Փողոցների մայթերի շինբարեկարգման աշխատանքները, որպես կանոն, իրականացվում են երկու եղանակով`սալիկապատման և ասֆալտապատման: Երևանի քաղաքապետարանի 2014 ծրագրով մայրաքաղաքի վարչական շրջաններում նախատեսված է բարեկարգել 50000 քմ : Այդ ուղղությամբ գործընթացը մեկնարկել է մայիսի սկզբին և, ըստ նախատեսվածի, պետք է ավարտվեր հոկտեմբեր ամսի վերջին: Սակայն այսօրվա դրությամբ արդեն ասֆալտապատվել է 46850 քմ կամ ծրագրվածի 94 տոկոսը, ինչը վկայում է աշխատանքների վաղաժամ ավարտի հնարավորության մասին: Ավելին, շինարարները ջանք չեն խնայում, որպեսզի նախատեսված ծավալի մնացորդն ավարտին հասցվի մինչև նոր ուսումնական տարվա մեկնարկը, որպեսզի նաև ուսումնական հաստատություններին հարակից մայթերը հետիոտնի անցուդարձի համար մատչելի լինեն: Մայթերի ասֆալտապատումն իրականացվում է հաշվի առնելով տվյալ մայթի ասֆալտբետոնե ծածկի վնասվածության աստիճանը: Հետևաբար նույն փողոցում հնարավոր են և՛ մասնակի, և՛ ամբողջական նորոգումներ: Եվս 105000 քմ մայթեր կասֆալտապատվեն Երևանի թվով 23 փողոցների հիմնանորոգման ծրագրի շրջանակում:
Tag Archives: ասֆալտապատում
Ընդհանուր առմամբ կասֆալտապատվի շուրջ 1000 բակ
Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների 2014 թվականի ծրագրով մայրաքաղաքում իրականացվող 2 միլիոն քառակուսի մետր ասֆալտապատման ծավալից 495 հազար քառակուսի մետրը բաժին է ընկնում ներբակային ճանապարհներին ու բակային տարածքներին: Ընդհանուր առմամբ կասֆալտապատվեն շուրջ 1000 բակեր, որոնցում,զուգահեռաբար,կընթանան նաև բարեկարգման այլ աշխատանքներ: Գործընթացը մեկնարկել է ապրիլին և նախատեսված է ավարտին հասցնել հոկտեմբերի վերջին: Սակայն, հաշվի առնելով, որ ներկայում արդեն շուրջ 700 բակերում աշխատանքներն ավարտված են, ընդհանուր ծրագիրը նախատեսված ժամկետից շուտ կավարտվի:
Փողոցների, բակերի պարագայում կարևոր պայմաններից մեկը որակի ապահովումն է: Որակական չափանիշները համապատասխան կառույցների կողմից ենթարկվում են մշտադիտարկման, որոնց արդյունքները պարբերաբար ներկայացվում են Երևանի քաղաքպետ Տարոն Մարգարյանին:
Մայրաքաղաքում ամբողջությամբ կբարեկարգվի 23 փողոց
2014 թվականին Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների շինբարեկարգման ծրագրերով մայրաքաղաքում կասֆալտապատվի 2.0 մլն. քռ.մ տարածք, որից 622300 քառակուսի մետրը բաժին է ընկնում հիմնանորոգման աշխատանքներին:
Ըստ այդմ, ամբողջությամբ կբարեկարգվի 23 փողոց, ներառյալ մայթերի ասֆալտապատումը, նոր եզրաքարերի տեղադրումը, հաշմանդամների և մանկասայլակների համար նախատեսված թեքահարթակների կառուցումն ու դիտահորերի կարգաբերումը: Մինչ այդ կենսապահովման ոլորտի կազմակեպությունները հիմնանորոգման ցանկում առկա բոլոր փողոցներում ավարտել են իրենց մասնագիտական աշխատանքները, քանի որ ասֆալտապատումից հետո բացառությամբ վթարային դեպքերի, այլ գործընթաց ծավալել չի թույլատրվի: Ներկայում, բացի Նոր Արեշի 50 -րդ փողոցի, մնացած բոլոր տեղերում աշխատանքները մեկնարկել են, իսկ Շիրակի և Ագաթանգեղոսի փողոցներում գործընթացն արդեն ավարտվել է և այդ ճանապարհահատվածները լիարժեք շահագործվում են: Ավարտված է նաև մայթերի ասֆալտապատման ընդհաուր ծավալի շուրջ 40 տոկոսը: Տարվող աշխատանքը պատասխանատու կառույցների կողմից մշտապես վերահսկվում է:
Ընթացքի մասին պարբերաբար զեկուցվում է նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Աշխատանքների ծավալման առաջին նախապայմանը բարձրորակ ասֆալտապատում իրականացնելն է: Բացառությամբ շահագործման տարիների ընթացքում ի հայտ եկած հնարավոր կոմունալ-կենցաղային վթարների դեպքերի, 5 տարվա ընթացքում առաջացած ցանկացած այլ թերություն ասֆալտապատող կազմակերպությունները պայմանագրային հիմունքներում ամրագրված կետով կվերացնեն սեփական միջոցներով:
Ճանապարհաշինարարները վստահեցնում են, որ 2014 թվականի ծրագրով նախատեսված փողոցների հիմնանորոգման աշխատանքները կավարտվեն սահմանված ժամկետում: Փողոցների հիմնանորոգմամբ պայմանավորված պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար Երևանի քաղաքապետարանը հայցում է երևանցիների և մայրաքաղաքի հյուրերի ներողամտությունը:
Հանձնարարվել է խստորեն վերահսկել մայրաքաղաքում ընթացող ասֆալտապատման աշխատանքների որակը
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ հանձնարարվել է մայրաքաղաքում ընթացող ասֆալտապատման, այդ թվում նաև բակային տարածքներում իրականացվող աշխատանքների հետ կապված, խստորեն վերահսկել որակի ապահովումը և տեղերում վերացնել ի հայտ եկած թերությունները:
«Երևան Ջուր» «Երևան գազ», «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ինչպես նաև այլ կազմակերպությունների կողմից ընթացիկ աշխատանքների կատարման, ինչպես նաև վթարների վերացման աշխատանքների շրջանակում խիստ պահանջ է դրվել դրանց ավարտից հետո ասֆալտբետոնե ծածկի վերականգնման աշխատանքները ժամանակին և որակով կատարելու ուղղությամբ: Բացի այդ, պահանջ է դրվել նաև հանրությանն իրազեկելու նպատակով տվյալ աշխատանքների իրականացման վայրերում պարտադիր տեղադրել համապատասխան ցուցանակներ՝ ծրագրի, պատվիրատու կազմակերպության, ինչպես նաև աշխատանքներն իրականացնող ընկերության մասին տեղեկատվությամբ: Վարչական շրջանների ղեկավարներին էլ հանձնարարվել է ուժեղացնել հսկողությունը տվյալ ընկերությունների կողմից իրականացվող աշխատանքների նկատմամբ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Բակային տարածքների ասֆալտապատման մեկնարկած աշխատանքներն ավելի մեծ ծավալներ կընդգրկեն մայիսի 25-ից
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայիսի 25-ին մայրաքաղաքի վարչական շրջաններում կմեկնարկի բակային տարածքների ասֆալտապատման 2014 թվականի ծրագիրը: Սակայն, հաշվի առնելով աշխատանքի ծավալները, որոշ վարչական շրջաններում այս գործընթացն արդեն մեկնարկել է, թեև տեղումների օրերին ճանապարհաշինարարները ստիպված են լինում անհրաժեշտ որակն ապահովելու նպատակով ժամանակավոր դադար տալ: Ասֆալտապատման ենթակա բակերի ընտրության հարցում հաշվի են առնվել համապատասխան մասնագետների նախնական ուսումնասիրության արդյունքները, վարչական շրջանների կողմից ըստ առաջնահերթության ներկայացված նորոգման ենթակա փողոցների ցանկը, ինչպես նաև երևանցիների դիմում-խնդրանքները: Մինչև աշուն կասֆալտապատվեն 1000-ից ավելի բակեր ու միջբակային ճանապարհներ`385 հազար քմ մակերեսով:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Մայրաքաղաքում 2014 թվականին կհիմնանորոգվի 23 փողոց
Երևանի , տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին տեղեկացնում են որ 2014 թվականին մայրաքաղաքում նախատեսված է իրականացնել 1 մլն 600 հազար քմ ծավալով ասֆալտապատման աշխատանքներ: 23 փողոց կամ 586 հազար քմ տարածք կենթարկվի հիմնանորոգման: Առանձին փողոցներում կկատարվի նաեւ մայթերի ասֆալտապատում, կկառուցվեն թեքահարթակներ ու հին եզրաքարերը կփոխարինվեն նորերով: Շուրջ 200 թեքահարթակ էլ կներկառուցվի այն փողոցներում, որոնցում հիմնանորոգման ծրագիր չի իրականացվելու: Որպես մայթերի բարեկարգման այլընտրանքային տարբերակ, շուրջ 500 միլիոն դրամի սահմաններում կսալիկապատվեն կամ նոր սալիկներով կլրացվեն մի շարք փողոցների մայթեր: Ճանապարհների ընթացիկ կամ մասնակի նորոգման աշխատանքներ կիրականացվեն 780 հազար քմ տարածքում, որոնցից 395 հազար քմ-ն՝ փողոցներ և 380 հազար քմ-ն՝ բակային տարածքներ: Այս տարի ևս կշարունակվի հողային կամ գրունտային ճանապարհների ասֆալտապատման գործընթացը: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ 2014 թվականի կապիտալ վերանորոգման ենթակա փողոցների ցանկը նախապես տրամադրվել է «Երևան Ջուր», «Երևան գազ» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերություններին՝ տարեկան ծրագրերով նախատեսված աշխատանքները նախքան քաղաքապետարանի կողմից ասֆալտապատման ծրագրերի մեկնարկը կազմակերպելու և իրականացնելու համար: Մինչ ասֆալտապատման հիմնական ծրագրերի մեկնարկը, այս օրերին մայրաքաղաքի վարչական շրջաններում վերացվում են փոսերը: 2012-2013 թվականներին ասֆալտապատված այս փողոցներում ի հայտ եկած որոշակի թերությունները, որպես պայմանագրային նորմ, ճանապարհաշինական ընկերությունները վերացնում են սեփական միջոցներով:
Գյումրին անցել է ցեխի ու ջրի տակ. բոլորն անմե՞ղ են
Գյումրին արդեն օրեր շարունակ հայտնվել է ցեխի ու հալոցքաջրերի տակ: Թաղամասեր ու երկրորդական, երրորդական փողոցներ կան, որոնց բնակիչները փողոցների անանցելիության պատճառով փակվել են տներում: Նույնիսկ մեքենաների համար անչափ դժվար է երթևեկությունը, տաքսիներն ու անգամ շտապօգնության մեքենան հրաժարվում են մտնել այդ փողոցներ: Հենց այս խնդրի շուրջ այսօր քննարկում էր հրավիրվել Գյումրու քաղաքապետարանում:
Քանի որ որպես հիմնական պատճառ նշվում է ջրմուղի ջրագծերի անցկացման համար նախորդ տարի փորված փոսերը, ներկա էին բոլոր պատասխանատու կողմերը՝ ջրմուղի տնօրենը, շինարարությունն իրականացնող երկու ընկերություններն ու նրանց վերահսկող ծառայությունը:
Քաղաքապետ Սամվել Բալասանյանն սկսելով հանդիպումը նշեց. «Քաղաքում արտակարգ իրավիճակ է ստեղծվել ջրմուղի պատճառով: Հարգելի պատվիրատուներ, այսինքն՝ ջրմուղի ներկայացուցիչներ և հարգելի կատարողներ, ովքեր մրցույթը շահել են, ի՞նչն է պատճառը: Մեր այն փողոցներում, որտեղ ասֆալտապատում չկա, ջրի խողովակների անցկացումից հետո չի արվել համապատասխան աշխատանք: Հիմա ի՞նչ պետք է անենք այս իրավիճակից դուրս գալու համար: Մարդիկ չեն կարող երեխաներին դպրոց ուղարկել… Կա նաև ցանկը, թե որ փողոցներն ինչպիսի վիճակում են: Ես, որպես քաղաքապետ, շատ անհանգստացած եմ այս վիճակով: Տեսեք, նախորդ տարի ասֆալտապատում կատարեցինք, այսօր այդ փողոցներում շատ քիչ փոսեր են գոյացել, որտեղ էլ գոյացել են, փորձում ենք շատ արագ փոսանորոգում կատարել մեր ուժերով, խճապատել, այսինքն, էնպես արեցինք, որ կենտրոնական փողոցներում ցնցումներ չլինեն: Բայց, տեսեք, Գորկու փողոցը փորվեց երկու կողմից, և այնպես է ստացվել, որ այդ ամբողջ ցեխը եկել, Խաղաղության օղակ է հասել: Երեկ չէ առաջին օրը միայն այդտեղից մի մեքենա ցեխ ենք հանել»:
«Շիրակ-ջրմուղկոյուղի» ՓԲԸ տնօրեն Վարդան Մարտիրոսյանը համաձայն չէ հնչեցված գնահատականի հետ, թե ջրմուղն է մեղավոր. «Չգիտեմ ինչու, ջրմուղի անունը շատ է շահարկվում. ջրմուղը քանդեց, ջրմուղն ավերեց: Ջրմուղը, բնականաբար, չի քանդել, չի ավերել, ընդամենը պատվիրատուն է և դրանով ավարտվում է ջրմուղի ֆունկցիան: Վերահսկողության բոլոր տեսակի գործառույթները վերապահված են «ԳԻՏԵԿ» խորհրդատվական ընկերությանը: Ես ուզում եմ ոչ թե պատասխանատվությունը մեզանից հեռացնել, այլ կոնկրետ հասցեատերերին նշել, ովքեր մեղավոր են այս վիճակի համար: Մեր ձեռքերը բավականին կարճ են շինարարին ուղիղ հանձնարարական տալու համար»: Քաղաքապետը զարմանում է, թե ինչպես կարելի է 70 մլն եվրո արժեցող ծրագիրն այսպիսի ընթացք ունենա, այդ բացը չհամարելով գումարի խնդիր:
Խնդրի շուրջ «ԳԻՏԵԿ» խորհրդատվական կազմակերպության գլխավոր ինժեների մշտական ներկայացուցիչ Դենի Հազեբրուքը նշեց. «Բնականաբար, երբ քաղաքում այսպիսի ծրագրեր ենք անցկացնում, անհարմարություններն անխուսափելի են: Մենք ցանկանում ենք նվազագույնի հասցնել խրամուղիների փորման աշխատանքներից հետո մինչև բարեկարգում ընկած ինտերվալը, բայց միշտ չէ որ հաջողվում է: Հետո՝ եղանակային պայմանները, երբ արդեն գետինը սկսում է սառել, դա ավելի է վատացնում վիճակը»: Իսկ քաղաքապետի ճշգրտող հարցին, թե եթե Եվրոպայում այսպիսի վիճակ լիներ, կհանդուրժեի՞ք, ի՞նչ կանեիք, ֆրանսիացի պաշտոնյան նշեց. «Իհարկե, եթե այսպիսի խնդիրներ առաջանում են, բնակիչները, բնականաբար, արձագանքում են, այս դեպքում մենք պետք է կապալառուներին մոբիլիզացնենք հարցը հնարավորինս արագ լուծելու համար»:
Պատասխանոտւներն ասում են, թե ստեղծված վիճակի պատճառն այն է, որ քաղաքը գրունտային ջրերի վրա է հիմնված, որն էլ հողը վեր է բարձրացնում:
Սակայն քաղաքապետն այս առումով ասում է. «Խիճն օգուտ տալիս է, խիճը կավահող չէ: Քանի որ մենք արդեն մեկ տարի աշխատում ենք, լավ ուսումնասիրել ենք. երբ փորվում է՝ հող են լցնում, վերջին հատվածը՝ խիճ, պետք է այդ հողային, կավաշերտը հեռացվի: Եթե խիճ է լինում, միայն այդ հատվածում է հնարավոր մի քիչ բարձրանա, ոչ թե ամբողջ փողոցով կավահողը տարածվի: Որովհետև ոչ մի խիճ լցված չի եղել, այ սա է պատճառը: Մենք գծի հետևի Նորավանում գրունտային ջրեր չունենք: Գրունտային ջուր հիմնականում ունենք՝ քյարիզների հետ կաված, քաղաքի կենտրոնական հատվածում: Երևանյան խճուղում ի՞նչ գրունտային ջրերի մասին է խոսքը»:
Քաղաքապետարանի կոմունալ բաժնի պետ Կնյազ Մանասյանն էլ «ԳԻՏԵԿ»-ի ներկայացուցչին մի քանի անպատասխան հարցեր ուղղեց, թե արդյո՞ք նա տեղյակ է, որ տոպանում ընդհանրապես չի կատարվում, հետլիցքից հետո չի հավաքվել և տեղափոխվել ամբողջ փողոցի հողի շերտը. «Օրինակ, Գորկու փողոցը, որը երկու կողմից փորեցին: Ազգաբնակչությունը կփաստի, որ մենք այդ փողոցը քիչ թե շատ նորմալ տեսքի էինք բերել, այսօր գնացեք տեսեք փողոցի վիճակը: Դա ձեր աշխատանքի ամենամեծ թերացումն է և ձեր կողմից չկատարված վերահսկողության արդյունք: Հարկավոր է ամբողջ տեխնոլագիան պահպանել՝ և՛ փորման, և՛ հետլիցքի, և՛ բարեկարգման. վերջին հաշվով ձեր ծրագրում պայմանագրով կետ կա, որ դուք պարտավոր եք ինչպիսի վիճակում ընդունել եք փողոցը, այնպես էլ վերադարձնել քաղաքին: Մենք չենք ասում գնացեք մեր փողոցները սարքեք»:
Մարդիկ հատուկ ռեզինե սապոգ են առել, մի մասն էլ կալոշ են պահել, որ այդքան տեղը անցնեն տուն մտնեն. տնից դուրս ելնողը չի կարող տուն գնալ, դպրոցականը չի կարող դպրոց գնալը, մանկապարտեզ չեն կարող գնալ, մեքենա չի գնում, շտապօգնություն չի գնում, տաքսի չի գնում, հասարակական տրանսպորտ չի աշխատում, մինչև ե՞րբ… հարցնում են քաղաքապետարանի ներկայացուցիչները:
Շինարարություն կատարող «Դորոժնիկ» ՍՊԸ ներկայացուցիչ Գագիկ Կարապետյանը վիճակի համար այսպիսի մեկնաբանություն տվեց. «Տարբեր պատճառներ են նշվում, բայց հիմնական պատճառը նրանում է, որ Գյումրի քաղաքում ջրահեռացման, սելավաջրերի հեռացման համակարգ չկա, որի հետևանքով հալոցքից թե գազոններից, թե սառած գրունտի կավահողը լվացվում ու լցվում են ասֆալտի վրա»:
Արդյունքում, քաղաքապետն առաջարկեց 10 օրից նորից հանդիպել նույն կազմով ու ներկայացնել կատարված փոփոխությունները:
Մարիամ Խալաթյան
Ասֆալտապատում հանուն Պուտինի
Երևանի կենտրոնի ասֆալտապատման մասին շատ է խոսվել, քննարկվել, քննադատության ենթարկվել: Հազվագյուտ մարդկանց կարելի է հանդիպել, որոնք չդժգոհեն Երևանի` միայն Կենտրոնի փողոցների ասֆալտապատումից, իսկ այնուհետև վերաասֆալտապատումից` կրկին ու կրկին:
Ասֆալտապատ Երևանը թանկ է նստում պետության վրա
Հիմա էլ Երևանի կենտրոնական փողոցներում ընթանում են ասֆալտապատման աշխատանքներ: Ընդ որում` այդպիսի աշխատանքներ ընթանում են այն փողոցներում, որոնք ընդամենը 2-3 տարի առաջ էին հերթական անգամ ասֆալտապատվել: Ու արդարացված են մայրաքաղաքի բնակիչների, հատկապես ծայրամասերի բնակիչների դժգոհություններն առ այն, որ Երևանի քաղաքապետարանի համար Կենտրոնն է համարվում գերակա նպատակ, իսկ իրենց փողոցները տարիներով, որոշ դեպքերում անգամ տասնամյակներով մնում են ավերակ ու քանդուքարափ վիճակում:
Զայրույթն էլ ավելի է ուժգնանում, երբ հասկանում ենք` այն ժամանակներում, երբ կառավարությունն ամեն քայլափոխի բողոքում էր, թե երկիրը միջոցներ չունի այս կամ այն կարևոր հարցի հրատապ լուծումն ապահովելու համար, որքան գումարներ են հատկացվում այն փողոցների վերաասֆալտապատմանը, որոնց երթևեկելիությանն, այսպես ասած, ոչինչ չի խանգարում. ո՛չ քանդված ու ավերակ են, ո՛չ ասֆալտն է փչացած:
Առավել ևս, որ Հայաստանի կառավարությունը միայն մեկ որոշմաբ վճռում է 7 մլրդ 485 մլն դրամ հատկացնել քաղաքապետարանին` Կենտրոնի փողոցների ասֆալտապատման համար:
Իսկ ընդհանուր առմամբ Երևանում ասֆալտապատման աշխատանքների համար 2009 թ. հատկացվել է 4 մլրդ 61 մլն դրամ, 2010-ին` 4 մլրդ 208 մլն դրամ, 2011-ին` 4 մլրդ 805 մլն դրամ, 2012-ին` 5 մլրդ 550 մլն դրամ, իսկ 2013-ին արդեն երկու անգամ է գումար հատկացվում` մի անգամ 5 մլրդ 955 մլն դրամ, իսկ հետո էլ` համարյա տարեվերջին` 7 մլրդ 485 մլն դրամ: Այսինքն` ընդհանուր առմամբ վերջին 5 տարում Երևանի փողոցների ասֆալտապատման համար կառավարությունը չի զլանում ծախսել 32 մլրդ 64 մլն դրամ գումար:
Սա դեռ մի կողմ: Նայենք Երևանի կենտրոնական փողոցների ասֆալտապատման համար Երևանի քաղաքապետարանին տրամադրված վերջին` 7 մլրդ 485 մլն դրամ հատկացումին: Այս որոշումը կառավարությունը կայացրեց աշնանը, որպեսզի քաղաքապետարանը կարողանա 2013 թ. չորրորդ եռամսյակում ասֆալտապատում իրականացնել: Քաղաքապետարանն էլ գործի անցավ` քանդելով ու վերստին ասֆալտապատման աշխատանքներ սկսելով այդ փողոցներում: Նույնիսկ մի կողմ դնենք, որ այդ փողոցները վերջին տարիներին ասֆալտապատվել էին, ու այժմ լիովին պիտանի էին շահագործման համար: Այստեղ մի հանգամանք էլ կա:
«Դա պրիմիտիվ հարց է, ճանապարհաշինական աշխատանքները Հայաստանի կլիմայական պայմաններում չեն սկսում աշնանը: Որովհետև նախ` աշունը կարող է անձրևառատ լինել, իսկ այդ դեպքում անձրևաջրերը վնասելու են նոր փռված ասֆալտի շերտը: Հետո` դիմացը ձմեռ է, ու ձյունն էլ նույն ազդեցությունը կունենա, դեռ չասենք, որ նոր արված ասֆալտը ձմռան եղանակային պայմաններում ցածր ջերմաստիճանի, ջրերի սառցակալման ու հալման ազդեցությամբ ևս քայքայվում է: Բացի այդ, ձմռանը Երևանում սովորաբար սառած փողոցներում տեխնիկական աղ ու ավազ են են շաղ տալիս, իսկ տեխնիկական աղը քայքայիչ ազդեցություն ունի, և ոչ միայն ասֆալտի վրա»,- պարզաբանեց ճանապարհաշինարար Արմեն Հակոբյանը:
Փաստորեն, նման ասֆալտապատումների համար պետք է ընտրվեին տարվա ավելի տաք ու չոր եղանակները:
Ձմեռնամուտի ասֆալտապատումը Պուտինով է պայմանավորված
Ու ահա հարց է ծագում` մի՞թե քաղաքապետարանում չկար մի մտածող գլուխ, որ այս հանգամանքները հաշվի առներ ու աշնանը` ձմռանն ընդառաջ, չսկսեր երկրի առանց այն էլ սուղ միջոցներից մոտ 7,5 մլրդ դրամը քամուն տալ:
Մենք հարցում ուղարկեցինք քաղաքապետարան հասկանալու համար, թե ինչու է հենց այս եղանակն ընտրվել ասֆալտապատման համար, հաշվի առնվե՞լ է արդյոք վերոհիշյալ խնդիրների հավանականությունը, թե ոչ, ու ինչ կարծիք ունի քաղաքապետարանն այս կապակցությամբ: Մինչ օրս պատասխան չենք ստացել:
Բայց մեր աղբյուրներն «ակնարկեցին», թե ինչու են Երևանն ասֆալտապատողները «ձմռան բերան» ձեռուոտ ընկել: Երևի բոլորն են հիշում, թե ինչ նախապատրաստական միջոցներ էին ձեռնարկվել Երևանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Հայաստան կատարած նախորդ այցից առաջ: Այդ ժամանակ եռակցվել էին ոչ միայն այն փողոցների դիտահորերի կափարիչները, որոնցով պետք է անցներ Ռուսաստանի նախագահի ավտոշարասյունը, այլև հարակից: Դա, ինչպես հիշում ենք, մեծ աղմուկ բարձրացրեց ոչ միայն Հայաստանի, այլև արտասահմանյան ԶԼՄ-ների շրջանում: Ու հիմա էլ պարզ է, որ Պուտինը շուտով կգա Հայաստան: Դե նախորդ փորձն ու «վրիպումներն» էլ հաշվի առնելով` մերոնք որոշել են այս անգամ ավելի հետաքրքիր ձև հորինել Պուտինի անվտանգ երթևեկությունը Երևանում ապահովելու համար: Ռուսաստանի պես երկրի ղեկավարի այցելությանը, բնականաբար, երկար են նախապատրաստվում: Ու հիմա, քանի որ դեռ ժամանակ կա, քաղաքապետարանը ձեռնարկել է ասֆալտապատման այս աշխատանքները, որոնց ընթացքում նաև Պուտինի նախորդ այցի ժամանակ կիրառված «անվտանգության կանխարգելիչ միջոցառումներն» են կատարվում:
Թե որքանով է ճիշտ կամ սխալ այս տեսակետը, վիճելը դժվար է, քանի որ ո՛չ քաղաքապետարանն է անհրաժեշտ պարզաբանումներ ներկայացնում, և ո՛չ էլ կառավարությունը:
Եթե իրոք շրջանառվող տեսակետը ճիշտ է, միգուցե Պուտինից խնդրենք այցելել Երևանի ծայրամասային համայնքները նույնպես, որպեսզի այդ շրջանների փողոցներն էլ ասֆալտապատվեն, կամ միգուցե Պուտինը, ի սեր եղբայրական հայ ժողովրդի ու հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության, այցելի մարզերի հեռավոր գյուղե՞ր` Հայաստանի որդեգրած տարածքների համաչափ զարգացման ծրագրի նկատառումներից ելնելով, կամ էլ միգուցե Պուտինից խնդրենք` հաջորդ այցի համար ընտրի ավելի տաք ու չո՞ր սեզոնները, որպեսզի մերոնց վրա նրա այցելությունները ծանր չնստեն` ասֆալտի համար նախատեսված 7,5 միլիարդի չափով:
Երևանի քաղաքապետարանի պերճանքն ու թշվառությունը
Առաջին հայացքից միմյանց հետ կապ չունեցող Սայաթ-Նովան ու Շիրակ աշխարհը միանգամից կկապվեն իրար, եթե առաջինը դիտարկենք որպես երևանյան պողոտա, որտեղ այս օրերին իրականացվում են ասֆալտապատման աշխատանքներ, իսկ մյուսի միջպետական ճանապարհներով, ավտոմեքենան ջարդող փոսերի ու թրխկոցների ուղեկցությամբ և վաղ միջնադարյան սայլի արագությամբ, Գյումրիից հասնենք մինչև Ջավախքի սահմանները՝ Բավրա-Նինոծմինդա սահմանային անցակետ:
Քավ լիցի, այստեղ բնավ իմ մեջ չի խոսում նախանձն՝ առ այն, թե ինչու պետք է Սայաթ-Նովա պողոտան ասֆալտ ունենա, իսկ Շիրակը՝ երբեմնի ասֆալտի հետքեր: Բնա՛վ: Հարցն այստեղ այն է, թե ինչու է մեր պետության մեջ մի քաղաքում, բնակիչների վկայությամբ, որոշ ժամանակ առաջ հիմնովին վերանորոգած և այժմ բառիս բուն իմաստով ոչ մի ճաք, ոչ մի թերություն չունեցող ասֆալտը կրկին քերվում, կրկին ավերվում, տեղը մակերեսային բարակ շերտով նորից ասֆալտապատվում մի պողոտա, իսկ մեկ այլ մարզում միջպետական ճանապարհները գտնվում են ամոթալի վիճակում:
Կրկնում ենք՝ Սայաթ-Նովա պողոտան իբր վերանորոգվում է, սակայն ոչ մայթերին, ոչ եզրաքարերին, ոչ կոյուղային անցքերին ձեռք չի զարնվում, քանի որ իրականում դրանց կարիքն էլ չկար, այլ միայն անթերի ասֆալտը հափշտապ քերվում և, նույնքան արագ, անգամ անձրևին, բարակ շերտով շպարվում է նոր ասֆալտ:
Հետաքրքիր է, ի վերջո, ինչու է Երևանի քաղաքապետարանին տրամադրվում այդքան բյուջե, որն էլ իրեն թույլ է տալիս քաղաքացիների հարկերից ձևավորվող այդ նույն բյուջեն ծախսել այդքան ցինիկորեն, այդքան անիմաստ, իսկ փոխարենը մարզերում չունենք անգամ միջպետական քիչ թե շատ բարեկարգ ճանապարհ՝ այն աստիճան, որ երկիր մտնող յուրաքանչյուր ավտոմեքենա ստիպված է, մայրուղին թողած, քշել մարգագետիններով:
Վահե Սարգսյան
Ճանապարհաշինության շնորհիվ կլորիկ գումարներ են աշխատել
Ճանապարհաշինական աշխատանքների իրականացման արդյունքում պետությանը պատճառվել է 109 427 000 դրամի վնաս: Այսպիսի եզրակացության են հանգել Վերահսկիչ պալատում՝ ուսումնասիրելով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության իրականացրած ավտոճանապարհների շինարարական ծրագրերը:
Ուսումնասիրության արդյունքում բացահայտված չարաշահումներն ու խախտումները սկսվել են դեռեւս նախագծային փուլում: Այսպես, նախագծային կազմակերպությունների կողմից կիրառվել են որեւէ ձեւով չհիմնավորված արժեքներ, որոնք մի քանի անգամ գերազանցում են իրական արժեքի չափը, մի այլ դեպքում էլ, օրինակ, բեռների տեղափոխման աշխատանքների համար կիրառվել են նախկին ԽՍՀՄ-ում կիրառված, եւ ներկայում մեր երկրում այլեւս չգործող արժեքներ:
Նախագծողներն, օրինակ, հաշվել են, որ շինարարներն ամբողջ ճանապարհի երկայնքով հողը փխրեցնելու են բացառապես պայթեցման միջոցով կամ լավագույն դեպքում՝ հետահար մուրճով: Բնականաբար այս տարբերակով արժեքն իրական գնից մի քանի անգամ ավել է ստացվել:
Նախագծերում չեն նշվել նաեւ օգտագործվող նյութերի ծագման աղբյուրները, ինչը հնարավորություն է տվել կապալառուին փաստացի օգտագործել նախահաշվում հաշվարկվածից ավելի էժան նյութ։ Մասնավորապես՝ նախահաշվում հաշվարկվել է Փարաքարի բազալտից եզրաքարի գին, իսկ տեղադրվել է Սիսիանի կամ Մարտունու բազալտե եզրաքար, որն ավելի էժան է։
Ավելորդ չէ նշել, որ նշված թերություններն և բացթողումներ շրջանցել են նաեւ նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննություն իրականացրած կազմակերպությունները։ Փոխարենը բավական կլորիկ գումարներ են ստացել իրենց այս աշխատանքի դիմաց: Օրինակ «Ճաննախագիծ ինստիտուտ»-ը խորհրդատվական ծառայությունների դիմաց ստացել է 1 160 760 ԱՄՆ դոլար:
Մեկ ուշագրավ փաստ եւս. Վերահսկողությունն իրականացնող ընկերությունը Հայաստանում բարձրագույն կրթությամբ, 15 տարվա ճանապարհաշինության ոլորտում աշխատանքային փորձ ունեցող ինժեներ իչ գտել եւ որոշել է աշխատանքի է ընդունել գերմանացի փորձագետ Մյուլլեր Կնուտին և ողջ պայմանագրային գնի շուրջ 37%-ը՝ 430 000 ԱՄՆ դոլարը, վճարվել է վերջինիս որպես աշխատավարձ, գիշերավարձի և ինքնաթիռի տոմսի արժեք։
ՀՀ-ում չեն գտնվել նաեւ նոր մետաղական խողովակներ: Այդ պատճառաբանությամբ տեղադրվել են օգտագործված խողովակներ՝ բնականաբար ավելի ցածր գնով:
Բացի այդ, պարզվել է, որ կառուցապատողները խախտել են նաեւ ճանապարհի ծածկույթի բաղադրության համար հաստատված նորմերը: Արդյունքում բոլոր տեսակի ճանապարհների եւ բոլոր կլիմայական գոտիներում կառուցվող ճանապարհների համար օգտագործվել է նույն ասֆալտբետոնյա խառնուրդը:
Այսպիսով, ՎՊ-ի ստուգման շնորհիվ պարզել է, որ «Իջևանի ՃՇՇ» ՓԲԸ-ն կատարվածից ավել է ցույց տրվել 53 205 000, «Արարատ ճանշին» ՍՊԸ-ն՝ 16 772 000 դրամի աշխատանքներ: Փոխարենը նրանց կատարած աշխատանքներն ընդունողները չեն իրականացրել համապատասխան նորմերով նախատեսված անհրաժեշտ բոլոր ստուգումները։ Մերժման ենթակա աշխատանքների դիմաց «Իջևանի ՃՇՇ» ՓԲԸ-ին վճարվել է 12,931.0 հազ. դրամ։
Երկեւ ընկերությունները միասին իրականացվել են 15 188 000 դրամի անորակ աշխատանք, նրանց կատարած աշխատանքներում չի նվազեցվել նվազեցման ենթակա 26 519 000 դրամ գումարը։