Բրիտանական The Telegraph պարբերականը օրեր առաջ գրել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 2013թ. մայիսի 9-10-ը Սոչի քաղաք այցելած Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնին նվիրել էր 42 տարվա հնեցված հայկական կոնյակ: Նման պատմությունը մեծ հետաքրքրություն է առաջացրել բլոգերների շրջանում. նրանցից ինչ-որ մեկը հիշել է մամուլում շրջանառված սկանդալային մի պատմությունը՝ հայկական կոնյակի վերաբերյալ:
Ինչպես հաղորդում է “Haqqin.az”-ը, ռուս հայտնի գրող, հաղորդավար Վիկտոր Շենդերովիչը պատմել է Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի`հայկական կոնյակի հանդեպ ունեցած սիրո մասին: Այսպես` 2000-ականների սկզբին ռուսական “Էխո Մոսկվի” ռադիոկայանի խմբագրություն էր այցելել Ադրբեջանի այդ ժամանակվա նախագահ Հեյդար Ալիևը`հարցազրույց տալու համար: Համաձայն ավանդույթի`խմբագրությունը հյուրասիրություն էր կազմակերպել: Բարձրաստիճան հյուրի ժամանումից րոպեներ առաջ Վենեդիկտովը պարզել էր, որ հյուրասիրության սեղանին հայկական կոնյակ էր դրված: Վերջինս վրդովվել էր և պահանջել անմիջապես ադրբեջանական կոնյակ դնել սեղանին:
Երբ սեղանին արդեն ադրբեջանական կոնյակ էր դրված, Հ. Ալիևը գնացել է ընթրիքի սեղանից օգտվելու: Կոնյակը համտեսելուց հետո իրեն ուղեկցողներին հրահանգել էր հեռանալ, և երբ բոլորը գնացել էին, ժպիտով հարցրել էր Վենեդիկտովին. “Իսկ հայկական կոնյակ չունե՞ք”:
Ա. Խաչատրյանի անվ. միջազգային մրցույթը դարձել է Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի անդամ
Մայիսի 9-12-ը Թել Ավիվում անցկացվող Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (WFIMC) 57-րդ գլխավոր վեհաժողովում Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն ընտրվել է որպես WFIMC-ի անդամ։ Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն այսուհետև կանդամակցի մի պատկառելի ու հեղինակավոր երաժշտական ընտանիքի, որի անդամ են այնպիսի աշխարհահռչակ մրցույթներ, ինչպիսիք են Չայկովսկու անվան, Բրյուսելի Եղիսաբեթ թագուհու անվան, Մոնրեալի երաժշտական միջազգային մրցույթները։
Միջազգային երաժշտական այս կառույցը հիմնադրվել է 1957 թվականին։ Այսօր համաշխարհային այս ֆեդերացիային անդամակցում են աշխարհի առաջատար 120 երաժշտական մրցույթներ։ WFIMC-ի նպատակն է բացահայտել խոստումնալից և տաղանդավոր երիտասարդ երաժիշտներին։
Մեծ պատիվ է Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի անդամակցումը WFIMC-ին։ Այն նոր հեռանկարներ է բացում և ևս մեկ քայլ է հայկական մշակույթն աշխարհին ճանաչելի դարձնելու ճանապարհին։
Հատկապես ուրախալի է այս լուրը ստանալ Արամ Խաչատրյանի անվան միջազգային 9-րդ մրցույթի նախօրեին, որը կմեկնարկի հունիսի 6-ին Երևանում՝ հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 110-րդ տարեդարձի օրը։
Նշենք, որ Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը դարձել է Հայաստանի այցեքարտը դասական երաժշտության աշխարհում։ Այն մեծ հեղինակություն է վայելում ամբողջ աշխահում և տարեցտարի ավելի լուրջ մրցակցություն է ունենում բավականին հայտնի միջազգային մրցույթների հետ։
Երկրորդ աշխարհամարտում տարած հաղթանակի 68-րդ տարեդարձին նվիրված միջոցառում Ավստրիայում
Մայիսի 5-ին եւ 12-ին Ավստրիայի Լինց քաղաքի մերձակայքում գտնվող Մաուտհաուզենի համակենտրոնացման ճամբարի հուշահամալիրում միջոցառումներ՝ նվիրված երկրորդ աշխարհամարտում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակին: Միջոցառումներին մասնակցեց Ավստրրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը: Դեսպանության կողմից ծաղկեպսակներ զետեղվեցին հուշահամալիրի կենտրոնական հուշակոթողին, խորհրդային ռազմագերիների հիշատակը հավերժացնող հուշարձանին, հայ եւ բախտակից խորհրդային ժողովուրդների ռազմագերիների հուշատախտակներին:
Մայիսի 5-ին Մաուտհաուզենի համակենտրոնացման ճամբարի հուշահամալիրում տեղի ունեցավ նոր թանգարանային սրահի եւ Անվանասրահի բացման պաշտոնական արարողությունը՝ Ավստրիայի Նախագահ Հայնց Ֆիշերի, Խորհրդարանի նախագահ Բարբարա Պրամմերի, փոխվարչապետ եւ ԱԳ նապարար Միխայել Շպինդլեգգերի, ՆԳ նախարար Յոհաննա Միկլ-Լեիթների, կառավարության այլ անդամների մասնակցությամբ: Միջոցառմանը ներկա էին եւ մասնակիցների առաջ ելույթներով հանդես եկան Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին, Հունգարիայի նախագահ Յանոշ Ադերը, Ռուսաստանի Դաշնության Դաշնային պալատի նախագահ Սերգեյ Նարիշկինը, Իսրայելի արդարադատության նախարար Ցիպի Լիվնին, Ամերիկայի Հրեական կոմիտեի գործադիր տնօրեն Դեւիդ Հարրիսը, եվրոպական տարբեր երկրներից ժամանած ճամբարի նախկին ռազմագերիներ:
Ավստրիայի ներքին գործերի նախարարությունը եւ Մաուտհաուզեն հուշահամալիրի ղեկավարությունը դեռեւս 2012թ. նախաձեռնել էր 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ Լինց քաղաքի մերձակայքում գտնվող Մաուտհաուզեն համակենտրոնացման ճամբարում ազատազրկված եւ զոհված շուրջ 15633 ԽՍՀՄ քաղաքացիների ինքնության ճշգրտման գործընթաց` նախկին ռազմագերիների եւ զոհերի հիշատակը հավերժացնող Հիշատակի գիրք տպագրելու եւ հուշահամալիրում Անվանասրահ ստեղծելու նպատակով:
Դեսպանության ջանքերով եւ Հայաստանի պետական մարմինների հետ համագործակցության արդյունքում ճշգրտվել են ցուցակում ընդգրկված թվով 59 հայ ռազմագերիների տվյալները, որոնց անունները տեղ են գտել Անվանասրահի հուշատախտակներում եւ ցուցասրահի հիշատակի գրքում: Հիշատակի գրքի ամբողջական հրատարակումը ծրագրված է 2014 թվականին:
Բացի այդ՝ դեսպանությունը Հայաստանի կենտրոնական զինվորական կոմիսարիատից ստացել էր համապատասխան անձանց վերաբերյալ արխիվային փաստաթղթեր, մասնավորապես 5 հայ ռազմագերիների լուսանկարներ, անձը հաստատող փաստաթղթեր եւ հավելյալ տվյալներ, որոնք արդեն իսկ ներառվել են եւ առաջիկայում էլ զետեղվելու են Ավստրիայի Ներքին գործերի նախարարության եւ հուշահամալիր-թանգարանի տեղեկատվական հրատարակություններում: Մասնավորապես, ՄԱՈՒՏՀԱՈՒԶԵՆ տեղեկատվական ամսագրի մայիսյան թողարկման մեջ հատուկ առանձնացվել եւ զետեղվել է Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղից զորակոչված եւ 1945 թ. ապրիլի 22-ին համակենտրոնացման ճամբարում իրենց մահկանացուն կնքած Վանուշ եւ Արսեն Հարությունյան եղբայրների լուսանկարը:
Ռեյհանլըում տեղի ունեցած պայթյունների գործով ձերբակալվել է Թուրքիայի 9 քաղաքացի
Սիրիային սահմանամերձ թուրքական Հաթայ նահանգի Ռեյհանլը բնակավայրում տեղի ունեցած պայթյունների գործով ձերբակալվել է Թուրքիայի 9 քաղաքացի:
Ինչպես հաղորդում է “Սաբահ”-ը, այդ մասին հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Բեշիր Աթալայը: “Այս պահին 9 մարդ ձերբակալվել է: Բոլորը մեր քաղաքացիներ են: Նրանք խոստովանել են իրենց հանցանքը”, ասել է Աթալայը:
Ներկայումս զոհերի թիվն արդն հասել է 46-ի: Նրանցից 38-ի մարմիններն արդեն ճանաչվել են. 35 -ը Թուրքիայի քաղաքացիներ են, երեքը` սիրիացիներ:
Հիշեցնենք, որ Ռեյհանլը բնակավայրում մայիսի 11-ին 4 պայթյուն էր որոտացել: Այս քաղաքում է ապաստան գտել սիրիացի փախստականների մեծ մասը:
Թուրքիայում 25 կգ կշռող պայթուցիկ է հայտնաբերվել
Թուրքիայում՝ Անկարա-Մերսին ավտոճանապարհին, մի պարկ է հայտնաբերվել, որի մեջ 25 կգ կշռող պայթուցիկ է եղել, հաղորդում է թուրքական “Սաբահ” օրաթերթը։
Պայթուցիկը հայտնաբերել է բեռնատար մեքենայի վարորդը, ով անցնելիս է եղել այդ ճանապարհով։
Ըստ օրաթերթի`եթե պայթուցիկը չհայտնաբերվեր, ապա այն կարող էր լուրջ կորուստների պատճառ դառնալ։
Դեպքի վայրում հայտնաբերված 25 կիլոգրամանոց պայթուցիկն ուղարկվել է Թուրքիայի անվտանգության ուժերի մասնագետներին, ովքեր էլ հետաքննություն են սկսել։
Թալիբանը ազատ է արձակել 4 թուրք գերու
Աֆղանական Թալիբանի շարժման խոսնակ Զեբիհուլահ Մուջահիդը լրատվամիջոցներին ուղարկած էլեկտրոնային նամակով հայտնել է, որ անցած ամիս գերի վերցված 8 թուրք քաղաքացուց 4-ին ազատ են արձակել, որպես «բարի կամքի դրսևորում», իսկ մյուս 4-ին էլ բաց կթողներն մոտ ժամանակներում: Մուջահիդը տեղեկություն չի տվել թուրքերի հետ միասին գերության մեջ գտնվող աֆղան թարգմանչի, մեկ ռուս և երկու ղըրղըզ օդաչուների ազատ արձակման մասին:
Թուրք քաղաքացիները Աֆղանստանում մի նախագիծ իրականացնելու համար ապրիլի 21-ին Խոսթա քաղաք ուղղաթիռով գնալիս հարկադրված վայրէջք էին իրականացրել երկրի հարավում գտնվող Լոգարի շրջանի Մանգել հովտում և գերի վերցվել Թալիբանի կողմից: Ինչպես հաղորդում է Anadolu» գործակալությունը՝ նրանցից 4-ը երեկ ազատ են արձակվել: Նրանց տարել են մայրաքաղաք Քաբուլում գտնվող թուրքական դեսպանատուն:
Հարավային Կորեայի նախագահը հեռացրել է իր մամլո քարտուղարին սեռական ոտնձգության համար
Հարավային Կորեայի նախագահ Պակ Կըն Հեն ԱՄՆ կատարած պաշտոնական այցի ժամանակ աշխատանքից հեռացրել է իր մամլո քարտուղար Պակ Յուն Չժան Չժունին, որը մեղադրվել է սեռական ոտնձգության մեջ:
«Anadolu» գործակալությունը, վկայակոչելով «Yonhap» լրատվական գործակալությանը, հայտնում է, որ Վաշինգտոնի ոստիկանությունը մամլո քարտուղարին մեղարդել է հարավկորեական դեսպանատան 21-ամյա կորեական ծագմամբ աշխատակցուհու նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու մեջ: Միջաեպի առնչությանմբ հետաքննություն է սկսվել: Աշխատանքից ազատված Պակ Յուն Չժան Չժունը առաջին ինքնաթիռով վերադարձել է հայրենիք: Վերջինս մամլո ասուլիսի ժամանակ հերքել է իրեն առաջադրված բոլոր մեղադրանքները և նշել, որ հայց կներկայացնի ԶԼՄ-ի դեմ, որոնք իր մասին սխալ տեղեկատվություն են տարածել:
Ադրբեջանում դատարանը պարտադրել է “Ազատություն” ռադիոկայանի թղթակցին տուգանք վճարել`իր լրագրողական աշխատանքը կատարելու համար
Իսմայիլլիի շրջանային դատարանը (Ադրբեջան) “Ազատություն” ռադիոկայանի շրջանային թղթակից Ազեր Ալիին դատապարտել է 200 մանաթ չափով տուգանքի`իր լրագրողական աշխատանքը կատարելու համար: Նման պատժի է արժանացել նաև Ադրբեջանի ազգային ճակատ ընդդիմադիր կուսակցության ակտիվիստ Վուգար Գադիրովը:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Contact.az” կայքը, նրանք ձերբակալվել էին Ադրբեջանի Իմիշլի քաղաքում մայիսի 10-ին` “Դեպո” թաղամասի բնակիչների կողմից կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ: Բնակիչները, ի նշան արոտավայրերի բացակայության դեմ բողոքի, 150 գլուխ անասուն էին դուրս բերել քաղաքի կենտրոն:
Ոստիկանության աշխատակիցները փակել էին այդ երթի ճանապարհը Հեյդար Ալիևի պողոտայում, իսկ լրագրողի աշխատանքին` խոչընդոտել: Ալին, Գադիրովը և մի քանի այլ անձինք ձերբակալվել էին և 5 ժամ անցկացրել ոստիկանության բաժնում:
Փաստաբան Անար Գասըմլըն հայտարարել է, որ դատական վճիռը բողոքարկվելու է վերաքննիչ դատարանում:
Առաջին բուժօգնություն երեխային
Եթե երեխան վիրավորվում է, մեղքը հիմնականում ծնողներինն ու մեծահասակներինն է, քանի որ անտեսում ենք անվտանգության տարրական նորմերը:
Ծանոթ պատմություն է. մայրը տաք կաթսան կամ թեյնիկը թողել է սալօջախի ծայրին, կամ հայրիկը եռման սուրճը թողել է սեղանին ու անուշադրության մատնել: Իսկ փոքրիկներին միշտ էլ չափազանց հետաքրքրում է, թե այդ ինչ են անում մեծերը, ինչ են ուտում կամ խմում: Ու նման ճանաչողական փորձերը հիմնականում անցանկալի ավարտ են ունենում: Երեխան հետաքրքրասիրության հետևանքով այրվածքներ է ստանում, թունավորվում, վնասվում:
Թողնենք մեծերին խորհուրդ ուղղելը, որ պետք է անվտանգություն ապահովել փոքրիկի համար, չէ որ նրա հետաքրքրությունների ու ճանաչողության, իմացության ծարավն այդ տարիքում անսահման է: Բնականաբար, անցանկալի է երեխային պատահող յուրաքանչյուր բան, որը կարող է նրան ցավ ու հետագայում էլ տհաճություն պատճառել: Ամեն մարդ, անկախ մասնագիտությունից, պետք է իմանա, թե ինչ կերպ կարող է առաջին օգնություն ցույց տալ տուժած փոքրիկին:
Ուրեմն, եթե երեխան նման արարքի հետևանքով, ասենք, վնասել է գլուխը, ապա պետք է նրան ուղիղ, հարթ տեղ պառկեցնել, վնասված մասին սառը թրջոց դնել ու տաքանալուն պես կրկին արագ-արագ փոխել այն: Եթե երեխան գլխապտույտ ու սրտխառնոց ունի, ապա անմիջապես շտապօգնություն կանչեք:
Եթե երեխան ինչ-որ բանից այրվածք է ստացել (տաք կաթսա, ջուր, սուրճ), ապա առանց հապաղելու այրված հատվածը սառը ջրով ցողեք, ինչը կմեղմի ցավն ու մրմուռը: Առաջին բուժօգնության որակից էապես կախված է այրված հատվածի ապաքինումը: Իսկ երբեմն ժամանակը կորցնելու, ինչպես նաև այրվածքների հետևանքով առաջացած բարդությունները կարող են ծանր հետևանքներ ունենալ:Լինում են դեպքեր, երբ ոչ գրագետ օգնության պատճառով պատահարը մահվան ելքով է ավարտվում: Այրվածքային հիվանդությունները ծանր ընթացք են ունեում: Վնասված հյուսվածքների վերականգնումը շատ ժամանակ է պահանջում: Փոքրիկ հիվանդը ցավեր է ունենում, իսկ ամենից շատ այրվածքների հետևանքները ծանր են տանում 24 ամսականից փոքր երեխաները:
Ուրեմն, եթե երեխան այրվածք է ստացել, ապա հարկավոր է առաջին հերթին հանել հագուստը, եթե այն կա, ապա, հանգստացնող որևէ միջոց տալ: Յուղոտ քսուքներ կիրառելը ճիշտ չէ այդ պահին, քանի որ մաշկի վրա կարող է հաստ պաշտպանական թաղանթ գոյանալ, որը կփակի օդի մուտքը, հետևաբար վերքը չի հովանա: Չի կարելի նաև ձիգ փաթաթել այդ հատվածը: Ուրեմն, եթե այրվածքի հետ գործ ունեք, ապա պետք է դրա վրա մաքուր, խոնավ վիրակապ դնել` առանց կապելու: Բացի այդ, այրվածքից առաջացած բշտերը ոչ մի դեպքում չի կարելի ծակել կամ տրաքացնել: Եթե այրվածքը խորն է, ապա շտապօգնություն կանչեք: Մինչ այն տեղ կհասնի, այրված հատվածը ստերիլ թանզիֆով ծածկեք: Որևէ բան ցանել կամ քսել հարկավոր չէ:
Եթե փոքրիկի շնչափողի մեջ մանր իր է ընկել, ապա փորձեք նրան ինչ-որ հազացնող միջոց տալ, ու եթե իրի պատճառով հազում է, ապա ոչ մի դեպքում մի փորձեք հազը կանգնեցնել: Երեխային գլուխը կախած դիրքով հենեք ձեր ծնկներին և թեթևակի թփթփացրեք թիկունքին: Այս դիրքը հնարավորություն կտա ազատվելու օտար մարմնից: Եթե չստացվի, ապա շտապօգնություն կանչեք:
Եթե երեխան լվացքի հեղուկ կամ քացախ է խմել, ապա մինչ շտապօգնության գալը երեխային շատ ջուր կամ հանքային ջուր խմացրեք, այնքան, որ նա կարողանա փսխել:
Եթե փոքրիկն ականջի մեջ իր է մտցրել, ապա մի փորձեք ինքնուրույն հանել այն, քանի որ չի բացառվում, որ վնասեք թմբկաթաղանթը: Դա պետք է անի միմիայն բժիշկը: Իսկույն երեխային տարեք բժշկի: Եթե երեխան կոճակ է մտցրել քթի մեջ, ապա ազատ քթանցքը սեղմեք ու թողեք, որ երեխան քթով ուժեղ արտաշնչի: Եթե իրը խորը չի մտել, ապա դուրս կգա անմիջապես, իսկ եթե չստացվի, ապա բժիշկ կանչեք ու հետևեք, որ երեխան այդ ընթացքում շնչի միայն բերանով, հակառակ դեպքում հնարավոր է, որ ներշնչման հետ այն ավելի խորը գնա:
Եթե փոքրիկն ինչ-որ բանով ինքն իրեն վնասել է, կտրել է կամ էլ քերծել, ապա վնասված մասն իսկույն մշակեք ջրածնի գերօքսիդով: Վերքի եզրերը բրիլիանտի կանաչով մշակեք, ապա վիրակապ դրեք: Եթե վերքը խորն է, ապա դիմեք մասնագետի:
Եթե երեխան դեղահաբ է կուլ տվել, ապա շատ արագ երեխայի մոտ փսխում առաջացրեք: Դրա համար մատի վրա խոնավ անձեռոցիկ փաթաթեք ու սեղմեք լեզվարմատի մոտ: Փորձեք երեխայից իմանալ, թե ինչ դեղ է կուլ տվել ու քանի հատ: Եթե երեխայի մոտ քնատություն է առաջանում, թուլություն կամ էլ գրգռվածություն, ապա դա թունավորման նշան է, իսկույն շտապօգնություն կանչեք:
Եթե փոքրիկը ինչ-որ իր է կուլ տվել, ապա, եթե այն կլոր է` չի վնասի կերակրափողն ու մի քանի ժամից կղանքի հետ դուրս կգա, իսկ եթե իրը սրածայր է, ապա հնարավոր է, որ այն վնասի կերակրափողը , աղիքները կամ ստամոքսը: Եթե երեխան բողոքի փորացավից , ապա անպայման շտապօգնություն կանչեք: Ոչ մի դեպքում լուծողական չտաք:Կերակրեք խորոված խնձորով, կարտոֆիլի խյուսով, ապուրներով :
Հետևեք երեխաներին, նրանց հասանելի մակերեսներից ու տարածքներից հեռացրեք վտանգ ներկայացնող ամեն ինչ:
Հետաքրքիր փաստեր
- Պարզվում է` մեր մոլորակի վրա յուրաքանչյուր երրորդ երեխան լույս աշխարհ է գալիս կեսարյան հատման եղանակով:
- Նորածինների միայն 10%-ն է լույս աշխարհ գալիս նշված ժամանակին, մնացածները կա՛մ շուտ, կա՛մ ուշ են ծնվում:
- Ամենաշատ ծնունդներ լինում են երեքշաբթի օրը, ամենաքիչը` շաբաթ ու կիրակի:
- Երկվորյակներ հիմնականում ծնվում են այն ընտանիքներում, որտեղ նախորդ սերունդներն ունեցել են երկվորյակ: Միջինը` մայրերի 3%-ն է երկվորյակ ունենում:
- Ծննդաբերությունների թվով ռեկորդակիր է համարվում բրիտանացի Էլիզաբեթ Գրինհիլը: Նա ծննդաբերել է 38 անգամ, լույս աշխարհ է բերել 7 տղա և 32 աղջիկ:
- Ամենաշատ երեխա ունեցել է ռուս գյուղացի Ֆեդորա Վասիլևան, որը, պաշտոնական տվյալների համաձայն, 69 երեխա է ունեցել 1725-1769 թթ.: Կինը ծննդաբերել է 27 անգամ, ունեցել 16 երկվորյակ, 7 եռյակ և 4 անգամ` քառյակ:
- Ամենախոշոր երեխան ծնվել է 10,2 կգ քաշով ու 76 սմ բոյով: Նրա մայրն իտալուհի Կարմելինա Ֆեդելեն էր:
- Ամենափոքրիկ երեխան ծնվել է Իլինոյս նահանգի Լոյոլի համալսարանի բժշկական կենտրոնում: 2004-ին ժամանակից շուտ լույս աշխարհ եկավ 260 գ քաշով աղջիկ: Նա արդեն մեծացել է ու հասակակիցներից չի տարբերվում:
- Հղիի հարպտղային հեղուկն այնքան աղի է, որքան օվկիանոսի ջուրը:
- Աշնանն ու ձմռանը բեղմնավորած երեխաներն ավելի բարձր ինտելեկտ են ունենում, քան տաք եղանակին բեղմնավորածները:
- Արտամարմնային բեղմնավորման արդյունքում ծնված երեխաներն ամենից շատ Ավստրալիայում են:
- Կորեայում ներարգանդային կյանքը տարիք է համարվում: Հետևաբար, կորեացիները փաստաթղթերով մեկ տարով իրենց այլ երկրների հասակակիցներից մեծ են:
- Իսկ Հնդկաստանում երեխայի ծննդյան օր է համարվում նրան բեղմնավորելու օրը:
«Հաղթանակած նախագահ» Տեր-Պետրոսյանը հայ ազգին մի քանի անգամ կծախեր. մամուլ
Վերջին տարիներին ՀՀՇ-ական շրջապատը հանկարծ սկսեց խոսել Լևոն Տեր-Պետրոսյանի, այսպես կոչված, ռազմական հաղթանակներից՝ նրան համարելով «հաղթանակած նախագահ»: Ի դեպ, օրերս էլ Վազգեն Մանուկյանն էր նկատել, թե Տեր-Պետրոսյանի հաղթանակներից առաջին անգամ խոսվեց 2008-ին, երբ նա վերադարձավ քաղաքականություն ու դրեց իր թեկնածությունը: Ի վերջո, Տեր-Պետրոսյանն ինչ-որ ներդրում ունեցե՞լ է Շուշիի հաղթանակում: Այդ մասին գրում է «Հայոց աշխարհ» թերթը:
Պատասխանելով պարբերականի այս հարցին՝ Արցախի Ինքնապաշտպանության ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը (Ագոն) ասաց.
«Շատ կարևոր հարց եք բարձրացնում, ցավալին այն է, որ կեղծարարներն ամեն ինչ այնպես են խճճել, որ երբեմն դժվար է լինում հասկանալ՝ ով ով է: Շատ ճիշտ է ասել Վազգեն Մանուկյանը: Հարցին այսպես կպատասխանեմ. մեր ազգը շատ հզոր է, ու գիտե՞ք ինչու. ՀՀՇ ղեկավարությունն ամեն կերպ ցանկացավ, որ ազգը պարտվի, թուլանա, բայց նա հաղթեց, ուրեմն այդ ազգը, իրոք, հզոր է:
Եթե Տեր-Պետրոսյանը ցանկանար, մենք այն ժամանակ ավելի շատ հաղթանակներ կունենաինք: Բայց դրա փոխարեն 1992-ին մեր առաջ դրեցին Սոչիի խայտառակ պայմանագիրը, որով մեզ հսկայական զիջումներ էին պարտադրվում, և դա այն դեպքում, երբ հայկական զինուժն իր հայրենիքն ազատագրելով առաջ էր գնում:
Սամվել Բաբայանը 1996թ. ներկա է եղել Երևանում կազմակերպված մի խորհրդակցության, որի ժամանակ Շահեն Կարամանուկյանն ասել է՝ ազատագրված տարածքները կտանք, իսկ հետո, երբ կուզենք՝ հետ կվերցնենք: Հռոմի կայսրե՞րն են, որ երբ ուզենան տան ու հեռ առնեն: Սա նշանակում է, որ վերնախավում չկար հայրենիքի ընկալումը, նշանակում է՝ չէին գիտակցում, որ ամեն մի թիզ հողի համար արյուն է թափվել: Ահա թե ովքեր էին մեր ազգի ճակատագիրը որոշողները: Եվ գիտե՞ք ինչ դժվար էր մեզ համար համար երկու ճակատով կռվելը՝ մի կողմից թուրքի դեմ, մյուս կողմից՝ իշխանության:
Ինչ վերաբերում է Տեր-Պետրոսյանի «հաղթանակած նախագահ» լինելուն, ապա եթե գործը նրան մնար, ուրեմն հայ ազգին մի քանի անգամ կծախեր: Ես զարմանում եմ, որ ժողովրդի մեջ կա մի հատված, որն այդ ամենը մոռացած՝ գնում, կանգնում է նմանների կողքին: Փաստորեն մարդիկ ուզում են, որ իրենց խաբեն»:
«Ազգային գաղափար»
Ի նշան բողոքի`ադրբեջանցին ամբողջությամբ մերկացել է և նստել ոստիկանության շենքի առջև (տեսանյութ)
Ադրբեջանում քաղաքացին, ի նշան Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների ապօրինությունների դեմ բողոքի, մերկացել է:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Contact.az” կայքը, Youtube-ում է հայտնվել մի տեսանյութ, որում երևում է, թե ամբողջովին մերկ տղամարդն ինչպես է նստել Ադրբեջանի Բարդայի շրջանի ոստիկանության շենքի առջև և հայհոյում ճանապարհային ոստիկաններին: Մերկ ադրբեջանցին հայտարարել է, որ իրեն նման հուսահատ քայլի դրդել է Բարդայի ոստիկանապետը, ով իրեն ստիպել է 300 մանաթ վճարել:
Այնուհետև մերկ ցուցարարի շուրջն են հավաքվել պատահական անցորդներ և ոստիկաններ`պահանջելով հագնվել: Ոստիկաններից մեկը հարձակվել է տղամարդու վրա և հարվածել դեմքին: Երկար համոզելուց հետո ադրբեջանցին որոշում է հագնել կիսավարտիքն ու հայտարարում է, որ մերկ ակցիան շարունակելու է այլ վայրում:
Ադրբեջանական “Թուրան” գործակալության հետ զրույցում Բարդայի ոստիկանության ներկայացուցիչները որևէ կերպ չեն մեկնաբանել կատարվածը: Հայտնի չէ տղամարդու ինքնությունն ու քայլերի հստակ դրդապատճառը: Ադրբեջանի ՆԳՆ-ը հետաքննություն է սկսել:
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը վերսկսել է մարզումները
Մայիսի 30-ից մինչև հունիսի 9-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կկայանա բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը: Ծաղկաձորում կազմակերպված ուսումնամարզական պարապմունքներից հետո, Հայաստանի հավաքականն այսօր Երևանում վերսկսեց մարզումները: Հետո նախատեսվում է մայիսի 19-29-ը Կիևում համատեղ ուսումնամարզական հավաք անցկացնել` Ուկրաինայի, Ֆրանսիայի, Իռլանդիայի և այլ երկրների հավաքականների հետ:
Թիմի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը նախատեսել է Եվրոպայի առաջնությունում ռինգ դուրս բերել 7 բռնցքամարտիկի:
Նախապատրաստվում են Մինսկում Հայաստանի պատիվը պաշտպանել Հովհաննես Դանիելյանը (49 կգ), Նարեկ Աբգարյանը (52 կգ), Արամ Ավագյանը (56 կգ), Հովհաննես Բաչկովը (60 կգ), Արա Պուլուզյանը (64 կգ), Արման Հովիկյանը (75 կգ) և Արմեն Սիմոնյանը (+91 կգ):
Կնոջը հեռացրել են ինքնաթիռից, քանի որ նա անընդհատ երգում էր Ուիթնի Հյուսթոնի երգը (տեսանյութ)
Ամերիկյան ավիաուղիների օդաչուն ստիպված արտակարգ վայրէջք է կատարել, որպեսզի ինքնաթիռից իջեցնեն ուղևորներից մեկին, որը անընդհատ երգում էր Ուիթնի Հյուսթոնի հայտնի I Will Always Love You երգը:
Լոս Անջելես-Նյու Յորք թռիչքից կարճ ժամանակ անց սկսվել է կնոջ սոլո կատարումը և նյարդայնացրել մյուս ուղևորներին ու օդաչուին:
Օդաչուն ստիպված է եղել վեց ժամ տևող թռիչքի կեսից արտակարգ վայրէջք կատարել Կանզաս քաղաքում, որպեսզի աշխատակիցները ինքնաթիռից հեռացնեն կնոջը:
Չնայած անձնակազմի անդամները թույլ չէին տալիս ուղևորներին նկարել, այնուամենայնիվ նրանցից մեկը հասցրել է մի քանի վայրկյան նկարել, երբ կնոջը հանում էին ինքնաթիռից` 1990-ականների փոփ երգը երգելով:
Կնոջը հարցաքննել են և բաց թողել առանց որևէ տուգանքի:
Այս երգը առաջին անգամ կատարել է Դոլլի Փարթոն 1974թ-ին և մեծ հռչակ է վայելել այս երգի շնորհիվ, սակայն երգը համաշխարհային հիթ է դարձել Ուիթնի Հյուսթոնի կողմից կատարվելուց հետո: Երգը Հյուսթոնը կատարեց 1994թ-ին որպես Bodyguard ֆիլմի սաունդթրեք, որից հետո Գրեմմի մրցանակաբաշխության ժամանակ այն ճանաչվեց տարվա լավագույն ալբոմ, իսկ I will Always Love You սինգլը ճանաչվեց երաժշտության պատմության մեջ կին արտիստի կողմից կատարված բոլոր ժամանակների բեստսելլեր:
Երևանի ավագանու ընտրություններ. Ներգրավվել են որպես մեղադրյալ
Երևան քաղաքի ավագանու ընտրությունների օրը` 2013թ. մայիսի 5-ին, Շենգավիթ վարչական շրջանի թիվ 11/32 և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 08/23 և 07/18 ընտրատեղամասերում մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու, քվեարկության փորձ կատարելու դեպքերի առթիվ ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Մալաթիայի և Շենգավիթի քննչական բաժիններում հարուցված քրեական գործերի շրջանակներում Դ.Մխիթարյանը, Ս.Սերոբյանը և Ղ.Մկրտչյանը ներգրավվել են որպես մեղադրյալ:
Մասնավորապես.
1. Ղ.Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել` Շենգավիթ վարչական շրջանի թիվ 11/32 ընտրատեղամասում մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու համար:
2. Դ.Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել` նույն օրն անցկացվող Երևան քաղաքի ավագանու ընտրությունների ընթացքում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 08/23 ընտրատեղամասում միանգամից երեք քվեաթերթիկներում համապատասխան նշում կատարելու և նշված քվեաթերթիկները քվեատուփը գցելու եղանակով մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու համար:
3. Արագածոտնի մարզի Ոսկեվազ համայնքում հաշվառված և քվեարկելու իրավունք չունեցող Ս.Սերոբյանին մեղադրանք է առաջադրվել` չպարզված ընտրական տեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու, ինչպես նաև` Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 07/18 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն կրկին անգամ քվեարկելու փորձ կատարելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 202-րդ և 203-րդ հոդվածներով` Ղ.Մկրտչյանը և Դ.Մխիթարյանը որպես մեղադրյալ են ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով, իսկ Ս.Սերոբյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ և 34-153-րդ հոդվածներով:
Բաքվի քաղաքապետը, հրաժարվելով իր ծննդյան օրից, կոչ է արել այսուհետև իրեն շնորհավորել Հ. Ալիևի ծննդյան օրը
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի քաղաքապետ Հաջիբալա Աբութալիբովը հրաժարվել է իր ծննդյան օրվանից`մայիսի 13-ից:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Haqqin.az” կայքը, քաղաքապետը կոչ է արել մայիսի 13-ի փոխարեն այսուհետև իրեն շնորհավորել մայիսի 10-ին՝ Ադրբեջանի 3-րդ նախագահ Հեյդար Ալիևի ծննդյան օրը:
“Մայիսի 13-ը ինձ համար սովորական օր է: Տարվա ամենաերջանիկ օրն ինձ համար մայիսի 10-ն է: Հենց այդ օրն էլ իսկական ծննդյան տոն է ինձ համար: Մեր Բաքուն գնալով ավելի գեղեցիկ է դառնում՝ շնորհիվ մեր Հեյդար Ալիևի: Իմ ամենամեծ ցանկությունն ու երազանքը այն է, որ մեր Բաքուն և Ադրբեջանը դառնան աշխարհի ամենագեղեցիկ վայրերը: Հենց դա էլ ինձ համար կլինի իսկական նվեր”,- նշել է Աբութալիբովը:
Երեկ Երևանում մեկ երեխայի և երկու չափահասի են վրաերթի ենթարկել
Մայիսի 12-ին, ժամը 14.50-ի սահմաններում, «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սաֆարյան փողոցի թիվ 4 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 5-ամյա աղջկա, ինչի հետևանքով երեխան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Մայիսի 12-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Կիևյան փողոցի թիվ 5 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 49-ամյա մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Մայիսի 12-ին, ժամը 23.50-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Կոմիտասի պողոտայի և Վրացական փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 65-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ երեք դեպքերի առնչությամբ կատարվում է քննություն:
Նախկինում 5 անգամ դատապարտված կինը բերման է ենթարկվել գողության մեղադրանքով
Մայիսի 12-ին ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները պարզել են, որ նույն օրը, ժամը 17.30-ի սահմաններում, 1970 թ. ծնված, նախկինում 5 անգամ դատապարտված Հերմինե Զ.-ն Սվաճյան փողոցում գործող հագուստի տոնավաճառի մի տաղավարից գողացել է աշխատակցուհու դրամապանակը, որի մեջ եղել է ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար և փաստաթղթեր:
Ժամը 19.30-ին Հերմինե Զ.-ն բերման է ենթարկվել բաժին:
Գողացված գումարը հետ է վերադարձվել տուժողին:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողացված փաստաթղթերը հայտնաբերելու ուղղությամբ:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է նախաքննություն:
Սկսվել է Բելառուսի Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի պաշտոնական այցը Հայաստանի Հանրապետություն
Գյումրիում մահացու վրաերթ կատարած վարորդը ձերբակալվել է
Մայիսի 12-ին, ժամը 22.20-ի սահմաններում, «ԳԱԶել-322132» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրիի Սայաթ-Նովայի փողոցի թիվ 9 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 1974 թ. ծնված Գագիկ Մկրտչյանին և 1937 թ. ծնված Ռիմա Մկրտչյանին:
Պատահարի հետևանքով Ռիմա Մկրտչյանը տեղում մահացել է, իսկ Գագիկ Մկրտչյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Վարորդը ձերբակալված է:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է նախաքննություն:
Բերման են ենթարկվել սպանություն կատարելու նախապատրաստման կասկածանքով. կան ձերբակալվածներ
Մայիսի 10-ին ոստիկանության քրեական հետախուզության, քննչական գլխավոր վարչությունների և Երևան քաղաքի վարչության ծառայողների իրականացրած օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումների շնորհիվ՝ սպանություն կատարելու նախապատրաստման կասկածանքով, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն բերման են ենթարկվել 1958 թ. ծնված Դավիթ Չ.-ն, 1970 թ. ծնված Վարուժան Ք.-ն, 1963 թ. ծնված Արմեն Ս.-ն, 1991 թ. ծնված Կարեն Դ.-ն, 1961 թ. ծնված Սարգիս Զ.-ն, 1930 թ. ծնված Վաչիկ Դ.-ն, 1972 թ. ծնված Արմեն Դ.-ն և 1965 թ. ծնված Վահե Թ.-ն:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից տեղեկացնում են, որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նրանք նախապատրաստվել են սպանելու Գավառ քաղաքի բնակիչ, 1969 թ. ծնված Ռ. Մ.-ին:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 35-104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով հարուցվել է քրեական գործ:
Սարգիս Զ.-ն, Արմեն Ս.-ն, Արմեն Դ.-ն, Վարուժան Ք.-ն, Վահե Թ.-ն և Դավիթ Չ.-ն ձերբակալված են:
ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում նախաքննությունը շարունակվում է:
Մայիսի 10-ին, ժամը 19.10-ին, նշված քրեական գործի շրջանակներում, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումով, ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծառայողների կողմից, զենք-զինամթերք հայտնաբերելու նպատակով, 1930 թ. ծնված Վաչիկ Դ.-ի տնից խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է 5,6 մմ տրամաչափի 21 փամփուշտ, ինքնաձիգի համար նախատեսված օպտիկական սարք, 33 սմ երկարությամբ դանակ, 41 և 98.5 սմ երկարությամբ 2 թուր` պատյաններով:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննության վարչություն՝ նախաքննությունը շարունակելու համար:

