«Ադրբեջանը չարաչար սխալվեց». Վազգեն Մանուկյան

Վազգեն ՄանուկյանՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն «Անկախի» հետ զրույցում անդրադառնում է սահմանային վերջին միջադեպերին, Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցներին, Թուրքիայի նախագահական ընտրություններին, Լևոն Հայրապետյանի հարցին, ինչպես նաև ներքաղաքական խնդիրներին:

– Պարոն Մանուկյան, հուլիսի վերջին հայ-ադրբեջանական և ղարաբաղա-ադրբեջանական սահմանին սկսված աննախադեպ լարվածության վերաբերյալ այն ժամանակ հնարավորություն չունեցանք Ձեր կարծիքն իմանալու, քանի որ արձակուրդում էիք, բայց հետևել եք բոլոր իրադարձություններին: Ի՞նչ եք կարծում, ի՞նչն էր Ադրբեջանի կողմից հրահրած գործողությունների նպատակը, և ինչի՞ հասան նրանք:

– Ադրբեջանի նպատակների մասին նախագահն իր հարցազրույցի մեջ բավականին հանգամանալի խոսել է, և ես համամիտ եմ նրա հետ. Ադրբեջանն ուներ և՛ ներքին, և՛ արտաքին խնդիրներին վերաբերող, և՛ Հայաստանի դեմ ուղղված նպատակներ, սակայն Ադրբեջանը չարաչար սխալվեց:

Ցավալի դեպքեր եղան, մարդիկ զոհվեցին, սակայն այս ամենի մեջ 2 շատ կարևոր հանգամանք երևաց. առաջին` մեր բանակն իսկապես մարտունակ է և կարողանում է անել այն, ինչ միշտ կարողացել է՝ ի տարբերություն մեր հակառակորդի, երկրորդ՝ երևաց մի աննախադեպ միասնություն հասարակության մեջ: Բոլոր դժգոհությունները մի կողմ դրվեցին: Ճիշտ է, ոչ ոք ոչ ոքի ոչինչ չներեց, բայց կարճ ժամանակում բոլորը միավորվեցին հայրենիքի պաշտպանության շուրջ: Ինձ այդ օրերին շատ էին զանգում, անգամ այդ նորաստեղծ կամավորական ջոկատներից, ու շատ էի ափսոսում, որ Հայաստանում չեմ: Այդ ամենը շատ ոգևորիչ էր և ցույց տվեց, որ ապագայում նույնպես մեզ այդպես կդրսևորենք: Իհարկե, դա իշխանությունների համար նշան չպիտի դառնա, որ ինչ էլ անեն, մեկ է, հասարակությունը կհամախմբվի: Ոչ, այդպես չէ, կա եզր, որից հետո այդ համախմբումը կարող է դժվար լինել:

 

– Այսինքն` վերջին տարիների այն մտահոգությունը, որ ներկայիս բարոյահոգեբանական մթնոլորտում, եթե պատերազմ կամ պատերազմի վտանգ լինի, մենք այլևս չենք կարող նախկինի պես համախմբվել, չափազանցվա՞ծ էր:

– Այդ մտահոգությունն ուներ հասարակության մի շերտ, իսկ ես երբեք նման մտահոգություն չեմ ունեցել: Բնականաբար, չէի ուզենա, որ պատերազմ լիներ, որովհետև պատերազմ նշանակում է զոհեր, բայց միաժամանակ, ոչ մի րոպե չեմ կասկածել, որ մենք կհաղթենք, եթե հանկարծ Ադրբեջանը պատերազմ հրահրի:

Այստեղ մի շատ կարևոր բան էլ կա. այդ դեպքերը հետաձգեցին պատերազմը, որի մասին Ադրբեջանն անընդհատ հնչեցնում է իր ռազմատենչ հայտարարություններում: Ադրբեջանը, այնուամենայնիվ, երկու ճանապարհ ունի. կա՛մ պետք է համակերպվի այն մտքի հետ, որ Ղարաբաղն իրենը չէ և մտնի բանակցությունների մեջ փախստականների, սահմանների, տարածքների շտկման վերաբերյալ, կա՛մ փորձի պատերազմով Ղարաբաղը վերցնել: Բայց մեր այս վերջին հակահարվածը ցույց տվեց հայոց բանակի ուժը, ինչը թուլացրեց հակառակորդի ախորժակը: Այսինքն, եթե Ադրբեջանը նախատեսում էր պատերազմ, և սա փորձարկում էր, ապա նրանք հասկացան, որ պատերազմը պետք է հետաձգել:

– Կամ գուցե բացառե՞լ:

– Կա՛մ բացառել, կա՛մ հետաձգել: Իսկ մի բան, որ անընդհատ հետաձգվում է, հետո բացառվում է:

– Անդրադառնանք արտաքին աշխարհին: Ռուսաստանի դեմ Արևմուտքի կողմից կիրառվող պատժամիջոցները և Ռուսաստանի հակադարձումներն ի՞նչ բացասական հետևանքներ կունենան Հայաստանի տնտեսության վրա: Մյուս կողմից` հնչում են տեսակետներ, որ դա կխթանի մեր ապրանքների արտահանումը և այլն:

– Իհարկե, եթե հնարավորություն է առաջանում ավելացնելու արտահանումը, ապա պետք է օգտվել, բայց ընդհանուր առմամբ այդ ամենի մեջ բացասականն այնքան մեծ է մեզ համար քաղաքական, տնտեսական, ազգային շահերի տեսանկյունից, որ մեզ պետք է` Ռուսաստանի և Արևմուտքի սուր առճակատումը չեզոքանա: Այդ սրացման ժամանակ, եթե կարճատև ժամանակում մի քանի լոլիկ ավելի վաճառես, հարց չի լուծվում: Այդ սրացումը շատ վտանգավոր և շատ վնասակար է Հայաստանի համար: Եթե մեր ձեռքում կա գոնե մի փոքր հնարավորություն նպաստելու, որ մեղմանան այդ հարաբերությունները, Հայաստանը դա պետք է օգտագործի: Մտածողությունը դա պետք է լինի և ոչ թե մի քանի լոլիկ ավելի վաճառելը:

– Թուրքիայում տեղի ունեցան նախագահական ընտրություններ, երկրի ղեկավար ընտրվեց Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որն էլ իր հերթին վարչապետի թեկնածու առաջադրեց Ահմեդ Դավութօղլուի թեկնածությունը: Այս վերադասավորումները տարածաշրջանի, մասնավորապես` Հայաստանի վրա ի՞նչ ազդեցություն կարող են թողնել:

– Անկեղծ ասած, ես նոր վերադասավորումներ չեմ տեսնում, որովհետև Թուրքիայի վերջին տարիների քաղաքականությունը թելադրվում էր Էրդողանի և Դավութօղլուի միջոցով: Պարզապես հիմա ավելի հստակեցվեցին նրանց կարգավիճակները, և ես կարծում եմ, որ դա նրանց ավելի մեծ հնարավորություն կտա մտածելու պրագմատիկ և ոչ թե պոպուլիստական՝ այս կամ այն շերտին դուր գալու համար: Այդ տեսակետից, կարծում եմ, հայ-թուրքական հարաբերությունները կարող են մտնել մի նոր փուլ, որն ավելի բարենպաստ է: Կարող է մի քիչ պարադոքսալ թվալ, որովհետև երկու գործիչներն էլ բավական կոշտ հայտարարություններ են արել հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ, բայց մինչ այս նրանք իրենց իշխանության ստատուսն ամրապնդելու խնդիր էին լուծում: Հիմա, երբ այդ ստատուսն ամրապնդված է, պետք է առաջնորդվեն Թուրքիայի շահերով: Այդ տեսանկյունից, կարծում եմ, բարենպաստ պայմաններ են ստեղծվում հետագա հարաբերությունների համար:

– Օրերս հայտնի դարձավ, որ ռուսաստանաբնակ հայ գործարար Լևոն Հայրապետյանի հարցով Դուք անձամբ նամակ եք գրել ՌԴ պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկուն: Ինչո՞ւ որոշեցիք դիմել հենց նրան և որևէ պատասխան ստացե՞լ եք:

– Արձակուրդ մեկնելուց առաջ ես Ժիրինովսկուն նամակ գրեցի, որի մեջ չեմ պնդում, թե մեր հայրենակիցը մեղավոր է կամ մեղավոր չէ, քանի որ դա իմ գործը չէ, այլ դատարանի գործն է, բայց մյուս կողմից նշել եմ, որ Լևոնը բավականին հիվանդ է, ու նրան բանտում կամ բանտի հիվանդանոցում պահելը մարդկային չէ: Իմ դիմումը Ժիրինովսկուն խափանման միջոցը փոխելուն էր վերաբերում:

Իսկ թե ինչու դիմեցի ժիրինովսկուն, ապա 2 պատճառով. նախ` նման դեպքերում պիտի դիմես մի մարդու, որն ազդեցություն ունի, իսկ նա ունի, երկրորդ՝ ես նրա հետ ունեմ բավականին լավ, անձնական հարաբերություններ ու գիտեմ, որ անկախ նրա կոնյունկտուրային հարաբերություններից՝ կապված Ադրբեջանի հետ, նա խորապես փոխկապակցված է տեսնում Հայաստանի և Ռուսաստանի շահը: Այդ տեսակետից ես բնական համարեցի նրան դիմելը: Նամակին դեռ արձագանք չկա, և ես մոտ ժամանակներս կզանգեմ նրան կամ նորից կգրեմ:

– Բացի այդ նամակից, որևէ այլ քայլ պատրաստվո՞ւմ եք իրականացնել՝ ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի:

– Կարծում եմ, որ որոշակի մարդիկ պետք է կոորդինացնեն այդ քայլերը, չարժե, որ ամեն մեկն ինքնուրույն ինչ-որ քայլեր անի: Ես դեռ ներկա իրավիճակին ծանոթ չեմ, պետք է ծանոթանամ, ըստ այդմ, քայլեր կձեռնարկվեն:

– Անդրադառնանք ներքաղաքական խնդիրներին: ԱԺ ոչ իշխանական 4 ուժերը հունիսի սկզբին ներկայացրեցին 12 կետից բաղկացած իրենց պահանջներն ու կառավարությանը ժամանակ տվեցին դրանք իրագործելու: Այսօր ընդդիմության որոշ ներկայացուցիչներ հայտարարում են, որ ոչ մի տեղաշարժ չկա, և իրենք պետք է պահանջեն ամբողջական իշխանափոխություն: Ի՞նչ եք կարծում, աշնանն այդ ուժերը նման համատեղ պահանջով հանդես կգա՞ն, և դա արդյունավե՞տ ճանապարհ է:

– Ընդդիմության այդ 12 կետերին, իհարկե, ծանոթ եմ, կան պահանջներ, որ համարում եմ թույլ, ավելի սուր կարելի էր դնել, կան պահանջներ, որոնք անիմաստ են, բայց կան նաև նորմալ առաջարկություններ, և եթե մարդիկ պայքարեն այդ առաջարկություններն անցկացնելու համար, դա կլինի ընդդիմության բնականոն ընթացքը: Ընդդիմությունը բարձրացնում է հարցեր և փորձում է դրանք լուծել ընդդիմադիր վիճակում: Եթե ժողովուրդը տեսնում է, որ այդ հարցերը լավ հարցեր են, բայց իշխանության միջոցով չեն լուծվում, որոշում է հետագայում ձայնը տալ ընդդիմությանը: Սա դեմոկրատական երկրի դասական համակարգն է: Սակայն այս վերջին տարիներին ես միշտ տեսնում եմ, որ ընդդիմության միակ նպատակը իշխանափոխությունն է, ինչին ես դեմ եմ: Այո, ցանկացած դեմոկրատական երկրում ժամանակ առ ժամանակ առաջանում է նման պահանջ, բայց հիմնականում ընդդիմության և իշխանության միջև պայքարը որոշակի հարցերի շուրջ է, և եթե հաջողվում է այդ հարցերը լուծել, ապա փառք և պատիվ ընդդիմությանը, իհարկե, այդ ժամանակ պետք է գնահատել նաև իշխանությանը: Իսկ եթե չի ստացվում այդ հարցերը լուծել, ապա դա հնարավորություն է տալիս ընդդիմությանը ընտրությունների ժամանակ, շեշտադրումը դրա վրա դնելով, ձայներ հավաքել և գալ իշխանության:

Մեզ մոտ 20 տարի է՝ խոսքը իշխանությունը փոխելու մասին է: Ես կարծում եմ, որ վերջին տարիների փորձը, երբ քաղաքացիական հասարակությունը որոշակի հարցեր էր բարձրացնում և դրանց մի մասը լուծվում էր, ավելի ճիշտ ճանապարհ է, քան անընդհատ պայքարը իշխանափոխության համար: Ընդդիմության կողմից բարձրացված հարցերի մեջ կան շատ բնական հարցեր, որոնք նաև Հանրային խորհուրդն է բարձրացնում, և պետք է փորձել դրանք համատեղ ուժերով լուծել՝ հօգուտ մեր պետության և ժողովրդի: Իշխանափոխության մասին խոսք միշտ բացվում է ընտրությունների ժամանակ: Հիմա երկրի առջև ծառացած հարցերը լուծելու ժամանակն է:

 

Չինարեցի Նարեկը փակեց այն կածանը, որը տուն չվերադարձրեց Կարեն Պետրոսյանին

կարեն պետրոսյանՏավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ Արտուշ Պետրոսյանի տխուր հայացքն անտառի ուղղությամբ է, որտեղից որդուն` 32-ամյա Կարենին, օգոստոսի 7-ին առևանգեց ադրբեջանական կողմը: 20 օր է անցել, արցունքն աչքերին ցամաքել է, բայց անդառնալի ցավը տանջում է հոգին, «իրեն էլ, մորն էլ չլսեց, գնաց ձմռան վառելիք բերելու»:
60684_791554010867190_7829524209730247799_nԱմառվա արևոտ օրը Պետրոսյանների ընտանիքում մթնեց դեռ չբացված: Առավոտ կանուխ Կարենին ճանապարհեցին աշխատանքի, մի քանի ժամ անց մայրը` տիկին Լենան, դիմացի բարձունքից ուժգին պայթյուն լսեց, վազեց հարևանի տուն. «Ոնց որ ական պայթեց, Կարենս չեկավ»:
Կարենի մասին գույժը ժամը 11:00-ին մոտ լսեցին: Հիմա որդու` Կարենի դպրոցական լուսանկարը սև շրջանակի մեջ է, կողքին տիկին Լենան, վիշտը սրտում սեղմած, լուռ արտասվում է:
10616275_791553864200538_2586674523193588382_nԱռավոտ շուտ, մայրը` տիկին Լենան, իր սովորության համաձայն, կոկիկ մաքրել էր տունն ու բակը, աքլոր մորթել, սառնարանում պահել, որ Կարենը անտառից վերադառնա, միասին ընթրեն …
«Բոլորը տեսել են էդ օրը Կարենին, մենակ ես չեմ տեսել, Սամվելի կինը` Օլյան…»,- արցունքն աչքերին օգոստոսի 7-ին տեղի ունեցած ողբերգական դեպքը հիշում է Կարեն Պետրոսյանի հորաքույրը` Ռոզա Պետոսյանը: Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանի կինը` Օլյա Սաղոյանը, առավոտյան 7:30-ին ճանապարհին հանդիպել է Կարենին, հարցրել` ուր է գնում: Կարենն ասել է, որ կացինը տանում է սրի ու փայտի գնա: «Ես ժամը 8-ին գնացի եղբորս տուն, որ Կարենին ասեմ` գնանք խոտը հնձենք, որ կարտոֆիլը հանենք, ասեցին` Կարենը գնաց փայտի… Եթե կես ժամ շուտ գնայի, կտենայի էրեխուս, կկանխեի, Կարենս փայտի չէր գնա, ղոչաղ, ղոչաղ…»,- պատմում է Կարենի հորաքույրը:
Տիկին Ռոզան նշում է, որ Կարենը չափազանց աշխատասեր էր, մի րոպե հանգիստ չուներ, որպես օրինակ մատնացույց է անում տան դիմացի հացահատիկի դաշտը. Կարենը մեն-մենակ ցորենի 2000 մետր արտը գերանդիով հնձել էր, այնուհետև կալսել, բերքը բերել տուն, ամբարել: «Գրել են սրտի անբավարարություն, Կարենը անգամ անկետա չի ունեցել, 32 տարեկան տղա էր, երբևէ առողջությունից չի գանգատվել: Դեպքից երկու օր առաջ դարձյալ մենակ, առանց օգնականի, քրոջ` Սոնայի սկեսրոջն է օգնել, մի մեքենա փայտը ջարդել, դարսել, հիվանդ տղան կարո՞ղ էր անել էդքան գործը: Էնքան ջիգյարով էր, հինգ տարեկան երեխան էլ` Կակո ջան, Կակո ջան…»,- Կարենի հետ անցկացրած ամեն վայրկյանն է հիշում հորաքույրը: Թե՛ համագյուղացիների և թե՛ հորաքույրների հետ Կարենի վերջին օրվա զրույցի բոլոր մանրամասները դարձել են նրա մասին հուզիչ հիշողություններ: Տան հյուրասենյակում այժմ ծաղիկների մեջ, Կարենի մեծադիր լուսանկարի մոտ մեկլիտրանոց ջրով լի պլաստիկ շիշն է նաև, որը Կարենն անտառ գնալիս վերցրել էր, որ ամռան տապին ծարավի, ջուր խմի, բայց չէր հասցրել մեկ կում անգամ խմել: «Գտել ենք գոգնոցը` կտորից փեշը, շիշը գոգնոցի մեջ ու էշը… Ասացինք` Կարեն ջան, ինչի՞ ես էշով գնում, մեքենայով մի ռեյս փայտ կբերես, էլի, ասեց` չէ, հորքուր ջան, էդ փողը կտանք, ալյուր, ձեթ կառնենք»,- հիշում է Կարենի մյուս հորաքույրը` Լիդա Պետրոսյանը:
Կարենի հարազատները մի րոպե անգամ չեն կասկածում, որ Կարենին ադրբեջանական կողմը առևանգել ու գերեվարել է, իսկ նրանց կողմից ներկայացվածն ամբողջությամբ հերթական ապատեղեկատվություն է, անհաջող բեմականացում, թե իբր Կարենի բջջայինում զինվորական լուսանկարներ էին, ինքը դիվերսանտ էր: «Ո՛չ հրացան ա եղել, ո՛չ զենք ա եղել, անզեն էրեխա, կացինը, ջուրն էլ տարել էր, որ խմի, մի՞թե էդքան անմարդկային կարող էին լինել, գերի էր, գերու նման վարվեիք: Էշը մեր սահմանին կապել ա, կացինն առել, գնացել մոտ 25 մետր, որ փայտ կտրի, բերի, էն էլ առաջին կացնահարվածից էրեխուն տարել են»,-արցունքախառն աչքերով նշում է Կարենի հորեղբոր կինը:

Անդրադառնալով Կարեն Պետրոսյանի գերեվարության ու սպանության հանգամանքներին` այս տարվա մարտի 7-ին մառախուղի պատճառով մոլորված ու հայ-ադրբեջանական սահմանը հատած վերինկարմիրցի Արսեն Խոջոյանը նշում է, որ ադրբեջանական անխախտ ձեռագիր է Կարենին դիվերսանտ կոչելն ու սցենար պատրաստելը: «Ինձ որ բռնեցին, տարան, սկզբից տարան Ղազախ, մի պատի տակ կանգնեցրին, նկարեցին ու ադրբեջանցի մի աղջկա հետ ֆոտոշոփ արեցին, իբր նրանից սնունդ եմ խնդրում, նույն սցենարն ա, նրանք ընդունակ են ամեն ինչի»,-մտաբերում է Արսենը:
Կարենի աշխատասիրության մասին ամբողջ Չինարին հիացմունքով է խոսում: Աստիճանների տակ նրա կտրատած ու դարսած ձմռան ցախն է: Գյուղացիները պատմում են, որ Կարենը բոլորին ձեռք էր մեկնում, օգնում կարիք ունեցողին: Չինարին օգոստոսի 7-ից առ այսօր` քսան օր անց, շարունակում է սգալ երիտասարդ բնակչի դաժան մահը, սպասում Կարենի «վերադարձին»: «Պաշտպանության նախարարությունը Կարմիր խաչի միջազգային կազմակերպության հետ միասին ամենաբարձր մակարդակով, նաև հանրապետության նախագահի մակարդակով ամեն ինչ անում է` բանակցելու ադրբեջանական իշխանությունների հետ, որ վերադարձնի Կարեն Պետրոսյանի դին»,- «Անկախի» թղթակցի հետ զրույցում նշեց Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը: Նա ասաց, որ գյուղը ցնցված է կատարվածից, համագյուղացիներն ամեն օր այցելում են Կարեն Պետրոսյանի տուն, վշտակցում հարազատներին ու լուռ սպասում…
Կարենն աշխատում էր հարևան գյուղի` Այգեձորի գյուղմթերքի վերամշակման գործարանում, եղբոր հետ ժամանակին մեծ աշխատանք է կատարել ընկերության ստեղծման համար: Պարզ, շիտակ, բնությունից իմաստնացած երիտասարդն օրինակելի էր , սահմանապահ գյուղի ամենավտանգավոր հատվածում ապրելով էր իր բաժին պայքարը մղում գրեթե ամեն օր ծննդավայրի հանդեպ ոտնձգություն անող հակառակորդի դեմ: «Կարենը գյուղական պարզ միամտություն ուներ, բարի էր: Մեղրիում զինծառայության ժամանակ շարք էին կանգնել զինվորները, երբ ինձ տեսավ, անմիջապես դուրս եկավ շարքից, եկավ փաթաթվեց»,- պատմում է 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ- մայոր, չինարեցի Անդրանիկ Մակարյանը:
Սահմանապահ Չինարին գիտի` զգույշ պետք է լինի դարանակալած թշնամուց: Կարենի դեպքը ամրապնդեց այդ գիտակցումը: Չինարեցի Նարեկ Աղասյանը գնում է Կարենի անցած ճանապարհով, երբ սևակնած երկինքն արտասվում է, իսկ հատուկենտ աստղերը լույս են տալիս:
Չինարեցի Նարեկը փակեց այն կածանը, որը տուն չվերադարձրեց Կարեն Պետրոսյանին…
Մայա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ադրբեջանում անտառ է այրվում

Ադրբեջանում՝ Իսմայիլի շրջանում, անտառ է այրվում: Դեռևս երեկ գիշեր սկսված հրդեհը մինչև այժմ չեն մարել, հաղորդում է “ԱՊԱ” լրատվական գործակալությունը:

հրդեհ

Հրդեհի մարման աշխատանքներում ներգրավված են երկու ուղղաթիռ և մեկ ինքնաթիռ: Բարձր ջերմաստիճանի և քամու պատճառով հրդեհը ընդգրկել է մեծ տարածք:

Նախնական տվյալներով՝ հրդեհի պատճառը գյուղի բնակիչների կողմից կրակի հետ անփույթ վարմունքն է եղել:

Նոյեմբերյանում ադրբեջանցիները ձախողված դիվերսիոն ներթափանցման փորձ են կատարել. լրացված

դիվերսիաԱդրբեջանական լրատվական կայքերի տեղեկություններով՝ այսօր երեկոյան, Տավուշի մարզից ադրբեջանական Ղազախի շրջանի Քեմերլի գյուղ է անցել Հայաստանի քաղաքացի, որի անձնական տվյալները դեռևս հայտնի չեն: Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի տեղեկությամբ՝ մեկ հոգի մոտեցել է Նոյեմբերյանի ուղղությամբ տեղակայված հայկական հենակետերի պայմանագրային զինծառայողներին, հանդես եկել ՝ որպես ոսկևանցի, խոսել ոչ ճիշտ հայերեն շեշտադրումներով, խնդրել մոտենալ մեր սահմանապահներին: Մեր դիրքապահների հարցուփորձից հետո նա չի կարողացել պատասխանել, փախել է ադրբեջանական կողմի ուղղությամբ: Անմիջապես ստուգվել են սահմանամերձ տարածաշրջանի բոլոր գյուղերն ու տները՝ ճշտելու՝ արդյոք հայ գերու մասին ադրբեջանական տեղեկությունները համապատասխանում են իրականությանը:

Բարեբախտաբար, այս պահի դրությամբ, սահմանը հատած, ադրբեջանական գերության մեջ հայտնված որևէ տավուշցի բնակչի անուն-ազգանուն չի բացահայտվել: Ոսկևանի գյուղապետ Սերյոժա Ալեքսանյանը Անկախ-ին ասել է, որ լուրը իրենց գյուղին չի վերաբերում: «Ով ա ասում՝ նման բան ա եղել, կապվել եմ բոլոր անասնապահների հետ, բացակա չունենք, մեկը չկա, որ ասեմ էսինչյան էսինչը չկա»:

Եվ քիչ առաջ Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ Ղազախի շրջանում սահմանն անցած քաղաքացին, ում մասին որպես սկզբնաղբյուր դեռևս հայտնել է ադրբեջանական միայն մեկ լրատվամիջոց, զինծառայող չէ և որևէ կապ չունի զինված ուժերի հետ՝ հակառակ Ադրբեջանում արդեն հնչող այն պնդումներին, թե «վնասազերծվել է հակառակորդի հերթական դիվերսանտը»։

 

Անկախ

Ադրբեջանն ու Ռումինիան կքննարկեն ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարները

Բուխարեստում կքննարկվեն Ադրբեջանի և Ռումինիայի ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարները:

3

Բանակցությունները տեղի կունենան օգոստոսի 27-28-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զագիր Հասանովի՝ Ռումինիա կատարած այցի շրջանակներում: Այցը կկայանա Ռումինիայի պաշտպանության նախարար Միրչի Դուշայի հրավերով: Նշված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության տարածած հաղորդագրությունում, տեղեկացնում է “Թրենդ” գործակալությունը:

Հաղորդագրությունում նշված է, որ կողմերը կքննարկեն նաև համընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Իրանը 350 մլն եվրոյի ոչ նավթային ապրանք է Ադրբեջան արտահանում  

iran-azarbajanԲաքվում Իրանի դեսպան Մոհսեն Փաքային տեղեկացրել է, որ Իրանի և Ադրբեջանի միջև մեծանալու է առևտրաշրջանառությունը:

Մոհսեն Փաքայինը, երկու երկրների միջև առևտրի զարգացումը շահեկան գնահատելով, նշել է, որ Իրանը 350 մլն եվրոյի ոչ նավթային ապրանք է Ադրբեջան արտահանում:

Իրանի դեսպանը  տեղեկացրել է, որ Աստարայի ցամաքային սահմանից օրական 2-3 հազար Ադրբեջանի քաղաքացիներ են Իրան մտնում:

«Մաքսային և վիզայի հետ կապված խնդիրների կարգավորումը , սահմանում երկու երկրի մաքսային բաժնի աշխատանքային ժամերի երկարացումը, երկու երկրների միջև առևտրի ընդլայնումը, նաև Իրանի և Ադրբեջանի միջև առևտրական հարաբերությունների զարգացման նպատակով մասնավոր սեկտորի ներկայությունը՝ Բաքվում Իրանի դեսպանատան ծրագրերի մաս են կազմում»,- ասել է Բաքվում Իրանի դեսպան Մոհսեն Փաքային:

Նշենք, 2014-ի առաջին չորս ամսվա ընթացքում  Իրանը 16 մլրդ դոլարի ոչ նավթային արտահանումներ է կատարել, ինչն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, 20 տոկոսով ավել է:

Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:

Ադրբեջանը չի ճանաչում Աբխազիայի նախագահական ընտրությունները

2

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ չի ճանաչում Աբխազիայիում տեղի ունեցած նախագահական ընտրությունները, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:

“Ադրբեջանը կրկին ընդգծում է, որ ընդունում է Վրաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնավարությունը”,- նշված է արտգործնախարության տարածած հաղորդագրությունում:

Օգոստոսի 24-ին Աբխազիայում անցկացված նախագահական ընտրությունների նախնական արդյունքների համաձայն՝ նախագահ է ընտրվել ընդդիմության առաջնորդ, նախկին վարչապետ Ռաուլ Խաջիմբան:

Դունյա Միյատովիչը և Բաքվում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը ցնցված են Իլգար Նասիբովի դաժան ծեծից  

2ԵԱՀԿ-ն մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը խորը վրդովմունք է հայտնել Նախիջևանում լրագրող և իրավաբան Իլգար Նասիբովին դաժան ծեծի ենթարկելու կապակցությամբ, հաղորդում է “Կոնտակտ” լրատվական կայքը:

“Ես կոչ եմ անում Ադրբեջանի իշխանություններին Նասիբովի դեմ սարսափելի հարձակման գործով անցկացնել ամբողջական և անկախ հետաքննություն ու մեղավորներին պատասխանատվության ենթարկել”,- ասել է Միյատովիչը` հավելելով, որ այս հանցագործությունը վերացնում է խոսքի և մամուլի ազատությունները ու լրագրողների նկատմամբ նոր հանցագործությունների առիթ կարող է հանդիսանալ:

Իր հերթին Բաքվում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը ևս արձագանքել է օրերս Նախիջևանում տեղի ունեցած միջադեպին: “Մենք ցնցված ենք Նախիջևանում Իլգար Նասիբովի դաժան ծեծից: Հուսով ենք, որ արդար հետաքննություն կիրականացվի և մեղավորները կպատժվեն”,- նշված է դեսպանատան հայտարարությունում:

Օգոստոսի 21-ի ուշ երեկոյան անհայտ անձինք հարձակում են գործել Նախիջևանում Ժողովրդավարության աջակցության ռեսուրսային կենտրոնի գրասենյակի վրա: Նրանք դաժան ծեծի են ենթարկել կենտրոնի աշխատակից Իլգար Նասիբովին և ջարդուփշուր են արել գրասենյակը: Ռեսուրսային կենտրոնը միակ անկախ հասարակական կազմակերպությունն է Նախիջևանում, որը դեռևս վաղուց է հայտնվել տեղի իշխանություների հետապնդման կենտրոնում:

Թայիփ Էրդողանը իր առաջին պաշտոնական այցով կմեկնի Հյուսիսային Կիպրոս և Ադրբեջան  

erdogan    Թուրքիայի 12-րդ նախագահ Թայիփ Էրդողանը իր առաջին պաշտոնական այցով սեպտեմբերի 1-ին կմեկնի Հյուսիսային Կիրպրոս, ապա սեպտեմբերի 3–ին կայցելի Ադրբեջան: Սեպտեմբերի 4-5-ին Էրդողանը Ուելսում կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթաժողովին, ապա սեպտեմբերի 21-26-ին Նյու Յորքում ներկա կգտնվի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային: Հիշյալ միջազգային ֆորումների ընթացքում Էրդողանը հանդիպումներ կունենա մի շարք երկրների առաջնորդների հետ:

Շավարշ Քոչարյան. Նման բարբարոսական մեթոդներով Ադրբեջանը գնում է դեպի միջնադարյան անդունդ

tVe2jIwPHj9HDKbcbXy29NTLrKՀարց. պարոն Քոչարյան, ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի արտգործնախարարության բողոքը` Կարեն Պետրոսյանի սպանությունը քննադատող միջազգային արձագանքների կապակցությամբ։

Պատասխան. Նման անհիմն և անպատասխանատու հայտարարություններով Բաքուն հերթական անհաջող փորձն է ձեռնարկում` քողարկելու մարդկանց կյանքի նկատմամբ իր արհամարհական ու քարանձավային վերաբերմունքը։

Ցավոք, Կարեն Պետրոսյանի սպանությունը եզակի դեպք չէ։ Անհնար է մոռացության մատնել նույն կերպ գերության մեջ սպանված Մանվել Սարիբեկյանի, Հայրենիք վերադառնալուց հետո Ադրբեջանում կտտանքների ենթարկվելու արդյունքում մահացած Մամիկոն Խոջոյանի պատմությունները։

Կարեն Պետրոսյանի սպանության ակնհայտ փաստերը հերքելու անհաջող փորձերը իրականացվում են նույն ավանդական դարձած ոճով, որով Ադրբեջանի իշխանությունները հերքում են միջազգային հանրության արձագանքները` Ադրբեջանում ակտիվիստների հալածանքների վերաբերյալ։ Տարբերությունն այն է, որ այլակարծիք քաղաքացիներին մեղադրում են հայերի լրտես լինելու մեջ, իսկ քննադատող միջազգային կառույցներին և երկրներին մեղադրում են հայերի ազդեցության տակ լինելու մեջ։ Այդպիսի մեղադրանքները կրկին անգամ վկայում են Ադրբեջանի ներկայիս իշխանությունների հայատյաց էության մասին։

Կարեն Պետրոսյանի սպանությունը շատ նմանություններ ունի մի քանի օր առաջ ծայրահեղականների կողմից ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլիի դաժան սպանության հետ, որին հրապարակայնորեն նվաստացրին, ապա սպանեցին: Միակ տարբերությունն այն է, որ Հայաստանի քաղաքացու սպանությունը հրապարակային չէր, այլ հենց այնպես, ինչպես գիշերվա քողի տակ գաղտնագողի կացնահարվեց Գուրգեն Մարգարյանը, իսկ ոճրագործը հերոսացվեց Ադրբեջանում։

Իրերն իրենց անունով կոչողներին մեղադրելու փոխարեն` Բաքվի իշխանությունները պետք է հասկանան, որ նման բարբարոսական մեթոդներով գործելը իրենց երկիրը տանում է դեպի միջնադարյան անդունդ։

Վրաստանը, Թուրքիան և Ադրբեջանը մտածում են պաշտպանունակության ամրապնդման ծրագրի մասին. Ալասանիա

Վրաստանը, Թուրքիան և Ադրբեջանը սկսում են մտածել պաշտպանունակության ամրապնդմանն ուղղված ծրագրի ստեղծման մասին: Այս մասին հայյտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան “Իմեդի” հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ, հաղորդում է “Կոնտակտ”-ը:

Ադրբեջան-Թուրքիա-Վրաստան

“Այս երեք պետությունները իրականացնում են ռազմավարական նշանակության համատեղ ծրագրեր և համաձայն են, որ ճգնաժամային իրավիճակում այս ենթակառուցվածքը անհրաժեշտ է պաշտպանել: Սա նաև Եվրոպայի և ՆԱՏՕ-ի շահերից է բխում, քանի որ հենց այս տարանցիկ ճանապարհն է օգտագործվում դաշինքից դեպի Աֆղանստան բեռնափոխադրում իրականացնելու համար”,- նշել է Ալասանիան:

Ըստ Վրաստանի պաշտպանության նախարարի` այս քայլերը նպատակային որևէ ուղղվածություն չունեն:

Ադրբեջանը կիրականացնի ևս 20 մլրդ դոլարրի ներդրում դեպի թուրիքական տնտեսություն

4

Առաջիկա 8 տարիների ընթացքում Ադրբեջանը Թուքիայի տնտեսության մեջ կիրականացնի մոտ 20 մլրդ դոլարի ներդրումներ: Այս մասին հայտարարել է Թուրքիայում Ադրբեջանի դեսպան Ֆաիք Բագիրովը “Անատոլիական շնորհանդեսային հանդիպման” ընթացքում, տեղեկացնում են թուրքական ԶԼՄ-ները:

 

Ելույթ ունենալով միջոցառմանը, որի ընթացքում քննարկվել են երկու երկրների ներդրումային հնարավերությունները, Բագիրովը ընդգծել է, որ Թուրքիան Ադրբեջանի արտաքին տնտեսական հարաբերություններում առաջին տեղն է զբաղեցնում`ընդգծելով, որ երկու պետությունների միջև առևտուրը կազմում է 3.3 մլրդ դոլար: Վերջինս հավելել է, որ անհրաժեշտ է այդ թիվը հասցնել 15 մլրդ դոլարի:

 

“Առաջիկա 8 տարիների ընթացքում Ադրբեջանը Թուրքիայի տնտեսություն կիրականացնի 20 մլրդ դոլարի ներդրում: Դա կլինի Ադրբեջանի` արտասահման իրականացված ամենախոշոր ներդրումը: Ներդրված կապիտալի մեծ մասը ուղղված է լինելու Իզմիրի շրջան”,- հայտարարել է դեսպանը:

 

Ներկայումս գումարը ներդրվում է հիմնականում Էներգետիկայի ոլորտ:

Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ՊՆ նախարարները կհանդիպեն Նախիջևանում

եռակողմ հանդիպում Թուրքական «Հաբերլերի» հաղորդմամբ` Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը մեկնել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն մասնակցելու Ադրբեջանի, Վրաստաի և Թուրքիայի ՊՆ նախարարների եռակողմ հանդիպմանը: Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդմամբ` այցի շրջանակներում Յըլմազը երկկողմ հանդիպումներ կունեն իր պաշտոնակիցներ Զաքիր Հասանովի և Իրակլի Ալասանիի հետ: Նախարարները կհանդիպեն նաև Նախիջևանի մեջլիսի ներկայացուցիչ Վասըֆ Թալիբովի հետ և կայցելեն զորանոցներ:

«Ղարաբաղի ազատագրումից հետո ես կդառնամ այդ շրջանի նահանգապետը». Հաֆըզ Հաջիև

Հաֆըզ Հաջիև

Ադրբեջանի «Յենի Մուսավաթ» կուսակցության անդամները դիմել են Ադրբեջանի ՊՆ նախարարություն` պահանջելով իրենց ուղարկել ռազմաճակատ որպես կամավորներ: Այս մասին հայտարարել է կուսակցության ներկայացուցիչ Հաֆըզ Հաջիևը: Վերջինիս խոսքով` կուսակցության հազարավոր անդամներ արդեն գրանցվել են կամավորական շարքերում: «Մեր ցուցակներում արդեն հազար մարդ կա: Նրանց թվում են նաև ղարաբաղյան և աֆղանական պատերազմի վետերաններ»,-նշել է Հաջիևը` հայտարարելով, թե «Ղարաբաղի ազատագրումից հետո ինքը կդառնա այդ շրջանի նահանգապետը»:

Ադրբեջանի բնակչությունը կազմում է 9 մլն 528,9 հազար մարդ

բնակչություն 2014 թվականի հուլիսի 1-ի տվյալներով Ադրբեջանի բնակչության թիվը կազմում է 9 մլն 528,9 հազար մարդ: Տարվա սկզբի համեմատ այս թիվը աճել է 51,8 հազարով, այսինքն 0,5 տոկոսով: Այս տվյալները հրապարակվել է Ադրբեջանի պետական վիճակագրական կոմիտեի կողմից: Նշված ժամանակահատվածում բնակչության խտությունը կազմում է 110 մարդ/կմ3: Ադրբեջանի բնակչության 53,2 տոկոսը բնակվում է քաղաքներում, 46,8 տոկոսը` շրջաններում: Տղամարդիկ կազմում են բնակչության 49,7 տոկոսը, իսկ կանայք` 50,3-ը:

 

Թուրքական խմբերը ֆինանսավորել են կոնգրեսականների խնդրահարույց շրջագայությունը Ադրբեջանում

թուրք-ադրբեջանական համագործակցությունՄիջազգային մամուլն այս օրերին հեղեղված է եվրոպական և ամերիկյան քաղաքական գործիչների մասին սկանդալային պատմություններով, որոնք ջերմ ընդունելության են արժանացել Ադրբեջանում և Թուրքիայում՝ շահադիտական թաքուն դրդապատճառներով:

 

Նորագույն բացահայտումը հրապարակվել է «Հյուստոնյան խրոնիկայի» (Houston Chronicle) կողմից հուլիսի 27-ին` «Կոնգրեսականների շրջագայությունը ահազանգ է հնչեցնում» խորագրով: Հոդվածը բացահայտել է, որ թուրքական շահույթ չհետապնդող հինգ խմբեր ծախսել են 274 459 դոլար` Կոնգրեսի տասը անդամների և 35 աշխատակիցների ճոխ ճամփորդության վրա 2013 թվականի մայիսին: Այդ դրամական միջոցները նվիրաբերել էին.

 

– Թուրք ամերիկացիների և եվրասիացիների խորհուրդը (Հյուստոն) – 101 680 դոլար.

– Ամերիկայի միջին արևմտյան հատվածի թուրքական միությունը (Չիկագո) – 68 324 դոլար.

– Ամերիկայի թուրքական դաշինքը (Վաշինգտոն) – 52 975 դոլար.

– Ամերիկայի հարավ-արևելյան հատվածի թուրքական միությունը (Ատլանտա) – 26 550 դոլար.

– Թուրք-ամերիկյան ընկերակցությունների խորհուրդը (Նյու Յորք) – 24 930 դոլար:

 

Ահա այն տասը կոնգրեսականները, որոնց դեպի Բաքու ճամփորդության բոլոր ծախսերն ամբողջովին վճարվել էին.

 

– Դենի Դևիս – 24 084 դոլար.

– Ռուբեն Հինոջոզա – 19 962 դոլար.

– Ջիմ Բրայդենշտին – 14 173 դոլար.

– Թեդ Պո – 13 431 դոլար.

– Սթիվ Սթոքման – 13 431 դոլար.

– Միշել Լուhան Գրիշեմ – 12 780 դոլար.

– Շիլա Ջեկսոն Լի – 12 034 դոլար.

– Լենարդ Լանս – 9 798 դոլար.

– Իվետ Քլարկ –  8 701 դոլար.

– Գրեգորի Միքս – 6 431 դոլար:

 

Կոնգրեսականների ուղևորության իրական նպատակը մի համաժողովի մասնակցելն էր, որը մասամբ ֆինանսավորվել էր SOCAR-ի (Ադրբեջանի ազգային նավթային ընկերություն) կողմից, և որն իր գործընկերներից մեկի՝ NIOC-ի (Իրանի ազգային նավթային ընկերություն) հետ միասին ձեռնարկել էր 28 միլիարդ դոլար արժողությամբ ծրագիր՝ «Շահ Դենիզ» գազի հանքավայրը շահագործելու համար: Պատահական չէր, որ շրջագայությունը կազմակերպվել էր հենց այն ժամանակ, երբ ԱՄՆ Կոնգրեսը պատրաստվում էր լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել Իրանի դեմ: Ադրբեջանցիներին և նրանց իրանցի գործընկերներին խիստ անհրաժեշտ էր Կոնգրեսից ստանալ արտոնություն՝ այս հսկայածավալ ծրագիրն իրականացնելու համար: Զարմանալի չէ, որ կոնգրեսական պատվիրակության շքեղ ճամփորդությունից վերադառնալուց հետո, դեռ երկու ամիս չանցած, Ներկայացուցիչների պալատը հավանություն տվեց այդ ցանկալի արտոնությանը…

 

«Հյուստոնյան խրոնիկան» օրինագծի շուտափույթ հաստատումը սովորաբար դանդաղաշարժ Կոնգրեսի կողմից բացատրում է նրանով, որ «SOCAR-ը, ադրբեջանական այլ պետական միավորների հետ մեկտեղ դարձել է Վաշինգտոնի խոշորագույն փող ծախսողներից մեկը՝ ամերիկյան գործընկերներ ապահովելով իր նավթամթերքները համաշխարհային շուկաներ հանելու համար… Լոբբիստները, Ադրբեջանի կառավարությունը և էներգետիկ ընկերությունները, բոլորը մասնակցել էին Բաքվի հավաքույթին» Հեյդար Ալիևի շքեղ կենտրոնում, որտեղ գլխավոր բանախոսը նախագահ Իլհամ Ալիևն էր: «Առնվազն չորս կոնգրեսականների ընկերակցել էին իրենց կանայք կամ նշանածները: Ոմանք օգտվել էին առաջին կարգի թռիչքներից և իրենց ուղևորությունը երկարաձգել՝ մնալով Թուրքիայի շքեղ հյուրանոցներում: Միայն կոնգրեսականների ճամփորդական ծախսերը կազմել էին 270 հազար դոլար»:

 

Հետաքրքրական է, որ այցելության գլխավոր կազմակերպիչը՝ Թուրք ամերիկացիների և եվրասիացիների խորհուրդը, «չի բացահայտել որևէ առևտրական ընկերության աջակցություն կամ օտարերկրյա կառավարության օգնություն դեպի Բաքու կոնգրեսականների կատարած ուղևորությունների համար», ինչպես պահանջվում է դաշնային օրենքով, հաղորդում է «Խրոնիկան»: Թուրքական շահույթ չհետապնդող հինգ կազմակերպությունները և տասը կոնգրեսականները հնարավոր է խախտել են Կոնգրեսի էթիկայի կանոնները և դաշնային օրենքը՝ չբացահայտելով առևտրական նվիրատվությունները ուղևորության համար, հայտարարում է «Խրոնիկան»:

 

Արձանագրությունները ցույց են տալիս, որ կոնգրեսական Միքսը «չի բացահայտել Բաքու կատարած իր ճամփորդության ծախսերը վերջնաժամկետից մեկ տարի անց», պարզել է «Խրոնիկան»: Ավելին, կոնգրեսական Սթոքմանը լրացուցիչ ստացել է 5 հազար դոլար քարոզչական նպատակներով երեք վճարումներով, նույն ամսվա ուղևորության ընթացում, Թուրքական խորհրդի նախագահ Քեմալ Օքսուզից, որը ղեկավարում է շահույթ չհետապնդող երկու խմբեր, ընդ որում դրանք Հյուստոնում գրանցված են միևնույն հասցեում: «Երկու խմբերն էլ  ճանաչվել են որպես Բաքվի համաժողովի հովանավորներ կամ կազմակերպիչներ և երկուսն էլ գումար են վերցրել SOCAR-ից: Մի խումբը՝ Ադրբեջանի բարեկամների ասամբլեան, գործում է որպես SOCAR-ի ամերիկյան հանրային կապերի թև»՝ ըստ «Խրոնիկայի» տեղեկությունների:

 

Օքսուզը Բաքվում հայտնել է մի ամերիկացի լրագրողի, որ նավթային համաժողովի ծախսը կազմել է 1.5 մլն դոլար: Նա նաև ասել է, որ հյուրերը որպես նվեր ստացել են ձեռագործ գորգեր, որը խախտում կհամարվի, եթե դրանց մասին չհայտնեն ԱՄՆ համապատասխան մարմիններին:

 

«Խրոնիկան» պարզել է, որ «այդ ոչ առևտրային խմբերից շատերը ղեկավարվում են թուրք նախկին իմամ, վտարանդի Ֆեթուլլահ Գյուլենի հետևորդների կողմից, որն ապրում է Փենսիլվանիայում… Ընդհանուր առմամբ, թուրքական խմբերը կոնգրեսականների և նրանց աշխատակազմերի համար 2009-2013 թվականներին ֆինանսավորել են 272 արտասահմանյան ուղևորություններ» դեպի Ադրբեջան և Թուրքիա:

 

«Հյուստոնյան խրոնիկան», ի լրումն իր մերկացնող հետաքննական հոդվածի, նաև հրապարակել է խիստ քննադատական մի խմբագրական՝ հանդիմանելով տասը կոնգրեսականներին` «ահավոր միամիտ կամ նողկալի կաշառակեր լինելու» համար, և «մի քանի գրպանած նվիրատվությունների» դիմաց ծառայելու համար Ադրբեջանի շահերին՝ «մի կոռումպացված ավազակապետության, ուր իշխում է Ալիևների ընտանիքը, որ ապօրինի գումարներ է կուտակում՝ խեղդելով քաղաքական այլախոհությունը»:

 

 

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

www.TheCaliforniaCourier.com

 

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 

Բաքվում շրջափակվել է Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտի գրասենյակը

Ադրբեջանում տեղի ժամանակով 14:30-ին մի քանի ոստիկաններ և քաղաքացիական անձիք գնացել են Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտի գրասենյակ, որը տեղակայված է մայրաքաղաք Բաքվում:

2

Վերջիններս պահանջել են դուռը բացել` չբացատրելով` ովքեր են իրենք և ինչ են ուզում: Գրասենյակում գտնվող աշխատակիցները հրաժարվել են բացել դուռը, և այժմ շրջափակված են:

Իր հերթին վերոնշյալ անձիք սպառնում են ջարդել մետաղական դուռը: Այս մասին “Թուրան” գործակալությանը տեղեկացրել են ինստիտուտի աշխատակիցները:

Հավելենք, որ ավելի վաղ դատախազությունը արգելափակել է այս կառույցի, ինչպես նաև դրա տնօրեն Էմին Հուսեյնովի անձնական հաշիվները: Վերջինիս նաև օգոստոսի 6-ին մերժել են երկրից դուրս գալու թույլտվություն տրամադել`Թուրքիայիում բուժում ստանալու համար:

Ադրբեջանցիները Սպիտակ տան դիմաց ցույց են կազմակերպել` վանկարկելով “Կամ Ղարաբաղ, կամ մահ”

ադրբեջանցիներ

ԱՄՆ-ում ադրբեջանական սփյուռքի մի խումբ ներկայացուցիչներ նախօրեին Վաշինգտոնի Սպիտակ տան դիմաց բողոքի ցույց են կազմակերպել` պահանջելով նախագահ Օբամայից “դատապարտել հայկական ագրեսիան” և “ոչ ասել ռուսական գերիշխանությանը”:

Հատկանշական է, որ ակցիան տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահի` Սոչիում Հայաստանի նախագահի հետ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ կայանալիք հանդիմանը մեկնելուց մի քանի ժամ առաջ:

Սփյուռքի որոշ կազմակերպություններ ներկայացնող մի քանի տասնյակ ադրբեջանցիներ և թուրքեր “Թուրան” գործակալությանը տեղեկացրել են, որ բողոքի ակցիային սեփական նախաձեռնությամբ են մասնակցել:

Ցուցարարները անգլերենով վանկարկել են “Մենք խաղաղություն են ցանկանում”, իսկ այնուհետև ադրբեջաներենով` “Կամ Ղարաբաղ, կամ մահ”: Նրանք ասել են, որ դրանք դեռ առաջին քայլերն են, և իրենք նոր միջոցառումներ են նախատեսում` ամերիկյան վարչակազմին և Կոնգրեսի անդամներին “ճշմանրիտ տեղեկություն” տրամադրելու համար:

Նշենք, որ այն ժամանակ, երբ իշխանամետ ադրբեջանցիները, օգտվելով ԱՄՆ-ում ժողովրդավարության նորմերից, բողոքի ցույց են կազմակերպում Վաշինգտոնում` նածագահի գրասենյակի դիմաց, Բաքվում իշխանությունները ճնշման են ենթարկում և բանտարկում են նրանց, ովքեր փորձում են որևէ առիթով խաղաղ ցույց կազմակերպել:

Ադրբեջանում իրավապաշտպանները ծանր պայմաններում են հայտնվել. Նիլս Մուժնիեկս

2 (11)Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսը հանդես է եկել հայտարարությամբ: Վերջինս քննադատել է Ադրբեջանում քաղաքացիական հասարակության ակտիվիստների նկատմամբ ճնշման փաստերը, տեղեկացնում է “Կոնտակտ” լրատվական կայքը:

“Ռասուլ Ջաֆարովի ձերբակալությունը և Էմին Հուսեյնովի նկատմամբ կիրառվող երկրից դուրս չգալու արգելքը ցույց են տալիս, թե Ադրբեջանում իրավապաշտպանները ինչպիսի ծանր պայմաններում են հայտնվել”,- նշել է Մուժնիեկսը:

Ըստ հանձնակատարի` Ադրբեջանում քաղաքացիական հասարակությունը քրեական հետապնդման միջոցով համակարգված կերպով ենթարկվում է ճնշման, և այդ փաստերը գրանցվել են իրավապաշտպան Լելյա Յունուսի և իր ամուսնու` կոնֆլիկտաբան Արիֆ Յունուսի ձերբակալություններից անմիջապես հետո:

“Ադրբեջանը չի իրագործում իր իսկ կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները, ինչպիսիք են խոսքի, հավաքների և միավորումների ազատությունը: Իշխանությունները պետք է բարեփոխեն ստեղծված իրավիճակը և, առաջին հերթին, պետք է ազատ արձակեն բոլոր այն անձանց, ովքեր ձերբակալվել են իրենց կարծիքը հայտնելու համար”,- նշված է հանձնակատարի հայտարարությունում:

 

Անկախ 

ԼՂՀ ՊՆ-ն հերքում է ադրբեջանական վառ երևակայության արդյունքը

N_K_A_R_1Օգոստոսի 7-ին ադրբեջանական “vesti.az” էլեկտրոնային կայքում հրապարակվել էին լուսանկարներ, որոնցում իբր պատկերված էին օգոստոսի 2-ի լույս 3-ի գիշերը տեղի ունեցած դիվերսիայի արդյունքում սպանված հայ զինծառայողները:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտարարում է, որ վերոնշյալը ադրբեջանական քարոզչության վառ երևակայության հերթական արդյունքն է:

Ավելին՝ նրանք մեզ օգնում են փաստացի ճշտել հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության գոտում հակառակորդի կողմից իրականացված նախահարձակ գործողությունների արդյունքում ադրբեջանական բանակի կորուստների իրական պատկերը:

2. PB_zinvorՀավելենք, որ ՊԲ զինանձնակազմը երբևէ չի կրել և այսօր էլ չի կրում այն զինվորական համազգեստը, որը կրում էին լուսանկար 1-ում պատկերված անձինք:

—
ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայություն

 

Անկախ