Ֆրանսուա Օլանդի այցը Հայաստան ծայրաստիճան ջերմ մթնոլորտում հաջողված հանդիպում էր. Անրի Ռենո

g_image

“Օլանդը կոչ արեց ընկալել այն քաղաքական իրավիճակը, որում գտնվում է Հայաստանը և ընկալելով այն` փնտրել մի միջոց, թեկուզ մի բանաձև, որը թույլ կտա Հայաստանն ասոցացնել ԵՄ-ի հետ”,- Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հայաստանյան այցի արդյունքների ամփոփմանը նվիրված լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն: Դեսպանը Ֆրանսուա Օլանդի այցը որակեց որպես ծայրաստիճան ջերմ մթնոլորտում հաջողված հանդիպում:  Անրի Ռենոն խիստ կարևորեց նաև Օլանդի ուղերձը, որով խոստացավ Հայոց Ցեղասպանության 100-ամյակի առթիվ լինել Հայաստանում. “սա բավականին կարևոր հայտարարություն է օրենքի ուժով Հայոց  ցեղասպանությունը ճանաչած միակ երկրի ղեկավարի կողմից: Սա ցույց է տալիս խնդրո առարկայի վերաբերալ Ֆրանսիայի որդեգրած ռազմավարությունը”,-նշեց դեսպանը:

Դեսպանը կարևորեց նաև այցի տնտեսական բաղադրիչը, որի առնչությամբ հստակ ուղերձ կար առ Հայաստան. Ֆրանսիան Ռուսաստանից հետո Հայաստանում առաջին խոշոր ներդրողն է, և հարկ է այնպես անել, որ Հայաստան-Ֆրանսիա քաղաքական հարաբերությունների մակարդակին բարձրանան նաև տնտեսական հարաբերությունները: Այդ մտայնությանն էր ուղղված նաև Օլանդի այցը Հայաստանում նոր բացվող “Կարֆուր” առևտրի տուն և “Օրանժի” հայկական ներկայացուցչություն:

“Անկախ”-ի այն հարցին, թե դեսպան Ուորլիքի հայտարարությունն ու դրան հաջորդած 3 համանախագահների  հայտարարությունը ի ՞նչ էր նշանակում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, դեսպանը նշեց, որ 20-ամյա հրադադարը դեռ խնդրի լուծում չէ և կողմերը պետք է ձեռք առնեն բոլոր միջոցները տարածաշրջանում խաղաղության ու բարեկեցության ապահովման համար, իսկ համանախագահների հայտարարությունը լիովին համընկնում էր այդ քաղաքականությանը:

Անրի Ռենոն նշեց նաև, որ Մաքսային Միությանը անդամակցելը Հայաստանի` ինքնիշխան պետության որոշումն է, և բացառվում է, որ Հայաստանից պահանջվի հրաժարվել այդ որոշումից, բայց հայտարարվեց նաև, որ Հայաստանը պատրաստակամ է շարունակելու հարաբերությունները ԵՄ-ի հետ, ուստի, Ֆրանսիան ևս շահագրգռված է,որ Հայաստանը հավասար կարգավիճակով նստի բանակցային սեղանի շուրջ:

Խոսելով Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի մասին, դեսպանը նշեց, որ երկրորդ անգամ արդեն կա անհրաժեշտություն օրենքի նոր նախագիծը անպայման կազմել Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի նկատառումները հաշվի առնելով. սա բարդ գործընթաց է և ժամանակատար, սակայն դեսպանը նշեց, որ Ֆրանսիային հանձնարարված  է սատարել Շվեյցարիային Մարդու իրավունքների եվրոպական դատարան Շվեցարիայի կողմից ներկայացված հայցի կապակցությամբ: “Իսկ Ֆրանսիան առանձնահատուկ նախանձախնդրությամբ հետևում է այս հայցապնդման ճակատագրին, քանի որ եթե Շվեյցարիան դատը շահի, ապա Ֆրանսիայի կողմից ձեռնարկված օրինագծի իրավական հենքը ինքնըստինքյան երևան է գալիս՝ դառնալով անբեկանելի, որովհետև, փաստորեն, արդեն նախադեպը կա”,-նշեց Անրի Ռենոն:

Ինչպես է պետք Հայոց ցեղասպանության հարցը տեղափոխել իրավական հարթություն

քննարկումԻնչպես է պետք Հայոց ցեղասպանության հարցը տեղափոխել իրավական հարթություն և պահանջել Թուրքիայից վերացնել Հայոց ցեղասպանության հետևանքները, ինչը ենթադրում է հայ ժողովրդի իրավունքների վերականգնումը նրա պատմական հայրենիքում: Մայիսի 15-ին այս թեմաների շուրջ դասախոսություն ունկնդրեցին ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի պատմության բաժնի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողները:

Դասախոսություն-քննարկումն անցկացվեց «Հայոց ցեղասպանության գործով միջազգային դատական ատյանին հայցով դիմելու հիմքերն ու հնարավորությունները» ծրագրի շրջանականերում: Այն իրականացնում է «Օրենքի ուժով» իրավապաշտպան ՀԿ-ն` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում` «Հայոց ցեղասպանության՝ իբրև մարդկության դեմ գործած հանցագործության հետապնդման թղթածրարի պատրաստում» անվանակարգում:

«Օրենքի ուժով» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ, ՀՀ ԳԱԱ Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ Արմեն Մարուքյանը կարևորեց Հայոց ցեղասպանության հարցը իրավական հարթություն տեղափոխելու խնդիրն ու նշեց. «Մեր հարևան պետությունը ժխտողական քաղաքականություն է վարում և կամավոր չի ցանկանում ճանաչել այդ փաստն ու վերացնել հետևանքները` կապված հատուցման հետ: Ակնհայտ է, որ տվյալ պարագայում այլ ելք չի մնում ՀՀ-ին, քան փորձել դատական կարգով լուծել այդ խնդիրը. հացը տեղափոխել իրավական հարթություն, քանի որ պատմական առումով խնդիրն արդեն հանգուցալուծված է»: Պարոն Մարուքյանը շեշտեց, որ պետք է իրավական նորմերի հիման վրա ստեղծել հայցադիմումն ու թղթածրարը, որպեսզի հնարավոր լինի հարցը տեղափոխել իրավական հարթություն: Արմեն Մարուքյանը նախադեպային համարեց նաև այն փաստը, որ ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհի շրջանականերում հարցին նման կարևորություն է տրվում ու մանրամասնեց. «Ուրախալի էր այն, որ հենց թղթածրարի պատրաստման անվանակարգ կար, և դա էր դրդող հանգամանքը, որ որոշեցինք մեր բաժնի աշխատակիցներով դիմել դրամաշնորհի»:

Ծրագրի համակարգող Համո Սուքիասյանն էլ տեղեկացրեց, որ այժմ գիտական ուսումնասիրություններով զբաղվող խումբը նյութերի հավաքման փուլում է և նախատեսում են նոյեմբերին տպագրել եռալեզու (անգլերեն, հայերեն, ռուսերեն) մի աշխատություն, որտեղ ընդգրկված են լինելու տեսական հիմնավորումներ, ուսումնասիրությունների արդյունքներ, որոնք հետագայում կօգտագործվեն թղթածրարի պատրաստման աշխատանքներում:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Հայոց ցեղասպանության մասին Օբաման բազմաթիվ վկայակոչումներ լսեց Շոայի միջոցառման ժամանակ

Հարութ ՍասունյանԱյս տարվա մայիսի 7-ին, Լոս Անջելեսի Hyatt Regency Century Plaza հյուրանոցում ես մասնակցել եմ մի շատ տպավորիչ բարեգործական միջոցառման` նվիրված Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Շոայի հիմնադրամի 20-ամյակին, որը հավաքագրում է՝ Հրեական հոլոքոստը, Հայոց, Կամբոջայի և Ռուանդայի ցեղասպանությունները և 1937 թվականի Նանկինի կոտորածը վերապրածների ու ականատեսների վկայությունները:

 

Միջազգային հայտնի «Օսկար» մրցանակի դափնեկիր ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը «Շինդլերի ցուցակը» ֆիլմի նկարահանումներից հետո ստեղծեց Շոայի հիմնադրամը` Հոլոքոստը վերապրածների և այլ ականատեսների անձնական տվյալների հավաքագրման և պահպանման նպատակով: 2006 թվականին Շոայի հիմնադրամը մաս կազմեց Հարավային Կալիֆորնիայի համալսարանի և այժմ այնտեղ պահվում են 52 հազար տեսագրված վկայություններ` 58 երկրներ ներկայացնող 34 լեզուներով: Այն իր տեսակի մեջ ամենամեծ արխիվն է ամբողջ աշխարհում:

 

Միջոցառմանը մասնակցում էր նախագահ Օբաման, ով արժանացավ «Մարդկության դեսպան» բարձր պարգևին: Մասնակիցների թվում էին նաև Սամուել Ջեկսոնը, Օկտավիա Սփենսերը, Բարբարա Սթրեյզանդը, Լիամ Նիսոնը և Բրյուս Սփրինգսթինը, վերջինս կատարեց իր` «Ավետյաց երկիր» և «Պար մթության մեջ» երկու հուզիչ երգերը:

 

2010 թվականին Հայկական ֆիլմերի հիմնադրամը և Ջ. Մայքլ Հակոբյանը ստորագրեցին պատմական համաձայնագիր Շոայի հիմնադրամի հետ` Հայոց ցեղասպանությունը վերապրածների և ականատեսների տեսահարցազրույցների թվայնացման, պահպանման և տարածման համար: Անցյալ ամիս հայկական վկայությունների 400 թվայնացված պատճեններ հանձնվեցին Շոայի հիմնադրամի Վիրտուալ պատմության և կրթության ինստիտուտին: 2015 թ. Ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության հարյուրամյակի առթիվ, հայկական վկայությունները` թարգմանությունից, ենթագրերի տեղադրումից և ինդեքսավորումից հետո, Հոլոքոստի և մյուս ցեղասպանությունների ականատեսների տվյալների հետ միասին, մատչելի կդառնան 30 երկրների 50 հաստատություններում (այդ թվում` ԱՄՆ Հոլոքոստի թանգարանում):

 

Մոտ 100 ամերիկահայեր մասնակցեցին մայիսի 7-ի միջոցառմանը` Շոայում հայկական հավաքածուի համար հավաքելով ավելի քան 100 հազար դոլար: Երեկոյի ընթացքում բազմաթիվ հիշատակումներ եղան Հայոց ցեղասպանության մասին: Սփիլբերգն առաջինն էր, որ հայտարարեց Շոայի արխիվներում Հայոց ցեղասպանության վկայությունները ընդգրկելու ծրագրի մասին: Մասնակիցների ուշադրությանը ներկայացված տեսաֆիլմում ցուցադրվեցին Ջ. Մայքլ Հակոբյանի, ցեղասպանությունը վերապրած Փոլ Անտոնյանի և հայ բռնագաղթվածների մի շարք լուսանկարներ: Շոայի հիմնադրամի գործադիր տնօրեն Սթիվեն Սմիթը ևս խոսեց Հայոց ցեղասպանության մասին` ներկայացնելով Եվնիգե Սալիբյանին` Ցեղասպանությունը վերապրած 104-ամյա կնոջն Այնթապից: Երեկոյին հյուրընկալած կատակերգու Քոնան Օ’Բրայանն ամբիոնից տիկին Սալիբյանին ներկայացնելուց հետո միջոցառման ավարտին մոտեցավ նրա սեղանին և լուսանկարվեց նրա հետ:

 

Սալիբյանը որպես պատվավոր հյուր նստած էր հայտնի հոլիվուդյան աստղ Քիմ Քարդաշյանի կողքին: Հաջորդ օրը Քարդաշյանը սոցիալական ցանցում տեղադրեց Սալիբյանի հետ իր լուսանկարը` հետևյալ գրությամբ. «Ինձ համար մեծ պատիվ է ներկա գտնվել Շոայի հիմնադրամի երեկոյին` Հայոց ցեղասպանության վկայությունների աջակցման համար: Ես նստած եմ Հայոց ցեղասպանությունը վերապրած 100-ամյա ամենաոգեշնչող կնոջ կողքին»: Մի քանի օրվա ընթացքում նրա տեղադրած նյութը ստացավ 400 հազար «լայքեր», գրեթե 5 հազար մեկնաբանություններ Instagram-ում և 110 հազար «լայքեր» նրա ֆեյսբուքյան էջում:

 

Չնայած երեկոյի ընթացքում Հայոց ցեղասպանության վերաբերյալ ամբիոնից հնչած բազմաթիվ հիշատակումներին` նախագահ Օբաման իր 18 րոպեանոց ելույթում որևէ ուղղակի հղում չարեց հայերի կամ Հայոց ցեղասպանության մասին. ոչ էլ ակնկալվում էր, որ կանի: Սակայն Օբաման անուղղակիորեն վկայակոչեց Հոլոքոստից  զատ այլ ցեղասպանությունները` առանց դրանք նշելու.

 

– «Ես ուզում եմ առանձնահատուկ խոսք ուղղել այս երեկո մեր կողքին գտնվող վերապրածներին` ոչ միայն Հոլոքոստի, այլև ինչպես Սթիվենը [Սփիլբերգ] նշեց` մյուս աներևակայելի ոճրագործությունները վերապրածներին»:

– «Եթե Շոան վերապրածների հիշողությունները մեզ մի բան են սովորեցնում, ապա այն է, որ լռությունը չարիքի ամենամեծ համադավադիրն է: Եվ մեզանից, յուրաքանչյուրիցս է կախված Հոլոքոստի ցանկացած հերքման խստագույն դատապարտումը»:

– «Դուք [Սփիլբերգ]… վավերագրել եք ոչ միայն Հոլոքոստի փորձը, այլև դրանից առաջ և հետո տեղի ունեցած վայրագությունները…. Ձեզ և Շոայի հիմնադրամի բոլոր մարդկանց, և այն ամենի համար, ինչ դուք արել եք`լուսավորելով վկայությունների հավերժական կրակը, որը հնարավոր չէ մարել և մերժել, հայտնում ենք մեր խորին երախտագիտությունը»:

Հայերը կարիք չունեն ճնշելու Օբամային, որպեսզի նա բացահայտորեն վկայակոչի Հայոց ցեղասպանությունը: ԱՄՆ մեկ այլ նախագահ` Ռոնալդ Ռեյգանը, 1981 թվականի ապրիլի 22-ին իր նախագահական հռչակագրով արդեն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Անհրաժեշտ չէ Միացյալ Նահանգների յուրաքանչյուր նախագահից համառորեն պահանջել ամեն տարի նույն բանը ճանաչել: Նախագահ Օբաման պետք է Հայոց ցեղասպանություն եզրը օգտագործի ոչ թե հայ ժողովրդի սիրույն համար, այլ իր սեփական պատիվը փրկելու` կատարելով այն լուրջ խոստումը, որ տվել էր որպես նախագահի թեկնածու: Միայն դրանից հետո նա կարող է իսկապես արժանի լինել «Մարդկության դեսպանի» բարձր կոչմանը:

 

 
Հարութ Սասունյան

 

 

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 

Էրդողանը պնդում է, որ Ցեղասպանություն չի եղել, քանի որ ոչ բոլոր հայերն են սպանվել

էրդողանՄի քանի օր անց ապրիլի 23-ի խորամանկ հայտարարության հրապարակումից հետո, որը մի քանիսին մոլորության մեջ էր գցել, թե իբր Թուրքիայի վարչապետ Էրդողանը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, նա փոխեց իր դիրքորոշումը ամերիկյան հեռուստածրագրում, պնդելով, որ 1915 թվականի հայերի զանգվածային սպանությունը ցեղասպանություն չէր:

Վաստակավոր լրագրող Չառլի Ռոզի այն հարցին, թե արդյոք հնարավո՞ր է Թուրքիայի վարչապետի համար այդ սպանությունները բնորոշել որպես ցեղասպանություն, Էրդողանը ծիծաղելի պատասխան տվեց. «Հնարավոր չէ, քանի որ եթե ցեղասպանություն եղած լիներ, հայեր կապրեի՞ն այս երկրում [Թուրքիայում]»:

Անհավատալի է, որ Թուրքիայի նման խոշոր երկրի ղեկավարն անտեղյակ է ցեղասպանության աշխարհով մեկ ընդունված սահմանումից: Արտգործնախարար Դավութօղլուն (նախկին պրոֆեսոր) և այլ զարգացած թուրքեր հավանաբար շատ ամաչեցին տեսնելով, թե ինչպես է իրենց վարչապետը խայտառակվում՝ բացահայտելով իր անգրագիտությունը միլիոնավոր հեռուստադիտողների առջև:

1948 թ. դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու» կոնվենցիայի 2-րդ հոդվածը ցեղասպանություն է համարում «այն գործողությունները, որոնք կատարվում են մի որևէ ազգային, ցեղային կամ կրոնական խմբի լիակատար կամ մասնակի ոչնչացման մտադրությամբ»։

Պետք չէ ցեղասպանագետ լինել հասկանալու համար, որ պարտադիր չէ ոչնչացնել որոշակի խմբի ամեն մի անդամի՝ ցեղասպանության իրականացման մեջ մեղադրվելու համար: Արդյոք Հիտլերը կարողացավ սպանել Գերմանիայի բոլո՞ր հրեաներին: Մի՞թե Էրդողանը կհանդգներ գնալ ամերիկյան հեռուստաընկերություն և նման մի վիրավորական կարծիք հայտնել հրեաների Հոլոքոստի վերաբերյալ, պնդելով, թե դա ցեղասպանություն չէ, քանի որ այսօր էլ բազմաթիվ հրեաներ են ապրում Գերմանիայում: Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը արժանի պատասխան տալով հորդորեց Էրդողանին հետևել Գերմանիայի` Հոլոքոստի ընդունման օրինակին՝ «ճանաչելու, դատապարտելու և ներողություն հայցելու» միջոցով: Նալբանդյանը պետք է նաև ավելացներ «փոխհատուցման» պարտադիր պահանջը՝ առանց որի մնացածը սին խոսքեր են:

Էրդողանին պետք է հիշեցնել, որ ընդամենը մի քանի օր առաջ նա կոչ էր անում ստեղծել պատմաբանների համատեղ հանձնաժողով «պատմական փաստերը» ուսումնասիրելու համար: Ի՞նչ իմաստ ունի նման ուսումնասիրություն անցկացնել, եթե նա արդեն եզրակացրել է, որ ցեղասպանություն չի եղել: Վարչապետի առաջարկը ոչ լուրջ է և ոչ էլ անկեղծ …

Չառլի Ռոզի հետ ունեցած իր հարցազրույցի վերջում Էրդողանը լրացուցիչ հակասական հայտարարություններ արեց` ցեղասպանության համար մեղքը բարդելով  օսմանցիների վրա. «Այն տեղի չի ունեցել ներկայիս Թուրքիայի Հանրապետության օրոք: Այն եղել է Օսմանյան կայսրության օրոք…. Եթե փաստաթղթերը ցույց տան, որ մեր նախնիները ինչ-որ սխալ են գործել… եթե  պատմաբանները կարողանան դա ի ցույց դնել, ապա մենք պետք է փոխհատուցենք դրա հետևանքների համար»:

Չնայած Հայաստանում և Սփյուռքում ոչ մի հայ չխաբվեց Էրդողանի կեղծ հայտարարությունից, Թուրքիայի որոշ հայերի արձագանքը հասկանալիորեն ավելի բարյացակամ էր: Պոլսո Հայոց պատրիարքարանի ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն իր շքախմբի հետ շտապեց Անկարա՝ Թուրքիայի վարչապետի հետ «հաճելի» զրույցի և արտգործնախարար Դավութօղլուի հետ մտերմիկ Ճաշկերույթի համար: Արքեպիսկոպոս Աթեշյանը շնորհակալություն հայտնեց Թուրքիայի ղեկավարներին նրանց կողմից «ընդհանուր ցավ» արտահայտելու համար՝ վկայակոչելով Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում զոհված հայերին և թուրքերին:

Գովասանքի նման խոսքերը զարմանալի չեն, հաշվի առնելով Թուրքիայի բռնատիրական և դաժան վարչակարգում հայերի՝ որպես պատանդների կարգավիճակը, ինչպես լրագրող Հրանտ Դինքի դեպքում էր, որն իր կյանքի գնով վճարեց Ցեղասպանության մասին ճշմարտությունն ասելու համար: Որոշ թուրքահայեր, սակայն, սովորել են օգտագործել երկրի օլիգարխիկ համակարգն իրենց անձնական շահերն առաջ տանելու համար: Նրանք պատրաստակամ են ընդունելու Հայոց ցեղասպանության թուրքական ժխտողականությունը` հարստություն դիզելու համար մութ գործարքների մեջ մտնելով պետական պաշտոնյաների հետ և/կամ ապահովելու իրենց բարձրաստիճան պաշտոնները հայ համայնքում: Իրոք, մի քանի հանրահայտ թուրքահայեր առաջարկել էին Էրդողանին առաջադրել Խաղաղության Նոբելյան մրցանակի` ապրիլի 23-ի նրա հայտարարության համար… Երկու հայ գործարարներ անգամ ինքնախարազանող հայտարարություններ տեղադրեցին թուրքական թերթերում` շնորհակալություն հայտնելով Էրդողանին և ներողամտություն հայցելով Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ թուրքական «կորուստների» համար:

Վերջիվերջո, կարևորն այն չէ, թե Էրդողանն իր հայտարարության մեջ կամ Դավութօղլուն The Guardian թերթի իր սյունակում ինչ են ասում կամ չեն ասում Հայոց ցեղասպանության մասին: Ավելի հիմնարար հարց է` արդյոք թուրք պաշտոնյաները պատրա՞ստ են քավելու հայ ժողովրդի դեմ իրենց նախնիների իրագործած ոճրագործությունների մեղքերը: Հայերի մեծամասնության համար կարևորը փոխհատուցումն ու արդարությունն է,  ոչ թե դատարկ հռետորաբանությունը … Էրդողանի խոսքերը չափազանց անբավարար են և խիստ ուշացած: Նրա հայտարարությունը սոսկ խորամանկ հնարք է վնասի մեղմացման համար, հաշվի առնելով բազմացող միջազգային տրամադրություններն ու կոչերը` պատասխանատվություն կրելու Հայոց ցեղասպանության համար, ինչպես նաև` շեղելու ուշադրությունը Թուրքիայի և նրա վարչապետի շուրջ սկանդալային հորձանուտից:

 

Հարութ Սասունյան

www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը` Ռուզաննա Ավագյանի

 

Թեհրանում իրանահայ մամուլի պատասխանատուների հետ քննարկել են ցեղասպանության 100-ամյակի քայլերը

images (22)Հայոց Ցեղասպանության 100-ամյակին նվիրված  աշխատանքների մեկնարկն արդեն իսկ  տրված է:

Օրերս Թեհրանի հայոց թեմի ազգային առաջնորդարանի դահլիճում այս առիթով կյանքի կոչված հանձնախումբը հանդիպման էր հրավիրել  իրանահայ մամուլի եւ զանգվածային լրատվամիջոցների պատասխանատուներին` խորհրդակցելու եւ միասնաբար քննարկելու իրականացվող աշխատանքների արտացոլման եղանակները` իհարկե այն թողնելով մամուլի պատասխանատուների հայեցողությանը, ձեւաչափի կառուցվածքը` մամուլում սյունակային կամ էջային կանոնավոր անդրադարձին, որտեղ անպայմանորեն զետեղված կլինի Հայոց Մեծ Եղեռնի 100-ամյակը  խորհրդանշող լոգոն: Սա, իհարկե, հանձնախմբի կողմից մշակված հայեցակարգի համաձայն իրականացվող միջոցառումների արտացոլումից զատ:

100-ամյակի հանձնախմբի ատենապետ Արմենուշ Առաքելյանը նշեց, որ արդեն կան հաստատված հստակ գործունեության ուղեգիծ եւ համապատասխան ծրագրեր, որոնք համազգային ու միասնական գաղափար են  պարունակում, եւ միջոցառումների,գիտաժողովների ու տարատեսակ նախաձեռնությունների շնորհիվ արձագանքը նպատակային եւ արդյունավետ կլինի:

Իրենց տեսակետները հայտնեցին նաեւ մամուլի պատասխանատուները, ովքեր նաեւ առաջարկություններից բացի իրենց պատրաստակամությունը հայտնեցին  սերտ համագործակցելու հանձնախմբի հետ, լիարժեք նրանց տրամադրելու իրենց բոլոր հնարավորությունները, քանի որ այս կարեւոր տարեթիվը համազգային նշանակություն ունեցող պահանջատիրություն է, և առավել միահամուռ ջանքեր են անհրաժեշտ:

Վերջում հստակեցվեց, որ նման հանդիպումները լինեն ավելի հաճախակի եւ կրկին կրեն խորհրդակցական ու նպատակային աշխատանքների բնույթ:

 

Թեհրան, ՙԱԼԻՔ՚ օրաթերթ

Արմինե Էլիազյան

 

Անկախ

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառում Հռոմում

220.Genocide commemoration event in Rome 01.05.2014Ապրիլի 29-ին Իտալիայում ՀՀ դեսպանությունը, համագործակցությամբ «RAI radio 3» իտալական հանրային ռադիոալիքի հետ, վերջինիս բեմական սրահում   անցկացրեց Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված «Լռության ճեղքերը» խորագրով միջոցառում: Այն ուղիղ հեռարձակվում էր «RAI radio 3» ռադիոալիքի եթերով, իսկ տեսագրությունը զուգահեռաբար ցուցադրվում «RAI» հեռուստառադիոընկերության էլեկտրոնային կայքէջում:

Միջոցառումը վարում էր ռադիոալիքի հաղորդավար և մեկնաբան Աննա Մարիա Ջորդանոն: Բանախոսներն էին Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը, Ժողովուրդների մշտական դատական ատյանի գլխավոր քարտուղար Ջիաննի Տոնյոնին  և «ԲԱՍՍՈ» հիմնադրամի նախագահ, նախկին դատավոր, եվրոպական խորհրդարանի նախկին պատգամավոր, Ազգային դատավորների իտալական խորհրդի նախկին նախագահ, ԵՄ սահմանադրության հեղինակներից  Էլենա Պաչիոտտին:

Միջոցառումն ընթանում էր հարցուպատասխանի ձևով: Աննա Մարիա Ջորդանոյի կողմից արվում էին մեկնաբանություններ, և բանախոսներին ուղղվում հարցեր Հայոց ցեղասպանության, հայ ժողովրդի պատմության ու մշակույթի վերաբերյալ, որոնց պատասխաններից հետո ընթերցվում էին համապատասխան փաստագրեր կամ գեղարվեստական ստեղծագործություններ: Ընթերցումները կատարում էին Իտալիայում հայտնի հայազգի դերասաններ Պաոլո Քեսիսօղլուն և Լաուրա Էֆրիկյանը:

Աննա Մարիա Ջորդանոն իր խոսքում նաև անդրադարձավ մեր օրերում քեսաբահայության հետ պատահած ողբերգությանը:

Դեսպան Ղազարյանն իր պատասխաններում, մասնավորապես, ընդգծեց  ժխտողականության դեմ պայքարի անհրաժեշտությունը: Հիշատակելով հայերի բնաջնջման մասին Ադոլֆ Հիտլերի տխրահռչակ հայտարարությունը` նա մեծապես կարևորեց Ցեղասպանության հիշողության պահպանումն ու տեղեկատվության տարածումը և այդ հարցում լրատվամիջոցների, այդ թվում`  «RAI» հեռուստառադիոընկերության դերը: Ցեղասպանությունների կանխարգելման հարցում նա էական համարեց կրթության նշանակությունը: Դեսպանը խոսեց նաև միջազգային և ազգային ատյաններում ցեղասպանությունների կանխարգելման նպատակով աշխատանքների իրականացման անհրաժեշտության մասին` ներկայացնելով այդ հարցում Հայաստանի Հանրապետության գործադրած ջանքերը: Դեսպան Ղազարյանն անդրադարձավ նաև Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայի վարչապետ Էրդողանի վերջին հայտարարությանը` այն բնութագրելով որպես ժխտողականության ավելի խորամանկ դրսևորում: Նա հավելեց, որ այդ հայտարարությունը չի կարող դիտվել որպես առաջընթաց, քանի որ դրանում դահիճներն ու զոհերը դրվել են նույն հարթության վրա, իսկ ցեղասպանությունը որակվել է որպես 1915թ. պատահած միջադեպ, ինչն անընդունելի է: Դեսպանը բարձր գնահատեց Իտալիայում ապաստան գտած ցեղասպանության վերապրածների հանդեպ Իտալիայի մարդասիրական վերաբերմունքը և անդրադարձավ 20-րդ դարում Իտալիայի հասարակական-քաղաքական և տնտեսական կյանքում իտալահայ համայնքի դերին:

Էլենա Պաչիոտտին և Ջիաննի Տոնյոնին խոսեցին Ժողովուրդների մշտական դատական ատյանի` Հայոց ցեղասպանության ճանաչման որոշման ընդունման  նախապատմության և գործընթացի մասին: Նշվեց, որ ատյանի որոշումը իրավական տեսանկյունից հիմք հանդսացավ հետագայում Հայոց ցեղասպանության մի շարք այլ ճանաչումների համար:

Փաստագրական նյութերի շարքում ընթերցվեցին Ժողովուրդների մշտական դատական ատյանի կողմից 1984թ. ապրիլին հայ ազգաբնակչության բնաջնջումը   որպես ցեղասպանության հանցագործություն ճանաչելու մասին որոշումը,  արխիվային փաստագրական վկայություններ, անցյալ դարասկզբին Իտալիայի վարչապետներից մեկի` Լուիջի Լուցատիի` հայերի բնաջնջման վերաբերյալ խորհրդարանում ունեցած ելույթը: Պաոլո Քեսիսօղլուն և Լաուրա Էֆրիկյանն ընթերցեցին նաև հատվածներ Անտոնիա Արսլանի «Արտույտների ագարակը» գրքից և Դանիել Վարուժանի և Եղիշե Չարենցի ստեղծագործություններից:

Ընթերցումներն ու բանախոսություններն ընդմիջվում էին դաշնակահարուհի Դիանա Գաբրիելյանի` հայ անվանի կոմպոզիտորների  ստեղծագործությունների կատարմամբ:

Միջոցառմանը ներկա բազմաթիվ հադիսատեսների շարքում էին Իտալիայի հասարակական և քաղաքական գործիչներ, օտարերկրյա դիվանագետներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Միջոցառման տեսագրությունն ամբողջությամբ տեղակայվել է «RAI radio 3» ռադիոալիքի էլեկտրոնային կայքէջում:

Հայերը պետք է շնորհակալություն հայտնեն Էրդողանին… Ցեղասպանությունը չճանաչելու համար

Հարութ ՍասունյանԹուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը «1915 թվականի իրադարձությունների» վերաբերյալ, որն անցյալ շաբաթ հրապարակվեց ինը լեզուներով, քարոզչական խոշոր ձեռքբերում էր Թուրքիայի համար և տարածվեց ամբողջ աշխարհում: Ուղերձն այնքան հմտորեն էր ձևակերպված, որ մոլորության մեջ գցեց միջազգային հանրության շատ ներկայացուցիչների, ցավոք, նաև որոշ հայերի, որոնք հավատացին, թե նա մոտենում է Հայոց ցեղասպանության ճանաչմանը կամ, առնվազն, «պատմական» քայլ է կատարել այդ ուղղությամբ:

 

Իրականում, Էրդողանի հայտարարությունը ոչ այլ ինչ էր, եթե ոչ վերաձևակերպված ժխտում կամ «հին գինին` նոր շշի մեջ»: Ջանադրաբար խուսափելով Հայոց ցեղասպանություն եզրից, նա փոխ էր առել արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի «ընդհանուր ցավի» և «արդար հիշողության» խաբուսիկ տերմինաբանությունը, բառեր, որոնք թվում են հաշտվողական, սակայն, ըստ էության, մարդասպաններին հավասարեցնում են զոհերին: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ մահացած միլիոնավոր թուրքերի և այլոց վկայակոչումը Թուրքիայի վարչապետի կողմից վիրավորանք է Հայոց ցեղասպանության 1.5 միլիոն զոհերի հիշատակին: Երկրորդ համաշխարհային պատերազմում ևս միլիոնավոր գերմանացիներ են զոհվել, սակայն ոչ մի գիտակից և բարեխիղճ մարդու մտքով չի անցնի նրանց մահը հավասարեցնել վեց միլիոն հրեաների բնաջնջմանը…

 

Էրդողանի կոչը` «1915 թ. իրադարձությունները ուսումնասիրելու նպատակով պատմաբանների համատեղ հանձնաժողով» ստեղծելու վերաբերյալ, ևս մեկ մաշված և հարցը հետաձգելու խորամանկ  մարտավարություն է: Եթե թուրքական իշխանություններն անկեղծորեն ուզում են իմանալ Հայոց ցեղասպանության փաստերը, նրանց մնում է միայն վերանայել իրենց սեփական արխիվներում առկա հսկայածավալ փաստաթղթերը, ինչպես նաև բազմաթիվ պատմաբանների և ցեղասպանագետների կատարած հետազոտություններն ամբողջ աշխարհում: Ինչո՞ւ է թուրքական կառավարությունը գրեթե 100 տարի անց նոր հետաքրքրություն ցուցաբերում այս թեմայի ուսումնասիրման շուրջ: Ինչո՞ւ են ամենազգայուն օսմանյան արխիվները դեռևս գաղտնի պահվում, չխոսելով մյուսների մասին, որոնք վաղուց արդեն ոչնչացվել են:

 

Տարիներ շարունակ բազմիցս գրել եմ, որ.

 

1.    Չնայած թուրքական ժխտումներին` Հայոց ցեղասպանությունը միջազգային հանրության կողմից ճանաչված փաստ է, և կարիք չկա սպասելու նախագահ Օբամայի, վարչապետ Էրդողանի կամ մեկ ուրիշի կողմից դրա ընդունմանը:

2.    Հայոց ցեղասպանության ճանաչումը չի կարող ուղղել այն անարդարությունները, որոնց պատճառով արմատախիլ արվեց և կոտորվեց մի ողջ ժողովուրդ: Ավելի նպատակահարմար կլինի արդարության հասնել դատական ատյանների միջոցով, պահանջելով ֆինանսական փոխհատուցում և հայկական տարածքների վերադարձ:

3.    Թուրքիայի «հաշտեցման» առաջարկը ոչ այլ ինչ է, եթե ոչ չարամիտ հնարք թաղելու անցյալն անիմաստ ճանաչմամբ և մակերեսային ներողամտությամբ:  Իսկական հաշտեցման կարելի է հասնել միայն հայ ժողովրդին հասցված վիթխարի վնասները վերացնելու միջոցով:

 

Շատ կարևոր է, որ հայերը զգոն լինեն և չխաբվեն հաշտեցման թուրքական կեղծ առաջարկներով: Այժմվանից և մինչև 2015 թ. Ապրիլի 24-ը, Թուրքիայի կառավարությունը, ամենայն հավանականությամբ, էլ ավելի ճարպիկ գովազդային հնարքների կդիմի` միջազգային հանրության համակրանքը շահելու համար և նվազագույնի հասցնելու Թուրքիայի արդեն վարկաբեկված հեղինակությանը ցեղասպանության մեղադրանքներով պատճառվող վնասները:

 

Նման մի թուրքական ծրագիր է Դավութօղլուի ցինիկ հայտարարությունը, թե Հայկական սփյուռքը նաև Թուրքիայի սփյուռքն է…  Թուրքական մամուլում լուրեր հրապարակվեցին, որ Թուրքիայի կառավարությունը պատրաստվում է  քաղաքացիություն շնորհել նախկին օսմանյան հպատակների ժառանգներին, այդ թվում` հայերին: Զարմանալի է, որ որոշ միամիտ հայեր մոլորության մեջ ընկան կարծելով, որ սա դրական քայլ է… Պարզապես մի պահ պատկերացրեք ձեզ բնակություն հաստատած Թուրքիայի կողմից գրավված Արևմտյան Հայաստանի կամ Կիլիկիայի որևէ քաղաքում որպես Թուրքիայի քաղաքացի և ձեր որդիները զորակոչված բանակ` «պաշտպանելու թուրքական պետությունը» և մասնակցելու Քեսաբի կամ Հալեպի կամ անգամ Հայաստանի վրա հարձակմանը… Իսկ ի՞նչ կասեք Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով բանտարկվելու մասին, քանզի անզգուշորեն զրուցել եք Հայոց ցեղասպանության մասին ձեր թուրք հարևաններից մեկի հետ…

 

2014 թ. ապրիլի 23-ի Էրդողանի հայտարարության իսկական նպատակն է խոչընդոտել արդարության հասնելու հայերի համաշխարհային ջանքերին Հայոց ցեղասպանության հարյուրամյակի շեմին:

 

Այն փաստը, որ ԱՄՆ պետդեպարտամենտը և որոշ եվրոպական պաշտոնյաներ դրական գնահատական են տվել Էրդողանի հայտարարությանը, վկայում է, որ սա համակարգված փորձ էր քողարկելու Օբամայի վարչակարգի  և եվրոպական երկրների համար, ձեռնպահ մնալու ցեղասպանության հարցով հայկական պահանջներից, որպես պատրվակ օգտագործելով այն, որ Թուրքիայի ղեկավարները հաշտեցման գործընթացի մեջ են հայերի հետ:

 

Հայերը պետք է դիմակայեն երրորդ կողմերի` իրենց պատմական պահանջների հետապնդումից հրաժարվելու ճնշումներին: Միացյալ Նահանգների կառավարության կամ Եվրամիության տեսակետները Թուրքիայից հայկական պահանջների վերաբերյալ  պետք է անտեղի համարվեն: Հայերը պետք է տեր կանգնեն իրենց սեփական ճակատագրին և թույլ չտան այլ պետությունների թելադրել, թե որն է ընդունելի կամ անընդունելի իրենց ազգային շահերը հետապնդելիս:

 

 

Հարութ Սասունյան

Thecaliforniacourier.com

 

Թարգմանությունը` Ռուզաննա Ավագյանի

Անկախ

Թուրքիայի քաղաքացի հայազգի գործարար Լեոն Արմանլըն «երախտագիտություն» է հայտնել վարչապետ Թայիփ Էրդողանին

leon armanlıԹուրքիայում բնակվող հայազգի գործարար Լեոն Արմանլըն որոշել է անձամբ  «երախտագիտություն» հայտնել վարչապետ Էրդողանին հայ ժողովրդին ուղղված «ցավակցական» ուղերձի  համար: Վերջինս թուրքական «Հյուրիյեթ» թերթում հրապարակել է իր շնորհակալական խոսքը: «Դուք մեծ մարդ եք, մեծ պետական այր: Աթաթուրքից հետո  ամենամեծ քաղաքական գործիչն եք»,-ասված է ուղերձում: Թուրքական «En son haber» կայքը գրում է, որ Լեոն Արմանլըն նախկինում էլ աչքի է ընկել նման քայլերով՝ մասնավորապես մասնակցել է Հայոց ցեղասպանության դեմ ցույցերի: «Այդ պնդումների պատճառով մեր նկատմամբ սկսեցին նախապաշարմունքներ ձևավորվել: Ես այս երկրի բանակում եմ ծառայել, երեխաներս սովորում են թուրքական դպրոցներում: Պապս՝ Լեոն Հակոբյանը, Աթաթուրքի ատամնաբույժն է եղել: Ցեղասպանության մասին անհիմն պնդումները թող մեր հանգիստը չխաթարեն: Թուրքիայում ապրող հայ քաղաքացիները շատ երջանիկ են: Մենք հպարտ ենք, որ այստեղ ենք: Ցեղասպանություն կոչվածը չի եղել»,-ասել էր Արմանլըն:

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառում Իրաքում

205. Genocide commemoration event in Iraq 28.04.2014Ապրիլի 25-ին Բաղդադի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցվեց սուրբ պատարագ և տեղի ունեցավ համերգ` նվիրված Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին: Այնուհետև Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված խաչքարին Իրաքում ՀՀ դեսպանության, ինչպես նաև իրաքահայ կազմակերպությունների անունից զետեղվեցին ծաղկեպսակներ:

Ապրիլի 26-ին Բաղդադի Հայ Երկսեռ Երիտասարդաց Միության սրահում տեղի ունեցավ գրական-գեղարվեստական երեկո` նվիրված Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին:

Միջոցառմանը ներկա էին Իրաքի բնապահպանության նախարար Սարգոն Լազար Սլեուան, քրիստոնեության և այլ կրոնների ավանդապահության խորհրդի նախագահ Ռաադ Քաչաչին, պատգամավոր Իմադ Յոխանան, Իրաքում Վատիկանի դեսպան Ջորջիո Լինգուան, Իրաքի ասորական, ղպտի, քաղդեական, ուղղափառ, կաթողիկե և այլ համայնքների առաջնորդներ ու ներկայացուցիչներ, քաղաքական, հասարակական, գիտական գործիչներ:

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Լիբանանում

176.Genocide commemoration events in Lebanon 25.04.2014Ապրիլի 24-ին առավոտյան Անթիլիասի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարում մատուցվեց հանդիսավոր սուրբ պատարագ, որին Մայրավանքի բակում  հաջորդեց հոգեհանգստյան արարողություն՝ նվիրված Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին: Այնուհետև Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, Լիբանանի Հայոց ցեղասպանության 100-ամյակի մարմինը, հայկական կուսակցությունների ղեկավարները, ազգային, հայրենակցական, երիտասարդական,  մշակութային և այլ կառույցների ներկայացուցիչները ծաղկեպսակներ զետեղեցին Անթիլիասի Մայրավանքի բակում գտնվող  «Նահատակաց հուշարձանի» մոտ: Միջոցառման ընթացքում ընթերցվեց հարյուրավոր ներկաներին ուղղված Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ի հայրապետական պատգամը:

Ապրիլի 24-ի  երեկոյան  Ս. Գրիգոր Լուսավորիչ ճեմարանի բակում մատուցվեց Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին նվիրված սուրբ պատարագ՝ Տանն Կիլիկիո Կաթողիկե Կաթողիկոս Պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ-ի նախագահությամբ:  Պատարագից հետո Հայ կաթողիկե պատրիարքարանի բակում տեղադրված Մեծ Եղեռնի հուշակոթողի մոտ տեղի ունեցավ հոգեհանգստյան և ծաղկեպսակների զետեղման արարողություն՝ Լիբանանի հայ համայնքի ազգային կառույցների, Լիբանանում ՀՀ դեսպանի մասնակցությամբ:

Նախորդ օրը՝ ապրիլի 23-ի երեկոյան, Հայոց ցեղասպանության 100-ամյակի Լիբանանի երիտասարդական մարմինը կազմակերպել էր մոմավառության քայլարշավ Բուրջ Համուտից մինչև Բեյրութի նահատակաց հրապարակ:

Տասնյակ հազարավոր հայորդիներ «Նահատակաց հրապարակում» մասնակցեցին  ոգեկոչման ձեռնարկին` լիբանանյան պետական, քաղաքական, կուսակցական մարմինների ղեկավարների և ներկայացուցիչների, հոգևորականների ներկայությամբ:  Ելույթներով հանդես եկան երիտասարդական մարմինների անդամներ Արին Ղազարյանն ու Աշոտ Բագրատունին, որոնք նշեցին, որ հայ երիտասարդները կշարունակեն իրենց պայքարը հանուն պատմական ճշմարտության հաստատման:

Ապա ելույթով հանդես եկավ Լիբանանի ներքին գործերի նախկին նախարար Զիադ Բարութը, ով նշեց, որ ապրիլի 24-ին կանգնած է հայության կողքին: Նա հարգանքի տուրք մատուցեց հայ նահատակների հիշատակին՝ ընդգծելով, որ  հատուկ վերաբերմունք ունի այն հայերի  նկատմամբ, որոնք շարունակեցին գոյատևել հակառակ տառապանքների և արհավիրքի:

Եզրափակիչ ելույթով հանդես եկավ Հայկազյան համալսարանի նախագահ, դոկտոր Փոլ Հայտոսթյանը: Նա նշեց, որ 99 տարի առաջ տեղի ունեցած ահավոր ողբերգութունից հետո հայությունը չգնաց դեպի անորոշ ապագա, չկորցրեց իր լույսն ու հույսը, այլ կարողացավ վերագտնել իր տունն ու ինքնությունը:

Հայ Կաթողիկե պատրիարքարանում տեղի ունեցավ նաև հայ կաթողիկե երիտասարդական միությունների կազմակերպած Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված հսկման երեկո, որին ներկա էին դեսպան Քոչարյանը, պետական պաշտոնյաներ, հոգևոր առաջնորդներ, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ և ղեկավարներ, Լիբանանի Հայոց Ցեղասպանության 100-ամյակի կենտրոնական մարմնի անդամներ:

Բացման խոսքով հանդես եկան Ռուբինա Թովմասյանը և Կարո Մարաշլյանը: Ելույթով հանդես եկավ նաև Միջին Արևելքի Հայ դատի գրասենյակի տնօրեն տիկին Վերա Յակուբյանը, ով համառոտ ներկայացրեց Հայ Դատի պատմությունը: Հայր Անդրանիկ Ծ.Վ. Կռանյանը ներկայացրեց Հայ Կաթողիկե պատրիարքարանի բակում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի պատմությունը:

Հայոց ցեղասպանության 99-րդտարելիցին նվիրված միջոցառում Պեկինում

175.Genocide commemoration events in China 25.04.2014Ապրիլի 24-ին Չինաստանում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանության 99–րդ տարելիցին նվիրված հավաք-ընդունելություն:

Դեսպանության տարածքում տեղադրված խաչքարի մոտ տեղի ունեցավ ծաղիկների զետեղման և խնկարկման արարողություն: Այնուհետև դեսպանության ընդունելությունների սրահում ներկաներին ողջունեց և ելույթ ունեցավ ՉԺՀ-ում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը, ով նաև ներկայացրեց Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ իրականացվելիք հիմնական ծրագրերը, որոնց շուրջ տեղի ունեցան շահագրգիռ քննարկումներ:

Միջոցառմանը մասնակեց և ելույթով հանդես եկավ ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Սամվել Ֆարմանյանը, ինչպես նաև Պեկինի տարբեր համալսարանների հայ ուսանողներ, գործարարներ:

Ելույթների ավարտին ցուցադրվեց Հայոց Ցեղասպանության վերաբերյալ փաստավավերագրական ֆիլմ:

Հայոց Ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ անցկացվեցին նաև ՉԺՀ Շանհայ և Հոնկոնգ քաղաքներում:

Էրդողանի հայտարարությունը թակարդ է. քաղաքագետ

Հրանտ Մելիք-Շահնազարյան«Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի ապրիլի 23-ի հաղորդագրությունը բոլորի համար անսպասելի էր, և այդ մոտեցմամբ Թուրքիան փորձում է որդեգրել Ցեղասպանությունը ժխտելու նոր գործիքակազմ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Նա ընդգծեց, որ անհրաժեշտ է ավելի լավ ուսումնասիրել թուրք պաշտոնյայի հաղորդագրության բոլոր դրույթները. «Այն ունի հստակ ուղեգծեր, որոնք Թուրքիան փորձելու է գործի մեջ դնել մոտակա մեկ տարվա ընթացքում»:

Ըստ քաղաքագետի` Թուրքիան այս նոր քաղաքականությամբ փորձում է Ցեղասպանությունը կապել առաջին աշխարհամարտի հետ:  «Դա թակարդ է, երբևէ չպետք է թույլ տանք, որ Ցեղասպանությունը կապակցվի Առաջին համաշխարհային պատերազմի հետ, քանի որ այն սկսվել  է առաջին համաշխարհայինից առաջ և շարունակվել դրանից հետո: Այդ քաղաքականությունը նպատակաուղղված է եղել  և սկսվել է հայերին բնաջնջելու, իրենց պատմական հայրենիքից զրկելու համար»,- նշեց  Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Բացի այդ, Թուրքիան փորձում է առաջին քայլը անել և Ցեղասպանության հետ կապված քննարկումները, որոնք մինչև ողբերգության հարյուրամյակը բավականին շատ են լինելու,  ուղղել իրենց ձեռնտու ուղղությամբ:

Թուրքագետն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ հաղորդագրությունը թարգմանված է եղել ութ լեզուներով, այդ թվում` արևելահայերեն և արևմտահայերեն: «Դա ցույց է տալիս, որ հաղորդագրության հասցեատերերը հայերը չեն, այլ միջազգային հանրությունը: Եթե հասցեատերը լինեին հայերը, առնվազն հայերեն տեքստը գրական կլիներ, ոչ թե Google translate-ով կամ նման ինչ-որ արհեստական միջոցով թարգմանված. վերջին հաշվով խոսքը  վարչապետի հաղորդագրության մասին է, այն էլ՝ «աննախադեպ»»,- ասաց Մելիք-Շահնազարյանը:

Քաղաքագետը կարծում  է, որ Թուրքիայի իշխանություններն առաջիկա տարվա ընթացքում նման հայտարարություններով հանդես կգան՝ միջազգային հանրությանը ցույց տալով խնդրի քննարկման պատրաստակամությունը,  փորձելով փաստացի լղոզել հարցի էությունը. «Բոլորիս համար հասկանալի է, որ Թուրքիան բավականաչափ ժամանակ ուներ իր արխիվները մաքրելու և հնարավորինս մաքուր ներկայանալու աշխարհին: Իսկ ինչ վերաբերվում է պատմաբանների հանձնաժողովի ստեղծման նրա առաջարկին՝ պետք է ասել, որ հայկական կողմը կարող է համաձայնել դրան, բայց որոշակի պայմաններով. եթե կլինի ճանաչում, և, եթե հանձնաժողովը ուսումնասիրի բացառապես ցեղասպանության կատարման պատճառները, մեխանիզմները, բայց ոչ երբեք կասկածի տակ դնի ցեղասպանության եղելությունը»:

Նիդեռլանդների Ալմելո քաղաքում բացվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր

ալմելոՀայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի կապակցությամբ Նիդեռլանդների Ալմելո քաղաքում բացվել է Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր: Իր տեսակի մեջ բացառիկ հուշահամալիրի կառուցումը մեկնարկել էր 2013թ.-ին։   Հայոց ցեղասպանության 1.5 մլն  զոհերի հիշատակին նվիրված համալիրը նաև խորհուրդ է պարունակում. հիշեցնելով կատարված ոճրագործության մասին՝ այլևս երբեք թույլ չտալ, որ նմանատիպ ողբերգությունները կրկնվեն։

Հայ առաքելական եկեղեցուն պատկանող հողի վրա կառուցված հուշահամալիրը ստեղծվել է հայկական եկեղեցիների ճարտարապետությանը հատուկ ոճով՝ 16 սյուների վրա: Համալիրի 16 խաչքարերը կերտվել են Հայաստանից ներկրված տուֆ քարից։ Համալիրի բացման պաշտոնական արարողությանը մասնակցել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը, ով  ընթերցել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը, որում մասնավորապես նշված է. «Հայ ժողովրդի պատմության օրհասական պահերին քանիցս է ապացուցվել, որ մենք աշխարհում իրոք շատ բարեկամներ ունենք, ովքեր հարազատի պես անշահախնդիր ընդունել և ապաստան են տվել իրենց հայրենի հողում ապրելու հնարավորությունից և իրավունքից զրկված մեր հազարավոր հայրենակիցներին։ Եվ այս օրը նաև ևս մեկ առիթ է բոլորին ասելու շնորհակալություն»: Դավիթ Գևորգյանը Երևանի քաղաքապետի անունից նաև ծաղկեպսակ է դրել՝ ի հիշատակ անմեղ նահատակների:

Միջոցառմանը մասնակցել են Նիդեռլանդների հայ համայնքի և եվրոպական տարբեր երկրներից հատուկ բացման արարողությանը մասնակցելու համար եկած ավելի քան հինգ հազար մեր հայրենակիցներ, ազգային տարբեր կառույցների ներկայացուցիչներ:  Միջոցառմանը մասնակցել և նահատակների հիշատակին իրենց հարգանքի տուրքն են մատուցել նաև Հոլանդիայի խորհրդարանի, Ալմելոյի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, Նիդեռլանդներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, գիտության և արվեստի գործիչներ: Միջոցառմանը մասնակցել և հոգեհանգստի կարգ է կատարել Նիդեռլանդներում Հայ առաքելական եկեղեցու հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տեր Արշակ սրբազանը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Հայոց ցեղասպանության 99-րդտարելիցին նվիրված միջոցառում Փարիզում

174.Genocide commemoration events in France 25.04.2014Ապրիլի 24-ին Փարիզի քաղաքապետարանի հանդիսությունների սրահում կայացավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ավանդական միջոցառումը, որն այս տարի նախաձեռնվեց Փարիզի նորընտիր քաղաքապետ Անն Իդալգոյի կողմից: Հիշատակի միջոցառմանը մասնակցեցին Ֆրանսիայի մայրաքաղաքի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, պատգամավորներ, սենատորներ, բազմաթիվ քաղաքական և մշակութային գործիչներ, հայտնի անհատներ, հարյուրավոր ֆրանսիացիներ և ֆրանսահայեր:
Միջոցառման բացման խոսքով հանդես եկավ քաղաքապետ Անն Իդալգոն:

Վերջինս նշեց, որ երևույթները պետք է կոչել իրենց անուններով և ընդգծեց, որ Թուրքիայի իշխանությունների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը անհրաժեշտություն է ողջ թուրք ժողովրդի համար: Փարիզի քաղաքապետը խոսեց Հայոց ցեղասպանության հարյուրամյակի շրջանակներում մայրաքաղաքի իշխանությունների կողմից անցկացվելիք միջոցառումների՝ մասին:

Այնուհետև ելույթներով հանդես եկան Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգման խորհրդի համանախագահներ Ֆրանկ Փափազյանը և Արա Թորանյանը, որոնք, մեկնաբանելով Թուրքիայի վարչապետի նախօրեին արված հայտարարությունները, ընդգծեցին Թուրքիայի իշխանությունների կողմից ժխտողական կեցվածքի անարդյունավետ լինելը:

Միջոցառման եզրափակիչ խոսքով հանդես եկավ Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը: Շնորհակալություն հայտնելով Փարիզի նորընտիր քաղաքապետին ավանդական ընդունելության շարունակականությունն ապահովելու համար՝ դեսպան Չիտեչյանը նշեց. «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հավատարմությունը, մարդու և ժողովուրդների համընդհանուր իրավունքների և արժեքներին նվիրվածությունը Ֆրանսիայի մեծության վկայություններն են: Աշխարհի մայրաքաղաքներից մեկը՝ Փարիզը, ոգեկոչում է մեր նախնիների հիշատակը: Արդեն տարիներ Ֆրանսիան, որը  օրենքի ուժով Հայոց ցեղասպանությունը ճանաչած առաջին երկիրն է, նախագահի մակարդակով է հարգանքի տուրք մատուցում զոհերի հիշատակին: Հայաստանը գիտակցում և կարևորում է այս ամենը»: ՀՀ դեսպանն այնուհետև անդրադարձավ Թուրքիայի պաշտոնական դիրքորոշմանը` փաստելով, որ «Թուրքիայի իշխանությունները այդպես էլ չեն կարողանում առերեսվել անցյալին և շարունակում են օրեցօր ավելի մխրճվել իրականության խեղաթյուրման անօգուտ քաղաքականության մեջ:

Ավարտելով իր ելույթը՝ դեսպան Չիտեչյանը հայտնեց, որ Անն Իդալգոն որպես հայ ժողովրդի բարեկամ միշտ սպասված է Հայաստանում և Փարիզի քաղաքապետին հանդիսավոր կերպով փոխանցեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից նրան ուղղված պաշտոնական հրավերը:

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Շվեդիայում

Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի կապակցությամբ Ստոկհոլմում տեղի ունեցան մի շարք միջոցառումներ։

173.Genocide commemoration events  in Sweden 25.04.2014Շվեդիայի հայկական միությունների համադրող կենտրոնի նախաձեռնու­թյամբ Ստոկհոլմի կենտրոնական Սերյելս Թորյ հրապարակում տեղի ունեցավ հանրահավաք, որտեղ ելույթ ունեցան Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանը, Շվեդիայի խորհրդարանի պատգամավորներ Հանս Լինդեն (Ձախ կուսակցություն),  Ֆրեդրիկ Մալմը (Լիբերալ կուսակցություն), Մաթս Փերթոֆթը (Կանաչների կուսակցություն) ինչպես նաև Շվեդիայի հայկական միությունների համադրող կենտրոնի նախագահ Գառլեն Մանսուրեանը և Շվեդիայի ասորիների միության ներկայացուցիչը։

Իր ելույթում դեսպան Ապիտոնյանը նշեց, որ այսօր հայ ազգը իր երախտագիտությունն է հայտնում այն երկրներին, այդ թվում և Շվեդիային, որոնք ճանաչել և դատապարտել են այդ սարսափելի հանցագործությունը։ Դեսպանն իր գոհունակությունը հայտնեց այն փաստի կապակցությամբ, որ Շվեդիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում վճռորոշ դերակատարում ունեցած անձինք ներկա են գտնվում հանրահավաքին։ Դեսպանը նշեց, որ նույնիսկ այսօր՝ Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցի շեմին, ցեղասպանությունը շարունակվում է, այս անգամ ժխտողականության քողի տակ։ Անդրադառնալով Թուրքիայի վարչապետի կողմից ապրիլի 23-ին կատարված հայտարարությանը՝ դեսպանը ընդգծեց, որ նրա կողմից արված երկխոսության կոչը նմանվում է հեգնանքի, քանզի նույն Էրդողանի գլխավորած կառավարությունն էր, որը ցյուրիխյան  արձանագրությունների բանակցումից և ստորագրումից հետո կասեցրեց դրանց վավերացումը։ Դեսպան Ապիտոնյանը նաև հարցազրույց տվեց Շվեդիայի «Ասսիրիեն» հեռուստաընկերությանը։

Մինչ հանրահավաքը Հ.Մ.Ը.Մ. նախաձեռնությամբ տեղի էր ունեցել բազմամարդ երթ, որին մասնակցում էին շուրջ 800 մարդ։ Կառլապլան հրապարակում երթը մեկնարկել էր Շվեդիայի հայ առաքելական և կաթողիկե հոգևոր հովիվների մատուցած հոգեհանգստի ծիսակատարությամբ, այնուհետև հանրահավաքի մասնակիցները հայրենասիրական երգերի և վանկարկումների ներքո երթով շարժվել էին դեպի Շվեդիայում Թուրքիայի դեսպանություն։

Օրվա ընթացքում Շվեդիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ տեղի ունեցավ նաև ծաղկեպսակի զետեղման արարողություն շվեդ միսիոներ Ալմա Յոհանսսոնի գերեզմանին, ով ցեղասպանության տարիներին միսիոներա­կան գործունեություն էր իրականացրել Արևմտյան Հայաստանում, փրկել բազմաթիվ հայորդիների կյանքը։ Արարողությանը մասնակցեցին դեսպան Ապիտոնյանը, Շվեդիայում այցով գտնվող ՀՀ ԱԺ պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանը և Կարինե Պողոսյանը, ինչպես նաև Շվեդիայում հայ համայնքի հոգևոր և աշխարհիկ կառույցների ղեկավարները։ Արարողությունը սկսվեց Սկանդինավյան երկրներում Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Եղիշե վարդապետ Ավետիսյանի և Հայ Կաթողիկե Եկեղեցու հոգևոր հովիվ Տ․ Հովսեփ վարդապետ Պահէի մատուցած հոգեհանգստի ծիսակատարությամբ, որից հետո ելույթներով հանդես եկան դեսպան Ապիտոնյանը,  Շվեդիայի հայկական միությունների համադրող կենտրոնի կողմից Վահագն Ավետեանը և Արփինե Հովհաննիսյանը։

Նույն օրը Ստոկհոլմի Վանթյորս եկեղեցում տեղի ունեցավ նաև «Ապրիլ է, ձյուն է արել» խորագրով համերգ՝ նվիրված ցեղասպանության զոհերի հիշատակին։ Համերգը կազմակերպվել էր հայազգի դաշնակահարուհի Կարինե Հելլման-Գևորգյանի կողմից, որին մասնակցեցին շվեդ երաժիշտներ Քրիստինա Համմարսթրյոմը և Վլադիմիր Դիկանսկին։ Համերգի ընթացքում հնչեցին Կոմիտասի, Յոհան Սեբաստիան Բախի և Կառլ Ֆիլիպ Էմանուել Բախի ստեղածագործությունները։

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Բրյուսելում

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին  նվիրված միջոցառումներ ԲրյուսելումԱպրիլի 24-ին Բրյուսելի Սուրբ Մարիամ-Մագդաղենացի Հայ Առաքելական եկեղեցում մատուցվեց պատարագ՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության 99-րդ տարելիցի: Հոգևոր արարողությանը հաջորդեց բազմամարդ երթ դեպի Բրյուսելի կենտրոնական հրապարակներից մեկում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարը, որտեղ հոգևոր հայրերը մատուցեցին ոգեկոչման արարողություն: Ներկաներին իրենց խոսքը հղեցին Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակի Բենելուքսի փոխանորդ Զատիկ վարդապետ Ավետիքյանը և Բելգիայի հայ համայնքի կոմիտեի նախագահ Միշել Մամուրյանը:

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու էին եկել Բելգիայի Սենատի փոխնախագահ Արման դե Դեկերը, Բելգիայի կառավարության, քաղաքական և հասարակական շրջանակների ականավոր գործիչներ, հրեական, թութսի, քրդական և ասորական համայնքների ներկայացուցիչներ, մտավորականներ, բազմաթիվ լրագրողներ:

Ծաղկեպսակներ զետեղվեցին Բելգիայի Սենատի նախագահի, Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի, Բելգիայում գործող հայկական կազմակերպությունների անունից:

Ավելի վաղ` ապրիլի 23-ին, հայ երիտասարդության ջանքերով կազմակերպվել էր մոմավառություն հայկական խաչքար-հուշակոթողի մոտ` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի:

Անկախ

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառում Վիետնամում

Հայոց  ցեղասպանության 99-րդ տարելիցին  նվիրված միջոցառում ՎիետնամումԱպրիլի 24-ին Վիետնամի մայրաքաղաք Հանոյում տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն:

Միջոցառման մասնակիցները ծաղիկներ զետեղեցին Հո Շի Մինի դամբարանին կից գտնվող անմար կրակի մոտ: Այնուհետև ելույթով հանդես եկավ ՎՍՀ-ում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանը:

Ընդգծելով Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման դերը ապագայում նմանատիպ ոճիրների կանխարգելման համար՝ ՀՀ դեսպանը կարևորեց քաղաքակիրթ մարդկության վճռականությունն ու միասնականությունը պատմական արդարության վերականգնման և ժխտողականության դեմ պայքարի հարցերում:

Անկախ

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Իսպանիայում

Հայոց  ցեղասպանության 99-րդ տարելիցին  նվիրված միջոցառումներ ԻսպանիայումՀայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքը Իսպանիայում մեկնարկեց ապրիլի 22-ին Մադրիդում:

«Կասա դե Կանտաբրիա» մշակութային համալիրի սրահում տեղի ունեցավ «Անլռելի զանգակատուն. Հայաստան 1915-1918» խորագրով Մեծ եղեռնը վավերագրած լուսանկարների ցուցահանդեսի բացումը և Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված արարողությունը, որին ներկա գտնվեցին բազմաթիվ պաշտոնյա անձիք, օտարերկրյա դիվանագետներ, հասարակական գործիչներ, համալսարանների դասախոսներ, հայ և ազգային այլ փոքրամասնությունները ներկայացնող  համայնքային կառույցների ներկայացուցիչներ, հոգևորականներ: Բանախոսեցին իսպանացի նշանավոր գրող, լրագրող, հրապարակախոս, հայազգի մեծ բարեկամ Խոսե Անտոնիո Գուռիարանը,  «Մադրիդի հայեր» ասոցիացիայի ղեկավար Կարեն Մարդանյանը,  Իսպանիայում ՀՀ   գործերի հավատարմատար Խորեն Տերտերյանը, որն իր խոսքում վստահություն հայտնեց, որ հեռու չէ այն օրը, երբ Իսպանիան, ժողովրդավարության սկզբունքներին և համամարդկային արժեքներին հավատարիմ այլ երկրների շարքում, նույնպես կճանաչի Հայոց ցեղասպանությունը, կդատապարտի այն և կոչ կանի Թուրքիային չժխտել Օսմանյան կայսրության կողմից հայ ազգի և մարդկության դեմ գործած հանցանքը: Միջոցառման ավարտին ցուցադրվեց BBC գործակալության նկարահանած  «Հայոց Ցեղասպանություն» վավերագրական ֆիլմը՝ իսպաներեն լեզվով:

Ապրիլի 24-ին Մեծ եղեռնի 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ՝ հոգևոր արարողություններ, ծաղկեպսակների տեղադրում, մոմավառություն, երթեր և ցույցեր տեղի ունեցան Բարսելոնա, Վալենսիա և Ալիկանտե քաղաքներում:

 

Անկախ

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Դամասկոսում

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին   նվիրված միջոցառումներ ԴամասկոսումԱպրիլի 24-ին Հայոց Մեծ Եղեռնի 99-րդ տարելիցի կապակցությամբ Դամասկոսի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում մատուցվեց պատարագ և հոգեհանգստյան կարգ Ցեղասպանության հուշարձանի մոտ, որից հետո Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը և դեսպանության անձնակազմը ծաղկեպսակ զետեղեցին անմար կրակի մոտ:

         Արորողությանը մասնակցեցին բազմաթիվ սիրիահայեր, Հայաստանի քաղաքացիներ, լրագրողներ, հասարակական գործիչներ, քույր եկեղեցիների հովվապետեր, ինչպես նաև Հռոմի Պապի պատվիրակը:

Տարիներ ի վեր ձևավորված ավանդույթի համաձայն, Սիրիայում ՀՀ դեսպանություն են այցելել սիրիահայ համայնքի ներկայացուցիչները և գրառում կատարել ոգեկոչման հուշամատյանում:

Նույն օրը երեկոյան ՍԱՀ-ում ՀՀ դեսպանը մասնակցեց Դամասկոսի հայ կաթողիկե համայնքի կազմակերպած միջոցառմանը և ծաղկեպսակ զետեղեց կաթողիկե եկեղեցու բակում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մատուռի մոտ:

         Անկախ