Հայփոստը թողարկել է Հայոց ցեղասպանությանը նվիրված 5 նամականիշ

unnamed2014 թվականի հուլիսի 29-ից շրջանառության մեջ է դրվել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում թողարկված հինգ նամականիշ:

Նամականիշների պատրաստմանն իր աջակցությունն է բերել Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտը` տրամադրելով բացառիկ լուսանկարներ:
Նամականիշներից մեկը նվիրված է դանիացի միսիոներներ, մեծ մարդասերներ Կարեն Յեփփեին և Մարիա Յակոբսենին:

3 (10)

Մյուս նամականիշների վրա պատկերված են 2012թ. Բոստոնում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձանի, 2003թ. Փարիզում կանգնեցված Կոմիտասի արձանի, հայ պատմաբան, Հայկական հարցին և Հայոց ցեղասպանությանը նվիրված աշխատությունների հեղինակ Ջոն Կիրակոսյանի և 1975թ. Ուրուգվայի Մոնտեվիդեո քաղաքում կանգնեցված Մեծ Եղեռնի զոհերին նվիրված հուշարձանի լուսանկարները:


 

Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտ

Համահայկական կրթական 6-րդ խորհրդաժողովի ընդունել է բանաձև

կգն2

Համահայկական կրթական 6-րդ խորհրդաժողովի արդյունքների հիման վրա ընդունվել է բանաձև, որն ուղղորդիչ է դառնալու ՀՀ կրթության և գիտության նախարարության համար` մոտակա երկու տարիների համար: Համաձայն բանաձևի` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ կրթության ոլորտում միասնական գիտակցությամբ գործելու, Հայաստան-Սփյուռք կրթական հարաբերություններն ամրապնդելու նպատակով 17 լիագումար նիստերում և 4 մասնախմբերում կազմակերպված համատեղ քննարկումների ընթացքում հնչած առաջարկությունների հիման վրա որոշվեց.
1.Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված աշխատանքների ուղղությամբ`  Սփյուռքի, Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության բոլոր օղակներում կարևորել Հայոց ցեղասպանության և Հայ դատի վերաբերյալ աճող սերնդի կողմից ճշմարիտ պատմական գիտելիքների ձեռքբերումը և մշտապես պահանջատեր լինելու դիրքորոշումը` գերխնդիր դարձնելով ճանաչման, դատապարտման և հատուցման ուղենիշը:
2.Հայոց ցեղասպանության հարցերին անդրադառնալ հայագիտական դասընթացներում` կարևորելով ցեղասպանության պատճառները, նախապատմությունը, ընթացքը, հետևանքները, ինչպես նաև բացասական ազդեցությունների վերացման, դատապարտման և հատուցման գիտակցման ձևավորումը. Հայոց ցեղասպանության պատմական իրողությունն ու դրա իրավական կողմերը դիտարկել աշխարհում տեղի ունեցած և ճանաչում ստացած ցեղասպանությունների համատեքստում:
3.Ստեղծել Հայոց ցեղասպանության վերաբերյալ ուսումնաօժանդակ տարատեսակ նյութեր` հաշվի առնելով թիրախային խմբերի հոգեբանական առանձնահատկությունները:
4.Քաջալերել Հայոց ցեղասպանության մասին և նրան առնչվող գեղարվեստական, վավերագրական, ճանաչողական հայերեն և օտարալեզու գրականության հրատարակումն ու տարածումը:
5.Ուսուցիչների, մանկավարժական որակավորում տվող համալսարանների ուսանողների համար նախատեսել ուսումնական նյութեր Հայոց ցեղասպանության մասին, ծանոթացնել համապատասխան միջազգային պայմանագրերին, կոնվենցիաներին և դրանց իրավական բովանդակությանը:
6.Նպաստել Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգների կրած հոգեբանական վնասվածքների ուսումնասիրությանը և հետևանքների վերացմանն ուղղված աշխատանքներին:
7.2015թ. իրականացվելիք կրթամշակութային միջոցառումները նվիրել Հայոց ցեղասպանության 100-ամյակին:
8. Մշակել և ուսուցիչներին տրամադրել բազմաբնույթ նյութեր Հայոց հերոսամարտերի, մասնավորապես Արցախյան ազատամարտի դրվագների և հերոսների մասին:

Թուրքիայի նախագահի թեկնածու Էքմելեդդին Իհսանօղլուն խոսել է Հայոց ցեղասպանության մասին

Էքմելեդդին ԻհսանօղլուԹուրքիայի նախագահի թեկնածու Էքմելեդդին Իհսանօղլուն այսօր պաշտոնապես սկսել է իր նախընտրական քարոզարշավը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նրան հարց է ուղղել «Թարաֆ» թերթի հայազգի սյունակագիր Հայկո Բաղդադը: «Դուք միջազգային հարթակներում պաշտոններ զբաղեցրած մի անձ եք և Թուրքիայի նախագահ լինելու պարագայում մոտ ժամանակներում Թուրքիայի ամենակարևոր հարցերից մեկը 1915 թվականի դեպքերի 100–ամյակն է լինելու և այս հարցը օրակարգային կլինի և միջազգային հարթակներում, և Թուրքիայի ներքաղաքական կյանքում: Դուք համաշխարհային իրավունքի տեսանկյունից ինչպես եք գնահատում 1915 թվականի դեպքերը: Ի՞նչ կասեք հրապարակված ցավակցական ուղերձի մասին: Արդյո՞ք այն թերի է, չափից ավելի է, թե՞ բավարար»,-հարցրել է Բաղդադը Իհսանօղլուն: «1915 թվականին եղած ցավալի դեպքերը մեզ միշտ վշտացրել են և շարունակելու են վշտացնել: Ես շատ լավ եմ հիշում, երբ 1970–ականներին, որպես համալսարանի դասախոսական կազմի երիտասարդ անդամ, մասնակցում էի մշակույթի նախարարության միջոցառումներին և սերտ կապեր ունեի արտգործնախարարության հետ: Այս երկու նախարարությունների միջոցառումներին մասնակից լինելով տեղյակ եմ նաև հարցի էությանը: Կառավարության ցավակցական ուղերձը ճիշտ և տեղին էր: Թուրքիան այս հարցը պետք է լուծի համբերատարությամբ, սառնասրտությամբ` օգտագործելով դիվանագիտության և գիտության բոլոր ճանապարհները: Այս պահին ավելին չեմ ուզում ասել»,-պատասխանել է Իհսանօղլուն:

Անկախ

 

Էդուարդ Շարմազանովը հանդիպել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի գլխավոր քարտուղարի հետ

Էդուարդ Շարմազանով-Ալեքսեյ ՍերգեեւՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հուլիսի 8-ին Տավրիկյան պալատում աշխատանքային հանդիպում է ունեցել Անկախ պետությունների համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) խորհրդի գլխավոր քարտուղար Ալեքսեյ Սերգեեւի հետ:

Հանդիպմանը կողմերը քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող օրակարգային հարցեր:

ԱԺ փոխնախագահը ԱՊՀ ՄԽՎ խորհրդի գլխավոր քարտուղարի հետ զրույցում մասնավորապես նշել է, որ 2015 թվականին լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Նա իր զրուցակցին տեղեկացրել է մի շարք երկրների խորհրդարաններում Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցանմուշների ներկայացման ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին:

Էդուարդ Շարմազանովն Ալեքսեյ Սերգեեւին առաջարկել է 2015 թվականին Հայոց ցեղասպանության թանգարանի մի շարք ցուցանմուշներ ներկայացնել նաեւ Տավրիկյան պալատում, ինչպես նաեւ ցեղասպանությանը նվիրված համաժողով հրավիրել: ԱՊՀ ՄԽՎ խորհրդի գլխավոր քարտուղարն աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն է հայտնել:

 

Անկախ

 

 

Երրորդն, ով սատար եղավ մեր գործին, պոլսեցի Հրանտ Դինքն էր. Ռագըբ Զարաքոլու

«Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում. վերապրածների վկայություններ» եռահատոր ժողովածուի թուրքերեն տարբերակը ներկայացվում է աշխարհին:

«Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում. վերապրածների վկայություններ» եռահատոր ժողովածուի թուրքերեն տարբերակ

Թուքիայում օրերս հրատարակվել է «Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում. վերապրածների վկայություններ» արխիվային փաստաթղթերի եռահատոր ժողովածուի` մեկ հատորում զետեղված թուրքերեն թարգմանությունը: Բացառիկ ժողովածուն ընդգրկում է 1916-1917 թթ. վկայություններ:

«Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում. վերապրածների վկայություններ» եռահատոր ժողովածուի թուրքերեն տարբերակ

Հսկայական հետազոտական նյութը լրագրողներին ներկայացրին ու դրա պատմաքաղաքական և իրավական նշանակության մասին խոսեցին  «Հայոց ցեղասպանությունն Օսմանյան Թուրքիայում. վերապրածների վկայություններ» արխիվային փաստաթղթերի եռահատոր ժողովածուի` մեկ հատորում զետեղված թուրքերեն թարգմանության հրատարակիչ Ռագըբ Զարաքոլուն,   Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը, «Վան» ՀԿ պատվավոր նախագահ Ռուբեն Գալչյանը:

“Այս գիրքը օպերատիվ աշխատանքի արդյունք է, կատարվել է տաք-տաք` Ցեղասպանությունից անմիջապես հետո հավաքված փաստերից և դրանում առկա են գիտակցորեն բարձրացված բազում հարցեր: “Կապույտ գրքից” հետո այս գիրքը ամենակարևորներից է, քանի որ նրանում զետեղված են 1916թ.-ի  վկայությունները”,-նշեց Ռագըբ Զարաքոլուն:

«Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում. վերապրածների վկայություններ» եռահատոր ժողովածուի թուրքերեն տարբերակ

 

1500 օրինակով լույս տեսած թուրքերեն տարբերակը ներկայացվելու է ողջ աշխարհին, իսկ Ռագըբ Զարաքոլուն կարծում է մերժողականության էությունը հետևյալն է.  երբ ինչ-որ բան կեղծում են, ստում են, այն դառնում է շարունակական, ստիպված են լինում կեղծել ամեն ինչ, նոր փաստեր հնարել, այլ կերպ` ջնջել բոլոր հնարավոր տեղերից հայի անունը:

“Այս ամենն ինձ հիշեցնում է Ջորջ Օրուելի “1984” կոչվող վեպը, որտեղ խոսվում է մասնագետների մասին, ում աշխատանքը փաստաթղթեր ոչնչացնելն է ու նորերի ստեղծումը` նոր իրադրությանը համապատասխան”,-նշեց Ռագըբ Զարաքոլուն` ավելացնելով.

“Սա պայքար է որ սկսել ենք 1990-ականներից կնոջս հետ: Պայքարի սկզբում թուրքական հասարակության մեջ միայնակ էինք և 1993թ.-ին, երբ առաջին գիրքը հրատարակեցինք, մեր դռնից ներս մտնելու քաջություն ունեցան միայն երկու տարեց հայ: Գիրքն անմիջապես արգելվեց, հոտո նորից տպագրեցինք, իսկ երրորդն, ով հետաքրքրվեց մեր գործով, պոլսեցի Հրանտ Դինքն էր, ով իր վրա վերցրեց անօրինական ձևով 1000 գիրք տարածելու գործը”,-պատմեց Ռագըբ Զարաքոլուն:

“Անկախ”-ի այն հարցին, թե, որպես Թուրքիայի քաղաքացի,  գիտակցաբա ՞ ր է գնում այս պայքարին, եթե Հայոց Ցեղասպանության ճանաչումը և պատմական արդարության վերականգնումը հետևանքներ է ունենալու Թուրքիա պետության համար, Զարաքոլուն պատասխանեց.

“Իհարկե, ընդունելը ամենահեշտ գործն է, իսկ Թուրքիա պետությունը գիտակցում է, որ Հայոց Ցեղասպանության ճանաչումից հետո այլ փուլեր են գալու, իսկ դրանցից խուսափելու համար ուզում է խնդիրը այսօրվա վիճակի մեջ պահպանած լինի: Սակայն միայն Թուրքիա պետությունը չէ, նաև մեծ պետություններն էլ պատասխանատվություն ունեն այստեղ: Ամերիկայում ապահովագրական ընկերությունների դեմ հարուցված գործը չեզոքացվեց, իսկ պատճառաբանությունն այն էր, որ ԱՄՆ-ն պաշտոնապես չէր ճանաչել Ցեղասպանությունը: Բոլոր նահանգապետերը, ղեկավարները` այդ թվում Օբաման, Փելոզին, խոսում են Ցեղասպանության մասին, ընդունում այն, բայց երբ հարցը կոնկրետանում է,  հասնում իրենց պետություններին, բոլորն էլ մոռանում են դրա մասին”:

Նշենք նաև, որ վաղը` հուլիսի 3-ին, ժամը 19:00-ին, “Առնո Բաբաջանյան” ֆիլհարմոնիկ փոքր համերգասրահում  տեղի է ունենալու «Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում. վերապրածների վկայություններ» եռահատոր ժողովածուի թուրքերեն տարբերակի շնորհանդեսը:

Թուրքական պատմագիտական ընկերությունում Հայկական հարցի մասնագետները հրաժարական են տալիս

ttkԹուրքական պատմագիտական ընկերության նախագահ պրոֆեսոր Մեթին Հյուլյագյուն հայտարարել է, որ իր հրաժարականից հետո կազմակերպությունից հեռանալու են ևս 4 մասնագետ, որոնք աշխատում են «Հայկական սեղանին»՝ այն է Հայկական հարցի շուրջ: «Շատ ափսոս. Հայկական հարցի շուրջ վերջին տարիներին կարևոր ուսումնասիրություններ կատարած Թուրքական պատմագիտական ընկերությունը հրաժարականների ցնցումներ է ապրում: Նախագահ Հյուլյագյուի հրաժարականից հետո ընկերությունում առաջացած անհանգիստ վիճակն անդրադարձել է նաև Հայկական հարցի շուրջ աշխատող գիտնականների վրա: Հայտնի է դարձել, որ 4 մասնագետ պատրաստվում է հրաժարական տալ»,-նշել է Հյուլյագյուն:

«Միլիյեթի» հաղորդմամբ՝ Հայկական հարցի գծով ընկերությունում աշխատող գիտնականներից Մուսա Շաշմազն էլ կարծիք է հայտնել, որ իրենց հեռացման գործում դեր են խաղացել լոբիստական խմբերը: «Վարչապետ Թայիփ Էրդողանի՝ 1915 թվականի վերաբերյալ ցավակցական հայտարարությունը խնդիրներ ստեղծեց Հայկական հարցի շուրջ աշխատողների համար: Բարձրագույն խորհուրդը փոխեց իր վերաբերմունքը մեր աշխատանքների նկատմամբ: Միգուցե Հայկական հարցի շուրջ մեր աշխատանքներն անհանգստացրել են որոշ լոբիստական խմբերի և միջոցներ են ձեռնարկվել մեզ ընդհատակում պահելու համար»,-ասել է Շաշմազը:

 

Անկախ

Ինչ է առաջարկում Թևան Պողոսյանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ

g_image

ԱԺ “Ժառանգություն” խմբակցության  անդամ Թևան Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

“Լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը. ցեղասպանություն, որը 1,5 միլիոն հայերի ոչնչացման, մի ողջ ժողովրդի հայրենազրկման ու տեղահանման պատմություն է: 100 տարի անց մենք պետք է միջազգայնորեն պաշտպանենք ոչ միայն պահանջատիրոջ մեր իրավունքները, այլև դնենք հարյուրամյա վաղեմության կորստի մերօրյա վերականգնման նպատակադրումը: 1.5 միլիոն հայի ծնունդ` որպես ցեղասպանության 100-ամյակի կարևորագույն ուղերձներից մեկը. ահա թե ոնց եմ պատկերացնում ես:

Սա պետք է լինի համազգային նպատակ, սևակյան «կանք, պիտի լինենք ու դեռ շատանանք»-ի նպատակադրված իրագործում, բոլոր ծրագրերի ու նախաձեռնությունների «տեղավորում» այս համազգային նպատակի ներքո:

Սա անելու համար հարկ կլինի նախատեսել 10 տարի ժամանակահատված՝ տարեկան 150 հազարով ժողովրդագրական հաշվեկշռի ավելացումով: Ու հարկ կլինի նաև ամրագրել մի շարք առաջնային դրույթներ.

– Հայ է մեծանում, այn, մարդը, որի կա՛մ մայրը, կա՛մ հայրը հայ են և զավակին որպես հայ են դաստիարակում.

– ՀՀ տրամադրում է քաղաքացիություն բոլոր այն մարդկանց, ում կա՛մ մայրը, կա՛մ հայրը հայ է.

– Նախապես ծրագրվածից ավել զավակ ունենալու նպատակադրումը պետք է հասցնել յուրաքանչյուր ընտանիք, ավելին՝ ժամանակակից առողջապահության հնարավորությունների պայմաններում լրջորեն պետք է դիտարկել նաև ծնող դառնալու՝ մեզանում ավանդաբար ընդունված տարիքային վերին շեմն էապես բարձրացնելու հարցը.

– Ավանդույթն առ այն, որ չամուսնանալով երեխա ունենալը անպատիվ բան է, պետք է հիմնովին վերացնել՝ և՛ կանանց, և՛ տղամարդկանց համար.

– Արգելել սեռով պայմանավորված հղիության ընդհատումը` լայնածավալ քարոզի միջոցով՝ ընդգրկելով եկեղեցին.

– Ամեն օր ավելացնել գիտակցումն այն բանի, որ հայերի համար պատերազմը չի ավարտվել և ապագա զինվորներ է պետք ունենալ.

– Պարտադիր զինվորական ծառայություն՝ հարմարեցված պայմաններով, իգական սեռի ներկայացուցիչների համար՝ առնվազն 3 ամիս ժամկետով.

– և այլն”:

 

Անկախ

«Ընդհանուր ապագա» եւ միակողմանի հատուցում

շահանԹուրքիայի արտգործնախարարի վերջին հայտարարությունը որեւէ նոր տվյալ չի ապահովում Անկարայի կողմից որոշ ժամանակից  ի վեր կիրառվող թավշյա ժխտողականության քաղաքականության մեջ: Ուղերձը նույն հստակությամբ է  բանաձեւվել: Թուրքիայի վարչապետը «խաղաղասիրական մեծ քայլ է կատարել»: Կատարվածը ցավակցությունից այն կողմ «հավերժ խաղաղության» առաջադրանքով ընդհանուր ապագայի ապահովման միտող ծրագիր է: Բնականաբար պիտի հետեւեր հայկական կողմից առնվելիք համապատասխան քայլի սպասումը:

Մինչեւ այստեղ նույն հանգերգն է: Այս բանաձեւի իրականացման համար ներկայացվող հիմնավորումները որոշակի դիտարժանություն են ապահովում:

Թուրքիայի եւ Հայաստանի Հանրապետության միջեւ նոր եւ ավելի հիմնավորված խաղաղության ժամանակաշրջան կսկսվի, եթե մտավորականները եւ քաղաքագետները կողմերի միջեւ հոգեբանական պատվարները հաղթահարելու եւ արդար հիշողություն կառուցելու համար իրենց ներդրումը ունենան:

Նախքան հաջորդ կետերին անցնելը, մի պահ կենտրոնանանք առաջին այս հիմնավորման վրա: Առաջարկվածը, գուցե մասնագետների աշխատանք է. եւ եթե խոսվում է հոգեբանական պատվարները հաղթահարելու մասին,  մտավորականներից եւ քաղաքագետներից առաջ գուցե հոգեբանների կարիքը զգացվեր, ուսումնասիրելու համար երկու կողմերի միջեւ գոյացած հոգեբանական պատվարների պատճառները: Բայց այստեղ, խորքում թուրքական միեւնույն հանգերգային առաջարկի մի այլ տարբերակն է, որը  սահել է Դավութողլուի հայտարարությունում: Մտավորականներ ասելով, Անկարայի վարիչը խորքում հասկանում է  պատմագետներ եւ գիտակցաբար բառի չօգտագործումով առաջադրում է  պատմաբանների միացյալ հանձնաժողովի միեւնույն ծուղակը: Նույն Դավութողլուն պատասխանո՞ւմ է արդյոք Ցեղասպանության 100-ամյակի պետական հանձնաժողովի նիստի բացմանը նախագահ Սարգսյանի այն հայտարարությանը, որ արխիվների ուսումնասիրության կարիքը չկա համոզվելու համար, որ դեպքերը Ցեղասպանություն էին:

Առաջին հիմնավորումում թուրք նախարարը խոսում է արդար հիշողություն  կառուցելու անհրաժեշտության մասին: Պարզ է ակնարկը: Հայերը ապրում են անարդար հիշողությամբ: Եթե արդարացման ենթարկենք հիշողությունը, ապա այնտեղ պիտի հայտնվի ընդհանուր ցավը, որը նաեւ թուրքերինն է: Այստեղ ահա սկսում է աշխատել Անկարայի մյուս թեզը, որը կառուցվել է զոհերի համահավասարեցման սկզբունքի վրա: Արդար հիշողությունը դժվար թե այլ բացատրություն ունենա:

Հիմնավորումները զարգանում են. եթե արդար հիշողությունը չկայանա, այլ ուժեր պիտի շահարկեն հայ-թուրքական հակամարտությունը եւ երկու կողմերը պիտի ենթարկվեն շահագործման: Ներկա գոյավիճակի պահպանման, առ այդ թե՛ հայերի եւ թե՛ թուրքերի շահագործման ենթակա մնալու պատասխանատվությունը հայկական կողմինն է, ուրեմն, ըստ թուրք դիվանագետի տրամաբանության: Ավելին, հայկական կողմը այսպիսով պատասխանատվության տակ է դրվում է ոչ միայն ընդհանուր անցյալի ճիշտ գնահատականը չտալու, այլ նաեւ գրավի տակ դնելու երկու ժողովուրդների ընդհանուր ապագան:

 

Կարմիր թելի նման բոլոր հիմնավորումներում գծվում է ընդհանուր բառը. ընդհանուր անցյալ, ընդհանուր պատմություն, ընդհանուր ցավ, ընդհանուր հիշողություն, եւ հիմա ընդհանուր ապագա:  Ընդհանրացման այս քաղաքականությունը, որ խորքում թավշյյա ժխտողականություն է, հատկանշում է 100-ամյակի թուրքական ռազմավարությունը: Թվում է, թե հայկական կողմը ընդհանուր ապագա կառուցելու բազմաթիվ առաջարկներ պիտի ստանա Անկարայից:

Հայկական պատասխանը բոլոր խնդիրները ընդհանրացնելու  թուրքական այս խաղին լսվեց կոնգրեսի ժողովասրահներում, երբ հատուցման բանաձեւը  4347 համարակալմամբ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անունով  Անկարայից պահանջեց իրավատիրոջը վերադարձնել քրիսոտնեապատկան գույքերը:

Հատուցման իրավաքաղաքական գործընթացը, 100-ամյակի արդեն հիմնական փուլում, մեկնարկել է: Եւ այստեղ հոգեբաններից եւ մտավորականներից առաջ իրավագետները աշխատանք ունեն կատարելիք. եւ արդեն կատարում են։

 

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

 

Անկախ

Լոնդոնի ԹՄՄ – “Հայ Դասական երաժշտության զարգացումը Հայոց Ցեղասպանությունից առաջ և հետո”

Սիփան ՀակոբյանՍ.թ. հունիսի 20-ին Միացյան Թագավորությունում՝ Լոնդոնի Հայ Տանը, տեղի ունեցավ դիրիժոր և օպարային երգիչ Սիփան Հակոբյանի տեսա-ձայնային դասախոսությունը: Այն կազմակերպել էր Լոնդոնի Թեքեյան Մշակութային Միությունը “Հայ Դասական երաժշտության զարգացումը Հայոց Ցեղասպանությունից առաջ և հետո” խորագրով: Այս կարևոր միջոցառումը առաջինն էր “Հիշատակի երեկո” դասախոսոթյունների շարգից, որոնք ծրագրել է Լոնդոնի Թեքեյան Մշակութային  Միությունը:

 

Դասախոսությունը իր տեսակի մեջ նորություն էր և, բացի պատմամշակութային առաքելությունից, իր մեջ կրում էր կրթական կարևոր բովանդակություն սփյուռքահայերի և բրիտանացիների համար: Սիփան Հակոբյանի կատարած ուսումնասիրությունների արդյունքում դասախոսությունը մեկտեղվել էր 30 փաստավավերագրական ֆոտոնկարներով և դասախոսության համար ընտրված 9 կոմբոզիտորների (Տ.Չուխաջյան, Ն.Տիգրանյան, Ք.Կարա-Մուրզա, Մ.Եկմալյան, Կոմիտաս, Ա.Սպենդիարյան, Ռ.Մելիքյան, Ա.Խաչատրյան) 34-ից ավելի ստեղծագործությունների ձայնագրություններով: Դասախոսության ընթացքում այս կոմպոզիտորների անմիջական կամ ստեղծագործական կապը 1915թ Ցեղասպանության հետ մանրամասնորեն ներկայացվել է և պարզաբանվել Սիփան Հակոբյանի կողմից: Դասախոսության ավարտը եղել է հայերի ազգային և մշակութային եթնոսի պահպանման և զարոթոնքի կոթողը հանդիսացող երաժիշտներից Արամ Խաչատրյանի մասին գրող Համո Սահյանի խոսքերը “Արամ Խաչատրյանը մեր փոքրության առասպելի մեծ հերքումը եղավ, մեծերի հետ չափվելու խորհուրդը եղավ փոքրաթիվ մեր ժողովրդի: …Դարձավ քաղաքակրթության մեր վկայականը…”:

 

Սիփան Հակոբյանը Լոնդոնի Թեքեյան Մշակութային Միության գեղարվեստական ղեկավարն է, ինչպես նաև Լոնդոնի Թեքեյան Հիմնադրամի “Կոմիտաս” երգչախմբի գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորը:

 

Դասախոսությանը ներկա են գտնվել Մեծ Բրիտանիայում հայկական մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ, անհատներ, ինչպես նաև երաժիշտներ:

 

“Բազմիցս կատարելով Է.Միրզոյանի, Ա.Հարությունյանի, Ա.Խաչատրյանի և, իհարկե, Կոմիտասի ստեղծագործությունները Միացյալ Թագավորությունում և անձնապես Ճանաչելով վերոնշյալ առաջին 2 կոմպոզիտորներին, ինձ համար շատ կարևոր էր ներկա գտնվել Սիփանի այդքան հետաքրքիր դասախոսությանը: Սիփանը կարողացավ լրացնել մի շարգ ժամանագրական  և կենսագրական բացեր իմ գիտելիքներում: Այդ ամենի հետ մեկտեղված ստեղծագործությունների ձայնագրությունները և ֆոտոները այս երեկոն դարձրին ավելի ակտուալ:

 

Ես՝ ինքս, պատրաստվում եմ հանդես գալ համերգով, նվիրված Հայոց ցեղասպանության 100 ամյակին, և վստահ ցանկանում եմ ասել, որ այս դասախոսությունը ինձ էլ ավելի պիտի օգնի հայկական երաժշտությունը զգալու և ավելի պատշաճ ներկայացնելու համար”:

Յոհան Միշել Կատս

Սինֆոնիետա օրկեստրի դիրիժոր,

Սանկ Պետերբուրգի Պետեր երաժշտական ակադեմիաի պատվավոր փոխնախագահ.

 

 

“Պարոն Սիփան Հակոբյանի դասախոսությունը 19-ից 20-րդ դարերի ակնառու կոմպոզիտորների մասին հիանալիորեն ներկայանալի էր և հետաքրքրաշարժ: Լինելով հայ երաժիշտ, ապրելով և ստեղծագործելով Լոնդոնում, ես համարում եմ սա ոգեշնչվելու անգնահատելի մի երևույթ և հպարտորեն ցանկանում եմ հայտնել իմ հիացմունքը պարոն Հակոբյանի մեր երաժշտական ժառանգության պատմության պրոֆեսիոնալ մատուցման մեջ: Նա հանդիսատեսին գրավեց և կլանեց այս կարևոր թեմայի մեջ՝ պարզորեն մատուցելով իր զեկույցը, որ խրախուսում և մեծարում էր մեր մեծերին: Նշեց, որ երաժշտական զարթոնքը որքան էլ դժվար և անհնարին էր թվում, երբեք էլ չի դադարել՝ անգամ հայոց Մեծ Եղեռնից հետո: Մեծ բավականություն և իրադարձություն էր ներկա գտնվել այսպիսի յուրօրինակ դասախոսությանը և հույսով սպասել Սիփան Հակոբյանի շատ ու շատ այլ դասախոսությունների:”   

 

Կրիստինա Առաքելյան

Կոմպոզիտոր-դաշնկահար,

Լոնդոնի Թագավորական երաժշտական ակադեմիաի ուսանող

Մահացել է ՄԱԿ-ի` Հայոց ցեղասպանությունը հաստատող զեկույցի հեղինակը

Բենջամին ՈւիտակերԱյս ամսվա սկզբին Լոնդոնում կյանքի 79-րդ տարում իր մահկանացուն է կնքել Բենջամին Ուիտակերը՝ Միավորված ազգերի կազմակերպությունում հայկական զանգվածային սպանությունները որպես ցեղասպանություն որակող զեկույցի հեղինակը: Աշխարհը կորցրեց մեծ մարդասերի և ազգային փոքրամասնությունների իրավունքների ջատագովի:

 

Ինձ բախտ է վիճակվել մի քանի տարի շարունակ սերտորեն գործակցել պարոն Ուիտակերի հետ Ժնևում, որտեղ նա որպես բրիտանացի փորձագետ ծառայում էր ՄԱԿ-ի խտրականության կանխարգելման և փոքրամասնությունների պաշտպանության ենթահանձնաժողովում, իսկ ես ներկայացնում էի Բնիկ ժողովուրդների միջազգային ասոցիացիան` կարմրամորթների մի հասարակական կազմակերպություն:

 

Պարոն Ուիտակերը ակտիվիստ իրավաբան էր, որը 1966 թվականին բրիտանական պառլամենտում ընտրվել էր Լոնդոնի հյուսիսից: 1971 թվականին նա դարձել էր Ազգային փոքրամասնությունների խմբի գործադիր տնօրեն, հրատարակել տասնյակ ուսումնասիրություններ համաշխարհային փոքրամասնությունների մասին, այդ թվում՝ հայերի:

 

1975 թվականին պարոն Ուիտակերը որպես բրիտանական փորձագետ նշանակվեց ՄԱԿ-ի խտրականության կանխարգելման և փոքրամասնությունների պաշտպանության ենթահանձնաժողովում` ՄԱԿ-ի մի ուսումնասիրության մեջ Հայոց ցեղասպանության հիշատակման վերաբերյալ սաստիկ վեճերի բուռն շրջանում: Նախնական ուսումնասիրության հեղինակը` Ռուանդայի հատուկ զեկուցող Նիկոդեմ Ռուհաշիանկիկոն, ճնշման էր ենթարկվել Թուրքիայի կողմից, որպեսզի ջնջի Հայոց ցեղասպանության հիշատակումը:

 

Թուրքական ճնշումներին հակազդելու համար մի խումբ հայեր, որոնց թվում էր նաև տողերիս հեղինակը, 1978 թվականին հաջողեցին խափանել զեկույցը ՄԱԿ-ի ենթահանձնաժողովում, այն բանից հետո, երբ հանվել էր Հայոց ցեղասպանության մասին հիշատակումը: Այն ժամանակ ես հարցրեցի պարոն Ուիտակերին, արդյոք նա կցանկանա դառնալ հատուկ զեկուցող` Ռուհաշիանկիկոյի ընդհատված զեկույցը շարունակելու համար: Պարոն Ուիտակերը տվեց իր համաձայնությունը պայմանով, որ ինքը չի փորձելու որևէ քվե հավաքել իր նշանակման համար:

 

Հաշվի առնելով նրա անբասիր համբավը որպես մարդու իրավունքների պաշտպանի, Ենթահանձնաժողովի անդամների ջախջախիչ մեծամասնությունը պարոն Ուիտակերին կողմ քվեարկեց որպես նոր հատուկ զեկուցողի, օժտելով նրան` «ցեղասպանության ոճրագործության կանխարգելման և պատժի մասին հարցի վերաբերյալ վերանայված և թարմացված զեկույց» նախապատրաստելու մանդատով: Միակ դժգոհողը Թուրքիայի պատվիրակն էր, որը գիտեր, որ Ռուհաշիանկիկոյի հանդեպ իր կառավարության կիրառած ահաբեկման մարտավարությունը չի գործելու պարոն Ուիտակերի դեպքում:

 

1985 թվականի օգոստոսին պարոն Ուիտակերը ՄԱԿ-ի ենթահանձնաժողովին ներկայացրեց վերանայված և թարմացված զեկույցը՝ Հայոց ցեղասպանությունը որակելով որպես ցեղասպանության օրինակ 20-րդ դարում: Երկար քննարկումներից հետո Թուրքիային չհաջողվեց ճնշում գործադրել Ենթահանձնաժողովի վրա՝ ջնջելու Հայոց ցեղասպանության հիշատակումը: Տասնչորս կողմ, մեկ դեմ և չորս ձեռնպահ քվեարկությամբ Ենթահանձնաժողովը ընդունեց զեկույցը, դրանով իսկ հաստատելով, որ Հայոց ցեղասպանությունը համապատասխանում է ՄԱԿ-ի՝ ցեղասպանության չափանիշներին:

 

Այդ ժամանակից ի վեր թուրք ժխտողականները հաճախ փորձել են ակնհայտ կեղծիք տարածել, թե իբր ոչ նման քվեարկություն է եղել, ոչ էլ ՄԱԿ-ի զեկույց… Նրանք նույնիսկ պնդում են, թե ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի խոսնակ Ֆարհան Հաքը 2000 թվականին ասել է թուրքական խմբերին, որ ՄԱԿ-ը «երբեք չի վավերացրել և չի պաշտպանել մի զեկույց, որով հայկական իրադարձությունը ներկայացվում է որպես «ցեղասպանություն»»: Ես ինքս դիմեցի պարոն Հաքին, և նա ասաց, որ տեղյակ է ՄԱԿ-ի մարդու իրավունքների մարմնի կողմից ընդունված զեկույցի մասին, որը հիշատակում է Հայոց ցեղասպանությունը: Նա պարզապես ասել էր թուրքական խմբերին, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան չի զբաղվել Հայոց ցեղասպանության հարցով:

 

Ցավոք, հայերի կողմից շատ քիչ բան է արվել Հայոց ցեղասպանությունը ճանաչող ՄԱԿ-ի այս խիստ կարևոր զեկույցի բացահայտման համար: Շատ զարմանալի է, որ 2000 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում նախագահ Քոչարյանը կոչ արեց ՄԱԿ-ին՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Նախագահի օգնականները չէին տեղեկացրել նրան ՄԱԿ-ի ենթահանձնաժողովի 1985 թվականի զեկույցի մասին…

 

ՄԱԿ-ում միասին աշխատած տարիներից հետո մի քանի անգամ մեծ հաճույքով հանդիպել եմ պարոն Ուիտակերի հետ: 1980-ականների վերջերին մենք միասին հրավիրված էինք Արգենտինա, տեղի Հայ դատի հանձնախմբի կողմից` ՄԱԿ-ի և Հայոց ցեղասպանության վերաբերյալ մի  շարք դասախոսություններ կարդալու համար: 2009 թվականին պարոն Ուիտակերը սիրով մասնակցեց Հայոց ցեղասպանության մասին իմ ելույթին բրիտանական պառլամենտում և շատ ջերմ արտահայտվեց ՄԱԿ-ում մեր նախկին համագործակցության մասին:

 

Հայաստանի Հանրապետությունը և աշխարհասփյուռ հայկական համայնքները պետք է հարգանքի տուրք մատուցեն պարոն Ուիտակերին, քանի որ 2015 թվականը ոչ միայն Հայոց ցեղասպանության հարյուրամյակն է, այլև ՄԱԿ-ի ցեղասպանության զեկույցի ընդունման 30-րդ տարելիցը:

 

ՄԱԿ-ի ենթահանձնաժողովի երեք այլ անդամներ, որոնք չափազանց մեծ աջակցություն ցուցաբերեցին ցեղասպանության զեկույցի ընդունման ժամանակ, դեռ ողջ են. Արգենտինայից Լեանդրո Դեսփույը, Ֆրանսիայից Լուի Ժուանեն և տիկին Էրիկա Դայեսը Հունաստանից: Դեսփույն արդեն պարգևատրվել է Հայաստանի նախագահի կողմից: Ժուանեն և Դայեսը ևս արժանի են նման գնահատականի Հայաստանի և Սփյուռքի կողմից:

 

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 

Ռուսաստանում ՀՀ դեսպանն ու հրեական կոնգրեսի նախագահն անդրադարձել են հայերի ու հրեաների ցեղասպանությանը

g_imageՀունիսի 18-ին ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանն ընդունել է Ռուսաստանի հրեական կոնգրեսի նախագահ Յուրի Կաններին և Ռուսաստանում գործող «Հոլոքոստ» գիտալուսավորչական կենտրոնի տնօրեն Իլյա Ալտմանին:

Ինչպես տեղեկանում ենք ԱԳՆ մամլո ծառայությունից, զրույցի ընթացքում Դեսպան Եսայանն ընդգծել է հայ և հրեա ժողովուրդների պատմական ընդհանրությունները` անդրադառնալով 20-րդ դարի առավել ողբերգալի իրադարձություններին` հայ և հրեա ժողովուրդների հանդեպ իրագործված ցեղասպանության իրողությանը:

Դեսպանը շեշտել է, որ հայ և հրեա ժողովուրդների` ցեղասպանության դատապարտման և պատմական արդարության վերականգնմանն ուղղված սերունդների առաքելությունը մեր օրերում պետք է առավել մերձեցնի երկու ժողովուրդներին` մարդկության դեմ ուղղված ոճրագործությունների և դրանց սպառնալիքի դեմ համամարդկային պայքարում:

Ռուսաստանում հրեական կոնգրեսի ղեկավար Յուրի Կանները հավաստիացրել է, որ հրեական գիտական շրջանակներում հաստատված է այն տեսակետը, որ Հայոց ցեղասպանության` ժամանակին դատապարտման և կատարվածին համապատասխան իրավական, քաղաքական, տնտեսական գնահատական տալու դեպքում հետագայում հնարավոր կլիներ խուսափել նման ոճրագործությունների կրկնումից:

Յուրի Կաններն իր խոսքում կարևորել է ցեղասպանություն վերապրած երկու ժողովուրդների համատեղ ջանքերի գործադրումը միջազգային ասպարեզում 20-րդ դարի հրեշավոր իրադարձությունների մասին իրազեկման, դրանց ճանաչման և դատապարտման շարունակական գործընթացների առավել ակտիվացման շուրջ, որպեսզի միջազգային հասարակական մտածելակերպում ամրանա այն դիրքորոշումը, որ թե՛ Հայոց ցեղասպանությունը և թե՛ Հոլոքոստը միայն առանձին ժողովուրդների ողբերգություններ չեն, և ցեղասպանության երևույթի դատապարտումը կրում է համամարդկային բնույթ:

Ռուսաստանի հրեական կոնգրեսի ղեկավարը կարևորել է Ռուսաստանում հրեական և հայ համայնքային կառույցների միջև համագործակցության նոր ձևաչափերի մշակումը` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելեցին ընդառաջ ՌԴ տարածքում համատեղ միջոցառումների կազմակերպման նպատակով:

«Հոլոքոստ» գիտալուսավորչական կենտրոնի տնօրեն Իլյա Ալտմանը դեսպան Եսայանի հետ զրույցում ներկայացրել է ցեղասպանության երևույթի դատապարտման շուրջ իրազեկման բարձրացման ուղղությամբ կենտրոնի կողմից տարված որոշ աշխատանքներ:

Հանդիպմանն ընդգծվել է նաև, որ վերջերս լույս տեսած Հոլոքոստի ռուսալեզու հանրագիտարանում առանձին բաժին է հատկացվել նաև այն հայերին, ովքեր Հոլոքոստի ժամանակ աջակցել են հրեաներին և փրկել կործանումից:

Հանդիպման ավարտին կողմերը փոխադարձ գոհունակություն են հայտնել վերջին շրջանում Ռուսաստանի հայ և հրեա համայնքների միջև փոխադարձ շփումների ակտիվացմանն ուղղված աշխատանքների վերաբերյալ:

 

Անկախ

Վրաց պատմագետները սկսել են խոսել վրաց-ադրբեջանական «դարավոր բարեկամության մասին»

Արչիլ Չկեիձե

«Որպես Վրաստանի քաղաքացի` ամոթ եմ համարում, որ Վրաստանը  Սահակաշվիլիի օրոք չերքեզների կասկածելի ցեղասպանությունը ճանաչեց՝ անտեսելով Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը և ցավալին այն է, որ չերքեզների այդ ցեղասպանությունը ոչ մի այլ պետության կողմից չի ճանաչվել, իսկ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին մի փոքրիկ հուշահամալիր էլ չկա Վրաստանում»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին, ինչպես նաև հայ-վրացական և վրաց-ռուսական հարաբերություններին, նշեց «Իրակլի 2-րդ միություն» հասարակական կազմակերպության ղեկավար Արչիլ Չկոիձեն:

Նա տեղեկացրեց, որ Թուրք-ադրբեջանական հատուկ ծառայությունների ջանքերով վրաց պատմագետները սկսել են խոսել «վրաց-ադրբեջանական դարավոր բարեկամության մասին»։ Ըստ Չկոիձեի՝ Թուրքիան ու Ադրբեջանը հասնում են նրան, որ վրացական իշխանությունների կողմից թույլատրվում է կեղծել հայ-վրացական հարաբերությունների պատմությունը։ Թուրքիայի գործողությունները վտանգավոր են ոչ միայն Հայաստանի ու Վրաստանի, այլ նաև ողջ տարածաշրջանի համար, քանի որ Թուրքիան դիվանագիտական առաջին դեմքի մակարդակով հայտարարում է Օսմանյան կայսրությունը վերականգնելու իր փափագների մասին, իսկ այդ կայսրության մեջ են պլանավորում ներառել նաև Հայաստանի ու Վրաստանի տարածքները։ Իսկ հայտարարություններն, ըստ նրա, պետք է շատ լուրջ ընդունել։ Նրա տեղեկացմամբ` Վրաստանում ադրբեջանական կազմակերպությունները, որոնցից է օրինակ «Սոկարը», աշխատանքից ազատում է Վրաստանի քաղաքացիներին միայն այն բանի համար, որ նա ծագումով հայ է կամ ամենաքիչը ծնողներից մեկն ազգությամբ հայ է։

Իսկ իրենց` Իրակլի 2-րդ միություն» հասարակական կազմակերպությունը ներկայացրեց մի կառույց, որն աջակցում է Վրաստանի բարիդրացիական հարաբերությունների հատատումը հարևան քրիստոնյա ժողովուրդների` հատկապես հայերի, նաև ռուսների հետ։ Այս նկատառումներով բանախոսի տեղեկացմամբ պետք է հայ-վրացական ֆորում ստեղծվի, որը կամրապնդի այն քրիստոնյա ժողովուրդների միջև հարաբերությունները, որ միասին, թե ջոկ-ջոկ պայքարել են պատմության մարտահրավերների դեմ:

«Առաջինը մեր կազմակերպությունն էր, որ Վրաստանում բարձրացրեց Հայոց Ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության հարցը։ Պարտադիր է, որ Վրաստանը ճանաչի Ցեղասպանությունը՝ նախ նրա համար, որ պատմության մեջ այլևս նման ոճրագործությունները չկրկնվեն։ Հայոց Ցեղասպանությունը չդատապարտելը առիթ դարձավ արդեն Հիթլերի կողմից հրեաներին ցեղասպանելու համար»,-նշեց Արչիլ Չկոիձեն:

 

Թուրք ժխտողականներին չհաջողվեց խափանել Ցեղասպանությանը նվիրված ելույթը Ավստրալիայի խորհրդարանում

Հարութ-Սասունյան1Ավստրալիայի Հայոց ցեղասպանության հարյուրամյակի հանձնախումբը հրավիրել էր տողերիս հեղինակին ելույթ ունենալու Սիդնեյի և Մելբուռնի ոգեկոչման միջոցառումներում և պաշտոնական ճառով հանդես գալու Նոր Հարավային Ուելսի խորհրդարանում ապրիլի 24-ի շաբաթվա ընթացքում:

Ապրիլի 27-ին Ավստրալիայի թուրքական շահերի պաշտպանության միությունը երեք էջանոց նամակ հղեց խորհրդարանի բոլոր անդամներին՝ կոչ անելով բոյկոտել իմ ելույթը: Խորհրդարանի անդամներից մեկը նամակի պատճենը փոխանցեց Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբին իմ ելույթի նախօրեին: Հմտորեն շարադրված նամակը, ամենայն հավանականությամբ գրված Թուրքիայի դեսպանատան արհեստավարժ լոբբիստների կողմից, մի քանի սխալ պնդումներ և զրպարտիչ մեղադրանքներ էր պարունակում:

Թուրքական ժխտողական խումբը ձգտում էր Անկարայի մարդու իրավունքների սահմանափակումները ներմուծել մի այնպիսի ժողովրդավարական երկիր, ինչպիսին Ավստրալիան է, փորձելով սահմանափակել ոչ միայն տվյալ ելույթ ունեցողի խոսքի ազատությունը, այլև խորհրդարանի՝ իր ընտրած անձանց հրավիրելու իրավունքը: Ինձ անվանելով «պրոպագանդիստ», որն «օգուտ է քաղում հակամարտությունից և ատելությունից», թուրքերն իրենց  նամակում «խստորեն» խորհուրդ էին տվել պատգամավորներին ներկա չլինել իմ ելույթին:
Ավստրալիայի թուրքական միության գործադիր տնօրեն Գյունեշ Գյունգորը կեղծ հայտարարություն էր տարածել, թե իբր ես Համբիկ Սասունյանի «ազգականն» եմ, այն պարզ պատճառով, որ կրում եմ միևնույն ազգանունը: Համբիկը մեղավոր էր ճանաչվել 1982 թվականին Լոս Անջելեսում Թուրքիայի գլխավոր հյուպատոսի սպանության համար: Թեև յուրաքանչյուր մարդու կյանքը շատ թանկ է, սակայն Գյունգորը կոկորդիլոսի արցունքներ է թափում միայն մի թուրք դիվանագետի մահվան առիթով՝ անտեսելով 1.5 միլիոն անմեղ հայերի զանգվածային սպանությունները… Ինչքանո՞վ դուր կգա Գյունեշ Գյունգորին, եթե նրան մեղադրեմ մի քանի հանցագործների հետ «ազգակցական» կապ ունենալու մեջ, որոնց գտել եմ համացանցում, միայն այն պատճառով, որ նրանք կրում են միևնույն ազգանունը:

 

Գյունգորն իր նամակում նաև չարախոսել է ականավոր իրավաբան Ռաֆայել Լեմկինին, որն ստեղծել է «ցեղասպանություն» եզրույթը` Օսմանյան կառավարության կողմից հայերի բնաջնջման մանրամասն ուսումնասիրությունների հիման վրա: Հուսահատորեն փորձելով ամեն գնով արատավորել Լեմկինի անբասիր վարկը, Գյունգորը պնդել է, թե «նիստի վերջում նրա ագրեսիվ մեկնաբանությունների պատճառով նրան [Լեմկինին] դուրս են հրավիրել սենյակից»: Գյունգորը նույնիսկ սխալ էր գրել Լեմկինի անունը:

 

Վերջում թուրք պրոպագանդիստը փորձեց ներկայացնել Հայոց ցեղասպանության և հրեական Հոլոքոստի միջև եղած տարբերությունը: Հայոց ցեղասպանության հարցերում փորձագետ ձևանալուց հետո Գյունգորը խոստովանեց իր տգիտությունը` նշելով, որ «Օսմանյան կայսրության վերջին շրջանի մասին դեռ շատ բան պետք է իմանալ և շատ եզրակացություններ անել»:

 

Հակառակ Գյունգորի փորձերին խոչընդոտելու իմ ելույթը՝ պատգամավորները և հյուրերը, այդ թվում՝ գիտնականներ, ընտրված պաշտոնյաներ և հրեական համայնքի ղեկավարներ ինձ դիմավորեցին հոտընկայս ծափահարություններով: Զարմանալիորեն Գյունգորը հայտնվեց խորհրդարանում լսելու իմ ելույթը՝ չվստահելով միջոցառումը չեղյալ համարելու իր սեփական կարողությանը: Չնայած ունկնդիրներին բավականին ժամանակ էր տրված ցանկացած հարց տալու համար, սակայն Գյունգորը և նրա երկու թուրք գործընկերները որևէ հարց չտվեցին: Շատ զարմանալի էր, որ երբ թուրքերը լքում էին խորհրդարանի դահլիճը, լսվեց, որ Գյունգորի գործընկերներից մեկը նրան ասաց. «չեմ հասկանում, թե նման գիշերներին ինչ ենք անում այստեղ…»:

 

Իմ մյուս ելույթները տեղի ունեցան լիքը դահլիճներում` առանց խափանման: Ըստ Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի տվյալների՝ Սիդնեյում ապրիլի 24-ին իմ առաջին ելույթի ժամանակ 1100 մարդ է ներկա եղել: Հաջորդ գիշեր ես երկրորդ անգամ ելույթ ունեցա նույն քաղաքում: Այնուհետև, ապրիլի 27-ին ելույթով հանդես եկա համանման մի միջոցառման ժամանակ Մելբուռնում` 500 հյուրերի ներկայությամբ:

 

Իմ ճամփորդության ընթացքում միակ տհաճ երևույթը Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոթի հղած ուղերձն էր Սիդնեյի ոգեկոչման արարողությանը: Վերցնելով մի էջ նախագահ Օբամայի «պիեսների ժողովածուից», Էբոթն իր հակիրճ ուղերձում, խուսափելով ցեղասպանություն բառից, օգտագործեց ցանկացած այլ բառ (սարսափ, ողբերգություն, սարսափելի իրադարձություններ, կորուսյալ կյանքեր): Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Վաչե Ղահրամանյանը գրեց վարչապետին, որ նրա ուղերձը չի կարդալու լսարանի առջև, որովհետև «ցեղասպանություն բառի կոպիտ բացթողումը մեծ վիրավորանք է Ավստրալիայի հայ համայնքի նկատմամբ»: Ղահրամանյանը հիշեցրեց վարչապետին նախորդ տարվա նրա ուղերձի մասին, երբ որպես ընդդիմության առաջնորդ նա պատշաճ կերպով բնութագրել էր Հայոց ցեղասպանությունը: Ի տարբերություն վարչապետի` Ավստրալիայի գանձապետ,  երկրի կառավարության ամենաբարձրաստիճան նախարար Ջո Հոկին հանդես եկավ Հայոց ցեղասպանությունը հստակորեն ճանաչող պաշտոնական հայտարարությամբ:

 

Ես հեռացա Ավստրալիայից՝ խորապես տպավորված 50 հազարանոց հայ համայնքի քաղաքական բարձր ակտիվությամբ, որը ծնկի է բերում թվաքանակով իրեն մի քանի անգամ գերազանցող, ավելի քան 200 հազարանոց թուրքական համայնքին:

Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com

 

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Եվրոպան պատրաստվում է առաջին համաշխարհային պատերազմի, իսկ Հայաստանը ցեղասպանության 100-րդ տարելիցը նշելու համար

100

– Զգացմունքային առումով Հայոց ցեղասպանությունը մեծ և խուլ ցավ է ինձ համար: Այլևս չկան հայկական այն հանճարեղ եկեղեցիներն ու տաճարները, չկան նաև նրանք` հայերը, նրանց բարբառը, պարը և այլն: Դա բարոյական և նյութական հսկայական կորուստ է ոչ միայն հայերի, այլև ամբողջ աշխարհի համար: 1940-1945 թթ. հրեաների և հայերի հետ միասին մահացան նաև հույներ, գնչուներ, իսկ այդ սպանդի մտածելակերպը մինչ օրս չի վերանում: Ուստի Ցեղասպանության ճանաչումը ինձ համար լակմուսի թուղթ է, որը ցույց է տալիս՝ մարդկությունը հասե՞լ է այն կետին, որից հետո այլևս չկա վերադարձ,- մեզ հետ զրույցում ասաց Ռումինիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Համլետ Գասպարյանը:
– Պարոն Գասպարյան, Եվրոպայում նշում են Առաջին համաշխարհային պատերազմի 100-րդ տարելիցը, իսկ աշխարհի հայերը՝ Ցեղասպանության: Որևէ կապ տեսնո՞ւմ եք:
– Ուղիղ կապ կա: Հայ ժողովուրդը շատ է տառապել այդ պատերազմի պատճառով: Առաջին համաշխարհային պատերազմում մահացածների թիվը մինչ օրս հստակ չէ: Քաղաքական գործիչ, գրող Վարուժան Ոսկանյանն իր «Շշուկների մատյան» գրքում նշել է, որ պատմությունը գրում են հաղթողները, ոչ պարտվողները, իսկ այդ լռության բացատրությունը կարելի է գտնել այդ ժամանակահատվածի միջազգային քաղաքական իրադարձություններում: Օսմանյան Թուրքիան Առաջին համաշխարհայինի հաղթողներից է, իսկ նոյեմբերին, ըստ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի, գծվել է հայ-թուրքական սահմանը և Հայաստանին ապահովել Սև ծովի ելք: Սակայն այդ ամենը մնաց թղթի վրա: Պատերազմի ժամանակ Օսմանյան Թուրքիայի տիրապետության տակ գտնվող հայկական պատմական հողերը լիովին դատարկվել էին, բայց 1923 թ. Լոզանի պայմանագրից հետո Հայաստանի վերաբերյալ հոդվածը ոչնչացվել է, իսկ 1920 թ. նոյեմբերին Հայաստանի մյուս կեսը սովետականացվել է:
– Ի՞նչ է անում հայկական սփյուռքն այդ լռությունը կոտրելու համար:
– Ասեմ, որ հայկական սփյուռքը շատ արագ ոտքի կանգնեց, սակայն շատ հարցեր բաց մնացին: Այսօր Հայաստանին սպառնում են, մինչդեռ վերջին 20 տարիների ընթացքում Հայաստանը փորձում է միջազգային հանրության ուշադրությունը գրավել՝ հիշեցնելով Ցեղասպանության մասին և փորձում է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորել:
– Եթե Թուրքիան չհամաձայնի, ինչպե՞ս պետք է Հայաստանը լուծի այդ հիմնախնդիրը:
– Խնդիրը միայն Թուրքիան չէ, թեպետ այնտեղ Ցեղասպանության տաբուն արդեն սկսել է ճաք տալ, հատկապես` վերլուծաբանների, լրագրողների շրջանակներում և համալսարաններում: Այսօրվա քաղաքացիական հասարակության մեջ բացեիբաց խոսվում է թուրքական պետության պատասխանատվության մասին: Հիշենք, որ 1915 թ. թուրքերն ու քրդերը, վտանգելով իրենց կյանքը, բազում հայերի են փրկել, սակայն որոշ թուրքեր այլ կերպ են մտածում: Տեղի են ունենում քաղաքական փոփոխություններ, Թուրքիայից ի հայտ են գալիս թաքնված հայերի կամ իսլամացված հայերի խմբեր, որոնք սկսում են պաշտպանել իրենց ինքնությունն ու իրավունքները: Ուստի, Թուրքիայի կառավարությունը, սեփական ժողովրդի ճշնման ներքո, պետք է ազատագրվի անցյալի մթագնած ու տխուր հիշողություններից՝ վերանայելով հայերի նկատմամբ ողջ պատմությունը: Երկրորդ ուղին այդ երկու պետությունների միջև երկխոսությունն է: Հայերս չենք կորցնում այդ հույսը, որ մի օր Թուրքիան կփոխի իր վերաբերմունքն այդ կնճռոտ հարցում: Եվ, վերջապես, երրորդ ուղին միջազգային հանրության ակտիվ դերակատարությունն է: Եթե Թուրքիան և Հայաստանը դնենք կշեռքին, ապա քաղաքական կամ պրագմատիկ տեսանկյունից կշեռքի նժարները կթեքվեն Թուրքիայի կողմը: Նույնը վերաբերում է միջազգային կառույցներին: Ինչ վերաբերում է միջազգային կարծիքին, ապա այն մեծ մասամբ չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը:

 Ելենա Չոբանյան

Հայտնի հակահայ Դողու Փերինչեքի գործը կրկին ՄԻԵԴ-ում է

dogu-perincek   Թուրքական «Demokrat haber» կայքի հաղորդմամբ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) երեկ կայացած նիստի ժամանակ որոշել է ընդունել  շվեյցարական կառավարության`«Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով ՄԻԵԴ-ի՝ դեկտեմբերին կայացրած վճիռը բողոքարկելու պահանջը:

2013 թվականի դեկտեմբերի 17-ին ՄԻԵԴ-ն  որոշում էր կայացրել, որ Հայոց ցեղասպանության ժխտման համար Շվեյցարիայում Դողու Փերինչեքի դատապարտումը հակասում է Մարդու իրավունքների եվրոպական հռչակագրի 10-րդ կետին՝ այն է խախտում է խոսքի ազատության իրավունքը: Սակայն շվեյցարական կառավարությունը, պնդելով, որ ցեղասպանության ժխտումը չի դիտարկվում որպես խոսքի ազատության սահմանափակում, բողոքարկում էր ներկայացրել ՄԻԵԴ-ի Գերագույն պալատ:

Հոլանդիայում թուրքերը բողոքի ցույց են անցկացրել Հայոց ցեղասպանության հուշարձանի կանգնեցման դեմ

հոլանդիա, թուրքեր    Հոլանդիայի Ալմերո քաղաքում տեղակայված հայկական եկեղեցու բակում Հայոց ցեղասպանության հուշարձանի կանգնեցման դեմ Հոլանդիայի թուրք-իսլամական մշակույթի միությունների ֆեդերացիայի նախաձեռնությամբ բողոքի ցույց է անցկացվել : «Ջիհան» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ցույցը ուղեկցվել է ենիչերական շրջանին հատուկ ռազմական նվագախմբի կատարումներով, որոնք պարզել են թուրքական, հոլանդական, ադրբեջանական և Իրաքի թուրքմենների դրոշները:

Ֆեդերացիայի նախագահ Արիֆ Յաքըշըրը նշել է, որ իրենք բողոքում են «չափացուցված ցեղասպանությանը նվիրված հուշարձանի կանգնեցման դեմ»: Յաքըշըրը զգուշացրել է, թե հուշարձանը կարող է պատճառ դառնալ հոլանդական հասարակության մեջ անհանգստության և ատելության առաջացման համար: Հոլանդիայի ադրբեջանա-թուրքական մշակույթի միության նախագահ Իլհան Աշքընը իր հերթին հայտարարել է, որ իրենց բողոքը ուղղված է այն հանգամանքի դեմ, որ «հայերը իրենց գործած ցեղասպանությունը փորձում են վերագրել թուրքերին»:

 Անկախ

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել դիվանագիտական ծառայության ղեկավար անձնակազմի հետ

6623ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից տեղեկցնում են՝

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հանդիպում է ունեցել ՀՀ արտգործնախարարության կենտրոնական ապարատի ղեկավար կազմի և արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ, խոսել մեր երկրի արտաքին քաղաքականության օրակարգի կարևորագույն հարցերի մասին:

«Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության ղեկավար անձնակազմի հետ մեր նախկին հանդիպումից բավական ժամանակ է անցել՝ չնայած դուք պարբերաբար տարածաշրջանային հանդիպումներ եք ունեցել, իսկ երկու ամիս առաջ ես եմ այցելել ԱԳՆ կենտրոնական ապարատ։ Բացի այդ, քանի որ վերջին ժամանակներս բավականաչափ հաճախ են դարձել այցելությունները, որոնց ընթացքում ես հնարավորություն են ունեցել ձեզնից շատերի հետ հանդիպելու և խոսելու: Այս հավաքը շատ լավ առիթ է անդրադառնալու մեր արտաքին քաղաքականության օրակարգային հարցերին, միջազգային և տարածաշրջանային ավանդաբար գոյություն ունեցող և նոր առաջացող մարտահրավերներին ու դրանց դիմակայման ուղիներին:

 Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել դիվանագիտական ծառայության ղեկավար անձնակազմի հետՑավով պետք է արձանագրենք, որ աշխարհում անկայունության լուրջ միտումներ են նկատվում: Աճում են լարվածությունն ու անորոշությունը: Դա թելադրում է մեր դիվանագիտական ներկայացուցչությունների, արտգործնախարարության և շահագրգիռ այլ գերատեսչությունների գործունեության շարունակական կատարելագործում, միջգերատեսչական փոխգործակցության ամրապնդում: Դիվանագետը պետք է կարողանա ճիշտ ուսումնասիրել, վերլուծել և գնահատել իրավիճակը, տալ զարգացման կանխատեսումներ և առաջարկել ազգային շահերից բխող լուծումներ: Մենք հաճախ ենք նշում, որ կարևորագույն ներուժը մարդկային կապիտալն է: Ուստի սպասողական դիրքորոշում որդեգրած, դեպքերին լոկ արձագանքող, գործից խուսափող դիվանագետն անթույլատրելի ճոխություն է մեզ նման պետության համար: Ձեզնից ակնկալում ենք ակտիվ ներգրավում այն բոլոր տեղերում, որտեղ ուղղակիորեն կամ միջնորդավորված շոշափվում են Հայաստանի և հայության շահերը»,- ՀՀ դիվանագիտական ծառայության ղեկավար անձնակազմի հետ հանդիպման ժամանակ ասել է Հանրապետության Նախագահը:

Սերժ Սարգսյանն իր խոսքում անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգի արդիական հարցերին, մի շարք ուղղություններով արտաքին գործերի նախարարության կողմից իրականացված և առաջիկա աշխատանքներին, մեր երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրերի իրականացման ընթացքին, առկա մարտահրավերներին, դրանց դիմակայելու գործում արտաքին քաղաքական գերատեսչության անելիքներին: Սերժ Սարգսյանը ներկայացրել է նաև գործընկեր երկրների հետ Հայաստանի Հանրապետության հարաբերությունների զարգացման ներկայիս մակարդակն ու խոսել հեռանկարների մասին: Նա անդրադարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, հրադադարի հաստատումից քսան տարի հետո առկա վիճակին: Նախագահը բանակցային գործընթացում ընդգծել է հատկապես դիվանագիտության դերը և կարևորել հանդիպմանը ներկա դիվանագետներից յուրաքանչյուրի ամենօրյա հետևողական աշխատանքը:

Սերժ Սարգսյանը խոսել է նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին համայն հայության ջանքերի համադրման և համակարգված աշխատելու, այդ խնդրին համապարփակ ու խորքային մոտեցում ցուցաբերելու և Մեծ եղեռնի հարյուրամյակին նվիրված բազմաբնույթ միջոցառումները հավուր պատշաճի կազմակերպելու անհրաժեշտության մասին:

Իր խոսքում Նախագահն անդրադարձել է տարածաշրջանային խնդիրներին, Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, Հայաստանի Հանրապետության՝ Մաքսային միությանն անդամակցելու գործընթացին և այդ պարագայում տնտեսական հարաբերություններին:

Սերժ Սարգսյանը կարևորել է նաև սիրիական ճգնաժամի բոլոր ռիսկերն ու հետևանքներն իրենց վրա զգացող Սիրիայի ստվար հայկական համայնքին Հայաստանի կողմից ցուցաբերվող աջակցությունը: Նախագահն առանձնակի արժևորել է Սիրիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության և Գլխավոր հյուպատոսության գործունեությունը, որոնք այս ողջ ընթացքում գործուն աջակցություն են ցուցաբերում սիրիահայությանը և շնորհակալություն է հայտնել այդ երկրում աշխատող մեր դիվանագետներին՝ խիզախ ու անձնվեր ծառայության համար:

Նախագահը խոսել է տարածաշրջանային և միջազգային անվտանգության ապահովման գործում մեր երկրի կողմից իրականացվող գործուն աջակցության քայլերի մասին՝ ընդգծելով, որ Հայաստանը մշտապես և ամբողջ ծավալով իրականացնում է իր պարտականությունները` առաջնահերթ համարելով դաշնակցային հարաբերությունները:

Սերժ Սարգսյանը կարևորել է Եվրոպական միության հետ Հայաստանի փոխգործակցությունն ու եվրոպական պետությունների հետ երկկողմ հարաբերությունների շարունակական խորացման և ամրապնդման ուղղությամբ աշխատանքները:

Հանրապետության Նախագահը ՀՀ դիվանագիտական ծառայության ղեկավար անձնակազմի ուշադրությունը հրավիրել է նաև դիվանագիտության տնտեսական բաղադրիչի ակտիվացման անհրաժեշտության վրա: Նախագահն ընդգծել է, որ մեր հանրապետությունում օտարերկրյա ներդրումներ ապահովելու համար անհրաժեշտ է առավել ճանաչելի դարձնել հայաստանյան տնտեսությունը և ճիշտ ներկայացնել Հայաստանում ներդրումներ կատարելու առավելությունները: Դրանց թվում, Նախագահի համոզմամբ, կարևոր նշանակություն ունի Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության որոշումը:

Սերժ Սարգսյանն անդրադարձել է հյուպատոսական ծառայությունների որակին ևս՝ ընդգծելով, որ չնայած հյուպատոսական ոլորտում վերջին տարիներին իրականացվել են կարևոր բարեփոխումներ՝ միտված քաղաքացիներին մատուցվող հյուպատոսական ծառայությունների ընթացակարգերի դյուրացմանը, այնուամենայնիվ դեռևս շատ անելիքներ կան: Նախագահի համոզմամբ, յուրաքանչյուր բարեփոխման կամ նորարարության ներդրման առաջին գնահատողը Հայաստանի քաղաքացիներն են, և միայն նրանց դրական գնահատականն ու գոհունակությունն է հյուպատոսական ծառայության գործի առաջնային ցուցիչը: Ցանկացած որակյալ ծառայություն իրականացնելու համար, ըստ Նախագահի, հարկավոր են որակյալ կադրեր, որի ուղղությամբ ևս աշխատանքներ է իրականացվում: Դիվանագիտական ծառայությունը որակյալ կադրերով համալրելու գործում Սերժ Սարգսյանը մեծապես կարևորել է Դիվանագիտական դպրոցի դերը:

Ելույթի ավարտին Նախագահը հաջողություններ է մաղթել դիվանագիտական ծառայության ղեկավար անձնակազմին և պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին:

«Ծառերի հիշողությունը» գիրքը Հայոց ցեղասպանության մասին կպատմի լուսանկարների լեզվով

girq    Վերջերս հրատարակվել է Քեթրին Քուքի «Ծառերի հիշողությունը» գիրքը, որը մի հուզիչ պատմություն է Հայոց ցեղասպանության մասին: Գիրքը յուրահատուկ է նրանով, որ այն ընթերցողին իր ասելիքը փոխանցում է լուսանկարների միջոցով: Քեթրինը շրջել է Թուրքիայի տարբեր վայրերով և լուսանկարել մի շարք տեղեր և մարդկանց, որոնք տուժել են ցեղասպանությունից և մինչ օրս կրում են այդ հիշողությունը: «Կարծում եմ՝ նկարները պատմությունը ներկայացնելու հիանալի միջոց են: Որոշ դեպքերում լուսանկարները խոսքերից ավելի լավ կարող են պատմել: Ես հույս ունեմ, որ գիրքը կդառնա մի բացառիկ մոտեցում այս հարցին»,-նշել է Քուքը:

Ամերիկյան «Wired» ամսագիրը  գրում է, որ Քուքը 2006 թվականին տեղափոխվելով Թուրքիա, սկսում է հետաքրքրվել պատմությամբ: Նա տեսնելով, թե ցեղասպանության հարցը ինչ նշանակություն ունի Թուրքիայում, որոշում է այն ուսումնասիրել լուսանկարների միջոցով: Քուքի գործունեության վրա մեծ ազդեցություն թողեց նաև Հրանտ Դինքի սպանությունը: «Հրանտ  Դինքի մահը ստիպեց, որ ես սկսեմ ուսումնասիրել հայկական ինքնությունը Թուրքիայում»,-խոստովանում է Քուքը: Վերջինս նաև ունի Թուրքիայում լքված և անտեսված վիճակում գտնվող մի շարք հայկական եկեղեցիների, վանքերի և այլ շինությունների լուսանկարներ: Հեղինակը գտնում է, որ հայկական շինությունների նման վիճակը խոսում է թուրքական կառավարության որդեգրած պետական քաղաքականության մասին,  այն է` ի սպառ վերացնել հայկական հետքը: «Ծառերի հիշողությունը» գիրքը իրենց գրառումներով հարստացրել են Ֆրանսուա Շեվալն ու Քարին Քարաքաշլըն:

 

Թուրքական մամուլի անդրադարձը նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը

mamulԵրեկ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի չորրորդ նիստի ժամանակ Սերժ Սարգսյանը պաշտոնապես Թուրքիայի նախագահին 2015 թվականի ապրիլի 24-ին հրավիրել է Հայաստան: Այս հայտարարությանը, բնականաբար, արձագանքել է թուրքական մամուլը: Մասնավորապես թուրքական «Միլիյեթը» մեջբերել է Սերժ Սարգսյանի հետևյալ խոսքերը՝ «Օգտվելով այս առիթից` պաշտոնապես հրավիրում եմ Թուրքիայի նախագահին, ով էլ որ ընտրվի առաջիկա ընտրությունների ժամանակ, այցելելու Հայաստան 2015 թվականի ապրիլի 24-ին և առերեսվելու Հայոց ցեղասպանության պատմության խոսուն վկայություններին»: Այս խոսքերը մեջբերել է նաև «Հյուրիյեթը»՝ անդրադառնալով նաև ՀՀ նախագահի արտահայտած հետևյալ մտքին. «Թուրքիան պետք է գիտակցի, որ Օսմանյան կայսրության հանցակիցը չդառնալու համար պատմության հետ առերեսումը և Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումն այլընտրանք չունեն: Այս ամենով հանդերձ, մենք թշնամանք չենք տածում թուրք ժողովրդի հանդեպ: Ավելին, փորձում ենք ստեղծել պայմաններ, որտեղ հայ և թուրք ժողովուրդները կկարողանան շփվել միմյանց հետ՝ գտնելու համար հաշտեցման ուղին: Հենց այդ նպատակով էինք փորձում և հիմա էլ հավատարիմ ենք մնում Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանն ու հայ-թուրքական սահմանի բացմանը, թեև նման ցանկության մասին միայն հայտարարություններ ենք լսում թուրքական կողմից: Եթե ցանկությունն իրոք անկեղծ է, ապա Թուրքիան լավ գիտի Հայաստան-Թուրքիա հաշտեցումը կյանքի կոչելու ուղին»:

«Al Jazeera Turk»-ը ուշադրություն է հրավիրել Սերժ Սարգսյանի հետևյալ խոսքերի վրա. «Պաշտոնական Անկարան նոր քայլեր է անում, որոնք երբեմն աննախադեպ են իրենց ձևի մեջ, սակայն, ցավոք, բովանդակությամբ արտացոլում են Թուրքիայի հարյուրամյա՝ նույն ժխտողական քաղաքականությունը: Դրանք կրկնում են թուրքական հայտնի դիրքորոշումները՝ փորձելով խեղաթյուրել պատմությունը` նույն հարթության մեջ դնելով զոհին ու դահճին, համեմատելով անհամեմատելին»:

«Demokrathaber» կայքն անդրադարձել է նախագահի հայտարարության՝ արխիվների բաց լինելու մասին հատվածին. «Պաշտոնական Անկարան շարունակում է խոսել պատմաբանների հանձնաժողով ստեղծելու և արխիվները բացելու մասին: Նախ և առաջ հայտնի է, որ Հայաստանի արխիվները միշտ բաց են եղել բոլոր այն հետազոտողների համար, ում հետաքրքրել է հարցի գիտական մասը: Բաց են եղել նաև գիտական հաստատություններում և թանգարաններում պահվող նյութերը: Բայց ողջ հարցը նրանում է, որ Հայոց ցեղասպանության ճշմարտությանն առերեսվելու համար արխիվային աշխատանք ընդհանրապես չի պահանջվում»,-մեջբերել է կայքը: ՀՀ նախագահի հայտարարությանը անդրադարձել են նաև «Ակօս»-ը, «Հաբերլերը» և մի շարք այլ լրատվականներ:

Ինչո՞ւ թուրքերին հաջողվեց բնաջնջել հայերին, բայց հրեաներին` ոչ (մաս 2-րդ)

Հարութ-Սասունյան1Սա նախորդ ամսվա իմ հոդվածի երկրորդ և վերջին մասն է, որտեղ վերլուծել էի, թե ինչու երիտթուրքերը կարողացան ոչնչացնել հայերին, սակայն չկարողացան իրագործել Պաղեստինի հրեա ներգաղթողներին բնաջնջելու իրենց միաժամանակյա ծրագիրը:

 

1917 թվականի մայիսի 9-ին «Ռոյթերս» գործակալությունը տարածեց ներգաղթող Ահարոն Ահարոնսոնի հետևյալ մամլո հաղորդագրությունը. «հրաման է տրվել 48 ժամվա ընթացքում արտաքսել բոլոր հրեաներին Թել Ավիվից, այդ թվում՝ Կենտրոնական տերությունների [Գերմանիայի և Ավստրո-Հունգարիայի] քաղաքացիներին: Մի շաբաթ առաջ 300 հրեաներ վտարվել են Երուսաղեմից: Ջեմալ փաշան հայտարարել է, որ նրանց ճակատագիրը կլինի հայերի ճակատագրի նման: Թել Ավիվից ութ հազար բռնագաղթվածներին թույլ չեն տվել որևէ մթերք վերցնել իրենց հետ, իսկ վտարումից հետո նրանց տները թալանվել են բեդուինների (քոչվոր արաբներ) ամբոխների կողմից»:

 

Շատ չանցած, Գերմանիայի խորհրդարանի հրեա պատգամավոր, սոցիալիստ Օսկար Քոհենը խնդրել է կանցլերին ճնշում գործադրել թուրքական կառավարության վրա՝ «վճռականորեն կանխելու Պաղեստինում վայրագությունների կրկնությունը» հրեաների դեմ, նման այն վայրագություններին, որոնք իրականացվել էին հայերի դեմ:

 

Հունիսի 8-ին Ահարոնսոնը գրել է իր օրագրում. «Մեր բարձրացրած աղմուկը արդյունավետ եղավ: Թուրքերը և գերմանացիները արագ հասկացան, որ հրեաներին չի կարելի կոտորել այնպես, ինչպես հայերին: Գերմանիայի կողմից պատերազմի ֆինանսավորումը կարող է տուժել հրեաների պատճառով: Հետևաբար, նրանք դադարեցրեցին նոր տեղահանությունները»:

 

Բրիտանական սիոնիստական շարժման պաշտոնական «Պաղեստին» ամսագիրը նկարագրել է հրեաների և հայերի լոբբիստական կարողությունների միջև եղած էական տարբերությունը. «Գերմանական կառավարությունը գիտի, որ հրեաներին չի կարելի համեմատել հայերի հետ իրենց համաշխարհային հզորության առումով, և հետևաբար հրեաների կշիռը Գերմանիայում տարբերվում է հայերի ունեցած կշռից»:

 

Պաղեստինում հրեական պատմության ականավոր ժամանակագիր Մորդեխայ Բեն-Հիլել Հակոհեն, 1917 թ. մարտի 30-ին գրել է իր օրագրում. «թուրքական կառավարությունը հայերի դեմ գործած իր ոճրագործության պատճառով խայտառակվել էր ամբողջ երկրի աչքում, և թերևս, կառավարությունը կվերանայի հրեաների հետ այդպես վարվելու իր մտադրությունը….»:

 

Պաղեստինում հրեական գյուղատնտեսական բնակավայրերի առաջնորդ Մոշե Սմիլյանսկին հայերի սարսափելի ջարդերի վերաբերյալ լուրերից հետո եկավ հետևյալ եզրակացության. «Ականատեսների վկայությունները խուճապ էին առաջացրել հրեական հանրության շրջանում: Ով գիտի, թե ինչպիսին կլիներ մեր ճակատագիրը, եթե չլինեին Կոնստանդնուպոլսում ամերիկյան ներկայացուցիչ Մորգենթաուն և վախը համաշխարհային մամուլից, որ «վերահսկվում է» հրեաների կողմից»:

 

Յաիր Աուրոնն իր գրքում հայտնում է, որ Պաղեստինում հրեա փախստականների առաջնորդ Մեիր Դիզենգոֆը Առաջին համաշխարհային պատերազմի ողջ ընթացքում «սերտորեն աշխատել է սիոնիստական պատվիրակության հետ Կոստանդնուպոլսում, որը գերմանամետ և թուրքամետ էր: Ըստ Դիզենգոֆի՝ նաև գերազանց հարաբերություններ են եղել Պաղեստինում գերմանական հյուպատոսի հետ…. Հյուպատոսը ծառայել է որպես խողովակ գումար փոխանցելու համար Յիշուվին [հրեական համայնք]՝ Կոստանդնուպոլսում գերմանացի դեսպանի հրամաններով»: Դիզենգոֆը նաև նշել է՝ գերմանացիներն էին, որ աջակցեցին և փրկեցին Յիշուվը: «Այն փաստը, որ Ջեմալ փաշան ավելի կարեկից դարձավ հրեաների հանդեպ, Գերմանիայի շնորհիվ էր»: Դիզենգոֆը վերհիշում է Ջեմալ և Էնվեր փաշաների սպառնալիքներն ուղղված հրեաներին. «Սիոնիստներ, զգուշացե՛ք: Եթե մեզ դեմ լինեք, ապա ձեզ հետ կանենք այն, ինչ արել ենք հայերի հետ»:

 

1917 թվականի հոկտեմբերին, երբ թուրքական իշխանությունները բացահայտեցին հրեական «Նիլի» լրտեսական ցանցը, մի նոր վտանգ կախվեց Պաղեստինում հրեա ներգաղթողների վրա՝ ևս մեկ արդարացում տալով թուրքերին ճնշելու նրանց: Հրեաները վախեցան, որ նման հակաթուրքական ջանքերը կհանգեցնեն ծանր հակաքայլերի, ինչպես կիրառվել էր հայերի դեմ: 1917 թվականի հոկտեմբերի 4-ին Հայֆայի թուրք նահանգապետը հանդիպեց Զիխրոն Յակով գյուղի հրեա ղեկավարների հետ և սպառնաց, որ եթե նրանք չկատարեն իր պահանջները, նրանց հետ նույնը կանի, ինչ արել է հայերի հետ: Նա ասել է, որ ինքը «իր ձեռքերով սպանել է մի քանի հայերի, իսկ նրա զինվորները սպանել են հազարավոր հայերի»: Գալիլեայի հրեական գաղութացման ընկերության ներկայացուցիչ Խաիմ Մարգալիտ-Կալվարիսկին հետևյալ գրառումն է կատարել իր օրագրում. «Ես լուր էի ստացել շատ վստահելի աղբյուրից, որ [թուրքական] բարձր հրամանատարությունը խիստ զայրացած է հրեական բնակավայրերի վրա և նրանք խորհրդակցում են Պաղեստինի բոլոր հրեաների ընդհանուր տեղահանության հնարավորության մասին դեպի Կայսրության [Օսմանյան] ամենահեռավոր մարզերը»: Կալվարիսկին գրի է առել Ջեմալ փաշայի սպառնալից խոսքերը նրա հետ բուռն վեճից հետո. «Աստված օգնական այն մարդկանց, որոնց որդիներն այդ անիծյալ լրտեսներն են: Մենք դաս ենք տվել հայ ժողովրդին նման գործերով և առանց վարանելու նույն քայլերը կձեռնարկենք նաև այս դեպքում»:

 

 

Ականատես լինելով թուրքերի գազանություններին ընդդեմ հայերի, որոնց մեղադրում էին անհնազանդության և ապստամբության մեջ, հրեա ներգաղթողները որոշեցին ամբողջովին հնազանդվել և չբախվել թուրքական իշխանությունների հետ: Պրոֆեսոր Աուրոնը նկատել է, որ «ոչ մի անգամ որևէ հրեա ներգաղթողի կողմից հարձակում չի եղել թուրք զինվորի վրա»: Պաղեստինի գրավումը բրիտանական զորքերի կողմից վերջնականապես փրկեց հրեաներին` կանխելով թուրքական իշխանությունների հետագա վայրագություններն ու ջարդերը:

 

Վերջում, 1.5 միլիոն հայեր ոչնչացվեցին, մինչդեռ Պաղեստինի հրեա ներգաղթողները համեմատաբար քիչ կորուստներ ունեցան: Պատերազմի տարիներին, Պաղեստինի հրեա բնակչությունը 86 հազարից կրճատվեց 55 հազարի: Չնայած այն հանգամանքին, որ հայերը նույնպես իրենց կողմնակիցներն ունեին Եվրոպայում և Միացյալ Նահանգներում, սակայն հրեա ներգաղթողները կրկնակի պաշտպանություն էին վայելում պատերազմի երկու կողմի հզոր պետությունների` արևմտյան երկրների կողմից, այդ թվում` Միացյալ Նահանգների և Գերմանիայի, որ Թուրքիայի ռազմական դաշնակիցն էր: Վահագն Տատրյանն իր «Հայոց ցեղասպանության պատմությունը» գրքում գրում է, որ Թուրքիայում Գերմանիայի դեսպան Հանս Վանգենհայմն ասել է Հենրի Մորգենթաուին. «Ես կօգնեմ սիոնիստներին… սակայն ոչինչ չեմ անի հայերի համար»:

 

Մինչ Գերմանիան փրկում էր Պաղեստինի հրեա նեգաղթողներին, նա աջակցում էր երիտթուրքերի վարչակարգին բնաջնջելու հայերին:

 

 

 

 

Հարութ Սասունյան

www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը` Ռուզաննա Ավագյանի