Ռուսաստանի դռները միշտ բաց են հայերի առաջ, բայց` Սիբիրի կողմից

միգրացիա-Ռ (1)Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի 2006 թ. հրամանով ուժի մեջ մտած «Արտերկրում բնակվող հայրենակիցների՝ Ռուսաստանի Դաշնությունում կամավոր վերաբնակեցման ծրագիրն» ուղղված է արտերկրում բնակվող հայրենակիցների պոտենցիալի համախմբմանը` ելնելով Ռուսաստանի շրջանների զարգացման կարիքներից, Ռուսաստանի ազգաբնակչության թվաքանակի կայունությանը, մասնավորապես` Ռուսաստանի համար ռազմավարական կարևորություն ունեցող շրջաններում: Այն փաստորեն միտված է լուծելու Ռուսաստանի ժողովրդագրական խնդիրները: Նշվում է, որ ռուսական մշակույթով դաստիարակված, ռուսաց լեզվին տիրապետող և Ռուսաստանի հետ կապը խզել չցանկացող հայրենակիցներն առավել հեշտությամբ կարող են հարմարվել և դրական սոցիալական կապեր հաստատել ընդունող հասարակության մեջ:

Սևով սպիտակի վրա պարզ գրված այս  շարադրանքից ընթերցողը մի բան է հասկանում, որ ծրագիրը նախատեսված է արտերկրում բնակվող ազգությամբ ռուս քաղաքացիների համար: Բայց միաժամանակ ծրագրի որևէ կետով այլազգիների մասնակցությունն արգելված չէ, ուստի Ռուսաստանն իր սիբիրյան դատարկությունը լցնելու համար պատրաստ է ընդունել ոչ միայն ռուս հայրենակիցներին, այլև նրանց, ովքեր գոնե «здравствуй» ասել գիտեն կամ հոգով-սրտով իրենց Ռուսաստանի հայրենակից են զգում: Իսկ այդպիսիք Հայաստանում քիչ չեն: Հատկապես հիմա, երբ սոցիալ-հոգեբանական լարվածությունը երկրում հասել է գագաթնակետին, և մարդիկ փախուստի մոլուցքի մեջ են, շատերն են ինքնամոռաց նետվում եղբայրական Ռուսաստանի գիրկը, որն էլ իր գիրկն է առնում «որբացած» հայ ժողովրդին և երանելի ապագայի խոստումներ տալիս:

Ռուսաստանի միգրացիոն դաշնային ծառայության հայաստանյան գրասենյակի սև մեծ դարպասը, որի մոտ ցանկացած ժամի կարող եք խմբված քաղաքացիների հանդիպել, շատերի համար դրախտի դռներ են:

Միջին տարիքի մի տղամարդ, որը կնոջ ու երկու անչափահաս երեխաների հետ եկել էր տեղեկություններ ստանալու ծրագրի մասին, հնարավորություն չունեցավ այդ դռներից ներս մտնելու, քանի որ այն փակ էր: Հետո դարպասի վրա փակցված տեղեկատվական թերթիկներից իմացավ, որ այդ օրը գրասենյակի աշխատակազմը մինչև ժամը 13:00-ն էր աշխատում: Ի դեպ, հայերեն տեղեկատվական միակ թերթիկի վրա գրված մի քանի կարճ նախադասության մեջ 5-6 կոպիտ քերականական սխալներ կային, ինչը վկայում էր այն մասին, որ տեքստը գրողը վատ է տիրապետում հայերենին:  Նույնը չէր կարելի ասել ռուսաց լեզվով տեքստերի մասին:

Ինչևէ, մինչ տղամարդն ընտանիքով սրտնեղած կհեռանար` անհամբեր սպասելով հաջորդ օրվան, որպեսզի նորից գա, հարցրեցի, թե ինչպես է  ծրագրի մասին իմացել և ինչու է ուզում դիմել: Ասաց, որ նույն ծրագրով Կալինինգրադում վերաբնակեցված իր ծանոթներից է իմացել և որոշել է ինքն էլ դիմել: «Գոհ են, ապահովված են աշխատանքով, մեզ էլ խորհուրդ տվեցին գնալ»:

Հարցրի`տեղյա՞կ են, որ Հայաստանի քաղաքացիությունից պիտի հրաժարվեն, որպեսզի Ռուսաստանի քաղաքացիություն ստանան: Առանց վարանելու պատասխանեց. «Խնդիր չկա: Ինչի՞ս է պետք Հայաստանի քաղաքացիությունը, եթե չենք կարում ապրենք: Աշխատանք ունեմ, բայց բանի պետք չի` բանվորություն շինարարության մեջ: Երբ հիշում են` էն ժամանակ են վարձատրում…»:

Չէ, հաստատ որոշել է ընտանյոք հանդերձ հեռանալ: Եթե անգամ դժվար լինի, հետ չեն գա, քանի որ մտածում են` ինչ էլ լինի, Հայաստանից լավ է լինելու: «Վաղը–մյուս օրը ծերանալ կա, բան կա: Էստեղի թոշակով ո՞նց ենք ապրելու…»:

Տղամարդուն իր մտադրությունից հետ չի պահի անգամ սիբիրյան սառնամանիքների հեռանկարն ու երեխաների` ռուսական, ոչ հայանպաստ միջավայրում մեծանալը. «Կապ չունի` Սիբիր է, ցուրտ է, երեխեքն էլ, որտեղ իրենց լավ է, թող էնտեղ էլ մեծանան: Հայաստանում ապագա չկա»:

Նյութն ուսումնասիրելու ընթացքում հանդիպեցի նաև մի երիտասարդի, որը «Ռուսաստանի հայրենակիցներ» ծրագրի շրջանակներում մի քանի ամիս ապրել ու աշխատել է Մուրմանսկում և օրեր առաջ է վերադարձել: Շոկային տրամադրությունները դեռ թարմ են: Առաջին շոկն ապրել է հենց օդանավակայանում. «Ընկերոջս հետ իջել ենք ու սպասում ենք, որ մեզ պիտի դիմավորեն: Մարդ չկա, մենք էլ ոչ ոքի չենք ճանաչում, տեղ չունենք գնալու»:

միգրացիա-ՌԱմենազավեշտալին այն է, որ մինչև գնալները Հայաստանից հեռախոսով մի ռուս բրոքերի հետ պայմանավորվել են, որը խոստացել է մինչև իրենց տեղ հասնելը վարձով բնակարան գտնել, հետո տեղավորել, գրանցվելու և այլ հարցերը լուծել: Բայց երբ օդանավակայանում զանգել է բրոքերին, պատասխանել է` ուշ զանգեք, զբաղված եմ: «Մենք դրսում սառնամանիքին, անորոշ կանգնած սպասում ենք, ասում է` ուշ զանգեք: Նորից զանգեցինք, հարցրեցինք` ինչքա՞ն պիտի սպասենք: Ասաց՝ գնացեք մեր օֆիս, վճարեք հինգ հազար ռուբլի, որ ձեր համար տուն ման գանք: Զարմացանք` դեռ նոր պիտի ման գա՞ք, բա մինչև էդ պիտի դրսում քնե՞նք»:

Սակայն «հայրենակիցների» դրսում քնելը ռուսներին այնքան էլ չի մտահոգել, նրանք իրենց ասածն են ասել, ու վերջ: Բարեբախտաբար, երիտասարդներն այդ քաղաքում մի ծանոթ հայ ընտանիք են ճանաչել և զանգել են նրանց, որպեսզի գան, տանեն իրենց տուն: Իսկ մինչ ծանոթների տուն գնալը ներկայացել են Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայություն: Այդպես է կարգը: Այնտեղ էլ երիտասարդներին ասել են, որ գնան, յոթ օրվա մեջ գրանցվեն որևէ հասցեում, բայց էնպես չլինի, որ այդ հասցեում շատ մարդ գրանցված լինի:  Նախազգուշացրել են, որ եթե չգրանցվեն` իրենց կտուգանեն ու դեպորտ կանեն: «Շվարած կանգնել ենք, ո՞վ մեզ կգրանցի իր տան վրա: Հետո պարզվեց, որ դա էնտեղ լուրջ բիզնես ա, բնակարան են գնում, էմիգրանտներին փողով ժամանակավոր գրանցում»:

Երեք ամսվա գրանցման համար երիտասարդներից յուրաքանչյուրը 100 դոլար է վճարել, հետո վեց ամսվա համար արդեն` 200 դոլար. «Այսինքն, եթե մարդ ընտանիքով գնա, պատկերացնո՞ւմ եք, թե մենակ գրանցման համար ինչքան գումար ա ծախսում»:

Ինչ վերաբերում է վարձով բնակարան գտնելուն, ապա էմիգրանտների համար դա ամենադժվարին խնդիրներից է. «Տեսնում են` սև ենք, վերջ, վարձով բնակարան չկա»:

Մեկ ամիս ստիպված են լինում ապրել ծանոթների տանը, մինչև վարձով բնակարան են գտնում, այն էլ` չափազանց բարձր գնով և վատ պայմաններով:

Մեր հերոսներին հաջողվում է նաև աշխատանք գտնել, իսկ երեք-չորս ամսից` ռուսական անձնագիր ստանալ: Սակայն այդ ամենը յուրաքանչյուրի վրա մի քանի հազար դոլար է նստում` չհաշված սոցիալ-հոգեբանական տանջանքները:

Բայց եթե նրանք դիմում գրեին և պարտավորվեին երկու տարի ապրել ու աշխատել այնտեղ, ապա պետությունը կփոխհատուցեր բազմաթիվ ծախսեր, դեռ մի բան էլ իր կողմից գումար կտար. «Հենց մի կոպեկ իրենցից վերցնես, ուրեմն գերի ես: Իսկ ես մտադիր չէի էնտեղ գերի մնալ, դրա համար էլ հրաժարվեցի էդ արտոնություններից ու էդ ծրագրից»,- ասում է զրուցակիցս` խոստովանելով, որ այդ ամենն արել է միմիայն ռուսական անձնագիր ստանալու համար,- ինձ ուղղակի պետք էր էդ անձնագիրը, որ ուզածս ժամանակ գնամ, օրինական աշխատեմ, հետ գամ»:

Նա հավատացնում է, որ ինչքան էլ պայմանները գրավիչ լինեն, երբեք չի համաձայնի ընտանիքով տեղափոխվել, քանի որ ռուսական մշակութային շոկից էլ դեռ չի ազատվել. «Նայում ես` սիրուն, ջահել աղջիկ` հղի, մի ձեռքին պիվի բանկեն, մյուսին՝ սիգարետը: Ծխում ա ու թքում: Ես ո՞նց էդ միջավայրում երեխեք ունենամ ու մեծացնեմ: Ինչ տեսնեն, էդ կսովորեն: Դրա համար էնտեղ ապրելը բացառում եմ»:

Նշենք նաև, որ ՌԴ միգրացիոն ծառայության հայաստանյան ներկայացուցչությունը գործում է 1997 թ. օգոստոսի 29-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության միջև կամավոր վերաբնակեցման գործընթացի կարգավորման մասին» համաձայնագրի հիման վրա: Սակայն այդ համաձայնագիրը, կարելի է ասել, ուժը կորցրած է, քանի որ համաձայնագրում նշված դրույթները կյանքի չեն կոչվել: Նպատակը եղել է Հայաստանի և Ռուսաստանի կողմից համաձայնեցված միգրացիոն քաղաքականություն վարելը: Հայաստանը պետք է նպաստավոր պայմաններով վերաբնակեցներ Ռուսաստանում բնակվող իր հայրենակիցներին, Ռուսաստանը` Հայաստանում բնակվող իր հայրենակիցներին: Սակայն ծրագիրը չի իրականացել, քանի որ Ռուսաստանի հայերն այդպես էլ  ցանկություն չեն հայտնել վերադառնալ հայրենիք այդ ծրագրի շրջանակներում: Ռուսների դեպքում` որոշ ընտանիքներ տեղափոխվել են:

Այնպես որ այս նոր ծրագիրը որևէ կապ չունի վերոնշյալ համաձայնագրի հետ: Ինչ վերաբերում է միգրացիոն ծառայության հայաստանյան ներկայացուցչության գործունեությանը, ապա այն բավականին ծանրաբեռնված է և հիմնականում շնորհիվ «Հայրենակիցներ» ծրագրի: Մեզ հետ զրույցում ծրագրին դիմող քաղաքացիներից մեկն ասաց, որ անցյալ տարվա տվյալներով` շուրջ 80 հազար հոգի ծառայության կողմից, ժողովրդի լեզվով ասած,  «կանաչ անձնագիր» է ստացել: Սակայն ոլորտի պատասխանատու պաշտոնյաներից մեկը, չցանկանալով, որ անունը նշենք, այդ թիվն անիրական համարեց: Նրա խոսքով` ծրագրի  շրջանակներում տարեկան 3-4 հազար հոգի է մեկնում: Սակայն հարկ է նշել, որ «կանաչ անձնագիր» ստացած քաղաքացիները պարտադիր չէ` նույն պահին էլ մեկնեն, քանի որ այն ուժի մեջ է երկու տարի: Եթե հաշվի առնենք նաև այն, որ Պուտինն անցյալ տարի նոր հրամանագիր է ստորագրել ծրագիրն անժամկետ դարձնելու վերաբերյալ, ապա պարզ է, որ հեռացողների թիվը մի քանի հազարով չի սահմանափակվի:

Պաշտոնյան նաև նշեց, որ զարմացած է ծրագրի շուրջ բարձրացված աղմուկից, քանի որ այդ ծրագրով ավելի քիչ հայեր են Հայաստանից մեկնում, քան ասենք` Ամերիկայի Միացյալ Նահանգների գրին քարտի կամ Կանադայի միգրացիոն ծրագրերի, և եթե առաջինի դեպքում վերադառնալու հնարավորությունը մեծ է, ապա մյուս դեպքերում գրեթե բացառվում է:

Հակադրվելով այս տեսակետին`  ասեմ, որ ԱՄՆ կամ Կանադա մեկնելու դեպքում էմիգրանտներն էապես փոխում են իրենց կյանքի որակը, մինչդեռ Ռուսաստանի դեպքում պարզապես ինքնակամ աքսորվում են Սիբիր:

Համամիտ եմ, սակայն, նույն պաշտոնյայի այն խոստովանությանը, որ նախ պետք է երկրում իրավիճակը փոխել, որպեսզի մարդիկ չցանկանան հեռանալ: Իսկ եթե ցանկանան, ապա կգնան անկախ ամեն ինչից ու ամեն գնով:

Պակասում ենք, ծերանում ու չենք վերարտադրվում

population1«Ժողովրդագրական անվտանգությունը տնտեսական անվտանգության մասն է կազմում և նպատակ ունի նվազեցնել ու վերացնել բնակչության թվաքանակի կառուցվածքի և փոփոխությունների հետ կապված խնդիրները»,-  նշում է տնտեսագետ, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանն իր զեկույցներից մեկում:

 Երբ նայում ենք ժողովրդագրության համաշխարհային միտումներին, ստացվում է հետևյալ պատկերը. 1650 թ. աշխարհում ապրում էր 500 մլն մարդ, 1990-2004 թթ.` 6.7 մլրդ մարդ: Ըստ կանխատեսումների` 2025 թ. աշխարհում կապրի 8.2 մլրդ մարդ, դրանից 20 տարի անց` 2045 թ.` 9 մլրդ, իսկ XXI դարավերջին` 2095 թ., Երկիր մոլորակի բնակչության թվաքանակը կհատի 13 մլրդ-ի սահամանգիծը և կկազմի մոտ 13.7 մլրդ մարդ: Սրան գումարվում են նաև կլիմայական փոփոխությունները, շրջակա միջավայրի խնդիրները, բնական ռեսուրսների սահմանափակ լինելը և այլն, ու ստացվում է, որ այս դարավերջին լուրջ մարտահրավերներ են սպասում մարդկությանը: Այսինքն` այդքան մարդու սննդի, կացարանի և այլ պահանջների բավարարման համար բնական ռեսուրսները կսկսեն չբավարարել: Նույնիսկ հիմա, երբ Երկրի բնակչությունը 6.7 մլրդ է, արդեն նման խնդիրներ կան, էլ ուր մնաց կրկնակի շատանալու դեպքում:

Այժմ նայենք մեր տարածաշրջանին ու այն կազմավորումներին, որոնց մասն է կազմում նաև Հայաստանը: Ըստ ԱՊՀ երկրների վիճակագրական կոմիտեի տվյալների` բնակչության անկում են ունեցել միայն Ռուսաստանը, Ուկրաինան և Բելառուսը, սակայն ամենամեծ անկումը գրանցվել է Հայաստանում: 2007 թ. Հայաստանն ունեցել է 3 մլն 223 հազար բնակչություն, իսկ 2012-ին` 2 մլն 830 հազար:

Սրան գումարվում են բազմաթիվ այլ գործոններ, ինչպես, օրինակ` գործազրկության մակարդակը: Ըստ այդմ` 2013 թ. գործազրկությունը Ադրբեջանում եղել է 6.6%, Ղազախստանում այդ ցուցանիշը կազմել է 7%, Մոլդովայում` 5.1%, Ռուսաստանում` 6.2%, Ղրղզստանում` 8.3%, Տաջիկստանում 7.4%, իսկ Հայաստանում` 16.4%:

Բնակչության աճի տեմպերի վրա շատ գործոններ են ազդում, բայց դրանցից հիմնականները պատերազմները, ժողովրդագրական տեղաշարժերը,  համաճարակներն ու բնական աղետներն են: Սրանց ազդեցությունն ավելի ուժգին է արտահայտվում:

Ըստ պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանի ուսումնասիրությունների` բնակչության աճի փոփոխության վրա էական ազդեցություն են ունեցել 1988 թ. Սպիտակի երկրաշարժը, որը խլեց 25 հազար մարդու կյանք, Ղարաբաղյան հակամարտությունը, որի ժամանակ Հայաստանը կորցրեց 5856 զինվոր և 1264 խաղաղ քաղաքացի:

Բայց առավել շատ այդ փոփոխության վրա ազդել են 1994-1999 թթ. տնտեսական ճգնաժամն ու արտագաղթի ներկայիս նոր ալիքը: Ըստ Թաթուլ Մանասերյանի ուսումնասիրության` 1990-2007 թթ. Հայաստանից, ընդհանուր առմամբ, արտագաղթել է 1 մլն 200 հազար քաղաքացի:

Ժողովրդագրական այս փոփոխությունների արդյունքում, ինչպես ներկայացնում է Թաթուլ Մանասերյանն իր «ՀՀ ժողովրդագրական սպառնալիքները. պատճառներ և հանգուցալուծումներ» զեկույցում, սպառնում է լեռնային սահմանամերձ գյուղերի ամայացումով, ուրբանիզացիայի մակարդակի փոփոխությամբ, բնակչության ծերացմամբ, ծնելիության ցածր մակարդակով, չկառավարվող և անօրինական արտագաղթով, կրթական, գիտական ու մշակութային ներուժի արտահոսքով և այլն:

Ի՞նչ են նշանակում ժողովրդագրական փոփոխությունները

Փաստորեն, այսօր ժողովրդագրական իրավիճակը Հայաստանում բավականին մտահոգիչ է, որովհետև բոլոր հիմնական ուղղություններով ու ժողովրդագրական ցուցանիշներով, որոնք են` ծնելիությունը, միգրացիան և մահացությունը կամ ծերացումը, Հայաստանը բավականին բացասական տվյալներ է այս պահին մատուցում: Նշենք, որ  Հայաստանի անկախացումից ի վեր ծնելիությունը մոտ 2 անգամ անկում է ապրել. ծնելիության գործակիցը 2,5-2,6- ից հասել է նրան, որ այսօր վերարտադրողական տարիքում գտնվող մեկ կնոջ հաշվարկով 1,5-1,6 երեխա է ծնվում: Այսինքն` 10 զույգերը միասին, որոնք դեռ ի վիճակի են երեխաներ բերել լույս աշխարհ, ունենում են ընդամենը 15 երեխա: Բայց որպեսզի հասարակությունը սովորական վերարտադրողական ֆունկցիան չկորցնի, վերարտադրողականության գործակիցը պետք է լինի 2,1:

Սրան գումարվում են միգրացիոն հոսքերը, մասնավորապես` արտագաղթ կոչվող չարիքը և այլն: Համաձայն ընդունված ցուցանիշների` սահմանային կետերից հավաքված տեղեկությունների, որոնք այսօր միակ պաշտոնական ու հասանելի տեղեկատվությունն են, մենք տարեկան մոտավորապես 35-40 հազար մարդու հաշվարկով բացասական սալտո ունենք:

Շատ լուրջ խնդիր է Հայաստանի ծերացումը: Ըստ այդմ` բավականին մեծ աղմուկ բարձրացրեց ՄԱԿ-ի ցուցանիշը Հայաստանի վերաբերյալ, ըստ որի` մենք այսօր ունենք 60+ տարիք ունեցող ազգաբնակչության 14,4% ցուցանիշ, և արդեն հատել ենք ծերացած ազգաբնակչության սահմանագիծը:

«Մինչև 13 տոկոսը ծերացող է, իսկ 13 տոկոսից ավելի 60 և ավելի տարիք ունեցող ազգաբնակչություն ունեցող հասարակությունը համարվում է ծերացած: Եվ մի շատ կարևոր բան արժե այս կապակցությամբ ասել, որ 2017 թ. առաջին անգամ մեր ազգաբնակչության բնական հավելաճը դրականից կփոխվի բացասականի»,- տեղեկացրեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը:

Այսինքն` հասարակության մեջ մեծահասակների և երիտասարդների հարաբերակցությունը կփոխվի այնպես, որ մենք արդեն կունենանք բացասական բնական աճ: Իսկ մինչև 2050 թ., ըստ ՄԱԿ-ի կանխատեսումների, Հայաստանում 60-ն անց բնակչությունը կկազմի ընդհանուր բնակչության մոտ 35 տոկոսը:

Ժողովրդագրական այսպիսի վիճակը հետագայում կարող է անդրադառնալ երկրի, պետության բոլոր ոլորտների վրա: Օրինակ` եթե քիչ երեխաներ են ծնվում, բնականաբար, առաջանում է բանակի համար զինվորներ ունենալու խնդիրը, աշխատուժն է քչանում, հետևաբար նաև տնտեսական ակտիվությունն է փոքրանում, երկրի բիզնես միջավայրն է դառնում ոչ գրավիչ, քանի որ շուկան է նվազում, երկրի տնտեսական կառուցվածքն է փոխվում, որովհետև, օրինակ, ավելի երիտասարդ բնակչություն ունեցող երկրի համար ավելի կարևոր է զարգացնել նորագույն տեխնոլոգիաները և նման այլ ոլորտները, իսկ ծեր ազգաբնակչություն ունեցող երկրները պետք է զարկ տան, օրինակ, տրանսպորտային, սոցիալական ծառայությունների և այլ ոլորտների զարգացմանը: Երիտասարդ բնակչություն ունեցող երկրները աշխատուժի ավելի քիչ խնդիր են ունենում, իսկ ծեր ազգաբնակչություն ունեցող երկրները պետք է Գերմանիայի օրինակով զարկ տան մեծահասակների կրթության ծրագրերին, որպեսզի մարդիկ մեծ տարիքում էլ կարողանան աշխատել ու բարիքներ ստեղծել:

Նման դեպքերում նաև պետական ու հասարակական ենթակառուցվածքների փոփոխության պահանջ է առաջանում: Հայաստանում կենսաթոշակային բարեփոխումների տրամաբանությունը վառ օրինակ է, որովհետև, եթե Հայաստանի անկախացման ժամանակ 1 թոշակառուի «համար», կոպիտ ասած, աշխատում էր  7 աշխատունակ տարիքի քաղաքացի, այժմ` 3,5, իսկ 2050 թ., դարձյալ ՄԱԿ-ի կանխատեսումներով, 1 թոշակառուի դիմաց Հայաստանում կլինի  1 աշխատունակ տարիքի քաղաքացի: Սա փոխում է սոցիալ-տնտեսական, հոգևոր-մշակութային և բոլոր քաղաքականությունները:

Այս պատկերը բազմաթիվ պատճառներ կարող է ունենալ: Ու եթե շատերի կարծիքով սոցիալ-տնտեսական վիճակն է այս պատկերի պատճառը, ապա ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, որ մոտ 7 տարի ղեկավարել է Հայաստանում ժողովրդագրական պատկերի ուսումնասիրությունները, ավելի է լայնացնում «սոցիալ-տնտեսական» պայմանները: Նրա ներկայացմամբ` թեև Հայաստանն արդեն ուշացել է, դեռ կարող է ու պարտավոր է սկսել համապատասխան քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ` հետագա լուրջ մարտահրավերներին դիմակայելու համար:

 

 

 

«Ֆրանսիացին հայից ավելի լավ չի ապրում, բայց դու էդ ամեն ինչի մասին իմանում ես տարիներ հետո, երբ արդեն …»

ՖրանսահայՄութ ու ցուրտ տարիներն էին: Ավարտելով դպրոցը` Սյուզանն ընդունվում է Բրյուսովի համալսարանի ֆրանսերենի բաժին: Ինստիտուտն ավարտելուց հետո, ինչպես շատերը, կանգնում է  մասնագիտությամբ աշխատանք  գտնելու խնդրի առջև: Համապատասխան աշխատանք չկար, բայց գտավ մեկ այլ բնագավառում` հեռուստատեսությունում: Սակայն 3 տարի անց`  2001 թ., հնարավորություն է ստեղծվում ուսումնական ծրագրով Ֆրանսիա մեկնելու, և քանի որ հեռուստատեսությունում ապագա չէր տեսնում, որոշում է գնալ և վերականգնել ֆրանսերենի գիտելիքները: Մեկնում է արցունքն աչքերին, չնայած մտքում որոշել էր մեկ տարվա դասընթացին ամբողջությամբ չմասնակցել, ու 3-4 ամիս անց վերադառնալ:

«Երբ վիզա ստանալու համար հյուպատոսի մոտ հարցազրույց էի, այդ մարդը նայեց ինձ և վստահ ասաց, որ ես հետ չեմ գալու: Զարմացա, ինչպե՞ս թե հետ չեմ գալու, ես անկեղծ համոզված էի, որ վերադառնալու եմ, ասացի` ինձ պետք չի ձեր երկիրը, ես հետ եմ գալու, և այլն: Հյուպատոսն ասաց. «Դուք հիմա էդպես եք ասում, որովհետև չգիտեք Ֆրանսիան: Դա այն երկիրն է, որը մեծ հնարավորություններ է տալիս, իսկ ես, տեսնելով Ձեզ, համոզված եմ, որ Դուք այդ հնարավորությունները բաց չեք թողնի»: Փաստորեն հյուպատոսը, համոզված լինելով, որ հետ չեմ գա, ինձ թույլ տվեց գնալ: Ես էլ մտածեցի` էս խենթին ինչպե՞ս են  հյուպատոս նշանակել: Բայց 5 տարի Ֆրանսիայում ապրելուց հետո հասկացա, թե այդ մարդն ինչ իմաստուն էր…»:

25-ամյա Սյուզանի համար Ֆրանսիան միանգամայն նոր իրողություն էր, իսկ Փարիզում միայնակ ապրելը` բավականին դժվար: Գիտեր միայն լեզուն, մնացած ամեն ինչ նոր էր ու անսովոր: Դժվարամատչելի մի քանի ամիսը հաղթահարելուց հետո, գալիս է Հայաստան վերադառնալու ժամանակը, բայց նա որոշում է մնալ մեկ տարի, քանի որ 4 ամիսը բավական չէր թե՛ լեզվի, թե՛ Եվրոպան ճանաչելու առումով: Իսկ մեկ տարի անց վերադառնալով Հայաստան` հասկանում է, որ Փարիզը կրկին ձգում է իրեն: Երկու ամիս անց վերադառնում է Ֆրանսիա: Հյուպատոսի խոսքերն իրականություն էին դառնում…

6 տարի հետո Սյուզանն արդեն Ֆրանսիայի լիիրավ քաղաքացի էր, որին հասել էր իր ջանքերի շնորհիվ: Այսօր նա վարձով ապրում է Փարիզի կենտրոնում, աշխատում ֆրանսիական ընկերությունում, կարգին վարձատրվում:

Սակայն երիտասարդ աղջկա հաջողությունը միայն կողքից դիտողին կարող է դրախտային թվալ: Իրականում նա դրան հասել է մեծ դժվարությունների գնով, որոնց շատերն այսօր ի վիճակի չեն դիմանալ: «Հիմա շատ ուսանողներ են գնում, բայց հետ են գալիս, չեն դիմանում դժվարություններին,- ասում է նա,- դա նրանից է, որ հիմա Ֆրանսիայում կյանքն այն չէ, ինչ 13 տարի առաջ, շատ ավելի բարդ է, փոխարենը Հայաստանում կյանքն այնքան վատ չէ, որքան 13 տարի առաջ»:

Սակայն զգալով հաջողության բերկրանքը` Սյուզանը միաժամանակ խորը հիասթափություն է ապրում. ի վերջո ինչի՞ համար էր այդ պայքարը, և ինչո՞ւ են բոլորը ձգտում դրան. «Ֆրանսիայի քաղաքացի դառնալուց հետո մեծ հաշվով իմ կյանքում էական փոփոխություն չեղավ: Փոխվեց այն, որ ամեն տարի մի մեծ թղթապանակ չեմ հավաքում այդ հարցով դիմելու համար: Նյութական բարեկեցությունս էլ չփոխվեց, ընդհակառակը, սկսեցի շատ ավելի հարկեր վճարել: Այնտեղ ամեն ինչի համար հարկ ես վճարում, անգամ աշխատավարձիցդ են եկամտահարկ պահում: Ճիշտ է, տարին մեկ անգամ կարող ես քեզ թույլ տալ հանգստանալու մեկնել, բայց ոչ եվրոպական երկրներ, որովհետև դա շատ թանկ է, այլ Թունիս, Մարոկկո և այլ երկրներ, որոնք էժան տուրեր են առաջարկում: Ինչ վերաբերում է մարդկային հարաբերություններին, մտածելակերպին, ապա միևնույն է, քեզ համար շատ բաներ խորթ են մնում, որովհետև դու հայ ես»:

Հայի համար, ըստ Սյուզանի, ֆրանսիացին  մարդու անհեթեթ տեսակ է` հաշվարկող, ոչ էմոցիոնալ, ոչ մարդկային, անխիղճ, անհատապաշտ, միայն իր ես-ն առաջ տանող: Որպես օրինակ բերում է ընկերությունը. «Մեզ համար լավ ընկերը նա է, որի վրա դու միշտ հույս ես դնում, որը քո դժվար պահին միշտ քո կողքին է: Ֆրանսիացու համար լավ ընկերը նա է, ով երբեք իր խնդիրներով քեզ չի անհանգստացնում: Երկուսն էլ յուրովի լավն են, բայց արմատապես տարբեր են: Դրա համար էլ ես ունեմ ֆրանսիացի լավ ծանոթներ, բայց չունեմ ֆրանսիացի ընկերներ: Իմ ընկերները Ֆրանսիայում ապրող հայերն են, որոնք, իհարկե, մի քիչ տարբերվում են հայաստանցի հայերից»:

Սյուզանի խոսքով` Ֆրանսիայում մարդկային մոտեցում ասվածը գոյություն չունի, բայց օրենքն էլ կատարյալ չէ, կան բազմաթիվ անօրեն երևույթներ: «Օրինակ` ջրի ծորակը փչացել է, զանգում ես մի մասնավոր ընկերություն, որ գա նորոգի: Եթե այդ ընկերությունը նկատում է, որ գործից բան չես հասկանում, լավ գումարներ է աշխատում, այսինքն` քեզ գցում է: Իսկ դատի տալը հեշտ բան չէ, դրա համար փող և մեծ ջանքեր են պետք»:

Նման հարցերում, ասում է, անգամ ֆրանսիացիները չեն պայքարում իրենց իրավունքների համար և իրեն էլ հաճախ խորհուրդ են տալիս չխորանալ և չբարդացնել կյանքը: «Օրինակ` տան համար պարտադիր ապահովագրություն են պահանջում, որի դիմաց ամեն ամիս վճարում ես, բայց որ մի բան է լինում, ամեն կերպ փորձում են փոխհատուցումից խուսափել: Եթե մինչև վերջ չգնաս, չպայքարես` ոչնչի չես հասնի: Նման դեպք ինձ հետ պատահել է, մեկ տարի պայքարելուց հետո, երբ ի վերջո ասացի, որ դատարան եմ դիմելու` փոխհատուցեցին»:

Սյուզանը պատմում է, որ եթե Ֆրանսիայի քաղաքացի չես, ապա որոշակի չափորոշիչներ պետք է  հաղթահարես, որպեսզի ֆրանսիացին քեզ վերցնի աշխատանքի: Գործատուն պետք  է պետությանն ապացուցի, որ հենց քո կարիքն ունի, և ֆրանսիացին այդ գործն անել չի կարող: Ի դեպ, ֆրանսիացու փոխարեն արտասահմանցու աշխատանքի ընդունելու համար գործատուն պետությանը տույժ է վճարում:

Անհեթեթ օրենք կա ժառանգության մասին: Ասում է, որ Ֆրանսիայում երիտասարդները հիմնականում 30 տարեկանում են կարողանում բնակարան գնել, այն էլ` հիփոթեքով: Փարիզում մեկսենյականոց բնակարանը մոտ կես միլիոն եվրո արժի: Սովորական բնակարանի մեկ քմ-ի արժեքը 13-15 հազար եվրո է: Մարդը բնակարան է գնում, 20 տարի վարկով գումարը փակում, իսկ իր մահից հետո իր երեխաներն այն ժառանգելու համար պետք է բնակարանի 40 տոկոսը պետությանը վճարեն, հակառակ դեպքում ժառանգությունից կզրկվեն: Բայց քանի որ շատերն այդ 40 տոկոս գումարը կանխիկ չունեն, ստիպված բնակարանը վաճառում են, պետության հարկը վճարում, իրենց մնացած գումարից մի որոշ մաս էլ եկամտահարկ տալիս և տակը մնացածը պահում իրենց: Արդյունքում ծնողներից ժառանգություն ստացած բնակարանն իրենց չի հասնում:

Օրենքի գերակայության մասին խոսակցությունը լեգենդ է: Սյուզանը պատմում է, որ ժամանակին աշխատում էր մի մասնավոր ընկերությունում, որը համագործակցում էր առողջապահության նախարարության հետ: Ականատես է եղել, թե ինչպես են պետության գումարներն անխնա և անարդյունավետ մսխվում, ինչի հետևանքով ընդամենը որոշ մարդիկ մեծ գումարներ են իրենց գրպանը դնում, և այդ ամենը քողարկվում է պետական կառույցի մակարդակով:

Կա նաև կոռուպցիա, կաշառակերություն, կան նաև օլիգարխներ.  «Պարզապես սովորական ֆրանսիացին իր երկրի օլիգարխներին չի տեսնում, չի առնչվում, իսկ մեր օլիգարխները մեր աչքի առջև պտտվում են»:

Սյուզանը, իր կյանքի փորձից ելնելով, խորհուրդ է տալիս չհրապուրվել Եվրոպայով, քանի որ կյանքն այնտեղ այնպիսին չէ, ինչպիսին պատկերացնում են դրսից. «Այնտեղ նվազագույն աշխատավարձը 1000 եվրո է, որը մեզ համար զարմանալի թիվ է, բայց եթե հաշվի առնենք ֆրանսիացու ծախսերն ու հարկերը, համարյա նույն բանն է ստացվում: Ֆրանսիացին հայից ավելի լավ չի ապրում, բայց դու էդ ամեն ինչի մասին իմանում ես տարիներ հետո, երբ արդեն գնացել ես,  հաղթահարել բազմաթիվ դժվարություններ և Հայաստան վերադառնալ չես կարող, որովհետև քեզ համար արդեն Հայաստանն է օտար, որտեղ ամեն ինչ պիտի զրոյից սկսես»:

Կարճ ասած` Եվրոպան դրախտ չէ, պարզապես մարդիկ գնում են, որովհետև  ամեն մի նոր բանում հույս են փնտրում, իսկ Հայաստանում հույս արդեն չկա:

 

Մենք զրոյից ենք ստեղծում այս պետությունը. պրոֆեսոր

download (1)«Արտագաղթի մեջ պետք է գտնել դրական կողմեր, բազմաթիվ հայ երիտասարդներ մեկնեցին Եվրոպա եւ ստացան լավ կրթություն, մենք ուզում ենք պաշտոն վաճառել, ոչ թե լավ մասնագետներ ունենալ: Հասարակության մեջ բազմաթիվ խմորումներ են կատարվում: ՀՀ քաղաքացի անվանումը պետք է հասկանանք, թե ինչ է նշանակում»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ արտագաղթի եւ ներգաղթի արդյունքներից խոսեց պրոֆեսոր Ռուբեն Բաբայանը:

Նրա խոսքով ՀՀ քաղաքացին պետք է հպարտ լինի իր ներկայով.

«Պաշտոնն ընկալվում է զուտ որպես գողություն անելու միջոց՝ փչացած մտածելակերպ: Այն մեծ բեռ է, որը նորմալ մարդուն պետք չէ»:

Պրոֆեսորի պնդմամբ նոր սերունդը պայքարում է համակարգի դեմ: Յուրաքանչյուր երեւույթի հանդեպ իր դժգոհությունը մարդ իրավունք ունի հայտնել: Այս ծիլերի վրա է պետք հույս դնել:”Մենք զրոյից ենք ստեղծում այս պետությունը”,-նկատում է նա:

Լրագրող Հարություն Հարությունյանի համոզմամբ սերունդների միջեւ միշտ պայքար կա: Հազար տարի պետականություն չենք ունեցել, իսկ հետո ավերակի, լացի, արյան, փոշու վրա ստեղծեցինք պետականություն.

«Մի դարի ընթացքում մեզ երկու անգամ արմատից կտրեցին՝ ցեղասպանություն եւ սովետական միություն: Արտագաղթ չէ հիմա՝ փախուստ է չգիտես թե ինչից»:

Բանախոսի համոզմամբ մարդիկ երկրից գնում են սոցիալական վիճակից դրդված: Սերունդների միջեւ է կռիվը, որը միայն լավ է: Կա ծանր բեռ, անհավասարություն՝ մարդիկ տեսնում են, որ սա իրենց երազած հայրենիքը չէ: Արտագաղթ ծնվում է այն ժամանակ, երբ տեսնում ես, որ չկա ազատություն, մարդկություն:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

 

 

Թուրքիայում խոսում են Հայաստանում մեծացող արտագաղթի մասին

imagesԹուրքական «Dünya Bülteni» լրատվական կայքը անդրադարձել է Հայաստանի սոցիոլոգների միության նախագահ Գևորգ Պողոսյանի՝ գերմանական ռադիոյին տված հարցազրույցին, որի ժամանակ նա նշել է, թե առաջիկա 12-17 տարիների ընթացքում արտագաղթի և ծերացման նման խնդիրների հետևանքով Հայաստանի բնակչության թիվը 1,5-2 միլիոնի չափով կարող է նվազել: Ըստ Պողոսյանի՝ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո 1,2 միլիոն քաղաքացի լքել է Հայաստանը, որը կազմում է երկրի բնակչության 30 տոկոսը: 2012 թվականի հունվար-մարտ ամիսներին 25 հազար մարդ է հեռացել երկրից: Այս տարի այս թիվը անցել է 35 հազար 500-ից: Նման իրավիճակում պնդումներ կան, թե արտագաղթի ընթացքը գնալով արագանում է:

Կայքը գրում է, թե Պողոսյանի կողմից Երևանում անցկացված հարցման արդյունքում պարզվել է, որ քաղաքացիների 46 տոկոսը պատրաստ է լքելու երկիրը: Հայաստանից հեռացողների 80 տոկոսը գնում է Ռուսաստան, 15-ը՝ Եվրոպա, իսկ 5 տոկոսը նախընտրում է ԱՄՆ մեկնել: Սոցիոլոգը նշել է, թե արտագաղթի պատճառը 1990-ականների Ղարաբաղյան պատերազմն ու գործազրկությունն է: Պողոսյանը ընդգծել է, որ իշխանությունները երկար տարիներ անտեսել են այս խնդիրը, սակայն այժմ անհրաժեշտ է հրատապ միջոցներ ձեռնարկել արտագաղթի կանխարգելման համար: