ՙՙՕգնիր Եղբորդ՚՚ բարեգործական հիմնադրամը վերահաստատում է իր հանձնառությունը աջակցելու հայրենիք տեղափոխված սիրիրահայությանը և ևս մեկ անգամ հայտարարում, որ տվյալ ծրագրի շրջանակներում կատարվող աշխատանքները շարունակական են և սիրիահայությունը դեռևս կարող է ցանակագրվել Կովսականում վերաբնակեցվելու նպատակով:

Անկախ

«Համընդհանուր թելադրություն» են գրելու 45 երկրների տիեզերագնացներն ու բևեռախույզները

5343ef13-83b3-dec9-83b3-dec6a2f163ef.photo.0

45 երկրներից ավելի քան 50 հազար մարդ է մասնակցելու  ուղղագրության ստուգման միջազգային«Համընդհանուր թելադրություն» ակցիային: Թելադրություն կգրեն նաև տիեզերագնացները` Միջազգային տիեզերակայանում ու բևեռախույզները` արկտիկական կայաններում:

«Համընդհանուր թելադրության» հիմնական սկզբունքներն են` անվճար, կամավոր ու անանուն (ցանկության դեպքում) մասնակցությունը,  գրված տեքստի գնահատականին ու ստուգմանը մասնագիտական մոտեցումը, ինչպես նաև` կազմակերպիչների ու փորձագիտական հանձնաժողովի անփոխհատույց աշխատանքը: Կազմակերպիչների տվյալներով, «գերազանցի» են գրում մասնակիցներից 1-2%-ը:

«Գիտելիքների ստուգման մասսայականացումը ի սկզբանե Նովոսիբիրսկի պետհամալսարանի ուսանողների մտահղացումն էր: 11 տարի առաջ, առաջին անգամ այդ ակցիայի մանակցել է 150 մարդ, իսկ 2013-ին թելադրություն է գրել 180 քաղաքներից 32 հազար մարդ: Այս տարի  այդ ակցիային կմասնակցի 50 հազար մարդ` 6 մայրցամաքների 45 երկրների 350 քաղաքներից»,-ասում են կազմակերպիչները

Անկախ

Դատախազությունը զգուշացնում է “Դեմ եմ “շարժմանը

դատախազություն2014 թվականի ապրիլի 9-ին, “Դեմ եմ” շարժման կազմակերպած բողոքի ակցիայի մասնակիցների նստացույցի հետևանքով, տևական ժամանակով փակվել էր Երևան քաղաքի Նալբանդյան փողոցը, ինչի արդյունքում կաթվածահար էր եղել Նալբանդյան և հարակից փողոցների երթևեկությունը:

ՀՀ գլխավոր դատախազությունը հիշեցնում է, որ ճանապարհ փակելը և երթևեկությանը խոչընդոտելը առաջ են բերում քրեական և վարչական պատասխանատվություն: Կրկնվելու դեպքում կազմակերպիչների և մասնակիցների նկատմամբ կիրառվելու են օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ:
ՀՀ գլխավոր դատախազությունն ընդգծում է, որ հավաքներ և երթեր անցկացնելու քաղաքացիների իրավունքի իրացումը չպետք է զուգորդվի հասարակական կարգի և այլոց սահմանադրական իրավունքների և ազատությունների կոպիտ և միտումնավոր խախտումներով: Առավել ևս անթույլատրելի է, երբ հասարակական կարգի կոպիտ խախտումը և այլոց իրավունքների ոտնահարումը ինքնին դառնում է բողոքի ակցիայի հիմնական նպատակը: ՀՀ օրենսդրությունը ցանկացած բողոքի ակցիայի կամ հավաքի մասնակիցներին և կազմակերպիչներին ընձեռում է բավարար հնարավորություններ՝ կազմակերպելու իրենց հավաքներ անցկացնելու սահմանադրական իրավունքների իրացումը առանց հասարակական կարգը կոպիտ խախտելու և այլոց սահմանադրական իրավունքները սահմանափակելու:

Սպասվում են տեղումներ ու ջերմաստիճանի բարձրացում

եղանակՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայութունից Անկախին տեղեկացնում են, որ հանրապետության տարածքում`
ապրիլի 11-ին, 13-14-ի գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին առավելապես հյուսիսային շրջաններում,15-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին հարավային 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 11-ից 14-ը աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով: 

Երևանում՝

Ապրիլի 11-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում, 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 13-15-ի գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 15-20 մ/վրկ:

Երևանի  ապրիլի 11-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
– Օդի առավելագույն ջերմաստիճան      27.20C (1998 թ.)
– Օդի նվազագույն ջերմաստիճան          -7.40C (1997 թ.)
– Օդի միջին օրական ջերմաստիճան      12.50C

Ինչո՞ւ ՀՅԴ-ն չի մասնակցել ոչ իշխանական ուժերի առաջնորդների հանդիպմանը. պարզաբանում է Աղվան Վարդանյանը.NEWS.am

Աղվան ՎարդանյանՀՅԴ օրակարգում ոչ իշխանական կուսակցությունների ղեկավարների հանդիպում չի եղել, այդ պատճառով չեն մասնակցել այսօր՝ ապրիլի 10-ի երեկոյան Լեւոն Տեր-Պետրոսյան-Գագիկ Ծառուկյան-Րաֆֆի Հովհաննիսյան հանդիպմանը: Այս մասինNEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

«Այս փուլում նման հանդիպման անհրաժեշտություն ՀՅԴ-ի օրակարգում չկա: Քառյակի բոլոր քննարկումների ժամանակ ՀՅԴ-ն արտահայտել է իր ամբողջական տեսակետը: Մեզ համար քաղաքական թիմի եւ ղեկավարի մոտեցումները չեն տարբերակվում»,-ասել է Աղվան Վարդանյանը՝ հավելելով, որ տեղյակ են եղել, որ այսօր հնարավոր է երեք կուսակցությունների ղեկավարները հանդիպեն:

Ավելի վաղԱնկախը հայտնել էր, որ այսօր՝ ապրիլի 10-ին, կայացել է Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի եւ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումը: ՀՅԴ-ից հանդիպմանը ոչ ոք չի մասնակցել:

Կուսակցությունների առաջնորդներին ուղեկցել են երկուական ներկայացուցիչներ: Ըստ այդմ, Րաֆֆի Հովհաննիսյանին ուղեկցել են Արմեն Մարտիրոսյանն ու Ռուբեն Հակոբյանը, Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ Լեւոն Զուրաբյանն ու Ստեփան Դեմիրճյանը, իսկ Գագիկ Ծառուկյանին՝ Վարդան Օսկանյանն ու Ստեփան Մարգարյանը:

ԲՀԿ մամուլի քարտուղար Իվերտա Տոնոյանը NEWS.am-ի հետ զրույցում նշել է, որ հանդիպումը տեղի է ունեցել «մասնավոր տարածքում»:

ՀՀԿ կենտրոնական գրասենյակում շարունակվում է Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստը

ՀՀԿ կենտրոնական գրասենյակԱյս պահին ՀՀԿ կենտրոնական գրասենյակում շարունակվում է Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստը, որը վարում է ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: Նիստը մեկնարկել է 20:15 րոպեին, դեռ շարունակվում է: Կուսակցության մամուլի սրահում աշխատում են մի քանի տասնյակ լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Ակնկալվում է, որ նիստի ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույց կտա ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, նա կտեղեկացնի` վարչապետի հարցով` կուսակցության գործադիր մարմնի կայացրած որոշման մասին:

Անկախ

Այսօր ժամը 20:00-ին նախատեսված ՀՀԿ գործադիր մարմնի նիստը մեկնարկեց

հհկ ՀՀԿ կուսակցության կենտրոնական գրասենյակ են ժամանել գործադիր մարմնի մի շարք անդամներ, այդ թվում` Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, Գագիկ Մինասյանը, Հրանուշ Հակոբյանը, պատգամավոր Կարեն Կարապետյանը: Ինչպես արդեն հայտնի է, սպասվում է, որ այսօրվա գործադիր մարմնի նիստում հայտնի կդառնա Հայաստանի նոր` 14-րդ վարչապետի անունը:

Նշեմ, որ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարական էր ներկայացրել անցած հինգշաբթի` ապրիլի 3-ին, Կառավարության հերթական նիստից հետո, երեկոյան տեղի ունեցած Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստում, իսկ հաջորդ օրը Նախագահ Սարգսյանը ընդունել էր կառավարության հրաժարականը: Սահմանարդրությամբ ամրագրված է, որ Հանրապետության նախագահը վարչապետ է նշանակում կառավարության հրաժարականի ընդունումից հետո` տասնօրյա ժամկետում: Մայր օրենքի նույն հոդվածի համաձայն` Կառավարության կաբինետը կազմավորվում է վարչապետի նշանակումից հետո` քսանօրյա ժամկետում:

 

Անկախ

Լավագույն կառավարության աշխատանքի արդյունքներն աննշան կլինեն Հայաստանում. տնտեսագետ

հարություն մեսրոպյանՀայաստանում արդեն ավելի քան մեկ շաբաթ քննարկվում  է, թե ով պետք է լինի  հաջորդ վարչապետը, ինչ հատկանիշներ պետք  է ունենա կառավարությունը:  Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս թեման տնտեսական տեանկյունից դիտարկեց կառավարման մասնագետ Հարություն Մեսրոպյանը:

Հայաստանի տնտեսությունը ունի երեք խոշորագույն կախման ուղիներ. ներքին` օլիգարխիկ տենտեսությունը սերտաճած է պետական մարմիններին: «Եթե կառավարությունը չլինի հարմարվող, կարող է դիպչել օլիգարխների շահերին, կսկսվի պայքար, որում կհաղթի օլիգարխիան»:

Ըստ տնտեսագետի` կան նաև արտաքին գործոններ, որոնք ազդում են Հայաստանի վրա.  Հայաստանը ունի մեծ տնտեսական կախվածություն Ռուսաստանիից և ֆինանսական կախվածություն ԱՄՆ-ից:

«Յուրաքանչյուր կառավարություն պետք է այդ հանգամանքերը հաշվի առնի: Ռուսաստանի ճնշումը արտահայտվում է Մաքսային Միության կազմ մտնելու պարտադրանքով, իսկ Արևմուտքը պարտադրում է մասնակցել ԵՄ տնտեսական համաձայնագրերին: Մենք միշտ մեծ ակնկալիքներ ենք ունենում կառավարությունից, բայց հաշվի չենք առնում այդ ճնշումները»,-նշեց Մեսրոպյանը:

Նրա կարծիքով` կուտակային կենսաթոշակների հարցը ևս դրվում է Արմուտքի ճնշման միջոցով. «Ասում են` Հայաստանի ութսուն տոկոսը դեմ է կուտակային կենսաթոշակներին, սակայն ԱՄՆ-ը բառացիորեն  ստիպում են ընդունել դա, իսկ մի՞թե ԱՄՆ-ը հանդես չի գալիս ժողովրդավարական արժեքների տարածողի դերում» :

Հայաստանի կառավարությունը դրսում պինդ հենարան չունի, ներսում էլ չունի , քանի որ օլիգարխները ևս այստեղ շահեր ունեն: «Եթե  Հայաստան գա աշխարհի լավագույն կառավարությունը, դրա արդյունքները կլինեն աննշան»,-ասաց  կառավարման մասնագետը բացատրելով դա նրանով, որ  1991 թվականին մեր հանրապետությունը ստեղծվեց շատ անհաջող ձևով: Հայաստանը խորհրդային համակարգը կարկատեց իրեն: Մյուս կոպիտ սխալը  «մեզ հետ ես` պաշտոն ունես, մեզ հետ չես` պաշտոն չունես» սկզբունքի օգտագործումն էր, որը նույնպես ժառանգվել է կոմունիստական համակարգից: Արդյունքում լավագույն ռեսուրսները չօգտագործվեցին:

Ռուանդայի ցեղասպանությունից 20 տարի անց. քաղված և չքաղված դասեր. Բան Կի-Մունի ելույթը

պանգի մունԱյսօր Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում պետական ​​և համայնքային ղեկավարները պայքարում են, որ երկիրը գտնի խաղաղության ուղին:

Երկուշաբթի օրը Կիգալիում միանալու եմ Ռուանդայի ժողովրդին՝ նշելու 20-րդ տարելիցը ցեղասպանության, որի արձագանքները դեռ զգացնել են տալիս Աֆրիկայի Մեծ Լճեր տարածաշրջանում տիրող անորոշության պայմաններում և միջազգային հանրության հավաքական գիտակցության մեջ:

Յուրաքանչյուր իրավիճակ ունի իր զարգացման դինամիկան: Այդպես է նաև Սիրիայի հակամարտության դեպքում, որն ամեն օր նոր զոհեր է խլում: Սակայն յուրաքանչյուրն առաջադրել է կյանքի և մահվան բազմաբարդ մարտահրավեր. ի՞նչ կարող է անել միջազգային հանրությունը, երբ մեծաքանակ անմեղ բնակչություն է կոտորվում, իսկ կառավարությունը չի կարողանում կամ չի ուզում պաշտպանել իր ժողովրդին, կամ երբ նաև հենց իր միջոցով է գործադրվում բռնությունը: Եվ ի՞նչ կարող ենք անել այս դաժանությունների ի հայտ գալն ի սկզբանե կանխելու համար:

Ռուանդայի և Սրեբրենիցայի ցեղասպանությունները միջազգային հանրության խորհրդանշական ձախողումներն էին: Ռուանդայում գործադրված վայրագության ծավալը մինչ օրս էլ ստիպում է ցնցվել. օրական միջինը 10,000 մահ՝ ամեն օր, երեք ամիս շարունակ, երբ ատելությամբ լի ռադիոհեռարձակումները բորբոքում և հրահրում էին ռուանդացիներին՝ սպանել ռուանդացիների:

Միջազգային հանրությունը կարևոր առաջընթաց է արձանագրել այս սարսափելի իրադարձությունների դասերը կենսագործելու հարցում: Մենք այժմ միակամ ենք անպատժելիության դեմ, ինչի մարմնավորումն է Միջազգային քրեական դատարանի ստեղծումը: Միջազգային և ՄԱԿ-ի կողմից օժանդակվող տրիբունալները, այդ թվում՝ Ռուանդայի միջազգային քրեական տրիբունալը, հետամուտ են պատասխանատվության իրականացման և նկատելի զսպող ազդեցություն ունեն միջազգային հիմնարար նորմերի հնարավոր խախտողների վրա: Մի շրջադարձային դատավճռով պետության նախկին ղեկավարը դատապարտվել է ռազմական հանցագործությունների համար:

Միջազգային հանրությունն ստանձնել է «պաշտպանելու պատասխանատվությունը»: Պետություններն այլևս չեն կարող պնդել, որ վայրագ հանցագործությունները պետության ներքին խնդիրներ են՝ միջազգային հանրության մտահոգության սահմաններից դուրս: Ավելի ու ավելի մեծ թվով կառավարություններ և տարածաշրջանային կազմակերպություններ ցեղասպանությունների կանխարգելման մեխանիզմներ են մշակում: ՄԱԿ-ը և իր գործընկերներն ավելի հաճախ են մարդու իրավունքների թեժ կետերում դիտորդներ տեղակայում՝ «աչքեր և ականջներ», որոնք զգուշացնում են կառավարություններին և ոչ պետական դերակատարներին, որ աշխարhը հետևում է իրենց: Եվ քանի որ նման հանցագործություններ են ծրագրվում, մեր թիրախը վտանգի առանցքային գործոններն են` սկսած համապատասխան հաստատությունների բացակայությունից մինչև անպատասխան մնացած դժգոհություններ:

Մենք նաև ավելի հաստատակամորեն ենք գործում`պաշտպանելու քաղաքացիական բնակչությանը, այդ թվում՝ մոլեգնող սեռական բռնությունից: Հաստատակամ խաղաղապահ մոտեցումների շնորհիվ պարտության է մատնվել աենավայրագ զինյալ խմբերից մեկը Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետության արևելյան հատվածում: Հարավային Սուդանում ՄԱԿ-ը բացել է իր խաղաղապահ կայանների դարպասները` ապաստան տալով մահացու վտանգների ենթակա տասնյակ հազարավոր մարդկանց: Քսան տարի առաջ նման քայլերն անհավատալի կլինեին: Այսօր դա մանրակրկիտ քննարկված քաղաքականություն է՝ մեր նոր «Իրավունքներն՝ անհապաղ» նախաձեռնության գործնական իրականացման օրինակ, Ռուանդայի իրականություն դարձած դասերից: Նման իրավիճակները դեռևս խոցելի են, սակայն հակազդեցությունը մեկն է` միայն ավելի լավ պաշտպանություն:

Այնուամենայնիվ, այս աշխատանքը պարբերաբար բախվել է տեղատվությունների: Շրի Լանկայում քաղաքացիական պատերազմի ավարտը 2009 թ. հանգեցրեց տասնյակ հազարավոր զոհերի և Միավորված ազգերի կազմակերպության համակարգային ձախողման՝ խնդիրները բարձրաձայնելու և գործողությունների դիմելու հարցում: Ավելի քան երեք տարի Սիրիայի իրավիճակին արձագանքելու հարցում միջազգային հանրությունը միակամություն հանդես չէր բերում` տրամադրելով անհրաժեշտ մարդասիրական ֆինանսավորման միայն մի մասը և միաժամանակ թեժացնելով կրակը՝ երկու կողմերին զենք մատակարարելու միջոցով՝ սխալաբար հավատալով ռազմական լուծման հնարավորությանը:

Աշխարհը պետք է հաղթահարի այս բարոյական «սպիտակ բծերը»: Անդամ պետությունները կարող են ունենալ ազգային շահերի միմյանց հետ մրցակցող սահմանումներ կամ չցանկանալ ստանձնել ֆինանսական կամ ռազմական նոր հանձնառություններ: Հնարավոր է` նրանք վախենան բարդությունից և վտանգներից կամ անհանգստանան, որ այլ երկրներում ահագնացող ճգնաժամի մասին քննարկումների առանցքում մի օր կհայտնվեն իրենց սեփական իրավիճակները: Սակայն այս անտարբերության և անվճռականության արդյունքները հստակ են` անմեղ արյան հեղում, քայքայված հասարակություններ, և առաջնորդներ, ովքեր նորից ու նորից կրկնում են՝ «այլևս երբեք», ինչն ինքնին շարունակական ձախողման նշան է:

Նախորդ տասնամյակի ընթացքում Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունը պայքարել է իր աղետալի իրավիճակի վերաբերյալ համաշխարհային իրազեկման համար, իսկ նախորդ տարվա ընթացքում ապրեց պետության անկում, անօրինության հաղթարշավ և սարսափալի զանգվածային սպանություններ, որոնք լայնածավալ ահաբեկչություն հարուցեցին և զանգվածային գաղթի պատճառ դարձան: Մարդիկ շահագործում են կրոնական հայացքները քաղաքական նպատակներին հասնելու պայքարում` վտանգելով մահմեդականների և քրիստոնյաների խաղաղ համակեցության բազմամյա ավանդույթը:

Կոչ եմ անում միջազգային հանրությանը՝ ապահովել անհետաձգելիորեն անհրաժեշտ ռազմական օգնություն՝ մարդկանց կյանքերը փրկելու, փողոցներում կարգ ու կանոն հաստատելու և մարդկանց իրենց համայնքներ վերադառնալու հնարավորություն տալու համար: Աֆրիկյան Միությունը և Ֆրանսիան զինված միավորումներ են տեղակայել, սակայն Եվրոպական միության զինված միջամտության ջանքերը դեռևս ապարդյուն են: Կա ոչ պակաս հրատապ խնդիր` սկսել քաղաքական գործընթաց, որում հաշտեցումը կարևոր դեր ունի: Բռնության ցանկացած հետագա դրսևորում կարող է ընդգրկել ավելի մեծ տարածաշրջաններ:

Երբ պետության անկումը այսքան խորացած է, մարտահրավերները կարող են թվալ անհաղթահարելի: Սակայն պատմությունը այլ բան է վկայում: Միջազգային հանրության կայուն աջակցությունը հնարավորություն տվեց արմատական փոփոխություններ իրագործել Սիերա Լեոնեում և Թիմոր-Լեստեում: Ռուանդան գրանցել է զարգացման ուշագրավ ձեռքբերումներ, իսկ այլ պետություններ վերականգնվել են անասելի բռնություններից հետո: Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունը կարող է անցնել նույն ճանապարհը: Ես շարունակելու եմ լինել կառավարության կողքին` ուրվագծելու այն ուղին, որը հնարավորություն կտա ստեղծելու կայուն և բարգավաճ երկիր՝ որքանով որ հնարավոր կդարձնեն իր ռեսուրսներն ու ավանդույթները:

Ռուանդայում այցելելու եմ ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք եմ մատուցելու զոհերի հիշատակին, ինչպես արել եմ աշխարհը ցնցած այլ ողբերգությունների դեպքում` տասնամյակներ առաջ տեղի ունեցած Աուշվիցից և Կամբոջայից մինչև մեր ժամանակներում կատարված այլ ողբերգություններ: Միջազգային հանրությունը չի կարող հավակնել ուշադրություն հանդես բերել վայրագ ոճրագործությունների հարցում, իսկ հետո խուսափել միջոցներ և կամք ներդնելուց, որոնք անհրաժեշտ են դրանք իրականում կանխելու համար: Համաշխարհային առաջնորդները պետք է անեն ավելին` կանխելու կանխարգելելին և հակազդելու մեր աչքի առաջ տեղի ունեցող դաժանություններին: Մարդիկ ամենուր պետք է մտովի անցնեն տուժածների ուղին` Սիրիայից մինչև Կենտրոնաաֆրիկյան Հանրապետություն, և հարցնեն իրենք իրենց, թե էլ ինչ կարող են անել, որպեսզի ստեղծեն մարդու իրավունքների և արժանապատվության աշխարհ բոլորի համար: Եկե՛ք ցույց տանք զարհուրելի վտանգների ենթարկվող մարդկանց, որ իրենք միայնակ կամ լքված չեն, և որ իրենց «փրկօղակն» արդեն ճանապարհին է:

Բան Կի-Մունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն է

Անկախ

«Դեմ եմ»-ի այսօրվա երթը`լուսանկարներով

MHM86864Այսօր «Դեմ եմ» նախաձեռնությունը հանրահավաք-երթ  էր նախաձեռնել: Հավաք-երթի մասնակիցները նախ փակել են Նալբանդյան փողոցը, ապա   եղել են Ֆինանսների նախարարության շենքի մոտ, որտեղ հանդիպում են պահանջել նախարարի պաշտոնակատարի հետ:

Հավաքը չի անցել առանց միջադեպերի: Ոստիկանները բերման են ենթարկել երթի մասնակիցներից մեկին:

 

Հայ զինծառայողները կանխել են ադրբեջանցիների դիվերսիան ԼՂՀ սահմանին

պբՀամաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, ապրիլի 7-ին ժամը 22.30-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան (Մարջանլու) ուղղությամբ հակառակորդի կողմից ձեռնարկվել է հերթական դիվերսիոն հետախուզական գործողություն: Պաշտպանության բանակի դիրքապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշելով ադրբեջանական գրոհայինների առաջխաղացումը` դիմել են հակազդիչ գործողությունների և նրանց հետ շպրտել իրենց ելման դիրքերը: Նահանջի ճանապարհին` պայթելով պաշտպանական հատվածում տեղադրված ականադաշտում` հակառակորդը տվել է 3  զոհ (որից մեկը` սպա)  և 6 վիրավոր:
ԼՂՀ ՊԲ  մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ ադրբեջանական գրոհայիններին դիմակայելու ընթացքում ղարաբաղյան կողմը կորուստներ չի ունեցել:

Միջադեպից հետո ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական  խնդիրը և շփման գծի ողջ երկարությամբ վերահսկում իրավիճակը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ադրբեջանական կողմը հայտարարություն էր տարածել, որ ինժեներական աշխատանքներ կատարելու ժամանակ ականի պայթյունից 3  զինծառայող է զոհվել, 6-ը` վիրավորվել:

Աշգաբատում կայացել են հայ-թուրքմենական բարձր մակարդակի բանակցությունները

 սերժ սարգսյան, թուրքմենիա

 Այսօր Թուրքմենստանի Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պաշտոնական այցով Թուրքմենստան ժամանած Նախագահ Սերժ Սարգսյանի դիմավորման պաշտոնական արարողությունը, որից հետո մեկնարկել են Նախագահ Սերժ Սարգսյանի և Թուրքմենստանի Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի երկկողմ, ապա երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված ձևաչափով բանակցությունները: Հայ-թուրքմենական բարձր մակարդակի բանակցությունների արդյունքներով ստորագրվել Հայաստանի և Թուրքմենստանի միջև համագործակցության զարգացմանը և խորացմանը վերաբերող են մի շարք փաստաթղթեր: Մասնավորապես ստորագրվել են՝ Թուրքմենստանի արդյունաբերողների և գործարարների միության և սերժ սարգսյանՀայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության միջև համագործակցության մասին համաձայնագիր, Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի և Թուրքմենստանի սպորտի և տուրիզմի ազգային ինստիտուտի համագործակցության մասին պայմանագիր, Երևան և Աշգաբատ քաղաքների միջև բարեկամական հարաբերությունների և համագործակցության հաստատման մասին համաձայնագիր, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության և «Թուրքմենխովայելլարի» պետական ազգային ծառայության միջև փոխըմբռնման հուշագիր, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Թուրքմենստանի արտաքին գործերի նախարարության միջև 2014-2015 թվականների համագործակցության ծրագիր, Հայաստանի Հանրապետության կառավարության և Թուրքմենստանի կառավարության միջև առևտրական ներկայացուցչությունների փոխադարձ հիմնման մասին համաձայնագիր: Նախագահներ Սերժ Սարգսյանը և Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը ստորագրել են բանակցությունների արդյունքներն ամփոփող հայ-թուրքմենական համատեղ հայտարարություն:

***
սերժ սարգսյան, Գուրբանգուլի ԲերդիմուհամեդովՀայ-թուրքմենական համատեղ հայտարարություն

2014 թվականի ապրիլի 8-9-ը Թուրքմենստանի Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հրավերով կայացավ Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Թուրքմենստան:

Բանակցությունների ընթացքում, որոնք անցան բարեկամության և փոխվստահության մթնոլորտում, տեղի ունեցավ կարծիքների կառուցողական փոխանակում երկկողմ համագործակցության հարցերի ամբողջ համալիրի, ինչպես նաև միջազգային ասպարեզում փոխգործակցության շուրջ: Նախագահները նշեցին փոխհամաձայնության ձեռքբերումը հարցերի լայն շրջանակի վերաբերյալ:

Երկու պետությունների ղեկավարներն արտահայտեցին միահամուռ կարծիք առ այն, որ 1992 թվականի հոկտեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հայ-թուրքմենական համագործակցությունը հասել է նշանակալի արդյունքների:

Նշելով քաղաքական միջպետական երկխոսության բարձր դինամիկան` երկու երկրների ղեկավարները դրական գնահատեցին նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների և ստորագրված փաստաթղթերի իրագործումը, գոհունակություն հայտնեցին հայ-թուրքմենական հարաբերությունների ներկա վիճակից, ինչպես նաև հաստատեցին դրանց հետագա խորացման պատրաստակամությունը:

Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի նախագահները փաստեցին միջազգային քաղաքականության հիմնական հարցերի շուրջ դիրքորոշումների մոտ լինելը կամ համընկնումը, հաստատեցին միջազգային ասպարեզում փոխշահավետ համագործակցությունն ակտիվացնելու մտադրությունը: Նախագահներն ընդգծեցին ջանքերի համադրման անհրաժեշտությունը համընդհանուր և տարածաշրջանային կազմակերպությունների շրջանակում, որոնց անդամ են հանդիսանում Հայաստանի Հանրապետությունն ու Թուրքմենստանը: Կողմերը հաստատեցին գլոբալ հարցերի լուծման, կայուն զարգացման ապահովման, աշխարհում անվտանգության և կայունության ամրապնդման գործում Միավորված ազգերի կազմակերպության և նրա հաստատությունների դերի բարձրացման կարևորությունը:

Ղեկավարվելով հիշատակված սկզբունքներով` ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերի հիման վրա, երկու պետությունների ղեկավարներն արտահայտվեցին բարձրագույն մակարդակում քաղաքական երկխոսության հետագա խորացման, առևտրատնտեսական, գիտատեխնիկական, մշակութային-հումանիտար և այլ ոլորտներում համագործակցության խորացման անհրաժեշտության մասին:

Երկու պետությունների ղեկավարները նշեցին Տնտեսական համագործակցության հարցերով հայ-թուրքմենական համատեղ միջկառավարական հանձնաժողովի կարևոր դերը, մասնավորապես, հեռանկարային բնագավառներում գործնական փոխգործակցության ակտիվացման հարցում: Այդ կապակցությամբ, ընդգծվեց Հանձնաժողովի գործունեության ակտիվացման անհրաժեշտությունը` առևտրատնտեսական կապերի բնագավառում կոնկրետ արդյունքների ձեռքբերման նպատակով: Պետությունների ղեկավարներն արտահայտվեցին երկու պետությունների տնտեսվարող սուբյեկտների և անհատ ձեռնարկատերերի միջև կապերի հետագա ամրապնդման օգտին և այդ համատեքստում ողջունեցին Աշգաբատում գործարար համաժողովի անցկացումը:

Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի նախագահներն առանձին ուշադրություն դարձրեցին հումանիտար բնագավառում համագործակցությանը` ընդգծելով համապատասխան կազմակերպությունների, մշակույթի և արվեստի գործիչների, հետազոտական կենտրոնների, կրթական հաստատությունների ու զանգվածային լրատվամիջոցների միջև կապերի կարևոր նշանակությունը: Ձեռք բերվեց պայմանավորվածություն գիտության և տեխնիկայի, սպորտի և զբոսաշրջության բնագավառում համագործակցության զգալի ակտիվացման վերաբերյալ:

Երկու պետությունների ղեկավարները, ողջունելով Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության մշակույթի օրերի անցկացումը, պայմանավորվեցին ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ 2015 թվականին Հայաստանի Հանրապետությունում Թուրքմենստանի մշակույթի օրերի կազմակերպման համար:

Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի նախագահներն ընդգծեցին երկկողմ համագործակցության իրավապայմանագրային հենքի հետագա կատարելագործման և ընդլայնման կարևորությունը:

Երկու պետությունների ղեկավարները հաստատեցին համագործակցությունն ամրապնդելու պատրաստակամությունը ահաբեկչության, թմրանյութերի ապօրինի շրջանառության, անօրինական միգրացիայի, անդրսահմանային կազմակերպված հանցավորության, զենքի ապօրինի առևտրի դեմ պայքարի բնագավառում, ինչպես երկկողմ մակարդակում, այնպես էլ` համապատասխան միջազգային կազմակերպությունների շրջանակներում:

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց Թուրքմենստանի Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին հայկական պատվիրակությանը ցուցաբերած հյուրընկալության, ջերմ և բարեկամական ընդունելության համար ու հրավիրեց Թուրքմենստանի Նախագահին պաշտոնական այցով այցելել Հայաստանի Հանրապետություն` իրեն հարմար ժամանակ: Հրավերն ընդունվեց երախտագիտությամբ: Այցի ժամկետները կհամաձայնեցվեն դիվանագիտական ուղիներով:
***

Փաստաթղթերի ստորագրման արարողությունից հետո, Հայաստանի և Թուրքմենստանի նախագահները բանակցությունների արդյունքները ներկայացրել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին:

***

Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Թուրքմենստանի Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ բանակցությունների արդյունքներով համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ
Հարգելի՛ պարոն Նախագահ,
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Ցանկանում եմ անկեղծորեն շնորհակալություն հայտնել Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին՝ բարեկամ Թուրքմենստան այցելելու հրավերի և, իհարկե, ջերմ հյուրընկալության համար: Գեղեցիկ և հյուրընկալ Աշգաբատը հիանալի քաղաք է, որն իր հորինվածքով, նախագծով, հարմարավետությամբ կարող է ժամանակակից քաղաքաշինության իսկական օրինակ ծառայել: Ես երեկ տեսա նոր շինություններ, տեսա, թե ինչ է Աշգաբատում ավելացել այս մեկ տարում և, իհարկե, հաճույքով եմ վերադառնում ձեր հիասքանչ երկիր:

Մենք բարեկամական և վստահության մթնոլորտում հանգամանորեն քննարկեցինք հայ-թուրքմենական հարաբերությունների զարգացման ընթացքը, ապագայի համար նախանշեցինք գլխավոր կողմնորոշիչները: Ես ուրախ եմ, որ հայ-թուրքմենական հարաբերությունները դինամիկ զարգանում են: Մեր այցերի կանոնավորությունը հաստատում է փոխադարձ հետաքրքրվածությունը՝ մեր բարեկամ երկրների միջև գործընկերային հարաբերությունների հետագա ամրապնդման և զարգացման գործում:

Մենք, իհարկե, հանգամանորեն քննարկեցինք առևտրատնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր: Ցավոք, մեր երկրների միջև առևտրաշրջանառությունն անցյալ տարի կրճատվել է, բայց մենք ունենք համագործակցության լավ փորձ և որ կարևորն է՝ ներուժ էներգետիկայի, թեթև և տեքստիլ արդյունաբերության, գյուղատնտեսության ոլորտներում: Մենք վստահ ենք, որ այդ հարաբերությունները կակտիվանան և ոչ միայն 2014 թվականին, այլ նաև հետագայում մեր հարաբերությունները, ես նկատի ունեմ առևտրատնտեսական, արժանի կլինեն մեր քաղաքական հարաբերություններին: Մենք նաև քննարկեցինք ենթակառուցվածքային և էներգետիկ ծրագրերի զարգացումը:

Բանակցությունների արդյունքներով ստորագրվեցին քաղաքական և տնտեսական համագործակցության հարցերին վերաբերող փաստաթղթեր, որոնք կլրացնեն ավելի քան 60 փաստաթղթից կազմված մեր իրավապայմանագրային բազան: Ցանկանում եմ հատկապես առանձնացնել այսօր ստորագրված ավիացիայի հարցերով հուշագիրը, որը նպատակաուղղված է այդ ոլորտում փոխհարաբերությունների ազատականացմանը: Շուտով մեր երկրների քաղաքացիները կկարողանան օգտվել ուղիղ ավիահաղորդակցության հնարավորությունից: Հնարավոր կլինի Երևանից ուղիղ չվերթով Աշգաբատ հասնել ընդամենը երկու ժամում: Իսկ դա, վստահ եմ, կբերի փոխադարձ փոխանակումների, զբոսաշրջության աճին, ինչպես նաև գործարարությամբ զբաղվելու համար պայմանների էական թեթևացման:

Մենք պարոն Նախագահի հետ քննարկեցինք տարածաշրջանային և միջազգային հարցեր և ընդգծեցինք միջազգային ասպարեզում գործողությունների հետագա համակարգման կարևորությունը: Բանակցությունների ընթացքում հաստատվեց Հայաստանի և Թուրքմենստանի ձգտումը՝ հետագայում ևս նպաստել խաղաղության և անվտանգության հաստատմանը Անկախ պետությունների համագործակցության, ՄԱԿ և ԵԱՀԿ շրջանակներում առավել արդյունավետ փոխգործակցության միջոցով:

Ես այսօր ևս մեկ անգամ ներկայացրեցի ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանն ուղղված մեր սկզբունքային դիրքորոշումը ՝ հարցը կարող է և պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով, միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա: Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը անվիճելի է, և դրա փաստացի կազմակերպումը պետք է ամրագրվի դե յուրե: Մենք շնորհակալ ենք Թուրքմենստանին՝ մեզ համար կարևորագույն հարցում ըմբռնման և չեզոքության համար:

Մեր ժողովուրդներին միավորում են վաղեմի պատմությունն ու բարեկամության ավանդույթները: Մենք մանրամասնորեն խոսեցինք մեր հարաբերությունների հումանիտար բաղադրիչի մասին: Ես հույս ունեմ, որ այցի շրջանակներում անցկացվող մեր երկրի մշակույթի օրերը Թուրքմենստանում մեծ հետաքրքրություն կառաջացնեն:

Վերջերս Երևանի պետական համալսարանում կազմակերպվել էր թուրքմեն մեծ պոետ, փիլիսոփա և մտածող Մահթումկուլի Ֆրագիի 290-ամյակին նվիրված գիտական համաժողով: Նրա աշխատանքները թարգմանվել են հայերեն:

Հայաստանում ցանկանում են ավելին իմանալ թուրքմեն հին ժողովրդի հարուստ մշակութային ժառանգության մասին: Համոզված եմ, որ հաջորդ տարի Երևանում ծրագրված ձեր երկրի մշակույթի օրերը ևս մեծ հաջողությամբ կուղեկցվեն:

Վերջում ցանկանում եմ վստահություն հայտնել, որ կայացած բանակցությունները, իսկ դրանք եղել են բաց և կառուցողական, կծառայեն մեր երկրների միջև բարեկամական կապերի հետագա զարգացման գործին:

Իհարկե, մենք Թուրքմենստանի Նախագահի հետ միաձայն ընդգծեցինք, որ մեր հանդիպումների կանոնավորությունը մեր հարաբերությունների զարգացման շարժիչ ուժն է, և դրա համար էլ ես հաճույքով հրավիրեցի Թուրքմենստանի նախագահին այցելել Հայաստան, որովհետև այդպիսի հանդիպումները մեծ օգուտ են բերում: Մեկ անգամ ևս, պարոն Նախագահ, շնորհակալություն եմ հայտնում Ձեզ ջերմ ընդունելության և այն ուշադրության համար, որը Դուք հատկացնում ենք մեր հարաբերությունների զարգացմանը:

Շնորհակալություն:

 Անկախ

Առաջիկայում սպասվում են տեղումներ

եղանակը հայաստանումՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայութունից Անկախին հայտնեցին, որ Հանրապետության տարածքում“
Ապրիլի 8-ին, 10-ին, 11-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին առավելապես հյուսիսային շրջաններում, 9-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Ապրիլի 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավային 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը ապրիլի 8-ին կբարձրանա 3-4, 9-ին կնվազի 2-3 աստիճանով, 10-ին նույնքան կբարձրանա:
Երևանում՝
Ապրիլի 8-ին, 10-ին, 11-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին հնարավոր է, 9-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-20 մ/վրկ:

Ապրիլի 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևանի ապրիլի 8-ի բազմամյա կլիմայական տվյալներ
·         Օդի առավելագույն ջերմաստիճան      27.40C (1975թ)
·         Օդի նվազագույն ջերմաստիճան          -1.50C (1988թ)
·         Օդի միջին օրական ջերմաստիճան       12.50C
Անկախ

Յոթ կարճ պատասխան Երևանի քաղաքապետին՝ Օմբուդսմենից

timthumb.php_1Օմբուդսմենի քննադատություններին Քաղաքապետարանն արձագանքել է ծավալուն, բայց ոչ հիմնավոր:

Ահա թե ինչու:

1. Մենք ասում ենք ինքնակամ շինարարությունը Երևանում օրինականացնելիս կան կոռուպցիոն ռիսկեր, որովհետև օրենքը թերի է: Քաղաքապետարանը պնդում է, որ օրենքը լրամշակելու լիազորություն չունի և այդ պատճառով չի կարողանում այդ դաշտում վերացնել կոռուպցիան: Չնայած դրան, ավտոկայանատեղերի համակարգի ներդրման դեպքում օրենքի նախագծի մշակման նախաձեռնությունն իրենցն էր: Այսինքն, եթե քաղաքապետարանը շահագրգռված լինի, որ ինքնակամ շինարարությունն օրինականցնելիս երկակի ստանդարտները վերանան, ապա կարող է այս հարցը լուծել:

2. Մենք պնդում ենք, որ Երևանի մանկապարտեզներում խմբերը գերբեռնված են և շատ երեխաներ հնարավորություն չունեն մանկապարտեզ գնալու: Խնդիրն առաջացել է նաև այն պատճառով, որ նախկինում մանկապարտեզների շատ շենքեր վարձով են տրվել և օգտագործվում են այլ նպատակներով: Ասում ենք, պետք է դադարեցնել նման վարձակալությունները և նորերը չկնքել, որ երեխաները մանկապարտեզ ունենան: Ընդունելով, որ խնդիրը, ըստ էության, ճիշտ ենք բարձրացնում, քաղաքապետարանը միայն մի հակափաստարկ է ներկայացնում, որ այլ երկրներում էլ մանկապարտեզներում տեղերի խնդիր կա:

3. Քաղաքապետարանը մեզ հակադարձելիս վստահ պնդում է. «Մայրաքաղաքում ապօրինի շինարարությունը կանխելու համար քաղաքապետարանը բոլոր օբյեկտների նկատմամբ ձեռնարկել և ձեռնարկում է օրենսդրությամբ իրեն վերապահված միջոցները՝ առանց որևէ բացառության»: Միայն Փակ շուկան բավարար է հերքելու այս պնդումը, բայց մենք մինչև քննադատելն ունեցել ենք նաև այլ օրինակներ:

4. Քաղաքապետարանին քննադատում ենք, որ տրանսպորտի սակագինը բարձրացնելուց առաջ հանրային քննարկում չարեցին: Պատասխանում են, որ օրենքով հատուկ պահանջ չկար: Չէ՞ որ քաղաքապետարանին ոչինչ չէր արգելում խորհրդակցել հանրության և այլ շահագրգիռ կառույցների հետ, նոր նման ցավոտ հարցով որոշում կայացնել: Մեզ հրապարակայնորեն պատասխանում են, որ հիմա արդեն քննարկում ենք ու ստեղծել ենք հանձնաժողով: Այո, գործընթացը հիմա շատ ավելի ճիշտ է կազմակերպված, բայց կարելի էր ի սկզբանե այսպես սկսել ու չունենալ քաղաքացիական ընդվզումներ:

5. Ասում ենք, որ Երևան քաղաքի կենտրոնում և ծայրամասերում ասֆալտապատումը հավասարաչափ չի արվում և ոչ կենտրոնական շատ փողոցներ մնացել են անբարեկարգ: Պատասխանում են, որ մեր պնդումները մասնագիտական չեն, սակայն մեզ ահազանգած բազմաթիվ համաքաղաքացիներ ականատեսն են եղել մեր այդ պնդմանը: Կենտրոնական ու երևացող ճանապարհները նույնիսկ մի քանի անգամ են բարեկարգվել, իսկ այն, ինչ աչքից հեռու է, հաճախ զերծ է մնացել քաղաքապետարանի ուշադրությունից:

6. Պնդում ենք, որ Երևանի շինություններն ու տրասնպորտն անմատչելի են հաշմանդամություն ունեցողների համար: Ասում են, տասնամյակների խնդիր է, նոր չի առաջացել: Լիովին համաձայն ենք: Ավելին՝ նշել ենք, որ դրական որոշակի զարգացումներ կան այս ուղղությամբ: Ըստ քաղաքապետարանի, եթե մենք ընդունում ենք, որ խնդիրը հին է, ու որ դրական որոշ քայլեր արվել են, այլևս իրավունք չունենք պնդել, որ տրանսպորտն ընդհանրապես անմատչելի է հաշմանդամություն ունեցողների համար, որ մայրաքաղաքում կառուցվել են թվով 293 թեքահարթակներ, սակայն դրանց թեքության աստիճանը և կիրառելիությունը հասանելի չէ անվասայլակից օգտվող անձանց համար՝ առանց այլ անձի միջամտության: Այսպիսով՝ ակնհայտ է, որ ճիշտ ենք, որ այս ուղղությամբ գործ արվել է, բայց քիչ ու որոշ դեպքերում սխալներով: 

7. Վերջապես Կոմայգու վերաբերյալ. Երևանի քաղաքապետարանը տարակուսում է, որ Կոմայգում այլասերվածության խնդրի համար նաև իրենց ենք մեղադրում: Պետք չէ տարակուսել, քանի որ քաղաքապետարանի գործառույթների մեջ է մտնում այգիների բարեկարգումը, լուսավորումը և ցանկապատումը: Այսինքն՝ հանրային զբոսայգում գիշերային ժամերին սեռական հարաբերությունները, պոռնկությունը և թմրամիջոցներ օգտագործելը հեշտությամբ կարելի էր կանխել այգին լուսավորելու, ցանկապատելու, տեսանկարելու եղանակներով: Այլ եղանակները ոստիկանության գործն են, բայց վերը նշված կանխարգելիչ գործողությունները կարող էր անել միայն և միայն Երևանի քաղաքապետարանը:
Իսկապես, Երևանը շատ դրական զարգացումներ ունի և մեր քաղաքում լավը շատացել է: Այդուհանդերձ, եղած թերացումները մատնանշելը մեր գործն է, իսկ դրանք շտկելը՝ քաղաքապետարանինը: Մենք մեր գործն անում ենք անկախ գնահատականներից և «հնչեղությունից»: Նույնն ակնկալում ենք Երևանի քաղաքապետարանից և այլ գերատեսչություններից:

Պաշտպանի աշխատակազմ

 

Անկախ

Արսեն Ջուլֆալակյանը Եվրոպայի ըմբշամարտի առաջնությունում բավարարվեց արծաթե մեդալով

աջ134424105321Ֆինլանդիայի Վանտաա քաղաքում անցկացված Եվրոպայի ըմբշամարտի առաջնությունում հունահռոմեական ոճի 75 կգ քաշային ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը  բավարարվեց արծաթե մեդալով:

2012-ի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրը եզրափակչում 3:4 հաշվով պարտվեց ռուսաստանցի Ալեքսանդր Չեխիրկինին:

Ջուլֆալակյանը  1/16 եզրափակչում հաղթել էր խորվաթ Նևեն Զուհաջին (6:0), ապա` ավստրիացի Ֆլորիան Մարչլին (8:0), Շվեդիայի ներկայացուցիչ Ռոբերտ Ռոսենգերենին (5:0), դանիացի Մարկ Մադսենին (2:2):

Հայաստանի մյուս ներկայացուցիչներն այսօր անհաջող են հանդես եկել:

71 կգ քաշային Վարշամ Բորանյանն մեկնարկային փուլում պարտվել էր բելառուս Ալեքսանդր Դեմյանովիչին:

80 կգ քաշային Հրաչյա Հովհաննիսյանը, լատվիացի Ցեսլավս Բեստենիսին, ավստրիացի Միշել Վագներին հաղթելուց հետո, քառորդ եզրափակիչում զիջել էր վրացի Գեորգի Ցիրեկիձեին:

85 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը 1/8 եզրափակչում առավելության էր հասել հունգարացի Վիկտոր Լորենցին, բայց  պարտվել էր գերմանացի Յան Ֆիշերին:

Հայաստանի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի  հավաքականը Եվրոպայի առաջնությունն ավարտեց 2 մեդալով:

Երեկ երրորդ անգամ անընդմեջ Եվրոպայի չեմպիոն էր դարձել 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը::

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքանը Ֆինլանդիայում տիրացել էր 3 մեդալի`1 արծաթե և 2 բրոնզե:

Անկախ

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Տավուշի մարզ

սերժ սարգսյան, տաուշՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ: Հանրապետության Նախագահն այցելել է մարզի մի շարք սահմանամերձ բնակավայրեր: Սերժ Սարգսյանը ծանոթացել է պաշտպանության, գյուղատնտեսության, առողջապահության, մշակույթի, կրթության, ճանապարհաշինության և մի շարք այլ ոլորտներում Տավուշում իրականացվող ծրագրերի ընթացքին, առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներին, հանձնարարականներ տվել այդ ոլորտներում պետական քաղաքականություն իրականացնող պատասխանատուներին:

5938Նախագահի այցը մեկնարկել է Բերդ քաղաքից, որտեղ նա շրջայց է կատարել համայնքի վերանորոգված մանկապարտեզի շենքում, ծանոթացել 2013թ. ՀՀ պետական բյուջեից նախադպրոցական այդ հաստատության վերանորոգման նպատակով հատկացված միջոցների հաշվին իրականացված աշխատանքներին, մանկապարտեզի բնականոն գործունեության համար ստեղծված պայմաններին: Սերժ Սարգսյանն այնուհետ այցելել է Բերդի Սբ. Գևորգ եկեղեցու շինհրապարակ, որտեղ նաև հանդիպում է ունեցել համայնքի բնակիչների հետ: Սբ. Գևորգ եկեղեցու շինարարությունն սկսվել է դեռևս 2012թ. ապրիլին և նախատեսվում է ավարտել ընթացիկ տարվա առաջին կիսամյակի վերջին: Տավուշի սահմանամերձ այդ քաղաքային համայնքում Հանրապետության Նախագահը ծանոթացել է Բերդի բժշկական կենտրոնի նոր մասնաշենքի կառուցման և արդիականացման աշխատանքների ընթացքին ևս: ՀՀ կառավարության որոշման համաձայն, Տավուշի մարզի «Բերդի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի բոլոր հիվանդանոցային ծառայությունները` ներառյալ ինֆեկցիոն և լաբորատոր–ախտորոշիչ, կտեղակայվեն բժշկական կենտրոնի երկու մասնաշենքերում: Նախագահին ներկայացրել են, որ ներկայումս ավարտվել են պոլիկլինիկական և հիմնական մասնաշենքերի տանիքի ծածկի, պատուհանների և դռների տեղադրման աշխատանքները, ընթացքի մեջ է ներքին հարդարումը, ինչպես նաև ինժեներական ենթակառուցվածքների և կոմունիկացիաների անցկացումը:

սերժԱվարտին են մոտենում կցակառույցի վերջին հարկի ծածկի բետոնացումն ու նոր կաթսայատան կառուցումը: Սահմանամերձ Պառավաքար համայնքում Նախագահ Սերժ Սարգսյանը նախ ծանոթացել է կառուցվող 3.2 կմ ընդհանուր երկարությամբ Պառավաքար-Վազաշեն ավտոճանապարհի շինարարական աշխատանքների ընթացքին: Նախագահին զեկուցվել է, որ 01.04.2014թ. դրությամբ 2.9կմ հատվածում կատարվել են հողային պաստառի, ջրահեռացման համակարգի, պաշտպանիչ հենապատի կառուցման աշխատանքներ: Ապրիլի կեսից, անհրաժեշտության դեպքում, անավարտ ճանապարհով հնարավոր կլինի ապահովել սահմանափակ երթևեկություն: Ճանապարհի շինարարական աշխատանքների ավարտը նախատեսվում է 30.06.2014 թվականին: Հանրապետության սերժ սարգսյան, գումարտակՆախագահն այնուհետ այցելել է Պառավաքարի գումարտակ, որտեղ շրջայցից հետո մեկնել է «Մելքումսար» սահմանամերձ հենակետ, շփվել՝ մարտական դիրքում ծառայություն իրականացնող պայմանագրային զինծառայողների հետ: Սերժ Սարգսյանն այցելել է նաև Պառավաքարի վերակառուցված համայնքային կենտրոն: Համայնքի մշակութային կենտրոնի հրապարակում Նախագահը ծաղիկներ է դրել զոհված ազատամարտիկներին նվիրված խաչքարի մոտ, որտեղ հավաքված Պառավաքարի, Վարագավանի և Վերին Ծաղկավանի բնակիչների ներկայությամբ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը գերատեսչական պարգևներ է հանձնել զոհված ազատամարտիկների ընտանիքների անդամներին և մի շարք ազատամարտիկների: Տավուշի մարզ աշխատանքային այցի շրջանակներում Նախագահը եղել է նաև Ներքին Կարմիրաղբյուր համայնքում: Սերժ Սարգսյանը նախ ծաղիկներ է դրել 1941-1945թթ. Հայրենական պատերազմում զոհված ու անհայտ կորած մարտիկների հիշատակին նվիրված հուշարձանին: Սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուրում Նախագահը ներկա է գտնվել նորակառույց համայնքային կենտրոնի բացման արարողությանը: Կենտրոնը կառուցվել է նախկին երկհարկանի վարչական շենքի տեղում (1992թ.-ին հրետակոծվել և ամբողջությամբ այրվել էր): Շենքի կառուցման աշխատանքներն սկսվել են 20.11.2012թ.-ին և ավարտվել` 2013թ. տարեվերջին: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 124.8 մլն դրամ: Տավուշ համայնքում Սերժ Սարգսյանը կարճատև կանգառ է ունեցել և հանդիպել խաղողագործների հետ: Հանդիպմանը մասնակցող համապատասխան պետական պաշտոնյաների և համայնքի ղեկավարի ներկայությամբ Նախագահը քննարկել է ոռոգման համակարգի խնդիրներն ու տարածաշրջանում իրականացվող գյուղատնտեսական ծրագրերի ընթացքը: Սահմանամերձ մեկ այլ գյուղական բնակավայրում՝ Նավուրում, Նախագահը ծանոթացել է Բերդ-Իծաքար-Գանձաքար-Իջան ավտոճանապարհի կառուցման տարբերակներին:

Անկախ

Առաջիկա օրերին սպասվում են տեղումներ և ջերմաստիճանի բարձրացում

եղանակը հայաստանումՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայութունից Անկախին հայտնում են, որ հանրապետության տարածքում`ապրիլի 6-ին, 8-ին, 9-ին, 10-ին օրվա երկրորդ կեսին շրջանների զգալի մասում, 7-ի գիշերը արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ, 8-10-ին նաև ամպրոպ, 7-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին արևելյան` 2-7մ/վրկ, 8-10-ին ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանը ապրիլի 7-8-ին ամենուրեք կբարձրանա 5-7 աստիճանով:
Երևանում՝
Ապրիլի 6-ին, 8-10-ին օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 15-20մ/վրկ:

Արթուր Ալեքսանյանը` Եվրոպայի եռակի չեմպիոն

աա38930Ֆինլանդիայի Վանտաա քաղաքում անցկացվող  հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը երրորդ անգամ անընդմեջ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:

Նա ծննդյան օրվա առթիվ լավ նվեր մատուցեց Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական խաղերի չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանին, որը թևակոխեց իր 50-րդ գարունը:

Ոսկե մեդալի համար պայքարում Ալեքսանյանը 5:0 հաշվով ատավելության հասավ թուրք Չենկ Իլդեմի նկատմամբ:

Հիշեցնենք, որ 1/16 եզրափակչում Արթուրը հաղթել էր  ուկրաինացի Վլադիմիր Վասիլևին, 1/8 եզրափակչում`խորվաթ Սինիշա Հոգանիչին,  քառորդ եզրափակչում` գերմանացի Ֆելիքս Ռադինգերին, կիսաեզրափակչում`նորվեգացի Մարտին Նիլսենին:

Ուշագրավ է, որ 22-ամյա Ալեքսանյանը ոչ մի մրցակցի ոչ մի միավոր չտվեց:

Թեր առաջնությունը շարունակվում է, սակայն հավանական է, որ գյումրեցի մարզիկը ճանաչվի լավագույն ըմբիշ:

Անկախ

Երկրաշարժ Իրանի տարածքում

երկրաշարժԱպրիլի 5-ին ՍՊԾ-ից տեղեկություն է ստացվել, որ  ժամը 12.48-ին գրանցվել է 3.7 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Իրանի տարածքում, Ահար քաղաքից 19 կմ հարավ-արևմուտք:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 38.400 արևելյան երկայնության 46.860
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:
Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 5 բալ:
Ըստ նախնական տեղեկատվության երկրաշարժը զգացվել է Մեղրի քաղաքում:

Անկախ

Դ!ԵՄ ԵՄ – *ՇՏԱՊ* Դիմումների ձևեր. ԹԱՐՄԱՑՎԱԾ

դեմ եմՇտապելով րոպե առաջ հանրությանը տրամադրել դիումի ձևանմուշները, դրանցում թույլ էինք տվել որոշ վրիպումներ: Արդեն, նաև ձեր օգնությամբ, բոլոր թերությունները շտկված են և ձեզ ենք հանձնում ձևանմուշների վերջնական տարբերակները: Հայցում ենք ձեր ըմբռնումը և ներողամտությունը:

 

ՀՀ սահմանադրական դատարանը իր 2014թ.-ի ապրիլի 3-ի որոշման եզրափակիչ մասի 1-5-րդ կետերով հակասահմանադրական ճանաչեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի մի շարք իրավանորմեր: Իսկ 6-րդ կետով սահմանեց, որ  նշյալ օրենքի 7-րդ հոդվածի 2-10-րդ մասերի, 8, 37, 38, 45-րդ հոդվածների, 49-րդ հոդվածի 2-րդ մասի և 86-րդ հոդվածի վեճի առարկա դրույթները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը` այն սահմանադրաիրավական բովանդակությամբ, համաձայն որի` դրանցով նախատեսված իրավակարգավորումները չեն կարող հիմքում ունենալ, մեկնաբանվել և կիրառվել մարդկանց հայեցողությունից անկախ նրանց սեփականության իրավունքի սահմանափակում ենթադրող իրավակարգավորման համատեքստում: Ըստ նույն որոշման 8-րդ կետի, վերոհիշյալ որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Որոշման 7-րդ կետով ՍԴ-ն Սահմանադրությանը հակասող ճանաչված իրավանորմերի ուժը կորցնելու վերջնաժամկետ սահմանեց 2014 թվականի սեպտեմբերի 30-ը, որպեսզի  ՀՀ Ազգային ժողովը և ՀՀ կառավարությունը` իրենց իրավասության շրջանակներում նշյալ օրենքի և դրա հետ համակարգային առումով փոխկապակցված այլ օրենքների ու նորմատիվ իրավական ակտերի իրավակարգավորումները համապատասխանեցնեն նշված որոշման պահանջներին։ Սակայն նշված ժամանակը օրենքի վերամշակման և ակնհայտ հակասահմանադրական իրավանորմերի կասեցումը ապահովելու փոխարեն` պետական բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարում են, որ սատարելու են օրենքի գործունեությանը մինչև նշված վերջնաժամկետը:

Ի պատասխան այս ոչ իրավաչափ դիրքորոշման, «Դ!ԵՄ ԵՄ» թիմը պատրաստել է դիմում-նամակի ձևանմուշ` ՀՀ ֆինանսների նախարարին, ՀՀ ԿԲ նախագահին և «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ-ի գլխավոր տնօրենին ուղղելու նպատակով` պահանջելով  նրանցից հետևել ՀՀ ՍԴ 2014թ. ապրիլի 3-ի որոշման եզրափակիչ մասի 6-րդ կետի դիրքորոշմանը:

Ստորև ներկայացված է նշված ձևանմուշի հղումը, որը պետք է մեկական օրինակով ուղարկել նշված հասցեատերերից յուրաքանչյուրին:

Ձևանմուշ

Հասցեներ՝

  1. Մհեր Մկրտչյան 5բ, Երևան, 0010
    «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ,
    Տնօրեն`պրն. Վահան Ստեփանյանին
  2. Մելիք Ադամյան 1, Երևան, 0010
    ՀՀ Ֆինանսների նախարարություն,
    Նախարար` պրն. Դավիթ Սարգսյանին
  3. Վազգեն Սարգսյան 6, Երևան, 0010
    ՀՀ կենտրոնական բանկ,
    Նախագահ պրն. Արթուր Ջավադյանին

Վերը նշվածին զուգահեռ առաջարկում ենք նաև դիմումի ձև` ուղղված գործատուին, որի հիման վրա գործատուն հիմք կունենա դիմելու ՀՀ Ֆինանսների Նախարարություն` պահանջելով փոխել ամսական հաշվետվության ձևը, հնարավորություն տալով ապահովել աշխատակիցների կամարտահայտությունը:

Աշխատակցի դիմումը Գործատուին (Ձևանմուշ)

Գործատուի դիմումը ՀՀ Ֆինանսների նախարարին (Ձևանմուշ), Կրկնօրինակը`ՀՀ ԿԱ ՊԵԿ Նախագահին

/ՀՀ ԿԱ ՊԵԿ  հասցեն`Մովսես Խորենացու 7, Երևան, 0015/

 

Հ.Գ. Նամակները մեկական օրինակով ՀՀ Ֆինանսների նախարարություն, ՀՀ ԿԲ, «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ և գործատուին պետք է ուղարկել Հայփոստի պատվիրված նամակի միջոցով` հնարավորինս սեղմ ժամկետներում:

Հայփոստի մասնաճյուղերն աշխատում են երկուշաբթիից ուրբաթ ժամը 8:00-19:00 և շաբաթ օրը ժամը 8:00-18:00:

 

Հարգանքներով`

«Դ!ԵՄ ԵՄ» թիմ

Անկախ