«Ղ-Տելեկոմ», «ԱրմենՏել» և «Օրանժ Արմենիա» ընկերությունները նախազգուշացում են ստացել ինտերնետ ծառայությունների ոլորտում անբարեխիղճ մրցակցության համար

Արտակ ՇաբոյանԲազմաթիվ քաղաքացիներից ստացված դիմում-բողոքների հիման վրա ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ուսումնասիրություն է իրականացրել շարժական (USB) մոդեմի միջոցով մատուցվող ինտերնետ ծառայությունների ոլորտում: Ուսումնասիրության ընթացքում բացահայտվել են մի շարք խնդիրներ՝ կապված «Ղ-Տելեկոմ», «ԱրմենՏել» և «Օրանժ Արմենիա» ընկերությունների գործունեության հետ:

Պարզվել է, որ ընկերությունները ինտերնետ ծառայությունների ոլորտում անբարեխիղճ մրցակցություն են դրսևորել: Մասնավորապես, վերոնշյալ ընկերություններն  իրենց կողմից մշակված պայմաններում նախատեսել են այնպիսի դրույթ, որը նրանց հնարավորություն է տալիս պայմանագրային բաժանորդներից գանձել վճարներ նույնիսկ այն ժամանակահատվածի համար, երբ վերջիններիս ինտերնետ ծառայություն չի մատուցվել:

ՏՄՊՊՀ դիտարկմամբ` կապի ոլորտում գործող ընկերությունները իրենց վարքագծով խախտում են օրենքը, համաձայն որի ծառայությունը կասեցվելու դեպքում կասեցվում է նաև բաժանորդի՝ վճարումներ կատարելու պարտավորությունը: Ընդ որում, ծառայությունների մատուցման պայմաններում առկա այս դրույթը շատ դեպքերում բաժանորդներին սահմանված կարգով չի ներկայացվում: Այսինքն, մոդեմը ձեռք բերելիս՝ քաղաքացիները տեղեկացված չեն այս պայմանների մասին: Ուսումնասիրության ընթացքում բացահայտվել է նաև, որ որոշակի բարդություններ են առաջանում այն դեպքում, երբ բաժանորդները դիմում են պայմանագիրը լուծարելու համար: Այս գործընթացը հաճախ ընկերությունների կողմից արհեստականորեն երկարացվում է:  Արդյունքում  վերջինները ստանում են եկամուտներ այն դեպքում, երբ  իրենց կողմից որևէ  ծառայություն չի մատուցվել: Բաժանորդը պետք է վճարի միայն փաստացի օգտագործած ծառայության համար, ինչը օրենքի պահանջն է:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը նշեց, որ ընկերությունների այս գործելաոճն անարդար է, քանի որ քաղաքացիները չեն ստանում ինտերնետ ծառայություն և ստիպված են դրա համար վճարել: Բացի այդ, դա հակաօրինական է:

«Համաձայն  էլոկտրոնային հաղորդակցության մասին օրենսդրության պահանջների` երբ ինտերնետային ծառայությունները կասեցվում են, ապա պետք է կասեցվի նաև վճարների հաշվարկումը: Այս հարցը մենք քննարկել ենք երեք խոշոր օպերատորների հետ: Որոշակի պատճառաբանություններ ներկայացվել են, սակայն մեր կարծիքով` դրանք հիմնավոր չեն: Հաշվի առնելով, որ խնդիրն առաջին անգամ է բարձրաձայնվում, համընդհանուր բնույթ է կրում, խնդիրը առավելապես վերաբերվում է քաղաքացիների և ընկերությունների միջև պայմանագրային հարաբերություններին, հանձնաժողովը որոշեց այս անգամ խստորեն զգուշացնել այս ընկերություններին և հանձնարարել փոխել նման գործելաոճը»,- ասաց Արտակ Շաբոյանը:

 

Լևոն Արոնյանը շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի առաջին իսկ տուրում «սայթաքեց»

unnamedՌուսաստանի Խանտի Մանսիսկ քաղաքում մեկնարկած շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի մեկնարկային տուրում Լևոն Արոնյանը, հանդես գալով սև խաղաքարերով, պարտվեց Հնդկաստանի ներկայացուցիչ, աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթհան Անանդին:

Մրցակիցները կատարեցին 47 քայլ:

Առաջին տուրի Դմիտրի Անդրեյկին – Վլադիմիր Կրամնիկ, Սերգեյ Կարյակին – Պյոտր Սվիդլեր, Շաքրիար Մամեդյարով – Վեսելին Տոպալով պարտիաները խաղաղ ելք ունեցան:

Վաղը կայանալիք  երկրորդ տուրում  Արոնյանը սպիտակներով կխաղա ադրբեջանցի Մամեդյարովի հետ:

Անկախ

Ռաֆայել Իշխանյանի հիշատակը չի թառամելու, քանի կա հայ դպրոցը. հուշ-ցերեկույթ` նվիրված հայագետի 92-րդ տարեդարձին

DSCN1057Այսօր Երևանի Ռաֆայել Իշխանյանի անվան թիվ 153 հիմնական դպրոցում կայացավ ցերեկույթ` նվիրված մեծն հայագետի 92-րդ տարեդարձին:

Դպրոցի սաները հավաքվածներին ներկայացրեցին  հատվածներ Ռաֆայել Իշխանյանի «Պատկերազարդ պատմություն հայոց» գրքից,  ինչպես նաև արտասանեցին ու բեմադրեցին  բանաստեղծություններ Չարենցից, Տերյանից, Հովհաննես Թումանյանից, Սայաթ Նովայից:

Ռաֆայել Իշխանյանի ծննդյան օրը մարտի 9-ին էր, սակայն օրը կիրակի էր, և դպրոցի տնօրինությունը նպատակահարմար էր համարել միջոցառումն այսօր կազմակերպել` արժևորելով հայագետի ծնունդը:

«Այն օրվանից, ինչ դպրոցն անվանակոչվեց նրա անունով, որդեգրեց մի պարտավորություն. ամեն միջոցառման, ամեն օրվա հետ տեսնել Իշխանյան անձին, արժևորել` ամեն անգամ վեր հանելով մեկը իր տպագիր գրքերից, անտիպ ձեռագրերից, մենագրություններից, ձեռնարկներից, այնքան շատ է նրա թողածը, որ երբևէ չենք կրկնվելու,- ասաց դպրոցի տնօրեն Անուշ Սարգսյանը:- Իշխանյան քաղաքացու, Իշխանյան անձի հիշատակը չի թառամելու, քանի կա  Ռաֆայել Իշխանյանի անվան դպրոցը, քանի կա հայ դպրոցը: Այն միշտ վառ է մնալու և հարատևելու է դարեր»:

Ռաֆայել Իշխանյանի այրի Բյուրակն Չերազ-Անդրեասյանը, դիմելով ցերեկույթի մասնակից աշակերտներին, ասաց. «Այնքան երջանիկ եմ զգում, որ տեսնում եմ, թե ինչ հրաշալի սերունդ է մեծանում: Ուզում եմ ապրեք այն երկրում, որի մասին երազել ենք: Հույս ունեմ, որ լույս է բացվելու մեր երկրի վրա, մի քիչ էլ դիմացեք»:

 

)

Եվրախորհրդարանի զեկույցը հաստատվում է. խոստումանալից հեռանկարներ Հայաստանի և այլ ԱլԳ երկրների համար

ԵՄԱյսօր՝ մարտի 12-ին, Եվրախորհրդարանի նիստին ներկա պատգամավորների 87%-ը ընդունեց Պավել Կովալի զեկույցը Եվրամիության հետ հարաբերություններում Արևելյան գործընկերության երկրների առաջնահերթությունների գնահատման և կարգավորման վերաբերյալ: Եվրախորհրդարանը (ԵԽ) կոչ է անում ԵՄ-ին անհապաղ իրականացնել Հայաստանի վրա դրական ազդեցություն ունեցող քաղաքականությունները, օրինակ ազատ տեղաշարժի, էներգետիկայի, տրանսպորտի, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ոլորտներում:
«Եվրախորհրդարանի զեկույցում նշվում է, որ ԵՄ ընդլայնման հաջորդական ծրագրերը Հայաստանին ավելի են մոտեցրել ԵՄ-ին: Սա նշանակում է, որ երկրի անվտանգությունը, կայունությունը և բարեկեցությունը փոխադարձ ազդեցություն են թողնում Հայաստան-ԵՄ համագործակցության վրա: Ուստի, Հայաստանին և ԱլԳ մնացած երկրներին ԵՄ-ի կողմից ցուցաբերվող ֆինանսական աջակցությունը չափազանց կարևոր է», – մեկնաբանում է Էդուարդո Լորենցո Օչոան՝ Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ (ՀԵԲ, www.EuFoA.am ) կազմակերպության տնօրենը:
Ըստ Եվրախորհրդի, Արևելյան գործընկերությունը բավարար խթան չի ցուցաբերել բարեփոխումներ և փոփոխություններ կատարելու համար: Այս պատճառով երկրները եվրոպական առավել հստակ հեռանկարի կարիք կունենան, ի թիվս ԵՄ-ի հետ սերտ հաղորդակցության ռազմավարության և ԱլԳ անդամ երկրներին ԵՄ Պատվիրակությունների աջակցության:
Ինչ վերաբերում է սառեցված հակամարտություններին, այդ թվում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, ԵՄ-ն կոչ է անում փոխնախագահին/գերագույն հանձնակատարին և Արտաքին գործերի եվրոպական ծառայությանը (ԱԳԵԾ) մշակել վստահության ձևավորման ծրագրեր: Նիստերի այս շրջանում Եվրախորհրդարանն արդեն երկրորդ անգամ է քվեարկում «նորարարական միջոցների և մոտեցումների մշակման, այդ թվում հանրային կապերի ռազմավարությունների, պրագմատիկ նախաձեռնությունների, ոչ պաշտոնական կապերի և խորհրդատվությունների շուրջ քննարկումներ ծավալելու օգտին՝ տարածաշրջաններում քաղաքացիական մշակույթ ձևավորելու և հասարակության միջև երկխոսություն խրախուսելու նպատակով»:
Բացի այդ, ԵՄ-ն կոչ է անում Եվրահանձնաժողովին դիտարկել առևտրային հետագա խոչընդոտները կանխելու հավանականությունը նույնիսկ նախքան ԽՀԱԱՀ-երը ստորագրելն ու իրականացնելը: Անցյալ հինգշաթբի Եվրախորհրդի նախագահը հայտարարեց, որ Ուկրաինան հնարավորություն ունի առաջին հերթին ստորագրել Ասոցացման համաձայնագրի քաղաքական, այնուհետև առևտրային մասը:
«Հարկավոր է լրջորեն հաշվի առնել այս երկու նոր գործոնները ԵՄ-Հայաստան հարաբերությունների իրավական հիմքերը և բովանդակությունը դիտարկելիս», – ընդգծում է ՀԵԲ-ի տնօրենը և հայտնում իր գոհունակությունը՝ նկատելով ԵՄ-Հայաստան համագործակցության վերաբերյալ ՀԵԲ հետազոտության անդրադարձը ԵՄ-ի զեկույցում:

ՀԵԲ-ը ուրախ կլինի այս թեմայով մեկնաբանություններ կամ վերլուծություն տրամադրել անգլերեն, գերմաներեն, իսպաներեն, լեհերեն, ռուսերեն եւ հայերեն լեզուներով: Եվրոպա-Հայաստան խորհրդի անդամները նույնպես պատրաստ են մեկնաբանել այս թեման, հարցերի դեպքում կարող եք դիմել մեր քարտուղարություն:
ՀԵԲ-ի եւ Եվրոպա-Հայաստան խորհրդի մասին ավելին իմանալու համար այցելեք մեր կայքը՝ www.EuFoA.am:
Բարձրորակ նկարներ կարող եք գտնել մեր կայքում կամ մեզ դիմելով: Կարող եք դրանք օգտագործել “Copyright: www.EuFoA.org” հղմամբ:

Անկախ

“Հայաստանում մանկական մահացությունն իջել 8.9 պրոմիլի, ինչը համեմատական է 1000 կենդանածին երեխայի շրջանում մեկ մահվան դեպքին”. Գայանե Սահակյան

Գայանե ՍահակյանԻմունականխարգելման ծրագրեր իրականացվել են դեռ հետպատերազմական ժամանակաշրջանից, սակայն ընդամենը 2-3 ավանդական պատվաստումներ են կատարվել դիֆտերիայի, փայտացման և կապույտ հազի դեմ: Իսկ անկախացումից հետո իմունականխարգելման ծրագիրը Առողջապահության նախարարության համար դարձավ գերակա ուղղություն և կառավարության կողմից ընդունվեց որպես ազգային ծրագիր: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով իմունականխարգելման ազգային ծրագրի հաջողություններից` ասաց ՀՀ առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:

Մասնագետի տեղեկացմամբ` 1999-ին առաջին անգամ ներդրվել է հեպատիտ Բ-ի դեմ պատվաստումը, ապա կարմրուկի, կարմրախտի և խոզուկի համակցված պատվաստումները: 2009-ին ներդրվել է հեմոֆիլուսային բաղադրիչը հնգավալենտ պատվաստումների տեսքով, 2012-ին ռոտավիրուսային պատվաստումները: Իսկ այս տարվա սեպտեմբեր ամսին Հայաստանում կներդրվի նոր` պնևմակոկային հիվանդությունների դեմ պատվաստումը:

«Իմունականխարգելման ազգային ծրագրի շնորհիվ շատերն արդեն մոռացել են դիֆտերիա հիվանդությունը, պատվաստումների շնորհիվ երկրում վաղուց չի արձանագրվել այդ հիվանդությունը: 2000 թվականից հետո դիֆտերիայի դեպքեր մենք այլևս չենք ունեցել, մինչդեռ 1994-95-ին անգամ դիֆտերիայի բռնկում է եղել Հայաստանում և 34 մարդ է մահացել դիֆտերիա հիվանդության պատճառով:

Պոլիոմելիտ հիվանդության մասին ևս բոլորը մոռացել են: Մինչդեռ 1990-ականներին այդ հիվանդության պատճառով ամեն տարի 5-6 երեխա հաշմանդամ էր դառնում և խորացնում երկրում հաշմանդամության խնդիրը»,- ասաց Գայեն Սահակյանը:

Նրա խոսքով` այսօր հանրապետությունում չկան կարմրուկ, կարմրախտ, կապույտ հազ հիվանդությունները, տարեկան 1-2 դեպք է գրանցվում խոզուկ հիվանդության, չկան փայտացում հիվանդության դեպքեր:

«Ուղեղի թաղանթի բորբոքումը (մենինգիտ), որը մանկական մահացության հիմնական սպառնալիքն է, երկու և կես անգամ նվազել է, չեն գրանցվում հեմոֆիլուսային բաղադրիչով հարուցված մենինգիտի դեպքեր: Մեր երեխաները նախկինում շատ հեշտությամբ կարող էին վարակվել թոքաբորբով, մենինգիտով, իսկ այսօր այդ ոլորտը վերահսկվում է: Այսօր մենք կարողանում ենք վերահսկել մանկական մահացությունը` այն իջեցնելով 8.9 պրոմիլի, ինչը ուղիղ համեմատական է հազար կենդանածին երեխայի շրջանում մեկ մահվան դեպքին: Մենք կարողացանք առաջին անգամ Հայաստանում մանկական մահացությունը իջեցնել այսպիսի ցածր մակարդակի»,- ասաց Գայանե Սահակյանը:

 Անկախ

Ֆրանկոֆոնիայի օրերին նվիրված միջոցառումներ` Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում

001Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին հայտնեցին, որ մարտի 10-ից ապրիլի 10-ը Հայաստանում մեկնարկած ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում  գրական, երաժշտական  միջոցառում էր կազմակերպվել Երևանի քաղաքապետարանի  ենթակայության Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 հիմնական  դպրոցում: Հանդիսությանը ներկա է գտնվել նաև քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, ով, ֆրանկոֆոնիայի միջոցառումների մեկնարկի կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով  ներկաներին, նշել է, որ քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում մշտապես աջակցելու է դպրոցներին ու մանկապարտեզներին:  Կրթօջախի սաների ուժերով ֆրանսերեն և հայերեն կազմակերպված  ցերեկույթի ընթացքում անդրադարձ է եղել ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը, անդամ և համագործակցող երկրներին, ինչպես նաև հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերություններին ու մշակութային կապերին: Դպրոցի երգչախմբի անդամները կատարել են նաև աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի ստեղծագործությունները:

Ֆրանկոֆոնիայի օրերին նվիրված միջոցառումներ կանցկացվեն Երևանի քաղաքապտարանի ենթակայության ավելի քան 40 դպրոցներում:

Անկախ

Ուշադրություն. փոփոխություններ Երևանի Լենինգրադյան-Ծիծեռնակաբերդ ճանապարհի հատույթում

ճանապարհՃանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Լենինգրադյան-Ծիծեռնակաբերդ ճանապարհի հատույթում ճանապարհային երթևեկությունը պատշաճ կերպով կազմակերպելու նպատակով մինչև շինարարական աշխատանքների վերջնական ավարտը մարտի 11-ից ժամանակավոր շահագործվում է տարբեր հարթությունների վրա կառուցված տրանսպորտային հանգույցները և թունելը: Տրանսպորտային հանգույցը կահավորված է կողմնորոշման ճանապարհային նշաններով: Հանգույցից կարելի է օգտվել հետևյալ ուղղություններով երթևեկելու համար.

1. Ծիծեռնակաբերդի խճուղուց ուղիղ երթևեկությամբ դեպի Շինարարների և Լենինգրադյան փողոցներ, Սեբաստիա և Հասրաթյան փողոցներ:
2. Ծիծեռնակաբերդի խճուղուց աջ անցուղով դեպի Լենինգրադյան-Հալաբյան փողոցների խաչմերուկը, այնուհետև ուղիղ երթևեկությամբ դեպի Կիևյան փողոց, իսկ ձախ շարքից նաև Հալաբյան փողոց:
3. Կիևյան-Հալաբյան փողոցների խաչմերուկի կողմից դեպի տրանսպորտային հանգույց երթևեկող տրանսպորտային միջոցները աջ անցուղով երթևեկում են դեպի Լենինգրադյան փողոց, այնուհետև դեպի Շինարարներ, Սեբաստիա փողոցներ:
Դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի երթևեկելու համար երթևեկում են դեպի տրանսպորտային նորակառույց թունել, թունելից անմիջապես հետո աջ անցուղով բարձրանում Լենինգրադյան փողոց և երթևեկում միայն աջ` դեպի Ծիծեռնակաբերդ կամ կրկին աջ երթևեկությամբ` դեպի Կիևյան փողոց:
Շինարարների, Լենինգրադյան փողոցների կողմից տրանսպորտային հանգույցին մոտեցող տրանսպորտային միջոցները ուղիղ երթևեկում են միայն Ծիծեռնակաբերդի խճուղի, իսկ դեպի Կիևյան փողոց երթևեկելու համար աջ անցուղով իջնում են դեպի թունել և երթևեկում միայն աջ` դեպի Կիևյան փողոց:

Անկախ

Նախագահն ընդունել է Սերբիայի արտաքին գործերի նախարար Իվան Մրկիչին

սարգսյան-մրկիչՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Սերբիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Իվան Մրկիչին:

Հանրապետության Նախագահը ողջունել է բարձրաստիճան հյուրին և կարևորել նրա այցը հայ-սերբական բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը շարունակելու և համագործակցության օրակարգն առաջ մղելու տեսանկյունից: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանի և Սերբիայի միջև դարավոր կապերը բարեկամության բազմաթիվ դրսևորումներ են ունեցել: Նախագահի խոսքով, հայ ժողովուրդը երախտագիտությամբ է հիշում 1988թ. աղետալի երկրաշարժին հաջորդած օրերին Հայաստան օգնության շտապող այն յոթ սերբ օդաչուներին, ովքեր ավիավթարի հետևանքով զոհվեցին Երևանի մատույցներում, և ամեն տարի երկրաշարժի տարելիցին հարգանքի տուրք է մատուցում նույն վայրում նրանց հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ:

Սերժ Սարգսյանը և Սերբիայի արտգործնախարար Իվան Մրկիչը երկուստեք կարևորել են բարձր մակարդակի փոխայցելությունները, որոնց արդյունքում, նրանց համոզմամբ, վերջին տարիներին ակտիվացել են երկկողմ հարաբերություններն ու մի շարք ոլորտներում փոխգործակցությունը:

Զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել այսուհետ ևս ջանքեր գործադրելու առկա դրական դինամիկան պահպանելու և զարգացնելու համար՝ համակարծիք լինելով, որ քաղաքական, տնտեսական, մշակութային և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությունը զարգացնելու չիրացված մեծ ներուժ կա:

Հանդիպմանը կարևորվել է նաև Սերբիայի կողմից 2015թ. ԵԱՀԿ նախագահության շրջանում Հայաստանի և Սերբիայի միջև փոխշահավետ և սերտ համագործակցությունը:

239 ուղևորներով Մալազիական ավիաուղիների ինքնաթիռը անհետացել է

malaysia-airlinesՈչ ոք հստակ չգիտի, թե ինչ է եղել շաբաթ օրը անհետացած Մալազիական ավիաուղիների ինքնաթիռի հետ: Ինքնաթիռում գտնվող 239 ուղևորների ընտանիքների անդամները սպասում են վատագույնին:

Օդային երթևեկության վերահսկողները կորցրել են Կուալա Լումպուրից Պեկին թռչող Մալազիական ավիաուղների ինքնաթիռի հետքը: Ուղևորների մեծամասնությունը Չինաստանի քաղաքացիներ են եղել:

Նյունիսկ մտավախություն կա, որ ինքնաթիռը անցել է ծովի խորքը:

Վիետնամի և Չինաստանի լրատվամիջոցները, մեջբերելով Վիետնամի զինվորականներին, հայտնում են, որ ինքնաթիռը հնարավոր է վթարված լինի Վիետնամի հարավային ափերի մոտակայքում:

Սակայն Մալազիայի տրանսպորտի նախարարը նշել է, որ այդ վերոնշյալ տեղեկությունները ճիշտ չեն:

Չինաստանը, Վիետնամը, Սինգապուրը և Մալազիան Հարավային Չինական ծովի Տհո Չու կղզու մոտակայքում որոնողական աշխատանքներ են իրականացնում:

Բոինգ 777-200 ինքնաթիռը Կուլալա Լումպուրից դուրս էր եկել 12:41-ին և սպասվում էր, որ Պեկին կժամանի 6:30-ին, սակայն չէր ժամանել:

Ինքնաթիռում գտնվել են 227 ուղևորներ և 12 անձնակազմի անդամներ:

 Անկախ

Էդվարդ Նալբանդյանի Բացման խոսքը Մարդու իրավունքների խորհրդի 25-րդ նստաշրջանի Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման մասին Կոնվենցիայի 65 ամյակին նվիրված քննարկմանը

90. Minister Nalbandian participated in Genocide prevention High Level pannel in Geneve - 07.03.2014Հարգելի Մարդու իրավունքների խորհրդի նախագահ,

Տիկնայք և պարոնայք,

Նախ, ես կցանկանայի շնորհակալություն հայտնել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձր հանձնակատար տիկին Նավի Փիլային և նրա գրասենյակին Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման մասին Կոնվենցիայի 65 ամյակին նվիրված այս բարձրաստիճան քննարկումն անց կացնելու համար:

Կցանկանայի նաև շնորհակալություն հայտնել բոլոր մասնակիցներին ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ կարևոր քննարկում անցկացնելու պատրաստակամության համար: Մասնավորապես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ռուանդայի ցեղասպանությունը վերապրած տիկին Էսթեր Մուջավայոյին: Այդ ցեղասպանության 20-րդ տարելիցը կնշվի երեք շաբաթից Բրյուսելում միջազգային կոնֆերանսին:

Հայ ժողովուրդը, որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը վերապրած ազգ, բարոյական խիստ պատասխանատվություն է զգում իր ներդրումը բերելու մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանն ուղղված միջազգային ջանքերին: Ես պետք է երախտագիտություն հայտնեմ այն բազմաթիվ անդամ պետություններին, որոնք պատրաստակամորեն իրենց աջակցությունն են բերում այս վեհ նպատակին ծառայող մեր տարբեր նախաձեռնություններին: Կցանկանայի օգտվել այս հնարավորությունից շնորհակալություն հայտնելու Ցեղասպանության կանխարգելման մասին Մարդու իրավունքների խորհրդի բանաձևի բոլոր համահեղինակներին, որն ընդունվել է այս բարձր մարմնի կողմից անցյալ տարի:

ՄԱԿ-ն իր տարբեր կառույցների միջոցով կենտրոնական դեր է խաղում ցեղասպանության կանխարգելման գործում: Ես կցանկանայի ընդգծել  ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի-Մունի անձնական ներգրավվածությունը, ով ուղղորդում է այս շարունակական գործընթացը: Մեզ ոգևորում է Մարդու իրավունքների խորհրդի և ՄԱԿ-ի այլ կառույցների` անդամ պետությունների հետ միասին նպատակաուղղված աշխատանքը: Ես կցանկանայի շեշտել Ցեղասպանության կանխարգելման հարցով Գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական պարոն Ադամա Դիենգի արժեքավոր ներդրումը, ով այսօր մեզ հետ է:

Չնայած այն փաստին, որ Ցեղասպանության կանխարգելման կոնվենցիան ընդունվել է 1948թ., դրան հաջորդած տասնամյակներում, ներառյալ վերջին տարիներին, ցավոք իրագործվել են նոր ցեղասպանություններ, նոր մարդկության դեմ ուղղված հանցագործություններ: Այս սարսափելի երևույթը Կամբոջայից Ռուանդա և Դարֆուր շարունակում է մնալ չվերացված:

Սա նշանակում է, որ մենք ոչ միայն քննարկումների, բանաձևերի, հռչակագրերի, կոնվենցիաների, այլ նաև ցեղասպանությունների կրկնությունը կանխող արդյունավետ մեխանիզմների կարիքն ունենք:

Ցեղասպանությունը բարդ երևույթ է, այն տեղի չի ունենում միանման եղանակով: Կանխարգելումը պետք է հիմնված լինի ցեղասպանությունների պատմության ճշգրիտ ընկալման վրա: Մենք պարտավոր ենք հասկանալ ոչ միայն այն, թե ինչ է տեղի ունեցել յուրաքանչյուր դեպքում, այլ նաև դրա պատճառները: Մենք պետք է պատրաստ լինենք դասեր քաղելու անցյալի ձախողումներից և բաց լինենք նոր գաղափարների համար:

Ցեղասպանության կանխարգելումը պահանջում է հարկադրանքի, կանխարգելման միջոցառումների մշակում: Եթե տեղի է ունեցել ցեղասպանություն, ապա ոճրագործները չպետք է կասկած ունենան, որ նրանք հաստատապես կենթարկվեն պատասխանատվության: 1915թ. մայիսի 24-ի հատուկ հռչակագրով դաշնակից տերությունները՝ Ռուսաստանը, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան, նախազգուշացրեցին հայ ժողովրդի դեմ կոտորածներ իրականացնողներին, որ նրանք անձնական պատասխանատվության կենթարկվեն «մարդկության և քաղաքակրթության դեմ գործած Թուրքիայի այս նոր հանցագործությունների համար»: Այսպիսով, Մարդկության դեմ գործած հանցագործության ժամանակակից հասկացությունը ներառվեց միջազգային իրավական համակարգում:

Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման մասին Կոնվենցիայի նախապատմությունը կապված է հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական էջի հետ: Ռաֆայել Լեմկինը՝ «ցեղասպանություն» եզրույթի հեղինակը, սահմանելով ցեղասպանություն հանցագործությունը, հղում էր անում հենց հայերի նկատմամբ կատարված զանգվածային կոտորածներին: Լեմկինը նվիրեց իր կյանքը մարդկության դեմ գործած հանցագործությունների ուսումնասիրությանը, որը նույնպես ճանապարհ հարթեց 1948թ. Կոնվենցիայի ընդունման համար:

2013թ. մարտի 22-ի Մարդու իրավունքների խորհրդի բանաձևում սահմանված միջոցները նախատեսում են անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումներ: Մենք բոլորս միասնական ենք ցեղասպանության կանխարգելման երեք հենասյուների` վաղաժամ նախազգուշացման, մարդու իրավունքների պաշտպանության և կրթության և հանրային իրազեկման կարևորության շուրջ:

Առաջին, որպեսզի միջազգային հանրությունն անհապաղ արձագանքի, մենք պետք է տեղեկացված լինենք ցեղասպանության վտանգի մասին հնարավորինս վաղ և իրականացնենք անհրաժեշտ կանխարգելիչ քայլեր: Սովորաբար ցեղասպանություն իրականացնողները փորձում են հնարավորինս երկար ժամանակ թաքցնել իրենց մտադրությունները: Միջազգային հանրությունը պետք է կարողանա ճիշտ գնահատել ցեղասպան միջավայրի առաջացման պատճառները, որոնք հանգեցնում են այս սարսափելի հանցանքին և կանխել այն հնարավորինս շուտ:  

Նախորդ տասնամյակի ընթացքում և ՄԱԿ-ը, և տարածաշրջանային մարմինները զգալի առաջընթաց են գրանցել վաղ նախազգուշացման և գնահատման համակարգերի բարելավման գործում: Մենք պետք է անենք հնարավորը երաշխավորելու համար, որ առաջիկա տարիներին այս հաջողությունները, առաջընթացը շարունակություն ունենան: Վաղ հայտնաբերումը և նախազգուշացումը չեն կարող լինել արդյունավետ, քանի դեռ նրանց չեն հետևում հստակ զսպիչ քայլեր:

Երկրորդ, ցեղասպանության կանխարգելումը մարդու իրավունքների պաշտպանության համապարփակ միջազգային մեխանիզմների մասն է: Բարոյական արժեքները կանգնած են այս սարսափելի ոճրագործությունների դեմ պաշտպանական ամենակարևոր գծում: Ցեղասպանությունը աներևակայելի հանցագործություն է այն հասարակության համար, որը հիմնված է մարդու իրավունքների պաշտպանության, փոխադարձ հարգանքի, հանդուրժողականության և ոչ բռնության արժեքների վրա:

Երրորդ, մեր նպատակներից մեկը հասարակության մեջ այս արժեքների ամրապնդումն է կրթության և հիշողության միջոցով: Սերունդները պետք է տեղյակ լինեն անցյալի ողբերգությունների, անցյալի ցեղասպանությունների մասին: Կատարված ցեղասպանությունների ճանաչումը և դատապարտումը ապագայում նրանց կանխման ամենաարդյունավետ միջոցներից են: Ցեղասպանության չընդունումը կամ գիտակցված ժխտումը, որն այլ կերպ կոչվում է ժխտողականություն, անպատժելիության հետ մեկտեղ ճանապարհ են հարթում մարդկության դեմ նոր հանցագործությունների կրկնության համար: Անկախ աշխարհաքաղաքական կամ այլ շահերից՝ միջազգային հանրությունը պետք է միասնական լինի անցյալի ցեղասպանությունների ճանաչման, դատապարտման և պատժման, ապագայում դրա կանխարգելմանն ուղղված ջանքերում, հատկապես՝ Պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին 1968թ. կոնվենցիայի լույսի ներքո:

Ցեղասպանությունների` Մեծ Եղեռնի, Շոահի զոհերի հիշատակի օրերը, ինչպես նաև Կամբոջայի, Ռուանդայի, Դարֆուրի և այլ ցեղասպանությունների հիշատակի օրերը պետք է լինեն սգո օրեր ոչ միայն զոհերի ժառանգների, այլ նաև իրականացնողների ժառանգների  համար: Նման օրերին պետք է մոտենալ ճանաչման և հաշտեցման ուղղությամբ առաջ շարժվելու պատրաստակամությամբ: Իհարկե, իրական հաշտեցումը չի նշանակում անցյալի մոռացում կամ երիտասարդ սերունդներին ժխտողականության հեքիաթներով սնուցում:

Քաղաքակիրթ աշխարհը վճռականորեն մերժում է ատելության, ռասիզմի հրահրումը, անհանդուրժողականության տարածումը, ցեղասպանության, մարդկության դեմ գործած հանցագործությունների ժխտումը՝ ազատ արտահայտվելու իրավունքի պատրվակով: Միջազգային ցեղասպանագետների կարծիքն այն է, որ ժխտումն ինքնին ցեղասպանության շարունակություն է:

Տիկնայք և պարոնայք,

Նշելով Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման մասին Կոնվենցիայի 65-ամյակը՝ մենք հասկանում ենք, որ յուրաքանչյուր պայմանագրի արդյունավետությունը պետք է գնահատվի դրա իրականացման (կատարման) հիման  վրա: Այս քննարկումը լավ հնարավորություն է այս Կոնվենցիայի իրականացման լավագույն փորձը փոխանակելու համար:

Օգտվելով հնարավորությունից՝ ես կոչ եմ անում այն պետություններին, որոնք դեռևս չեն միացել Կոնվենցիային, միանալ մոտ ապագայում և հաջողություն եմ մաղթում նրանց, ովքեր ջանք չեն խնայում ցեղասպանության կանխման ուղղությամբ:

Շնորհակալություն:

Անկախ

 

«Սրճարան կառուցելը հնագիտորեն ընդունելի չէ, քանի որ Գառնին քարակերտ, ժայռերի վրա դրված հուշարձան է». հնագետ

Համլետ ՊետրոսյանՄշակութային ժառանգության պահպանության հարցում պատասխանատու է պետությունը: Իշխանության որոշ ներկայացուցիչներ պատմամշակութային ժառանգությունը շատ հաճախ իրենց սեփականությունն են համարում և տնօրինում են այնպես, ինչպես ուզում են: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հնագետ Համլետ Պետրոսյանը:

Նրա խոսքով` եթե համայնքի կողմից տնօրինվի մշակութային ժառանգությունը, իշխանավորն այն իր սեփականությունը չի համարի: Մշակութային ժառանգության պահպանության հիմնական լծակները քաղաքականության, վարչարարության, օրենսդրական փոփոխությունների միջոցով պետք է տրվի հասարակությանը:
Մշակութային ժառանգության պահպանությունը սերտորեն կապված է դրա դերակատարության հետ:

«Մեզ մոտ մշակութային արժեք ասելով` շատ հաճախ բացօթյա և անշարժ ժառանգությունները նկատի ունեն, սակայն ոչ, նյութականն էլ է ժառանգություն, որի պահպանության հետ կապված ևս լուրջ խնդիրներ ունենք: Այսօր շատ ավելի գերակշռում է մշակույթը որպես գործիք դիտարկելու քաղաքականությունը, այն դառնում է մեր ինքնությունը տարբերակող այցեքարտ»,- ասաց Համլետ Պետրոսյանը:
Անդրադառնալով Գառնու տաճարի մոտակայքում սրճարան կառուցելուն`հնագետը նշեց, որ սա առաջին դեպքերից է, երբ համայնքը փորձում է ինքնուրույն լուծել խնդիրը: «Ես 8 տարի Գառնու հնագիտական հետազոտությանն եմ մասնակցել, արշավախմբի անդամ եմ եղել: Գառնին պատմամշակութային, բնական և լանդշաֆտային հուշարձան է: Այդ տաճարի անունն իրականում պետք է լինի ոչ թե հեթանոսական, այլ անտիկ հնավայր, որը ողջ ամրոցն է` ներառյալ տաճարը, պալատական կառույցները, բաղնիքը, եկեղուցու մնացորդները և մյուսները: Այդ լանդշաֆտը կարող է ընկալվել, երբ ամբողջական է: Ցանկացած, թե´ մշտական, թե´ ժամանակավոր կառույց, ինչը կարող է հուշարձանի ընկալմանը նույնիսկ որևէ կետից խանգարել, միանշանակ անընդունելի է»,- ասաց հնագետը:
Նրա հավաստմամբ՝ զբոսաշրջությունը հուշարձանը պահպանող կազմակերպության առաջնային խնդիրը պետք է չլինի: Զբոսաշրջությունն ու պահպանությունը շատ հաճախ հակադիր նպատակներ ունեն: Սրճարան կառուցելը հնագիտորեն ընդունելի չէ, քանի որ Գառնին քարակերտ, ժայռերի վրա դրված հուշարձան է:

Դուբլինում Նախագահ Սերժ Սարգսյանը երկկողմ հանդիպումներ է ունեցել

Սարգսյանը իռլանդիայումԻռլանդիա աշխատանքային այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ երեկոյան Դուբլինում հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդարանի «Եվրամիություն-Հայաստան բարեկամության խմբի» ղեկավար Էլենի Թեոխարուսի և Կիպրոսի առաջատար քաղաքական ուժերից մեկի՝ «Կիպրոսի ժողովրդավարական միավորում» կուսակցության նախագահ Ավերով Նեոֆիտուի հետ:

Զրուցակիցները քննարկել են Եվրոպական խորհրդարանի շրջանակներում փոխշահավետ համագործակցություն զարգացնելու հնարավորությունները, անդրադարձել նաև հայ-կիպրական երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակի:

Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այսօր վերադարձել է Երևան:

Նախագահ Սերժ Սարգսյանը Դուբլինում մասնակցել և ելույթ է ունեցել ԵԺԿ լիագումար նստաշրջանին

 

  Սերժ Սարգսյան, ԴուբլինԱշխատանքային այցով Իռլանդիայում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Դուբլինում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության լիագումար նստաշրջանին, որտեղ հանդես է եկել ելույթով:

 

սերժ սարգսյան


Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ԵԺԿ գագաթնաժողովում

Մեծարգո Նախագա՛հ Դոլ,
Հարգելի՛ գործընկերներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Նախ և առաջ միանում եմ Իռլանդիայի վարչապետ Էնդա Քենիի և Իռլանդական Ֆիննա Գաել կուսակցության հասցեին հնչած երախտագիտության խոսքերին` գագաթնաժողովի փայլուն կազմակերպման և հրաշալի հյուրընկալության համար:

Հարգելի՛ գործընկերներ,

Այսօր առաջին անգամն է, որ ԵԺԿ գագաթնաժողովն անցկացվում է առանց երջանկահիշատակ Վիլֆրիդ Մարտենսի: Նա բացառիկ ավանդ ունեցավ Եվրոպայի ամենամեծ քաղաքական ընտանիքի՝ ԵԺԿ-ի հիմնադրման և կայացման գործում, առաջնորդեց այն բազմաթիվ հաղթանակների ճանապարհով: Վստահ ենք, որ Նախագահ Դոլի փորձառու ղեկավարությամբ ԵԺԿ ընտանիքը կշարունակի կենսագործել կուսակցության հիմնարար արժեքներից բխող իր առաքելությունը:

Մայիսին կայանալիք Եվրոպական խորհրդարանի ընտրությունները կարևոր հանգրվան են Եվրոպայի քաղաքական կյանքում: Համոզված եմ, որ Եվրոպական ժողովրդական կուսակցությունը կրկին կարժանանա եվրոպացիների բարձր վստահությանը և կշարունակի մնալ Եվրոպայի առաջընթացի շարժիչ ուժը, բարեփոխումների ջատագովն ու իրականացնողը: ԵԺԿ-ի հաղթանակը թույլ կտա նոր եռանդով լծվել խաղաղ և բարեկեցիկ Եվրոպա կառուցելու կարևոր գործին:

Պարո՛ն Նախագահ,

Եվրոպական միությունը և Արևելյան գործընկերությունը կանգնած են մարտահրավերների առջև: Ուկրաինայի իրադարձությունները լուրջ մտահոգության առարկա են բոլորիս համար: Խորապես ցավում ենք, որ Կիևում եղան մեծաքանակ մարդկային զոհեր: Ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է անել առավելագույնը լարվածության թուլացման և երկխոսության միջոցով ողջամիտ լուծումներ գտնելու ուղղությամբ:

Ինչպես և նախկինում՝ գտնում ենք, որ հարաբերությունների ընդլայնումն ու խորացումը մի գործընկերոջ հետ չպետք է հանգեցնի նոր բաժանարար գծերի ձևավորմանը: Հայաստանը շարունակելու է շահերի համադրությանն ու ներդաշնակեցմանն ուղղված իր քաղաքականությունը:

Մենք շնորհակալ ենք Եվրոպական միությանը 2013թ. դեկտեմբերին Հայաստանին Արտոնությունների ընդհանրացված համալրված համակարգից օգտվելու հնարավորություն ընձեռելու համար: Այդուհանդերձ, այդ համակարգի առավելությունները լիարժեք օգտագործելու համար դեռևս կա իր լուծումը պահանջող մի կարևոր խնդիր, այն է` Եվրոպական միության մաքսային միության անդամ Թուրքիայի կողմից Հայաստանի ապօրինի շրջափակման վերացումը: Այսօր, երբ մարդկությունը ոգեկոչում է Առաջին աշխարհամարտի հարյուրամյակի սարսափը, Թուրքիան ոչ միայն չի հրաժարվում ժխտողականության իր քաղաքականությունից, ոչ միայն փորձում է մոռացության մատնել Հայոց Ցեղասպանության միլիոնավոր զոհերի հիշատակն ու անտեսել հայրենազրկված ժողովրդի պահանջը, ոչ միայն չի ապաշխարհում կատարվածի համար, այլ շարունակում է Հայաստանին և հայերին վնասելու ազգատյաց և այլատյաց արմատներ ունեցող քաղաքականությունը:

Հարգելի՛ գործընկերներ,

Եվրոպական արժեհամակարգի առանցքային սկզբունքներից է չլռել, երբ տեսնում ենք անարդարություն, երբ լսում ենք կողմնապահ մտքեր, և հատկապես երբ ականատես ենք լինում այլատյացության դրսևորման: «Այլևս երբեք»-ը մեր իսկ կարգախոսն էր, որ ծնվեց երկու աշխարհամարտերի արհավիրքներից: Բայց այդ կարգախոսը կյանքի կոչելու միայն մեկ ձև կա` հիշել, դատապարտել և պահանջել: Մեզ համար անընդունելի և անհասկանալի է, երբ մենք հանդուրժում ենք ֆաշիզմի որևէ դրսևորում, երբ ձևացնում ենք, որ չենք լսում Եվրոպայի խորհրդի անդամ-պետություն Ադրբեջանի Նախագահի ելույթը, երբ նա բացեիբաց ատելություն և թշնամանք է քարոզում: Որպեսզի Արևելյան գործընկերությունն աշխատի, մենք պետք է շիտակ և ազնիվ լինենք միմյանց հուզող հարցերում:

Պարո՛ն Նախագահ,

Մենք մեծապես գնահատում ենք, որ տարիներ շարունակ Եվրոպական միությունը և նրա անդամ երկրներն աջակցություն են ցուցաբերել Հայաստանի սոցիալ-տնտեսական և ինստիտուցիոնալ զարգացմանը, պետական կառույցների ամրապնդմանը, հանրային կառավարման բարեփոխմանը, կոռուպցիայի դեմ պայքարի և աղքատության կրճատման գործում: Մոտ երկու շաբաթ առաջ Հայաստանի Ազգային անվտանգության խորհուրդը հավանություն տվեց 2014-2015թթ. համար ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկին: Մենք հանձնառու ենք շարունակելու մեր ջանքերը Եվրոպական միության հետ գործուն կառուցակարգեր ձևավորելու ուղղությամբ, որոնք մի կողմից արտացոլում են ԵՄ հետ Հայաստանի նախորդ քննարկումների բովանդակությունը, մյուս կողմից՝ համատեղելի են համագործակցության մյուս ձևաչափերի հետ:

Շնորհակալություն ուշադրության համար:

Անկախ

«Մամիկոն Խոջոյանի դեպքի առնչությամբ դիմելու ենք Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական դատարան». Լարիսա Ալավերդյան

լարիսա-ալավերդյանՎերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Մամիկոն Խոջոյանի վերադարձի համար պետք է փառք տալ Աստծուն: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը: Բանախոսը տեղեկացրեց, որ Մամիկոն Խոջոյանը մինչև հիմա գտնվում է Իջևանի հիվանդանոցում: Զինգերիների, պատանդների հարցերով զբաղվող հանձնաժողովն արդեն հոգացել է նրա բուժման ծախսերը:

«Մենք շուտով հանդիպելու ենք Մամիկոն Խոջոյանի հետ և անմիջապես սկսելու ենք աշխատանքները իրավական պաշտպանության ուղղությամբ: Մենք դիմելու ենք Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական դատարան: Մեզ ադեն դիմել են շատ հմուտ փաստաբաններ, որոնք առաջարկել են իրենց ծառայությունները: Փաստաբանների թվում է նաև Արտակ Զեյնալյանը, ում հետ մենք պատրաստվում ենք համագործակցել»,- ասաց Լարիսա Ալավերդյանը՝ հավելելով, որ պետք է այնպես անել, որ գոնե այս դեպքը դառնա միջազգային հանրության համար քննարկման նյութ, որի արդյունքում կպարզվի Ադրբեջանի առաջադեմ հասարակության երեսը, հայկական կողմն էլ իր պարտականությունը իրականացված կհամարի:

Լարիսա Ալավերդյանի խոսքով՝ արցախյան պատերազմի ժամանակ իրենք ակտվորեն աշխատել են ադրբեջանական կազմակերպությունների հետ և բազմաթիվ գերիների են վերադարձրել: Մինչև անգամ երկու երեխայի վերադարձ պատերազմական շրջանում:

«Ցավոք, երբ եկավ Ալիև կրտսերը, գրեթե կտրեց համագործակցության հնարավորությունները, ներկայումս պաշտոնապես ոչ մի կապ չկա ադրբեջանական կազմակերպությունների հետ»,- ասաց Լարիսա Ալավերդյանը:

Անդրադառնալով Ժնևյան 4-րդ կոնվենցիային՝ բանախոսը նշեց, որ կոնվենցիայի 3-րդ հոդվածը ուղղակի կոշտ արգելք է դնում այնպիսի անձանց գերության վրա, որոնք ուղղակիորեն ընդգրկված չեն զինվորական կամ այլ բախումների մեջ: 4-րդ կոնվենցիան վերաբերում է միայն խաղաղ բնակչությանը:

«Միջազգային արգելքի համաձայն՝ չպետք է լինի ոտնձգություն խաղաղ բնակչի ո՛չ կյանքի, ո՛չ էլ ֆիզիկական անձեռնմխելիության հանդեպ: Արգելված է անգամ պատանդ վերցնելը»,- ասաց  Ալավերդյանը:

 

Գարնանացանի աշխատանքների կազմակերպման համար առաջին անգամ հանրապետություն կներկրվեն ֆոսֆորական և կալիումական պարարտանյութեր

Սամվել Գալստյան2013 թվականի գյուղատնտեսական տարին ամփոփվեց` զգալի աճ արձանագրելով գյուղատնտեսական մթերքների արտադրության բոլոր տեսակների գծով: Ավելացել են համախառն բերքի ծավալները, բուսաբուծության ոլորտում աճը կազմել է 6.6 %: Գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունները տարեվերջյան հաշվարկներով կազմել են 318 060 հա, ինչը նախորդ տարվա մակարդակը` 304 207 հա-ը գերազանցում է շուրջ 14 հազար հա-ով: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանը:

Նախարարի տեղակալի խոսքով` վերջին երեք տարիներին ցանքատարածություններն ավելացել են շուրջ 35 000 հա-ով: Նախորդ տարեվերջին ցանքատարածությունները կազմել են 318 060 հա: 2014-ի գյուղատնտեսական տարվա համար կառավարության կողմից ընդունված որոշման համաձայն` հողօգտագործողներին մատուցվող գարնանացանի համար անհրաժեշտ սերմացուների մատակարարման աշխատանքներ են իրականացվել, որով նախատեսված է 2510 տոննա գարնանացան մշակաբույսերի սերմացուներ ներկրել:

«Սերմացուների ներկրման աշխատանքներն արդեն սկսվել են, Արագածոտնի մարզային պահեստարան է դատարկվել 60 տոննա գարու և 40 տոննա կորնգանի սերմացու, Սյունիքի մարզային պահեստարան` 58.7 տոննա գարու սերմացու, Գեղարքունիքի մարզային պահեստարան` 60 տոննա գարու սերմացու: Գարնանացանի աշխատանքների կազմակերպման համար առաջին անգամ ազոտական պարարտանյութի հետ միասին հանրապետություն կներկրվեն ֆոսֆորական և կալիումական պարարտանյութեր: Նախատեսված է 31 281 տոննա ազոտական պարարտանյութի, 2647 տոննա ֆոսֆորական և 1668 տոննա կալիումական պարարտանյութի ներկրում: Մեկ 50 կիլոգրամանոց ազոտական պարարտանյութի պարկը համայնքներում հողօգտագործողներին կհատկացվի 6000 դրամով, նույն քաշի ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերը` 7000 դրամով: Արարատի և Արմավիրի մարզերն արդեն ստացել են 627 տոննա ազոտական պարարտանյութ:  Այսօրվանից սկսվել է 17 մլն 641 հազար լիտր դիզելային վառելանյութի մատակարարման աշխատանքները»,- ասաց Սամվել Գալստյանը` զգուշացնելով հողօգտագործողներին, որ պարարտանյութ, սերմացու և դիզելային վառելանյութ վերջիններիս կմատակարարվի միայն նախապես վճարումներ կատարելու պայմանով:

Վարչապետը մանրամասներ է ներկայացրել հայրենական ապրանքարտադրողներին՝ ՄՄ-ին անդամակցության աշխատանքների վերաբերյալ

11103_am_4Վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ Երևանում տեղի է ունեցել Հայրենական ապրանքարտադրողների միության 6-րդ համագումարը:

Ողջունելով համագումարի մասնակիցներին՝ վարչապետը նշել է, որ մինչ այս բազմաթիվ հանդիպումներ են տեղի ունեցել միության ներկայացուցիչների հետ, քննարկվել տարբեր հարցեր:
11103_am_2Այդ համատեքստում, Տիգրան Սարգսյանը մանրամասներ է ներկայացրել Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ: Կառավարության ղեկավարի խոսքով՝ ստեղծված աշխատանքային խմբերի գործունեությունը առաջ է ընթանում բավականին արդյունավետ, չկան հարցեր, որոնց շուրջ հայկական կողմը համաձայնության չի եկել ՄՄ անդամ երկրների գործընկերների հետ:
Այնուհետև վարչապետը ներկայացրել է մեր երկրի համար զգայուն համարվող ապրանքատեսակների խմբերը, որոնց մաքսատուրքերի հարցում բանակցությունները շարունակվում են: «Մենք պետք է մեր գործընկերների հետ գանք համաձայնության, թե ինչ փուլերով և ինչ ժամանակահատվածում ենք փոփոխելու մաքսատուրքերը: Կան ապրանքներ, որոնք ունեն էական նշանակություն մեզ համար:
Առաջին խումբը վերաբերում է հումքի տեսակներին, որոնք ներմուծվում են երրորդ երկրներից: Պետք է ուշադիր լինել դրանք գնահատելիս, որպեսզի արտադրողների համար ինքնարժեքի բարձրացում տեղի չունենա:
Ապրանքների երկրորդ խումբն անմիջականորեն հանդիսանում են սպառման առարկա, որոնք կարող են հարվածել մեր քաղաքացու գրպանին: Այստեղ պետք է զգուշավոր քաղաքականություն վարենք և բանակցելով գանք այնպիսի տարբերակների, որոնք ընդունելի կլինեն և մեր տնտեսության համար բարդություններ չեն ստեղծի:
Երրորդ խումբն առնչվում է ժամանակակից տեխնիկային, ավտոմեքենաներին»,
– ասել է Տիգրան Սարգսյանը:
Միաժամանակ, արդեն իսկ պայմանավորվածություն է ձեռք բերվել, թե մեր երկրի արտադրողների համար ինչպես են կիրառվելու տեխնիկական կանոնները: Դրանք նույնականացնելու նպատակով իրականացվելու են բարեփոխումներ, և այս առումով Հայաստանի համար նախատեսվելու է սահուն մեխանիզմ:
Միասնական կանոններ պետք է ներդրվեն նաև ֆիտոսանիտարիայի բնագավառում, որպեսզի ՀՀ-ում արտադրվող ապրանքները համապատասխանեն ՄՄ կանոններին և չափանիշներին:
Տիգրան Սարգսյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ ՄՄ-ին անդամակցելու Հայաստանի իշխանությունների որոշումը կշռադատված է և ճիշտ, քանի որ մեր երկրի հիմնական շուկաներն այսօր գտնվում են ՄՄ-ի տարածքում:
«Մենք պետք է ակտիվ արդյունաբերական քաղաքականության միջոցով նպաստենք ձեռնարկությունների հզորությունների ավելացմանը, որպեսզի վերջիններս սկսեն ակտիվորեն աշխատել 170 միլիոնանոց շուկայում»,- նշել է վարչապետը:
Կառավարության ղեկավարը կարևորել է ՄՄ-ին անդամակցության բանակցային գործընթացի ընթացքում երկխոսությունը Հայրենական ապրանքարտադրողների միության հետ, որպեսզի հայրենական արտադրողներն ամբողջությամբ իրազեկ լինեն հնարավոր փոփոխություններին:
Տիգրան Սարգսյանը միության անդամներին մաղթել է բեղմնավոր աշխատանք և կաևորել կառավարության հետ համագործակցությունը:
Անկախ

Հայաստանն արդեն ունի պատանեկան օլիմպիական խաղերի 7 ուղեգիր

images ՀԱՕԿԱստիճանաբար ավելանում է այս տարվա օգոստոսի 16 – 28 –ը Չինաստանի Նանջին քաղաքում կայանալիք ամառային պատանեկան օլիմպիական 2-րդ խաղեր մեկնող հայաստանցի մարզիկների թիվը: Հայտնի դարձավ, որ օլիմպիական ուղեգիր է նվաճել նաև ջրացատկորդ Վլադիմիր Հարությունյանը, ով 427 միավորով 9 –րդն է ճանաչվել Գվադալահարայում (Մեքսիկա) անցկացված միջազգային վարկանիշային մրցաշարում:

Նկատենք, որ ընդամենը մի քանի օր առաջ էլ Նանկինի օլիմպիական խաղերին մասնակցելու ուղեգրի էին արժանացել նաև երևանցի հրաձիգներ Հրաչյա Բաբայանը / հրացան / և Զավեն Իգիթյանը / ատրճանակ: Նրանք երկուսն էլ բաղձալի ուղեգրին տիրացան Մոսկվայում ` Եվրոպայի պատանեկան առաջնությունում, ընդ որում Զավենը այնտեղ նաև պատանիների Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճեց : Հիշեցնենք, որ մինչ այս , Նանկինի օլիմպիադային մասնակցելու իրավունք էին ստացել նաև լողորդ Վահան Մխիթարյանը , ձյուդոյիստ Հարություն Դերմիշյանը և երկու ծանրորդներ , որոնց անունները մարզիչները կհայտնեն խաղերի նախօրերին : Չենք կասկածում , որ «հրաշալի յոթնյակի» թիվը առաջիկայում կավելանա : Սպասելիքներ կան առաջիկայում վարկանիշային մրցաշարեր մեկնող մեր մարմնամարզիկներից , բռնցքամարտիկներից , ազատ և հունահռոմեական ոճի ըմբիշներից , աթլետներից , սուսերամարտիկներից , նետաձիգներից , թհեքվանդոյստներից:

Նշենք , որ Նանջինի պատանեկան ամառային օլիմպիական 2-րդ խաղերի ծրագրում 33 մարզաձև է ընդգրկված:

Անկախ

Մեծ ութնյակի 7 երկրներ դադարեցրել են Սոչիում կայանալիք գագաթնաժողովի նախապատրաստությունը

5313eb05-c8ca-1881-c8ca-188e77236726.photo.0”Ութնյակի խմբից” 7 երկրներն իրենց  համատեղ  հայտարարության մեջ քննադատել են Ռուսաստանի դիրքորոշումը Ուկրաինայի նկատմամբ ու տեղեկացրել, որ դադարեցնում են Սոչիում կայանալիք գագաթնաժողովին նախապատրաստությունը:

“Մենք հայտարարում ենք, որ Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայում հակասում են այն սկզբունքներին ու արժեքներին, որոնց հիման վրա են գործում G7 և G8: Դրա հետ կապված, մենք որոշել ենք ժամանակավոր դադարեցնել այդ  գագաթնաժողովի նախապատրաստությանն ուղղված գործունեությունը, մինչ այն ժամանակ, երբ իրավիճակն “ութնյակին թույլ տա նշանակալի քննարկումներ անցկացնել,-ասվում է այսօր Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ, որը ստորագրել են Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Ճապոնիան, Մեծ Բրիտանիան ու ԱՄՆ-ն, ինչպես նաև Եվրոպական խորհուրդն ու Եվրահանձնաժողովը:Ութնյակի երկրները Ռուսաստանին կոչ են արել նաև Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունների ճանապարհով, միջազգային դիտորդների ներկայությամբ կամ էլ ՄԱԿ-ի ու  ԵԱՀԿ-ի միջնորդությամբ լուծել իրենց հուզող մարդու իրավունքների ու անվտանգության հարցեր: Հայտարարության հեղինակները նշել են, որ պատրաստ են օգնել Ռուսաստանին այդ պայմաններում:

Անկախ

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքը Հայաստանի Հանրապետության դիվանագետի օրվա կապակցությամբ

 Էդվարդ Նալբանդյան Արդեն երկրորդ տարին է, որ մենք նշում ենք դիվանագետի օրը։ 22 տարի առաջ՝ 1992թ. մարտի 2-ին Հայաստանի Հանրապետությունը համալրեց Միավորված Ազգերի Կազմակերպության անդամ երկրների շարքերը, դարձավ միջազգային հանրության լիիրավ անդամ:

 

Մեր երկրում նշվող տոների շարքում դիվանագետի օրվա ընդգրկումը վկայում է, որ դիվանագիտական ծառայությունը մեր անկախ պետականության կարևոր բաղադրիչներից է։ Դիվանագետի մասնագիտական տոնը ոչ միայն նրա գործունեության գնահատական է, այլ նաև պետության կողմից դիվանագետի աշխատանքի  արդյունավետության հանդեպ ակնկալիքների ու սպասելիքների արտահայտություն։

 

Անկախությանը հաջորդած տարիները մեր դիվանագիտության համար կայացման տարիներ էին՝ լի բազմաթիվ մարտահրավերներով և խնդիրների լուծմանն ուղղված ջանքերով:

 

Այն, որ այս տարիների ընթացքում Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել շուրջ 160 պետությունների հետ,  հանդիսանում է մոտ ինը տասնյակ միջազգային կազմակերպությունների անդամ, ստորագրել շուրջ 1800 միջազգային պայմանագիր և համաձայնագիր, խոսուն ցուցանիշ է ԱԳՆ կենտրոնական ապարատում և արտերկրում վեց տասնյակից ավելի մեր ներկայացուցչություններում աշխատող հայ դիվանագետների  ծավալուն աշխատանքի:

 

Հաջողության գնահատումը հնարավոր է քանակական և  որակական ցուցանիշների համադրմամբ։ Վերը նշված թվերի հետ միասին իրողությունն այն է, որ Հայաստանն այսօր կարողանում է իր համար կարևորություն ունեցող տարբեր հարցերի, հաճախ նաև միջազգային օրակարգի մաս կազմող տարաբնույթ խնդիրների վերաբերյալ իր ձայնը լսելի դարձնել միջազգային ամենատարբեր հարթակներում: Ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում Հայաստանը դիտվում է որպես վստահելի գործընկեր, որի վարած հավասարակշռված արտաքին քաղաքականությունը ընկալելի է տարբեր մայրաքաղաքներում:

 

Երկու տասնամյակների ընթացքում Հայաստանն իր շարունակական նպաստն է բերել միջազգային խաղաղության և անվտանգության ապահովմանը,  ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման, միջազգային իրավունքի այլ սկզբունքների հիման վրա պետությունների միջև բարեկամական հարաբերությունների զարգացման,  վեճերի խաղաղ կարգավորման, տնտեսական, սոցիալական, մշակութային և մարդասիրական խնդիրների լուծման ուղղությամբ միջազգային համագործակցությանը։

 

Հանրապետության Նախագահի արտաքին քաղաքականության սահմանած ուղենիշների և հանձնարարականների հիման վրա մեր դիվանագիտության ջանքերն ուղղված են երկրի արտաքին անվտանգության բաղադրիչի ամրապնդմանը, պետության զարգացման արտաքին բարենպաստ պայմանների ապահովմանը, երկրի հեղինակության ամրապնդմանը, արտերկրում Հանրապետության և նրա քաղաքացիների շահերի պաշտպանության արդյունավետության բարձրացմանը, միջազգային կազմակերպություններում և գործընթացներում ներգրավվածության խորացմանը, միջազգային բեմահարթակում դրական օրակարգ ձևավորող և մեր շահերին համահունչ նախաձեռնությունների իրականացմանը, բարեկամ և գործընկեր երկրների հետ համագործակցության առավել ամրապնդմանը, ինչպես նաև հարաբերությունների բարելավմանը այն հարևանների հետ, ում հետ դեռ կան խնդիրներ:

 

Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանը

Մինսկի խմբի համանախագահների հետ համատեղ ջանքեր է գործադրում՝

հիմնահարցի բացառապես խաղաղ, միջազգային իրավունքի սկզբունքների ու

նորմերի հիման վրա հանգուցալուծման ուղղությամբ:

 

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների հինգ համատեղ հայտարարությունները ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ վկայում են, որ Հայաստանի մոտեցումները ոչ միայն ըմբռնելի են, այլ  նաև վայելում են միջազգային հանրության աջակցությունը։

 

Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին մեր դիվանագիտությունը հետամուտ է դրա՝ որպես մարդկության դեմ իրականացրած ծանրագույն հանցագործության միջազգային ճանաչմանը և դատապարտմանը։ Հայաստանը միջազգային բեմահարթակում հետևողականորեն բարձրաձայնում է մարդկության դեմ նմանատիպ ոճիրների կանխարգելման անհրաժեշտությունը,  հանդես գալիս համապատսխան նախաձեռնություններով, ինչպես դա եղավ անցյալ տարի Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նստաշրջանում կոնսենսուսով մեր նախաձեռնությամբ առաջադրված ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևի ընդունումը:

 

Նախորդ տարի Հայաստանը հաջողությամբ նախագահեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում, որոնք էլ ավելի բարձրացրին մեր երկրի հեղինակությունը միջազգային ասպարեզում՝ ևս մեկ անգամ ընդգծեեցին մեր դիվանագիտական համակարգի պատրաստականությունը՝ ստանձնելու և հաջողությամբ իրականացնելու միջազգային կարևորություն ունեցող առաքելություններ:

 

2013 թվականը նշանավորվեց  Մաքսային միությանը Հայաստանի Հանրապետության միանալու որոշմամբ, որը բխում է Հայաստանի տնտեսական և ռազմավարական շահերից։

 

Հայաստանը և Եվրոպական միությունը երկուստեք վերահաստատեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր հնարավոր ոլորտներում համապարփակ

համագործակցությունը զարգացնելու և ամրապնդելու հանձնառությունը։

 

Հայաստանը հետևողական ջանքեր է գործադրում սերտացնելու իր ռազմավարական դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ, զարգացնելու բարեկամական գործընկերությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, խորացնելու փոխգործակցությունը եվրոպական, ասիական երկրների հետ, ընդլայնելու փոխհարաբերությունների աշխարհագրությունը։

 

Մեր դիվանագիտության ուշադրության կենտրոնում է գտնվում տնտեսական, մշակութային, հումանիտար կապերի զարգացումը, խորհրդարանական դիվանագիտությանն օժանդակումը, Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդումը, ապակենտրոնացված համագործակցության զարգացումը, արտերկրում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանումը, տարբեր երկրներում բնակվող մեր քաղաքացիների շահերի պաշտպանությունը, հատկապես ճգնաժամային իրավիճակներում հայտնված մեր հայրենակիցներին սատարումը։ Այսօր Սիրիայում պատերազմի պայմաններում աշխատող կամ տարբեր հարթակներում մեր երկրի շահերին վնասող տարաբնույթ փորձերին հակազդող, մեր Հայրենիքի դրոշը բարձր պահող հայ դիվանագետները դիվանագիտական ծառայության համակարգի այն դերակատարներն են, առանց որոնց այս համակարգը չի լինի կուռ և կանգուն:

 

Այս երկու տասնամյակի ընթացքում մեզ հաջողվել է զգալիորեն բարձրացնել հայ դիվանագետի համար սահմանված գիտելիքների նվազագույն շեմը՝ միջազգային հարաբերությունների, դիվանագիտության պատմության, միջազգային իրավունքի, միջազգային տնտեսական հարաբերությունների վերաբերյալ տեսական և գործնական խորը գիտելիքներ, լայն աշխարհահայացք, առնվազն երկու օտար լեզուների տիրապետում: Հենց նման ունակություններով օժտված կադրերով դիվանագիտական ծառայությունը համալրելու նպատակով ՀՀ Նախագահի անմիջական աջակցությամբ չորս տարի առաջ ստեղծվեց և այսօր հաջողությամբ գործում է ԱԳՆ Դիվանագիտական դպրոցը՝ որի շուրջ 40 շրջանավարտ այսօր աշխատում է արտգործնախարարության համակարգում, նրանցից կեսն արդեն գործուղվել են արտասահմանում մեր դիվանագիտական ներկայացուցչություններ։

 

Սիրելի գործընկերներ,

 

Այս հիշարժան օրը ջերմորեն շնորհավորում եմ ձեզ, մաղթում մշտանորոգ հաջողություններ Ձեր գործունեության մեջ, քանզի մեր բոլորի ջանքերի համադրմամբ, մեզնից յուրաքանչյուրի նվիրումի և անձնուրաց աշխատանքի շնորհիվ է կառուցվում մեր հայրենիքի կենսական շահերի ապահովմանը, մեր ժողովրդի անվտանգ և բարեկեցիկ ապագայի կերտմանը կոչված մեր երկրի արտաքին քաղաքականությունը:

 

Ցանկանում եմ նաև իմ անկեղծ երախտագիտությունը հայտնել բոլոր նրանց, ովքեր, ինչպես ԱԳՆ կենտրոնական աշխատակազմում, այնպես էլ արտերկրում դիվանագիտական ներկայացուցչություններում օժանդակում են մեզ, մեր կողքին են մեր ամենօրյա աշխատանքում, մեզ հետ կիսում են մեր ուրախությունն ու սատարում մեզ դժվարին պահերին:

 

Առիթից օգտվելով` իմ շնորհակալությունն եմ հայտնում նաև դիվանագետների ընտանիքների անդամներին, ովքեր իրենց ըմբռնումով և երբեմն` անհուն համբերությամբ մեր ճանապարհի անբաժան ուղեկիցն են:

 

Շնորհավոր:

 Անկախ

Սարյանի արձանի մոտ ազատամարտիկների հանրահավաքն է

Karabakh war participants rally near Saryan statue in YerevanԱյս պահին Մարտիրոս Սարյանի արձանի մոտ ընթանում է ազատամարտիկների հանրահավաքը` նվիրված 2008-ի մարտի 1-ի ողբերգական դեպքերին: Հանրահավաքին մասնակցում են բազմաթիվ ազատամարտիկներ, այդ թվում` Ռազմադաշտային հրամանատարների խորհրդի անդամ Սուրեն Սարգսյանը, Մանվել Եղիազարյանը և այլք: Հանրահավաքին մասնակցում են նաև բազմաթիվ ազատամարտիկներ ՀՀ տարբեր շրջաններից: Ազատամարտիկների հանրահավաքին է միացել նաև «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Ռազմադաշտային հրամանատարների խորհրդի անդամ Սուրեն Սարգսյանն իր ելույթում նշեց, որ այսօրվանից պետք է որոշվի` ժողովուրդն իրավունք ունի՞ ապրելու, Եռաբլուր գնալու և, առհասարակ, գոյատևելու:

Karabakh war participants rally near Saryan statue in Yerevan«Վեց տարի առաջ այս օրը խուժանի ձեռքով զոհվեցին անմեղ մարդիկ, և արդեն վեց տարի է` չեն բացահայտվել մարտի 1-ի ողբերգական դեպքերի կատարողները, ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել կատարվածի համար»,- իր ելույթում ասաց Սուրեն Սարգսյանը:

Նշենք, որ ազատամարտիկների հանրահավաքը բազմամարդ է, բացի ազատամարտիկներից, հանրահավաքին մասնակցում են նաև երիտասարդ սերնդի ներկայացուցիչներ:

 

Անկախ