Հավով ապուր (հնդկական խոհանոց)

apur1Բաղադրությունը

100 գ հավի միս

1/2 գլուխ սոխ

1 թ/գդալ կարագ

1/2 թ/գ համեմի սերմ

կարմիր կծու տաքդեղ` 1/2 կտոր

կոճապղպեղ, քրքում, աղ:

Պատրաստման եղանակը

Հավի միսը 20-25 գ կտորների բաժանել, ավելացնել ջուր և աղ ու եռացնել, քափը հավաքելուց հետո եփել մինչև պատրաստ լինելը, ապա միսը հանել արգանակից:

Կծու տաքդեղը, համեմի սերմը, քրքումն ու կոճապղպեղը տրորել, վրան մի քիչ ջուր ավելացնել, որ թթվասերի նման լինի:

Սոխը մանրացնել, կարագով  թեթևակի տապակել ու միսը լցնել վրան: Համեմունքներից պատրաստված թանձրահյութը խառնել  հավի արգանակին ու եռացնել:

Հավի միսն ու սոխը լցնել ապուրի ափսեի մեջ ու վրան ավելացնել արգանակը: Առանձին մատուցում են եփած բրինձը: Ապուրը չպետք է յուղոտ ու կծու լինի:

Ես կուզենայի ձեր սրտերի թագուհին լինել…

nushi20110526053541153Արքայադուստր Դիանայի մահից մի քանի տարի հետո`  2002-ին, ԲիԲիՍի-ի անցկացրած հարցման տվյալներով,  պատմության  100 ամենահայտնի բրիտանացիների ցուցակի առաջին հորիզոնականը զբաղեցրել է  արքայադուստր Դիանայի ազգական սըր Ուինսթոն Չերչիլը (Մեծ Բրիտանիայի վարչապետ),  երկրորդ հորիզոնականում Իզամբարդ Քինգդոմ Բրյունելլն է, ինժեներ, Արևմտյան մեծ երկաթուղին ստեղծողը,  իսկ Արքայադուստր Դիանան այս ցուցակում, որտեղ  Չարլզ Դարվինը, Շեքսպիրն ու, Նյուտոնը համապատասխանաբար զբաղեցրել են 4-րդ, 5-րդ և 6-րդ տեղերը, հայտնվել է 3-րդ հորիզոնականում:

Նրան անվանում էին «ժողովրդական արքայադուստր», «սրտերի թագուհի»: Իսկ նրա հարսանեկան համբույրը 20-րդ դարի լավագույն 10 համբույրներից մեկն է ճանաչվել:

Ավելի քան 15 տարի է անցել  Արքայադուստր Դիանայի ողբերգական մահից, սակայն  նրա անձի վերաբերյալ շշուկներն ու նորանոր բացահայտումները չեն թողնում, որ պատմությունները վաղեմության  փոշով ծածկվեն, իսկ Դիանայի անունը մատնվի մոռացության:

Լեդի Դին իր ծնողների երրորդ դուստրն էր:Հայրը նրա ծնունդով մեծ հիասթափություն ապրեց, քանի որ 700-ամյա ազնվականական  Սփենսր  ազգանվան շարունակության համար ժառանգորդ որդի էր պետք: Դա սկզբում, իսկ հետո Դիանան  հոր սիրելի զավակն էր դառնալու: Շուտով ծնողները որդի ունեցան:  Սակայն երջանիկ մանկությունը  մռայլվեց ծնողների տարաձայնությունների, ապա բաժանության պատճառով: Մայրը, 4 երեխաներին թողնելով հոր մոտ, հեռացավ ուրիշի հետ: Դա  լուրջ  հետք թողեց Դիանայի վրա, աղջիկն ամփոփվեց ինքն իր մեջ. նա  ամաչում էր  մարդկանցից:

Մի առիթով  իր դայակին ասել է.«Ես երբեք իսկական սիրով չեմ ամուսնանա: Եթե վստահ չես սիրուդ մեջ, ուրեմն ստիպված ես բաժանվել: Իսկ ես երբեք չեմ ուզում բաժանվել»:

Ի՞նչ իմանար, որ եթե վիճակված է բաժանվել, ուրեմն ոչինչ չի կարող խանգարել դեպքերի ընթացքին, եթե անգամ արքայական ընտանիքի մասին է խոսքը…

Այս ամուսնության մեջ մենքերեքով էինք, իսկ ես ամբոխչեմ սիրում…

Իսկ երբ եկավ ամուսնանալու ժամանակը, բրիտանացի ֆեմինիստները փորձում էին նրան հետ պահել արքայազն Չարլզի հետ  միությունից:

Այն ժամանակ Դիանան ընդամենը 20 տարեկան էր ու ականջի ետև գցեց Չարլզի ու Կամիլա Փարքերի հարաբերությունների մասին շշուկները: Ինչպես այդ տարիքի յուրաքանչյուր աղջիկ, նա նույնպես  երազում էր իդեալական ընտանիքի մասին:

Եղիսաբեթ  II թագուհին իր որդու համար կին էր ընտրել մանրազնին ու համակողմանի bouquet princess diհետազոտությունների արդյունքում: Աղջիկը պետք է անմեղ լիներ  ու լավ ընտանիքից սերեր, նրա անունը չպետք է արատավորված լիներ ոչ մի սկանդալային կամ սիրային  պատմությամբ: Կամիլա Փարքեր Բոուլզը (աղջկական ազգանունը` Շենդ), որի հանդեպ Չարլզը քնքուշ զգացմունքներ ուներ դեռևս այն ժամանակ,  թվարկված ոչ մի  պահանջը չէր բավարարում: Նախ` նա այդ պահին արդեն ամուսնացած էր, բացի այդ, չոր բնավորության տեր էր, չէր ենթարկվի: Դրա համար էլ լեդի Դիանայի թեկնածությունը պարզապես իդեալական էր. նա  հանգիստ էր, ամաչկոտ, նրա հետ խնդիրներ չէին լինի: Բացի այդ,  արքայազնին մայրը, հայրն ու Կամիլան էին խորհուրդ տվել ամուսնանալ Դիանայի հետ: 33-ամյա արքայազնն անսաց ամենամտերիմ մարդկանց խոսքին ու շուտով առաջարկություն արեց, ինչին հիացած Դիանան պատասխանեց սիրո խոստովանությամբ: Դրան ի պատասխան`  Բրիտանիայի գահաժառանգն արտաբերեց. «Իսկ ո՞վ գիտե, թե ի՞նչ է սերը»:

Սակայն, սա այն ընտանիքը չէր, որի մասին երազում էր երիտասարդ կինը: Դիանան ցանկացած գնով փորձում էր պահպանել ամուսնությունը, ամուսնու հետաքրքրությունն իր հանդեպ: Նա

ոչ մի կերպ չէր կամենում հաշտվել սիրուհու գոյության հետ ու հույս ուներ, որ երեխաների ծնունդը կփոխի իրավիճակը: Ծնվեցին որդիները` Ուիլյամն ու Հարրին: Չարլզը լավ հայր էր, ուշադիր ու հոգատար, բայց   նույնիսկ երեխաների ծնունդը չփոխեց նրա վերաբերմունքը Դիանայի հանդեպ: Նա առաջվա պես անտարբեր էր կնոջ նկատմամբ:

Ամուսնության ամենադժվարին փուլերում Դիանան երկու անգամ փորձեց ինքնասպանություն գործել: Նույնիսկ դա Չարլզի վրա ոչ մի ազդեցություն չունեցավ: Դիանային լսելուց հետո թագուհին խորհուրդ  տվեց հաշտվել իրավիճակի հետ` հայտարարելով. «Չարլզն անուղղելի է»:

Այս չստացված ընտանիքի կամ սիրային եռանկյունու  պատմությունն ընդհատվեց  արքայադստեր ողբերգական մահով:

Տարիներ են անցել, ու ժամանակ առ ժամանակ նյութեր են հայտնվում ոչ միայն արքայադստեր անձնական կյանքի մանրամասներով, այլև նրա հեռավոր հարազատների ծագման վերաբերյալ:

Դրանցից էր տարիներ առաջ  Շրի Լանկայում լույս տեսնող «The Sunday Times» պարբերականում  Հայաստանի մասին հրապարակված նյութը, որում,  ի թիվս այլոց, նշվում է արքայադուստր Դիանայի  հայկական արմատների մասին:

Մեկ այլ աղբյուրի համաձայն` Դիանայի նախնին  ծագումով հայ Էլիզա Կևարքն է Հնդկաստանից, որն  ամուսնացել է  Թեոդոր  Ֆորբսի հետ: Արքայադուստր Դիանան այս ճյուղի 7-րդ սերունդն է (մայրական գծով):   Տեղեկություններ կան, որ  ժամանակին արքայադստեր նախնիների տանն անծանոթ լեզվով նամակներ են հայտնաբերվել, որոնք, ինչպես հետո են պարզել, գրված են Էլիզա Կևարքի ձեռքով, հայերենով` երեխաների ու թոռների համար: Ասում են, որ  ժամանակակիցներն Էլիզային  դիմում էին որպես «տիկին Ֆորբսյան» (ըստ epress.am-ի):

Երբ 1997-ին   Երևանում  արքայադուստր Դիանայի դիմապատկերով դրոշմանիշ է թողարկվում, աշխարհի շատ փորձագետներ  հանկարծ Դիանայի դիմագծերում  հստակ հայկական բան են  նկատում:  Գրում են, թե  նա խառնվածքով հայի նման էր: Թե ինչ նկատի ունեին դա գրելիս, պարզ չէ, գուցե այն, որ  նա ամեն կերպ փորձում էր  պահպանել ընտանիքը, պաշտում էր երեխաներին: Կամ գուցե նրա անմիջականությունը, յուրաքանչյուրի համար հարմար խոսք գտնելու և մխիթարելու հատկությունը, դժվար է ասել: Բայց 2007-ին ֆրանսիական «JDE»  մանկական պարբերականում  լույս է տեսնում մի նյութ, որում գրված է. «… 1997-ի օգոստոսի 31-ին զոհված արքայադուստր Դիանան հայուհիներին հատուկ բնավորություն ուներ, ինչը բացատրվում է նրա հեռավոր հայկական արմատներով: Էլիզա Կևարք, Դիանայի տատուտատն է, հայուհի` Հնդկաստանից…»:

Անցած տարի ռուսական  հեռուստաալիքներից մեկը հաղորդում հեռարձակեց, որում փորձ է արվել կապել պատմական մի քանի փաստեր` ողբերգական ընթացքի նմանությամբ: Նմանատիպ մեկնաբանություններ միշտ են արվում ու դրանց  վարկածից ապացույցի վերածվելու հավանականությունը ժամանակի հետ էլ ավելի է դժվարանում: Սակայն մի հետաքրքիր տեղեկություն գրավեց հեռուստադիտողի ուշադրությունը, որը թերևս կրկին «ապացուցում» է Դիանայի հայկական ծագման վարկածը:

Բոլորն են ճանաչում հայտնի աճպարար  Հարություն Հմայակի Հակոբյանին, որն այլևս կենդանի չէ, ու նրա որդուն` Հմայակ Հակոբյանին: Նա հիմա բնակվում է ԱՄՆ-ում:

Մի անգամ Հմայակին հրավիրում են ելույթ ունենալու. «Ես հիշում եմ, որ 1979-ին աշխատում էի Փարիզի Դիսնեյլենդում, ինձ  հրավիրեցին ելույթ ունենալու արքայադստեր  ու նրա ընկերների առջև, ես իսկույն համաձայնեցի»: Հաղորդման ժամանակ նա  պատմում է, որ իր հեռավոր նախնիները Հնդկաստանում բնակվող հայկական իշխանական տոհմից են  սերում: 1917-ի հեղափոխությունից հետո Հակոբյանների տոհմը ցրվել է ողջ աշխարհով մեկ:

«Համերգից հետո հանդիպեցի Անգլիայում մշտական բնակություն ունեցող բարեկամներիս հետ: Մեր ընդհանուր  նախնիների մասին խոսքուզրույցի ժամանակ հանկարծ բարեկամներս  ինձ համար բացահայտում արեցին` ասելով, որ Դիանան մեր տոհմից է: Նրանք ասացին. «Հմայակ, ախր նա մեր  հեռավոր բարեկամն է»:

Ինչևէ, այդպես է դա, թե ոչ,ազգությամբ հայ լինի Դիանան, թե անգլիացի, մի բան պարզ է` նա մարդկային էր ու սրտացավ: Այդպիսին է հիշում նրան իր երկիրը, ու այդպիսին էլ կմնա  նա իր երկրի ժողովրդի հիշողության մեջ:

Դիանան ժամանակ էր գտնում բարեգործության համար: 1987-ին ողջ աշխարհի մամուլում հայտնվեց այն նկարը, որում Դիանան բռնել է ՁԻԱՀ-ով հիվանդի ձեռքը: Չար լեզուներն ասում էին, որ թագավորական ընտանիքը Դիանային հանձնարարում էր գործունեության այն ոլորտները, որոնցով ինքը չէր ցանկանում զբաղվել:

1997-ի օգոստոսի 31-ին, նա իր նոր ընտրյալի` եգիպտացի մեծահարուստ Դոդի ալ Ֆայեդի հետ (որի հետ պատրաստվում էր ամուսնանալ) վթարի ենթարկվեց Ֆրանսիայում: Ողբերգության հանգամանքները մինչ օրս քննարկվում են:

Նրա հոգևոր մայրապետը` մայր Թերեզան, իմանալով ողբերգության մասին, ասել է. «… Այդ կորուստն ավելին է, քան մարդիկ կարող են պատկերացնել»:

imageԻսկ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերի բնութագրմամբ` Դիանան ժողովրդի սրտում կմնա որպես Ժողովրդական արքայադուստր:

Չկարողանալով նվաճել ամուսնու սերը` Դիանան ավելի կարևոր ձեռքբերում ունեցավ.   սիրո կարիք ունեցողներին ամեն օր նվիրած անսահման զգացման դիմաց` ճանաչում ողջ աշխարհում: Չնայած նա մի առիթով ասել է. «Ես կուզենայի ձեր սրտերի թագուհին լինել, բայց ես ինձ այս երկրի թագուհիչեմ  պատկերացնում»:

Էչևերիա (Echeveria) ,լուսանկարներ

Эхеверии-1Էչևերիան սուկուլենտ բույս է,  հաստլիկների (Crassulaceae) ընտանիքից: Տարածված է Մեքսիկայում, ԱՄՆ-ում (Տեխասից Կալիֆորնիա), Պերուում

Էչևերիա անվանել են ի պատիվ XIX դարի մեքսիկական նկարիչ Ատանասիո Էչևերիա Կոդայի, որը ձևավորում էր   Մեքսիկայի բուսականության վերաբերյալ գրքերը:

Էչևերիան  անցողուն, բազմամյա կարճահասակ բույս է, երբեմն  կիսաթփեր են կարճ ճյուղավորված մսոտ ցողունով: Տերևները դասավորված են խիտ, պարույրաձև` ստեղծելով վարդակ:  Երբեմն տերևի ծայրերին կարելի  է նկատել կարմրավուն նստվածք:  Էչևերիայի տարբեր տեսակները տարբեր պաշտպանիչ ծածկ ունեն`մի մասը մոխրա-սպիտակ նստվածք, մյուսները ` մազմզոտ: Դա օգնում է  բույսին պաշտպանվել արևի  ուղիղ ճառագայթներից:

Ծաղկման շրջանում Էչևերիայի միջից դուրս է գալիս երկար  (երբեմն  մինչև  90 սմ)  ծաղկաբեր, որի վրա առաջանում են վրձնաձև կամ հովանոցաձև ծաղկաբույլեր`կարմրանարնջագույն կամ կարմրադեղին ծաղիկներով:
Ժողովրդի մեջ հաճախ այս բույսը անվանում են “քարե ծաղիկ”,”քարե վարդ”,”կանաչ վարդ”:

Տեսակները

Կան այս բույսի բազմաթիվ տեսակներ, ինչպես Հալվեանման էչևերիա (Echeveria agavoides),  Սպիտակամազ էչևերիա (Echeveria leucotricha), Փայլուն էչևերիա, Կուզածաղիկ էչևերիա, Դերենբերգի էչևերիա, նրբագեղ էչևերիա,Լաուի էչևերիա,Պեակոցկու էչևերիա, բարձաձև էչևերիա,Շոյի էչևերիա և այլն:

Խնամքը

Լուսավորությունը.բոլոր էչևերիաները լուսասեր են, դիմանում են արևի ուղիղ ճառագայթներին, ուժեղ արևի  տակ պաշտպանիչ մոմածածկը ավելի  է հաստանում, որից տերևները դառնում են սպիտակաերկնագույն կամ մոխրաերկնագույն, իսկ ծայրերը կարմրում են, շոգից տերևները հնարավոր է կնճռոտվեն և ամբողջ վարդակը սեղմվի:

Ջերմաստիճանը. Գարնան-ամռան ընթացքում էչևերիան կարող է դիմանալ բարձ ջերմաստիճանի, սակայն լավագույնը մոտ 22-27°С ջերմաստիճանն է: Ձմռանը գերադասում են  0—8°С, բայց  կդիմանա  նաև սովորական բնակարանի ջերմաստիճանին (18-20°С) :

Օդի խոնավությունը. էչևերիան լավ է տանում չոր օդը և կարիք չունի ցողման, դեռ ավելին ցողելը կարող է վնասել նրա արտաքին տեսքին:
Ջրելը. գարնանն ու ամռանը էչևերիային ջրում են չափավոր, ջրելու միջակայքում հողը մինչև թաղարի հատակը պիտի չոր լինի:  Բույսը չի սիրում շատ խոնավություն: Աշնան և ձմռան ընթացքում ջրել  հարկավոր է հազվադեպ: Ջրելու ահազանգ կարող է լինել տերևների ջրազրկումը: Հարկավոր է հետևել, որ ջուրը չընկնի վարդակի մեջ, դա կարող է  բույսը փտեցնել:

Սնուցումը.գարնան-ամռան ընթացքում  էչևերինան պարարտացնում են ամիսը մեկ, կակտուսների համար նախատեսված պարարտանյութերով, նշված չափի կեսով: Աշնանը և ձմռանը չեն սնուցում:

Տեղափոխումը. Բույսը տեղափոխում են  ամեն տարի, թաղարի հատակին հարկավոր է լավ դրենաժ, թաղարները պետք է սաղր լինեն:

Ծաղկումը.լավագույն պայմանները էչևերիայի ծաղկման համար  15—18°С ջերմաստիճանն է և 12-13 ժամյա կարճ օր  50 օրվա ընթացքում:  Տարբեր տեսակների համար կարճ օրերի քանակը կարող է փոփոխվել, իսկ  բույսը պետք է մեծ լինի մեկ տարեկանից:

Բազմացումը. էչևերիան բազմանում է տերևներով, կտրոններով, վարդակներով, սերմերով: Կիսաթփերը`  ծայրի ցողուններով:

Հիվանդություններն ու վնասատուները.Առավել հաճախ վարակվում են  որդերով, ջրի ավելցուկից արմատները փտում են և բույսը մեռնում է, շատ ջրելու հետևանքով առաջանում է նաև բորբոս: Բարձր ջերմաստիճանից վարակվում են թաղիքով և որդնալվիճով:

Ինչո՞ւ են 16 բանասերները միասին ստեղծել «դիվային» շտեմարան

շտեմարանԿրքերը հայոց լեզվի և գրականության շտեմարանի շուրջ թեժացել են

 

2013-ի պետական ավարտական և միասնական քննությունների հայոց լեզվի և հայ գրականության շտեմարանի առաջին հատորի հրապարակումից հետո կրքերը չեն հանդարտվում. աշակերտներն ու բանասերները դժգոհում են շտեմարանի արհեստական բարդությունից և պահանջում վերանայել այն:

Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Անուշ Կարապետյանն ասում է, որ նոր շտեմարանն ավելի շատ ուսուցիչների, քան թե աշակերտների համար է. «Դիվային շտեմարան է: Իրավիճակ է ստեղծվել, երբ անգամ կրկնուսույցին է կրկնուսույց հարկավոր»: Կարապետյանն ասում է, որ շտեմարանում ընդգրկված են հազվադեպ կիրառվող բարբառային բառեր և հնաբառեր, որոնց աշակերտը դպրոցական ուսումնառության ընթացքում երբևէ չի առնչվում: Որպես օրինակ նշում է հետևյալ բառերը` դեդևել, հեթեթալ, այսահար, օրրերգ:

Դժգոհում է նաև գնահատման մեխանիզմներից: Օրինակ` «Ուղղագրություն» բաժնում պահանջվում է տրված բառերով բաղադրյալ հատուկ անուններ կազմել: Եթե աշակերտը պատասխանում նշված թվից գեթ մեկ բառ պակաս կազմի, միավոր չի վաստակի, մինչդեռ աշխատանք է կատարել:

Կարապետյանն ասում է, որ շտեմարանի առաջադրանքները ճիշտ գրելու համար բավարար գիտելիք ունեցող երեխան կունենա բանասիրության ֆակուլտետի շրջանավարտի գիտելիքներ. «Էլ  բուհում ի՞նչ պիտի նրան սովորեցնեն, մանավանդ եթե բանասիրության ֆակուլտետի դիմորդ չէ»:

Մասնագետի կարծիքով` առաջադրանքների բարդացման պատճառն անցած տարվա բարձր գնահատականներն են:  Այս տարվա շտեմարանը որևէ մեկը չի կարող անգիր անել. «Երեխան ոչ միայն առանց կրկնուսույցի, ինքուրույն չի կարող պարապել ու բուհ ընդունվել, այլև այնքան է բարդացել, որ նախկին երկու տարվա փոխարեն հիմա պետք է երեք տարի պարապի»:

Առանց կրկնուսույցի բուհ ընդունվելու անհնարինությունը փաստում է նաև  Մ. Խորենացու անվան թիվ 143 դպրոցի ուսուցչուհի Գայանե Սարգսյանը. «Ո՞ւմ օգնությամբ աշակերտը պետք է պեղի բառարանները»: Նրա կարծիքով`  շտեմարանային առաջադրանքները կոչված են շփոթեցնելու աշակերտին, դժվարացնելու նրա գործը. եթե նախկինում պատասխաններից երկուսը սխալ էին, մեկը ճիշտ և մեկն էլ` ճշմարտանման, ապա ներկայիս շտեմարանում հարցերի զգալի մասը ճշմարտանման է:

Վրիպակներ ու սխալներ կան ոչ միայն շտեմարանում, այլև անգամ կազմին, որտեղ «1-ին մաս» կամ «I մաս» գրության փոխարեն նշված է «1 մաս»:

«Շտեմարանը նահանջել  է իր բուն նպատակից: Մենք պետք է երեխաներին սովորեցնենք սիրել մայրենին, գրագետ լինել, ճիշտ արտահայտել իրենց մտքերը, գեղեցիկ խոսել,- ասում է Սարգսյանը: – Արդյոք շտեմարանն օգնո՞ւմ է աշակերտին: Շտեմարանը երեխայի մեջ տագնապ է առաջացնում, ավելորդ լարում, հուզում: Բոլորս էլ ուզում ենք, որ մեր երեխաները սիրեն մայրենին, բայց հակառակ երևույթն է առաջանում»:

«Զօրհանապազ ոգորումը պետք է հանապազորդել առանց  դեդևելու: Մենք քերովբեներ չենք»

Հայոց լեզվի և գրականության շտեմարանից իրենց դժգոհությունն արտահայտեցին նաև աշակերտները:

12-րդ դասարանցի Գրիշա Էձգերիձեի կարծիքով` շտեմարանն ավելի շատ բթացնելու համար է ստեղծված, քան կրթելու:

12-րդ դասարանցի Աննա Մուրադյանն էլ ասում է, որ մինչ շտեմարանի հրապարակումը, թեստերից կարողանում էր 17-18 միավոր հավաքել, բայց այժմ խուճապի մեջ է և միակ հույսն այն է, որ գոնե անգլերենից բարձր գնահատական ստանա:

Որպես անհեթեթ  հարցի օրինակ` աշակերտները մատնանշում են հետևյալ հարցը. «Ո՞ր շարքում են պատմավեպերի միայն դայակների և աղախինների անունները»: Եվ հարցնում են. «Եթե չենք հիշում Սամվելի դայակի անունը, նշանակում է պատմավեպին ծանոթ չե՞նք»:

Շտեմարանում կան նաև օտարաբանություններ, օրինակ` «Ուղղագրություն» բաժնի բառերից է «մասսա» բառը, որի հայերեն համարժեքն է «զանգված»-ը:

Գրիշան իր դժգոհությունը  նամակի միջոցով ուղարկել է նաև ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին` կից շարադրելով նաև շտեմարանային բառերից կազմված հետևյալ նախադասությունը. «Զօրհանապազ ոգորումը պետք է հանապազորդել առանց դեդևելու: Մենք քերովբեներ չենք»:

Արմեն Աշոտյանը հայտարարեց, որ այդ նախադասությունը շտեմարանի հետ կապ չունի, բայց  խոստացավ, որ քննական առաջադրանքներում անորակ և սխալ թեստեր չեն լինելու: Շտեմարաննները, սակայն, կմնան անփոփոխ:

ԳԹԿ–ն դժգոհությունները չափազանցված է համարում

Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) արտաքին համագործակցության բաժնի պետ Արա Իսպիրյանի կարծիքով` դժգոհությունները հայոց լեզվի և գրականության նոր շտեմարանից չափազանցված են: Ասում է, որ ԳԹԿ-ում հեղինակային խմբի և մասնագետների ներկայությամբ շտեմարանը քննարկվել է, և առանձնացվել  է 21 առաջադրանք, որոնք ենթադրաբար տեղ չեն գտնի քննական թեստում: Որոշումն առաջիկայում կհրապարակվի:

Ասում է, որ մեծ խնդիր չէ, եթե 7 հազար առաջադրանք պարունակող շտեմարանում 50-100 հարց խոտան լինի կամ մասնագետների կողմից ոչ պիտանի ճանաչվի: «Կարևորն այն է, որ շտեմարանը  դեռ քննական թեստ չէ,  և նման հարցերը չեն ընդգրկվի թեստի մեջ»:

Նոր շտեմարանի բարդությունը, ըստ Իսպիրյանի, նույնպես արհեստական չէ: «Շտեմարանի առկայության դեպքում, բնականաբար, գնահատականները բարձրացան, քանի որ բազան բաց է, երեխաները ծանոթ են առաջադրանքներին, պարապում են, անցած տարվա բարձր գնահատականները տրամաբանական էին: Բայց բարդացումն արհեստական  չէ: Այն, որ մի քիչ ավելացել են առաջադրանքները, և  դրանց տեսակն է փոխվել, դա թեստաբանության զարգացման միտումների մեջ է,- ասում է Իսպիրյանը:- Համաշխարհային պրակտիկայում թեստը 3 մասից է բաղկացած. ընտրովի պատասխաններով առաջադրանքներ, կարճ պատասխանով առաջադրանքներ, ինչը ենթադրում է նոր շտեմարանը, և  ընդարձակ պատասխանով առաջադրանքներ: Վերջինս  մեզ մոտ դեռ չի կիրառվում»:

ԳԹԿ ներկայացուցչի կարծիքով` պարզապես դժվարացել է պատահական պատասխան ընտրելու տարբերակը, իսկ իմացող երեխայի համար ձևակերպումը կարևոր չէ:

Իսպիրյանը նշում է, որ նոր տիպի առաջադրանքները կազմելու են 80 հարցանոց թեստի միայն մեկ հինգերորդը և ունենալու են 4 միավորի արժեք, այնպես որ անցած տարվա շտեմարանը լավ յուրացրած դիմորդները կկարողանան վաստակել առավելագույնը 16 միավոր:

Շտեմարանի կողմնակիցների և հակառակորդների «բանակները» օն–լայն պայքար են մղում

Շտեմարանների դեմ պայքարն անցել է նաև օն-լայն հարթակ: Ֆեյսբուք սոցիալական ցանցում ստեղծվել է «Պայքար անորակ շտեմարանների դեմ» էջ: Նախաձեռնության ներկայացուցիչները պահանջում են քննություններն անցկացնել անցած տարվա կարգով` չեղյալ հայտարարելով 2013-ի պետական ավարտական և միասնական քննությունների շտեմարանի նոր հրապարակված հատորները և ուղեցույցը:

Որպես հակակշիռ նշված էջին` ստեղծվել է նաև «Այո շտեմարաններին» էջը, որն էլ կոչ է անում «պայքարել շտեմարաններից անտեղի դժգոհողների դեմ»:

Մինչ հանրությունը  իրական ու վիրտուալ աշխարհներում դժգոհում է ու պահանջում փոփոխել շտեմարանային առաջադրանքները, լույս տեսավ նաև երկրորդ հատորը, որն առաջադրանքների բնույթով նման է առաջինին: Շուտով կհրապարակվի նաև 5-րդ հատորը, որը կամփոփի 2011-ի շտեմարանի առաջին և երկրորդ հատորները: Իսկ նախորդ տարվա շտեմարանի 3-րդ և 4-րդ հատորներն ուժի մեջ են: Ընդհանուր առմամբ շտեմարանի 5 հատորներում զետեղված կլինի 7 հազար առաջադրանք` նախորդ տարվանից 2 հազարով ավելի:

Շտեմարանի  հեղինակներն են Փառանձեմ Մեյթիխանյանը, Աշխեն Ջրբաշյանը, Ալբերտ Մակարյանը, Ռիտա Սաղաթելյանը, Մարիամ Կուլախսզյանը, Պետրոս Կարեյանը, Անիչկա Ղազարյանը, Միրցա Հալաջյանը, Աննա Աբաջյանը, Լեոնիդ Թելյանը, Սամվել Մուրադյանը, Ռուբեն Սաքապետոյանը, Գայանե Խալաթյանը, Գայանե Մկրտչյանը, Արշալույս Գալստյանը, Վաչագան Ավագյանը:

Հ.Գ.

Նյութն արդեն պատրաստ էր, երբ հրապարակվեց ԳԹԿ որոշումը շտեմարանի վերաբերյալ: Ըստ այդմ` «Հայոց լեզու և հայ գրականություն»  առարկայի շտեմարանի 5-րդ հատորում կզետեղվեն բոլոր շտեմարաններում տեղ գտած վրիպակների, պատասխանների սխալների ու առաջադրանքների սխալ ձևակերպումների ուղղումները: Ինչպես նաև շտեմարանի 1-ին և 2-րդ հատորներից կհանվեն առաջադրանքները, որոնցում առկա են  զօրհանապազ, տարրույթ, մրտիմ, դաստառակ, փսփսուկ/ք, քսուկ/ք, ազազուն, պարեխ, կայլակ, տմույն, բարեմույն, գուլ, գուբ, հույլ, հեղ, պարտասուն, մուշկ, պարիկ, մաշտոց, անդրենածին, կնդրուկ, արհավրալի բառերը:

Սիրային նամակներ Մորզեի այբուբենով…

«Մորզեի այբուբենը մի անգամ սովորեցիր` էլ մոռանալ չկա. մինչև կյանքի վերջը կհիշես: 20 տարվա ընդմիջումից հետո էլ ականջս անմիջապես որսում է ազդանշանները»,- ասում է 62-ամյա Ելենա Միկոյանը:

Երբ պատահաբար ֆիլմերում Մորզեի այբուբենով հաղորդագրություն են փոխանցում, այլոց ականջի համար անիմաստ ճտպտոցից տիկին Ելենան անմիջապես զգաստանում է, ու մինչ ֆիլմում հաղորդագրությունը կբարձրաձայնեն, Մորզեի այբուբենի մասնագետն ինքն է ապակոդավորում հաղորդագրությունը:

«Սա միջազգային լեզու է, հաղորդագրությունը նույնությամբ հասկանում եմ թե՛ ես, թե՛ անգլիացին, թե՛ որևէ այլ ազգի ներկայացուցիչը, պետք է ընդամենը Մորզեի այբուբենն իմանալ,- ասում է տիկին Ելենան:- Հիմա մեկին որ տեսնում ենք, թե ինչպես է սահուն օտար լեզվով խոսում, ինչպես ենք հիանում, նա էլ հպարտանում է, նույնը և իմ պարագայում. շրջապատի մարդիկ հիանում էին, որ ես իրենց համար անիմաստ ճտպտոցն իմաստավորում եմ, ես էլ հպարտանում էի, որ գիտեմ լեզու, որին մյուսները չեն տիրապետում»:

Դպրոցն ավարտելուց հետո ուսումնարան է ընդունվում, սակայն հաշվապահի մասնագիտությունը կիսատ է յուրացնում. հայրը դեմ էր դստեր ընտրած մասնագիտությանը: Հենց այդ ժամանակ էլ Մարտունիում պետք է օդանավակայան բացվեր, սակայն մասնագետ աշխատակիցներ չկային: Ելենային Երևան են գործուղում` ռադիստի մասնագիտությունը սովորելու: Նախատեսված 6 ամսվա փոխարեն Ելենան 3 ամսում յուրացնում է Մորզեի այբուբենը և Մարտունի վերադառնում:

Ասում է, որ Մորզեի այբուբենին տիրապետելու համար մարդ պետք է դիմացկուն լինի ու մինչև վերջ գնալու կամքի ուժ ունենա. «Կան չէ, մարդիկ, որ օտար լեզու են ուզում սովորել, բայց համբերությունը չի հերիքում մինչև վերջ հասնելու: Նման մի օտար լեզու էլ Մորզեի այբուբենն է»:

Երբ սիրած տղային բանակ են զորակոչում, վերջինս Ելենային խնդրում է իրեն նամակներ գրել: Սիրահար զույգը միմյանց հետ կապ պահպանելու յուրօրինակ լուծում է գտնում: Ծառայության առաջին ամիսներին Ելենան իր սիրեցյալին սովորեցնում է Մորզեի այբուբենը, ապա միմյանց նամակներ են գրում այդ այբուբենով` իրենց համար իմաստավորված, այլոց համար անիմաստ կետեր ու գծեր:

Ամուսնանալուց հետո, ընտանեկան հանգամանքներով պայմանավորված, Ելենան ցանկանում է թողնել աշխատանքը օդանավակայանում, սակայն ղեկավարությունը չի ցանկանում կորցնել  իր լավագույն աշխատակցին: Ամուսնուն էլ են աշխատանքի ընդունում օդանավակայանում, Մարտունիում էլ ամուսիններին բնակարան են հատկացնում, որպեսզի Ելենան շարունակի աշխատել որպես ռադիստ:

«Միշտ զգոն եմ եղել, որ հանկարծ սխալ բան չհաղորդեմ, անգամ մի փոքր սխալը կարող էր ողբերգության պատճառ դառնալ: Գիտակցությունը, որ քեզանից այլոց կյանքերն են կախված, պարտավորեցնում է»,- ասում է նա:

Եվ նույն զգոնությամբ ու պատրաստակամությամբ տիկին Ելենան 12 տարի շարունակ օրական 10-12 չվերթ է սպասարկել:

«Անփորձանք ծառայություն ենք իրականացրել, բայց մի անգամ դեպք պատահեց,- հիշում է տիկին Ելենան:- Երեկոյան վերջին թռիչքն էր, ինքնաթիռը բարձրացավ, ես էլ հաղորդեցի Երևանին «Всем, всем, следите…» ու կանգ առա. ինքնաթիռը մի քանի մետր բարձրանալուց հետո վայր ընկավ: Անմիջապես SOS հաղորդեցի, մի քանի րոպեից Երևանից 3 ինքնաթիռ ժամանեց: Բարեբախտաբար զոհեր չկային, մի քանի ուղևորներ թեթև վնասվածքներ էին ստացել: Բայց ինքնաթիռը շարքից դուրս էր եկել, 12 տեղանոց թեթև ինքնաթիռ էր: Օդաչուին մեկ տարի հարկադիր աշխատանքի դատապարտեցին, երկրորդ օդաչուին էլ երկու տարով զրկեցին թռչելու իրավունքից»:

Խորհրդային տարիներին աշխատակիցներին խրախուսելու համար պարբերաբար մրցույթներ էին կազմակերպվում` պարզելու, թե ով կարող է րոպեում ավելի շատ թվեր ու տառեր որսալ և հաղորդել:

Տիկին Ելենան բոլոր մրցույթներից մրցանակներով է վերադարձել: «Եթե մրցույթին ես մասնակցում էի, ուրեմն մրցանակային տեղերից մեկն անպայման իմն էր,- հիշում է նա` հավելելով, որ մոտ տասը տարի առաջ` հիասթափության պահին, այրել է բոլոր պատվոգրերն ու շնորհակալագրերը:- Մտածեցի, թե էլ ում է պետք, մասնագիտությունս էլ, աշխատանքս էլ անցյալում են մնացել: Բայց հիմա շատ եմ զղջում»:

80-ականների կեսերին տիկին Ելենային հրավիրում են  դասավանդելու ԴՈՍԱԱՖ-ում: Աշխատանքի 5 տարիների ընթացքում հասցնում է 100 աշակերտի սովորեցնել Մորզեի այբուբենը: Հիշում է, որ շատ էին հատկապես տղաները. վերջիններս բանակում կապավոր էին դառնում, մասնագիտությունը պահանջված էր այն ժամանակ:

«Երեխաների հետ աշխատանքն ավելի հետաքրքիր էր: Հաճույքով էի սովորեցնում. օրական մի քանի հերթ էի պարապում: Հիմա էլ աշակերտներիս հետ ջերմ հարաբերություններ ունեմ, ճանապարհին հանդիպելիս խոսում ենք, հիշում այն օրերը»:

«Միշտ սիրել եմ իմ գործը ու հպարտացել դրանով: Հիմա էլ, եթե հնարավորություն լիներ, մեծ հաճույքով կաշխատեի որպես ռադիստ կամ կդասավանդեի,- ասում է տիկին Ելենան` ափսոսելով, որ իր սարքավորումները չի պահել մինչև մեր օրեր, գոնե թոռներին կսովորեցներ, ինչպես ժամանակին իր 3 երեխաներին է սովորեցրել:- Մասնագիտությունս, ցավոք,  կյանքիցս դուրս մնաց, էլ հետաքրքրվող չկա»:

Վերակառուցումը փոփոխություններ է մտցնում նաև օդանավակայանի աշխատանքում: Նոր օդանավակայան է բացվում Կամոյում (ներկայիս Գավառում), օդային հնարավոր բախումներից խուսափելու համար Մարտունոց իրականացվող չվերթների ուղին փոխվում է, երկարում, ինչի պատճառով տոմսն է թանկանում մինչև 5 ռուբլի, հետևաբար, ուղևորներն էլ քչանում են:

«Այն ժամանակ թե՛ ավտոբուսի, թե՛ ինքնաթիռի տոմսը 2 ռուբլի 50  կոպեկ էր, ուստի մարդիկ նախընտրում էին ինքնաթիռով Երևան գնալ, իրենց գործն ու առևտուրն անել, երեկոյան վերադառնալ: Բայց տոմսի արժեքի թանկանալուց հետո չվերթները նվազեցին կիսով չափ, օրական հազիվ 6 թռիչք էր կատարվում»,- հիշում է տիկին Ելենան: 90-ականներին արդեն օդանավակայանը դադարեցնում է գործունեությունը, մասնավորեցվում, ապա մաս-մաս քանդվում:

ԽՍՀՄ փլուզումից հետո տիկին Ելենան նոր աշխատանքի է անցնում, այժմ ավիատոմսերի վաճառքով է զբաղվում:  Ասում է, որ ռադիստի մասնագիտությունն իրեն համբերատարություն է սովորեցրել, ինչի շնորհիվ էլ հիմա կարողանում է իր գործը հաջողությամբ կատարել:

 

Բռնության ենթարկված դուստրը և կինը. երկու կնոջ պատմություն

afraid-girl«Հայրս այնպես համբուրեց, որ քիչ մնաց շնչահեղձ լինեմ…»

«Տղամարդկանց հանդեպ հակակրանք եմ զգում: Այդ զգացումն առաջացել է շատ վաղուց: Մայրս քնքուշ կին էր: Գուցե գեղեցիկ չէր, բայց բարի սիրտ ուներ: Նա մեր ընտանիքի ամեն օրը կարող էր տոն դարձնել՝ հաճելի անակնկալներ պատրաստելով: Բոլորը նրան սիրում էին: Մայրս շատ հոգատար էր հորս նկատմամբ, հայրս էլ նրա հետ կոպիտ չէր վարվում. երբեք չեմ տեսել, որ ձեռք բարձրացնի նրա վրա: Սակայն մի բան կար, որ մորս շատ էր վշտացնում. հայրս կնամոլ էր: Սկզբում չէինք հասկանում մորս տխրության պատճառը, բայց երբ ականջներիս հասան հարևանների խոսակցությունները, մենք էլ սկսեցինք ամաչել հորս վարքի համար:

Նա չէր էլ թաքցնում կանանց նկատմամբ իր հետաքրքրությունը: Ավելին, սկսել էր նույնիսկ անվայել կատակներ անել իմ ընկերուհիների հետ: Նրա անբարո ակնարկներն այնքան ծայրահեղ դարձան, որ որ նույնիսկ սկսեցի խուսափել հորիցս: Այդ օտարացումը երևի վրդովեց նրան, սկսեց ինձ համար ավելի հաճախ նվերներ գնել: Երբ շուկա կամ խանութ էր գնում, ինձ անպայման վերցնում էր իր հետ: Ես փորձում էի հրաժարվել՝ պատճառաբանելով, թե դասերս պիտի սովորեմ, բայց նա համառում էր: Սկզբում մայրս էլ էր հորդորում, որ նրան ընկերակցեմ, երևի կարծում էր, որ այդպես հայրս ուրիշի փեշերի հետևից չի ընկնի: Հետո զգացի, որ այդ հետապնդումը մորս էլ է սկսել անհանգստացնել: Ես երկու կրակի մեջ էի: Նույնիսկ ուսման մեջ դժվարություններ առաջացան, քանի որ ամբողջ օրը լարված էի, որ իմ պատճառով ծնողներս չընդհարվեն:

Մի անգամ, դպրոցն ավարտելու կապակցությամբ ինձ շնորհավորելով, հայրս այնպես համբուրեց, որ քիչ մնաց շնչահեղձ լինեմ: Ես լաց եղա, իսկ նա խոստացավ, որ եթե իրեն լսեմ, ինձ համար ամենաշքեղ հագուստը կգնի:

Շատ էի ուզում ինստիտուտ ընդունվել, բայց հորս հետապնդումներից խուսափելու համար ընդունվեցի բուժքույրական ուսումնարան, որպեսզի տնից հեռու լինեմ: Սովորելու ընթացքում, նույնիսկ արձակուրդներին, խուսափում էի տուն գնալուց, որովհետև հայրս ինձ հետապնդելու առիթը բաց չէր թողնում, մի օր անգամ գրկեց ու կուրծքս շոյեց:

Մայրս հանկարծակի մահացավ: Ես այլևս չէի կարող տուն վերադառնալ: Ստիպված Կապանում ամուսնացա մի տղամարդու հետ, ում գրեթե չէի ճանաչում և բոլորովին չէի համակրում:

Երևի Աստված երես է թեքել ինձնից, քանի որ երեխա էլ չեմ ունենում: Բժիշկներն ասում են, որ ամուսինս պիտի բուժվի, իսկ նա այդ մասին լսել անգամ չի ուզում:

Հայրս մենակ է ապրում, և եթե նրանից չվախենայի, կտեղափոխվեի նրա մոտ, բայց ստիպված եմ համակերպվել այս վիճակին…»:

 Բարերարն ու բռնարարը

1003-sad-woman_sm«Իմ պատմությունը լսողները զարմանում են: Ամուսնացել էիք, ունեինք երկու աղջիկ: Հիմա նրանցից զրկված եմ: Տասը տարի առաջ եմ տեսել ու մեկ էլ տեսա երեկ՝ դպրոցում: Այնտեղ էլ չգիտեին իմ գոյության մասին, քանի որ երեխաներին ներկայացրել էին՝ որպես երկկողմանի ծնողազուրկ: Հիմա նրանք ապրում են տատի ու պապի հետ, որոնք անընդհատ պատմել են, թե իբր ես լքել եմ իրենց և այնքան են երեխաներիս հոգին թունավորել, որ հիմա նրանք չեն էլ ուզում իմանալ ճշմարտությունը»:

Այստեղ զրուցակիցս խոսքն ընդհատեց և սենյակից դուրս եկավ: Վերադարձավ՝ ձեռքին մի հին թերթ: Ցույց տվեց դրա լուսանկարներից մեկը. «Ամուսինս է»,-ասաց՝ ցույց տալով մի հաղթանդամ, գեղեցիկ տղամարդու: Լուսանկարի վերևում խոշոր տառերով գրված էր. «Մեծ բարերարը»: Քաղաքի դպրոցներից մեկի տնօրենը հանրությանն էր ներկայացնում մեր հայրենակցին, որը Ռուսաստանում ապրելով՝ չէր մոռացել հարազատ դպրոցը և արդեն քանի տարի՝ օգնում էր սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին՝ տրամադրելով հագուստ, սննդամթերք և գրենական պիտույքներ:

«Գիտեմ՝ անհամատեղելի են բարերան ու բռնարարը,-շարունակեց կինը,-ում ել պատմեմ՝ չի հավատա: Միայն ինձ ու իրեն է հայտնի, թե ինչ ինչ գնով է հանկարծ հարստացել: Նա դրա համար կյանքով փոխհատուցեց: Ինձ համար շատ դժվար էր դիմանալ այդ ամենին: Ասացի, որ հեռանում եմ, իսկ նա սպառնաց. «Կգնաս առանց երեխաների»:

Հաջորդ օրը նրա, այսպես կոչված տղաներն, ինձ ինքնաթիռ նստեցրին և ուղարկեցին Հայաստան: Դրանից հետո երեխաներիս չեմ տեսել, իսկ նրա սպանության մասին լսեցի այստեղ: Ամբողջ հոգով ձգտում էի երեխաներիս վերադարձնել, բայց ոչինչ չստացվեց: Այլևս ոչ մի հույս չունեմ, բոլոր դռները փակվել են: Կարծում էի, երբ երեխաներս մեծանան, կպատմեմ նրանց իրականությունը, ու նրանք ինձ կհասկանան: Բայց ես հաշվի չէի առել, որ նրանց կարող են թշնամացնել իմ դեմ: Հիմա էլ մտածում եմ՝ գուցե աղջիկներս ամուսնանան, մայր դառնան ու այդ ժամանակ ուզեն լսել իրենց մոր պատմությունը, գուցե այդ ժամանակ ինձ ընդունեն…»:

Պատմությունները տրամադրել է

«Կանանց իրավունքների կենտրոն»

հասարակական կազմակերպությունը