ԱՄՆ պատրաստ է միջամտել Իրաքում ստեղծված դրությանը

օբամա   ԱՄՆ պատրաստ է կետային հարվածներ հասցնել Իրաքում ակտիվացած իսլամիստ ահաբեկիչների վրա: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Վերջինս նշել է, որ ԱՄՆ պատրաստ է 300 խորհրդատու զինվորական ուղարկել Իրաք, որոնք կհամակարգեն տեղական անվտանգության ուժերի գործողությունները: Բացի այդ, ԱՄՆ մտադիր է նրանց ապահովել լրացուցիչ զենքով և ռազմական տեխնիկայով: «Իրաքում մեր թիրախը հայտնի է, և մենք պատրաստ ենք պայքարի, սակայն ամերիկյան զորքերը Իրաք պատերազմելու համար չեն մեկնի: Մեր շահերի տեսանկյունից շատ կարևոր է, որպեսզի Բաղդադն ու նրա շրջակայքը չանցնեն ծայրահեղական խմբավորումների ձեռքը»,-հայտարարել է Օբաման՝ ելույթ ունենալով Սպիտակ տանը:

 

Անկախ

Բիլ Քլինթոնը վերջին 25 տարիների ԱՄՆ-ի ամենահարգված նախագահն է

Bill ClintonՆոր հարցումների արդյունքները ցույց են տալիս, որ Բիլ Քլինթոնը վերջին 25 տարիների ամենահարգված նախագահն է:

Wall Street Journal-ի հրապարակած տվյալներով՝ հարցվածների 42 տոկոսը Քլինթոնին  համարել է ամենահարգված նախագահը:

Բարաք Օբաման հավաքել է 18 տոկոս ձայն, Ջորջ Բուշ Կրտսերը՝ 17 տոկոս, իսկ Ջորջ Հերբերտ Ուոքեր Բուշը՝ 16 տոկոս:

Վերոնշյալ հարցումներին մասնակցել է 1,238 մարդ:

Wall Street Journal-ը նշում է, որ հարցումների արդյունքերը ցույց են տալիս, թե ինչքան շատ են աշխատել Քլինթոններն  իրենց անունը մաքրելու համար:

Սա վկայում է այն մասին, որ այս պահին Քլինթոնները Ամերիկայի ամենահայտնի քաղաքական գործիչներն են:

Հարցվածների 55 տոկոսը հայտնել է նաև, որ 2016թ-ի նախագահական ընտրություններում կքվեարկեն Հիլարի Քլինթոնի օգտին:

 

«Սև ոսկին»` հարաբերությունները հարթելու հարմար միջոց

tehran vs washingtonՀետևելով տարածաշրջանում Իրանի և ԱՄՆ-ի վարած քաղաքականությանը` նկատում ենք, որ այդ երկրներն ավելի շատ ընդհանուր շահեր ունեն, քան հակասություններ: Եթե Իրանի շահագրգռությանն անդրադարձել էինք նախորդ` «Թեհրան-Վաշինգտոն. հնարավո՞ր է թշնամին դառնա «բարեկամ» հոդվածում, ապա այժմ կփորձենք պարզաբանել, թե ԱՄՆ-ն Իրանի նկատմամբ ճնշումը թուլացնելու ինչ շահեր ունի, առավել ևս` այն ժամանակ, երբ ըստ ամերիկացիների` պատժամիջոցներն արդյունք տալիս են: Հետաքրքիր է` ինչ է փոխվել ներկայումս:

Այն թեզը, որ ամերիկացիները տարածաշրջանում անցնում են «կառավարելի քաոսի» ռեժիմի, ավելի իրական է թվում: Սխալ է կարծել, թե Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի համար հիմնական դաշնակիցը սունիական դավանանքի ներկայացուցիչներն են՝ ի դեմս Պարսից ծոցի միապետությունների, Թուրքիայի, Պակիստանի: ԱՄՆ-ի համար միշտ էլ կարևոր է եղել սունիական և շիական հավատքի գործոնների և՛ հակադրումը, և՛ հավասարակշռումը: Ուստի, շիական գործոնի ջախջախումը կամ թուլացումը չի մտել ԱՄՆ-ի տարածաշրջանային ծրագրերի մեջ:

ԱՄՆ-ի նպատակն է Իրանին «ենթակա գործընկերոջ» կարգավիճակի պարտադրումը և այդ երկրի վառելիքահումքային պաշարների ու դրանց առաքման ուղիների վերահսկումը: Դա մոտավորապես ենթադրում է այնպիսի մոդել, ինչպիսին գործում է Պարսից ծոցի էներգակիրներով հարուստ երկրների դեպքում։ Այլ հարց է, որ դա չի ստացվում Իրանի պարագայում: Այդ պատճառով էլ փոխվում են մարտավարական մոտեցումները: Թեև ԱՄՆ-ի պլաններում Իրանն այսուհետ էլ մեկուսացված կլինի, սակայն պատժամիջոցները պետք է մեղմացվեն. արևմտյան ընկերությունների որոշակի մասնակցությամբ իրանական նավթը և գազը պետք է հոսեն արտաքին շուկա։

Եթե Վաշինգտոնը այլընտրանքային տեխնոլոգիաների օգնությամբ ապագայում կարողանա բավարարել նավթի և գազի իր պահանջարկը, բնավ չի նշանակում, որ հետաքրքրությունը կկորցնի Մերձավոր Արևելքի նկատմամբ և դուրս կգա այդ տարածաշրջանից: ԱՄՆ-ն շարունակելու է ձևավորել ամբողջ աշխարհում էներգակիրների վերահսկման և փոխադրման իրեն ձեռնտու համակարգը։
Նախադրյալներ կան ենթադրելու, որ ԱՄՆ-ի առաջնահերթությունների մեջ կրկին առաջ է մղվել Ռուսաստանին զսպելու քաղաքականությունը:

ԱՄՆ-ի կողմից ներմուծվող նավթի պահանջարկի նվազման, ինչպես նաև Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցների հնարավոր վերացման արդյունքում իրանական նավթի արդյունահանման ծավալն օրական կավելանա 3-4 մլն բարելով: Միաժամանակ լիբիական ու իրաքյան նավթի արդյունահանման ծավալների 2-3 մլն բարելով ավելացումը կնպաստի համաշխարհային շուկայում նավթի գների նվազմանը: Դա կհանգեցնի Ռուսաստանի նավթային եկամուտների նվազմանը, հետևաբար և` ռուսական պետության թուլացմանը: Իհարկե ԱՄՆ-ն շահագրգռված է, որ նավթի գինն իջնի, բայց ոչ շատ:
Միաժամանակ չի բացառվում, որ ԱՄՆ-ն վերանայի իրանական գազը Եվրամիության ուղղությամբ արգելափակելու դիրքորոշումը, որը նաև ԵՄ-ի շահերին է հակասում:

Եթե իրանական էժան գազը, սիրիական, իրաքյան և Միջերկրական ծովի բնական գազի հետ ուղղորդվի դեպի Եվրամիության երկրներ, ապա եթե նույնիսկ չձախողվի ռուսական «Հարավային հոսքի» կառուցումը, ապա Եվրոպայի կախվածությունը ռուսական գազից կնվազի: Առանց իրանական կամ մերձավորարևելյան գազի` Եվրոպայի էներգետիկ կախվածությունը ռուսական գազից չի վերանա:

Ակնհայտ է, որ ԱՄՆ-ն կրկին կնպատակադրվի իրանական նավթի և գազի արդյունահանման և տեղափոխման նախագծերում որոշակի մասնակցություն ունենալ, որպեսզի համաշխարհային շուկայում իրանական էներգակիրների մասնաբաժինը մեծացվի: Այսպես ԱՄՆ-ն փորձում է փլուզումից փրկել այսպես կոչված «նավթադոլարի համակարգը», որը վտանգի տակ է հայտնվել հենց այս պատժամիջոցների կիրառման հետևանքով: Նավթի առուվաճառքի միջազգային գործարքներում միտում է նկատվում շրջանցելու դոլարը, և որպես վճարման միջոց օգտագործվում է չինական յուանը, եվրոն, հնդկական ռուփին, ոսկին կամ տարբեր բարտերային մեխանիզմներ:

Արդյոք Իրանը չի վնասում իր անվտանգությունը` կրկին դռները բացելով արևմտյան կապիտալի առջև: Իրանի սահմանադրության համաձայն` բաժնետոմսեր չեն հատկացվում օտարերկրյա ներդրողներին նավթի և գազի հանքավայրերի մշակման համար, սակայն դրանք կարող են շահագործվել «գնել-հետ վերադարձնել» համակարգով: Ըստ այդ համակարգի` նոր տեխնոլոգիաների և ներդրումների փոխարեն օտարերկրյա ներդրողների եկամուտները սովորաբար կազմում են նավթի վաճառքի շահույթի մոտ 15-20 տոկոսը: Այս մեխանիզմի դեպքում օտարերկրյա ներդնողը գնում է պետությունից իր իսկ արդյունահանած նավթը տվյալ պահի շուկայական գներով, իսկ պայմանագրի ժամկետի լրանալուց հետո հանքավայրը վերադարձվում է Իրանի ազգային նավթային ընկերությանը:

Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեհը վերջերս հայտարարել էր, որ կարող են էլ ավելի բարենպաստ պայմաններով պայմանագրեր կնքվել օտարերկյա ընկերությունների հետ, հատկապե`ս «Հարավային Ֆարս» գազատարի շահագործման համար:

Ի դեպ, Իրանի նավթարդյունահանման և նավթավերամշակման ճյուղերը կարիք ունեն օտարերկյա զգալի ներդրումների: Արևմտյան ընկերությունները ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ և ներդրումներով կարող են նպաստել նավթի և գազի կորուստների կրճատմանը, դրանց արդյունահանման ծավալների մեծացմանը, հետևաբար` եկամուտների ավելացմանը:
Հավելենք, որ սխալ է կարծել, թե Իրանն այս ամենի արդյունքում կհրաժարվի սեփական միջուկային տեխնոլոգիաներ (թեˊ ռազմական, թեˊ խաղաղ նպատակներով) ստեղծելու քաղաքականությունից: Իրանի միջուկային ռազմավարությունը նույնն է, պարզապես նախագահ Ռոհանիի մարտավարությունն է տարբերվում նախորդից: Այն ենթադրում է մեղմ մեթոդներով, բանակցությունների և փոխհամաձայնությունների միջոցով ժամանակ շահելով` աստիճանաբար հասնել գերնպատակի իրականացմանը: Պատահական չէ, որ Օբամայի ընդդիմախոսները մեղադրում են, որ Իրանի կողմից ոչ այնքան կարևոր զիջումների դիմաց պատժամիջոցների թուլացման արդյունքում կես տարվա ընթացքում Իրանը կրկին կուժեղանա և կստանա իր միջուկային զենքը:

Դժվար է ասել, թե ինչպես կընթանան այս գործընթացները: Սակայն ամփոփելով նշենք, որ իրանաամերիկյան հարաբերությունների բարելավումը երկուստեք էներգետիկ-տնտեսական հետաքրքրությունների արդյունք է, դրանք լուրջ փոփոխությունների են հանգեցնելու, բայց և միաժամանակ տարածաշրջանի հավասարակշռության համար ավելի կայուն նախադրյալներ կապահովեն:

Արմինե ԲԵԳԼԱՐՅԱՆ

90-ամյա Ջորջ Բուշը իր տարեդարձին անկարգելով թռիչք է կատարել

bushԱՄՆ-ի 41-րդ նախագահ Ջորջ Բուշը 5 տարի առաջ խոսք էր տվել, որ 90 տարեկան դառնալուն պես թռիչք կկատարի անկարգելով: Ահա Բուշը կատարել  է իր խոստումը և նախկին զինվորականներից բաղկացած թիմի օգնությամբ բարեհաջող թռիչք է իրականացրել: Երկրորդ համաշխարհայինի տարիներին Բուշը ստիպված էր եղել դուրս ցատկելու հրաձգության տակ հայտնված ինքնաթիռից: Իր 90-ամյակին Բուշը կրկնել է այդ հերոսությունը՝ օգտագործելով ԱՄՆ-ի դրոշի՝ կարմիր, սպիտակ և կապույտ գույներով անկարգել:

Մեյնում իրականացրած իր 8-րդ թռիչքի մասին Բուշը «Twitter»-յան էջում գրել է. «Մայնում հրաշալի օր է, անկարգելով թռչելու համար բավական հրաշալի»: «Բուշը և անակնկալներ և ադրենալին է սիրում: Սա Բուշի դասական կեցվածքն է»,-նշել է նրա մամլո խոսնակը: Հայտնի է դարձել, որ ԱՄՆ նախկին նախագահի ծննդյան առիթով 200 հյուրերի համար հատուկ տոնական ընդունելություն է կազմակերպվել:

 

Մքարտնին հետաձգել է ԱՄՆ-ում կայանալիք իր մի քանի համերգները

Փոլ ՄքարտնիՓոլ Մքարտնին վերադասավորում է Միացյալ Նահանգների համերգային շրջագայության օրերը՝ շարունակելով իր առողջությունը վերականգնել անցած ամիս վիրուսով վարակվելուց հետո:

Երկուշաբթի օրը նախկին Բիթլսի երգիչը հայտարարել է, որ հունիսի կեսին նախատեսված համերգները հետաձգվում են մինչև հոկտեմբեր: Նա պատրաստվում է հետաձգել Միացյալ Նահանգերի իր համերգային շրջագայության առաջին հատվածը՝ փոխարենը նրա առաջին համերգը տեղի կունենա հուլիսի 5-ին Նյու Յորքում:

Մքարտնին նշել է, որ ինքը հետևում է բժշկի խորհրդին և ավելի շատ կհանգստանա: Անցած ամիս նա հիվանդության պատճառով հետաձգել էր Ճապոնիայում իր համերգային շրջագայությունը:

Հունիսի համար նախատեսված համերգների տոմսերը կօգտագործվեն նոր նշանակված օրերի համար:

Մքարտնին հաջորդ շաբաթ կդառնա 72 տարեկան:

 Անկախ

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը մեկանաբանել է իր աղմկահարույց հարցազրույցը

1“Մենք Ադրբեջանի անկախության 23 տարիների ընթացքում երբեք չենք խառնվել նրա ներքին գործերին։ Ես պարզապես ներկայացնում էի իմ տեսակետը որոշ հարցերի շուրջ՝ ԱՄՆ-ի հավասարակշռված քաղաքականության բերումով։ Եվ եթե իմ հարցազրույցից հետո հանրության և անգամ կառավարության շրջանում քննարկվում է իմ տեսակետը, ապա կարծում եմ, որ այն հասել է իր նպատակին”,-հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը՝ մեկնաբանելով իր աղմկահարույց հարցազրույցն ուկրաինական իրադարձությունների վերաբերյալ, որում ընդգծել էլ Ադրբեջանում դրանց կրկնման հավանականությունը։

Դեսպանը հայտարարել է, որ իր խոսքերը ճիշտ չեն ներկայացրել։ “Յուրաքանչյուր ցանկացող դեսպանության կայքում կարող է ծանոթանալ իմ հարցազրույցի տեքստին և համոզվել, որ այն հավասարակշռված է եղել և արդար”,-ասել է դեսպանը։

Նա ընդգծել է, որ ասել է բառացիորեն հետևյալը. “Եթե չափազանց խիստ վերաբերմունք դրսևորվի քաղաքացիական հասարակության հանդեպ, նրանց շնչելու հնարավորություն չտրվի, ապա կարող է անցանկալի հետևանքներ առաջանան։ Եթե ոչ այսօր, ապա 5, 10, 20 տարի հետո”։

Մորնինգսթարը նորից հայտարարել է, որ Ադրբեջանում կայունության և զարգացման ապահովման համար անհրաժեշտ է պայմաններ ստեղծել քաղաքացիական հասարակության գործունեության համար։ “Ինձ հետ ինչ-որ մեկը կարող է չհամաձայնել, յուրաքանչյուր ոք իր տեսակետն ունի, իսկ սա էլ իմ տեսակետն է”,-ասել է նա։

Հիշեցնենք, որ վերջերս դեսպանը քաղաքացիական հասարակության ճնշմանն անրադառնալիս  ընդգծել էր, որ Ադրբեջանում կարող են կրկնվել ուկրաինական Մայդանի իրադարձությունները: “Եթե Ադրբեջանի կառավարությունը ավելի ծանր մեթոդներ կիրառի քաղաքացիական հասարակության դեմ, ապա Մայդանի իրադարձությունները կարող են կրկնվել նաև Բաքվում: Եթե նույնիսկ ոչ հիմա, ապա 5-10 տարի հետո կրկնվեն”,- ընդգծել է դեսպանը:

Զաքիր Հասանովը հանդիպում է ունեցել ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի հետ

1Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը մասնակցել է Բրյուսելում պաշտպանության նախարարների մակարդակով կազմակերպված հանդիպմանը: Այս երկրների նախարարները զբաղվում են Աֆղանստանում Միջազգային անվտանգության աջակցման ուժերի (ISAF)  ներդրմամբ:

Ինչպես հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը, հանդիպմանը քննարկվել են ISAF գործողության ներկայիս իրավիճակը, Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելությունը, որը կիրականացվի 2014թ.-ից հետո, ինչպես նաև իրավական դաշտի ներկայիս վիճակը:

ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում այցի շրջանակներում Զաքիր Հասանովն  երկկողմ հանդիպում է ունեցել ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Չակ Հեյգելի հետ և եռակողմ  հանդիպում՝ Վրաստանի և Թուրքիայի իր կոլեգաների հետ:

Մեծ դիվանագիտության շաբաթ. ութերորդն ավելորդ է

Այսօր Բրյուսելում կանցկացվի «Մեծ յոթնյակի» հանդիպումը։ 17 տարվա ընթացքում առաջին անգամ արդյունաբերական խոշոր տերությունների հանդիպումը կանցնի առանց Ռուսաստանի մասնակցության. մյուս մասնակից-երկրները հրաժարվել են բանակցել Ռուսաստանի հետ Ղրիմը Ռուսաստանին միացնելու հետո։ Քննարկման գլխավոր թեման կդառնա Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների անցկացման հավանականությունը։

"Մեծ Յոթնյակ"

Ի սկզբանե «Մեծ ութնյակի» ձևաչափով գագաթաժողովը պլանավորվել էր անցկացնել Սոչիում։ Մինչդեռ, ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Կանադայի, Իտալիայի, Մեծ Բրիտանիայի ու Գերմանիայի լիդերները Ղրիմի հանրաքվեից հետո հրաժարվեցին «հյուրընկալվել» Պուտինին։ Գագաթաժոովի ընթացքում նախատեսված է, որ կքննարկվեն նաև առևտրային հարաբերությունների, էներգետիկ անվտանգության ու եղանակային փոփոխությունների հետ կապված խնդիրներ։

Պետք է նշել, որ երբ այս տարվա հունվարին պատրաստվում էր «հյուրերին ընդունել», Պուտինը նշում էր, որ քննարկման առարկա են լինելու առևտրային հարաբերությունների, էներգետիկ անվտանգության ու եղանակային փոփոխությունների հետ կապված հարցերը։   Այսօր արդեն բոլորովին նոր տեսանկյունից են հարցերը քննարկվում և արդյունաբերական տերությունների էլիտար այս ակումբի անդամները չեն թաքցնում, որ հենց Ուկրաինայի իրադարձություններն են դառնալու բանակցությունների հիմնական թեման։

«Յոթնյակի» երկրները պատրաստ են պահանջել Ռուսաստանից դադարեցնել Ուկրաինայում զինված անջատողականներին ցույց տրվող օգնությունը, ինչպես նաև պաշտոնապես ճանաչել ուկրաինական ընտրություններում Պյոտր Պորոշենկոյի հաղթանակը։ Wall Street Journal պարբերականը նշում է, որ ճանաչումը կկայանա միայն նրանում, որ Մոսկվան իր պաշտոնական ներկայացուցչին ուղարկի մասնակցելու Պորոշենկոյի երդման արարողությանը, որը նշանակված է շաբաթ օրը։

Բայց ամենասուրն են խոստանում լինել Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների հերթական չափաբաժնի շուրջ «Յոթնյակի» վեճերը։ Իսկ ԱՄՆ նախագահ Բարակ Օբամայի համար կարևոր է, որ «Յոթնյակն» այս հարցում միասնական դիրքորոշմամբ հանդես գա։ Սպիտակ Տունը պետք է փորձի ամբողջ աշխարհին՝ առաջին հերթին Ռուսաստանին ցույց տալ, որ Ռուսաստանի «մեկուսացման» համար պայքարում ինքը մենակ չէ, ինչի մասին անընդհատ բարձրաձայնում է Օբաման։

Wall Street Journal-ի վկայություններով՝ գագաթաժողովի վերջնական հռչակագրի նախագծում ասվում է, որ «Մեծ յոթնյակի» երկրները «պատրաստ են պատժամիջոցները սաստկացնել» և         «կիրառել լրացուցիչ միջոցներ», եթե Ռուսաստանը չգնա հակամարտության խաղաղ կարգավորման։

Իրական տնտեսական պատժամիջոցների կիրառման պարագայում, օրինակ, Գերմանիայի՝ Ռուսաստանի խոշոր դաշնակցի կողմից, հարվածը ուժգին կլինի։ Միայն խնդիրն այն է, որ Ռուսաստանին հարվածելով՝ Գերմանիան ևս հարված կստանա. վերջինիս բիզնես ոլորտը կառավարությունից վաղուց արդեն պահանջում է պատժամիջոցների կրճատում։ «Այս է պատճառը, որ չնայած առաջարկվող ձևակերպումների կոշտությանը, ԵՄ երկրները դժվար թե գնան խիստ, ծայրահեղ պատժամիջոցների կիրառմանը»,-այս կարծիքն է հայտնել ԱՄՆ-ի ներքին հարցերի մասնագետ, պատմաբան Վալերի Գորոխովը։

Թուրքիան և ԱՄՆ-ը մի շարք հարցերում դաշնակիցներ են. դեսպան

amn Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեն հայտարարել է, որ Թուրքիան և ԱՄՆ-ը մի շարք հարցերում դաշնակիցներ են: Նրա խոսքերով՝ այն լուրերը, թե երկու երկրների միջև հարաբերությունները վատացել են, իրականությանը չեն համապատասխանում:

Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, թե ԱՄՆ-ը մտադիր է խզել հարաբերությունները Թուրքիայի հետ, քանի որ համաձայն չէ Անկարայի վարած ներքին քաղաքականության հետ: Բացի այդ, ԱՄՆ-ը դժգոհություն էր հայտնել վարչապետ Թայիփ Էրդողանի այն հայտարարության պատճառով, թե ամերիկյան հեռուստաալիքները ապատեղեկատվություն են տարածում Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ:

ԱՄՆ պետդեպ. Ղարաբաղյան կոնֆլիկտը ռազմական լուծում չի կարող ունենալ

Ջեն ՓսակիՈւրբաթ օրը բրիֆինգի ժամանակ ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին նշել է, որ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը չի կարող ռազմական լուծում ունենալ:

«Ադրբեջանի և Հայաստանի միջև տեղի ունեցած պատերազմի ընթացքում գրանցված ողբերգական կորուստները մեզ հիշեցնում են, որ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը ռազմական լուծում չի կարող ունենալ: Միայն տևական և խաղաղ կարգավորումը կարող է տարածաշրջանում կայունություն, բարգավաճում և հաշտություն հաստատել» հայտնել է նա:

Ջեն Փսակին որպես Մինսկի խմբի համանախագահող կողմ ավելացրել է, որ Միացյալ Նահանգները հավատարիմ է մնում երկու կողմերի հետ համագործակցության միջոցով խաղաղության հաստատմանը:

 Անկախ

Հայկական սփյուռքը Հայաստանին ճնշման տակ է պահում. Ջեմիլ Չիչեք

 Ջեմիլ ՉիչեքԹուրքիայի խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքը հրաժեշտի այց է կատարել Անկարայում ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեին, որի պաշտոնավարման ժամկետն արդեն ավարտվել է: Հանդիպման ժամանակ հետաքրքիր քննարկում է ընթացել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ:  Ռիկարդոնեն Չիչեքին հարց է ուղղել, թե ինչու Ցյուրիխյան արձանագրությունները չվավերացվեցին թուրքական մեջլիսում: «Մի երկրին և ժողովրդին արված ամենամեծ վիրավորանքը նրան ցեղասպանություն գործելու մեջ մեղադրելն է: Սա մեծ վերքեր է առաջացնում հարաբերություններում: Ապրիլի 23-ին վարչապետ Թայիփ Էրդողանի արած հայտարարությունը պետք է լավ գնահատել: Ցավոք, ԱՄՆ-ն  այս հարցի շուրջ որևէ գնահատական չտվեց: Թուրքիայի նախագահն ու ԱԳ նախարարն  այցելեցին Երևան, սակայն դա արդյունք չտվեց, քանի որ մյուս կողմը պատասխան քայլերի չդիմեց: Կովկասյան տարածաշրջանում խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է, որպեսզի կարգավորվեն հայ-ադրբեջանական հարաբերությունները: Սակայն հայկական սփյուռքը Հայաստանին ճնշման տակ է պահում: ԱՄՆ ավելի արդար և հարցի լուծմանը նպաստող մոտեցում պետք է ցուցաբերի»,-պատասխանել է Չիչեքը:

Անկախ

Իրանը պատրաստ է դիմակայելու ցանկացած ոտնձգության

iRAN defenceԻրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, բրիգադի գեներալ Մասուդ Ջազայերին լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով ոչ վաղ անցյալում ԱՄՆ նախագահի արած այն հայտարարությանը, ըստ որի Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ձախողման դեպքում  Իրանի դեմ ուժի կիրառումը դեռ հնարավոր է, ասել է, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի յուրաքանչյուր ոտնձգություն կհանգեցնի Իսրայելի ոչնչացմանը:

«Եթե Վաշինգտոնն ու նրա դաշնակիցներն ուժ ունենային Թեհրանին հարվածելու, ապա նրանք դա կանեին առանց տատանման»,-հայտարարել է գեներալը:

Մասուդ Ջազայերին հավելել է, որ Իրանի վրա հարձակման դեպքում  կոչնչացվի Իսրայելը և ռազմական գործողությունները կփոխադրվի ԱՄՆ-ի տարածք:

Այս մասին տեղեկացնում է իրանակա «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:

 

Ամերիկյան «Բոինգն» առաջիկայում ակտիվորեն կհամագործակցի Իրանի հետ

boeing«Բոինգ» ավիաընկերության նախագահի տեղակալ Թոմաս Փեյքրինգը, որը զբաղվում է միջազգային հարցերով  և նախկինում ԱՄՆ պետքարտուղարի  տեղակալ է եղել, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ «Բոինգ» ընկերությունը պատրաստ է համագործակցել Իրանի հետ:

Մասնավորապես նա նշել է, որ Իրանի ու ԱՄՆ-ի միջև քաղաքական կապերի ամրապնդման, առևտրական ու մշակութային հարաբերությունների ընդլայնման համար անհրաժեշտ է, որպեսզի վերացվեն Իրանի հետ առևտրատնտեսական համագործակցությանը խոչընդոտող քաղաքական արգելքները:

Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցների, շրջափակումների նվազեցումը կնպաստի, որպեսզի ակտիվորեն համագործակցեն ամերիկյան «Բոինգը» և իրանական ավիացիոն ընկերությունները:

Ուշագրավ է, որ ամերիկյան «Բոինգը» մտադիր է Իրանի շուկայից դուրս մղել ֆրանսիական «Էյրբասին»։

Նորություն չէ, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի օրոք մեր հարևան երկիրը կտրուկ վերանայել  է արտաքին քաղաքականության ասպարեզում տասնամյակներով կարծրացած իր  մի շարք դիրքորոշումները:

ԱՄՆ-ի հետ հարաբերությունների ապասառեցումը կարող է դառնալ այդ քաղաքականության առաջին ծիլերից մեկը։

Այդ զարգացումները հանգեցրել են նրան, որ ամերիկյան ընկերությունները, չսպասելով դիվանագիտական հարթության վրա հարաբերությունների կարգավորմանը, ակտիվորեն գործունեություն են սկսել Իրանում։ Մի բան, որն  անհնարին էր պատկերացնել դեռ մեկ տարի առաջ։

Այս թեման այսօր ամենաքննարկվողն է միջազգային բոլոր վերլուծական, փորձագիտական և քաղաքական շրջանակներում։ Այնքան անսպասելի է, որ շատերը խուսափում են բարձրաձայն կարծիք հայտնել, թե ինչպես կարող էր այս ամենը կատարվել նման կարճ ժամանակահատվածում։

Ամերիկյան գործարար շրջանակները ավելի շուտ են ընկալել այս գործընթացների հեռանկարը և առանց ավելորդ աղմուկի 80 միլիոնանոց շուկա հանդիսացող Իրանում սկսել են վերականգնել իրենց դիրքերը։ Ուշագրավ է, որ այս առումով ավիացիոն ոլորտը միակը չէ:

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը կրկին քննադատել է Ադրբեջանի իշխանությանը

 ԱՄՆ դեսպանԱդրբեջանում ԱՄՆ դեսպանատունը քննադատել է Ադրբեջանի իշխանությանը Ընտրությունների մշտադիտարկման և ժողովրդավարության ուսումնասիրության կենտրոնի ղեկավար Անար Մամեդլիի, այդ կազմակերպության գործադիր տնօրեն Բաշիր Սուլեյմանլըի և գործընկեր կազմակերպության ղեկավար Էլնուր Մամեդովի դատավճիռների կապակցությամբ, տեղեկացնում է “Հագին” լրատվական կայքը:

 

“Այդ ձերբակալությունները լուրջ հետընթաց են Ադրբեջանի ժողովրդավարական զարգացման գործում: Լինելով Ադրբեջանի հիմնական գործընկերը՝ մենք հավատում ենք, որ երկրի կայունության և զարգացման համար ամենակարևոր քայլը բաց հասարակության ստեղծումն է”, – ասված է ԱՄՆ-ի դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ:

 

Մայիսի 27-ին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանն Անար Մամեդլիին դատապարտել էր 5.5 տարվա, Բաշիր Սուլեյմանլըին՝ 3.5 տարվա ազատազրկման, իսկ Էլնուր Մամեդովին՝ նույն ժամկետով պայմանական ազատազրկման: Նրանք մեղավոր են ճանաչվել հարկերից խուսափելու, ֆինանսական միջոցներ յուրացնելու, լիազորություններն ու պաշտոնը չարաշահելու մեղադրանքներով:

 

 Անկախ

Ընտրություններին հաջորդած իրադրությունը կանխատեսելի էր

Ուկրաինայում անցկացվեցին նախագահական ընտրություններ. արդյունքում «Շոկոլադի թագավոր», միլիարդատեր գործարար Պյոտր Պորոշենկոն ընտրվեց Ուկրաիայի նախագահ՝ ստանալով ընտրողների ձայների 57.31 %-ը։

pmge4fjq2

Գաղտնիք չէ, որ Արևմուտքը շահագրգռված էր ընտրությունների շուտափույթ անցկացման ու արդյունքների ճանաչման մեջ. այս մասին էին վկայում նաև հայ քաղաքագետները. մասնավորապես՝ քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը Ուկրաինայում ընտրությունների այս կամ այն կերպ անցկացումը արդեն հաջողություն էր համարում  առկա ճգնաժամի պայմաններում:   Պարզ էր նաև, որ Ուկրաինայի բոլոր հատվածներում ընտրությունների անցկացման համար չկային անգամ նվազագույն անհրաժեշտ պայմաններ, չէին անցկացվում ընտրարշավներ, շատ շրջաններ վերահսկվում էին զինյալների կողմից, և նման պարագայում բնականոն ընտրությունների մասին խոսելն ավելորդ է:

Արևմուտքը սպառնում էր Ռուսաստանին ավելացնել պատժամիջոցները, եթե Ռուսաստանը չճանաչեր  ընտրությունների արդյունքները, իսկ  Գերմանիայի արտաքին գործերի նախարարը շեշտում  էր Ուկրաինայի նախագահական ընտրությունների արդյունքների` բոլորի կողմից ընդունման կարևորությունը՝ նշելով, որ իր կարծիքով Ռուսաստանը չի ցանկանում միջազգայնորեն մեկուսացվել:

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, սակայն,  հայտարարեց, որ «Մոսկվան պատրաստ է Ուկրաինայի հետ երկխոսության»՝ նշելով, որ Ռուսաստանը հարգանքով է վերաբերվում Ուկրաինայում անցկացված նախագահական ընտրություններին՝ չնայած նրան, որ ընտրությունները ոչ բնականոն հունով են անցկացվել ու բոլոր թեկնածուների համար պայմանները հավասար չէին, եղել են թեկնածուներին վախեցնելու, բռնությունների դեպքեր։

Ռուսաստանի արտգործնախարարը հայտնեց, որ հաղթող Պորոշենկոն, հուսով է, չի նպաստի Կիևում արևելյան շրջանների նկատմամբ արմատական տրամադրությունների տարածմանը՝ ավելացնելով. «Գլխավորը, հավանաբար, ներկա իշխանությունները հարգանքով վերաբերեն իրենց քաղաքացիներին, նպաստեն կոմպրոմիսային համաձայնությունների ձեռքբերմանը, որը հաշվի կառնի բոլոր քաղաքական ուժերի, էթնիկ, կրոնական խմբերի շահերը»։   Նշենք նաև, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, սակայն, ընտրություններից հետո արդյունքների վերաբերյալ հայտարարություն չի արել, սակայն մայիսի 23-ին նշել է, որ Ռուսաստանը հարգանքով է վերաբերվում «ուկրաինական ժողովրդի յուրաքանչյուր ընտրությանը» և կաշխատի նոր իշխանական կառույցների հետ։ Պուտինը նշեց նաև, որ խելամիտ կլիներ հանրաքվե անցկացնել, փոխել Ուկրաինայի Սահմանադրությունը և հետո միայն ձևավորել իշխանությունները, այդ թվում՝ ընտրել նոր խորհրդարան ու նախագահ։

Պարզ է մեկ բան` միանշանակ չենք կարող ընկալել Պուտինի հայտարարությունները և դրանք նորովի մեկնաբանվելու հնարավորություն ունեն։

Փոխարենը, ինչպես կանխատեսվում էր, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման շտապել է շնորհավորել  Ուկրաինայի ժողովրդին արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու առթիվ և հայտարարել է հաղթողների հետ աշխատելու պատրաստակամության մասին։

Որքանո՞վ սա կլուծի Ուկրաինայում առկա ճգնաժամը, ցույց կտա ժամանակը։  Ամեն դեպքում, ըստ քաղաքագետների՝  ընտրությունների անցկակցմամբ Ուկրաինայում իրավիճակը  չենք կարող լիովին համարել կարգավորված, սրան կհետևեն նոր իրադարձություններ, որոնք ցույց կտան անցկացված նախագահական ընտրությունների դերը Ուկրաինայում իրավիճակի հնարավոր հանգուցալուծման հարցում։

Արմինե Ավետիսյան

Կինը իր այգում երկու բենգալյան վագր է պահում (լուսանկարներ)

բենգալյան վագրՄինչ մարդիկ իրենց այգին հիմնականում օգտագործում են որպես հանգստի վայր, Ջենիս Հեյլին այնտեղ երկու ընտանի վագր է պահում:

Հեյլին 272կգ կշռով Սեյբր անունով սպիտակ բենգալյան վագրին և 181 կգ կշռով Յանդա անունով նարնջագույն բենգալյան վագրին պահում է Ֆլորիդայի Օռլանդո քաղաքում գտնվող իր տանը:

Յուրաքանչյուր օր 57-ամյա կինը ձեռքով կերակրում և շոյում է վագրերին:

Հեյլին 20 տարի առաջ թողել է իր ադմինիստրատորի աշխատանքը, որպեսզի ավելի շատ ժամանակ ունենա այգում աշխատելու համար, որից հետո նա հաճախել է վագրեր վարժեցնելու դասընթացների:

Դասընթացների հաճախելուց երկու տարի անց նա վագրի ձագ է բերում տուն:

Յանդային նա գնել է 2002թ-ին, որը այժմ 12 տարեկան է: Սեյբրին նա վերցրել է 2007թ-ին, որը այդ ժամանակ երկու շաբաթական է եղել:

Անկախ

 

Ուկրաինան շարունակում է «ռինգ» մնալ աշխարհաքաղաքական խաղացողների համար

ukraine-crimea-russia-usa1Ուկրաինական ճգնաժամը սուր հակասություններ է առաջացրել Արևելքի և Արևմուտքի միջև:

Ամերիկացի փորձագետ, Ռոն Փոլի ինստիտուտի գործադիր տնօրեն Դենիել Մակադամսի կարծիքով` Արևմուտքի համար ամենաշահավետ դիրքորոշումը ներկայիս հանգամանքներում կարող է լինել չմիջամտելու քաղաքականությունը: «Ռուսաստանի հետ հակամարտությունը չի բխում որևէ մեկի շահերից: Կարծում եմ` եվրոպացիները հասկանում են դա, ինչի մասին վկայում է, օրինակ, Գերմանիայի դիրքորոշումը», – նշել է փորձագետը:
Բայց Արևմուտքը տուրք է տալիս ուկրաինական ճգնաժամի հարցում ԱՄՆ-ի որդեգրած դիրքի թելադրանքով ստեղծվող լարվածությանը:

Ուշագրավ է ամերիկացի երկու առաջնակարգ քաղաքագետների` Կարնեգի հիմնադրամի ռուս-եվրասիական ծրագրի տնօրեն Յուջին Ռումերի և հիմնադրամի հետազոտական աշխատանքների գծով փոխնախագահ Էնդրյու Վայսի դիտարկումն ուկրաինական Ճգնաժամի վերաբերյալ Politico Magazine պարբերականում հրապարակված հոդվածում. «Ճգնաժամը հետզհետե ցածրորակ քաղաքացիական պատերազմ է հիշեցնում: Սիրողական տեսանյութերում առկա անիմաստ բռնությունները սովորական երևույթ են դառնում»:

Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Լորան Ֆաբիուսն էլ մայիսի 14-ին հայտարարեց, որ Ուկրաինայում սուր ներքաղաքական ճգնաժամը մոտ է վերաճելու քաղաքացիական պատերազմի, և ակնարկեց բանակցությունների անհրաժեշտության մասին:

Վերջին շրջանում արդեն հարյուրավոր զինվորականներ, ցուցարարներ ու խաղաղ քաղաքացիներ են զոհվել Օդեսայում, Սլավյանսկում, Կրամատորսկում, Լուգանսկում, հարակից գյուղերում, ամենուր: Այնպես որ, Ուկրաինային ոչ թե սպառնում է քաղաքացիական պատերազմ, այլ երկիրը, եթե կարելի է Ուկրաինային դեռ այդպես կոչել, արդեն իսկ քաղաքացիական պատերազմի մեջ է:

Մեկ այլ ուշագրավ փաստ էլ է արձանագրվում: Ճգնաժամի ալիքն օգտագործելով` ՆԱՏՕ-ն փորձում է Ռուսաստանի սահմաններին ավելի ու ավելի մոտիկ ամրապնդել իր դիրքերը: Այս առումով բազմաթիվ ուշագրավ հայտարարություններ ու կոչեր են հնչել: Վերջիններից էր մայիսի 15-ին Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հայտարարությունը. «Եթե պատրաստակամություն չլինի ընդլայնել ՆԱՏՕ-ի ներկայությունը ԵՄ արևելյան սահմանային երկրներում, կնշանակի ՆԱՏՕ-ի երկրների համերաշխությունը սոսկ հռչակագիր է»:
Նրա խոսքով` Դաշինքի ենթակառուցվածքը և ՆԱՏՕ-ի ստորաբաժանումներն ավելի մեծ ներկայություն պետք է ունենան Բալթյան երկրներում, Լեհաստանում, Սլովակիայում, Ռումինիայում և Հունգարիայում:

Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել էր, որ Դաշինքը ստիպված կլինի քննարկել Արևելյան Եվրոպայի երկրներում մշտական հիմքով ՆԱՏՕ-ի ստորաբաժանումների տեղակայման հնարավորությունը: Բարձրաձայնվեց անգամ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը: Իհարկե, Մոսկվան կտրականապես դեմ է դրան: «Ուկրաինային ՆԱՏՕ ներքաշելու փորձերը շատ բացասական են ազդելու եվրոպական անվտանգության համակարգի վրա, և մենք կտրականապես դեմ ենք»,- հայտարարեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Bloomberg-ին տված հարցազրույցում:

Մինչ ռուսական կողմը սպառնում էր ՆԱՏՕ-ին Ուկրաինայի հնարավոր անդամակցության կապակցությամբ, Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Նորլանդը հայտարարեց, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ի անդամ մի շարք պետություններ Վրաստանի հետ ինտենսիվ խորհրդակցություններ են անցկացնում` կապված Վրաստանի հանդեպ Մոսկվայի հնարավոր քայլերի հետ: ԱՄՆ դեսպանն ասել է նաև, որ ՆԱՏՕ-ն կարող է քննարկել Վրաստանում հակահրթիռային պաշտպանության համակարգ տեղակայելու հարցը, բայց դա պետք է որոշեն ՆԱՏՕ-ի անդամ պետությունները:

Նման հայտարարությունները կարծես միտված էին ստիպելու, որ ռուսական զորքերը ռուս-ուկրաինական սահմանից հետ քաշվեին: Բայց եթե ՆԱՏՕ-ն որոշի կայաններ տեղակայել Վրաստանում, ապա ռուսական զորքն ավեի շուտ կկապիտուլացնի Թբիլիսին, քան թույլ կտա, որ իր քթի տակ ՆԱՏՕ-ական բազա հայտնվի:

Սա, ինչ խոսք, հայտնի է արևմտյան քաղաքականության «հաշվապահներին»: Ուստի ԱՄՆ-ին մնում է դարձյալ դիմել ավելի փորձված քալերի` տնտեսական ու քաղաքական պատժամիջոցների: Այդ պատժամիջոցների դեմ արտահայտվողներին, ի դեպ, բացի Գերմանիայից, Հունաստանից և այլ երկրների բարձրաստիճան ներկայացուցիչներից, միացավ նաև Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը:

Արևմուտքի «պատժամիջոցները» Ռուսաստանում միայն ժպիտ են առաջացնում

Ինչ վերաբերում է պատժամիջոցներին, The Wall Street Journal-ում ԿՀՎ-ի նախկին տնօրեն Ջեյմս Վուլսը, որ այժմ ԱՄՆ-ի էներգետիկ անվտանգության խորհրդի ղեկավարն է, գրեց, թե Կրեմլի վրա ճնշում գործադրելու համար անհրաժեշտ է էժանացնել ռուսական նավթը, իսկ դրա համար պարտադիր չէ պայմանավորվել «սև ոսկի» արդյունահանող երկրների հետ:
«Հաշիվները սառեցնելուն և Պուտինի մտերիմների համար վիզաները չեղարկելուն Կրեմլը միայն հորանջելով է պատասխանում, իսկ ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի երկրները հրապարակայնորեն այդպիսի միջոցներին գրեթե չեն աջակցում: Մեկ բարելի դիմաց նախկին 117 դոլարի փոխարեն նավթի գինը 60 դոլար դարձնելը շատ շահավետ կլինի Արևմուտքի, Չինաստանի և Հնդկաստանի համար»,- ասել է նա:
Թերևս իրավացի է ԿՀՎ նախկին ղեկավարն արևմտյան պատժամիջոցների դեմ Ռուսաստանի վերաբերմունքի հարցում: Հիշենք թեկուզ «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերի հետ կապված պատմությունը, որ չմտավ Եվրամիության պատժամիջոցների ցուցակ իր եվրոպացի գործընկերների շնորհիվ: Գերմանական, ֆրանսիական և իտալական էներգակոնցեռնների ղեկավարները քաղաքական գործիչներին ստիպեցին հանել նրա անունը ցուցակից` զգուշանալով բիզնեսին սպառնացող հետևանքներից: Արևմուտքը հատկապես մտքափոխվեց այն բանից հետո, երբ Միլլերն ակնարկեց, որ պատժամիջոցների շարունակության դեպքում «Գազպրոմը» կհայտնվի սնանկացման եզրին: Սա, ավեի շուտ, ակնարկ չէր, այլ սպառնալիք: Որովհետև փաստ է` Եվրոպային մատակարարվող գազի 30 տոկոսից ավելին բաժին է հասնում ռուսական գազին: Ու եթե «Գազպրոմը» որոշի, որ սնանկ է, ապա ԵՄ-ում էներգետիկ, հետևաբար նաև արդյունաբերական, տնտեսական, սոցիալական լուրջ ճգնաժամ կսկսվի: Սա, բնականաբար, Եվրոպայի երազանքը չէ:
Ենթադրենք, թե Եվրոպան էլ, իր հերթին, Ռուսաստանին պատժելու համար կարող է հրաժարվել ռուսական գազից: Սակայն այդ դեպքի համար էլ Ռուսաստանը պահեստային տարբերակ ունի: Մայիսի 20-ին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում նշեց, որ ռուսական գազից Եվրոպայի հրաժարվելու դեպքում այն կարող է ուղարկվել Չինաստան: Այսինքն` Ռուսաստանն էլ տնտեսական հակապատժամիջոցներ կիրառելու հնարավորություն ունի, հենց միայն գազի առումով, եթե չհաշվենք, օրինակ, եվրոպական գիգանտ կորպորացիաների դուստր ձեռնարկությունների առկայությունը Ռուսաստանում: Եվ այս օրերին Ռուսաստանն իր այդ հակաքայլերի, այսպես ասած,«զորավարժություններն» է անցկացնում Ուկրաինայում` ցույց տալով Եվրոպային, թե ինչ կարող է անել` պարզապես գազի խողովակի փականի հետ «խաղալով»:

«Գազպրոմի» տվյալների համաձայն, Ուկրաինան գազի դիմաց պարտք է մոտ 3.5 մլրդ դոլար: Այժմ Ուկրաինային մատակարարվող գազի գինը մոտ 480 դոլար է: Ռուսական կողմը վերջնագիր է ներկայացրել` ըստ որի, եթե Ուկրաինան չվճարի պարտքը, ապա հունիսից գազ կստանա այնքան, որքան վճարել է: Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանին 4 մլրդ դոլար վճարել գազի գնի իջեցման դեպքում` մոտ 300 դոլար: Այդ մասին Welt պարբերականին հայտնել է Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարի պաշտոնակատար Անդրեյ Դեշչիցան: Հիշեցնենք, որ Ուկրաինայի գազի պարտքերի պատճառով Ռուսաստանը որոշել է կանխավճար սահմանել երկրի համար:
Թե ինչ նշանակություն են ստանում Ռուսաստանի գազային քմահաճությունները, թերևս ամենից դիպուկ է բնութագրել է Ուկրաինայի ժամանակավոր նախագահ Ալեքսանդր Տուրչինովը. «Գազային շանտաժը ոչ միայն Ուկրաինայի, այլև այլ երկրների վրա ճնշում գործադրելու սիրած ձևաչափն է»:

Բայց ուշագրավ է մեկ հանգամանք ևս. ուկրաինական ճգնաժամի սկզբից ի վեր միայն ռուսական կողմն է համագործակցության ու բանակցային գործընթաց սկսելու առաջարկ արել: Իսկ եթե Արևմուտքի միակ հաղթաթուղթը Ռուսաստանին «քլնգելու» հարցում ռուս-ուկրաինական սահմանին մոտեցված ռուսական զորքերն էին, ապա մայիսի 19-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ինչպես հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, կարգադրեց Ռոստովի, Բելգորոդի և Բրյանսկի շրջաններում զորավարժություններին մասնակցող զորքերին մշտական տեղակայման վայրեր վերադառնալ: Գոնե միառժամանակ կթուլացնի՞ սա լարվածությունը, դժվար է գուշակել: Առավել ևս, որ ուկրաինական ճգնաժամում կրքերը գնալով ոչ թե հանդարտվում, այլ էլ ավելի են թեժանում. ո՛չ Արևելյան Ուկրաինայի անջատողականներն են պատրաստվում համակերպվել Կիևի մայդանական իշխանությունների հետ, ո՛չ էլ նոր իշխանություններն ու նրանց զինյալներն են պատրաստվում առանց զենքի, առանց զոհ ու արյան հրաժարվել արևելքից:

Առևանգված նիգերիացի աղջիկների որոնողական աշխատանքներով կզբաղվեն ամերիկացիները

nigeria ԱՄՆ-ը 80 զինծառայողներից բաղկացած խումբ է ուղարկել Նիգերիայի հետ սահման՝ Չադ, «Բոկո Հարամ» ահաբեկչական կազմակերպության կողմից առևանգված նիգերիացի աղջիկների որոնողական աշխատանքներին մասնակցելու համար:  Սպիտակ տունը հայտնել է, որ վերոնշյալ զինծառայողները զբաղվելու են անօդաչու թռչող սարքերի կառավարմամբ, որոնք էլ հետախուզական աշխատանքներ են կատարելու աղջիկների առևանգվման վայրում: Այնուհանդերձ, որոնողական և փրկարարական աշխատանքներ տանելու գործում գլխավոր դերը ստանձնել են Նիգերիայի իշխանությունները:

Նշենք, որ ապրիլի 14-ին «Բոկո Հարամ»-ի ահաբեկիչները հարձակում էին գործել Բորնո նահանգի Շիբոկ քաղաքի դպրոցների մեկի վրա՝ առևանգելով 200 աշակերտուհու:

 

Երկու աշակերտներ թունավորել են ուսուցչի խմելու ջուրը

kids-posion-teacherՆյու Յորքում ձերբակալել են չորրորդ դասարանի երկու աշակերտների ուսուցչի խմելու ջուրը թունավորելու համար:

9 և 12 տարեկան տղաները երկուշաբթի կեսօրին ուսուցչի խմելու ջրի մեջ թույն էին լցրել, որի հետևանքով ուսուցիչը հաջորդ օրը վատ էր զգացել: Ուսուցչին բուժօգնություն են տրամադրել, որից հետո նրա վիճակը բարելավվել է:

Թույնն  այժմ հետազոտում են լաբարատորիայում, սակայն ենթադրվում է, որ այն առնետի թույն է եղել:

Երկու տղաներին մեղադրանք է առաջադրվել երկրորդ կարգի հարձակման, անխոհեմ սպառնալիքի և զենք պահելու համար:

Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեի. «Առանց ԱՄՆ-ի միջամտության էլ հնարավոր է առաջընթաց լինի»

Ալի ԽամենեիԻրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին «Էմամ Հոսեյնի» անվան զինվորական համալսարանի շրջանավարտներին շնորհավորելու ժամանակ ասել է, որ իրանցիներն ողջ աշխարհինապացուցել են, որ ազգն առանց ԱՄՆ-ի և Արևմուտքի միջամտության կարող է զարգանալ և առաջ շարժվել:

«Իրանցիների ձեռքբերումները բարկացնում են  կայսերապաշտ  երկրներին: Մենք  ի  պատասխան նրանց կասենք նահատակ  Բեհեշթիի  հայտնի  խոսքերը` ձեր  այդ  զայրույթից `գնացե՛ք ու մեռե՛ք »,-  ասել է հոգևոր առաջնորդը։

Ալի Խամենեին շարունակելով իր խոսքը, հայտնել է, որ գերտերությունները, Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցներով և ճնշումներով, փորձում են չեզոքացնել տիրող  համակարգի  դեմ  Իրանի  ժողովրդի  պայքարը, սակայն ԱՄՆ-ն ու Արևմուքն այդ նպատակին  երբեք չեն հասնի ։

«Իրանի  ժողովուրդը տարբեր բնագավառներում դրսևորել է իր ունակություններն և  ցույց է տվել, որ առանց  Ամերիկայի  օգնության կարող  է գիտական  ու  սոցիալական  ոյորտներում  նվաճումներ  արձանագրել և միջազգային հեղինակություն ու քաղաքական արժանապատվություն վաստակել»,- պարզաբանել է Իրանի հոգևոր առաջնորդը:

Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը: