Եռացատկորդ Լևոն Աղասյանը`աթլետիկայի աշխարհի երիտասարդական առաջնության եզրափակչում

աթլետիկաԱՄՆ-ի Յուջին քաղաքում ընթացող աթլետիկայի աշխարհի երիտասարդական առաջնության որակավորման փուլի մեկնարկներին մասնակցեցին Հայաստանի ներկայացուցիչները` եռացատկորդ Լևոն Աղասյանն ու սկավառակնետորդ Սուրեն Խաչատրյանը:

19-ամյա Լևոնը 20 երկրի 25 եռացակորդի պայքարում 16 մ 16 սմ արդյունքով գրավեց 6-րդ տեղը և իրավունք ստացավ հուլիսի 27-ին հանդես գալու եզրափակչում:

Սուրենը անհաջող կատարեց  3 մրցափորձերը և 0 ստացավ:

Երևանում ժամանակակից վազքուղի կառուցելու հեռանկար

10455ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն այսօր Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանի և աշխարհում հայտնի <<Mondo>> իտալական ընկերության <<Mondo Sport & Flooring Division>>-ի միջազգային հարաբերությունների ղեկավար Անդրեա Վալլաուրի հետ քննարկել է աթլետիկայի միջազգային ֆեդերացիայի աջակցությամբ Երևանում ժամանակակից վազքուղի կառուցելու հարցը: Այն պետք է համապատասխանի միջազգայինչափանիշներին ու հնարավորություն ստեղծի Հայաստանում անցկացնելու միջազգային խոշոր մրցաշարեր և առաջնություններ:

Հայաստանի աթլետները Թբիլիսիում քննությունից առաջ ստուգարք հանձնեցին

աթլետիկաՀունիսի 21-22-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսում կայանալու է աթլետիկայի Եվրոպայի թիմային առաջնության 3-րդ խմբի մրցաշարը, որին մասնակցելու են նաև մեր երկրի ներկայացուցիչները:

Հայաստանի հավաքականը վաղ է մեկնել մրցավայր և ուսումնամարզական հավաք է անցկացնում: Հավաքականը գլխավոր մարզիչ Միշա Հայրապետյանի  ղեկավարությամբ նախապատրաստվում է 20 աթլետ:13 աթլետ նախապատրաստվում է Հայաստանում և հունիսի 19-ին կմիանա թիմին:

Մերոնք կարողությունները փորձեցին Թբիլիսիում կազմակերպված Վրաստանի բաց առաջնությունում:

100 մ վազքում 12,36 վայրկյան արդյունքով հավասարը չունեցավ  Դիանա Խուբեսերյանը: 800 մ վազքում 2.15,79 վայրկյան ցուցանիշով Լիլիթ Հարությունյանն առաջինն էր: Նա  400 մ վազքում՝ 59,15 վայրկյան ցուցանիշով 3-րդն էր:  Բարձրացատկորդուհի Վիկտորյա Ստեփանյանը (155 սմ), հեռացակորդուհի Սաթենիկ Հովհաննիսյանը (5 մ 90 սմ),  800 մ վազորդուհի Աննա Քարհանյանը (2.19,76 վայրկյան) գրավեցին 2-րդ տեղը:

Կարապետ Սուքիասյանը, բարձրացատկելով 1 մ 90 սմ, գրավեց 1-ին տեղը: Հեռացատկորդ Արտակ Համբարձումյանը 7 մ 7 սմ արդյունքով գրավեց 2-րդ տեղը:

Հայաստանի աթլետներն ուղևորվեցվին Վրաստանի մայրաքաղաք

աթլետիկաՀայաստանի աթլետիկայի հավաքականն ուղևորվեց Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի: Այն կնախապատրաստվի հունիսի 21-22-ին Թբիլիսում կայանալիք աթլետիկայի Եվրոպայի թիմային առաջնության 3-րդ խմբի մրցաշարին:

Հայաստանի ընտրանին, գլխավոր մարզիչ Միշա Հայրապետյանի, նրա օգնականներ՝ Արսեն Պետրոսյանի, Զաուր Սարգսյանի և Վիլհեմ Գասպարյանի ղեկավարությամբ, երկշաբաթյա ուսումնամարզական հավաք կանցկացնի: Մեր երկրի ներկայացուցիչները  կմասնակցեն հունիսի 7-8-ին կայանալիք աթլետիկայի Վրաստանի բաց առաջնությանը:

Հայտնի դարձան աթլետիկայի Հայաստանի առաջնության չեմպիոնները

481e03a17Մայիսի 24-25-ը ՀՀ Արարատի մարզի Արտաշատի քաղաքային մարզադաշտում կայացավ աթլետիկայի տղամարդկանց և կանանց ՀՀ առաջնությունը, որին մասնակցում էին 120 մարզիկ և մարզուհի՝ Երևանի, Գյումրիի, Վանաձորի, Կապանի, Արտաշատի, Էջմիածնի, ՕՀՊՄՔ-ի և ԼՂՀ-ի մարզադպրոցներից:

 

Առաջնության մասնակիցները խաղարկեցին 129 մեդալ:

 

Կանանց մրցապայքարում Հայաստանի առաջնության հաղթողներ դարձան՝

 

Խուբեսերյան Դիանա (Երևան) վազք 100 մ, 200 մ
Հարությունյան Լիլիթ (Վանաձոր) վազք 400 մ, 1500 մ
Քարհանյան Աննա (Վանաձոր) վազք 800 մ
Ալավերդյան Էլլադա (Վանաձոր) վազք 3000 մ
Բակունց Աննա (Կապան)  400 մ  արգելավազք
Հովհաննիսյան Սաթենիկ (Երևան) հեռացատկ, եռացատկ
Ավետիսյան Հերմինե (Գյումրի) սկավառակի նետում, գնդի հրում
Թադևոսյան Անահիտ (Երևան) մուրճի նետում

 

4X400 մ փոխանցավազքում հաղթող ճանաչվեց կանանց Վանաձորի հավաքականը, իսկ երևանցի Անահիտ Թադևոսյանը մուրճի նետման մրցաձևում՝ 50 մ 5 սմ արդյունքով, սահմանեց  ՀՀ նոր ռեկորդ:

 

Տղամարդկանց մրցապայքարում ՀՀ առաջնության հաղթողներն են՝

 

Մուրադյան Արթուր (Երևան) վազք 100 մ 
Գրիգորյան Սամվել (Երևան) վազք 200 մ, 400 մ արգելավազք
Մկրտչյան Տիգրան (Գյումրի) վազք 400 մ
Հայրապետյան Աշոտ (ԼՂՀ) վազք 800 մ, 1500 մ
Մկրտչյան Երվանդ (Գյումրի) վազք 3000 մ
Համբարձումյան Արտակ (Երևան) հեռացատկ
Աղասյան Լևոն (Կապան, ԲԿՄԱ) եռացատկ
Մարտիրոսյան Ալբերտ (Գյումրի) գնդի հրում, նիզակի նետում
Խաչատրյան Սուրեն(Երևան) սկավառակի նետում

 

4X100մ  փոխանցավազքում հաղթող ճանաչվեց Արտաշատի հավաքականը, իսկ 4X400մ փոխանցավազքում՝ Գյումրու հավաքականը:

 


Իրանում 2014-ին մրցաշարի մասնակցելու հրավեր մեր երկրի աթլետներն այդպես էլ չստացան

աթլետիկաԱթլետիկան անվանում են սպորտի թագուհի: Հայաստանի` այս գրավիչ մարզաձևի ներկայացուցիչները, չնայած ունեցած սուղ պայմաններին, ձմեռային ցուրտ  օրերին էլ շարունակում են մարզումները: 2014-ի մրցաշրջանը հագեցած է միջազգային տարբեր մեկնարկներով: Հայաստանի աթլետիկայի հավաքականի գլխավոր մարզիչ, ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի աթլետիկայի ամբիոնի դոցենտ Միշա Հայրապետյանը ներկայացրեց, թե ինչ փորձություններ են սպասում մերոնց:

– Կազմվել է մեր երկրի ներկայացուցիչների մեկնարկների նախապատրաստության օրացուցային պլանը, Հայաստանի հավաքականի թեկնածուների ցուցակը: Այնպես որ, աշխատանքն առջևում է: 2013-ի համեմատությամբ` որոշվել է ավելի շատ ուշադրություն դարձնել մանկապատանեկան աթլետիկայի զարգացմանը: Աթլետիկայի միջազգային ֆեդերացիան այդ ուղղությամբ աշխատանքների ծրագիր է մշակել: Այն հետաքրքիր է, նորություն, մնում է, որ Հայաստանում իրականացվի: Ի դեպ,  միջազգային կազմակերպությունն այդ նպատակով զգալի մարզագույք է տրամադրել, տեսականին մեկ տասնյակ է: Այդ ամենն օգտագործվելու է մարզումները կազմակերպելու, մրցումներն անցկացնելու ժամանակ:

Փորձը ցույց է տվել, որ աշխատանքն արդյունավետ է, երբ աթլետիկան ուսուցանվում է պատանեկան վաղ հասակից: 2013-ին ունեցել ենք Եվրոպայի պատանիների չեմպիոն: Այդ հաջողությանը հասել է կապանցի եռացատկորդ Լևոն Աղասյանը: Փետրվարի 12-ին Հայաստանի հավաքականի 21 մարզիկ-մարզուհիները կուղևորվեն Վրաստան: Թբիլիսիում կկազմակերպվի կարճատև ուսումնամարզական հավաք: Փետրվարի 16-ից մերոնք  կարողությունները կփորձեն Վրաստանի մայրաքաղաքում կազմակերպվելիք միջազգային մրցումներում: Դրանց ավարտից հետո ուսումնամարզական պարապմունքները տեղում կշարունակվեն մինչև փետրվարի 21-ը: Ապա մեր ընտրանին կմեկնի Ստամբուլ, որպեսզի մասնակցի բալկանյան երկրների ձմեռային առաջնությանը: Հայաստանի աթլետներն  այս ստուգատեսում  երկրորդ անգամ են կարողությունները փորձելու: Նորամուտը նշել ենք  2013-ին: Մեր երկրի մարզուհիների հավաքականը 11 պետությունների ներկայացուցիչների պայքարում զբաղեցրել է 5-րդ տեղը, որը լավ արդյունք է: Իսկ Հայաստանի տղամարդկանց հավաքականը բավարարվել է 9-րդ տեղով: Անցյալ տարի մրցանակակիր չենք ունեցել: Դրան մոտ էր 4-րդ տեղը գրաված հեռացատկորդ Սաթենիկ Հովհաննիսյանը:

Այս տարի կփորձենք լրացնել այդ բացը: Ցույց տված արդյունքներով դրան կարող են հավակնել մեր երկրի հեռացատկորդները: Հունվարի 17-ին, երբ ձմեռային մրցաշրջանի բացման մրցում անցկացրինք «Հայաստան» մարզական միության Երևանի մարզասրահում, մյուս մրցաձևերում առանձնակի բարձր արդյունքեր չարձանագրվեցին: Մարտի սկզբին աշխարհի ձմեռային առաջնությունն անցկացվելու է Լեհաստանում: Հայտավորել ենք Վարդան Փահլևանյանին, որը 2013 թ. հեռացատկել է 7 մ 89 սմ: Հնարավոր է, որ փոփոխություն կատարվի, եթե ավելի բարձր արդյունք ցույց տվող գտնվի: 

– Հայաստանից մարզուհի չի՞ մեկնելու աշխարհի առաջնություն: Որպես կանոն, տարբեր մարզաձևերում մասնակցելու հրավեր ուղարկվում է այս կամ այն երկրի երկու սեռի ներկայացուցիչների:

– Միայն մեկ տեղ է հատկացվել: Մինչև 2013-ը աթլետիկայի աշխարհի առաջնությանը մասնակցելու հրավեր էր ուղակվում 1-ական մարզիկի և մարզուհու: Բայց այդ մոտեցումը վերանայվել է:

 – Հայաստանի հավաքականից հեռացողներ, կանոնավոր մարզումները թողնողներ կա՞ն:

– Չի մարզվում 400 մ վազորդուհի Անահիտ Աբրահամյանը: Նա երիտասարդ է, 2013-ին Եվրոպայի 3-րդ խմբի թիմային առաջնությունում 6-րդ տեղ է գրավել: Աբրահամյանը Գյումրիում է բնակվում, մարզվելու համար պայմաններ չկան: Եթե նա Սանկտ Պետերբուրգ գնա, ապա հնարավոր է` այնտեղ վերսկսի պարապմունքները: Սպասում ենք, թե ինչ կլինի:

Anahit – Ի՞նչ պայմաններում են պարապում Հայաստանի աթլետները ձմռանը:

– Մարզումները կազմակերպվում են «Հայաստան» մարզական միության մարզասրահում, որը լավ վիճակում չէ: Տանիքը քամիներից վնասվել է, դրա հետևանքով անձրևաջրերն ավերածություներ են արել: Տուժել են պատերը, նաև մարզահատվածները. արհեստական ծածկը որոշ տեղերում պոկվել է: Մարզասրահի ջերմությունն էլ այն չէ, բայց արդեն համակերպվել ենք:

 – Իսկ նիզականետորդները, գնդահրորդները որտե՞ղ են պարապում:

– Մեզ տրամադրված մարզաբազայում  միայն գնդահրորդները կարող են մարզվել: Թբիլիսիում և Ստամբուլում կայանալիք միջազգային մրցումների ծրագրերում գնդահրորդների  մրցումներ անցկացվելու են, այդ է պատճառը, որ նախապատրաստվում ենք: Տարեսկզբին կազմակերպված մրցումներում ինձ համար հայտնություն էր գյումրեցի Հերմինե Ավետիսյանը, որի նետած գործիքն անցավ 11 մ-ի սահմանագիծը: Ուժեղ սեռի ներկայացուցիչներից երեք մարզիկ է պայքարում հավաքականում ընդգրկվելու համար: Նրանք հավասար արդյունքներ են ցույց տալիս:

 – Ոչինչ չասացիք նիզականետորդների մասին: Մինչդեռ վերջին օլիմպիական խաղերի վարկանիշային մրցումներում Հայաստանի ներկայացուցիչը հենց այդ մրցաձևում է ուղեգրի արժանացել:

– Գյումրեցի Մելիք Ջանոյանը շարունակում է այդ մարզաձևով զբաղվել: Բայց կարելի է ասել, որ նա միայն օլիմպիական խաղերից առաջ է ակտիվություն դրսևորում, մարզվում է արտերկրում, մրցումների մասնակցում և կարողանում է օլիմպիական խաղերի ուղեգրերի արժանանալ: Նա իրեն հավասար մրցակից Հայաստանում չունի:

 – Մերոնց` 2014-ի մրցաշրջանի միջազգային ո՞ր մրցումների մասնակցությունն եք առավել կարևորում:

– Եվրոպայի 3-րդ խմբի թիմային առաջնությունը, որը կայանալու է հունիսին, Թբիլիսիում: Նախատեսվում է  մրցումների շեմին Վրաստանում ուսումնամարզական հավաք անցկացնել: 2013-ին այդ ստուգատեսը կայացել էր Սլովակիայի Բանսկա Բիստրիցա քաղաքում: Հայաստանից 20 մասնակից կար: Այս տարի 25-26 մարզիկ-մարզուհի մրցասպարեզ կհանենք: Անցյալ տարի15 երկրների հավաքականների պայքարում  ընդհանուր հաշվարկով զբաղեցրել ենք 9-րդ տեղը:

 – Աթլետիկայի վիճակի բարելավման ի՞նչ հուսադրող սպասումներ կան:

– 2013-ից խոսվում է այն մասին, որ Երևանի «Հրազդան» մարզադաշտում արհեստական ծածկ է տեղադրվելու, աթլետիկայի ժամանակակից պայմաններ են ստեղծվելու: Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ղեկավարությունը հայտնել է, որ այդ ուղղությամբ աշխատանքները սկսելու թույլտվություն ստացվել է, բայց տեղաշարժ առայժմ չկա: Ներկայումս այդ մարզաբազայում պարապել հնարավոր չէ: Եթե հարցը լուծվի, ապա Հայաստանի հավաքականը մարզվելու վայր կունենա: Փաստն այն է, որ աթլետների ամառային մարզումների համար Հայաստանում ոչ մի մարզաբազա չկա:

 – Իսկ Ծաղկաձորի աթլետիկայի երկու մարզաբազանե՞րը:

– Այնտեղ էլ պայմաններ չկան: Վերին հատվածի մարզաբազան, որում տարիներ առաջ անցկացվում էին Եվրոպայի ռեկորդակիր Ռոբերտ Էմմիյանի սահմանած պարգևների խաղարկության միջազգային մրցումները, այժմ մասնավոր սեփականություն է, նոր տեր ունի, այլևս աթլետների համար գոյություն չունի: Իսկ ստորին հատվածում կառուցված հին մարզաբազան ավերված է: Այն հարմարեցվում է, որպեսզի կազմակերպվեն Հայաստանի նախագահի սահմանած մրցանակների համար ընտանիքների մրցումները:

 – Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ, Ֆրանսիայում բնակվող Ռոբերտ էմմիյանի նախաձեռնությամբ, ամեն տարի մեր աթլետները Ֆրանսիայում համատեղ ուսումնամարզական հավաք են անցկացնում այդ երկրի ներկայացուցիչների հետ: 2014-ին նախատեսվո՞ւմ է այդպիսի ուսումնամարզական հավաք:

– Դա ամեն տարի արվում է, բայց առայժմ այդ մասին խոսակցություն չի եղել:

 – Հայաստանի պատանի աթլետներին ի՞նչ փորձութուններ են սպասում, նրանցից ի՞նչ նոր  սպասելիքներ կարելի է ունենալ:

– Միջազգային մրցումներ շատ կան: Սպասելիքները հիմնականում Աղասյանից են: Նա ներկայումս բանակում է ծառայում, դժվար է այնպես անել, որ մարզումների մասնակցի, նախապատրաստվի և մրցումներում հանդես գա:

 – Ամեն տարի այս ժամանակահատվածում Հայաստանի աթլետներն Իրանում միջազգային մեկնարկների մասնակցելու հրավեր էին ստանում: Այս առումով որևէ լուր կա՞:

– Ինչքան էլ տարօրինակ է, այս տարի հրավեր չստացանք: Մրցումները, որպես կանոն, կազմակերպվում են փետրվարի սկզբին, իսկ հրավերը ստանում էինք դեկտեմբերի վերջին կամ հունվարի սկզբին: Պատճառի մասին ոչին չեմ կարող ասել: 2013-ին Հայաստանի կանանց և տղամարդկանց հավաքականները Իրանում թիմային պայքարում գրավել են առաջին և երկրորդ տեղերը:

Աշխարհի ամենածեր աթլետն ինքնակամ հեռացել է կյանքից

iԲելգիացի 95-ամյա աթլետն էվթանազիայի եղանակով հեռացել է կյանքից:

Էմյել Պաուլսը հայտնել է, որ իր որոշման համար չի ափսոսում ու չի վախենում մահից: Տղամարդը տառապում էր ստամոքսի քաղցկեղով:

Կյանքի վերջին րոպեներին ընտանիքի  անդմաները, բարեկամներն ու սպորտային ակումբից ընկերներն էին շրջապատել նրան.շուրջ 100 մարդ:

“Սա իմ կյանքի լավագույն տոնն է: Ով կհրաժարվեր կյանքից հեռանալ մտերիմներով շրջապատված ու մի գավաթ շամպայնով”,-հայտարարել է Պաուլսը:

Ելենա Իսինբաևան Ռուսաստանի լավագույն մարզիկ

իսիմբաևաՄարզական լրագրողների շրջանում անցկացված հարցման արդյունքով 2013-ի Ռուսաստանի լավագույն մարզիկ է ճանաչվել օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոնուհի, համաշխարհային 28 ռեկորդների հեղինակ, 2013-ի աշխարհի չեմպիոնուհի, ձողացատկորդուհի Ելենա Իսինբաևան:

Ի դեպ, գրչի մշակները նրան 3-րդ անգամ են ճանաչում տարվա լավագույն մարզիկ:

 

 

 

Անկախ

Գրեթե առանց լրագրողների ներկայության խաղարկվեցին Եվրոպայի ռեկորդակիր Ռոբերտ Էմմիյանի սահմանած մրցանակները

13588 ատլետիկաԱրտաշատի քաղաքային մարզադաշտում անցկացվեց Եվրոպայի ռեկորդակիր, հեռացատկորդ Ռոբերտ Էմմիյանի սահմանած մրցանակների հերթական` 12-րդ խաղարկությունը: Մասնակցում էին Ռումինիայի, Բուլղարիայի, Հնդկաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Մոլդովայի, Հայաստանի հեռացատկորդները:

Ի վերջո, առաջին երեք տեղերը զբաղեցրին ռուսաստանցի Ալեքսանդր Պետրովը (7 մ 90 սմ)  հայաստանցիներ Վարդան Փահլևանյանը (7 մ 89 սմ) և Գոռ Ներկարարյանը (7 մ 87 սմ):

Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանի սահմանած ռեկորդը` 8 մ 86 սմ, կանգուն է 26 տարի:

Համեստության, շիտակ բնավորության համար նրան լրագրողները հարգում են: Ցավոք, միջոցառումը լուսաբանելու համար ներկա գտնվող ընդամենը երեք լրագրող էր:

Պարզապես, կազմակերպիչները թերացել էին և միջոցառման անցկացման մասին նախապես տեղյակ չէին պահել զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին: