«Ինչպե՞ս կարող էր Միկոյանը փրկել Թումանյանի որդիներին, երբ իր երկու սեփական որդիներն էին բանտում». Առավոտ

with_dad_artem_gai_aschen_1940Ասում է Անաստաս Միկոյանի թոռը՝ Վլադիմիր Սերգեյի Միկոյանը, որը Ռուսաստանի առեւտրաարդյունաբերական պալատի Տարածաշրջանային ներկայացուցիչն է Արեւելյան Եվրոպայում:Անկախը ներկայացնում է Առավոտ պարբերականի զրույցը Սերգեյի Միկոյանի հետ:

Սկիզբը

– Դուք ծանո՞թ եք այն նամակին, որը հրապարակվել է պրոֆեսոր Բարսեղովի գրքում, որտեղ Միկոյանը խոսում է Հայոց ցեղասպանության մասին ու նաեւ գրում. «Թուրքահայաստանի եւ ընդհանրապես Միացյալ եւ անկախ Հայաստանի մասին գաղափարը վնասակար, հանցավոր եւ ռեակցիոն քիմեր է, որի դեմ պետք է պայքարի մեր կուսակցությունը»: Ի՞նչ կասեք այս առնչությամբ:

– Ես կարդացել եմ նամակը, որտեղ խոսքն Արեւմտյան Հայաստանի մասին է: Եղեռնի մասին նա տեղեկացնում է Լենինին. «…Թուրքական կառավարությունն անդադար իրականացնում էր Թուրքահայաստանի տարածքում հայերի լիակատար ֆիզիկական ոչնչացման եւ բնաջնջման քաղաքականություն՝ բառացիորեն հրի եւ սրի մատնելով ավելի քան 1 մլն մարդու»: Բայց պետք չէ պարզունակացնել ինքնին խնդիրը եւ դրա շուրջ այդ ժամանակի իրավիճակը: Ա. Միկոյանի այդ կարծիքի վերաբերյալ կան եւ «կողմ», եւ «դեմ» փաստարկներ: Ես ընդունում եմ, որ երիտասարդ, սկսնակ եւ բոցավառ հեղափոխականը (իսկ նա այդ ժամանակ ընդամենը 24 տարեկան էր) կարող էր անել նաեւ սխալ դիտարկում: Նա, ինչպես ինձ է թվում՝ դատել է իրականության սկզբնակետից, որ պահը կորսված է, անհնար է որեւէ բան անել: Սակայն դիտարկումը՝ նույնիսկ սխալ, դեռեւս հանցագործություն չէ: Այդ Ստալինն էր առաջնորդվում հակառակ դիրքորոշմամբ, ուստի չնմանվենք նրան:

Եվ ընդհանրապես՝ սա պետք է լինի խորը պրոֆեսիոնալ-պատմական քննարկում, բայց, իհարկե, ոչ քաղաքականացված՝ ըստ ներկայիս ժամանակների: Իմ կարծիքով՝ այս կտրուկ արտահայտությամբ նա նկատի է ունեցել, որ Արեւմտյան Հայաստանի հայկական հողերի վերադարձն անիրական երազանք է, ինչպես ինքն է գրում՝ «քիմեր», քանի որ դա կարելի էր անել միայն ուժով, բայց ո՞ւմ: Հայերն իրենց ուժն այլեւս չունեին, Ռուսաստանը ներգրավված էր քաղաքացիական պատերազմում: Բացի այդ՝ դաշնակցականները բարեկամաբար չէին տրամադրված խորհրդային կառավարության նկատմամբ՝ ինչո՞ւ պետք է Ռուսաստանը կռվեր նրանց փոխարեն: Իսկ Քեմալ Աթաթուրքն ընդհակառակը՝ Լենինի գլուխը ֆռռացրել էր՝ Թուրքիան ներկայացնելով իբրեւ «հեղափոխական կենտրոն Արեւելքում», Ռուսաստանի դաշնակից: Իրադարձությունների, անձանց եւ շահերի բարդ կծիկ է: Իհարկե, ցավալի է, որ չվերականգնվեց պատմական արդարությունը, բայց վստահ չեմ, թե հանգամանքները դրա օգտին էին: Հնարավոր է, որ ես էլ եմ սխալվում այս հարցում, ինչպես եւ իմ պապը: Բայց պետք չէ ինձ դրա համար գնդակահարել: Ի դեպ, Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին, երբ հետախուզությանը հայտնի դարձավ, որ Թուրքիան իր զորքերը սահմանից հեռացրել է 200 կմ՝ զգուշանալով խորհրդային ներխուժումից, Միկոյանն առաջարկեց Ստալինին օգտվել այդ բարենպաստ հնարավորությունից: Նա հրաժարվեց՝ պատճառաբանելով, որ անցանկալի է զորքերը շեղել Գերմանիայում հիմնական ճակատից:

– Ձեզ, հավանաբար, ծանոթ են պատմությունները, որոնք պատմում են այդ տարիների ականատեսները: Օրինակ՝ Միկոյանի հուշարձանի դեմ հանդես եկավ Եղիշե Չարենցի թոռնուհին՝ Հասմիկ Չարենցը, ամբողջ ընտանիքի անունից, քանի որ Չարենցի այրին՝ Իզաբելլան, ժամանակին նամակ էր գրել Միկոյանին՝ խնդրելով չաքսորել իր որդիներին, սակայն ոչ մի պատասխան չէր ստացել: Հրապարակվել է նաեւ, որ Հովհաննես Թումանյանի այրին՝ տիկին Օլգան, տեսնելով Անաստաս Միկոյանին, կանգնել է դռան դիմաց` փակելով մուտքը, ասելով. «Անաստված Անաստաս, երբ բռնադատված տղաներիս համար եկա Մոսկվա` քեզ հանդիպելու, ինձ ներս չթողեցիր քո տուն, ես էլ քեզ Օհաննեսի տուն չեմ թողնի»:

– Նա ոչ թե չէր թողել ներս մտնել, այլ խուսափել էր հանդիպումից. սրանք տարբեր բաներ են: Եվ պատասխանի փոխարեն ուզում եմ հարց տալ՝ իսկ ինչպե՞ս կարող էր Միկոյանն ազատել նրանց:

– Նա վերջին մարդը չէր Ստալինի շրջապատում…

Mikoyan6– Այո, դա այդպես է, բայց կար Քաղբյուրոյի որոշումը, որով արգելվում էր Քաղբյուրոյի անդամներին միջամտել НКВД-ի գործունեությանը, որն անձամբ վերահսկում էր Ստալինը: Լինել Ստալինի կողքին՝ չի նշանակում լինել նրա պատճենը: Միկոյանն ուներ տնտեսական, տնտեսվարման գործառույթներ, նա ամենազոր չէր: Նա իրավունք չուներ միջամտելու, չնայած երբեմն եւ փորձում էր՝ խնդրելով Ստալինին մեկ մի գործչի համար, մեկ մյուսի, բայց հարկ էր խորամանկել, խելացի հիմնավորել, գտնել պահը: Բայց նման դեպքերը եզակի են: Չէ՞ որ Ստալինը չէր խղճահարվում: Առանց նրա համաձայնության անհնար էր փրկել մարդուն: Առանձին մարդկանց Միկոյանն, այսուհանդերձ, հաջողեց փրկել: Օրինակ՝ Բաղրամյանին. սա հայտնի պատմություն է:

– Դերենիկ Դեմիրճյանին…

– Այո, նա փրկեց նաեւ Կարո Հալաբյանին, որը Մոսկվայի գլխավոր ճարտարապետն էր, եւ Բերիան որոշեց նրան փտեցնել բանտում: Նաեւ Ավետիք Իսահակյանին զերծ պահեց ծառացած սպառնալիքից: Ստալինը Միկոյանի խնդրանքից հետո նույնիսկ գրեց. «Այս ծերունուն չդիպչել» (տեղի խնայողության նպատակով չենք մեջբերի գնդակահարված եւ աքսորված հայ մտավորականների անունները, որոնց շարքում են, մասնավորապես, Ակսել Բակունցը եւ Զապել Եսայանը.- Ա. Ի.):

Նա փրկում էր նույնիսկ հասարակ մարդկանց: Ես անձամբ ներկա եմ եղել մի մարդու պատմության, որին հենց բանտային խցից բերել էին Միկոյանի առանձնասենյակ՝ «խորհրդատվությունների համար», եւ նրան թողեցին այնտեղ ապրել մի քանի ամիս՝ հենց քարտուղարությունում, որ փրկեն ձերբակալության շարունակությունից: Սրանք, իհարկե, եզակի դրվագներ են, եւ նա չէր կարող կանգնեցնել բռնաճնշումների ալիքը: Ստալինն ուղղակի չէր ընձեռել նման ազատություն Միկոյանին: Այդպիսին էր միայն «մեծ առաջնորդ ընկեր Ստալինը», եւ նա ակնառու դա հասկացնում էր:

Եվ եթե խոսենք Թումանյանի որդիների մասին՝ ինչպե՞ս կարող էր փրկել նրանց, երբ իր երկու սեփական որդիներն էին բանտում: Ընդ որում՝ մեկը 14 տարեկան էր, իսկ մյուսը՝ 16: Նրանցից մեկը՝ 14-ամյան, իմ հայրն էր: Նա Լուբյանկայում նստեց վեց ամիս եւ աքսորվեց Տաջիկստան՝ մեղադրվելով մանկական, ես ընդգծում եմ՝ մանկական հակակառավարական կազմակերպությանը մասնակցության մեջ, որը նպատակ ուներ տապալել պետական կարգերը:

Ավելի ապուշ եւ ֆանտաստիկ մեղադրանք երեխաներին անհնար է հորինել: Իսկ երեխաներին, ի դեպ, այն ժամանակ կարելի էր գնդակահարել 12 տարեկանից: Եվ նրա երկու որդիները նստած էին, ընդ որում՝ Ստալինը նրան այդ մասին բառ իսկ չէր ասել: Կարծում էին, թե մեկը խեղդվել է՝ նրան ողջ օրը փնտրում էին գետում, եւ միայն դրանից հետո պարզվեց, որ բանտում է: Սրանք որդիներն են, ինչպես այժմ են փորձում ներկայացնել՝ «ամենազոր» Միկոյանի: Այդպիսին էր միայն «մեծ առաջնորդ ընկեր Ստալինը», եւ նա հստակ ցուցադրում էր դա: Ստալինը ցուցադրում էր Միկոյանին, որ նա նման հարցերում պետք է «ջրից լուռ ու խոտից ցածր» մնա: Նա գիտեր, որ Միկոյանը բռնաճնշումների հակառակորդ է:

Ահա հենց այսպես Ստալինը թափանցիկ ակնարկեց, որ Միկոյանն իմանա իր տեղը: Շատ դաժան ժամանակներ էին:   Ես, իհարկե, ցավակցում եմ Թումանյանի ընտանիքին (հիշեցնենք, որ բանաստեղծի երեք որդիներն էլ գնդակահարվեցին.- Ա. Ի.): Ինչպես եւ ցանկացած այլ ընտանիքի: Բայց իմ ընտանիքին էլ դժբախտությունը չի շրջանցել. մորական պապս՝ ԽՍՀՄ Կոմկուսի կենտկոմի քարտուղար Ա. Կուզնեցովը, պաշարված Լենինգրադի հերոսը եւ Ստալինի սիրելին, գնդակահարվեց, իսկ տատիկս 4 տարի անցկացրեց բանտում՝ մինչեւ Ստալինի մահը: Բայց Ա. Միկոյանը կտրականապես հրաժարվեց իրեն մատուցված գաղափարից՝ կանխել ծնողներիս հարսանիքը, գնաց անհատական ռիսկի, խիզախություն ցույց տվեց: Մեկ տարով իր ամառանոցում բնակեցրեց մորս դեռահաս եղբորը, որ նրան չտանեն:

Կամ նման պերճախոս դրվագ Միկոյանի մասին: Երբ Ստալինը սկսեց պնդել, որ Միկոյանը վերադառնա Արտաքին առեւտրի ժողովրդական կոմիսարի պաշտոնին, Միկոյանը պայման դրեց, որ դադարեցվեն ձերբակալությունները այդ նախարարությունում: Եվ Ստալինը համաձայնեց: 10 տարվա ընթացքում սա անվտանգության օազիս էր իր աշխատակիցների համար. նրանցից ոչ մեկը չձերբակալվեց: Ամեն տեղ ձերբակալություններ էին՝ բացի այս կառույցից, որը ղեկավարում էր իմ պապը: Այս մասին էլ վատ չի լինի հիշել: Եվ ոչ թե Միկոյանին պատկերել իբրեւ մի արյունռուշտ ստահակի, որը միայն այն մասին էր մտածում, թե ինչպես մարդկանց խցկի բանտերը:

Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուր կայքում:

Անկախ

Անաստաս Միկոյանի արձանի տեղադրման հարցը ՀԽ լիագումար նիստի օրակարգ չմտավ

Անաստաս ՄիկոյանԱյսօր ՀԽ լիագումար նիստի օրակարգում ևս մեկ հարց ներառելու առաջարկով հանդես եկավ ՀԽ անդամ Հայկ Դեմոյանը: Նա առաջարկեց քննարկման առարկա դարձնել Անաստաս Միկոյանի արձանի տեղադրման հարցը:

Հարցը դրվեց քվեարկության, սակայն ձայների մեծամասնությամբ չընդգրկվեց լիագումար նիստի օրակարգ:

Վազգեն Մանուկյանը, որն ի դեպ, կողմ էր քվեարկել հարցը քննարկելուն, ՀԽ անդամների դիրքորոշումը բացատրեց նրանով, որ Հանրային խորհուրդը ոչ թե զգուշանում է հարցը քննարկելուց, այլ պարզապես չի ցանկանում հասարակության մեջ ավելորդ ճեղքեր առաջացնող տրամադրությունները խորացնել:

 

Անկախ

Միկոյանների կողմից գնդակահարվածների ժառանգները չգիտեն` որտե ՞ղ խունկ վառել իրենց պապերի հիշատակին

collage_photocat

Այսօր հասարակական-քաղաքական քննարկում էր ծավալվել Անաստաս Միկոյանի  հուշարձանի տեղադրման Երևանի ավագանու որոշման, դրա արձագանքների ու հետևանքների թեմայով:

Ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանը քննարկման ժամանակ նշեց, որ դեմ է ժողովրդից Անաստաս Միկոյանին հեռացնելու բոլոր փորձերին և ներկայացրեց փաստեր, որ ցույց էին տալիս Միկոյանի` Ստալինի քաղաքականությանը դեմ լինելու հանգամանքը, սակայն արձանի տեղադրման հարցում չի կարողանում կողմնորոշվել`ճիշտ կլինի այն տեղադրել Երևանու ՞ մ, թե ՞ նրա ծննդավայրում:

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը նկատեց, որ եթե մարդուն ասում են սրիկա,  բնականաբար, չի նշանակում, որ նա սրիկա է ամեն ինչում: Ըստ նրա` Անաստաս Միկոյանն  իր կամքով, թե դրան հակառակ` մասնակցել է հայ և մյուս ազգերի նկատմամբ իրականացված ոճրագործություններին: Նա առաջնորդվել է սեփական շահերով միայն. մեկ կանգնել է Ստալինի, մեկ էլ`  Խրուշչովի կողքին: “Յուրաքանչյուրն էլ ինչ-որ լավ բան անում է, բայց անտեսել Միկոյանի նմանների վատ արարքները, համարում եմ սխալ:  Սովետական Միությունը մեր պատմությունն է, բայց դա չի նշանակում, որ պիտի սրբացնենք այն, սրիկաներին մեծարենք ու նրանց արձանը կանգնեցնենք, ինչ է թե ազգանունն ավարտվում է յան-ով>>,-նշեց Վարդան Հարությունյանը:

Ա1+ հեռուստատեսության տնօրեն Մովսես Մեսրոպյանը  համամիտ է Վարդան Հարությունյանի հետ. “Այդ որոշումը ընդունողների ու Միկոյանների միջև տարբերություն չեմ տեսնում: Երկուսն էլ ուզում են ավելի լավ կաթոլիկ երևալ,քան Հռոմի Պապը: Սա ասում եմ նրա համար, որ Հայաստանում առկա` Հայաստանը ամենայն հայոց գերեզմանոցի վերածելու հոգեբանությունը պիտի վերանա: Այս արձանի տեղադրման հարցն, ըստ իս, քննարկվում է այլ հարցերից հանրային ուշադրությունը շեղելու համար”,-նշեց Մովսես Մեսրոպյանը:

“Բարև Երևան” խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանն էլ ինչ-որ առումով  կողմ էր արձանը տեղադրելու գաղափարին. այն լավ միջոց կլինի մանակավարժների համար` ցույց տալու իրենց սաներին, թե ինչպիսին չպետք է լինի մարդը: Սանասարյանը ավելացրեց. “Վանդալիզմին դեմ եմ, բայց խոստանում եմ` այդ արձանը բարվոք վիճակում չի մնալու”: Իսկ վաղը Դավիթ Սանասարյանը Երևանի ավագանու հերթական նիստում “Ժառանգություն” կուսակցության ու այլ ուժերի անունից այս արձանի տեղադրման դեմ հայտարարությամբ է հանդես գալու:

Քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը նշեց, որ այսօր տագնապի մեջ ենք: “Ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին այս քայլը ոտնձգություն է Ցեղասպանությունից մազապուրծ եղած այն հազարավոր հայորդիների հանդեպ, ովքեր չկարողացան մազապուրծ լինել Ստալինյան մեծ ահաբեկչությունից: Պապս էլ նրանցից մեկն էր. մազապուրծ լինելով և հրաշքով փրկվելով թուրքերի չարագործություններից` հետագայում մեղադրվեց Խանջյանականության մեջ, իսկ նրա նման հազարավորները հուշարձանի արժանի են:  Հիմնական հարվածը արևմտահայությանը հասավ` ցեղասպանված արևմտահայությանը. նրանք կասկածի տակ էին, նրանք էին հայ ժողովրդի փլատակները վերականգնողները և անցանկալի տարր էին: Սա մեծ ոճիր էր: Գնդակահարվածների ժառանգները չգիտեն` որտե՞ղ խունկ վառել իրենց պապերի հիշատակին”,-նշեց Հմայակ Հովհաննիսյանը: Հայ ժողովրդի այդ “փունջը”, ըստ նրա, արժանի էր հավաքական հուշարձանի: Փոխարենը` “ի ՞ նչ է կատարվում.այսօր այդ Ստալինյան ոճրագործությունների մասնակից Միկոյանի արձանն են ուզում տեղադրել: Արձանի տեղադրման հարցն արծարծելն ու առավել ևս` քննարկելը, խիստ վտանգավոր է ու ամոթալի”,-ավելացրեց Հմայակ Հովհաննիսյանը:

Իսկ «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը նշեց, որ դեմ է արձանի տեղադրմանը նաև որպես մանկավարժ, քանի որ սերնդին հզոր կերպարներ է պետք դաստիարակել: Նա տեղեկացրեց, որ մշակույթի հանձնաժողովի նիստի ժամանակ ինքն էլ է կողմ քվեարկել արձանի տեղադրմանը`առանց հասկանալու խնդրի ողջ էությունը, սակայն Հայկ Դեմոյանի հայտարարությունից հետո ինքն ու մյուսները անմիջապես կողմնորոշվել են ու դեմ քվեարկել: Անահիտ Բախշյանը հայտնեց նաև, որ 140 ստորագրությամբ նամակ են ստացել մտավորականներից ու խնդրում են հանրությանն աջակցել իրենց  բոլոր հնարավոր ձևերով` կանխելու Միկոյանի արձանի տեղադրումը:

 

ՀՅԴ-ն պահանջում է Երեւանի ավագանուց բեկանելԱնաստաս Միկոյանի արձանը տեղադրելու որոշումը

ՀՅԴՍույն թվականի ապրիլի 30-ին Երեւանի քաղաքապետարանը, առանց հանրային քննարկման, որոշում կայացրեց մայրաքաղաքում տեղադրել խորհրդային պետական-կուսակցական գործիչ Անաստաս Միկոյանի արձանը։ Որոշումը կայացվել է ոչ միայն առանց հասարակության տեղեկացման, այլեւ վերոհիշյալ գործչի գործունեության, Հայաստանի ու հայ ժողովրդի առջեւ նրա ծառայությունների արժեւորման շուրջ մասնագիտական քննարկումների։ Մինչդեռ Հայաստանի առաջին հանրապետության կործանման, հետագայում ստալինյան մարդատյաց ռեժիմի կողմից բազմահազար մարդկանց ոչնչացման մեջ գործուն դերակատարություն ունեցած այս անձի արձանի տեղադրումը սրբապղծություն է այդ անմեղ զոհերի հիշատակի եւ նրանց ժառանգների զգացմունքների առջեւ։ Արձանները ոչ միայն գեղագիտական ճաշակի դաստիարակության համար ստեղծված արվեստի գործեր են, այլեւ այն ազգային ու բարոյական արժեքների քարոզչության միջոցներ, որոնք առաջնահերթ կարեւորություն են ներկայացնում պետականության ամրապնդման ու զարգացման համար։ Ամենամակերեսային ուսումնասիրությունն անգամ ակնհայտ է դարձնում, որ արձանի տեղադրումը  վնասելու է  մեր պետության միջազգային վարկը, նրան դնելով այն երկրների շարքում, որտեղ գովազդվում ու քարոզվում են բռնապետական վարչակարգերն ու նրանց գործիչները։

Նկատի ունենալով վերոհիշյալը, ՀՅ Դաշնակցության Երեւանի Քաղաքային կոմիտեն պահանջում է Երեւանի ավագանուց բեկանել կայացված որոշումը, հետագայում ձեռնպահ մնալով առանց հանրությանը մասնակից դարձնելու մայրաքաղաքի համար կարեւոր որոշումներ կայացնելու գործելակերպից։

Հայ Յեղափոխական Դաշնակցության

Երեւանի Քաղաքային կոմիտե

20 Մայիս 2014

Պատմագիտության մեջ տգիտությունը չի ենթադրում սխալ որոշումների կայացում. Լևոն Շիրինյան

“Միկոյանն ո ՞վ է` ազգությամբ հայ, հետո ՞ ինչ”,-Անաստաս Միկոյանի արձանի տեղադրման հարցը լրագրողների հետ քննարկելիս նշեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:

Անաստաս Միկոյան

Լևոն Շիրինյանը ներկայացրեց փաստեր Անաստաս Միկոյանի մասին, մասնավորապես      հայտնելով, որ 1918թ.-ին  Շահումյանի հետ կատարելով բոլշևիկյան իշխանությունների կամքը` Միկոյանը խաղ է խաղացել, որն ուղղված է եղել Ռուսաստանի համար Բաքվի նավթի պաշտպանությանը` հաշվի չառնելով այնտեղ հայ կմնա ՞, թե ոչ: 1918թ.-ի կեսերին Միկոյանը Շահումյանի հետ փախել է, իսկ Ցենտրոկասպիի կառավարությունը նրանց մեղադրել է պետական դավաճանության մեջ, և եթե գտնեին, անպայման կգնդակահարեին:

“Արձանը պատմական հուշ է, որը պետական ոգին է բարձրացնում, իսկ Միկոյանն ու նրա նմանները կարիերայի համար Հայաստանն են վաճառել: Այժմ էլ ուզում են տեղադրել նրանց արձանները. ի ՞նչ է եղել որ. հանցանքից հետո կարելի է փախչել Փարիզ, Նյու-Յորք, իսկ մահվանից հետո կկառուցենք նրանց արձանները` Հայաստանը դարձնելով “լավ հուշերի գերեզմանոց”,-նշեց քաղաքագետը:

“Ռոստոմ, Աբրահամ Գյուլխանդարյան, Համազասպ և այլք. սրանք այն մարդիկ էին, որ մինչև վերջին պահը կռվել են Բաքվի հայերի համար, իսկ Միկոյանի հանցանքը Հայաստանի Առաջին Հանրապետությունը կործանելու մեջ է: 1920թ.-ի սեպտեմբերի 1-7-ը Բաքվում տեղի է ունեցել արևելքի ժողովուրդների համագումարը, որտեղ հրեա կոմունիստ Բելա Կունի, Ռադեկի, հայտնի Էնվեր փաշայի կողքին նստած է եղել նաև Անաստաս Միկոյանը. նրանք որոճում էին Հայաստանի կործանման ծրագիրը, իսկ Հայաստանն այնտեղ պաշտոնապես հայտարարվեց իմպերիալիզմի սպիտակ շուն”,-հայտնեց Լևոն Շիրինյանը:
Ամփոփելով իր խոսքը` քաղաքագետն ասաց. “Պատմագիտության մեջ տգիտությունը չի ենթադրում սխալ որոշումների կայացում. իսկ հույսս երիտասարդությունն է, ուսանողությունը, նրանց պայքարը”:

Անկախ

Անաստաս Միկոյան` հայ քաղաքական մտքի ամենահայտնի ու ամենահակասական գործիչը

Անաստաս ՄիկոյանԱնաստաս Միկոյանը ծնվել է 1895 թ. նոյեմբերի  25-ին Լոռու Սանահին գյուղում: Ծննդավայրում նախնական կրթություն ստանալուց հետո ընդունվել է Թիֆլիսի հոգևոր ճեմարան: 1915-ից բանվորական շարժման մեջ էր և Թիֆլիսի ՌՍԴ(բ)Կ կոմիտեի անդամ: Շուտով հակակառավարական ելույթների համար հեռացվում է ճեմարանից և ամբողջովին նվիրվում հեղափոխական գործունեությանը: Այնուհետև տեղափոխվում է Բաքու և դառնում տեղի կուսակցական կոմիտեի անդամ: Խմբագրում է «Սոցիալ-դեմոկրատ» թերթը: 1918 թ. Համազասպի ջոկատում մասնակցում է Բաքվի պաշտպանությանը:

Բաքվի կոմունայի փախուստով և գնդակահարությամբ սկսվում են Անաստաս Միկոյանի անախորժությունները, որոնք ուղեկցեցին նրան մինչև…1953 թ.:

Ա. Միկոյանը չունեցավ Բաքվի կոմիսարների ճակատագիրը. անհայտ և կասկածելի պատճառներով նա չձերբակալվեց, ինչն էլ հետագայում նրան դարձրեց Ստալինի ահաբեկչության և նենգադավության գերին…

1950-ական թթ. վերջին ինքը` Միկոյանը խոստովանել է, որ մի անգամ 1937 թ. Ստալինը կանչել է իրեն ու ասել. «Բաքվի 26 կոմիսարների գնդակահարությունը և այն հանգամանքը, որ նրանցից միայն մեկը` Միկոյանն է ողջ մնացել, մութ է ու խճճված: Եվ դու, Անաստաս, մեզ մի ստիպիր, որ պարզաբանենք այդ պատմությունը…»:

Իր գործունեությունը խորհրդային իշխանության օրոք նա սկսեց, ցավոք, ամենևին էլ ոչ հայանպաստ դիրքերից. 1921 թ., երբ օրակարգի հարց էր Արցախի և Նախիջևանի պատկանելության խնդիրը, Միկոյանն իր ստորագրությունը դրեց Նարիման Նարիմանովի նամակի տակ` ուղղված Լենինին, որում գրված էր, թե այդ երկրամասերը անպայման հարկավոր է թողնել Խորհրդային Ադրբեջանի իշխանության ներքո:

Անցնելով Մոսկվա` Միկոյանը դարձավ Ստալինի մտերիմն ու, կարելի է ասել, կամակատարը:

1926-ից նա ԽՍՀՄ առևտրի ժողկոմխորհն էր և քաղբյուրոյի անդամության թեկնածու:

1935 թ. Միկոյանն ընտրվեց քաղբյուրոյի լիիրավ անդամ, իսկ 1937 թ. նշանակվեց Ժողկոմխորհի նախագահի տեղակալ: Լինելով բռնապետության հենասյուներից մեկը և Ստալինի հլու կամակատարը` Միկոյանն ամբողջովին լծվեց ստալինյան քաղաքականության կառքին: Նա Ստալինյան բռնությունների մասնակիցն էր և իրականացնողներից մեկը: Մասնավորապես` Եժովի կազմած զոհերի ցուցակները մինչ Ստալինի սեղանին հասնելը ստորագրվում էին քաղբյուրոյի անդամների, այդ թվում` Միկոյանի կողմից: Եվ հայտնի չէ գեթ մեկ դեպք, երբ Միկոյանը բողոքած լինի բռնությունների դեմ կամ փորձած լինի կանխել:

Բացի այդ, համաձայն ընդունված կարգի, յուրաքանչյուր ժողկոմ ինքն էր թույլտվություն տալիս իր ենթակայության տակ գտնվող աշխատողների ձերբակալության համար: Իսկ Միկոյանի ղեկավարած գերատեսչությունն այդ իմաստով «հարվածայիններից» էր: Քաղբյուրոյի որոշ անդամներ փորձել են թեկուզ պասիվ ձևով, սակայն պաշտպանել իրենց ենթականերին. օրինակ` Ս. Օրջոնիկիձեն, Կագանովիչը, բայց ոչ Միկոյանը: Նա, ենթարկվելով Ստալինի նենգադավությանը, մինչև վերջ մնաց նրա հլու կամակատարն ու հանցակիցը:

Նա գլխավորեց այն հանձնաժողովը, որը պիտի որոշեր իր վաղեմի ընկերներ Ռիկովի և Բուխարինի ճակատագրերը: Եվ Միկոյանը չվարանեց իր ստորագրությունը դնել մահապատժի որոշման տակ:

Քիչ չեն նաև նրա «ծառայությունները» իր ժողովրդին: 1937 թ. նա Մալենկովի հետ Հայաստան եկավ Ստալինի` «կուսակցական և պետական մարմինները» ժողովրդի թշնամիներից մաքրելու հանձնարարականով: Ա. Միկոյանը գերազանց կատարեց իր առաջադրանքն ու կրկին արժանացավ «Ժողովուրդների մեծ հոր» բարեհաճությանը: Նրա թեթև ձեռքով զոհ գնացին հանրապետության շատ ղեկավարներ` Ամատունին, Ակոպովը, Գյոզալյանը…

Ավելի ուշ` Համամիութենական արտակարգ հանձնաժողովի ստեղծման 20-ամյակին նվիրված նիստում, ելույթ ունենալով Կենտկոմի անունից, Միկոյանը գովեստի խոսքեր կշռայլի ժողկոմ Եժովի, ստալինյան վարչակարգի հասցեին`ասելով, թե «այս ընթացքում ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատը փառավոր է աշխատել»: Խոսքը, հասկանալի է, 1936-1937 թթ. մասին էր:

Այս ամենի հետ մեկտեղ չպետք է մոռանալ, որ Միկոյանը միշտ նյութական աջակցություն էր ցույց տալիս իր բռնադատված ընկերների առանց խնամքի մնացած հարազատներին: Չպետք է մոռանալ, որ հենց Միկոյանը փրկեց Հովհաննես Բաղրամյանին բռնադատումից ու աքսորից: 1937 թ. Բաղրամյանը սովորում էր գլխավոր շտաբի ակադեմիայում, երբ նրա դեմ «գործ բացվեց»: Բաղրամյանին մեղադրում էին, որ նա ծառայել է դաշնակցականների հրամանատարության տակ` Հայաստանի Հանրապետության բանակում: Միկոյանի անմիջական միջամտությամբ Բաղրամյանի գործը կարճվեց:

Հայրենական պատերազմն ավելի ամրացրեց Միկոյանի դիրքերը երկրում: Նրա հսկողության տակ էին առևտուրը, բանակի մատակարարումը, թեթև և սննդի արդյունաբերության ապրանքների արտադրությունը: Պետք է խոստովանել, որ Միկոյանը գերազանց կատարեց իր աշխատանքն ու պատվով դուրս եկավ իրավիճակից: Նրա աշխատանքը նկատի ունենալով`  նրան ընտրեցին Պաշտպանության պետական կոմիտեի անդամ, որ պետության գերագույն իշխանությունն էր պատերազմի ողջ ընթացքում: Այնքան մեծ էր նրա դերը բանակի մատակարարման և թիկունքի աշխատանքների կազմակերպման գործում, որ դեռ 1943-ին` պատերազմի թեժ պահին, նրան շնորհվեց Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում: Իսկ Ստալինը հենց այնպես կոչումներ չէր շնորհում:

1942 թ., Միկոյանի մեքենան շփոթելով Ստալինի հետ, հենց Կրեմլի հրապարակում նրա վրա մահափորձ կատարեցին, բայց Միկոյանը չվնասվեց:

Խորհրդային բանակի հաջողությունների շրջանում, երբ արդեն ազատագրված էր երկրի գրեթե ողջ տարածքը, Միկոյանն ընդգրկվեց ազատագրված շրջանների վերականգնման հատուկ խորհրդի կազմում:

Պետք է նշել, սակայն, որ Միկոյանը նույնքան ջանադիր էր ԽՍՀՄ եվրոպական մասում բնակվող գերմանացիների, Ղրիմի թաթարների, չեչենների և մյուս հյուսիսկովկասցիների արտաքսման ու աքսորման հարցում:

Ամեն  դեպքում Միկոյանը Հայրենական պատերազմի ժամանակ պատվով կատարեց իր առաքելությունը և մեծ հեղինակություն էր վայելում երկրում:

Պատերազմի հաղթական ավարտից հետո  նա ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալն էր և միաժամանակ արտաքին առևտրի մինիստրը:

Դրանից զատ, նա քաղբյուրոյի անդամ էր և պատերազմից հետո Ստալինի կողմից կրկին ներքաշվեց ներքին խարդավանքների ոլորտն ու ավելի ամրացրեց իր դիրքերը որպես ստալինյան  վարչակարգի հենասյուներից մեկը: Ստալինը  անձամբ Միկոյանին հանձնարարեց կրկին ուսումնասիրել ավիացիայի արդյունաբերության նախկին ժողկոմ Լ. Կագանովիչի և «Լենինգրադյան» գործերը: 1936-1937 թթ. Լենինգրադում բռնություններ, սպանություններ և չարաշահումներ շատ եղան, և Ստալինին քավության նոխազներ էին անհրաժեշտ` հանձինս իրեն այլևս պետք չեկած թիրախների կամ թշնամիների:

Չնայած Միկոյանի գրաված դիրքին` բռնությունները չշրջանցեցին նաև նրա ընտանիքը: Ստալինին հայտնի դարձավ, որ «Կրեմլյան երեխաները» միմյանց հետ «կառավարություն» են խաղացել: Ընտրել են ժողկոմներ, կառավարության ղեկավար… Գործը քննում էր ԽՍՀՄ դատախազությունը: Շատ չանցած` եզրակացությունը Ստալինի սեղանին էր: Դատախազության աշխատակիցները քրեական, քաղաքական բնույթի ոչինչ չէին գտել, և եզրակացության մեջ գրված էր, որ դա ընդամենը անմեղ խաղ էր: Սակայն բռնակալը պնդեց, որ լրացուցիչ հետաքննություն անցկացվի: Արդյունքում, ի թիվս այլոց, Միկոյանի Սերգո և Վանո որդիները աքսորվեցին: Սակայն աքսորավայրում կարճ ժամանակ անցկացրին ու պատերազմի ավարտից շատ չանցած` վերադարձան:

Միկոյանը նաև Ստալինի հիմնական սեղանակիցն էր: «Ժողովուրդների հայրը» սիրում էր իր ամառանոցում հավաքույթներ կազմակերպել: Հավաքվում էին քաղբյուրոյի և կառավարության անդամները, Ստալինի մտերիմները: Միկոյանը բոլորին զարմացնում էր աշխույժ խոսք ու զրույցով, անզուգական հայկական պարով:

Թեև ԽՄԿԿ 19-րդ համագումարում Միկոյանի ողջ ճառը բաղկացած էր Ստալինի մասին ներբողներից, նա չընտրվեց համագումարի նախագահության կազմում: Ընտրվեց ԽՄԿԿ Կենտկոմի կազմում, բայց Կենտկոմի նախագահության կազմում դարձյալ չընտրվեց: Ստալինը պլենումի ժամանակ լուտանքներ թափեց Միկոյանի և Մոլոտովի գլխին և անվստահություն հայտնեց նրանց: Միկոյանի գլխին սև ամպեր էին կուտակվում: Բայց Ստալինի մահը փրկեց նրան:

Շարունակությունը կարդացեք այստեղ