Թուրքիայի քրդական Խաղաղություն և ժողովրդավարություն կուսակցությունը, որոշում կայացնելով միանալ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը, այսօր կուսակցական իր վերջին ժողովն է անցկացրել, որի ժամանակ ելույթ է ունեցել կուսակցության համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը: Վերջինս իր ելույթում հիշել է նաև Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի մասին: «Երկու օր անց՝ ապրիլի 24-ն է, այն օրը, երբ սկսվեց Հայոց ցեղասպանությունը: Հայ մտավորականները մահվան ուղարկվեցին Սիրիայի անապատներ: Դա համընդհանուր ցեղասպանության ծրագրի սկիզբն էր: Ահա այդ օրից 99 տարի է անցել: Սակայն մենք դեռևս ապրում ենք այնպիսի օրերում, երբ միասնական հայրենից ստեղծելու փորձեր կատարելու միջավայրում հայ ասելով ընկալում ենք որպես նվաստացում: Թուրքիայում ոչ մահմեդականները ընդունվել են որպես փոքրամասնություն, սակայն նրանք մարդկային վերաբերմունք չեն կարողացել տեսնել: Մենք չենք կարող այնպես մեզ պահել, իբր այդ երևույթներից և ոչ մեկը գոյություն չունի: Մենք չենք կարող անտեսել ճնշված ժողովուրդների նկատմամբ անարդարությունը: Կառավարությունը դեռևս չի յուրացրել ոչ մահմեդականների նկատմամբ խտրականության կանխարգելմանն ուղղված քաղաքականությունը: Արդյո՞ք նրանց մարդ չհամարելու, թե՞ իթթիհատական մտածելակերպից ազատվել չկարողանալու համար: Սրանց հետ առերեսման ժամանակը եկել է: Այստեղից ուզում եմ նշել, որ մենք կիսում ենք ողջ հայ ժողովրդի վիշտը»,-հայտարարել է Դեմիրթաշը:
Հարցազրույց Ռոբերտ Քոչարյանի հետ
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2rd.amկայքին տված հարցազրույցում անդրադարձել է վերջին զարգացումներին:
Պարոն նախագահ, Հայաստանի քաղաքական կյանքի վերջին ամիսների արդիական թեմաներից մեկը նախագահի նախաձեռնած սահմանադրական բարեփոխումներն են: Ինչպիսի՞ն են Ձեր գնահատականները երկրի ղեկավարի այդ նախաձեռնությանը և հիմնական օրենքում առաջարկվող փոփոխություններին:
Իշխանությունների մտադրությունների վերաբերյալ լիարժեք տեղեկատվու¬թյան բացակայության պատճառով ես ձեռնպահ էի մնում մեկնաբանություններից: Այժմ, երբ առաջարկվող փոփոխությունների ուրվագիծն արդեն հրապարակվել է, հնարավոր համարեցի ներկայացնել իմ տեսակետը:
Առաջին հարցը, որ ծագում է իմ մեջ. արդյո՞ք հասունացել է այդպիսի բարեփոխումն ընդհանրապես: Ինչքանո՞վ է Սահմանադրությունը խանգարում իշխանություն¬ներին` համարժեք արձագանքել առաջ եկող մարտահրավերներին: Կարող եմ վստահորեն ասել, որ չկա երկրի առջև ծառացած ոչ մի կենսական խնդիր, որի լուծմանը խոչընդոտի գործող Սահմանադրությունը: Չկա նաև արտաքին ճնշում` պայմանավորված համընդհանուր ժողովրդավարական կանոններին Սահմանա¬դրության ինչ-ինչ անհամապատասխանու¬թյամբ: Սահմանադրական փոփո¬խու-թյուն¬ների հասունացած սպասում էլ հասարակական տրամադրությունների մեջ հաստատ չկա: Բարեփոխման նախաձեռնությունը բխում է բացառապես իշխանություններից, հնչած բացատրությունները համոզիչ չեն, ծայրահեղ հեղհեղուկ են, ինչը և առաջարկվող փոփոխությունների իրական նպատակների վերաբերյալ լուրջ կասկածներ է առաջացրել հասարակության մեջ:
Իրադրությունը ուղիղ հակառակն է այն իրավիճակի, որը նախորդեց 2005 թվականի բարեփոխումներին: Այն ժամանակ Սահմանադրությունը լիազորություն¬ների ակնհայտ գերակշռություն ուներ` հօգուտ նախագահի ինստիտուտի` ի հաշիվ խորհրդարանի և կառավարության: Նա էր ձևավորում նաև ամբողջ դատական իշխանությունը: Կառավարության բոլոր որոշումները հաստատում էր նախագահը: Ավելին, վարչապետը կառավարության նիստերն անց էր կացնում նախագահի հանձարարությամբ: Նախագահը փաստացիորեն ուներ խորհրդարանը լուծարելու միանձնյա իրավունք և այլն: Ըստ էության, ձևախեղված էին իշխանությունների տարանջատման և նրա ճյուղերի միջև հավասարակշռության մասին հիմնարար ժողովրդավարական պատկերացումները: Սահմանադրական բարեփոխումն այն ժամանակ դարձել էր երկրի քաղաքական օրակարգի հասունացած հարցերից և ԵԽ անդամակցության պարտավորություններից մեկը:
Այսպիսով, այն ժամանակ համընկնում էին սահմանադրական բարեփո¬խումներ կատարելու երեք կարևորագույն հանգամանք`ժողովրդավարական նոր¬մերին նրա անհամապատասխա¬նության վերաբերյալ կոնսենսուսային գիտակցու¬թյունը, փոփոխությունների անհրաժեշտության հասարակական սպասումները և ԵԽ առջև ստանձնած պարտավորությունները: Այս գործոններից ոչ մեկն այսօր գոյություն չունի: Բայցևայնպես, նույնիսկ այդպիսի գործոնների առկայության պայմաններում, ընդդիմությունն այն ժամանակ կասկածում էր իմ մտադրություններին: Իբրև թե այդ ամենն անում եմ, որպեսզի պահպանեմ իշխանությունը՝ երրորդ անգամ ընտրվելով նախագահի պաշտոնում կամ տեղափոխվելով վարչապե¬տի աթոռին: Չնայած իմ բազմաթիվ ու միանշանակ հայտարարություններին, որ այդպիսի բան չի լինի, ընդդիմախոսներին հակառակը համոզել ինձ չհաջողվեց /իմիջիայլոց, ես իմ խոսքի տերը եղա և հեռացա իշխանությունից՝ չկառչելով որևէ պաշտոնից/:
Ներկայումս առաջարկվում է երկրի պետական կառավարման մոդելի արմատական փոփոխություն և անհրաժեշտ են միանշանակ երաշխիքներ առ այն, որ բարեփոխումն ուղղված չէ կառավարող էլիտայի շահերի սպասարկմանը և չի դառնա դրա վերարտադրման գործիք:
Սահմանադրության ցանկացած վերաձևում հանուն քաղաքական գործիչների ընթացիկ շահերի` երկրի քաղաքական դեգրադացման նշանն է: Սահմանադրության և առհասարակ սահմանադրական իրավունքի ամբողջ իմաստն այն է, որ սահմանափակի քաղաքական գործիչների այդպիսի մղումները` երկրի կառավարման բնագավառի, ինչպես նաև քաղաքացիների իրավունքների և ազատությունների երկարաժամկետ, դժվար փոփոխելի հիմնարար կանոնների հաստատումով: Սահմանադրությունները չեն ստեղծվել կառավարողների իշխանությունը հավեր¬ժաց¬նելու համար, ճիշտ հակառակը: Միապետություններին սահմանադրություն պետք չէ: Իսկ բրոնզապատ իշխանությունը, որպես կանոն, լճացման երաշխիք է:
Սահմանադրության հաճախակի փոփոխություններն ընդհանրապես կասկածելի են: Խոսքը գործող Սահմանադրության այս կամ այն հոդվածները հղկելու մասին չէ. դա կատարելագործման բնական գործընթաց է՝ լրամշակման միջոցով: Խոսքը պետական կառավարման բնագավառում հաճախակի փոփոխությունների խնդրայնության մասին է: Այդպիսի փոփոխությունների իրականացումը իշխանությունների կազմակերպչական ռեսուրսների էական ծախսեր է պահանջում: Ի դեպ, հասարակությունն իներցիոն բնույթ ունի և երկար է հարմարվում այդպիսի փոփոխություններին: Այդ պարագայում իրենք` իշխանության ինստիտուտներն էլ ադապտացվելու երկար ժամանակի կարիք են զգում: Կարծում եմ, որ երկրում առանց այդ էլ խնդիրների մի ստվար զանգված է կուտակվել: Իշխանությունը կարող է ուշադրությունը կենտրոնացնել դրանց լուծման վրա: Մի խոսքով, Սահմանադրությունը հարկավոր է փոխել այն ժամանակ, երբ չի կարելի դա չանել:
Իր ելույթներից մեկում նախագահ Սարգսյանը կարծիք հայտնեց, թե որևէ մեկը չպետք է իրավունք ունենա նախագահ ընտրվել երկու ժամկետից ավելի: Կարելի՞ է արդյոք ենթադրել, որ առաջարկվող սահմանադրական բարեփոխումների նպատակներից մեկը հենց այդ սահմանափակման ամրագրումն է:
Դրա համար Սահմանադրությունը վերաձևելու կարիք չկա, առավել ևս, երբ պարզվեց, որ նախագահն ինքը դեմ է հանձնաժողովի առաջարկած փոփոխություն¬ներին: Պետք է ընդամենը հանել “անընդմեջ” բառը գործող Սահմանադրության 50-րդ հոդվածից: Ընդամենը մեկ բառ: Սակայն այդ լրացումը հետադարձ ուժ ունենալ չի կարող և այդպիսով ներկա քաղաքական լանդշաֆտի վրա ոչ մի կերպ չի ազդի:
Պարոն նախագահ, փոքր-ինչ շեղվելով հիմնական թեմայից, անդրադառնանք ևս երկու-երեք արդիական հարցերի: Վարչապետ Սարգսյանի հրաժարականից հետո նախագահը բավականին բարձր գնահատական տվեց նրա գործունեությանը: Ըստ Ձեզ, ինչո՞վ է դա պայմանավորված:
Ես չգիտեմ, թե ինչպես և ինչն էր նա գնահատում նախկին վարչապետի գործունեության մեջ, սակայն, դատելով ամենից, աշխատանքի արդյունքներն այստեղ կապ չունեն: Տնտեսության ծավալը թե համադրելի թվերով, թե դոլարային արտահայտությամբ դեռևս ցածր է նախաճգնաժամային մակարդակից՝ պարտքի եռապատկման և աղքատության էական աճի պայմաններում: Այդպիսի արդյունքներով կարծես թե ընդունված չէ հպարտանալ:
Հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքը նոր վարչապետի մասին:
Իմ նախագահության շրջանում Հովիկ Աբրահամյանը տարածքային կառավարման լավ նախարար և փոխվարչապետ է եղել: Ինչպիսի վարչապետ կլինի՝ ցույց կտա ժամանակը: Ծանր ժառանգություն է ստացել: Նրան անկեղծորեն հաջողություն եմ մաղթում:
Եվ վերջին հարցը: Ելույթ ունենալով ՀՀԿ խորհրդի վերջին նիստում՝ նախագահը բավական թափանցիկ ակնարկ արեց Ձեր հասցեին, ասելով, որ որոշ նախկին բարձրաստիճան դեմքեր փնտրում են իրենց հաջողությունը գործող իշխանության ձախողումներում: Ինչպիսի՞ն կլինի Ձեր պատասխանը:
Բանավիճել նրա հետ չեմ պատրաստվում, քանի որ խոսքը գնում է իր սուբյեկտիվ զգացումների մասին: Առավել ևս, որ ՀՀ և ԼՂՀ բարձրագույն պետական պաշտոններում իմ գործունեության գնահատականը ոչ մի կերպ կախված չէ ներկայիս իշխանությունների արդյունավետությունից: Ափսոսում եմ, որ նախագահը երկրի ճակատագրով անկեղծ մտահոգությունը չտարբերեց իշխանությունների գործունեության ողբալի արդյունքների վրա չարախնդալուց:
Բրազիլիայի Սոցիալական և տնտեսական զարգացման խորհուրդն արձագանքել է Հանրային խորհրդի կոչին
Ս.թ. ապրիլի 3-ին Հայաստանի Հանրային խորհուրդը Սիրիայի հայաբնակ Քեսաբ քաղաքում և հարակից գյուղերում տեղի ունեցած դեպքերի առթիվ դիմել էր ՀԽ միջազգային կառույցի՝ Տնտեսական և սոցիալական խորհուրդների և համանման ինստիտուտների միջազգային ասոցիացիայի կազմում ընդգրկված 67 երկրի 70 հանրային խորհուրդներին (որի անդամ է նաև ՀՀ Հանրային խորհուրդը)` կոչ անելով իր գործընկերներին օգտագործել իրենց ազդեցությունը հասարակությունում և իշխանական շրջանակներում՝ դադարեցնելու Սիրիայում հումանիտար աղետը, ներկայացնելու Քեսաբում տեղի ունեցած իրադարձություններն ու դատապարտելու դրանք՝ որպես հայ ժողովրդի խաղաղ գոյության դեմ Թուրքիայի կողմից կատարված հերթական ոտնձգություն:
ՀՀ Հանրային խորհրդի կոչին որոշակի արձագանքներ են հնչեցրել կառույցներից շատերը, որոնց մեջ հատկապես ուշագրավ է Բրազիլիայի Սոցիալական և տնտեսական զարգացման խորհրդի հայտարարությունը.
«Բրազիլիայի Սոցիալական և տնտեսական զարգացման խորհուրդը ճանաչում է այն ողբերգական իրադարձությունները, որոնք վտանգի մեջ են դնում Սիրիայում Քեսաբի հայ համայնքը՝ արտահայտելով խորին համերաշխություն ու համակրանք հայերի նկատմամբ:
Բրազիլիայի հասարակությունն ապշած է տեղի ունեցած վայրագություններից, որոնցից տուժում է տեղի խաղաղ բնակչությունը, և խստորեն դատապարտում է ահաբեկչական գործունեությունն ու այլ հանցագործությունները՝ ուղղված խաղաղ բնակչության դեմ:
Սիրիայի բոլոր քաղաքացիները՝ այդ թվում նաև կրոնական փոքրամասնությունները, պետք է պաշտպանված լինեն, և միջազգային հանրությունը պետք է իր կարեկցանքն արտահայտի ու աջակցի՝ վերացնելու Սիրիայում մարդու իրավուքների դեմ ուղղված ցանկացած ոտնձգություն»,-նշված է հայտարարության մեջ:
Բրազիլիայի Սոցիալական և տնտեսական զարգացման խորհուրդը ստեղծվել է 2003 թվականին: Այն ազդեցիկ կառույց է և լուրջ դերակատարություն ունի երկրի հասարակական կյանքում, իսկ կառավարական շրջանակներում ունեցած ազդեցությունը պայմանավորված է նաև նրանով, որ խորհրդի նախագահը երկրի նախագահն է:
ՀՀ Հանրային խորհուրդն ու Բրազիլիայի Սոցիալական և տնտեսական զարգացման խորհուրդը 2012 թվականի հունիսին երկկողմանի համաձայնագիր են կնքել՝ խորացնելու երկու երկների համանման կառույցների միջև գործակցությունը:
ՆԵՄԵՍԻՍ. հայտնաբերել ու պատժել Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին
«Մեր մեռելները հեռու-հեռուանապատի մեջ են և մեզնից ծաղիկչեն սպասում, այլ ոճրապատ գանգերիարյունը». Արամ Երկանյան
1921 թ. մարտի 15-ին Բեռլինում հայ վրիժառու Սողոմոն Թեհլերյանը գնդակահարեց երիտթուրքերի պարագլուխ, հայոց ցեղասպանության գլխավոր պատասխանատու Թալեաթին:Գործողությունից հետո Թեհլերյանը փախուստի չդիմեց, հանձնվեց գերմանական իշխանություններին: Թեհլերյանի դատը, սակայն, վերածվեց երիտթուրքերիդատավարության: Գերմանական դատարանը, արդարացի և հիմնավոր գտնելով Թեհլերյանիվրեժխնդրությունը, հենց դատարանի դահլիճից նրան ազատ արձակեց: Թալեաթին դեռ պիտի հաջորդեինմյուսները…
Թալեաթի գնդակահարությունը «Նեմեսիս» ծրագրի առաջին մեծ հարվածը չէր, բայց ամենամեծ աղմուկ հանած գործողությունն էր: Ի՞նչ էր «Նեմեսիսը», ովքե՞ր հղացան այդ ծրագիրը:
«Նեմեսիսի» նպատակը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին հայտնաբերելն ու պատժելն էր: Բացի երիտթուրք պարագլուխներից, «Նեմեսիսի» թիրախն էին նաև Բաքվի ջարդերի կազմակերպիչ մուսաֆաթական գործիչները և թուրքերի հետ համագործակցող հայ դավաճանները: Այս առումով տեղին է շեշտել, որ «Նեմեսիսը» ահաբեկչական կառույց չէր, այլ պատժիչ:
«Նեմեսիս» գործողությունը ծնվեց 1919 թ. Երևանում գումարված Հայ հեղափոխական դաշնակցության 9-րդ ընդհանուր ժողովում: Գործողության անվանումն ընտրվեց ի պատիվ հունական դիցաբանության վրեժի աստվածուհի Նեմեսիսի:
Կազմվեց ցուցակ, որում ներառված էին 650 թուրք, ադրբեջանցի գործիչներ և հայ դավաճաններ: Նրանց վերաբերյալ կայացվեց մահվան դատավճիռ: «Նեմեսիս» ծրագիրը պետք է իրականացներ պատասխանատու մարմինը, որի նախագահ ընտրվեց «Բանկ Օտտոմանի» գործողության կազմակերպիչներից Արմեն Գարոն, որն այդ ժամանակ Հայաստանի Հանրապետության դեսպանն էր ԱՄՆ-ում: Շահան Նաթալին և Գրիգոր Մերջանովը պիտի ղեկավարեին գործողության ընդհանուր իրականացման ընթացքը: Ստեղծվեց հետախուզական խումբ` Հրաչ Փափազյանի գլխավորությամբ, որի խնդիրը դահիճներին հայտնաբերելն էր: «Նեմեսիսի» կազմակերպման համար ընտրվեց երկու կենտրոն` արևելյան և արևմտյան: Առաջինի կենտրոնատեղին Ստամբուլի «Ճակատամարտ» թերթի խմբագրությունն էր, արևմտյան կենտրոնը գտնվում էր Բոստոնում:
«Նեմեսիսի» մտահղացումը ծնվեց այն ժամանակ, երբ 1919 թ. Ստամբուլի դատարանը որոշեց մահապատժի ենթարկել երիտթուրքերի պարագլուխներին, սակայն վերջիններս, օգտվելով իշխանությունների թողտվությունից, խույս տվեցին Եվրոպա և Ամերիկա: Մնացյալ դատապարտյալներին բրիտանական հրամանատարությունը տեղափոխեց Մալթա կղզի և հետագայում փոխանակեց անգլիացի ռազմագերիների հետ: Եվ ՀՅԴ ընդհանուր ժողովը որոշեց իրականացնել վրիժառության ծրագիրը: Պետք է նշել, որ «Նեմեսիս» ծրագիրը հեշտությամբ չհաստատվեց: Դաշնակցության շարքերում ընդդիմացան անվանի գործիչներ Սիմոն Վրացյանը, Ռուբեն Տեր-Մինասյանը, Ռուբեն Դարբինյանը, Արշակ Ջամալյանը: Սակայն անգամ նրանց հեղինակությունը չկարողացավ արգելակել «Նեմեսիսի» իրականացումը:
1919 թ., Թիֆլիսի Երևանյան հրապարակում տակավին պատանի Արամ Երկանյանը գնդակահարեց մուսաֆաթական դահիճ Ղասիմբեկովին:
1920 թ. հունիսի 19-ին Արամ Երկանյանը գնդակահարեց Ադրբեջանի նախկին վարչապետ Ֆաթալի խան Խոյսկուն և նրա գործակից, Շուշիի հայերի ջարդարար Սաֆարովին:
1921 թ. հուլիսի 21-ին Ստամբուլում Միսաք Թոռլաքյանը գնդակահարեց Ադրբեջանի ներքինգործերի նախկին նախարար Բեհբութ Ջևանշիր խանին: Թոռլաքյանը Թեհլերյանի նմանվարվեց, փախուստի չդիմեց, և անգլիական դատարանը անմեղսունակ ճանաչեց նրան:
1921 թ. դեկտեմբերի 5-ին Հռոմում Արշավիր Շիրակյանը, հընթացս նետվելով կառքը, որով երթևեկում էր երիտթուրքերի կառավարության վարչապետ Սայիդ Հալիմ փաշան, տապալեց նրան և կանգնեցնելով կառքը` հեռացավ:
Մի քանի ամիս անց` 1922 թ. ապրիլի 15-ին նույն Արշավիր Շիրակյանն ու Արամ Երկանյանը Բեռլինում, Թալեաթի այրու աչքերի առաջ, սպանեցին Տրապիզոնի հայերի ջարդերի կազմակերպիչ դոկտոր Ջեմալ Ազմիին և Բեհաեդդին Շաքիրին:
1922 թ. հուլիսի 25-ին Թիֆլիսում` Չէկայի շենքի դիմաց Պետրոս Տեր-Պողոսյանը, ԱրտաշեսԳևորգյանը, Ստեփան Ծաղիկյանն ու Զարեհ Մելիք-Շահնազարյանցը սպանեցին ՕսմանյանԹուրքիայի ռազմածովային ուժերի նախկին հրամանատար Ջեմալ փաշային:
Երիտթուրք պարագլուխներից «Նեմեսիսի» վրիժառությունից խույս տվեց «Միություն և առաջադիմություն» կուսակցության գլխավոր քարտուղար, Թուրքիայի ներքին գործերի նախարար Էնվեր փաշան: Սակայն Էնվերին 1922 թ.` փախուստի պահին, Միջին Ասիայում գնդակահարեց Կարմիր բանակի հրամանատար Հակոբ Մելքումյանը:
Երիտթուրք մյուս դահիճը` դոկտոր Նազիմը, 1926 թ. մահապատժի ենթարկվեց Թուրքիայում` Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի դեմ կազմակերպած մահափորձի համար:
Ինչպես վերը նշվեց, «Նեմեսիս» ծրագրի խնդիրն էր ոչնչացնել ոչ միայն երիտթուրքերի պարագլուխներին, այլև հայ դավաճաններին: Մասնավորապես, 1920 թ. Սողոմոն Թեհլերյանի գնդակով սպանվեց Թուրքիայի գաղտնի ոստիկանության քաղաքական ղեկավար Մկրտիչ Հարությունյանը: Նույն թվականին Արշավիր Շիրակյանը գնդակահարեց Պոլսի հայ մտավորականների ցուցակը կազմած դավաճան Վահե Եսայանին:
Տեղին է նշել, որ «Նեմեսիսի» մարտիկներն իրենց գործողություններն իրականացնելու համար ընտրում էին մարդաշատ վայրեր: Դրա նպատակը մեծ աղմուկ բարձրացնելն ու հասարակական հնչեղություն ապահովելն էր: Ավելորդ չէ նշել նաև, որ հայ վրիժառուների գործողություններից երբևէ անմեղ մեկը չի տուժել: Այս ամենը ապահովեց նաև եվրոպական հասարակական կարծիքի ձևավորումը, որ «Նեմեսիսի» իրագործողները մարդասպաններ չեն, այլ հանուն վրեժի և արդարության զենք վերցրած մարտիկներ:
Շարունակությունը կարդացեք այստեղ:
Աշխարհի ուժեղագույն շախմատիստների վարկանիշային աղյուսակում ներկայումս Լևոն Արոնյանը երկրորդն է
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Անկախ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Երիտասարդ քանդակագործները գոհ են, որ գոնե գերեզմանաքարերի պատվեր են ստանում
Երիտասարդ քանդակագործներ Հարութ Կարապետյանն ու Մելիք Շահնազարյանը դեռևս պատանեկան տարիքում նույն արվեստի դպրոցն էին հաճախում: Հետո ընդունվեցին Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան, ապա ուսումը շարունակեցին Գեղարվեստի պետական ակադեմիայում: Այսօր էլ միասին են աշխատում:
Ուսանողական տարիներին ստացած գիտելիքներից շատ գոհ են, իսկ ակադեմիայի դասախոս, քանդակի ամբիոնի վարիչ, հայտնի քանդակագործ Գետիկ Բաղդասարյանի դերն իրենց կյանքում ճակատագրի պարգև են համարում:
2000-ի սկզբներին, ավարտելով ուսումը, նրանք էլ շատերի պես կկանգնեին անորոշության առջև, եթե իրենց սիրելի վարպետի կողմից չներգրավվեին քանդակի գործերում: Տղաները հիշում են՝ նրա հետ արած առաջին գործը Կանադայի հայկական եկեղեցիներից մեկի հարթաքանդակներն էին: Հետո վարպետը նրանց Դանիա տարավ՝ մասնավոր նախագծի վրա աշխատելու: Ցավոք, դա արտերկրում աշխատելու նրանց առաջին և առայժմ միակ օրինակն է:
Նրանց բախտը մեկ այլ հարցում էլ է բերել. հնարավորություն են ունեցել աշխատելու անվանի հայ ճարտարապետ Ջիմ Թորոսյանի հետ` Սպիտակի հրապարակի նախագծման ժամանակ, Միացյալ Նահանգներում բնակվող անվանի հայ քանդակագործ Երվանդ Գոջաբաշյանի, Թամանյանի արձանի հեղինակ, հայտնի քանդակագործ Արտաշես Հովսեփյանի և այլ մեծերի հետ:
«Հակառակ դեպքում, մենք էլ երևի կահույքի ցեխերում բանվորություն կանեինք, կահույք կհավաքեինք, ոսկերչությամբ կզբաղվեինք, կանեինք մեր մասնագիտության հետ կապ չունեցող գործեր կամ էլ ընդհանրապես ոչինչ չէինք անի, ինչպես մեր ընկերներից շատերը»,- ասում է Հարութը:
Երիտասարդ քանդակագործները Նկարիչների միության անդամ են և մասնակցում են Հայաստանում անցկացվող բոլոր ցուցահանդեսներին՝ հանրապետական, երիտասարդական, մասնավոր, անհատական: Այսուհանդերձ, նրանք էլ այսօր կանգնած են լուրջ խնդիրների առջև: Անգամ այդ ցուցահանդեսներից այնքան են հոգնել, որ այլևս չեն ուզում մասնակցել, քանի որ դրանք որևէ արդյունք չեն տալիս:
«Դեռ մի բան էլ գլխացավանք են,- ասում է Հարութը,- ծանր-ծանր քարերը շալակում-տանում ենք, հետո ծանր-ծանր հետ բերում: Ոչ մի արձագանք, անգամ ամենատարրական բանը, որ միությունը պետք է կազմակերպի` քննարկումներ, դա էլ չի արվում»:
Երիտասարդ քանդակագործների խոսքով՝ միությունում լճացած վիճակ է, երիտասարդների համար էլ որևէ հետաքրքիր, օգտակար և նոր բան չկա:
Մի խնդիր էլ կա: Ասում են, որ անկախությունից հետո միություն ընդունվելը շատ է հեշտացել, ով ասես դարձել է միության անդամ: Հանրապետական ցուցահանդեսների աշխատանքներն էլ ժյուրիի կազմը չի ընտրում, բոլոր անդամներն իրավունք ունեն ներկայացնելու իրենց գործերը: «Եվ այդ ցուցահանդեսներին մի էնպիսի ռաբիզ մթնոլորտ է տիրում, որ մարդիկ ուղղակի զզվում են՝ մտնեն: Լավ գործերն էլ խառնվում են վատերին, չեն երևում: Շատերն են մեզ բողոքել, որ մակարդակն ահավոր է: Ճիշտ է, տարվա վերջում Նկարիչների միությունը հանդես է գալիս հաշվետվությամբ և ներկայացնում մի հսկայական ցուցակ, թե ինչեր են արվել, ինչ ցուցահանդեսներ են կազմակերպվել և այլն, բայց թե ինչ են տվել այդ ցուցահանդեսները, հայտնի չէ: Գոնե մի քննարկում արվե՞լ է: Ոչ»:
«Այսինքն, «պտիչկա» դնելու համար է, ինչպես մեր պետությունում շատ բան»,-ավելացնում է Մելիքը:
Որպես արվեստագետի համար լուրջ խնդիր` նրանք առանձնացնում են նաև արվեստաբանների հետ շփման բացակայությունը և նշում, որ Նկարիչների միության կողմից կազմակերպվող ցուցահանդեսների շրջանակներում չեն կազմակերպվում քննարկումներ արվեստաբանների և արվեստագետների միջև: Իսկ արվեստաբաններին անհատապես դիմելու դեպքում էլ` մերժում են ստանում. «Իրենց պիտի գնաս խնդրես, որ գան գործերդ նայեն, կարծիք հայտնեն»,- ասում է Մելիքը:
«Երբ ասում ես՝ կարծիք հայտնեք, ասում են՝ մեզ ոչ ոք չի վճարում դրա համար: Բայց չէ՞ որ մեզ էլ մեր քանդակների համար ոչ ոք չի վճարում: Հիմա շատերն իրենց աշխատանքներով գիրք են տպում և արվեստաբաններին փող տալիս, որ իրենց մասին գրեն: Եվ արվեստաբաններն էնպիսի բաներ են գրում, որ քեզ թվում է՝ հանճարի հետ գործ ունես: Բայց մեզ փողով կարծիք պետք չի: Ընդհակառակը, մեզ պետք է, որ մեր գործերը նաև քննադատեն, որպեսզի մենք շտկենք թերությունները, զարգանանք, հակառակ դեպքում` կճահճանանք: Բոլորը գալիս, ասում են՝ վա՜յ, ինչ հրաշալի գործեր են, ու գնում: Երևի պատճառն այն է, որ այս դաշտը փոքր է, բոլորն իրար ճանաչում են, չեն ուզում վատ բան ասել, որովհետև շատերը քննադատությունից նեղանում են: Մի անգամ մենք մեզանից ավելի երիտասարդ քանդակագործների ասացինք, որ ասենք` այս պահը լավ չի, մեզանից նեղացան, էլ բարև չեն տալիս»,- ասում է Հարութը:
Երիտասարդ քանդակագործներն ապրուստի խնդիրը լուծելու համար ստիպված են լինում ընդունել պատվերներ, որոնք այնքան էլ արվեստի հետ կապ չունեն: Մեր զրույցի պահին, օրինակ, Մելիքն ու Հարութը մի գործ էին քանդակում. պարզվեց՝ գերեզմանաքար է: Ասում են, որ անգամ ամենահայտնի քանդակագործներն են գերեզմանաքարերի պատվերներ վերցնում: Այլ տարբերակ չկա, քանի որ Սովետն այլևս անցյալում է, երբ պետությունը յուրաքանչյուր արվեստագետի պատվեր էր տալիս և պարտադիր գնում նրա աշխատանքը, իսկ մեր օրերում արվեստի գործեր գնելը կա՛մ հասանելի չէ, կա՛մ էլ մարդիկ դրա պահանջը չունեն:
Տղաները գոհ են, որ դեռ սա էլ կա: Ճիշտ է՝ գերեզմանաքարեր քանդակելն իրենց համար արվեստ չէ, բայց գոնե մասնագիտական գործ է, շատերը նաև դրանից են զրկված:
Անկախ ամեն ինչից, նրանք անընդհատ ստեղծագործում են: Հենց պատվերով աշխատանքն ավարտվում է, անցնում են արդեն հոգեհարազատ գործին, և քանդակների հավաքածուն հետզհետե մեծանում է:
Հարութն իր Զեյթունի բնակարանը վաճառել է, սեփական տուն գնել Առինջ գյուղում, որպեսզի առանձին արվեստանոց ունենա: Այստեղ էլ ծանոթանում եմ նրա աշխատանքներին: Որոշ գործեր էլ Մելիքինն են, որը, բացի քանդակներից, նաև գրաֆիկական աշխատանքներ է ստեղծում: Տղաների գործերով իսկապես կարելի է հիանալ. գեղեցիկ են, խորիմաստ ու ամենակարևորը՝ ինքնատիպ:
Սակայն այդ աշխատանքներով նրանք ապրել չեն կարող, քանի որ այն, ինչ ստեղծում են արվեստի մղումով, չի վաճառվում: «Նախ թանկ ենք գնահատում, ասենք՝ երեք հազար դոլարից սկսած, իսկ Հայաստանում գնող չկա, կամ էլ ցանկացողների համար գինն անհասանելի է»:
Ասում են, որ ցուցահանդեսների ժամանակ միշտ նույն մարդիկ են գալիս, կողմնակի ոչ ոք չկա, համատարած անտարբերություն է: «Իսկ եթե, ասենք, Կասկադում մի նոր քանդակ են բերում, մարդիկ վազում են տեսնելու և հիացած ասում են՝ շատ լավն է: Բայց Կասկադում բոլորը չէ, որ արվեստի գործեր են: Կան շատ վատ գործեր, իսկ մեզ մոտ կան վարպետներ, որոնք հազար անգամ ավելի լավ գործեր են ստեղծում, ուղղակի մերոնց գործերի նկատմամբ հետաքրքրություն չկա»:
Ի՞նչ է պետք երիտասարդ քանդակագործին ստեղծագործելու և իր ստեղծագործությամբ նաև ապրուստի խնդիրը լուծելու համար: «Ստեղծագործելու պայմաններ, հասարակության կողմից ընկալում, արվեստի նկատմամբ անտարբերության վերացում, ցուցադրվելու հնարավորություն երկրի ներսում և դրսում, շփում այլ արվեստագետների հետ, արվեստաբանների հետ քննարկումներ և այլն»,- թվարկում են նրանք:
Գուցե այս շարքին ավելացնենք նաև ամենակարևորը՝ Հայաստանում սոցիալական բեռի թեթևացում, որպեսզի մարդիկ, հացի խնդիր լուծելուց բացի, մտածեն նաև հոգևոր պահանջմունքները բավարարելու մասին, քանի որ մենք՝ հայերս, անկախ ամեն ինչից, արվեստասեր ժողովուրդ ենք:
Չնայած այս ամենին՝ երիտասարդ արվեստագետները չեն մտածում Հայաստանից հեռանալու մասին, մտածում են միայն համաշխարհայի արվեստի հետ շփվելու և հետ վերադառնալու մասին: «Պետք է մնաս քո երկրում, ստեղծագործես ու պայքարես»,- ասում է Հարութը:
«Մի խոսք էլ կա. միջակություններն իրենց ճանապարհը գտնում են, իսկ տաղանդավորներին օգնել է պետք: Մենք դեռևս քարի հետ ենք պայքարում»,-ծիծաղելով ավելացնում է Մելիքը ու շարունակում հղկել նորածին երեխան գրկին կնոջ կերպարանքով գերեզմանաքարը:
Անի Գասպարյան
Այսօր է ծնվել Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ 2-րդ թագուհին. փաստեր թագուհու կյանքից
1926թ-ի ապրիլի 21-ին է ծնվել Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը: Մեծ Բրիտանիայի թագուհին Գաղտնի խորհրդի ղեկավարն է, օրենսդիր իշխանության կրողը, դատական համակարգի ղեկավարը, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը: Նա տիրապետում է վարչապետ նշանակելու և վերջինիս կողմից նախարարների կաբինետի ձևավորման հարցում հանձնարարակններ տալու բացառիկ իրավունքին:
Թագուհու ամբողջական ունունն է` Եղիսաբեթ Ալեքսանդրա Մարիա, առաջինը` մոր , երկրորդն ու երրորդը` տատիկի և մեծ տատիկի պատվին:
Ապագա թագուհին լավ կրթություն է ստացել` հիմնականում հումանիտար ուղղությամբ: Մանկության տարիներից նրան գրավել են հատկապես ձիերը. Այդ կենդանիների հանդեպ նրա հատուկ սերը պահպանվել է տասնամյակներ շարունակ: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Եղիսաբեթ թագուհին ռազմական տաքսու վարորդ է եղել, քանի որ թագավորական ընտանիքը պարտավոր էր աշխատել երկրի պաշտպանությունում:
Իր ապագա ամուսնու` Ֆիլիպ Մաունտբատտենի հետ թագուհին` Եղիսաբեթը, ծանոթացել է 13 տարեկանում և հենց նույն օրն էլ ապագա թագուհին ծնողներին հայտնել է, որ արդեն գտել է ապագա ամուսնուն:
1947 թ-ին, դառնալով Եղիսաբեթի ամուսինը, Ֆիլիպը ստացավ Էդինբուրգի դուքսի կոչում: Իսկ 1952թ-ին, հոր մահից հետո Եղիսաբեթն, ով ամուսնու հետ գտնվում էր Քենիայում, հայտարարվեց թագուհի, հաջորդ տարի` 1953թ-ին, տեղի ունեցավ նրա թագադրությունը, որն առաջին անգամ էր հեռարձակվում հեռուստատեսությամբ:
Թագուհին ունի զարդերի լայն հավաքածու, այդ թվում նաև թագեր, գավազաններ: Մնացած զարդերը, այդ թվում` աշխարհի ամենախոշոր վարդագույն ադամանդը, նա ստացել է որպես նվեր կամ ժառանգություն:
Թագուհու կարողությունը գնահատվում է շուրջ 450 միլիոն դոլլար /ըստ Ֆորբս ամսագրի/, ընդ որում` պաշտոնական տվյալներով այդ թիվը շատ ավելի համեստ է, իրականում` շուրջ 100 մլն. ֆունտ ստեռլինգ:
Հայտնի է դարձել, որ թագուհուն գրավում է նաև լուսանկարչությունը. նա սիրում է լուսանկարել իր ընտանիքի անդամներին: Իսկ 1997-ին նրա կողմից տրվել է պատմության մեջ բրիտանական միապետության առաջին կայքէջի ստեղծման մեկնարկը:
2002թ-ի հունիսին Եղիսաբեթ 2-րդի կառավարման 50-ամյակի առթիվ Բուկենգհեմյան պալատի այգում կազմակերպվել են առաջին հանրային համերգները. թագուհին այցել է և դասական երաժշտության համերգին, և “Երեկույթ Պալատում” փոփ-համերգին, որը դարձավ աշխարհում ամենահայտնի համերգներից մեկը: Այս համերգի ուղիղ հեռարձակումը դիտել են աշխարհի բոլոր անկյունների շուրջ 200 միլիոն հեռուստադիտողներ:
Այժմ Եղիսաբեթ 2-րդը շարունակում է մնալ Անգլիայի և ողջ Մեծ Բրիտանիայի խորհրդանիշը: Ղեկավարելով շուրջ 65 տարի` նա ամրապնդել է անգիական միապետության հեղինակությունը, վայելել միլիոնավոր բրիտանացիների համակրանքը:
«Հայրենանվեր մարդ, բարեխիղճ արտադրող». Հանրային խորհուրդը ցավակցագիր է հղել Հրանտ Վարդանյանի մահվան կապակցությամբ
ՀՀ Հանրային խորհրդի նախագահ
Վազգեն Մանուկյանն իր և խորհրդի անունից ցավակցագիր է հղել գործարար Հրանտ Վարդանյանի մահվան կապակցությամբ, որտեղ մասնավորապես նշված է.
«Գրանդ Քենդի» եւ «Գրանդ Տոբակո» ընկերությունների հիմնադիր, գործարար աշխարհի ամենաակնառու ներկայացուցիչ Հրանտ Վարդանյանի մահը մեծ կորուստ ու ցավ է բոլորիս համար:
Որպես հայրենական արտադրության ջատագով և հայկական լուրջ բրենդի հիմնադիր՝ նա մեծ ներդրում է ունեցել Հայաստանի տնտեսության զարգացման գործում՝ վերականգնելով հայկական արտադրության ավանդույթները, մարդկանց վստահությունը և հայկական ապրանքատեսակը մրցունակ դարձնելով ոչ միայն Հայաստանում, այլև երկրի սահմաններից դուրս:
Նա իսկապես հայրենանվեր մարդ էր, բարեխիղճ արտադրող՝ արժանի մեծ հարգանքի և երախտիքի, որի գործունեությունը պետք է օրինակ և ուղենիշ դառնա գործարար աշխարհում՝ մասնավորապես հայրենական ապրանք արտադրողների համար:
Իմ և Հանրային խորհրդի անունից խորապես ցավակցում եմ Հրանտ Վարդանյանի ընտանիքին, հարազատներին ու գործընկերներին, կիսում նրանց վիշտը:
Լիահույս եմ, որ նրա գործն արժանի շարունակություն կունենա»:
Վճարովի ավտոկայանատեղերի համար չվճարելու դեպքում ԴԱՀԿ-ն է անցնում գործի
Երևանում «կարմիր գծանշումներ» վճարովի ավտոկայանատեղերի հետ կապված խնդիրները դրանց ներդրման օրվանից տարբեր ու տարաբնույթ դժգոհությունների և բողոքների տեղիք են տվել: Վերջերս էլ «Անկախը» բազմաթիվ քաղաքացիներից բողոքներ է ստացել այդ ավտոկայանատեղերում ավտոմեքենաները կայանելու դիմաց վճարումները կատարելու կամ դրանից հրաժարվելու դեպքում վճարման պարտադրանքի կապակցությամբ:
Մեզ բողոքում են, որ անգամ այն դեպքում, երբ իրենք համաձայն չեն այդ կայանատեղերում իրենց կայանելու համար արձանագրված ժամանակին, հետևաբար նաև գանձվելիք գումարի մեծությանը և ուշացնում են վճարումը բողոքելու կամ դատարան դիմելու մտադրությամբ, միևնույն է, իրենցից բռնագանձում են վճարվելիք գումարները. ԴԱՀԿ-ի միջոցով արգելք է դրվում, օրինակ, իրենց հաշվի կամ աշխատավարձի վրա:
«Ես կայանել եմ «Անի» հյուրանոցի մոտ շուրջ 1.5 ժամ, բայց ինձ ուղարկված թղթով նշվում է, թե 10-15 րոպե եմ կայանել, հետո կցված ինչ-որ նկարներ են ուղարկել, որ տուգանվել եմ, բայց այդ լուսանկարների որակն այնքան վատ է, որ չի երևում անգամ` ի՞մ մեքենան է լուսանկարված, թե՞ մեկ այլ… Պատրաստվում էի տուգանքի կապակցությամբ դիմել դատարան, մեկ էլ իմացա, որ ԴԱՀԿ-ն կալանք է դրել բանկային հաշվիս վրա»,- պատմեց Վ.Ի.-ն:
Մեզ դիմած քաղաքացիները ԴԱՀԿ-ի «գործին խառնվելը» պայմանավորում են կարմիր գծանշումներով վճարովի ավտոկայանատեղերը շահագործող ընկերության տիրոջ անձի հետ, որը, ըստ շրջանառվող լուրերի, ամենասերտ կապեր ունի ԴԱՀԿ-ի հետ: Ընդ որում` մեզ բողոքող քաղաքացիներից մեկն էլ նշում էր, որ ինքը տուգանվել է 5000 դրամի չափով, բայց իր հաշվից 10 000 դրամի վրա է կալանք դրված, պատճառաբանել են, որ 5000 դրամն էլ ԴԱՀԿ-ին վճարվելիք գումարն է կատարած գործողությունների դիմաց:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանն այս կապակցությամբ ասաց` զարմանալի է, որ մարդիկ օրենքով նախատեսված կարգով ու ժամկետներում չեն բողոքում, բայց հետո սկսում են դժգոհել, այնինչ կարող են ուղղակի ներկայանալ քաղաքապետարանի` նշանակված տուգանքների քննարկման համար հրավիրված նիստերին ու իրենց բողոքները կամ դժգոհությունները բարձրաձայնել:
Երևանի քաղաքապետարանին ևս մեկ անգամ զարմանք չպատճառելու համար որոշեցինք օգտվել խորհրդից և բարձրաձայնել մեր ասելիքը` խնդրեցինք պարզաբանել, թե ինչ սկզբունքներով է կատարվում գումարը հարկադիր գանձելու գործընթացը, ինչ հիմքերով ու մեխանիզմներով է տեղի ունենում վճարովի ավտոկայանատեղերից օգտվելու համար վճարվելիք գումարների հարկադիր գանձումը և ինչ հավելյալ գումարներ է գանձում ԴԱՀԿ-ն:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչությունը պարզաբանեց, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.7-րդ հոդվածի համաձայն` ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը համայնքային վճարովի ավտոկայանատեղում կայանելու համար օրենքով սահմանված տեղական տուրքը չվճարելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:
Մի խոսքով`օրենքն այս դեպքում կարմիր գծանշումները շահագործող տնտեսվարողի, տուգանող մարմնի ու ԴԱՀԿ-ի օգտին է «արտահայտվում»:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 288-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշման դեմ գանգատ կարող է տրվել որոշումն ընդունելու օրվանից հետո` տասն օրվա ընթացքում:
Այսինքն` վարչական տույժ նշանակելու մասին որոշումը իրավախախտում կատարած անձի կողմից ստանալու պահից 10 օր անց դառնում է անբողոքարկելի և կարող է ներկայացվել հարկադիր կատարման կայացման պահից եռամսյա ժամկետում:
Իսկ դրանից հետո եռամսյա ժամկետում արդեն դրամական պահանջները ներկայացվում են հարկադիր կատարման, եթե այդ ընթացքում տուգանքը չի մուծվում:
Ի՞նչ 5000 դրամ է մնում ԴԱՀԿ-ին
Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչու է ԴԱՀԿ-ն նշանակված տույժ-տուգանքով սահմանված գումարից ավելի` 5000 դրամ գումար պահում, ապա քաղաքապետարանից նշում են, որ ԴԱՀԿ ծառայության կողմից կատարվում է ոչ թե վճարովի ավտոկայանատեղերից օգտվելու համար վճարվելիք գումարների հարկադիր գանձում, այլ իրականացվում է նշված տեղական տուրքը վճարած չլինելու համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով նախատեսված 5.000 ՀՀ դրամ վարչական տույժի գումարի գանձում: Այս դեպքում արդեն «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքը սահմանում է, թե ինչ գումարներն են դրանք. «կատարողական գործողությունների կատարման կազմակերպման և անցկացման համար հարկադիր կատարողի, ինչպես նաև կատարողական վարույթի կողմերի և այլ անձանց ծախսած միջոցներ»: Փաստորեն, նույն օրենքի մեկ այլ` 67-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի համաձայն` կատարողական գործողությունների կատարման ծախսերը բռնագանձվում են պարտապանից. մինչև 10.000 դրամի չափով` պահանջի բավարարմանն ուղղված գույքային բնույթի կատարողական վարույթներով և ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներով` 5.000 դրամի չափով:
Վարչական տույժ նշանակելու մասին որոշումը հարկադիր կատարման ներկայացվելուց հետո ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության կողմից ձեռնարկվում են «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 66-րդ հոդվածով նախատեսված միջոցառումներ համապատասխան գումարի գանձումն ապահովելու նպատակով: Այսինքն` կարող է կալանք դրվել ինչպես հաշվի, այնպես էլ աշխատավարձի վրա, նաև կարող է տվյալ անձի գույքը բռնագանձվել…
Ստացվում է, որ եթե արդեն որևէ քաղաքացու տուգանել են, ու նա չի պատրաստվում վճարել այն, այլ ցանկանում է իրեն նշանակված տույժ-տուգանքի վերաբերյալ որոշումը բողոքարկել դատարանում, ապա պետք է իմանա, որ առաջին հերթին պարտավոր է 10-օրյա ժամկետում բողոքարկել այդ որոշումը: Հակառակ դեպքում դատարանը չի ընդունի քաղաքացու փաստարկը, թե չի իմացել 10-օրյա ժամկետում իրեն նշանակված տուգանքը կամ տույժը բողոքարկելու դրույթի մասին: Որովհետև օրենքի կամ իրավանորմի չիմացությունը չի ազատում պատասխանատվությունից: Եվ օրենքն այդ դեպքում կլինի «կարմիր գծերը» շահագործողի օգտին:
Դեմ ենք ծաղիկները տրորելուն. «Դեմ եմ»-ը ծաղիկներ է տնկել նախագահականի մոտ.NEWS.am
Կուտակային կենսաթոշակների պարտադիր բաղադրիչի դեմ պայքարող «Դեմ եմ» նախաձեռնության անդամներն ապրիլի 20-ին, ծաղիկներ են տնկել Բաղրամյան 26-ի հարակից տարածքում` վերականգնելով ապրիլի 18-ի ակցիայի ժամանակ տրորված ծաղիկները, հաղորդում է NEWS.am-ը :
«Մենք դեմ ենք ծաղիկները տրորելուն: Մեր այսօրվա ակցան նպատակ ուներ վերականգնելու այն, ինչ մենք պատահաբար փչացրել էինք նախորդ ակցիայի ժամանակ: «Մենք ենք տերը մեր երկրի» կարգախոսը նաեւ գործով ենք ապացուցում այս փոքրիկ ակցիայի միջոցով»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց ակցիայի մասնակիցներից Լեւոն Հարությունյանը:
Նրա խոսքով՝ վարչական պատասխանատվության ենթարկվելու մտավախությունից չէ, որ իրենք որոշել են ծաղիկներ տնկել, այլ պարզապես ցանկացել են փչացած ծաղիկները վերականգնել: Ակցիայի մեկ այլ մասնակցի՝ Սերգեյ Ղահրամանյանի խոսքով՝ այս քայլով իրենք ցանկանում են իշխանությանը ցույց տալ, որ իրենք կարող են վերականգնել նաեւ իրենց «տրորված» իրավունքները: «Մենք ենք մեր երկրի, մեր քաղաքի ամեն ծառ ու թփի տերը: Մեր պայքարի առաջին եւ գլխավոր կանոնը մաքրությունն ու պարզությունն է, եւ այս ընթացքում ամեն ինչ արել ենք օրենքի սահմաններում եւ այդպես էլ շարունակելու ենք»,- նշեց Սերգեյ Ղահրամանյանը:
Հիշեցնենք, որ ապրիլի 18-ին «Դեմ եմ» նախաձեռնությունը բողոքի ակցիա էր կազմակերպել նախագահական նստավայրի մոտ` նախագահից պահանջելով իրագործել ՍԴ ապրիլի 2-ի որոշումը: Ակցիային միացավ նաեւ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, որը խոստացավ, որ իրենք մինչեւ հունիսի վերջ կկայացնեն որոշում, որը երկուստեք ընդունելի կլինի:
Հիշեցնենք, ապրիլի 2-ին Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց «Կուտակային կենսաթոշակի մասին» օրենքի մի շարք դրույթներ, այդ թվում՝ պարտադիր բաղադրիչը, եւ մինչեւ սեպտեմբերի 30-ը ժամանակ տվեց խորհրդարանին եւ կառավարությանը՝ վիճահարույց օրենքի հակասահմանադրական ճանաչված դրույթները փոփոխության ենթարկելու համար։ Որոշումից մեկ օր անց ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը հայտարարեց, որ օրենքը գործելու է մինչեւ սեպտեմբերի 30-ը, եւ մինչեւ այդ գործատուները շարունակելու են աշխատավարձերից պարտադիր 5% պահումները կատարել:
Լուսանկարները՝ «Դեմ եմ»-ի ֆեյսբուքյան էջից


Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Սբ. Զատկի տոնի առթիվ մատուցված Հայրապետական Սբ. Պատարագին
Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
ներկա են գտնվել Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության՝ Սբ. Զատկի տոնի առթիվ մատուցված Հայրապետական Սբ. Պատարագին:
Անկախ
Արյունը պատմում է մարդու բնավորության մասին
Ժամանակակից հետազոտողները հետաքրքիր թեզ են առաջ քաշել. արյունը կարող է պատմել մարդու բնավորության մասին:Առաջին խմբի արյուն ունեցողները տարբերվում են մեծ հետաքրքրություններով և կատարյալի ձգտումով: Երկրորդ խմբի ներկայացուցիչները աչքի են ընկնում ուրախ, բայց եսասեր և էքսցենտրիկ բնավորությամբ: Երրորդ խմբի արյուն ունեցողները հետաքրքրասեր են, առատաձեռն, բայց համառ:Չորրորդ խումբն ունի գեղարվեստական ճաշակ, բայց նրանք անկանխատեսելի են և հանելուկային: Այս բոլոր փաստերը նման են հորոսկոպի գուշակության; Այնուամենայնիվ անենօրյա կյանքում մարդիկ դրանք օգտագործում են աշխատանքի ընդունելու համար, ամուսին ընտրելու կամ կարևոր պայմանագրեր կնքելու դեպքերում:
Տոն է՝ Մայր Բնության գունագեղության ու ծաղկունքի Հայ արիները նշեցին Զատիկը եւ Աստվածամայր Անահիտի Հրաշագործության տոնը
Ապրիլի 20-ին Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման անդամները Մեծամորի (Մեծամոր – Մեծ Մոր – Աստվածամոր – Մայր Անահիտի) պատմա–հավատամքային տարածքում նշեցին ավանդական Զատիկի տոնը:
Ապրիլի 20-ին կայացավ նաեւ Գարնանային օրահավասարը՝ Լուսնի լրման օրվա կիզակետը:
ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի քրմերն ու քրմի թեկնածուները կատարել են ծիսական արարողություն եւ փառաբանել Մայր Անահիտին, որ իր Աստվածային էությամբ ու գործառույթով ապահովում է բնության գունագեղությունն ու ծաղկունքը: Մայր Անահիտը նաեւ բերքատվության ու ամենայն բերրիության, պտղաբերումի եւ մայրանալու Աստվածուհին է, եւ հայ արիներն ու ազգայնականները Աստվածամորն են դիմել՝ բազմազավակ ու բարգավաճ ընտանիքներ ունենալու ակնկալությամբ:
Զատիկի տոնը հայ արիական տոնացույցով նշվում է նաեւ որպես Մայր Անահիտի Հրաշագործության տոն:
Հայ արիներն ու ազգայնականները ծիսական արարողությունից ու ձոնակերտ փառաբանումներից հետո վառեցին նաեւ ծիսական կրակը եւ շուրջըպար բռնելով՝ հիմներգեր հղեցին ի փառս Աստվածամայր Անահիտի, Հայ Աստվածների ու Տիեզերքի Արարչի:
Այնուհետեւ երկնային արեգակի երկրային խորհրդանիշ կրակի վրայից թռչելուվ՝ երազանքներ պահեցին, որից հետո կազմակերպվեց գույնզգույն ներկված ու խորհրդանիշներով պատկերազարդ ձվերով տոնական ձվախաղ: Հաղթող ընտանիքը (ընդհանուր հաղթած-հավաքած ձվերի քանակովի) ստացավ Մայր Անահիստի կավե արձանիկը, ինչն ուղեկցվեց քրմական ծեսոով:
Հայոց Ամանորից հետո Զատիկը գարնան գունագեղության հաստատումն է արձանագրում, երբ բնության գույները զատվում են միմյանցից ու ցուցադրում արարչակերտ բնաշխարհի շքեղությունը: Հայ արիներն ու ազգայնականները գինեձոներ պարգեւեցին բնությանը ու նույն բնակարգով փառաբանեցին նաեւ հայ ազգի բնածին արմատը, հայի ու Հայքի հետագա բարգավաճմումն ու ծաղկունքը:
Այդ օրը հայ արիներն ու ազգայնականները մեկ անգամ եւս բարձրաձայնեցին Անահիտ Աստվածուհու պղնձաձույլ արձաններից մեկի գլուխն ու ձեռքի մի մասը Անգլիայի մայրաքաղաք Լոնդոնի Բրիտանական թանգարանից Հայաստան տեղափոխելու անհրաժեշտության մասին: Հասկանալի է, որ դա անգամ պետական մակարդակով բարդ խնդիր է, բայց Հայաստանի իշխանությունները պետք է գործընթաց սկսեն, որպեսզի նաեւ լուծումներ առաջարկվեն: Պետք է հետեւողականություն դրսեւորել նաեւ այն առումով, որ հուշարձանի մասունքներն այդ թանգարանում դադարեն համարվել պարսկական կամ հունական:
Հայ Արիական Միաբանության
Լրատվակա կենտրոն
20.04.2014թ. Երեւան–Մեծամոր
Այլընտրանքային Իրան (Ֆոտոշարք)
Մեքսիկայի մայրաքաղաքում 7,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Ուրբաթ օրը Մեքսիկայի հարավային և կենտրոնական հատվածներում ուժեղ երկրաշարժ է գրանցվել: Միացյալ Նահանգների երկրաբանական ծառայության հայտարարել է, որ երկրաշարժը 7,5 բալ ուժգնություն է ունեցել՝ ավելացնելով, որ այն գրանցվել է խաղաղօվկիանոսյան հանգստավայր Ակապուլկոյի մոտակայքում, որտեղ բազմաթիվ մեքսիկացիներ ժամանում են Զատիկը նշելու համար:
Երկրաշարժի հասցրած վնասների մասին տեղեկություններ չկան:
Մեխիկոյում երկրաշարժի ցնցումները զգացվել են 30 վայրկյան: Զատիկի տոնի կապակցությամբ քաղաքում սովորականից ավելի քիչ մարդ է եղել:
“Դեմ եմ”-ի մի խումբ ակտիվիստներ Կասյան փողոցում փակեցին երթևեկությունը՝ ի նշան բողոքի
Քիչ առաջ Արաբկիրի Մերգելյանի հրապարակից “Դեմ եմ” շարժման մի խումբ ակտիվիստներ պաստառներով, եռագույններով և թմբուկների հնչյուններ ներքո շարժվեցին դեպի Բաղրամյան 26՝ նախագահի նստավայր, որտեղ 19:30 նախատեսված է բողոքի ակցիա:
Մինչ այդ ակտիվիստները մոտ տասը րոպե խաթարեցին Կասյան փողոցի երթևեկությունը՝ փողոցի մի մասից մյուսն անընդհատ հետուառաջ գնալով և հնարավորություն չտալով ավտոմեքենաներին տեղաշարժվել:
Ավտոմեքենաների վարորդներն՝ ի նշան բողոքի, ազդանշանում էին, սակայն շարժման անդամները բարձրացնում էին “Դեմ եմ” ցուցապաստառները:
Ի վերջո, ակտիվիստներն ազատեցին փողոցը և շարժվեցին դեպի նախագահի նստավայր:
Օմբուդսմենի միջամտությամբ բացահայտվել են հատուկ դպրոցներ ընդունվելու կարգի չարաշաhման դեպքերը
Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի միջնորդությամբ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հանձնարարել էր մի շարք հատուկ դպրոցներում իրականացնել աշակերտների փաստաթղթերի ուսումնասիրություն: Նախարարի ձեռնարկած միջոցառումների արդյունքում՝ հայտնաբերված խախտումներն արդեն իսկ ստացել են դրական լուծում : Վաղարշապատի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 2 հատուկ դպրոցում սովորող երեխաներից մեկը, ով չուներ ֆիզիկական կամ մտավոր որևէ խնդիր, արդեն ազատվել է դպրոցից և պետք է հաճախի հանրակրթական դպրոց, իսկ մյուս չորսին կտրամադրվեն հատուկ դպրոցում սովորելու համար օրենքով անհրաժեշտ վկայագրերը:
Ավելի վաղ Օմբուդսմենի աշխատակազմի ներկայացուցիչները մարզերում գտնվող հատուկ դպրոցներ այցելությունների ժամանակ հայտնաբերել էին, որ այդ դպրոցներում մտավոր զարգացման խնդիրներ ունեցող երեխաների կողքին հաճախ սովորում են նաև զարգացման աննշան խնդիրներով, իսկ որոշ դեպքերում` առհասարակ որևէ խնդիր չունեցող երեխաներ: Նրանցից ոմանք նախկինում սովորել են հանրակրթական դպրոցներում, սակայն հետագայում, առանց համապատասխան հիմքերի, տեղափոխվել հատուկ դպրոց:
Նման դեպքերի ուսումնասիրությունից օրինաչափություն է նկատվում, որ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներն այս առումով ավելի խոցելի են : Երեխային հատուկ դպրոց տալով, ծնողները, փաստորեն, լուծում են ոչ միայն կրթության, այլև երեխայի խնամքի, սննդի և գիշերակացի խնդիրները, իսկ դպրոցի տնօրինությունն այսպիսով ապահովում է աշակերտների՝ իրեն անհրաժեշտ քանակը:
Օմբուդսմենի աշխատակազմը բարձր է գնահատում Կրթության և գիտության նախարարության հետ համագործակցությունը և ակնկալում է համատեղ աշխատանքի շարունակականությունը:
Արդյունքներ եւ պատասխանի հստակեցումներ
Հայկական աշխարհը նախապատրաստվում է նշել Հայոց ցեղասպանության 99-ամյակը եւ աշխատանքային ժամացույցի սլաքները լարելու 100-ամյակի ուղղությամբ: Պահանջատիրության բովանդակային եւ եղանակային խնդիրներ, շեշտադրումներ, պետություն-սփյուռք թե՛ հռետորաբանության եւ թե՜ համակարգման մեքենականությունների ճշտման հարցեր, իրավական ուղիների որոնումներ եւ հակառակորդի ձեռնարկած ու մշակած ծրագրերի գաղտնազերծման փորձեր:
Այս վերջին կետն է, որը դրսեւորման նորագույն օրինակներով դիտարժան հանգամանք է ստանում եւ առնվազն նախապատրաստվելու առումով հիշելի նախադրյալներ է փոխանցում:
Նախ հիշենք Դավութօղլուի տեսությունը: Հայկական սփյուռքը «մե՛ր Սփյուռք»-ն է: Բոլորը հրավիրվում են վերադառնալու իրենց պապերի երկիրը, վերատիրանալու օսմանյան Թուրքիայի այսօրվա ժառանգորդ քեմալական հանրապետության քաղաքացիությանը եւ համապատասխան դիմումներ լրացնելով վերստին ձեռք բերելու անհատական ունեցվածքները` իբրեւ ժառանգորդները նախ ցավալի պատահարների պատճառով հեռացածների, հետո Առաջին աշխարհամարտի ընթացքում ապահով վայրեր փոխադրվողների եւ վերջապես անմարդկային տեղահանության ենթարկվածների: Այստեղ անշուշտ ավարտվում է թուրքական «հյուրընկալության» եւ «բարյացակամության» սահմանափակ գործողությունը:
Մինչ, թուրքական սպառնալիքները ամեն անգամ, որ Միացյալ Նահանգների օրենսդիր մեկ հասատատության հանձնախումբն ու ենթահանձնախումբը ցեղասպանության ճանաչման բանաձեւ են որդեգրում` հղելու համար իրենց գերադաս ժողովին, թվում է, որ զուտ հայտարարողական մակարդակի վրա են. խորքում ցեղասպանության ճանաչման ուղիների մեջ մնալու այս ընթացքը քաղաքականապես առնվազն չի անհանգստացնում Անկարային, որը բողոքի այսպիսի բեմադրություններ է ցուցադրում նման առիթներով:
Միջանկյալ այս կարծրացումը սակայն չի խանգարում, որ սփյուռքահայության նկատմամբ պաշտոնական Անկարան շարունակի ցուցադրել խաղաղասիրական իր դեմքը: Դավութօղլուի տեսաբանության մանրանկարը կրկնվեց Քեսաբի դեպքում, երբ տասնյակ տարեցներ Քեսաբի դատարկվելու ընթացքում ապաստան գտան Կիլիկիայի Վաքըֆ գյուղում: Թուրքական խոշորացույցների եւ լուսարձակների առատությունը ակներեւ էր` անօթեւան մնացած տարեց քեսաբցիների երեւույթը քարոզչական պետական շահարկումների ենթարկելու իմաստով: «Հրամմեցեք»-ի այս գործողությունը միայն քեսաբահայությանը չէր վերաբերվում անշուշտ: Սիրիայի տագնապի ընթացքում թուրքական լրատվամիջոցներն անպաշտոն ձեւով տարածեցին պաշտոնական լրահոս այն մասին, որ Անկարան քննարկում է Հայաստանի Հանրապետության հետ իր փակած սահմանի ժամանակավոր բացման հնարավորությունը Սիրիայից խույս տված հայերին Թուրքիայի վրայով Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու եւ համապատասխան դյուրություններ ընծայելու համար: Մարդասիրական նպատակների համար այս չկայացած զիջումները դարձյալ ընդհանուր մեծ ծրագրի մաս են կազմում:
Բայց տեսնենք, թե միաժամանակ գետնի վրա ի՞նչ է տեղի ունենում իբրեւ թե սփյուռքահայության կարեւոր կառույցների պատասխանատուների հետ երկխոսության մտած Անկարայի կողմից:
Բոլոր նախադրյալները հուշում էին, որ 100-ամյակի նախապատրաստական աշխատանքները կարեւոր տեղ էին վերապահել Դեր Զորին միջազգային հնչեղություն ապահովելու ուղղությամբ: Նախագահ Սարգսյանը Դեր Զորում հայտարարելուց հետո, որ հայությունը դեռեվս սպասում է իր Նյուրենբերգին, Օսվենցիմը համեմատեց Դեր Զորի հետ` Օսվենցիմի նման Դեր Զորին միջազգային ընկալում ապահովելու ուղղությամբ աշխատանքների նախապատրաստության որոշ կետեր փոխանցելով հանրությանը: Այս բոլորը, երբ դեռեվս Դամասկոս-Անկարա մերձեցման աննախադեպ հանգրվաններ էին արձանագրվում: Դեր Զորը կարեւոր կետ էր Թուրքիայից օժանդակություն ստացած զինյալների համար: Դեր Զորի հայկական կառույցների քանդումը այս պահի առաջնահերթ խնդիրը չէր խաղաղասիրական դիմակ հագած Թուրքիայի համար. բավական էր դրա քաղաքական գործոն դառնալու ընթացքի կասեցումը:
Հայկական Սփյուռքի ժամանակակից պատմության կարեւոր միջավայրեր են նաեւ Քեսաբն ու Հալեպը: Անկարան, ֆինասավորելով զինյալ ծայրահեղականներին եւ տարանցիկ ճամփա տրամադրելով դրանց, մի կողմից պատճառ կդառնա հազարավոր հայերի իրենց բնօրրանից հեռացման, մյուս կողմից` թուրքական իշխանություններին հանձնված տասնյակ տարեցների հոգատարության արարներ է բեմադրում միջազգային հանրային կարծիքին: Մինչ կառավարական ուժերի հակադարձ գործողությունների բացակայությունը հուշում է աշխարհաքաղաքական մակարդակների վրա տարածաշրջանային նոր սահմանագծումների փուլ առ փուլ իրականացման գործընթացի մասին:
Այդ օրակարգը կարող է վերաբերվել նաեւ Հալեպին: Դեպքերի թեժացման կշռույթը մտածել է տալիս, որ Անկարայից ներշնչում ստացող զինյալները նմանատիպ պատկերացումներ ունեին նաեւ հայաշատ Հալեպի մասին` վերասահմանագծումներ իրականացնելու նպատակով:
Փաստը այն է, որ Դեր Զորից Հալեպ, անցնելով Քեսաբից ստացված արդյունքները կարող են տեղավորվել Անկարայի ծրագրած 100-ամյակի նախապատրաստության պարունակում: Թեկուզ որ դեպքերի բուն շարժառիթները աշխարհաքաղաքական տարողություն ունեն եւ ուղղակի հայկական գործոնի նկատմամբ ծրագրեր չեն ընդգծում: Արդյունքն է, որ շատ հանգիստ տեղավորվում է հյուրընկալ հռետորաբանությամբ Դեր Զոր, Քեսաբ եւ Հալեպ ստացող Անկարայի ծրագրերի շրջանակներում:
100-ամյակի շեմին սփյուռքյան հայաթափվող շրջանների ազդեցիկ պատասխանը Հայաստանի Հանրապետության հզորացումը կարող է լինել միայն։ 100-ամյակի, եւ դրանից այն կողմ, բովանդակային եւ գաղափարական օրակարգ է սա հայկական կողմի համար:
Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
Կառավարության նոր կաբինետը կձևավորվի մինչև մայիսի 3-ը
Այսօր երեկոյան ժամը 20:15 տեղի է ունեցել ՀՀԿ գործադիր մարմնի նիստ, որը վարել է ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: Գործադիր մարմնի նիստը տևել է մոտ երկու ժամ, որի ընթացքում քննարկվել են ներկուսակցական, ներքաղաքական, մասնավորապես, կառավարության ձևավորման հետ կապված հարցեր: Նիստի ավարտից հետո այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Գործադիր մարմնի նիստին չի մասնակցել արդեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը:
<<Կառավարության ձևավորման հետ կապված քննարկումներ տեղի ունեցան, ինչպես նաև այսօր մեր քաղաքապետի ծննդյան օրն էր՝ մենք շնորհավորեցինք>>,- ասաց Էդուարդ Շարմազանովը: Կուսակցության գործադիր կառույցի այսօրվա նիստը ապագա կառավարության կազմի վերաբերյալ վերջնական որոշում չի կայացրել: <<Որևէ նախարարի անուն չի որոշվել>>,-ընդգծեց ՀՀԿ մամուլի քարտուղարը:
Քննարկման արդյունքները, ըստ ՀՀԿ խոսնակի, կներկայացվեն օրենքով սահմանված կարգով: Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ քաղաքական ուժերի, մասնավորապես` ԲՀԿ-ի, ՕԵԿ-ի և ՀՅԴ-ի հայտարարություններին` նշելով, որ Հանրապետականը հարգանքով է վերաբերվում յուրաքանչյուր գործընկերոջ որոշմանը: Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ նաև <<Օրինաց Երկիր>> կուսակցության՝ կոալիցիայի մաս չկազմելու վերաբերյալ հայտարարությանը: << Իրենք են որոշում իրենց տեղն ու դերը քաղաքական համակարգում: Մենք հարգանքով ենք վերաբերվում ՕԵԿ-ի հայտարարությանը: Ուզում եմ նշել, որ հավերժ կոալիցիաներ չեն լինում: Յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է որոշում այս կամ այն իրադարձության մեջ ինչպես իրեն դրսևորի>>:
Հարցին՝ անսպասելի՞ էր ՕԵԿ-ի որոշումը, Շարմազանովը պատասխանեց. <<Քաղաքական գործչի համար քաղաքականության մեջ անսպասելի որոշումներ չպետք է լինեն, քաղաքական ուժերը, քաղաքական գործիչները ցանկացած սցենարի պետք է պատրաստ լինեն: Եվ ցանկացած քաղաքական ուժ, որը ներկայացված է ԱԺ-ում և իշխանության մեջ չէ՝ ընդդիմություն է>>:
ՀՀԿ գործադիր մարմնի նիստն այսօր Ազգային ժողովի նախագահի թեկնածուի հարց ևս չի քննարկել:
ԱԺ նոր նախագահի ընտրության հարցը, հավանաբար, կլինի ապրիլի 28-ին մեկնարկելիք եռօրյայում: Համենայնդեպս, այս պահին, ըստ Խորհրդարանի նախագահի ժամանակավոր պաշտոնակտար Էդուարդ Շարմազանովի, Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ որոշման նախագիծ չկա:
Ինչ վերաբերում է ապագա կառավարության հնարավոր կառուցվածքային փոփոխություններին, ապա Խորհրդարանի փոխնախագահը հայտարարեց, որ այս մասին ճիշտ կլինի խոսել` Կառավարության ծրագիրը ներկայացնելուց հետո:
<<Կառավարության նոր կաբինետը կձևավորվի մինչև մայիսի 3-ը, այսինքն` սահմանադրությամբ նախատեսված վերջնաժամկետը>>:
Նաև նշենք, որ գործադիր մարմնի նիստին ընդառաջ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը մոտեցել է գրասենյակի մոտ հավաքված Բուզանդի, Տիգրան Մեծի, Արամի փողոցի բնակիչների հետ, ովքեր պնդում են, որ արդեն վեց տարի է` հայտնվել են փողոցում: Հովիկ Աբրահամյանը խոստացել է ուրբաթ օրն ընդունել նրանց, լսել նրանց պահանջները:
Հանրային խորհրդում Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ քննարկումներ կիրականացվեն









